ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունիսի 2026 թվականի N 883-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 450-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու մասին» N 450-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 5-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3) Հայաստանի ֆուտբոլի (երիտասարդական և ազգային) և ֆուտզալի ազգային հավաքականների անդամ հանդիսացող մարզիկները, սակայն հավաքականների կազմում ընդգրկված մարզիկների ընդհանուր թվից ոչ ավելի, քան պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա ֆուտբոլի դեպքում՝ 90, ընդ որում յուրաքանչյուր (Մ 19 տ., Մ 21 տ. և ազգային) հավաքականի դեպքում ոչ ավել, քան 35 մարզիկի, իսկ ֆուտզալի դեպքում՝ 10 մարզիկների:».
2) 5-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝
«Սույն կարգի իմաստով Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքական են համարվում Մ 19 տ. և Մ 21 տ. հավաքականները, իսկ երիտասարդական և ազգային հավաքականների անդամ են համարվում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմելու պահին նախորդող մեկ տարվա ընթացքում համապատասխան հավաքականների խաղերի (պաշտոնական կամ ընկերական) հայտացուցակում նվազագույնը երկու անգամ ընդգրկված մարզիկները, բացառությամբ առաջին անգամ խաղերին հրավիրված և հայտավորված մարզիկների:».
3) 6-րդ կետի «բացառությամբ Հայաստանի ֆուտբոլի և ֆուտզալի պատանեկան և երիտասարդական ազգային հավաքականների մարզիկների, որոնց տարկետում է տրվում մինչև երկու տարի ժամկետով» բառերը փոխարինել «բացառությամբ Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականների մարզիկների, որոնց տարկետում է տրվում մինչև 21 տարեկանը լրանալու օրը, իսկ մինչև 21 տարեկանների աշխարհի կամ Եվրոպայի առաջնության ավարտի հետ համընկնելու դեպքում մինչև աշխարհի կամ Եվրոպայի առաջնության ավարտը» բառերով:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
19.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունիսի 2026 թվական: