ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
|
Քաղ. Երևան |
16 հունիսի 2026 թ. |
ՔՆԱՐԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 123-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍՆ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՏԱՐԲԵՐ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԳՈՐԾԵՐԸ ՄԵԿ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ ՄԻԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
|
Սահմանադրական դատարանը՝ կազմով. | |
|
դատավորներ` |
Ա րման Դիլանյանի (նախագահող), Արտակ Զեյնալյանի,Դավիթ Խաչատուրյանի, Երվանդ Խունդկարյանի, Հովակիմ Հովակիմյանի (զեկուցող), Էդգար Շաթիրյանի, Սեդա Սաֆարյանի, Արթուր Վաղարշյանի, Վլադիմիր Վարդանյանի, |
|
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ | |
| դիմողի՝ | Քնարիկ Սահակյանի (այսուհետ նաև՝ Դիմող), |
| ներկայացուցիչ՝ | փաստաբան Մերի Կարապետյանի, |
| պատասխանողի՝ | Ազգային ժողովի (այսուհետ նաև՝ Պատասխանող) |
| ներկայացուցիչ՝ |
Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Մարի Ստեփանյանի, |
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 69-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քնարիկ Սահակյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասն այնքանով, որքանով չի նախատեսում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի տարբեր դատավորների վարույթում գտնվող փոխկապակցված գործերը մեկ վարույթում միացնելու ընթացակարգ, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Ուսումնասիրելով դիմումը և կից ներկայացված, ինչպես նաև գործում առկա այլ փաստաթղթերը, Պատասխանողի գրավոր բացատրությունը, վերլուծելով վիճարկվող և վերջինիս հետ փոխկապակցված այլ օրինադրույթներ՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1․ Քնարիկ Սահակյանի դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի ապրիլի 1-ին, որով Դիմողը խնդրել է․
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասը այնքանով, որքանով չի նախատեսում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի տարբեր դատավորների վարույթում գտնվող փոխկապակցված գործերը մեկ վարույթում միացնելու ընթացակարգ ի խախտումն ՀՀ սահմանադրության 1-ին, 75-րդ, 79-րդ հոդվածների ճանաչել ՀՀ սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված արդյունավետ դատական պաշտպանության և 63-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված արդար դատաքննության իրավունքներին հակասող»:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2018 թվականի փետրվարի 9-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել` 2018 թվականի փետրվարի 27-ին և ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 9-ին:
3. Օրենսգրքի՝ «Մի քանի գործեր կամ հայցապահանջներ միացնելը և առանձնացնելը» վերտառությամբ 123-րդ հոդվածի 2-րդ, 2.1-2․3-րդ, 3 և 4-րդ մասերով սահմանվում է.
«2. Առաջին ատյանի դատարանն իրավունք ունի մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը մեկ վարույթում միացնելու իր վարույթում քննվող մի քանի միատեսակ գործեր, որոնցով գործին մասնակցող անձինք լրիվ կամ մասնակի համընկնում են, եթե դրանց միջև առկա է փոխադարձ կապ, ու դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել գործերի առավել արագ և արդյունավետ լուծումը:
2.1. Քաղաքացիական գործի հարուցումից հետո մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը կողմերը կարող են ներկայացնել հակակոռուպցիոն դատարանի տարբեր դատավորների վարույթներում գտնվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մի քանի գործերը մեկ վարույթում միացնելը թույլատրելու մասին միջնորդություն:
2.2. Հակակոռուպցիոն դատարանի տարբեր դատավորների վարույթներում գտնվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մի քանի գործերը մեկ վարույթում միացնելը թույլատրելու մասին միջնորդությունը ներկայացվում է միացման ենթակա գործերով հայցն առավել վաղ վարույթ ընդունած դատավորին, իսկ եթե հայցերը վարույթ են ընդունվել նույն օրը՝ առավել վաղ մուտքագրված գործը քննող դատավորին:
2.3. Գործերը կարող են միացվել մեկ վարույթում, եթե դրանց միջև առկա է փոխադարձ կապ, դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել գործերի առավել արագ և արդյունավետ լուծումը, և միացման ենթակա բոլոր գործերով դեռևս չեն կայացվել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումներ:
(...)
3. Առաջին ատյանի դատարանն իրավունք ունի մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելն առանձին վարույթներում առանձնացնելու միացված պահանջներից մեկը կամ մի քանիսը:
4. Գործերը միացնելու կամ պահանջներն առանձին վարույթներում առանձնացնելու մասին առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում»:
4. Օրենսգրքի վերոնշյալ հոդվածը լրացվել է`
1) 2021 թվականի հունվարի 19-ի ՀՕ-36-Ն օրենքով՝ 1.1-ին մասով,
2) 2025 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-81-Ն օրենքով՝ 2.1-2.11-րդ մասերով:
5. Սահմանադրական դատարանի դատական կազմի 2026 թվականի ապրիլի 14-ի ՍԴԴԿՈ-27 որոշմամբ Քնարիկ Սահակյանի դիմումի հիման վրա գործն ընդունվել է քննության:
6. Սահմանադրական դատարանի 2026 թվականի մայիսի 6-ի ՍԴԱՈ-68 աշխատակարգային որոշմամբ գործի դատաքննությունը նշանակվել է 2026 թվականի հունիսի 16-ին։
Գործի դատավարական նախապատմությունը
7. Քնարիկ Արմենի Սահակյանը 2025 թվականի սեպտեմբերի 25-ին հայցադիմում է ներկայացրել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ նաև` Դատարան) ընդդեմ Արմեն Աղասու Արշակյանի, իրավասու մարմին՝ Լոռու մարզի Վանաձոր համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմին` երեխայի բնակության վայրը մոր բնակության վայրում որոշելու և ալիմենտ բռնագանձելու պահանջների մասին: Դատարանի (դատավոր՝ Բակուր Գրիգորյան) 2025 թվականի հոկտեմբերի 1-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ (թիվ ԼԴ/1214/02/25 քաղաքացիական գործ):
8. Արմեն Աղասու Արշակյանի ներկայացուցիչը 2025 թվականի սեպտեմբերի 26-ին հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Դիմողի, իրավասու մարմին՝ Լոռու մարզի Վանաձոր համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմին՝ ամուսնալուծության և երեխայի բնակության վայրը հոր բնակության վայրում սահմանելու պահանջների մասին: Դատարանի (դատավոր՝ Գնել Զաքարյան) 2025 թվականի սեպտեմբերի 30-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ (թիվ ԼԴ/1216/02/25 քաղաքացիական գործ):
9. Դիմողի ներկայացուցիչը 2025 թվականի հոկտեմբերի 6-ին ներկայացրել է հակընդդեմ հայցադիմում ընդդեմ Արմեն Աղասու Արշակյանի, իրավասու մարմին՝ Լոռու մարզի Վանաձոր համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմին` երեխայի բնակության վայրը մոր բնակության վայրում որոշելու և ալիմենտ բռնագանձելու պահանջների մասին:
10. 2025 թվականի հոկտեմբերի 7-ին թիվ ԼԴ/1216/02/25 քաղաքացիական գործով հայցվոր Արմեն Աղասու Արշակյանի ներկայացուցիչը ներկայացրել է միջնորդություն և հայտնել, որ մեկ այլ՝ թիվ ԼԴ/1214/02/25 քաղաքացիական գործով 2025 թվականի հոկտեմբերի 1-ին Դատարանը վարույթ է ընդունել Դիմողի հայցն ընդդեմ Արմեն Արշակյանի՝ երեխայի բնակության վայրը մոր բնակության վայրում սահմանելու և ալիմենտ բռնագանձելու պահանջների մասին։
11․ Դատարանը 2025 թվականի հոկտեմբերի 7-ին «Հակընդդեմ հայցը վերադարձնելու մասին» որոշմամբ Դիմողի հակընդդեմ հայցադիմումը վերադարձրել է՝ արձանագրելով հետևյալը.
«(...) հակընդդեմ հայցով ներկայացվել են ոչ դրամական պահանջներ, սակայն հակընդդեմ հայցվորը չի նշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ հակընդդեմ պահանջը վարույթ ընդունելու համապատասխան իրավական հիմքը:
Դատարանը նաև կարևորում է այն հանգամանքը, որ թիվ ԼԴ/1214/02/25 քաղաքացիական գործով 01.10.2025 թվականի որոշմամբ Դատարանը /դատավոր՝ Բ.Գրիգորյան/ վարույթ է ընդունել Քնարիկ Սահակյանի հայցն ընդդեմ Արմեն Արշակյանի՝ երեխայի բնակության վայրը մոր բնակության վայրում սահմանելու և ալիմենտ բռնագանձելու պահանջների մասին։
Այսինքն, մինչև սույն գործով հակընդդեմ պահանջ ներկայացնելը՝ Քնարիկ Սահակյանն արդեն իսկ նույն պահանջներով հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Արմեն Արշակյանի:
Դատարանն արձանագրում է, որ սույն գործով և թիվ ԼԴ/1214/02/25 քաղաքացիական գործով Կողմերը նույնն են, նույն առարկան է, միևնույն փաստական հիմքերով»։
12․ Դատարանի 2025 թվականի հոկտեմբերի 7-ի «Հակընդդեմ հայցը վերադարձնելու մասին» որոշման դեմ Դիմողը վերաքննիչ բողոքը էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացրել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարան (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան)։
13․ Վերաքննիչ դատարանը 2025 թվականի հոկտեմբերի 15-ին կայացրել է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու և գրավոր ընթացակարգով քննելու մասին որոշում: Վերաքննիչ դատարանը 2025 թվականի հոկտեմբերի 28-ին որոշել է.
«1. Քնարիկ Արմենի Սահակյանի անունից բերված վերաքննիչ բողոքը մերժել։ ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԼԴ/1216/02/25 քաղաքացիական գործով 07.10.2025 թվականի՝ «Հակընդդեմ հայցը վերադարձնելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ։
(...)»:
14. Վերաքննիչ դատարանն իր՝ 2025 թվականի հոկտեմբերի 28-ի որոշմամբ նաև արձանագրել է. «(...) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 10-րդ կետերի հիմքով հակընդդեմ հայցը վերադարձնելով, Դատարանը ճիշտ եզրահանգում է կատարել: Նախ՝ Բողոք բերած անձը որևէ կերպ չի պատճառաբանել Դատարանի հետևությունների անհիմն լինելը՝ դատավարական առումով, այլ փաստարկել է երեխայի լավագույն շահի խախտման հնարավորությունը՝ կրկին չհիմնավորելով այն: Մինչդեռ, Բողոք բերած անձը չի ժխտում այն ակնառու փաստերը, որ թիվ ԼԴ/1214/02/25 քաղաքացիական գործով 01.10.2025 թվականի որոշմամբ դատարանը վարույթ է ընդունել Քնարիկ Սահակյանի հայցն ընդդեմ Արմեն Արշակյանի՝ երեխայի բնակության վայրը մոր բնակության վայրում սահմանելու և ալիմենտ բռնագանձելու պահանջների մասին։ Հետևաբար, մինչև սույն գործով հակընդդեմ պահանջ ներկայացնելը՝ Քնարիկ Սահակյանն արդեն իսկ երեխայի բնակության վայրի հետ կապված նույն պահանջով հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Արմեն Արշակյանի: Արդյունքում, քանի որ թիվ ԼԴ/1216/02/25 քաղաքացիական գործով հայցադիմումը դատարանի վարույթ է ընդունվել ավելի վաղ, քան թիվ ԼԴ/1214/02/25 քաղաքացիական գործով Քնարիկ Սահակյանի հայցադիմումը, նաև՝ անվիճելի է այն հանգամանքը, որ հակընդդեմ հայցը ներկայացվել է թիվ ԼԴ/1216/02/25 քաղաքացիական գործով, ընդ որում, երկու քաղաքացիական գործով էլ, երեխայի բնակության վայրը որոշելու պահանջով, նույնն են կողմերը, հայցի առարկան, փաստական հիմքերը, հետևաբար, հիմնավոր է Դատարանի եզրահանգումն առ այն, որ ներկայացված հակընդդեմ հայցադիմումը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված՝ հայցադիմումին ներկայացվող պահանջներին, և ենթակա է վերադարձման:
Ինչ վերաբերում է բողոք բերած անձի այն փաստարկին, որ երկու գործերով թեև կողմերը նույնն են, սակայն հայցադիմումների փաստերը տարբերվում են միմյանցից, հայցի առարկան նույնպես, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Արմեն Աղասու Արշակյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Քնարիկ Արմենի Սահակյանի, իրավասու մարմին՝ Լոռու մարզի Վանաձոր համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմին, 14.07.2022 թվականին ծնված Դանիել Արմենի Արշակյանի բնակության վայր Արմեն Աղասու Արշակյանի բնակության վայրը սահմանելու մասին, իսկ թիվ ԼԴ/1214/02/25 քաղաքացիական գործով Քնարիկ Արմենի Սահակյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Արմեն Աղասու Արշակյանի, իրավասու մարմին՝ ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմին, Դանիել Արմենի Արշակյանի (ծնված՝ 14․07․2022 թվականին) բնակության վայրը Քնարիկ Արմենի Սահակյանի բնակության վայրով սահմանելու մասին: Հետևաբար վերաքննիչ բողոքի սույն փաստարկը նույնպես անհիմն է»:
15․ ԼԴ/1216/02/25 քաղաքացիական գործով Դիմողը 2025 թվականի հոկտեմբերի 28-ին կրկին ներկայացրել է հակընդդեմ հայցադիմում ընդդեմ Արմեն Աղասու Արշակյանի և Անահիտ Ղուլյանի, իրավասու մարմին՝ Լոռու մարզի Վանաձոր համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմին` երեխայի բնակության վայրը մոր մոտ որոշելու պահանջի մասին: Դատարանն իր՝ 2025 թվականի նոյեմբերի 3-ի «Հակընդդեմ հայցը վերադարձնելու մասին» որոշմամբ արձանագրել է.
«Պատասխանողի ներկայացուցիչը ներկայացնելով նոր հակընդդեմ հայցապահանջ, ներկայացրել է ոչ դրամական մեկ պահանջ՝ երեխայի բնակության վայրը մոր մոտ որոշելու մասին:
Դատարանը կրկին անգամ ընդգծում է այն հանգամանքը, որ թիվ ԼԴ/1214/02/25 քաղաքացիական գործով Դատարանի /դատավոր՝ Բ.Գրիգորյան/ վարույթում արդեն իսկ քննվում է Քնարիկ Սահակյանի հայցն ընդդեմ Արմեն Արշակյանի՝ երեխայի բնակության վայրը մոր բնակության վայրում սահմանելու և ալիմենտ բռնագանձելու պահանջների մասին:
Այսինքն, հակընդդեմ հայցադիմումով մեկ ոչ դրամական պահանջը չներկայացնելով (ալիմենտ բռնագանձելու մասին) փորձել է պատրանք ստեղծել թիվ ԼԴ/1214/02/25 քաղաքացիական գործով ներկայացրած պահանջից տարբերվելու վերաբերյալ»:
16․ Դատարանի 2025 թվականի նոյեմբերի 3-ի «Հակընդդեմ հայցը վերադարձնելու մասին» որոշման դեմ Դիմողը ներկայացրել է վերաքննիչ բողոք։ Վերաքննիչ դատարանը, գրավոր ընթացակարգով քննության առնելով նշյալ բողոքը, 2025 թվականի նոյեմբերի 24-ին որոշել է.
«1. Քնարիկ Սահակյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժել։
2. Թիվ ԼԴ/1216/02/25 քաղաքացիական գործով ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 03.11.2025 թվականի «Հակընդդեմ հայցը վերադարձնելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
(...)»։
17. Վերաքննիչ դատարանը 2025 թվականի նոյեմբերի 24-ին որոշմամբ արձանագրել է․ «ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը սույն գործով 28.10.2025 թվականի որոշմամբ արձանագրել է, որ «մինչդեռ, Բողոք բերած անձը չի ժխտում այն ակնառու փաստերը, որ թիվ ԼԴ/1214/02/25 քաղաքացիական գործով 01.10.2025 թվականի որոշմամբ դատարանը վարույթ է ընդունել Քնարիկ Սահակյանի հայցն ընդդեմ Արմեն Արշակյանի՝ երեխայի բնակության վայրը մոր բնակության վայրում սահմանելու և ալիմենտ բռնագանձելու պահանջների մասին։ Հետևաբար, մինչև սույն գործով հակընդդեմ պահանջ ներկայացնելը՝ Քնարիկ Սահակյանն արդեն իսկ երեխայի բնակության վայրի հետ կապված նույն պահանջով հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Արմեն Արշակյանի: Արդյունքում, քանի որ թիվ ԼԴ/1216/02/25 քաղաքացիական գործով հայցադիմումը դատարանի վարույթ է ընդունվել ավելի վաղ, քան թիվ ԼԴ/1214/02/25 քաղաքացիական գործով Քնարիկ Սահակյանի հայցադիմումը, նաև՝ անվիճելի է այն հանգամանքը, որ հակընդդեմ հայցը ներկայացվել է թիվ ԼԴ/1216/02/25 քաղաքացիական գործով, ընդ որում, երկու քաղաքացիական գործով էլ, երեխայի բնակության վայրը որոշելու պահանջով, նույնն են կողմերը, հայցի առարկան, փաստական հիմքերը, հետևաբար, հիմնավոր է Դատարանի եզրահանգումն առ այն, որ ներկայացված հակընդդեմ հայցադիմումը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված՝ հայցադիմումին ներկայացվող պահանջներին, և ենթակա է վերադարձման»:
18․ Դիմողի ներկայացուցիչը 2025 թվականի հոկտեմբերի 9-ին միջնորդություն է ներկայացրել Դատարան՝ խնդրելով թույլատրել թիվ ԼԴ/1214/02/25 քաղաքացիական գործի միացումը թիվ ԼԴ/1216/02/25 քաղաքացիական գործին:
19․ Դատարանի 2025 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ կասեցվել է թիվ ԼԴ/1214/02/25 քաղաքացիական գործի վարույթը մինչև ԼԴ/1216/02/25 քաղաքացիական գործով կայացվելիք եզրափակիչ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:
20․ Կասեցման որոշման դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացրել Դիմողի և Արմեն Արշակյանի ներկայացուցիչները։
21․ Վերաքննիչ դատարանը 2025 թվականի դեկտեմբերի 5-ին որոշել է.
«1. Քնարիկ Սահակյանի և Արմեն Արշակյանի վերաքննիչ բողոքները բավարարել: ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ «Քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին» 06.11.2025թ. թիվ ԼԴ/1214/02/25 որոշումը վերացնել:
(...)»:
22․ Դատարանը 2026 թվականի դեկտեմբերի 2-ին որոշել է.
«Թիվ ԼԴ/1214/02/25 քաղաքացիական գործով դիմել Սահմանադրական դատարան՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ և 2.1-ից 2-11-րդ մասերի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 75-րդ հոդվածներին համապատասխանությունը որոշելու հարցով:
Քաղաքացիական գործի վարույթը կասեցնել՝ մինչև Սահմանադրական դատարանի կողմից դիմումի կապակցությամբ վերջնական որոշում կայացնելը:
(...)»:
23․Սահմանադրական դատարանը 2026 թվականի մարտի 3-ի ՍԴԱՈ-30 աշխատակարգային որոշմամբ որոշել է.
««ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասի և 2.1‒2.11-րդ մասերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել»: Սահմանադրական դատարանը նշյալ որոշմամբ արձանագրել է. «(...) Դիմողը չի պահպանել Սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված եռօրյա ժամկետը, հետևաբար՝ հիշյալ ժամկետից դուրս իրավասու չէ դիմելու Սահմանադրական դատարան»:
24․ Դատարանը 2026 թվականի մարտի 23-ին կայացրել է «Գործերը մեկ վարույթում միացնելը թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշում, համաձայն որի՝
«Թիվ ԼԴ/1214/02/25 քաղաքացիական գործով ըստ հայցի Քնարիկ Արմենի Սահակյանի ընդդեմ Արմեն Աղասու Արշակյանի, իրավասու մարմին՝ ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմին՝ երեխայի բնակության վայրը մոր բնակության վայրում որոշելու և ալիմենտ բռնագանձելու պահանջների մասին, հայցվորի ներկայացուցչի ներկայացրած միջնորդությունը՝ գործերը մեկ վարույթում միացնելը թույլատրելու մասին, մերժել:
Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և բողոքարկման ենթակա չէ»:
25. Դատարանն իր՝ 2026 թվականի մարտի 23-ի որոշմամբ նաև արձանագրել է.
«(...) առաջին ատյանի դատարանի տարբեր դատավորների վարույթում քննվող գործերը մեկ վարույթում միացնելը թույլատրելու դատավարական ինստիտուտ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ, ուստի միջնորդությունը հնարավոր չէ բավարարել»։
Դիմողի դիրքորոշումները
26. Դիմողը, ներկայացնելով բարձրացված հարցադրման կապակցությամբ ներպետական իրավակարգավորումները, Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերաբերելի իրավական դիրքորոշումները, գտնում է, որ վիճարկվող նորմում առկա ենթադրյալ օրենսդրական բացը հանգեցնում է Սահմանադրության 75-րդ հոդվածի խախտման, քանզի գործող դատավարական մեխանիզմները չեն ապահովում իր` Սահմանադրությամբ երաշխավորված արդար դատաքննության և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքների իրացման հնարավորությունը:
27. Դիմողը նշում է. «(...) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասը, որպես ընդհանուր կանոն, թույլ է տալիս մեկ վարույթում միացնել միայն նույն դատավորի վարույթում գտնվող գործերը:
Միաժամանակ, նույն հոդվածի 2.1-ից 2.11-րդ մասերով օրենսդիրը նախատեսել է տարբեր դատավորների վարույթում գտնվող գործերի միավորման հնարավորություն, սակայն բացառապես Հակակոռուպցիոն դատարանում քննվող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերի շրջանակում»:
28. Դիմողը գտնում է, որ օրենսդիրը, մի կողմից` ընդունել է, որ տարբեր դատավորների վարույթում գտնվող գործերի միջև կարող է առկա լինել այնպիսի փոխադարձ կապ, որը օբյեկտիվորեն պահանջում է դրանց համատեղ քննություն, սակայն, մյուս կողմից՝ նման հնարավորություն չի նախատեսել ընդհանուր իրավասության դատարաններում քննվող գործերի համար: Արդյունքում ձևավորվում է իրավական կարգավորման բաց, որի պայմաններում նույնիսկ այն դեպքերում, երբ գործերը վերաբերում են նույն կողմերին, նույն առարկային, ունեն փոխադարձաբար բացառող պահանջներ, և դրանց առանձին քննությունը կարող է հանգեցնել հակասական դատական ակտերի, դատարանը զրկված է գործերը մեկ վարույթում միացնելու իրավական հնարավորությունից:
29. Դիմողը նշում է, որ սույն գործով «(...) այդ բացը հանգեցրել է նրան, որ նույն կողմերի միջև նույն առարկայով ընթանում են զուգահեռ դատական վարույթներ, ինչը ստեղծում է միմյանց հակասող դատական ակտերի կայացման իրական վտանգ»: Դիմողը պնդում է նաև, որ «Սույն օրենսդրական բացը չի կարող հաղթահարվել այլ դատավարական միջոցներով, ինչի մասին վկայում են գործի փաստական հանգամանքները:
Մասնավորապես, դիմողը ձեռնարկել է գործերը մեկ վարույթում միացնելու նպատակով օրենքով նախատեսված բոլոր հնարավոր միջոցները, այդ թվում՝ ներկայացրել է համապատասխան միջնորդություններ, ինչպես նաև փորձել է հակընդդեմ հայցի միջոցով ապահովել վեճի համատեղ քննությունը, սակայն նշված միջոցները չեն հանգեցրել գործերի միավորմանը՝ պայմանավորված գործող իրավակարգավորումների սահմանափակ բնույթով:
Բացի այդ, դատարանը մերժել է գործերի միացման միջնորդությունը՝ հղում կատարելով իրավական կարգավորման բացակայությանը, իսկ տվյալ որոշումը ենթակա չէ արդյունավետ բողոքարկման, քանի որ մերժման հիմքում ընկած է ոչ թե փաստական կամ հայեցողական գնահատում, այլ իրավական նորմի բացակայություն:
Ավելին, դատավարական նորմերի կիրառումը օրենքի անալոգիայով բացառված է, ինչի պայմաններում առկա օրենսդրական բացը չի կարող լրացվել իրավակիրառ պրակտիկայի միջոցով»:
30. Ամփոփելով իր դիրքորոշումները՝ Դիմողը գտնում է. «(...) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածը, այնքանով, որքանով չի նախատեսում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի տարբեր դատավորների վարույթում գտնվող փոխկապակցված գործերը մեկ վարույթում միացնելու հստակ և արդյունավետ ընթացակարգ, չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 1-ին, 75-րդ և 79-րդ հոդվածների պահանջներին և հանգեցնում է 61-րդ և 63-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքների խախտման»:
Պատասխանողի դիրքորոշումները
31. Պատասխանողը, ներկայացնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Սահմանադրական դատարանի վերաբերելի իրավական դիրքորոշումները, ինչպես նաև Օրենսգրքի վիճարկվող դրույթը, արձանագրում է, որ «(...) Օրենսգրքի 123-րդ հոդվածի համակարգային կառուցվածքը բացառում է այնպիսի մեկնաբանություն, ըստ որի տարբեր դատավորների վարույթներում գտնվող գործերի միավորումը արգելված է։ Ընդհակառակը՝ նույն հոդվածի 2․1-2․11-րդ մասերով նախատեսված հատուկ ընթացակարգը ուղղակի ապացույցն է օրենսդրի կամքի՝ ապահովելու տարբեր վարույթներում գտնվող փոխկապակցված գործերի միավորման գործնական իրականացման մեխանիզմը»։
32. Պատասխանողը գտնում է, որ «(...) վիճարկվող նորմը պարունակում է գործերի միավորման համար անհրաժեշտ իրավական չափանիշներ, սահմանում է դրա նպատակը, կիրառման նախադրյալները և դատավարական ընթացակարգը։ Հետևաբար, իրավակարգավորման այնպիսի բաց, որը կբացառեր դատարանի կողմից փոխկապակցված գործերի համատեղ քննության հնարավորությունը կամ կստեղծեր իրավական անորոշություն, առկա չէ։ Ընդհակառակը, օրենսդիրը դատարանին վերապահել է գնահատողական իրավասություն՝ յուրաքանչյուր կոնկրետ գործի հանգամանքներից ելնելով որոշելու՝ արդյոք գործերի միավորումը կհամապատասխանի արդարադատության արդյունավետ իրականացման նպատակին»:
33. Պատասխանողը նշում է․ «(...) եթե դատարանը կոնկրետ գործով չի կիրառել իրեն վերապահված այդ լիազորությունը կամ այն կիրառել է ոչ պատշաճ ձևով, ապա առաջացած խնդիրը վերաբերում է ոչ թե օրենսդրական բացին կամ վիճարկվող նորմի սահմանադրականությանը, այլ դրա կիրառման իրավաչափությանը և ձևավորված իրավակիրառ պրակտիկային։ Նման հարցերը ենթակա են լուծման վերադաս դատական ատյաններում բողոքարկման ընթացակարգերի շրջանակում»։
34. Ըստ Պատասխանողի՝ «(…) երեխայի բնակության վայրի որոշման գործերով հարցերը կարող են լուծվել գործող իրավակարգավորման համակարգային և նպատակային մեկնաբանության միջոցով՝ հաշվի առնելով ընտանեկան իրավահարաբերությունների առանձնահատկությունները և երեխայի լավագույն շահի գերակայության սկզբունքը։ Հետևաբար, տվյալ դեպքում բացակայում են այնպիսի նախադրյալներ, որոնք կարող էին վկայել իրական օրենսդրական բացի և դրա արդյունքում՝ սահմանադրաիրավական խնդրի առկայության մասին»:
35. Պատասխանողը փաստում է, որ «(...) վիճարկվող կարգավորումը չի պարունակում իրավակարգավորման այնպիսի բաց, որը կբացառեր դատարանի կողմից փոխկապակցված գործերի արդյունավետ քննության հնարավորությունը կամ կհանգեցներ իրավական անորոշության։ Օրենսդիրը նախատեսել է համապատասխան դատավարական մեխանիզմներ և դատարանին վերապահել է անհրաժեշտ հայեցողական լիազորություն՝ յուրաքանչյուր գործի առանձնահատկություններից ելնելով գնահատելու գործերի միավորման նպատակահարմարությունը։ Հետևաբար, Դիմողի բարձրացրած հարցերը վերաբերում են ոչ թե վիճարկվող նորմի սահմանադրականությանը, այլ դրա կիրառման գործնական շրջանակին, կոնկրետ հանգամանքներին և իրավակիրառ պրակտիկային, ինչը դուրս է սահմանադրական վերահսկողության շրջանակից»։
36. Պատասխանողը գտնում է, որ «Օրենսգրքի 123-րդ հոդվածով օրենսդիրը նախատեսել է փոխկապակցված գործերի մեկ վարույթում միավորման դատավարական ինստիտուտ, սահմանել դրա կիրառման նախադրյալներն ու նպատակները, ինչպես նաև դատարանին վերապահել համապատասխան հայեցողական լիազորություն՝ յուրաքանչյուր կոնկրետ գործի առանձնահատկություններից ելնելով գնահատելու գործերի համատեղ քննության նպատակահարմարությունը։ Հետևաբար, վիճարկվող կարգավորումը չի կարող դիտարկվել որպես արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրացման համար անհրաժեշտ դատավարական մեխանիզմների բացակայություն»։
37. Պատասխանողը խնդրում է. ««Քնարիկ Սահակյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասն այնքանով, որքանով չի նախատեսում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի տարբեր դատավորների վարույթում գտնվող փոխկապակցված գործերը մեկ վարույթում միացնելու ընթացակարգ, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով ընդունել որոշում՝ վիճարկվող դրույթը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին»։
Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները
38. Սույն գործով վիճարկվող դրույթի սահմանադրականությունը գնահատելու համար Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ, մասնավորապես, ներքոնշյալ հարցադրմանը.
- արդյո՞ք Օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասն այնքանով, որքանով չի նախատեսում քաղաքացիական գործերի առավել արագ և արդյունավետ լուծման նպատակով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի տարբեր դատավորների վարույթում գտնվող մի քանի միատեսակ քաղաքացիական գործերը մեկ վարույթում միացնելու հնարավորություն այն դեպքում, երբ տվյալ գործերով գործին մասնակցող անձինք լրիվ կամ մասնակի համընկնում են, և դրանց միջև առկա է փոխադարձ կապ, համահունչ է Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերի սահմանադրաիրավական բովանդակությանը՝ հաշվի առնելով նաև Սահմանադրության 75-րդ հոդվածով ամրագրված՝ հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կառուցակարգերի և ընթացակարգերի առկայության պահանջը:
Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները
39. Սահմանադրական դատարանն իր՝ 2026 թվականի մայիսի 6-ի ՍԴՈ-1827 որոշմամբ արձանագրել է, որ Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասն ամրագրում է այն հիմնարար սկզբունքը, համաձայն որի՝ երեխայի շահերը պետք է լինեն առաջնային նկատառում՝ երեխայի կարգավիճակին առնչվող ցանկացած հարցի լուծման ժամանակ՝ արժանանալով առաջնահերթ ուշադրության: Տվյալ սկզբունքը համակարգային նշանակություն ունի ընտանեկան հարաբերությունների կարգավորման ողջ համալիրի համար և պետք է հաշվի առնվի ինչպես ծնողական իրավունքների իրականացման, այնպես էլ հանրային իշխանության մարմինների և, մասնավորապես՝ դատարանների կողմից համապատասխան դատական ակտերի կայացման գործընթացում, ինչպես նաև օրենսդրի կողմից՝ համապատասխան իրավահարաբերությունների օրենսդրական կառուցակարգման ժամանակ։ Հետևաբար՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ երեխայի իրավունքների ու կենսական շահերի հնարավոր շահարկում ենթադրող ցանկացած ընթացակարգ կամ իրավական կարգավորում պետք է գնահատվի առաջին հերթին երեխայի լավագույն շահերին համապատասխանության տեսանկյունից։
40. Վերոնշյալի համատեքստում Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ պետությունը, սահմանադրորեն ստանձնելով երեխայի իրավունքների պաշտպանության և երաշխավորման պարտականություն, պարտավոր է ձևավորել այնպիսի իրավական և ինստիտուցիոնալ նախադրյալներ, որոնք կապահովեն երեխայի զարգանալու հնարավորությունն անվտանգ, կայուն և բարենպաստ կենսամիջավայրում՝ երեխային վերաբերող բոլոր որոշումներում կարևորագույն նշանակություն վերապահելով «երեխայի լավագույն շահերի առաջնահերթության» սկզբունքին, այդ թվում՝ քաղաքացիական դատավարության շրջանակներում երեխայի շահերին առնչվող վեճերի վերաբերյալ գործերի քննության ընթացակարգերում, քանզի երեխայի պատշաճ կենսապահովման և զարգացման կայուն միջավայրի ձևավորումն անմիջականորեն պայմանավորում է նրա ֆիզիկական, հոգեբանական, հուզական, սոցիալական և մտավոր լիարժեք զարգացման հնարավորությունը:
41. Հետևաբար՝ երեխայի շահերին առնչվող վեճերով դատավարական ընթացակարգերի ձևավորումն ու կիրառումը չպետք է հանգեցնեն միևնույն փաստական հիմքերով կամ նույն սուբյեկտային կազմով գործերի անհարկի տարանջատված քննության, ինչն օբյեկտիվորեն կարող է վտանգել դատական քննության օպերատիվությունն ու երեխայի շահերի արդյունավետ պաշտպանությունը։
42. Սահմանադրության՝ «Սահմանադրական կարգի հիմունքները» վերտառությամբ 1-ին գլխում ամրագրված՝ «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները» վերնագրով 3-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանադրական իրավակարգի հիմնարար դրույթներից է, որով մարդը, նրա իրավունքներն ու ազատությունները ճանաչվում են հանրային իշխանության գործունեության առանցքային արժեբանական հիմք։ Նշված նորմի բովանդակային վերլուծությունից բխում է, որ հանրային իշխանության բոլոր մարմինների գործունեությունը պետք է կառուցվի մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների և ազատությունների ճանաչման, հարգման և արդյունավետ պաշտպանության սկզբունքի վրա:
43. Սահմանադրական վերոնշյալ դրույթն արտահայտում է իրավական պետության հայեցակարգի առանցքային գաղափարներից մեկը, ըստ որի՝ պետությունը կրում է իրավունքների ճանաչման, երաշխավորման և պաշտպանության սահմանադրական պարտականություն։ Միևնույն ժամանակ, հիշատակված նորմում օգտագործված «հարգում» և «պաշտպանություն» եզրույթներն ունեն տարբեր, սակայն փոխկապակցված իրավական բովանդակություն։ «Հարգելու» պարտականությունը ենթադրում է ձեռնպահ մնալ անձի հիմնարար իրավունքների անհամաչափ կամ կամայական միջամտությունից, մինչդեռ «պաշտպանելու» պարտականությունը ենթադրում է իրավական այնպիսի մեխանիզմների ստեղծում, որոնք կապահովեն իրավունքների արդյունավետ իրացումը և խախտված իրավունքների վերականգնումը։
44. Այս առումով Սահմանադրական դատարանը գտնում է, որ հանրային իշխանության սահմանադրական պարտականությունը ներառում է ոչ միայն իրավունքների խախտումից զերծ մնալու պահանջ, այլ նաև այդ իրավունքների պաշտպանությունը երաշխավորող գործուն և արդյունավետ ընթացակարգերի ձևավորման և զարգացման անհրաժեշտություն։
45. Հիշատակված դիրքորոշումն իր ինստիտուցիոնալ և գործնական արտահայտությունն է գտել նաև արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների բովանդակությունը բացահայտող սահմանադրական կարգավորումներում (Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներ։ Մասնավորապես՝ Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներով (ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-873, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1257) հանգամանորեն անդրադարձել է արդարադատության մատչելիության, արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների երաշխավորման անհրաժեշտությանը` ընդգծելով դրանց կարևորությունը դատաընթացակարգային համապատասխան բնագավառներում:
46. Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը և արդար դատաքննության իրավունքը գտնվում են գործառութային և բովանդակային սերտ փոխկապակցվածության մեջ՝ կազմելով իրավական պետության և մարդու իրավունքների պաշտպանության համակարգի հիմնարար առանցքներից մեկը։
47. Վերոնշյալի համատեքստում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի էությունը հանգում է նրան, որ յուրաքանչյուր անձ պետք է ունենա ոչ միայն դատարան դիմելու հասանելիություն, այլև իր խախտված կամ վիճարկվող իրավունքների իրական, գործնական և արդյունավետ վերականգնման հնարավորություն։ Այս իրավունքը պահանջում է այնպիսի դատական համակարգի առկայություն, որն ունակ է ապահովելու իրավունքի խախտման կանխարգելումը, դադարեցումը և վերականգնումը, հետևաբար՝ դատական պաշտպանության արդյունավետությունը գնահատվում է ոչ միայն դատարանի մատչելիությամբ, այլև դատական պաշտպանության գործնական կարողունակությամբ, դատական ակտերի կատարելիությամբ և իրավունքի վերականգնման փաստացի հնարավորությամբ։
48. Անդրադառնալով Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերով երաշխավորված իրավունքների իրացմանը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ միայն դատական պաշտպանության իրավունքի գործադրմամբ է հնարավոր հասնել արդար դատաքննության իրավունքի կենսագործմանը, և, միաժամանակ, միայն գործի արդարացի քննության պայմաններում է ապահովվում դատական պաշտպանության իրավունքի կենսական հատկանիշը՝ արդյունավետությունը։
49. Սահմանադրական դատարանը փաստում է, որ՝
1) Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների գործնական իրականացման առանցքային ձևերից է քաղաքացիական դատավարությունը, որի շրջանակներում, ի թիվս այլնի, ապահովվում է անձանց՝ մասնավոր իրավահարաբերություններից բխող իրավունքների, ազատությունների և օրինական շահերի դատական պաշտպանությունը.
2) քաղաքացիական արդարադատությունը հանդես է գալիս որպես սահմանադրական արժեքների իրացման մեխանիզմ, որի շրջանակներում գործնական արտահայտություն են ստանում իրավունքի գերակայության, դատական պաշտպանության արդյունավետության և արդար դատաքննության սահմանադրաիրավական հրամայականները. քաղաքացիական արդարադատության գործառութային նշանակությունը նաև այն է, որ ապահովում է ոչ միայն մասնավոր շահերի արդյունավետ պաշտպանությունը, այլև հանրային իրավակարգի կայունությունն ու հասարակական հարաբերությունների կանխատեսելի իրավակարգավորման զարգացումը՝ դատարանին վերապահելով իրավական «հակամարտությունների» վերջնական և պարտադիր լուծման սահմանադրական առաքելություն։
50. Անդրադառնալով սույն սահմանադրական վեճին՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի՝
1) «Դատարան դիմելու իրավունքը» վերտառությամբ 3-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.
«1. Յուրաքանչյուր անձ իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան` Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար».
2) «Վարույթն առաջին ատյանի դատարանում» վերտառությամբ 2-րդ բաժինը սահմանում է առաջին ատյանի դատարանում վարույթների տեսակներն ու դրանց իրականացման կանոնակարգված ընթացակարգերը, մասնավորապես՝ առաջին ենթաբաժինը նվիրված է առաջին ատյանի դատարանում գործերի քննության ընդհանուր կարգին (հայցային վարույթին), որտեղ ամրագրված 123-րդ հոդվածը սահմանում է մի քանի գործեր կամ հայցապահանջներ միացնելու և առանձնացնելու քաղաքացիադատավարական կարգը:
51. Քաղաքացիական դատավարությունում մի քանի գործեր կամ հայցապահանջներ միացնելու և առանձնացնելու դատավարական ինստիտուտները քաղաքացիական դատավարությունում հանդես են գալիս որպես ճկուն դատավարական մեխանիզմներ, որոնք նպատակաուղղված են դատական պաշտպանության լիարժեքության, դատավարական տնտեսվարության և արդարադատության պատշաճ իրականացման ապահովմանը։ Նշված ինստիտուտների միջոցով դատարանին վերապահվում է փոխկապակցված պահանջների համատեղ քննության կամ, անհրաժեշտության դեպքում, առանձին վարույթներում դրանց առանձնացման իրավասություն՝ հաշվի առնելով գործի փաստական և իրավական հանգամանքների համակարգային կապը և դատավարության արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությունը։
52. Անդրադառնալով մի քանի գործերի միացման ինստիտուտին՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ խնդրո առարկա գործերի համատեղ քննությունը՝ մեկ դատական վարույթի շրջանակներում, միտված է դատավարական ռեսուրսների ռացիոնալ օգտագործմանը, գործերի առավել արագ և համակողմանի քննության ապահովմանը, տարբեր դատավորների կողմից միևնույն փաստերի կապակցությամբ տարբեր, առանձին դեպքերում՝ իրարամերժ գնահատականներ տալու, այդպիսով միմյանց հակասող դատական ակտեր կայացնելու բացառմանը, որը վերջնարդյունքում երաշխավորում է անձի արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրորեն երաշխավորված իրավունքների ապահովումը:
53. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի՝ «Մի քանի գործեր կամ հայցապահանջներ միացնելը և առանձնացնելը» վերտառությամբ 123-րդ հոդվածի վիճարկվող 2-րդ մասը սահմանում է, որ առաջին ատյանի դատարանն իրավունք ունի մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը մեկ վարույթում միացնելու իր վարույթում քննվող մի քանի միատեսակ գործեր, որոնցով գործին մասնակցող անձինք լրիվ կամ մասնակի համընկնում են, եթե դրանց միջև առկա է փոխադարձ կապ, ու դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել գործերի առավել արագ և արդյունավետ լուծումը:
54. Սահմանադրական դատարանը փաստում է, որ օրենսդիրը մի քանի գործերի միացումը հնարավոր է համարել միայն այն դեպքում, երբ դրանց միջև առկա է բավարար փոխկապակցվածություն։ Վերջինս բնորոշվում է հետևյալ զուգակցված չափանիշներով՝
1) կողմերի ամբողջական կամ մասնակի համընկնում,
2) վիճելի իրավահարաբերությունների, պահանջի առարկայի կամ պահանջների հիմքում ընկած փաստական հանգամանքների ընդհանրություն, որոնք թույլ են տալիս արձանագրել գործերի միատեսակություն:
55. Ընդ որում՝ պահանջների փոխկապակցվածությունը կարող է արտահայտվել նաև ապացուցողական բազայի ընդհանրությամբ կամ այնպիսի հանգամանքով, երբ մեկ պահանջի լուծումը կարող է կանխորոշիչ նշանակություն ունենալ մյուս պահանջի քննության և լուծման համար։ Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր գործով ներկայացված հայցապահանջը նույնիսկ համատեղ վարույթի պայմաններում պահպանում է իր ինքնուրույն դատավարական նշանակությունը, և դատարանը պարտավոր է յուրաքանչյուր պահանջի վերաբերյալ արտահայտել հստակ և պատճառաբանված իրավական դիրքորոշում։
Ավելին, օրենսդիրը միատեսակ գործերի միացման հնարավորությունը պայմանավորել է հստակ ընդգծված նպատակով. այն է՝ դրանց համատեղ քննությամբ ապահովել գործերի առավել արագ և արդյունավետ լուծում:
56. Օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակային վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրն առաջին ատյանի դատարանին վերապահել է նույն դատավորի վարույթում քննվող մի քանի միատեսակ գործերը մեկ վարույթում միավորելու դատավարական իրավասություն, իսկ նույն հոդվածի 2.1-2.11-րդ մասերով` հակակոռուպցիոն դատարանի տարբեր դատավորների վարույթներում գտնվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մի քանի գործերը մեկ վարույթում միավորելու դատավարական իրավասություն:
57. Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ՝
1) Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի՝ «Մի քանի հայցերով գործերի միացումը և առանձնացումը» վերտառությամբ 82-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «1. Վարչական դատարանն իրավունք ունի գործի քննության յուրաքանչյուր փուլում մեկ վարույթում միացնելու միևնույն առարկային վերաբերող մի քանի գործ, այդ թվում՝ վարչական դատարանի տարբեր դատավորների վարույթում գտնվող գործեր, եթե դրանց միջև առկա է փոխադարձ կապ, և դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել գործերի առավել արագ և արդյունավետ լուծումը»:
2) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի՝ «Քրեական վարույթների միացումը և անջատումը» վերտառությամբ 10-րդ հոդվածի 4-րդ մասը նախատեսում է. «4. Նույն դատարանի մեկից ավելի դատավորների մոտ գտնվող վարույթները միացվում են տվյալ դատարանի նախագահի որոշմամբ՝ դատավորներից մեկի դիմումի հիման վրա։ Վարույթները միացնելու դեպքում մեղադրանքը քննում է այն դատավորը, որը քրեական գործն ավելի վաղ է ընդունել վարույթ»:
58. Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել նաև, որ փոխկապակցված գործերի մեկ վարույթում քննության նպատակը պայմանավորված է ոչ միայն դատավարական ռեսուրսների արդյունավետ օգտագործման և ողջամիտ ժամկետում գործերի քննության ապահովման անհրաժեշտությամբ, այլև նույն դատարանի տարբեր դատավորների կողմից միևնույն փաստական հանգամանքներին տարբեր, երբեմն նաև իրարամերժ իրավական գնահատականներ տալու ռիսկի բացառմամբ։ Հակառակ դեպքում կարող է վտանգվել դատական ակտերի հեղինակությունը, խաթարվել իրավական որոշակիության և կանխատեսելիության սկզբունքները, ինչպես նաև հանգեցնել նույն փաստերի վերաբերյալ միմյանց հակասող, օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի առկայությունը, ինչն անհամատեղելի է իրավական պետության սկզբունքների հետ։
59. Ելնելով վերը նշվածից՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը թե՛ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում, թե՛ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում, ինչպես նաև Օրենսգրքի՝ հակակոռուպցիոն դատարանի տարբեր դատավորների վարույթներում գտնվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերին վերաբերող՝ գործերի վարույթների միավորման և առանձնացման դատավարական իրավասության կարգավորման, դրա իրականացման կարգն ու պայմանները սահմանելիս առաջնորդվել է միևնույն դատավարական տրամաբանությամբ՝ հետևողականորեն ամրագրելով տարբեր դատավորների վարույթում գտնվող, սակայն փոխկապակցվածությամբ բնութագրվող գործերի միավորման դատավարական կառուցակարգը՝ որպես միատեսակ հանգամանքների վերաբերյալ միասնական իրավական գնահատականի ապահովման և հակասական դատական ակտերի կայացման վտանգի նվազեցման ինստիտուցիոնալ երաշխիք:
60. Այս համատեքստում քաղաքացիական դատավարության գործող կարգավորման առանձնահատկությունը, ըստ որի՝ գործերի միացման հնարավորությունը սահմանափակված է նույն դատավորի վարույթում գտնվող գործերով, Սահմանադրական դատարանի գնահատմամբ, որևէ կերպ չարդարացված, նեղ և ձևական մոտեցում է՝ համեմատած այն օրենսդրական լուծումների հետ, որոնք թույլ են տալիս միացնել նաև տարբեր դատավորների վարույթում քննվող փոխկապակցված գործերը։
61. Սահմանադրական դատարանը գտնում է, որ քաղաքացիական դատավարությունում տարբեր դատավորների վարույթում գտնվող փոխկապակցված գործերի միացման կառուցակարգի բացակայությունը հանգեցնում է դատավարական ընթացակարգերի անհամաչափ սահմանափակման և չի բխում դատական պաշտպանության արդյունավետության սահմանադրական հրամայականից։
62. Սահմանադրական դատարանը գտնում է նաև, որ միատեսակ հանգամանքների վերաբերյալ միասնական իրավական դիրքորոշման ձևավորման, դատավարական արդյունավետության բարձրացման, ինչպես նաև դատավարական ընթացակարգերի հստակեցման միջոցով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների ծանրաբեռնվածության նվազեցման ու դատական ռեսուրսների նպատակային բաշխման ապահովման անհրաժեշտությունից ելնելով՝ արդարացված է գործերի առավել արդյունավետ և արագ քննության կազմակերպումը՝ միաժամանակ երաշխավորելով անձանց՝ գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքն ու դատական ակտերի բովանդակային միասնականությունը:
63. Սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր: Սահմանադրաիրավական այս պատվիրանը վկայում է, որ Սահմանադիրը չի բավարարվել անձին շնորհելով միայն համապատասխան իրավունքներ և ազատություններ, այլև պարտադրել է օրենսդրին ստեղծել այնպիսի կազմակերպական և ընթացակարգային միջավայր, որի պայմաններում այդ իրավունքները և ազատությունները կարող են իրապես գործել։
64. Կազմակերպական կառուցակարգերը վերաբերում են այն ինստիտուցիոնալ համակարգին, որի միջոցով իրավունքը կյանքի է կոչվում։ Դրանք ներառում են իրավունքի իրացման համար պատասխանատու մարմինների ստեղծումը, այդ մարմինների իրավասությունների հստակ սահմանումը, ենթակայության, վերահսկողության և պատասխանատվության մեխանիզմների ձևավորումը և այլն: Այս առումով օրենսդիրը հանդես է գալիս ոչ միայն որպես կարգավորող, այլ նաև որպես հանրային իշխանության կազմակերպիչ՝ ապահովելով իրավունքների իրականացման պատշաճ գործիքակազմ։
65. Ընթացակարգերը հանդես են գալիս որպես իրավունքի կենսագործման առանցք: Այս առումով անառարկելի է, որ սահմանադրորեն երաշխավորված իրավունքները կորցնում են իրենց արժեքը, եթե դրանց իրացումը կախված է կամայական և անորոշ ընթացակարգերից, կամ պարզապես բացակայում են համապատասխան ընթացակարգերը:
66. Անդրադառնալով սույն սահմանադրաիրավական վեճին՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ՝
1) տվյալ իրավիճակում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի տարբեր դատավորների վարույթում գտնվող մի քանի միատեսակ քաղաքացիական գործերը, որոնցով գործին մասնակցող անձինք լրիվ կամ մասնակի համընկնում են, եթե դրանց միջև առկա է փոխադարձ կապ, ու դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել գործերի առավել արագ և արդյունավետ լուծումը, մեկ վարույթում միացնելու անհրաժեշտ կառուցակարգերի և ընթացակարգերի փաստացի բացակայությունը բերում է անձի արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքների խախտման,
2) սույն գործով վտանգվում է երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերն առաջնահերթ ուշադրության արժանացնելու՝ Սահմանադրի անվերապահ պահանջի կենսագործումը:
67. Սահմանադրական դատարանը սույն գործով արձանագրում է, որ Դատարանի վարույթում են գտնվում.
1) Քնարիկ Արմենի Սահակյանի հայցադիմումն ընդդեմ Արմեն Աղասու Արշակյանի, իրավասու մարմին՝ ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմին` երեխայի բնակության վայրը մոր բնակության վայրում որոշելու և ալիմենտ բռնագանձելու պահանջների մասին (դատավոր Բ. Գրիգորյան, քաղաքացիական գործ թիվ ԼԴ/1214/02/25),
2) Արմեն Աղասու Արշակյանի հայցադիմումն ընդդեմ Քնարիկ Արմենի Սահակյանի, իրավասու մարմին՝ Լոռու մարզի Վանաձոր համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմին՝ ամուսնալուծության և երեխայի բնակության վայրը հոր մոտ որոշելու պահանջների մասին (դատավոր Գ. Զաքարյան, քաղաքացիական գործ թիվ ԼԴ/1216/02/25):
68. Դատարանը թիվ ԼԴ/1214/02/25 քաղաքացիական գործով 2026 թվականի մարտի 23-ի «Գործերը մեկ վարույթում միացնելը թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշմամբ արձանագրել է.
«(...) առաջին ատյանի դատարանի տարբեր դատավորների վարույթում քննվող գործերը մեկ վարույթում միացնելը թույլատրելու դատավարական ինստիտուտ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ, ուստի միջնորդությունը հնարավոր չէ բավարարել»:
69. Դիմումի, ինչպես նաև թիվ ԼԴ/1214/02/25 և ԼԴ/1216/02/25 քաղաքացիական գործերի ուսումնասիրությունից Սահմանադրական դատարանին պարզ է դառնում, որ Դատարանում միաժամանակ տարբեր դատավորների վարույթներում քննվող քաղաքացիական գործերով (1) կողմերը նույնն են, (2) ներկայացված են երեխայի բնակության վայրը որոշելու, (3) ալիմենտ բռնագանձելու, (4) ամուսնալուծության պահանջներ, որոնք չեն կարող դիտարկվել որպես միմյանցից մեկուսացված հայցապահանջներ, քանզի անմիջականորեն փոխկապակցված են երեխայի կենսապահովման, կայուն սոցիալական միջավայրի, պատշաճ խնամքի և համակողմանի զարգացման հիմնարար իրավունքների հետ։
70. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նման փոխկապակցված պահանջների քննությունը տարբեր դատավորների վարույթներում, երբ դրանց հիմքում ընկած փաստական հանգամանքներն ու իրավական հարցերն էապես համընկնում են, ստեղծում է դատավարական անելանելի իրավիճակ։ Այն ոչ միայն պարունակում է միմյանց հակասող դատական ակտերի կայացման իրական վտանգ, այլև հանգեցնում է վեճի լուծման անհարկի ձգձգումների, ինչն ուղիղ բացասական ազդեցություն է գործում երեխայի հոգեբանական ու սոցիալական բարեկեցության վրա՝ վտանգելով նրա լավագույն շահերի արդյունավետ իրացումը։
71. Ամփոփելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ Օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասն այնքանով, որքանով չի նախատեսում քաղաքացիական գործերի առավել արագ և արդյունավետ լուծման նպատակով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի տարբեր դատավորների վարույթներում գտնվող մի քանի միատեսակ քաղաքացիական գործերը մեկ վարույթում միացնելու հնարավորություն այն դեպքում, երբ տվյալ գործերով գործին մասնակցող անձինք լրիվ կամ մասնակի համընկնում են, և դրանց միջև առկա է փոխադարձ կապ, հակասում է Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերին՝ համակցված 75-րդ հոդվածի հետ:
Ելնելով գործի քննության արդյունքներից և հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 170-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1․ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ մասն այնքանով, որքանով չի նախատեսում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի տարբեր դատավորների վարույթներում գտնվող մի քանի միատեսակ քաղաքացիական գործերը մեկ վարույթում միացնելու հնարավորություն այն դեպքում, երբ տվյալ գործերով գործին մասնակցող անձինք լրիվ կամ մասնակի համընկնում են, և դրանց միջև առկա է փոխադարձ կապ, ճանաչել Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերին՝ համակցված 75-րդ հոդվածի հետ, հակասող և անվավեր:
2․ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ oրենքով uահմանված կարգով։
3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող 16 հունիսի 2026 թվականի ՍԴՈ-1834
Ա. Դիլանյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հունիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|