ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունիսի 2026 թվականի N 923-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 927-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33–րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2026 թվականների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 361-Լ, 2019 թվականի ապրիլի 4-ի N 362-Լ և 2019 թվականի մարտի 7-ի N 212-Լ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 927-Լ որոշման հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 15-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
«Ծրագրի շրջանակում 10 հա և ավելի տարածքում ներդրում կատարելու կամ 10 հազար խորանարդ մետր և ավելի ծավալով ջրավազանի կառուցման (Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան) դեպքերում շահառուն (միայն իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր կամ ջրավազանի կառուցման դեպքում՝ նաև համայնք) կարող է ծրագիրն իրականացնել առանց կապալառուի ներգրավման՝ պայմանով, որ շահառուն պետք է ներկայացնի նաև «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված աուդիտորների, փորձագետ հաշվապահների և աուդիտորական կազմակերպությունների ռեեստրում գրանցված և միջազգային ցանցին անդամակցող աուդիտորական կազմակերպության կողմից տրված՝ շահառուի ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական եզրակացություն, որում պետք է արտացոլվեն ծրագրի շրջանակում կատարված ծախսերը։»․
2) 23-րդ կետի 3-րդ ենթակետի «ը», 23-րդ կետի 4-րդ ենթակետի «ժգ» և 24-րդ կետի 7-րդ ենթակետի «ժդ» պարբերություններում «տարբեր (մեկից ավելի) կապալառուների հետ կնքվում են պայմանագրեր կամ շահառուի կողմից ձեռք են բերվում անհրաժեշտ միջոցները» բառերը փոխարինել «ծրագիրն իրականացվում է առանց կապալառուի ներգրավման» բառերով, իսկ «եզրակացություն» բառից հետո լրացնել «(աուդիտորական եզրակացություն ներկայացնելու դեպքում սույն ենթակետում նշված՝ կապալառուին (ենթակապալառուին) վերաբերող փաստաթղթերը և ծրագրի շրջանակում կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերը շահառուի կողմից չեն ներկայացվում)» բառերով․
3) 23-րդ կետի 4-րդ ենթակետի «բ» և 24-րդ կետի 7-րդ ենթակետի «ա» պարբերություններում հանել «և ֆիլտրի» բառերը․
4) 23-րդ կետի 4-րդ ենթակետի «ե» և 24-րդ կետի 7-րդ ենթակետի «ժբ» պարբերություններն ուժը կորցրած ճանաչել․
5) 23-րդ կետի 13-րդ ենթակետի «զ» պարբերության վերջում դրված «.» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով․
6) 23-րդ կետի 13-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «է» և «ը» պարբերություններով՝
«է. նախարարության կողմից սահմանված կարգով՝ մինչև 2026 թվականն իրականացված մոնիթորինգի արդյունքների հիման վրա այգեհիմնում իրականացրած այն շահառուի համար, որի վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետը լրացել է կամ կլրանա մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը, ֆինանսական կառույցի կողմից վարկի մարման ժամկետը երկարաձգվում է 1 տարի ժամկետով և տրամադրվում է 1 տարի ժամկետով վարկի մայր գումարի լրացուցիչ արտոնյալ ժամկետ,
ը. սույն ենթակետի «է» պարբերությամբ նախատեսված արտոնությունից օգտվելու նպատակով շահառուն մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը դիմում է ֆինանսական կառույցին՝ կից ներկայացնելով նախարարության կողմից տրամադրված տեղեկանք՝ մոնիթորինգի արդյունքներով այգին հիմնված լինելու վերաբերյալ, ինչպես նաև 2026 թվականին իրացված գյուղատնտեսական արտադրանքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանք (իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող շահառուների համար) կամ հայտարարագիր (ֆիզիկական անձ հանդիսացող շահառուների համար, հայտարարագրի օրինակելի ձևը մինչև հունիսի 30-ը հրապարակվում է նախարարության կայքում)․»․
7) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 40-րդ կետով՝
«40․ Հավելվածի 23-րդ կետի 13-րդ ենթակետի «է» և «ը» պարբերությունների գործողությունը տարածվում է հավելվածի 38-րդ կետով կարգավորվող հարաբերությունների վրա:»։
2․ Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի դրույթը տարածվում է 2023 թվականի օգոստոսի 4-ից հետո ծագած հարաբերությունների վրա, սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի դրույթը տարածվում է 2024 թվականի նոյեմբերի 2-ից հետո ծագած հարաբերությունների վրա, իսկ սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի դրույթը տարածվում է 2025 թվականի փետրվարի 22-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
25.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |