ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՈՐՈՇՈՒՄԸ «ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԿՈՆԿՐԵՏ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 117-Ն
Տիպ
Համատեղ որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.06.22-2026.07.05 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2026
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
08.05.2026
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.06.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

8 մայիսի 2026 թվականի թիվ 117

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

21 մայիսի 2026 թվականի թիվ 130

 

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԿՈՆԿՐԵՏ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ապահովել կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների աշխարհագրական դիվերսիֆիկացիայի համար բավարար ճկունություն,

հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 16-րդ մասը և «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի դրույթներով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 743-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը

 

Որոշում են.

 

1. Հաստատել «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կողմից արտասահմանյան կոնկրետ պետություններում կատարվող ներդրումների մասնակցության աստիճանի որոշման և առավելագույն սահմանաչափի սահմանման կարգը»՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ`

Մ. Գալստյան

 

2026 թ. մայիսի 14

ք. Երևան

 

Հայաստանի Հանրապետության
ֆինանսների նախարար
`

Վ. Հովհաննիսյան

 

2026 թ. մայիսի 21

ք. Երևան

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2026 թվականի մայիսի 8-ի թիվ 117-Ն

և

Հայաստանի Հանրապետության

ֆինանսների նախարարի

2026 թվականի մայիսի 21-ի թիվ 130-Ն

համատեղ որոշման

 

ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԿՈՆԿՐԵՏ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳ

 

1. Կուտակային կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները կարող են ներդրվել մեկ արտասահմանյան պետությունում առավելագույնը զուտ ակտիվների արժեքի 30 տոկոսի չափով, եթե արտասահմանյան պետությունն ունի Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ (Մուդիզ) վարկանշային գործակալությունների կողմից տրամադրված ԱԱ-(Աա3) և բարձր վարկանիշ։ Մեկից ավելի վարկանիշների առկայության դեպքում հիմք է ընդունվում ամենացածր վարկանիշը։

2. Մեկ արտասահմանյան պետությունում կատարվող ներդրումների սահմանաչափի հաշվարկման ժամանակ ակտիվները ներառվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի դեկտեմբերի 6-ի ««Ներդրումային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքի հաշվարկման կարգը» կանոնակարգ 10/04-ը հաստատելու մասին» թիվ 335-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքի հաշվարկման կարգը» կանոնակարգ 10/04-ի համաձայն պարտադիր կենսաթոշակային ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկում ներառված արժեքի մեծության չափով՝ ըստ հիմքում ընկած ակտիվի թողարկողի գտնվելու երկրի, եթե այլ բան սահմանված չէ սույն կարգով։

3. Եթե կենսաթոշակային ֆոնդը ներդրում է կատարում ներդրումային ֆոնդերում, ապա մեկ արտասահմանյան պետությունում կատարվող ներդրումների սահմանաչափի մեջ հաշվի է առնվում ներդրումային ֆոնդի ակտիվների՝ ըստ երկրների կառուցվածքը։ Ըստ երկրների ներդրումների վերաբերյալ տեղեկատվության անհասանելիության դեպքում սահմանաչափի մեջ ներառվում են ներդրումային ֆոնդի այն ակտիվները, որոնց կշիռը տվյալ ներդրումային ֆոնդի ակտիվներում գերազանցում է հինգ տոկոսը։

4. Կենսաթոշակային ֆոնդի ակտիվներում ներառված ածանցյալ ֆինանսական գործիքները մեկ արտասահմանյան պետությունում կատարվող ներդրումների սահմանաչափի մեջ հաշվի են առնվում հետևյալ չափով՝

1) ֆորվարդ և ֆյուչերս գործարքները՝ մեկ պայմանագրի հիմքում ընկած ակտիվի քանակի և ակտիվի շուկայական արժեքի արտադրյալի չափով։

2) օպցիոն գործարքները՝ մեկ օպցիոն պայմանագրի հիմքում ընկած ակտիվի քանակի, ակտիվի շուկայական արժեքի և օպցիոնի դելտայի (օպցիոնի հիմքում ընկած ակտիվի գնի մեկ միավոր փոփոխման արդյունքում առաջացած օպցիոնի պարգևավճարի (գնի) փոփոխման չափը) արտադրյալի չափով,

3) այլ ածանցյալ գործիքները՝ ֆոնդի՝ ածանցյալ պայմանագրի հիմքում ընկած ակտիվի նկատմամբ ունեցած ռիսկի մեծության չափով՝ համաձայն սույն կետի 1-2-րդ ենթակետերով սահմանված մոտեցումների։

5. Մեկ արտասահմանյան պետությունում կատարվող ներդրումների սահմանաչափի հաշվարկման ժամանակ զբաղեցրած հակառակ դիրքերի արժեքները նվազեցվում են:

6. Միջազգային կազմակերպությունների կողմից թողարկված արժեթղթերում ներդրումները չեն ներառվում մեկ արտասահմանյան պետությունում կատարվող ներդրումների սահմանաչափի հաշվարկման մեջ։

7. Այն դեպքում, երբ սույն կարգի 4-րդ կետով նախատեսված գործիքների հիմքում ընկած է ինդեքս, ապա մեկ արտասահմանյան պետությունում կատարվող ներդրումների սահմանաչափը որոշելու համար հաշվի է առնվում․

1) ֆորվարդ և ֆյուչերս գործարքների դեպքում՝ պայմանագրի անվանական արժեքը՝ բազմապատկչի և ինդեքսի արժեքի արտադրյալի չափով,

2) օպցիոն գործարքների դեպքում՝ պայմանագրի անվանական արժեքի (բազմապատկչի և ինդեքսի արժեքի արտադրյալի չափով) և օպցիոնի դելտայի արտադրյալը։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2026 թվական: