ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀՀ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 881-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 18.06.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.06.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.06.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հունիսի 2026 թվականի N 881-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-1361-22.05.2026-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

18.06.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-1361-22.05.2026-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ ստորև ներկայացնում է իր դիտարկումներն ու առաջարկությունները:

1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է օրենքի 3-րդ հոդվածում լրացնել նոր 1.1-ին մաս հետևյալ բովանդակությամբ.

«1.1 Հայաստանի Հանրապետության դրոշը մշտապես բարձրացվում է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր համայնքի վարչական տարածքի հիմնական մուտքերի մոտ։»։

Այս կապակցությամբ հայտնում ենք, որ «համայնքի վարչական տարածքի հիմնական մուտքերի» ձևակերպումն անորոշ է և պարզ չէ, թե որ հատվածում է Նախագծով նախատեսվում տեղակայել ՀՀ դրոշը, ուստի իրավական որոշակիություն ապահովելու տեսանկյունից, առաջարկում ենք վերանայել Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված կարգավորումը կամ Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ լրացուցիչ պարզաբանել առաջարկվող կարգավորումը։

Միևնույն ժամանակ անհրաժեշտ է նկատի ունենալ նաև, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ Երևանի վարչական սահմանները սահմանվում են «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, իսկ նույն օրենքի 6.1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի սահմանների նկարագրությունը տրվում է նույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող հավելված 6-ում։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ ոչ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով և ոչ էլ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում «համայնքի վարչական տարածքի հիմնական մուտք» ձևակերպում առկա չէ, ավելին՝ Երևան համայնքի վարչական սահմանների նկարագրությունը տրված է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքի N 6 հավելվածով, որի համաձայն՝ Երևան համայնքի վարչական սահմանները նկարագրվում են քարտեզագրական և տեղագրական տվյալներով՝ սահմանային նկարագրությամբ՝ առանց հիմնական կամ այլ մուտքերի առանձնացման, ուստի առաջարկվող կարգավորումն անհասկանալի է և անորոշ:

Վերոնշյալ դիտողությունը վերաբերում է նաև մյուս համայնքներին, որոնց վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքի համապատասխան հավելվածներում նույնպես համայնքի վարչական տարածքի հիմնական մուտքերի վերաբերյալ նկարագրություն առկա չէ։

Միաժամանակ հայտնում ենք, որ վարչական տարածքները կարող են ունենալ մի քանի մուտք, ուստի անհասկանալի է նաև, թե դրանցից որը կարող է համարվել հիմնական։

Նկատի ունենալով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ Նախագծով նախատեսվող կարգավորումը ենթակա է վերանայման:

2․ Նախագծի 1-ին հոդվածով ՀՀ դրոշը նախատեսված է բարձրացնել ՀՀ յուրաքանչյուր համայնքի վարչական տարածքի հիմնական մուտքերի մոտ, իսկ Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ ՀՀ դրոշը պետք է բարձրացնել  յուրաքանչյուր քաղաքային և գյուղական բնակավայրի վարչական սահմանի մուտքի մոտ։

Այս կապակցությամբ հայտնում ենք, որ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն Համայնքներն ինքնակառավարվող վարչատարածքային միավորներ են:

Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերը` առանձին կամ այլ բնակավայրի (բնակավայրերի) հետ միասին, ընդգրկվում են համայնքների մեջ:

Հայաստանի Հանրապետության համայնքների ցանկը, ըստ նրանց կազմում ընդգրկված բնակավայրերի, տրվում է սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 2-ում:

Վերոնշյալ կարգավորումից բխում է, որ բնակավայրերը ներառված են համայնքների մեջ, ուստի Նախագծով նախատեսված կարգավորման և Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ նախատեսված առաջարկի միջև առկա է հակասություն, քանի որ անհասկանալի է` միայն յուրաքանչյուր համայնքի, թե բնակավայրերից յուրաքանչյուրի մուտքի մոտ է նախատեսվում դրոշը տեղադրել։

Այս կապակցությամբ առաջարկում ենք Նախագծով նախատեսված կարգավորումը վերանայել կամ Նախագծի և Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ սահմանված կարգավորումները համապատասխանեցնել միմյանց։

3․ Նախագիծն անհրաժեշտ է լրացնել նոր դրույթով, ըստ որի կսահմանվի, որ դրոշի տեղադիրքի, բարձրացման կարգի և այլ չափանիշների առանձնահատկությունները սահմանում է Կառավարությունը՝ ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում։ Այս համատեքստում անհրաժեշտ է հստակեցնել նաև թե որ մարմինն է պատասխանատու դրոշի բարձրացման և սպասարկման համար (մարզպետ, համայնք): Լրացուցիչ կարգավորման անհրաժեշտություն կունենան դրոշի բարձրացման տեղադիրքի (հողամասի, գույքի) պատկանելությանն առնչվող հարցերը։

Ամփոփելով վերոշարադրվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ նախագիծն անհրաժեշտ է լրամշակել ներկայացված դիտարկումների և առաջարկությունների հիման վրա:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան