ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոնդատարանի որոշում |
Հակակոռուպցիոն քաղաքացիական գործ թիվ ՀԿԴ/0004/02/22 2025 թ. |
|
Հակակոռուպցիոն քաղաքացիական գործ
թիվ ՀԿԴ/0004/02/22 |
| Նախագահող դատավոր՝ |
Հ. Զարգարյան |
|
Դատավորներ՝ |
Գ.Թորոսյան |
|
Հ. Շահնազարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
|
նախագահող |
Ա. Դավթյան |
|
զեկուցող |
Լ. Գրիգորյան |
|
Ա. Կուրեխան | |
|
Լ. Մելիքջանյան |
|
«09» հուլիսի 2025 թվական |
քաղաք Երևան |
գրավոր ընթացակարգով քննելով ըստ ՀՀ գլխավոր դատախազության (այսուհետ՝ Դատախազություն) հայցի ընդդեմ Ավետիս Դավիթի Գալստյանի՝ պետությանը պատճառված վնասի բռնագանձման պահանջի մասին, հակակոռուպցիոն քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 22.03.2024 թվականի որոշման դեմ Դատախազության կողմից բերված վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
1.1. 06․09․2022 թվականին դիմելով ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ՝ Դատարան)՝ Դատախազությունը պահանջել է Ավետիս Դավիթի Գալստյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10․343․000 ՀՀ դրամ՝ որպես պետությանը պատճառված վնասի գումար։
1.2. Դատարանի (դատավոր՝ Ն. Ավագյան) 05.05.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է:
1.3. 05.06.2023 թվականին սույն գործով վերաքննիչ բողոք է ներկայացրել Ավետիս Դավիթի Գալստյանը։
1.4. ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 04.08.2023 թվականի որոշմամբ Ավետիս Դավիթի Գալստյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 05.05.2023 թվականի վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նույն որոշման պատճառաբանություններով սահմանված ծավալով նոր քննության:
1.5. Դատարանի (դատավոր՝ Կ. Բադալյանի) 03.11.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի՝ վճռվել է պատասխանող Ավետիս Դավիթի Գալստյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 9.343.000 ՀՀ դրամ՝ որպես պետության պատճառված վնաս: Մնացած պահանջի մասով հայցը մերժվել է։
1.6. 04.12.2023 թվականին սույն գործով վերաքննիչ բողոք է ներկայացրել Ավետիս Դավիթի Գալստյանը (ներկայացուցիչ՝ Է. Ոսկանյան):
1.7. Վերաքննիչ դատարանի 22.03.2024 թվականի որոշմամբ Ավետիս Դավիթի Գալստյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 03.11.2023 թվականի վճիռը՝ հայցի բավարարմանը վերաբերող մասով բեկանվել և այդ մասով փոփոխվել է՝ հայցը մերժվել է:
1.8. 02.05.2024 թվականին սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Դատախազությունը (ներկայացուցիչ՝ Ե. Ավագյան, այսուհետ նաև՝ Բողոքաբեր)։
1.9. 21․06.2024 թվականի որոշմամբ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին Դատախազության կողմից բերված միջնորդությունը բավարարել է, վճռաբեկ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնել է և վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ։
1.10. 10.07.2024 թվականին վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ավետիս Դավիթի Գալստյանը (ներկայացուցիչ՝ Է. Ոսկանյան)։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
2.1. Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, 1058-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ հարկային օրենսգրքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 62-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 6-րդ մասերը։
Բողոքաբերը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
2.2. Վերաքննիչ դատարանն առանց որևէ հիմքի անարժանահավատ է համարել պետական մարմնի կողմից տրամադրված տեղեկությունները՝ նշելով, որ նույն մարմինը տարբեր տվյալներ է հայտնել: Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ գրություններից մեկը տրամադրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունը, որն այժմ որպես առանձին մարմին չի գործում, իսկ մյուսը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, որը քրեական վարույթների տվյալներին չի տիրապետում:
2.3. Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն, որ հայցվորն ինքը պետությանը պատճառված վնասի հատուցման գումարի մի մասից՝ 1.000.000 ՀՀ դրամից հրաժարվելով, չի հիմնվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության կողմից տրված գրության վրա, այլ հիմնվել է ստուգման ակտ առաջադրելու լիազորություն ունեցող մարմնի՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատասխան-գրության վրա: Մեղադրանքի հիմքում դրված 10.343.000 ՀՀ դրամը վերականգնված լինել/չլինելու հարցադրմանը տարբեր կերպ պատասխանելը պայմանավորված է եղել վնաս և հարկային պարտավորության գումար պահանջելու իրավազորություն ունեցող սուբյեկտների տարբերությամբ, ինչը կրկին անտեսել է Վերաքննիչ դատարանը, մասնավորապես՝ նախաքննության ընթացքում 10.343.000 ՀՀ դրամը վերականգնված չլինելու վերաբերյալ քննչական վարչության պատասխանը պայմանավորված է եղել Դատախազության հարցադրմամբ և այն հանգամանքով, որ իրականում վնասի հատուցում չի եղել: ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հարկային պարտավորության գումար պահանջելու լիազորություն ունի, իսկ Դատախազությունը՝ պետությանը պատճառված վնասի, ուստի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությանը Դատախազությունը հարցադրում է արել՝ արդյո՞ք մեղադրանքի հիմքում դրված վնասը վերականգնվել է, թե՝ ոչ, որին ի պատասխան ստացվել է բացասական պատասխան, իսկ ՀՀ պետական եկամուտների կոմիտեին հարցադրումն արվել է «Վինար» ՍՊԸ-ի կամ վերջինիս գործադիր տնօրենի կողմից ընկերությանն առաջադրված հարկային պարտավորությունների մարումը կատարելու համատեքստում, քանի որ պահանջված հարկային պարտավորության որոշակի մասը համընկնում էր Դատախազության պահանջած գումարի հետ, ուստի կրկնակի գանձումը բացառելու համար համապատասխան գրություն էր ուղարկվել: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունն այլ պատասխան չէր կարող տալ, քանի որ փաստացի վնասն իրականում չի վերականգնվել Ավետիս Դավիթի Գալստյանի կողմից, իսկ կատարված վճարումները ՀՀ պետական եկամուտների կողմից առաջադրված հարկային պարտավորությունների մարում էին ենթադրում, որից 1.000.000 ՀՀ դրամը համընկել էր Դատախազության պահանջած և մեղադրանքի հիմքում դրված գումարի հետ: Գտել է, որ անհիմն են ներկայացված ապացույցների անարժանահավատության վերաբերյալ հետևությունները:
2.4. Պատասխանողի ներկայացուցիչն ընդունել է այն, որ վճարումը կատարելու պահին դեռևս Դատախազության պահանջի իրավունքի վերաբերյալ տեղեկություն առկա չէր:
2.5. Հայտնել է նաև, որ նշվածը հաստատվում է այն հանգամանքով, որ քրեական գործի շրջանակում պատվիրակված փորձաքննության եզրակացության մեջ արդեն իսկ արտացոլված էր Ավետիս Դավիթի Գալստյանի վճարած գումարն ամբողջությամբ՝ 21.885.000 ՀՀ դրամը:
2.6. Փորձաքննության եզրակացությամբ հարկային մարմնի կողմից առաջադրված ակտի շրջանակում հարկային պարտավորությունների չափը նվազեցվել է, իսկ անձի վճարած 21.885.000 ՀՀ դրամը չէր ուղղվել վարույթն իրականացնող մարմնի մեղադրանքի հիմքում դրված պարտավորության՝ 10.343.000 ՀՀ դրամի մարմանը: Վերաքննիչ դատարանը ևս չի բացառել, որ 10.343.000 ՀՀ դրամն իրականում չի ուղղվել մեղադրանքի հիմքում դրված վնասի հատուցմանը։
2․7․ Գտել է, որ թեկուզ ուղղակի նշում չկա օրենսդրությամբ, սակայն ստացվում է, որ պետությանը պատճառված վնասի հատուցման եղանակը միշտ չէ, որ կարող է լինել հարկային մարմնին կատարած վճարումը՝ հաշվի առնելով, որ կատարած վճարումները պարտավորությունների մարման հաջորդականությունը որոշում է հարկային մարմինը, և եթե անձը բացի հիմնական գումարից, ունենա նաև այլ պարտավորություններ՝ տույժ-տուգանք և այլն, ապա նույնիսկ վճարման հանձնարարագրում գումարն ապառքի մարմանն ուղղելու հստակ նշում կատարելու պարագայում այն կարող է ուղղվել հարկային օրենսդրությամբ սահմանված այլ պարտավորությունների մարմանը՝ ըստ հաջորդականության: Հետևաբար, ապօրինի և ոչ պատշաճ հիմնավորումներով Վերաքննիչ դատարանը հավաստիացել է, որ վճարված 10.343.000 ՀՀ դրամն անպայմանորեն պետք է ուղղվեր մեղադրանքի հիմքում դրված վնասի հատուցմանը՝ այն պարագայում, երբ, կրկին արձանագրել է, որ.
1. վճարման պահին Դատախազությունը դեռևս պահանջ չէր ներկայացրել ֆիզիկական անձի հանդեպ (ինչը պատասխանողի ներկայացուցիչը ևս ընդունել է),
2. մինչև քրեական վարույթի շրջանակում պատվիրակված փորձաքննության եզրակացության ստացումը վճարումներն արդեն կատարվել էին, որպիսի հանգամանքն արտացոլվել էր նաև փորձաքննության եզրակացության մեջ,
3. ֆիզիկական անձը ՍՊԸ-ի անունից և վերջինիս հարկային պարտավորությունները մարելուն ուղղված այլ վճարումներ ևս կատարել էր՝ 10.342.000 ՀՀ դրամի և 1.000.000 ՀՀ դրամի չափով,
4. հարկային մարմնի ստուգման ակտով և քրեական վարույթի շրջանակում ստացված եզրակացությամբ առաջադրված հարկային պարտավորությունների գումարները տարբերվել են,
5. հարկային մարմնի համար որևէ նշանակություն չունի վճարման նպատակի վերաբերյալ կատարված նշումը, և սույն պարագայում ևս հաշվի չի առնվել,
6. պատասխանող Ավետիս Դավիթի Գալստյանը քրեական գործով ընդունել էր ներկայացված քաղաքացիական հայցը:
Նշել է, որ Վերաքննիչ դատարանը, ընդունելով, որ փաստացի մեղադրանքի հիմքում դրված վնասն ամբողջությամբ չի հատուցվել, հայցը մերժել է:
2.8. Վերոգրյալի հիման վրա` Դատախազությունը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.03.2024 թվականի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության կամ օրինական ուժ տալ Դատարանի 03.11.2023 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
3.1. Դատախազության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
3.2. Չորս վճարումների նպատակ դաշտում նշված է հետևյալը՝ ԱԿՏ-1012447/12.07.2018Թ /Վինար ՍՊԸ/: Վճարումներում հստակ նշված է այն ԱԿՏ-ի համարը և ամսաթիվը, որի հիման վրա հայտնաբերվել էր իրավախախտումը և առաջադրվել պատասխանատվություն դատարանի կողմից նշված 2016 թվականի համար պետբյուջե չվճարված շահութահարկի գումարի (343.000 ՀՀ դրամ), ինչպես նաև 2016 թվականի սեպտեմբեր ամսվա համար պակաս հաշվարկված ու չվճարված ավելացված արժեքի հարկի (10.000.000 ՀՀ դրամ) համար:
3.3. Նշել է, որ էական է և արժանահավատ միայն կտրոնում առկա նշումը, որով հաստատվում է, որ վնասի հիմք հանդիսացած 12.07.2018 թվականի թիվ ԱԿՏ-1012447-ով հայտնաբերված և առաջադրված պատասխանատվության հիման վրա առաջացած պարտավորության կատարմանն է ուղղված նշված վճարումները:
3.4. Հայց ներկայացնելու պահի դրությամբ, հայցվորի վնասը, որը առաջացել էր 12.07.2018 թվականի թիվ ԱԿՏ-1012447-ով հայտնաբերված և առաջադրված պատասխանատվության հիման վրա՝ 2016 թվականի համար պետբյուջե չվճարված շահութահարկի գումարի (343.000 ՀՀ դրամ), ինչպես նաև 2016 թվականի սեպտեմբեր ամսվա համար պակաս հաշվարկված ու չվճարված ավելացված արժեքի հարկն (10.000.000 ՀՀ դրամ), ամբողջությամբ հատուցվել է պատասխանողի կողմից:
4. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
4.1. ՀՀ ՊԵԿ քննչական վարչության ՀԿԳ քննիչ Ն․ Եղիկյանի կողմից թիվ 83164618 քրեական գործով ըստ մեղադրանքի՝ Ավետիս Գալստյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 01․06․2020 թվականի մեղադրական եզրակացությամբ արձանագրվել է հետևյալը․ «Ավետիս Գալստյանը, հանդիսանալով 26․03․2012 թվականին ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցված և ՀՀ ՊԵԿ ՀՎՍՎ թիվ 9 բաժնում հաշվառված «Վինար» ՍՊԸ տնօրենի պաշտոնակատարը և լիազորված լինելով հանդես գալ ընկերության անունից, 2016 թվականին ծավալած ձեռնարկատիրական գործունեության ընթացքում պետության հանդեպ շահութահարկի և ավելացված արժեքի հարկի մասերով գոյացած հարկերը չվճարելու դիտավորությամբ, հաշվառման վայրի հարկային տեսչությանը օրենքով սահմանված կարգով ներկայացված հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալներ է մտցրել, արդյունքում պետական բյուջե չի վճարել խոշոր չափի՝ 10․343․000 ՀՀ դրամ հարկերը»: Թիվ 83164618 քրեական գործով Ավետիս Դավիթ Գալստյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրվել է 2016 թվականի սեպտեմբեր ամսվա համար 343.000 ՀՀ դրամ գումարի չափով շահութահարկի, ինչպես նաև 2016 թվականի սեպտեմբեր ամսվա համար 10.000.000 ՀՀ դրամ ավելացված արժեքի հարկի չվճարման հանգամանքը (հատոր 1-ին, գ.թ. 16-30)։
4.2. Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԱՎԴ/0043/01/20 գործով 07․06․2022 թվականին կայացված «Քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» որոշման համաձայն՝ Ավետիս Դավիթի Գալստյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, կարճվել է, և Ավետիս Դավիթի Գալստյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով: Նույն որոշմամբ արձանագրվել է, որ Դատախազության կողմից 11.06.2022 թվականին ներկայացված հայցադիմումը՝ 10.343.000 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին, թողնվել է առանց քննության՝ վերապահելով քաղաքացիական դատավարության կարգով ինքնուրույն հայց հարուցելու իրավունք (հատոր 1-ին, գ.թ. 12-15)։
4.3. Դատախազության ֆինանսատնտեսական վարչության պետ Հ․ Մարտիրոսյանի կողմից Դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Վ․ Ռաֆայելյանին հասցեագրված գրության համաձայն՝ թիվ 83164618 քրեական գործի շրջանակներում 01․02․2023 թվականի դրությամբ «Վինար» ՍՊԸ գործադիր տնօրեն Ավետիս Գալստյանի կողմից Դատախազության դեպոզիտ հաշվին գումար չի վճարվել (հատոր 2-րդ, գ.թ. 16):
4.4. «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության 28.12.2018 թվականի թիվ 000748 վճարման հանձնարարագրի անդորրագրի համաձայն՝ Ավետիս Դավիթի Գալստյանի կողմից հարկերի միասնական հաշվին փոխանցվել է 1.000.000 ՀՀ դրամ: Վճարման նպատակը դաշտում նշվել է. «Ակտ-1012447, 12.07.2018թ., «ՎԻՆԱՐ» ՍՊԸ /ՀՎՀՀ00112595/» (հատոր 2-րդ, գ.թ. 27)։
4.5. «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերության 28.12.2018 թվականի թիվ 000322 վճարման հանձնարարագրի անդորրագրի համաձայն՝ Ավետիս Դավիթի Գալստյանի կողմից հարկերի միասնական հաշվին փոխանցվել է 343.000 ՀՀ դրամ: Վճարման նպատակը դաշտում նշվել է. «Ակտ-1012447, 12.07.2018թ., «ՎԻՆԱՐ» ՍՊԸ /ՀՎՀՀ00112595/շահութահարկ» (հատոր 2-րդ, գ.թ. 28)։
4.6. «Կոնվերս Բանկ» ՓԲ ընկերության 28.12.2018 թվականի թիվ 000323 վճարման հանձնարարագրի անդորրագրի համաձայն՝ Ավետիս Դավիթի Գալստյանի կողմից հարկերի միասնական հաշվին փոխանցվել է 10.000.000 ՀՀ դրամ: Վճարման նպատակը դաշտում նշվել է. «Ակտ-1012447, 12.07.2018թ., «ՎԻՆԱՐ» ՍՊԸ /ՀՎՀՀ00112595/ԱԱՀ» (հատոր 2-րդ, գ.թ. 29)։
4.7. «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության 17.01.2019 թվականի թիվ 000738 վճարման հանձնարարագրի անդորրագրի համաձայն՝ Ավետիս Դավիթի Գալստյանի կողմից հարկերի միասնական հաշվին փոխանցվել է 10.542.000 ՀՀ դրամ: Վճարման նպատակը դաշտում նշվել է. «Ակտ-1012447, 12.07.2018թ., «ՎԻՆԱՐ» ՍՊԸ /ՀՎՀՀ00112595/» (հատոր 2-րդ, գ.թ. 30)։
4.8. ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության պետ Ա․ Հովսեփյանի կողմից Դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Վ․ Ռաֆայելյանին հասցեագրված գրությանը կից միասնական հաշվի քաղվածքի համաձայն՝ 01.01.2018-21.02.2023 թվականների միջակայքում կատարված 4 վճարումների ընդհանուր՝ 21.885.000 ՀՀ դրամ գումարից մարվել են՝ 2017 թվականի մարտի ավելացված արժեքի հարկը՝ 10․000․000 ՀՀ դրամի չափով, 2017 թվականի մարտի ավելացված արժեքի հարկը՝ 343․000 ՀՀ դրամի չափով, 2016 թվականի սեպտեմբերի ավելացված արժեքի հարկը՝ 1․000․000 ՀՀ դրամի չափով, 2017 թվականի մարտի ռեզիդենտի շահութահարկը՝ 34․300 ՀՀ դրամի չափով, 2016 թվականի հուլիսի ավելացված արժեքի հարկը՝ 36․319 ՀՀ դրամի չափով, 2016 թվականի հուլիսի ավելացված արժեքի հարկը՝ 3․189․382 ՀՀ դրամի չափով, 2016 թվականի մարտի ռեզիդենտի շահութահարկը՝ 7․281․999 ՀՀ դրամի չափով (հատոր 2-րդ, գ.թ. 59-60)։
4.9. Թիվ 83164618 քրեական գործի շրջանակներում ՀՀ «Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից կատարված լրացուցիչ դատահաշվապահական փորձաքննության 31․10․2019 թվականի թիվ 23311909 եզրակացության համաձայն՝ ««Վինար» ՍՊ ընկերությանը, տույժերով և տուգանքներով հանդերձ ընդամենը առաջադրված ու պետբյուջե լրացուցիչ վճարման ենթակա հարկային պարտավորությունների չափը կկազմի ընդամենը 42.003.491 դրամ, այդ թվում՝ 2016 թվականի շահութահարկ՝ 343.000 դրամ, 2016 թվականի սեպտեմբերի ԱԱՀ՝ 10.000.000 դրամ, ընդամենը հարկեր՝ 10.343.000 դրամ, տույժեր՝ 15.432.006 դրամ, տուգանքներ՝ 16.228.485 դրամ»:
Նույն եզրակացությամբ արձանագրվել է, որ 24.12.2018-24.01.2019 թվականն ընկած ժամանակահատվածում հարկերի միասնական հաշվին «Վինար» ՍՊ ընկերության կողմից կատարվել է 21.885.000 ՀՀ դրամ գումարի չափով վճարում (հատոր 2-րդ, գ.թ. 65-82)։
4.10. ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության պետ Վ. Սիսակյանի կողմից 25.01.2019 թվականին ՀՀ ՊԵԿ քննչական վարչության պետ Էդ. Հովհաննիսյանին ուղղված գրության համաձայն՝ ՀՎՍՎ սպասարկման թիվ 9 բաժնում հաշվառված «Վինար» ՍՊ ընկերության կողմից 24.12.2018 թվականից մինչև 24.01.2019 թվականն ընկած ժամանակահատվածում միասնական հաշվին կատարվել են հետևյալ վճարումները. 28.12.2018 թվականին՝ 10.000.000 ՀՀ դրամ, 28.12.2018 թվականին՝ 343.000 ՀՀ դրամ, 16.01.2019 թվականին՝ 1.000.000 ՀՀ դրամ, 18.01.2019 թվականին՝ 10.542.000 ՀՀ դրամ, ընդամենը՝ 21.885.000 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ. 84)։
4.11. ՀՀ ՊԵԿ քննչական վարչության ՀԿԳ քննիչ Ն. Եղիկյանի կողմից ՀՀ ԱՆ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին ուղղված 05.02.2019 թվականի գրության համաձայն՝ «Վինար» ՍՊ ընկերության կողմից պետբյուջե է վճարվել թիվ 1012447 ակտով առաջադրված լրացուցիչ պարտավորություններից 21.833.000 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ. 85)։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
5.1. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, որի առկայությունը հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով։
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ քրեական գործի նախաքննության ընթացքում վճարված գումարից հայցապահանջի հիմքում ընկած վնասի հատուցմանը՝ պարտավորության առաջացման համար անհրաժեշտ հիմքերի բացահայտման համատեքստում։
5.2. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է վնասներ հատուցելով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
5.3. Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր որոշումներից մեկում նշել է, որ չնայած քաղաքացիական պատասխանատվության ծագման պայմանները հանգամանքների բերումով կարող են որոշ դեպքերում համընկնել քրեական պատասխանատվության առաջացման պայմանների հետ, այդուհանդերձ քաղաքացիաիրավական հայցը պետք է լուծվի քաղաքացիական պարտավորական իրավունքի սկզբունքների հիման վրա: Քրեական գործով իրականացված դատավարության արդյունքը որոշիչ չէ վնասի հատուցման վերաբերյալ գործով: Տուժողն իրավունք ունի պահանջել վնասների հատուցում անկախ այն հանգամանքից` պատասխանողը դատապարտվել է, թե արդարացվել, և փոխհատուցման հարցը պետք է դառնա իրավական ինքնուրույն գնահատման առարկա, որի պարագայում ապացուցման չափորոշիչներն էականորեն տարբերվում են քրեական պատասխանատվության ենթարկելու դեպքերից: Դատարանի կարծիքով այն, որ միևնույն արարքը կարող է առաջացնել քրեական գործի հետ նույնական (ընդհանուր) հանգամանքներից (փաստերից) բխող վնասը հատուցելու քաղաքացիաիրավական պարտականություն, բավարար հիմքեր չի ստեղծում անձի նկատմամբ կիրառված քաղաքացիաիրավական պատասխանատվությունը դիտել նաև «քրեական պատիժ» (տե'ս Ռինգվոլդն ընդդեմ Նորվեգիայի գործով Եվրոպական դատարանի 11.02.2003 թվականի վճիռը, պարբ. 38):
5.4. ՀՀ վճռաբեկ դատարանն իր մի շարք որոշումներում մեկնաբանել և զարգացրել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի, 17-րդ հոդվածի 2-րդ մասի և 1058-րդ հոդվածի կարգավորումները: Մասնավորապես, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածին ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վնասի հատուցման գործերով ապացուցման առարկա են կազմում իրավական նշանակություն ունեցող հետևյալ փաստերը.
- ոչ օրինաչափ վարքագիծը (գործողություն կամ անգործություն),
- վնաս պատճառող անձի առկայությունը,
- պատճառված վնասի առկայությունը,
- վնաս պատճառող անձի մեղքի առկայությունը,
- պատճառահետևանքային կապը ոչ օրինաչափ գործողության կամ անգործության և պատճառված վնասի միջև (տե՛ս ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Արթուր Մարդանյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի գործով թիվ ՏԴ/0041/02/11 ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ վերահաստատելով իր իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել առավել մանրամասն անդրադառնալ պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին: Ըստ այդմ նշելով, որ վնասը քաղաքացիական շրջանառության մասնակցի` օրենքով պահպանվող իրավունքների խախտման դեպքում վրա հասնող անբարենպաստ, բացասական հետևանքն է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածից հետևում է, որ վնասը կարող է արտահայտվել չնախատեսված լրացուցիչ ծախսեր կատարելով կամ այդպիսի ծախսերի կատարման անհրաժեշտությամբ, գույքի կորստով կամ վնասվածքով, եկամուտների չստացմամբ (բաց թողնված օգուտ): Հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծն այն գործողությունը կամ անգործությունն է, որը խախտում է օրենքի, այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նաև անձի սուբյեկտիվ իրավունքը: Գործողությունն անձի նպատակաուղղված, կամային արարքն է, իսկ անգործությունն արտահայտվում է անհրաժեշտ և պարտադիր վարքագիծ դրսևորելուց ձեռնպահ մնալով: Ոչ օրինաչափ վարքագծի և վնասի միջև պատճառահետևանքային կապը ենթադրում է, որ վնասը պետք է հանդիսանա ոչ օրինաչափ վարքագծի ուղղակի, անմիջական հետևանք: Այն դեպքում, երբ վնասն անհրաժեշտաբար թելադրված չէ ոչ օրինաչափ գործողությամբ (անգործությամբ), կամ գործողության (անգործության) և վնասի միջև կապն անուղղակի է, վնասի հատուցման համար անհրաժեշտ պատճառահետևանքային կապի պայմանն առկա չէ: Վնաս պատճառող անձի մեղքը նրա սուբյեկտիվ վերաբերմունքն է իր ոչ օրինաչափ գործողության (անգործության) և առաջացած հետևանքի` վնասի նկատմամբ, ինչը կարող է դրսևորվել թե՛ դիտավորության, և թե՛ անզգուշության ձևով։ Ընդ որում, վնասի հատուցման հարաբերություններում գործում է վնաս պատճառած անձի մեղավորության կանխավարկածը, քանի դեռ վերջինս չի ապացուցել վնաս պատճառելու հարցում իր մեղքի բացակայությունը: Օրենքով նախատեսված դեպքերում պատճառված վնասի համար պատասխանատվությունը կարող է վրա հասնել նաև վնաս պատճառող անձի մեղքի բացակայության պարագայում (տե՛ս Նելլի Մկրտչյանն ընդդեմ «Երևան հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության թիվ ԵԿԴ/2600/02/10 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը միաժամանակ ընդգծել է, որ քաղաքացիական իրավահարաբերություններում մեղքն արտահայտվում է անձի վերաբերմունքով ոչ միայն իր արարքի, այլև դրա հետևանքների նկատմամբ: Այսինքն` զուտ հակաիրավական արարք թույլ տալու փաստը դեռևս չի վկայում անձի մոտ մեղքի առկայության մասին, ուստի դատարանները նշված հանգամանքը գնահատելիս նաև պետք է պարզեն այդպիսի արարք թույլ տված անձի վերաբերմունքը հնարավոր բացասական հետևանքների նկատմամբ: Եթե դիտավորության դեպքում վնաս պատճառած անձը ցանկանում է կամ անտարբերությամբ թույլ է տալիս իր հակաիրավական արարքի հետևանքների առաջացումը, ապա անզգուշության պարագայում անձը, մի դեպքում կանխատեսելով իր վարքի բացասական հետևանքները, առանց բավարար հիմքերի կարծում է, թե դրանք կկանխվեն, կամ մեկ այլ դեպքում` ընդհանրապես չի կանխատեսում իր արարքի հետևանքները, չնայած պարտավոր էր կանխատեսել: Ըստ այդմ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն դեպքում, երբ անձը հակաիրավական գործողությունների կատարումից (կամ անգործության դրսևորումից) հետո մինչև բացասական հետևանքների վրա հասնելը պատշաճ կերպով ձեռնարկում է պատճառվելիք վնասը կանխելու ուղղությամբ օբյեկտիվորեն հնարավոր, անհրաժեշտ և իրենից կախված բոլոր միջոցները, ապա տվյալ իրավիճակում կարող է հավաստել ենթադրաբար վնաս պատճառած անձի մեղքի բացակայությունը: Հետևաբար, ենթադրյալ վնաս պատճառած անձի կողմից ձեռնարկված համապատասխան միջոցների վերաբերյալ ապացույցների առկայությունը, որոնք վկայում են նաև նման պայմաններում իրենից պահանջվող պատշաճ չափով հոգատարության և շրջահայացության դրսևորման փաստի մասին, կարող է հիմք հանդիսանալ տվյալ անձին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունից ազատելու համար (տե՛ս «Բի Լայն» ՍՊԸ-ն ընդդեմ Արտակ Զաքարյանի թիվ ԵԿԴ/2128/02/13 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):
5.5. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից և գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը:
5.6. Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման հանդիսացող տարրերից վնաս կրած անձի մոտ իրական կամ բաց թողնված օգուտի տեսքով վնասների առկայության, վնաս պատճառողի մոտ ոչ օրինաչափ վարքագծի առկայության, վնասների և ենթադրյալ վնաս պատճառող անձի ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի առկայության հանգամանքների ապացուցման բեռը կրում է վնաս կրած անձը, իսկ պատճառված վնասի հարցում իր մեղքի բացակայության հանգամանքի ապացուցման պարտականությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կանխավարկածի հիմքով կրում է ենթադրյալ վնաս պատճառած անձը (տե՛ս «Էքսոլթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ընդդեմ «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության թիվ ԵՔԴ/0036/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը կրկնակի բռնագանձումը բացառելու համար արձանագրել է, որ այդ գործերի քննության ընթացքում անհրաժեշտ է գնահատել այն հանգամանքը, թե արդյոք վեճի առարկա` պետությանը վճարման ենթակա հարկային պարտավորությունների, ինչպես նաև տույժերի վերաբերյալ ՀՀ վարչական դատարանի կողմից կայացվել է բռնագանձման վճիռ, որը փաստացի կատարվել է (գումարը բռնագանձվել է տնտեսվարող սուբյեկտից): Նման դատական ակտի առկայությունը և այն կատարված լինելու հանգամանքն արգելք կհանդիսանա քաղաքացիական գործով հայցի բավարարման համար` անկախ կողմերի տարբերությունից, քանի որ սույն գործով վեճի առարկա` պետությանը պատճառված վնասները վարչական դատավարության կարգով քննվող գործի արդյունքում հատուցված լինելու պայմաններում սույն գործով ներկայացված պահանջը կդիտվի առարկայազուրկ, քանի որ կբացակայի պետությանը որևէ կերպ վնաս պատճառելու փաստը: Այսինքն` երկու տարբեր հայցերի դեպքում էլ նույն հիմքով առաջացած գումարները պետության օգտին կրկնակի բռնագանձելն ուղղակիորեն կենթադրի կրկնակի պատասխանատվություն կատարված արարքի համար: Այս առումով Վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված ապացուցման և ապացույցները գնահատելու կանոններին համապատասխան դատարանները պետք է հաշվի առնեն հարուցված քաղաքացիական գործերին զուգահեռ քննվող վարչական գործերի առկայության կամ բացակայության փաստը, գումարի բռնագանձման վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի առկայությունը, ինչպես նաև այդ ակտերի փաստացի կատարված լինելը (տե՛ս ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Վալենտինա Մկրտչյանի թիվ ԵԿԴ/3058/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
5.7. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կրկնակի բռնագանձումը բացառելու նպատակով գործի քննության ընթացքում դատարանները պարտավոր են գնահատել՝ արդյոք քրեական վարույթի շրջանակում կատարված վճարումը փաստացի ուղղված է հայցի հիմքում ընկած վնասի հատուցմանը, թե ոչ։ Անկախ նրանից՝ հատուցումը կատարվել է անձի նախաձեռնությամբ, թե դատարանի որոշմամբ, այն պետք է գնահատվի՝ ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված ապացուցման և ապացույցների գնահատման կանոններով։
5.8. Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
5.9. Սույն գործով վիճելի հարցը վերաբերում է շահութահարկի և ավելացված արժեքի հարկի գծով 10.343.000 ՀՀ դրամ պարտավորության գումարը վճարված լինելուն։ Սույն գործի փաստերի համաձայն՝ Ավետիս Դավիթի Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս որպես «Վինար» ՍՊԸ-ի տնօրեն հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալներ ներկայացնելով պետական բյուջե չի վճարել 2016 թվականի սեպտեմբեր ամսվա համար գոյացած 343.000 ՀՀ դրամ շահութահարկի և 10.000.000 ՀՀ դրամ ավելացված արժեքի հարկի գումարները։ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 07․06․2022 թվականի թիվ ԱՎԴ/0043/01/20 որոշմամբ քրեական գործի վարույթը կարճվել է վաղեմության ժամկետները լրացած լինելու հիմքով, իսկ քրեական գործով ներկայացված հայցադիմումը՝ 10.343.000 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին, թողնվել է առանց քննության՝ վերապահելով քաղաքացիական դատավարության կարգով հայց հարուցելու իրավունք։ Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ «Փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից կատարված լրացուցիչ դատահաշվապահական փորձաքննության 31․10․2019 թվականի թիվ 23311909 եզրակացության համաձայն՝ «Վինար» ՍՊԸ-ի տույժերով և տուգանքներով հանդերձ պետբյուջե լրացուցիչ վճարման ենթակա հարկային պարտավորությունների չափը կազմել է ընդամենը 42.003.491 ՀՀ դրամ, այդ թվում՝ շահութահարկ՝ 343.000 դրամ, ԱԱՀ՝ 10.000.000 դրամ, ընդամենը հարկեր՝ 10.343.000 դրամ, տույժեր՝ 15.432.006 դրամ, տուգանքներ՝ 16.228.485 դրամ, ընդամենը տույժեր և տուգանքներ՝ 31.660.491 ՀՀ դրամ: Նույն եզրակացությամբ արձանագրվել է, որ 24.12.2018-24.01.2019 թվականն ընկած ժամանակահատվածում հարկերի միասնական հաշվին «Վինար» ՍՊ ընկերության կողմից կատարվել է 21.885.000 ՀՀ դրամ գումարի չափով վճարում։
5.10. Վերաքննիչ դատարանի 04.08.2023 թվականի որոշմամբ Դատարանի 05.05.2023 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության՝ նաև պարզելու համար, թե 21.885.000 ՀՀ դրամի չափով կատարված վճարումը ո՞ր պարտավորության կատարմանն է ուղղվել։
ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության պետ Ա․ Հովսեփյանի կողմից Դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Վ․ Ռաֆայելյանին հասցեագրված գրությանը կից միասնական հաշվի քաղվածքի համաձայն՝ 01.01.2018-21.02.2023 թվականների միջակայքում կատարված 4 վճարումների ընդհանուր՝ 21.885.000 ՀՀ դրամից մարվել են՝ 2017 թվականի մարտի ավելացված արժեքի հարկը՝ 10․000․000 ՀՀ դրամի չափով, 2017 թվականի մարտի ավելացված արժեքի հարկը՝ 343․000 ՀՀ դրամի չափով, 2016 թվականի սեպտեմբերի ավելացված արժեքի հարկը՝ 1․000․000 ՀՀ դրամի չափով, 2017 թվականի մարտի ռեզիդենտի շահութահարկը՝ 34․300 ՀՀ դրամի չափով, 2016 թվականի հուլիսի ավելացված արժեքի հարկը՝ 36․319 ՀՀ դրամի չափով, 2016 թվականի հուլիսի ավելացված արժեքի հարկը՝ 3․189․382 ՀՀ դրամի չափով, 2016 թվականի մարտի ռեզիդենտի շահութահարկը՝ 7․281․999 ՀՀ դրամի չափով։
5․11․ Դատարանը հայցը մասնակի բավարարելով, պատճառաբանել է, որ «(․․․) 2016 թվականի համար պետբյուջե վճարման ենթակա շահութահարկի գումարը 343․000 ՀՀ դրամի չափով հատուցված չէ, ինչպես նաև հատուցված չէ 2016 թվականի սեպտեմբեր ամսվա համար պակաս հաշվարկված ու չվճարված ավելացված արժեքի հարկի 10․000․000 ՀՀ դրամից՝ 9․000․000 ՀՀ դրամը, քանի որ 1․000․000 ՀՀ դրամի չափով վնասը հատուցված է։ (․․․) Դատարանի մոտ կայուն համոզմունք են ձևավորել առ այն, որ հայցով՝ որպես պետությանը պատճառված վնաս, պատասխանողից պահանջվող 2016 թվականի համար պետբյուջե վճարման ենթակա շահութահարկի գումար՝ 343․000 ՀՀ դրամը վճարված/հատուցված չէ, 2016 թվականի սեպտեմբեր ամսվա համար պակաս հաշվարկված ու չվճարված ավելացված արժեքի հարկի 10․000․000 ՀՀ դրամից վճարված/հատուցված է 1․000․000 ՀՀ դրամը, և չվճարված/չհատուցված մնացորդը կազմում է 9․000․000 ՀՀ դրամ։
Ամփոփելով, Դատարանն եզրահանգում է, որ հայցը ենթակա է բավարարման մասնակի՝ 9․343․000 ՀՀ դրամի չափով»։
5․12․ Վերաքննիչ դատարանը, Ավետիս Դավիթի Գալստյանի վերաքննիչ բողոքը բավարարելով և Դատարանի վճիռը՝ հայցի բավարարմանը վերաբերող մասով բեկանել և այդ մասով փոփոխել՝ հայցը մերժել է պատճառաբանելով, որ «(․․․) արտապայմանագրային /դելիկտային/ պարտավորության կրող ֆիզիկական անձի կողմից պարտավորության պատշաճ կատարման փաստը կարող է հավաստվել այդ պարտավորության կատարմանն ուղղված թույլատրելի և վերաբերելի այնպիսի ապացույցներով, ինչպիսիք են այդ պարտավորության չափով գումարի վճարման անդորրագրերը: Ավելին, պատասխանողի կողմից համապատասխան վճարումները ուղղվել են հստակ նպատակի՝ «Ակտ-1012447, 12.07.2018թ., «ՎԻՆԱՐ» ՍՊԸ /ՀՎՀՀ00112595/շահութահարկ», «Ակտ-1012447, 12.07.2018թ., «ՎԻՆԱՐ» ՍՊԸ /ՀՎՀՀ00112595/ԱԱՀ», որպիսի նշագրումը բավարար է հանգելու այն ողջամիտ դատողության, որ պատասխանողի կողմից գումարը վճարվել է իրեն առաջադրված վնասի հատուցման նպատակով, և այդ գործողությունը կատարվել է քրեական գործի նախաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքի ծավալի շրջանակներում արձանագրված վնասի չափով (․․․)»:
5.13. Իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի (ուժի մեջ է մտել 30.05.1997 թվականին, ուժը կորցրել է 01.01.2018 թվականին) Հավելված 1-ի 3.2 կետի համաձայն՝ եթե վճարման փաստաթղթերում (անդորրագրում, վճարման հանձնարարականում) հարկ վճարողի կողմից նշված է, թե գումարը որ հարկային պարտավորության մարմանը պետք է ուղղվի (կատարվել է նպատակային վճարում), ապա պարտավորությունների և հաշվանցվող գումարների ժամանակագրական կարգով մարումը կատարվում է` հաշվի առնելով նպատակային վճարումը:
5.14. Վերոշարադրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պարտավորության առկայությունը գնահատելու համար անհրաժեշտ է պարզել պարտավորության առաջացման հիմքերը։
5.15. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերը հիշատակած որոշմամբ ամրագրվել է, որ չնայած քաղաքացիական պատասխանատվության ծագման պայմանները հանգամանքների բերումով կարող են որոշ դեպքերում համընկնել քրեական պատասխանատվության առաջացման պայմանների հետ, այդուհանդերձ քաղաքացիաիրավական հայցը պետք է լուծվի քաղաքացիական պարտավորական իրավունքի սկզբունքների հիման վրա, իսկ քրեական գործով իրականացված դատավարության արդյունքը որոշիչ չէ վնասի հատուցման վերաբերյալ գործով: Նշվածի հիմքով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցները պետք է համապատասխան գնահատականի արժանանան քաղաքացիաիրավական իրավունքի տեսակետից։
5.16. Սույն գործով ապացուցվել է, որ քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել է շահութահարկի և ավելացված արժեքի հարկի պարտավորության դիմաց վճարում։
5.17. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պարտավորության առկայության փաստի ապացուցման բեռը կրում է Հայցվոր կողմը, ուստի Հայցվորը պետք է ապացուցեր, որ առկա է 10․343․000 ՀՀ դրամ պարտավորություն և քրեական գործի քննության ընթացքում 21․885․000 ՀՀ դրամ պարտավորության գումարի վճարումը չի վերաբերում սույն գործով ներկայացված պահանջին։ ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության պետ Ա․ Հովսեփյանի կողմից Դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Վ․ Ռաֆայելյանին հասցեագրված գրությանը կից միասնական հաշվի քաղվածքը, ըստ որի՝ վճարված 21.885.000 ՀՀ դրամ գումարից մարվել են 2017 թվականի մարտի ավելացված արժեքի հարկը 10․000․000 ՀՀ դրամի չափով, 2017 թվականի մարտի շահութահարկը հարկը՝ 343․000 ՀՀ դրամի չափով, 2016 թվականի սեպտեմբերի ավելացված արժեքի հարկը՝ 1․000․000 ՀՀ դրամի չափով, 2017 թվականի մարտի ռեզիդենտի շահութահարկը՝ 34․300 ՀՀ դրամի չափով, 2016 թվականի հուլիսի ավելացված արժեքի հարկը՝ 36․319 ՀՀ դրամի չափով, 2016 թվականի հուլիսի ավելացված արժեքի հարկը՝ 3․189․382 ՀՀ դրամի չափով, 2016 թվականի մարտի ռեզիդենտի շահութահարկը՝ 7․281․999 ՀՀ դրամի չափով, չի կարող ապացուցել Պատասխանողի պարտավորության առկայությունը, քանի որ պարտավորության մարումը պետք է կատարվեր ժամանակագրական կարգով՝ հիմք ընդունելով վճարման նպատակը։ Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ 21․885․000 ՀՀ դրամի վճարումը կատարվել է քրեական գործի նախաքննության ընթացքում, անդորրագրերի նպատակը դաշտում նշվել է ստուգման ակտը, անդորրագրերը ներկայացվել են նախաքննության մարմնին, պարտավորության մարման կարգի և հաջորդականության վերաբերյալ փաստական և իրավական հիմնավորում չի ներկայացվել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կատարված վճարումը վերաբերում է սույն գործով ներկայացված պահանջին, ուստի արձանագրում է, որ վճարման անդորրագրերով հիմնավորվում է խնդրո առարկա պարտավորության կատարված լինելը։
5.18. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:
5.19. ՀՀ վճռաբեկ դատարանն, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա (տե՛ս «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը)։
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ ընդգծել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու նպատակով պետք է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատի գործում եղած բոլոր ապացույցները՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքվում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը կարող է համարվել պատշաճ կերպով պատճառաբանված միայն այն դեպքում, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման օբյեկտիվ հիմքերը (տե՛ս Արման Վարդազարյանի ընդդեմ Կարինե Վարդազարյանի թիվ ԵԱՔԴ/0598/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադառնալով դատարանի ներքին համոզմունքի իրավական վերլուծությանը, արձանագրել է, որ այն չպետք է մեկուսացված լինի գործի փաստական հանգամանքներից և դրանում առկա ապացույցներից, այլ օբյեկտիվորեն պետք է հիմնվի դրանց վրա և լինի գործի բազմակողմանի և օբյեկտիվ քննության արդյունք: Միայն այդ պարագայում դատական ակտը կարող է համարվել օրինական, համոզիչ և հեղինակավոր ոչ միայն դատարանի համար, այլև դատական պաշտպանության դիմած անձանց համար: Նշվածից հետևում է, որ դատական ակտի հիմքում չեն կարող դրվել այնպիսի փաստեր, որոնց վերաբերյալ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն չի իրականացվել (տե՛ս Զարուհի և Գայանե Այվազյաններն ընդդեմ Նաիրա Պետրոսյանի և Մարիա Այվազյանի թիվ ԵԿԴ/4379/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել ընդգծել, որ նախկին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածում և ներկայումս գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածում օրենսդիրը սահմանել է համանման ու հավասարազոր իրավական կարգավորումներ, որի պայմաններում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված վերը նշված իրավական դիրքորոշումները հավասարպես կիրառելի են նաև ներկայումս գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի նկատմամբ (տե'ս «Շանթ Պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ընդդեմ Վարշամ Ղարիբյանի թիվ ԵԱԴԴ/1438/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.06.2021 թվականի որոշումը):
5.20. Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի 22.03.2024 թվականի որոշումը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը հայցը մերժելով, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ:
5.21. Ելնելով վերոգրյալից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ վճռաբեկ բողոքը մերժելու և ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:
6. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ․
6.1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
6.2. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի համաձայն՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են դատախազության մարմինները՝ պետական շահերի պաշտպանության վերաբերյալ հայցերով։
6.3. Նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը 22.03.2024 թվականի որոշմամբ Ավետիս Դավիթի Գալստյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարել է, Դատարանի 03.11.2023 թվականի վճիռը՝ հայցի բավարարման վերաբերող մասով բեկանել, փոփոխել է՝ հայցը մերժել է, իսկ հայցի մերժմանը վերաբերող մասով, թողել է անփոփոխ, և սույն որոշմամբ Դատախազության վճռաբեկ բողոքը մերժվում է ու Վերաքննիչ դատարանի 22.03.2024 թվականի որոշումը թողնվում է օրինական ուժի մեջ, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել։ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 22.03.2024 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
3․ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
|
նախագահող |
Ա. Դավթյան |
|
զեկուցող |
Լ. Գրիգորյան |
|
Ա. Կուրեխան | |
|
Լ. Մելիքջանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|