ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Սնանկության գործ թիվ ՍնԴ/3668/04/24 |
Սնանկության գործ թիվ ՍնԴ/3668/04/24 2026 թ. |
|
Նախագահող դատավոր` |
Ի․ Բաղմանյան |
|
Դատավորներ` |
Լ. Հովհաննիսյան |
|
Ս. Սահակյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
|
նախագահող և զեկուցող |
Գ. Հակոբյան |
|
|
Ա. Աթաբեկյան Ն. ՀովսեփյանՍ. Մեղրյան Ա. ՄկրտչյանԷ. Սեդրակյան |
2026 թվականի մարտի 06-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ Արշակ Սեդրակյանի դիմումի` Ռազմիկ Նազարյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.08.2025 թվականի որոշման դեմ Ռազմիկ Նազարյանի բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Արշակ Սեդրակյանը պահանջել է Ռազմիկ Նազարյանին ճանաչել սնանկ:
Սնանկության դատարանի (այսուհետ` Դատարան) 23.12.2024 թվականի վճռով դիմումը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.08.2025 թվականի որոշմամբ Արշակ Սեդրակյանի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 23.12.2024 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռազմիկ Նազարյանը (ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1244-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ թիվ ԵԱՔԴ/5975/02/15 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.05.2016 թվականի վճիռը վերաբերում է ոչ թե իրեն, այլ իր հորը՝ Արտակ Նազարյանին, ով մահացել է, մինչդեռ սնանկության գործով իրավահաջորդություն տեղի չի ունենում։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով բացակայում են իրեն սնանկ ճանաչելու օրենքով սահմանված հիմքերը, քանի որ սնանկ ճանաչված ֆիզիկական անձի պարտավորությունները ժառանգաբար չեն փոխանցվում։
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ սույն գործով պարտատերը՝ Արշակ Սեդրակյանը, հանդիսացել է Արտակ Նազարյանի սնանկության գործով պարտատեր, հետևաբար քաջ գիտակցել է, որ նրա մահվան դեպքում Արտակ Նազարյանի պարտավորությունն իր հանդեպ չի կատարվելու:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.08.2025 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 23.12.2024 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) թիվ ԵԱՔԴ/5975/02/15 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.05.2016 թվականի վճռով Արշակ Սեդրակյանի հայցն ընդդեմ Արտակ Նազարյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, բավարարվել է՝ վճռվել է․ «1. Արշակ Գառնիկի Սեդրակյանի հայցն ընդդեմ Արտակ Ռազմիկի Նազարյանի 20.000.000 ՀՀ դրամ գումարի, 4.000.000 ՀՀ դրամ գումարի նկատմամբ սկսած 02.12.2015 թվականից մինչև պարտավորությունների փաստացի կատարման պահը ՀՀ քաղքացիական օրենսգրքի 411 հոդվածով սահմանված կարգով հաշվարկվող տոկոսների, փաստաբանի վարձատրության՝ 800.000 ՀՀ դրամ գումարի, նախապես վճարված պետական տուրքի՝ 400.000 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջների մասին, բավարարել: 1.1. Արտակ Ռազմիկի Նազարյանից հօգուտ Արշակ Գառնիկի Սեդրակյանի բռնագանձել 20.000.000 (քսան միլիոն) ՀՀ դրամ՝ որպես պարտքի գումար: (…) 1.4. Արտակ Ռազմիկի Նազարյանից հօգուտ Արշակ Գառնիկի Սեդրակյանի բռնագանձել 4.000.000 ՀՀ դրամ գումարի նկատմամբ սկսած 2015 թվականի դեկտեմբերի 02-ից մինչև պարտավորությունների փաստացի կատարման օրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով՝ ըստ նշված ժամանակահատվածի համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքներին համապատասխան հաշվարկվող տոկոսների գումարը (…)»։
Դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում (datalex.am) առկա տեղեկությունների համաձայն՝ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.05.2016 թվականի վճիռը 07.06.2016 թվականին մտել է օրինական ուժի մեջ (հատոր 1-ին, գ․թ․ 18-27).
2) 27․02․2019 թվականին Արտակ Ռազմիկի Նազարյանը մահացել է (հատոր 1-ին, գ․թ․ 28)․
3) ՀՀ Երևան նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից 10.12.2020 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության վկայագրի համաձայն՝ Արտակ Ռազմիկի Նազարյանի գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում որդին՝ Ռազմիկ Արտակի Նազարյանը։
Նույն վկայագրի համաձայն՝ ժառանգական գույքը, որի համար տրվել է վերը նշված վկայագիրը, բաղկացած է նաև պարտավորությունների մեկ երրորդ բաժնից, որոնք ժառանգատուին են պատկանում Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վերը նշված վճռով (հատոր 1-ին, գ․թ․ 28)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1‑ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ Վերաքննիչ դատարանի կիրառած ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1244-րդ հոդվածի և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ժառանգատուի պարտավորություններով ժառանգի պատասխանատվության սահմանների, ինչպես նաև ժառանգին սնանկ ճանաչելու իրավական հնարավորության հարցերին։
1․ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունը բացվում է քաղաքացու մահից հետո:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1188-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության բացման ժամանակը քաղաքացու մահվան օրն է, իսկ նրան մահացած ճանաչելու դեպքում այդ մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը, եթե այլ օր սահմանված չէ վճռում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1242-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության հետ կապված ծախսերը հատուցվում են հետևյալ հերթականությամբ` առաջին հերթին հատուցվում են մինչև ժառանգատուի մահը նրա հիվանդության հետևանքով առաջացած և ժառանգատուի պատշաճ հուղարկավորության համար անհրաժեշտ ծախսերը.
երկրորդ հերթին հատուցվում են ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքը պահպանելու և կառավարելու, ինչպես նաև կտակը կատարելու հետ կապված ծախսերը.
երրորդ հերթին բավարարվում են ժառանգատուի պարտքերով պարտատերերի պահանջները.
չորրորդ հերթին բավարարվում են պարտադիր բաժնի իրավունք ունեցող ժառանգների պահանջները.
հինգերորդ հերթին հատուցվում են կտակային հանձնարարությունը կատարելու հետ կապված ծախսերը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտատերերն իրավունք ունեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում ներկայացնել իրենց պահանջները:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պահանջները, մինչև ժառանգների կողմից ժառանգության իրավունքի վկայագիր ստանալը, կարող են ներկայացվել ժառանգությունն ընդունած ժառանգին կամ կտակակատարին, իսկ նշված անձանց բացակայության դեպքում` ժառանգության բացման վայրի նոտարին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1244-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգները, ժառանգության իրավունքի վկայագիրը ստանալուց հետո, իրենց անցած գույքի արժեքի սահմաններում հատուցում են նույն օրենսգրքի 1242-րդ հոդվածում նշված ծախսերը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ համակարգային վերլուծության ենթարկելով վերը նշված հոդվածներով նախատեսված կարգավորումները, արձանագրել է, որ ժառանգության իրավունքի վկայագիր ստանալուց հետո ժառանգը ժառանգատուի պարտքերով պարտատերերի առջև իրեն անցած գույքի սահմաններում կարող է կրել պարտավորություններ, եթե ժառանգության բացումից վեցամսյա ժամկետում պարտատերերի կողմից իրեն պահանջ է ներկայացվել։ Պահանջների ներկայացման համար սահմանված վեցամսյա ժամկետի ավարտից հետո ներկայացված պահանջները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1244-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով, ենթակա չեն բավարարման, քանի որ մինչև ժառանգության իրավունքի վկայագիր ստանալը պահանջի ներկայացման դեպքում միայն ժառանգը կարող էր որոշել ժառանգությունն ընդունելու նպատակահարմարությունը (տե'ս Սեդա Սոնյանն ընդդեմ Իդա Էբզիմյանի թիվ 3-1778(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2007 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը հնարավորություն է ընձեռել ժառանգատուի պարտատերերին ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում մինչև ժառանգների կողմից ժառանգության իրավունքի վկայագիր ստանալն իրենց պահանջները ներկայացնել նախ հետևյալ անձանց՝ ժառանգությունն ընդունած ժառանգին կամ կտակակատարին, ապա միայն նշված անձանց բացակայության դեպքում` ժառանգության բացման վայրի նոտարին (տե'ս Սերգեյ Թաիրյանն ընդդեմ Երևանի Կենտրոն նոտարական տարածքի նոտարի թիվ ԵՔԴ/0279/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2010 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, զարգացնելով վերը շարադրված իրավական դիրքորոշումները, արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածի 1-ին կետով օրենսդրի կողմից ժառանգատուի պարտատերերի համար պահանջներ ներկայացնելու վերջնաժամկետ սահմանելն ինքնանպատակ չէ. այն կոչված է ապահովելու քաղաքացիաիրավական հարաբերությունների կայունությունը և որոշակիությունը` պայմանավորված ժառանգման իրավահարաբերությունների առանձնահատկություններով:
Ընդունելով ժառանգությունը` ժառանգը ոչ միայն ձեռք է բերում համապատասխան իրավունքներ, այլ նաև պարտավորություն է ստանձնում իրեն անցած գույքի արժեքի սահմաններում պատասխանատվություն կրելու ժառանգատուի պարտավորությունների համար: Հետևաբար յուրաքանչյուր դեպքում իր ժառանգման իրավունքն իրացնելիս ժառանգը պետք է հստակ պատկերացում ունենա ինչպես ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքի կազմի, այնպես էլ ժառանգատուի պարտավորությունների վերաբերյալ: Եթե ժառանգության զանգվածի կազմը, որպես կանոն, պարզ է լինում ժառանգի համար, այլ է իրավիճակը ժառանգատուի պարտավորությունների պարագայում: Վերջիններիս վերաբերյալ որոշակի պատկերացում ժառանգը կարող է ունենալ միայն այն դեպքում, երբ օրենքով սահմանված ժամկետում պարտատերերի կողմից ներկայացվեն համապատասխան պահանջներ: Նման պայմաններում ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ օրենսդիրը, ժառանգատուի պարտատերերի համար սահմանելով պահանջների ներկայացման վերջնաժամկետ, ըստ էության, նախադրյալներ է ապահովել ժառանգի համար ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքի և ժառանգատուի պարտավորությունների հաշվառմամբ որոշելու իր՝ ժառանգման իրավունքի իրացման հարցը:
Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում պարտատերերի կողմից պահանջները չներկայացնելու դեպքում նրանք զրկվում են հետագայում պարտապանի ժառանգների դեմ իրենց պահանջները ներկայացնելու իրավունքի իրացման հնարավորությունից:
Բացի այդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածով օրենսդիրը սահմանափակել է նաև այն սուբյեկտների շրջանակը, որոնց ժառանգատուի պարտատերերը կարող են ներկայացնել իրենց պահանջները, մասնավորապես` պարտատերն իրավունք ունի իր պահանջը բացառապես ներկայացնելու ժառանգությունն ընդունած ժառանգներին, կտակակատարին կամ ժառանգության բացման վայրի նոտարին: Օրենսդիրը, ամրագրելով նշված սուբյեկտների շրջանակը և նրանց պահանջ ներկայացնելու ժամանակահատվածը, այդուհանդերձ, չի կարգավորել այդ պահանջների ներկայացման կարգը: Նման պայմաններում ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ յուրաքանչյուր դեպքում պարտատերն իր իրավունքը պետք է իրացնի այնպիսի եղանակով, որով հնարավոր է ապացուցել վերը թվարկված սուբյեկտներին ժառանգատուի պարտավորությունների վերաբերյալ տեղեկացնելու փաստը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ և 1244-րդ հոդվածների փոխկապակցված վերլուծությամբ անդրադառնալով ժառանգությունն ընդունած ժառանգին պահանջ ներկայացնելու կարգին` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ նման պահանջ կարող է ներկայացվել ժառանգման իրավունք ունեցող այն անձանց, որոնց վարքագիծը վկայում է ժառանգության հնարավոր ընդունման փաստի մասին: Ընդ որում, նման պահանջը կարող է ինչպես անմիջականորեն հասցեագրվել ժառանգին, այնպես էլ վերջինիս ներկայացվել դատարան հայց հարուցելու միջոցով: ՀՀ վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը բխում է հայցի ինստիտուտի էությունից, մասնավորապես` հայցը նյութաիրավական և դատավարական հասկացություն է, որի նյութաիրավական կողմն արտահայտվում է հայցվորի կողմից պատասխանողին ներկայացվող իրավական պահանջի մեջ, իսկ դատավարական կողմը դատարանին հասցեագրված պահանջն է՝ քննել և լուծել կողմերի միջև ծագած վեճը: Հետևաբար ժառանգատուի պարտատերը, վերջինիս հետ ունեցած պարտավորությունից բխող պահանջ ներկայացնելով դատարան ընդդեմ ժառանգման իրավունք ունեցող անձի, հայցի նյութաիրավական կողմի տեսանկյունից իրացնում է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածով իրենց վերապահված իրավունքը (տե՛ս Գյուլփերի Ստեփանյանն ընդդեմ Անահիտ Սմբատյանի և մյուսների թիվ ԱՐԱԴ/0416/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածով սահմանված ընթացակարգի պահպանմամբ ժառանգատուի պարտքերով պարտատերերի ներկայացրած պահանջները՝ որպես ժառանգության հետ կապված ծախսեր, ժառանգի կողմից ենթակա են հատուցման բացառապես վերջինիս անցած գույքի արժեքի սահմաններում։
Վերոգրյալի լույսի ներքո Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ժառանգատուի պարտատերերի՝ ժառանգատուի հանդեպ ունեցած, սակայն վերջինիս մահվան փաստի ուժով դեռևս չկատարված պարտավորություններից բխող օրինական ակնկալիքի պաշտպանությունը կարող է իրականացվել բացառապես ժառանգական գույքից հատուցում ստանալու պահանջ ներկայացնելու միջոցով, ուստիև վերջիններիս կողմից ժառանգատուի պարտավորությունների համար ժառանգության զանգվածում ներառված գույքային կազմի սահմաններում որպես ժառանգության հետ կապված ծախս բավարարում ստանալուց զատ որևէ այլ պահանջ ժառանգին ներկայացվել չի կարող։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ժառանգական գույքը ժառանգի անձնական գույքից տարանջատելու կապակցությամբ օրենսդրի որդեգրած մոտեցումը պայմանավորված է ժառանգատուի մահվանից հետո վերջինիս պարտատերերի և ժառանգությունն ընդունած ժառանգների իրավունքների ու օրինական շահերի հավասարակշռված պաշտպանության անհրաժեշտությամբ։
2․ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է:
Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ պարտապանը` դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել հարկադրված սնանկության դիմումի հիման վրա, եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 90-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ (…):
Սահմանադրական դատարանը, 25.02.2008 թվականի թիվ ՍԴՈ-735 որոշմամբ անդրադառնալով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածում ամրագրված «անվճարունակություն» հասկացության բովանդակությանը, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները․
- ««Սնանկության մասին» ՀՀ օրենքի վերլուծությունը վկայում է, որ օրենքը (…) տարբերակում է անվճարունակության երկու ձև՝ հաշվեկշռային (բացասական հաշվեկշռի դեպքում) և փաստացի, այն է՝ այնպիսի վիճակ, երբ պարտապանն ի վիճակի չէ պարտատերերի օրինական պահանջներն ամբողջովին բավարարել: Մասնավորապես, նման եզրահանգման համար հիմք է հանդիսանում օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը: Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետում օրենսդիրը որպես պարտապանի անվճարունակության հիմք սահմանում է պարտապանի պարտավորությունների` պարտապանի ակտիվները գերազանցելու հանգամանքը, իսկ 3-րդ մասի «բ» կետում` այն հանգամանքը, որ պարտապանն ի վիճակի չէ կատարելու իր ժամկետանց դրամական պարտավորությունները (փաստացի անվճարունակություն): Անվճարունակության այս երկու տարատեսակները միմյանցից տարանջատված են, և պարտապանին սնանկ ճանաչելու համար օրենքը չի առաջադրում անվճարունակության այդ երկու տարատեսակների զուգահեռ միաժամանակյա առկայության պահանջ»,
- «(…) օրենքը հիմնվում է անվճարունակության կանխավարկածի վրա, այն է՝ եթե պարտապանն ի վիճակի չէ կատարելու ժամկետանց վճարային պարտավորությունները, ապա ի սկզբանե ենթադրվում է, որ նա փաստացիորեն անվճարունակ է, և այդ ենթադրությունը գործում է այնքան ժամանակ, քանի դեռ ժամկետանց պարտավորությունը չի կատարվել կամ վիճարկվել ու հերքվել: Այս տրամաբանությունն է արտահայտված, մասնավորապես, օրենքի 17-րդ հոդվածում, որը կանոնակարգում է պարտատիրոջ դիմումի հիման վրա սնանկ ճանաչելու կարգը: Այդ հոդվածի համաձայն՝ դատարանը մերժում է սնանկ ճանաչելու մասին դիմումն այն դեպքում, երբ պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետևանքով պարտապանը դադարում է անվճարունակ լինելուց կամ վերանում են օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերը: Ընդ որում, «անվճարունակության կանխավարկածն» իր հերթին հիմնվում է պարտապանի «բարեխղճության և պարտաճանաչության կանխավարկածի» վրա, այսինքն՝ եթե պարտապանը չի կատարում իր պարտավորությունները, ապա ի սկզբանե պարտավորության չկատարումը բացատրվում է ոչ թե նրա անբարեխղճությամբ, այլ վճարում կատարելու կարողության բացակայությամբ»։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ սնանկությունը պարտապանի անկարողությունն է` կատարելու (վճարելու) սեփական երկարաժամկետ պարտավորությունները, այլ կերպ` սնանկությունն անձի անվճարունակությունն է (տե'ս, Աշոտ Գրիգորյանն ընդդեմ Սամվել և Տիգրան Օհանյանների` թիվ ԵԱՔԴ/2709/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.06.2021 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ելնելով անձին սնանկ ճանաչելու տարբեր հիմքերի առանձնահատկություններից` օրենսդիրն անձին սնանկ ճանաչելու յուրաքանչյուր հիմքի համար սահմանել է տարբեր կարգավորումներ: Այսինքն` կախված այն հանգամանքից, թե սնանկության դիմումի հիմքում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված որ հիմքն է ընկած, կիրառվում է տվյալ հիմքին բնորոշ օրենսդրական կարգավորումը (տե՛ս, ՀՀ ֆինանսների նախարարությունն ընդդեմ Ա/Ձ Մկրտիչ Հարությունյանի թիվ ԿԴ2/0078/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նաև գտել է, որ պարտապանին սնանկ ճանաչելու պարտադիր պայմանը նրա փաստացի անվճարունակությունն է, ինչը ենթադրում է հետևյալ իրավաբանական փաստերի միաժամանակյա առկայությունը՝ պարտապանի վճարային պարտավորության առկայությունը, պարտավորության 90-օրյա կամ ավելի ժամկետով կետանցը՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող չափով, վճռի կայացման պահին կետանցը շարունակվելը և պարտավորության անվիճելիությունը (տե՛ս ըստ Սեդրակ Առուստամյանի դիմումի թիվ ՍնԴ/0736/04/21 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.01.2023 թվականի որոշումը)։
ՀՀ վճռաբեկ դատարանը նաև փաստել է, որ սնանկության վարույթն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնցով էլ տարբերվում է հայցային վարույթից։ Ըստ էության, սնանկության վարույթում բացակայում է նյութաիրավական վեճը, որը հայցային վարույթի կարևոր բաղադրիչներից մեկն է։ Սնանկության գործի վարման արդյունքում սնանկության հատկանիշների առկայության դեպքում հաստատվում է պարտապանի որոշակի կարգավիճակը՝ սնանկ լինելու (անվճարունակության) փաստը, որի հիման վրա իրականացվում են օրենքով սահմանված համապատասխան գործընթացներ (տե՛ս ըստ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի դիմումի թիվ ՍնԴ/0276/04/19 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.01.2021 թվականի որոշումը)։
Վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ անձի սնանկությունը ենթադրում է դատարանի կողմից վերջինիս անվճարունակության փաստի ճանաչումը, ուստի անձին սնանկ ճանաչելու յուրաքանչյուր դեպքում դատարանը, ի թիվս այլնի, պետք է որոշի «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով ամրագրված անվճարունակության հատկանիշների առկայության հարցը՝ ղեկավարվելով պարտապանի «անվճարունակության կանխավարկածով», ինչն էլ հիմք է հանդիսանում պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռ կայացնելու համար։ Հետևաբար «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով ամրագրված հատկանիշներից որևէ մեկի բացակայության դեպքում պարտապանի «անվճարունակության կանխավարկածը» համարվում է հաղթահարված՝ կանխորոշելով պարտապանին սնանկ ճանաչելու հիմքի բացակայությունը։
Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը, նպատակ ունենալով զարգացնելու «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը, նախորդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումների հիման վրա արձանագրում է, որ պարտապանի մահվանից հետո ժառանգությունն ընդունած ժառանգը կրում է ոչ թե իրավանախորդի պարտավորություններն իր անձնական գույքի հաշվին կատարելու, այլ միայն իրեն անցած գույքի արժեքի սահմաններում ժառանգության հետ կապված ծախսերը հատուցելու պարտականություն, որպիսի հանգամանքի հաշվառմամբ պարտատերերի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածով սահմանված կարգով համապատասխան պահանջը ժառանգին չներկայացնելու կամ ժառանգության զանգվածում ներառված գույքի արժեքի անբավարարության դեպքում վերջիններս զրկվում են որևէ այլ եղանակով իրենց պահանջների բավարարում ստանալու հնարավորությունից։
Շարադրվածի լույսի ներքո Վճռաբեկ դատարանը, ղեկավարվելով Սահմանադրական դատարանի վերը վկայակոչված որոշմամբ սնանկության հարաբերություններում ամրագրված պարտապանի «բարեխղճության և պարտաճանաչության կանխավարկածով», արձանագրում է, որ ժառանգության հետ կապված ծախսերը հատուցելու ժառանգի պարտականությունը չի կարող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով համարվել ժառանգատուի պարտատերերի հանդեպ առկա անվիճելի վճարային պարտավորություն։ Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ անձին սնանկ ճանաչելու մասին դիմումի հիմքում դրված է վերջինիս իրավանախորդի ժառանգության հետ կապված ծախսերը հատուցելու պարտականությունը չկատարելու փաստը, ապա այս դեպքում բացակայում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով անձին սնանկ ճանաչելու փաստական և իրավական հիմքը։ Վճռաբեկ դատարանի նշված դիրքորոշումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ սնանկության վարույթը չի սահմանափակվում միայն պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի կայացմամբ, այլ նշված վճռի կայացումից հետո մինչև սնանկության գործի ավարտը՝ պայմանավորված սնանկության վարույթի առանձնահատկություններով, իրականացվում են սնանկության ինստիտուտի նպատակների իրացման համար անհրաժեշտ մի շարք ընթացակարգեր, որոնք սահմանափակում են պարտապանի անձնական գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման իրավունքների լիարժեք իրականացումը։ Նման պայմաններում ժառանգատուի պարտավորությունների համար ժառանգությունն ընդունած ժառանգին սնանկ ճանաչելը կհանգեցնի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1244-րդ հոդվածով ամրագրված ժառանգական գույքը ժառանգի անձնական գույքից տարանջատելու սկզբունքի իմաստազրկմանը։
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ թիվ ԵԱՔԴ/5975/02/15 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.05.2016 թվականի վճռով Արշակ Գառնիկի Սեդրակյանի հայցն ընդդեմ Արտակ Ռազմիկի Նազարյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, բավարարվել է։
27․02․2019 թվականին Արտակ Ռազմիկի Նազարյանը մահացել է։
ՀՀ Երևան նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի կողմից 10.12.2020 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության վկայագրի համաձայն՝ Արտակ Ռազմիկի Նազարյանի գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում որդին՝ Ռազմիկ Արտակի Նազարյանը։
Նույն վկայագրի համաձայն՝ ժառանգական գույքը, որի համար տրվել է վերը նշված վկայագիրը, բաղկացած է նաև պարտավորությունների մեկ երրորդ բաժնից, որոնք ժառանգատուին են պատկանում Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վերը նշված վճռով։
Հղում կատարելով նաև թիվ ԵԱՔԴ/5975/02/15 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.05.2016 թվականի վճռով հաստատված վճարային պարտավորությանը՝ Արշակ Սեդրակյանը պահանջել է Ռազմիկ Նազարյանին ճանաչել սնանկ։
Դատարանը, 23.12.2024 թվականին կայացրած վճռով պատճառաբանելով, որ՝
- «(…) դիմողի ներկայացուցչի կողմից վկայակոչված Երևանի քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.05.2016թ. թիվ ԵԱՔԴ 5975/02/15 քաղաքացիական գործով կայացված վճիռը վերաբերում է Արտակ Ռազմիկի Նազարյանին, որը մահացել է, իսկ Արտակ Ռազմիկի Նազարյանի որդին՝ Ռազմիկ Արտակի Նազարյանն ի թիվս այլնի վարչական դատավարության կարգով վիճարկում է վերսկսված կատարողական վարույթն այն հիմքով, որ այդ կատարողական վարույթում ինքը չի կարող հանդես գալ որպես պարտապան, քանի որ պարտապանը ճանաչվել է սնանկ, իսկ սնանկ ճանաչված պարտապանի մահվան դեպքում չի գործում իրավահաջորդություն»,
- «(…) վերը նշված նյութաիրավական հարցերի վերաբերյալ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում քննվում է ըստ հայցի Ռազմիկ Նազարյանի, Յունոնա Մոսինյանի և Արմեն Նազարյանի ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ հարկադիր կատարողի կողմից կայացված որոշումը վերադասության կարգով վերացնելու մասին 16.06.2021 թվականի և վարչական բողոքը մերժելու մասին 18.01.2023 թվականի որոշումներն անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ ՎԴ/0677/05/23 վարչական գործը, իսկ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում ըստ հայցի Արշակ Գառնիկի Սեդրակյանի ընդդեմ Յունոնա Շվարշիկի Մոսինյանի, Արմեն Արտակի Նազարյանի, Ռազմիկ Արտակի Նազարյանի, երրորդ անձ՝ Աիդա Արմենի Նազարյանի, Արինա Արմենի Նազարյանի, Զինա Համբարձումի Նազարյանի և Մելինե Արմենի Եսայանի` ընդհանուր գույքից բաժնեմասն առանձնացնելու և դրա նկատմամբ բռնագանձում տարածելու պահանջի մասին թիվ ԵԴ/53353/02/21 քաղաքացիական գործը, այսինքն՝ վարչական և քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործերով ամբողջությամբ վիճարկվում են դիմողի կողմից սնանկ ճանաչելու դիմումի հիմքում դրված հանգամանքները»,
- «(…) վերը նշված քաղաքացիական և վարչական գործերով պարզման ենթակա նյութաիրավական բնույթի հարցերի պարզաբանումը կարող է հանգեցնել ոչ թե սնանկության հատկանիշների առկայության հարցի լուծմանը, այլ նյութաիրավական վեճի լուծմանը, որն էլ իր հերթին կարող է սահմանափակել անձի` այդ վեճի լուծման համար դատարան դիմելու իրավունքը, ուստի պարտապանի կողմից ներկայացված առարկությունների պայմաններում, դատարանն առանց առարկություններն ըստ էության գնահատելու, ապացուցված է համարում, որ սնանկ ճանաչելու պահանջի դեմ` պարտավորության վիճելիությունը հավաստող բավարար հիմքերն առկա են»,
գտել է, որ «(…) Արշակ Գառնիկի Սեդրակյանի դիմումը` Ռազմիկ Արտակի Նազարյանին սնանկ ճանաչելու մասին ենթակա է մերժման»:
Վերաքննիչ դատարանի 12.08.2025 թվականի որոշմամբ Արշակ Սեդրակյանի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 23.12.2024 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության այն պատճառաբանությամբ, որ «Դատարանի կողմից անտեսվել է այն հանգամանքը, որ սույն գործով Դատարան ներկայացված դիմումի հիմքում ընկած է այն փաստը, որ պարտապան Ռազմիկ Նազարյանին թիվ ԵԱՔԴ/5975/02/15 քաղաքացիական գործով պարտասխանող Արտակ Նազարյանի մահից հետո՝ 10.12.2020 թվականին, տրվել է ըստ օրենքի ժառանգության վկայագիր, որի համաձայն՝ Արտակ Ռազմիկի Նազարյանի մահից հետո ժառանգ է հանդիսանում որդին՝ Ռազմիկ Արտակի Նազարյանը, իսկ ժառանգական գույքը, որի համար տրվել է վկայագիրը, բաղկացած է այդ թվում պարտավորությունների 1/3 բաժնից, որոնք ժառանգատուին են պատկանում ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի վճռով (գործ թիվ ԵԱՔԴ/5975/02/15), իսկ ինչպես վերը նշվեց, ժառանգությունն ընդունելով ժառանգը ոչ միայն ձեռք է բերում համապատասխան իրավունքներ, այլ նաև պարտավորություն է ստանձնում իրեն անցած գույքի արժեքի սահմաններում պատասխանատվություն կրել ժառանգատուի պարտավորությունների համար»:
Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք հիմնավոր չեն հետևյալ պատճառաբանությամբ։
Այսպես, սույն գործի փաստերի վերլուծությունից բխում է, որ թիվ ԵԱՔԴ/5975/02/15 քաղաքացիական գործով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.05.2016 թվականի վճռի օրինական ուժի մեջ մտնելու փաստի ուժով համապատասխան պարտավորությունը ծագել է Արտակ Ռազմիկի Նազարյանի համար։ Ըստ այդմ, ժառանգատուի մահվանից հետո Ռազմիկ Արտակի Նազարյանը՝ որպես ժառանգությունն ընդունած ժառանգ, օրենքի ուժով կրում է բացառապես իրեն անցած գույքի արժեքի սահմաններում ժառանգության հետ կապված ծախսերը հատուցելու պարտականություն, որն էլ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում որևէ պարագայում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով չի կարող համարվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորություն։ Հետևաբար տվյալ դեպքում բացակայում է Ռազմիկ Նազարյանին սնանկ ճանաչելու հիմքը, այն է՝ վերջինիս փաստացի անվճարունակությունը, որպիսի հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Ռազմիկ Նազարյանին սնանկ ճանաչելու հիմքի բացակայության պայմաններում վերջինիս իրավանախորդի՝ Արտակ Նազարյանի պարտատերերը զրկված չեն իրենց ենթադրյալ խախտված իրավունքները պաշտպանելու նպատակով ժառանգության հետ կապված ծախսերը հատուցելու մասին պահանջը քաղաքացիական դատավարության կարգով այլ հայցի առարկայի շրջանակներում ընդդեմ ժառանգի ներկայացնելու հնարավորությունից։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 12.08.2025 թվականի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և առաջին ատյանի դատարանի դատական ակտին ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը՝ սույն որոշման պատճառաբանություններով՝ հետևյալ հիմնավորմամբ։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար՝ գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելը և Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան:
Վճռաբեկ բողոքը բավարարելու՝ Վերաքննիչ դատարանի 12.08.2025 թվականի որոշումը բեկանելու և Դատարանի 23.12.2024 թվականի վճռին ամբողջությամբ օրինական ուժ տալու պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքը պետք է բաշխել հետևյալ համամասնությամբ․
- Դատարանի 23.12.2024 թվականի վճռով դատական ծախսերի բաշխման հարցը լուծված լինելու պայմաններում դատական ծախսերի բաշխման հարցն այդ մասով պետք է համարել լուծված.
- Վերաքննիչ դատարանում Արշակ Սեդրակյանի կողմից վերաքննիչ բողոքի համար պետական տուրքի գումարը վճարված լինելու պայմաններում դատական ծախսերի բաշխման հարցն այդ մասով պետք է համարել լուծված.
- Արշակ Սեդրակյանից հօգուտ Ռազմիկ Նազարյանի ենթակա է բռնագանձման 40․000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար սահմանված և Ռազմիկ Նազարյանի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այլ դատական ծախսերի վերաբերյալ պահանջ ներկայացված չլինելու պատճառաբանությամբ այդ ծախսերի հարցը պետք է համարել լուծված։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.08.2025 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Սնանկության դատարանի 23.12.2024 թվականի վճռին՝ սույն որոշման պատճառաբանություններով։
2. Արշակ Սեդրակյանից հօգուտ Ռազմիկ Նազարյանի բռնագանձել 40.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի գումար:
Այլ դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
|
Նախագահող և զեկուցող |
Գ. Հակոբյան |
|
|
Ա. Աթաբեկյան |
|
Ն. Հովսեփյան Ս. ՄեղրյանԱ. Մկրտչյան | |
|
Է. Սեդրակյան | |
| Վ. Քոչարյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|