ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՍնԴ/2443/04/21 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.06.08-2026.06.21 Պաշտոնական հրապարակման օրը 17.06.2026
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
20.04.2026
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
20.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Սնանկության գործ թիվ ՍնԴ/2443/04/21

Սնանկության գործ թիվ ՍնԴ/2443/04/21

2026 թ.

Նախագահող դատավոր`

Մ. Հարթենյան

Դատավորներ`

Տ. Նազարյան

 

Դ. Սերոբյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

  նախագահող 

Գ. Հակոբյան

 

զեկուցող

Ս. Մեղրյան

Ա. Աթաբեկյան

Ն. Հովսեփյան

Ա. Մկրտչյան

Է. Սեդրակյան
Վ. Քոչարյան

 

2026 թվականի ապրիլի 20-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Հասմիկ Լեյլոյանի դիմումի՝ Էմմա Գրիգորյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.03.2023 թվականի որոշման դեմ Հասմիկ Լեյլոյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հասմիկ Լեյլոյանը պահանջել է Էմմա Գրիգորյանին ճանաչել սնանկ:

Սնանկության դատարանի 14.02.2022 թվականի վճռով դիմումը բավարարվել է՝ Էմմա Գրիգորյանը ճանաչվել է սնանկ։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.06.2022 թվականի որոշմամբ Էմմա Գրիգորյանի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Սնանկության դատարանի 14.02.2022 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության։

Սնանկության դատարանը (այսուհետ՝ Դատարան) 28.10.2022 թվականին վճռել է «Հասմիկ Արարատի Լեյլոյանի դիմումն ընդդեմ Էմմա Իվանի Գրիգորյանի՝ Էմմա Իվանի Գրիգորյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, մերժել: 2. Էմմա Իվանի Գրիգորյանից հօգուտ Հասմիկ Արարատի Լեյլոյանի բռնագանձել նախապես վճարված 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ պետական տուրքի գումարը: Էմմա Իվանի Գրիգորյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանի միջնորդությունը՝ Հասմիկ Արարատի Լեյլոյանից հօգուտ Էմմա Իվանի Գրիգորյանի 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ փաստաբանի խելամիտ վարձատրության գումար բռնագանձելու պահանջի մասին,  մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի հարցը համարել լուծված: 3. Էմմա Իվանի Գրիգորյանից հօգուտ սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Զավեն Վարդանյանի, սկսած 14.10.2021թ.-ից մինչև 28.10.2022թ. թվականն ընկած ժամանակահատվածի համար, ամսական հաշվարկել և բռնագանձել վարձատրության գումար՝ վճռի կայացման պահին 28.10.2022թ. նախորդող ժամանակահատվածում պարտապանի տնօրենի համար հաշվարկված վարձատրության կամ ֆիզիկական անձ պարտապանի տարեկան եկամտի 1/12-ի չափով, բայց ոչ պակաս, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16032023 թվականի որոշմամբ Էմմա Գրիգորյանի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ որոշվել է «ՀՀ Սնանկության դատարանի 28.102022 թվականի թիվ ՍնԴ/2443/04/21 վճիռը մասնակի՝ բողոքարկված՝ «Էմմա Գրիգորյանից հօգուտ սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Զավեն Վարդանյանի, սկսած 14.10.2021թ.-ից մինչև 28.10.2022թ. թվականն ընկած ժամանակահատվածի համար, ամսական՝ վճռի կայացման պահին 28.10.2022թ. նախորդող ժամանակահատվածում պարտապանի տնօրենի համար հաշվարկված վարձատրության կամ ֆիզիկական անձ պարտապանի տարեկան եկամտի 1/12-ի չափով, բայց ոչ պակաս, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով կառավարչի վարձատրություն բռնագանձելու, Էմմա Գրիգորյանից հօգուտ Հասմիկ Լեյլոյանի 100000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար բռնագանձելու, Էմմա Գրիգորյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանի միջնորդությունը՝ Հասմիկ Լեյլոյանից հօգուտ Էմմա Գրիգորյանի 500000 ՀՀ դրամ փաստաբանի խելամիտ վարձատրության գումար բռնագանձելու պահանջը մերժելու մասերով բեկանել և այդ մասերով փոփոխել.
«Հասմիկ Լեյլոյանից հօգուտ սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Զավեն Վարդանյանի սկսած 14.10.2021 թվականից մինչև 28.10.2022 թվականն ընկած ժամանակահատվածի համար, հաշվարկել և ամսական բռնագանձել վարձատրության գումար՝ վճռի կայացման պահին 28.10.2022թ. նախորդող ժամանակահատվածում պարտապանի տնօրենի համար հաշվարկված վարձատրության կամ ֆիզիկական անձ պարտապանի տարեկան եկամտի 1/12-ի չափով, բայց ոչ պակաս, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված
  չափով: Դիմումի համար նախապես վճարված պետական տուրքի հարցը համարել լուծված»։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հասմիկ Լեյլոյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Էմմա Գրիգորյանը (ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 10-րդ, 17-րդ հոդվածները,  ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածը:

 

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը, հաշվի չի առել, որ դատական ծախսերը՝ այդ թվում ժամանակավոր կառավարչին (կառավարչին) վարձատրություն վճարելու պարտականությունը դրվում է սնանկության գործով պարտատիրոջ վրա, եթե նույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերը վերացել են և դիմողը հետ է վերցրել սնանկության մասին դիմումը: Հետևաբար անհրաժեշտ է այս պայմանների միաժամանակյա առկայությունը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հարկադրված սնանկության դիմումը հնարավոր է հետ վերցնել այն դատարան մուտքագրելուց հետո 15-օրյա ժամկետում, իսկ դիմումի քննությունը դատական նիստում իրականացվելու դեպքում այն կարող է հետ վերցվել մինչև դատական նիստը սկսելը, որի պարագայում սնանկության գործի վարույթը կարճվում է: Մինչդեռ,  «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պարտավորության անվիճելիության հատկանիշը վերացել է պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումը 12102021 թվականին դատարան ներկայացնելուց հետո՝ միայն 26052022 թվականին՝ պարտապանի կողմից փոխառության պայմանագիրը դատական կարգով վիճարկելուց հետո, հետևաբար, սույն դեպքում կիրառելի էր «Սնանկության մասին» ՀՀ օրենքի ոչ թե 17-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը,  այլ 17-րդ հոդվածի 3-րդ մասը։ Այսինքն, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դրույթը կիրառելի է դիմումը հետ վերցնելուց հետո գործի վարույթը կարճվելու դեպքում, ոչ թե դիմումը մերժվելու դեպքում։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.03.2023 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 28.10.2022 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ։

Հասմիկ Լեյլոյանի կողմից վճռաբեկ բողոքում նշված փաստարկները չեն բխում դատական ծախսերի ինստիտուտի էությունից և այդպիսի մեկնաբանության դեպքում կստացվի, որ ցանկացած պարագայում, երբ պարտապանն առարկություն ներկայացնի, որի ուժով պարտավորությունը դառնա վիճելի, ապա բոլոր դեպքերում դատական ծախսերի պարտականությունը պետք է կրի պարտապանը:

Պարտավորության վիճելի լինելու մասին պարտապանը կարող է բարձրաձայնել բացառապես սնանկության վարույթի շրջանականերում առարկություն ներկայացնելով, մինչ այդ պարտապանը չի կարող փաստել, որ պարտավորությունը վիճելի է: Պարտապանի՝ պարտավորության դեմ առարկելու դատավարական գործողությունը տրամաբանորեն հաջորդում է սնանկության դիմում ներկայացնելուն և երբևէ չի կարող նախորդել դրան, քանի որ պարտապանի կողմից առարկություններ ներկայացնելու դատավարական ինստիտուտը հանդիսանում է սնանկության դիմումից պաշտպանվելու դատավարական միջոց:

Դատարանն իրեն սնանկ ճանաչելու մասին դիմումի հիմքերին անդրադառնալիս չի եկել եզրահանգման առ այն, որ վերջինիս սնանկ ճանաչելու հիմքերին առկա են եղել ի սկզբանե և դրանք վերացել են դիմումը ներկայացնելուց հետո:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1)   Հասմիկ Լեյլոյանը 12.10.2021 թվականին դիմում է ներկայացրել դատարան՝ Էմմա Գրիգորյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին (հատոր 1-ին, գ.թ. 4-6): Դիմումին, ի թիվս այլնի, կցվել է 100.000 ՀՀ դրամ պետական տուրքի վճարման անդորրագիր (հատոր 1-ին, գ.թ. 3).

2)  Սնանկության դատարանի 14.10.2021 թվականի որոշմամբ դիմումն ընդունվել է վարույթ, սնանկության ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Զավեն Վարդանյանը (հատոր 1-ին, գ.թ. 2).

3)  Դատարանի 28102022 թվականի վճռով Հասմիկ Լեյլոյանի դիմումը մերժվել է։ Միաժամանակ անդրադառնալով սնանկության գործով ժամանակավոր կառավարչի վարձատրության հարցին և արձանագրելով, որ գործով ներկայացվել է հարկադիր սնանկության դիմում, որը ենթակա է մերժման, Դատարանը վճռել է «3 Էմմա Իվանի Գրիգորյանից հօգուտ սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Զավեն Վարդանյանի, սկսած 14102021թ-ից մինչև 28102022թ թվականն ընկած ժամանակահատվածի համար, ամսական հաշվարկել և բռնագանձել վարձատրության գումար՝ վճռի կայացման պահին 28102022թ նախորդող ժամանակահատվածում պարտապանի տնօրենի համար հաշվարկված վարձատրության կամ ֆիզիկական անձ պարտապանի տարեկան եկամտի 1/12-ի չափով, բայց ոչ պակաս, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով։ (․․․(հատոր 3-րդ, գ.թ. 64-73).

4)  Վերաքննիչ դատարանը 16032023 թվականի որոշմամբ պարտապան Էմմա Գրիգորյանի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակի։ Վերաքննիչ դատարանը որոշել է «ՀՀ Սնանկության դատարանի 28102022 թվականի թիվ ՍնԴ/2443/04/21 վճիռը մասնակի՝ բողոքարկված՝ «Էմմա Գրիգորյանից հօգուտ սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Զավեն Վարդանյանի, սկսած 14102021թ,-ից մինչև 28102022թ նախորդող ժամանակահատվածում պարտապանի տնօրենի համար հաշվարկված վարձատրության կամ ֆիզիկական անձ պարտապանի տարեկան եկամտի 1/12-ի չափով, բայց ոչ պակաս, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով կառավարչի վարձատրություն բռնագանձելու, Էմմա Գրիգորյանից հօգուտ Հասմիկ Լեյլոյանի 100000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար բռնագանձելու, Էմմա Գրիգորյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանի միջնորդությունը՝ Հասմիկ Լեյլոյանից հօգուտ Էմմա Գրիգորյանի 500000 ՀՀ դրամ փաստաբանի խելամիտ վարձատրության գումար բռնագանձելու պահանջը մերժելու մասերով բեկանել և այդ մասերով փոփոխել. «Հասմիկ Լեյլոյանից հօգուտ սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Զավեն Վարդանյանի սկսած 14.10.2021 թվականից մինչև 28.10.2022 թվականն ընկած ժամանակահատվածի համար, հաշվարկել և ամսական բռնագանձել վարձատրության գումար՝ վճռի կայացման պահին 28.10.2022թ. նախորդող  ժամանակահատվածում պարտապանի տնօրենի համար հաշվարկված վարձատրության կամ ֆիզիկական անձ պարտապանի տարեկան եկամտի 1/12-ի չափով, բայց ոչ պակաս, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով:

Դիմումի համար նախապես վճարված պետական տուրքի հարցը համարել լուծված» (հատոր 4-րդ, գ.թ. 83-95).

5)  Թ իվ ԵԴ/19417/02/22 քաղաքացիական գործով 20.04.2022 թվականին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է Էմմա Գրիգորյանի հայցադիմումն ընդդեմ  Հասմիկ Լեյլոյանի, երրորդ անձիք «Երևան» նոտարական տարածքի նոտար Վանինե Հովսեփյանի, Կադաստրի կոմիտեի, Արամ Աղախանյանի՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանք կիրառելու պահանջի մասին, որը նույն դատարանի 28.04.2022 թվականի որոշմամբ վերադարձվել է, իսկ 03052022 թվականին կրկին ներկայացված հայցադիմումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 26.05.2022 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ (հիմք՝ «www.datalex.am» դատական տեղեկատվական համակարգ, քաղաքացիական գործ թիվ ԵԴ/19417/02/22, հատոր 3-րդ, գ.թ 41):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1‑ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ ու 6‑րդ մասերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

 

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն իրավական հարցին, թե դիմումը մերժելու մասին վճռով ում վրա պետք է դրվի դատական ծախսերի և սնանկության կառավարչի (կառավարչի) վարձատրության փոխհատուցման պարտականությունն այն դեպքում, երբ դիմումը դատարան ներկայացնելուց հետո հիմնավորվում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերի բացակայությունը՝ պայմանավորված այն հանգամանքով, որ սնանկ ճանաչելու մասին դիմում ներկայացվելուց հետո հայցադիմում է ներկայացվել սնանկության դիմումի հիմքում դրված գործարքի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

 

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է: 

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտապանը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել`

1) հարկադրված սնանկության դիմումի հիման վրա` եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 90-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն`

ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը,

բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),

գ) պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),

դ) պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը. (….):

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դիմումը հետ վերցնելու դեպքում տվյալ դիմումի հիման վրա դատական վարույթ ընդունված սնանկության գործի վարույթը կարճվում է։

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե դիմումը դատարան ներկայացնելուց հետո պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետևանքով պարտապանը դադարում է անվճարունակ լինելուց կամ նույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված հիմքերը վերանում են, ապա դիմումը մերժելու մասին վճռով դատարանը պարտավորեցնում է պարտապանին փոխհատուցել դատական ծախսերը:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սնանկության դիմումը մերժվելու կամ գործի վարույթը կարճվելու դեպքերում դատական ծախսերի և ժամանակավոր կառավարչի (կառավարչի) վարձատրության փոխհատուցման պարտականությունը դրվում է սնանկության վերաբերյալ դիմում ներկայացրած անձի վրա, բացառությամբ նույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ դատական ծախսերի և ժամանակավոր կառավարչի (կառավարչի) վարձատրության փոխհատուցումը կատարվում է պարտապանի հաշվին, եթե`

1) սնանկության գործի վարույթը կարճվել է պարտապանին այլ սնանկության գործով սնանկ ճանաչելու հիմքով.

2) սնանկության մասին դիմում ներկայացվելուց հետո պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետևանքով պարտապանը դադարել է անվճարունակ լինելուց, կամ նույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերը վերացել են, և դիմողը հետ է վերցրել սնանկության մասին դիմումը.

3) դա նախատեսված է դատարանի կողմից հաստատված հաշտության համաձայնությամբ:

Նախկինում կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետևանքով պարտապանի անվճարունակությունը դադարելու կամ սնանկության հիմքերը վերանալու դեպքերում սնանկության դիմումը մերժելու մասին  վճիռ կայացնելու պայմաններում  սնանկության ժամանակավոր կառավարչին վարձատրություն վճարելու պարտականությունը պարտապանի վրա դնելով՝ օրենսդիրը նպատակ է հետապնդել ապահովելու սնանկության վարույթի օբյեկտիվությունը և մասնակիցների միջև շահերի հավասարակշռումը, քանի որ վերը նշված դեպքերում օրենքի ուժով ծագում է սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության իրավունքը, որը չի կարող կատարվել պարտատիրոջ հաշվին, այլապես կստացվի մի իրավիճակ, երբ պարտապանի դրսևորած վարքագծի հետևանքով առաջացած դատավարական հետևանքները պետք է կրի պարտատերը: Սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության իրավունքն էլ չի կարող սահմանափակվել որևէ հիմքով՝ նկատի ունենալով, որ օրենսդիրը վարձատրության իրավունքը սահմանելիս այն կախվածության մեջ չի դրել որևէ հանգամանքից: Այլ կերպ ասած՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքերի առկայության դեպքում սնանկության ժամանակավոր կառավարիչը պետք է ստանա վարձատրություն (տե´ս Պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ «Էտտո Քիդս» ՍՊԸ-ի թիվ ԵՇԴ/0078/04/17 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորմանը, նշել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի բովանդակությունից բխում է, որ հարկադրված սնանկության դիմումի հիման վրա պարտապանին դատարանի վճռով սնանկ ճանաչելու համար անհրաժեշտ է հիմնավորել անձի վճարային պարտավորության անվիճելիությունը, այդպիսի պարտավորության առնվազն 90-օրյա ժամկետով կետանցը և վճռի կայացման պահին այդպիսի կետանցի շարունակվելը, իսկ սնանկության դիմումը մերժելու դեպքում հարկադիր սնանկության դիմում ներկայացնողի կրած դատական ծախսերը փոխհատուցելու և սնանկության ժամանակավոր կառավարչին վճարելու պարտականությունը պարտապանի մոտ ծագում է բացառապես

ա) պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետևանքով անվճարունակ լինելը դադարելու

կամ

բ) «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերը վերանալու դեպքում (տե´ս Պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ Գոհար Պետրոսյանի թիվ ՍնԴ/1153/04/21 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.12.2021 թվականի որոշումը)։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին վճիռ կայացվում է կա՛մ այն դեպքում, երբ դիմումը դատարան ներկայացնելուց հետո պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետևանքով պարտապանը դադարում է անվճարունակ լինելուց, կա՛մ այն դեպքում, երբ դիմումը դատարան ներկայացնելուց հետո «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված հիմքերը վերանում են: Նշված դեպքերում սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին վճիռն անմիջականորեն առնչվում է սնանկության ժամանակավոր կառավարչի իրավունքներին այնքանով, որքանով կարգավորում է նաև վերջինիս վարձատրության հարցը (…) (տե´ս Պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ «Էտտո Քիդս» ՍՊԸ-ի թիվ ԵՇԴ/0078/04/17 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքը սնանկության գործի վարույթի կարճումը պայմանավորել է պարտատիրոջ կողմից սնանկության դիմումը հետ վերադարձնելու մասին դիմում ներկայացնելու փաստով: Ընդ որում օրենսդրի կողմից արդարացիորեն չեն նշվել այն դեպքերը, որոնց առկայության դեպքում պարտատիրոջ մոտ ծագում է այդ իրավունքի իրականացումը` յուրաքանչյուր դեպքում այն թողնելով պարտատիրոջ հայեցողությանը: Հարկ է նկատել, որ առանձին դեպքերում պարտատիրոջ վերը նշված իրավունքի իրականացումը կարող է պայմանավորված լինել մի շարք հանգամանքներով, օրինակ` պարտքի ներմամբ, սնանկության դիմումը ներկայացնելուց հետո պարտապանի կողմից պարտավորության լրիվ կամ մասնակի կատարմամբ, ինչն իր հերթին կարող է առաջ բերել պարտապանի անվճարունակության դադարում և այլն:

ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ ըստ էության օրենսդիրը սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության իրավունքը պայմանավորել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի ծագման հիմքերով, որոնք են, մասնավորապես, սնանկության դիմումը դատարան ներկայացնելուց հետո պարտապանի կողմից պարտքի լրիվ կամ մասնակի մարումը կամ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով անվճարունակության հիմքերի վերացումը:

ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել, որ վերը նշված հիմքերի առկայության դեպքում, կախված այն հանգամանքից, թե պարտատիրոջ կողմից ներկայացվել է սնանկության դիմումը հետ վերցնելու մասին դիմում, թե` ոչ, դատավարական հետևանքները կարող են լինել տարբեր: Այսպես, այն դեպքում, երբ սնանկության դիմումը դատարան ներկայացնելուց հետո պարտապանի կողմից պարտքը լրիվ կամ մասնակի մարվել է կամ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով անվճարունակության հիմքերը վերացել են, և պարտատերը չի ներկայացրել սնանկության դիմումը հետ վերցնելու մասին դիմում, դատարանը սնանկության դիմումը մերժում է: Իսկ այն դեպքում, երբ պարտատիրոջ կողմից առկա է համապատասխան դիմում, գործի վարույթը դատարանի կողմից ենթակա է կարճման: Այսինքն, օրենսդիրը սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության իրավունքը պայմանավորել է սնանկության դիմումը ներկայացնելուց հետո պարտապանի կողմից պարտքի լրիվ կամ մասնակի մարված լինելու փաստով կամ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով անվճարունակության հիմքերի վերացման հանգամանքի առկայությամբ: Այլ կերպ ասած, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության իրավունքի ծագումն օրենսդիրը պայմանավորել է ոչ թե գործի դատավարական ելքով (սնանկության դիմումի մերժում կամ սնանկության գործի վարույթի կարճում), այլ այնպիսի հստակ հիմքերով, որոնց արդյունքում պարտապանը կա՛մ դադարում է անվճարունակ լինելուց, կա՛մ վերանում են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված անվճարունակության հիմքերը:

ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված հետևությունը պայմանավորել է այն հանգամանքով, որ հակառակ պարագայում ի հայտ կգար մի իրավիճակ, որ սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության իրավունքի ծագումը կախվածության մեջ կդրվեր պարտատիրոջ կամահայտնությունից, այն է` վերը նշված հիմքերի առկայության դեպքում համապատասխան դիմում ներկայացնել, թե` ոչ, որպիսի հանգամանքն անթույլատրելի է, քանի որ չի բխում սնանկության վարույթի առանձնահատկությունից:

Հետևաբար, բոլոր այն դեպքերում, երբ պարտապանին սնանկ ճանաչելու դիմումը վարույթ ընդունելուց հետո պարտապանը լրիվ կամ մասնակի կատարել է պարտավորությունը և մարել է պարտքը կամ վերացել են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված անվճարունակության հիմքերը, սնանկության ժամանակավոր կառավարչի աշխատանքը ենթակա է հատուցման, անկախ համապատասխան դատավարական հետևանքից՝ սնանկության գործի վարույթի կարճում, թե՝ սնանկության դիմումի մերժում:

Նման պայմաններում ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումը, ինչպես նաև դրա վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում կայացրած որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները կիրառելի են նաև այն դեպքում, երբ սնանկության դիմումը ներկայացնելուց հետո, պարտապանի կողմից պարտքի մասնակի կամ լրիվ մարման հետևանքով վերջինս դադարում է անվճարունակ լինելուց կամ վերանում են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված անվճարունակության հիմքերը, ուստի և ենթակա է ապահովման նաև սնանկության ժամանակավոր կառավարչի վարձատրության իրավունքը՝ օրենքով սահմանված հաշվարկին համապատասխան (տե´ս «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանն ընդդեմ «Նոր Զովք» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0238/04/17 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 09.11.2020 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ և 6-րդ մասերում ամրագրված իրավանորմերի հարաբերակցության խնդրին, արձանագրում է, որ 5-րդ մասում ամրագրված իրավակարգավորումը սնանկության վարույթում առաջացող դատական ծախսերի և ժամանակավոր կառավարչի (կառավարչի) վարձատրության բաշխման հարցը կարգավորող ընդահանուր կանոն է, որի համաձայն՝ սնանկության դիմումը մերժվելու կամ գործի վարույթը կարճվելու դեպքերում դատական ծախսերի և ժամանակավոր կառավարչի (կառավարչի) վարձատրության փոխհատուցման պարտականությունը դրվում է սնանկության վերաբերյալ դիմում ներկայացրած անձի վրա, բացառությամբ նույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի։

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասով ընդհանուր կանոնի համեմատ  նախատեսված է առանձնահատկություն, այն է՝ դատական ծախսերի և ժամանակավոր կառավարչի (կառավարչի) վարձատրության փոխհատուցումը կատարվում է պարտապանի հաշվին, եթե` սնանկության մասին դիմում ներկայացվելուց հետո պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետևանքով պարտապանը դադարել է անվճարունակ լինելուց, կամ նույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերը վերացել են, և դիմողը հետ է վերցրել սնանկության մասին դիմումը: Նշված բացառությունը նախատեսելը պայմանավորված է այն հանգամանքով, որ երբ սնանկության մասին դիմումը հետ վերցնելը կապված է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերը վերանալու հետ, որպիսի պայմաններում թեև գործի ելքը կանխորոշվելու է սնանկության գործի վարույթը կարճելով, այնուամենայնիվ դիմում ներկայացրած անձը չպետք է կրի դատական ծախսերի և ժամանակավոր կառավարչի (կառավարչի) վարձատրության փոխհատուցման պարտականությունը, քանի որ երբ որոշակի հանգամանքների բերումով սնանկության դիմում ներկայացրած անձի համար ակնհայտ է դառնում, որ պարտապանին սնանկ ճանաչելու հիմքերը վերացել են, և նա այլևս աննպատակահարմար է համարում սնանկության վարույթի հետագա քննությունը, օրենսդիրը նրան տալիս է հնարավորություն հետ վերցնելու իր ներկայացրած դիմումը՝ այդ գործողությունը կատարելու կամ չկատարելու հետ կապելով նաև դատական ծախսերի և ժամանակավոր կառավարչի (կառավարչի) վարձատրության փոխհատուցման պարտականությունը կրելու հարցը:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված իրավանորմի կիրառման նախապայմաններին՝ ըստ այդմ ընդգծելով, որ նշված իրավանորմի նպատակն է ապահովել դատական ծախսերի բեռի արդարացի բաշխումը բոլոր այն իրավիճակներում, երբ սնանկության վարույթն ամբողջությամբ դառնում է իրավական առումով հիմնազուրկ՝ պարտապանի անվճարունակության հիմքերի վերացման հետևանքով։ Մասնավորապես, եթե պարտապանին սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմումը դատարան ներկայացնելուց հետո վերանում են  «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված անվճարունակության հիմքերը, ապա նշված հանգամանքն արդեն իսկ բավարար է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառման համար, որի դեպքում ոչ թե գործի վարույթն է կարճվում, այլ դիմումը մերժվում է, իսկ ժամանակավոր կառավարչի վարձատրության փոխհատուցման բեռը դրվում է պարտապանի վրա, քանի որ վերջինիս գործողություններն են հանգեցրել անվճարունակության վերացման։ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ սնանկ ճանաչելու մասին դիմում ներկայացնելուց հետո պարտապանի կողմից դիմումատուի ներկայացրած պարտքի պահանջը քաղաքացիական դատավարության կարգով վիճարկելու հանգամանքը, երբ այն վերաբերում է հենց սնանկության հիմքում դրված վճարային պարտավորությանը, արդեն իսկ օբյեկտիվորեն վերացնում է վկայակոչված պարտավորության «անվիճելիությունը»։ Հետևաբար, սնանկ ճանաչելու մասին դիմում ներկայացնելուց հետո պարտապանի կողմից դիմումատուի դեմ փոխառության պայմանագրի՝ որպես առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի վերաբերյալ ներկայացված հայցը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով ուղղված է նաև անվճարունակության հիմքերի վերացմանը։ Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վիճարկման հետևանքով սնանկության հիմքում ընկած պարտավորությունն այլևս չի կարող դիտարկվել որպես անվիճելի, որպիսի հանգամանքը միաժամանակ տարբերվում է այն իրավիճակներից, երբ պարտապանը պարզապես լրիվ կամ մասնակի մարում է պարտքը և այդ հիմքով է դադարում անվճարունակ լինելուց, կամ  «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերը վերանում են և դիմողը հետ է վերցնում սնանկության մասին դիմումը։ Այսինքն, երբ պարտապանի գործողությունների կամ դատական կարգով պարտավորության վիճելիության հիմքով վերանում են անվճարունակության իրավական հիմքերը, սնանկության դիմումը մերժելու դեպքում կառավարչի վարձատրության փոխհատուցման բեռը պետք է դրվի պարտապանի վրա՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դիմումը հետ է վերցվել կամ վարույթը կարճվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքով նախատեսված այլ հիմքերով։

Օրենսդրի կողմից այսպիսի առանձնահատկություն սահմանելու նպատակը կայանում է նրանում, որ բոլոր այն դեպքերում, երբ անձին սնանկ ճանաչելու հիմքերը վերանում են պարտապանի ակտիվ գործողությունների և ձեռնարկած քայլերի արդյունքում, դիմում ներկայացրած անձը չպետք է կրի դատական ծախսերը և սնանկության գործով ժամանակավոր կառավարչի (կառավարչի) վարձատրության պարտականությունը, քանի որ դատավարության մի մասնակցի՝ տվյալ դեպքում պարտապանի կատարած գործողությունների արդյունքում առաջացած հետևանքների համար պատասխանատվությունը չի կարող դրվել դիմում ներկայացրած անձի վրա:

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանի 28.10.2022 թվականի վճռով Հասմիկ Լեյլոյանի դիմումը՝ Էմմա Գրիգորյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, մերժվել է այն հիմքով, որ «սնանկության դիմումի հիմքում ընկած պարտավորությունները Դիմումատուի [վրիպակը Դատարանինն է] կողմից ամբողջությամբ վիճարկվել են քաղաքացիական դատավարության կարգով քննվող թիվ ԵԴ/19417/02/22 քաղաքացիական գործի շրջանակում, ինչն էլ իր հերթին վիճելի է դարձնում սնանկության դիմումի հիմքում ընկած փաստերով ներկայացված պահանջը: (…) Գործի փաստական հանգամանքների, ինչպես նաև գործի քննության ընթացքում ձեռքբերված վերոնշյալ ապացույցների համադրման արդյունքում ակնհայտ է, որ Դիմումատուի պահանջն անվիճելի համարվել չի կարող»: Դատարանի վճռով դատական ծախսերը և սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Զավեն Վարդանյանի վարձատրության պարտավորությունը դրվել է պարտապան Էմմա Գրիգորյանի վրա հետևյալ պատճառաբանությամբ «Դատարանը գտնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից վերոգրյալ որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները՝ սնանկության դիմումը ներկայացնելուց հետո՝ սնանկության հիմքերը վերանալու դեպքերում սնանկության դիմումը մերժելու մասին վճիռ կայացնելու պայմաններում ժամանակավոր կառավարչին վարձատրություն վճարելու պարտականությունը պարտապանի վրա դնելու մասով, հավասարապես կիրառելի են նաև նույն հոդվածով սահմանված դատական ծախսերի բաշխման մասով, նկատի ունենալով, որ Օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում գործով դատական ծախսերը պարտատիրոջ հաշվին կատարվելու պայմաններում կստացվի մի իրավիճակ, երբ պարտապանի դրսևորած վարքագծի հետևանքով առաջացած դատավարական հետևանքները պետք է կրի պարտատերը, ինչը չի կարող բխել սնանկության վարույթի օբյեկտիվությունը և մասնակիցների միջև շահերի հավասարակշռումն ապահովելու օրենսդրի նպատակից: Հաշվի առնելով սույն որոշման պատճառաբանական մասում նշված հիմնավորումները՝ Դատարանը գտնում է, որ վերոգրյալ պատճառաբանություններով դատական ծախսերի փոխհատուցումն Օրենքի 17‑րդ հոդվածի 3-րդ մասի ուժով պետք է կատարվի Պարտապանի կողմից, ուստի Պարտապանից հօգուտ Դիմումատուի հարկ է բռնագանձել սնանկության դիմումը դատարան ներկայացնելու համար Դիմումատուի կողմից նախապես վճարված 100.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը»:

Վերաքննիչ դատարանը, 16.03.2023 թվականի որոշմամբ Էմմա Գրիգորյանի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 28.10.2022 թվականի վճիռը մասնակիորեն՝ դատական ծախսերի և սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Զավեն Վարդանյանի վարձատրության փոխհատուցման պարտավորությունը պարտապանի Էմմա Գրիգորյանի վրա դնելու մասով, բեկանվել և փոփոխվել է՝ դրանք փոխհատուցելու պարտավորությունը դրվել է դիմումատու Հասմիկ Լեյլոյանի վրա: Վերաքննիչ դատարանն արձանագրել է՝ «սնանկության դիմումը մերժվելու դեպքում դատական ծախսերի, այդ թվում՝ պետական տուրքի, ինչպես նաև կառավարչի վարձատրության փոխհատուցման պարտականությունը կրում է պարտապանը հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, այն է՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերը վերացել են, դիմողը հետ է վերցրել սնանկության մասին դիմումը:
(…) Անդրադառնալով դատական ծախսերի և կառավարչի վարձատրության փոխհատուցման պարտականությունը պարտապանի հաշվին կատարելու Դատարանի հետևության իրավաչափությանը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ գործում սնանկ ճանաչելու դիմումը հետ վերցնելու փաստը հավաստող ապացույց առկա չէ, այսինքն՝ բացակայում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով նախատեսված՝ դատական ծախսերի և ժամանակավոր կառավարչի վարձատրության փոխհատուցումը պարտապանի հաշվին կատարելու անհրաժեշտ փաստակազմը:
Ավելին, առկա չէ նաև դիմումը Դատարան ներկայացնելուց հետո Օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված հիմքերը վերանալու փաստ, պարտապանի առակությունները հիմնավորող ապացույցը, այն է՝ սնանկության դիմումը Դատարան ներկայացնելուց հետո հարուցված հայցադիմումը, չի կարող գնահատվել որպես Օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պայմանը հաստատող և ծառայել դիմումը դատարան ներկայացնելուց հետո Օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված հիմքերը վերանալու վերաբերյալ հետևությանը: Հետևաբար «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի  սխալ կիրառման վերաբերյալ բողոքի փաստարկը Վերաքննիչ դատարանը գնահատում է իրավաչափ»
:

Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով սույն գործով դատական ծախսերի և սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Զավեն Վարդանյանի վարձատրությունը փոխհատուցելու պարտականությունը դիմումատու Հասմիկ Լեյլոյանի վրա դնելու կապակցությամբ ստորադաս դատարանների եզրահանգումների իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, հիմք ընդունելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավակարգավորումը, եկել է իրավաչափ եզրահանգման առ այն, որ  սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Զավեն Վարդանյանի վարձատրության պարտավորությունը պետք է դրվի պարտապան Էմմա Գրիգորյանի վրա, մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է նույն մասի իրավակարգավորումը ու հաշվի չի առել, որ Էմմա Գրիգորյանի կողմից թիվ ԵԴ/19417/02/22 քաղաքացիական գործով հայցադիմում ներկայացնելու փաստի ուժով, որով վերջինս  պահանջել է որպես առոչինչ գործարքի անվավերության հետևանք անվավեր ճանաչել իր և Հասմիկ Լեյլոյանի միջև 28122020 թվականին կնքված փողի փոխառության վերաբերյալ պայմանագիրը, վիճարկվել է սույն գործով պարտավորության անվիճելիությունը և հետևաբար վերացել են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերը, որի պայմաններում չի կիրառել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սնանկության մասին դիմումը դատարան ներկայացնելուց հետո «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված անվճարունակության հիմքերը վերացել են Էմմա Գրիգորյանի կողմից սնանկ ճանաչելու մասին դիմում ներկայացնելուց հետո քաղաքացիական դատավարության կարգով առոչինչ գործարքի անվավերության հետևանք կիրառելու մասին պահանջ ներկայացնելու արդյունքում, առաջ է գալիս իրավական այն դիրքորոշումը, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով գործով դատական ծախսերի և սնանկության ժամանակավոր կառավարչի (կառավարչի) վարձատրությունը փոխհատուցելու պարտականությունը պետք է կրի պարտապանը, մինչդեռ Վերաքննիչ դատարանը կիրառել է այն նորմը՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասը, որը նախատեսված է այլ դեպքերի համար և սույն գործի հանգամանքներում ենթակա չէր կիրառման։ Արդյունքում, Վերաքննիչ դատարանն անտեսել է սույն որոշմամբ քննարկվող հարցի կապակցությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով նախատեսված առանձնահատկությունները, որոնք հստակ կարգավորվում են նույն օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասում։ Այսպիսով, պարտապանի կողմից սնանկության հիմքում ընկած պարտավորությունների վիճարկումն ու դրանց հաջորդող անվճարունակության հիմքերի վերացումը հանդիսանում են բավարար նախադրյալներ՝ ձևավորելու դատական ծախսերի և կառավարչի վարձատրության փոխհատուցման պարտականությունը պարտապանի վրա դնելու իրավական հիմքը։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է Վերաքննիչ դատարանի դատական ակտի բեկանման հիմք, որի անհրաժեշտությունը տվյալ դեպքում պայմանավորված է նրանով, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ և 6-րդ մասերի խախտում, այն է՝ սնանկության մասին դիմումը ներկայացնելուց հետո սնանկ ճանաչելու հիմքերը վերանալու պայմաններում դատական ծախսերի և սնանկության ժամանակավոր կառավարչի (կառավարչի) վարձատրությունը փոխհատուցելու պարտականությունը պետք է կրեր ոչ թե դիմում ներկայացրած անձը, այլ պարտապանը:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոգրյալ պատճառաբանություններով:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3‑րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 16.03.2023 թվականի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7‑րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելը և Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Դատարանի 28.10.2022 թվականի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է (…) դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Մինչև 30102021 թվականը գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար՝ դրամական պահանջի գործերով հայցագնի երեք տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից։

Նկատի ունենալով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը բավարարելու արդյունքում  Վերաքննիչ դատարանի 16.03.2023 թվականի որոշումը բեկանվում է, և օրինական ուժ է տրվում Դատարանի 28.10.2022 թվականի որոշմանն ամբողջությամբ՝ սույն որոշման պատճառաբանություններով, ինչպես նաև այն, որ Հասմիկ Լեյլոյանը վճռաբեկ բողոք ներկայացնելիս նախապես վճարել է վճռաբեկ բողոք ներկայացնելու համար պետական տուրքի գումարը՝ 27.000 ՀՀ դրամը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Էմմա Գրիգորյանից հօգուտ Հասմիկ Լեյլոյանի պետք է բռնագանձել վերջինիս կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարը։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այլ դատական ծախսերի վերաբերյալ պահանջ ներկայացված չլինելու պատճառաբանությամբ այդ ծախսերի բաշխման հարցը պետք է համարել լուծված։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.03.2023 թվականի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Սնանկության դատարանի 28.10.2022 թվականի վճռին:

2. Էմմա Գրիգորյանից հօգուտ Հասմիկ Լեյլոյանի բռնագանձել 27.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար։  

Այլ դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող 

Գ. Հակոբյան

Զեկուցող

Ս. Մեղրյան

Ա. Աթաբեկյան

Ն. Հովսեփյան

Ա. Մկրտչյան

Է. Սեդրակյան
Վ. Քոչարյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ՍնԴ/2443/04/21 սնանկության գործով 2026 թվականի ապրիլի 20-ին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

07052026 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2026 թվականի ապրիլի 20-ին (որոշումը դատական իշխանության պաշտոնական կայքում (court.am) հրապարակվել է 20.04.2026 թվականին) գրավոր ընթացակարգով քննելով ըստ Հասմիկ Լեյլոյանի դիմումի՝ Էմմա Գրիգորյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, նույն պալատի ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.03.2023 թվականի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Սնանկության դատարանի 28.10.2022 թվականի վճռին:

Վճռաբեկ դատարանի դատավորներ Էդ. Սեդրակյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Հասմիկ Լեյլոյանը պահանջել է Էմմա Գրիգորյանին ճանաչել սնանկ:

Սնանկության դատարանի 14.02.2022 թվականի վճռով դիմումը բավարարվել է՝ Էմմա Գրիգորյանը ճանաչվել է սնանկ։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.06.2022 թվականի որոշմամբ Էմմա Գրիգորյանի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Սնանկության դատարանի 14.02.2022 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության։

Սնանկության դատարանը (այսուհետ՝ Դատարան) 28.10.2022 թվականին վճռել է․ «Հասմիկ Արարատի Լեյլոյանի դիմումն ընդդեմ Էմմա Իվանի Գրիգորյանի՝ Էմմա Իվանի Գրիգորյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, մերժել: 2. Էմմա Իվանի Գրիգորյանից հօգուտ Հասմիկ Արարատի Լեյլոյանի բռնագանձել նախապես վճարված 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ պետական տուրքի գումարը: Էմմա Իվանի Գրիգորյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանի միջնորդությունը՝ Հասմիկ Արարատի Լեյլոյանից հօգուտ Էմմա Իվանի Գրիգորյանի 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ փաստաբանի խելամիտ վարձատրության գումար բռնագանձելու պահանջի մասին, մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի հարցը համարել լուծված: 3. Էմմա Իվանի Գրիգորյանից հօգուտ սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Զավեն Վարդանյանի, սկսած 14.10.2021թ.-ից մինչև 28.10.2022թ. թվականն ընկած ժամանակահատվածի համար, ամսական հաշվարկել և բռնագանձել վարձատրության գումար՝ վճռի կայացման պահին 28.10.2022թ. նախորդող ժամանակահատվածում պարտապանի տնօրենի համար հաշվարկված վարձատրության կամ ֆիզիկական անձ պարտապանի տարեկան եկամտի 1/12-ի չափով, բայց ոչ պակաս, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16․03․2023 թվականի որոշմամբ Էմմա Գրիգորյանի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ որոշվել է․ «ՀՀ Սնանկության դատարանի 28.10․2022 թվականի թիվ ՍնԴ/2443/04/21 վճիռը մասնակի՝ բողոքարկված՝ «Էմմա Գրիգորյանից հօգուտ սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Զավեն Վարդանյանի, սկսած 14.10.2021թ.-ից մինչև 28.10.2022թ. թվականն ընկած ժամանակահատվածի համար, ամսական՝ վճռի կայացման պահին 28.10.2022թ. նախորդող ժամանակահատվածում պարտապանի տնօրենի համար հաշվարկված վարձատրության կամ ֆիզիկական անձ պարտապանի տարեկան եկամտի 1/12-ի չափով, բայց ոչ պակաս, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով կառավարչի վարձատրություն բռնագանձելու, Էմմա Գրիգորյանից հօգուտ Հասմիկ Լեյլոյանի 100000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար բռնագանձելու, Էմմա Գրիգորյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանի միջնորդությունը՝ Հասմիկ Լեյլոյանից հօգուտ Էմմա Գրիգորյանի 500000 ՀՀ դրամ փաստաբանի խելամիտ վարձատրության գումար բռնագանձելու պահանջը մերժելու մասերով բեկանել և այդ մասերով փոփոխել. «Հասմիկ Լեյլոյանից հօգուտ սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Զավեն Վարդանյանի սկսած 14.10.2021 թվականից մինչև 28.10.2022 թվականն ընկած ժամանակահատվածի համար, հաշվարկել և ամսական բռնագանձել վարձատրության գումար՝ վճռի կայացման պահին 28.10.2022թ. նախորդող ժամանակահատվածում պարտապանի տնօրենի համար հաշվարկված վարձատրության կամ ֆիզիկական անձ պարտապանի տարեկան եկամտի 1/12-ի չափով, բայց ոչ պակաս, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով: Դիմումի համար նախապես վճարված պետական տուրքի հարցը համարել լուծված»։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հասմիկ Լեյլոյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Էմմա Գրիգորյանը (ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 10-րդ, 17-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը, հաշվի չի առել, որ դատական ծախսերը՝ այդ թվում ժամանակավոր կառավարչին (կառավարչին) վարձատրություն վճարելու պարտականությունը դրվում է սնանկության գործով պարտատիրոջ վրա, եթե նույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերը վերացել են և դիմողը հետ է վերցրել սնանկության մասին դիմումը: Հետևաբար անհրաժեշտ է այս պայմանների միաժամանակյա առկայությունը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հարկադրված սնանկության դիմումը հնարավոր է հետ վերցնել այն դատարան մուտքագրելուց հետո 15-օրյա ժամկետում, իսկ դիմումի քննությունը դատական նիստում իրականացվելու դեպքում այն կարող է հետ վերցվել մինչև դատական նիստը սկսելը, որի պարագայում սնանկության գործի վարույթը կարճվում է: Մինչդեռ, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պարտավորության անվիճելիության հատկանիշը վերացել է պարտապանին սնանկ ճանաչելու մասին դիմումը 12․10․2021 թվականին դատարան ներկայացնելուց հետո՝ միայն 26․05․2022 թվականին՝ պարտապանի կողմից փոխառության պայմանագիրը դատական կարգով վիճարկելուց հետո, հետևաբար, սույն դեպքում կիրառելի էր «Սնանկության մասին» ՀՀ օրենքի ոչ թե 17-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը, այլ 17-րդ հոդվածի 3-րդ մասը։ Այսինքն, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դրույթը կիրառելի է դիմումը հետ վերցնելուց հետո գործի վարույթը կարճվելու դեպքում, ոչ թե դիմումը մերժվելու դեպքում։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16.03.2023 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 28.10.2022 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Հասմիկ Լեյլոյանը 12.10.2021 թվականին դիմում է ներկայացրել դատարան՝ Էմմա Գրիգորյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին (հատոր 1-ին, գ.թ. 4-6): Դիմումին, ի թիվս այլնի, կցվել է 100.000 ՀՀ դրամ պետական տուրքի վճարման անդորրագիր (հատոր 1-ին, գ.թ. 3).

2) Սնանկության դատարանի 14.10.2021 թվականի որոշմամբ դիմումն ընդունվել է վարույթ, սնանկության ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Զավեն Վարդանյանը (հատոր 1-ին, գ.թ. 2).

3) Դատարանի 28.10.2022 թվականի վճռով Հասմիկ Լեյլոյանի դիմումը մերժվել է։ Միաժամանակ անդրադառնալով սնանկության գործով ժամանակավոր կառավարչի վարձատրության հարցին և արձանագրելով, որ գործով ներկայացվել է հարկադիր սնանկության դիմում, որը ենթակա է մերժման, Դատարանը վճռել է․ «3․ Էմմա Իվանի Գրիգորյանից հօգուտ սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Զավեն Վարդանյանի, սկսած 14․10․2021թ․-ից մինչև 28․10․2022թ․ թվականն ընկած ժամանակահատվածի համար, ամսական հաշվարկել և բռնագանձել վարձատրության գումար՝ վճռի կայացման պահին 28․10․2022թ․ նախորդող ժամանակահատվածում պարտապանի տնօրենի համար հաշվարկված վարձատրության կամ ֆիզիկական անձ պարտապանի տարեկան եկամտի 1/12-ի չափով, բայց ոչ պակաս, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով։ (․․․)» (հատոր 3-րդ, գ.թ. 64-73).

4) Վերաքննիչ դատարանը 16․03․2023 թվականի որոշմամբ պարտապան Էմմա Գրիգորյանի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակի։ Վերաքննիչ դատարանը որոշել է․ «ՀՀ Սնանկության դատարանի 28․10․2022 թվականի թիվ ՍնԴ/2443/04/21 վճիռը մասնակի՝ բողոքարկված՝ «Էմմա Գրիգորյանից հօգուտ սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Զավեն Վարդանյանի, սկսած 14․10․2021թ,-ից մինչև 28․10․2022թ․ նախորդող ժամանակահատվածում պարտապանի տնօրենի համար հաշվարկված վարձատրության կամ ֆիզիկական անձ պարտապանի տարեկան եկամտի 1/12-ի չափով, բայց ոչ պակաս, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով կառավարչի վարձատրություն բռնագանձելու, Էմմա Գրիգորյանից հօգուտ Հասմիկ Լեյլոյանի 100000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար բռնագանձելու, Էմմա Գրիգորյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանի միջնորդությունը՝ Հասմիկ Լեյլոյանից հօգուտ Էմմա Գրիգորյանի 500000 ՀՀ դրամ փաստաբանի խելամիտ վարձատրության գումար բռնագանձելու պահանջը մերժելու մասերով բեկանել և այդ մասերով փոփոխել. «Հասմիկ Լեյլոյանից հօգուտ սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Զավեն Վարդանյանի սկսած 14.10.2021 թվականից մինչև 28.10.2022 թվականն ընկած ժամանակահատվածի համար, հաշվարկել և ամսական բռնագանձել վարձատրության գումար՝ վճռի կայացման պահին 28.10.2022թ. նախորդող ժամանակահատվածում պարտապանի տնօրենի համար հաշվարկված վարձատրության կամ ֆիզիկական անձ պարտապանի տարեկան եկամտի 1/12-ի չափով, բայց ոչ պակաս, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով:

Դիմումի համար նախապես վճարված պետական տուրքի հարցը համարել լուծված» (հատոր 4-րդ, գ.թ. 83-95).

5) Թիվ ԵԴ/19417/02/22 քաղաքացիական գործով 20.04.2022 թվականին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է Էմմա Գրիգորյանի հայցադիմումն ընդդեմ Հասմիկ Լեյլոյանի, երրորդ անձիք «Երևան» նոտարական տարածքի նոտար Վանինե Հովսեփյանի, Կադաստրի կոմիտեի, Արամ Աղախանյանի՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանք կիրառելու պահանջի մասին, որը նույն դատարանի 28.04.2022 թվականի որոշմամբ վերադարձվել է, իսկ 03․05․2022 թվականին կրկին ներկայացված հայցադիմումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 26.05.2022 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ (հիմք՝ «www.datalex.am» դատական տեղեկատվական համակարգ, քաղաքացիական գործ թիվ ԵԴ/19417/02/22, հատոր 3-րդ, գ.թ 41):

 

4. Հատուկ կարծիքի հիմնավորումները`

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ նույն օրենքով սահմանված կարգով կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելու (բացառությամբ եթե կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են կառավարչի կողմից իր լիազորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման, ինչպես նաև նույն օրենքի 29.2-րդ հոդվածի 1-ին մասի 5-9-րդ կետերով նախատեսված դեպքերում որակավորման դադարեցման հիմքով), սնանկության դիմումը մերժվելու կամ գործի վարույթը կարճվելու, պարտատերերի կողմից պահանջներից հրաժարվելու, դրանց կատարման ժամկետը երկարաձգվելու, ինչպես նաև պահանջներ չներկայացվելու դեպքում, որի արդյունքում պարտավորությունների չափը նվազել է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից կամ առկա չէ որևէ պարտավորության գծով 90 օրից ավելի կետանց, կառավարչի աշխատած ժամանակահատվածին համապատասխան վարձատրության տրամադրման և վարձատրության չափին վերաբերող հարցերը որոշում է դատարանը՝ նույն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սնանկության գործի վարույթը կարճվելու, սնանկության դիմումը մերժվելու, ինչպես նաև ժամանակավոր կառավարչի՝ կառավարիչ չնշանակվելու դեպքերում ժամանակավոր կառավարչի ամսական վարձատրությունը կատարվում է դատարանի կողմից համապատասխան վճիռը (որոշումը) կայացնելու պահին նախորդող վերջին մեկ տարում համապատասխանաբար պարտապանի տնօրենի համար հաշվարկված վարձատրության կամ ֆիզիկական անձ պարտապանի տարեկան եկամտի 1/12-ի չափով, բայց ոչ պակաս, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով, իսկ ֆիզիկական անձ պարտապանի՝ վերջին մեկ տարվա ընթացքում եկամուտ չունենալու դեպքում՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե դիմումը դատարան ներկայացնելուց հետո պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետևանքով պարտապանը դադարում է անվճարունակ լինելուց կամ նույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված հիմքերը վերանում են, ապա դիմումը մերժելու մասին վճռով դատարանը պարտավորեցնում է պարտապանին փոխհատուցել դատական ծախսերը և վճարել ժամանակավոր կառավարչի վարձատրությունը:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սնանկության դիմումը մերժվելու կամ գործի վարույթը կարճվելու դեպքերում դատական ծախսերի և ժամանակավոր կառավարչի (կառավարչի) վարձատրության փոխհատուցման պարտականությունը դրվում է սնանկության վերաբերյալ դիմում ներկայացրած անձի վրա, բացառությամբ նույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ դատական ծախսերի և ժամանակավոր կառավարչի (կառավարչի) վարձատրության փոխհատուցումը կատարվում է պարտապանի հաշվին, եթե՝

1) սնանկության գործի վարույթը կարճվել է պարտապանին այլ սնանկության գործով սնանկ ճանաչելու հիմքով.

2) սնանկության մասին դիմում ներկայացվելուց հետո պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետևանքով պարտապանը դադարել է անվճարունակ լինելուց, կամ նույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերը վերացել են, և դիմողը հետ է վերցրել սնանկության մասին դիմումը.

3) դա նախատեսված է դատարանի կողմից հաստատված հաշտության համաձայնությամբ:

Վկայակոչված հոդվածների տառացի և համակարգային մեկնաբանումից ի թիվս այլնի հետևում է, որ՝

.սնանկության դիմումը մերժվելու դեպքում կառավարչի աշխատած ժամանակահատվածին համապատասխան վարձատրության տրամադրման և վարձատրության չափին վերաբերող հարցերը որոշում է դատարանը,

.վարձատրության հարցը որոշելիս դատարանը ղեկավարվում է ժամանակվոր կառավարչի վարձատրության հարցը կարգավորող նորմերով,

.այն դեպքում, երբ սնանկության դիմումը մերժվել է, դատական ծախսերի և ժամանակավոր կառավարչի (կառավարչի) վարձատրության փոխհատուցման պարտականությունը դրվում է դիմողի վրա,

.դատական ծախսերի և ժամանակավոր կառավարչի վարձատրության փոխհատուցման պարտականությունը դրվում է պարտապանի վրա՝ եթե դիմումը դատարան ներկայացնելուց հետո պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետևանքով պարտապանը դադարում է անվճարունակ լինելուց կամ նույն օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված հիմքերը վերանում են,

.սնանկության դիմումը մերժվելու դեպքում դատական ծախսերի և կառավարչի վարձատրության փոխհատուցումը կատարվում է պարտապանի հաշվին, եթե «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերը վերացել են, և դիմողը հետ է վերցրել սնանկության մասին դիմումը:

Արդյունքում սնանկության դիմումը մերժվելու դեպքում դատական ծախսերի, այդ թվում՝ պետական տուրքի, ինչպես նաև կառավարչի վարձատրության փոխհատուցման պարտականությունը կրում է պարտապանը հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, այն է՝

.«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերը վերացել են,

.դիմողը հետ է վերցրել սնանկության մասին դիմումը:

Միաժամանակ պարտապանին սնանկ ճանաչելու հիմքերն ու անվճարունակության հատկանիշները սպառիչ սահմանված են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածում, որի համաձայն՝ պարտատիրոջ պահանջով հարկադրված սնանկության դիմումի հիման վրա դատարանի վճռով պարտապանին սնանկ ճանաչելու հիմքերն են վերջինիս մոտ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 90 օր կամ ավելի ժամկետով կետանցի առկայությունն ու վճռի կայացման պահին այդպիսի կետանցի շարունակվելը, որոնցից յուրաքանչյուրի առկայությունն անհրաժեշտ է, իսկ բոլորինը միասին՝ բավարար՝ անձին սնանկ ճանաչելու համար:

Տվյալ դեպքում, անդրադառնալով դատական ծախսերի և կառավարչի վարձատրության փոխհատուցման պարտականությունը պարտապանի հաշվին կատարելուն, գտնում եմ, որ գործում սնանկ ճանաչելու դիմումը հետ վերցնելու փաստը հավաստող ապացույց առկա չէ, այսինքն՝ բացակայում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով նախատեսված՝ դատական ծախսերի և ժամանակավոր կառավարչի վարձատրության փոխհատուցումը պարտապանի հաշվին կատարելու անհրաժեշտ փաստակազմը:

Ավելին, առկա չէ նաև դիմումը Դատարան ներկայացնելուց հետո «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերը վերանալու փաստ, պարտապանի առակությունները հիմնավորող ապացույցը, այն է՝ սնանկության դիմումը Դատարան ներկայացնելուց հետո հարուցված հայցադիմումը, չի կարող գնահատվել որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պայմանը հաստատող և ծառայել դիմումը դատարան ներկայացնելուց հետո «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերը վերանալու վերաբերյալ հետևությանը, որպիսի իրավաչափ եզրահանգման է եկել Վերաքննիչ դատարանը:

Հետևաբար գտնում եմ, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի 16.03.2023 թվականի որոշումը բեկանելու և Դատարանի 28.10.2022 թվականի վճռին օրինական ուժ տալ համար։ Հետևաբար սույն գործով անհրաժեշտ էր կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` վճռաբեկ բողոքը մերժելու և ստորադաս դատարանի դատական ակտը օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը:

 

Դատավոր

ԷԴ. ՍԵԴՐԱԿՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան