ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
գանգատներ թիվ 34286/15 և 34321/15
«ՍՏԱՐՏ ՄԵԴԻԱ» ՍՊԸ-Ն ընդդեմ Հայաստանի և «ՀՐԱՊԱՐԱԿ ՕՐԱԹԵՐԹ» ՍՊԸ-Ն և Սուսաննա ՍԻՄՈՆՅԱՆՆ ընդդեմ Հայաստանի
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), 2026 թվականի ապրիլի 30-ին հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Կատերինա Շիմայչկովա [Kateřina Šimոčkovո]՝ Նախագահ,
Մարիա Էլոսեգի [Marվa Elցsegui]
և Ջիլբերտո Ֆելիչի [Gilberto Felici]՝ դատավորներ,
և Մարտինա Կելլեր [Martina Keller]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
հաշվի առնելով՝
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն կից աղյուսակում ներկայացված դիմումատուների (դիմումատուներ) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ այդ աղյուսակում նշված տարբեր օրերի ընթացքում Դատարան ներկայացված գանգատները,
Կոնվենցիայի 10-րդ հոդվածի վերաբերյալ բողոքի մասին Հայաստանի կառավարությանը (Կառավարություն), որին ներկայացրել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ պրն Ե․ Կիրակոսյանը, ծանուցելու և թիվ 34321/15 գանգատը մնացած մասով անընդունելի հայտարարելու մասին որոշումը,
Կողմերի դիտարկումները,
Հայաստանի Հանրապետության կողմից ընտրված դատավոր պրն Վահե Գրիգորյանին գործի քննությունից հեռացնելը (Դատարանի կանոնակարգի 28-րդ կանոնի 3րդ կետ),
անցկացնելով խորհրդակցություն, որոշեց հետևյալը․
ԳՈՐԾԻ ԱՌԱՐԿԱՆ
1․ Գործը վերաբերում է դիմումատուների՝ Կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված ազատորեն արտահայտվելու իրավունքի ենթադրյալ խախտմանը՝ կապված դատարանի որոշման հետ, որի համաձայն նրանց պարտադրել են հրապարակել իրենց լրագրողական տեղեկատվության աղբյուրները:
2․ Դիմումատուները ներկայացնում են մասնավոր ընկերություն, մասնավորապես՝ «Ստարտ Մեդիա» ՍՊԸ-ն (գանգատ թիվ 34286/15, առաջին դիմումատու), որը տվյալ պահին վարել է վեբ հիմքով մեդիա կայք, և մեկ այլ մասնավոր ընկերություն՝ «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ն, որը տվյալ պահին զբաղվել է թերթի հրատարակչությամբ, և վերջինիս լրագրող տիկին Սիմոնյանը (գանգատ թիվ 34321/15, երկրորդ դիմումատու և երրորդ դիմումատու, համապատասխանաբար)։
3․ 2014 թվականի մայիսին դիմումատու ընկերություններից յուրաքանչյուրն իր լրատվամիջոցներում հրապարակել է մի հոդված (թերթի հոդվածի հեղինակը եղել է երրորդ դիմումատուն), որտեղ մարզային ոստիկանության պետը մեղադրվել է երկու հայտնի մարզիկների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:
4․ Այդ հրապարակումներից հետո՝ 2014 թվականի մայիսի 30-ին, պետական պաշտոնատար անձի կողմից լիազորությունները չարաշահելու առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Գործը քննող քննիչը դիմումատու ընկերություններից պահանջել է հրապարակել իրենց տեղեկատվության աղբյուրները, ինչը երկուսն էլ հրաժարվել են անել:
5․ 2014 թվականի հունիսի 26-ին առաջին ատյանի դատարանը, քննիչի կողմից ներկայացված դիմումի հիման վրա, դիմումատու ընկերությունների կողմից ղեկավարվող լրատվամիջոցներին կարգադրել է հրապարակել իրենց համապատասխան տեղեկատվական աղբյուրները՝ վկայակոչելով Քրեական դատավարության օրենսգրքի 14-րդ, 41-րդ և 279-րդ հոդվածները և «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը: Դատարանը նշել է, որ այդ հրապարակման օրինական նպատակը եղել է այլ անձանց, տվյալ դեպքում՝ երկու մարզիկների իրավունքների և շահերի պաշտպանությունը: Դատարանը գտել է, որ այս դեպքում լրագրողական տեղեկատվության աղբյուրների հրապարակումն անհրաժեշտ է եղել, քանի որ իշխանությունները սպառել էին հանրային շահերի պաշտպանության բոլոր այլընտրանքային միջոցները, և հասարակության շահերի պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու շահագրգռվածությունը: Մասնավորապես հրապարակումները վերաբերել են մարզային ոստիկանության պետի և երկու հայտնի մարզիկների միջև ենթադրյալ միջադեպին, և միայն քրեական գործի բազմակողմանի և օբյեկտիվ քննությունը կարող էր փարատել հանրության բոլոր կասկածները:
6․ Սույն որոշումն անփոփոխ է թողնվել ավելի բարձր ատյաններում, և վերջնական որոշումը դիմումատու ընկերություններին հանձնվել է 2014 թվականի դեկտեմբերի 27-ին:
7․ Չպարզված օրը քննիչը երկու դիմումատու ընկերություններից պահանջել է հրապարակել իրենց տեղեկատվության համապատասխան աղբյուրները՝ վկայակոչելով դատարանի 2014 թվականի հունիսի 26-ի վերջնական որոշումը:
8․ Առաջին դիմումատու ընկերության տնօրենը մերժել է պահանջը՝ նշելով, որ չունի այդ որոշումը կատարելու պարտավորություն: Մասնավորապես նշվել է, որ դատարանի տվյալ կարգադրությունն ուղղված է եղել ոչ թե դիմումատու ընկերությանը, այլ այդ ընկերության կողմից վարվող վեբ կայքին, որը չունի իրավաբանական անձի կարգավիճակ:
9․ Երկրորդ դիմումատու ընկերությունը նույնպես հրաժարվել է կատարել պահանջը՝ պնդելով, որ իր կանոնակարգերի համաձայն՝ լրագրողական տեղեկատվության աղբյուրները պահպանվում են միայն մեկ տարի. այդուհանդերձ տվյալ հոդվածի հրապարակումից հետո անցել է ավելի քան մեկ տարի։
10․ 2015 թվականի մայիսի 6-ին գործը քննող քննիչը կայացրել է որոշում՝ քրեական վարույթը կարճելու մասին, քանի որ զանգվածային լրատվության միջոցներով հաղորդված միջադեպը հիմնավորող որևէ ապացույց ձեռք չի բերվել:
11․ 2015 թվականի ապրիլին առաջին դիմումատու ընկերության տնօրենի կողմից 2014 թվականի հունիսի 26-ի՝ դատարանի վերջնական որոշումը չկատարելու առնչությամբ հարուցվել է քրեական գործ:
12․ 2015 թվականի հուլիսի 3-ին առաջին դիմումատու ընկերության տնօրենի նկատմամբ կիրառվել է երկրից դուրս գալու սահմանափակում: 2015 թվականի հուլիսի 10-ին 2014 թվականի հունիսի 26-ի վերջնական որոշումը չկատարելու համար նա մեղադրվել է հանցագործություն կատարելու մեջ։
13․ 2015 թվականի հուլիսի 24-ին դիմումատու ընկերության տնօրենի դեմ առաջադրված մեղադրանքները վերացվել են հիմնականում այն հիմքով, որ դատարանի համապատասխան որոշումից նրա համար պարզ չի եղել, որ նա ունեցել է որոշումը կատարելու պարտավորություն:
14․ 2015 թվականի հոկտեմբերի 20-ին դիմումատու ընկերությունների կողմից 2015 թվականի հունիս և հուլիս ամիսներին ներկայացված բողոքների մասով Սահմանադրական դատարանը քննել է «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի և Քրեական դատավարության օրենսգրքի 14, 41 և 279 հոդվածների սահմանադրականությունը: Սահմանադրական դատարանը որոշել է, որ համապատասխան ներպետական օրենսդրության դրույթները համապատասխանում են Սահմանադրությանը: Սակայն Քրեական դատավարության օրենսգրքի 14-րդ, 41-րդ և 279-րդ հոդվածները սխալ են մեկնաբանվել ստորին ատյանի դատարանների կողմից և կիրառելի չեն եղել տվյալ գործի նկատմամբ, մինչդեռ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը կիրառվել է դրա սահմանադրական նշանակությանը չհամապատասխանող մեկնաբանությամբ։ Մասնավորապես դատարանները հիմնականում շեշտը դրել են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման անհրաժեշտության վրա՝ պատշաճ ուշադրություն չդարձնելով այն հարցին՝ արդյոք կիրառված միջոցները համաչափ են եղել հետապնդվող օրինական նպատակին: Այնուամենայնիվ, չհրապարակելու մասով հանրային շահը կարող է գերակշռել միայն այն դեպքերում, երբ բացահայտումն անհրաժեշտ է մարդու կյանքը պաշտպանելու, ծանր հանցագործությունը կանխելու կամ ծանր հանցագործության մեջ մեղադրվող անձի դատական պաշտպանությունն ապահովելու համար: Այսպիսով, դատարանների կողմից հրապարակման կարգադրության հիմքերը չեն համապատասխանել իրավական որոշակիության և համաչափության սկզբունքներին:
ԴԱՏԱՐԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
15․ Հաշվի առնելով գանգատների առարկայի նույնաբովանդակությունը՝ Դատարանը նպատակահարմար է գտնում որոշում կայացնել դրանք միացնելու վերաբերյալ։
16․ Կառավարությունը պնդել է, որ դիմումատուները չեն սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները, քանի որ Սահմանադրական դատարանի դրական որոշումից հետո չեն ձգտել վերսկսել վարույթը: Նրանք առաջ են քաշել մի քանի այլ առարկություններ գործի ընդունելիության վերաբերյալ, մասնավորապես այն մասին, որ դիմումատուներն էական վնաս չեն կրել, որ երրորդ դիմումատուն չի կարող պնդել, որ ինքը դարձել է 10-րդ հոդվածի խախտման հետևանքով տուժող, և ամեն դեպքում որևէ միջամտություն չի եղել դիմումատուների ազատորեն արտահայտվելու իրավունքին, քանի որ դատարանի նշված կարգադրությունը երբևէ չի իրականացվել:
17․ Նախ, ինչ վերաբերում է երրորդ դիմումատուին, ապա դատարանի 2014 թվականի հունիսի 26-ի որոշումը նրա համար չի առաջացրել տեղեկատվության աղբյուրը բացահայտելու որևէ պարտավորություն։ Թեև նա պնդել է, որ մասնակցել է Վերաքննիչ դատարանի լսումներին, նա այդ կապակցությամբ որևէ ապացույց չի ներկայացրել: Մասնավորապես չկա որևէ ապացույց այն մասին, որ նա, օրինակ, խնդրել է Վերաքննիչ դատարանի թույլտվությունը՝ որպես երրորդ կողմ մասնակցելու վարույթին (համեմատի՛ր Մարգուլևն ընդդեմ Ռուսաստանի [Margulev v. Russia] գործը, թիվ 15449/09, § 36, 2019 թվականի հոկտեմբերի 8 և Խուրալը և Զեյնալովն ընդդեմ Ադրբեջանի [Khural and Zeynalov v. Azerbaijan] (թիվ 2) գործը, թիվ 383/12, §§ 31-32, 2023 թվականի հունվարի 19)։ Նրա անունը չի հայտնվում նաև Վերաքննիչ դատարանի համապատասխան որոշման մեջ, որում նշված են վարույթի մասնակիցները: Նույն կերպ, գործի նյութերում առկա չէ որևէ փաստ, որը հաստատում է նրա այն պնդումը, որ աղբյուրները դադարել են համագործակցել նրա հետ առաջին ատյանի դատարանի վիճարկվող որոշումից հետո, կամ որ նա չի կարողացել կատարել իր լրագրողական գործառույթները՝ դիմումատու ընկերությունների դեմ հարուցված քրեական վարույթի հետևանքով առաջացած վախի պատճառով։ Եվ ի վերջո, նա երբևէ չի հրապարակել տեղեկատվության իր աղբյուրը: Հետևաբար Կառավարության առարկությունը երրորդ դիմումատուի՝ տուժողի կարգավիճակի վերաբերյալ մնացել է անփոփոխ։
18․ Նախքան Կառավարության նախնական առարկությունների մնացած մասի քննությանն անցնելը Դատարանը պետք է որոշի՝ արդյոք դիմումատու ընկերությունները կարող են դեռ պնդել, որ Կոնվենցիայի 34-րդ հոդվածի համաձայն դարձել են տուժող՝ հաշվի առնելով Սահմանադրական դատարանի որոշումը և իշխանությունների որոշումն այն քրեական գործը կարճելու վերաբերյալ, որի հետ կապված նրանց կարգադրվել է հրապարակել տեղեկատվության համապատասխան աղբյուրները: Չնայած այն հանգամանքին, որ Կառավարությունն առարկություններ չի ներկայացրել այս հարցի վերաբերյալ, այս հարցը Դատարանի իրավասության շրջանակում է, որը նա պետք է քննի իր սեփական միջնորդությամբ (համեմատի՛ր Ֆեդոտովան և այլք ընդդեմ Ռուսաստանի [ՄՊ] [Fedotova and Others v. Russia] [GC] գործը, թիվ 40792/10 և 2 այլ գործեր, § 88, 2023 թվականի հունվարի 17, հաջորդող հղումների հետ միասին և Ա-ն և Բ-ն ընդդեմ Խորվաթիայի [A and B v. Croatia] գործը, թիվ 7144/15, § 88, 2019 թվականի հունիսի 20)։
19․ Դատարանը վկայակոչում է տուժողի կարգավիճակին վերաբերող իր ընդհանուր սկզբունքները (տե՛ս Չենտրո Եվրոպա 7 Էս․Ար․Էլ․-ը և Դի Ստեֆանոն ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [Centro Europa 7 S.r.l. and Di Stefano v. Italy] [GC] գործը, թիվ 38433/09, §§ 81-82, ՄԻԵԴ 2012)։
20․ Թեև Դատարանը նախկինում վճռել է, որ իրավական պաշտպանության սահմանադրական միջոցը, որպես կանոն, իրավական պաշտպանության ներպետական միջոց չէ, որը պետք է սպառվեր՝ հաշվի առնելով Հայաստանի Սահմանադրական դատարանի դատական դերի առանձնահատկությունները (տե՛ս Վոլոդյա Ավետիսյանն ընդդեմ Հայաստանի [Volodya Avetisyan v. Armenia], թիվ 39087/15, § 33, 2022), սույն գործով Սահմանադրական դատարանը, ըստ էության, անդրադարձել է Կոնվենցիայի շրջանակում դիմումատու ընկերությունների կողմից ներկայացված բողոքներին: Սահմանադրական դատարանը, ըստ էության, գտել է, որ աղբյուրների հրապարակման վերաբերյալ որոշում կայացնելիս ներպետական դատարանները չեն ապահովել արդար հավասարակշռություն մրցունակ շահերի միջև: Նա նաև նշել է այնպիսի ընթացակարգի բացակայության մասին, որը, Քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան, թույլ կտար իրականացնել այդ հրապարակումը, և ներպետական դատարանների կողմից ոչ ճիշտ կերպով դրա վրա հիմնվելու հանգամանքի մասին: Դատարանի կարծիքով՝ Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումը, ըստ էության, եղել է դիմումատու ընկերությունների առնվազն ազատորեն արտահայտվելու իրավունքի խախտման ճանաչում։
21․ Միևնույն ժամանակ դիմումատուները երբեք չեն հրապարակել տեղեկատվության իրենց աղբյուրը, և քրեական վարույթը, որի շրջանակներում կայացվել է աղբյուրի հրապարակման վերաբերյալ դատական որոշում, ի վերջո, կարճվել է: Թեև վիճարկվող որոշումը (որի համաձայն կարգադրվել է հրապարակել աղբյուրները) մնացել է ուժի մեջ, Սահմանադրական դատարանի որոշումից հետո դիմումատուները երբևէ չեն փորձել վերսկսել վարույթը՝ հիմնականում քրեական վարույթը փակելու պատճառով, ինչը վարչական շրջանի դատարանի որոշումը դարձրել է անարդյունավետ (հակադրի՛ր «Ֆայնենշլ Թայմս ԼԹԴ»-ն և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության [Financial Times Ltd and Others v. the United Kingdom] գործը, թիվ 821/03, § 56, 2009 թվականի դեկտեմբերի 15)։ Դիմումատուների նկատմամբ չի կիրառվել որևէ պատժիչ միջոց․ չնայած այն հանգամանքին, որ վարչական շրջանի դատարանի 2014 թվականի հունիսի 26-ի որոշումը չկատարելու համար առաջին դիմումատու ընկերության տնօրենի դեմ հարուցվել է քրեական գործով վարույթ, այդ վարույթը տևել է մի քանի ամիս և ի վերջո, կարճվել է: Առաջին դիմումատու ընկերության տնօրենը չի կալանավորվել (համեմատի՛ր Մեթիս Յայինչիլիկ Լիմիթիթ Շիրքեթին և Սյոքմենն ընդդեմ Թուրքիայի (որոշում) [Metis Yayıncılık Limited Şirketi and SՓkmen v. Turkey (dec.)] գործը, թիվ 4751/07, §§ 32-33 և 35, 2017 թվականի հունիսի 20)։ Թեև դիմումատուները պնդել են, որ հրապարակման վերաբերյալ դատարանների որոշումից հետո աղբյուրները դադարել են համագործակցել իրենց հետ, նրանք որևէ ապացույց չեն ներկայացրել այդ փաստարկը հաստատելու համար: Հաշվի առնելով սույն գործի կոնկրետ հանգամանքները՝ Դատարանը կարծում է, որ Սահմանադրական դատարանի որոշումն ինքնին եղել է բավարար և պատշաճ պաշտպանության միջոց հատուցման բացակայության պարագայում:
22․ Դա նշանակում է, որ առաջին և երկրորդ դիմումատուներն այլևս չեն կարող պնդել, որ իրենք այն իրավունքի խախտման հետևանքով տուժող կողմ են, որի առնչությամբ ներկայացվել է բողոքը, ինչպես պահանջում է Կոնվենցիայի 34-րդ հոդվածը: Հետևաբար գանգատը պետք է մերժվի Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետին և 4-րդ կետին համապատասխան։
Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝
Որոշում է միացնել գանգատները․
Հայտարարում է գանգատներն անընդունելի:
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2026 թվականի մայիսի 12-ին։
|
Մարտինա Կելլեր` |
Կատերինա Շիմայչկովա՝ |
|
Նախագահ |
Բաժանմունքի քարտուղարի տեղակալ |
Հավելված
Գործերի ցուցակ
|
Թիվ |
Գանգատ թիվ |
Գործի անվանումը |
Ներկայացնելու ամսաթիվը |
Դիմումատու |
Ներկայացվել է |
|
1․ |
34286/15 |
«Ստարտ Մեդիա» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի |
27 հունիսի 2015 թ․ |
«ՍՏԱՐՏ ՄԵԴԻԱ» ՍՊԸ |
Տիգրան ԵԳՈՐՅԱՆ |
|
2․ |
34321/15 |
«Հրապարակ Օրաթերթ» ՍՊԸ-ն և Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի |
24 հունիսի 2015 թ․ |
«ՀՐԱՊԱՐԱԿ ՕՐԱԹԵՐԹ» ՍՊԸ և ՍԻՄՈՆՅԱՆ |
Արտակ ԶԵՅՆԱԼՅԱՆ |