ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՍԻԱՅՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԱՇԻՆՔԻ» ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1831
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.06.08-2026.06.21 Պաշտոնական հրապարակման օրը 18.06.2026
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
16.06.2026
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
16.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.06.2026

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

16 հունիսի 2026 թ.

 

«ԱՍԻԱՅՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԱՇԻՆՔԻ» ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով.

դատավորներ`

Արման Դիլանյանի (նախագահող),

Արտակ Զեյնալյանի,

Դավիթ Խաչատուրյանի,

Երվանդ Խունդկարյանի,

Հովակիմ Հովակիմյանի,

Էդգար Շաթիրյանի,

Սեդա Սաֆարյանի (զեկուցող),

Արթուր Վաղարշյանի,

Վլադիմիր Վարդանյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

Կառավարության ներկայացուցիչ`

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի,

 

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց ««Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Կառավարության՝ 2026 թվականի ապրիլի 20-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։

Ուսումնասիրելով վերոնշյալ կանոնադրությունը, հետազոտելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.

 

 1. «Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» (այսուհետ՝ ԱՄԺԴ) կանոնադրությունն ընդունվել է 2023 թվականի ապրիլի 24-ին: ԱՄԺԴ նպատակն է Ասիայում մշակութային ժառանգության պահպանության և օգտագործման կարողությունների բարելավումը, տնտեսության, հասարակության, մշակույթի, զբոսաշրջության և շրջակա միջավայրի պահպանության զարգացմանը համընթաց՝ Ասիայում մշակութային ժառանգության երկարաժամկետ պահպանության համակարգումը, ասիական երկրների միջև միջանձնային կապերի ընդլայնումը, ասիական քաղաքակրթությունների փոխանցման դյուրացումը և Ասիայի համար ընդհանուր ապագա ունեցող համայնքի ձևավորումը:

 2. ԱՄԺԴ-ն բաղկացած է Ընդհանուր ժողովից, Խորհրդից, Գիտական կոմիտեից և Քարտուղարությունից:

 3. ԱՄԺԴ-ն իրականացնում է հետևյալ գործունեությունը.

 աջակցություն համատեղ նախագծերի իրականացմանը Ասիայում մշակութային ժառանգության պահպանության և կառավարման ոլորտում՝ ներառյալ, սակայն չսահմանափակվելով հետևյալ ոլորտներով՝ հնագիտություն, ժառանգության օբյեկտների պահպանություն և վերականգնում, միջթանգարանային փոխանակում, Համաշխարհային մշակութային ժառանգության անվանակարգում, պահպանություն և կառավարում, մշակութային արժեքների ապօրինի ներմուծման, արտահանման և սեփականության փոխանցման կանխարգելում մշակութային արժեք հանդիսացող կորած օբյեկտների վերադարձի և փոխհատուցման դյուրացում,

● համաժողովների, ֆորումների և մշակութային ժառանգության ոլորտում այլ միջոցառումների կազմակերպում,

● մասնագիտական վերապատրաստման և կարողությունների զարգացմանն ուղղված համագործակցության խթանում,

● փոխանակման ծրագրերի և համագործակցության արդյունքների և ձեռքբերումների ներկայացում և տարածում։

4. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ 2024 թվականի նոյեմբերի 26-ին Սահմանադրական դատարանը քննության է առել «Մշակութային ժառանգության ասիական դաշինք» կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը (ՍԴՈ-1763): Համաձայն հիշյալ կանոնադրության 2-րդ հոդվածի՝ Մշակութային ժառանգության ասիական դաշինքը (ՄԺԱԴ) հանդիսանում է կամավոր մասնակցության, հավասարության, փոխադարձ հարգանքի և փոխադարձ շահի սկզբունքների հիման վրա ասիական երկրների կողմից ստեղծված միջկառավարական համագործակցության մեխանիզմ:

5. Քննության առարկա սույն կանոնադրությունը ենթարկվել է մասնակի փոփոխությունների՝ պայմանավորված, ի թիվս այլնի, այն հանգամանքով, որ ներկայիս բովանդակությամբ կանոնադրության 2-րդ հոդվածի համաձայն՝ ԱՄԺԴ-ն կամավոր մասնակցության, հավասարության, փոխադարձ հարգանքի և փոխադարձ շահի սկզբունքների հիման վրա ասիական երկրների կողմից ստեղծված միջկառավարական կազմակերպություն է:

Ուստի՝ հաշվի առնելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանը ԱՄԺԴ կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելիս պարտավորությունների սահմանադրականությունը գնահատում է ԱՄԺԴ միջազգային հանրային իրավասուբյեկտության նոր կարգավիճակով պայմանավորված իրողության լույսի ներքո:

6. Կանոնադրությամբ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես՝

● պահպանել Կանոնադրության պահանջները և հարակից նորմերն ու կանոնները և կատարել ԱՄԺԴ կայացրած որոշումները (հոդված 9, մաս 1),

● պաշտպանել ԱՄԺԴ շահերը և օրինական իրավունքները (հոդված 9, մաս 2),

● նախաձեռնել ԱՄԺԴ միջոցառումների կազմակերպումը, մասնակցել դրանց և նպաստել դրա ամրապնդմանն և զարգացմանը (հոդված 9, մաս 3),

● աշխատել ԱՄԺԴ համաշխարհային տեսանելիության մեծացման ուղղությամբ (հոդված 9, մաս 4),

● նշանակել մասնագիտացված մարմին՝ ընթացիկ գործունեության իրականացմանն աջակցելու նպատակով Քարտուղարության հետ հաղորդակցությունն ապահովելու համար (հոդված 9, մաս 5):

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. «Ասիայում մշակութային ժառանգության դաշինքի» կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Ա. Դիլանյան

 

16 հունիսի 2026 թվականի

ՍԴՈ-1831

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հունիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան