ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոնդատարանի որոշում |
Հակակոռուպցիոն քաղաքացիական գործ թիվ ՀԿԴ/0025/02/22 2 2026 թ. |
|
Հակակոռուպցիոն քաղաքացիական գործ
թիվ ՀԿԴ/0025/02/22 |
| Նախագահող դատավոր՝ |
Գ. Հարությունյան |
|
Դատավորներ՝ |
Ա. Ոսկանյան |
|
Գ. Թորոսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով
|
նախագահող |
Ա. Դավթյան |
|
զեկուցող |
Գ. Գյոզալյան |
|
Լ. Գրիգորյան | |
| Ա. Կուրեխյան | |
| Լ. Մելիքջանյան |
|
«15» ապրիլի 2026թ. |
քաղաք Երևան |
գրավոր ընթացակարգով քննելով ըստ ՀՀ գլխավոր դատախազության հայցի ընդդեմ Կարապետ Մուրադի Գուլոյանի, Ռոզա Գագիկի Ծառուկյանի, երրորդ անձինք՝ «Աբովյան Սիթի» ՍՊԸ-ի և «Բելգլաս» ՍՊԸ-ի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին, հակակոռուպցիոն քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 18.02.2025 թվականի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության ու Կարապետ Մուրադի Գուլոյանի և Ռոզա Գագիկի Ծառուկյանի կողմից բերված վճռաբեկ բողոքները,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
1․1․ 12.10.2022 թվականին ՀՀ գլխավոր դատախազությունը (այսուհետ նաև՝ Հայցվոր) հայցադիմում է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարան (այսուհետ նաև՝ Դատարան) ընդդեմ Կարապետ Մուրադի Գուլոյանի, Ռոզա Գագիկի Ծառուկյանի (այսուհետ նաև՝ Պատասխանողներ)՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին։
1․2․ 14.10.2022 թվականի որոշմամբ Դատարանը (դատավոր՝ Ն. Ավագյան) հայցադիմումն ընդունել է վարույթ։
1․3․ 22.11.2022 թվականին Հայցվորը ներկայացրել է հայցի հիմքի և առարկայի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միջնորդություն, որը Դատարանը 20.12.2022 թվականի արձանագրային որոշմամբ բավարարել է։
1․4․ 23.02.2023 թվականին Դատարանը, բավարարելով Հայցվորի միջնորդությունները, որոշել է «Աբովյան Սիթի» ՍՊԸ-ին և «Բելգլաս» ՍՊԸ-ին ներգրավել՝ որպես ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք։
1․5․ 01.07.2024 թվականին Դատարանը կայացրել է վճիռ, որով հայցը բավարարել է մասնակի: Դատարանը վճռել է. «(...) 2.1. Կարապետ Մուրադի Գուլոյանից և Ռոզա Գագիկի Ծառուկյանից որպես ապօրինի ծագում ունեցող գույքեր հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել.
§ ▪▪ ▪▪▪▪▪▪▪ ▪▪▪▪▪ ▪▪▪▪▪ ▪▪▪▪▪ ▪. ▪▪▪▪ ▪▪▪▪▪▪▪▪ ▪▪-▪▪ ▪▪▪▪▪▪ ▪▪▪ ▪ ▪▪▪▪▪▪ (▪▪-▪▪▪-▪▪▪-▪▪▪1 կադաստրային ծածկագրով) անշարժ գույքի 9.177/10.000 մասը,
§ ▪▪-▪▪▪-▪▪▪-▪▪▪▪2 կադաստրային ծածկագրով ▪▪ ▪▪▪▪▪▪▪ ▪▪▪▪▪ ▪▪▪▪▪▪▪▪ ▪▪▪▪▪▪▪▪ ▪▪▪▪▪▪▪▪▪▪▪ ▪▪▪▪▪▪ ▪▪/▪3 հողամասն ամբողջությամբ,
§ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲ ընկերության 2.000 հատ բաժնետոմսերը,
§ 2021 թվականին «Բելգլաս» ՍՊԸ-ին տրամադրված 294.900 ԱՄՆ դոլար փոխառության չվերադարձված մասի՝ 264.000 ԱՄՆ դոլարի պահանջի իրավունքը:
2.2. Կարապետ Մուրադի Գուլոյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել.
§ 934.000 ՀՀ դրամ՝ որպես «ԷԼԵԿՏՐԱՄՈՆՏԱԺ» ԲԲ ընկերության` 2019 թվականին ձեռք բերված 267 բաժնետոմսերը ձեռք բերելու արժեք,
§ 1.227.490.966 ՀՀ դրամ՝ որպես Կարապետ Գուլոյանի օրինական եկամուտներով չհիմնավորվող ծախս, որն ունի ապօրինի ծագում, 2007-2022 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել,
§ 58.120.147 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար:
3. Մնացած մասերով ներկայացված հայցը մերժել։ (...)»։
1․6․ 30.07.2024 թվականին Հայցվորը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը 19.08.2024 թվականին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) ընդունել է վարույթ։
1․7․ 31.07.2024 թվականին Պատասխանողների ներկայացուցիչը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը 10.09.2024 թվականին Վերաքննիչ դատարանն ընդունել է վարույթ։
1․8․ 18.02.2025 թվականին Վերաքննիչ դատարանը կայացրել է որոշում, որով որոշել է. «1. Պատասխանողներ Կարապետ Գուլոյանի և Ռոզա Ծառուկյանի և հայցվոր ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքները բավարարել մասնակիորեն։
ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 01.07.2024 թվականի թիվ ՀԿԴ/0025/02/22 վճիռը՝
1.1 հայցը բավարարելու,
1.2 ▪▪ ▪▪▪▪▪▪▪ ▪▪▪▪▪ ▪▪▪▪▪▪▪▪ ▪▪▪▪▪▪▪▪ ▪▪▪▪▪▪▪▪▪▪▪ ▪▪▪▪▪, ▪▪4 հասցեի անշարժ գույքը Ռոզա Ծառուկյանի և Կարապետ Գուլոյանի համատեղ սեփականություն ճանաչելու և Կարապետ Գուլոյանից և Ռոզա Ծառուկյանից նշված գույքն ամբողջությամբ բռնագանձելու, իսկ անհնարինության դեպքում՝ գույքի շուկայական արժեքը՝ 242.800.000 ՀՀ դրամ բռնագանձելու,
- 2016 թվականին տրամադրված 548.025,25 ԱՄՆ դոլար փոխառության չվերադարձված մասի պահանջի իրավունքը, իսկ անհնարինության դեպքում՝ Կարապետ Գուլոյանից տրամադրված փոխառության չվերադարձված մասի չափով գումար՝ 548.025,25 դոլար (անհնարինության դեպքում՝ դրան համարժեք 263.229.584 ՀՀ դրամ) բռնագանձելու պահանջները մերժելու
մասերով բեկանել և գործն այդ մասերով ուղարկել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության:
ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 01.07.2024 թվականի թիվ ՀԿԴ/0025/02/22 վճռի՝ մնացած մասով հայցը մերժելու մասը թողնել անփոփոխ։ (...)»:
1․9․ 19.03.2025 թվականին Հայցվորը ներկայացրել է վճռաբեկ բողոք։
1․10․ 20.03.2025 թվականին Պատասխանողների ներկայացուցիչը ներկայացրել է վճռաբեկ բողոք։
1․11․ 27.03.2025 թվականին գործը հանձնվել է Վճռաբեկ դատարանի աշխատակազմին։
1․12․ 16.04.2025 թվականին Վճռաբեկ դատարանը կայացրել է «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումներ, որոնցով վճռաբեկ բողոքները վերադարձվել են և սահմանվել են որոշումներն ստանալու պահից հնգօրյա ժամկետ` վճռաբեկ բողոքներում առկա թերությունները շտկելու ու վճռաբեկ բողոքները կրկին ներկայացնելու համար:
1․13․ 22.04.2025 թվականին Հայցվորը կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք։
1․14․ 28.04.2025 թվականին Պատասխանողների ներկայացուցիչը կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք՝ չշտկելով Վճռաբեկ դատարանի մատնանշած թերությունները։
1․15․ 21.05.2025 թվականի որոշմամբ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքներն ընդունել է վարույթ։
1․16․ 06.06.2025 թվականին Հայցվորը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան։
1․17․ Պատասխանողները վճռաբեկ բողոքի պատասխաններ չեն ներկայացրել։
2. Հայցվորի և Պատասխանողների վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
2․1․ Հայցվորի վճռաբեկ բողոքի հիմքերն ու հիմնավորումները հանգում են հետևյալին՝
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 365-րդ, 378-րդ և 379-րդ հոդվածների կարգավորումները, չի կիրառել Oրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված լիազորությունը՝ այդ լիազորության չկիրառման համար տալով սխալ մեկնաբանություն։
Հայցվորը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով։
2․2․ Վերաքննիչ դատարանը խախտել է Oրենսգրքի 365-րդ և 379-րդ հոդվածների կարգավորումները՝ դուրս է եկել վերաքննության սահմաններից և, թեև ոչ ուղղակիորեն, սակայն, ըստ էության, հիմնավորել է անվերապահ բեկանման հիմքի առկայությունը, չնայած նրան, որ սույն գործով այդպիսի հիմք առկա չի եղել: Անհասկանալի է, թե ինչ հիմքով է Վերաքննիչ դատարանը եզրահանգել, որ Պատասխանողների վերաքննիչ բողոքի հիմքերից ու հիմնավորումներից հետևում է, որ Մուրադ Արամի Գուլոյանի ցուցմունքի մասով փաստարկները վերաբերում են կանխիկացված 4.111.583,29 ԱՄՆ դոլարից 2.855.000 ԱՄՆ դոլարը Կարապետ Մուրադի Գուլոյանին տրված լինելու փաստին, այն պարագայում, երբ Պատասխանողները վերաքննիչ բողոքի հիմքերում և հիմնավորումներում նշել են, որ Դատարանի պատճառաբանությունները վերաբերել են Մուրադ Արամի Գուլոյանի կողմից Կարապետ Մուրադի Գուլոյանին գումար (ընդհանրապես գումար, ոչ թե կոնկրետ 2.855.000 ԱՄՆ դոլարը) տրամադրված լինելուն: Այսինքն՝ Պատասխանող կողմն իր վերաքննիչ բողոքի հիմքերում և հիմնավորումներում ոչ միայն որևէ անդրադարձ չի կատարել 2.855.000 ԱՄՆ դոլարը Մուրադ Արամի Գուլոյանի կողմից Կարապետ Մուրադի Գուլոյանին փոխանցված լինելու փաստի հաստատման ուղղությամբ Դատարանի կողմից որևէ ապացույց չգնահատելուն, այլև վերաքննիչ բողոքի հիմքերում և հիմնավորումներում չի նշել անգամ, որ վկաների ցուցմունքները բավարար և արժանահավատ չդիտելը, ըստ վերաքննիչ բողոքի, վերաբերում է հենց 2.855.000 ԱՄՆ դոլար գումարին և ոչ թե՝ առհասարակ Մուրադ Արամի Գուլոյանի կողմից Կարապետ Մուրադի Գուլոյանին գումարներ տրամադրելու փաստին։ Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը, քննարկման առարկա դարձնելով վերաքննիչ բողոքի հիմքերում և հիմնավորումներում բացակայող հանգամանք, արհեստականորեն ստեղծել է այդ հարցին անդրադարձ կատարելու հիմքեր:
2․3․ Պատասխանողների վերաքննիչ բողոքում նույնիսկ նշում չի եղել այն մասին, որ Դատարանը սխալ դատական ակտ է կայացրել, քանի որ առհասարակ չի գնահատել վկաների ցուցմունքները՝ այդ կերպ հանգեցնելով Մուրադ Արամի Գուլոյանի կողմից Կարապետ Մուրադի Գուլոյանին 2.855.000 ԱՄՆ դոլար փոխանցված լինելու փաստը հաստատված չհամարելուն, փոխարենը վերաքննիչ բողոքում նշվել է, որ սխալ դատական ակտի կայացմանը հանգեցրել է ապացույցները բավարար և արժանահավատ չդիտելը: Այսինքն՝ վերաքննիչ բողոքը վերաբերվել է ապացույցների սխալ գնահատմանը, ոչ թե` չգնահատմանը, որոնք դատական ակտի վերանայման միանգամայն տարբեր հիմքեր են: Բացի այդ, Պատասխանողների վերաքննիչ բողոքում բացակայել է վկաների ցուցմունքները գնահատված չլինելու վերաբերյալ այնպիսի հիմք, որի հիման վրա Վերաքննիչ դատարանը կարող էր իրականացնել դատական ակտի վերանայում և հանգել նման եզրակացության, ինչը նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է վերաքննիչ բողոքի հիմքերով ու հիմնավորումներով սահմանափակված լինելու առանցքային սկզբունքը:
2․4․ Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել անվերապահ բեկանման հիմքը, մասնավորապես՝ դատական ակտում պատճառաբանական մասի բացակայության վերաբերյալ օրենսդրության պահանջը՝ այդ հիմքով դուրս գալով վերաքննության սահմաններից։ Վերաքննիչ դատարանը, գիտակցելով անվերապահ բեկանման այդ հիմքի բացակայությունը, փորձել է վերաքննիչ բողոքի հիմքերից և հիմնավորումներից դուրս գալը հիմնավորել Դատարանի կայացրած դատական ակտում այս կամ այն հարցի վերաբերյալ պատճառաբանություն չլինելու հանգամանքով՝ այդ հանգամանքը, կարծես, նույնացնելով Oրենսգրքով նախատեսված անվերապահ բեկանման հիմքի՝ դատական ակտի պատճառաբանական մաս չունենալու հետ։ Մինչդեռ, եթե նույնիսկ Վերաքննիչ դատարանը համարել է, որ առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում չի պատճառաբանել որևէ հարց, ապա դա չի կարող հանդիսանալ դատական ակտի անվերապահ բեկանման հիմք, քանի որ Դատարանի վճիռն ունի պատճառաբանական մաս: Այլ կերպ ասած՝ պետք է փաստել, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել վերաքննիչ բողոքի հիմքերից և հիմնավորումներից, ինչի համար առկա չի եղել սահմանափակ վերաքննության սկզբունքից բացառություն հանդիսացող՝ Օրենսգրքով սահմանված հիմքերից որևէ մեկը:
2․5․ Վերաքննիչ դատարանի մեկնաբանությունները հակասում են ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից 10.12.2020 թվականին թիվ ԵՄԴ/0848/02/13 գործով կայացված որոշման այն մեկնաբանությանը, որ դատական ակտի պատճառաբանական մաս չունենալու հիմքը, անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից, կարող է հանդիսանալ դատական ակտի անվերապահ բեկանման հիմք միայն այն դեպքում, երբ դատական ակտը զուրկ է պատճառաբանական մասից, այսինքն՝ այն իսպառ բացակայում է, իսկ այն դեպքում, երբ դատական ակտում առկա է պատճառաբանական մաս, սակայն այն կամ դրա մի մասը չի համապատասխանում Օրենսգրքով սահմանված վճռի պատճառաբանական մասին վերաբերվող կանոններին, ապա այն չի կարող համարվել պատճառաբանական մաս չունեցող դատական ակտ։
2․6․ Վերաքննիչ դատարանը հիմնվել է այն ապացույցների վրա, որոնք ներկայացված չեն եղել առաջին ատյանի դատարան, ինչով խախտել է Օրենսգրքի 378-րդ հոդվածի կարգավորումները: Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանը, հիմնվելով Պատասխանողների ներկայացրած վերաքննիչ բողոքում նշված այն հանգամանքի վրա, որ 2.855.000 ԱՄՆ դոլարը Կարապետ Մուրադի Գուլոյանին տրված լինելու փաստը հաստատվել է Կարապետ Մուրադի Գուլոյանի և Ա․ Բ․ Ա․-ի5 ցուցմունքներով, այնուհետև, դրա հիման վրա եզրահանգելով, որ Դատարանը որևէ կերպ չի անդրադարձել այս ցուցմունքների թույլատրելիությանը, արժանահավատությանը, ապա նաև փաստի հաստատման համար գործում առկա բոլոր ապացույցների բավարարությանը, անտեսել է այն հանգամանքը, որ կոնկրետ 2.855.000 ԱՄՆ դոլար Մուրադ Արամի Գուլոյանի կողմից Կարապետ Մուրադի Գուլոյանին տրված լինելու փաստը հաստատող այլ ապացույցներ (բացի կանխիկացման կտրոններից, որոնց առաջին ատյանի դատարանն անդրադարձել է), այդ թվում՝ վկաների ցուցմունքներ, սույն գործում բացակայում են:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ թեև Պատասխանող կողմը ներկայացրել էր Կարապետ Մուրադի Գուլոյանին որպես վկա հարցաքննելու միջնորդություն, սակայն Կարապետ Մուրադի Գուլոյանն ընդամենը մեկ անգամ է ներկայացել դատական նիստի, որի ընթացքում վերջինս որպես գործին մասնակցող անձ է իր դիրքորոշումը ներկայացրել։ Հետևաբար, ակնհայտ է, որ Դատարանի կողմից որևէ խախտում թույլ չի տրվել Կարապետ Մուրադի Գուլոյանի ցուցմունքը գնահատելու կամ չգնահատելու հարցում, քանի որ դատավարական իմաստով ցուցմունք առկա չի եղել։
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Ա․ Բ․ Ա․-ն6 իր ցուցմունքում ոչ թե տեղեկություններ է հայտնել կոնկրետ 4.111.583,29 ԱՄՆ դոլարից 2.855.000 ԱՄՆ դոլարը Կարապետ Մուրադի Գուլոյանին փոխանցելու մասին, այլ՝ առհասարակ այլ շատ գումարներ լինելու, մասնավորապես՝ հայտնելով, որ. «իր հիշելով դեպք եղած լինելու մասին, երբ ինչ-որ բիզնես գործունեության համար Կարապետ Գուլոյանին 3 միլիոն դոլարի չափ գումար և այլ շատ գումարներ է տվել»:
2․7․ Բացի այդ, Հայցվորը բարձրացրել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված կարգավորման համատեքստում իրավունքի զարգացման խնդիր, մասնավորապես, երբ գործում չկան թույլատրելի, վերաբերելի և արժանահավատ ապացույցներ առ այն, որ անձին, ում գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, այլ (թեկուզև՝ փոխկապակցված) անձից փոխանցվել է գումար, արդյո՞ք Օրենքի համատեքստում էական նշանակություն ունի այլ անձի եկամուտ ունենալու/չունենալու փաստը, այլ կերպ՝ արդյո՞ք այլ անձի ենթադրյալ եկամուտներ ունենալու փաստն ինքնին բավարար է հաստատված համարելու, որ անձը, ում գույքի առնչությամբ իրականցվել է ուսումնասիրություն, նույնպես ունեցել է Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված աղբյուրներից ստացված օրինական եկամուտ (հայրն ունեցել է եկամուտ, հետևաբար, որդին՝ նույնպե՞ս):
2․8․ Ելնելով վերոգրյալից Հայցվորը պահանջել է՝
ü Մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 18.02.2025 թվականի որոշումը՝ մասնակիորեն՝ հայցը բավարարելու մասով7 օրինական ուժ տալով Դատարանի կողմից 01.07.2024 թվականին կայացված դատական ակտին:
ü Ամբողջությամբ բավարարել վճռաբեկ բողոքը` Վերաքննիչ դատարանի կողմից 18.02.2025 թվականի որոշմամբ սահմանված՝ գործը որոշ մասերով8 Դատարան նոր քննության ուղարկելու մասով բեկանել՝ այդ մասով գործն ուղարկելով Վերաքննիչ դատարան` նոր քննության։
ü Ամբողջությամբ բավարարել վճռաբեկ բողոքը՝ Վերաքննիչ դատարանի կողմից 18.02.2025 թվականի որոշմամբ սահմանված՝ գործը որոշ մասերով9 Դատարան նոր քննության ուղարկելու մասով բեկանել՝ այդ մասով գործն ուղարկելով Վերաքննիչ դատարան` նոր քննության։
2․9․ Պատասխանողների վճռաբեկ բողոքի հիմքերն ու հիմնավորումները հանգում են հետևյալին՝
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 10-րդ, 60-րդ, 63-րդ և 81-րդ հոդվածների, Օրենսգրքի 6-9-րդ, 57-59-րդ, 61-րդ, 66-րդ ու 67-րդ հոդվածների պահանջները, Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, սխալ մեկնաբանությամբ է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, ինչն ակնհայտորեն հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից տրված մեկնաբանությանը։
2․10․ Դատարանը և Վերաքննիչ դատարանը խախտել են Օրենսգրքի 6-9-րդ հոդվածների պահանջները և, հղում կատարելով ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ4/0031/05/09 վարչական գործով 05.02.2010 թվականի որոշմամբ արտահայտած դատական ակտի հիմնավորվածության վերաբերյալ դիրքորոշմանը, Պատասխանողները հայտնել են, որ Վերաքննիչ դատարանի որոշումը չի կարող համարվել բավարար չափով օրինական, հիմնավորված և պատճառաբանված, քանի որ Վերաքննիչ դատարանի հաստատած փաստերը և դիրքորոշումները չեն համընկնում եզրափակիչ մասի հետ։
2․11․ Ըստ Պատասխանողների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի գործերով Դատարանի կողմից վարույթի իրականացման և դատական պաշտպանության՝ Օրենքով նախատեսված կարգավորումներն անձի վրա դնում են ապացուցման անհամաչափ մեծ բեռ, որի արդյունքում խախտվում է անձի՝ Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված, արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մաս հանդիսացող գործի արդարացի քննության իրավունքը:
Դատարանը պարտավոր էր հավանականության սանդղակի ներքո առավել ցածր շեմ սահմանել ապացուցման բեռի տեսանկյունից, իսկ Վերաքննիչ դատարանը պարտավոր էր ամրագրել Դատարանի կողմից դա չանելու ոչ իրավաչափությունը։
2․12․ Դատարանը Հայցվոր կողմի վրա չէր դրել Մուրադ Արամի Գուլոյանի կողմից գումարների անհատույց փոխանցման փաստի ապօրինի կամ հանցավոր լինելու հանգամանքը հիմնավորելու մասին բեռ, հետևաբար՝ այն չներկայացնելը չէր կարող առաջացնել բացասական հետևանքներ, իսկ այդ մասով գումար տալու և Կարապետ Մուրադի Գուլոյանի կողմից այն ընդունելու մասով փաստերը չէին կարող կասկածի տակ դրվել, քանի որ գույքի փոխանցման հանգամանքը գործարքի կողմերը չեն վիճարկել, իսկ գույքի փոխանցումն ապօրինի կամ հանցավոր չի ճանաչվել։ Միաժամանակ, Հայցվորը չի ներկայացրել որևէ ապացույց այն մասին, որ Մուրադ Արամի Գուլոյանի կողմից այդ գումարը չէր կարող տրվել Կարապետ Մուրադի Գուլոյանին, քանի որ այն, օրինակ, ծախսվել էր Մուրադ Արամի Գուլոյանի կողմից այլ նպատակներով կամ ուներ հանցավոր ծագում։
Տեսնելով այդ ամենը՝ Վերաքննիչ դատարանը զգուշավոր դատողություններով վերացական մեկնաբանության է ենթարկել այն և նոր քննության ուղարկելու հիմք համարել, մինչդեռ բավարար է եղել վերջնական լուծում տալու համար։
2․13․ Դատարանը, ելնելով հավանականությունների հավասարակշռման ստանդարտից և հաշվի առնելով գործում առկա ապացույցները, նույնպես պետք է հաստատված համարեր Մուրադ Արամի Գուլոյանի կողմից Կարապետ Մուրադի Գուլոյանին գումար տրամադրած լինելու փաստը՝ հաշվի առնելով այն նույն մոտեցումը, որ գումարները կանխիկացվել էին 2003 թվականին, որոնց վերաբերյալ գործում առկա են համապատասխան ապացույցներ, և հաստատվում է դրանից մոտ երեք միլիոն դոլարի չափով Կարապետ Մուրադի Գուլոյանին տրամադրելու փաստը, ինչպես նաև այն, որ այդ ժամանակահատվածում Կարապետ Մուրադի Գուլոյանն առանձին տնտեսություն չէր վարում ու միաժամանակ հանդիսանում էր Մուրադ Արամի Գուլոյանի միակ զավակը: Բացի այդ, գործով որպես վկա հարցաքննված Ա․ Բ․ Ա․-ն10 ցուցմունք է տվել այն մասին, որ երեք միլիոն դոլարի չափ գումար իր տղան է խնդրել ինչ-որ բիզնես ծրագրերի համար, ինքն էլ տվել է և դրանից ավել էլ է տվել ու իր երեխայի բարեկեցությունն ապահովելու համար պարբերաբար գումարներ է տվել վերջինիս, ինչը, համադրելով վերջինիս կողմից այդչափ օրինական եկամուտ ունենալու հանգամանքի հետ, ավելի հավանական է դարձնում 2.855.000 ԱՄՆ դոլար գումարը փոխանցված լինելու հանգամանքը: Նշված հանգամանքները հաստատվում են Կարապետ Մուրադի Գուլոյանի և Ա․ Բ․ Ա․-ի11 ցուցմունքներով։
2․14․ Վերաքննիչ դատարանը խախտել է Օրենսգրքի 57-59-րդ, 61-րդ, 66-րդ և 67-րդ հոդվածները, ինչով խախտվել են նաև ՀՀ վճռաբեկ դատարանի մի շարք որոշումներով ապացույցների վերաբերյալ սահմանված ընդհանուր «խաղի կանոնները»։ Մասնավորապես՝ հետազոտելով վկաներ ներգրավված անձանց ցուցմունքները, գործին մասնակցող անձ Կարապետ Մուրադի Գուլոյանի՝ վկայի ռեժիմով հարցաքննությամբ հայտնած տեղեկությունները, նաև Գ․ Դ․-ի12 հայտնած տեղեկությունները՝ շուրջ 15 տարի առաջ տեղի ունեցած հանգամանքները մասնակիորեն չհիշելու, ինչ-որ բաներ շփոթելու մասով, դրանք դիտարկել է անարժանահավատ։ Պատասխանողները հայտնել են, որ իրենց գույքը/դրամական միջոցները փոխանցողի հայտարարությունը չէր կարող դիտվել անարժանահավատ, զուտ միայն գործարքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան գրավոր կնքված չլինելու հիմքով, քանի որ ապացուցման առարկան ոչ թե գործարքի պայմաններն են, որը կարող էին վիճարկել գործարքի կողմերը, այլ՝ բուն գործարքը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործարքի կողմերն ընդունում են իրենց միջև ծագած իրավահարաբերության առկայությունը և դրա հետ կապված վեճ չունեն, ապա տվյալ գործարքի առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել կամ համարվել ապօրինի՝ առանց դատարանի համապատասխան օրինական ուժի մեջ մտած վճռի:
2․15․ Պատասխանողները, վկայակոչելով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի թիվ ԵՄԴ/0232/02/08, 29.02.2008 թվականի թիվ 3-81(ՏԴ), 18.07.2014 թվականի թիվ ԵՇԴ/1342/02/11, 27.11.2015 թվականի թիվ ԼԴ/0898/02/13, 22.07.2016 թվականի թիվ ԵԱՔԴ/0483/02/15, 28.11.2014 թվականի թիվ ԵԿԴ/0807/02/10, 23.03.2020 թվականի թիվ ԵԱՔԴ/4994/02/15, 27.11.2015 թվականի թիվ ՎԴ/10507/05/13 գործերով կայացրած որոշումները, գտել են, որ Դատարանը խախտել է ապացույցների գնահատման լրիվության, օբյեկտիվության և բազմակողմանիության կանոնները՝ յուրաքանչյուր ապացույց գնահատելով յուրովի՝ մեկուսացված, իսկ բոլորի համատեքստում՝ ոչ արդյունավետ՝ հանգեցնելով անհավասար պայմանների։ Հանգել են հետևության, որ նշված խախտումների արդյունքում Դատարանը և Վերաքննիչ դատարանը խախտել են նաև Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը՝ անտեսելով օրինական եկամուտ եզրույթը և որպես ապօրինի ծագում ունեցող որակելով այնպիսի գույքեր, որոնք Օրենքի իմաստով դիտարկվում են որպես օրինական։
2․16․ Ըստ Պատասխանողների՝ բոլոր այն փոխանցումները, որոնց հիմքը և նպատակը պարզ չէր և դրանց հիմքերը որևէ տեղ պահպանված չէին, համարել են ապօրինի՝ այդ պայմաններում իրենց վրա թողելով դրանց օրինական լինելու մասին ապացուցման բեռը։ Ավելին, Դատարանը վկաների ցուցմունքները և գործին մասնակցող անձի՝ վկայի ռեժիմով հարցաքննության ժամանակ տրված ցուցմունքներն արժանահավատության մասով ստորադասել է Հայցվորի ներկայացրած՝ որևէ կերպ չհիմնավորվող փաստարկներին, ինչն իրենց համար ստեղծել է անելանելի իրավիճակ՝ հիմնավորելու անհնարինը, նույնիսկ դրանք հիմնավորելու այնպիսի ապացույցներով, որոնք իրավաբանության ոչ տեսական, ոչ պրակտիկ մակարդակներում հնարավոր չէ։
2․17․ Պատասխանողները գտել են նաև, որ սեփականազրկելու մասով խախտվել է Սահմանադրության 10-րդ և 60-րդ հոդվածները, ինչպես նաև Սահմանադրության 81-րդ հոդվածը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Դատարանն առանց բավարար իրավական հիմնավորումների ու փաստարկների չի կիրառել ՄԻԵԴ-ի վճռով սույն գործի համար կիրառելի իրավական դիրքորոշումները:
2․18․ Այնուհետև նշել են, որ Վերաքննիչ դատարանը սխալ մեկնաբանությամբ է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը։ Դատարանը, իրավացիորեն վերլուծելով այս հոդվածի կարգավորումը, հանգել էր հետևության, որ Հայցվորը նմանատիպ հարցով չի կարող պահանջ ներկայացնել և փորձել հարկադրել ամուսնուն իր սուբյեկտիվ իրավունքը։ Միաժամանակ, Դատարանը, հիմք ընդունելով Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասը, նշել էր, որ թեև Օրենքի 20-րդ հոդվածով սահմանված պահանջների ցանկը սպառիչ չէ, սակայն այն ունի կողմնորոշիչ նշանակություն: Հետևաբար՝ Դատարանի գնահատմամբ Հայցվորը գույքը համատեղ սեփականություն ճանաչելու պահանջ այն ամբողջությամբ բռնագանձելու նպատակով չէր կարող ներկայացնել։ Այնինչ, Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով նշված իրավակարգավորումները, վկայակոչել է դրա հետ բացարձակ կապ չունեցող ՀՀ վճռաբեկ դատարանի որոշում՝ փորձելով հիմնավորել մի բան, որը բացարձակ չի քննարկվել և կապ չունի այս գործի հետ։
2․19․ Պատասխանողները, մատնանշելով ՀՀ սահմանադրական դատարանի 16.04.2025 թվականի թիվ 1776 որոշումը, գտել են, որ առկա է ակնհայտ անհիմն հայց, քանի որ հայցադիմումն ի սկզբանե չունի որևէ փաստարկ և իրավական դիրքորոշում բռնագանձվող գույքի և հանցանքի կապի մասին։ Քրեական գործով մեղադրյալ Կարապետ Մուրադի Գուլոյանը ներգրավվել է 2020 թվականին, այսինքն՝ այդ պահից սկսած կարող է միայն բռնագանձման ենթակա գույքի հարց բարձրացվել, ինչն այս դեպքում բացակայում է, հետևաբար այս նոր իրավիճակում հայցը ենթակա է ամբողջությամբ մերժման՝ նաև ակնհայտ անհիմն լինելու հիմքով։ Դրանով ամբողջությամբ հերքվում է նաև Դատարանի և Վերաքննիչ դատարանի դատողությունները, որոնք ակնհայտորեն հերքվում են ՀՀ սահմանադրական դատարանի որոշմամբ։
2․20․ Վերոգրյալի հիման վրա՝ Պատասխանողները գտել են, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտում, ինչը հանգեցրել է գործի սխալ լուծման և պահանջել են կիրառել Օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝ դատարանի դատական ակտն ամբողջությամբ փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը՝ բեկանել Վերաքննիչ դատարանի 18.02.2025 թվականի որոշումը՝ հայցը մերժելու մասով գործը նոր քննության ուղարկելու, և այդ մասով օրինական ուժ տալ Դատարանի 01.07.2024 թվականի վճռին, իսկ հայցը մերժելու մասnվ օրինական ուժի մեջ թողնելու մասով` Վերաքննիչ դատարանի որոշումը թողնել անփոփոխ, իսկ մնացած մասով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանել և փոփոխել՝ հայցը մերժել ամբողջությամբ։
3. Վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը և հիմնավորումները.
3․1․ Անդրադառնալով Պատասխանողների վճռաբեկ բողոքի հիմքերին և վկայակոչելով Օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայցվորը հայտնել է, որ Ա․ Բ․ Ա․-ի13 կողմից՝ որպես վկա հարցաքննվելիս, նշվել է, որ Կարապետ Մուրադի Գուլոյանն աշխատավարձից բացի երբևէ այլ եկամուտ չի ունեցել, նրան թույլ չեն տվել զբաղվել բիզնեսով։ Թեև այս տեղեկատվությանը հակասող այլ ապացույցներ ևս առկա են գործում (Կարապետ Մուրադի Գուլոյանի կողմից իրավաբանական անձում մասնակցություն ձեռք բերել, օտարել և այլն), այնուամենայնիվ, բացի նրանից, որ վերը նշված փաստերն ու փաստարկները չեն վկայակոչվել առաջին ատյանի դատարանում, ավելին, այս մասով հենց Պատասխանողների կողմից ներկայացվել են հակառակի մասին ապացույցներ։
3․2․ Հայցվորը, անդրադառնալով Պատասխանողների բողոքի հաջորդ հիմքին, թե Կարապետ Մուրադի Գուլոյանի և Ա․ Բ․ Ա․-ի14 ցուցմունքներով հաստատվում են, որ Մուրադ Արամի Գուլոյանի անունով Բելգիայի Թագավորությունում գրանցված ROBERTO BVBA ընկերության գործունեության մասնակցությունից 2003 թվականին ստացվել և բանկային անդորրագրերով կանխիկացվել է 4.114.583.29 ԱՄՆ դոլար, որից 2.855.000 ԱՄՆ դոլար տրվել է Կարապետ Մուրադի Գուլոյանին (կանխիկացման անդորրագրերը առկա են), հայտնել է, որ կոնկրետ 2.855.000 ԱՄՆ դոլար գումար Մուրադ Արամի Գուլոյանի կողմից Կարապետ Մուրադի Գուլոյանին տրված լինելու փաստը հաստատող այլ ապացույցներ (բացի կանխիկացման կտրոններից, որոնց առաջին ատյանի դատարանն անդրադարձել է), այդ թվում՝ վկաների ցուցմունքներ, սույն գործում բացակայում են:
Պատասխանող կողմը թեև ներկայացրել էր Կարապետ Մուրադի Գուլոյանին որպես վկա հարցաքննելու միջնորդություն, սակայն հետո հրաժարվել էր այդ միջնորդությունից, և Կարապետ Մուրադի Գուլոյանը, չնախազգուշացվելով սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության մասին, դրա համար չստորագրելով, որպես գործին մասնակցող անձ՝ պատասխանող, հայտնել է իր դիրքորոշումը: Այլ կերպ ասած՝ Կարապետ Մուրադի Գուլոյանը ցուցմունք չի տվել վկայի հարցաքննության համար սահմանված կարգով: Հետևաբար, ակնհայտ է, որ դատավարական իմաստով Կարապետ Մուրադի Գուլոյանի՝ որպես վկայի ցուցմունք առկա չէ։
Ինչ վերաբերում է Ա․ Բ․ Ա․-ի15 կողմից որպես վկա տրված ցուցմունքին, ապա հարկ է նշել, որ Ա․ Բ․ Ա․-ի16՝ որպես վկա տված ցուցմունքի մանրամասն ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ վերջինս ոչ թե տեղեկություններ է հայտնել կոնկրետ 4.111.583.29 ԱՄՆ դոլարից 2.855.000 ԱՄՆ դոլարը Կարապետ Մուրադի Գուլոյանին փոխանցելու մասին, այլ՝ առհասարակ այլ շատ գումարներ տալու, մասնավորապես. «իր հիշելով դեպք եղած լինելու մասին, երբ ինչ-որ բիզնես գործունեության համար Կարապետ Գուլոյանին 3 միլիոն դոլարի չափ գումար և այլ շատ գումարներ է տվել»:
Դատարանը դատական ակտում անդրադարձել է նաև վկայի ցուցմունքում անհամապատասխանություններին՝ նշելով, որ Ա․ Բ․ Ա․-ը17 նաև հայտնել է, որ երբևէ թույլ չեն տվել Կարապետ Մուրադի Գուլոյանին զբաղվել բիզնես գործունեությամբ, որ վերջինս աշխատավարձից բացի այլ եկամուտներ չի ունեցել և այլն:
Ինչ վերաբերում է Մուրադ Արամի Գուլոյանի կողմից Կարապետ Մուրադի Գուլոյանին ընդհանրապես շատ գումարներ տրված լինելու հանգամանքին, ապա այս մասով առաջին ատյանի դատարանը հստակ գնահատական է տվել, ինչի մասով էլ Վերաքննիչ դատարանը կատարել է անդրադարձ՝ նշելով, որ Դատարանը ճիշտ է գնահատել վկայի ցուցմունքը:
Այսպիսով, ստացվում է, որ Պատասխանողներն անտեսել են, որ 2.855.000 ԱՄՆ դոլար գումար Կարապետ Մուրադի Գուլոյանին տրված լինելու փաստի հետ կապված գործում առկա չեն վկաների ցուցմունքներ:
3․3․ Ի պատասխան սույն որոշման 2.19.-րդ կետում նշված հիմքի՝ Հայցվորը մեջբերել է ՀՀ սահմանադրական դատարանի 16.04.2025 թվականի թիվ 1776 որոշման 100-102-րդ, 117-րդ կետերը և հայտնել, որ ՀՀ սահմանադրական դատարանը թեև Օրենքի հետապնդած նպատակների համաչափությանն անդրադարձել է ուսումնասիրություն սկսելու հիմքերի համատեքստում՝ առանձին-առանձին, սակայն այդ հանգամանքը որևէ կերպ չի կարող մեկնաբանվել այնպես, որ ուսումնասիրություն սկսելու հիմքով պայմանավորված պետք է կամ կարող է գործել Օրենքի հետապնդած միայն մեկ նպատակը։ Նման մեկնաբանությունը, նախ, կհակասի ՀՀ սահմանադրական դատարանի արձանագրմանն առ այն, որ երկու նպատակները կարող են համընկնել կամ փոխլրացնել միմյանց, երկրորդ, նման մեկնաբանությունն ուղղակիորեն կհակասի ՀՀ սահմանադրական դատարանի դիրքորոշումներին։
3․4․ Անդրադառնալով սույն որոշման 2.13.-րդ կետում նշված փաստարկին՝ Հայցվորն արձանագրել է, որ պատասխանող կողմն ակնհայտորեն այլ լույսի ներքո է ներկայացրել գործի փաստական հանգամանքները և դրանց հետ կապված ապացույցները։
Դատարանն իր ակտում որևէ կերպ չի անդրադարձել Մուրադ Արամի Գուլոյանի կողմից ենթադրյալ գումար փոխանցված լինելու և դրա ապօրինի լինելու հարցին, այլ թույլատրելի և վերաբերելի բավարար ապացույցների բացակայությամբ պայմանավորված՝ հաստատված չի համարել ինքնին այն փաստը, որ Մուրադ Արամի Գուլոյանի կողմից գումար է փոխանցվել Կարապետ Մուրադի Գուլոյանին, ինչն ակնհայտորեն տարբերվում է Պատասխանողների կողմից վկայակոչվածից։ Դատական ակտի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ Դատարանը, որպես ապացույցի տեսակ, թույլատրել է վկաների ցուցմունքները, բանավոր հայտարարությունները, դրանք գնահատել է համադրության մեջ և նշված փաստը հաստատված չի համարել ոչ թե գրավոր պայմանագրի բացակայությամբ պայմանավորված, այլ՝ նշված փաստը հաստատող թույլատրելի և վերաբերելի ապացույցների անբավարարությամբ պայմանավորված։
3․5․ Հայցվորը, անդրադառնալով սույն որոշման 2.16.-րդ կետում նշված հիմքին, հղում է կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1277-րդ հոդվածին, Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասին և հայտնել, որ ակնհայտ է, որ եկամուտները համարվում են օրինական, երբ իրավասու մարմնին հայտնի են դրա վերաբերյալ տեղեկություններ, այլ կերպ՝ իրավասու մարմնին հայտնի է, որ անձի ստացած այս կամ այն եկամուտը հանդիսանում է Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված եկամտի տեսակներից մեկը և ստացվել է կիրառելի իրավունքի նորմերի պահպանմամբ։
Մեջբերելով Օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայցվորը հայտնել է, որ այն բոլոր դրամական մուտքերը, որոնց մասով Իրավասու մարմինը նշել է, որ հայտնի չեն այդ դրամական միջոցների ստացման նպատակը, ծագման աղբյուրը, հայտնի չեն տվյալներ, որ այդպիսի գումարները հանդիսանում են Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված եկամտի տեսակներից մեկը, այդպիսի գումարների մասով պատասխանող կողմը չի վկայակոչել որևէ փաստ, չի նշել ստացված գումարներից Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված եկամտի տեսակներից մեկը լինելու վերաբերյալ, միջոցներ չի ձեռնարկել այդպիսի մուտքագրված գումարների օրինականության հետ կապված որևէ տեսակի ապացույց ներկայացնելու ուղղությամբ և առավել ևս՝ չի էլ վկայակոչել այդպիսի գումարների օրինականությունն ապացուցելու նպատակով որևէ ապացույց ձեռք բերելու անհնարինության կամ որևէ տեսակի ապացույց պահպանված չլինելու հանգամանքներ, հետևաբար ներկայացված վճռաբեկ բողոքում պատասխանող կողմը զրկված է այդ մասով նոր դիրքորոշում հայտնելու, նոր ապացույցներ ներկայացնելու կամ Դատարանի գործողությունները վիճարկելու հնարավորությունից, քանի որ առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում այդպիսի հնարավորությունից չի օգտվել։
3․6․ Անդրադառնալով սույն որոշման 2.18.-րդ կետում նշված հիմքին՝ Հայցվորը գտել է, որ Վերաքննիչ դատարանն օրենքի նորմը ենթարկել է լիովին իրավաչափ մեկնաբանության։ Ըստ Հայցվորի՝ Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորման ուժով ցանկացած այլ պահանջ ներկայացնելիս հայցվորը պետք է Դատարանի առջև բացահայտի և հիմնավորի ընդամենը մեկ պայմանի առկայություն՝ ներկայացվելիք այլ պահանջի կապն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի հետ։ Հետևաբար՝ այն դիրքորոշումը, որ բացառապես ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման իրավական հնարավորության ապահովման նպատակով գույքը ամուսինների համատեղ սեփականություն ճանաչելու պահանջի ներկայացումը չի բխում քաղաքացիական օրենսդրության տրամաբանությունից, հակասում է Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորման տրամաբանությանը, քանի որ այդ կարգավորման նպատակն ինքնին բացառապես ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման իրավական հնարավորության ապահովումն է, և միակ պայմանն էլ, որ պետք է ապահովի հայցվորը, հենց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի հետ կապն է, այդպիսի կարգավորումը ներդրված է որպես բացառություն՝ պայմանավորված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարաբերությունների առանձնահատկություններով։
3․7․ Վերոգրալի հիման վրա՝ Հայցվորը խնդրել է Պատասխանողների ներկայացուցչի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը մերժել։
4. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
4․1․ 2002-2018 թվականներն ընկած ժամանակահատվածում Կարապետ Մուրադի Գուլոյանը հանդիսացել է պաշտոնատար անձ՝ պետական իշխանությունում զբաղեցնելով տարբեր պաշտոններ: Մասնավորապես՝ Կարապետ Մուրադի Գուլոյանը 2002-2008 թվականներին աշխատել է ՀՀ դատախազությունում, 2008-2015 թվականներին եղել է ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի քաղաքապետ, 2015-2018 թվականներին՝ ՀՀ Կոտայքի մարզպետ։
4․2․ 2003 թվականի փետրվար-հուլիս ամիսների ընթացքում Մուրադ Արամի Գուլոյանը ROBERTO BVBA հաշվից կանխիկացրել է ընդհանուր 4.114.583.29 ԱՄՆ դոլար (հատոր 7-րդ, գ.թ. 34-39):
4․3․ 2004 թվականին Կարապետ Մուրադի Գուլոյանը 35.000 ԱՄՆ դոլարի չափով վարկ է վերցրել։ Հաջորդ տարիների ընթացքում (2008 թվականից սկսած և շարունակաբար) նույնպես վերցվել են վարկային գծեր (ինչպես նաև օվերդրաֆտներ)՝ 3.000.000 ՀՀ դրամից սկսած մինչև 50.000 ԱՄՆ դոլարի չափով (տե՛ս հատոր 3-րդ, գ.թ. 123)։
4․4․ 05.10.2006 թվականին գրանցվել է Կարապետ Մուրադի Գուլոյանի և Ռոզա Գագիկի Ծառուկյանի ամուսնությունը (հիմք՝ 05.10.2006 թվականին կատարված N 470 ակտի գրանցման վկայական, հատոր 1-ին, գ.թ. 80-81):
4․5․ 28.12.2019 թվականին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է թիվ 58238419 քրեական գործը՝ ՀՀ Աբովյանի համայնքապետարանի, ՀՀ ԿԱ կադաստրի կոմիտեի Կոտայքի մարզային ստորաբաժանման և «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահումներ թույլ տալու դեպքի առթիվ (հատոր 1-ին, գ.թ. 37-40):
4․6․ 25.06.2020 թվականին Կարապետ Մուրադի Գուլոյանը թիվ 58238419 քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար (հատոր 1-ին, գ.թ. 48-51):
4․7․ 07.10.2020 թվականին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Կարապետ Մուրադի Գուլոյանին պատկանող գույքի առնչությամբ սկսվել է թիվ 22-54-20 ուսումնասիրությունը, որով ուսումնասիրվող ժամանակահատված է սահմանվել որոշմանը նախորդող տասը տարին, ինչպես նաև մինչև ուսումնասիրության ավարտն ընկած ժամանակահատվածը (հատոր 1-ին, գ.թ. 53-54):
4․8․ 02.02.2021 թվականին Ռոզա Գագիկի Ծառուկյանը լիազորել է Սարգիս Վահագնի Գուլոյանին ԱԳԿՊԿ-ի սպասարկման գրասենյակներում լինել իր ներկայացուցիչը, ինչի համար նրան իրավունք է տվել իր անունից ներկայացնել դիմումներ, ստանալ փաստաթղթեր (վկայականներ, տեղեկանքներ), փաստաթղթերի պատճեններ, կատարել անհրաժեշտ վճարումներ (հատոր 3-րդ, գ.թ. 123, լազերային կրիչ)։
4․9․ 23.02.2021 թվականին տրված թիվ ▪▪▪▪▪▪▪▪-▪▪-▪▪▪▪18 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համաձայն՝ ▪▪ ▪▪▪▪▪▪▪ ▪▪▪▪▪ ▪▪▪▪▪▪▪▪ ▪▪▪▪▪▪▪▪ ▪▪▪▪▪▪▪▪▪▪▪ ▪▪▪▪▪▪ ▪▪19 հասցեում գտնվող անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում է Ռոզա Գագիկի Ծառուկյանին (գրանցման համար հիմք հանդիսացած փաստաթղթերն են հանդիսանում՝ համայնքի ղեկավարի 23.12.2015 թվականի թիվ 306 որոշում, համայնքի ղեկավարի 03.02.2021 թվականի թիվ 54 գրություն, 03.08.2015 թվականի նվիրատվության պայմանագիր, 31.08.2015 թվականի անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, համայնքի ղեկավարի 15.12.2020 թվականի թիվ 466 որոշում), (հատոր 10-րդ, գ.թ. 40):
4․10․ 12.01.2022 թվականին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը թիվ 22-54-20 ուսումնասիրությամբ կայացրել է ուսումնասիրվող նոր ժամանակահատված սահմանելու վերաբերյալ որոշում, որով սահմանվել է ուսումնասիրվող նոր ժամանակահատված՝ 30.08.2007 թվականից մինչև ուսումնասիրության ավարտն ընկած ժամանակահատվածը (հատոր 1-ին, գ.թ. 56-57):
4․11․ 27.07.2022 թվականին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը թիվ 22-54-20 ուսումնասիրությամբ կայացրել է ուսումնասիրվող նոր ժամանակահատված սահմանելու վերաբերյալ որոշում, որով սահմանվել է ուսումնասիրվող նոր ժամանակահատված՝ 05.03.1997 թվականից մինչև ուսումնասիրության ավարտն ընկած ժամանակահատվածը (հատոր 2-րդ, գ.թ. 80-82):
4․12․ 11.10.2022 թվականին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը վերջնական ամփոփել է ուսումնասիրության արդյունքները և որոշել է հայց ներկայացնել ՀՀ հակակոռուպցիոն դատարան (հատոր 3-րդ, գ.թ. 82-111):
4․13․ 18.05.2023 թվականին Իբարրուրի Բորիսի Աթանեսյանն իր կողմից տրված երդում հավաստիացմամբ հայտնել է, որ 02․04․2013 թվականին «Գուլոյան և եղբայրներ» ՍՊԸ-ի՝ իրեն պատկանող 96 տոկոս բաժնեմասը վաճառել է հանգուցյալ ամուսնու եղբորորդուն՝ Կարապետ Մուրադի Գուլոյանին: Ի հավելումն նշել է, որ Կարապետ Մուրադի Գուլոյանը 27.826.560 ՀՀ դրամն իրեն վճարել է գործարքից որոշ ժամանակ՝ իր կարծիքով մեկ ամիս անց՝ «Գուլոյան և եղբայրներ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասն ամբողջությամբ երրորդ անձի օտարելուց հետո (հատոր 6-րդ, գ.թ. 40):
4․14․ 19.05.2023 թվականի երդում հավաստիացմամբ Մուրադ Արամի Գուլոյանը հայտնել է, որ ինքը և իր կինն իրենց ամբողջ վաստակն ուղղել են իրենց միակ որդու՝ Կարապետ Մուրադի Գուլոյանի, խնամքն ու բարեկեցությունն ապահովելուն, մշտապես ֆինանսապես աջակցել են՝ այդ թվում վերջինիս չափահաս դառնալուց հետո: 1998 թվականին «Էլեկտրոմոնտաժ» ԲԲԸ-ի 1200 հատ բաժնետոմսի ձեռքբերումը ևս իրականացվել է իրենց միջոցների հաշվին (հատոր 6-րդ, գ.թ. 42):
4․15․ 19.05.2023 թվականին Գագիկ Կոլյայի Ծառուկյանն իր կողմից տրված հայտարարությամբ հայտնել է, որ 2015 թվականին Ռոզա Գագիկի Ծառուկյանին նվիրատվության պայմանագրի հիման վրա որպես սեփականություն փոխանցված՝ ▪▪, ▪▪▪▪▪▪▪ ▪▪▪▪, ▪▪▪▪▪▪▪▪ ▪▪▪▪▪▪▪, ▪▪▪▪▪▪▪▪▪▪▪ ▪▪▪▪▪ ▪▪▪ ▪▪20 հասցեի հողամասի վրա կառուցված հանգստյան տունը, դրան հարակից բոլոր շինությունները կառուցվել են բացառապես իր միջոցներով՝ որպես դստեր ընտանիքին նվեր, և հավելել, որ որևէ այլ անձ, այդ թվում՝ դուստրը և նրա ամուսինը, շինությունների կառուցման մեջ որևէ ֆինանսական ներդրումներ չեն ունեցել (հատոր 6-րդ, գ.թ. 39):
4․16․ 23.05.2023 թվականի երդում հավաստիացմամբ Տիգրան Համլետի Գուլոյանը հայտնել է, որ հանդիսացել է «Ցեոֆոս» ՓԲԸ-ի միակ բաժնետեր: 2007-2008 թվականներին իր և Հակոբ անունով անձի միջև կնքվել է բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագիր, որով ինքը՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող 100 տոկոս բաժնետոմսերը 600.000.000 ՀՀ դրամով, որն այդ պահին համարժեք է եղել 2.000.000 ԱՄՆ դոլարի, վաճառել է Հակոբին և իր ստացած ողջ գումարը՝ 2.000.000 ԱՄՆ դոլարը, կանխիկ տվել է հորեղբոր որդուն՝ Կարապետ Մուրադի Գուլոյանին, քանի որ վերջինս ուներ որոշակի ծախսեր, որով պետք է կատարեր նաև այդ միջոցների հաշվին, և ի լրումն նշել է նաև, որ իրենք մշտապես հանդիսացել են որպես մեկ ընտանիք՝ ի հաշիվ իրենց ծնողների կողմից ձևավորված ընտանեկան ավանդույթների և դրվածքի (հատոր 6-րդ, գ.թ. 44):
4․17․ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից ուսումնասիրվող ժամանակահատվածի՝ 1997-2022 թվականների համար հաշվարկվել է ընդհանուր 1.517.997.252 ՀՀ դրամի չափով օրինական եկամուտ, 3.766.763.920 ՀՀ դրամի չափով ծախս (ներառյալ՝ գույքային ձեռքբերումները):
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
5.1. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայցվորի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է՝
§ Օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ը) ենթակետի միատեսակ կիրառության համար,
§ Օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։
5.2. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Պատասխանողների վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է Օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ Պատասխանողների կողմից չի շտկվել Վճռաբեկ դատարանի 16.04.2025 թվականին կայացված որոշման մեջ արձանագրված բողոքի թերությունները (տե՛ս վերը՝ 1.14.-րդ կետը), ինչը հնարավորություն չի տալիս Վճռաբեկ դատարանին ամբողջ ծավալով անդրադառնալու Պատասխանողների կողմից վճռաբեկ բողոքում նշված փաստարկներին21։ Այդուհանդերձ, հաշվի առնելով, որ Պատասխանողների վճռաբեկ բողոքը մասամբ համապատասխանում է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու վերը նշված չափանիշին (ապացույցների գնահատման և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը), ուստի Վճռաբեկ դատարանը բացառապես այդ մասով քննության առարկա կդարձնի այն:
5.3. Հաջորդիվ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Որոշման պարզության տեսանկյունից, հաշվի առնելով վճռաբեկ բողոքներում բարձրացված և Վճռաբեկ դատարանի կողմից ուշադրության արժանի հիմնական հարցերը, նպատակահարմար է համարում դրանց անդրադառնալ չորս հարցադրումների միջոցով, դրանք են՝ Ա) արդյո՞ք դատարանը կարող է Օրենքի՝ կոռուպցիայի դեմ պայքարի նպատակի շրջանակներում քննության առարկա դարձնել պաշտոնատար անձին պատկանող ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցը, եթե ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթը հարուցվել է Օրենքի՝ հանցավորության դեմ պայքարի նպատակների շրջանակներում։ Բ) Ի՞նչ պայմաններում է պաշտոնատար անձի ընտանիքի անդամների և այլ անձանց կողմից նրան նվիրատվության կամ օգնության կարգով (սեփականության իրավունքով) տրամադրված գույքը համարվում որպես օրինական եկամուտ և պաշտպանվում Սահմանադրությամբ։ Գ) Արդյո՞ք իրավասու մարմինն Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա կարող է պահանջ ներկայացնել համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 4-րդ մասի՝ ամուսիններից մեկի գույքը որպես համատեղ սեփականություն ճանաչելու վերաբերյալ։ Դ) Ի՞նչ ծավալով և սահմաններում է դատարանը գնահատում գործում առկա ապացույցները` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթում (դատավարական իրավունքի հարցեր)։
Ա) Արդյո՞ք դատարանը կարող է Օրենքի՝ կոռուպցիայի դեմ պայքարի նպատակի շրջանակներում քննության առարկա դարձնել պաշտոնատար անձին պատկանող ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցը, եթե ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթը հարուցվել է Օրենքի՝ հանցավորության դեմ պայքարի նպատակների շրջանակներում։
5.4. Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ նույն օրենքով նախատեսված հանցագործություն է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում կամ դրա սահմաններից դուրս կատարված արարքը, որը պարունակում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի22, ի թիվս այլ հոդվածների, նաև 308-րդ հոդվածով23 նախատեսված արարքը։ Նույն հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը սահմանում էր՝ «պաշտոնատար անձ՝ ուսումնասիրություն սկսելու պահին «Հանրային ծառայության մասին» օրենքի գործող խմբագրության իմաստով հանրային պաշտոն զբաղեցնող կամ զբաղեցրած անձ կամ այդպիսի պաշտոնին համարժեք պաշտոն զբաղեցրած անձ։ Անձը համարվում է համարժեք պաշտոն զբաղեցրած, եթե իր իրականացրած գործառույթներին նույնական կամ նմանատիպ գործառույթներ իրականացնող անձն ուսումնասիրություն սկսելու պահին «Հանրային ծառայության մասին» օրենքի գործող խմբագրության իմաստով համարվում է հանրային պաշտոն զբաղեցնող անձ24» (այսուհետ՝ Պաշտոնատար անձ)։
5.5. Իրավահարաբերության ծագման պահին գործող Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «1. Սույն օրենքով նախատեսված կարգով իրավասու մարմինը կարող է սկսել ուսումնասիրություն հետևյալ հիմքերի առկայության դեպքում.
1) առկա է օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատական ակտ, որով հաստատվում է սույն օրենքով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարումը, և տվյալ քրեական գործի նյութերով առկա են բավարար հիմքեր` կասկածելու, որ դատապարտված անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք, որը չի բռնագանձվել դատավճռով.
2) հարուցված քրեական գործով անձը որպես մեղադրյալ է ներգրավվել սույն օրենքով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարման համար, և առկա են բավարար հիմքեր` կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք.
3) առկա են բավարար հիմքեր` կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք, սակայն սույն օրենքով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարման առնչությամբ քրեական հետապնդումը կամ քրեական գործի հարուցումն անհնար է հետևյալ հիմքերից մեկով.
ա. ընդունվել է համաներման մասին օրենք,
բ. անցել են վաղեմության ժամկետները,
գ. անձը մահացել է,
դ. անձն արարքը կատարելու պահին չի հասել քրեական պատասխանատվության ենթարկվելու` օրենքով նախատեսված տարիքին.
4) առկա են բավարար հիմքեր` կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք, սակայն սույն օրենքով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարման առնչությամբ հարուցված քրեական գործը կասեցվել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկով.
5) «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով հայտնաբերված տվյալներով առկա են բավարար հիմքեր` կասկածելու, որ պաշտոնատար անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք25»։
5.6. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարաբերություններում գործում է գույքի՝ ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, քանի դեռ չի ապացուցվել գույքի ձեռքբերման օրինականությունը։
5.7. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա է բռնագանձման, եթե ներկայացված ապացույցների գնահատմամբ դատարանը հանգում է հետևության, որ այդպիսի գույքի շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է 50 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը։
5.8. Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նախ անդրադառնալ Օրենքի իրավաչափ նպատակին և հետապնդող շահին։ Ինչպես նշված է Օրենքի ընդունման հիմնավորման մեջ. «Առանձնապես վտանգավոր որոշ հանցագործությունների, այդ թվում՝ կոռուպցիոն հանցագործությունների հիմնական շարժառիթը դրանցից ստացվող ֆինանսական միջոցներն են։ Նման դեպքերում հանցագործները հաճախ նաև փորձում են թաքցնել այդ ֆինանսական միջոցների իրական աղբյուրները՝ դրանք «օրինականացնելով», իսկ ստացված միջոցներն արդեն իսկ օգտագործում են քաղաքական ազդեցությունը ուժեղացնելու կամ նոր եկամուտներ ստանալու համար26։ (…) Հանցավոր ճանապարհով ստացված ակտիվների բռնագանձման կիրառումը վերահաստատում է կարևորագույն սկզբունք՝ ոչ ոք չպետք է եկամուտ ստանա հանցավոր ճանապարհով։ Այս գործիքը մի կողմից ուղղված է հետագայում հանցագործությունների կանխարգելմանը, իսկ մյուս կողմից՝ հակաօրինական արարքով պատճառված վնասների փոխհատուցմանը և այլ անձանց խախտված իրավունքների վերականգնմանը։ Առանց մեղադրական դատավճռի ակտիվների բռնագանձումը (non-conviction based asset forfeiture) կարևորագույն գործիք է կոռուպցիոն և այլ բնույթի հանցագործությունների արդյունքում ստացված եկամուտները բռնագանձելու համար27 (…) Օրենքի նախագիծը ներմուծում է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման չորրորդ մոդելը՝ չհիմնավորվող հարստացման բռնագանձումը28 (…)»։
5.9. Օրենքի ընդունման նպատակին հանգամանալից անդրադարձել է ՀՀ սահմանադրական դատարանն իր 16.04.2025 թվականի թիվ ՍԴՈ-1776 որոշմամբ (այսուհետ՝ ՍԴՈ-1776 Որոշում), մասնավորապես՝ նշելով29. «101. (…) Օրենքի հիման վրա սեփականության իրավունքին՝ գույքի բռնագանձման միջոցով միջամտությամբ օրենսդրի հետապնդած նպատակներն են (1) կոռուպցիայի դեմ պայքարը և (2) հանցավորության դեմ պայքարը (…)։ 102. Թեպետ նշված երկու նպատակներն էլ ինքնուրույն են, և յուրաքանչյուրն իրենով հետապնդվող շահի տեսանկյունից՝ ծանրակշիռ, դրանք Օրենքով նախատեսված կառուցակարգերի և ընթացակարգերի կիրառմամբ միմյանց բացառող չեն և կարող են հանդես գալ ինչպես միմյանց համընկնելով կամ փոխլրացնելով (օրինակ՝ կոռուպցիոն բնույթի հանցանքներին առնչվող անձանց գործերով, որոնք Օրենքի իմաստով պաշտոնատար անձ են), այնպես էլ՝ առանձին-առանձին։ (…) 107. Հայաստանի Հանրապետության սահմանափակ տնտեսական հնարավորությունների, լուրջ մարտահրավերներով լի արտաքին քաղաքական և անվտանգային միջավայրում հանրային իշխանության մեջ կոռուպցիայի ոչ միայն առկայությունը, այլ նաև դրա դեմ արդյունավետ և ինտենսիվ պայքարի անընդհատ միջոցներ չձեռնարկելը հղի են առհասարակ Հայաստանի Հանրապետության՝ որպես Սահմանադրությամբ սահմանված նպատակներին և որակներին համապատասխան պետության գոյության և առավել ևս դրա զարգացման դեմ գոյութենական վտանգով։ Այլ խոսքով՝ կոռուպցիայից զերծ հանրային իշխանության մարմիններ և հանրային ծառայության համակարգ ունենալը Հայաստանի սահմանադրական ժողովրդավարության և Սահմանադրության գերակայության ապահովման անառարկելի նախապայման է։ (…) 111. Սահմանադրական դատարանը, հաշվի առնելով կոռուպցիայի ամբողջությունը կազմող դրսևորումների գերակշիռ մեծամասնության խիստ քողարկված բնույթը, ընդունում է նաև, որ հակակոռուպցիոն քաղաքականությունները շարունակաբար առերեսվում են կոռուպցիոն դրսևորումների բացահայտման և հետևանքները վերացնելու բարդությունների հետ։ Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը համամիտ է Օրենքի ընդունման հիմնավորումներում արտահայտված այն դիրքորոշման հետ, որ քրեական արդարադատության համակարգի միջոցով իրականացվող հակակոռուպցիոն պայքարը չի կարող ամբողջությամբ արդյունավետ լինել, եթե այն չզուգորդվի նաև այնպիսի վարույթներով և կառուցակարգերով, որոնք անկախ քրեական մեղադրանքով մեղքի հաստատման գործընթացից՝ ապահովում են կոռուպցիայի կանխարգելման և վնասի վերականգնման հնարավորություն։ (…) 113. Պաշտոնատար անձանց (ինչպես պաշտոնավարող, այնպես էլ՝ պաշտոնաթող) պատկանող ապօրինի ծագում ունեցող գույքի՝ Օրենքով նախատեսված բռնագանձման միջոցներ ձեռնարկելը Սահմանադրական դատարանի դիտարկմամբ խիստ ազդեցիկ կանխարգելիչ ուղերձ է հանրային ծառայության համապատասխան պաշտոններ զբաղեցնող անձանց առ այն, որ նրանց կողմից գույքային բարեվարքության պահանջները չպահպանելն անխուսափելիորեն հանգեցնելու է օրենքով նախատեսված պատասխանատվության։ Հակառակը՝ նախկինում ձեռք բերված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման միջոցով պետական կոռուպցիայի գրավչությունը շեշտակի նվազեցնելուց ձեռնպահ մնալը մի կողմից թողնելու է անցյալում տեղ գտած կոռուպցիոն միջավայրի բարիքներից օգտվել շարունակելու հանգամանքով պայմանավորված՝ անարդարության և անհավասարության խորն ընկալում հանրության մոտ, մյուս կողմից՝ վտանգավոր ներգործություն կունենա Օրենքով հանրային ծառայությանն ուղղված հետագա սթափեցնող ազդեցության վրա՝ գույքային բարեվարքության պահանջների առկայության պայմաններում դրանց հետագայում հետամուտ չլինելու հույսի ձևավորման և փաստված անպատասխանատվության վերաբերյալ նախապատմության բերումով: 114. Սահմանադրական դատարանը նկատում է նաև, որ հանրային իշխանության նկատմամբ վստահության կարևոր պայման է դրանում ներգրավված անձանց գույքային բարեվարքության կարգապահության պահպանումը և, մասնավորապես այն, որ պաշտոնատար անձի մոտ իր պաշտոնավարման ընթացքում կամ դրանից հետո տեղի չի ունենում գույքի շեշտակի ավելացում նշանակալի ծավալով և այնպես, որ դրա ձեռքբերման օրինականությունը վերջինս հիմնավորել չի կարողանում: Հակառակը, նման հիմնավորումների բացակայությունը հասարակության մոտ ուղղակիորեն հակադիրի՝ կոռուպցիոն միջավայրի և դրա հովանավորչության մասին համոզմունքի ձևավորման ողջամիտ բացատրություն կարող է ծառայել: (…)»:
5.10. Վճռաբեկ դատարանը, համալիր վերլուծության ենթարկելով իրավահարաբերության ծագման պահին գործող Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 11-րդ կետերը, 5-րդ հոդվածի 1-ին մասը, Օրենքի 22-րդ և 24-րդ հոդվածների 1-ին մասերը, հիմքում ունենալով Օրենքի ընդունման նպատակը և հետապնդվող շահը, ինչպես նաև հիմնվելով ՍԴՈ-1776 Որոշման՝ վերը վկայակոչված մեկնաբանությունների վրա, հարկ է համարում արձանագրել հետևյալը։
5.11. Վճռաբեկ դատարանը նախ փաստում է, որ Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված հիմքերն իրավասու մարմնի համար ուսումնասիրություն սկսելու օրինական ազդակ են հանդիսանում։ Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված բոլոր հիմքերում օրենսդիրն օգտագործել է «կասկածելու» եզրույթը, ինչը նշանակում է, որ իրավասու մարմնի կողմից վարույթ հարուցելը նպատակ է հետապնդում այդ կասկածի փարատմանն ուղղված գործողություններ կատարելը, ինչը կարող է ավարտվել և՛ վարույթը դադարեցնելով, և՛ հայցի հարուցմամբ (Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մաս)։ Վճռաբեկ դատարանը համաձայնում է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի» (այսուհետ՝ Վենետիկի հանձնաժողով) այն կարծիքին, ըստ որի. «Վերոնշյալ հիմքերից30 ոչ մեկի դեպքում պետք չէ ապացուցել, որ համապատասխան գույքը ձեռք է բերվել որոշակի հանցագործության արդյունքում։ Օրենքի համաձայն՝ ուսումնասիրության փուլում վարույթի շարունակման համար անհրաժեշտ է հաստատել, որ «առկա են բավարար հիմքեր ենթադրելու, որ անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք», և որ գույքի արժեքի շեմը գերազանցված է (13-րդ հոդվածի 2-րդ մաս և 18-րդ հոդվածի 2-րդ մաս)31»։
5.12. Ինքնին օրինական կարգով վարույթ հարուցելը (հանցավորության դեմ պայքարի շրջանակներում կամ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում) որևէ ձևով չի սահմանափակում իրավասու մարմնին ուսումնասիրությունն իրականացնել բացառապես այդ հիմքով կանխորոշված սահմաններում։ Ավելի պարզ ասած՝ եթե անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված կոռուպցիոն բնույթի հանցանքի համար և իրավասու մարմինը, հիմքում ունենալով Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերում նշված հանգամանքներից որևէ մեկը, նախաձեռնել է ուսումնասիրություն սկսելու գործընթաց, ապա իրավասու մարմինն ազատ է ուսումնասիրությունն իրականացնել ինչպես առանձին՝ հանցավորության դեմ պայքարի շրջանակներում, այնպես էլ՝ միախառնված՝ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում, եթե ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի սեփականատեր է հանդիսանում Պաշտոնատար անձը։
5.13. Ապօրինի հարստացման կամ ապօրինի ծագում ունեցող գույքի քաղաքացիական բռնագանձման մասին օրենսդրության գլխավոր նպատակն ամենից հաճախ կոռուպցիայի դեմ պայքարն է32։ Վճռաբեկ դատարանը համամիտ է Վենետիկի հանձնաժողովի հետ, որ կոռուպցիան խաթարում է իրավունքի գերակայությունը, նվազեցնում է հասարակության վստահությունը քաղաքական ինստիտուտների հանդեպ և բացասաբար է ազդում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովման վրա33։ Վենետիկի հանձնաժողովն իր Խորհրդատվական կարծիքի 35-րդ կետում նաև նշել է. «Անհրաժեշտ է հաշվի առնել կոռուպցիայի դեմ պայքարի դժվարությունները։ Հաճախ գույքի ապօրինի ծագումն ապացուցելը գրեթե անհնարին է»։
5.14. Կոռուպցիայի դեմ պայքարի և պետական ծառայությունը թափանցիկ դարձնելու շրջանակներում Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր34 ընդունվել են մի շարք նորմատիվ իրավական ակտեր, որոնք այս կամ այն կերպ կարգավորել են պաշտոնատար անձանց գույքային բարեվարքության հարցերը՝ լրացուցիչ պարտավորություններ դնելով նրանց վրա։ Վճռաբեկ դատարանը, inter alia, ուշադրություն է դարձնում հետևյալ նորմատիվ իրավական ակտերին՝
· ՀՀ նախագահի 01.09.1992 թվականին ընդունված թիվ ՆՀ-151 հրամանագրի35 նախաբանը սահմանում էր. «Հանրապետությունում համակարգային արմատական վերափոխումների ներկա փուլում, երբ դեռևս անկատար է օրենսդրությունը և կազմավորման ընթացքում նոր ժողովրդավարական կառույցները, երբ լուրջ վերափոխումների մեջ են հասարակական ողջ մտածողությունն ու հոգեբանությունը, պետության ու ժողովրդի համար առավել վտանգավոր են դառնում պաշտոնեական դիրքի չարաշահումներն ու կոռուպցիան: Այս երևույթները խանգարում են օրինականության սկզբունքների հաստատմանն ուղղված քայլերին, արգելակում տնտեսական բարեփոխումների ընթացքը, ոտնահարում քաղաքացիների օրինական իրավունքներն ու շահերը` հաճախ բացասական հասարակական կարծիք ստեղծելով պետական ապարատի գործունեության մասին: Ստեղծված պայմաններում պաշտոնեական դիրքի չարաշահումների և կոռուպցիայի դեմ պայքարն ուժեղացնելը օբյեկտիվ անհրաժեշտություն է: Այս խնդրի իրականացմանն ուղղված միջոցառումները, սահմանափակելով անբարեխիղճ պաշտոնատար անձանց սուբյեկտիվ մղումների շրջանակները, քաղաքացիների սահմանադրական իրավունքների ու ազատությունների, նրանց օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ են հանդիսանում»: Այս Հրամանագրով ՀՀ նախագահը մինչև «Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայության մասին» օրենքի ընդունումը, որոշել էր՝ «(...) 2. Պետական ծառայության անցնելիս քաղաքացիները պարտավոր են ներկայացնել հայտարարագիր բոլոր տեսակի եկամուտների, շարժական և անշարժ գույքի, արժեթղթերի, բանկերում ունեցած ավանդների, ինչպես նաև ֆինանսական բնույթի այլ պարտավորությունների մասին: (...) 3.Պետական ծառայողներին արգելել` ա) զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ. (...) գ) համատեղությամբ զբաղվել պաշտոնեական կարգավիճակով չնախատեսված գործունեությամբ (բացի գիտական, բժշկական, մանկավարժական, ստեղծագործական գործունեությունից) և ստանալ լրացուցիչ վարձատրություն, ձեռք բերել օրենքով չսահմանված իրավունքներ կամ արտոնություններ. դ) միջնորդների միջոցով զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ. (…)»:
· 04.12.2001 թվականին ՀՀ ազգային ժողովի կողմից ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի36 23-րդ հոդվածի 1-ին մասի թ) կետը սահմանում էր՝ քաղաքացիական ծառայողի հիմնական պարտականություններն են՝ օրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիր ներկայացնելը:
· 07.07.2006 թվականին ՀՀ ազգային ժողովի կողմից ընդունված «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքի (որի ընդունման նպատակը, ի թիվս այլնի, կոռուպցիայի դեմ պայքարի գործուն կառուցակարգերի ապահովումն էր (տե՛ս հիշյալ օրենքի 1-ին հոդվածը))37 5-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեին՝ քաղաքական ու հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք, պետական (քաղաքացիական ծառայություն, դատական ծառայություն, հատուկ ծառայություններ, ինչպես նաև դիվանագիտական և օրենքով նախատեսված այլ ծառայություններ) և տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայության մեջ գտնվող անձինք:
· 22.02.2007 թվականին ՀՀ ազգային ժողովի կողմից ընդունված՝ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի38 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն, ի թիվս այլնի, դատախազի հիմնական պարտականություններն էր՝ օրենքով սահմանված կարգով եկամուտների հայտարարագիր ներկայացնելը:
· 26.05.2011 թվականին ՀՀ ազգային ժողովի կողմից ընդունված՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի39 21-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն՝ հանրային ծառայողի հիմնական պարտականություններն էին՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով շահերի հայտարարագիր ներկայացնելը: Նույն օրենքի 32-րդ և 34-րդ հոդվածները սահմանում էին գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց մասին հայտարարագրման կանոնները:
5.15. Վերը նշված հղումների ցանկով Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում չի եղել մի ժամանակահատված, երբ պատշաճ ուշադրություն չի դարձվել կոռուպցիայի դեմ պայքարին կամ, որ հստակ չի եղել, թե ինչ վարքագծով պետք է առաջնորդվեն պաշտոնատար անձինք իրենց գույքային բարեվարքության հարցերում: Այդ կանոնները համապատասխանելով իրավական որոշակիության սկզբունքին՝ ընդհանուր առմամբ պարտավորեցրել են պաշտոնատար անձանց հայտարարագրելու իրենց ունեցվածքը և դրսևորելու պատշաճ գույքային բարեվարքություն:
5.16. Օրենքի 24-րդ հոդվածը բավարար ամուր երաշխիք է Պաշտոնատար անձանց համար ազատ լինելու իրենց պատկանող գույքի վերաբերյալ բացատրություններ տալուց մինչև որոշակի շեմի հատումը (տե՛ս վերը՝ 5.7.-րդ կետը): Այդ շեմը հատելիս Պաշտոնատար անձինք պետք է պատրաստ լինեն հստակ բացատրություն տալու, թե ինչ միջոցներով են ձեռք բերել իրենց պատկանող գույքը՝ հերքելով Օրենքով առաջ քաշված կանխավարկածը (տե՛ս վերը՝ 5.6.-րդ կետը) և լիարժեք օգտվելով Օրենսգրքով նախատեսված երաշխիքներից:
5.17. Իրավահարաբերության ծագման պահին գործող Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը սահմանում էր 51 հանցագործությունների ցանկ, որոնցից 33-ն այսպես թե այնպես վերաբերում էին կոռուպցիային (պաշտոնատար անձանց մասով)։ Ինչպես նշվեց վերը, կոռուպցիան ուղղված է հենց պետական իշխանության դեմ (որն այդ թվում կոչված է պայքարելու հանցավորության դեմ), և դրա դեմ պայքարը չի կարող շրջանցվել որևէ ընթացակարգային ձևականությամբ, ընդ որում այդ պայքարը պետք է իրականացվի ընթացակարգային երաշխիքների լիարժեք և արդյունավետ պահպանմամբ՝ չնսեմացնելով կողմերի դատավարական իրավունքները և ապահովելով արդար դատաքննության հիմնարար սկզբունքների պահպանումը: Այս առումով Վճռաբեկ դատարանը, կիսելով հանդերձ Սահմանադրական դատարանի այն դիրքորոշումը, ըստ որի՝ Օրենքով նախատեսված կառուցակարգերի և ընթացակարգերի կիրառմամբ միմյանց բացառող չեն և կարող են հանդես գալ ինչպես միմյանց համընկնելով կամ փոխլրացնելով (օրինակ՝ կոռուպցիոն բնույթի հանցանքներին առնչվող անձանց գործերով, որոնք Օրենքի իմաստով պաշտոնատար անձ են), այնպես էլ՝ առանձին-առանձին (տե՛ս վերը՝ 5.9.-րդ կետը), ամփոփում է վերն իր ասվածը, արձանագրելով՝ բոլոր այն դեպքերում, երբ ուսումնասիրություն սկսելու հիմք է հանդիսացել Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-4 կետերում նշված՝ հանցավորության դեմ պայքարի շրջանակներում առկա քրեական գործը և այդ քրեական գործով անցնում են Պաշտոնատար անձինք, որոնց մոտ ենթադրվում է, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք, ապա սկսված ուսումնասիրությունը չի կարող անտեսել այդ հանգամանքը և հարուցված վարույթը նախ և առաջ պետք է ընթանա Օրենքի՝ կոռուպցիայի դեմ պայքարի նպատակի շրջանակներում, անշուշտ՝ չբացառելով Օրենքի՝ հանցավորության դեմ պայքարի նպատակը: Այլ կերպ ասած՝ եթե Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերի հիմքում ընկած քրեական գործի համապատասխան հոդվածները վերաբերում են Պաշտոնատար անձանց, ապա ուսումնասիրությունը նախ և առաջ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումն է: Ասվածը բնավ չի խոչընդոտում իրավասու մարմնին ուսումնասիրությունը պայմանավորել Օրենքի երկու նպատակների՝ կոռուպցիայի դեմ պայքարի և հանցավորության դեմ պայքարի միախառնմամբ։ Միաժամանակ դատարանն առանց հայցի սահմաններից դուրս գալու (Non ultra petita) կաշկանդված չէ քննելու այդպիսի հայցը՝ հիմքում ունենալով Օրենքի՝ կոռուպցիայի դեմ պայքարի նպատակը:
Բ) Ի՞նչ պայմաններում է պաշտոնատար անձի ընտանիքի անդամների և այլ անձանց կողմից նրան նվիրատվության կամ օգնության կարգով (սեփականության իրավունքով) տրամադրված գույքը համարվում որպես օրինական եկամուտ և պաշտպանվում Սահմանադրությամբ:
5.18. Սահմանադրության 60-րդ հոդվածի սույն գործին վերաբերելի մասերը սահմանում են.
«1. Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:
4. Ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի»:
5.19. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին40» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը սահմանում է. «Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել նրան գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով։
Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար»:
5.20. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ը) ենթակետը սահմանում է. «Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները. (...) օրինական եկամուտ՝ (…) նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը (նաև դրամական միջոցները)»:
5.21. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը սահմանում է. «1. Նվիրատվության պայմանագրով մի կողմը (նվիրատուն) մյուս կողմի (նվիրառուի) սեփականությանն անհատույց հանձնում է կամ պարտավորվում է հանձնել գույք կա՛մ իրեն, կա՛մ երրորդ անձին ուղղված գույքային իրավունք (պահանջ), կամ ազատում է, կամ պարտավորվում է նրան ազատել իր կամ երրորդ անձի հանդեպ ունեցած գույքային պարտավորությունից։
Գույքի կամ իրավունքի հանդիպական հանձման կամ հանդիպական պարտավորության դեպքում պայմանագիրը նվիրատվություն չի համարվում: (…)։
2. Որևէ մեկին գույք կամ գույքային իրավունքներ անհատույց հանձնելու կամ որևէ մեկին գույքային պարտականությունից ազատելու խոստումը (նվիրատվության խոստումը) համարվում է նվիրատվության պայմանագիր և պարտավորեցնում է խոստացողին, եթե խոստումը տրվել է պատշաճ ձևով ու պարունակում է կոնկրետ անձին գույք կամ իրավունք ապագայում անհատույց հանձնելու կամ նրան գույքային պարտականությունից ազատելու մասին պարզ արտահայտված ցանկություն:
3. Իր ամբողջ գույքը կամ դրա մի մասը նվիրելու` առանց գույքի, իրավունքի կամ պարտականությունից ազատելու տեսքով նվիրատվության կոնկրետ առարկան նշելու խոստումը, առոչինչ է:
4. Նվիրատուի մահից հետո նվիրառուին նվերի հանձնում նախատեսող պայմանագիրն առոչինչ է:
Նման տեսակի նվիրատվության նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի` ժառանգման մասին կանոնները»:
5.22. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 595-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Նվիրատվության պայմանագիրը կնքվում է գրավոր»:
5.23. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 295-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բանավոր կարող են կնքվել կնքման պահին կատարվող բոլոր գործարքները, բացառությամբ այն գործարքների, որոնց համար սահմանված է նոտարական ձև, և այն գործարքների, որոնց հասարակ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրանց անվավերության, եթե այլ բան սահմանված չէ կողմերի համաձայնությամբ:
5.24. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը վեճի դեպքում կողմերին զրկում է ի հաստատումն գործարքի ու նրա պայմանների` վկաների ցուցմունքներ վկայակոչելու, սակայն նրանց չի զրկում գրավոր և այլ ապացույցներ ներկայացնելու իրավունքից:
5.25. Վկայակոչված հոդվածների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը նախ հարկ է համարում անդրադառնալ օրինական հիմքով ձեռք բերված սեփականության իրավունքի հարցերին, որից հետո կանդրադառնա Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ը) ենթակետի՝ որպես օրինական եկամուտ՝ նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքի (նաև դրամական միջոցների) հարցերին:
5.26. ՀՀ սահմանադրական դատարանն իր թիվ ՍԴՈ-1776 Որոշմամբ, անդրադառնալով սեփականության հիմնարար իրավունքին, նշել է.
«133. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ թեև 1995 թվականին ընդունված Սահմանադրության կամ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության՝ սեփականության հիմնական իրավունքին վերաբերող դրույթներն ուղղակի նշում չեն պարունակել Սահմանադրությամբ պաշտպանության ենթակա սեփականության ձեռքբերման օրինականության որակի մասին, այդուհանդերձ, Սահմանադրության համապատասխան դրույթների մեկնաբանության որևէ ընդունելի մեթոդ չի ընձեռում որևէ այլ եզրահանգման հնարավորություն, բացառությամբ նրանից, որ Հայաստանի Հանրապետությունում անկախության հռչակման պահից ի վեր իրավական պաշտպանության, իսկ 1995 թվականի հուլիսի 13-ից հետո՝ Սահմանադրության պաշտպանության ներքո եղել է բացառապես օրինական հիմքով ձեռք բերված սեփականությունը:
134. Այսպիսով, մինչև 2015 թվականի փոփոխությունները ևս Սահմանադրությամբ երբեք չի ճանաչվել ոչ օրինական հիմքով ձեռք բերված սեփականության իրավունքը, հետևաբար՝ այն զուրկ է եղել Սահմանադրության պաշտպանությունից: Նման պայմաններում Սահմանադրական դատարանը բացառում է ոչ օրինական հիմքով ձեռք բերված սեփականության նկատմամբ սահմանադրական պաշտպանության տարածումը: Ըստ էության՝ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման պահից ի վեր ոչ օրինական հիմքով ձեռք բերված գույքը երբևէ չի եղել իրավական պաշտպանության ներքո:
148. (…) Օրենքով հետապնդվող հանրային շահը հանրային ծառայության համակարգում կոռուպցիայի դեմ պայքարն է՝ դրա կանխարգելման միջոցով: Հետևաբար՝ որպես բռնագանձման ենթակա գույք պետք է դիտարկվի բացառապես Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի իմաստով այն գույքը, որը ձեռք է բերվել Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի իմաստով պաշտոնի ստանձման պահից հետո, քանի որ մինչ այդ ձեռք բերված գույքի բռնագանձումը դուրս է հանրային իշխանության համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի նպատակից»:
5.27. Սեփականության իրավունքի, որը երաշխավորված է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով, հարցերին անդրադարձել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ ՄԻԵԴ) իր մի շարք վճիռներում, որոնցից Վճռաբեկ դատարանն առանձնացնում է՝ Պակուրարն ընդդեմ Ռումինիայի գործը41 (այսուհետ՝ Պակուրարի գործ), ինչպես նաև առանձնացնում է՝ Գոգիտիձեն ընդդեմ Վրաստանի գործը42 (այսուհետ՝ Գոգիտիձեի գործ)՝ հաշվի առնելով, որ այդ գործերի փաստերն առավել նույնական են սույն գործին, մասնավորապես՝ թե՛ այդ գործերում, թե՛ սույն գործում խոսքը գնում է նախկին պաշտոնատար անձանց մասին, որոնց սեփականության իրավունքով պատկանող գույքերը քննության առարկա են դարձել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի՝ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում:
5.28. Պակուրարի գործով ՄԻԵԴ-ը նշել է.
«168. Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը, որը, ըստ էության, երաշխավորում է սեփականության իրավունքը, ներառում է երեք տարբեր կանոն։ Առաջին կանոնը, որն արտահայտված է առաջին պարբերության առաջին նախադասության մեջ, սահմանում է ընդհանուր առմամբ գույքից անարգել օգտվելու սկզբունքը։ Երկրորդ կանոնը, որը գտնվում է նույն պարբերության երկրորդ նախադասության մեջ, վերաբերում է գույքից զրկելուն և դա պայմանավորում է որոշակի պայմաններով։ Երրորդ կանոնը, որը ներառված է երկրորդ պարբերությունում, ճանաչում է Պայմանավորվող պետությունների իրավունքը՝ ի թիվս այլոց, վերահսկելու գույքի օգտագործումը՝ համաձայն ընդհանուր շահի։ Երկրորդ և երրորդ կանոնները, որոնք առնչվում են գույքից անարգել օգտվելու իրավունքի նկատմամբ միջամտության կոնկրետ դեպքերին, պետք է մեկնաբանվեն առաջին կանոնով սահմանված ընդհանուր սկզբունքի լույսի ներքո (տե՛ս, ի թիվս բազմաթիվ աղբյուրների, Immobiliare Saffi v. Italy [GC], no. 22774/93, § 44, ECHR 1999‑V)։
(...) 170.Գույքի բռնագրավմանը վերաբերող նախկին գործերում Դատարանը գտել է, որ դիմումատուների իրավունքների նկատմամբ միջամտությունը ընկնում է Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի երկրորդ պարբերության շրջանակում՝ թույլ տալով գույքի օգտագործման վերահսկողությունը հանրային շահի ներքո (տե՛ս, օրինակ, Telbis and Viziteu, մեջբերված վերևում, § 72)։ Այլ գործերում Դատարանը նման բռնագրավումը դիտարկել է որպես գույքից զրկելու միջոց, որը կարգավորվում է դրույթի առաջին պարբերության երկրորդ նախադասությամբ (տե՛ս S.C. Service Benz Com S.R.L. v. Romania, no. 58045/11, § 30, 4 July 2017)։
(...) 181.Կոնվենցիայով ճանաչված իրավունքի կամ ազատության անարգել գործածության նկատմամբ ցանկացած միջամտություն պետք է հետապնդի իրավաչափ նպատակ։ Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածին ներհատուկ «արդար հավասարակշռության» սկզբունքն ինքնին նախապայման է հանդիսանում համայնքի ընդհանուր շահի առկայության համար։ Քանի որ ազգային իշխանություններն ուղղակի գիտելիքներ ունեն իրենց հասարակության և դրա կարիքների վերաբերյալ, նրանք օգտվում են հայեցողության լայն շրջանակից՝ որոշելու համար, թե ինչն է համայնքի ընդհանուր շահերից բխող։ Ավելին, «հանրային շահ» հասկացությունն անհրաժեշտաբար ընդգրկուն է։ Դատարանը, բնական համարելով, որ սոցիալական և տնտեսական քաղաքականություն իրականացնող օրենսդիր մարմնին տրամադրվող հայեցողության շրջանակը պետք է լինի լայն, կհարգի օրենսդիր մարմնի դատողությունը, թե ինչն է «հանրային շահերից բխող», բացառությամբ այն դեպքերի, երբ այդ դատողությունն ակնհայտորեն զուրկ է ողջամիտ հիմքից (տե՛ս Könyv-Tár Kft and Others v. Hungary, no. 21623/13, § 45, 16 October 2018):
182. Անցնելով սույն գործին, Դատարանը նկատում է, որ վիճարկվող միջոցը մաս էր կազմում մի օրենսդրական շրջանակի, որն ուղղված էր կոռուպցիայի դեմ պայքարի ուժեղացմանը և հանրային պաշտոնում բարեվարքության ապահովմանը՝ ներպետական և միջազգային համատեքստում, որը խրախուսում էր և նույնիսկ հորդորում էր Ռումինիայում կոռուպցիայի դեմ պայքարում կոնկրետ քայլեր ձեռնարկել (տե՛ս վերը՝ կետեր 6, 7 և 102‑114)։ Ավելին, միջոցառումն իր հիմքն ուներ մի իրավական շրջանակում, որն ընդունվել էր Եվրոպական հանձնաժողովի կողմից Ռումինիայի՝ Եվրոպական միությանն անդամակցելու համատեքստում առաջադրված օրենքի գերակայության պահանջներին համապատասխանելու նպատակով (տե՛ս վերը՝ կետ 7)։ Հետևաբար, ինչպես Կառավարությունը, Դատարանը նույնպես գտնում է, որ սույն գործով բռնագրավման միջոցառումը կիրառվել է հանրային շահերին համապատասխան՝ պահպանելու հանրային պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքությունը և ապահովելու, որ տվյալ գույքի օգտագործումը որևէ առավելություն չապահովի դիմումատուի համար՝ ի վնաս համայնքի (համեմատե՛ք Telbis and Viziteu, մեջբերված վերևում, § 74):
(…) 185. Դատարանը հղում է կատարում նախորդ գործերին, որտեղ պահանջվել է քննել ակտիվների բռնագրավման վարույթները՝ առանց քրեական դատապարտման։ Այդ գործերում բռնագրավված գույքը ենթադրվել է, որ ամբողջությամբ կամ մասամբ ձեռք է բերվել կոռուպցիայի եկամուտներով կամ կազմակերպված հանցավորության հետ կապված այլ տեսակի հանցագործություններով, և Դատարանը, քննելով այդ վարույթները Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի համաչափության թեստի տեսանկյունից, բռնագրավման միջոցառումները համարել է համաչափ։ Սա այդպես է եղել նույնիսկ այն դեպքում, երբ բացակայել է դատավճիռ, որը հաստատում էր մեղքը՝ կապված թե՛ մեղադրյալ անձանց, թե՛ բռնագրավման ենթակա գույքի սեփականատերերի (եթե սեփականատերերը մեղադրյալներ չէին) հետ (տե՛ս, ի թիվս բազմաթիվ աղբյուրների, Gogitidze and Others, § 114, and Telbis and Viziteu, § 81, երկուսն էլ մեջբերված վերևում):
(...) 187. Դատարանը հետագայում նշում է, որ Թիվ 115/1996 և Թիվ 176/2010 օրենքների հիման վրա, որոնք ուղղված էին կոռուպցիայի դեմ պայքարին և հանրային ծառայողների բարեվարքության պաշտպանությանը, դիմումատուն, որպես հանրային ծառայող, պարտավոր էր հայտարարագրել իր ակտիվները և բացատրել դրանց աղբյուրը։ Կիրառելի իրավական շրջանակը և այդ շրջանակի ներպետական դատարանների հետևողական ու միասնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ դա չկատարելը կասկածի տակ կդներ տվյալ ակտիվների իրավաչափ աղբյուրը (տե՛ս վերև՝ կետ 101) և անհրաժեշտություն կառաջացներ պատժամիջոցներ կիրառելու՝ օրենքի շրջանակը պահպանելու համար։ Դիմումատուն չի պահպանել ակտիվների հայտարարագրերի վերաբերյալ իրավական դրույթները, և հետևաբար սկսվել է նրա ակտիվների աղբյուրը ստուգելուն ուղղված վարույթը (տե՛ս վերը՝ կետեր 8 և 13)։ Դատարանը հետագայում նշում է, որ տվյալ վարույթները հետևել են քաղաքացիական դատավարության հստակ և ընդհանուր կիրառելի կանոններին (տե՛ս վերը՝ կետ 59)։ Այս կապակցությամբ, Դատարանը գտնում է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ իր եզրահանգումները (տե՛ս վերը՝ կետեր 148-157) վերաբերելի են նաև Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի համատեքստում՝ այն հարցի առնչությամբ, թե արդյոք ներպետական վարույթը դիմումատուին տրամադրել է ողջամիտ հնարավորություն՝ ներկայացնելու իր գործը իշխանություններին՝ բռնագրավման միջոցն արդյունավետորեն վիճարկելու նպատակով (տե՛ս, mutatis mutandis, Veits, § 74, and Telbis and Viziteu, § 78, երկուսն էլ մեջբերված վերևում)»:
5.29. Ինչ վերաբերում է Գոգիտիձեի գործին ՄԻԵԴ-ը նշել է.
«96. Միջամտության՝ Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածին համատեղելի համարվելու էական պայմանն այն է, որ այն պետք է լինի օրինական. երկրորդ պարբերությունը ճանաչում է, որ Պետությունները իրավունք ունեն վերահսկելու գույքի օգտագործումը՝ կիրառելով «օրենքները»։ Ավելին, հանրային մարմնի կողմից գույքից անարգել օգտվելու իրավունքի նկատմամբ ցանկացած միջամտություն կարող է հիմնավորվել միայն այն դեպքում, եթե այն ծառայում է իրավաչափ հանրային (կամ ընդհանուր) շահի։ Քանի որ ազգային իշխանություններն ուղղակի գիտելիքներ ունեն իրենց հասարակության և դրա կարիքների վերաբերյալ, նրանք սկզբունքորեն ավելի լավ դիրքում են միջազգային դատավորից՝ որոշելու համար, թե ինչն է «հանրային շահերից բխող»։ Կոնվենցիայով սահմանված պաշտպանության համակարգի ներքո, հետևաբար, ազգային մարմինների գործն է կատարել սկզբնական գնահատումը՝ կապված հանրային մտահոգություն առաջացնող խնդրի առկայության հետ, որը հիմնավորում է գույքից անարգել օգտվելու իրավունքին միջամտող միջոցառումները (տե՛ս Terazzi S.r.l. v. Italy, no. 27265/95, § 85, 17 October 2002, and Wieczorek v. Poland, no. 18176/05, § 59, 8 December 2009):
97. Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածը նաև պահանջում է, որ ցանկացած միջամտություն ողջամտորեն համաչափ լինի հետապնդվող նպատակին։ Այլ կերպ ասած՝ պետք է հաստատվի «արդար հավասարակշռություն» համայնքի ընդհանուր շահի պահանջների և անհատի հիմնարար իրավունքների պաշտպանության պահանջների միջև։ Պահանջվող հավասարակշռությունը չի գտնվի, եթե շահագրգիռ անձը կամ անձինք ստիպված են եղել կրել անհատական և չափազանց ծանր բեռ (տե՛ս, ի թիվս բազմաթիվ այլ աղբյուրների, The Former King of Greece and Others v. Greece [GC], no. 25701/94, §§ 79 and 82, ECHR 2000-XII, and Jahn and Others v. Germany [GC], nos. 46720/99, 72203/01 and 72552/01, §§ 81‑94, ECHR 2005-VI)։ Ավելին, Պետությանը Կոնվենցիայի ներքո սովորաբար թույլատրվում է հայեցողության լայն շրջանակ՝ երբ խոսքը վերաբերում է քաղաքական, տնտեսական կամ սոցիալական ռազմավարության ընդհանուր միջոցառումներին, և Դատարանը, որպես կանոն, հարգում է օրենսդիր մարմնի քաղաքական ընտրությունը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այն «ակնհայտորեն զուրկ է ողջամիտ հիմքից» (տե՛ս Azienda Agricola Silverfunghi S.a.s. and Others v. Italy, nos. 48357/07, 52677/07, 52687/07 and 52701/07, § 103, 24 June 2014):
(…) 102. In rem քաղաքացիական վարույթի նպատակն էր կանխել անհիմն հարստացումը կոռուպցիայի միջոցով՝ որպես այդպիսին, հստակ ազդանշան ուղարկելով այն հանրային պաշտոնյաներին, ովքեր արդեն ներգրավված են կոռուպցիայի մեջ կամ մտածում են այդ մասին, որ իրենց ապօրինի արարքները, նույնիսկ եթե դրանք անպատիժ մնան քրեական արդարադատության համակարգի կողմից, այդուհանդերձ դրամական առավելություն չեն ապահովի ո՛չ իրենց, ո՛չ էլ իրենց ընտանիքների համար (տե՛ս, mutatis mutandis, Raimondo, մեջբերված վերևում, § 30; Veits, մեջբերված վերևում, § 71; and Silickienė v. Lithuania, no. 20496/02, § 65, 10 April 2012)։
103. Համապատասխանաբար, Դատարանը գտնում է, որ սույն գործով բռնագրավման միջոցառումն իրականացվել է համաձայն ընդհանուր շահի՝ ապահովելու, որ տվյալ գույքի օգտագործումն առավելություն չապահովի դիմումատուների համար՝ ի վնաս համայնքի (համեմատե՛ք նաև Phillips v. the United Kingdom, no. 41087/98, § 52, ECHR 2001‑VII)։
(…) 107. (...) Դատարանը նաև օրինաչափ է համարել համապատասխան ներպետական իշխանությունների համար՝ բռնագրավման որոշումներ կայացնելը՝ հիմնվելով ապացույցների գերակշռության վրա, որոնք հուշում էին, որ պատասխանողների օրինական եկամուտները բավարար չէին տվյալ գույքը ձեռք բերելու համար։ Իսկապես, ամեն անգամ, երբ բռնագրավման որոշումը եղել է in rem քաղաքացիական վարույթի արդյունք, որը վերաբերում էր լուրջ հանցագործություններից ստացված հանցավոր եկամուտներին, Դատարանը նման վարույթներում չի պահանջել գույքի ոչ իրավաչափ ծագման «աներկբա ապացույց» («beyond reasonable doubt»)։ Փոխարենը, հավանականությունների հավասարակշռման կամ ոչ իրավաչափ ծագման բարձր հավանականությունը, զուգորդված սեփականատիրոջ՝ հակառակն ապացուցելու անկարողությամբ, բավարար է համարվել Թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի ներքո համաչափության թեստի նպատակների համար»:
5.30. Ամբողջացնելով վերը նշվածը (տե´ս վերը՝ 5.18.-5.19.-րդ, 5.25.-5.29.-րդ կետերը)՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Սահմանադրության 60-րդ հոդվածը երաշխավորում է բացառապես այն սեփականության իրավունքը, որը ձեռք է բերվել օրինական հիմքով: Պաշտոնատար անձինք ողջամտության սահմաններում պետք է ցույց տան, որ գույքի նկատմամբ իրենց սեփականության իրավունքը ծագել է օրինական հիմքերով: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը նկատում է, որ Պաշտոնատար անձին պատկանող գույքը՝ կոռուպցիայի դեմ պայքարի նպատակի շրջանակներում կարող է Օրենքի ուշադրության կենտրոնում հայտնվել, եթե Պաշտոնատար անձն այդ գույքը ձեռք է բերել համապատասխան պաշտոնը ստանձնելուց հետո:
5.31. Վճռաբեկ դատարանը, փաստելով, որ Պաշտոնատար անձանց պատկանող գույքի բռնագանձումը ներառվում է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 2-րդ պարբերության շրջանակներում՝ գույքի օգտագործման վերահսկողության հանրային շահի ներքո, արձանագրում է, որ Պաշտոնատար անձինք պարտավոր են ամենայն ուշադրությամբ և զգոնությամբ հայտարարագրելու իրենց ակտիվները և բացատրելու դրանց ծագման աղբյուրը՝ օգտվելով Օրենսգրքով նախատեսված ողջ երաշխիքներից: Հարկ է նկատել, որ օրենսդիրը սահմանել է գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը (տե՛ս վերը՝ 5.6.-րդ կետը), ուստի Պաշտոնատար անձինք թույլատրելի ապացույցների միջոցով, ողջամտության սահմաններում, պետք է հերքեն այդ կանխավարկածը՝ հիմնավորելով, որ իրենց պատկանող գույքը չունի ապօրինի ծագում:
5.32. Հաջորդիվ, Վճռաբեկ դատարանն անցնում է Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ը) ենթակետի՝ որպես օրինական եկամուտ՝ նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքի (նաև դրամական միջոցների) հարցերի քննարկմանը՝ բացահայտելով հիշյալ նորմում օրենսդրի կողմից օգտագործված՝ նվիրատվություն և օգնություն իրավական եզրույթների բովանդակությունը (տե՛ս վերը՝ 5.20.-5.24.-րդ կետերը):
5.33. Նակինում, ՀՀ վճռաբեկ դատարանը, հիմքում ունենալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և 595-րդ հոդվածները, արտահատել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(…) Վերը նշված դրույթների վերլուծությունից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է նվիրատվության պայմանագրի երկու տեսակ՝ ռեալ, երբ պայմանագիրը կնքված է համարվում համապատասխան գույքը կամ գույքային իրավունքը (պահանջը) հանձնելու կամ գույքային պարտականությունից ազատելու պահից, և կոնսենսուալ, երբ մեկ կողմը (նվիրատուն) պարտավորվում է մյուս կողմին (նվիրառուին) հանձնել նվերն ապագայում: Այսինքն՝ նվիրատվության պայմանագրի կնքման պահը կարող է չհամընկնել այդ պայմանագրով տրամադրվող գույքի նկատմամբ իրավունքի փոխանցման հետ: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման դեպքում առաջանում է պարտավորական իրավահարաբերություն, որի բովանդակությունն է կազմում նվիրատուի պարտականությունը ապագայում ավելացնել նվիրառուի գույքն իր գույքի նվազման հաշվին մի կողմից և նվիրառուի՝ գույքը պահանջելու իրավունքը մյուս կողմից43»:
5.34. Վկայակոչված նորմերի լույսի ներքո (տե՛ս վերը՝ 5.20.-5.24.-րդ կետերը), հիմքում ունենալով ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած դիրքորոշումները44, Վճռաբեկ դատարանը հարցը կդիտարկի երկու ուղղությամբ՝ ա) նվիրատվության ռեալ պայմանագիր և բ) նվիրատվության կոնսենսուալ պայմանագիր:
5.35. Մինչ այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործարքը որպես նվիրատվություն որակելու համար պետք է համապատասխանի հետևյալ օբյեկտիվ չափանիշներին. 1) նվիրատուի մտադրությունը (Animus Donandi), որ նա ազատ արտահայտված կամքի միջոցով նվազեցնում է իր սեփական գույքը՝ ավելացնելով նվիրառուի գույքը, 2) անհատույց լինելը (Gratuitousness), ըստ որի՝ նվիրատվության դիմաց նվիրատուն չի ստանում որևէ հանդիպական բավարարում, 3) նվիրառուի համաձայնությունը (Acceptance), ըստ որի՝ նվիրառուն ազատ արտահայտված կամքի միջոցով համաձայն է ընդունել կամ կոնկլյուդենտ գործողությունով ընդունում է գույքը, 4) գույքի փաստացի (ռեալ) կամ ապագայում (կոնսենսուալ) փոխանցումը, ըստ որի՝ գույքը տվյալ պահին կամ հետագայում փոխանցվում է նվիրառուին:
5.36. Նվիրատվության ռեալ պայմանագրի դեպքում (Նվիրատվության պայմանագրով մի կողմը (նվիրատուն) մյուս կողմի (նվիրառուի) սեփականությանն անհատույց հանձնում է գույք) նվիրատուն գույքը տվյալ պահին փոխանցում է նվիրառուին, իսկ նվիրառուն ընդունում է այն: Այսինքն՝ նվիրատվության պայմանագիրը կնքված է համարվում համապատասխան գույքը փոխանցելու և այն նվիրառուի կողմից ընդունելու պահին: Այս գործարքի դեպքում գրավոր պայմանագիր կնքելու պարտադիր պահանջ առկա չէ (տե՛ս վերը՝ 5.23.-րդ կետը), սակայն վեճ առաջանալու դեպքում շահագրգիռ կողմերը պարտավոր են թույլատրելի ապացույցների միջոցով ապացուցելու նվիրատվության փաստը (այդ թվում նաև՝ վկաների ցուցմունքներով): Այլ է հարցը նվիրատվության կոնսենսուալ պայմանագրի դեպքում, մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասում նշված՝ «կամ պարտավորվում է հանձնել գույք կա՛մ իրեն, կա՛մ երրորդ անձին ուղղված գույքային իրավունք (պահանջ), (...) կամ պարտավորվում է նրան ազատել իր կամ երրորդ անձի հանդեպ ունեցած գույքային պարտավորությունից», ինչպես նաև նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված. «Որևէ մեկին գույք կամ գույքային իրավունքներ անհատույց հանձնելու կամ որևէ մեկին գույքային պարտականությունից ազատելու խոստումը (նվիրատվության խոստումը)» (տե՛ս վերը՝ 5.21.-րդ կետը) իրենից ենթադրում է գրավոր պայմանագրի առկայություն: Վճռաբեկ դատարանն այս առումով ավելորդ է համարում մանրամասն անդրադառնալ նվիրատվության այն պայմանագրերին, որոնց համար օրենքով նախատեսված է նոտարական վավերացման և/կամ պետական գրանցման պարտադիր պահանջ՝ փաստելով միայն, որ բոլոր այն դեպքերում, երբ օրենսդիրը նվիրատվության գործարքի համար նախատեսել է նոտարական վավերացման, պետական գրանցման պահանջ կամ օրենքով նշել է, որ նվիրատվության պայմանագրի կոնկրետ ձևը չպահպանելը հանգեցնում է այդ գործարքի անվավերության, ապա նմանատիպ նվիրատվության գործարքը պետք է աներկբա համապատասխանի այդ պահանջներին:
5.37. Նվիրատվության կոնսենսուալ գործարքի դեպքում պայմանագրի գրավոր ձևի չպահպանումը վեճի դեպքում շահագրգիռ անձանց զրկում է ի հաստատումն գործարքի ու նրա պայմանների` վկաների ցուցմունքներ վկայակոչելու, սակայն նրանց չի զրկում գրավոր և այլ ապացույցներ ներկայացնելու իրավունքից (տե՛ս վերը՝ 5.24.-րդ կետը):
5.38. Հիմքում ունենալով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ը) ենթակետի՝ «Նվիրատվության (...) կարգով ստացված գույքը (նաև դրամական միջոցները)» հասկացության ներքո անհրաժեշտ է նախ և առաջ պարզել նվիրատվությունն իրականացվել է ռեալ պայմանագրի հիման վրա, թե՝ կոնսենսուալ: Ինչպես նշվեց վերը, ռեալ պայմանագրի դեպքում այդ փաստը կարող է ապացուցվել քաղաքացիական դատավարության օրենսգրքով թույլատրված ցանկացած ապացույցով (ներառյալ՝ վկաների ցուցմունքներով), իսկ կոնսենսուալ պայմանագրի դեպքում՝ անհրաժեշտ է գրավոր պայմանագրի առկայություն (դրա բացակայության դեպքում այլ գրավոր և այլ ապացույցներ (տե՛ս վերը՝ 5.24.-րդ կետը)): Դատարանն առանձնակի ուշադրություն պետք է դարձնի, թե ինչ պայմաններում է կողմերի միջև կնքվել նվիրատվության պայմանագիրը, արդյո՞ք առկա են վերը` 5.35-րդ կետում նշված օբյեկտիվ չափանիշները, թե՝ ոչ, ի՞նչ եղանակով է գույքը փոխանցվել նվիրառուին, արդյո՞ք նվիրատուն սեփականության իրավունքով տիրապետել է այն գույքին, որը նվիրատվությամբ փոխանցել է նվիրառուին: Հարկ է ուշադրություն դարձնել, որ վերը նշված չափանիշներից մեկի բացակայության դեպքում խոսք չի կարող գնալ նվիրատվության գործարքի մասին: Դատարանը նվիրատվության փաստը հաստատելիս առաջնորդվում է՝ հավանականությունների հավասարակշռման ապացուցման ստանդարտով (տե՛ս ստորև՝ 5.71.-5-72.-րդ կետերը)՝ նկատի ունենալով, որ բոլոր դեպքերում խոսքը ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի մասին է (տե՛ս վերը՝ 5.6.-րդ կետը) և պատասխանողները հստակ պետք է ցույց տան այն հանգամանքները, որոնց պայմաններում կնքվել է նվիրատվության պայմանագիրը:
5.39. Գալով Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ը) ենթակետում օրենսդրի կողմից օգտագործված՝ «օգնության կարգով ստացված գույքը (նաև դրամական միջոցները)» իրավական եզրույթի բովանդակության բացահայտմանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը: «Օգնություն» բառը հայերեն բացատրական բառարանում նշանակում է օգնելը, օգնականություն, մեկին աշխատակցելը՝ նրա գործը հեշտացնելը կամ արագացնելու համար, իսկ երկրորդ իմաստով՝ նպաստ, օժանդակություն45:
5.40.Առհասարակ մասնավոր իրավունքում «օգնություն» եզրույթն ունի որոշակի կոնկրետացված իրավական նշանակություն, այն ոչ թե գործարքի տեսակ է (ինչպես նվիրատվությունը), այլ ավելի շատ պարտավորության տեսակ46, և այս պարտավորությանը բնորոշ է ընդհանուր մի պայման՝ օգնություն ստացողը հայտնվել է կյանքի այնպիսի մի հանգամանքներում, որ անհրաժեշտ է այլ անձանց օգնությունն այդ հանգամանքները հաղթահարելու համար:
5.41. Վճռաբեկ դատարանը բացառապես Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ը) ենթակետի իմաստով, հաշվի առնելով նաև օրենսդրի կողմից տարբեր օրենքներում կիրառված՝ «օգնություն» եզրույթը, արձանագրում է, որ օգնության կարգով ստացված գույքը (ներառյալ՝ դրամական միջոցները) պետք է համապատասխանի հետևյալ օբյեկտիվ չափանիշներին․ 1) օգնություն ստացողի «փաստացի կարիքը», որը դրսևորվում է նրանում, որ պետք է առկա լինի կոնկրետ օբյեկտիվորեն գոյություն ունեցող ստուգելի կարիք: Առանց կարիքի՝ փոխանցված գույքն Օրենքի իմաստով չի կարող համարվել «օգնություն»: 2) Օգնություն տրամադրողի գույքային հնարավորությունը, որը դրսևորվում է նրանում, որ օգնություն տրամադրողն ունի բավարար օրինական միջոցներ՝ որպես օգնություն գույքը փոխանցելու համար: 3) Օգնություն տրամադրողի և ստացողի միջև կապը, որը դրսևորվում է նրանում, որ պետք է լինի այնպիսի կապ (ընտանեկան, արյունակցական, մտերիմ ընկերական, խնամակալական և այլն), որը տրամաբանական և հավանական է դարձնում նման գույքի փոխանցումը: 4) Փաստացի կարիքի և որպես օգնություն փոխանցված գույքի միջև ողջամիտ համամասնությունը, որը դրսևորվում է նրանում, որ տրամադրված օգնության չափը պետք է ողջամիտ և համամասնական լինի հիմնավորված կարիքը հոգալու համար:
5.42. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավակիրառ պրակտիկան պետք է զարգանա այնպես, որ մինչև Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ը) ենթակետի հիման վրա որպես սեփականություն փոխանցված գույքն օրինական եկամուտ դիտարկելը, նախ պարզվի փոխանցված գույքը նվիրատվություն է, թե օգնություն՝ վերը նշված չափանիշներին (տե՛ս վերը՝ 5.35-րդ և 5.41.-րդ կետերը) համապատասխան: Վճռաբեկ դատարանն ավելորդ չի համարում կրկնել, որ այս չափանիշները բացառապես վերաբերելի են Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ը) ենթակետին:
5.43. Ամփոփելով վերը ողջ ասվածը (տե՛ս վերը՝ 5.4.-5.42.-րդ կետերը)՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Պաշտոնատար անձինք իրենց գույքային բարեվարքությունը կազմակերպելիս, այդ թվում՝ նվիրատվության կամ օգնության կարգով որպես սեփականություն գույք ձեռք բերելիս, գտնվում են ավելի ինտենսիվ հանրային և իրավական վերահսկողության ներքո՝ ի հաշիվ հանրային շահի պաշտպանության: Այս առումով Պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվում են հաշվետվողականության ավելի խիստ չափանիշներ, որոնք պայմանավորված են նրանց կողմից իրականացվող հանրային լիազորություններով և հանրային շահի գերակայությամբ: Վճռաբեկ դատարանը վերը (տե՛ս վերը՝ 5.15.-րդ կետը) ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունում չի եղել մի ժամանակահատված, որ հանրային ծառայողների (այդ թվում՝ Պաշտոնատար անձանց) գործունեության թափանցիկությունն ու գույքային բարեվարքությունը չլիներ իրավական կարգավորման առարկա: Հետևապես, Պաշտոնատար անձինք թեև բոլորի հետ համահավասար օգտվում են օրինական հիմքերով ձեռք բերված սեփականությունից, սակայն երբ Օրենքի իմաստով հարց է բարձրանում գույքի ապօրինի ծագում ունենալու մասին, ապա ողջամտության սահմաններում պետք է հստակ բացատրություն տան իրենց պաշտոնավարման ընթացքում և դրանից հետո ձեռք բերված գույքի վերաբերյալ:
5.44. Միաժամանակ, բոլոր այն դեպքերում, երբ Պաշտոնատար անձինք իրենց գույքի ծագման աղբյուրը կփորձեն հիմնավորել նվիրատվության կամ օգնության կարգով ստացված (ներառյալ դրամական միջոցները), պետք է հստակ ցույց տան այն հանգամանքները, որոնց առկայությամբ պայմանավորված նրանք որպես նվիրատվություն կամ օգնություն ստացել են այդ գույքը՝ օգտվելով քաղաքացիա-դատավարական օրենսդրության ընձեռած ողջ գործիքակազմից:
Գ) Արդյո՞ք իրավասու մարմինն Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա կարող է պահանջ ներկայացնել համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 4-րդ մասի՝ ամուսիններից մեկի գույքը որպես համատեղ սեփականություն ճանաչելու վերաբերյալ։
5.45. Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Հայցվորի կողմից հայցադիմումով կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով հայցի առարկան և (կամ) հիմքը փոփոխելու միջոցով կարող է ներկայացվել նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի հետ կապված ցանկացած այլ պահանջ, այդ թվում` առ ոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման, վիճահարույց գործարքի անվավեր ճանաչման, դրա անվավերության հետևանքների կիրառման պահանջ, կամ վիճարկվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի համար նշանակություն ունեցող ցանկացած պայմանագրի կնքված լինելու հանգամանքը: (...)»:
5.46. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրավասու մարմինը կարող է ձեռնարկել սույն օրենքով նախատեսված միջոցներ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի հարուցման ուղղությամբ, եթե առկա են բավարար հիմքեր` ենթադրելու, որ անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք, որի արժեքն ուսումնասիրության տվյալներով գերազանցում է սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված շեմը:
5.47. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ամուսիններից յուրաքանչյուրի գույքը կարող է ճանաչվել նրանց համատեղ սեփականություն, եթե պարզվի, որ ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր գույքի կամ մյուս ամուսնու անձնական գույքի հաշվին կատարվել են ներդրումներ, որոնք նշանակալի չափով ավելացրել են այդ գույքի արժեքը (հիմնական վերանորոգում, վերակառուցում, վերասարքավորում և այլն), եթե այլ բան նախատեսված չէ ամուսինների միջև կնքված պայմանագրով:
5.48. Վճռաբեկ դատարանը նախ արձանագրում է, որ Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասում օրենսդրի կողմից նշված. «հայցադիմումով (...) կարող է ներկայացվել նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի հետ կապված ցանկացած այլ պահանջ» հասկացությունն ունի միայն մեկ սահմանափակում, այն է՝ ցանկացած նյութաիրավական պահանջ պետք է բխի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման՝ նյութաիրավական պահանջից: Նշվածի համար հիմք է հանդիսանում ոչ միայն Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասում օգտագործված՝ «ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի հետ կապված» հասկացությունը, այլև Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը, որը հստակ գծում է այն սահմանները, որոնց շրջանակներում իրավասու մարմինը կարող է հայց ներկայացնել դատարան:
5.49. Ասվածի համատեքստում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավասու մարմինն ազատ է ինչպես հայցադիմումով, այնպես էլ հետագայում՝ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ հայցի հիմքի և առարկայի փոփոխության շրջանակներում ներկայացնելու ցանկացած պահանջ, որը բխում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջից: Բոլոր դեպքերում, երբ վեճ է առաջանում, թե որքանով է երկրորդական պահանջը կապված հիմնական՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի հետ, ապա իրավասու մարմինը պետք է հիմնավորի այդ կապը:
5.50. Ինչ վերաբերում է այն հարցին, որ օրենսդիրը «ցանկացած պահանջ» տերմինից հետո օգտագործել է «այդ թվում՝ առ ոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման, վիճահարույց գործարքի անվավեր ճանաչման, դրա անվավերության հետևանքների կիրառման պահանջ, կամ վիճարկվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի համար նշանակություն ունեցող ցանկացած պայմանագրի կնքված լինելու հանգամանքը» հասկացությունները, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ թվարկումը չի կարող սահմանափակել կամ ուղղորդել «ցանկացած պահանջ» տերմինի ներքո ներկայացվող պահանջները, քանի որ այդ թվարկումը չի կարող համարվել սպառիչ: Օրենսդրի կողմից օգտագործված՝ «ցանկացած այլ պահանջ»-ից հետո օգտագործված՝ «այդ թվում» տերմինը ցույց է տալիս որոշակի ընդգծող, բայց ոչ սահմանափակող կամ ուղղորդող կանոն: «Ցանկացած այլ պահանջ» հասկացությունը թույլ է տալիս դատարանին ճանաչել նաև այլ նյութաիրավական պահանջները որպես ընդունելի (Numerus Apertus), միակ սահմանափակումը, ինչպես նշվեց վերը, այն է, որ այդ պահանջները պետք է բխեն հիմնական պահանջից (տե՛ս վերը՝ 5.48.-րդ կետը):
5.51. Ասվածի լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավասու մարմինը լիովին ազատ է, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 4-րդ մասի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում, պահանջ ներկայացնելու համապատասխան գույքը որպես համատեղ սեփականություն ճանաչելու վերաբերյալ:
5.52. Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ գույքը համատեղ սեփականություն կարող է ճանաչվել միայն այն դեպքում, երբ ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր գույքի կամ մյուս ամուսնու անձնական գույքի հաշվին կատարվել են ներդրումներ, որոնք նշանակալի չափով ավելացրել են այդ գույքի արժեքը:
5.53. Նախկինում ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառման համար անհրաժեշտ պայմանների մեկնաբանությանը՝ նշելով. «(…) Ամուսնության ընթացքում ամուսիններից մեկին սեփականության իրավունքով պատկանող գույքը կարող է ճանաչվել ամուսինների համատեղ սեփականության իրավունքը հետևյալ վավերապայմանների միաժամանակյա առկայության դեպքում՝
ա) ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր գույքի կամ մյուս ամուսնու անձնական գույքի հաշվին ներդրումներ կատարելը.
բ) գույքի արժեքի նշանակալի չափով ավելանալը.
գ) կատարված ներդրման և արժեքի ավելացման միջև պատճառահետևանքային կապի առկայությունը (...):
(…) Ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր գույքի կամ մյուս ամուսնու անձնական գույքի հաշվին ներդրումներ կարող են դրսևորվել դրամական միջոցներ տրամադրելով, գույքի արժեքի նշանակալի չափով ավելացմանը հանգեցնող բնեղեն միջոցներ տրամարդելով, ինչպես նաև սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնող ամուսնու անձնական աշխատանքի միջոցով, որի արդյունքում առկա դրամական կամ այլ ռեսուրսների հետ միասին իրականացվել է հիմնական վերանորոգում, վերակառուցում, վերասարքավորում և այլն:
Անդրադառնալով գույքի արժեքի նշանակալի չափով ավելացմանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ գույքի արժեքի նշանակալի չափով ավելանալը կարող է դրսևորվել գույքի վրա կատարված որոշակի փոփոխություններով, որոնք ավելացնում են գույքի որակական (շահագործման, սպառողական և այլ) հատկանիշները և, հետևաբար, նաև գույքի արժեքը:
Օրենսդիրն ընդհանուր կերպով թվարկում է այն գործողությունները, որոնք կարող են հանգեցնել գույքի արժեքի նշանակալի չափով ավելացմանը: Դրանք դրսևորվում են հիմնական վերանորոգման, վերակառուցման, վերասարքավորման ձևերով, որոնք, սակայն, սպառիչ չեն:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վերոնշյալ պայմանի ապահովման համար անհրաժեշտ է որոշել գույքի շուկայական արժեքը՝ մինչև ներդրումներ կատարելը և դրանից հետո:
ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նաև հավելել, որ գույքի արժեքի ավելացումը պետք է լինի նշանակալի, ինչը յուրաքանչյուր գործով գնահատման ենթակա հանգամանք է:
Անդրադառնալով կատարված ներդրման և արժեքի նշանակալի ավելացման միջև պատճառահետևանքային կապի առկայության պայմանին՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն վերը նշված երկու պայմանների տրամաբանական շարունակությունն է, ուստի միայն վերը նշված երկու պայմանների առկայությունից հետո դատարանը պետք է քննարկի պատճառահետևանքային կապի առկայությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ներկայացված հայցի հիմքի շրջանակներում յուրաքանչյուր գործով դատարանները պետք է քննարկման առարկա դարձնեն ամուսիններից մեկի ներդրման առկայությունը, դրա արդյունքում գույքի արժեքի նշանակալի չափով ավելացումը կամ ամուսինների ընդհանուր գույքի հաշվին ներդրման առկայությունը և դրա արդյունքում գույքի արժեքի նշանակալի չափով ավելացումը47»:
5.54. Մեկ այլ գործով ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է. «(…) Ներկայացված հայցի հիմքի շրջանակներում յուրաքանչյուր գործով դատարանները պետք է քննարկման առարկա դարձնեն ամուսիններից մեկի ներդրման առկայությունը, դրա արդյունքում գույքի արժեքի նշանակալի չափով ավելացումը կամ ամուսինների ընդհանուր գույքի հաշվին ներդրման առկայությունը և դրա արդյունքում գույքի արժեքի նշանակալի չափով ավելացումը: Ըստ այդմ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 4-րդ կետի կիրառման համար անհրաժեշտ է հիմնավորել, որ գույքի արժեքի նշանակալի ավելացումը պայմանավորված է ներդրումներով, որոնք հանգեցրել են գույքի շուկայական արժեքի բարձրացմանը: Հետևաբար գույքի արժեքի ավելացման (թեկուզև նշանակալի) այլ գործոններն առանձին չեն կարող հիմք հանդիսանալ վերոնշյալ հոդվածի կիրառման համար (օրինակ՝ գույքի շուկայական արժեքի բարձրացումը՝ պայմանավորված տնտեսական գործոններով (գնաճ))48»:
5.55. Ամփոփելով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև իրավասու մարմինն Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա կարող է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում պահանջ ներկայացնել՝ ամուսիններից մեկի կողմից ձեռք բերված գույքը որպես համատեղ սեփականություն ճանաչելու վերաբերյալ, սակայն այդ պահանջը կարող է բավարարվել դատարանի կողմից, եթե առկա են դրա համար անհրաժեշտ ողջ փաստակազմը (տե՛ս վերը՝ 5.53.-րդ կետը): Միաժամանակ, գույքի վրա կատարված ներդրումները դեռևս հիմք չեն այն համատեղ սեփականություն ճանաչելու համար, եթե դրա արդյունքում այդ գույքի արժեքը նշանակալի չափով չի ավելացել (տե՛ս վերը՝ 5.54.-րդ կետը):
Դ) Ի՞նչ ծավալով և սահմաններում է դատարանը գնահատում գործում առկա ապացույցները` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթում (դատավարական իրավունքի հարցեր)։
5.56.Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
5.57. Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
5.58.Օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
5.59.Օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե` դատական ակտը չունի պատճառաբանական մաս:
Օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից` դատական ակտը ենթակա է բեկանման, եթե առկա են սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ և 11-րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը:
5.60. Օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ակտը պետք է լինի օրինական: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական ակտը պետք է լինի հիմնավորված և պատճառաբանված, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով:
5.61. Օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ակտը պատճառաբանված է, եթե դրանում արտացոլված են ապացույցների գնահատման, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական ակտը չի կարող պատճառաբանվել ենթադրություններով՝ բացառությամբ այնպիսի ենթադրությունների, որոնք թույլատրելի են օրենքում ամրագրված կանխավարկածներով:
5.62. Oրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:
5.63.Օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը սահմանում է, որ ապացույցի տեսակ է հանդիսանում վկայի ցուցմունքը։
Օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վկա կարող է լինել ցանկացած ֆիզիկական անձ, որին կարող է հայտնի լինել տվյալ գործի լուծման համար նշանակություն ունեցող որևէ փաստի մասին տեղեկություն։
5.64. Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը գործին մասնակցող անձի միջնորդությամբ կարող է թույլատրել տվյալ անձին ցուցմունք տալ գործի լուծման համար նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա փաստերի վերաբերյալ` նույն օրենսգրքով վկայի ցուցմունքի համար սահմանված կարգով` հաշվի առնելով նույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը նախազգուշացնում է գործին մասնակցող անձին սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության մասին։ Դատարանը գործին մասնակցող անձից ստորագրություն է վերցնում նախազգուշացման մասին, որը կցվում է դատական նիստի արձանագրությանը:
5.65.Օրենքի 22-րդ հոդվածի 2-4-րդ մասերը համապատասխանաբար սահմանում են
«2. Դատարանը կարող է կայացնել վճիռ` հիմք ընդունելով գույքի` ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, եթե գործի քննության արդյունքում հայցվորն ապացուցում է, որ պատասխանողին պատկանող գույքը, այդ թվում` մեկ միավոր գույքը, մի քանի միավոր գույքը կամ մեկ միավոր գույքի բաժինը, չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրների վերաբերյալ տվյալներով:
3. Պատասխանողը կարող է հերքել գույքի` ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը` ներկայացնելով օրինական եկամուտներով գույքի ձեռքբերումը հիմնավորող ապացույցներ:
4. Այն դեպքերում, երբ փաստերը, օրենքի կամ նորմատիվ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, անձը չի կրում իր կողմից ապացուցման ենթակա փաստը վիճելի մնալու բացասական հետևանքները, եթե ապացուցում է, որ տվյալ ապացույցը ոչնչացվել է կամ կորել է ոչ իր մեղքով»:
5.66. Վկայակոչված նորմերի լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը նախ հարկ է համարում անդրադառնալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում ապացուցման ստանդարտի առանձնահատկություններին, որից հետո կանդրադառնա վերաքննության կանոններին՝ վերահաստատելով նախկինում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված դիրքորոշումները:
5.67. Օրենքի հիմնավորումներում օրենսդիրը բացահայտել է Օրենքի շրջանակներում ապացուցման ստանդարտի հարցերը՝ նշելով. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջը, կարող է ներկայացվել և քննվել ՀՀ քաղաքացիական դատավարության կարգով: Համապատասխանաբար օրենքի նախագիծը կարգավորում է հայցի ներկայացման համար նյութերի և ապացույցների հավաքման ընթացքը՝ կանխատեսելի դարձնելով իրավասու պետական մարմնի գործողությունների հերթականությունը, ինչպես նաև նախատեսում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի քննության դատավարական առանձնահատկությունները: Այդ թվում, հաշվի առնելով, որ ներպետական օրենսդրությունը և դատական պրակտիկան չեն որդեգրել քաղաքացիական գործերով կիրառելի ապացուցողական չափանիշի վերաբերյալ հստակ կանոններ, օրենքի նախագիծը բռնագանձման պահանջի քննության համար որդեգրել է հավանականությունների հավասարակշռման չափանիշը: Չնայած տվյալ չափանիշը որպես կանոն կիրառվում է ընդհանուր իրավունքի երկրներում, այն բխում է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի էությունից և թույլ է տալիս, ինչպես պետությանը, այնպես էլ գործին մասնակցող այլ անձանց, ավելի ցածր ապացուցողական չափանիշը հաղթահարելով, ապացուցել այն փաստերը, որոնց մասով վերջիններս կրում են ապացուցման պարտականություն49»:
5.68. Վենետիկի հանձնաժողովն իր խորհրդատվական կարծիքում նշել է. «Ինչ վերաբերվում է ապացուցման ստանդարտին, ապա ՄԻԵԴ-ը իրավաչափ է համարել համապատասխան ներպետական մարմինների կողմից բռնագանձման մասին որոշումների ընդունման այնպիսի ապացույցների գերակշռման հիման վրա, որոնք վկայում են, որ պատասխանողների օրինական եկամուտները չէին կարող նրանց բավարարել՝ խնդրո առարկա գույքը ձեռք բերելու համար: Իրականում, երբ գույքի բռնագանձման մասին վճիռը կայացվել է ծանր հանցանքների կատարմամբ ձեռք բերված միջոցներին առնչվող քաղաքացիական դատավարության արդյունքներով, Դատարանը նման վարույթների շրջանակներում գույքի ապօրինի ծագման՝ «ողջամիտ կասկածից վեր» ապացուցման ստանդարտ չի պահանջել: Փոխարենը, գույքի ապօրինի ծագում ունենալու՝ հավանականությունների հավասարակշռման կամ ապօրինի ծագման բարձր հավանականության ստանդարտները՝ զուգորդված հակառակն ապացուցելու սեփականատիրոջ հնարավորության հետ, բավարարել են 1-ին արձանագրության 1-ին հոդվածով նախատեսված համաչափության պահանջը50: (...) Ապօրինի ծագում ունեցող գույքի քաղաքացիական բռնագանձման համակարգերը նպատակաուղղված են ապահովելու, որ հիմնական հարցը (այն է՝ արդյոք գույքը ձեռք է բերվել հանցավոր կամ այլ ապօրինի գործողության արդյունքում) լուծվի ապացուցման՝ «հավանականությունների հավասարակշռման» ստանդարտի, այլ ոչ ապացուցման՝ «ողջամիտ կասկածից վեր» քրեադատավարական ստանդարտի կիրառմամբ51»:
5.69. ՀՀ սահմանադրական դատարանն իր թիվ ՍԴՈ-1776 Որոշմամբ, անդրադառնալով Օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված ապացուցման կանոններին, նշել է. «234. Սահմանադրական դատարանը նշում է, որ Օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված ապացուցման կանոնները, ըստ էության, հանգում են հետևյալին. 1. Իրավասու մարմինն առաջնահերթորեն պետք է ապացուցի, որ անձին պատկանող գույքը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրների մասին տվյալներով: 2. Գույքի ձեռքբերումն օրինական եկամուտների աղբյուրների մասին տվյալներով չհիմնավորվելը ձևավորում է գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, որի չհերքվելու պայմաններում դատարանն իրավասու է վճիռ կայացնել գույքի բռնագանձման մասին: 3. Անձը հնարավորություն ունի հերքել գույքի` ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը` ներկայացնելով օրինական եկամուտներով գույքի ձեռքբերումը հիմնավորող ապացույցներ: 4. Երբ փաստերը, օրենքի կամ նորմատիվ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, անձը չի կրում իր կողմից ապացուցման ենթակա փաստը վիճելի մնալու բացասական հետևանքները, եթե ապացուցում է, որ տվյալ ապացույցը ոչնչացվել է կամ կորել է ոչ իր մեղքով:
235. ՄԻԵԴ-ը նշել է, որ «Յուրաքանչյուր իրավական համակարգ ճանաչում է փաստի կամ իրավունքի կանխավարկածներ և սկզբունքորեն Կոնվենցիան դրանք չի արգելում52: Այսինքն` փաստի կամ իրավունքի մասին կանխավարկածների սահմանումն ինքնին ՄԻԵԿ-ով նախատեսված որևէ, ներառյալ արդար դատաքննության, իրավունքի խախտման չի հանգեցնում:
236. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենքը մեքենաբար չէ, որ սահմանում է գույքի` ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը. այն ձևավորվում է, երբ իրավասու մարմինն ապացուցում է, որ գույքը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրների վերաբերյալ տվյալներով: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը փաստում է` գույքն օրինական եկամտի աղբյուրների վերաբերյալ տվյալներով չհիմնավորվելը, վերը նշված որևէ հանրային շահի շրջանակում իրականացվող միջոցառումների համատեքստում, արդեն իսկ ծանրակշիռ գործոն է գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկած ձևավորելու համար:
237. Գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկածի ձևավորման անհրաժեշտ շեմի հաղթահարումից հետո Օրենքը պատասխանողին, միևնույն է, հնարավորություն է ընձեռում ներկայացնելու ապացույցներ, որոնք կհիմնավորեն գույքի ձեռքբերումն օրինական եկամուտներով, որպիսի պարագայում կանխավարկածը կհերքվի: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը կարևորում է նաև Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորումը, որի համաձայն` փաստը միայն որոշակի ապացույցով հաստատելու պահանջի առկայության դեպքում անձն ազատվում է այն չապացուցելու բացասական հետևանքները կրելուց, եթե ապացուցի, որ համապատասխան ապացույցը ոչնչացվել է կամ կորել է ոչ իր մեղքով: Սա նշանակում է` եթե գույքի` ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը հերքող ենթադրյալ փաստը կարող էր, օրենքի կամ նորմատիվ իրավական ակտի համաձայն, ապացուցվել միայն այն ապացույցով, որը կորել կամ ոչնչացել է ոչ անձի մեղքով, ապա համապատասխան հանգամանքի չապացուցված լինելու բացասական հետևանքը չի կարող դրվել պատասխանողի վրա:
238. Նման պայմաններում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ մի կողմից` Օրենքը նախատեսում է գույքի` ապօրինի ծագում ունենալու կանխավարկածի ձևավորման համար անհրաժեշտ` իրավասու մարմնի կողմից հաղթահարման ենթակա պահանջներ, մյուս կողմից` անձին հնարավորություն է ընձեռում հերքելու այդ կանխավարկածը: Զուգահեռաբար, եթե պատասխանող կողմի վկայակոչած փաստը կարող է հաստատվել միայն որոշակի ապացույցով, ապա անձը չի կրում իր կողմից ապացուցման ենթակա փաստը վիճելի մնալու բացասական հետևանքները, եթե ապացուցում է, որ տվյալ ապացույցը ոչնչացվել է կամ կորել է ոչ իր մեղքով:
239. Ելնելով վերոգրյալից` Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենքով նախատեսված կանխավարկածի սահմանումն ինքնին խնդրահարույց չէ արդար դատաքննության իրավունքի ներքո` պատասխանողին այդ կանխավարկածը հերքելու համար քաղաքացիական դատավարության նկատմամբ կիրառելի` Սահմանադրությամբ նախատեսված արդար դատաքննության իրավունքից բխող երաշխիքներն ապահովված լինելու պայմանով»:
5.70. Ասվածի լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենսգիրքը, սկզբունքորեն չարգելելով այնպիսի ենթադրություններ, որոնք թույլատրելի են օրենքում ամրագրված կանխավարկածներով (տե՛ս վերը՝ 5.61.-րդ կետը), միաժամանակ դատարանին հնարավորություն է տալիս կայացնելու վճիռ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ, եթե գործի քննության արդյունքում հայցվորն ապացուցում է, որ պատասխանողին պատկանող գույքը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրների վերաբերյալ տվյալներով (տե՛ս վերը՝ 5.65.-րդ կետը):
5.71. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը նշված ապացուցման գործընթացը տեղի է ունենում հավանականությունների հավասարակշռման (Balance of Probabilities) ապացուցման ստանդարտով (տե՛ս վերը՝ 5.67.-րդ կետը), ըստ որի՝ դատարանն ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված իր ներքին համոզմունքով (տե՛ս վերը՝ 5.62.-րդ կետը) գալիս է եզրահանգման, որ ավելի հավանական է, որ գույքն ունի ապօրինի ծագում քան ոչ, կամ՝ հակառակը: Այն դեպքում, երբ փաստի հաստատմանն ուղղված ապացույցները հավասարակշռված վիճակում են, ապա փաստը չի կարող հաստատված համարվել: Այնուամենայնիվ, եթե հավասարակշռությունը թեկուզ մի փոքր թեքվում է ապացուցման բեռը կրող դատավարության կողմի կողմը, ապա համարվում է, որ նա կատարել է իր վրա դրված ապացուցման պարտականությունը (տե՛ս վերը՝ 5.67.-5.68.-րդ կետերը):
5.72. Վերը նշված չափանիշի շրջանակներում, հիմքում ունենալով Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում իրավասու մարմինն առաջնահերթորեն պետք է հիմնավորի, որ անձին պատկանող գույքը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրների մասին տվյալներով: Այս պարտականությունը կատարելուց հետո պատասխանողը, օգտվելով Օրենսգրքով տրամադրված երաշխիքներից, կարող է հիմնավորել գույքի օրինական լինելու փաստը: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը շեշտադրում է, որ այն դեպքում, երբ փաստերը, օրենքի կամ նորմատիվ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, անձը չի կարող կրել իր կողմից ապացուցման ենթակա փաստը վիճելի մնալու բացասական հետևանքները, եթե ապացուցում է, որ տվյալ ապացույցը ոչնչացվել է կամ կորել է ոչ իր մեղքով:
5.73. Գալով վերաքննության կանոններին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նախկինում ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է դրանց, որի շրջանակներում վերլուծության է ենթարկել նաև ապացույցների հետազոտման և գնահատման հարցերը, մասնավորապես՝ նշելով հետևյալը:
5.74. Օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ նշել է. «(…) նշված նորմը կանխորոշում է դատական ակտը վերաքննության կարգով վերանայելու օբյեկտային սահմանը` նշելով, որ վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի դատական ակտը պարտավոր է վերանայել վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների շրջանակներում (բացառություն համարվող դեպքերը սահմանված են օրենքով), և միայն այն պահանջների մասով, որոնք առաջին ատյանի դատարանում քննվել և որոնց վերաբերյալ դատարանը դատական ակտ է կայացրել։ (…) Վերաքննության օբյեկտային սահմանը առաջին ատյանի դատարանում իրականացված գործի քննության շրջանակով սահմանափակելով՝ օրենսդիրը նպատակ է ունեցել կանխելու վերաքննիչ դատարանի կողմից որպես առաջին ատյանի դատարան հանդես գալու հնարավորությունը, ապահովելու դատական ատյանների գործառութային տարբերությունն ու տրամաբանական բնույթը և երաշխավորելու գործին մասնակցող անձանց արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը»:
ՀՀ վճռաբեկ դատարանը նույն որոշմամբ հանգել է այն եզրակացության, որ. «(…) եթե վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ առաջին ատյանի դատարանի կողմից գործի լուծման համար էական նշանակություն ունեցող որևէ հանգամանքի կամ ապացույցի մասով քննություն չի իրականացվել, բայց պետք է իրականացվեր, ապա բացակայում է վերաքննության օբյեկտը՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այդ հանգամանքի կամ ապացույցի մասին պատճառաբանություններ պարունակող դատական ակտը, ուստի վերաքննիչ դատարանը ոչ թե պետք է կիրառի դատական ակտը բեկանելու և փոփոխելու լիազորությունը, այլ դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու լիազորությունը: Ընդ որում, գործը նոր քննության ուղարկելիս վերաքննիչ դատարանը պարտավոր է որոշմամբ սահմանել գործի նոր քննության ծավալը, որը հանդիսանում է վերաքննիչ դատարանի կողմից առաջին ատյանի դատարանին տրված ցուցում այն մասին, թե գործի նոր քննության ժամանակ ինչպիսի հարցեր պետք է քննարկվեն և/կամ ինչպիսի դատավարական գործողություններ պետք է կատարվեն53»:
5.75. Մեկ այլ գործով, ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով դատական ակտի պատճառաբանական մաս չունենալու հիմքով դատական ակտի բեկանման հիմքին (տե՛ս վերը՝ 5.59.-րդ կետը), նշել է. «(…) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածում թվարկվում են դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը, որոնց առկայության դեպքում դատական ակտը ենթակա է բեկանման՝ անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից, նշված հիմքերից մեկը դատական ակտի պատճառաբանական մաս չունենալու հիմքն է: (…) Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածով սահմանված դատական ակտի պատճառաբանական մաս չունենալու հիմքը, անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից, կարող է հանդիսանալ դատական ակտի անվերապահ բեկանման հիմք միայն այն դեպքում, երբ դատական ակտը զուրկ է պատճառաբանական մասից, այսինքն՝ այն իսպառ բացակայում է, իսկ այն դեպքում, երբ դատական ակտում առկա է պատճառաբանական մաս, մինչդեռ այն կամ դրա մի մասը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված վճռի պատճառաբանական մասին վերաբերվող կանոններին, ապա այն չի կարող համարվել պատճառաբանական մաս չունեցող դատական ակտ54»:
5.76. ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին (տե՛ս վերը՝ 5.60.-5.62.-րդ կետերը), նախկինում կայացված որոշումներով արձանագրել է․ «(…) այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունն ու փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը: Ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից: Ընդ որում, ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները55»:
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է․ «Դատարանի կողմից ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությունն առաջնահերթ նշանակություն ունի դրանք առանձին-առանձին ու իրենց համակցության մեջ ճիշտ գնահատելու՝ դրանց արժանահավատությունը և բավարարությունը ճիշտ որոշելու ու գործի քննության արդյունքում օրինական և հիմնավորված դատական ակտ կայացնելու համար56»:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում ընդգծել է․ «Դատական ակտը կարող է համարվել պատշաճ կերպով պատճառաբանված միայն այն դեպքում, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման օբյեկտիվ հիմքերը57»:
ՀՀ վճռաբեկ դատարանը, իր մեկ ուրիշ որոշմամբ անդրադառնալով դատարանի ներքին համոզմունքի իրավական վերլուծությանը, արձանագրել է․ «(…) դատարանի ներքին համոզմունքը չպետք է մեկուսացված լինի գործի փաստական հանգամանքներից և դրանում առկա ապացույցներից, այլ օբյեկտիվորեն պետք է հիմնվի դրանց վրա և լինի գործի բազմակողմանի ու օբյեկտիվ քննության արդյունք: Միայն այդ պարագայում դատական ակտը կարող է համարվել օրինական, համոզիչ և հեղինակավոր ոչ միայն դատարանի համար, այլև դատական պաշտպանության դիմած անձանց համար: Նշվածից հետևում է, որ դատական ակտի հիմքում չեն կարող դրվել այնպիսի փաստեր, որոնց վերաբերյալ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն չի իրականացվել (...)58»:
ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել ընդգծել, որ. «(…) նախկին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածում և ներկայումս գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածում օրենսդիրը սահմանել է համանման ու հավասարազոր իրավական կարգավորումներ, որի պայմաններում ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված վերը նշված իրավական դիրքորոշումները հավասարապես կիրառելի են նաև ներկայումս գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի նկատմամբ59»:
5.77. Ինչ վերաբերում է վկայի ցուցմունքը որպես ապացույցի տեսակ գնահատելու հարցին (տե՛ս վերը՝ 5.63.-րդ կետը), ապա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է․ «(...) քաղաքացիական դատավարության օրենսդրության համաձայն՝ վկայի ցուցմունքը համարվում է քաղաքացիական գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը պարզելու ինքնուրույն միջոց՝ դատական ապացույցի առանձին տեսակ, որին վերաբերող իրավակարգավորումների համակարգային վերլուծությունը ցույց է տալիս, որ վկան, որպես ապացուցողական տվյալների ստացման աղբյուր, գործի ելքում իրավաբանական շահագրգռվածություն չունեցող այն ֆիզիկական անձն է, որը կանչվում է դատարան՝ գործի քննության և լուծման համար նշանակություն ունեցող փաստերի մասին իր կողմից անմիջականորեն ընկալված կամ այլ անձանց կողմից իրեն հաղորդված տեղեկությունները դատարանին հայտնելու համար։ Վկայի ցուցմունքների գնահատումը դրանց տրամաբանական վերլուծությունն է, որի նպատակն է գործի իրական փաստական հանգամանքների վերաբերյալ հավաստի տեղեկությունների վերհանումը։ Գնահատելով վկայի ցուցմունքները՝ դատարանը վերլուծում է վկայի անձնական հատկանիշները, նրա փոխհարաբերությունները գործին մասնակցող անձանց հետ, վկայի կողմից տեղեկությունների ընկալման, պահպանման և փոխանցման ողջ գործընթացը։ Վճռաբեկ դատարանն արդեն իսկ արձանագրել է, որ ապացույցի հավաստիության մասին կարելի է եզրահանգում կատարել նախևառաջ այդ տեղեկատվության աղբյուրի բնույթն ու հատկանիշները բացահայտելու միջոցով։ Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ յուրաքանչյուր դեպքում գործով վկայի ցուցմունքները գնահատելիս դատարանը պարտավոր է հաշվի առնել հետևյալ հատկանիշները.
- վկայի փոխհարաբերությունները գործին մասնակցող անձանց հետ,
- փաստերի մասին վկայի իրազեկության աղբյուրը,
- այն պայմանները, որոնց առկայությամբ վկան ընկալել է որոշակի փաստեր (այսինքն՝ տեղը, ժամանակը, անձի ֆիզիկական և հոգեկան վիճակը, տարիքը),
- վկայի սուբյեկտիվ հատկանիշներն այն առումով, թե նա իր ունակություններով ի վիճակի է արդյոք ճիշտ ընկալել իրադարձություններն ու գործողությունները, ընկալածը պահել հիշողության մեջ և ճիշտ վերարտադրել ու հաղորդել դատարանին։
Նշված հատկանիշների վերհանումը դատարանի կողմից հնարավորություն է տալիս գնահատելու վկայի կողմից հայտնած տեղեկությունների հավաստիության աստիճանը։ (...) Այնուամենայնիվ, ինչպես ցանկացած ապացույցի, այնպես էլ վկայի ցուցմունքների արժանահավատության վերաբերյալ վերջնական գնահատական տալու նպատակով դատարանը պարտավոր է վկայի ցուցմունքները համադրել գործով հավաքված այլ ապացույցների, այդ թվում՝ այլ անձանց ցուցմունքների հետ։ Այլ կերպ ասած, եթե դատարանի մոտ կասկածներ են հարուցվում՝ կապված գործով հրավիրված վկաների ցուցմունքների հավաստիության ու արժանահավատության հետ, ապա այդ կասկածներն անհրաժեշտ է փարատել վկաների ցուցմունքներն այլ ապացույցների հետ համադրելու միջոցով՝ դատական ակտում պարտադիր պատճառաբանելով, թե ինչու են այս կամ այն ցուցմունքները դիտվել որպես ոչ արժանահավատ և իրականությանը չհամապատասխանող60»:
5.78. ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով գործին մասնակցող անձի՝ որպես վկայի ցուցմունքի արժանահավատության գնահատման առանձնահատկություններին (տե՛ս վերը՝ 5.64.-րդ կետը), արձանագրել է․ «(...) գործին մասնակցող անձի բանավոր հայտարարությունը կարող է համարվել ցուցմունք հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
1) ցուցմունք կարող է տրվել բացառապես դատաքննության ընթացքում,
2) ցուցմունք տալուց առաջ անձը պետք է նախազգուշացվի սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության մասին, որի կապակցությամբ նրանից պետք է վերցվի ստորագրություն,
3) ցուցմունք կարող է տալ բացառապես գործին մասնակցող անձը, այլ ոչ թե վերջինիս՝ փաստաբան հանդիսացող ներկայացուցիչը61»:
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է. «(...) գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պայմաններում դատարանները գործին մասնակցող անձի միջնորդությամբ կարող են թույլատրել տվյալ անձին ցուցմունք տալ գործի լուծման համար նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա փաստերի վերաբերյալ, ընդ որում՝ գործին մասնակցող անձինք ցուցմունք են տալիս վկայի ցուցմունքի համար սահմանված կարգով՝ ստորագրությամբ նախազգուշացվելով սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության մասին: (...) Օրենսդիրը, նախատեսելով գործին մասնակցող անձի կողմից վկայի համար սահմանված կարգով ցուցմունք տալու հնարավորություն, ըստ էության, գործուն երաշխիք է նախատեսել գործին մասնակցող անձի ցուցմունքը որպես արժանահավատ ապացույց գնահատելու տեսանկյունից, քանի որ ցուցմունք տալ պատրաստվող գործին մասնակցող անձը, նախազգուշացվելով սուտ ցուցմունք տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ըստ էության պետք է գիտակցի ճիշտ ցուցմունք տալու կարևորությունը և այն չպահպանելու իրավական հետևանքները՝ անկախ գործի ելքով շահագրգռված լինելու հանգամանքից62»:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
5.79. Կիրառելով վերը նշված դիրքորոշումները սույն գործի փաստերի նկատմամբ՝ Վճռաբեկ դատարանը նախ հարկ է համարում անդրադառնալ վիճելի այն հարցին, որ քրեական գործի հարուցումից հետո ընկած ժամանակահատվածի համար կարող է բարձրացվել ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարց և միայն այն պայմանով, որ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի ու հանցագործության միջև պետք է լինի պատճառահետևանքային կապ (տե՛ս վերը՝ 2.17.-րդ, 2.19.-րդ, 3.3.-րդ կետերը)։
5.80. Վիճելի այս փաստարկի վերաբերյալ Դատարանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման այն մոդելը, որը. «(...) ենթադրում է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման կառուցակարգ։ Մասնավորապես՝ Օրենքի հիմնավորման համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է չբացատրվող (անհիմն) հարստացան վարույթի այն մոդելը, որի «հիմքում ընկած են անձի օրինական աղբյուրներից ստացված եկամուտների և նրա փաստացի եկամուտների համեմատության հիման վրա բացահայտված էական անհամապատասխանությունները։ Հանցավոր արարքի հետ անուղղակի կապի հաստատումը պարտադիր պայման չէ։ Այս դեպքում ապացուցման բեռը տեղափոխվում է պատասխանողի վրա և ակտիվները բռնագանձվում են, եթե չի ապացուցվում դրանց ստացման օրինական աղբյուրը»։ Այսպիսով. Օրենքի հիմնավորումը ուղղակիորեն մատնանշում է հանցավոր գործունեության և գույքերի ապօրինի ծագման միջև անուղղակի կապի հաստատման անհրաժեշտության բացակայության մասին։ Դատարանն արձանագրում է, որ ասվածը բխում է նաև Օրենքի կարգավորման ընդհանուր տրամաբանությունից։ Օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է ուսումնասիրություն սկսելու վեց սպառիչ հիմքերը։ (...) հիմքերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օրենսդիրը ոչ բոլոր դեպքերում է ուսումնասիրություն սկսելու հիմքը կապում քրեական վարույթով ի հայտ եկած որոշակի հանգամանքների հետ։ Ուստի նշված հիմքերից որևէ մեկով նախաձեռնված ուսումնասիրությամբ ողջամտորեն կարող է բացակայել անձի ոչ իրավաչափ վարքագծի և ենթադրյալ ապօրինի գույքերի ձեռքբերման միջև անուղղակի կապն ապացուցելու հնարավորությունը։ (...) Միևնույն ժամանակ Դատարանը հարկ է համարում արձանագրել, որ վերոնշյալ մեկնաբանությունը չի կարող սկզբունքորեն բացառել հանցավոր գործունեության և գույքերի ապօրինի ծագման միջև ուղղակի կամ անուղղակի կապի հնարավոր առկայությունը63»:
5.81. Իր հերթին, Վերաքննիչ դատարանը նշել է. ««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքով Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է առանց մեղադրական դատավճռի ակտիվների բռնագանձման ինստիտուտը, որով որդեգրվել է անձի օրինական աղբյուրներից ստացված եկամուտների և նրա փաստացի եկամուտների համեմատության հիման վրա բացահայտված էական անհամապատասխանությունների մոդելը» (...) ի տարբերություն առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման այլ մոդելների՝ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում ներդրվել է անձի օրինական աղբյուրներից ստացված եկամուտների և նրա փաստացի եկամուտների համեմատության հիման վրա բացահայտված էական անհամապատասխանությունների մոդելը: (...) Այս մոտեցումն ապահովում է ճիշտ հավասարակշռություն, հատկապես այն դեպքերում, երբ որոշումը չի ենթադրում քրեական պատասխանատվության ենթարկել որևէ մեկին, հետևաբար նաև պետությունից չի պահանջում ապացուցել, որ ակտիվներն ընդհանրապես կապված են հանցավորության հետ: Սա կարող է ուղեկցվել ապացույցների հետ, որոնք ցույց են տալիս, որ ակտիվների սեփականատերը չունի եկամտի որևէ այլ հայտնի աղբյուր: (...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ առկա է սույն Օրենքի 5-րդ հոդվածի դիսպոզիցիայով նշված հիմքերից որևէ մեկը, նշվածը հիմք է իրավասու մարմնի համար ուսումնասիրություն սկսելու, որի պայմաններում իրավասու մարմինը ոչ թե բացահայտում է սույն Օրենքով նախատեսված հանցանքներից մեկի հետևանքով հնարավոր ապօրինի եկամուտ ձեռք բերելու փաստի առկայությունը, այլ պարզում է ակտիվների և օրինական եկամուտների միջև տարբերությունը (այսինքն անձը հնարավոր է իր օրինական եկամուտներով ձեռք չբերեր համապատասխան գույքերը), որի անհամապատասխանության դեպքում այդ եկամուտները դիտվում են որպես անօրինական: (...) Հետևաբար, վերոնշյալ պատճառաբանություններով հերքվում են պատասխանողների բողոքի հիմքերն այն մասին, որ պետք է առկա լինի անուղղակի կապ սույն գործով ուսումնասիրության հիմք հանդիսացած քրեական գործի և բռնագանձման ենթակա գույքի միջև64»:
5.82. Վճռաբեկ դատարանը, հիմքում ունենալով վերը՝ Ա) բաժնում արտահայտած իրավական դիրքորոշումները (մասնավորապես՝ տե՛ս վերը՝ 5.10.-5.17.-րդ կետերը), արձանագրում է. սույն գործի փաստերի համաձայն՝ Կարապետ Մուրադի Գուլոյանը 2002-2018 թվականներն ընկած ժամանակահատվածում հանդիսացել է պաշտոնատար անձ՝ պետական իշխանությունում զբաղեցնելով տարբեր պաշտոններ՝ հանդիսանալով հայտարարատու անձ։ 28.12.2019 թվականին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, իսկ 25.06.2020 թվականին Կարապետ Մուրադի Գուլոյանը քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար։ 07.10.2020 թվականին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Կարապետ Մուրադի Գուլոյանին պատկանող գույքի առնչությամբ սկսվել է ուսումնասիրություն, համապատասխանաբար 12.01.2022 թվականին և 27.07.2022 թվականին սահմանվել են ուսումնասիրվող նոր ժամանակահատվածներ, իսկ 11.10.2022 թվականին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը վերջնական ամփոփել է ուսումնասիրության արդյունքները և որոշել է հայց ներկայացնել Դատարան (տե՛ս վերը՝ 4.1.-րդ, 4.5.-4.7.-րդ, 4.10.-4.12.-րդ կետերը)։
5.83. Ասվածի լույսի ներքո Վճռաբեկ դատարանը հաստատված է համարում, որ Կարապետ Մուրադի Գուլոյանը հանդիսացել է Պաշտոնատար անձ, իսկ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ նույն օրենքով հանցագործություն է համարվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված արարքը (տե՛ս վերը՝ 5.4.-րդ կետը), որը, ըստ էության, կոռուպցիոն բնույթի հանցագործություն է (տե՛ս վերը՝ 5.17.-րդ կետը)։
5.84. Վկայակոչված փաստերի լույսի ներքո Վճռաբեկ դատարանը նկատում է, որ Կարապետ Մուրադի Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել կոռուպցիոն բնույթի հանցանքի համար։ Վերը՝ 5.17.-րդ կետում, Վճռաբեկ դատարանն արդեն իսկ նշել է, որ բոլոր այն դեպքերում, երբ հարուցված քրեական գործով համապատասխան հոդվածը կոռուպցիոն բնույթի է, ապա ուսումնասիրությունը նախ և առաջ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումն է:
5.85. Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ներդրված գույքի բռնագանձման մոդելի և դրա առանձնահատկությունների վերաբերյալ ստորադաս դատարանների դիրքորոշումներին՝ Վճռաբեկ դատարանը նկատում է, որ չնայած ստորադաս դատարանները չեն տարանջատել կոռուպցիոն բնույթի հանցագործությունները հանցավորության դեմ պայքարի մնացյալ հանցագործություններից, այնուամենայնիվ, հաշվի առնելով վերոնշյալ դիտարկումները (տե՛ս վերը՝ 5.83.-5.84.-րդ կետերը), ընդհանուր առմամբ եկել են ճիշտ եզրահանգման, որով հերքվում են Պատասխանողների փաստարկներն այն մասին, որ պետք է առկա լինի անուղղակի կապ սույն գործով ուսումնասիրության հիմք հանդիսացած քրեական գործի և բռնագանձման ենթակա գույքի միջև։
5.86. Հաջորդիվ Վճռաբեկ դատարանը, հիմքում ունենալով վերը՝ Բ)-Դ) բաժիններում արտահայտած իրավական դիրքորոշումները, կանդրադառնա կողմերի փաստարկներին՝ հաշվի առնելով նաև ստորադաս դատարանների կողմից արտահայտված դիրքորոշումները։
5.87. Դատարանը վերը նշված փաստերի, դատաքննության ընթացքում հայտնած ցուցմունքների, սույն գործում առկա այլ ապացույցների հաշվառմամբ, հաշվի առնելով, որ բռնագանձվող գույքը չի հիմնավորվել Պատասխանողների օրինական եկամտի աղբյուրների վերաբերյալ տվյալներով, որով ձևավորվել է գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, վճռել է հայցը բավարարել մասնակի (տե՛ս վերը՝ 1.5.-րդ կետը)։
5.88. Իր հերթին, Վերաքննիչ դատարանը, մասնակիորեն բավարարելով Հայցվորի և Պատասխանողների վերաքննիչ բողոքները (տե՛ս վերը՝ 1.8.-րդ կետը), կիրառել է Դատարանի վճիռը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու լիազորությունը՝ հետևյալ պատճառաբանությամբ. «1. Սույն գործով Մուրադ Գուլոյանի կողմից Կարապետ Գուլոյանին գումար տրամադրած լինելու փաստը հաստատելու կամ չհաստատելու համար Դատարանի վճիռը պետք է պարունակեր դատողություններ՝ գործում առկա այլ ապացույցների, այդ թվում՝ վկաների ցուցմունքների վերաբերյալ, որպիսիք սույն դեպքում ի սպառ բացակայում են: Նշված ապացույցները ենթակա են գնահատման ապացույցների գնահատման վերաբերյալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի, Վճռաբեկ դատարանի որոշումներով սահմանված չափանիշների, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի ապացուցման կանոնների վերաբերյալ վերևում արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում: Այսինքն՝ Դատարանը նշված ապացույցները չի գնահատել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոնների պահպանմամբ:
2. Սույն գործով Դատարանը, դատական ակտում անդրադառնալով գույքի պետական գրանցման վճարները Կարապետ Գուլոյանի ազգական Սարգիս Գուլոյանի կողմից կատարված լինելու հարցին, որևէ անդրադարձ չի կատարել հայցվորի կողմից ներկայացված փաստարկներին, Դատարանը համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի ապացուցված լինելու հարցը չի քննարկել ապացույցների ամբողջության, համադրության, բավարարության համատեքստում: Արդյունքում Դատարանն ընդհանրապես չի անդրադարձել նշված գույքը՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույք բռնագանձման ենթակա լինելու հարցին65»:
5.89. Վերը նշված պատճառաբանությունների շրջանակներում Վերաքննիչ դատարանը սահմանել է գործի նոր քննության ծավալ, ըստ որի. «1. պետք է Մուրադ Գուլոյանի կողմից Կարապետ Գուլոյանին գումար տրամադրած լինելու փաստը հաստատելու կամ չհաստատելու համար գործում առկա այլ ապացույցների, այդ թվում՝ վկաների ցուցմունքները գնահատի ապացույցների գնահատման վերաբերյալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի, Վճռաբեկ դատարանի որոշումներով սահմանված չափանիշների, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի ապացուցման կանոնների վերաբերյալ Վերաքննիչ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում,
2. ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Տանձաղբյուրի փողոց, 34 հասցեի անշարժ գույքը Ռոզա Ծառուկյանի և Կարապետ Գուլոյանի համատեղ սեփականություն ճանաչելու պահանջի մասով պետք է անդրառնա հայցվորի կողմից ներկայացված փաստարկներին և ապացույցներին և դրանք գնահատի ապացույցների գնահատման վերաբերյալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոններին համապատասխան,
3. Վերոնշյալ դատավարական գործողությունները կատարելուց հետո Դատարանը պետք է որոշի հայցվորի կողմից վկայակոչված՝ բռնագանձման ենթակա գույքերն օրինական եկամուտներով հիմնավորվելու կամ չհիմնավորվելու և բռնագանձման ենթակա լինելու կամ չլինելու հարցերը66»:
5.90. Վճռաբեկ դատարանը նախ արձանագրում է, որ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ը) ենթակետով որպես օրինական եկամուտ է դիտարկում նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը (նաև դրամական միջոցները)։ Սույն գործի շրջանակներում Պատասխանողների կողմից գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը հերքելու նպատակով ներկայացված ապացույցները վերաբերել են մի դեպքում նվիրատվությանը (հարսանեկան արարողությունից ստացված գույքը), իսկ մյուս դեպքում՝ օգնության կարգով ստացված եկամուտներին։ Վճռաբեկ դատարանը նկատի ունենալով, որ գործի շրջանակներում առավելապես վեճի առարկա է օգնության կարգով ստացված գույքը, ուստի այդ փաստարկը կդիտարկի «օգնության» վերաբերյալ վերը՝ 5.40.-5.41.-րդ կետերում արձանագրված օբյեկտիվ չափանիշների լույսի ներքո՝ միաժամանակ անդրադառնալով ստորադաս դատարանների կողմից ապացույցների գնահատման հարցին։
5.91. Գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը հերքելու վերաբերյալ Պատասխանողների գլխավոր փաստարկն այն է, որ 2003 թվականի փետրվար-հուլիս ամիսների ընթացքում Մուրադ Արամի Գուլոյանը ROBERTO BVBA հաշվից կանխիկացրել է ընդհանուր 4.114.583.29 ԱՄՆ դոլար և այդ գումարից 2.855.000 ԱՄՆ դոլարը, որպես օգնություն, տվել է Կարապետ Մուրադի Գուլոյանին, հետևաբար վերջինիս կողմից այն ընդունելու մասով փաստերը չէին կարող կասկածի տակ դրվել, որը հաստատվել է նաև Կարապետ Մուրադի Գուլոյանի և Ա․ Բ․ Ա․-ի67 ցուցմունքներով (տե՛ս վերը՝ 2.12.-2.13.-րդ, 2.15.-րդ կետերը):
5.92. Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով այս փաստարկին և Դատարանի պատճառաբանությունների իրավաչափությանը, նշել է, որ. «(...) բողոքաբերը նշել է, որ Դատարանը, հետազոտելով վկաներ ներգրավված անձանց ցուցմունքները, գործին մասնակցող անձ Կարապետ Մուրադի Գուլոյանի՝ վկայի ռեժիմով հարցաքննությամբ հայտնած տեղեկությունները՝ շուրջ 15 տարի առաջ ունեցած հանգամանքները մասնակիորեն չհիշելու, ինչ-որ բաներ շփոթելու մասով, դիտարկել է անարժանահավատ։ (...) Դատարանը Մուրադ Գուլոյանի կողմից Կարապետ Գուլոյանին գումար փոխանցելու փաստի համատեքստում գնահատել է բացառապես պատասխանողի կողմից ներկայացված կանխիկ ելքի անդորրագրերը՝ որևէ կերպ նշված փաստի հաստատման համատեքստում չանդրադառնալով հայցվորի կողմից ներկայացված և վերաքննիչ բողոքով վկայակոչված ցուցմունքներին: (...) Սույն դեպքում, ինչպես նշվել է, Դատարանի կողմից որևէ անդրադարձ վկաների ցուցմունքներին չի կատարվել, Դատարանը արձանագրել է կանխիկացման անդորրագրերից զատ այլ՝ թույլատրելի, վերաբերելի ապացույցների բացակայության փաստը: Այսինքն, Դատարանը չի գնահատել գործում առկա ապացույցները, այդ թվում՝ որևէ կերպ չի անդրադարձել վկաների ցուցմունքների թույլատրելիությանը, արժանահավատությանը, իսկ այնուհետև նաև փաստի հաստատման համար գործում առկա բոլոր ապացույցների բավարարությանը: (...) Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ սույն գործով Մուրադ Գուլոյանի կողմից Կարապետ Գուլոյանին գումար տրամադրած լինելու փաստը հաստատելու կամ չհաստատելու համար սույն գործով Դատարանի վճիռը պետք է պարունակեր դատողություններ՝ գործում առկա այլ ապացույցների, այդ թվում՝ վկաների ցուցմունքների վերաբերյալ, որպիսիք սույն դեպքում ի սպառ բացակայում են»68:
5.93. Այս փաստարկի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է. որպես վկա հրավիրված Ա․ Բ․ Ա․-ն69 ցուցմունք է տվել այն մասին, որ ընդհանրապես բիզնես գործունեություն սկսել են երեք եղբայրներով միասին ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլ նաև Ռուսաստանի Դաշնությունում, Բելգիայի Թագավորությունում: Եղբայրներով գործել են, աշխատել են համատեղ, գումարային հարցերը բաշխել են ընդհանուր՝ ըստ կարիքների իրենց երեխաներին: Հայտնել է, որ գումարը կանխիկացնելուց հետո, երեք միլիոն դոլարի չափ գումար իր տղան է խնդրել, ինչ-որ բիզնես ծրագրեր ունեին, ինքն էլ տվել է և դրանից ավել էլ է տվել՝ հավելելով, որ առ այսօր տալիս է և մնացած եղբոր երեխաներին նմանապես։ Վկա Ա․ Բ․ Ա-ն70 նշել է նաև, որ Կարապետ Մուրադի Գուլոյանի ամուսնությունից հետո ևս շարունակել է ապահովել վերջինիս ընտանիքի բարեկեցությունը, իսկ Դատարանի տված այն հարցին, թե տարեկան կամ ամսական կտրվածքով ինչքան գումար է տրամադրել վերջինիս, հայտնել է, որ չի հաշվել։ Միևնույն ժամանակ, Ա․ Բ․ Ա․-ն71 նաև ցուցմունք է տվել այն մասին, որ աշխատավարձից բացի Կարապետ Մուրադի Գուլոյանն ուրիշ բան չի ունեցել, իրենք Կարապետ Մուրադի Գուլոյանին չեն թողել զբաղվի բիզնեսով (տե՛ս հատոր 8-րդ, գ.թ. 71, դատական նիստի կրիչ):
5.94. Կիրառելով օգնության կարգով ստացված գույքի վերը նշված չափանիշները (5.40.-5.41.-րդ կետեր)՝ Վճռաբեկ դատարանը նախ փաստում է, որ գործով չի վիճարկվել այն հանգամանքը, որ Մուրադ Արամի Գուլոյանի կողմից 2003 թվականի ընթացքում կանխիկացվել է 4.114.583,29 ԱՄՆ դոլար։ Այսինքն՝ առկա է երկրորդ չափանիշը, որ օգնություն տրամադրողը կարող էր ունենար բավարար օրինական միջոցներ՝ որպես օգնություն գույքը փոխանցելու համար։
Կարապետ Մուրադի Գուլոյանը Մուրադ Արամի Գուլոյանի որդին է, ուստի առկա է նաև երրորդ չափանիշը, որը դրսևորվում է նրանում, որ առկա է այնպիսի կապ, ինչը տրամաբանական և հավանական է դարձնում նման գույքի փոխանցումը։
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ չնայած երկրորդ և երրորդ չափանիշների առկայությանը՝ այնուամենայնիվ չի հիմնավորվել առաջին, որից էլ բխում է չորրորդ չափանիշների համապատասխանությունները։ Մասնավորապես՝ չի հիմնավորվել օգնություն ստացողի «փաստացի կարիքը», որը ստուգման ենթակա չափանիշ է, ըստ որի՝ պետք է ցույց տրվեր այն հանգամանքները, որոնց առկայությամբ պայմանավորված որպես օգնություն փոխանցվել են համապատասխան դրամական գումարները։ Առաջին չափանիշի չհիմնավորման պարագայում բացակայում է նաև փաստացի կարիքի և որպես օգնություն փոխանցված գույքի միջև ողջամիտ համամասնությունը։
5.95. Առաջին և չորրորդ չափանիշների համապատասխանության ստուգման տեսանկյունից անդրադառնալով Ա․ Բ․ Ա․-ի72 ցուցմունքին (տե՛ս վերը՝ 5.92.-րդ կետը), հաշվի առնելով նաև գործին մասնակցող անձի հետ վկայի փոխհարաբերությունը (տե՛ս վերը՝ 5.77.-րդ կետը)՝ անհրաժեշտ է նշել, որ մի դեպքում Ա․ Բ․ Ա․-ն73 ցուցմունք է տվել այն մասին, որ գումարը կանխիկացնելուց հետո, երեք միլիոն դոլարի չափով գումար իր տղան է խնդրել, ինչ-որ բիզնես ծրագրերի համար, ինքն էլ տվել է և դրանից ավել էլ է տվել, մեկ այլ դեպքում նշել է, որ տարեկան կամ ամսական կտրվածքով չի հաշվել ինչքան գումար է տրամադրել վերջինիս, իսկ մի ուրիշ դեպքում էլ նշել է, որ աշխատավարձից բացի Կարապետ Մուրադի Գուլոյանն ուրիշ բան չի ունեցել, իրենք Կարապետ Մուրադի Գուլոյանին չեն թողել զբաղվի բիզնեսով։ Այսինքն՝ ցուցմունքով հայտնած տեղեկություններն իրարամերժ են և բավարար չեն նշված չափանիշներին համապասխանությունը հաստատելու և հստակ արձանագրելու, որ 2.855.000 ԱՄՆ դոլարն առհասարակ փոխանցվել է որպես օգնություն։ Վճռաբեկ դատարանը նաև նկատում է, որ անհասկանալի է, թե ինչ բիզնես գործունեություն պետք է ծավալվեր Կարապետ Մուրադի Գուլոյանի կողմից հատկապես այն պայմաններում, երբ նշված ժամանակահատվածում Կարապետ Մուրադի Գուլոյանն աշխատել է ՀՀ դատախազությունում։ Վճռաբեկ դատարանը սույն գործում առկա ապացույցներից և կողմերի արտահայտած դիրքորոշումներից չի տեսնում նաև, թե ինչ հետագա ընթացք է ունեցել ենթադրյալ՝ 2.855.000 ԱՄՆ դոլար գումարը՝ հաշվի առնելով այն, որ խոսքը վերաբերվում է այնպիսի գումարի, ինչը չէր կարող աննկատ մնալ կամ որևէ ձևով չարտահայտվեր Կարապետ Մուրադի Գուլոյանի կենցաղի վրա։
5.96. Ավելին, Վճռաբեկ դատարանն ուշադրություն է դարձնում նաև այն հանգամանքին, որ Կարապետ Մուրադի Գուլոյանը 2004 թվականին 35.000 ԱՄՆ դոլարի չափով վարկ է վերցրել։ Հաջորդ տարիների ընթացքում (2008 թվականից սկսած և շարունակաբար) նույնպես վերցվել են վարկային գծեր (ինչպես նաև օվերդրաֆտներ)՝ 3.000.000 ՀՀ դրամից սկսած մինչև 50.000 ԱՄՆ դոլարի չափով (տե՛ս վերը՝ 4.3.-րդ կետը)։
5.97. Ասվածի լույսի ներքո Վճռաբեկ դատարանն առավել ընդունելի է համարում Դատարանի դիրքորոշումը, ըստ որի. «(...) հաստատվում է, որ Մուրադ Գուլոյանը 2003 թվականին կանխիկացրել է 4.114.583,29 ԱՄՆ դոլար: Դատարանն արձանագրում է, որ նշված ապացույցները բավարար չեն հաստատելու պատասխանող կողմի այն պնդումը, որ այդ գումարից 2.855.000 ԱՄՆ դոլարը փոխանցվել է Կարապետ Գուլոյանին՝ հաշվի առնելով, որ այս փաստի վերաբերյալ այլ թույլատրելի և վերաբերելի ապացույցներ ներկայացված չեն74»:
5.98. Ավելին, Դատարանը, գնահատելով վկա Ա․ Բ․ Ա․-ի75 ցուցմունքը, նշել է. «(...) չի կարող հիմնվել սույն գործի շրջանակներում դատարանում որպես վկա հարցաքննված Կարապետ Գուլոյանի հոր՝ Ա․ Ա․-ի76 ցուցմունքի վրա, ըստ որի՝ տղայի խնամքի և բարեկեցության ապահովման նպատակով իր կողմից անընդհատ գումարներ են տրամադրվել: Ա․ Ա․-ն77 նաև նշել է, որ ամուսնությունից հետո ևս շարունակել է ապահովել Կարապետ Գուլոյանի ընտանիքի բարեկեցությունը: Միևնույն ժամանակ, ի պատասխան նախագահող դատավորի այն հարցի, թե տարեկան կամ ամսական կտրվածքով ինչքան գումար է տրամադրվել, վերջինս նշել է, որ չի հաշվել: Այսպիսով, հաշվի առնելով, որ գումարի կոնկրետ կամ մոտավոր չափ վկայի կողմից չի մատնանշվել, իսկ գործում առկա չեն այլ վերաբերելի ապացույցներ, Դատարանն արձանագրում է, որ հաշվարկի հիմքում չեն կարող դրվել վերացական տվյալներ, որոնք գործում առկա ապացույցներից չեն բխում78։ (...) սույն գործի շրջանակներում որպես վկա հացաքննված Ա․ Ա․-ն79, ի պատասխան նախագահող դատավորի պարզաբանող հարցի, հայտնել է, որ բացի աշխատավարձից Կարապետ Գուլոյանը ուրիշ բան չի ունեցել, իրենք Կարապետ Գուլոյանին չեն թողել զբաղվի բիզնեսով80»:
5.99. Վերոգրյալից հետևում է, որ Դատարանը հստակորեն Ա․ Բ․ Ա․-ի81 ցուցմունքին անդրադարձ կատարել է։ Ավելին, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Կարապետ Մուրադի Գուլոյանը, որպես գործին մասնակցող անձ, վկայի կարգավիճակով ցուցմունք չի տվել, թեև Պատասխանողների ներկայացուցիչը պնդել է հակառակը (տե՛ս վերը՝ 2.13-րդ կետը)։ Մասնավորապես՝ Հայցվորի և Պատասխանողների՝ վկաներ կանչելու միջնորդությունները (վկաների թվում է եղել նաև Կարապետ Մուրադի Գուլոյանը) (տե՛ս հատոր 5-րդ, գ.թ. 71, հատոր 6-րդ, գ.թ. 29) Դատարանը թույլատրելի է համարել և արձանագրային որոշմամբ բավարարել է (տե՛ս հատոր 6-րդ, գ.թ. 97), սակայն Կարապետ Մուրադի Գուլոյանն ընդամենը մեկ անգամ` 31․05․2024 թվականին է ներկայացել դատական նիստի, որի ընթացքում Դատարանը Պատասխանողների ներկայացուցիչ Հարություն Հարությունյանին հարցրել է. «(...) հաշվի առնելով նաև, որ Դուք միջնորդել էիք, որպեսզի Կարապետ Գուլոյանը վկայություն տա, արդյո՞ք (...)», Պատասխանողների ներկայացուցիչ Հարություն Հարությունյանն ընդհատել է Դատարանի հարցը և հայտնել. «Չենք պնդում միջնորդությունը, Կարապետ Գուլոյանը որպես գործին մասնակցող անձ իր դիրքորոշումը կներկայացնի (...)» (տե՛ս հատոր 14-րդ, գ.թ. 48): Միաժամանակ, Հայցվորի ներկայացուցիչը ևս չի պնդել իր միջնորդությունը, որի արդյունքում Կարապետ Մուրադի Գուլոյանը որպես վկա չի հարցաքննվել և իր դիրքորոշումը ներկայացրել է որպես գործին մասնակցող անձ։
5.100. Այս առումով Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Կարապետ Մուրադի Գուլոյանը որպես գործին մասնակցող անձ է իր դիրքորոշումը ներկայացրել, ուստի նրա դիրքորոշումները չեն կարող համարվել որպես վկայի ցուցմունք (տե՛ս վերը՝ 5.78.-րդ կետը): Միևնույն ժամանակ 2.855.000 ԱՄՆ դոլարը Կարապետ Մուրադի Գուլոյանին փոխանցված լինելու փաստի հետ կապված գործում այլ վկաների ցուցմունքներ բացակայում են, հետևաբար Դատարանը չէր կարող այդ փաստի շուրջ այլ վկաների ցուցմունքների վերաբերյալ կատարեր դատողություններ, ինչը հաշվի չի առել Վերաքննիչ դատարանը։
5.101. Վերը նշվածի հաշվառմամբ (տե՛ս վերը՝ 5.93.-5.100.-րդ կետերը)՝ Վճռաբեկ դատարանը հիմնավորված չի համարում Վերաքննիչ դատարանի վերը՝ 5.92-րդ կետում հայտնած դիրքորոշումը և հիմնավորված է համարում Դատարանի դիրքորոշումը, ըստ որի՝ Դատարանը, կիրառելով հավանականությունների հավասարակշռման ապացուցման ստանդարտը (տե՛ս վերը՝ 5.65.-րդ, 5.67.-րդ, 5.70.-5.71.-րդ կետերը), հաստատված չի համարել Մուրադ Արամի Գուլոյանի կողմից 2.855.000 ԱՄՆ դոլար գումարը փոխանցված լինելու փաստը։
5.102. Վճռաբեկ դատարանը հաջորդիվ անդրադառնում է 2008 թվականին Տիգրան Համլետի Գուլոյանի կողմից «Ցեոֆոս» ՓԲԸ-ի վաճառքից ստացված 600.000.000 ՀՀ դրամ գումարը Կարապետ Գուլոյանին որպես օգնություն փոխանցած լինելու փաստարկին։
5.103. Նախ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ընդհանուր առմամբ ստորադաս դատարանները հանգել են ճիշտ եզրակացության։ Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանը, հղում տալով Դատարանին, արձանագրել է. «(...) Գործի նյութերում առկա է 15.07.2007թ. կնքված բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի պատճենը, որով հաստատվում է, որ Տիգրան Գուլոյանը Հակոբ Մուրադյանին է վաճառել սեփականության իրավունքով իրեն պատկանող «Ցեոֆոս» ՓԲԸ կանոնադրական կապիտալում իր բաժնետոմսերը, որի չափը կազմել է 100 տոկոս: Բաժնետոմսերի վաճառքի գինը, ըստ նշված պայմանագրի, կազմել է 600 000 000 միլիոն ՀՀ դրամին համարժեք 2 000 000 ԱՄՆ դոլար: (հատոր 6, գ.թ. 52): Տիգրան Գուլոյանը նոտարի մոտ տրված երդման հավաստիացմամբ նշել է, որ ինքը հանդիսացել է «Ցեոֆոս» ՓԲԸ-ի միակ բաժնետեր: Նշվել է նաև հետևյալը. «2007-2008 (երկու հազար յոթ երկու հազար ութ) թվականին իմ և կարծեմ Հակոբ անունով անձի միջև կնքվել է բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագիր, որով ես՝ ինձ սեփականության իրավունքով պատկանող 100 (մեկ հարյուր) տոկոս բաժնետոմսերը 600 000 000 (վեց հարյուր միլիոն) ՀՀ դրամով, որը այդ պահին համարժեք է եղել 2 000 000 (երկու միլիոն) ԱՄՆ դոլարի, վաճառել եմ Հակոբին և այդ իմ ողջ ստացած գումարը՝ երկու միլիոն ԱՄՆ դոլարը, կանխիկ տվել եմ հորեղբորս որդուն՝ Կարապետ Գուլոյանին, քանի որ վերջինս ուներ որոշակի ծախսեր, որը պետք է կատարեր նաև այդ միջոցների հաշվին: Մենք մշտապես հանդես ենք եկել որպես մեկ ընտանիք և մեր մեջ իմ ու քո չի եղել՝ ի հաշիվ մեր ծնողների կողմից ձևավորված ընտանեկան ավանդույթների և դրվածքի» (հատոր 6, գ.թ. 44): Այնուհետև Դատարանը արձանագրել է. «Գ․ Դ․-ն82 սույն գործի շրջանակներում որպես վկա հարցաքննվելիս, ի պատասխան նախահագող դատավորի այն հարցին, թե կանխիկացնելուց հետո գումարը ինչ ձևով է տարել և փոխանցել իր հորեղբորորդուն, նշել է, որ չի հիշում: Միևնույն ժամանակ վկա Գ․ Դ․-ն83 այն հարցին, թե ինչ նպատակի համար է գումարը փոխանցվել Կարապետ Գուլոյանին, հայտնել է, որ նպատակը եղել է Կարապետ Գուլոյանի կայունացումը, որպեսզի վերջինս իր բիզնեսը հիմնի: Մինչդեռ սույն գործի շրջանակներում որպես վկա հարցաքննված Ա․ Բ․-ը84, ի պատասխան նախագահող դատավորի պարզաբանող հարցի, հայտնել է, որ բացի աշխատավարձից Կարապետ Գուլոյանը ուրիշ բան չի էլ ունեցել, իրենք Կարապետ Գուլոյանին չեն թողել զբաղվի բիզնեսով»: Այսպիսով Դատարանը արձանագրել է, որ ««Ցեոֆոս» ՓԲԸ-ի վաճառքից ստացված գումարը Տիգրան Գուլոյանի կողմից Կարապետ Գուլոյանին փոխանցած լինելու փաստը չի հաստատվում, քանի որ գործի նյութերում առկա չէ փոխանցման փաստը հաստատող որևէ ապացույց, իսկ վկաների ցուցմունքներն այս մասով իրարամերժ են, չունեն բավարար հստակություն, վկաների կողմից տրամադրված տվյալները հետևողական չեն, հետևաբար Դատարանն արձանագրում է, որ առկա ապացույցների համակցությունը բավարար չէ նշված փաստի հաստատման համար»: Դատարանի նշված պատճառաբանությունների իրավաչափությունը գնահատելով վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում՝ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նախևառաջ արձանագրել, որ Դատարանի դատողությունները պարունակում են Դատարանի գնահատականը ներկայացված ապացույցների արժանահավատության և բավարարության մասով, ընդ որում, տվյալ դեպքում Դատարանի դատողությունները հիմնված են միևնույն փաստի հաստատման շրջանակներում գործում առկա ապացույցների համադրված գնահատման վրա»85:
5.104. Վերաքննիչ դատարանը նշել է նաև. «Դատարանի կողմից նոտարական կարգով տրված երդում հավաստիացումները գնահատվել են, դրանք չեն գնահատվել որպես ոչ թույլատրելի ապացույցներ, այլ Դատարանը նշված ապացույցները գնահատել է այլ ապացույցների՝ գործում առկա վկաների ցուցմունքների հետ համակցության մեջ: (...) Տիգրան Գուլոյանի կողմից երդում հավաստիացումը տրվել է 2023 թվականի մայիսին և հետևաբար 2023 թվականին կազմված երդման հավաստիացման և գործի քննության ընթացքում տրված ցուցմունքի միջև հակասությունը չի կարող պայմանավորվել շատ վաղ անցյալում տեղի ունեցած իրադարձություների մասին հնարավոր որոշ տվյալներ չհիշելու հնարավորությամբ, քանի որ երդում հավաստիացումների և ցուցմունքի միջև առկա չէ նման ժամանակագրական խզում: Ինչ վերաբերում է ցուցմունքներում առկա ոչ էական շփոթմունքներին, կամ որոշ տվյալներ վերարտադրելու անհնարինությանը, ապա նախևառաջ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ Դատարանի կողմից վկային ուղղված հարցադրումները ուղղված են եղել ցուցմունքի արժանահավատության և բավարարության վերաբերյալ տվյալների վերհանմանը: Նշված հարցադրումներից մեկի վերաբերյալ վկան տվյալ չի հաղորդել չհիշելու պատճառաբանությամբ (2 000 000 ԱՄՆ դոլարի չափով գումարը փոխանցելու եղանակի մասով), մինչդեռ նոտարական կարգով հաստատված երդում հավաստիացմամբ նշել է գումարը կանխիկ եղանակով տրամադրելու մասին, մյուս հարցադրման պատասխանը հակասել է մեկ այլ վկայի կողմից տրված ցուցմունքում առկա տվյալներին (գումարը տրամադրելու («բիզնես» հիմնելու) նպատակի մասով): Այսինքն՝ Դատարանն էական է համարել ոչ թե ցուցմունք վկայի կողմից վաղ անցյալում տեղի ունեցած իրադարձությունների մասով տվյալ չհիշելը, այլ ցուցմունքի, նոտարական կարգով հաստատված երդում հավաստիացման և այլ ցուցմունքների միջև առկա հակասությունը»86:
5.105. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ինչպես նախորդ դեպքում (տե՛ս վերը՝ 5.94.-րդ կետը), սույն դեպքում ևս չի հիմնավորվել առաջին և չորրորդ չափանիշներին համապատասխանությունը։ Մասնավորապես՝ չի հիմնավորվել օգնություն ստացողի «փաստացի կարիքը» և փաստացի կարիքի ու որպես օգնություն փոխանցված գույքի միջև ողջամիտ համամասնությունը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ վկա Գ․ Բ․ Դ․-ն87 հայտնել է, որ Կարապետ Գուլոյանին գումար փոխանցելը պայմանավորված է եղել Կարապետ Գուլոյանի կայունացման համար, որպեսզի վերջինս իր բիզնեսը հիմնի, մինչդեռ որպես վկա հարցաքննված Ա․ Բ․ Ա․-ն88 հայտնել է, որ բացի աշխատավարձից Կարապետ Գուլոյանն ուրիշ բան չի էլ ունեցել, իրենք Կարապետ Գուլոյանին չեն թողել զբաղվի բիզնեսով (տե՛ս վերը՝ 5.103.-րդ կետը)։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը պատճառ չի տեսնում չհամաձայնվելու ստորադաս դատարանների հետ։ Ավելին, Վճռաբեկ դատարանը նկատում է նաև, որ եթե անգամ նախապատվություն տրվի վկա Գ․ Բ․ Դ․-ի89 ցուցմունքին՝ հավանականությունների հավասարակշռման ապացուցման ստանդարտի կիրառմամբ, ապա ապացուցման սանդղակը կրկին ի օգուտ Պատասխանողների չէ, քանի որ գործի նյութերով որևէ ձևով չի ապացուցվում, թե այդուհանդերձ Կարապետ Մուրադի Գուլոյանն ինչ բիզնեսով է զբաղվել կամ ինչ բիզնեսի մեջ է օգտագործվել այդ գումարները։ Վճռաբեկ դատարանն ավելորդ չի համարում նշել, որ խոսքը բավականին խոշոր գումարների մասին է, իսկ Կարապետ Մուրադի Գուլոյանը չի հանդիսացել ձեռներեց, այլ հանդիսացել է Պաշտոնատար անձ, ով ինչպես նշվեց վերը՝ շրջահայացությամբ և ամենայն պատասխանատվությամբ պետք է կազմակերպեր իր գույքային բարեվարքությունը։
5.106. Հաջորդիվ, անդրադառնալով Իբարրուրի Բորիսի Աթանեսյանի 02.04.2013 թվականին «Գուլոյան եղբայրներ» ՍՊԸ-ի 96% բաժնեմասը դրա անվանական արժեքով՝ 27.826.560 ՀՀ դրամով Կարապետ Մուրադի Գուլոյանին օտարելու գործարքին (որի հաջորդ օտարումից ստացվել է 704.650.000 ՀՀ դրամ), Վճռաբեկ դատարանը կրկին հիմք չի տեսնում չհամաձայնվելու ստորադաս դատարանների դիրքորոշումների հետ, ըստ որի՝ Վերաքննիչ դատարանը վերահաստատելով Դատարանի դիրքորոշումը, արձանագրել է. «(...) Իբարրուրի Աթանեսյանն իր կողմից տրված երդում հավաստիացմամբ հայտնել է, որ 2013 թվականի ապրիլի 02-ին «Գուլոյան և եղբայրներ» ՍՊԸ-ի՝ իրեն պատկանող 96 տոկոս բաժնեմասը վաճառել է հանգուցյալ ամուսնու եղբորորդուն՝ Կարապետ Գուլոյանին: Ի հավելումն նշել է, որ Կարապետ Գուլոյանը 27.826.560 ՀՀ դրամն իրեն վճարել է գործարքից որոշ ժամանակ՝ իր կարծիքով մեկ ամիս անց՝ «Գուլոյան և եղբայրներ» ՍՊԸ 100 տոկոս բաժնեմասն ամբողջությամբ երրորդ անձի օտարելուց հետո: Դատարանը նոտարական հավաստիացմամբ Իբարրուրի Աթանեսյանի երդումը համադրել է Կ․ Մ․-ի90 կողմից որպես վկա հարցաքննվելիս հաղորդած տեղեկությունների հետ և արձանագրել է, որ նույն հանգամանքի շուրջ դատարանում որպես վկա հարցաքննվելիս նույն անձը նշել է, որ երևի նշված գումարը մի քանի տարում է իրեն փոխանցվել: Միաժամանակ, Դատարանը նաև նշել է, որ նույն օրը վկա հարցաքննված Գ․ Դ․-ն91 նշել է, որ 27 միլիոն դրամ գումարը ֆիկտիվ գումար է, գումար չի փոխանցվել, իր հոր և հորեղբայրների պլանավորածով է եղել, որ այդ բաժնեմասերը փոխանցվեն Կարապետ Գուլոյանին: Դատարանը, կրկին նշված ապացույցները գնահատելով իրենց համակցության մեջ և նաև համադրելով դրանցում առկա տվյալները այն փաստի հետ, որ պայմանագրում տարաժամկետ վճարման պայման նախատեսված չէ, արձանագրել է դրանց իրարամերժ լինելը92»:
5.107. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը, առաջնորդվելով հավանականությունների հավասարակշռման ապացուցման ստանդարտով, հաշվի առնելով վկաների ցուցմուքնների իրարամերժ լինելը, առավել հավանական է համարել Հայցվորի կողմից տրամադրված տվյալները, որոնցից բխում է, որ բաժնեմասն Իբարրուրի Աթանեսյանը վաճառել է Կարապետ Մուրադի Գուլոյանին վաճառքի օրվա դրությամբ անվանական արժեքով, իսկ պայմանագրում տարաժամկետ վճարման պայման ներառված չէ, ինչը Դատարանին հիմք է տվել եզրակացնելու, որ պայմանագրի գինը կողմերին վճարվել է պայմանագրի կնքման օրը93։
5.108. Վճռաբեկ դատարանն առանձնակի ուշադրություն է դարձնում Դատարանի՝ Կարապետ Մուրադի Գուլոյանի՝ որպես պաշտոնատար անձի և Ռոզա Գագիկի Ծառուկյանի՝ որպես պաշտոնատար անձի ամուսնու՝ տարեկան հայտարարագրերի վերլուծությանը, ըստ որի՝ Դատարանը նշել է. «(...) 2014 թվականի տարեկան հայտարարագրում որպես տարվա սկզբում առկա դրամական միջոցներ Կարապետ Գուլոյանը հայտարարագրել է 1.382.000.000 ՀՀ դրամ, 124.000 ԱՄՆ դոլար, իսկ որպես տարվա վերջում առկա դրամական միջոցներ՝ 1.352.000.000 ՀՀ դրամ, 94.000 ԱՄՆ դոլար։ Ռոզա Ծառուկյանը որպես 2014 թվականի սկզբում առկա դրամական միջոցներ հայտարարագրել է 23.000.000 ՀՀ դրամ, 54.000 ԱՄՆ դոլար, իսկ որպես տարվա վերջում առկա դրամական միջոցներ՝ 17.000.000 ՀՀ դրամ, 44.000 ԱՄՆ դոլար։ Դատարանն արձանագրում է, որ նշված տվյալները չեն կարող դիտվել արժանահավատ և դրվել վճռի հիմքում, քանի որ արտացոլված չէ եկամտի ծագման աղբյուրը, բացի այդ դրա վերաբերյալ պատասխանող կողմը ևս չի ներկայացրել համապատասխան ապացույցներ։ Ընդ որում, Դատարանն արձանագրում է, որ Կարապետ Գուլոյանի կողմից 2014 թվականի վերջի դրությամբ առկա դրամական միջոցների և 2015 թվականի սկզբի դրությամբ առկա միջոցների միջև առկա է էական տարբերություն, մասնավորապես 2015 թվականի սկզբի համար հայտարարագրվել է 1.344.950.000 ՀՀ դրամ, բացի այդ 2015-2018 թթ. Կարապետ Գուլոյանի և Ռոզա Ծառուկյանի հայտարարագրերում ներառված տվյալները կրկնվում են, ուստի Դատարանը հայտարարագրերում ներառված տվյալները հետագա հաշվարկի համար ևս հիմք չի ընդունում՝ դրանք արժանահավատ չլինելու պատճառաբանությամբ94»։
5.109. Վճռաբեկ դատարանը, համաձայն լինելով Դատարանի դիրքորոշման հետ, հարկ է համարում նաև ավելացնել, որ նշված ժամանակահատվածում, մասնավորապես՝ 2016 թվականին, որպես եկամուտ Կարապետ Մուրադի Գուլոյանը վարկեր է ստացել, որոնք նույնպես արտացոլված չեն եղել հայտարարագրերում, ինչն անարժանահավատ է դարձնում այդ հայտարարագրերում արտացոլված տեղեկություններն ի հակադրություն՝ Պաշտոնատար անձանց կողմից բարեխղճորեն իրենց գույքային բարեվարքությանը հետևելու պահանջին (տե՛ս վերը՝ 5.15.-5.16.-րդ կետերը)։
5.110. Հաջորդիվ, անդրադառնալով Կարապետ Մուրադի Գուլոյանից «Աբովյան Սիթի» ՍՊԸ-ի նկատմամբ պահանջը փոխանցելու Հայցվորի պահանջի մասով բողոքին՝ Վճռաբեկ դատարանը հիմնավոր չի համարում Վերաքննիչ դատարանի հետևյալ դիրքորոշումը. «(...) հայցվորը խնդրել է Կարապետ Գուլոյանից և Ռոզա Ծառուկյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել նաև 2016 թվականին տրամադրված 548.025,25 ԱՄՆ դոլար փոխառության չվերադարձված մասի պահանջի իրավունքը, իսկ անհնարինության դեպքում՝ Կարապետ Գուլոյանից բռնագանձել տրամադրված փոխառության չվերադարձված մասի չափով գումար՝ 548.025,25 դոլար (անհնարինության դեպքում՝ դրան համարժեք 263.229.584 ՀՀ դրամ): (...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանի՝ նշված մասով հայցը մերժելու պատճառաբանությունները սահմանափակվել են այն փաստարկներով, որ հայցվորը պահանջել է փոխառության չվերադարձված մասի պահանջի իրավունքը, իսկ անհնարինության դեպքում՝ փոխառության չվերադարձված մասի չափով գումար, իսկ քանի որ փոխառության գումարը վերադարձվել է, նշված ձևակերպմամբ հայցը ենթակա է մերժման: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն գործով հայցվորը խնդրել է Կարապետ Գուլոյանից և Ռոզա Ծառուկյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել նաև 2016 թվականին տրամադրված 548.025,25 ԱՄՆ դոլար փոխառության չվերադարձված մասի պահանջի իրավունքը, իսկ անհնարինության դեպքում՝ Կարապետ Գուլոյանից բռնագանձել տրամադրված փոխառության չվերադարձված մասի չափով գումար՝ 548.025,25 դոլար (անհնարինության դեպքում՝ դրան համարժեք 263.229.584 ՀՀ դրամ): Այսինքն՝ սույն գործով ներկայացվել է ոչ միայն պահանջի իրավունքի բռնագանձման, այլ դրա անհնարինության դեպքում՝ Կարապետ Գուլոյանից փոխառության չվերադարձված մասի չափով գումար բռնագանձելու պահանջ95»:
5.111. Ի հակադրություն Վերաքննիչ դատարանի վերը դիրքորոշման՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը եկել է իրավաչափ եզրահանգման առ այն, որ համապատասխան փոխառության գումարը վերադարձվել է Կարապետ Գուլոյանին և ըստ որի՝ Դատարանը նշել է. «(...) բանկային փոխանցման վերաբերյալ փաստը հաստատվում է հաշվարկի ամփոփ ֆայլում առկա տվյալով: Թեև հայցվորը նշել է, որ նշված փոխառության գումարը հետագայում վերադարձված լինելու մասին տեղեկություններ չի բացահայտել, հետևաբար, բռնագանձման ենթակա է դիտարկել փոխառության պայմանագրից ծագող պահանջի իրավունքը, սակայն գործի քննության ընթացքում Դատարանում ստացված ապացույցների համակցությամբ հաստատվում է, որ նշված փոխառության գումարը հետագայում վերադարձվել է Կարապետ Գուլոյանին: Մասնավորապես, «Աբովյան սիթի» ընկերության տնօրեն Դավիթ Գուլոյանը հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն ուղղված գրությամբ հայտնել է, որ նշված գումարը 2017 թվականի վերջին կամ 2018 թվականի սկզբին ուղղվել է Կարապետ Գուլոյանի նկատմամբ առկա պարտավորության ամբողջ ծավալով մարմանը (հատոր 7-րդ, գ.թ. 75-82)։ Մ․ Ա․-ն96 նույնաբովանդակ տեղեկություններ է հայտնել նաև սույն գործի շրջանակներում դատարանում որպես վկա հարցաքննվելիս։ Այսպիսով, հաշվի առնելով, որ հայցվորը պահանջել է փոխառության չվերադարձված մասի պահանջի իրավունքը, իսկ անհնարինության դեպքում՝ փոխառության չվերադարձված մասի չափով գումարը՝ Դատարանն արձանագրում է, որ նշված պահանջը ենթակա է մերժման97»։
5.112. Վճռաբեկ դատարանը, գալով ▪▪ ▪▪▪▪▪▪▪ ▪▪▪▪▪ ▪▪▪▪▪▪▪▪ ▪▪▪▪▪▪▪▪ ▪▪▪▪▪▪▪▪▪▪▪ ▪▪▪▪▪, ▪▪98 հասցեի անշարժ գույքը Ռոզա Ծառուկյանի և Կարապետ Գուլոյանի համատեղ սեփականություն ճանաչելու և Կարապետ Գուլոյանից և Ռոզա Ծառուկյանից նշված գույքն ամբողջությամբ բռնագանձելու, իսկ անհնարինության դեպքում՝ գույքի շուկայական արժեքը՝ 242.800.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի վերաբերյալ ստորադաս դատարանների պատճառաբանություններին և եզրահանգումներին, հարկ է համարում արձանագրել հետևյալը։
5.113. Գործի փաստերի համաձայն՝ 05.10.2006 թվականին գրանցվել է Կարապետ Գուլոյանի և Ռոզա Ծառուկյանի ամուսնությունը։ 02.02.2021 թվականին Ռոզա Գագիկի Ծառուկյանը լիազորել է Սարգիս Վահագնի Գուլոյանին ԱԳԿՊԿ-ի սպասարկման գրասենյակներում լինել իր ներկայացուցիչը, ինչի համար նրան իրավունք է տվել իր անունից ներկայացնել դիմումներ, ստանալ փաստաթղթեր (վկայականներ, տեղեկանքներ), փաստաթղթերի պատճեններ, կատարել անհրաժեշտ վճարումներ։ 23.02.2021 թվականին տրված թիվ ▪▪▪▪▪▪▪▪-▪▪-▪▪▪▪99 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համաձայն՝ ▪▪ ▪▪▪▪▪▪▪ ▪▪▪▪▪ ▪▪▪▪▪▪▪▪ ▪▪▪▪▪▪▪▪ ▪▪▪▪▪▪▪▪▪▪▪ ▪▪▪▪▪▪▪ ▪▪100 հասցեում գտնվող անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում է Ռոզա Գագիկի Ծառուկյանին (գրանցման համար հիմք հանդիսացած փաստաթղթերն են հանդիսանում՝ համայնքի ղեկավարի 23.12.2015 թվականի թիվ 306 որոշում, համայնքի ղեկավարի 03.02.2021 թվականի թիվ 54 գրություն, 03.08.2015 թվականի նվիրատվության պայմանագիր, 31.08.2015 թվականի անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, համայնքի ղեկավարի 15.12.2020 թվականի թիվ 466 որոշում) (տե՛ս վերը՝ 4.4.-րդ, 4.8.-4.9.-րդ կետերը)։
5.114. Դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, արձանագրել է․ «(...) ամուսնու միանձնյա սեփականություն հանդիսացող գույքը ամուսինների համատեղ սեփականություն ճանաչելու հնարավորությունը քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսված է որպես ամուսինների միջև գույքային հարաբերությունների կարգավորման միջոց: Մասնավորապես այն ուղղված է այն ամուսնու գույքային շահերի պաշտպանությանը, որի կողմից կատարվել են էական ներդրումները: Մինչդեռ տվյալ դեպքում հայցվորի կողմից ներկայացված պահանջի նպատակը բացառապես գույքի բռնագանձման իրավական հնարավորությունն ապահովելն է, որը չի բխում քաղաքացիական օրենսդրության տրամաբանությունից101»: Այնուհետև, Դատարանը, հիմք ընդունելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասը, նշել է. «(...) թեև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 20-րդ հոդվածով սահմանված պահանջների ցանկը սպառիչ չէ, սակայն այն ունի կողմնորոշիչ նշանակություն: Հետևաբար Դատարանի գնահատմամբ Հայցվորը գույքը համատեղ սեփականություն ճանաչելու պահանջ այն ամբողջությամբ բռնագանձելու նպատակով չէր կարող ներկայացնել։ (...) Բացի այդ հայցվորի այն պնդումը, որ գույքի վրա ներդրումները կատարվել են Կարապետ Գուլոյանի դրամական միջոցներով, բխում է այն հանգամանքից, որ գույքի պետական գրանցման վճարները կատարվել են Կարապետ Գուլոյանի ազգական Սարգիս Գուլոյանի կողմից։ Դատարանն արձանագրում է, որ միայն այս բավարար չէ՝ գույքի վրա կատարված ներդրումները Կարապետ Գուլոյանին վերագրելու համար102»:
5.115. Իր հերթին, Վերաքննիչ դատարանը, ի հակադրություն Դատարանի դիրքորոշման, արձանագրել է․ «(...) ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի հետ կապված ցանկացած այլ պահանջ ներկայացնելու իրավական հնարավորություն նախատեսելու նպատակը ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կանոններից այլ կանոն սահմանելու միջոցով Իրավասու մարմնին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացում լիազորությունների ընձեռումն է, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա նաև այլ պահանջներ ներկայացնելու միջոցով ապահովել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումն այն դեպքերում, երբ բացի բուն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջից անհրաժեշտ կլինի նաև այլ բնույթի պահանջների ներկայացում: (…) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումները չեն կարող մեկնաբանվել մեկուսի, այսինքն՝ «այդ թվում» ձևակերպումը, ինչպես նաև դրանից հետո թվարկված դեպքերը չեն կարող մեկնաբանվել դրան նախորդող «ցանկացած այլ պահանջ» օրենսդրական ձևակերպումից մեկուսացված: (...) Դատարանը դատական ակտում անդրադառնալով գույքի պետական գրանցման վճարները Կարապետ Գուլոյանի ազգական Սարգիս Գուլոյանի կողմից կատարված լինելու հարցին, որևէ անդրադարձ չի կատարել հայցվորի կողմից ներկայացված, այդ թվում վերաքննիչ բողոքում նշված այն փաստարկներին, որ հայցվոր կողմը մի քանի անգամ ընդգծել և հրավիրել է Դատարանի ուշադրությունն այն հանգամանքին, որ Կարապետ Գուլոյանի ազգական Սարգիս Գուլոյանը լիազորված է եղել Ռոզա Ծառուկյանից ԱԳԿՊԿ-ի սպասարկման գրասենյակներում լինել իր ներկայացուցիչը, ինչի համար նրան իրավունք է տվել իր անունից ներկայացնել դիմումներ, ստանալ փաստաթղթեր, կատարել անհրաժեշտ վճարումներ: (…) Այսինքն՝ Կարապետ Գուլոյանի ազգական Սարգիս Գուլոյանի կողմից կատարվել են ոչ միայն գույքի պետական գրանցման հետ կապված փոքր ծախսեր, այլ նաև՝ 4.404.920 ՀՀ դրամի վճարում, ինչի արդյունքում ինքնակամ կառույցը ճանաչվել է օրինական, գրանցվել է դրա նկատմամբ Ռոզա Ծառուկյանի սեփականության իրավունքը103»:
5.116. Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ստորադաս դատարանների վերոշարադրյալ իրավական դիրքորոշումներին, հիմքում ունենալով իր կողմից վերն արտահայտված դիրքորոշումները (տե՛ս վերը՝ 5.48.-5.55.-րդ կետերը), արձանագրում է, որ ստորադաս դատարանները, ընդհանուր առմամբ, մասնակիորեն եկել են ճիշտ եզրահանգումների, մասնավորապես՝ Դատարանը, որն արձանագրել է, որ միայն Կարապետ Գուլոյանի ազգական Սարգիս Գուլոյանի կողմից վճարումներ կատարելը բավարար չէ՝ գույքի վրա կատարված ներդրումները Կարապետ Գուլոյանին վերագրելու համար, և Վերաքննիչ դատարանը, որն արձանագրել է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի հետ կապված ցանկացած այլ պահանջ ներկայացնելու իրավական հնարավորություն նախատեսելու նպատակը ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կանոններից այլ կանոն սահմանելու միջոցով Իրավասու մարմնին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացում լիազորությունների ընձեռումն է, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա նաև այլ պահանջներ ներկայացնելու միջոցով ապահովել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումն այն դեպքերում, երբ բացի բուն՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջից անհրաժեշտ կլինի նաև այլ բնույթի պահանջների ներկայացում։
5.117. Մնացած մասով, չնայած Դատարանն Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա պահանջ ներկայացնելու իրավասության հարցը քննարկելիս եկել է ոչ իրավաչափ եզրահանգման, սակայն հաջորդիվ, (ի տարբերություն Վերաքննիչ դատարանի) եկել է իրավաչափ եզրահանգման, որ որպես նվիրատվություն ստացած գույքը համատեղ սեփականություն ճանաչելու և դրա հետևանքով գույքը բռնագանձելու պահանջը ենթակա է մերժման։ Դատարանի այս փաստարկն ամբողջությամբ համահունչ է Վճռաբեկ դատարանի վերը՝ 5.52.-5.55.-րդ կետերում արտահայտած դիրքորոշումներին։
5.118. Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ հայցվոր կողմը մի քանի անգամ ընդգծել և հրավիրել է Դատարանի ուշադրությունն այն հանգամանքին, որ Կարապետ Գուլոյանի ազգական Սարգիս Գուլոյանը լիազորված է եղել Ռոզա Ծառուկյանից ԱԳԿՊԿ-ի սպասարկման գրասենյակներում լինել իր ներկայացուցիչը, ինչի համար նրան իրավունք է տվել իր անունից ներկայացնել դիմումներ, ստանալ փաստաթղթեր, կատարել անհրաժեշտ վճարումներ, ինչպես նաև այն, որ Կարապետ Գուլոյանի ազգական Սարգիս Գուլոյանի կողմից կատարվել են ոչ միայն գույքի պետական գրանցման հետ կապված փոքր ծախսեր, այլ նաև՝ 4.404.920 ՀՀ դրամի վճարում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Սարգիս Վահագնի Գուլոյանը ներկայացրել է Ռոզա Գագիկի Ծառուկյանին և նրա անունից է հանդես եկել, այսինքն՝ ներկայացրել է վերջինիս շահերը։ Գալով 4.404.920 ՀՀ դրամի վճարմանը, ապա այն նույնպես կատարվել է ներկայացուցչության շրջանակներում և տվյալ գումարի վճարման հանձնարարագրի նպատակ դաշտում նշված է. «▪▪▪▪▪▪▪▪ ▪▪▪▪▪▪▪▪▪▪ ▪▪104 հասցե Ռոզա Գագիկի Ծառուկյանին սեփ. իրավ. պական հողամ ինքնակամ կառույց ընդհան ▪▪▪▪▪ քառ.մ Որոշ թիվ 466 15.12.2020թ.», իսկ ▪▪ ▪▪▪▪▪▪▪ ▪▪▪▪▪ ▪▪▪▪▪▪▪▪ ▪▪▪▪▪▪▪▪105 ղեկավարի 15.12.2020 թվականի թիվ 466 որոշմամբ, հիմք ընդունելով Ռոզա Ծառուկյանի դիմումը, որոշվել է օրինականացնել ▪▪▪▪▪▪▪ ▪▪▪▪▪▪▪▪ ▪▪▪▪▪▪▪▪▪▪ ▪▪▪▪▪ ▪▪▪ ▪▪106 հասցեում գտնվող, Ռոզա Գագիկի Ծառուկյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված ընդհանուր ▪▪▪.▪ ▪▪▪․▪107արտաքին մակերեսով հանգստյան տունը, ավտոտնակը, խոհանոցը և հենակետը (հատոր 3-րդ, գ.թ. 123, լազերային կրիչ)։
5.119. Հաջորդիվ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ վերաքննության օբյեկտի բացակայության հարցին։ Վերաքննիչ դատարանն այս հարցի հետ կապված նշել է. «Այս առումով հարկ է նշել, որ Դատարանի կողմից գործին մասնակցող անձի կողմից ներկայացված ապացույցների գնահատման ընթացքի մասին դատական ակտում որևէ դատողության բացակայությունը ինքնին նշանակում է վերաքննության օբյեկտի բացակայություն։ (...)108»: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը վկաների ցուցմունքները հետազոտել է, որոնց վերաբերյալ ներկայացվել են դիրքորոշումներ ու փաստարկներ, գնահատվել են այդ ապացույցները որոնց հետ կապված համապատասխան հիմքերով և հիմնավորումներով ներկայացվել են վերաքննիչ բողոքներ, ուստի Վճռաբեկ դատարանը հիմնավոր չի համարում Վերաքննիչ դատարանի այդ դիրքորոշումը և արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը հանգել է սխալ եզրահանգման։
5.120. Անդրադառնալով դատարանի վճիռը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու լիազորության կիրառման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին և եզրահանգումներին, ինչպես նաև Հայցվորի կողմից վկայակոչած փաստարկներին (տե՛ս վերը՝ 2.4.-2.5.-րդ կետերը)՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը չի վերաբերվում Օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետի (տե՛ս վերը՝ 5.59.-րդ կետը) հիմքով դատական ակտի անվերապահ բեկանմանը։ Մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանը վերը՝ 5.75.-րդ կետում, մանրամասն անդրադարձել է դատական ակտի պատճառաբանվածության հարցին և արձանագրում է, որ Դատարանի 01.07.2024 թվականի վճիռը համապատասխանում է օրենսդրական՝ պատճառաբանվածության պահանջին, ուստի այն չի կարող գնահատվել որպես չպատճառաբանված՝ պատճառաբանական մաս չունեցող։
5.121. Վերոգրյալի հիման վրա՝ դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու Վերաքննիչ դատարանի եզրահանգումը Վճռաբեկ դատարանը գնահատում է կիրառելի իրավակարգավորումներից ու գործի փաստերից չբխող:
5.122. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել Օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ։
5.123. Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելը և Դատարանի դատական ակտին ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
5.124. Միաժամանակ նկատի ունենալով, որ Դատարանի` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի է պատճառաբանված` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն պետք է թողնել անփոփոխ՝ սույն որոշման պատճառաբանություններով:
6.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
6․1․ Օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
6․2․ Օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
6․3․ Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
6․4․ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի համաձայն՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են դատախազության մարմինները՝ պետական շահերի պաշտպանության վերաբերյալ հայցերով։
6․5․ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասի «ա» և «բ» կետի բովանդակությունից բխում է, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝ դրամական պահանջի գործերով՝ վճռաբեկ բողոքում նշված վիճարկվող գումարի 5 տոկոսի չափով, իսկ եթե վերաքննիչ դատարանում վիճարկվել են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ, և վերաքննիչ դատարանը կայացրել է բողոքն ամբողջությամբ բավարարելու կամ մերժելու մասին որոշում, ապա հայցագնի 5 տոկոսի չափով, սակայն բոլոր դեպքերում ոչ պակաս բազային տուրքի 30-ապատիկից և ոչ ավելի բազային տուրքի 10 000-ապատիկից, իսկ ոչ դրամական պահանջի գործերով՝ բազային տուրքի 40-ապատիկի չափով։
6․6․ Նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը 18.02.2025 թվականի որոշմամբ մասնակիորեն բավարարել է Հայցվորի և Պատասխանողների վերաքննիչ բողոքները՝ համապատասխան մասերով ուղարկելով նոր քննության (տե՛ս վերը՝ 1.8.-րդ կետը), և սույն որոշմամբ, մասնակիորեն բավարարելով Հայցվորի և Պատասխանողների վճռաբեկ բողոքները, Վերաքննիչ դատարանի 18.02.2025 թվականի որոշումը բեկանվում է ու ուժ է տրվում Դատարանի 01.07.2024 թվականի վճռին, ուստի անդրադառնալով պետական տուրք բռնագանձելու հարցին՝ Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով նաև այն, որ Վերաքննիչ դատարանի 18.08.2024 թվականի և Վճռաբեկ դատարանի 16.04.2025 թվականի որոշումներով համապատասխանաբար բավարարվել է վերաքննիչ և վճռաբեկ բողոք բերելու համար պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու վերաբերյալ Պատասխանողների միջնորդությունները, իսկ Հայցվորն ազատված է պետական տուրքի վճարումից, հետևաբար նման պայմաններում պետական տուրքը պետք է բաշխել՝ հետևյալ համամասնությամբ.
- Վերաքննիչ բողոքներ բերելու համար պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված.
- Կարապետ Մուրադի Գուլոյանից և Ռոզա Գագիկի Ծառուկյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության ոչ դրամական պահանջի մասով ենթակա է բռնագանձման 160.000 ՀՀ դրամ (4×40.000 ՀՀ դրամ = 160.000 ՀՀ դրամ)՝ որպես պետական տուրքի գումար.
- Կարապետ Մուրադի Գուլոյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության դրամական պահանջի մասով ենթակա է բռնագանձման 10.000.000 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական տուրքի գումարը վճռաբեկ բողոք բերելու համար չի կարող գերազանցել բազային տուրքի 10 000-ապատիկը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքները բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 18.02.2025 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 01.07.2024 թվականի վճռին։
2. Կարապետ Մուրադի Գուլոյանից և Ռոզա Գագիկի Ծառուկյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 160.000 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար։
3. Կարապետ Մուրադի Գուլոյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10.000.000 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար։
4․ Այլ դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
_____________________
1
Հանդիսանում է անձնական տվյալ։2 Հանդիսանում է անձնական տվյալ։
3 Հանդիսանում է անձնական տվյալ։
4 Հանդիսանում է անձնական տվյալ։
5 Հանդիսանում է անձնական տվյալ։
6 Հանդիսանում է անձնական տվյալ։
7 Դատարանի 01.07.2024 թվականի վճռով հայցը բավարարելու մասով վճիռը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու մասով:
8 Վերաքննիչ դատարանը «▪▪ ▪▪▪▪▪▪▪ ▪▪▪▪▪ ▪▪▪▪▪▪▪▪ ▪▪▪▪▪▪▪▪ ▪▪▪▪▪▪▪▪▪▪▪ ▪▪▪▪▪, ▪▪ (հանդիսանում է անձնական տվյալ) հասցեի անշարժ գույքը Ռոզա Ծառուկյանի և Կարապետ Գուլոյանի համատեղ սեփականություն ճանաչելու և Կարապետ Գուլոյանից և Ռոզա Ծառուկյանից նշված գույքն ամբողջությամբ բռնագանձելու, իսկ անհնարինության դեպքում՝ գույքի շուկայական արժեքը՝ 242.800.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջները մերժելու մասով» բեկանել և գործն այդ մասերով ուղարկել է Դատարան՝ նոր քննության:
9 Վերաքննիչ դատարանը «2016 թվականին տրամադրված 548.025,25 ԱՄՆ դոլար փոխառության չվերադարձված մասի պահանջի իրավունքը, իսկ անհնարինության դեպքում՝ Կարապետ Գուլոյանից տրամադրված փոխառության չվերադարձված մասի չափով գումար՝ 548.025,25 դոլար (անհնարինության դեպքում՝ դրան համարժեք 263.229.584 ՀՀ դրամ) բռնագանձելու պահանջները մերժելու մասերով» բեկանել է Դատարանի վճիռը և գործն այդ մասերով ուղարկել է Դատարան՝ նոր քննության:
10 Հանդիսանում է անձնական տվյալ։
11 Հանդիսանում է անձնական տվյալ
12 Հանդիսանում է անձնական տվյալ։
13 Հանդիսանում է անձնական տվյալ։
14 Հանդիսանում է անձնական տվյալ։
15 Հանդիսանում է անձնական տվյալ։
16 Հանդիսանում է անձնական տվյալ։
17 Հանդիսանում է անձնական տվյալ։
18 Հանդիսանում է անձնական տվյալ։
19 Հանդիսանում է անձնական տվյալ։
20 Հանդիսանում է անձնական տվյալ։
21 Չի շտկվել կոնկրետ նորմի՝ իրավունքի զարգացման թերության պահանջը։ Թեև Վճռաբեկ դատարանը հստակ նշել էր, որ Օրենսգիրքը չունի 149.8-րդ հոդված և որ անհրաժեշտ է հստակեցնել, թե գործող Օրենսգրքի ո՞ր նորմի մասին է գնում խոսքը, որն ըստ բողոքաբերների խախտել է Վերաքննիչ դատարանը, սակայն այս պահանջը ևս չի կատարվել։ Բացի այդ, թույլ են տրվել նոր խախտումներ, մասնավորապես՝ սկզբնական բողոքում նշվել է, որ Վերաքննիչ դատարանի որոշմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերին տրված մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԱՐԴ3/1690/02/17 գործով կայացված որոշմանը, սակայն կրկին ներկայացված բողոքում վկայակոչված հիշյալ որոշման փոխարեն նշել են ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/0384/02/13 և թիվ ԵԿԴ/1446/02/13 քաղաքացիական գործերով կայացված որոշումները, որոնցում ՀՀ վճռաբեկ դատարանը մեկնաբանություն չի տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերի վերաբերյալ։
22 Ընդունված՝ 18.04.2003 թվականին և ուժը կորցրած՝ 01.07.2022 թվականին։ Սկզբնաղբյուր՝ ՀՀՊՏ 2003/25(260), 02.05.03 թվական։
23 Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը) (…):
24 Այստեղ և այլուր ընդգծումներն ըստ Վճռաբեկ դատարանի։
25 Հետագայում ՀՕ-270-Ն օրենքով փոփոխվել է Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը և ավելացվել է նաև 6-րդ կետ, ըստ որի. «6) ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում ձեռք բերված տվյալներով առկա են բավարար հիմքեր՝ կասկածելու, որ պաշտոնատար անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք։» և, որը ուժի մեջ է մտել՝ 10.07.2022 թվականին։ Սկզբնաղբյուր՝ Միաս. կայք 27.06.2022-10.07.2022, ՊՀ 30.06.22 թվական։
26 Տե՛ս Հիմնավորումներ՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների ընդունման մասին, կետ 1։
27 Տե՛ս նույն տեղը՝ 3-4 կետերը։
28 Տե՛ս նույն տեղը՝ 60 կետը։
29 Հաշվի առնելով ՍԴ որոշման ծավալուն բնույթը՝ արդյունավետության տեսանկյունից հղումների կետերը կներառվեն բուն տեքստում։
30 Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում նշված։
31 Տե՛ս Վենետիկի հանձնաժողովի` Սահմանադրական դատարանի համար՝ ««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի որոշակի հարցերի վերաբերյալ» թիվ CDL-AD(2022)048 (թիվ 1108/2022) խորհրդատվական կարծիք (Amicus Curiae Brief for the Constitutional Court of Armenia on Certain Questions Relating of the Law on the Forfeiture of Assets of Illicit Origin), 2022 թվականի դեկտեմբերի 19 (այսուհետ՝ Խորհրդատվական կարծիք), կետ 31։
32 Վենետիկի հանձնաժողով, CDL-AD(2022)029, Մոլդովայի Հանրապետություն – Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ միացյալ խորհրդատվական կարծիքն ապօրինի հարստացման վերաբերյալ, ընդունվել է Վենետիկի հանձնաժողովի 132-րդ լիագումար նիստում (Վենետիկ, 21-22 հոկտեմբեր 2022.), 9-րդ պարբերություն։
33 Տե՛ս նույն տեղը՝ կետ 13։
34 ՀՀ Գերագույն խորհրդի կողմից 23.08.1990 թվականին ընդունված Հռչակագիրը՝ «ՀՀ անկախության մասին», սկզբնաղբյուր՝ ՀՀԳԽՏ 1990/16, հոդ. 256։
35 Ուժի մեջ է մտել՝ 01.09.1992 թվականին և ուժը կորցրել է՝ 12.04.2002 թվականին: Սկզբնաղբյուր՝ ՀՀԳԽՏ 1992/17-18, հոդ. 390:
36 Ուժի մեջ է մտել՝ 09.01.2002 թվականին և ուժը կորցրել է՝ 01.07.2018 թվականին, սկզբնաղբյուր՝ ՀՀՊՏ 2002.01.09/1(176) Հոդ. 1:
37 Ուժի մեջ է մտել՝ 19.08.2006 թվականին և ուժը կորցրել է՝ 01.01.2012 թվականին, սկզբնաղբյուր՝ ՀՀՊՏ 2006.08.09/43(498) Հոդ. 915:
38 Ուժի մեջ է մտել՝ 01.05.2007 թվականին և ուժը կորցրել է՝ 09.04.2018 թվականին, սկզբնաղբյուր՝ ՀՀՊՏ 2007.04.11/19(543) Հոդ. 455:
39 Ուժի մեջ է մտել՝ 01.01.2012 թվականին և ուժը կորցրել է՝ 20.11.2019 թվականին, սկզբնաղբյուր՝ ՀՀՊՏ 2011.06.17/37(840) Հոդ. 863:
40 Ընդունված 1950 թվականի նոյեմբերի 4-ին, Հռոմ քաղաքում։
41 Տե՛ս ՄԻԵԴ-ի թիվ 17985/18 դիմումի հիման վրա քննված՝ Պակուրարն ընդդեմ Ռումինիայի գործով՝ 24.06.2025 թվականի վճիռը, որը վերջնական է դարձել՝ 24.09.2025 թվականին: Էլեկտրոնային հղում՝ https://hudoc.echr.coe.int/?i=001-243776:
42 Տե՛ս ՄԻԵԴ-ի թիվ 36862/05 դիմումի հիման վրա քննված՝ Գոգիտիձեն ընդդեմ Վրաստանի գործով՝ 12.05.2015 թվականի վճիռը, որը վերջնական է դարձել՝ 12.08.2015 թվականին: Էլեկտրոնային հղում՝ https://hudoc.echr.coe.int/?i=001-154398:
43 Inter alia, տե՛ս թիվ ԵՄԴ/0250/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը:
44 ՀՀ վճռաբեկ դատարանը համանման դիրքորոշումներ արտահայտել է նաև՝ թիվ ԵԱՆԴ/0474/02/13 քաղաքացիական գործով՝ 28.11.2014 թվականի որոշմամբ, թիվ ՎԴ/6067/05/16 վարչական գործով՝ 25.12.2019 թվականի որոշմամբ, թիվ ՎԴ/5662/05/16 վարչական գործով՝ 25.12.2020 թվականի որոշմամբ:
45 Տե՛ս Ս. Մալխասյանց, «Հայերեն բացատրական բառարան», չորս հատորով, ԵՊՀ հրատ., Երևան, 2010 թվական, IV հատոր, էջ 599:
46 Տե՛ս, օրինակ, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասը, 75-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերը, 80-83-րդ հոդվածները, 85-րդ հոդվածի 1-ին մասը, «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածը, «Պետական պաշտոններ եվ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածը։
47 Որպես առավել թարմ աղբյուր տե՛ս Սրբուհի Խարբութլյանն ընդդեմ Մուշեղ Դավթյանի թիվ ԵԴ/36794/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.06.2025 թվականի որոշումը:
48 Տե՛ս նաև Աննա Հովակիմյանն ընդդեմ Արմեն Հակոբյանի թիվ ՏԴ/2259/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.12.2024 թվականի որոշումը:
49 Տե՛ս Հիմնավորումներ՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների ընդունման մասին, կետ 91-92։
50 Տե՛ս Գոգիտիձեն և այլք ընդդեմ Վրաստանի գործով ՄԻԵԴ վերոնշյալ վճիռը, 105-րդ պարբերություն:
51 Տե՛ս Վենետիկի հանձնաժողովի 2022 թվականի դեկտեմբերի 19-ի CDL-AD(2022)048 կարծիքը (թիվ 1108/2022), կետեր 23-րդ և 26-րդ։
52 Տե՛ս Yordanov and others v. Bulgaria, nos. 265/17, 26473/18, §§118, 26 September 2023:
53 Տե՛ս ըստ դիմումի «ՌԵՍՈ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության թիվ ՏԴ/2886/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.03.2023 թվականի որոշումը:
54 Տե՛ս Թամարա Գալստյանի ընդդեմ Էդգար Մարտիրոսյանի թիվ ԵՄԴ/0848/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2020 թվականի որոշումը:
55 Տե՛ս «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը:
56 Տե՛ս Տիգրան Հովհաննիսյանն ընդդեմ Անթրանիկ Բողոսսյանի և Հայկ Մարտիրոսյանի թիվ ԵԴ/18039/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.09.2023 թվականի որոշումը:
57 Տե՛ս Արման Վարդազարյանի ընդդեմ Կարինե Վարդազարյանի թիվ ԵԱՔԴ/0598/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը:
58 Տե՛ս Զարուհի և Գայանե Այվազյաններն ընդդեմ Նաիրա Պետրոսյանի և Մարիա Այվազյանի թիվ ԵԿԴ/4379/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը:
59 Տե՛ս «Շանթ Պլյուս» ՍՊԸ-ն ընդդեմ Վարշամ Ղարիբյանի թիվ ԵԱԴԴ/1438/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.06.2021 թվականի որոշումը:
60 Տե՛ս Երեմ Հովսեփյանն ընդդեմ Աշոտ Մալխասյանի թիվ ԵԱՔԴ/4994/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.03.2020 թվականի որոշումը:
61 Տե՛ս Ռաֆիկ Ղազարյանի ընդդեմ «ԴԵԼՏԱ» ՍՊԸ-ի թիվ ԵԱՔԴ/3187/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը:
62 Տե՛ս Վարդուշ Հակոբյանի ընդդեմ Համայնքի ղեկավարի, Համայնքի ավագանու թիվ ԱՎԴ/2827/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.10.2021 թվականի որոշումը:
63 Տե՛ս Դատարանի 01.07.2024 թվականի վճռի (այսուհետ՝ Վճիռ) 18-19 էջերը։
64 Տե՛ս Վերաքննիչ դատարանի 18.02.2025 թվականի որոշման (այսուհետ՝ Որոշում) 46-47, 52-53 էջերը։
65 Տե՛ս Որոշման 100 էջը։
66 Տե՛ս Որոշման 103-104 էջերը։
67 Հանդիսանում է անձնական տվյալ։
68 Տե՛ս Որոշման 74-75, 79, 81-82 էջերը։
69 Հանդիսանում է անձնական տվյալ։
70 Հանդիսանում է անձնական տվյալ։
71 Հանդիսանում է անձնական տվյալ։
72 Հանդիսանում է անձնական տվյալ։
73 Հանդիսանում է անձնական տվյալ։
74 Տե՛ս Վճռի 38 էջը։
75 Հանդիսանում է անձնական տվյալ։
76 Հանդիսանում է անձնական տվյալ։
77 Հանդիսանում է անձնական տվյալ։
78 Տե՛ս Վճռի 40 էջը։
79 Հանդիսանում է անձնական տվյալ։
80 Տե՛ս Վճռի 45 էջը։
81 Հանդիսանում է անձնական տվյալ։
82 Հանդիսանում է անձնական տվյալ։
83 Հանդիսանում է անձնական տվյալ։
84 Հանդիսանում է անձնական տվյալ։
85 Տե՛ս Որոշման 76-77 էջերը։
86 Տե՛ս Որոշման 77 էջը։
87 Հանդիսանում է անձնական տվյալ։
88 Հանդիսանում է անձնական տվյալ։
89 Հանդիսանում է անձնական տվյալ։
90 Հանդիսանում է անձնական տվյալ։
91 Հանդիսանում է անձնական տվյալ։
92 Տե՛ս Որոշման 78 էջը։
93 Տե՛ս Վճռի 48 էջը։
94 Տե՛ս Վճռի 49 էջը։
95 Տե՛ս Որոշման 97-98, 79, 81-82 էջերը։
96 Հանդիսանում է անձնական տվյալ։
97 Տե՛ս Վճռի 54 էջը։
98 Հանդիսանում է անձնական տվյալ։
99 Հանդիսանում է անձնական տվյալ։
100 Հանդիսանում է անձնական տվյալ։
101 Տե՛ս Վճռի 52 էջը։
102 Տե՛ս Վճռի 53 էջը։
103 Տե՛ս Որոշման 93-94 էջերը։
104 Հանդիսանում է անձնական տվյալ։
105 Հանդիսանում է անձնական տվյալ։
106 Հանդիսանում է անձնական տվյալ։
107 Հանդիսանում է անձնական տվյալ։
108 Տե՛ս Որոշման 81-82 էջերը։
|
Նախագահող |
Ա. Դավթյան |
|
Զեկուցող |
Գ. Գյոզալյան |
| Ա. Կուրեխյան | |
|
Լ. Գրիգորյան | |
| Լ. Մելիքջանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|