ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԼԵՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՔ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատներ թիվ 13721/23 և 34245/23)
Վ Ճ Ի Ռ
Հոդված 6, կետ 1 • Ողջամիտ ժամկետ • Քաղաքացիական և վարչական վարույթների չափազանց երկար՝ յոթից մինչև տասներեք տարի տևողություն։ Հոդված 46 • Վճռի կատարում • Ընդհանուր միջոցներ • Պատասխանող պետությունը պետք է, որպես առաջնահերթություն, կիրառի հատուցման միջոց, որը հատուկ նախատեսված է Դատարանի չափանիշների համաձայն չափազանց երկար վարույթների վերաբերյալ բողոքների քննության համար՝ չբացառելով նաև արագացված միջոց ներկայացնելու հնարավորությունը Պատրաստվել է Քարտուղարության կողմից։ Պարտադիր չէ Դատարանի համար։
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
21 մայիսի 2026 թ.
Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Լենա Հակոբյանը և այլք ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝
Կատերինա Շիմայչկովա [Kateřina Šimáčková]` Նախագահ,
Ջիլբերտո Ֆելիչի [Gilberto Felici],
Անդրեաս Զունդ [Andreas Zünd],
Դիանա Սարկու [Diana Sârcu],
Միկոլա Գնատովսկի [Mykola Gnatovskyy],
Վահե Գրիգորյան [Vahe Grigoryan],
Սեբաստիան Բիանկերի [Sébastien Biancheri]` դատավորներ,
և Մարտինա Կելլեր [Martina Keller]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
հաշվի առնելով՝
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից (դիմումատուներ) ընդդեմ Հայաստանի Հանրապետության հավելվածում նշված տարբեր ամսաթվերի Դատարան ներկայացված գանգատները (թիվ 13721/23 և 34254/23), վարույթի չափազանց երկար տևողության վերաբերյալ բողոքների մասին և թիվ 13721/23 գանգատի առնչությամբ վարույթի երկար տևողության համար իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի բացակայության մասին Հայաստանի կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու որոշումը,
կողմերի դիտարկումները,
գանգատները Կոմիտեի կողմից քննելու վերաբերյալ Կառավարության առարկությունն ընդունելու մասին որոշումը,
2026 թվականի ապրիլի 28-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը․
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Գործերը վերաբերում են վարույթների տևողությանը քաղաքացիական և վարչական դատարաններում և իրավական պաշտպանության արդյունավետ ներպետական միջոցների առկայությանը, որոնց միջոցով վարույթի չափազանց երկար տևողության համար կարելի է հատուցում պահանջել։ Դիմումատուները հիմնվել են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի վրա։ Թիվ 13721/23 գանգատի դեպքում դիմումատուները նաև վկայակոչել են 13-րդ հոդվածը։
ՓԱՍՏԵՐԸ
2. Դիմումատուների ցանկը և գանգատների համապատասխան մանրամասները սահմանված են կից ներկայացված աղյուսակում։
3. Կառավարությունը ներկայացրել է Կառավարության նախորդ լիազոր ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը, իսկ այնուհետև՝ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ պրն Կ. Անդրեասյանը։
4. Դիմումատուներն այնպիսի քաղաքացիական և վարչական վարույթների կողմեր էին, որոնք, իրենց կարծիքով, իրականացվել են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ողջամիտ ժամկետի պահանջի խախտմամբ։ Համապատասխան ամսաթվերը և մանրամասները բերված են կից ներկայացված աղյուսակում։
5. 2014 թվականի ապրիլի 19-ին փոփոխություն է կատարվել Քաղաքացիական օրենսգրքում․ դրանում լրացվել են 162.1 և 1087.2 հոդվածները, որոնցով նախատեսվել է պետության կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի կողմից կյանքի իրավունքի, վատ վերաբերմունքի արգելքի կամ ազատության իրավունքի խախտումների հետևանքով առաջացած ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու իրավունքը։ 2015 թվականի դեկտեմբերի 21-ին փոփոխություն է կատարվել 162․1 հոդվածում՝ այդ իրավունքը տարածելով Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների ավելի լայն շրջանակի, այդ թվում՝ արդար դատաքննության իրավունքի վրա (տե՛ս ստորև նշված 6-րդ կետը)։ Փոփոխությունն ուժի մեջ է մտել 2016 թվականի հունվարի 1-ին:
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏԸ ԵՎ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԸ
I. Ներպետական իրավունքը
Ա. Քաղաքացիական օրենսգիրք
6. Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան դրույթներն ունեն հետևյալ բովանդակությունը.
Հոդված 162.1. Ոչ նյութական վնասի և այդ վնասի հատուցման սահմանումը
«1. Սույն օրենսգրքի իմաստով ոչ նյութական վնասը ֆիզիկական կամ հոգեկան տառապանք է, որն առաջացել է անձին ի ծնե կամ օրենքի ուժով պատկանող նյութական կամ ոչ նյութական բարիքների դեմ ոտնձգող կամ նրա անձնական գույքային կամ ոչ գույքային իրավունքները խախտող որոշմամբ, գործողությամբ կամ անգործությամբ:
2. Անձը, իսկ նրա մահվան կամ անգործունակության դեպքում նրա ամուսինը, ծնողը, որդեգրողը, երեխան, որդեգրվածը, խնամակալը, հոգաբարձուն իրավունք ունեն դատական կարգով պահանջելու պատճառված ոչ նյութական վնասի հատուցում, եթե նախաքննության մարմինը, դատախազը կամ դատարանը հաստատել է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով խախտվել են այդ անձի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով երաշխավորված հետևյալ հիմնարար իրավունքները, [ներառյալ]՝
...
4) Արդար դատաքննության իրավունքը ․․․»։
Հոդված 1087.2. Հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման կարգը և պայմանները
«1. Հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման եղանակը, հիմքը և չափը որոշվում են սույն հոդվածին և սույն օրենսգրքի 162.1 հոդվածին համապատասխան:
2. Ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման` անկախ հատուցման ենթակա գույքային վնասից:
3. Ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման` անկախ վնաս պատճառելիս պաշտոնատար անձի մեղքի առկայությունից:
4. Ոչ նյութական վնասը հատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին...
5. Ոչ նյութական վնասի հատուցման չափը որոշում է դատարանը՝ ողջամտության, արդարացիության (equitableness) և համաչափության սկզբունքներին համապատասխան:
6. Ոչ նյութական վնասի հատուցման չափը որոշելիս դատարանը հաշվի է առնում ֆիզիկական կամ հոգեկան տառապանքի բնույթը, աստիճանը և տևողությունը, պատճառած վնասի հետևանքները, վնասը պատճառելիս մեղքի առկայությունը, ոչ նյութական վնաս կրած անձի անհատական հատկանիշները, ինչպես նաև այլ վերաբերելի հանգամանքներ:
7. Հատուցման չափը չի կարող գերազանցել՝
...
2) նվազագույն աշխատավարձի [հազար ՀՀ դրամ1] երկուհազարապատիկը՝ սույն օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ մասի 3-9-րդ կետերով նախատեսված իրավունքների խախտման պարագայում:
8. Ոչ նյութական վնասի հատուցման չափը2 բացառիկ դեպքերում կարող է գերազանցել սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսած առավելագույն սահմանը, եթե պատճառված վնասի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ:
9. Ոչ նյութական վնասի հատուցման պահանջը դատարան կարող է ներկայացվել ինչպես սույն օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքի խախտումը հաստատելու պահանջի հետ՝ խախտման մասին անձին հայտնի դառնալու պահից, այնպես էլ այդ իրավունքի խախտումը հաստատող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո կամ ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու կամ քրեական վարույթը կարճելու մասին չվերացված կամ չբողոքարկված որոշման մասին այդ անձին հայտնի դառնալու պահից մեկ տարվա ընթացքում:
10. Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը, որը հատուցել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով պատճառած վնասը, հետադարձ պահանջի (ռեգրեսի) իրավունք ունի այդ անձի նկատմամբ՝ իր վճարած հատուցման չափով։ Հետադարձ պահանջ ներկայացնելու հիմք է հանդիսանում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձի մեղքի առկայությունը:
Բ․ Քաղաքացիական դատավարության օրենսգիրք (2018 թվական)
7. Օրենսգրքի 102-րդ հոդվածով նախատեսվում է, որ «Դրամական և ոչ դրամական պահանջներ պարունակող հայցադիմումով պետական տուրքը հաշվարկվում և գանձվում է յուրաքանչյուր պահանջի համար առանձին»:
8. Օրենսգրքի 109-րդ հոդվածով նախատեսվում է, որ Դատական ծախսերը (ներառում են պետական տուրքը և վարույթին վերաբերող այլ ծախսեր) գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
9. Օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսվում է, որ բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն կանոններին համապատասխան:
Գ․ «Պետական տուրքի մասին» օրենքը
10. Օրենքի 8-րդ հոդվածով նախատեսվում է, որ պետական տուրքի դրույքաչափերը սահմանվում են գնահատման ենթակա գույքի արժեքի կամ սույն օրենքով սահմանված բազային տուրքի նկատմամբ:
Բազային տուրքի չափ է սահմանվում 1000 ՀՀ դրամը3:
11. Օրենքի 9-րդ հոդվածով գույքային պահանջի գործերով նախատեսվում է, որ դատարան ներկայացվող դիմումների ու գանգատների համար պետական տուրքը գանձվում է համապատասխանաբար առաջին ատյանի դատարան, վերաքննիչ դատարան կամ վճռաբեկ դատարան տրվող դիմումներում ու գանգատներում նշված վիճարկվող գումարի 3%-ի, 4%-ի4 կամ 5%-ի5 չափով։ Ոչ գույքային պահանջի գործերով, համապատասխանաբար առաջին ատյանի դատարան, վերաքննիչ դատարան ու վճռաբեկ դատարան ներկայացվող դիմումների ու գանգատների համար պետական տուրքը գանձվում է բազային տուրքի 20-ապատիկի, 30-ապատիկի կամ 40-ապատիկի չափով:
12. Օրենքի 21-րդ հոդվածով նախատեսվում է, որ պետական տուրքի գծով արտոնությունները կարող են ներառել վճարումից ազատում, տուրքի գումարի կամ դրույքաչափի նվազեցում, վճարման ժամկետի հետաձգում և պետական տուրքը սահմանված ժամկետում բյուջե չգանձելու համար հաշվարկված տույժերի վճարումից ազատում կամ դրանք վճարելու ժամկետի հետաձգում:
13. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով նախատեսվում է, որ առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարաները` սույն օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից։
II. Ներպետական գործելակերպը
Ա. Սահմանադրական դատարանը
1. Սահմանադրական դատարանի 2020 թվականի մարտի 3-ի որոշումը «Երեվան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.2 հոդվածի 7-րդ և 8-րդ մասերի՝ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով» (որոշում թիվ ՍԴՈ-1513)
14. Թիվ ՍԴՈ-1513 որոշման մեջ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ 1087․2 հոդվածի 7-րդ մասի համակցությամբ մեկնաբանվող 1087․2 հոդվածի 8-րդ մասով նախատեսվում է, որ ոչ նյութական վնասի հատուցման չափը կարող է գերազանցել օրենքով սահմանված առավելագույն սահմանը միայն «ծանր հետևանքներ»-ի հանգեցնող «բացառիկ դեպքերում»: Սահմանադրական դատարանը գտնում է, որ հիմնարար իրավունքների ցանկացած խախտում կամ անարդարացի դատապարտում ինքնին բացառիկ է, և հետևաբար յուրովի բացառիկ է հատուցում պահանջող յուրաքանչյուր անձի պատճառված վնասը: Ուստի հատուցում պահանջող անձանցից չի պահանջվի իրենց կրած տառապանքի «արտասովորության» հիմնավորում, դատարանները չպետք է համեմատության մեջ կիրառեն այս անորոշ չափանիշը։ Դա անհամաչափ բեռ է և խոչընդոտում է արդյունավետ դատական պաշտպանությունը: Միաժամանակ, հատուցման համար առավելագույն սահմանները գերազանցող պահանջներ ներկայացնելու դեպքում հավելյալ իրավական շեմեր հաղթահարելու անհրաժեշտությունը համաչափ է պետության շահերին։ Առավելագույն սահմանները գերազանցող հատուցում ստանալու հավակնության դեպքում հատուցում պահանջող անձինք պետք է նշեն էապես տարբերվող կամ ավելի ծանր հանգամանքներ։ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ «ծանր հետևանքներ» հասկացությունը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում սահմանվում է դատարանի հայեցողությամբ․ դատարանը կարող է որոշել՝ արդյոք հատուցում պահանջող անձին պատճառվող վնասի արդյունքում առաջացած հետևանքները ծանր են, թե՝ ոչ, համապատասխան փաստական հանգամանքների մանրամասն գնահատում իրականացնելուց հետո և հիմք ընդունելով Օրենսգրքի 1087․2 հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով ամրագրված չափանիշները:
2. Սահմանադրական դատարանի 2021 թվականի մարտի 16-ի որոշումը «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով»» (որոշում թիվ ՍԴՈ-1513)
15. Թիվ ՍԴՈ-1585 որոշման մեջ Սահմանադրական դատարանը քննել է Դատական օրենսգրքի 9-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, որով նախատեսվել է, որ գործերը պետք է քննվեն ողջամիտ ժամկետում, և սահմանվել են չափանիշներ, որոնցով պետք է որոշվի վարույթի տևողության ողջամտությունը: Սահմանադրական դատարանը, ի թիվս այլնի, գտնում է, որ հնարավոր խախտումները կանխելու համար պետությունն առաջին հերթին պետք է սահմանի անհրաժեշտ կառուցակարգ և ընթացակարգեր, որոնք կապահովեն ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի արդյունավետ իրացումը և մյուս կողմից՝ գործի քննության ուշացումների դեպքում կապահովեն ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի արդյունավետ պաշտպանության հնարավորություն։ Հաշվի առնելով Բարձրագույն դատական խորհրդի կողմից պատրաստված զեկույցը, որը վերաբերում է գործերի թվին և վարույթների տևողությանը, ինչպես նաև Դատարանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ կայացված վճիռները՝ Սահմանադրական դատարանը եզրակացրել է, որ իրավիճակը խնդրահարույց է։ Այն նշել է, որ վարույթների տևողության խնդրի հիմքում կարող են ընկած լինել տարբեր գործոններ։ Իրավիճակը բարելավելու հնարավոր եղանակներից մեկը քննությունը ողջամիտ ժամկետում իրականացնելու պահանջի չպահպանման դեպքում դատավորի համար պատասխանատվություն նախատեսելն է (դատավորի գործունեության գնահատումը կամ նրա նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոց սահմանելը): Այնուամենայնիվ, դա խնդրին արձագանքելու կայուն լուծում չէ։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով դատարանի ծանրաբեռնվածությունը՝ պետությունը պետք է ապահովի, որ դատավորները գերծառնաբեռնված չլինեն, որպեսզի նրանք հնարավորություն ունենան գործերի քննությունն իրականացնելու ողջամիտ ժամկետում, սակայն ոչ արդար դատաքննության իրավունքի հետ կապված մյուս պահանջների հաշվին։ Սահմանադրական դատարանը փաստում է, որ սա կարելի է իրագործել դատարաններում ընթացակարգերի պարզեցման, գործերի քանակի նվազեցման և դատարանի ավելի շատ աշխատակիցներ հավաքագրելու միջոցով։ Ինչ վերաբերում է գործերի քննության ուշացումների դեմ պաշտպանության մեխանիզմներին, Սահմանադրական դատարանը փաստել է, որ Հայաստանում գործում է հատուցման միջոց (Քաղաքացիական օրենսգրքի 162․1 հոդվածի համաձայն), սակայն այդ միջոցի սահմանադրականության հարցը չի դիտարկվել, քանի որ նման հարց իր առջև չի բարձրացվել։ Ինչ վերաբերում է կանխարգելիչ մեխանիզմների բացակայությանը և համաձայնելով հայցվորի հետ այդպիսի մեխանիզմների առկայության կարևորության հարցում՝ Սահմանադրական դատարանը փաստել է, որ թեև պետությունը պետք է ապահովի գործերի քննության և խախտումների կանխարգելման ողջամիտ ժամկետ, այդ նպատակն իրագործելու կոնկրետ միջոցների ընտրությունը գտնվում է օրենսդիր մարմնի հայեցողության տիրույթում: Սահմանադրական դատարանը, եզրակացնելով, որ Դատական օրենսգրքի 9-րդ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը, նշել է, որ օրենսդիր մարմինը պարտավոր է տրամադրել մեխանիզմներ, որոնցով ամենաարդյունավետ եղանակով կապահովվի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքը՝ ի պատասխան այս որոշման մեջ բարձրացված հարցերի:
Բ․ Կառավարության կողմից հիմք ընդունված՝ Քաղաքացիական օրենսգրքի 162․1 հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի և 1087․2 հոդվածի համաձայն սահմանված ոչ նյութական վնասի հատուցման պահանջների մասով ներպետական նախադեպային իրավունքը
1. Հատուցման պահանջների վերաբերյալ վերջնական դատավճիռները
16. Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ Երևանի դատարան) 2020 թվականի սեպտեմբերի 7-ի վճռով (գործ թիվ ԵԴ/25468/02/19) մերժել է հատուցման պահանջը՝ պնդելով, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում վարույթի տևողությունը եղել է չափազանց երկար։ Հիմնական վարույթը, որը վերաբերում էր Պետության կողմից հայցվորի դեմ ներկայացված դրամական պահանջին, մեկ ատյանում տևել է չորսուկես տարի, և Վարչական դատարանից պահանջվել է մոտ երկու տարի վճիռը հայցվորին ուղարկելու համար։ Երևանի դատարանը մերժել է պահանջը։ Այն, ըստ էության, գտել է, որ հայցվորը չի ներկայացրել բավարար ապացույցներ առ այն, որ նիստերի հետաձգումը խախտել է իր՝ ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունքը, կամ որ նիստերը ողջամտորեն կարող էին նշանակվել ավելի վաղ։ Մասնավորապես հայցվորը ներկայացրել է տասներկու դատական նիստերից միայն յոթի ձայնագրություները, որոնք բավարար չեն եղել վարույթի ընդհանուր տևողությունը, այդ թվում՝ կողմերի վարքագիծը գնահատելու համար։ Ավելին, ներկայացված ձայնագրություններով անհարկի հետաձգումներ կամ դատավարական ուշացումներ չեն հայտնաբերվել։ Նմանապես, թերի տեղեկությունները խոչընդոտել են դատարանին լիարժեք գնահատելու գործի բարդությունը: Երևանի դատարանը նաև մերժել է հայցվորի այն պնդումը, որ Վարչական դատարանի կողմից վճռի ուշացած հանձնումը խախտել է իր իրավունքը՝ առաջինը՝ ապացույցների բացակայության պատճառով, և երկրորդը՝ քանի որ վճիռը կայացվել է իր օգտին։
Երևանի դատարանի վճիռն անփոփոխ է թողնվել վերադաս դատարանների կողմից, և երեք ատյաններում վարույթը տևել է մեկ տարի յոթ ամիս։
17. Երևանի դատարանը 2021 թվականի հունիսի 29-ի վճռով (գործ թիվ ԵԴ/37503/02/19) մերժել է հատուցման պահանջը՝ պնդելով, որ Լոռու մարզային դատարանում վարույթի տևողությունը եղել է չափազանց երկար։ Գլխավոր վարույթը, որը վերաբերել է գույքի բաժանման պահանջին, Լոռու մարզային դատարանում հատուցման հայցի ներկայացման պահին քննության մեջ էր վեց տարուց ավելի, ընդ որում, այդ վեց տարիներից գրեթե հինգ տարի տևել է փորձաքննությունը։ Երևանի դատարանն առաջինը նշել է, որ պետք է գնահատի վարույթի տևողությունը բացառապես դատավարական տեսանկյունից՝ առանց քննելու որևէ կոնկրետ դատավորի վարքագծի օրինականությունը։ Հաշվի առնելով համապատասխան չափանիշները, մասնավորապես՝ գործի բարդութունը, հայցվորի համար գործի քննության ուշացման հետևանքները, իշխանության մարմինների արդյունավետությունը և դիմումատուի սեփական վարքագիծը, դատարանը եզրակացրել է, որ բոլոր նիստերը պատշաճ կերպով նշանակվել են և որոշ դեպքերում մերժվել են այնպիսի հիմնավոր պատճառներով, ինչպիսիք են ապացույցների հավաքումը կամ կողմերի պահանջները, այդ թվում՝ հայցվորի պահանջները։ Հայցվորը չի ներկայացրել որևէ ապացույց վարույթի ընթացքում իր վարքագծի մասին կամ այն մասին, թե վեճի մեջ հայցվորի համար որն է եղել խնդրո առարկան: Նաև նա չի ապացուցել, որ նմանատիպ գործերը քննվել են ավելի արագ:
Երևանի դատարանի վճիռն անփոփոխ է թողնվել վերադաս դատարանների կողմից, և երեք ատյաններում վարույթը տևել է երկու տարի հինգ ամիս։
18. Երևանի դատարանը 2021 թվականի մարտի 19-ի վճռով (գործ թիվ ԵԴ/31299/02/19) մերժել է հատուցման պահանջը՝ պնդելով, որ վարչական դատարանում վարույթի տևողությունը եղել է չափազանց երկար։ Հիմնական վարույթը, որը վերաբերել է պետության դեմ ներկայացված՝ պետության նկատմամբ որոշակի ժամանակահատվածում կենսաթոշակ վճարելու պարտավորություն սահմանելու պահանջին, տևել է հինգ տարի և վեց ամիս բացառապես մեկ ատյանում, և դատարանից մոտ մեկ տարի է պահանջվել հայցվորին իր վճռի մասին ծանուցելու համար: Հատուցման պահանջը երկու անգամ քննվել է Երևանի դատարանի կողմից՝ գործը վերաքննիչ դատարանի կողմից վերադարձվելուց հետո։ Վարույթի երկրորդ փուլի ընթացքում Երևանի դատարանը նշել է, որ բոլոր նիստերն անցկացվել են, բացի մեկից, որը հետաձգվել է դատավորի՝ վերապատրաստման դասընթացի մասնակցության պատճառով։ Այն նկատել է, որ գործը բարդ չի եղել, և որ որևէ հիմնավորում չի եղել վարույթի ավելի քան հինգուկես տարի տևողության համար: Այնուամենայնիվ, հայցվորը 14 նիստերից միայն 4-ի ձայնագրությունն է ներկայացրել, ինչը խոչընդոտել է դատարանի կողմից նրա վարքագծի լիարժեք գնահատումը: Թեև ձայնագրությունները ցույց էին տալիս, որ գործը երկու անգամ վերսկսվել էր՝ առաջացնելով որոշակի մտահոգություն, դատարանը չէր կարող գնահատական տալ Վարչական դատարանի վարքագծի վերաբերյալ այդ վերսկսումները թույլատրող պաշտոնական որոշումների բացակայության պատճառով։ Ինչ վերաբերում է հայցվորի համար հարցի կարևորությանը, դատարանը չի կարողացել որևէ եզրակացություն անել ապացույցների բացակայության պատճառով, հատկապես հաշվի առնելով, որ վեճը վերաբերում էր մեկ տարի ութ ամիս ժամկետում չվճարված կենսաթոշակային նպաստներին, այլ ոչ թե ընդհանուր առմամբ հայցվորի կենսաթոշակի իրավունքին կամ ապրուստի միջոցներին։
Հայցվորի վերոնշյալ վճռի դեմ ներկայացված գանգատը ճանաչվել է ժամկետանց։ Վարույթի ընդհանուր տևողությունը երեք ատյանններում եղել է չորս տարի և մեկ ամիս։
19. Երևանի դատարանը 2021 թվականի հուլիսի 21-ի վճռով (գործ թիվ ԵԴ/1152/02/20) մերժել է հատուցման պահանջը՝ պնդելով, որ վարչական դատարանում վարույթի տևողությունը եղել է չափազանց երկար։ Հիմնական վարույթը, որը վերաբերել է հողի հատկացման մասին որոշման պահանջին, հատուցման պահանջի ներկայացման պահին դատարանում քննության մեջ է եղել երեք տարի և երկու ամիս։ Որոշ նիստեր նշանակվել են նիստերի միջև ութ ամսից մինչև մեկ տարի ընդմիջումներով։ Երևանի դատարանը նշել է, որ Վարչական դատարանի կողմից նշանակված բոլոր ութ նիստերը (2017-ից 2020 թվականների միջև) տեղի են ունեցել։ Ինչ վերաբերում է գործի բարդությանը և հայցվորի վարքագծին, հայցվորը չի ներկայացրել որևէ ապացույց, որը հնարավորություն կտար դատարանին գնահատելու այդ չափանիշները։ Դատարանը եզրակացրել է, որ իր իրավունքների խախտումը հաստատելու համար հայցվորը պետք է ներկայացնի փաստական ապացույցներ, որոնք ցույց կտան, որ դատական նիստի հետաձգման և հաջորդ նիստի նշանակման միջև ընկած ուշացումն ակնհայտորեն անհիմն է եղել և բացառապես պայմանավորված է եղել դատարանով, այլ ոչ թե արտաքին գործոններով։ Հայցվորի կողմից այդպիսի ապացույցների բացակայության պայմաններում դատարանը ենթադրել է, որ ցանկացած ուշացում ողջամտորեն հիմնավորված է եղել արդարադատության պատշաճ իրականացման նպատակով։ Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել այդ վճիռը՝ նշելով, որ այն հայցվորը, որը կրել է ապացուցման բեռը, և սահմանափակվել է ողջամիտ ժամկետում լսված լինելու իր իրավունքի խախտման մասին պնդմամբ, չի ապացուցել, որ գործը բարդ չի եղել կամ պետք է լուծվեր ավելի արագ։ Նա չի ապացուցել, որ գործի տևողության պատճառով վնաս է կրել, կամ որ դատարանի կողմից սահմանված ժամկետները եղել են կամայական, և պայմանավորված չեն եղել արտաքին գործոններով։ Ավելին, հայցվորը ողջամիտ միջոցներ չի ձեռնարկել գործի տևողությունը կրճատելու համար:
Վճռաբեկ դատարանն անփոփոխ է թողել վերոնշյալ վճիռը: Վարույթի ընդհանուր տևողությունը եղել է երկու տարի և հինգ ամիս։
20. 2021 թվականի դեկտեմբերի 8-ի վճռով (գործ թիվ ԵԴ/31501/02/19) Երևանի դատարանը բավարարել է հայցվորի հատուցման պահանջը՝ եզրակացնելով, որ տվյալ հիմնական վարույթը, որի ընդհանուր տևողությունը երկու ատյաններում եղել է հինգ տարի, չափազանց երկարատև է եղել։ Այն հաշվի է առել այն հանգամանքը, որ գործը բարդ չի եղել․ այն վերաբերել է հայցվորի կենսաթոշակային իրավունքներին: Չեն եղել ապացույցներ այն մասին, որ որևէ ուշացում պայմանավորված է եղել հայցվորի գործողություններով։ Ի վերջո, դատարանը պարտավորեցրել է պետությանը հայցվորին վճարել 300,000 ՀՀ դրամ և մերժել է նրա հատուցման պահանջի մնացած մասը։ Երևանի դատարանը կարգադրել է պատասխանողին հայցվորին փոխհատուցել արդեն վճարված պետական տուրքի այն մասը, որը բավարարվել է։
Հայցվորը չի բողոքարկել վճիռը, և պատասխանողի գանգատները մերժվել են։ Վերաքննիչ դատարանը, ի թիվս այլնի, նշել է, որ պետությունը պետք է պատասխանատվություն կրի գործի քննության անհարկի ուշացումների համար, որոնք հանգեցրել են հայցվորի հիմնարար իրավունքների խախտմանը՝ անկախ կոնկրետ դատարանից կամ դատական սխալներից։ Ավելին, միայն այն փաստը, որ հիմնական վարույթը տևել է հինգ տարի բավարար հիմք է եղել եզրակացնելու, որ խախտվել են հայցվորի արդար դատաքննության իրավունքը և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը։
Հատուցման վարույթի ընդհանուր տևողությունը երեք ատյաններում եղել է երեք տարի և երկու ամիս։
21. 2023 թվականի նոյեմբերի 2-ի վճռով (գործ թիվ ԼԴ/6832/02/21) Երևանի դատարանը բավարարել է հայցվորի հատուցման պահանջը, inter alia, կապված նրա նկատմամբ իրականացված այն քրեական վարույթի տևողության հետ, որի արդյունքում համապատասխան գործը քննող դատարանն արդարացրել էր նրան։ Հայցվորի նկատմամբ հարուցված քրեական վարույթը, այդ թվում՝ քննության փուլը երկու ատյաններում տևել է չորս տարուց մի փոքր ավելի։ Հաշվի առնելով այն, որ հայցվորն արդարացվել է գործը քննող դատարանի կողմից, Երևանի դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել նրա անմեղության կանխավարկածի իրավունքի, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքի խախտում։ Դատարանը նշել է, որ հայցվորի նկատմամբ քրեական վարույթը տևել է չորս տարուց ավելի, որի ընթացքում նրան, որպես մեղադրյալի, արգելվել է լքել երկիրը․ դա նրան հոգեկան տառապանք է պատճառել։ Դատարանը մասնակիորեն բավարարել է պահանջը՝ հատուցման գումարը սահմանելով 800 000 ՀՀ դրամ։ Հայցվորն ազատվել է պետական տուրքի վճարումից՝ որպես արդարացված անձ՝ իր կարգավիճակի շնորհիվ։
Վճիռն անփոփոխ է թողնվել վերադաս դատարանների կողմից, և երեք ատյաններում վարույթը տևել է մոտ երկու տարի տաս ամիս։ Վճռի կատարման վերաբերյալ որևէ տեղեկություն առկա չէ։
22. Ողջամիտ ժամկետի պահանջը գնահատելիս ներպետական դատարանները հղում են կատարել Ֆրիդլենդերն ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ] [Frydlender v. France ([GC]], թիվ 30979/96, ՄԻԵԴ 2000‑VII) գործին և դրան առնչվող նախադեպային իրավունքին:
23. Վերոնշյալ նախադեպային իրավունքի օրինակների համաձայն՝ հայցվորներից պահանջվել է պետական տուրք վճարել ինչպես իրենց հիմնարար իրավունքների խախտումը ճանաչելու պահանջի, այնպես էլ հատուցման օժանդակ պահանջի (նյութական պահանջի) համար:
2. Հատուցման պահանջների վերաբերյալ տարբեր դատարաններում դեռևս ընթացքի մեջ գտնվող դատական գործերով վճիռներ
24. Կառավարությունը նաև ներկայացրել է ինը այլ գործեր, որոնցում դատարանները մերժել կամ մասնակիորեն ընդունել են ողջամիտ ժամկետի պահանջի խախտումը փաստող հատուցման պահանջները։ Բոլոր այդ գործերի քննությունը 2025 թվականի մայիսի 2-ին, երբ Կառավարությունը ներկայացրել էր իր դիտարկումները, ընթացքի մեջ է գտնվել տարբեր դատարաններում:
25. Գործ թիվ ԵԴ/4961/02/18․ թեև հայցվորի հատուցման պահանջը մասնակիորեն բավարարվել է, և նրա կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը մերժվել է Վճռաբեկ դատարանի վերջնական որոշմամբ, համապատասխան հատուցման վարույթը 2023 թվականի մարտի 7-ի դրությամբ դեռևս ակնհայտորեն գտնվում էր քննության փուլում, քանի որ պատասխանողը վճռաբեկ բողոք էր ներկայացրել։ Այդ պահի դրությամբ վարույթն արդեն հինգ տարի հինգ ամիս ընթացքի մեջ էր։
26. Գործ թիվ ԵԴ/25302/02/19․ 2023 թվականի մարտի 7-ին հատուցման վարույթը դեռևս գտնվում էր վճռաբեկ դատարանում՝ քննության փուլում, և արդեն երեք տարի յոթ ամիս ընթացքի մեջ էր։
27. Գործ թիվ ԵԴ/18511/02/21․ Հատուցման վարույթը դեռևս գտնվում էր վճռաբեկ դատարանում՝ քննության փուլում, և արդեն չորս տարի ընթացքի մեջ էր։
28. Գործ թիվ ԵԴ/29755/02/21․ Առկա տեղեկությունները ցույց են տալիս, որ հայցվորի գանգատը համապատասխան վերաքննիչ դատարանի կողմից մերժվել է 2025 թվականի հունիսի 19-ին, սակայն պարզ չէ, թե արդյոք ներկայացվել է վճռաբեկ բողոք։ Հատուցման վարույթն ընթացել է մոտ չորս տարի երկու ատյաններում, և այդ չորս տարվա մոտ երեք տարին վարույթը գտնվել է առաջին ատյանի դատարանում քննության փուլում:
29. Գործ թիվ ԵԴ/6426/02/22․ Հատուցման վարույթը դեռևս գտնվում էր վերաքննիչ դատարանում՝ քննության փուլում, և ընթացքի մեջ էր արդեն երկու տարի ինն ամիս։
30. Գործ թիվ ԵԴ/25942/02/22․ Գործը գտնվում էր առաջին ատյանի դատարանում՝ քննության փուլում:
31. Գործ թիվ ԵԴ/54146/02/22․ Պատասխանողը ներկայացրել էր վճռաբեկ բողոք, և գործը գտնվում էր Վճռաբեկ դատարանում՝ քննության փուլում: 2025 թվականի դրությամբ վարույթն ընթացքի մեջ էր արդեն երկու տարի և ութ ամիս։
32. Գործ թիվ ԵԴ/64639/02/22․ Հատուցման վարույթը դեռևս գտնվում էր վերաքննիչ դատարանում՝ քննության փուլում, և վարույթն արդեն ընդհանուր մոտ երկուսուկես տարի ընթացքի մեջ էր։
33. Գործ թիվ ԵԴ2/44039/02/23․ 2025 թվականի հունիսի 21-ի դրությամբ հատուցման վարույթը դեռևս գտնվում էր վճռաբեկ դատարանում՝ քննության փուլում, և վարույթն արդեն ընդհանուր մոտ մեկուկես տարի ընթացքի մեջ էր։
ԻՐԱՎՈՒՆքը
I. նախնական քննության ՀԵՏ ԿԱՊՎԱԾ հարցերը
Ա. Գանգատների միացումը
34. Հաշվի առնելով գանգատների քննության առարկաների համանմանությունը՝ Դատարանը նպատակահարմար է գտնում դրանք համատեղ քննել մեկ վճռով։
Բ. Դատարան դիմելու իրավունքը (գանգատ թիվ 13721/23)
35. Դատարանը նշում է, որ թիվ 13721/23 գանգատով դիմումատու Լ․ Հակոբյանը մահացել է 2024 թվականի սեպտեմբերի 20-ին այն նույն ժամանակահատվածում, երբ գործը դեռևս քննվում էր Դատարանում: Նրա դուստրը՝ դիմումատու Ա․ Հակոբյանը՝ նրա ժառանգը, Դատարանին տեղեկացրել է, որ ցանկանում է շարունակել իր մոր կողմից ներկայացված գանգատով վարույթը։
36. Կառավարությունը պնդել է, որ դիմումատու Ա․ Հակոբյանը չի տրամադրել ժառանգական իրավունքի վկայագիր՝ իր իրավական կարգավիճակը հիմնավորելու համար, և ամեն դեպքում գանգատում բարձրացված բողոքը վերաբերել է անփոխանցելի իրավունքների։ Կառավարությունը Դատարանին առաջարկել է գանգատը հանել դիմումատու Լ․ Հակոբյանին առնչվող գործերի ցուցակից։
37. Հաշվի առնելով սույն գործի հանգամանքները և Ա․ Հակոբյանի կողմից ներկայացված փաստաթղթերը՝ Դատարանն ընդունում է, որ որպես հանգուցյալ դիմումատու Լ․ Հակոբյանի ժառանգ, նա օրինական իրավունք ունի շարունակելու գանգատով վարույթն իր մոր փոխարեն (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Հորվատովան ընդդեմ Սլովակիայի [Horváthová v. Slovakia], թիվ 74456/01, § 26, 2005 թվականի մայիսի 17, և Բենյամինսոնն ընդդեմ Ուկրաինայի [Benyaminson v. Ukraine], թիվ 31585/02, § 83, 2007 թվականի հուլիսի 26)։
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
38. Դիմումատուները բողոքել են գործը քննող քաղաքացիական և վարչական դատարաններում վարույթի չափազանց երկար տևողությունից։ Նրանք հիմնվել են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի վրա, որը վերաբերելի մասով ունի հետևյալ բովանդակությունը․
«1. «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները ... ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք ․․․ ա) տրիբունալի կողմից ....»։
Ա. Ընդունելիությունը
1. Կողմերի փաստարկները
ա) Կառավարությունը
39. Կառավարությունը հայտարարել է, որ դիմումատուները չեն սպառել հասանելի իրավական պաշտպանության ներպետական միջոցները։ Մասնավորապես Քաղաքացիական օրենսգրքի 162.1 և 1087.2 հոդվածներով ներդրվել էր իրավական պաշտպանության արդյունավետ միջոց, որով հնարավոր կլիներ 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ողջամիտ ժամկետի պահանջի խախտման մասին պնդումներ անել։ Թեև Դատարանը «Ֆիլ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով [Fil LLC v. Armenia] (թիվ 18526/13, 2019 թվականի հունվարի 29) արձանագրել է 13-րդ հոդվածի խախտում, որը դիտարկվում է 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ միասին, վարույթների տևողության հետ կապված բողոքների համար իրավական պաշտպանության ներպետական միջոցների բացակայության պատճառով (§§ 48-51), այդ ժամանակվանից ի վեր ներպետական իրավունքում ու գործելակերպում զարգացումներ են տեղի ունեցել։ Իր հայտարարությունը հիմնավորելու համար Կառավարությունը ներպետական նախադեպային իրավունքից 15 օրինակ է ներկայացրել (շարադրվել են վերևում՝ 16-33-րդ կետերում), որտեղ քաղաքացիական դատարանները քննել են Քաղաքացիական օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի և 1087.2 հոդվածի համաձայն ներկայացված վարույթների տևողության չափազանց երկար լինելու մասին պնդումների վերաբերյալ հատուցման պահանջները։ Կառավարությունը պնդել է, որ ոչ նյութական վնասի հատուցման վերաբերյալ գործերի շուրջ 58%-ի քննությունը երեք դատական ատյաններում տևել է երեք տարի։
40. Կառավարությունը նշել է, որ Սահմանադրական դատարանն իր համապատասխան որոշմամբ նույնպես արձանագրել է, որ տվյալ ընթացակարգը ներպետական իրավունքի համակարգում ներդրվել է որպես վարույթների տևողության վերաբերյալ բողոքների համար իրավական պաշտպանության միջոց (տե՛ս վերևում՝ 15-րդ պարբերությունը)։ Կառավարությունը պնդել է, որ ինչպես նախատեսված է օրենսգրքի 1087.2 հոդվածի 9-րդ մասով, հայցվորները կարող էին պահանջել ողջամիտ ժամկետում իրենց լսված լինելու իրավունքի խախտման ճանաչում և միաժամանակ ներկայացնել հատուցման պահանջ։ Կառավարությունը պնդել է, որ թեև առավելագույն շեմ էր սահմանվել այն հատուցման գումարի համար, որի համար կարող էր պահանջ ներկայացվել, ներպետական դատարանները հատուցման չափը որոշելիս պետք է հաշվի առնեն մի շարք հանգամանքներ (Կառավարությունը հղում է կատարել Օրենսգրքի 1087․2 հոդվածի 5-րդ և 6-րդ կետերին)՝ ապահովելով հատուցման վերաբերյալ ցանկացած որոշման արդար և համարժեք լինելը։ Կառավարությունը վիճարկել է, որ այդպիսով դիմումատուները չեն օգտվել տվյալ իրավական պաշտպանության միջոցից։
բ) Դիմումատուները
41. Թիվ 13721/23 գանգատով դիմումատուները վիճարկել են Կառավարության առարկությունը հղում կատարելով «Ֆիլ» ՍՊԸ-ն գործով [Fil LLC] Դատարանի եզրակացություններին, պնդելով, որ Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ Հայաստանի ներպետական իրավական համակարգը չի նախատեսում որևէ հասանելի և արդյունավետ իրավական պաշտպանության միջոց վարույթների տևողության վերաբերյալ բողոքների համար։ Նրանք պնդել են, որ տվյալ իրավական պաշտպանության միջոցը չի համապատասխանում վարույթների չափազանց երկար տևողության վերաբերյալ բողոքների համար իրավական պաշտպանության միջոցների արդյունավետությանն առնչվող իր համապատասխան նախադեպային իրավունքում Դատարանի կողմից սահմանված չափանիշներին։ Դիմումատուներն ակնարկում էին, որ Հայաստանում քաղաքացիական դատարաններում քննվող վարույթների տևողությունը չափազանց երկար էր, ինչը բացասաբար էր ազդում ցանկացած այդպիսի իրավական պաշտպանության միջոցի արդյունավետության վրա։ Ուստի իրավական պաշտպանության միջոցները սպառելու կանոնի իմաստով, նրանք չեն ունեցել որևէ հասանելի ու արդյունավետ իրավական պաշտպանության միջոց։
42. Թիվ 34245/23 գանգատով դիմումատուները նույնպես առարկել են Կառավարության՝ իրավական պաշտպանության միջոցները չսպառելու վերաբերյալ պնդումներին։ Նրանք վիճարկել են Կառավարության կողմից առաջարկված քաղաքացիական իրավական պաշտպանության միջոցի արդյունավետությունը և հղում են կատարել վերոնշյալ «Ֆիլ» ՍՊԸ-ն [Fil LLC] և Վասիլյանը և այլք ընդդեմ Հայաստանի ([Կոմիտե], թիվ 20193/15 և եւս 2-ը, 2022 թվականի հունիսի 23) [Vassilyan and Others v. Armenia [Committee]] գործերով Դատարանի եզրակացություններին։ Ինչ վերաբերում է Կառավարության կողմից ներկայացված ներպետական նախադեպային իրավունքի օրինակներին, նրանք պնդել են, որ դատարանների գործելակերպը հետևողական չի եղել․ դատարանները նշանակել են նվազագույն չափով հատուցում կամ ամբողջությամբ մերժել են հատուցման պահանջները՝ առանց կիրառելու Կոնվենցիայի՝ դրանց առնչվող սկզբունքները։ Դիմումատուները վիճարկել են հատուցման վարույթների տևողությունը, որը որոշ դեպքերում տևել է չորս տարուց ավելի։ Նրանք նշել են, որ, օրինակ, թիվ ԵԴ/4961/02/18 գործով հատուցման վարույթի տևողությունը հիմնական վարույթի տևողությունից երկար է եղել, և ներպետական դատարանները եզրակացրել են, որ հիմնական վարույթի տևողությունը խնդրահարույց է, և վճիռ են կայացրել հայցվորի օգտին (տե՛ս վերևում՝ 25-րդ պարբերությունը)։ Դիմումատուները պնդել են, որ ներկայացված նախադեպային իրավունքի օրինակները ցույց են տալիս, որ ներպետական դատարանները հակված չեն եղել բավարարել հատուցման պահանջները: Ինչ վերաբերում է նախադեպային իրավունքի այն մի քանի օրինակներին, որտեղ այդ պահանջները բավարարվել են, դատարանների հիմնավորումը հետևողական չի եղել։ Ներպետական դատարանները չեն իրականացրել ողջամիտ ժամկետի պահանջի՝ Դատարանի կողմից սահմանված չափանիշներին համապատասխանության որևէ նշանակալի գնահատում, և նրանք կա՛մ չեն ներկայացրել որևէ հիմնավորում, կա՛մ այդ հիմնավորումը եղել է խիստ ձևական։ Դիմումատուները վիճարկել են հաստատված ներպետական գործելակերպի առկայությունը, քանի որ Կառավարության կողմից վկայակոչված գործերի մեծ մասը նույնիսկ չի ավարտվել վերջնական որոշման կայացմամբ, այլ դեռևս գտնվում է տարբեր դատարաններում քննության փուլում։ Դիմումատուները եզրափակել են՝ պնդելով, որ տվյալ իրավական պաշտպանության միջոցն անհամապատասխան է, գործնականում անհասանելի և չի կարող հատուցում ապահովել։
2. Դատարանի գնահատականը
ա) Ընդհանուր սկզբունքները
43. Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված պարտավորությամբ միայն պահանջվում է, որ դիմումատուն ունենա իրավական պաշտպանության միջոցներից օգտվելու պատշաճ հնարավորություն, որոնք, ըստ էության, պետք է լինեն արդյունավետ, համարժեք և մատչելի։ Մասնավորապես միակ իրավական պաշտպանության միջոցները, որոնք Կոնվենցիայի համաձայն պետք է սպառված լինեն, այն միջոցներն են, որոնք վերաբերում են ենթադրյալ խախտումներին և միաժամանակ հասանելի են և բավարար։ Իրավական պաշտպանության այդպիսի միջոցների առկայությունը պետք է լինի բավարար չափով որոշակի ոչ միայն տեսականորեն, այլև գործնականում, որպիսին չլինելու դեպքում դրանք չեն ունենա մատչելիության և արդյունավետության անհրաժեշտ մակարդակ (տե՛ս Սեյդովիչն ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [Sejdovic v. Italy [GC]], թիվ 56581/00, § 45, ՄԻԵԴ 2006-II, և Սկորդինոն ընդդեմ Իտալիայի (թիվ 1) [ՄՊ] [Scordino v. Italy (no. 1) [GC], թիվ 36813/97, § 142, ՄԻԵԴ 2006-V]):
44. Ինչ վերաբերում է ողջամիտ ժամկետի պահանջին, իրավական պաշտպանության միջոցը «արդյունավետ» է, եթե այն ապահովում է դատարանների կողմից, որոնց փոխանցվել է գործը, որոշման արագ կայացումը կամ արդեն իսկ արձանագրված ձգձգումների համար տուժող կողմին պատշաճ փոխհատուցման տրամադրումը (տե՛ս վերևում հիշատակված՝ Սկորդինոյի գործը, § 195, Սյուրմելին ընդդեմ Գերմանիայի [ՄՊ] [Sürmeli v. Germany [GC]], թիվ 75529/01, § 99, ՄԻԵԴ 2006-VII, և Ռուտկովսկին և այլք ընդդեմ Լեհաստանի [Rutkowski and Others v. Poland], թիվ 72287/10 և 2 այլ գործեր, § 173, 2015 թվականի հուլիսի 7):
45. Անվիճելի է, որ, ինչպես շատ ոլորտներում, բացարձակապես լավագույն լուծումը կանխումն է (տե՛ս Սկորդինոյի գործը, § 183, և «ՖԻԼ» ՍՊԸ-ի գործը, § 47, որոնք երկուսն էլ նշված են վերևում)։ Սակայն պետությունները կարող են նախընտրել ներդնել միայն փոխհատուցման միջոցը` չհամարելով այն անարդյունավետ միջոց (տե՛ս վերևում հիշատակված՝ «ՖԻԼ» ՍՊԸ-ի գործը, § 47, և Բալակչիևը և այլք ընդդեմ Բուլղարիայի (որոշում) [Balakchiev and Others v. Bulgaria (dec.)], թիվ 65187/10, § 57, 2013 թվականի հունիսի 18, հետագա հղումներով)։
46. Սկորդինոյի գործով (վերևում հիշատակված) վճռով Դատարանը սահմանել է չափազանց երկար դատական վարույթների դեպքում փոխհատուցման միջոցի արդյունավետության ստուգման հիմնական չափանիշները։ Այդ չափանիշներն են (§§ 195-207)՝
i) փոխհատուցման պահանջը կարգավորող դատավարական կանոնները պետք է համապատասխանեն Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդարության սկզբունքին.
ii) փոխհատուցման պահանջի վերաբերյալ լսումը պետք է անցկացվի ողջամիտ ժամկետում.
iii) դատական ծախսերին վերաբերող կանոններով չպետք է չափազանց մեծ բեռ դրվի դատավարության մասնակիցների վրա, եթե նրանց պահանջը հիմնավոր է.
iv) փոխհատուցման չափը չպետք է անհամաչափ լինի համանման գործերով Դատարանի կողմից հատուցման չափերին.
v) փոխհատուցումը պետք է վճարվի անհապաղ, որպես կանոն, այն օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս հետո, երբ փոխհատուցում շնորհող որոշումը դառնում է կատարման ենթակա։
47. Դատարանը կրկին նշում է, որ վարույթի տևողության վերաբերյալ բողոք ներկայացնելու համար ներպետական մակարդակում դատավարության մասնակիցներին հասանելի միջոցը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ի կետի իմաստով համարվում է «արդյունավետ» միայն այն դեպքում, երբ այն վերաբերում է այն վարույթի բոլոր փուլերի նկատմամբ, որի վերաբերյալ ներկայացվել է բողոք, և ըստ այդմ՝ Դատարանի կողմից կայացված որոշման համանմանությամբ՝ կարող հաշվի է առնում դրանց ընդհանուր տևողությունը (տե՛ս Կիրինչիչը և այլք ընդդեմ Խորվաթիայի [Kirinčić and Others v. Croatia], թիվ 31386/17, § 110, 2020 թվականի հուլիսի 30, հետագա հղումներով)։
48. Եթե պետությունը կատարել է զգալի քայլ՝ ներդնելով փոխհատուցման միջոցը, ապա Դատարանը պետք է պետությանը վերապահի հայեցողական լիազորությունների ավելի լայն շրջանակ, որպեսզի հնարավորություն ընձեռի նրան կազմակերպելու իրավական պաշտպանության միջոցի կիրառումն այնպես, որ այն համապատասխանի իր իրավական համակարգին և ավանդույթներին, ինչպես նաև տվյալ երկրի կենսամակարդակին։ Դատարանը պետք է ստուգի՝ արդյոք ներպետական իրավունքի մեկնաբանությունը և կիրառությունն առաջ են բերում այնպիսի հետևանքներ, որոնք համապատասխանում են Դատարանի նախադեպային իրավունքի լույսի ներքո մեկնաբանված՝ Կոնվենցիայի սկզբունքներին։ Սուբսիդիարության սկզբունքը չի նշանակում ներպետական իրավական պաշտպանության միջոցների կիրառումից ստացված արդյունքների նկատմամբ վերահսկողությունից ամբողջությամբ հրաժարում, քանի որ Կոնվենցիան կոչված է երաշխավորելու ոչ թե տեսական կամ մտացածին իրավունքներ, այլ իրավունքներ, որոնք գործնականում կիրառելի են և արդյունավետ (տե՛ս Կոչիարելլան ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [Cocchiarella v. Italy [GC]], թիվ 64886/01, §§ 80-83, ՄԻԵԴ 2006-V, և վերևում հիշատակված՝ Սկորդինոյի գործը, §§ 189-192)։
49. Միայն այն հանգամանքը, որ ներպետական մակարդակում դիմումատուներին շնորհված փոխհատուցումը չի համապատասխանում համադրելի գործերով Դատարանի կողմից շնորհված փոխհատուցման չափերին, միջոցն անարդյունավետ համարելու հիմք չէ (տե՛ս Կայչը և այլք ընդդեմ Խորվաթիայի [Kaić and Others v. Croatia], թիվ 22014/04, 2008 թվականի հուլիսի 17, § 39, հետագա հղումներով)։
50. Ինչ վերաբերում է նյութական վնասին, ներպետական դատարաններն ակնհայտորեն ավելի բարենպաստ դիրքում են՝ դրա առկայությունը և չափը որոշելու համար (տե՛ս վերևում հիշատակված՝ Սկորդինոյի գործը, § 203)։ Դրությունն այլ է ոչ նյութական վնասի դեպքում. այսպիսի դեպքերում դատարանների պատճառաբանության հիմքում պետք է ընկած լինի ծանրակշիռ, սակայն հերքելի կանխավարկած, ըստ որի՝ չափազանց երկար վարույթներն առաջացնում են ոչ նյութական վնաս (տե՛ս Մարտինշ դե Կաշտրուն և Ալվեշ Կոռեյրա դե Կաշտրուն ընդդեմ Պորտուգալիայի [Martins Castro and Alves Correia de Castro], թիվ 33729/06, § 54, 2008 թվականի հունիսի 10)։
51. Դատարանն ընդունում է, որ որոշ դեպքերում վարույթների տևողությունը կարող է հանգեցնել միայն նվազագույն չափով ոչ նյութական վնասի կամ բացարձակապես չհանգեցնել ոչ նյութական վնասի (տե՛ս վերևում հիշատակված՝ Կոչիարելլայի գործը, §§ 96-97)։ Այս դեպքում ներպետական դատարանները ստիպված կլինեն հիմնավորել իրենց որոշումները՝ ներկայացնելով բավարար հիմքեր (տե՛ս վերևում հիշատակված՝ Սկորդինոյի գործը, § 204, և վերևում հիշատակված՝ Մարտինշ դե Կաշտրույի և Ալվեշ Կոռեյրա դե Կաշտրույի գործը, § 54)։
բ) Վերոնշյալ սկզբունքների կիրառումը սույն գործով
52. Դատարանը նշում է, որ վարույթների տևողության վերաբերյալ գործերով նախկինում մերժել է Կառավարության կողմից ներկայացված՝ իրավական պաշտպանության միջոցները չսպառելու վերաբերյալ առարկությունները (տե՛ս վերևում հիշատակված՝ «ՖԻԼ» ՍՊԸ-ի գործը, §§ 42 և 48-51)։ Մասնավորապես «ՖԻԼ» ՍՊԸ-ի գործով Դատարանը մերժել է Կառավարության այն պնդումը, որ դիմումատու ընկերությանը հասանելի է եղել ընթացիկ քաղաքացիական վարույթի ընթացքն արագացնող վարույթ (նույն տեղում, § 48): Ավելին, Կառավարությունը չի առաջարկել որևէ ընթացակարգ, որով հնարավոր կլիներ փոխհատուցում պահանջել արձանագրված ձգձգումների համար (նույն տեղում, § 49):
53. Մի շարք հաջորդող գործերով Կառավարությունը ներկայացրել է իրավական պաշտպանության միջոցները չսպառելու վերաբերյալ առարկություն՝ պնդելով, որ 2016 թվականի հունվարի 1-ից ներպետական իրավունքով դատավարության մասնակիցներին հնարավորություն է տրվել գործի քննությունը ողջամիտ ժամկետում իրականացնելու վերաբերյալ բողոքների շրջանակներում ոչ նյութական վնասի համար պահանջել փոխհատուցում։ Մասնավորապես նրանք հիշատակել են Քաղաքացիական օրենսգրքի 162.1 և 1087.2 հոդվածներով նախատեսված ընթացակարգը (տե՛ս վերևում՝ 6-րդ պարբերությունը)։ Այս գործերով, սակայն, Դատարանը վճռել է, որ գոյություն չունի «ՖԻԼ» ՍՊԸ-ի գործով իր եզրահանգումներից շեղում կատարելու որևէ հիմք, քանի որ Կառավարությունը չի հիմնավորել իրենց կողմից հիմք ընդունված իրավական պաշտպանության միջոցի՝ գործնականում արդյունավետությունը (տե՛ս վերևում հիշատակված՝ Վասիլյանի և այլոց գործը, §§ 7-9, Լմնցյանը և Սլոյանն ընդդեմ Հայաստանի [Կոմիտե] [Lmntsyan and Sloyan v. Armenia [Committee]], թիվ 41973/19 և 51266/19, § 10, 2023 թվականի փետրվարի 9, Նիկողոսյանը և այլք ընդդեմ Հայաստանի [Կոմիտե] [Nikoghosyan and Others v.Armenia] [Կոմիտե] գործը, 4396/21 և 2 այլ գործեր, § 9, 2023 թվականի դեկտեմբերի 14, Հարությունյանը և Հակոբյանն ընդդեմ Հայաստանի [Կոմիտե] [Harutyunyan and Hakobyan v. Armenia [Committee], թիվ 34544/21 and 3920/22, § 9, 2023 թվականի դեկտեմբերի 14, և Ոսկանյանը և այլք ընդդեմ Հայաստանի [Կոմիտե] [Voskanyan and Others v. Armenia [Committee]], թիվ 54225/22, § 6, 2024 թվականի հոկտեմբերի 24)։
54. Սույն գործի շրջանակներում բերված իր փաստարկներում Կառավարությունը պնդել է, որ վերոնշյալ գործերով Դատարանի կողմից վճիռներ կայացվելուց ի վեր ներպետական գործելակերպում տեղի են ունեցել փոփոխություններ, ինչն էլ հիմնավորում է իրավական պաշտպանության միջոցների հարցի վերանայման անհրաժեշտությունը։
55. Այս առումով Դատարանը նշում է, որ Հայաստանի ներպետական համակարգով չի նախատեսվում դատական վարույթը կանխող կամ արագացնող հատուկ միջոց։ Կառավարության կողմից հիմք ընդունված փոխհատուցման միջոցն ուղղակիորեն չի մշակվել վարույթների տևողությամբ պայմանավորված արձանագրված ձգձգումների հետևանքով ներկայացված փոխհատուցման պահանջները քննելու համար։ Իսկապես, 162.1 հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետում առկա չէ որևէ նշում ողջամիտ ժամկետի պահանջի մասին։ Փոխարենը, դրանով նախատեսվում է «արդար դատաքննության իրավունքի» խախտման դեպքում ոչ նյութական վնասի համար փոխհատուցում պահանջելու ընդհանուր իրավունք։ Ինչպես նշվել է վերևում՝ 48-րդ պարբերության մեջ, Դատարանը պետք է պետությանը վերապահի հայեցողական լիազորությունների ավելի լայն շրջանակ, որպեսզի հնարավորություն ընձեռի նրան կազմակերպելու իրավական պաշտպանության միջոցի կիրառումն այնպես, որ այն համապատասխանի իր իրավական համակարգին և ավանդույթներին, ինչպես նաև տվյալ երկրի կենսամակարդակին (տե՛ս այդ պարբերության մեջ նախադեպային իրավունքին արված հղումները)։ Հաշվի առնելով վերևում՝ 43-51-րդ պարբերությունների մեջ նշված սկզբունքները, ինչպես նաև ձգձգման համար հատուկ սահմանված միջոցի բացակայությունը՝ շարունակում է արդիական մնալ այն պնդումը, որ ենթադրաբար գոյություն ունեցող իրավական պաշտպանության միջոցի մշակումը և հասանելիությունը, այդ թվում՝ դրա գործողության շրջանակը և կիրառությունը, պետք է հստակ սահմանվի և հաստատվի կամ լրացվի գործելակերպով կամ նախադեպային իրավունքով (տե՛ս ՄքՖարլեյնն ընդդեմ Իռլանդիայի [ՄՊ] [McFarlane v. Ireland [GC]], թիվ 31333/06, § 120, 2010 թվականի սեպտեմբերի 10)։ Ավելին, Դատարանը պետք է ստուգի՝ արդյոք կիրառված ընթացակարգն առաջ է բերում այնպիսի հետևանքներ, որոնք համապատասխանում են Դատարանի նախադեպային իրավունքի լույսի ներքո մեկնաբանված՝ Կոնվենցիայի սկզբունքներին (տե՛ս վերևում՝ 48-րդ պարբերությունը)։ Հետևաբար հաշվի առնելով փոխհատուցման միջոցների առնչությամբ իր նախադեպային իրավունքում մշակված հիմնական չափանիշները (տե՛ս վերևում՝ 46-47-րդ պարբերությունները)՝ Դատարանը պետք է պարզի՝ արդյոք Կառավարության կողմից հիմք ընդունված ընթացակարգը կարող է համարվել վարույթների տևողության վերաբերյալ բողոքների համար հասանելի և արդյունավետ միջոց (համեմատե՛ք վերևում հիշատակված՝ Բալակչիևի և այլոց գործը, §§ 53-57, և Թեքնիկի Օլիմպիակի Ա.Ի.-ն ընդդեմ Հունաստանի (որոշում) [Techniki Olympiaki A.E. v. Greece (dec.)], թիվ 40547/10, §§ 35 և 41, 2013 թվականի հոկտեմբերի 1)։
i) Դատավարական երաշխիքները և դատական վերանայման շրջանակը
56. Քաղաքացիական օրենսգրքի 162.1 և 1087.2 հովածներով ներկայացված փոխհատուցման պահանջները քննվում են սովորական քաղաքացիական դատավարության շրջանակներում։ Կիրառվում են քաղաքացիական հայցերը կարգավորող բոլոր դատավարական կանոնները, որի արդյունքում կայացվում է դատարանի՝ իրավական պարտադիր ուժ ունեցող որոշում։
57. Կառավարության կողմից նշված ներպետական գործելակերպը ցույց է տալիս, որ ողջամիտ ժամկետի պահանջը գնահատելիս ներպետական դատարանները գործի քննության ընթացքում հղում են կատարում Դատարանի նախադեպային իրավունքում սահմանված համապատասխան չափանիշներին (տե՛ս վերևում՝ 22-րդ կետը), մասնավորապես՝ գործի բարդությունը, հայցվորի և իշխանության համապատասխան մարմինների վարքագիծը, ինչպես նաև այն, թե վեճի մեջ հայցվորի համար որն է եղել խնդրո առարկան (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Կուդլան ընդդեմ Լեհաստանի [ՄՊ] [Kudła v. Poland [GC]], թիվ 30210/96, § 124, ՄԻԵԴ 2000‑XI, և վերևում հիշատակված՝ Ֆրիդլենդերի գործը, § 43)։ Ողջունելի է, որ ներպետական դատարանները հաշվի են առնում այս նկատառումները, քանի որ դա ի ցույց է դնում իրենց վճիռներում Կոնվենցիան լիարժեք գործողության մեջ դնելու նրանց հանձնառությունը։
58. Այնուամենայնիվ, որոշ գործերի դեպքում, որոնց քննությունն ավարտվել է վերջնական որոշման կայացմամբ, ներպետական դատարաններն ապացուցման բեռը դնում են հայցվորի վրա՝ ի ցույց դնելու, որ չնայած առաջին հայացքից երկարատև լինելու հանգամանքին՝ վարույթները կարող էին իրականացվել ավելի արագ, կամ դատական նիստերը կարող էին ողջամտորեն ավելի վաղ նշանակվել։ Այդպիսի պատկերավոր օրինակներից մեկում (գործ թիվ ԵԴ/31299/02/19, որն ամփոփ ներկայացվել է վերևում՝ 18-րդ պարբերության մեջ) Վարչական դատարանում անցկացվող հիմնական վարույթը տևել է հինգուկես տարի, և այդ դատարանից պահանջվել է ևս մեկ տարի՝ հայցվորին իր վճռի մասին ծանուցելու համար։ Փոխհատուցման գործով վարույթի ընթացքում Երևանի դատարանը, չնայած այն հանգամանքին, որ նշել է, որ գործի բարդությունը չի կարող լինել վարույթի տևողության հիմնավորում, մերժել է փոխհատուցման պահանջը, քանի որ հայցվորը չի ներկայացրել բոլոր դատական նիստերի ձայնագրությունները՝ ապացուցելու համար, որ վարույթի տևողությունը պայմանավորված չի եղել նրա վարքագծով։ Վարույթի վերսկսման վերաբերյալ համապատասխան դատական որոշումների բացակայության պայմաններում Երևանի դատարանը վճռել է, որ այն չի կարող որոշել՝ արդյոք վարույթի տևողությունը պայմանավորված է Վարչական դատարանի գործողություններով, թե՝ ոչ, չնայած այն հանգամանքին, որ հայցվորը ներպետական տվյալների բազայից ներկայացրել է քաղվածքներ, որոնցում արձանագրված է բոլոր դատական նիստերի ժամանակագրությունը։ Ավելին, Երևանի դատարանն անդրադարձ չի կատարել այն հանգամանքին, թե որքան ժամանակ է պահանջվել Վարչական դատարանից իր որոշման մասին հայցվորին ծանուցելու համար։ Մեկ այլ օրինակից (գործ թիվ ԵԴ/1152/02/20, որն ամփոփ ներկայացված է վերևում՝ 19-րդ պարբերության մեջ) պարզ է դառնում, որ Երևանի դատարանը պահանջել է հայցվորից ապացուցել, որ համապատասխան նիստերը կարող էին ողջամտորեն նշանակվել ավելի վաղ։ Պարզ չէ նաև, թե ինչպես պետք է հայցվորը ենթադրաբար արագացներ վարույթի ընթացքը, ինչպես առաջարկել է վերաքննիչ դատարանը, եթե ներպետական իրավունքով այդպիսի հնարավորություն չի ընձեռվում (տե՛ս վերևում հիշատակված՝ «ՖԻԼ» ՍՊԸ-ի գործը, § 49, տե՛ս նաև վերևում՝ 15-րդ պարբերության մեջ ամփոփ ներկայացված Սահմանադրական դատարանի որոշումը)։ Ցանկացած պարագայում դիմումատուների կողմից վարույթի ընթացքի արագացման բոլոր միջոցները չօգտագործելու հնարավոր դեպքում պետությունը չի ազատվում վարույթների՝ ողջամիտ ժամկետում իրականացումն ապահովելու իր ընդհանուր պարտավորությունից (տե՛ս Վասիլիոս Աթանասիրուն և այլք ընդդեմ Հունաստանի [Vassilios Athanasiou and Others v. Greece], թիվ 50973/08, § 28, 2010 թվականի դեկտեմբերի 21)։
59. Չնայած անհիմն չէ հայցվորներից պահանջել առերևույթ ապացուցել, որ ձգձգումը տեղի է ունեցել իշխանության մարմինների մեղքով, ներպետական դատարանների պահանջներով, որոնց համաձայն հայցվորը՝ i) պետք է ներկայացնի բոլոր դատական նիստերի ձայնագրությունները՝ ապացուցելու համար, որ վարույթի տևողությունը պայմանավորված չի եղել իր վարքագծով, և ii) պետք է ապացուցի, որ հիմնական վարույթի շրջանակներում նիստերը կարող էին նշանակվել ավելի վաղ, չնայած այն հանգամանքին, որ այդ վարույթների ընդհանուր տևողությունը ճանաչվել է առերևույթ չափազանց երկար, չափազանց ծանր բեռ է դրվում հայցվորի վրա։ Այս պահանջով ապացուցման բեռը պետությունից, որի ներկայացուցիչները եղել են վարույթի կողմ, և որը կրում է դատական վարույթի կազմակերպման և ղեկավարման հիմնական պատասխանատվությունը (տե՛ս Սյումելիի գործը, § 129, և Սկորդինոյի գործը, § 183, որոնք երկուսն էլ նշված են վերևում), փաստացի տեղափոխվում և ընկնում է առանձին անհատի վրա՝ ապացուցելու բացասական փաստերը և դատավարության անցկացման ժամկետների ենթադրյալ այլընտրանքային տարբերակները, ինչը հայեցողական լիազորություն է և Հայաստանի քաղաքացիական և վարչական դատավարության շրջանակներում վերապահված է բացառապես դատարանին։
60. Վերոնշյալ մոտեցումն ամենայն հավանականությամբ բխում է այն փաստից, որ տվյալ ընթացակարգի շրջանակներում սկզբնապես նախատեսված չի եղել ողջամիտ ժամկետի պահանջի վերաբերյալ բողոքների քննության իրականացում, այլ այն աստիճանաբար փոփոխության է ենթարկվել այդ գործառույթը կատարելու նպատակով՝ չունենալով, սակայն, այդպիսի գործերով ապացուցման բեռի բաշխումը կարգավորող հստակ իրավական շրջանակ։ Արդյունքում հայցվորներից փաստացի պահանջվում է ապացուցել, որ ողջամիտ ժամկետի պահանջը խախտվել է նույնիսկ այն դեպքերում, երբ ձգձգման փաստը եղել է ակնհայտ, ինչը հետևաբար ազդում է տվյալ միջոցի գործնական արդյունավետության վրա։
ii) Արագությունը
61. Քաղաքացիական օրենսգրքի 162.1 և 1087.2 հոդվածներով ներկայացված վարույթի չափազանց երկար տևողության վերաբերյալ փոխհատուցման պահանջների քննությունը չի իրականացվում պարզեցված ընթացակարգով։ Ինչպես նաև սահմանված չէ այդպիսի պահանջների քննության կոնկրետ ժամկետ, որոնք փոխարենը դիտարկվում են երեք ատյանի մակարդակից բաղկացած սովորական քաղաքական դատական վարույթների շրջանակներում։
62. Անդրադառնալով Կառավարության կողմից նշված ներպետական գործելակերպին՝ ներկայացված նախադեպային իրավունքի 15 օրինակից միայն 6 գործով է ավարտվել փոխհատուցման պահանջով վարույթը (տե՛ս վերևում՝ 16-21-րդ պարբերությունները), իսկ մնացած գործերի քննությունը, համաձայն կողմերի կողմից ներկայացված ապացույցի, դեռևս գտնվում է ընթացքի մեջ տարբեր դատարաններում։
63. Ավարտված գործերից չորսով վարույթն իրականացվել է մոտ երկուսից (տե՛ս վերևում՝ 16-րդ պարբերությունը) երեք տարի (տե՛ս վերևում՝ 17-րդ, 19-րդ և 21-րդ պարբերությունները)՝ երեք ատյանի մակարդակով։ Մնացած երկու գործի՝ երեք ատյանի մակարդակով քննությունը տևել է ավելի քան երեքից չորս տարի (տե՛ս վերևում՝ 18-րդ և 20-րդ պարբերությունները)։
64. Քննության փուլում գտնվող գործերի մանրամասները ներկայացված են ստորև։
i) Չորսը քննվում էին առաջին կամ երկրորդ ատյանի դատարաններում մոտ երեքից չորս տարի տևողությամբ (տե՛ս վերևում՝ 26-29-րդ պարբերությունները).
ii) մեկ գործով վարույթը տևել է ավելի քան երկուսուկես տարի երկու ատյանի մակարդակում, և պարզ չէ՝ արդյոք վարույթը շարունակվել է նաև Վճռաբեկ դատարանում (տե՛ս վերևում՝ 31-րդ պարբերությունը).
iii) մեկ այլ գործով պատասխանողի վճռաբեկ բողոքը դեռևս գտնվում է Վճռաբեկ դատարանում՝ քննության փուլում, իսկ վարույթն ընթանում է արդեն ավելի քան հինգ տարի՝ երեք դատական ատյաններում (տե՛ս վերևում՝ 25-րդ պարբերությունը)։
Ինչ վերաբերում է մնացած երեք գործերին, դրանցից մեկով առաջին ատյանի դատարանը դեռևս չի կայացրել ըստ էության որոշում (տե՛ս վերևում՝ 30-րդ պարբերությունը)։ Մյուս երկու գործերով (տե՛ս վերևում՝ 32-33-րդ պարբերությունները) վարույթները դեռևս գտնվում էին քննության փուլում համապատասխան վերաքննիչ դատարանում այն ժամանակ, երբ կողմերը ներկայացնում էին իրենց փաստարկները։
65. Դատարանը կրկին նշում է, որ փոխհատուցման միջոցին վերաբերող վարույթի տևողության համար կիրառելի պայմանները չեն կարող լինել նույնը, ինչ սովորական վարույթների տևողությունը գնահատելիս օգտագործվող պայմանները, մասնավորապես՝ հաշվի առնելով այն փաստը, որ փոխհատուցման պահանջով վարույթները, որպես կանոն, բարդ չեն (տե՛ս Գալիանո Ջորջին ընդդեմ Իտալիայի [Gagliano Giorgi v. Italy], թիվ 23563/07, § 69, ՄԻԵԴ 2012 (քաղվածքներ))։ Պետությունները պետք է գործեն օպերատիվ՝ խախտման հնարավորինս արագ ճանաչումը և վերացումն ապահովելու համար, և բացառությամբ բացառիկ հանգամանքների՝ դրա տևողությունը երկու ատյանների մակարդակում չպետք է գերազանցի երկու տարի և վեց ամիս ժամկետը, ներառյալ՝ իրականացումը (նույն տեղում, § 73, վերևում հիշատակված՝ ՄքՖարլեյնի գործը, § 123, հետագա հղումներով, և Մարշալը և այլք ընդդեմ Մալթայի [Marshall and Others v. Malta], թիվ 79177/16, § 88, 2020 թվականի փետրվարի 11)։
66. Վերևում նշված ներպետական նախադեպային իրավունքի օրինակներն ի ցույց են դնում, որ առավել հաճախ փոխհատուցման պահանջով վարույթները տևում են մի քանի տարի. սա միայն վարույթի դատական փուլն է, քանի որ հաջողությամբ ավարտված գործով հայցվորը պետք է դեռևս սպասի շնորհված փոխհատուցման գումարի փաստացի վճարմանը։ Փոխհատուցման պահանջները, այսպիսով, քննվում են երեք ատյանի մակարդակում՝ այդ պահանջների քննության համար չսահմանելով որևէ կոնկրետ ժամկետ, որպիսի հանգամանքով էլ պայմանավորված է այս վարույթների՝ երբեմն ընդհանուր առմամբ ավելի քան երեքից չորս տարի տևողությունը (որպես համեմատություն՝ Դիմիտրովը և Համանովն ընդդեմ Բուլղարիայի [Dimitrov and Hamanov v. Bulgaria], թիվ 48059/06 և 2708/09, § 97, 2011 թվականի մայիսի 10)։ Դատարանն արդեն իսկ հնարավորություն է ունեցել արձանագրելու, որ մի քանի պետություն նախընտրել են ներդնել փոխհատուցման շնորհման վարչական մեխանիզմ, որը կարող է բողոքարկվել միայն մեկ ատյանի դատարանում (որպես համեմատություն՝ վերևում հիշատակված՝ Բալակչիևի և այլոց գործը, § 59), կամ սահմանափակել փոխհատուցման գործով վարույթների անցկացման շրջանակը մեկ կամ երկու դատարանով (նույն տեղում, § 68-ի վերջում) կամ էլ փոխհատուցման գործով վարույթների ձգձգումները փոխհատուցում է՝ ավելացնելով դատարանի կողմից շնորհված գումարի չափը (տե՛ս Սարտորին ընդդեմ Ֆրանսիայի [Sartory v. France], թիվ 40589/07, § 26, 2009 թվականի սեպտեմբերի 24, և Վալադա Մատուշ դաս Նեվեշն ընդդեմ Պորտուգալիայի [Valada Matos das Neves v. Portugal], թիվ 73798/13, § 93, 2015 թվականի հոկտեմբերի 29)։ Այնուամենայնիվ, Հայաստանի իրավունքով թերևս այդպիսի հնարավորություն չի ընձեռնվում, կամ էլ վարույթների չափազանց երկար տևողության վերաբերյալ որոշումներ կայացնելիս չի թվում, թե դատարանները հաշվի են առնում իրենց կողմից թույլ տրված ձգձգումները։ Դատարանի կարծիքով՝ վարույթների տևողության հետ կապված ուղղիչ միջոցն աննպատակ է, եթե իրավական պաշտպանության միջոցի տրամադրման վարույթներն ինքնին շարունակվում են մի քանի տարի երեք ատյանների մակարդակում, քանի որ խախտման համար իրավական պաշտպանության միջոց ծառայելու փոխարեն, ինչը Կոնվենցիայով սահմանված իրավունք է, այդ գործողությունը դառնում է ևս մեկ արարք խախտումների շղթայում, որի համար ամենայն հավանականությամբ կպահանջվի իրավական պաշտպանության միջոց։
iii) Ծախսերը
67. Հիմնարար իրավունքների խախտումը ճանաչելու վերաբերյալ հայցադիմումների համար կիրառվում է ֆիքսված պարզ պետական տուրք, որը պետք է վճարվի յուրաքանչյուր ատյանի համար, ընդ որում, այդ վճարն ավելանում է ըստ դատական ատյանների (տե՛ս վերևում՝ 11-րդ և 23-րդ պարբերությունները)։ Սակայն ոչ դրամական պահանջով հարակից հայցադիմումների համար պետական տուրքը հաշվարկվում է որպես պահանջվող գումարի ֆիքսված տոկոս, ընդ որում, այդ տոկոսն ավելանում է յուրաքանչյուր հաջորդ ատյանի մակարդակում (նույն տեղում)։ Դատարանը հաշվի է առնում այն հանգամանքը, որ հայցվորները կարող են նաև դիմել պետական տուրքի վճարումից ազատվելու կամ հետաձգելու միջնորդությամբ՝ ելնելով իրենց ֆինանսական դրությունից (տե՛ս վերևում՝ 12-րդ և 13-րդ պարբերությունները), և որ հայցվորները, որոնց հայցապահանջները բավարարվել են, կարող են փոխհատուցում ստանալ իրենց ծախսերի համար, ներառյալ՝ պետական տուրքը (տե՛ս վերևում՝ 8-րդ պարբերությունը, ինչպես նաև վերևում՝ 20-րդ պարբերության մեջ նշված նախադեպային իրավունքից բերված կոնկրետ օրինակը)։ Այնուհանդերձ, ոչ նյութական վնասի համար շնորհվող փոխհատուցման հնարավոր գումարի չափերի գնահատման գործընթացի դժվարին լինելու հանգամանքով պայմանավորված՝ տոկոսային սկզբունքով հաշվարկվող պետական տուրքի համակարգը դառնում է բավականին խնդրահարույց։ Քանի որ համակարգն ավտոմատացված է, սա կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակի, երբ դատական ծախսերը վնասի համար շնորհված փոխհատուցման գումարի համեմատ ավելի բարձր լինեն, ինչի հետևանքով տվյալ փոխհատուցման միջոցը կարող է դառնալ պակաս հասանելի (համեմատե՛ք Ստանկովն ընդդեմ Բուլղարիայի [Stankov v. Bulgaria], թիվ 68490/01, §§ 62-65, 2007 թվականի հուլիսի 12)։ Դատարանը նշում է, որ այսպիսի իրավիճակներից խուսափելու համար անդամ պետությունների իրավական համակարգերում գործում են տարբեր ընթացակարգային լուծումներ։ Որոշ իրավական համակարգերում, օրինակ, պետության դեմ հարուցված վնասների փոխհատուցման վարույթների համար բացարձակապես սահմանված չէ դատական ծախսերի վճարման պարտավորություն, կամ վճարվում է փոքր և պարզ վճար (նույն տեղում, § 66)։
iv) Փոխհատուցման չափը
68. Փոխհատուցման չափը որոշելիս ներպետական դատարաններն առաջնորդվում են ողջամտության, արդարացիության և համաչափության սկզբունքներով, որոնք ինքնին Դատարանն է կիրառում այդպիսի որոշումներ կայացնելիս։ Ավելին, փոխհատուցման չափը որոշելիս հաշվի են առնվում յուրաքանչյուր գործի կոնկրետ հանգամանքները։ Ինչ վերաբերում է հատուցման սահմանաչափին, 2 միլիոն ՀՀ դրամի չափով առավելագույն շեմը (մոտ 4 500 եվրո) ընձեռում է լայն հնարավորություն Դատարանի՝ փոխհատուցման չափանիշներին համապատասխանությունն ապահովելու համար (որպես համեմատություն՝ վերևում հիշատակված՝ Բալակչիևի և այլոց գործը, § 71)։ Ավելին, համաձայն Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման՝ սահմանաչափն այլևս արգելք չէ 1087.2 հոդվածում նշված գումարը գերազանցող չափով հատուցում շնորհելու համար (տե՛ս վերևում՝ 14-րդ պարբերությունը)։
69. Այդուհանդերձ, Կառավարության կողմից ներկայացված վեց վերջնական վճիռներից միայն երկու գործով են բավարարվել հայցադիմումները։ Մեկ գործով (տե՛ս վերևում՝ 20-րդ պարբերությունը) շնորհված գումարի չափը եղել է համանման հանգամանքներում Դատարանի կողմից, որպես կանոն, շնորհվող գումարի չափից զգալի ցածր (մոտ 50%-ով ցածր), որն է՛լ ավելի է կրճատվել դատական ծախսերի վճարման հետևանքով, քանի որ հայցադիմումն բավարարվել է միայն մասամբ։ Ինչ վերաբերում է երկրորդ գործին, այն ամբողջությամբ չի վերաբերել գործի քննությունը ողջամիտ ժամկետում իրականացնելու վերաբերյալ բողոքին, հետևաբար պարզ չէ՝ ինչպես է որոշվել փոխհատուցման չափը (տե՛ս վերևում՝ 21-րդ պարբերությունը)։ Դատարանը կրկին նշում է, որ ներպետական մակարդակով շնորհված փոխհատուցման չափը կարող է դիտարկվել որպես իրավական պաշտպանության միջոցի համարժեքության գնահատման կարևոր տարր (որպես համեմատություն՝ վերևում հիշատակված՝ Բալակչիևի և այլոց գործը, § 70)։ Սույն գործի շրջանակներում Դատարանը չի կարողացել այս առնչությամբ հստակ եզրակացության հանգել այն պատճառով, որ գոյություն չի ունեցել հետևողական ներպետական գործելակերպ, որով արտացոլվում է հատուցման շնորհման չափանիշների կիրառումը։
v) Փոխհատուցման վճարումը
70. Դատարանը չի կարող ենթադրություններ անել այն հարցի վերաբերյալ, թե արդյոք փոհատուցումը, որոնք ապագայում կշնորհվի դիմումատուներին, կվճարվի պատշաճ ժամկետում։ Բավարար է ևս մեկ անգամ կրկնել, որ փոխհատուցումը պետք է վճարվի անհապաղ և, որպես կանոն, ոչ պակաս, քան փոխհատուցում շնորհելու մասին որոշումը կատարման ենթակա դառնալու օրվանից վեցամսյա ժամկետում (տե՛ս վերևում հիշատակված՝ Սկորդինոյի գործը, § 198)։
vi) Եզրակացություն
71. Տվյալ փոխհատուցման միջոցի ձևավորումը, որը դարձել է վարույթների չափազանց երկար տևողության համար փոխհատուցում պահանջելու մեխանիզմ, և ներպետական դատարանների կողմից Դատարանի նախադեպային իրավունքին ապավինելը դրական իրադարձություններ են, որոնք պետք է ողջունել։ Այնուամենայնիվ, չնայած ընթացակարգը գործում է 2016 թվականի հունվարից, այսինքն՝ ավելի քան մեկ տասնամյակ, պատասխանող Կառավարությունը, ի հիմնավորումն այս ընթացակարգի գործողության, ներկայացրել է նախադեպային իրավունքի ընդամենը վեց օրինակ, որոնց դեպքում գործերը եղել են ավարտված, ինչն էլ թերևս հաստատում է, որ դատավարության մասնակիցներն այն արդյունավետ չեն համարում։
72. Դատարանը հաշվի է առնում վերևում նշված էական թերությունները, մասնավորապես՝ վարույթների չափազանց երկար տևողության համար փոխհատուցման պահանջների կարգավորման նպատակով հատուկ նախատեսված իրավական շրջանակի բացակայությունը, ներպետական դատարանների կողմից ապացուցման բեռը հայցվորի վրա անհամաչափ դնելը և բացասական փաստերի ապացուցման պահանջ ներկայացնելը, ներպետական գործելակերպում հետևողականության բացակայությունը, փոխհատուցման գործով վարույթի՝ մի քանի ատյանի մակարդակով և տարիներ շարունակ ձգձգվող իրականացումը, ինչպես նաև դատական ծախսերի հետ կապված հնարավոր խնդիրը (տե՛ս 56-րդ և հաջորդող պարբերությունները)։ Հետևաբար այն գտնում է, որ Կառավարության կողմից նշված իրավական պաշտպանության միջոցը չունի անհրաժեշտ արդյունավետություն։ Նշվածից հետևում է, որ դիմումատուները պարտավոր չէին, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, օգտագործել այդ միջոցը։
73. Այսպիսով, Դատարանը մերժում է Կառավարության առարկությունը։
74. Դատարանը նշում է, որ դիմումատուների բողոքները ո՛չ ակնհայտ անհիմն են, ո՛չ էլ անընդունելի Կոնվենցիայի 35-րդ հոդվածում նշված որևէ այլ հիմքով։ Հետևաբար դրանք պետք է հայտարարվեն ընդունելի։
Բ. Ըստ էության քննությունը
75. Դիմումատուները պնդել են իրենց այն բողոքները, որ իրենց համապատասխան գործերով տեղի է ունեցել 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ողջամիտ ժամկետի պահանջի խախտում։
76. Կառավարությունը չի ներկայացրել որևէ հայտարարություն նշված հոդվածով դիմումատուների ներկայացրած բողոքների՝ ըստ էության քննության վերաբերյալ։
77. Դատարանը կրկին նշում է, որ վարույթի տևողության ողջամտությունը պետք է գնահատվի՝ ելնելով գործի հանգամանքներից և հաշվի առնելով հետևյալ չափանիշները՝ գործի բարդությունը, դիմումատուների և իշխանության համապատասխան մարմինների վարքագիծը և այն, թե վեճի մեջ դիմումատուների համար որն է եղել խնդրո առարկան (տե՛ս վերևում հիշատակված՝ Ֆրիդլենդերի գործը, § 43)։
78. Ինչ վերաբերում է ներպետական դատարաններում վարույթների տևողությանը, Դատարանը հղում է կատարում հավելվածում ներկայացված աղյուսակին։ Եթե առկա չէ հստակ նշում ձգձգումների համար դիմումատուների պատասխանատվության մասին, ապա այդ վարույթների տևողությունը, որը կարող է լինել յոթից տասներեք և ավելի տարի, չափազանց երկար է և չի համապատասխանում 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ողջամիտ ժամկետի պահանջին։
79. Հետևաբար այս առումով տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԽԱԽՏՈՒՄԸ
80. Թիվ 13721/23 գանգատով դիմումատուները պնդել են, որ վարույթի չափազանց երկար տևողության վերաբերյալ բողոքի առնչությամբ խախտվել է նրանց՝ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը, ինչը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համակցությամբ 13-րդ հոդվածի խախտում է 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ միասին։
81. Նրանց փաստարկներն ամփոփ ներկայացված են վերևում՝ 39-40-րդ պարբերություններում։
82. Դատարանը հաշվի է առնում վերևում՝ Քաղաքացիական օրենսգրքի 162.1 և 1087.2 հոդվածներով նախատեսված իրավական պաշտպանության միջոցի վերաբերյալ իր եզրահանգումները և նշում է, որ չի ներկայացվել պնդում առ այն, որ Հայաստանի իրավական համակարգում գոյություն է ունեցել իրավական պաշտպանության մեկ այլ միջոց։ Հետևաբար այն համարում է, որ տեղի է ունեցել 13-րդ հոդվածի խախտում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ միասին, այն առումով, որ վարույթի չափազանց երկար տևողության վերաբերյալ իրենց բողոքի համար ներպետական մակարդակում դիմումատուներին հասանելի չի եղել իրավական պաշտպանության արդյունավետ միջոց։
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
83. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է անհրաժեշտության դեպքում տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»։
Ա. Վնասը
84. Թիվ 13721/23 գանգատով յուրաքանչյուր դիմումատու պահանջել է 12 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, և չնշելով որևէ գումար՝ խնդրել են, որ Դատարանը կայացնի որոշում նյութական վնասի վերաբերյալ։ Թիվ 34245/23 գանգատով դիմումատուները պահանջել են 3 000 եվրո՝ որպես նյութական վնասի հատուցում։
85. Կառավարությունը վիճարկել է այս պահանջները։
86. Ինչ վերաբերում է թիվ 13721/23 գանգատին, Դատարանը մերժել է դիմումատուների՝ նյութական վնասի հատուցման պահանջը՝ ճանաչելով այն չհիմնավորված։ Միևնույն ժամանակ, ոչ նյութական վնասի համար դիմումատուներ Ա. Հակոբյանին, Մ. Հակոբյանին և Ե. Հակոբյանին միասին շնորհում է 4 200 եվրո և 4 200 եվրո՝ Գ. Ղազարյանին՝ 6-րդ հոդվածի 1-ին կետի և 13-րդ հոդվածի խախտումների համար՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ։ Ինչ վերաբերում է թիվ 34245/23 գանգատով դիմումատուներին, Դատարանը նրանց միասին շնորհում է 1 200 եվրո՝ 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտման համար՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ։
Բ. Ծախսերը և ծախքերը
87. Թիվ 13721/23 գանգատով յուրաքանչյուր դիմումատու պահանջել է 3 500 եվրո՝ Դատարանում կրած դատական ծախսերի համար։
88. Թիվ 34245/23 գանգատով դիմումատուները պահանջել են 4 800 000 ՀՀ դրամ՝ ներպետական վարույթի ընթացքում կրած իրենց դատական ծախսերի համար և 2 000 000 ՀՀ դրամ՝ Դատարանում կրած իրենց ծախսերի համար։ Նրանք ներկայացրել են դիմումատու Ավ. Ղազարյանի և նրա ներկայացուցչի միջև կնքված ծառայությունների մատուցման պայմանագիրը։
89. Կառավարությունն առարկություններ է ներկայացրել այս պահանջների առնչությամբ։
90. Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ դիմումատուն ունի ծախսերի ու ծախքերի փոխհատուցման իրավունք միայն այնքանով, որքանով ապացուցվում է, որ դրանք փաստացի կատարվել են՝ անհրաժեշտությունից ելնելով, և որ դրանց չափը եղել է ողջամիտ (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի [Suren Antonyan v. Armenia], թիվ 20140/23, § 151, 2025 թվականի հունվարի 23): Սույն գործով թիվ 13721/23 գանգատով դիմումատուն չի ներկայացրել իր ներկայացուցիչների հետ կնքված որևէ պայմանագիր կամ այլ ապացույց այն մասին, որ նա վճարել է կամ պարտավոր է եղել վճարել նրան Դատարանում իր ներկայացուցչության համար: Հետևաբար Դատարանն այս մասով փոխհատուցում չի նախատեսում թիվ 13721/23 գանգատի համար (որպես համեմատություն՝ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի [Dareskizb Ltd v. Armenia], թիվ 61737/08, § 100, 2021 թվականի սեպտեմբերի 21)։
91. Ինչ վերաբերում է թիվ 34245/23 գանգատին, հաշվի առնելով իր տնօրինման ներքո գտնվող փաստաթղթերը և վերոնշյալ չափանիշները՝ Դատարանը մերժում է ներպետական վարույթի շրջանակներում կրած դատական ծախսերի պահանջը։ Միևնույն ժամանակ, այն ողջամիտ է համարում դիմումատու Ավ. Ղազարյանին շնորհել 1 000 եվրոյի չափով գումար Դատարանում իրականացված վարույթի ընթացքում կրած ծախսերի համար՝ գումարած նրանից գանձման ենթակա ցանկացած հարկ։
V. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 46-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
92. 46-րդ հոդվածն այնքանով, որքանով այն վերաբերելի է, սահմանում է.
«1. Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործերի վերաբերյալ, որոնցում նրանք կողմեր են:
2. Դատարանի վերջնական վճիռն ուղարկվում է Նախարարների կոմիտե, որը վերահսկողություն է իրականացնում դրա կատարման նկատմամբ:
93. Դատարանը կրկին նշում է, որ 46-րդ հոդվածի ուժով Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվել են ցանկացած պարագայում ընդունել Դատարանի վերջնական վճիռները, որոնց կողմն են նրանք, իսկ իրականացումը վերահսկվում է Նախարարների կոմիտեի կողմից։ Հետևաբար, inter alia, վճիռը, որով Դատարանն արձանագրում է խախտում, պատասխանող պետության վրա իրավական պարտավորություն է դնում ոչ միայն շահագրգիռ անձանց անհրաժեշտության դեպքում վճարել այն գումարները, որոնք 41-րդ հոդվածի համաձայն վճռել է տրամադրել որպես արդարացի փոխհատուցում, այլև Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ ընտրել այն ընդհանուր և (կամ) անհրաժեշտության դեպքում մասնավոր միջոցները, որոնք պետք է ընդունվեն իրենց ներպետական իրավակարգում՝ Դատարանի կողմից արձանագրված խախտումը վերացնելու և դրա հետևանքները հնարավորինս հարթելու համար։ Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ պատասխանող պետությունն ազատ է ընտրելու այն միջոցները, որոնցով այն կկատարի Կոնվենցիայի 46-րդ հոդվածով նախատեսված իր իրավական պարտավորությունը՝ պայմանով, որ այդ միջոցները համապատասխանեն Դատարանի վճռում շարադրված եզրակացություններին (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Սկորցարին և Ջունտան ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [Scozzari and Giunta v. Italy [GC]], թիվ 39221/98 և 41963/98, § 249, ՄԻԵԴ 2000-VIII, Բրոնիովսկին ընդդեմ Լեհաստանի [ՄՊ] [Broniowski v. Poland [GC]], թիվ 31443/96, § 192, ՄԻԵԴ 2004-V, և Ստանևն ընդդեմ Բուլղարիայի [ՄՊ] [Stanev v. Bulgaria [GC]], թիվ 36760/06, § 254, ՄԻԵԴ 2012, հետագա հղումներով)։
94. Այնուամենայնիվ, 46-րդ հոդվածով նախատեսված իր պարտականությունները կատարելու հարցում պատասխանող պետությանն աջակցելու նպատակով Դատարանը կարող է փորձել նշել մասնավոր և (կամ) ընդհանուր միջոցների այն տեսակները, որոնք կարող են հերթականորեն ձեռնարկվել Կոնվենցիայի հետ անհամատեղելի այն իրավիճակը շտկելու համար, որի առկայությունն այն արձանագրել է (տե՛ս վերևում հիշատակված՝ Բրոնիովսկիի գործը, § 194, Սկոպոլան ընդդեմ Իտալիայի (թիվ 2) [ՄՊ] [Scoppola v. Italy (no. 2) [GC]], թիվ 10249/03, § 148, 2009 թվականի սեպտեմբերի 17, և վերևում հիշատակված՝ Ստանևի գործը, § 255)։
95. Այս առնչությամբ Դատարանը մտահոգությամբ նշում է, որ Հայաստանի՝ վարույթների տևողության վերաբերյալ բողոքների համար նախատեսված փոխհատուցման միջոցն ակնհայտորեն չի համապատասխանում արդյունավետության պահանջներին, որոնք պետք է բավարարի այդ միջոցը (տե՛ս վերևում՝ 72-րդ պարբերությունը, տե՛ս վերևում՝ 43-51-րդ պարբերություններում նշված Դատարանի նախադեպային իրավունքը՝ այդ բողոքների համար նախատեսված իրավական պաշտպանության միջոցների վերաբերյալ)։ Հետևաբար այն կոչ է անում ներպետական իշխանություններին որպես առաջնահերթություն սահմանել վարույթների չափազանց երկար տևողությանը վերաբերող բողոքների համար հատուկ նախատեսված փոխհատուցման միջոց՝ Դատարանի՝ վերևում նշված չափանիշներին համապատասխան (տե՛ս վերևում՝ 45-51-րդ և 56-72-րդ պարբերությունները)՝ գործող միջոցի համանմանությամբ խախտումների համար իսկապես արդյունավետ փոխհատուցում ապահովելու համար՝ չբացառելով քննությունն արագացնող միջոցի ներդրման հնարավորությունը։ Իշխանությունները կարող են նաև պատշաճ ձևով հաշվի առնել «Վարույթի չափազանց երկար տևողության համար իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների մասին» Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի (Rec(2010)3) առաջարկությունը։ Դատարանը նաև ընդգծում է, որ իսկապես արդյունավետ լինելու և սուբսիդիարության սկզբունքին համապատասխանությունն ապահովելու համար փոխհատուցման միջոցը պետք է գործի հետադարձ ուժով և ապահովի փոխհատուցման տրամադրում թե՛ ընթացիկ վարույթների և թե՛ ավարտված վարույթների ձգձգումների համար, որոնք արձանագրվել են մինչև դրա ներդրումը (որպես համեմատություն՝ վերևում հիշատակված՝ Դիմիտրովի և Համանովի գործը, § 126, նույնիսկ քրեական վարույթի համատեքստում, վերևում նշված հետագա հղումներով)։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Որոշում է միացնել գանգատները․
2. Հայտարարում է գանգատներն ընդունելի․
3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում.
4. Վճռում է, որ թիվ 13721/23 գանգատի մասով տեղի է ունեցել 13-րդ հոդվածի խախտում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ի կետի հետ միասին.
5. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուներին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
i) ոչ նյութական վնասի դիմաց՝ հետևյալ գումարները՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ՝
- 4 200 եվրո (չորս հազար երկու հարյուր եվրո)՝ դիմումատուներ Ա. Հակոբյանին, Մ. Հակոբյանին և Ե. Հակոբյանին միասին, և 4 200 եվրո՝ Գ. Ղազարյանին,
- 1 200 եվրո (մեկ հազար երկու հարյուր եվրո)՝ թիվ 34245/23 գանգատով դիմումատուներին միասին,
ii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ 1 000 եվրո (հազար եվրո)՝ թիվ 34245/23 գանգատով դիմումատու Ավ. Ղազարյանին՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ,
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
6. Մերժում է դիմումատուների՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2026 թվականի մայիսի 21-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
|
Մարտինա Կելլեր՝ |
Կատերինա Շիմաչկովա՝ |
|
Քարտուղարի տեղակալ |
Նախագահ |
ՀԱՎԵԼՎԱԾ
Գործերի ցուցակը
|
Վարույթի մասին տվյալները | |||
|
Գանգատի համարը եւ անվանումը, ներկայացման ամսաթիվը եւ դիմումատուների տվյալները |
Վարույթի ընդհանուր տեւողությունը |
Ներպետական գործ թիվ Վարույթի մեկնարկ եւ ավարտ Վեճի բնույթ |
Ներկայացրել է՝ |
|
13721/23 Լենա Հակոբյանը եւ այլք ընդդեմ Հայաստանի ներկայացվել է 2023 թվականի մարտի 20-ին
Ընտանիք Լենա ՀԱԿՈԲՅԱՆ Հայաստանի քաղաքացի՝ ծնված 1945 թվականին Մահացած՝ 2024 թվականին
Ալիսա ՀԱԿՈԲՅԱՆ Հայաստանի քաղաքացի՝ ծնված 1966 թվականին
Մարգարիտ ՀԱԿՈԲՅԱՆ Հայաստանի քաղաքացի՝ ծնված 1971 թվականին
Ելենա ՀԱԿՈԲՅԱՆ Հայաստանի քաղաքացի՝ ծնված 1990 թվականին
Առանձին դիմումատու Գեղեցիկ ՂԱԶԱՐՅԱՆ Հայաստանի քաղաքացի՝ ծնված 1951 թվականին |
13 տարի 5 ամիս եւ 1 օր՝ 3 ատյանների համար |
Գործ թիվ ԵԿԴ/0843/02/12
Մեկնարկի օրը՝ 11/04/2012
Ավարտի օր՝ ընթացիկ (2025 թվականի սեպտեմբերի 12-ի դրությամբ. Կառավարության հետագա դիտարկումների ներկայացման ամսաթիվ)
Հողը դիմումատուների ենթադրյալ անօրինական տիրապետությունից վերադարձնելու եւ այդ հողի վրա կառուցված շինությունները քանդելու վերաբերյալ պահանջ |
Լեւոն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ |
|
34245/23 Ղազարյանը եւ այլք ընդդեմ Հայաստանի ներկայացվել է 2023 թվականի սեպտեմբերի 5-ին
Ընտանիք Ավետիք ՂԱԶԱՐՅԱՆ Հայաստանի քաղաքացի՝ ծնված 1942 թվականին
Սիլվարդ ՂԱԶԱՐՅԱՆ Հայաստանի քաղաքացի՝ ծնված 1948 թվականին
Արսեն ՂԱԶԱՐՅԱՆ Հայաստանի քաղաքացի՝ ծնված 1974 թվականին
Կարինե ՂԱԶԱՐՅԱՆ Հայաստանի քաղաքացի՝ ծնված 1972 թվականին |
7 տարի 8 ամիս եւ 10 օր՝ 3 ատյանի մակարդակների համար |
Գործ թիվ ՎԴ/3922/05/15 Մեկնարկի օրը՝ 19/08/2015 Ավարտի օրը՝ 28/04/2023 Դիմումատուների կողմից պետության դեմ ներկայացված պահանջ՝ շրջանային խորհրդի որոշմամբ 1991 թվականին նրանց հատկացված բնակարանին համարժեք բնակարան հատկացնելու մասին որոշում կայացնելու վերաբերյալ |
Կարեն ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ Սիրանուշ ՍԱՀԱԿՅԱՆ |
________________
1 Մոտ 2 եվրո։
2 «Բացառիկ դեպքերում» բառակապակցությունը Սահմանադրական դատարանի կողմից ճանաչվել է անվավեր և հակասահմանադրական թիվ ՍԴՈ-1513 որոշմամբ (տե՛ս ստորև նշված 14-րդ կետը)։
3 Մոտ 2 եվրո։
4 Եթե վիճարկվել են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ, ապա պետական տուրքը պետք է հաշվարկվի հայցագնի 4%-ի չափով, սակայն ոչ պակաս բազային տուրքի 15-ապատիկից և ոչ ավելի ֆիքսված բազային տուրքի 15 000-ապատիկից։
5 Եթե վերաքննիչ դատարանում վիճարկվել են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ, և վերաքննիչ դատարանը կայացրել է բողոքն ամբողջությամբ բավարարելու կամ մերժելու մասին որոշում, ապա պետական տուրքը գանձվում է հայցագնի 5%-ի չափով, սակայն ոչ պակաս բազային տուրքի 30-ապատիկից և ոչ ավելի բազային տուրքի 10 000-ապատիկից:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|