ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1698-Ն ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 1004-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 876-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.06.08-2026.06.21 Պաշտոնական հրապարակման օրը 19.06.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.06.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.06.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունիսի 2026 թվականի N 876-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1698-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 1004-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի N 1004-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1698-Ն որոշման՝

1) 1-ին կետի 27-րդ ենթակետում «երաշխավորված» բառը փոխարինել «ցուցված» բառով.

2) 2-րդ կետի 2-րդ ենթակետում «2027 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «2026 թվականի հուլիսի 1-ից» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցներ տրամադրելու և դրանց վերանորոգումն իրականացնելու կարգը և պայմանները, աջակցող միջոցների ցանկը, պետական հավաստագրերի և դրանց հիման վրա տրամադրվող աջակցող միջոցների վերանորոգման փոխհատուցման գումարի չափը, առանց պետական հավաստագրերի տրամադրվող աջակցող միջոցների և դրանց վերանորոգման փոխհատուցման գումարի չափը հաստատելու մասին» N 1004-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման 2-րդ կետի՝

ա. 3-րդ ենթակետում «երաշխավորված» բառը փոխարինել «ցուցված» բառով,

բ. 4-րդ ենթակետում «չերաշխավորված» բառը փոխարինել «չցուցված» բառով,

գ. 8-րդ ենթակետում «կոխլեար իմպլանտ կրող» բառերից հետո հանել «հաշմանդամություն ունեցող» բառերը,

դ. 9-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10-րդ ենթակետով՝

«10) սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական e-social համակարգում պետական հավաստագրերի միջոցով խնամքի կամ սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրման «Հավաստագրեր» e-voucher ենթահամակարգի (այսուհետ՝ «e-voucher» ենթահամակարգ) ներդրման դեպքում «e-voucher» ենթահամակարգում ներառվող տվյալների ցանկը, շահագործման և վարման կարգը կիրականացվեն սույն որոշման N 1 հավելվածի 7-8-րդ գլուխներով և պետական լիազոր մարմնի կողմից հաստատված «e-voucher» ենթահամակարգի կառուցվածքին, շահագործման և վարման կարգին, ինչպես նաև տեխնիկական առաջադրանքի պայմաններին համապատասխան։ Ընդ որում՝ մինչև 2027 թվականի հունվարի 1-ը զուգահեռաբար գործարկվում են «Աջակցող միջոցների տրամադրման» տեղեկատվական համակարգը և «e-voucher» ենթահամակարգը, իսկ 2027 թվականի հունվարի 1-ից հետո՝ միայն «e-voucher» ենթահամակարգը։».

2) որոշման 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 2.2-րդ նոր կետերով՝

«2.1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ապահովել «e-voucher» ենթահամակարգի փուլային ներդրումը 2026 թվականին, իսկ 2027 թվականի հունվարի 1-ից՝ ամբողջական գործարկումը:

2.2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ մինչև 2027 թվականի հունվարի 1-ն ապահովել սույն որոշման N 1 հավելվածի 77-րդ և 79-րդ կետերով սահմանված անհրաժեշտ բժշկական փաստաթղթերի տվյալների ստացումն էլեկտրոնային առողջապահության համակարգից:».

3) որոշման N 1 հավելվածի՝

ա. 7-րդ կետի 10-րդ ենթակետը «անկախ հաշմանդամություն ունենալու կամ չունենալու հանգամանքից,» բառերից հետո լրացնել «սույն հավելվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված փաստաթղթերի, ինչպես նաև» բառերով,

բ. 35.1-ին կետում «N 1 հավելվածով» բառերը փոխարինել «N 2 հավելվածով» բառերով,

գ. 39-րդ կետում «երաշխավորված» բառը փոխարինել «ցուցված» բառով,

դ. 70-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ և 8-րդ նոր գլուխներով՝

 

«7. ՀԱՎԱՍՏԱԳՐՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ «E-VOUCHER» ԵՆԹԱՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ

 

71. Աջակցող միջոցները և վերանորոգման ծառայությունը տրամադրվում են սույն որոշման N 2 հավելվածում նշված անձանց՝ հավաստագրի հիման վրա: Հավաստագիրն ինքնաշխատ ձևավորվում է «e-voucher» ենթահամակարգում: «e-voucher» ենթահամակարգում մշակվող անձնական տվյալները պահպանվում են օրենսդրությամբ սահմանված կարգով՝ բացառապես տվյալների սուբյեկտի տեղեկացված համաձայնության հիման վրա: Տվյալների պահպանումն իրականացվում է շահառուի սոցիալական պատմության հասանելիությունն ապահովելու և նրան տրամադրվող հետագա աջակցության ծրագրերն առավել նպատակային ու արագ կազմակերպելու նպատակով: Տվյալների սուբյեկտն իրավունք ունի պահանջելու իր անձնական տվյալների ոչնչացում կամ համաձայնության հետկանչ՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով՝ մինչև աջակցող միջոցի կամ վերանորոգման ծառայությունն ստանալը: Տվյալների ոչնչացումն անհնարին է դարձնում աջակցող միջոցի կամ վերանորոգման ծառայությունն ստանալը, ինչի մասին անձը նախապես ծանուցվում է:

72. Հավաստագիր ձեռք բերելու նպատակով շահառուն կամ նրա ներկայացուցիչը (շահառուի կողմից լիազորված անձը) կամ նրա օրինական ներկայացուցիչը մուտք են գործում սոցիալական պաշտպանության միասնական տեղեկատվական e-social համակարգի (այսուհետ՝ e-social) «e-voucher» ենթահամակարգ։ Ընդ որում՝ լիազորագիրը ձևավորվում է e-social համակարգում, որում առնվազն ներառվում են լիազորողի և լիազորված անձի անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները:

73. e-social համակարգում շահառուն կամ նրա ներկայացուցիչը, մինչև 16 տարեկան երեխաների դեպքում՝ օրինական ներկայացուցիչը գրանցվում են բջջային նույնականացման քարտով (mID), իսկ դրա բացակայության դեպքում ներկայանում են ՄՍԾ ցանկացած տարածքային կենտրոն՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

1) անձնագիր կամ նույնականացման քարտ, իսկ մինչև 16 տարեկան երեխաների դեպքում՝ անձնագիր կամ ծննդյան վկայական կամ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանք: Անձնագրի դեպքում ներկայացվում է նաև բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք: Մինչև 16 տարեկան երեխաների դեպքում դիմում է օրինական ներկայացուցիչը՝ ծնողը կամ որդեգրողը կամ շուրջօրյա խնամքի կենտրոնի տնօրենը կամ խնամակալը կամ հոգաբարձուն, անձի անգործունակ ճանաչված լինելու դեպքում՝ խնամակալը: Եթե դիմումը ներկայացնում է օրինական ներկայացուցիչը կամ ներկայացուցիչը, ապա ներկայացվում է նաև նրա հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ տեղեկանքը: Բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի ներկայացման պահանջը գործում է մինչև «Բնակչության պետական ռեգիստրի մասին» նոր օրենքի ուժի մեջ մտնելը․

2) եթե շահառուն Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող օտարերկրացի է՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը (կացության քարտ, բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք, օրինական բնակությունը հավաստող՝ օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթուղթ).

3) եթե շահառուն Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձ է՝ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը.

4) եթե շահառուն ապաստան հայցող է՝ ապաստան հայցողի վկայականը.

5) եթե շահառուն ունի փախստականի կարգավիճակ՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշման 3-րդ կետի համաձայն փախստական ճանաչված անձանց։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշման 3-րդ կետի համաձայն փախստական ճանաչված անձինք ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշման N 1 հավելվածի 1-ին կետով սահմանված փաստաթղթերը միաժամանակ։

74. Սույն կարգի 73-րդ կետի 2-5-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերի տվյալներն ստացվում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության տվյալների շտեմարաններից:

75. Եթե շահառուն հաշմանդամություն ունեցող անձ է, ապա ծառայությունների տրամադրման հիմքը ԾԱԾ կամ ՎԱԾ կամ աջակցող միջոցների երաշխավորության վերաբերյալ տեղեկանքն է՝ համաձայն սույն կարգի N 4 ձևի կամ տեղեկատվական համակարգում առկա բուժատեխնիկական հանձնաժողովի կամ ՄՍԾ եզրակացությունը տվյալ աջակցող միջոցի վերաբերյալ։

76. Սույն որոշման N 2 հավելվածում ներառված՝

1) սոցիալապես անապահով անձանց վերաբերյալ տվյաներն ստացվում են ընտանիքների անապահովության գնահատման համակարգից կամ անապահովության գնահատման նոր համակարգից.

2) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին և նրանց հավասարեցված անձանց, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների այրիների, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների (այդ թվում՝ պարտադիր զինվորական ծառայության զինծառայողներ) ընտանիքի անդամների, ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամների կարգավիճակը հավաստող փաստաթղթերը կցվում են:

77. Սույն կետում նշված աջակցող միջոցների հավաստագրի տրամադրման համար անհրաժեշտ բժշկական փաստաթղթերը (տվյալները) ստացվում են էլեկտրոնային առողջապահության համակարգից: Եթե էլեկտրոնային առողջապահության համակարգից ստացման հնարավորությունը չկա, ապա այդ փաստաթղթերը շահառուն կամ նրա ներկայացուցիչը կամ օրինական ներկայացուցիչը կցում է «e-voucher» ենթահամակարգ, ընդ որում՝ դիմումատուն «e-voucher» ենթահամակարգում տալիս է իր համաձայնությունը բժշկական գաղտնիք պարունակող տվյալները մշակելու համար.

1) անկախ աջակցող միջոցի տեսակից՝ ներկայացվող բոլոր բժշկական փաստաթղթերը կամ ստացվող տվյալները պետք է պարունակեն՝

ա. տրամադրող բժշկական կազմակերպության անվանումը,

բ. մասնագետի անունը, ազգանունը և մասնագիտությունը,

գ. ախտորոշումը՝ ըստ Հիվանդությունների միջազգային դասակարգման (ՀՄԴ),

դ. փաստաթղթի կազմման ամսաթիվը,

ե. տրամադրող կազմակերպության տնօրենի կամ վերջինիս կողմից լիազորված ներկայացուցչի ստորագրությունն ու կնիքը (եթե փաստաթուղթը ստացվում է էլեկտրոնային առողջապահության համակարգից և այն թվային է, ստորագրություն և կնիք չի պահանջվում).

2) համապատասխան աջակցող միջոցի տրամադրման անհրաժեշտության վերաբերյալ բժշկական կազմակերպության կողմից տրված մասնագիտական եզրակացությունը (բացառությամբ վերին և ստորին վերջույթների պրոթեզների, 18 տարեկանից բարձր տարիքի անձանց տրամադրվող օրթեզների, ձայնաստեղծ սարքերի (պրոթեզների), աչքի պրոթեզների, անվասայլակների)։ Ընդ որում, եթե շահառուն բողոքարկել է իր կարիքներին չհամապատասխանող աջակցող միջոց ստանալու հարցով, ապա սույն ենթակետում նշված մասնագիտական եզրակացությունը չի կարող տրամադրվել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով նմանատիպ աջակցող միջոց տրամադրող կազմակերպության կողմից.

3) լսողական սարքերի հավաստագրի տրամադրման համար՝ անձին սպասարկող առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կամ մասնագիտացված բժշկական կազմակերպության կողմից տրված տեղեկանք (տվյալ) լսողական սարք կրելու անհրաժեշտության վերաբերյալ` համաձայն սույն կարգի N 5 ձևի, աուդիոգրամման (աուդիոմետրիայի տվյալները): Ընդ որում՝ աուդիոգրամմայում պետք է նշվի լսողության խանգարման աստիճանը Դբ-ով (500, 1000, 2000 հց, կամ 500, 1000, 2000, 4000 հց հաճախականության միջին թվաբանականը)։ Աուդիոգրամման չի կարող ներկայացվել լսողական սարք տրամադրող՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած կազմակերպության կողմից.

4) լսողական սարքերի ներդիրների հավաստագրի տրամադրման համար՝ լսողական սարքի տեսակի և այն կրելու սկզբի ամսաթվի մասին բժշկական կազմակերպության կողմից տրամադրված տեղեկանք (տվյալ)՝ տրամադրող կազմակերպության տնօրենի կամ վերջինիս կողմից լիազորված ներկայացուցչի ստորագրությամբ և կնիքով հաստատված: Եթե նշված տեղեկանքը ստացվում է էլեկտրոնային առողջապահության համակարգից և այն թվային է, ապա ստորագրություն և կնիք չի պահանջվում.

5) կոխլեար իմպլանտի պրոցեսորի և դրա մասերի հավաստագրի տրամադրման համար` բժշկական կազմակերպության կողմից տրված բժշկական եզրակացություն (տվյալ) կոխլեար իմպլանտ կրելու փաստի, տեղադրման ճշգրիտ ամսաթվի (օր, ամիս, տարի), ինչպես նաև խոսակցական պրոցեսորի և դրա մասերի անհրաժեշտության հիմնավորման վերաբերյալ՝ տրամադրող կազմակերպության տնօրենի կամ վերջինիս կողմից լիազորված ներկայացուցչի ստորագրությամբ և կնիքով հաստատված (եթե նշված բժշկական եզրակացություն ստացվում է էլեկտրոնային առողջապահության համակարգից և այն թվային է, ապա ստորագրություն և կնիք չի պահանջվում): Բժշկական եզրակացության մեջ նշվում են առնվազն կոխլեար իմպլանտի տեղադրման օրը, ամիսը, տարեթիվը.

6) երեխաների օրթեզի և օրթեզի կոշիկի տրամադրման համար` մանկական վերականգնողական և հիվանդանոցային պայմաններում մանկական վնասվածքաբանական և օրթոպեդիական բժշկական օգնության և սպասարկման տեսակներով բժշկական օգնություն և սպասարկում մատուցող բժշկական կազմակերպության համապատասխան մասնագետի կողմից տրված մասնագիտական եզրակացությունը (տվյալ): Դրանք ներառում են առնվազն ախտորոշման ամսաթիվը, շահառուի ֆունկցիոնալ վիճակի և վերջույթի կառուցվածքի նկարագրությունը, օրթեզի տեսակի հստակ անվանումը, անհրաժեշտության հիմնավորումը: Վերջինս տրվում է ինչպես հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում բուժվող, այնպես էլ նեղ մասնագիտական խորհրդատվության ենթարկված երեխաներին: Սույն ենթակետում նշված բժշկական կազմակերպությունների ցանկը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հրապարակում է իր պաշտոնական կայքէջում: Այն փոփոխվում է՝ մանկական վերականգնողական և հիվանդանոցային պայմաններում մանկական վնասվածքաբանական և օրթոպեդիական բժշկական օգնության և սպասարկման տեսակներով բժշկական օգնություն և սպասարկում մատուցող նոր բժշկական կազմակերպության ընդգրկելու կամ բժշկական կազմակերպության տվյալ տեսակով բժշկական օգնություն և սպասարկում չիրականացնելու դեպքում.

7) վերին վերջույթի էլեկտրամիոգրաֆիա (ԷՄԳ) հետազոտության արդյունքը (հետազոտված մկանների ցանկը և ԷՄԳ ցուցանիշները (ամպլիտուդ, հաճախականություն, այլ)՝ տրված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան լիցենզիա ստացած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպության կողմից, վերին վերջույթի միոպրոթեզով և ֆունկցիոնալ պրոթեզով պրոթեզավորման դեպքում․

8) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացությունը էլեկտրոնային առողջապահության համակարգից՝ հաշմանդամություն չունեցող անձանց ֆունկցիոնալ պրոթեզներ ստանալու դեպքում (բացառությամբ վերին զույգ վերջույթն անդամահատված անձանց, որոնց դեպքում զինծառայության հետ կապված լինելու հանգամանքը պարտադիր չէ): Ղարաբաղից տեղահանված անձանց, ինչպես նաև Ղարաբաղում վնասվածք ու վիրավորում ստացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար՝ անկախ հաշմանդամություն ունենալու կամ չունենալու հանգամանքից, հիմք կարող են հանդիսանալ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում և Ղարաբաղի կենսաթոշակային բազայում առկա տվյալները.

9) վերին և ստորին վերջույթների պրոթեզներ, կրծքագեղձի էկզոպրոթեզ կամ ակնագնդի (աչքի) պրոթեզ կամ ձայնաստեղծ սարք (պրոթեզ) ստանալու դեպքում հաշմանդամություն չունեցող անձը ներկայացնում է բժշկական փաստաթուղթ, որում արտացոլված է սույն ենթակետում նշված աջակցող միջոցներ կրելու անհրաժեշտությունը: Ի թիվս սույն կետի 1-ին ենթակետում նշված տվյալների՝ անհրաժեշտ են նաև ախտորոշումը և ախտորոշման ամսաթիվը և՝

ա.վերին և ստորին վերջույթների պրոթեզների դեպքում՝ վերջույթի ֆունկցիոնալ վիճակի կամ կառուցվածքի նկարագրությունը, պրոթեզ կրելու անհրաժեշտության հիմնավորումը,

բ. կրծքագեղձի էկզոպրոթեզի դեպքում՝ վիրաբուժական միջամտության (մաստէկտոմիայի) ամսաթիվը, ակնագնդի (աչքի) պրոթեզի կրման հիմնավորումը,

գ. ակնագնդի (աչքի) պրոթեզի դեպքում՝ ակնագնդի վնասվածքի (հեռացում կամ կորուստ) ամսաթիվը, վիրաբուժական միջամտության տեսակը,

դ. ձայնաստեղծ սարքի (պրոթեզի) դեպքում՝ ձայնաստեղծ սարքի տեսակը, այն կրելու անհրաժեշտության հիմնավորումը:

78․ Սույն կետում նշված դեպքերում աջակցող միջոցները տրամադրվում են ՄՍԾ-ի եզրակացության հիման վրա, որը 10 աշխատանքային օրվա ընթացքում ձևավորվում է «e-voucher» ենթահամակարգում՝

1) հաշմանդամություն ունեցող անձանց օրթեզավորման և օրթեզի տեսակի (բացառությամբ երեխաների) նշանակման դեպքում։ Երեխաների դեպքում հիմք է հանդիսանում սույն կարգի 77-րդ կետի 5-րդ ենթակետում նշված մասնագիտական եզրակացությունը.

2) առաջին անգամ վերին կամ ստորին վերջույթների պրոթեզավորման և պրոթեզի տեսակի նշանակման դեպքում.

3) վերին կամ ստորին վերջույթների կրկնակի անդամահատման դեպքում՝ նոր պրոթեզ տրամադրելու դեպքում.

4) վերին և ստորին վերջույթի պրոթեզների տեսակի փոփոխության դեպքում.

5) երաշխիքային սպասարկման ժամկետից դուրս գտնվող աջակցող միջոցները սահմանված ժամկետից շուտ տրամադրելու դեպքում.

6) երաշխիքային ժամկետում գտնվող աջակցող միջոցների տրամադրման հետ կապված վիճահարույց դեպքերում, եթե՝

ա․ խախտվել են աջակցող միջոցի պահպանման ու օգտագործման կանոնները,

բ․ թերությունն առաջացել է բնականոն մաշվածության հետևանքով: Ընդ որում՝ բնականոն մաշվածություն համարվում են աջակցող միջոցի օգտագործման հետևանքները, որոնք երաշխիքային ժամկետում առաջացրել են տեխնիկական վիճակի և արտաքին տեսքի վատթարացում,

գ․ աջակցող միջոցն օգտագործվել է ոչ անմիջական նշանակությամբ,

դ․ աջակցող միջոցի վրա առկա են չլիազորված անձանց կողմից կատարված վերանորոգման հետքեր,

ե․ թերությունն առաջացել է աջակցող միջոցի կառուցվածքը կամ սխեման փոխելու հետևանքով,

զ․ թերությունն առաջացել է դժբախտ պատահարների, միտումնավոր կամ անզգույշ կատարած քայլերի կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով,

է․ հայտնաբերվել են մեխանիկական վնասվածքներ` խոնավության, բարձր կամ ցածր ջերմաստիճանի, ժանգոտման, թթվային միջավայրի ազդեցության տակ առաջացած վնասվածքներ,

ը․ անձի ֆիզիոլոգիական վիճակի փոփոխությամբ պայմանավորված վիճակ (հասակի աճ, գիրանալ, նիհարել, Կոբի անկյան փոփոխություն, ծայրատի հիպոտրոֆիա և այլն)․

7) սույն որոշման N 3 հավելվածում սահմանված աջակցող միջոցների վերանորոգման դեպքում: Այս դեպքում շահառուն վերանորոգման կարիք ունեցող աջակցող միջոցով ներկայանում է ՄՍԾ.

8) վերին կամ ստորին վերջույթների անդամահատում կամ ակնագունդը կամ ձայնալարերը հեռացված` հաշմանդամություն չունեցող անձանց համապատասխան պրոթեզ տրամադրելու դեպքում.

9) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

79․ Ձայնալարերի պրոթեզների և ձայնաստեղծ սարքերի, լսողական սարքերի, կոխլեար իմպլանտի խոսակցական պրոցեսորի և դրա մասերի (պարագաների) դեպքում անձի կարիքներին չհամապատասխանող աջակցող միջոցների վերաբերյալ համապատասխան եզրակացություն ստանալու համար շահառուն կամ նրա ներկայացուցիչը կամ օրինական ներկայացուցիչը ՄՍԾ է ներկայացնում նաև քիթ-կոկորդ-ականջաբանի եզրակացությունը՝ մինչև էլեկտրոնային առողջապահության համակարգից դրանք ինքնաշխատ ստանալը։

80. ԾԱԾ-ի հիման վրա աջակցող միջոցն ստանալու դեպքում՝

1) շահառուն կամ նրա ներկայացուցիչը կամ նրա օրինական ներկայացուցիչը նշում է այն ծառայությունը, որը ցանկանում է ստանալ, որից հետո հավաստագիրը ձևավորվում է ինքնաշխատ: Այն դեպքերում, երբ պահանջվում է սույն կարգի 78-րդ կետում նշված եզրակացությունը, ապա շահառուն կամ ներկայացուցիչը կամ նրա օրինական ներկայացուցիչը ստանում են ծանուցում, համաձայն որի՝ շահառուն պետք է 10 աշխատանքային օրվա ընթացքում ներկայանա ՄՍԾ: Այս մասին ծանուցումն ուղարկվում է դիմողին առցանց կամ էլեկտրոնային փոստով կամ ՄՍԾ-ն տեղեկացնում է հեռախոսազանգի (անհրաժեշտության դեպքում՝ տեսազանգի) միջոցով: Եթե շահառուն չի ներկայանում, ապա դիմումը չեղարկվում է.

2) ՄՍԾ-ն եզրակացությունը կարող է տրամադրել տեսակապի միջոցով կամ այցելելով շահառուի գտնվելու վայր՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2025 թվականի ապրիլի 21-ի N 43-Ա/1 հրամանով սահմանված դեպքերում: Դրական եզրակացության դեպքում հավաստագիրը ձևավորվում է ինքնաշխատ: Մերժման դեպքում շահառուն ստանում է ծանուցում մերժման պատճառների վերաբերյալ: Մերժման պատճառ կարող են լինել սույն կարգի 7-րդ գլխում սահմանված փաստաթղթերի բացակայությունը կամ անհամապատասխանությունը, ինչպես նաև այն դեպքը, երբ շահառուն բողոքարկել է իր կարիքներին չհամապատասխանող աջակցող միջոց ստանալու հարցով և սույն կարգի 77-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված եզրակացությունը տրվել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով նմանատիպ աջակցող միջոց տրամադրող կազմակերպության կողմից:

81. Սույն կարգի 75-րդ կետում նշված՝ ՎԱԾ-ի կամ աջակցող միջոցների ցուցման վերաբերյալ տեղեկանքի կամ բուժատեխնիկական հանձնաժողովի կամ տվյալ աջակցող միջոցի վերաբերյալ ՄՍԾ եզրակացության հիման վրա կամ 77-րդ կետում նշված՝ բժշկական փաստաթղթերի հիման վրա աջակցող միջոցն ստանալու դեպքում՝

1) շահառուի կամ ներկայացուցչի կողմից հայտը ներկայացնելուց հետո ՄՍԾ-ն, ուսումնասիրելով ՎԱԾ-ի կամ աջակցող միջոցների ցուցման վերաբերյալ տեղեկանքի կամ բուժատեխնիկական հանձնաժողովի կամ տվյալ աջակցող միջոցի վերաբերյալ ՄՍԾ եզրակացության կամ բժշկական փաստաթղթերի տվյալները, «e-vоucher» ենթահամակարգում մուտքագրում է ցուցված աջակցող միջոցների ցանկը, որից հետո շահառուն կամ նրա ներկայացուցիչը կամ նրա օրինական ներկայացուցիչը դիմում է ներկայացնում՝ իրեն ցուցված աջակցող միջոցը կամ վերանորոգումը ստանալու նպատակով.

2) հավաստագրի ձևավորումն իրականացվում է սույն կարգի 80-րդ կետով սահմանված ընթացակարգով:

82. «e-vоucher» ենթահամակարգում հավաստագրի ձևավորվելուց հետո շահառուին հասանելի է լինում որակավորված կազմակերպությունների ցանկը՝ հասցեներով և կոնտակտային տվյալներով։ Շահառուն ընտրում է իր նախընտրելի կազմակերպությունը։ Կազմակերպության կողմից աջակցող միջոցը տրամադրելուց կամ վերանորոգումը կատարելուց հետո շահառուն կամ ներկայացուցիչը կամ նրա օրինական ներկայացուցիչը այդ փաստը 10 աշխատանքային օրվա ընթացքում արձանագրում է «e-voucher» ենթահամակարգում: Եթե նշված ժամկետում փաստը չի արձանագրվում, ապա համակարգն ինքնաշխատ համարում է աջակցող միջոցը կամ վերանորոգումը տրամադրված։ Եթե աջակցող միջոցի տրամադրման կամ վերանորոգման համար անհրաժեշտ է որոշակի ժամանակ, ապա դիմելու օրը կազմակերպությունն այդ մասին նշում է կատարում «e-voucher» ենթահամակարգում, որը չի կարող գերազանցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2025 թվականի հունվարի 10-ի N 2-Ն հրամանով և սույն որոշման N 3 հավելվածի աղյուսակ 1-ով և 2-ով սահմանված ժամկետները։ Նշված ժամկետում այլ կազմակերպություն ընտրելու հնարավորություն շահառուին չի տրվում: Այլ կազմակերպություն ընտրելու հնարավորություն է տրվում, եթե երկու կողմերը փոխադարձաբար հրաժարվում են հետագա գործընթացներից:

83. Շահառուի դիմումը կարող է մերժվել հետևյալ դեպքերում՝

1) բացակայում են սույն կարգի 72-79-րդ կետերում սահմանված պահանջները.

2) չեն պահպանվել սույն որոշման NN 2 և 3 hավելվածներով սահմանված պայմաններն ու ժամկետները:

84. Կազմակերպությունը շահառուին աջակցող միջոցը տրամադրում է տեղեկատվական համակարգում հավաստագրի առկայության դեպքում:

85. Աջակցող միջոցները կազմակերպության կողմից անձին տրամադրվում են փորձարկումից, անհատական հարմարեցումից և դրա օգտագործման ձևը սովորեցնելուց ու աջակցող միջոցի օգտագործման և պահպանման ձևի վերաբերյալ գրավոր հուշաթերթիկ տրամադրելուց հետո, եթե շահառուն աջակցող միջոց ստանալու համար դիմում է անձամբ, ոչ թե ներկայացուցչի միջոցով։ Ներկայացուցչի միջոցով աջակցող միջոցներ ստանալու դեպքում ներկայացուցչին տրամադրվում է դրա օգտագործման և պահպանման մասին գրավոր հուշաթերթիկ, ինչպես նաև դրա օգտագործման ձևի վերաբերյալ անհրաժեշտ խորհրդատվություն, իսկ փորձարկումը, անհատական հարմարեցումը և դրա օգտագործման ձևը սովորեցնելն իրականացվում է անձի գտնվելու վայրում:

86. Կազմակերպությունը հաշվարկային փաստաթուղթ է դուրս գրում ֆինանսավորող կողմին հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման համակարգի միջոցով։ Այնուհետև կազմակերպությունը «e-voucher» ենթահամակարգում մուտքագրում է հաշվարկային փաստաթղթի նույնականացնող համարը, կազմակերպության կողմից վճարվելիք գումարը, ինչպես նաև շահառուի կողմից վճարված հավելավճարի չափը։ Համակարգը կազմակերպության կողմից մուտքագրված հաշվարկային փաստաթղթի նույնականացնող համարի հիման վրա Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական համակարգից՝ տեղեկատվական համակարգերի փոխգործելիության միջոցով, ստանում է հաշվարկային փաստաթղթի գումարը, կարգավիճակը, կողմերի հարկ վճարողի հաշվառման համարները (ՀՎՀՀ) և հաշվարկային փաստաթուղթ դուրս գրողի բանկային հաշիվը։ Ստացված տվյալների հիման վրա իրականացվում է հաշվարկային փաստաթղթի կարգավիճակի ստուգում, ինչպես նաև հարկային հաշվում նշված գումարի և հավելավճարի համադրում տվյալ աջակցող միջոցի համար սահմանված առավելագույն գնի հետ։ Ստուգումների ավարտից հետո ֆինանսական միջոցները Գանձապետարանի միջոցով փոխանցվում են կազմակերպության հաշվեհամարին՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գանձապետական հաշվեհամարից կամ ֆինանսավորող կազմակերպության հաշվեհամարից։

87. «e-voucher» ենթահամակարգի ուսումնասիրության արդյունքում խախտում հայտնաբերվելու դեպքում նախարարությունը կիրառում է պայմանագրով սահմանված տույժերն ու տուգանքները։

 

8. «E-VOUCHER» ԵՆԹԱՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

88․ Աջակցող միջոցների տրամադրումը և վերանորոգումն իրականացվում են հավաստագրի հիման վրա: Հավաստագրի ձևաչափերը սահմանված են սույն կարգի NN 6 և 7 ձևերով:

89. Հավաստագիրն ուժի մեջ է մտնում տրամադրման օրվանից և գործում է 180 օրացուցային օր: Դեկտեմբերի 15-31-ն ընկած ժամանակահատվածը օրացուցային օրերի մեջ չի հաշվարկվում։

90. Սույն կարգի 3-րդ գլխի 29-45-րդ կետերում սահմանված աջակցող միջոցների տրամադրման և դրանց վերանորոգման պայմանները, 5-րդ գլխի 56-62-րդ կետերում սահմանված պայմանները, սույն որոշման N 2 հավելվածում սահմանված աջակցող միջոցների ցանկը, դրանց գումարի չափը և N 3 հավելվածում սահմանված աջակցող միջոցների վերանորոգման փոխհատուցման գումարի չափը կիրառելի են նաև «e-voucher» ենթահամակարգում։

91. Լիազոր մարմինը որակավորված կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվությունը պայմանագիրը կնքելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում մուտքագրում է «e-voucher» ենթահամակարգ։ Մուտքագրվող տեղեկատվությունն առնվազն պարունակում է հետևյալ տեղեկությունները՝

1) կազմակերպության անվանումը, (ՀՎՀՀ), հաշվեհամարը, իրավաբանական հասցեն.

2) կապի միջոցները (հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն).

3) կազմակերպության կողմից տրամադրվող աջակցող միջոցների կամ վերանորոգման դետալների անվանումը, դրանց գինը:».

4) որոշման N 1 հավելվածը լրացնել նոր՝ NN 6 և 7 ձևերով՝ համաձայն հավելվածի.

5) որոշման N 2 հավելվածի աղյուսակում «երաշխավորված» բառը բոլոր տեղերում փոխարինել «ցուցված» բառով.

6) որոշման N 2 հավելվածի աղյուսակի I «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժնի՝

ա. 6.18-րդ կետում «40000» թիվը փոխարինել «60000» թվով,

բ. 6.22-րդ կետում «100000» թիվը փոխարինել «150000» թվով,

գ. 17.2-րդ կետում «380000» թիվը փոխարինել «700000» թվով,

դ. 17.6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 17.7-րդ կետով՝

 

«

17.7

Բազմաֆունկցիոնալ

ակտիվ աթոռ-սայլակ

6 ամսական և ավելի

բարձր տարիքի

անձանց` հինգ տարի

Հաշմանդամություն

ունեցող անձինք

հատ

4940000

»,

 

ե. 18.1-ին կետում «80000» թիվը փոխարինել «180000» թվով,

զ. 18.2-րդ կետում «80000» թիվը փոխարինել «180000» թվով,

է. 18.3-րդ կետում «36000» թիվը փոխարինել «90000» թվով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից՝ բացառությամբ սույն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի «դ» պարբերությամբ որոշման N 1 հավելվածում լրացվող 7-րդ գլխի 86-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում սույն որոշման ուժի մեջ մտնելուց 1 ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

18.06.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

հունիսի 18-ի N 876-Ն որոշման

 

Ձև N 6

 

Ներմուծեք նկարագրությունը_24656

 

Ձև N 7

 

Ներմուծեք նկարագրությունը_24657

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան


18.06.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան