ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ՍԴ1/1661/02/22 2026 թ. | ||||||
| Քաղաքացիական գործ թիվ ՍԴ1/1661/02/22 | |||||||
| |||||||
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
|
նախագահող |
Գ. Հակոբյան | |
| զեկուցող |
Ս․ ՄԵՂՐՅԱՆ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | |
|
Է. Սեդրակյան | ||
|
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ |
2026 թվականի ապրիլի 20-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ Գարիկ Մուսայելյանի հայցի ընդդեմ «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի (այսուհետ նաև` Կազմակերպություն)՝ որոշումը և դիպլոմն անվավեր ճանաչելու, որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու ու վնասը հատուցելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.11.2023 թվականի որոշման դեմ Գարիկ Մուսայելյանի բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Գարիկ Մուսայելյանը պահանջել է անվավեր ճանաչել իրեն ուսուցչի, մանկավարժության բակալավրի աստիճան «Իրավագիտություն» մասնագիտությամբ որակավորում շնորհելու մասին Կազմակերպության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի 26.05.2012 թվականի որոշումը և դրա հիման վրա տրված թիվ 148454 դիպլոմը, Կազմակերպությանը պարտավորեցնել իրեն իրավագիտություն մասնագիտության բակալավրի որակավորում շնորհել ու դիպլոմ տալ՝ վերջինիս կազմավորած ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի միջոցով կայացնելով համապատասխան որոշում, ինչպես նաև հատուցել նշված որոշումը չկայացնելու հետևանքով իրեն 1 ՀՀ դրամի չափով պատճառված ոչ նյութական վնասը։
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 20.02.2023 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.11.2023 թվականի որոշմամբ Դատարանի 20.02.2023 թվականի վճիռը բեկանվել է, և գործի վարույթը կարճվել է:
Վճռաբեկ բողոք է ներկայացրել Գարիկ Մուսայելյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կազմակերպությունը։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին, 18-րդ և 182-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Կազմակերպություն ստեղծելու օրենքի պահանջը բացակայել է, որպիսի պայմաններում վերջինս օրենքի հիման վրա ստեղծված հանրային իշխանություն կրող մասնավոր մասնակցի կարգավիճակ ունենալ չէր կարող:
Վերաքննիչ դատարանը չէր կարող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի հետ չնույնացող քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակ ընտրելու հիմքով համարել, որ գործը ենթակա է քննության վարչական դատավարության կարգով, իսկ գործի վարույթը՝ կարճման:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 13.11.2023 թվականի որոշումը:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Բողոքարկվող դատական ակտում և վճռաբեկ բողոքում վկայակոչված ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում կայացրած մի շարք որոշումներում կիրառված միևնույն նորմի՝ իրար հակասող մեկնաբանության վերաբերյալ բողոքաբերի եզրահանգումը հիմնավորված չէ, հետևաբար բերված բողոքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքը հիմնավորված չէ:
Բողոքում ներկայացված հիմնավորումները բավարար չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1‑ին մասի 1‑ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերով բողոքը վարույթ ընդունելու հետևության հանգելու համար, հետևաբար վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը`
1) Գարիկ Մուսայելյանը հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Կազմակերպության՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն ուսուցչի, մանկավարժության բակալավրի աստիճան «Իրավագիտություն» մասնագիտությամբ որակավորում շնորհելու մասին Կազմակերպության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի 26.05.2012 թվականի որոշումը և դրա հիման վրա տրված թիվ 148454 դիպլոմը, Կազմակերպությանը պարտավորեցնել իրեն իրավագիտություն մասնագիտության բակալավրի որակավորում շնորհել ու դիպլոմ տալ՝ վերջինիս կազմավորած ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի միջոցով կայացնելով համապատասխան որոշում, ինչպես նաև հատուցել նշված որոշումը չկայացնելու հետևանքով իրեն պատճառված 1 ՀՀ դրամ ոչ նյութական վնասը (հատոր 1-ին, գ․թ. 2, 3, 45-48):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1‑ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1‑ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ, 18-րդ ու 182-րդ հոդվածների և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում վերահաստատել «հանրային իրավահարաբերություններ» եզրույթի մեկնաբանության և վարչական դատարան դիմելու իրավունքի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Սահմանադրության և Կոնվենցիայի վերը շարադրված իրավադրույթները, երաշխավորելով անձի` իր իրավունքների և ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատական պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ` անձի խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ` իր իրավունքների խախտումների դեպքում ստանալ արդյունավետ իրավական պաշտպանություն: Այստեղից հետևում է այն կարևոր կանոնը, որի համաձայն` դատական պաշտպանություն անձը ստանում է վերջինիս` Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների և (կամ) ազատությունների խախտման դեպքում: Դատական պաշտպանությունը չի կարող լինել ինքնանպատակ, այն ունի հստակ առաքելություն, հստակ սուբյեկտներ և հասցեատեր և կոչված է ապահովելու անձի խախտված իրավունքների արդյունավետ վերականգնումը (տե´ս, ի թիվս այլնի, Կարինե Ջլավյանն ընդդեմ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/6403/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):
Երաշխավորելով անձի դատական պաշտպանության իրավունքը՝ օրենսդիրը միաժամանակ սահմանել է այն իրավական միջոցները, որոնք հնարավորություն են տալիս գործնականում ապահովելու այդ իրավունքի իրացումը: Դրանցից է նաև դատավարական նորմերով սահմանված այն դատարանի և այն դատավորի կողմից գործի քննության իրավունքը, որոնց ընդդատությանը այն վերապահված է օրենքով: Այսինքն՝ դատական պաշտպանության իրավունքի իրացումն ապահովվում է դատավարական այնպիսի կառուցակարգի միջոցով, ինչպիսին է ընդդատությունը (տե՛ս, ի թիվս այլնի, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունն ընդդեմ Ալբերտ Հակոբյանի և մյուսների թիվ ԵԿԴ/1274/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2021 թվականի որոշումը):
Սահմանադրական դատարանը, անդրադառնալով դատական պաշտպանության միջոցի արդյունավետության հարցին, արձանագրել է, որ դատական պաշտպանության իրավունքի բաղկացուցիչ տարրն է հանդիսանում անձի՝ այն դատարանում իր գործի քննության իրավունքը, որի ընդդատությանն օրենքով հանձնված է տվյալ գործը: Ինչպես ՀՀ քաղաքացիական և քրեական դատավարության օրենսգրքերը, այնպես էլ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը սահմանում են գործերի առարկայական ընդդատության իրենց կանոնները (տե՛ս Սահմանադրական դատարանի 03.02.2009 թվականի թիվ ՍԴՈ-787 որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը վերոգրյալ իրավական նորմերի և իրավական դիրքորոշումների հիման վրա նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ գործի ճիշտ ընդդատության որոշումն ունի գործնական կարևոր նշանակություն, քանի որ դատական պաշտպանությունը կարող է արդյունավետ լինել միայն այն պարագայում, եթե գործի քննությունն իրականացվում է իրավասու դատարանի կողմից՝ տվյալ դատավարությանը բնորոշ կանոններով սահմանված ընթացակարգերի պահպանմամբ և հակառակը, եթե գործը քննում է այն դատարանը, որը տվյալ գործը քննելու իրավասություն չունի, ապա դա հանգեցնում է դատական պաշտպանության սահմանադրորեն ամրագրված իրավունքի խախտմանը (տե՛ս, ի թիվս այլնի, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունն ընդդեմ Ալբերտ Հակոբյանի և մյուսների թիվ ԵԿԴ/1274/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2021 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ վեճի ենթակայությունը և ընդդատությունը ճիշտ որոշելու խնդիրը սերտորեն կապված է Սահմանադրությամբ իր ամրագրումն ստացած օրինականության սկզբունքի հետ, որի համաձայն՝ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Վեճի ենթակայությունը և ընդդատությունը սխալ որոշելու պայմաններում արդարադատության իրականացումն անհամատեղելի կլինի օրինականության սկզբունքի կենսագործման հետ, քանի որ կստացվի այնպիսի մի իրավիճակ, երբ դատարանը, որն իրավասու չէ քննելու տվյալ վեճը, կկատարի այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված չէ Սահմանադրությամբ կամ օրենքներով (տե՛ս Հասմիկ Խաչատրյանն ընդդեմ Քննչական կոմիտեի թիվ ԱՎԴ1/1825/02/22 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.11.2025 թվականի որոշումը):
Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը քննում է դատական կարգով քննության ենթակա բոլոր գործերը, բացառությամբ մասնագիտացված դատարանների ենթակայությանը վերապահված գործերի:
Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանին են ենթակա Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված գործերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, (…):
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա չեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի (…) ենթակայությանը վերապահված գործերը, ընդհանուր իրավասության դատարանի ենթակայությանը վերապահված քրեական գործերը, ինչպես նաև պատժի կատարման հետ կապված գործերը։
Այսինքն՝ օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանելով վարչական դատարանին գործերի առարկայական ընդդատության ընդհանուր շրջանակը, և նույն օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով վարչական դատարանին ընդդատյա գործերի շրջանակից բացառելով այն գործերը, որոնք ընդդատյա են այլ դատարանների, հստակ տարանջատել է այն գործերի ցանկը, որոնք ենթակա են կոնկրետ դատարանների քննությանը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է «հանրային իրավահարաբերություններ» եզրույթի մեկնաբանությանը և, վերլուծելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերը, արձանագրել է, որ վարչարարությունը բնորոշվում է հանրային իրավունքի բնագավառին առնչվելու հանգամանքով: Դա պետք է լինի վարչական մարմնի հանրային իրավունքի բնագավառում որոշակի հարցի լուծմանն ուղղված գործողություն, իսկ հանրային իրավունքի բնագավառը նշանակում է անձի հարաբերություններ պետության հետ, որը հանդես է գալիս որպես հանրային իշխանության կրող: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հանրային իրավահարաբերություններն այն հարաբերություններն են, որոնք ծագում են պետական կառավարման մարմինների գործադիր-կարգադրիչ գործունեության ընթացքում` վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև ծագած հարաբերություններում (տե՛ս Գլխավոր դատախազությունն ընդդեմ Հայկ Մարգարյանի թիվ ԵԱՔԴ/1369/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.12.2010 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է անձի՝ վարչական դատարան դիմելու իրավունքին և հանրային իրավահարաբերությունների հասկացությանն ու արձանագրել է, որ անձը ՀՀ վարչական դատարան դիմելու իրավունք է ձեռք բերում այն դեպքում, երբ համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել իր իրավունքները և ազատությունները, կամ երբ նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն, կամ երբ նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության, սակայն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից անձի իրավունքների և ազատությունների խախտման փաստը միայն դեռևս բավարար չէ ՀՀ վարչական դատարան դիմելու համար, քանի դեռ այդպիսի խախտման հետևանքով առաջացող դատական գործը չի ծագում հանրային իրավահարաբերությունից:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ հանրային իրավահարաբերություններն այն իրավահարաբերություններն են, որոնք ծագում են պետական մարմինների իրականացրած գործադիր-կարգադրիչ գործունեության ընթացքում: Այսինքն` այդպիսի իրավահարաբերությունները և դրանց արդյունքները պետք է ունենան հանրային` համընդհանուր բնույթ, ի տարբերություն մասնավոր` կոնկրետ անձին վերաբերող, իրավահարաբերության (տե´ս Արևիկ Արուչյանն ընդդեմ «ՀԷԳ-90» ՍՊԸ-ի և Դանիել Գրիգորյանի թիվ ԵԱՔԴ/0433/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.07.2011 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, ամփոփելով նախկին դիրքորոշումները, մեկ այլ որոշմամբ հավելել է, որ հանրային է այն իրավահարաբերությունը, որում կողմերից մեկի դերում անպայմանորեն հանդես է գալիս հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտը, որն այդ հարաբերության ընթացքում հանրային շահի իրացման կապակցությամբ իրացնում է օրենքով սահմանված իր հանրային իշխանական լիազորությունները: Իրավահարաբերության հանրային լինելու և դրանից բխող վեճը վարչական դատարանին ընդդատյա լինելու հանգամանքը պարզելու նպատակով պետք է գնահատման առարկա դարձվեն հետևյալ հանգամանքները.
1. արդյո՞ք իրավահարաբերության կողմերից մեկը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ է, թե՝ ոչ,
2. արդյո՞ք այդ իրավահարաբերության բովանդակությունը կազմում է հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտի կողմից իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությունը, թե՝ ոչ,
3. արդյո՞ք այդ իրավահարաբերությունը ծագել է հանրային շահի իրացման կապակցությամբ (իրավահարաբերությունն ուղղված է եղել հանրային շահի` սոցիալ-իրավական պրակտիկայում իրացմանը և առարկայացմանը), թե՝ ոչ:
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ միայն վերոգրյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում է հնարավոր փաստել իրավահարաբերության հանրային լինելու հանգամանքը, ինչպես նաև այդ հարաբերությունից բխող վեճերի ընդդատության հարցը՝ հաշվի առնելով նաև այն կարևոր հանգամանքը, որ հանրային հարաբերություններից բխող բոլոր վեճերը չեն, որ վերապահված են վարչական դատարանի քննությանը, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա չեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի (...) ենթակայությանը վերապահված գործերը, ընդհանուր իրավասության դատարանի ենթակայությանը վերապահված քրեական գործերը, ինչպես նաև պատժի կատարման հետ կապված գործերը (տե՛ս Գոռիշխան Իշիկյանն ընդդեմ ««ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԲԸ-ի և Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության թիվ ԵՄԴ/1029/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը)։
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ իրավահարաբերության բնույթը պարզելու համար հարկավոր է այն դիտարկել շահերի տեսության, ենթակարգության տեսության և հատուկ իրավունքի տեսության համատեքստում։
Ըստ շահերի տեսության` հանրային իրավունքը մասնավորից տարբերվում է այն շահի տեսակով, որոնք պաշպանվում են առանձին իրավանորմով։ Այն իրավանորմերը, որոնք ծառայում են հանրային կամ ընդհանուր շահին, պատկանում են հանրային իրավունքին։ Մինչդեռ, մասնավոր իրավանորմերը ծառայում են մասնավոր կամ անհատական շահերին։
Ենթակարգության տեսությունը ելնում է մասնակիցների հարաբերությունների բնույթից և կիրառվում է միայն այն դեպքում, երբ հարաբերության մասնակիցներն են մի կողմից պետությունը, իսկ մյուս կողմից քաղաքացին։ Ըստ այս տեսության՝ այն իրավանորմերը, որոնք կարգավորում են հանրային իշխանությունը կրողների գործողությունները, համարվում են հանրային-իրավական, երբ դրանք վերաբերում են վերադասության-ենթակայության հարաբերությանը։ Եթե մասնակիցների միջև առկա է վերադասության-ենթակայության հարաբերություն, ապա իրավահարաբերությունը հանրային է, իսկ եթե իրավունքի երկու սուբյեկտները միմյանց առջև հանդես են գալիս իրավահավասար կերպով, ապա առկա են մասնավոր-իրավական հարաբերություններ։
Հատուկ իրավունքի տեսությունն իր հերթին նույնպես կոչված է պարզելու վեճի հանրային-իրավական բնույթը։ Այն ելնում է վեճը լուծող իրավանորմերի իրավական բնույթից։ Ըստ այս տեսության՝ եթե վեճը լուծվում է հանրային-իրավական նորմերի միջոցով, ապա առկա է հանրային-իրավական վեճ, իսկ եթե վեճը լուծում են մասնավոր-իրավական նորմերը, ապա կունենանք մասնավոր-իրավական վեճ։
Վերոնշյալ տեսությունների հիմքում դրված չափանիշներից ելնելով՝ անհրաժեշտ է անդրադառնալ հետևյալ հարցերին.
- որ նորմերն են լուծում վեճը,
- արդյո՞ք դրանք հանրային-իրավական նորմեր են (ինչ շահերի պաշտպանությանն են ուղղված այդ նորմերը),
- արդյո՞ք իրավահարաբերության մասնակիցների միջև առկա է վերադասության-ենթակայության հարաբերություն:
Նշված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է նաև, որ հանրային իրավահարաբերություններում որպես հանրային իշխանության կրող կարող են հանդես գալ ոչ միայն պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, այլև պետության կողմից օրենքով պատվիրակված հանրային գործառույթ իրականացնող մասնավոր անձինք (տե՛ս Լուսինե Սահակյանն ընդդեմ ՀՀ փաստաբանների պալատի թիվ ԵԴ/38635/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.05.2022 թվականի որոշումը)։
Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Գարիկ Մուսայելյանը հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Կազմակերպության՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն ուսուցչի, մանկավարժության բակալավրի աստիճան «Իրավագիտություն» մասնագիտությամբ որակավորում շնորհելու մասին Կազմակերպության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի 26.05.2012 թվականի որոշումը և դրա հիման վրա տրված թիվ 148454 դիպլոմը, Կազմակերպությանը պարտավորեցնել իրեն իրավագիտություն մասնագիտության բակալավրի որակավորում շնորհել ու դիպլոմ տալ՝ վերջինիս կազմավորած ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի միջոցով կայացնելով համապատասխան որոշում, ինչպես նաև հատուցել նշված որոշումը չկայացնելու հետևանքով իրեն պատճառված 1 ՀՀ դրամ ոչ նյութական վնասը:
Դատարանի 20.02.2023 թվականի վճռով հայցը մերժվել է:
Վերաքննիչ դատարանը 13.11.2023 թվականի որոշմամբ Դատարանի 20.02.2023 թվականի վճիռը բեկանել է և քաղաքացիական գործի վարույթը կարճել է՝ քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելու հիմքով այն պատճառաբանությամբ, որ.
- «Դատարանը սխալ եզրահանգման է եկել վեճի՝ մասնավոր-պարտավորաիրավական հարաբերություններից բխելու և պահանջը, բովանդակային առումով, վիճահարույց գործարքի անվավերության պահանջ հանդիսանալու վերաբերյալ, քանի որ կիրառելի նորմատիվ իրավական ակտերի ճիշտ ընտրության, մեկնաբանման և կիրառման արդյունքում կարելի է գալ եզրահանգման, որ կողմերի վեճը բխում է հանրային, այլ ոչ թե մասնավոր իրավահարաբերություններից, ուստի առկա է քաղաքացիական գործի վարույթը կարճելու հիմքը և կիրառման է ենթակա հենց նշված հետևանքը՝ անկախ հայցային վաղեմության ժամկետի միջնորդության քննության արդյունքներից»,
- «սույն գործով Պատասխանողը հանդիսանում է պետական ոչ առևտրային կազմակերպություն, որը մի կողմից՝ հանդիսանալով բարձրագույն կրթական հաստատություն, օժտված է մի շարք հարաբերություններում ինքնավարությամբ և քաղաքացիաիրավական հարաբերություններին թույլատրելի ծավալով ազատ կամահայտնությամբ մասնակցելու հնարավորությամբ, իսկ մյուս կողմից՝ իրականացնում է հանրային նշանակության կարևոր գործառույթներ, այն է՝ կոչված է ապահովելու Հայաստանի Հանրապետությունում սահմանված և հրապարակված պետական կրթական չափորոշիչներին համապատասխան սովորողների կրթության իրականացում և դրա արդյունքներով շրջանավարտների՝ կրթության մակարդակի և որակավորման գնահատում ու հաստատությունը ավարտելու ու որակավորումը ստանալու փաստը հավաստող փաստաթղթի՝ դիպլոմի տրամադրում»,
- «ամփոփիչ ատեստավորման անցկացման և շրջանավարտին համապատասխան որակավորում շնորհելու և նրան բարձրագույն կրթության դիպլոմ տալու իրավահարաբերությունների շրջանակներում, վերջինս իրականացնում է «Կրթության մասին» ՀՀ օրենքով, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև նշված իրավակարգավորումների հետ համակարգային առումով փոխկապակցված 31.10.2011 թվականին ընդունված, 29.12.2011 թվականին ուժի մեջ մտած և 11.12.2017 թվականին ուժը կորցրած ՀՀ կրթության և գիտության նախարարի թիվ 1197-Ն հրամանով սահմանված՝ պետության կողմից իրեն պատվիրակված գործառույթները: Այսինքն՝ նշված գործառույթները իրականացնելիս Պատասխանողը՝ որպես պետական լիցենզավորում ստացած բարձրագույն կրթական հաստատություն, հանդիսանում է պետության կողմից պատվիրակված հանրային իշխանության կրող մասնավոր սուբյեկտ»,
- «ամփոփիչ ատեստավորման անցկացման և շրջանավարտին համապատասխան որակավորում շնորհելու և նրան բարձրագույն կրթության դիպլոմ տալու կապակցությամբ վկայակոչված իրավակարգավորումները պատկանում են հանրային իրավունքին, քանի որ դրանք համապատասխան գործընթացների իրականացմամբ մասնագիտական որակավորումը շնորհելու ու այն հավաստող դիպլոմը տրամադրելու իրավունքով լիազորում են բացառապես լիցենզավորված բարձրագույն կրթական հաստատությանը: Կիրառելի նորմատիվ իրավական ակտերն, ըստ էության, իմպերատիվ կերպով սահմանում են այն չափորոշիչները, ընթացակարգերը և լիազորությունների ծավալները, որոնց պարտադիր գործադրմամբ բարձրագույն կրթական հաստատությունը պարտավոր է ապահովել Հայաստանի Հանրապետության կրթական չափորոշիչներին համապատասխան մասնագիտական որակավորումների շնորհումը, իսկ բարձրագույն կրթական հաստատությունն իր հերթին՝ նշված լիազորությունները իրականացնելիս, հանդես է գալիս որպես շրջանավարտի կրթական մակարդակը ստուգող և անհրաժեշտ փաստակազմի առկայության դեպքում՝ համապատասխան որոշում կայացնելու իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտ»,
- «իրավահարաբերության մասնակիցների միջև առկա է վերադասության-ենթակայության հարաբերություն, քանի որ շրջանավարտը, ամփոփիչ ատեստավորման հետ կապված հարաբերություններում, հանդես է գալիս պետական չափորոշիչների տեսանկյունից «ստուգվողի» դերում և իրավասու չէ կայացնելու իրեն մասնագիտական որակավորման շնորհման կապակցությամբ որոշումներ, իսկ բարձրագույն կրթական հաստատությունը հանդիսանում է հանրային-իշխանական լիազորությամբ օժտված և վերջնական որոշման կայացման և դրա հետևանքների գործադրման իրավասությամբ «ստուգող», ով ստուգման իրականացման ընթացքում իր հանրային իշխանական լիազորությունների գործադրմամբ միակողմանի հետևանքներ է առաջացնում հասցեատեր հանդիսացող շրջանավարտի համար»,
- «վեճը կարգավորող նորմատիվ իրավական ակտերը կոչված են սպասարկելու սահմանադրորեն երաշխավորված, ինչպես նաև «Կրթության մասին» ՀՀ օրենքով, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքով իրենց մասնավոր կարգավորումը ստացած՝ կրթության իրավունքի ապահովմանը և կրթության բնագավառում հանրային շահերը, որոնք հանգում են որակյալ կրթության և սահմանված պահանջներին համապատասխանող մասնագետների կողմից պետական ճանաչում բովանդակող որակավորման ստացման ապահովմանը, իսկ բարձրագույն ուսումնական հաստատության կողմից նշված գործառույթների իրականացումն իր հերթին՝ հանդիսանում է հանրային շահի՝ սոցիալ-իրավական պրակտիկայում իրացում և առարկայացում»,
- «սույն գործով հիմնական պահանջը (…) ընդդատյա է վարչական դատարանին, ուստի վերջինիս են ընդդատյա մնացյալ՝ հիմնական պահանջից բխող ածանցյալ պահանջները»,
- «Բացի այդ, (…) Բողոքաբերի ներկայացրած հայցապահանջը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական պաշտպանության եղանակներից որևէ մեկի հետ չի նույնանում, հետևաբար ենթակա չէ պաշտպանության քաղաքացիական դատավարության կարգով»,
- «սույն գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով, ուստի այն չի կարող ըստ էության քննվել ու լուծվել, և կիրառման է ենթակա քաղաքացիական գործով վարույթի կարճման իրավական հետևանքը՝ անկախ քննության ենթակա բողոքի հիմքերից և հիմնավորումներից»:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք անհիմն են և չէին կարող հիմք հանդիսանալ Դատարանի 20.02.2023 թվականի վճիռը բեկանելու ու գործի վարույթը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելու հիմքով կարճելու համար հետևյալ պատճառաբանությամբ:
Կառավարության 06.10.2005 թվականի ««Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» թիվ 2400-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) ստեղծվել է «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
Որոշման 3-րդ կետով հաստատվել է «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի (այսուհետ՝ Հավելված):
Հավելվածի 3-րդ կետի համաձայն՝ ԳՊՀ-ն շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական ոչ առևտրային, կրթական, գիտահետազոտական և մշակութային կազմակերպություն է, որը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, քաղաքացիական օրենսգրքի, այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի հիման վրա և դրանցով նախատեսված կարգով ու սահմանված հիմքերով ձեռք է բերում և իրականացնում է նույն կանոնադրությամբ ամրագրված՝ իր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ իրավունքներ ու պարտականություններ:
Տվյալ դեպքում Գարիկ Մուսայելյանն իր պահանջը ներկայացրել է Կազմակերպության դեմ, որը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական ոչ առևտրային, կրթական, գիտահետազոտական և մշակութային կազմակերպություն է:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ իրավաբանական անձինք, որպես կանոն, պետական իշխանական լիազորություններով օժտված չեն և չեն իրականացնում գործադիր-կարգադրիչ գործունեություն:
Նկատի ունենալով, որ Կազմակերպություն ստեղծելու օրենքի պահանջ առկա չէ, որպիսի պայմաններում վերջինս պետության կողմից օրենքով պատվիրակված հանրային գործառույթ իրականացնող մասնավոր մասնակցի կարգավիճակ ունենալ չի կարող, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կազմակերպությունը չի կարող իրականացնել վարչարարություն և հայցվորի հետ կապված իրավահարաբերություններում չի կարող հանրային շահի իրացման կապակցությամբ իրականացնել օրենքով սահմանված հանրային իշխանական լիազորություններ:
Տվյալ դեպքում Գարիկ Մուսայելյանի կողմից հայցադիմում է ներկայացվել ոչ թե հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտի՝ վարչական մարմնի, այլ՝ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող և քաղաքացիական իրավահարաբերության սուբյեկտ հանդիսացող Կազմակերպության դեմ: Ավելին՝ Գարիկ Մուսայելյանի և իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող Կազմակերպության միջև ծագած իրավահարաբերությունները կրում են զուտ քաղաքացիաիրավական բնույթ, քանի որ իրավունքի մասին վեճը ծագել է քաղաքացիական իրավունքի սուբյեկտների՝ ֆիզիկական անձ հայցվորի և իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պատասխանողի միջև՝ իրենց քաղաքացիական իրավունքներն ու պարտականություններն իրացնելու կապակցությամբ:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գարիկ Մուսայելյանի հայցադիմումի հիման վրա հարուցված թիվ ՍԴ1/1661/02/22 գործը ենթակա է ընդհանուր իրավասության դատարանի քննությանը:
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանն այն մասին, որ «Բողոքաբերի ներկայացրած հայցապահանջը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական պաշտպանության եղանակներից որևէ մեկի հետ չի նույնանում, հետևաբար ենթակա չէ պաշտպանության քաղաքացիական դատավարության կարգով», Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիները և իրավաբանական անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները` ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեցողությամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը (․․․):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է`
1) իրավունքը ճանաչելով.
2) մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելով.
3) իրավունքը խախտող կամ դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները կանխելով.
4) առոչինչ գործարքի անվավերության հետևանքները կիրառելով.
5) վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելով և դրա անվավերության հետևանքները կիրառելով.
6) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտն անվավեր ճանաչելով.
7) դատարանի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին հակասող ակտը չկիրառելով.
8) իրավունքի ինքնապաշտպանությամբ.
9) պարտականությունը բնեղենով կատարելուն հարկադրելով.
10) վնասներ հատուցելով.
11) տուժանք բռնագանձելով.
12) իրավահարաբերությունը դադարեցնելով կամ փոփոխելով.
13) օրենքով նախատեսված այլ եղանակներով:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վկայակոչված իրավադրույթների համակարգային վերլուծության արդյունքում փաստել է, որ քաղաքացիական օրենսդրության հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ քաղաքացիական հարաբերությունների մասնակիցների իրավունքների անարգել իրականացման, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների ապահովման նպատակով օրենսդիրը քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ կրող սուբյեկտներին օժտել է իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները` ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրենց հայեցողությամբ իրականացնելու իրավազորությամբ: Ընդ որում, օրենսդիրը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի կարգավորմամբ սահմանելով քաղաքացիական իրավունքների պաշտպանության իրականացման հիմնական եղանակները, որոնց օգնությամբ շահագրգիռ անձը կարող է խափանել, կանխել իր իրավունքի խախտումը, վերականգնել (ճանաչել) իր իրավունքները և (կամ) փոխհատուցում ստանալ իրավունքի խախտմամբ պատճառված վնասների դիմաց, միաժամանակ հնարավորություն է վերապահել անձանց՝ իրենց իրավունքների պաշտպանությունն իրականացնել նաև օրենքով նախատեսված այլ եղանակներով: (...) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածում քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակների թվարկումը նպատակ ունի ոչ թե սպառիչ կերպով ձևակերպել քաղաքացիական իրավունքների պաշտպանության բոլոր եղանակները, այլ դրանցից առավել տարածված եղանակների մատնանշմամբ կողմնորոշել շահագրգիռ անձանց՝ իրենց խախտված իրավունքների դատական պաշտպանության միջոցների ընտրության հարցում: Այլ կերպ ասած՝ անկախ նրանից, թե անձն ինչպես է ձևակերպում իրավունքի պաշտպանության եղանակն իր պահանջում, դատարանը նախ պետք է պարզի ներկայացված նյութաիրավական պահանջի բովանդակային, այլ ոչ թե ձևական համապատասխանությունն օրենքով նախատեսված պաշտպանության եղանակներից որևէ մեկին, որից հետո պարզի ներկայացված պահանջի շրջանակում հայցվորի խախտված կամ վիճարկվող իրավունքների պաշտպանության և վերականգնման հնարավորությունը: Նշվածն ինքնին բացառում է դատարանի կողմից ներկայացված նյութաիրավական պահանջի քննության մեխանիկորեն մերժումը՝ այն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածով կամ այլ օրենքով սահմանված քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակների մեջ ներառված չլինելու (այդ թվում՝ ներկայացված պահանջն իրավունքի պաշտպանություն եղանակներին համահունչ ձևակերպված չլինելու) հիմքով, քանի դեռ դատարանի կողմից չի պարզվել իրավունքի պաշտպանության նպատակով հարուցված հայցի էությունը և ներկայացված հայցապահանջների շրջանակում հայցվորի խախտված կամ վիճարկվող իրավունքների պաշտպանության և վերականգման հնարավորությունը: Շարադրվածի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ եթե անգամ հայցվորի ձևակերպած պահանջն առերևույթ չի համընկնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածում ներառված իրավունքի պաշտպանության եղանակներից որևէ մեկին, սակայն բովանդակային առումով համապատասխանում է դրանց, ապա դատարանը չի կարող մերժել իրավունքի պաշտպանությունը՝ վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով (տե՛ս Անժելա Գևորգյանն ընդդեմ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի թիվ ԵԱՔԴ/3724/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.05.2020 թվականի որոշումը):
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ներկայացված պահանջների ու դրանց հիմքերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ներկայացված առաջին՝ իրեն ուսուցչի, մանկավարժության բակալավրի աստիճան «Իրավագիտություն» մասնագիտությամբ որակավորում շնորհելու մասին Կազմակերպության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի 26.05.2012 թվականի որոշումը և դրա հիման վրա տրված թիվ 148454 դիպլոմն անվավեր ճանաչելու պահանջով հայցվոր Գարիկ Մուսայելյանը հետամուտ է եղել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված՝ նորմատիվ իրավական ակտի գործողությունն անվավեր ճանաչելու հիմքով դադարեցնելուն (ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերին վերաբերող նորմատիվ իրավական ակտերի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ դրույթների գործողությունը տարածվում է անհատական իրավական ակտերի վրա), որը վերջինս իրականացրել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 13-րդ ենթակետին համապատասխան պահանջ ներկայացնելու միջոցով, երկրորդ՝ Կազմակերպությանն իրեն իրավագիտություն մասնագիտության բակալավրի որակավորում շնորհելուն ու դիպլոմ տալուն՝ վերջինիս կազմավորած ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի միջոցով համապատասխան որոշում կայացնելով, պարտավորեցնելու պահանջը, անկախ դրա ձևակերպումից, բովանդակային առումով ուղղված է եղել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին ենթակետով նախատեսված իրավունքը ճանաչելու միջոցով իր քաղաքացիական իրավունքների պաշտպանությանը, իսկ երրորդ՝ նշված որոշումը չկայացնելու հետևանքով իրեն պատճառված 1 ՀՀ դրամ ոչ նյութական վնասը հատուցելու պահանջն ուղղված է եղել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 10-րդ ենթակետով նախատեսված վնասներ հատուցելու միջոցով իր քաղաքացիական իրավունքների պաշտպանությանը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի վարույթի կարճումը նաև այն պատճառաբանությամբ, որ «Բողոքաբերի ներկայացրած հայցապահանջը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական պաշտպանության եղանակներից որևէ մեկի հետ չի նույնանում», իրավաչափ համարվել չի կարող, քանի որ, թեև հայցվորի ձևակերպած առաջին և երկրորդ պահանջներն առերևույթ չեն համընկնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածում ներառված իրավունքի պաշտպանության եղանակներից որևէ մեկին, սակայն բովանդակային առումով համապատասխանում են դրանց։
Նշվածն ինքնին բացառում է դատարանի կողմից ներկայացված նյութաիրավական պահանջների քննության մեխանիկորեն մերժումը՝ այն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14‑րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական պաշտպանության եղանակներից որևէ մեկի հետ չնույնանալու հիմքով։
Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ներկայացված պահանջները ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական պաշտպանության եղանակներից որևէ մեկի հետ չնույնանալու հիմքով այն քաղաքացիական դատավարության կարգով պաշտպանության ենթակա չլինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումները հիմնավոր չեն:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ, 18-րդ և 182-րդ հոդվածների ու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի խախտում թույլ տրված լինելու մասին վճռաբեկ բողոքում նշված փաստարկները, հետևաբար վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 13.11.2023 թվականի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2‑րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը` նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքի հիմքերին ու հիմնավորումներին՝ Դատարանի 20.02.2023 թվականի վճիռը բեկանելով և գործի վարույթը կարճելով՝ անկախ վերաքննիչ բողոքի հիմքերից ու հիմնավորումներից:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.11.2023 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության։
2. Դատական ծախսերի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Գ. հակոբյան Զեկուցող Ս. Մեղրյան Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ա. Մկրտչյան Է. Սեդրակյան Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2026 թվական: