ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունիսի 2026 թվականի N 871-Լ
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-1284-17.03.2026-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
18.06.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-1284-17.03.2026-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ստորև ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության դիտարկումներն ու առաջարկությունները:
2023 թվականին կանոնակարգվել է էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորների փոխադրման պատվերներ ստացող և փոխանցող կազմակերպությունների գործունեությունը, որը սահմանվել է որպես ծանուցման ենթակա գործունեություն։ Ներկա դրությամբ թվով 13 իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր ստացել են ոլորտում գործունեություն իրականացնելու իրավունք, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակված է նախարարության պաշտոնական կայքում։
«Պետական տուրքի մասին» օրենքով էլեկտրոնային հարթակների միջոցով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների իրականացման արտոնագիր տրամադրելու համար պետական տուրքը սահմանվել է յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի՝ 4-5 տոկոսի չափով, իսկ էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության մատուցման իրավունք ձեռք բերելու համար սահմանվել է պետական տուրք 1 մլն դրամի չափով։
Հայաստանի Հանրապետության օրենսդրական կարգավորումներն ապահովում են ազատ մրցակցությունը ոլորտում գործունեություն իրականացնողների համար։ Տնտեսվարող սուբյեկտների կողմից գերիշխող դիրքի գրավման կարգավորումները սահմանված են «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքով և առկա է բավականին լայն գործիքակազմ գերիշխող դիրք զբաղեցնող սուբյեկտների նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու համար:
Ոլորտում գործունեություն իրականացնողների կողմից սահմանվող միջնորդավճարը հանդիսանում է հարթակի հիմնական եկամտի աղբյուրը և եկամուտ ապահովելուց բացի փոխհատուցում է հարթակի շահագործման, մարքեթինգի, գործառնական, վարչական և այլ ծախսերը։
Օրենքի նախագծի հիմնավորման մեջ ներկայացված չեն էլեկտրոնային հարթակների կողմից իրականացվող ծախսերը, ուստի զուտ եկամուտների մասով հաշվարկների ներկայացումը բավարար չէ օրենսդրական փոփոխություն կատարելու և պետության կողմից միջնորդավճարի սահմանաչափի վերին շեմ սահմանելու համար։ Անհրաժեշտ է հաշվի առնել հարթակների կողմից իրականացվող ծախսերը, այդ թվում՝ դրանց կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավման, տեղեկատվության անվտանգության ապահովման, ռիսկերի կառավարման, տեխնոլոգիական ենթակառուցվածքների պահպանման և այլնի համար։
Էլեկտրոնային հարթակների հետ համագործակցող փոխադրողների համար բարենպաստ միջավայր ձևավորելու նպատակների տեսանկյունից պետք է հաշվի առնել, որ նրանց գործունեության համար օրենսդրությամբ որևէ սահմանափակող կարգավորումներ չսահմանելն արդեն իսկ ուղղված է բարենպաստ միջավայրի ձևավորմանը։
Ինչ վերաբերում է օրենքի նախագծով ներկայացված հիմնավորմանը, այն լիարժեք չի արտացոլում ոլորտում առկա իրավիճակը և ներկայացված իրավակարգավորման անհրաժեշտությունը։ Մասնավորապես՝
1․ Նախագծի հիմնավորումը չի պարունակում փաստական հանգամանքներ՝ կապված Հայաստանում գործող էլեկտրոնային հարթակների կողմից գանձվող միջնորդավճարների մասով։ Ներկայումս տարբեր հարթակների կողմից գանձվող գումարներն ունեն ձևավորման տարբեր սխեմաներ, որոնք համադրելի են տարբեր երկրներում գործող հարթակների միջնորդավճարների չափի հետ։ Այսպես, Uber հարթակի կողմից կիրառվող միջնորդավճարները միջինում կազմում են 25-30 տոկոս, սակայն կարևոր է ընդգծել, որ դրանք որոշվում են ամեն առանձին երթի համար անհատապես և կարող են հասնել մինչև 40 տոկոսի։ Bolt հարթակի կողմից կիրառվող միջնորդավճարները տատանվում են 15-20 տոկոսի միջակայքում։ Ինչ վերաբերում է մեկ այլ հայտնի հարթակի՝ Lyſt-ի, ապա այս դեպքում նույնպես չկա հստակ սահմանված ցուցանիշ և այն տատանվում է 20-30 տոկոսի միջակայքում, սակայն ընկերությունը կամավոր պարտավորություն է վերցրել իր վրա ապահովելու 30 տոկոսից ոչ բարձր միջնորդավճարի կիրառում (70 % Earnings commitment)։
Ավելին՝ Նախագծի հիմնավորման մեջ հղում է արվում ֆրանսիական Heetch հարթակին՝ ներկայացնելով, որ այն «պաշտոնապես վարորդներին առաջարկում է 10-15 տոկոս միջնորդավճար», այն դեպքում, երբ այդ հարթակի կայքի հիմնական էջում ներկայացված է հետևյալ հայտարարությունը «Heetch-ը հանձնառու է ավելի արդար շարժունակության՝ առաջարկելով 18% միջնորդավճար, որը շուկայում ամենացածրն է։»։
2. Հարթակների եկամուտների հաշվարկման իմաստով կարևոր է ընդգծել, որ երթի վերջնական արժեքից տոկոսային հիմքով հաշվարկի դեպքում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, որ Հայաստանում գործող հիմնական հարթակներն ավելացված արժեքի հարկ վճարող են և միջնորդավճարների մեջ ներառված է նաև ԱԱՀ-ի 20 տոկոսը։ Այսպիսով, ամենախոշոր հարթակի կիրառվող, օրինակ, 14,5 տոկոս միջնորդավճարը ԱԱՀ-ն հանելուց հետո կստացվի 12.083 տոկոս։
3. Անդրադառնալով արդար մրցակցային պայմանների ապահովման նպատակով ոլորտում կոշտ կարգավորման կիրառմանը՝ պետք է ընդգծել, որ սակագնային կարգավորման մոդելն ինքնին բավականին ռիսկային մոտեցում է արագ զարգացող ոլորտների դեպքում։ Եթե ըստ Նախագծի՝ 10 տոկոսի սահմանաչափն այս պահին արդյունավետ է, ապա ինչ մեխանիզմներով է ոլորտը կարգավորողն ապահովելու ընտրված միջոցի արդյունավետությունը տնտեսական պայմանների արագ փոփոխության դեպքում։ Եթե 10 տոկոսը բավարար չլինի գործող հարթակների ծախսերի համար, այն կարող է հանգեցնել ոլորտում գործող ընկերությունների կողմից ուղևորների փոխադրման սակագների բարձրացմանը, նպատակ ունենալով ապահովել հարթակների կողմից գանձվող գումարների նույնանման ծավալները, ինչպիսիք եղել են մինչև սահմանափակող դրույքի կիրառությունը։ Վերջինս իր հերթին կարող է ազդել ուղևորափոխադրումների ծավալների վրա և, որպես արդյունք, բերել նման ծառայություն մատուցող ընկերությունների թվի կրճատմանը։
Ի թիվս վերոնշյալի առավել կարևոր է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ էլեկտրոնային հարթակների զարգացումը Հայաստանի Հանրապետությունում ունեցել է և ունի ընդգծված դրական ազդեցություն թեթև մարդատար ավտոմոբիլներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման ոլորտում և ի տարբերություն «դասական» տաքսի ծառայությունների նրանք ունեն մի շարք առավելություններ թե՛ ուղևորների, թե՛ վարորդների համար, մասնավորապես․
ա․ Հարմարավետության և արագության ապահովում․
Պատվերի գրանցումը կատարվում է րոպեների ընթացքում՝ հավելվածի միջոցով, առանց պարտադիր զանգերի անհրաժեշտության։
բ. Սակագնային թափանցիկություն․
Ուղևորության արժեքը ներկայացվում է նախապես, ինչը նվազեցնում է հավելյալ վճարների կամ չարաշահումների ռիսկը։
գ. Ուղևորության հետագծելիություն․
Մեքենայի, վարորդի, ուղևորի մասին տեղեկատվությունը և այլ տեղեկատվություն, ինչպես նաև մեքենայի տեղաշարժը քարտեզի վրա՝ այն կիսվելու և պահպանելու հնարավորությամբ, թույլ են տալիս ուղևորության բոլոր մասնակիցներին ապահովել հարմարավետ և անվտանգ ուղևորություն։
դ. Անկանխիկ վճարում իրականացնելու հնարավորություն․
Վճարում հավելվածի միջոցով՝ առանց կանխիկի անհրաժեշտության, բանկային քարտ կցելու հնարավորությամբ։
ե. Գնահատման համակարգ
Ուղևորներն ու վարորդները գնահատում են միմյանց, ինչը բարձրացնում է ծառայության որակը։
զ. Մատչելիություն
Մեքենան հասանելի է պատվերի համար գրեթե ցանկացած ժամանակ և վայրում։
է. Ուղևորության դասի ընտրություն
Ուղևորներին առաջարկվում է ընտրել ծառայության մատուցման տարբեր կատեգորիաներ՝ էկոնոմ, կոմֆորտ, կոմֆորտ+, բիզնես, պրեմյեր և այլն։ Վարորդները նույնպես կարող են ընտրել այն կատեգորիաները, որոնցում պատրաստվում են գործունեություն ծավալել։
ը. Օպտիմալ երթուղիներ
Հավելվածներն ապահովում են ամենաարագ երթուղիների ընտրությունը, հիմնվելով ճանապարհների ծանրաբեռնվածության մասին առցանց տեղեկատվության ստացման վրա՝ խնայելով ժամանակը թե՛ ուղևորների և թե՛ վարորդների համար։
Միաժամանակ հարթակների կիրառությունը հնարավորություն է տվել ոլորտում գործունեություն ծավալող վարորդների համար ապահովել ավելի ճկուն աշխատանքային գրաֆիկ, պատվերների մշտական հոսք, եկամուտների թափանցիկություն, դատարկ երթերի կրճատում, նավիգացիոն ծառայությունների և աջակցության ստացում, հարկային մարմինների հետ վարչարարության իրականացման բացառում և այլն։
Հարթակները գտնվում են զարգացման և կատարելագործման փուլում և Կառավարության քաղաքականությունն ուղղված է լինելու թվային գործիքակազմի կիրառության առավել զարգացման, երթևեկության անվտանգության կարևոր այլ բաղադրիչների, մասնավորապես՝ ուղևորների և վարորդների անվտանգության բարձրացման, ոլորտում պարտադիր ապահովագրության ներդրման, տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության պատշաճ կազմակերպման, ինչպես նաև երթևեկության կանոնների պահպանման արդյունավետ վերահսկողության գործող տեխնոլոգիական նոր մեխանիզմների ներդրման ուղղությամբ։
Հաշվի առնելով վերոգրյալը Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակահարմար չի համարում ներկայացված օրենքի նախագծի ընդունումը։
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|