ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 889-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2028-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.06.22-2026.07.05 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.06.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2028

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունիսի 2026 թվականի N 889-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «զ» ենթակետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33 և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրելու կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ապահովել պետական հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրելու գործընթացի իրականացումը սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական e-social համակարգի «Հավաստագրեր» («e-voucher») ենթահամակարգի (այսուհետ՝ «e-voucher» ենթահամակարգ) միջոցով:

3. Սույն որոշմամբ սահմանված խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայություն ստանալու նպատակով հավաստագրերը հատկացվում են Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսված և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը (այսուհետ՝ նախարարություն) հատկացված ֆինանսական միջոցների շրջանակներում։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2028 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն որոշման հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի (հավաստագրի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց տնային պայմաններում խնամք տրամադրելուն վերաբերող դրույթներ), որն ուժի մեջ է մտնում 2029 թվականի հունվարի 1-ից։

5. Սույն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի 2-8-րդ ենթակետերի դրույթները կիրառվում են՝

1) 0-ից մինչև 5 (ներառյալ) տարեկան երեխաների նկատմամբ՝ 2028 թվականի հունվարի 1-ից.

2) 6-ից մինչև 24 (ներառյալ) տարեկան անձանց նկատմամբ՝ 2029 թվականի հունվարի 1-ից.

3) 25 և բարձր տարիք ունեցող անձանց նկատմամբ՝ 2030 թվականի հունվարի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

19.06.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

հունիսի 18-ի N 889-Ն որոշման

 

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԽՆԱՄՔ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով (այսուհետ՝ կարգ) կարգավորվում են պետական հավաստագրի (այսուհետ՝ հավաստագիր) միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայություններ տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

2. Հավաստագրի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում են՝

1) տնային պայմաններում խնամք.

2) հատուկ մանկավարժի՝ լոգոպեդական ծառայություն.

3) հոգեբանական ծառայություն.

4) էրգոթերապևտիկ ծառայություն.

5) կինեզիոլոգիական ծառայություն կամ ադապտիվ ֆիզկուլտուրա.

6) հատուկ մանկավարժի՝ սուրդոմանկավարժական ծառայություն.

7) հատուկ մանկավարժի՝ տիֆլոմանկավարժական ծառայություն.

8) հատուկ մանկավարժի ծառայություն (այսուհետ՝ ծառայություն)։

3. Ծառայության տրամադրման համար հիմք է հանդիսանում հաշմանդամություն ունեցող անձի համար կազմված ծառայությունների անհատական ծրագիրը (այսուհետ՝ ԾԱԾ)։

 

2. ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼՈՒ, ՀԱՎԱՍՏԱԳԻՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԵՎ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

4. Հավաստագիրը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետությունում բնակվող՝ բնակության իրավունք ունեցող օտարերկրացիներին, Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողի կամ փախստականի կարգավիճակ ունեցող անձանց՝ օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:

5. Հավաստագիր ձեռք բերելու նպատակով հաշմանդամություն ունեցող անձը (այսուհետ՝ շահառու) կամ նրա օրինական ներկայացուցիչը կամ ներկայացուցիչը (այն անձը, որին շահառուի կողմից տրվել է լիազորագիր՝ առանց նոտարական վավերացման) (այսուհետ միասին՝ դիմող) սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական e-social համակարգում (այսուհետ՝ e-social) ստեղծում է անհատական օգտահաշիվ և ներկայացնում է դիմում «e-voucher» ենթահամակարգի միջոցով։ Լիազորագրում առնվազն ներառվում են շահառուի և նրա ներկայացուցչի անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը, էլ․ փոստը և լիազորման շրջանակը, կարգավիճակը, ժամկետը: Լիազորագրի ձևավորման, պահպանման և տվյալների կառավարման գործընթացները պետք է իրականացվեն համօգտագործվող ծառայությունների տրամաբանությամբ՝ ապահովելով տվյալների հետագա կիրառելիությունն ու հասանելիությունը այլ պետական տեղեկատվական համակարգերի համար՝ համաձայն «Հանրային տեղեկությունների մասին» օրենքի։

6. e-social համակարգում շահառուն կամ նրա ներկայացուցիչը կամ օրինական ներկայացուցիչը գրանցվում են բջջային նույնականացման քարտով (mID), դրա բացակայության դեպքում՝ հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքով: Հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքով գրանցվելու դեպքում անձը պետք է ներկայանա Միասնական սոցիալական ծառայության (այսուհետ՝ ՄՍԾ) ցանկացած տարածքային կենտրոն՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝

1) եթե շահառուն հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ անձնագիր կամ նույնականացման քարտ, իսկ մինչև 16 տարեկան երեխաների դեպքում՝ անձնագիր կամ ծննդյան վկայական կամ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանք: Անձնագրի դեպքում ներկայացվում է նաև բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանք: Մինչև 16 տարեկան երեխաների դեպքում դիմում է օրինական ներկայացուցիչը՝ ծնողը կամ որդեգրողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն կամ խնամատար ծնողը՝ ներկայացնելով սույն ենթակետում նշված փաստաթղթերը։ Անձի անգործունակ ճանաչված լինելու դեպքում դիմում է խնամակալը.

2) դիմումը շահառուի ներկայացուցչի կամ օրինական ներկայացուցչի կողմից ներկայացնելիս՝ դիմումին կցվում են շահառուի կողմից տրված՝ առանց նոտարական վավերացման լիազորագիրը, իսկ փաստաբան լինելու դեպքում նաև՝ փաստաբանական գործունեության արտոնագրի պատճենը կամ օրինական ներկայացուցիչը հանդիսանալու դեպքում՝ երեխայի ծննդյան վկայականը կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշումը.

3) եթե շահառուն հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող օտարերկրացի՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը (կացության քարտ, բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք, օրինական բնակությունը հավաստող՝ օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթուղթ).

4) եթե շահառուն հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձ՝ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը.

5) եթե շահառուն հանդիսանում է ապաստան հայցող՝ ապաստան հայցողի վկայականի համարը.

6) եթե շահառուն ունի փախստականի կարգավիճակ՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշման 3-րդ կետի համաձայն փախստական ճանաչված անձանց։ Վերջիններիս համար անձը հաստատող փաստաթուղթ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշման N 1 հավելվածի 1-ին կետով սահմանված փաստաթղթերից որևէ մեկը։

7. e-social hամակարգում դիմողը (նաև՝ շահառուն, եթե տարբեր անձինք են) նույնականացվում է բնակչության պետական ռեգիստրի միջոցով։

8. е-social համակարգում անհատական օգտահաշիվ ստեղծելուց և նույնականացում անցնելուց հետո դիմողը ներկայացնում է դիմում «e-voucher» ենթահամակարգի միջոցով՝ նշելով ԾԱԾ-ում նշված ծառայության այն տեսակը, որը շահառուն ցանկանում է ստանալ:

9. Հավաստագիրն ինքնաշխատ ձևավորվում է «e-voucher» ենթահամակարգում։ Հավաստագիրը տրամադրվում է N 1 աղյուսակում նշված պայմաններով և ժամկետով, բայց ոչ ավելի, քան ԾԱԾ-ի ժամկետն է։ Կարգի 2-րդ կետի 2-8-րդ կետերում նշված ծառայությունները տրամադրվում են 1 տարի ժամկետով։ Յուրաքանչյուր հաջորդ անգամ ծառայությունը շարունակելու կարիքը կրկին պետք է ցուցվի ԾԱԾ-ով։

10. Անհատական օգտահաշիվ ստեղծելու հարցում դժվարանալու դեպքում շահառուն կարող է դիմել ՄՍԾ ցանկացած տարածքային կենտրոն՝ աջակցելու նպատակով։

11. Դիմումն ընդգրկում է հետևյալ տեղեկատվությունը՝

1) ԾԱԾ-ում նշված ծառայության այն տեսակը, որը շահառուն ցանկանում է ստանալ․

2) շահառուի հավաստումն այն մասին, որ շահառուն ստանում կամ չի ստանում պահանջվող ծառայությունը պետական կամ համայնքային այլ ծրագրի կամ սոցիալական աջակցության ոլորտի լիազոր մարմնի կամ համայնքի հետ համագործակցող կազմակերպության հետ ծրագրի շրջանակներում.

3) նշում այն մասին, որ պահանջվող ծառայությունը պետական կամ համայնքային այլ ծրագրի կամ սոցիալական աջակցության ոլորտի լիազոր մարմնի կամ համայնքի հետ համագործակցող կազմակերպության հետ ծրագրի շրջանակներում ստանալու դեպքում շահառուն պարտավորվում է ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում «e-voucher» ենթահամակարգում նշել այդ մասին։

12. Դիմումը և կից փաստաթղթերը ներկայացնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում, եթե՝

1) առկա չեն կարգի 15-րդ կետով սահմանված դիմումի մերժման հիմքեր, ապա «e-voucher» ենթահամակարգում ինքնաշխատ ձևավորվում է հավաստագիրը՝ համաձայն սույն հավելվածի N 1 ձևի.

2) առկա է կարգի 15-րդ կետով սահմանված մերժման որևէ հիմք, ապա դիմումը մերժվում է՝ համաձայն N 2 ձևի։

13. Կարգի 23-րդ կետում նշված դեպքում՝ կարգի 12-րդ կետում նշված ժամկետը հաշվարկվում է շահառուի հերթը հասնելու օրվանից սկսած։

14. Դիմումի բավարարման կամ մերժման համար հիմք են ընդունվում հարկային մարմնի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տեղեկատվական շտեմարանի, շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող կազմակերպություններում տեղավորման տեղեկատվական շտեմարանների տվյալները։ Մասնավորապես՝

1) հարկային մարմնի տեղեկատվական շտեմարանից ստացվում է շահառուի աշխատելու կամ չաշխատելու մասին տեղեկատվությունը՝ տնային պայմաններում խնամք ստանալու ծառայության համար.

2) քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տեղեկատվական շտեմարանից ստացվում է դիմողի (նաև՝ շահառուի, եթե տարբեր անձինք են) մահվան վերաբերյալ տեղեկատվությունը.

3) շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող կազմակերպություններում տեղավորման տեղեկատվական շտեմարաններից ստացվում է շահառուի շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող կազմակերպություններում ծառայություն ստանալու կամ չստանալու մասին տեղեկատվությունը։

15. Դիմումը մերժվում է, եթե՝

1) շահառուն չի բավարարում կարգի 47-րդ կամ 49-րդ կետով սահմանված պայմաններին.

2) կարգի 16-րդ կետում նշված դեպքում կամ շահառուն հանդիսանում է պետական կամ համայնքային այլ ծրագրի շրջանակում կամ սոցիալական աջակցության ոլորտի լիազոր մարմնի կամ համայնքի հետ համագործակցող կազմակերպության հետ ծրագրի շահառու և նշված ծրագրի շրջանակում ստանում է դիմումով պահանջվող ծառայություն։

16. Եթե կարգի 2-րդ կետի 2-8-րդ ենթակետերում նշված սոցիալ-վերականգնողական ծառայություններից որևէ մեկը պետության ֆինանսավորմամբ շահառուին արդեն իսկ տրամադրվում է ցերեկային կենտրոններում, ապա նշված սոցիալական ծառայությունների համար առանձին հավաստագիր չի տրամադրվում։

17. Հավաստագիր ձևավորվելու մասին դիմողը ստանում է ծանուցում «e-voucher» ենթահամակարգի միջոցով և էլ. փոստով։

18. Հավաստագիրն ուժի մեջ է այն տրամադրելուց հետո 180 օրվա ընթացքում, բայց ոչ ավելի, քան ԾԱԾ-ի ժամկետն է։ Նշված ժամկետում չօգտագործելու կամ կարգով սահմանված այլ դեպքերում հավաստագիրը ճանաչվում է ուժը կորցրած, որի արդյունքում ինքնաշխատ ձևավորվում է վարչական ակտ՝ համաձայն N 3 ձևի:

19. «e-vоucher» ենթահամակարգում շահառուին հասանելի է լինում հայցվող սոցիալական ծառայության տրամադրման համար «Սոցիալական աջակցության մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1078-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի փետրվարի 19-ի N 195-Ն որոշումներով սահմանված կարգով հավաստագրված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի (տնային պայմաններում խնամքի դեպքում), ինչպես նաև սոցիալ-վերականգնողական ծառայություններ մատուցող կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի (այսուհետ միասին՝ ծառայություն մատուցող) ցանկը՝ հասցեներով և կոնտակտային տվյալներով, ծառայությունների նկարագրերով:

20. Համապատասխան սոցիալական ծառայություն ստանալու համար շահառուն «e-vоucher» ենթահամակարգի միջոցով դիմում է իր նախընտրած ծառայություն մատուցողին։

21. Ծառայություն մատուցողը շահառուին համապատասխան սոցիալական ծառայությունը տրամադրում է հավաստագրի գործողության ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների պահպանմամբ։

22. Եթե կարգի 2-րդ կետում նշված որևէ սոցիալական ծառայության համար ընթացիկ տարվա ընթացքում դիմողների թիվն ավելին է, քան Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցները, ապա կարգով նախատեսված սոցիալական ծառայությունը տրամադրվում է այն անձանց, ովքեր առավել վաղ են ներկայացրել դիմումները։

23. Հավաստագիր չձևավորած մյուս դիմումների համար ձևավորվում է հերթացուցակ՝ ըստ ներկայացման ամսաթվի: Շահառուն պահպանում է իր հերթը, քանի դեռ նրան չի տրամադրվել համապատասխան սոցիալական ծառայությունը կամ առկա չեն կարգի 24-րդ կետով սահմանված հիմքերը՝ հերթացուցակից դուրս գալու համար:

24. Շահառուն հերթացուցակից դուրս է գալիս, եթե՝

1) ստացել է հավաստագիր.

2) ներկայացրել է հայտ հերթացուցակից դուրս գալու մասին.

3) վերացել են հավաստագիր ստանալու համար պահանջվող իրավական հիմքերը.

4) շահառուն մահացել է:

25. Շահառուի՝ հերթացուցակից դուրս գալու դեպքում, եռօրյա ժամկետում «е-vaucher» ենթահամակարգի միջոցով ուղարկվում է ծանուցում:

26. Հերթացուցակում ընդգրկված շահառուի հերթը հասնելիս՝ իրականացվում է տվյալների ստուգում և կարգի 15-րդ կետով նախատեսված հիմքերի բացակայության դեպքում՝ ձևավորվում է հավաստագիր, իսկ կարգի 15-րդ կետով նախատեսված որևէ հիմքի առկայության դեպքում՝ դիմումը մերժվում է:

27. Համակարգի միջոցով յուրաքանչյուր ամիս շահառուի տվյալները համադրվում են շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող կազմակերպություններում տեղավորման տեղեկատվական շտեմարանի, «e-disability» համակարգի, բնակչության պետական ռեգիստրի, հարկային մարմնի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տեղեկատվական շտեմարանների տվյալների հետ։

28. Հավաստագիրն ուժը կորցրած է ճանաչվում և շահառուին սոցիալական ծառայության տրամադրումը դադարեցվում է սույն կետում նշված հանգամանքներում՝

1) շահառուի կամ իր լիազորված անձի կամ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա.

2) տնային պայմաններում խնամք ստացող անձի` շուրջօրյա լրիվ խնամքի ծառայության կամ համայնքային փոքր տան շահառու դառնալու դեպքում.

3) շահառուի պետական կամ համայնքային այլ ծրագրի շրջանակում կամ սոցիալական աջակցության ոլորտի լիազոր մարմնի կամ համայնքի հետ համագործակցող կազմակերպության հետ ծրագրի շահառու հանդիսանալու և նշված ծրագրի շրջանակում դիմումում պահանջվող ծառայություն ստանալու դեպքում.

4) ծառայություն տրամադրելու օրենսդրությամբ սահմանված հիմքերի վերացման դեպքում.

5) շահառուի մահվան դեպքում.

6) ԾԱԾ-ի ժամկետը լրանալու դեպքում.

7) հավաստագրի ժամկետը լրանալու դեպքում.

8) շահառուի երկարտև (4 և ավել անգամ) անհարգելի բացակայության դեպքում:

29. Հավաստագրի մերժման մասին ակտը «e-social» համակարգի միջոցով հասանելի է շահառուին:

 

3. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎԵԼԻՔ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՑԱՆԿԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

30. Նախարարության համապատասխան ստորաբաժանումն ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1078-Ն կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի փետրվարի 19-ի N 195-Ն որոշումներով հավաստագրված (տնային պայմաններում խնամքի ծառայություն մատուցողների դեպքում) և սոցիալ-վերականգնողական ծառայություն մատուցողների հետ համագործակցության պայմանագրերի կնքման գործընթացը: Պայմանագրերին կցվում են նաև ծառայության տրամադրման մեթոդական ուղեցույցերը, շահառուների և ծառայություն մատուցողների միջև կնքվելիք պայմանագրի օրինակելի ձևը, որոնք պարտադիր են ծառայություն մատուցողների համար։ Տվյալները մուտքագրվում են «e-voucher» ենթահամակարգ։

31. Կարգով սահմանված հավաստագրի հիման վրա տնային պայմաններում խնամք կարող է մատուցել կոնկրետ սոցիալական ծառայության համար հավաստագրված ծառայություն մատուցողը, ով կնքել է համագործակցության պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր) նախարարության հետ։

32. Կարգով սահմանված հավաստագրի հիման վրա սոցիալ-վերականգնողական ծառայություն կարող է մատուցել այն ծառայություն մատուցողը, ով կնքել է պայմանագիր նախարարության հետ և

1) որի համապատասխան սոցիալական ծառայություն մատուցող մասնագետներն ունեն բարձրագույն կրթություն՝ համապատասխան որակավորմամբ, նշված ծառայությունը մատուցելու առնվազն երկու տարվա մասնագիտական ստաժ վերջին 5 տարվա ընթացքում.

2) ունի պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու համար անհրաժեշտ աշխատանքային ռեսուրսներ շահառուներին սպասարկելու համար, ինչպես նաև մատչելի շենքային պայմաններ տեղաշարժման դժվարություն ունեցող անձանց սպասարկումն իրականացնելու համար՝ ներառյալ անարգել մուտք կազմակերպության շենք և սպասարկման սրահ` մուտքի զրոյական մակարդակ կամ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական նորմերին համապատասխան կառուցված թեքահարթակ, իսկ դրանց անհնարինության դեպքում համապատասխան անվտանգ տեխնիկական սարքավորումներ` վերելակ, բարձրացնող մեխանիզմներ և սպասարկման սրահում տեղաշարժվելու համար խոչընդոտների բացակայություն.

3) ունի անհրաժեշտ տեխնիկական միջոցներ (համակարգչային տեխնիկա) և աշխատանքային ռեսուրսներ ծառայություն ստացած անձանց վերաբերյալ տվյալները «e-voucher» ենթահամակարգ մուտքագրելու համար։

33. Պայմանագրով կարգավորվում են նաև սոցիալական ծառայության մատուցման, դրա տրամադրման դադարեցման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման, վճարման հետ կապված իրավահարաբերությունները։

34. Ծառայություն մատուցողի հետ պայմանագիր կնքելուց հետո ծառայություն մատուցողը գրանցվում է նախարարության կողմից վարվող ցանկում: Ցանկը վարում է նախարարության պատասխանատու ստորաբաժանումը և պարտավոր է ապահովել ցանկում փոփոխությունների իրականացումը՝ համապատասխան հիմքերի առաջացումից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում։ Ցանկն ընդգրկում է՝

1) ծառայություն մատուցողի անվանումը, ՀՎՀՀ-ն, գործունեության հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն.

2) ծառայության տեսակը և արժեքը, որը ծառայություն մատուցողն իրավասու է մատուցելու.

3) պայմանագրի կնքման օրը, ամիսը, տարեթիվը։

35. Նախարարությունը ծառայություն մատուցողների վերաբերյալ տեղեկատվությունը մուտքագրում է «e-voucher» ենթահամակարգ և հրապարակում է նախարարության պաշտոնական էլեկտրոնային կայքէջում։ Ծառայություն մատուցողների ցանկը կարող է փոփոխվել կնքված պայմանագրերը լուծվելու, ծառայության մատուցողի գործունեության դադարեցման, գործառույթների փոփոխության, ծառայության տրամադրման համար տրամադրված հավաստագրի ժամկետը լրանալու, կասեցվելու, ուժը կորցրած ճանաչվելու կամ նոր ծառայություն մատուցողներ ցանկում ընդգրկելու դեպքում:

36. Ծառայություն մատուցողը կարող է ցանկացած ժամանակ դիմել նախարարությանը պայմանագիր կնքելու համար, եթե բավարարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Պայմանագիր չի կնքվում այն ծառայություն մատուցողի հետ, ում հետ նախարարության հետ կնքված պայմանագրերը վերջին հինգ տարվա ընթացքում լուծվել են պայմանագրային պարտավորությունները կամ օրենսդրությամբ սահմանված պահանջները չկատարելու հիմքով։ Ցանկում ներառված ծառայություն մատուցողը ցանկացած ժամանակ կարող է դուրս գալ ցանկից` օրենսդրությամբ սահմանված կարգով պայմանագիրը լուծվելու դեպքում:

37. Պայմանագրեր կնքած ծառայություն մատուցողներին տրվում է հասանելիություն «e-voucher» ենթահամակարգին՝ իրենց դիմած շահառուների մասերով՝ հետևյալ կարգով՝

1) ստանալու իրենց դիմած շահառուի հավաստագիրը, տեղեկանալու հավաստագրի ուժը կորցրած ճանաչելու և հավաստագրի ընթացքի (օգտագործված ժամաքանակ և այլն) մասին.

2) ներբեռնելու շահառուի հետ կնքված պայմանագիրը, օրենսդրությամբ սահմանված շահառուներին վերաբերող փաստաթղթերը.

3) ներբեռնելու կարգի 43-րդ կետով նախատեսված փաստաթղթերը։

38. Ծառայություն մատուցողները պարտավոր են պահպանել իրենց հասանելի՝ շահառուների անձնական տվյալների գաղտնիությունը՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով։

39. Ծառայություն մատուցողը պարտավոր է՝

1) «e-voucher» ենթահամակարգում կատարել նշում՝ սոցիալական ծառայության տրամադրման և դադարեցման վերաբերյալ՝ պայմանագրով սահմանված ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան նման հանգամանքն ի հայտ գալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում.

2) 2-օրյա ժամկետում էլ. փոստով տեղեկացնել ծառայություն ստացող շահառուներին ծառայության դադարեցման (ծառայություն մատուցողի լուծարում, վերակազմակերպում, գործունեության կասեցում, գործառույթների փոփոխություն) վերաբերյալ.

3) լրացնել պայմանագրի շրջանակներում շահառուին մատուցված ծառայությունների մասին տեղեկատվությունը, ներառյալ՝ շահառուի համար մշակված անհատական սոցիալական միջամտության ծրագիրը, յուրաքանչյուր այցի տևողությունը, կատարված աշխատանքների նկարագրությունը.

4) լրացնել շահառուին վերաբերող փաստաթղթերը, դրանք կազմելուց կամ փոփոխելուց հետո ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում:

 

4. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐԻՆ ՎՃԱՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

40. Ծառայություն մատուցողից շահառուն ստանում է իրեն հասանելի ծառայությունը՝ հավաստագրում նշված ժամկետով, բայց ոչ ավելի, քան ԾԱԾ ժամկետն է՝ համաձայն N 1 աղյուսակի։

41. Եթե շահառուի նախընտրած ծառայության գինը բարձր է հավաստագրի համար սահմանված գնային արժեքից, ապա շահառուն իր ցանկությամբ կարող է ձեռք բերել նշված սոցիալական ծառայությունը` արժեքի տարբերությունը վճարելով ծառայություն մատուցողին:

42. Եթե հավաստագրի շրջանակներում ձեռք բերված ծառայության գինն ավելի ցածր է հավաստագրով սահմանված գնային արժեքից, ապա տրամադրված ծառայության համար ծառայություն մատուցողը ֆինանսավորվում է փաստացի գնային արժեքի չափով:

43. Ծառայություն մատուցողին վճարվում է յուրաքանչյուր ամսվա համար մատուցված ծառայության համար՝ հաջորդ ամսվա սկզբին։ Վճարումը կատարվում է ինքնաշխատ՝ «e-voucher» ենթահամակարգի և պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական համակարգերի փոխգործելիության միջոցով: Ծառայություն մատուցողը հաշվարկային փաստաթուղթը դուրս է գրում նախարարության անունով։ Յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո մինչև հաջորդող ամսվա 10-ը, իսկ դեկտեմբեր ամսվա համար՝ մինչև դեկտեմբերի 20-ը տրամադրված սոցիալական ծառայության դիմաց վճարում կատարելու նպատակով «e-voucher» ենթահամակարգում ձևավորվում է հաշվետվություն, որում ներառվում են շահառուի տվյալները (անունը, ազգանունը, առկայության դեպքում՝ հայրանունը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը), շահառուի հետ կնքված պայմանագրի համարը և կնքման ամսաթիվը, տրամադրված ծառայության անվանումը, ժամանակահատվածը, ժամաքանակը, գինը։ «e-voucher» ենթահամակարգի ուսումնասիրությամբ որևէ խախտում հայտնաբերելու արդյունքում նախարարությունը կիրառում է պայմանագրով սահմանված տույժերն ու տուգանքները։

44. Տրամադրված սոցիալական ծառայության համար վճարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով և տարեկան հատկացումների կատարման եռամսյակային համամասնություններով նախատեսված միջոցների շրջանակներում:

45. Կարգի 42-րդ կետով նախատեսված դեպքում հավաստագրի չօգտագործված գումարը չի փոխանցվում շահառուին և չի կարող օգտագործվել այլ նպատակով։

46. Եթե շահառուին չի տրամադրվում ծառայությունն իրենից անկախ հանգամանքներից (ծառայություն մատուցողի լուծարում, վերակազմակերպում, գործունեության կասեցում, գործառույթների փոփոխություն), ապա հավաստագիրը շարունակում է գործել մնացած գումարի սահմաններում, և շահառուն կարող է մնացած մասով ծառայությունը ստանալ այլ ծառայություն մատուցողից։

 

5. ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

47. Հավաստագրի միջոցով տնային պայմաններում խնամքի ծառայություն տրամադրվում է հենաշարժական, տեսողության, հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներով ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի (մտավոր խնդիրներ ունեցող անձանց պարագայում նաև՝ միջին աստիճանի) սահմանափակում ունեցող չաշխատող անձանց (ներառյալ՝ երեխաներին)՝ համաձայն N 1 աղյուսակի, ովքեր չեն ստանում շուրջօրյա խնամք բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում կամ համայնքային փոքր տներում։ Հավաստագրի միջոցով տնային պայմաններում խնամքի ծառայություն երեխաներին տրամադրվում է անկախ աշխատելու հանգամանքից։

48. Տնային պայմաններում խնամքի ծառայությունը տրամադրվում է շաբաթվա բոլոր օրերին՝ շահառուի հետ կնքված պայմանագրի շրջանակում՝ N 1 աղյուսակում սահմանված հաճախականությամբ՝ հետևյալ ծառայությունների տեսքով՝

1) աջակցություն ինքնասպասարկման և կենցաղային գործերում՝ սոցիալական սպասարկողի կողմից շահառուի անձնական հիգիենայի ապահովում (ներառյալ՝ լոգանքի կազմակերպումը, գիշերանոթների փոխումը, ատամների մաքրումը, սափրումը, պրոթեզների խնամքը, օգնություն հագնվելու, հագուստը փոխելու, անկողինը փոխելու և հարդարելու հարցում և այլն), բնակարանի մաքրում (ներառյալ՝ սպասքի լվացումը, խոնավ մաքրումը, կենցաղային աղբի դուրսբերումը և այլն), գնումների իրականացում (սննդամթերքի, դեղերի և այլ անհրաժեշտ իրերի գնումը).

2) սոցիալ-հոգեբանական օգնություն՝ շահառուի սոցիալական կարիքների գնահատում սոցիալական աշխատողի կողմից տարեկան առնվազն երկու անգամ և, ըստ անհրաժեշտության, գնահատված կարիքների հիման վրա շահառուին խորհրդատվության տրամադրում՝ այդ կարիքները բավարարելու ուղիներ և եղանակներ գտնելու, ստեղծված իրավիճակին համարժեք սոցիալական ծառայություններ ստանալու, համապատասխան պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ կամ կազմակերպություններ կամ ֆիզիկական անձանց ուղղորդելու միջոցով։ Շահառուի սոցիալական կարիքների գնահատումն իրականացվում է նախարարության կողմից տրամադրված ուղեցույցի և մեթոդաբանության հիման վրա.

3) խորհրդատվական օգնություն՝ սոցիալական աշխատողի կողմից շահառուի իրավունքների ու շահերի պաշտպանություն և դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, անհրաժեշտ սոցիալական աջակցության, տարատեսակ փաստաթղթերի, սոցիալական ապահովության խնդիրների լուծման հարցերում: Խորհրդատվական օգնություն տրամադրվում է նաև շահառուի ընտանիքի անդամներին.

4) աջակցող միջոցներով ապահովելու կամ այլ ծառայություններ ստանալու գործընթացի կազմակերպում։ Սոցիալական աշխատողն աջակցում է շահառուին հավաստագիր ստանալու, ինչպես նաև ծառայություն մատուցողից հասանելի ծառայությունները ստանալու հարցում։ Սոցիալական աշխատողն օգնում է նաև շահառուին դիմելու և շահառուի հասցեն սպասարկող առողջապահության պահպանման առաջնային օղակի կողմից նրան հասանելի բժշկական օգնությունն ու սպասարկումը ստանալու հարցում, ներառյալ ըստ անհրաժեշտության՝ բժշկի կանչի գրանցում, շահառուի համար բժշկական հաստատություններից դեղերի ստացում և փոխանցում շահառուին, բժշկական հաստատություն այցելության կազմակերպում կամ այլ բժշկական կենտրոններ ուղղորդում և ուղեկցում, հիվանդանոցային բուժման նպատակով հաստատություններ ընդունվելու գործում աջակցության ցուցաբերում, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող շահառուների դեպքում՝ նաև հոգեբույժի մոտ այցելություններ կազմակերպում։

 

6. ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՍՈՑԻԱԼ-ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

49. Հոգեբանական, էրգոթերապևտիկ, կինեզիոլոգիական կամ ադապտիվ ֆիզկուլտուրա, հատուկ մանկավարժի՝ լոգոպեդական, հատուկ մանկավարժի՝ սուրդոմանկավարժական, հատուկ մանկավարժի՝ տիֆլոմանկավարժական և հատուկ մանկավարժի ծառայությունները տրամադրվում են ֆունկցիոնալության խորը, ծանր կամ միջին աստիճանի սահմանափակում ունեցող անձանց (ներառյալ՝ երեխաներին)՝ համաձայն N 1 աղյուսակի։

50. Ծառայությունները տրամադրվում են թերապևտիկ պարապմունքների միջոցով։ Յուրաքանչյուր թերապևտիկ պարապմունք տևում է առնվազն 45 րոպե։ Թերապևտիկ պարապմունքները կարող են լինել անհատական և խմբային՝ յուրաքանչյուր շահառուի համար համապատասխանաբար 80/20% հարաբերակցությամբ։

51. Սույն գլխում նշված սոցիալական ծառայությունների մատուցման համար ծառայություն մատուցողի կողմից շահառուի համար կազմվում է անհատական սոցիալական միջամտության ծրագիր՝ նախարարության կողմից սահմանված ուղեցույցին և մեթոդաբանությանը համապատասխան։

52. Լոգոպեդական ծառայությունն ուղղված է խոսքի ձևավորմանը, զարգացմանը, խոսքի խանգարումների հաղթահարմանը, խոսքի վերականգնմանը։

53. Լոգոպեդական ծառայության մատուցման համար անհրաժեշտ է իրականացնել շահառուի խնդիրների դիտարկում, լոգոպեդական պարապմունքներ, միջամտությունների արդյունքների գնահատում և հսկողություն։

54. Լոգոպեդական պարապմունքները կարող են իրականացվել անհատական և խմբային` պահպանելով անհատական մոտեցման սկզբունքը: Խմբեր ձևավորելիս պետք է հաշվի առնել խոսքի խանգարման տեսակը, տարիքը, պարապմունքների հաճախականությունը և տևողությունը: Լոգոպեդական կաբինետում պետք է լինեն դիդակտիկ նյութեր, խաղեր: Լոգոպեդական ծառայությունն ընդգրկում է զննական, գործնական, խոսքային և ոչ խոսքային մեթոդները:

55. Հոգեբանական ծառայության նպատակն է աջակցել անձի՝ հարմարվողական վարքի ձևավորմանը, առօրյա գործունեության արդյունավետ իրականացմանը, սոցիալական մասնակցության խթանմանը, կյանքի որակի բարելավմանը: Հոգեբանական ծառայության մատուցման համար անհրաժեշտ է իրականացնել գնահատման, խորհրդատվության, միջամտության և ուղեկցման գործողություններ, որոնք ուղղված են անձանց հոգեկան առողջության, հուզական բարեկեցության և ֆունկցիոնալ կարողությունների զարգացմանը։

56. Հոգեբանական ծառայությունն ընդգրկում է՝

1) շահառուի հոգեբանական գնահատում (կոգնիտիվ, հուզական և վարքային ոլորտներ).

2) անհատական և խմբային խորհրդատվություն.

3) հոգեթերապևտիկ և վարքաբանական միջամտություններ.

4) ծնողների և խնամողների խորհրդատվություն և ուսուցում.

5) միջմասնագիտական համագործակցություն։

57. Էրգոթերապևտիկ ծառայությունն ուղղված է շահառուի կենսական և սոցիալական հարմարվողականության հմտությունների բարելավմանը և ապահովում է շահառուի հնարավորինս ինքնուրույն և արդյունավետ մասնակցությունն առօրյա կյանքի գործողություններին:

58. Էրգոթերապևտիկ ծառայությունը նախատեսված է այն շահառուների համար, որոնց մոտ առկա են ֆունկցիոնալ սահմանափակումներ՝ պայմանավորված նյարդաբանական (ինսուլտ, գլխուղեղի վնասվածքներ, մանկական ուղեղային կաթված, նյարդամկանային հիվանդություններ, շարժման և ճանաչողական խանգարումներ), օրթոպեդիկ և շարժողական (վնասվածքներից և վիրահատություններից հետո վիճակներ, հոդերի շարժունակության սահմանափակումներ, մկանային թուլություն կամ ցավ, վերին վերջույթների ֆունկցիոնալ խանգարումներ), զգայական կարգավորման դժվարություններ, ինչպես նաև մտավոր և զարգացման խնդիրներ ունեցող (մտավոր զարգացման խանգարումներ, ուշադրության պահպանման դժվարություններ, ճանաչողական ֆունկցիաների խանգարումներ՝ ներառյալ պլանավորման, կազմակերպման և խնդիրների լուծման դժվարություններ և այլն)։

59. Էրգոթերապևտիկ ծառայությունն ընդգրկում է՝

1) շահառուի կարողությունների, դժվարությունների և զարգացման հնարավորությունների բազմակողմանի գնահատում՝ առօրյա կյանքի գործունեությունների (ինքնասպասարկում, կենցաղ, հաղորդակցություն, սոցիալական մասնակցություն) կատարման տեսանկյունից.

2) էրգոթերապևտիկ միջամտությունների իրականացում՝ ուղղված շահառուի շարժողական, զգայական և ճանաչողական կարողությունների զարգացմանը, ձեռքի ֆունկցիայի և մանր մոտորիկայի բարելավմանը, առօրյա կյանքի գործունեությունների ուսուցմանը կամ վերաուսուցմանը, կորցրած հմտությունների վերականգնմանը և նոր հմտությունների ձևավորմանը.

3) միջավայրային պայմանների գնահատում և հարմարեցում՝ շահառուի բնակարանային և սոցիալական միջավայրում մատչելիության, անվտանգության և անկախության ապահովման նպատակով.

4) աջակցող միջոցների կիրառման վերաբերյալ խորհրդատվություն և ուսուցում շահառուին և նրա ընտանիքին, ինչպես նաև անհրաժեշտ պարզ հարմարանքների պատրաստում և հարմարեցում՝ առօրյա գործունեությունների հեշտացման համար.

5) խորհրդատվության տրամադրում շահառուին և նրա ընտանիքին, շարունակական հետադարձ կապի ապահովում և միջամտությունների արդյունքների գնահատում և հսկողություն։

60. Կինեզիոլոգիական ծառայությունը կամ ադապտիվ ֆիզկուլտուրան ուղղված է շահառուի շարժողական, կոգնիտիվ, սոցիալական և ինքնուրույն կյանքի հմտությունների զարգացմանը։

61. Ադապտիվ ֆիզկուլտուրայի և կինեզիոլոգիայի ծառայությունների հիմնական նպատակը մարդու ինքնուրույնության, կյանքի որակի և ֆիզիկական ակտիվության բարելավումն է։

62. Կինեզիոլոգիական ծառայությունը վերականգնողական ծառայություն է, որն ուղղված է մարդու շարժողական ֆունկցիանների վերականգնմանը, պահպանմանը և զարգացմանը, իսկ ադապտիվ ֆիզկուլտուրան՝ ֆիզիկական ծառայություն է, որն ուղղված է մարդու շարժողական կարողությունների վերականգնմանը և զարգացմանը։

63. Կինեզիոլոգիական ծառայությունն ընդգրկում է՝

1) շահառուի բազմակողմանի գնահատում (մկանային ուժի, կեցվածքի վերլուծություն, հոդերի շարժունակության, հավասարակաշռության և այլ գնահատում).

2) շահառուի տարիքային, ֆիզիկական և հոգեբանական առանձնահատկությունների հիման վրա անհատական սոցիալական միջամտության ծրագրի մշակում և իրականացում.

3) կինեզոթերապևտիկ մեթոդների կիրառում՝ ուղղված շահառուի օրգանիզմի ֆունկցիոնալ հավասարակշռության վերականգնմանը, շարժողական խնդիրների հաղթահարմանը.

4) շահառուի առաջընթացի մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում միջամտության ծրագրերի վերանայում.

5) խորհրդատվության տրամադրում շահառուին և նրա ընտանիքին։

64. Ադապտիվ ֆիզկուլտուրայի ծառայությունն ընդգրկում է՝

1) շահառուի բազմակողմանի գնահատում (ճանաչողական հմտությունների, հավասարակշռության, խոշոր մոտորիկայի, քայլքի տարբեր թեստերի միջոցով).

2) շահառուի տարիքային, ֆիզիկական և հոգեբանական առանձնահատկությունների հիման վրա անհատական միջամտության ծրագրի մշակում և իրականացում.

3) ադապտիվ ֆիզկուլտուրայի մեթոդների կիրառում՝ ուղղված շահառուի օրգանիզմի ֆունկցիոնալ հավասարակշռության վերականգնմանը, շարժողական խնդիրների հաղթահարմանը.

4) շահառուի առաջընթացի մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում միջամտության ծրագրի վերանայում.

5) խորհրդատվության տրամադրում շահառուին և նրա ընտանիքին։

65. Հատուկ մանկավարժի՝ սուրդոմանկավարժական ծառայությունն ուղղված է լսողության խանգարում ունեցող հաշմանդամություն ունեցող անձանց, խոսքի և հաղորդակցման հմտությունների ուսուցմանը, ձևավորմանը և զարգացմանը։

66. Հատուկ մանկավարժի՝ սուրդոմանկավարժական ծառայության շրջանակում իրականացվում են լսողության և խոսքի զարգացման մակարդակի գնահատում, անհատական սոցիալական միջամտության ծրագրի մշակում և նպատակային պարապմունքների իրականացում՝ հաղորդակցման հմտությունների ձևավորման, լսողական ընկալման զարգացման նպատակով։ Հատուկ ուշադրություն է դարձվում լսողական ընկալման զարգացմանը, խոսքի ըմբռնման և արտահայտման հմտությունների ձևավորմանը, հաղորդակցման արդյունավետ միջոցների ընտրությանը, ինչպես նաև շահառուի սոցիալական ներառմանը և ինքնուրույնության զարգացմանը։

67. Սուրդոմանկավարժական ծառայությունն ընդգրկում է՝

1) աջակցություն լսողության և խոսքի զարգացմանը, հնչյունների ճիշտ արտասանությանը.

2) հաղորդակցման հմտությունների ձևավորում.

3) լսողական ընկալման զարգացում.

4) կարդալու և գրելու հմտությունների ձևավորում.

3) հայերեն ժեստերի լեզվի ուսուցում.

4) տանը ճիշտ հաղորդակցության մեթոդների ուսուցում.

5) վարքային և հաղորդակցության հմտությունների զարգացում.

6) անհրաժեշտության դեպքում՝ աջակցություն լսողական սարքերի կամ կոխլեար իմպլանտների արդյունավետ օգտագործման հարցում.

7) ծնողների կամ խնամողների խորհրդատվություն՝ ապահովելու շահառուի զարգացման շարունակական աջակցությունը տնային միջավայրում։

68. Հատուկ մանկավարժի՝ տիֆլոմանկավարժական ծառայությունն ուղղված է տեսողության խնդիրներով (թույլ տեսնող, չտեսնող անձանց) անկախ կյանք վարելու հմտությունների ձևավորմանը։

69. Տիֆլոմանկավարժն անհատական զարգացնող պարապմունքների միջոցով աջակցում է տեսողության խնդիրներ ունեցող շահառուներին ձեռք բերել սպիտակ ձեռնափայտի օգտագործման տեսական և գործնական հմտություններ, իրենց նախընտրած վայրերում հմտորեն կողմնորոշվելու ժամանակակից հնարքներ, անկախ և ինքնուրույն ապրելու փորձառություն, տեսողության խնդիրներ ունեցող շահառուներին սովորեցնում է ինքնուրույն օգտվել համակարգչից և սմարթֆոններից էկրանի ընթերցող ձայնային ծրագրերի կիրառմամբ (NVDA, JAWS և այլն)։

70. Հատուկ մանկավարժի՝ տիֆլոմանկավարժական ծառայությունն ընդգրկում է՝

1) սպիտակ ձեռնափայտի միջոցով տեղաշարժման ուսուցում, որը ներառում է ձեռնափայտի ճիշտ ընտրություն, հիմնական շարժումների ուսուցում, տարածության կողմնորոշում, խոչընդոտների հաղթահարում, անվտանգ տեղաշարժ հասարակական միջավայրում, ինքնուրույնության զարգացում.

2) ճիշտ կեցվածքի, ճիշտ քայլքի, որոշակի ուղղությամբ անշեղ քայլելու հմտությունների զարգացում, մանր և խոշոր մոտորիկայի, լսողական ընկալման, շոշափելիքի, համի, հոտոտելիքի զգայարանների և դրանց արդյունավետ գործածման հմտությունների զարգացում, շոշափելի տարրական պատկերներ գծելու, շոշափելի տիֆլոգրաֆիկական քարտեզներ կազմելու և կիրառելու հմտությունների ուսուցում։

71. Հատուկ մանկավարժի ծառայությունն ուղղված է շահառուի ճանաչողական, ընկալման կարողությունների, մանր մոտորիկայի, սոցիալական, հաղորդակցական և ինքնուրույնության հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը, սոցիալական ներառման աջակցմանը և անհատական ներուժի առավելագույն զարգացմանը։

72. Հատուկ մանկավարժի պարապմունքները կարող են իրականացվել անհատական և խմբային ձևաչափով՝ պահպանելով անհատական մոտեցման սկզբունքը։ Խմբերի ձևավորման ընթացքում անհրաժեշտ է հաշվի առնել շահառուների տարիքային, զարգացման և անհատական առանձնահատկությունները։ Պարապմունքների հաճախականությունն ու տևողությունը սահմանվում են՝ ելնելով շահառուի կարիքներից և անհատական աջակցության պլանից:

73. Հատուկ մանկավարժի կողմից մատուցվող ծառայությունն ընդգրկում է՝

1) շահառուի կարիքների և զարգացման առանձնահատկությունների գնահատում (ճանաչողական գործընթացներ՝ ուշադրություն, հիշողություն, մտածողություն, ընկալում, մանր և խոշոր մոտորիկա, հաղորդակցական և սոցիալական հմտություններ և այլն).

2) շահառուի անհատական կարիքներին համապատասխան շտկողազարգացնող ծրագրի մշակում և իրականացում.

3) շտկողազարգացնող աշխատանքների կազմակերպում և համապատասխան մեթոդների, ձևերի ու միջոցների ընտրություն՝ հաշվի առնելով շահառուի տարիքային և անհատական առանձնահատկությունները.

4) ուսումնազարգացնող նյութերի և առաջադրանքների հարմարեցում՝ շահառուի կարողություններին և կարիքներին համապատասխան.

5) սոցիալական փոխգործակցության, հաղորդակցական և ինքնասպասարկման հմտությունների զարգացման աջակցություն.

6) ընտանիքի հետ խորհրդատվական աշխատանքների և համագործակցության իրականացում, անհրաժեշտության դեպքում՝ ծնողի/խնամակալի ներգրավում աշխատանքներում.

7) ընտանիքում աջակցության պլանով նախատեսված աշխատանքների կազմակերպում՝ համագործակցելով բազմամասնագիտական թիմի հետ.

8) շահառուի առաջընթացի մշտադիտարկում, գնահատում և համապատասխան փաստաթղթավորման իրականացում.

9) եռամսյակային վերագնահատման իրականացում՝ շահառուի առաջընթացին հետևելու, անհրաժեշտության դեպքում միջամտության պլանը վերանայելու և աջակցության արդյունավետությունն ապահովելու նպատակով։

74. Ծառայություն մատուցողների հասանելիությունը «e-voucher» ենթահամակարգին ենթակա է դադարեցման ինքնաշխատ եղանակով՝ անմիջապես շահառուի հետ կնքված պայմանագրի գործողության ժամկետի ավարտի պահին։

 

7. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

75. Շահառուն «e-vaucher» ենթահամակարգի միջոցով գնահատում է ստացված ծառայությունների որակը։

76. Կարգով սահմանված ծառայությունների մշտադիտարկումը և գնահատումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով սահմանված կարգով:

 

Ձև N 1

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Ներմուծեք նկարագրությունը_11338

 

ԽՆԱՄՔԻ ԿԱՄ ՍՈՑԻԱԼ-ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ No 155

 

 

Շահառուի անունը - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -

 

Շահառուի ազգանունը - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -

 

Շահառուի Հայրանունը - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -

 

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -

 

ԱՀՓ անվանումը - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -

 

ԱՀՓ սերիան կամ համարը - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -

 

Տրված է - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -

 

Ում կողմից - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -

 

Սոցիալական ծառայության տեսակը - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -

 

 

Հավաստագրի արժեքը - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -

 

Սոցիալական ծառայության մատուցման ժամկետը - - - - - - - - - - - - - - - - - - - - - -

 

Տրամադրման ամսաթիվը - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -

 

Շահառուի կարգավիճակը - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -

 

Ուժի մեջ է մինչև - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -

 

 

Ձև N 2

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏ N ______

 

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԽՆԱՄՔ ԿԱՄ ՍՈՑԻԱԼ-ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Անձի ____________________________________

Անունը, ազգանունը, հայրանունը

 

_____________________________________________________

Անձը հաստատող փաստաթղթի համար

 

_____________________________________________________

ՀԾՀ/ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համար

 

_________ դիմումը մերժել ՝ ----- ------------------- 20   թ․

 

Մերժման իրավական հիմքը՝

Մերժման փաստական հիմքը՝

 

 

Սույն որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով (Միասնական սոցիալական ծառայություն) կամ դատական կարգով (Հայաստանի Հանրապետության վարչական դատարան)՝ 2-ամսյա ժամկետում։

 

ՄՍԾ

Հատուկ ծածկագիր (Վավերականության ստուգիչ ծածկագիր) ___________

 

Ձև N 3

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏ N ______

 

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՈՒ ԽՆԱՄՔ ԿԱՄ ՍՈՑԻԱԼ-ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Անձի ____________________________________

Անունը, ազգանունը, հայրանունը

 

_____________________________________________________

Անձը հաստատող փաստաթղթի համար

 

_____________________________________________________

ՀԾՀ/ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համար

 

__________ պետական հավաստագիրը ճանաչել ուժը

կորցրած և _____________ ծառայության տրամադրումը

դադարեցնել՝ ------ ----------------------- 20    թ․

 

Դադարեցման իրավական հիմքը՝

Դադարեցման փաստական հիմքը՝

 

 

Սույն որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով (Միասնական սոցիալական ծառայություն) կամ դատական կարգով (Հայաստանի Հանրապետության վարչական դատարան)՝ 2-ամսյա ժամկետում։

 

ՄՍԾ

Հատուկ ծածկագիր (Վավերականության ստուգիչ ծածկագիր) ___________

 

Ծառայությունների տրամադրման տարեկան քանակները

 

Աղյուսակ N 1

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

19.06.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան