ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 փետրվարի 1993 թ. N 32
Քաղ. Երևան
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ԵՎ ՆՐԱՆՑ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հանրապետության գործող ջրամբարների տեխնիկական վիճակը բարելավելու և դրանց անվտանգ շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը՝
ա) 1993 թվականի ընթացքում կազմել բոլոր ջրամբարների շահագործման նորմերը և դրանք համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարության հետ.
բ) մեկամսյա ժամկետում կազմել գործող ջրամբարների հիդրոհանգույցներում կատարվելիք աշխատանքների ժամանակացանկ, դրանում ընդգրկելով ջրամբարների անվտանգ շահագործումն ապահովող բոլոր միջոցառումները՝ առաջնահերթությունը տալով կառուցվածքների տեխնիկական վիճակը վթարային գնահատվող ջրամբարներին, և համաձայն ժամանակացանկի անհապաղ կազմակերպել ջրամբարների հիդրոհանգույցների վերակառուցման-նորոգման աշխատանքները.
գ) մինչև 1993 թվականի մարտի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ գործող ջրամբարների համալիր օգտագործման հնարավորությունների մասին (էներգետիկայի, ձկնաբուծության, հանգստի կազմակերպման և այլ նպատակներով), տալով համապատասխան տնտեսագիտական հիմնավորում.
դ) 1993 թվականի ընթացքում կազմակերպել բոլոր գործող խոշոր ջրամբարների ջրապահպան գոտիների ռեժիմի պահպանումը։
Պատգամավորների համապատասխան շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին՝ աջակցել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը այդ հարցի անվերապահորեն լուծման գործում.
ե) ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 7-ի «Կենսապահովման և բարձր վտանգավորության օբյեկտների անվտանգության բարելավման միջոցառումների մասին» N 2 որոշման 3-րդ կետի, հանձնարարել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և «Հայջրտնտ» ՀՆՊՁ-ին՝ 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետությունում կարևոր ջրամբարների պահպանության մասին.
զ) մինչև 1993 թվականի վերջը ուսումնասիրել և կազմել խոշոր ջրամբարների արագ դատարկումն ապահովող անհրաժեշտ միջոցառումների նախագծերը.
է) հաշվի առնելով, որ Սևանա լիճը հանրապետության ջրօգտագործման խոշոր ջրակուտակիչ է, 1993 թվականի ընթացքում կատարել Սևան-Հրազդան կասկադի դերիվացիայի նորոգման աշխատանքները՝ ապահովելով նրա անվտանգ շահագործումը մեծ ելքերի համար։
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը՝
ա) «Հայջրշին» մասնագիտացված շինարարական միավորման միջոցով մինչև 1993 թվականի հուլիսի 1-ը վերացնել Սևաբերդի, Հախումի և Դավիթ-Բեկի ջրամբարների կառուցվածքներում առկա թերությունները և դրանք ժամանակին հանձնել մշտական շահագործման.
բ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համատեղ ապահովել Ախուրյանի ջրամբարի միջպետական ընդունումը Թուրքիայի Հանրապետության հետ։
3. Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը՝ մինչև 1993 թվականի վերջը հանրապետության բոլոր խոշոր ջրամբարներում ստեղծել հաստատուն ռադիոկապի համակարգ՝ ապահովելով դրա անխափան աշխատանքը նաև հովհարային անջատումների դեպքում։
4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության քաղաքացիական պաշտպանության հանրապետական շտաբին՝ Հայաստանի Հանրապետության կապի նախարարության հետ համատեղ ստեղծել միասնական տեղեկատվական համակարգ, ընդգրկելով ջրամբարներից ներքև, հատուկ գոտում գտնվող բոլոր շրջանները։
5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը՝ հաշվի առնելով հանրապետության գործող ջրամբարների տեխնիկական ոչ բարվոք վիճակը և դրանց հնարավոր վթարների կանխման անհրաժեշտությունը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ ուսումնասիրել և ներկայացվող տիտղոսացուցակներում նախատեսել գործող ջրամբարների տեխնիկական վիճակի բարելավման և դրանց անվտանգ ու արդյունավետ շահագործման նպատակով կատարվելիք նախագծային, վերականգնման-վերակառուցման միջոցառումները։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲագրատՅԱՆ |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի |
Հ. ՔոթանՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|