ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոնդատարանի որոշում |
Հակակոռուպցիոն քաղաքացիական գործ թիվ ՀԿԴ/0007/02/22 2024 թ. |
|
Հակակոռուպցիոն քաղաքացիական գործ
թիվ ՀԿԴ/0007/02/22 |
| Նախագահող դատավոր՝ |
Դ. Հովհաննիսյան |
|
Դատավորներ՝ |
Ա. Ոսկանյան |
|
Գ. Հարությունյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
|
նախագահող |
Ա. Դավթյան |
|
զեկուցող |
Գ. Գյոզալյան |
|
Լ. Գրիգորյան | |
| Ա. Կուրեխյան | |
| Լ. Մելիքջանյան |
|
«27» նոյեմբերի ի 2024 թվական |
քաղաք Երևան |
գրավոր ընթացակարգով
քննելով ըստ ՀՀ գլխավոր դատախազության հայցի ընդդեմ Հասմիկ Ստեփանի Պողոսյանի, Վարդան Ոստանիկի Բարսեղյանի և Երջանիկ Վլադիմիրի Մուրադյանի՝ պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին, ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 29.02.2024 թվականի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
1.1. 01.04.2021 թվականին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ն. Ավետիսյան) վարույթ է ընդունել ՀՀ գլխավոր դատախազության հայցադիմումն ընդդեմ Հասմիկ Ստեփանի Պողոսյանի, Վարդան Ոստանիկի Բարսեղյանի և Երջանիկ Վլադիմիրի Մուրադյանի՝ պետությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին (քաղաքացիական գործին տրվել է թիվ ԵԴ/36205/02/20 համարը):
1.2. 12.09.2022 թվականին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել քաղաքացիական գործն ըստ ենթակայության հանձնելու մասին, որով որոշել է քաղաքացիական գործն ըստ ենթակայության հանձնել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) քննությանը:
1.3. 22.09.2022 թվականին Դատարանը (դատավոր` Ն. Ավագյան) որոշում է կայացրել քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ (Դատարանում գործին տրվել է նոր՝ թիվ ՀԿԴ/0007/02/22 համարը):
1.4. 14.06.2023 թվականին Դատարանը կայացրել է վճիռ, որով ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված հայցը բավարարել է մասնակի՝ Հասմիկ Ստեփանի Պողոսյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել է 25.252.200 ՀՀ դրամ՝ որպես պետությանը պատճառված վնաս: Մնացած պահանջների մասով հայցը մերժել է։
1.5. 13.07.2023 թվականին պատասխանող Հասմիկ Ստեփանի Պողոսյանը, փոստային ծառայության միջոցով, վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) կողմից 04.09.2023 թվականին ընդունվել է վարույթ:
1.6. 29.02.2024 թվականին Վերաքննիչ դատարանը որոշել է վերաքննիչ բողոքը բավարարել՝ Դատարանի 14.06.2023 թվականին կայացված վճիռը՝ հայցը մասնակի բավարարելու մասով բեկանել և փոփոխել հետևյալ կերպ. ՀՀ գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Հասմիկ Ստեփանի Պողոսյանի՝ հօգուտ պետական բյուջեի որպես պետությանը պատճառված վնաս 25.252.200 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, մերժել:
1.7. 01.04.2024 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը (այսուհետ նաև՝ Բողոքաբեր), փոստային ծառայության միջոցով, ներկայացրել է վճռաբեկ բողոք:
1.8. 05.04.2024 թվականին գործը հանձնվել է Վճռաբեկ դատարանի աշխատակազմին:
1.9. 02.05.2024 թվականի որոշմամբ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ։
1.10. 22․05.2024 թվականին Վարդան Ոստանիկի Բարսեղյանի ներկայացուցիչը, փոստային ծառայության միջոցով, ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան:
1.11. 03.06.2024 թվականին Հասմիկ Ստեփանի Պողոսյանի ներկայացուցիչը (այսուհետ նաև՝ Պատասխանող) ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան:
1.12. 12․06․2024 թվականին Երջանիկ Վլադիմիրի Մուրադյանը, փոստային ծառայության միջոցով, ներկայացրել է առանց ստորագրության «Պատասխան» վերտառությամբ փաստաթուղթ, որը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջին, ուստի Վճռաբեկ դատարանն այն քննության առարկա չի դարձնում։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
2․1․ Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով:
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 66-րդ հոդվածները։
Բողոքաբերը բողոքում ներկայացրել է հետևյալ փաստարկները.
2․2․ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի միատեսակ կիրառության համար, այն հարցի համատեքստում, թե արդյո՞ք Հասմիկ Ստեփանի Պողոսյանի կողմից՝ որպես նախարարի լիազորությունների չկատարման հետևանքով, ինչպես նաև պատասխանատու ստորաբաժանման լիազորությունը որևէ պաշտոնատար անձի կամ մարմնի վրա դրված չլինելու պայմաններում պայմանագրի կատարման նկատմամբ նախնական հսկողություն չիրականացնելու կամ այն ոչ պատշաճ իրականացնելու հետևանքով Հասմիկ Ստեփանի Պողոսյանի ոչ օրինաչափ վարքագծի և պատճառված վնասի միջև առկա պատճառահետևանքային կապը կարող էր ունենալ անմիջական, ուղղակի բնույթ:
2․3․ Նշելով, որ Վերաքննիչ դատարանը բողոքի բավարարման հիմքում դրել է այն պատճառաբանությունը, թե Հասմիկ Ստեփանի Պողոսյանի կողմից դրսևորված ոչ իրավաչափ վարքագծի և վնասի միջև առկա պատճառահետևանքային կապը ոչ անմիջական, երկրորդային բնույթ ունի, Բողոքաբերը եկել է այն եզրահանգման, որ Վերաքննիչ դատարանը խախտել է Օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջները, քանի որ հաշվի չի առել գործում առկա մի շարք հանգամանքներ, մասնավորապես, որ ՀՀ մշակույթի նախարարության և «Գուգարք» ՊՓԲԸ-ի միջև կնքվել է Քոբայրավանք ու Հնեվանք վանական համալիրներում վերականգնողական աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ պայմանագրեր և այդ պայմանագրերի կատարման պատշաճ վերահսկողությունը դրված էր Հասմիկ Ստեփանի Պողոսյանի վրա։ Այս հանգամանքների ոչ պատշաճ հետազոտումը բերել է նրան, որ խախտվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի պահանջները:
2․4․ Բողոքաբերը, վկայակոչելով ՀՀ վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներ, նշել է, որ Հասմիկ Ստեփանի Պողոսյանի ոչ իրավաչափ վարքագիծը դրսևորվել է նրա՝ որպես նախարարի լիազորությունների ոչ պատշաճ իրականացմամբ: Նման պայմաններում, թեև գումարները փոխանցվել են կողմերի միջև կնքված պայմանագրերի շրջանակներում, այդուհանդերձ ինքնին հանգամանքը, որ Հասմիկ Ստեփանի Պողոսյանը պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրի կատարման շրջանակներում պարբերաբար պայմանագրեր է կնքել և գումարներ է փոխանցել իր պարտավորությունները խախտումներով կատարող ընկերությանը, բավարար է Հասմիկ Ստեփանի Պողոսյանի այդ գործողությունները «Գուգարք» ՊՓԲԸ-ի տնօրեն Սամվել Հովսեփյանի գործողությունների հետ համակցությամբ գնահատել որպես վնաս պատճառելուց ծագող իրավահարաբերությունների շրջանակներում դրսևորած ոչ իրավաչափ վարքագիծ, որը հավասարապես փոխկապակցված կերպով նպաստել է վնասի առաջացմանը։ Այս տեսակետից արձանագրել է, որ Հասմիկ Ստեփանի Պողոսյանի ոչ իրավաչափ վարքագծի և առաջացած վնասի միջև առկա է պատճառահետևանքային կապ ու այդ կապն ուղղակի և անմիջական բնույթ է կրում:
2․5․ Վերոգրյալի հիման վրա Բողոքաբերը խնդրել է Վերաքննիչ դատարանի 29.02.2024 թվականի որոշումն ամբողջությամբ բեկանել և փոփոխել կամ ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի դատական ակտը` ամբողջությամբ օրինական ուժ տալով Դատարանի դատական ակտին:
3. Վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացրած անձանց դիրքորոշումները և հիմնավորումները.
3․1․ Վարդան Ոստանիկի Բարսեղյանի ներկայացուցիչ Սրբուհի Գորոյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան, որով հայտնել է, որ ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը Վարդան Ոստանիկի Բարսեղյանի մասով կայացրել են իրավաչափ դատական ակտեր։ Վարդան Ոստանիկի Բարսեղյանը ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնն ստանձնել է 17.04.2007 թվականից մինչև 14.06.2008 թվականն ընկած ժամանակահատվածը, հետևաբար հայցադիմումով վկայակոչված պայմանագրերն առհասարակ նրա պաշտոնավարման հետ որևէ առնչություն չեն ունեցել։
3․2․ Բացի այդ, սույն գործով չի ներկայացվել որևէ ապացույց այն մասին, որ Վարդան Ոստանիկի Բարսեղյանն ունեցել է «Հուշարձանների վերականգնման գծով պետական պատվեր» ծրագրի շրջանակներում ֆինանսական փաստաթղթեր ստորագրելու և (կամ) ստորագրված փաստաթղթերն ստուգելու լիազորություն և (կամ) պարտականություն։
3․3․ Վերոգրյալի հիման վրա գտել է, որ Դատարանը և Վերաքննիչ դատարանն իրավացիորեն եզրահանգել են այն հետևության, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման հանդիսացող՝ անձի ոչ օրինաչափ վարքագծի ու վնասների միջև պատճառահետևանքային կապը տվյալ դեպքում բացակայում է, ինչն էլ բավարար է արձանագրելու համար, որ վնասը ենթակա չէ հատուցման, և Բողոքաբերի բողոքը ենթակա է ամբողջությամբ մերժման։
3․4․ Պատասխանող Հասմիկ Ստեփանի Պողոսյանը, ներկայացնելով վճռաբեկ բողոքի պատասխան, վկայակոչել է ՀՀ կառավարության 11.09.2003 թվականի թիվ 1298-Ն Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին որոշման հավելված 1-ով սահմանված ՀՀ մշակույթի և երիտասարդության նախարարության կանոնադրությունը (այսուհետ՝ Կանոնադրություն) ու եկել է եզրահանգման, որ նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացրել է ինչպես նախարարը, այնպես էլ՝ ՀՀ կառավարությունը, իսկ անմիջական ղեկավարումն իրականացրել է աշխատակազմի ղեկավարը։
3․5․ Միաժամանակ նկատի ունենալով, որ աշխատակազմի ղեկավարն ունեցել է Կանոնադրության 40-րդ հոդվածով սահմանված հստակ լիազորություններ, ուստի վերջինս պարտավոր է եղել ղեկավարել աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրել է պատասխանատվություն։ Ավելին՝ վերջինս այլ իրավական ակտերով, հիմնադրի կանոնադրությամբ և նույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինել է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները։
3․6․ Պատասխանողը եկել է եզրահանգման, որ աշխատակազմի ղեկավարի վրա շատ հստակ դրված է եղել պարտականություն՝ ղեկավարել աշխատակազմի ընթացիկ գործունեությունը, տնօրինել ֆինանսական միջոցները, այդ թվում՝ Կանոնադրության 41-րդ կետի համաձայն՝ աշխատակազմի ղեկավարը պարտավոր է եղել չկատարել հիմնադրի, նախարարի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները։
3․7․ Հաջորդիվ, մեջբերելով Կանոնադրության 44-45-րդ կետերը, «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 9-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը՝ նշել է, որ նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը, 2006-2008 թվականների ժամանակահատվածում, հաշվետու է եղել աշխատակազմի ղեկավարին ու գործել է նախարարության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ, վերջինիս վրա դրված է եղել հստակ պարտականություն՝ հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար, այդ թվում՝ վերջինս «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ պարտավոր էր ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման և դրա հրապարակայնության ապահովման համար և պարտավոր է եղել ձեռնարկել օրենսդրությամբ սահմանված միջոցներ՝ ի թիվս այլոց միջոցների վատնումը, չնախատեսված ծախսերի կատարումը կանխելու համար։
3․8․ Նշել է նաև, որ ՀՀ կառավարության 27.12.2007 թվականի թիվ 1581-Ն որոշմամբ հաստատվել է նախարարության նոր կանոնադրությունը։ Նոր կանոնադրությամբ նախարարի և աշխատակազմի ղեկավարի լիազորություններն ու պարտականությունները գրեթե չեն փոփոխվել, սակայն նոր խմբագրությամբ կանոնադրությամբ սահմանվել է, որ կանոնադրությամբ գլխավոր ֆինանսիստին վերապահված լիազորությունները պետք է կատարի ֆինանսական վարչության պետը։ Ամփոփելով եկել է եզրահանգման, որ Կանոնադրության բոլոր խմբագրությունների ժամանակ Հասմիկ Ստեփանի Պողոսյանը չի ունեցել կոնկրետ որևէ լիազորություն պայմանագրերի պատշաճ կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու համար, վերջինիս վրա դրված չի եղել անձնապես վերահսկողություն իրականացնելու պարտականություն, վերջինս ելնելով նախարարության գործառույթների և ծրագրերի մեծամասշտաբ լինելու հանգամանքից, և առհասարակ նախարարության աստիճանակարգված կառավարման համակարգից, նախարարության աշխատանքի և գործառույթների ղեկավարումն ու հսկողությունը նախարարի կողմից իրականացվել է կոնկրետ հրամաններով, ցուցումներով, համապատասխան պաշտոնատար անձանց, բաժինների, ստորաբաժանումների, հատուկ առաքելությամբ կազմավորված հանձնաժողովների և այլ մարմինների ուժերով։
3․9․ Բացի վերը նշվածից, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Ստեփանի Պողոսյանը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 27.12.2001 թվականի թիվ 1267 որոշման «Գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգի» 14-րդ կետի պահանջներով, 20.12.2007 թվականի թիվ 834-Ա հրամանի համաձայն կազմավորել է «Տեխնիկական հսկողության հանձնաժողով», որի նախագահ է նշանակվել ՀՀ մշակույթի և երիտասարդության նախարարի խորհրդական Արեգ Հայրապետյանը։ Հանձնաժողովին վերապահվել են ՀՀ կառավարության 27.12.2001 թվականի թիվ 1267 որոշմամբ սահմանված պատվիրատուի պատասխանատու ստորաբաժանման լիազորությունները՝ ՀՀ կառավարության 13.12.2007 թվականի թիվ 1459-Ն որոշմամբ նախատեսված հատկացումների հաշվին գնումներ կատարելու գործընթացի մասով։ ՀՀ մշակույթի նախարարը 11.01.2008 թվականի թիվ 09-Ա հրամանի համաձայն՝ կազմավորել է «Տեխնիկական հսկողության հանձնաժողով» կրկին Արեգ Հայրապետյանի նախագահությամբ, որի վրա դրվել է 2008 թվականի բյուջեով նախատեսված հուշարձանների վերականգնման գծով պետական պատվերով իրականացվող գնումների պատվիրատուի պատասխանատու ստորաբաժանման լիազորությունները։
3․10․ Վերոգրյալից հետևում է, որ պատասխանատու ստորաբաժանմանը՝ ի դեմս նախագահ Արեգ Հայրապետյանի, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Ստեփանի Պողոսյանի կողմից վերապահված է եղել բյուջեից կատարված հատկացումների հաշվին հուշարձանների վերականգնման գծով ՀՀ մշակույթի նախարարության պետական պատվերի գնումների գործընթացի և դրա նկատմամբ վերահսկողության իրականացման պատասխանատվությունը, հետևաբար անհիմն է ՀՀ գլխավոր դատախազի այն պնդումը, որ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Ստեփանի Պողոսյանը կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում պարտավոր էր իրականացնել պատշաճ հսկողություն պայմանագրերի կատարման նկատմամբ։ Անտեսվել է նաև այն հանգամանքը, որ նախարարը պայմանագրի կատարման պատասխանատվությունը բարձրացնելու նպատակով ավելացրել է բանկային երաշխիք դրույթը, որն այն ժամանակ պարտադիր չի եղել։
3․11․ Մեջբերելով պատճառված վնասի համար պատասխանատվության պայմանների վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներ՝ Պատասխանողը գտել է, որ անհրաժեշտ 4 տարրերից պահպանված չեն 3-ը (առկա է միայն վնասի պայմանը)։
3․12․ Հայտնել է նաև, որ վնասն առաջացել է ոչ թե գումարի փոխանցման արդյունքում, այլ «Գուգարք» պետական ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Հովսեփյանի կողմից նշված գումարն ամբողջությամբ յուրացնելու արդյունքում, այսինքն՝ եթե Սամվել Հովսեփյանի կողմից նշված գումարները չյուրացվեին, ապա պետությանը որևէ վնաս չէր պատճառվի։
3․13․ Հետևաբար գտել է, որ իր կողմից 2008 թվականի բյուջեով նախատեսված հուշարձանների վերականգնման գծով պետական պատվերով իրականացվող գնումների իրականացումն ու վերահսկողությունը համապատասխան հրամաններով դրվել են հատուկ այդ նպատակով կազմավորված հանձնաժողովի վրա, իսկ մինչ այդ հարցը կարգավորվել է Կանոնադրությամբ, ինչն արդեն իսկ փաստում է, որ իր կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցներ` նախարարության առջև դրված խնդիրների պատշաճ կազմակերպման և կատարվող աշխատանքների վերահսկողության իրականացման համար։
3․14․ Դատարանների կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ պետությանը պատճառված 25.252.200 ՀՀ դրամ վնասի վերաբերյալ արդեն իսկ առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով փաստվել է, որ պետությանը պատճառված վնասը կատարվել է Սամվել Հովսեփյանի ոչ օրինաչափ վարքագիծ դրսևորելու և դրանով պետությանը վնաս պատճառելու հետևանքով։ Փաստորեն, տվյալ դեպքում ստացվում է, որ նույն հարցի վերաբերյալ կատարվում է կրկնակի քննություն, այսինքն՝ Դատարանի վճռով խախտվել է իրավական որոշակիության սկզբունքը։
3․15․ Տվյալ դեպքում միանշանակ է, որ Դատարանի վճիռն ուժի մեջ թողնելու դեպքում խախտվելու է իր՝ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով ամրագրված արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը հանդիսացող իրավական որոշակիության սկզբունքը, քանի որ ստացվում է, որ պետությանը պատճառված 25.252.200 ՀՀ դրամի վնասը թիվ ԼԴ/0193/01/10 քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով պետք է հատուցվեր (վերականգնվեր) Սամվել Հովսեփյանի կողմից, սակայն Դատարանի կողմից կայացված վճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում նշված վնասը պետք է հատուցվի նաև իր կողմից։ Ստացվում է, որ նույն վնասի մասով, միևնույն հարցի վերաբերյալ սույն քաղաքացիական գործով կատարվում է կրկնակի քննություն, այսինքն՝ առկա է լինելու նույն հարցի վերաբերյալ երկու կարծիք, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ իրավական որոշակիության սկզբունքի խախտում։
3․16․ Վերոգրյալի հիման վրա Հասմիկ Ստեփանի Պողոսյանը խնդրել է մերժել Վերաքննիչ դատարանի թիվ ՀԿԴ/0007/02/22 քաղաքացիական գործով 29.02.2024 թվականի որոշման դեմ Բողոքաբերի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը։
4. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
4․1․ ՀՀ նախագահի 08.06.2007 թվականի 147-Ա և 17.04.2008 թվականի 78-Ա հրամանագրերով Հասմիկ Ստեփանի Պողոսյանը նշանակվել է ՀՀ մշակույթի նախարար (հատոր 9, գ.թ. 49-50, հատոր 2, գ.թ. 29):
4․2․ 29.06.2007 թվականին ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության (որպես պատվիրատու) և «Գուգարք» ՓԲԸ-ի (որպես կատարող) միջև Քոբայրավանք վանական համալիրում վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար «Հուշարձանների վերականգնում ծրագրով» կնքվել է թիվ ՀՀ ՄԵՀՆ-ԱՇՁԲ-11 պայմանագիրը (հատոր 2, գ.թ. 39-43):
4․3․ 18.12.2007 թվականին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Ստեփանի Պողոսյանը թիվ 02/3146 գրությամբ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վ.Խաչատրյանին խնդրել է վերջինիս համաձայնությունը, ի թիվս այլնի, թիվ ՀՀ ՄԵՀՆ-ԱՇՁԲ-11 պայմանագրում կատարել փոփոխություններ, մասնավորապես՝ պայմանագրով սահմանված ժամկետները երկարացնել մինչև 2008 թվականի հուլիսի 1-ը, պայմանագրերում սահմանված գումարները կատարողներին վճարել 100% կանխավճար, պայմանագրերի կատարման ապահովման նպատակով կիրառել բանկային երաշխիքի ներկայացման, դրամական դեպոզիտի վճարման և օրենսդրությամբ սահմանված այլ միջոցներ (հատոր 4, գ.թ. 80):
4․4․ 20.12.2007 թվականին ՀՀ մշակույթի նախարարության և «Գուգարք» ՓԲԸ-ի միջև կնքվել է Պայմանագրում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր, որով թիվ ՀՀ ՄԵՀՆ-ԱՇՁԲ-11 պայմանագրում կատարվել են լրացումներ և փոփոխություններ (հատոր 1, գ.թ. 39):
4․5․ 02.07.2007 թվականի թիվ 7070200576499, 26.12.2007 թվականի թիվ 7122600750670 և 30.12.2007 թվականի թիվ 7123000761864 վճարման հանձնարարագրերի համաձայն՝ ՀՀ մշակույթի նախարարության կողմից «Գուգարք» ՓԲԸ-ին Քոբայր համալիրի վերականգնման աշխատանքների համար թիվ ՀՀ ՄԵՀՆ-ԱՇՁԲ-11 պայմանագրի շրջանակներում փոխանցվել է համապատասխանաբար 24.550.000 ՀՀ դրամ, 8.198.635 ՀՀ դրամ, 16.351.365 ՀՀ դրամ (հատոր 3, գ.թ. 4, 11-12):
4․6․ 28.12.2007 թվականին ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վ.Խաչատրյանը թիվ 4/4-Ե-3-13919 գրությամբ պատասխանել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Ստեփանի Պողոսյանի 18․12․2007 թվականի թիվ 02/3146 գրությանը, որով առարկություններ չի հայտնել թիվ ՀՀ ՄԵՀՆ-ԱՇՁԲ-11 պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ (հատոր 4, գ.թ. 79):
4․7․ 10.07.2008 թվականին ՀՀ մշակույթի նախարարության (որպես պատվիրատու)՝ ի դեմս նախարարության կանոնադրության հիման վրա գործող նախարար Հ. Պողոսյանի և «Գուգարք» ՓԲԸ-ի (որպես կատարող) միջև Քոբայրավանք վանական համալիրում վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար «Հուշարձանների վերականգնում ծրագրով» կնքվել է թիվ ՀՀ ՄԵՀՆ-ԱՇՁԲ-43 պայմանագիրը (հատոր 2, գ.թ. 57-64):
4․8․ 28.08.2008 թվականին ՀՀ մշակույթի նախարարության և «Գուգարք» ՓԲԸ-ի միջև կնքվել է Պայմանագրում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր, որով 10.07.2008 թվականին կնքված թիվ ՀՀ ՄԵՀՆ-ԱՇՁԲ-43 պայմանագրում կատարվել են լրացումներ և փոփոխություններ (հատոր 2, գ.թ. 67):
4․9․ 16.07.2008 թվականի թիվ 62 և 30.12.2008 թվականի թիվ 161 վճարման հանձնարարագրերի համաձայն՝ ՀՀ մշակույթի նախարարության կողմից «Գուգարք» ՓԲԸ-ին Քոբայր համալիրի վերականգնման աշխատանքների համար թիվ ՀՀ ՄԵՀՆ-ԱՇՁԲ-43 պայմանագրի շրջանակներում փոխանցվել է համապատասխանաբար 8.000.000 ՀՀ դրամ, 19.062.000 ՀՀ դրամ (հատոր 2, գ.թ. 133-134):
4․10․ Թիվ ԼԴ/0193/01/10 քրեական գործի շրջանակներում իրականացվել է թիվ Հմ՝ 12-4630 կրկնակի դատահաշվապահական, շինարարատեխնիկական և ապրանքագիտական համալիր փորձաքննությունը, որով արձանագրվել է, որ ՀՀ մշակույթի նախարարության կողմից «Գուգարք» ՓԲ ընկերությանն ավել վճարված գումարը կազմում է 25.252.200 դրամ (հատոր 3, գ.թ. 77-135):
4․11․ 03.11.2015 թվականին թիվ ԼԴ/0193/01/10 քրեական գործով կայացված դատավճռով Սամվել Անդրանիկի Հովսեփյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նույն դատավճռով քաղաքացիական հայցը բավարարվել է մասնակի և Սամվել Անդրանիկի Հովսեփյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձվել է 52.909.057 դրամ, որից հարկեր՝ 27.281.100 դրամ, որպես յուրացրած գումար՝ 25.627.957 դրամ (հատոր 3, գ.թ. 68):
4․12․ 17.12.2019 թվականին ՀԿԳ ավագ քննիչ Կ. Գրիգորյանը կայացրել է «Թիվ 61202808 քրեական գործով քրեական հետապնդում չիրականացնելու և գործով վարույթը կարճելու մասին» որոշում, որով որոշվել է թիվ 61202808 քրեական գործով Հասմիկ Ստեփանի Պողոսյանի, Վարդան Ոստանիկի Բարսեղյանի և Երջանիկ Վլադիմիրի Մուրադյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնել, քրեական գործով վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Նշված որոշմամբ արձանագրվել է, որ. «(…) հիշյալ պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու արդյունքում էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ ՀՀ պետական բյուջեից «Գուգարք» ընկերությանն անհիմն ավել գումարներ են փոխանցվել, պատշաճ հսկողություն չի իրականացվել դրանց նպատակային օգտագործման համար, բանկային երաշխիք չի կիրառվել, որից օգտվելով, Սամվել Հովսեփյանը 2006-2008թթ. պետական բյուջեի միջոցներից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 25.252.200 դրամ» (հատոր 3, գ.թ. 31-43):
5. Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
5․1․ Վճռաբեկ դատարանը նախ արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է Օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի միատեսակ կիրառության համար հետևյալ իրավական հարցադրման շրջանակում՝ պետական բարձրաստիճան պաշտոնատար անձը, ով ունի պետական ինքնիշխանության որոշակի չափաբաժին և ումից պետությունը հատուկ հավատարմություն և վստահություն պահանջելու իրավաչափ շահագրգռվածություն ունի, արդյո՞ք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի հիման վրա պատասխանատվություն է կրում իր պաշտոնեական գործառույթների իրականացման արդյունքում կայացված որոշման (գործողության կամ անգործության) արդյունքում առաջացած վնասի համար, եթե չի ապացուցում, որ ցուցաբերել է անհրաժեշտ հոգատարություն և շրջահայացություն, որպեսզի նման վնաս չպատճառվեր կամ վնասը կպատճառվեր, եթե անգամ ցուցաբերվեր նման հոգատարություն և շրջահայացություն։
Հաջորդիվ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ սույն գործը քննում է բացառապես վճռաբեկ բողոքի սահմաններում՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ստորադաս դատական ակտերը բողոքարկվել են մասնակի՝ միայն պատասխանող Հասմիկ Ստեփանի Պողոսյանի մասով։
5․2․ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է` վնասներ հատուցելով:
5․3․ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նաև ոչ նյութական վնասը:
5․4․ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
5․5․ Վնասի հատուցման ինստիտուտի հետ կապված Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր մի շարք որոշումներում հետևողականորեն մեկնաբանել և զարգացրել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 10-րդ կետը, 17-րդ հոդվածի 2-րդ մասը և 1058-րդ հոդվածը: Այս համատեքստում անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նմանատիպ գործերով ապացուցման առարկա են կազմում իրավական նշանակություն ունեցող հետևյալ փաստերը.
- ոչ օրինաչափ վարքագիծը (գործողություն կամ անգործություն),
- վնաս պատճառող անձի առկայությունը,
- պատճառված վնասի առկայությունը,
- վնաս պատճառող անձի մեղքի առկայությունը,
- պատճառահետևանքային կապը ոչ օրինաչափ գործողության կամ անգործության և պատճառված վնասի միջև (տե՛ս ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Արթուր Մարդանյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՏԴ/0041/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
5․6․ Օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից և գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը:
Նախկինում կայացրած որոշմամբ Վճռաբեկ դատարանը նշել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման հանդիսացող տարրերից վնաս կրած անձի մոտ իրական կամ բաց թողնված օգուտի տեսքով վնասների առկայության, վնաս պատճառողի մոտ ոչ օրինաչափ վարքագծի առկայության, վնասների և ենթադրյալ վնաս պատճառող անձի ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի առկայության հանգամանքների ապացուցման բեռը կրում է վնաս կրած անձը, իսկ պատճառված վնասի հարցում իր մեղքի բացակայության հանգամանքի ապացուցման պարտականությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կանխավարկածի հիմքով կրում է ենթադրյալ վնաս պատճառած անձը (տե՛ս «Էքսոլթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ընդդեմ «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության թիվ ԵՔԴ/0036/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի որոշումը):
5․7․ Նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ վերահաստատելով իր իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել առավել մանրամասն անդրադառնալ պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին: Ըստ այդմ նշելով, որ վնասը քաղաքացիական շրջանառության մասնակցի` օրենքով պահպանվող իրավունքների խախտման դեպքում վրա հասնող անբարենպաստ, բացասական հետևանքն է:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածից հետևում է, որ վնասը կարող է արտահայտվել չնախատեսված լրացուցիչ ծախսեր կատարելով կամ այդպիսի ծախսերի կատարման անհրաժեշտությամբ, գույքի կորստով կամ վնասվածքով, եկամուտների չստացմամբ (բաց թողնված օգուտ):
Հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծն այն գործողությունը կամ անգործությունն է, որը խախտում է օրենքի, այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նաև անձի սուբյեկտիվ իրավունքը:
Գործողությունն անձի նպատակաուղղված, կամային արարքն է, իսկ անգործությունն արտահայտվում է անհրաժեշտ և պարտադիր վարքագիծ դրսևորելուց ձեռնպահ մնալով:
Ոչ օրինաչափ վարքագծի և վնասի միջև պատճառահետևանքային կապը ենթադրում է, որ վնասը պետք է հանդիսանա ոչ օրինաչափ վարքագծի ուղղակի, անմիջական հետևանք: Այն դեպքում, երբ վնասն անհրաժեշտաբար թելադրված չէ ոչ օրինաչափ գործողությամբ (անգործությամբ), կամ գործողության (անգործության) և վնասի միջև կապն անուղղակի է, վնասի հատուցման համար անհրաժեշտ պատճառահետևանքային կապի պայմանն առկա չէ:
Վնաս պատճառող անձի մեղքը նրա սուբյեկտիվ վերաբերմունքն է իր ոչ օրինաչափ գործողության (անգործության) և առաջացած հետևանքի` վնասի նկատմամբ, ինչը կարող է դրսևորվել թե՛ դիտավորության, և թե՛ անզգուշության ձևով (տե՛ս Նելլի Մկրտչյանն ընդդեմ «Երևան հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության թիվ ԵԿԴ/2600/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշումը):
5․8․ ՀՀ վճռաբեկ դատարանը միաժամանակ ընդգծել է, որ քաղաքացիական իրավահարաբերություններում մեղքն արտահայտվում է անձի վերաբերմունքով ոչ միայն իր արարքի, այլև դրա հետևանքների նկատմամբ: Այսինքն` զուտ հակաիրավական արարք թույլ տալու փաստը դեռևս չի վկայում անձի մոտ մեղքի առկայության մասին, ուստի դատարանները նշված հանգամանքը գնահատելիս նաև պետք է պարզեն այդպիսի արարք թույլ տված անձի վերաբերմունքը հնարավոր բացասական հետևանքների նկատմամբ: Եթե դիտավորության դեպքում վնաս պատճառած անձը ցանկանում է կամ անտարբերությամբ թույլ է տալիս իր հակաիրավական արարքի հետևանքների առաջացումը, ապա անզգուշության պարագայում անձը, մի դեպքում կանխատեսելով իր վարքի բացասական հետևանքները, առանց բավարար հիմքերի կարծում է, թե դրանք կկանխվեն, կամ մեկ այլ դեպքում` ընդհանրապես չի կանխատեսում իր արարքի հետևանքները, չնայած պարտավոր էր կանխատեսել: Ըստ այդմ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն դեպքում, երբ անձը հակաիրավական գործողությունների կատարումից (կամ անգործության դրսևորումից) հետո մինչև բացասական հետևանքների վրա հասնելը պատշաճ կերպով ձեռնարկում է պատճառվելիք վնասը կանխելու ուղղությամբ օբյեկտիվորեն հնարավոր, անհրաժեշտ և իրենից կախված բոլոր միջոցները, ապա տվյալ իրավիճակում կարող է հավաստել ենթադրաբար վնաս պատճառած անձի մեղքի բացակայությունը: Հետևաբար, ենթադրյալ վնաս պատճառած անձի կողմից ձեռնարկված համապատասխան միջոցների վերաբերյալ ապացույցների առկայությունը, որոնք վկայում են նաև նման պայմաններում իրենից պահանջվող պատշաճ չափով հոգատարության և շրջահայացության դրսևորման փաստի մասին, կարող է հիմք հանդիսանալ տվյալ անձին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունից ազատելու համար (տե՛ս «Բի Լայն» ՍՊԸ-ն ընդդեմ Արտակ Զաքարյանի թիվ ԵԿԴ/2128/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):
5․9․ Oրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:
5․10․ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացրած որոշումներից մեկում արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունն ու փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա (տե՛ս «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
5․11․ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ ընդգծել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու նպատակով պետք է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատի գործում եղած բոլոր ապացույցները՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ու բավարարության տեսանկյունից: Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքվում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը կարող է համարվել պատշաճ կերպով պատճառաբանված միայն այն դեպքում, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման օբյեկտիվ հիմքերը (տե՛ս Արման Վարդազարյանի ընդդեմ Կարինե Վարդազարյանի թիվ ԵԱՔԴ/0598/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):
5․12․ Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադառնալով դատարանի ներքին համոզմունքի իրավական վերլուծությանը, արձանագրել է, որ այն չպետք է մեկուսացված լինի գործի փաստական հանգամանքներից և դրանում առկա ապացույցներից, այլ օբյեկտիվորեն պետք է հիմնվի դրանց վրա և լինի գործի բազմակողմանի ու օբյեկտիվ քննության արդյունք: Միայն այդ պարագայում դատական ակտը կարող է համարվել օրինական, համոզիչ և հեղինակավոր ոչ միայն դատարանի համար, այլև դատական պաշտպանության դիմած անձանց համար: Նշվածից հետևում է, որ դատական ակտի հիմքում չեն կարող դրվել այնպիսի փաստեր, որոնց վերաբերյալ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն չի իրականացվել (տե՛ս Զարուհի և Գայանե Այվազյաններն ընդդեմ Նաիրա Պետրոսյանի և Մարիա Այվազյանի թիվ ԵԿԴ/4379/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):
5․13․ ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել ընդգծել, որ նախկին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածում և ներկայումս գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածում օրենսդիրը սահմանել է համանման ու հավասարազոր իրավական կարգավորումներ, որի պայմաններում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված վերը նշված իրավական դիրքորոշումները հավասարապես կիրառելի են նաև ներկայումս գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի նկատմամբ (տե'ս «Շանթ Պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ընդդեմ Վարշամ Ղարիբյանի թիվ ԵԱԴԴ/1438/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.06.2021 թվականի որոշումը):
5․14․ Վերահաստատելով վերը վկայակոչված դիրքորոշումները՝ հաջորդիվ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձի՝ նախարարի, իր պաշտոնեական դիրքից բխող, կայացված որոշումների արդյունքում առաջացած վնասի հատուցման իրավահարաբերություններին՝ հիմքում ունենալով այն հանգամանքը, որ վեճի առարկան կապված է պետական իշխանության իրականացման արդյունքում առաջացած հնարավոր վնասին:
5․15․ Պետական կառավարման համակարգի մարմինները, ի թիվս այլնի, իրենց վերապահված լիազորությունների սահմաններում իրականացնում են Կառավարության քաղաքականությունը, որի արդյունավետությունը պայմանավորված է նաև Կառավարությանը ենթակա պետական կառավարման համակարգի մարմինների և պաշտոնատար անձանց գործունեության նկատմամբ արդյունավետ կառավարման և վերահսկողական գործիքակազմի առկայությամբ (տե՛ս Սահմանադրական դատարանի 27.02.2024 թվականի թիվ ՍԴՈ-1716 որոշումը, էջ 19-20):
5․16․ Քաղաքացիական ծառայողի և պետության միջև աշխատանքային հարաբերություններն ավանդաբար սահմանվում են որպես գործադիր իշխանության նկատմամբ վստահության և հավատարմության վրա հիմնված հարաբերություններ այնքան ժամանակ, քանի դեռ առկա է պետության աշխատակիցների կողմից պետական քաղաքականություն իրականացնելու պահանջ (տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (Առաջին բաժանմունք) Ալվինա Գյուլումյանը և այլք ընդդեմ Հայաստանի, գանգատ թիվ 25240/20 գործով 21.11.2023 թվականի որոշման 71-րդ կետը): Այս տեսակետից ակնհայտ է, որ նախարարը որպես գործադիր իշխանության ներկայացուցիչ (Սահմանադրության 85-րդ հոդված (1995 թվականի և 2005 թվականի խմբագրություններով), 147-րդ հոդված (2015 թվականի խմբագրությամբ)) պետության հետ գտնվում է հատուկ վստահության և հավատարմության վրա հիմնված հարաբերության մեջ, որի հիման վրա իրականացնում է այն ոլորտի քաղաքականությունը, որի համար պատասխանատու է:
5․17․ Վճռաբեկ դատարանն ընդունելով հանդերձ, որ նախարարն իր վրա դրված պարտականություններն իրականացնում է տարբեր մարմինների և աշխատակիցների միջոցով, այդուհանդերձ ընդգծում է, որ վստահության ու հավատարմության վրա հիմնված հարաբերություններում նախարարն իր պաշտոնեական լիազորություններն իրականացնելու ընթացքում պետք է գործի այնպես, որ առավելագույնս հոգատարություն և շրջահայացություն ցուցաբերի իր ընտրության նկատմամբ (Culpa in eligendo), որի արդյունքում այս կամ այն կերպ կարող է վնաս պատճառվել լայն իմաստով հանրային միջոցներին: Այս տեսակետից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի իմաստով նախարարը պատասխանատվություն է կրում իր «վատ ընտրության» արդյունքում առաջացած վնասի համար, եթե վերը նշված փաստերով պայմանավորված (տե՛ս վերը՝ 5.5.-րդ կետը)՝ որպես իր մեղքը ժխտող փաստարկ չի ապացուցում, որ նա ցուցաբերել է անհրաժեշտ հոգատարություն և շրջահայացություն, որպեսզի նման վնաս չպատճառվեր կամ վնասը կպատճառվեր, եթե անգամ նա ցուցաբերեր նման հոգատարություն և շրջահայացություն (տե՛ս վերը՝ 5.8.-րդ կետը): Այլ կերպ ասած, վստահության և հավատարմության վրա հիմնված հարաբերություններում գործադիր իշխանության ներկայացուցիչ՝ նախարարի, իր պաշտոնեական լիազորություններն իրականացնելու ընթացքում «վատ ընտրության» հետևանքով պատճառված վնասը վերաբերվում է ոչ թե մեկ կամ մի քանի անձի, այլ հանրությանը լայն իմաստով, ուստի այս տեսակետից նախարարը չի կարող ազատվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածով սահմանված վնասը հատուցելու պարտավորությունից՝ հիմնվելով միայն այն հանգամանքի վրա, որ համապատասխան գործառույթները կատարել են կամ պարտավոր էին կատարել իրեն ստորադաս մարմիններն ու անձինք: Ասվածի լույսի ներքո պետք է նշել, որ նախարարն ունի բավարար գործիքակազմ ազդելու իրեն ենթակա մարմինների ու աշխատակիցների վարքագծի վրա և կաշկանդված է իր իսկ ընտրությամբ: Նախարարի հոգատար ընտրություն կատարելու հիմքը (պայմանագրեր կնքելը, աշխատակիցների ընտրությունը և այլն) պետք է հանդիսանա այն իրողությունը, որ խոսքը գնում է հանրային միջոցների մասին և հանրային միջոցներին պատճառված վնասը շատ ավելի մեծ վնասակար ազդեցություն է ունենում ինչպես քաղաքացիական շրջանառության, այնպես էլ պետական իշխանության իրականացման վրա: Այս տեսակետից է, որ հանրային պաշտոն զբաղեցնող նախարարը, գործ ունենալով հանրային միջոցների հետ, իր պաշտոնեական լիազորություններն իրականացնելիս պետք է ցուցաբերի բավարար հոգատարություն և շրջահայացություն, որպեսզի վնաս չպատճառվի հանրային միջոցներին, իսկ նման վնաս պատճառվելու դեպքում պետք է ապացուցի իր բավարար չափով հոգատար ու շրջահայաց գործելու փաստը՝ որպես իր մեղքի բացակայության հանգամանք: Այլ կերպ ասած, բոլոր այն դեպքերում, երբ ակնհայտ է, որ հանրային միջոցները չեն ծառայելու այն նպատակին, որին ուղղված են, ապա պաշտոնատար անձինք պետք է զերծ մնան այնպիսի քայլեր ձեռնարկելուց, որի արդյունքում կարող է վտանգի տակ դրվել հանրային միջոցները։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
5․18․ Գործի փաստերից հետևում է, որ ՀՀ նախագահի 08.06.2007 թվականի 147-Ա և 17.04.2008 թվականի 78-Ա հրամանագրերով Հասմիկ Ստեփանի Պողոսյանը նշանակվել է ՀՀ մշակույթի նախարար: ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության (որպես պատվիրատու)՝ ի դեմս նախարարության կանոնադրության հիման վրա գործող նախարար Հ. Պողոսյանի և «Գուգարք» ՓԲԸ-ի (որպես կատարող) միջև Քոբայրավանք վանական համալիրում վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար «Հուշարձանների վերականգնում ծրագրով» 29.06.2007 թվականին կնքվել է թիվ ՀՀ ՄԵՀՆ-ԱՇՁԲ-11, իսկ 10.07.2008 թվականին կնքվել է թիվ ՀՀ ՄԵՀՆ-ԱՇՁԲ-43 պայմանագրերը:
Պայմանագրերի 8-րդ կետերի համաձայն՝ պայմանագրերի գինը՝ աշխատանքների կատարման ընդհանուր արժեքը համապատասխանաբար կազմել է 49.100.000 ՀՀ դրամ և 10.062.000 ՀՀ դրամ (տե՛ս վերը՝ 4.1.-4.2.-րդ և 4.7.-րդ կետերը)։
5․19․ 18.12.2007 թվականին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Ստեփանի Պողոսյանը թիվ 02/3146 գրությամբ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վ.Խաչատրյանին հայտնել է. «2007 թվականի բյուջետային միջոցների հաշվին հուշարձանների վերականգնման նպատակով կնքված պայմանագրերի կատարման ընթացքում առաջացել է անհրաժեշտություն որոշ չափով փոփոխել այդ պայմանագրերով պատվիրատուի կողմից սահմանված աշխատանքների տեսակները և ծավալները, ինչի հետևանքով հնարավոր չէ 2007 թվականին ամբողջությամբ ավարտել թիվ ՀՀ ՄԵՀՆ-ԱՇՁԲ 2, 6, 7, 9, 11, 12 և 13 պայմանագրերի կատարումը: Հաշվի առնելով նշվածը, հուշարձանների վերականգնման աշխատանքների յուրահատուկ բնույթը (դրանց ընթացքում գրեթե մշտապես բացահայտվում են հուշարձանների նոր առանձնահատկություններ և ճշգրտվում ու լրացվում են վերականգնման նախագծերը), ինչպես նաև վերականգնման աշխատանքների որակի վրա բնակլիմայական պայմանների անբարենպաստ ազդեցությունը բացառելու նատակով խնդրում ենք Ձեր համաձայնությունը այդ պայմանագրերում ստորև թվարկված փոփոխությունները կատարելու համար.
. պայմանագրերով սահմանված ժամկետները երկարացնել մինչև 2008 թվականի հուլիսի 1-ը,
. պայմանագրերում սահմանված գումարները կատարողներին վճարել 100% կանխավճար,
. պայմանագրերի կատարման ապահովման նպատակով կիրառել բանկային երաշխիքի ներկայացման, դրամական դեպոզիտի վճարման և օրենսդրությամբ սահմանված այլ միջոցներ:
Խնդրում ենք այդ կապակցությամբ հայտնել Ձեր դիրքորոշումը» (տե՛ս վերը՝ 4.3.-րդ կետը):
5․20․ 20.12.2007 թվականին ՀՀ մշակույթի նախարարության և «Գուգարք» ՓԲԸ-ի միջև կնքվել է Պայմանագրում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր, որով թիվ ՀՀ ՄԵՀՆ-ԱՇՁԲ-11 պայմանագրում կատարվել են լրացումներ և փոփոխություններ՝ սահմանվելով, որ պայմանագրի 8-րդ կետի վերջում գրվում են. «որն ամբողջությամբ փոխանցվում է կատարողին որպես կանխավճար սույն պայմանագրի հավելված 6-ում նշված ժամկետներում: Կատարողը պարտավոր է այդ գումարն ամբողջությամբ ստանալու պահից 10 բանկային օրվա ընթացքում պատվիրատուին ներկայացնել կատարողի հաշվարկային հաշիվը սպասարկող բանկի կողմից սույն պայմանագրի պահանջները պայմանագրում նշված ժամկետում կատարողի կողմից ամբողջ ծավալով և պատշաճ կատարման (ներառյալ սույն պայմանագրով սահմանված տուգանքների վճարման) 15.000.000 դրամ գումարի չափով բանկային երաշխիք (…)» (տե՛ս վերը՝ 4.4.-րդ կետը):
5․21․ Վերը՝ 5.20.-րդ կետում նշված պայմանագրի փոփոխումից հետո համապատասխանաբար դրա հիման վրա 26.12.2007 թվականին որոշակի գումար փոխանցելուց հետո (տե՛ս վերը` 4․5․-րդ կետը) 28.12.2007 թվականին ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վ.Խաչատրյանը թիվ 4/4-Ե-3-13919 գրությամբ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Ստեփանի Պողոսյանին հայտնել է. «Ձեր 18.12.2007 թվականի թիվ 02/3146 գրությամբ ներկայացված՝ ՀՀ 2007 թվականի պետական բյուջեով ՀՀ մշակույթի նախարարության գծով նախատեսված հուշարձանների վերականգնման աշխատանքների գնման համար կնքված պայմանագրերի ժամկետները մինչև 2008 թվականի հուլիսի 1-ը երկարացնելու և իրականացվելիք աշխատանքների համար վճարման ենթակա գումարները բանկային երաշխիքի դիմաց կապալառու կազմակերպություններին, որպես կանխավճար հատկացնելու խնդրի վերաբերյալ մեր իրավասությունների շրջանակներում դիտողություններ չունենք» (տե՛ս վերը՝ 4.6.-րդ կետը):
5․22․ 28.08.2008 թվականին կնքված Պայմանագրում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրի 1-ին կետով սահմանվել է, որ պայմանագրի 8-րդ կետում 10.062.000 բառերը փոխարինվում են 27.445.421 բառերով, իսկ 3-րդ կետով սահմանվել է, որ պայմանագրի 9-րդ կետում 8.000.000 բառերը փոխարինվում են 23.000.000 բառերով (տե՛ս վերը՝ 4.8.-րդ կետը)։
5․23․ 26.12.2007 թվականին և 30.12.2007 թվականին ՀՀ մշակույթի նախարարության կողմից «Գուգարք» ՓԲԸ-ին թիվ ՀՀ ՄԵՀՆ-ԱՇՁԲ-11 պայմանագրի շրջանակներում փոխանցվել է համապատասխանաբար՝ 8.198.635 ՀՀ դրամ ու 16.351.365 ՀՀ դրամ, իսկ 16.07.2008 թվականին և 30.12.2008 թվականին թիվ ՀՀ ՄԵՀՆ-ԱՇՁԲ-43 պայմանագրի շրջանակներում փոխանցվել է համապատասխանաբար՝ 8.000.000 ՀՀ դրամ ու 19.062.000 ՀՀ դրամ (տե՛ս վերը՝ 4.5.-4.9.-րդ կետերը):
5․24․ 03.11.2015 թվականին թիվ ԼԴ/0193/01/10 քրեական գործով կայացված դատավճռով Սամվել Անդրանիկի Հովսեփյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նույն դատավճռով քաղաքացիական հայցը բավարարվել է մասնակի և Սամվել Անդրանիկի Հովսեփյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձվել է 52.909.057 դրամ, որից հարկեր՝ 27.281.100 դրամ, որպես յուրացրած գումար՝ 25.627.957 դրամ (տե՛ս վերը՝ 4.11.-րդ կետը):
5․25․ Թիվ ԼԴ/0193/01/10 քրեական գործի շրջանակներում իրականացված թիվ Հմ՝ 12-4630 կրկնակի դատահաշվապահական, շինարարատեխնիկական և ապրանքագիտական համալիր փորձաքննությամբ արձանագրվել է, որ վերջնական արդյունքում ՀՀ մշակույթի նախարարության կողմից «Գուգարք» ՓԲԸ-ին ավել վճարված գումարը կազմում է 25.252.200 ՀՀ դրամ, որը ձևավորվել է հետևյալ կերպ՝ Հնեվանքի համար՝ -64.100 ՀՀ դրամ, իսկ Քոբայրավանքի համար՝ 25.316.300 ՀՀ դրամ, ընդամենը կազմել է 25.252.200 ՀՀ դրամ:
Նույն փորձագիտական եզրակացության մեջ նշվել է նաև, որ 30.03.2009 թվականին ՀՀ մշակույթի և երիատասարդության հարցերի նախարարության ու «Գուգարք» ՓԲԸ-ի միջև կնքվել է մնացորդի վերաբերյալ փոխադարձ հաշվարկների ակտ, ըստ որի՝ «Գուգարք» ՓԲԸ-ի պարտքը կազմել է 84.503.300 ՀՀ դրամ, որն առաջացել է 2007-2008 թվականների ընթացքում (տե՛ս վերը՝ 4.10.-րդ կետը):
5․26․ 17.12.2019 թվականին ՀԿԳ ավագ քննիչ Կ. Գրիգորյանի կողմից կայացված «Թիվ 61202808 քրեական գործով քրեական հետապնդում չիրականացնելու և գործով վարույթը կարճելու մասին» որոշմամբ որոշվել է Հասմիկ Ստեփանի Պողոսյանի, Վարդան Ոստանիկի Բարսեղյանի, Երջանիկ Վլադիմիրի Մուրադյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել և քրեական գործով վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցնելու հիմքով (տե՛ս վերը՝ 4.12.-րդ կետը):
5․27․ Նման ապացույցների առկայության պայմաններում Դատարանն առաջնային անդրադառնալով վնասի առկայության հարցին, մեջբերելով թիվ ԼԴ/0193/01/10 քրեական գործով 03.11.2015 թվականի դատավճռով հաստատված փաստերը և քրեական գործի շրջանակներում կատարված կրկնակի փորձաքննության եզրակացությամբ նշված տվյալները՝ արձանագրել է, որ․ «պետությանը պատճառված վնասը դրսևորվել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից «Գուգարք» ՊՓԲԸ-ին 25.252.200 ՀՀ դրամ ավել վճարված գումարով և Սամվել Հովսեփյանի կողմից յուրացնելով»: Նշել է նաև, որ վնասի առկայությունը հաստատվում է այն հանգամանքով, որ թիվ ԼԴ4/0060/04/16 սնանկության գործով 2016 թվականի օգոստոսի 04-ին կայացված վճռով Սամվել Հովսեփյանը ճանաչվել է սնանկ և փաստացի պետությանը պատճառված վնասը չի վերականգնվել, որը հերքող ապացույցներ կողմերը չեն ներկայացրել։ Արդյունքում եզրահանգել է, որ․ «վնասի առկայությունը հաստատվում է այն հանգամանքով, որ Սամվել Հովսեփյանը դատարանի վճռով սնանկ է ճանաչվել և փաստացի պետությանը պատճառված վնասը չի վերականգնվել»:
5․28․ Վերաքննիչ դատարանը բողոքի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ ՀՀ մշակույթի նախարարության և «Գուգարք» ՊՓԲԸ-ի միջև առկա են եղել կնքված աշխատանքների գնման պայմանագրեր, որոնցով նախատեսված գումարներն էլ փաստացի պատվիրատուի կողմից փոխանցվել են կատարողին: Վերաքննիչ դատարանը նշել է, որ այն պայմաններում, երբ որպես վնաս Դատարանը դիտարկել է «Գուգարք» ՊՓԲ ընկերության տնօրեն Սամվել Հովսեփյանի կողմից 25.252.200 ՀՀ դրամ գումարի յուրացումը, որը վերջինիցս հնարավոր չի եղել բռնագանձել, պետք է պարզել, թե արդյո՞ք այդ վնասի և պատասխանող Հասմիկ Ստեփանի Պողոսյանի ենթադրյալ ոչ իրավաչափ վարքագծի միջև առկա է պատճառահետևանքային կապ: Արդյունքում, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ պայմանագրերի կնքումը չէ, որ հանգեցրել է 25.252.200 ՀՀ դրամի չափով վնասին, այլ «Գուգարք» ՊՓԲ ընկերության տնօրենի ոչ իրավաչափ վարքագծի արդյունքում է նշված չափով գումարը հափշտակվել և արդյունքում պետությանը վնաս պատճառվել: Հետևաբար անգամ եթե նախարարի՝ որպես նախարարության ընթացիկ գործունեությունը ղեկավարողի, նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար պատասխանատուի, նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ վերահսկողություն իրականացնողի լիազորությունների շրջանակների հաշվառմամբ ոչ իրավաչափ դիտարկվի «Գուգարք» ՊՓԲ ընկերության հետ պայմանագրերի կնքումը, ապա նշվածի և վնասի միջև ուղիղ պատճառահետևանքային կապ առկա չէ: Այսինքն՝ պայմանագրերի կնքումն անխուսափելիորեն չի հանգեցրել վնասի առաջացմանը: Արդյունքում, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման հանդիսացող՝ անձի ոչ օրինաչափ վարքագծի և վնասների միջև պատճառահետևանքային կապը տվյալ դեպքում բացակայում է, ինչն էլ բավարար է արձանագրելու համար, որ վնասը ենթակա չէ հատուցման:
5․29․ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները պետությանը պատճառված վնասը նույնացրել են Սամվել Հովսեփյանի կողմից յուրացված գումարի հետ, որի վերաբերյալ արդեն իսկ առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որպիսի պայմաններում եկել են սխալ եզրահանգումների: Այնինչ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետությանը պատճառված ենթադրյալ վնասը ենթակա էր պարզման, որը կարող էր առաջանալ ՀՀ մշակույթի նախարարության և «Գուգարք» ՊՓԲԸ-ի միջև կնքված աշխատանքների գնման պայմանագրերով նախատեսված գումարները փաստացի պատվիրատուի կողմից կատարողին փոխանցվելու, այսինքն՝ պետության տիրապետումից փաստացի դուրս գալու պահից (տե՛ս վերը՝ 5.17.-րդ կետը)՝ մինչև Սամվել Հովսեփյանի կողմից այդ գումարները յուրացնելը կամ անկախ դրանք յուրացնելու հանգամանքից։
5․30․ Վերոնշյալ փաստերի առկայության պայմաններում գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն չի իրականացվել, ամբողջությամբ չի պարզվել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը, չեն գնահատվել գործում եղած բոլոր ապացույցները, ստորադաս դատարանների ներքին համոզմունքը մեկուսացված է եղել գործի փաստական հանգամանքներից:
5․31․ Մասնավորապես՝ պատշաճ չեն գնահատվել պայմանագրերը և համաձայնագրերը (ո՞ր պայմանագրի(երի), համաձայնագրի(երի) շրջանակներում է առաջացել հնարավոր վնասը), (տե՛ս վերը՝ 4.2.-րդ, 4․4․-րդ, 4.7.-4․8․-րդ կետերը) կրկնակի դատահաշվապահական, շինարարատեխնիկական և ապրանքագիտական համալիր փորձաքննության եզրակացությունը (Քոբայրավանքո՞վ, թե Հնեվանքո՞վ է առաջացել հնարավոր վնասը) (տե՛ս վերը՝ 4.10.-րդ կետը)։ Պատշաճ չեն գնահատվել նաև թիվ 61202808 քրեական գործով (տե՛ս վերը՝ 4․12․-րդ կետը) վկաների հարցաքննության և առերեսումների արձանագրությունները (տե՛ս հատոր 3, գ.թ. 19-27, հատոր 9, գ.թ. 9-14, գ.թ. 30-48, գ.թ. 76-89), ըստ որի՝ վկա Երջանիկ Վլադիմիր Մուրադյանը քննիչի այն հարցին, թե առանց պայմանագրերում նշված պայմաններին ծանոթ լինելու և այն ձեռքի տակ չունենալով ինչո՞ւ է կատարել ֆինանսական գործարքը, վերջինս պատասխանել է, որ այդ մասին բազմաթիվ անգամ զեկուցել է նախարարին, սակայն որևէ արդյունքի չի հասել և նախարարի կողմից ցուցում է տրվել գործարքները կատարելու: Վերջինս հայտնել է նաև, որ նախորդ տարվա պարտքերի վերաբերյալ ինքն անընդհատ զեկուցել է նախարարին և հայտնել է Արեգ Հայրապետյանին, սակայն ինչպես նախարարի, այնպես էլ Ա․ Հայրապետյանի կողմից ստացել է պատասխան, որ եթե կա պայմանագիր, ապա ինքը պետք է դրանք կատարի։ Իր հերթին վկա Արեգ Հայրապետյանն իր ցուցմունքում հայտնել է, որ նախարարը տեղեկացված է եղել, որ «Գուգարք» ընկերությունը կատարում է իր աշխատանքներն ուշացումներով։
5․32․ Ասվածի լույսի ներքո (տե՛ս վերը՝ 5.5.-5․8․-րդ, 5.14.-5․17․-րդ կետերը) պարզման ենթակա էր այն հարցը, թե արդյո՞ք նախարար Հասմիկ Ստեփանի Պողոսյանը տեղեկացված է եղել «Գուգարք» ՊՓԲԸ-ի կողմից աշխատանքները չկատարելու կամ ուշացումներով կատարելու վերաբերյալ, որից կարող էր ողջամտորեն ենթադրել, որ այդ ընկերությանը հետայսու փոխանցված գումարները չեն ծառայելու իրենց նպատակին, սակայն շարունակել է հանձնարարել կատարելու փոխանցումներ՝ դրանով իսկ վնաս հասցնելով պետությանը։ Արդյո՞ք նման իրավիճակում նախարար Հասմիկ Ստեփանի Պողոսյանը ձեռնարկել է օբյեկտիվորեն հնարավոր, անհրաժեշտ և իրենից կախված բոլոր ողջամիտ միջոցները կնքված պայմանագրերով ու համաձայնագրերով սահմանված պայմաններն իրագործելու համար, որի պայմաններում վնաս չէր հասցվի կամ նվազ վնաս կհասցվեր պետությանը, ինչպես նաև որքա՞ն է կազմում պետությանը պատճառված վնասը։
5․33․ Նման պայմաններում վերը նշված վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով սույն գործով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն չիրականացնելու պարագայում չէր կարող իրավաչափ հետևության հանգել պահանջի հիմնավորվածության վերաբերյալ: Իր հերթին Վերաքննիչ դատարանը վնասը նույնացնելով Սամվել Հովսեփյանի կողմից յուրացված գումարի հետ եկել է սխալ եզրահանգման առ այն, որ անմիջական կապ առկա չէ Հասմիկ Ստեփանի Պողոսյանի կողմից կնքված պայմանագրերի կնքման, գումարների փոխանցման և Սամվել Հովսեփյանի կողմից գումարի յուրացման միջև, այնինչ Վերաքննիչ դատարանը պետք է քննության առարկա դարձներ Հասմիկ Ստեփանի Պողոսյանի այն գործողությունը (անգործությունը), որը ենթադրաբար կարող էր առաջացնել անմիջական վնասը (տե՛ս վերը՝ 5․17․-րդ կետը)։
5․34․ Համակարգային վերլուծության ենթարկելով վերը նշված իրավական նորմերը և դիրքորոշումները, հիմք ընդունելով ողջ վերը նշվածը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առկա է սույն գործի նոր քննության անհրաժեշտություն՝ վերը նշված հանգամանքները սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում պարզելու և գնահատելու համար (տե՛ս վերը՝ 5․31․-5․33․-րդ կետերը):
5․35․ Անդրադառնալով պատասխանող Հասմիկ Ստեփանի Պողոսյանի բողոքի պատասխանում նշված փաստարկներին (տե՛ս վերը՝ 3.4.-3.11.-րդ, 3.13.-րդ կետերը)` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերը նշված պատճառաբանություններով (տե՛ս վերը՝ 5.14.-5.17.-րդ կետերը) հերքվում են բողոքաբերի փաստարկները՝ նկատի ունենալով, որ նախարարը չի կարող ազատվել ենթադրյալ վնասը հատուցելու պարտավորությունից` հիմնվելով միայն այն հանգամանքի վրա, որ համապատասխան գործառույթները կատարել են կամ պարտավոր էին կատարել իրեն ստորադաս մարմիններն ու անձինք:
5․36․ Ինչ վերաբերում է Հասմիկ Ստեփանի Պողոսյանի բողոքի պատասխանում նշված փաստարկներին (տե՛ս վերը՝ 3.12.-րդ, 3.14.-3.15.-րդ կետերը), արդեն իսկ վերը նշված 5.29.-րդ և 5.32.-րդ կետերում արձանագրվել է, որ վնասը չպետք է նույնացվի Սամվել Հովսեփյանի կողմից յուրացված գումարի հետ և այն ենթակա է պարզման գործի նոր քննության ընթացքում:
5․37․ Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ Վերաքննիչ դատարանի 29.02.2024 թվականի որոշումը բեկանելու համար:
5․38․ Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում կիրառման է ենթակա Օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2‑րդ կետի ուժով Վերաքննիչ դատարանի 29.02.2024 թվականի որոշումը բեկանելու և գործը համապատասխան ստորադաս՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ սույն որոշմամբ սահմանված ծավալով նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը:
6. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
6․1․ Օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
6․2․ Օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
6․3․ Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
6․4․ Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության արդյունքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 29.02.2024 թվականի որոշումը բեկանել և գործը՝ ըստ ՀՀ գլխավոր դատախազության հայցի ընդդեմ Հասմիկ Ստեփանի Պողոսյանի՝ հօգուտ պետական բյուջեի որպես պետությանը պատճառված վնաս 25.252.200 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասով, ուղարկել ՀՀ հակակոռուպցիոն դատարան` սույն որոշմամբ սահմանված ծավալով նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ա. Դավթյան զեկուցող Գ. Գյոզալյան Լ. Գրիգորյան
Ա. Կուրեխյան
Լ. Մելիքջանյան
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|