ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ2/0077/02/16 2026 թ. |
| Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ2/0077/02/16 | |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
|
Նախագահող և զեկուցող |
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ | |
|
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ | ||
|
Ս․ ՄԵՂՐՅԱՆ | ||
|
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ |
2026 թվականի մարտի 30-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 15.01.2025 թվականի «Դատական ակտի վերանայման բողոքը մասով առանց քննության թողնելու և մասով վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը՝ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասով, նոր հանգամանքով վերանայման վերաբերյալ Գագիկ Բարսեղյանի բողոքը քաղաքացիական գործով ըստ Սեդրակ Բարսեղյանի հայցի ընդդեմ Գագիկ Բարսեղյանի և Կարինե Բաղդասարյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Սեդրակ Բարսեղյանը պահանջել է Գագիկ Բարսեղյանից և Կարինե Բաղդասարյանից համապարտությամբ բռնագանձել 246.517.000 ՀՀ դրամ, ինչպես նաև այդ գումարի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված տոկոսները՝ սկսած 23.12.2015 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը։
Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 10.09.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2019 թվականի որոշմամբ Սեդրակ Բարսեղյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 10.09.2018 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը բավարարվել է մասնակիորեն՝ հետևյալ կերպ․ «Գագիկ Գառնիկի Բարսեղյանից և Կարինե Բաղդասարյանից հօգուտ Սեդրակ Մարտունիկի Բարսեղյանի բռնագանձել 221.864.000 (երկու հարյուր քսանմեկ միլիոն ութ հարյուր վաթսունչորս հազար) ՀՀ դրամ գումար, ինչպես նաև սկսած 23.12.2015 թվականից մինչև պարտավորության փաստացի դադարումը՝ 221.864.000 (երկու հարյուր քսանմեկ միլիոն ութը հարյուր վաթսունչորս հազար) ՀՀ դրամ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվեգրվող տոկոսները: (…)»։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08․04․2022 թվականի որոշմամբ Գագիկ Բարսեղյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2019 թվականի որոշումը` անհիմն հարստացման գումարի չափի ու դրա նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվեգրվող տոկոսները բռնագանձելու, դատական ծախսերը բաշխելու մասերով, բեկանվել է, և գործն այդ մասերով ուղարկվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության․ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2019 թվականի որոշումը մնացած մասերով թողնվել է օրինական ուժի մեջ:
Դատավոր Գ․ Հակոբյանը հայտնել է հատուկ կարծիք։
Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 21․10․2022 թվականի որոշմամբ սույն գործը հանձնվել է Սնանկության դատարանի քննությանը։
Սնանկության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 27․07․2023 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է Գագիկ Բարսեղյանից հօգուտ Սեդրակ Բարսեղյանի բռնագանձել 177․491․200 ՀՀ դրամ՝ որպես անհիմն հարստացման գումար․ մնացած մասով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 07․02․2024 թվականի որոշմամբ Սեդրակ Բարսեղյանի և վերջինիս սնանկության գործով կառավարիչ Արամ Խաչատրյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Գագիկ Բարսեղյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 27․07․2023 թվականի վճիռը բեկանվել է, ու գործը՝ անհիմն հարստացման գումարի չափը որոշելու և դատական ծախսերը բաշխելու մասերով, ուղարկվել է նոր քննության:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 04․11․2024 թվականի որոշմամբ Սեդրակ Բարսեղյանի և վերջինիս սնանկության գործով կառավարիչ Արամ Խաչատրյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ որոշվել է «Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07․02․2024 թվականի որոշումը և փոփոխել այն՝ Սեդրակ Բարսեղյանի հայցն ընդդեմ Գագիկ Բարսեղյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, բավարարել մասնակիորեն՝ Գագիկ Բարսեղյանից հօգուտ Սեդրակ Բարսեղյանի համապարտությամբ բռնագանձել 221․864․000 ՀՀ դրամ՝ որպես անհիմն հարստացման գումար․ մնացած մասով հայցը մերժել: (…)»։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 15.01.2025 թվականի որոշմամբ Գագիկ Բարսեղյանի և Կարինե Բաղդասարյանի բերած դատական ակտի վերանայման բողոքը մասով թողնվել է առանց քննության ու մասով վարույթ ընդունելը մերժվել է:
Սույն գործով նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման բողոք է ներկայացրել Գագիկ Բարսեղյանը (ներկայացուցիչ Մարտին Խաչիկյան)։
Նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքի պատասխան է ներկայացրել Սեդրակ Բարսեղյանը և վերջինիս սնանկության գործով կառավարիչ Արամ Խաչատրյանը (ներկայացուցիչ Արմինե Ավետիսյան):
2. Նոր հանգամանքով դատական ակտի վերանայման համար հիմք հանդիսացող նոր հանգամանքի շարադրանքը, հիմնավորումը և պահանջը
Նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում.
Սույն գործով առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսվածնոր հանգամանք:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Սահմանադրական դատարանի 20.05.2025 թվականի թիվ ՍԴՈ-1782 որոշումը սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 15․01․2025 թվականի որոշման՝ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասով, վերանայման հիմք է, քանի որ վերը նշված որոշմամբ Սահմանադրական դատարանը գտել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով կայացված եզրափակիչ դատավարական ակտերը հիմք են նոր երևան եկած հանգամանքի ուժով դատական ակտերը վերանայելու համար:
Մասնավորապես՝ Սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ մինչդատական վարույթում քննիչի, իրավասու դատախազի համապատասխան որոշումը (համապատասխանաբար՝ քրեական վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու և այլն), որում ամրագրված են քաղաքացիական/սնանկության գործի լուծման համար էական նշանակություն ունեցող և օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայացման հիմքում ընկած իրականությանը չհամապատասխանող գրավոր կամ իրեղեն ապացույցների առկայությունը վկայող հանգամանքները, որոնք գոյություն են ունեցել տվյալ գործի լուծման պահին, հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել բողոք բերած գործին մասնակցող անձին ու դատարանին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով պետք է դիտարկվեն որպես նոր երևան եկած հանգամանք, եթե որպես այդպիսին ստուգվել և գնահատվել են իրավասու դատարանի կողմից։
Մինչդեռ սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը մերժել է բողոքը վարույթ ընդունելը՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին տալով Սահմանադրական դատարանի կողմից վերը նշված որոշմամբ նույն նորմին տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանություն։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 15․01․2025 թվականի «Դատական ակտի վերանայման բողոքը մասով առանց քննության թողնելու և մասով վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը՝ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասով, վերացնել այն, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 04․11․2024 թվականի որոշման վերանայման բողոքն ընդունել վարույթ։
2.1 Նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքի պատասխանի հիմնավորումները
Սահմանադրական դատարանի 20.05.2025 թվականի թիվ ՍԴՈ-1782 որոշմամբ քննարկվում է բացառապես մինչդատական վարույթում քննիչի, իրավասու դատախազի համապատասխան որոշումը (համապատասխանաբար` քրեական վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու և այլն), որում ամրագրված են քաղաքացիական/սնանկության գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ու օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայացման հիմքում ընկած իրականությանը չհամապատասխանող գրավոր կամ իրեղեն ապացույցների առկայությունը վկայող հանգամանքները և դրանք՝ որպես նոր երևան եկած հանգամանք քննարկելու հարցը, մինչդեռ փորձագետի եզրակացությունը հանդիսանում է ապացույցի առանձին տեսակ ու չի նույնանում ոչ գրավոր, ոչ էլ իրեղեն ապացույցների հետ։
Գագիկ Բարսեղյանը չի կարող համարվել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասի իմաստով Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող անձ, հետևաբար Սահմանադրական դատարանի վերը նշված որոշումը չի կարող հիմք լինել Գագիկ Բարսեղյանի կողմից վերանայման բողոք ներկայացնելու համար։
3. Նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Սեդրակ Բարսեղյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Գագիկ Բարսեղյանի և Կարինե Բաղդասարյանի՝ պահանջելով վերջիններից համապարտությամբ բռնագանձել 246.517.000 ՀՀ դրամ, ինչպես նաև այդ գումարի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված տոկոսները՝ սկսած 23.12.2015 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը (հատոր 1-ին, գ.թ. 4-10, հատոր 2-րդ, գ.թ․ 74-78).
2) Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 10.09.2018 թվականի վճռով հայցը մերժվել է (հատոր 5-րդ, գ.թ. 61-66).
3) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2019 թվականի որոշմամբ Սեդրակ Բարսեղյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 10.09.2018 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը բավարարվել է մասնակիորեն՝ հետևյալ կերպ. «Գագիկ Գառնիկի Բարսեղյանից և Կարինե Բաղդասարյանից հօգուտ Սեդրակ Մարտունիկի Բարսեղյանի բռնագանձել 221.864.000 (երկու հարյուր քսանմեկ միլիոն ութ հարյուր վաթսունչորս հազար) ՀՀ դրամ գումար, ինչպես նաև սկսած 23.12.2015 թվականից մինչև պարտավորության փաստացի դադարումը՝ 221.864.000 (երկու հարյուր քսանմեկ միլիոն ութը հարյուր վաթսունչորս հազար) ՀՀ դրամ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվեգրվող տոկոսները: (…)» (հատոր 5-րդ, գ.թ. 131-149).
4) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08.04.2022 թվականի որոշմամբ Գագիկ Բարսեղյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2019 թվականի որոշումը` անհիմն հարստացման գումարի չափի ու դրա նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվեգրվող տոկոսները բռնագանձելու, դատական ծախսերը բաշխելու մասերով, բեկանվել է, և գործն այդ մասերով ուղարկվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2019 թվականի որոշումը մնացած մասերով թողնվել է օրինական ուժի մեջ: Դատավոր Գ.Հակոբյանը հայտնել է հատուկ կարծիք (հատոր 7-րդ, գ.թ. 18-58).
5) Դատարանի 27.07.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն հետևյալ հիմնավորմամբ. «(․․․) անդրադառնալով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից 15.06.2017թ. տրված թիվ 315-01/Վ-016 փորձագետի եզրակացությանը դատարանը գտնում է, որ այդ եզրակացության վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության պահանջները պահպանված են, քանի որ պահպանված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով փորձագետի եզրակացությանն առաջադրվող պահանջները, մասնավորապես՝ դրանում արտացոլված է կատարված հետազոտությունների մանրամասն նկարագրությունը, ստուգված է փորձագետի որակավորումը և վերջինս նախազգուշացված է ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին:
Ինչ վերաբերվում է «ԴԱՏԷՔՍՊԵՐՏ» ՍՊԸ-ի կողմից 08.12.2017թ. տրված թիվ 17-005 փորձագետի եզրակացությանը, ապա դատարանն արձանագրում է, որ փորձագետը դատարանի կողմից նախազգուշացված չէ ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին, բացակայում է նաև փորձաքննությունն իրականացնող անձի որակավորման վերաբերյալ տեղեկատվությունը: «ԴԱՏԷՔՍՊԵՐՏ» ՍՊԸ-ի կողմից կատարված փորձաքննությունը կատարվել է միայն պատասխանող կողմի հայտնած տվյալների և տրամադրված նյութերի հիման վրա, գործի նյութերին փորձագետը չի տիրապետել: «ԴԱՏԷՔՍՊԵՐՏ» ՍՊԸ-ի կողմից կատարված փորձաքննությանը հայցվոր կողմը մասնակից չի դարձվել, ով զրկված է եղել նաև այդ փորձագետին հարցեր առաջադրելու հնարավորությունից: Հետևաբար, դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված արտադատարանական կարգով ստացված նշված եզրակացությունը, ըստ էության, չի կարող գնահատվել որպես փորձագետի եզրակացություն` որպես ապացույցի ինքնուրույն տեսակ, ուստի այն դատարանի կողմից դիտարկվել է որպես գրավոր ապացույց և դրա արժանահավատությունը որոշվել է մյուս ապացույցների հետ համադրման արդյունքում:
Այսպիսով, սույն գործի փաստական հանգամանքներում, յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ դատարանն ապացուցված է համարում, որ սույն գործով հայցվոր Սեդրակ Բարսեղյանի կողմից ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Շահումյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող հյուրանոցի առաջին հարկի և դրա շրջակայքում կատարված վերանորոգման աշխատանքների նվազագույն գինը կազմել է 177 491 200 ՀՀ դրամ, նշված գումարը հենց այն գումարն է, որի ավելացումը Գագիկ Բարսեղյանի մոտ /գույքը, որի շուրջ կատարվել է բարելավումներ/ պայմանավորված է Սեդրակ Բարսեղյանի մոտ այդ գումարի պակասեցմամբ, ինչն էլ որպես անհիմն հարստացման գումար ենթակա է բռնագանձման Գագիկ Բարսեղյանից հօգուտ Սեդրակ Բարսեղյանի» (հատոր 9-րդ, գ.թ. 121-150).
6) Վերաքննիչ դատարանի 07.02.2024 թվականի որոշմամբ Սեդրակ Բարսեղյանի և վերջինիս սնանկության գործով կառավարիչ Արամ Խաչատրյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Գագիկ Բարսեղյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է այն պատճառաբանությամբ, որ «(…) Դատարանը, գործի նոր քննության ընթացքում հետազոտելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից 15.06.2017թ. տրված թիվ 315-01/Վ-016 փորձագետի եզրակացությունը և «Դատէքսպերտ» ՍՊԸ-ի կողմից 08.12.2017թ. տրված փորձագետի եզրակացությանը՝ որպես գրավոր ապացույց, ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Շահումյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող հյուրանոցի առաջին հարկի և դրա շրջակայքում կատարված վերանորոգման աշխատանքների նվազագույն գինը 177 491 200 ՀՀ դրամ կազմելու և այն պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձելու մասին հետևություն կատարելով, ըստ էության, չի ապահովել ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից սահմանված գործի նոր քննության ծավալը», քանի որ «չի պարզել, թե հայցվորի կողմից փաստացի որքան գումար է ծախսվել Հյուրանոցի վերանորոգման և շինարարական այլ աշխատանքների կատարման համար և արդյունքում՝ որքան են կազմում Հյուրանոցի վրա հայցվորի կողմից կատարված ուղղակի ծախսերը: Բողոքարկված վճռի պատճառաբանական մասի և դրանից բխող եզրահանգումների ուսումնասիրմամբ պարզվում է, որ Դատարանը որոշել է ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Շահումյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող հյուրանոցի առաջին հարկի և դրա շրջակայքում կատարված վերանորոգման աշխատանքների նվազագույն գինը, ինչը, սակայն, չի արտացոլում սույն գործով պարզման ենթակա՝ Հայցվորի կողմից կատարված ուղղակի ծախսի չափը, առավել ևս այն պարագայում, երբ Դատարանը վճռում նշված հաշվարկը կատարել է հիմք ընդունելով Հյուրանոցի ընդհանուր շուկայական արժեքը։ (…) Դատարանը, հայցի մասնակի բավարարման հիմքում դնելով Հյուրանոցի առաջին հարկի և դրա շրջակայքում կատարված վերանորոգման աշխատանքների նվազագույն գինն ապացուցված լինելու հանգամանքը, այդուհանդերձ չի պարզել և բացահայտել Հյուրանոցի վրա հայցվորի կողմից կատարված ուղղակի ծախսերի չափը»։
Միաժամանակ Վերաքննիչ դատարանը նշել է, որ «համամիտ է, Դատարանի կողմից «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից 15.06.2017թ. տրված թիվ 315-01/Վ-016 փորձագետի եզրակացության և «Դատէքսպերտ» ՍՊԸ-ի կողմից 08.12.2017 թվականին տրված փորձագետի եզրակացության համեմատության արդյունքում կատարած այն եզրահանգման հետ, որ «Դատէքսպերտ» ՍՊԸ-ի կողմից 08.12.2017 թվականին տրված փորձագետի եզրակացությունը, որպես գրավոր ապացույց, այլ ապացույցների հետ համադրությամբ՝ անարժանահավատ է և չի կարող դրվել որևէ փաստի հաստատման կամ հերքման հիմքում»։
Արդյունքում Վերաքննիչ դատարանը բեկանել է Դատարանի 27.07.2023 թվականի վճիռը, իսկ գործի նոր քննության անհրաժեշտությունը պատճառաբանել է հետևյալ կերպ՝ ««ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից 15.06.2017թ. տրված թիվ 315-01/Վ-016 փորձագետի եզրակացությունը, (…) պետք է հետազոտվի և գնահատվի նաև ներկայացված հայտարարությունների, վկաների ցուցմունքների հետ ամբողջության մեջ՝ Հյուրանոցի վրա հայցվորի կողմից կատարված ուղղակի ծախսերի չափը պարզելու և գնահատելու համար» (հատոր 11-րդ, գ.թ. 51-69).
7) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 04.11.2024 թվականի որոշմամբ Սեդրակ Բարսեղյանի և վերջինիս սնանկության գործով կառավարիչ Արամ Խաչատրյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն այն պատճառաբանությամբ, որ
- «Տվյալ դեպքում Դատարանն ապահովել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08.04.2022 թվականի որոշմամբ սահմանված գործի նոր քննության ծավալը, մասնավորապես՝ Հյուրանոցի վերանորոգման, ինչպես նաև շինարարական այլ աշխատանքների կատարման արդյունքում Սեդրակ Բարսեղյանի կողմից ներդրված ուղղակի ծախսերի չափը պարզելու նպատակով միմյանց հետ համադրել է փորձագետի երկու եզրակացությունները՝ արդյունքում արձանագրելով անշարժ գույքի շուկայական գնի, ինչպես նաև Հյուրանոցի վերանորոգման և շինարարական այլ աշխատանքների համար կատարված ծախսերի մասով այդ երկու եզրակացությունների միջև էական տարբերություն առկա լինելու հանգամանքը, որի հաշվառմամբ այլ ապացույցներով՝ հայտարարություններով, վկաների ցուցմունքներով, հաշիվ-ապրանքագրերով հաստատված ծախսերի վկայակոչմամբ հանգել «Դատէքսպերտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 08.12.2017 թվականի թիվ 17-005 եզրակացության ոչ արժանահավատ լինելու մասին հետևության։ Ընդ որում, Դատարանը պատճառաբանել է նշված եզրակացությունը ոչ թե ապացույցի առանձին տեսակ, այլ գրավոր ապացույց լինելու մասին իր հետևությունը, որն իրավաչափ է համարել նաև Վերաքննիչ դատարանը, որպիսի պայմաններում ելակետային է ընդունել գործում որպես այդպիսին առկա միակ փորձագիտական եզրակացությամբ հաստատված տվյալները։
Վճռաբեկ դատարանը միաժամանակ փաստում է, որ Հյուրանոցի վերանորոգման, ինչպես նաև շինարարական այլ աշխատանքների համար Սեդրակ Բարսեղյանի ներդրած գումարները, դրա արդյունքում Հյուրանոցի շուկայական արժեքի ավելացած չափը, այսինքն՝ Սեդրակ Բարսեղյանի կատարած ուղղակի ծախսը, Դատարանը հաշվարկել է հետևյալ կերպ՝ Հյուրանոցի շինության և հողատարածքի ընդհանուր շուկայական արժեքից՝ 233.008.000 ՀՀ դրամից պակասեցրել է Հյուրանոցի շինության ընդհանուր շուկայական արժեքը (առանց առաջին հարկի վերանորոգման հաշվառման, այն ընդունելով մնացած հարկերի կիսաքանդ վիճակում)՝ 81.804.000 ՀՀ դրամը, որին գումարել է հյուրանոցային շենքի ու դրա շրջակայքում կատարված այն աշխատանքների նվազագույն արժեքը, որոնք չեն ներառվել հյուրանոցային շենքի ընդհանուր շուկայական գնի մեջ՝ 70․660․000 ՀՀ դրամ՝ արդյունքում ստանալով 221․864․000 ՀՀ դրամ։ Այսինքն՝ Դատարանը հաշվարկել է այն գումարը, որի չափով ավելացել է Հյուրանոցի շուկայական արժեքը, որն էլ փաստացի այն ուղղակի ծախսն է, որի ավելացումը Գագիկ Բարսեղյանի մոտ պայմանավորված է Սեդրակ Բարսեղյանի մոտ այդ գումարի պակասեցմամբ»,
- «(...) Տվյալ դեպքում Դատարանը հաշվի չի առել, որ «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետը Հյուրանոցի շուկայական արժեքը որոշելու նպատակով կիրառել է շուկայական արժեքի հաշվարկի համեմատական մեթոդը՝ ինտերնետային կայքերից և «Գինդ» շաբաթաթերթից ստացված՝ Հյուրանոցին համանման ու դրա հետ համադրելի երեք անշարժ գույքերի վաճառքների վերաբերյալ ստացված տեղեկությունները խմբավորելու և աղյուսակներում զետեղելու միջոցով։ Կիրառված մեթոդի և կատարված հետևությունների ճշգրտությունն ապահովելու նպատակով փորձագետը նշել է, որ «Աղյուսակների անշարժ գույքի գնահատման հաշվարկված 1քմ-ի արժեքների միջև առկա հարաբերական շեղումը չի գերազանցում 20%»։ Այսինքն՝ 20 տոկոս հարաբերական շեղման վերաբերյալ փորձագետի նշումը վերաբերում է ոչ թե Հյուրանոցի, այլ շուկայական արժեքը որոշելու համար դրա հետ համադրվող գույքերի 1 քմ արժեքների միջև առկա հարաբերական շեղմանը։ Ուստի հիմնավորված չէ 221.864.000 ՀՀ դրամից 20 տոկոս նվազեցնելու և անհիմն հարստացման գումարը 177.491.200 ՀՀ դրամ հաշվարկելու վերաբերյալ Դատարանի եզրակացությունը՝ առավել ևս, որ պարտավորությունը համապարտ է, իսկ մյուս պարտապան Կարինե Բաղդասարյանի մասով սույն գործով առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2019 թվականի որոշումը, որով վերջինից համապարտությամբ բռնագանձման է ենթակա 221.864.000 ՀՀ դրամ։
Այս պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցը ենթակա է բավարարման մասնակիորեն՝ 221.864.000 ՀՀ դրամի մասով, իսկ այդ գումարին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները հաշվարկելու մասով Դատարանն իրավաչափորեն մերժել է հայցը՝ հիմք ընդունելով այդ կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08.04.2022 թվականի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, որպիսի մասով Դատարանի վճիռը չի բողոքարկվել» (հատոր 12-րդ, գ.թ. 161-180).
8) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը, քննելով Գագիկ Բարսեղյանի կողմից նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով դատական ակտը նոր երևան եկած հանգամանքով վերանայելու բողոքը վարույթ ընդունելու հարցը, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 15.01.2025 թվականի «Դատական ակտի վերանայման բողոքը մասով առանց քննության թողնելու և մասով վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշմամբ գտել է, որ
- «Վերլուծելով բողոք բերած անձի կողմից դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքում նշված հիմնավորումները և վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք բավարար չեն եզրահանգելու, որ սույն գործով առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված նոր երևան եկած հանգամանք, և այդ հիմնավորումները բավարար չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքով բողոքը վարույթ ընդունելու հետևության հանգելու համար, քանի որ բողոքում նշված հանգամանքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով չի կարող որակվել որպես «նոր երևան եկած հանգամանք», քանի որ գրավոր կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելու արդյունքում ապօրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելու հանգամանքն օրենսդիրը նախատեսել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով»։
Արդյունքում՝ արձանագրելով, որ
- «Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր երևան եկած հանգամանքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման», ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը 15.01.2025 թվականին որոշում է կայացրել դատական ակտի վերանայման բողոքը՝ Գագիկ Բարսեղյանի մասով, վարույթ ընդունելը մերժելու մասին (հատոր 13-րդ, գ.թ. 54-62).
9) Արմեն Ավագյանը դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրել 09․01․2025 թվականին: Սահմանադրական դատարանի 20.05.2025 թվականի թիվ ՍԴՈ-1782 որոշմամբ (որոշումը Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակվել է 23.05.2025 թվականին)՝ Արմեն Ավագյանի դիմումի հիման վրա, արձանագրվել է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով կայացված եզրափակիչ դատավարական ակտերը հիմք են նոր երևան եկած հանգամանքի ուժով դատական ակտերը վերանայելու համար: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով՝ նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը Դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշման մեջ նշված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ» (ներկայացվել է դատական ակտի վերանայման բողոքին կից)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ պայմանավորված նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով կարող են վերանայվել (...) Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին և վճռաբեկ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք և նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Սահմանադրական դատարանը տվյալ կամ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված դեպքերում այլ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք կարող է բերվել երեք ամսվա ընթացքում, որի հաշվարկը սկսվում է՝ նույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում՝ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու օրվանից։
Վերը նշված իրավական նորմերի վերլուծությունից բխում է, որ նոր հանգամանքով կարող են վերանայվել նաև Վճռաբեկ դատարանի որոշումները: Ընդ որում, Վճռաբեկ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը նոր հանգամանքներով վերանայում է Վճռաբեկ դատարանը՝ ինչպես գործին մասնակցող անձանց, այնպես էլ՝ նրանց իրավահաջորդների բողոքի հիման վրա, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն։
Օրենսդիրը որպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված նոր հանգամանքի հիմքով դատական ակտը վերանայելու համար անհրաժեշտ պայման է նախատեսել Սահմանադրական դատարանի կողմից տվյալ կամ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված դեպքերում այլ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելը, կամ այդ դրույթը թեկուզև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելն այն դեպքում, երբ բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը՝ որոշման եզրափակիչ մասում Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:
Միևնույն ժամանակ վերը նշված հիմքով դատական ակտը վերանայելու համար օրենսդիրը նախատեսել է եռամսյա ժամկետ՝ դրա հաշվարկի սկիզբը համարելով Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու օրը։
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործին մասնակցող անձինք, ինչպես նաև նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն, տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում`
- գործին մասնակցող անձի նկատմամբ կայացված դատական ակտը վերջնական է,
- տվյալ դատական ակտով դիմողի նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանն ընդունել է որոշում, որով օրենքի այդ դրույթը ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և անվավեր, կամ Սահմանադրական դատարանը, օրենքի այդ դրույթը ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող ու միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, համարել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ,
- համապատասխան հիմքն ի հայտ գալուց հետո նոր հանգամանքով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու դրությամբ 3 ամսվա ժամկետը չի լրացել:
Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (մասնավորապես` 11.05.2007 թվականի թիվ ՍԴՈ-701, 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114) անդրադարձել է նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի իրավակարգավորումներին առնչվող հիմնախնդիրներին` առաջադրելով այն հայեցակարգային դիրքորոշումը, որ Սահմանադրական դատարան դիմելու` անձի իրավունքի արդյունավետ իրացումը պահանջում է Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման այնպիսի լիարժեք օրենսդրական կարգավորում, որը հնարավորություն կտա անձին վերականգնելու Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմատիվ ակտի կիրառման արդյունքում խախտված իր սահմանադրական իրավունքը: Սահմանադրական դատարանը գտել է նաև, որ նոր հանգամանքների հիման վրա դատական ակտի վերանայման հետ կապված իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորման նպատակը պետք է լինի ինչպես արդարադատության մատչելիությունը, այնպես էլ անձանց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության արդյունավետության ապահովումը, որոնց օրենսդրորեն հստակեցումը կմեծացնի վստահությունն արդարադատության նկատմամբ, մարդկանց հնարավորություն կտա առավել երաշխավորված ու արդյունավետ իրացնել դատական պաշտպանության իրենց սահմանադրական իրավունքը:
Սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 և 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական ու (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն՝ խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, Սահմանադրական դատարանը նշել է նաև, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:
Հիմք ընդունելով վերը նշվածը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի ցանկացած վերանայում դրանց կայունության և անփոփոխելիության, կամ որ այն է՝ իրավական որոշակիության (res judicata) սկզբունքի խախտում է: Մինչդեռ օրենքով սահմանված բացառիկ դեպքերում, երբ առկա են res judicata սկզբունքի հանդեպ գերակա հանգամանքներ, այդ սկզբունքից շեղվելը և օրինական ուժի մեջ մտած ակտերը վերանայելն արդարացված է՝ պայմանով, որ այդ վերանայումը հետապնդի դատական էական սխալներն ուղղելու, արդարադատության չարաշահումները վերացնելու նպատակ։
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն հոդվածում նշված գործերով դիմում (այսուհետ` անհատական դիմում) կարող է ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց՝ վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո:
Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն` նույն հոդվածում նշված գործերով՝ նորմատիվ իրավական ակտի՝ դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով:
Նույն հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 10-րդ մասը տարածվում է նաև այն անձանց վրա, որոնք Սահմանադրական դատարանում դիմումը մուտքագրվելու օրվա դրությամբ դեռևս պահպանել էին նույն հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրենց իրավունքը, սակայն չէին դիմել Սահմանադրական դատարան։
Սահմանադրական դատարանն իր 29.03.2022 թվականի թիվ ՍԴՈ-1645 որոշմամբ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասն այն մասով, որ չի նախատեսում այն անձանց նկատմամբ կայացված վերջնական դատական ակտերի՝ նոր հանգամանքի հիմքով վերանայում, որոնք դատական պաշտպանության միջոցներն սպառել են Սահմանադրական դատարանում այլ անձի դիմումը մուտքագրվելուց հետո, սակայն նրանց նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ այլ անձի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն սկսելու օրվա կամ այդ հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման օրվա դրությամբ լրացած չի եղել նրանց կողմից Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու համար սահմանված վեցամսյա ժամկետը, ճանաչել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող ու անվավեր։ Նշված որոշմամբ Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ այն ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնց նկատմամբ կայացված վերջնական դատական ակտն ուժի մեջ է մտել (դատական պաշտպանության միջոցներն սպառվել են) Սահմանադրական դատարանում այլ անձի դիմումը մուտքագրվելու ու այդ գործի քննության արդյունքում Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման միջև ընկած ժամանակահատվածում, և վերջիններս Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ու 4-րդ կետերով նախատեսված՝ Սահմանադրական դատարանի կողմից գործի քննությունը մերժելու հիմքերի առկայության պայմաններում զրկված են եղել Սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունից, պետք է ունենան վերջնական դատական ակտի վերանայման հավասար հնարավորություն։
Սահմանադրական դատարանը 20․05․2025 թվականի թիվ ՍԴՈ-1782 որոշմամբ գտել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ մինչդատական վարույթում քննիչի, իրավասու դատախազի համապատասխան որոշումը (համապատասխանաբար՝ քրեական վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու և այլն), որում ամրագրված են քաղաքացիական/սնանկության գործի լուծման համար էական նշանակություն ունեցող և օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայացման հիմքում ընկած իրականությանը չհամապատասխանող գրավոր կամ իրեղեն ապացույցների առկայությունը վկայող հանգամանքները, որոնք գոյություն են ունեցել տվյալ գործի լուծման պահին, հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել բողոք բերած գործին մասնակցող անձին ու դատարանին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով պետք է դիտարկվեն որպես նոր երևան եկած հանգամանք, եթե որպես այդպիսին ստուգվել և գնահատվել են իրավասու դատարանի կողմից և եզրափակիչ մասի 1-ին կետով արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով կայացված եզրափակիչ դատավարական ակտերը հիմք են նոր երևան եկած հանգամանքի ուժով դատական ակտերը վերանայելու համար։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ Սեդրակ Բարսեղյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Գագիկ Բարսեղյանի և Կարինե Բաղդասարյանի՝ պահանջելով նրանցից համապարտությամբ բռնագանձել 246.517.000 ՀՀ դրամ, ինչպես նաև այդ գումարի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված տոկոսները՝ սկսած 23.12.2015 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:
Դատարանը 27.07.2023 թվականի վճռով հայցը բավարարել է մասնակիորեն հետևյալ հիմնավորմամբ․ «(...) անդրադառնալով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից 15.06.2017թ. տրված թիվ 315-01/Վ-016 փորձագետի եզրակացությանը դատարանը գտնում է, որ այդ եզրակացության վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության պահանջները պահպանված են, քանի որ պահպանված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով փորձագետի եզրակացությանն առաջադրվող պահանջները, մասնավորապես՝ դրանում արտացոլված է կատարված հետազոտությունների մանրամասն նկարագրությունը, ստուգված է փորձագետի որակավորումը և վերջինս նախազգուշացված է ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին:
Ինչ վերաբերվում է «ԴԱՏԷՔՍՊԵՐՏ» ՍՊԸ-ի կողմից 08.12.2017թ. տրված թիվ 17-005 փորձագետի եզրակացությանը, ապա դատարանն արձանագրում է, որ փորձագետը դատարանի կողմից նախազգուշացված չէ ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին, բացակայում է նաև փորձաքննությունն իրականացնող անձի որակավորման վերաբերյալ տեղեկատվությունը: «ԴԱՏԷՔՍՊԵՐՏ» ՍՊԸ-ի կողմից կատարված փորձաքննությունը կատարվել է միայն պատասխանող կողմի հայտնած տվյալների և տրամադրված նյութերի հիման վրա, գործի նյութերին փորձագետը չի տիրապետել: «ԴԱՏԷՔՍՊԵՐՏ» ՍՊԸ-ի կողմից կատարված փորձաքննությանը հայցվոր կողմը մասնակից չի դարձվել, ով զրկված է եղել նաև այդ փորձագետին հարցեր առաջադրելու հնարավորությունից: Հետևաբար, դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված արտադատարանական կարգով ստացված նշված եզրակացությունը, ըստ էության, չի կարող գնահատվել որպես փորձագետի եզրակացություն` որպես ապացույցի ինքնուրույն տեսակ, ուստի այն դատարանի կողմից դիտարկվել է որպես գրավոր ապացույց և դրա արժանահավատությունը որոշվել է մյուս ապացույցների հետ համադրման արդյունքում:
Այսպիսով, սույն գործի փաստական հանգամանքներում, յուրաքանչյուր ապացույց գնահատելով գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ դատարանն ապացուցված է համարում, որ սույն գործով հայցվոր Սեդրակ Բարսեղյանի կողմից ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Շահումյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող հյուրանոցի առաջին հարկի և դրա շրջակայքում կատարված վերանորոգման աշխատանքների նվազագույն գինը կազմել է 177 491 200 ՀՀ դրամ, նշված գումարը հենց այն գումարն է, որի ավելացումը Գագիկ Բարսեղյանի մոտ /գույքը, որի շուրջ կատարվել է բարելավումներ/ պայմանավորված է Սեդրակ Բարսեղյանի մոտ այդ գումարի պակասեցմամբ, ինչն էլ որպես անհիմն հարստացման գումար ենթակա է բռնագանձման Գագիկ Բարսեղյանից հօգուտ Սեդրակ Բարսեղյանի»։
Վերաքննիչ դատարանը 07.02.2024 թվականի որոշմամբ Սեդրակ Բարսեղյանի և վերջինիս սնանկության գործով կառավարիչ Արամ Խաչատրյանի վերաքննիչ բողոքը մերժել է, իսկ Գագիկ Բարսեղյանի վերաքննիչ բողոքը բավարարել է այն պատճառաբանությամբ, որ «(…) Դատարանը, գործի նոր քննության ընթացքում հետազոտելով «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից 15.06.2017թ. տրված թիվ 315-01/Վ-016 փորձագետի եզրակացությունը և «Դատէքսպերտ» ՍՊԸ-ի կողմից 08.12.2017թ. տրված փորձագետի եզրակացությանը՝ որպես գրավոր ապացույց, ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Շահումյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող հյուրանոցի առաջին հարկի և դրա շրջակայքում կատարված վերանորոգման աշխատանքների նվազագույն գինը 177 491 200 ՀՀ դրամ կազմելու և այն պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձելու մասին հետևություն կատարելով, ըստ էության, չի ապահովել ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից սահմանված գործի նոր քննության ծավալը», քանի որ «չի պարզել, թե հայցվորի կողմից փաստացի որքան գումար է ծախսվել Հյուրանոցի վերանորոգման և շինարարական այլ աշխատանքների կատարման համար և արդյունքում՝ որքան են կազմում Հյուրանոցի վրա հայցվորի կողմից կատարված ուղղակի ծախսերը: Բողոքարկված վճռի պատճառաբանական մասի և դրանից բխող եզրահանգումների ուսումնասիրմամբ պարզվում է, որ Դատարանը որոշել է ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Շահումյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող հյուրանոցի առաջին հարկի և դրա շրջակայքում կատարված վերանորոգման աշխատանքների նվազագույն գինը, ինչը, սակայն, չի արտացոլում սույն գործով պարզման ենթակա՝ Հայցվորի կողմից կատարված ուղղակի ծախսի չափը, առավել ևս այն պարագայում, երբ Դատարանը վճռում նշված հաշվարկը կատարել է հիմք ընդունելով Հյուրանոցի ընդհանուր շուկայական արժեքը։ (…) Դատարանը, հայցի մասնակի բավարարման հիմքում դնելով Հյուրանոցի առաջին հարկի և դրա շրջակայքում կատարված վերանորոգման աշխատանքների նվազագույն գինն ապացուցված լինելու հանգամանքը, այդուհանդերձ չի պարզել և բացահայտել Հյուրանոցի վրա հայցվորի կողմից կատարված ուղղակի ծախսերի չափը»։
Միաժամանակ Վերաքննիչ դատարանը նշել է, որ «համամիտ է, Դատարանի կողմից «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից 15.06.2017թ. տրված թիվ 315-01/Վ-016 փորձագետի եզրակացության և «Դատէքսպերտ» ՍՊԸ-ի կողմից 08.12.2017 թվականին տրված փորձագետի եզրակացության համեմատության արդյունքում կատարած այն եզրահանգման հետ, որ «Դատէքսպերտ» ՍՊԸ-ի կողմից 08.12.2017 թվականին տրված փորձագետի եզրակացությունը, որպես գրավոր ապացույց, այլ ապացույցների հետ համադրությամբ՝ անարժանահավատ է և չի կարող դրվել որևէ փաստի հաստատման կամ հերքման հիմքում»։
Արդյունքում Վերաքննիչ դատարանը բեկանել է Դատարանի 27․07․2023 թվականի վճիռը, իսկ գործի նոր քննության անհրաժեշտությունը պատճառաբանել է հետևյալ կերպ՝ ««ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ-ի կողմից 15.06.2017թ. տրված թիվ 315-01/Վ-016 փորձագետի եզրակացությունը, (…) պետք է հետազոտվի և գնահատվի նաև ներկայացված հայտարարությունների, վկաների ցուցմունքների հետ ամբողջության մեջ՝ Հյուրանոցի վրա հայցվորի կողմից կատարված ուղղակի ծախսերի չափը պարզելու և գնահատելու համար»։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը 04․11․2024 թվականի որոշմամբ Սեդրակ Բարսեղյանի և վերջինիս սնանկության գործով կառավարիչ Արամ Խաչատրյանի վճռաբեկ բողոքը բավարարել է մասնակիորեն այն պատճառաբանությամբ, որ
- «Տվյալ դեպքում Դատարանն ապահովել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08.04.2022 թվականի որոշմամբ սահմանված գործի նոր քննության ծավալը, մասնավորապես՝ Հյուրանոցի վերանորոգման, ինչպես նաև շինարարական այլ աշխատանքների կատարման արդյունքում Սեդրակ Բարսեղյանի կողմից ներդրված ուղղակի ծախսերի չափը պարզելու նպատակով միմյանց հետ համադրել է փորձագետի երկու եզրակացությունները՝ արդյունքում արձանագրելով անշարժ գույքի շուկայական գնի, ինչպես նաև Հյուրանոցի վերանորոգման և շինարարական այլ աշխատանքների համար կատարված ծախսերի մասով այդ երկու եզրակացությունների միջև էական տարբերություն առկա լինելու հանգամանքը, որի հաշվառմամբ այլ ապացույցներով՝ հայտարարություններով, վկաների ցուցմունքներով, հաշիվ-ապրանքագրերով հաստատված ծախսերի վկայակոչմամբ հանգել «Դատէքսպերտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 08.12.2017 թվականի թիվ 17-005 եզրակացության ոչ արժանահավատ լինելու մասին հետևության։ Ընդ որում, Դատարանը պատճառաբանել է նշված եզրակացությունը ոչ թե ապացույցի առանձին տեսակ, այլ գրավոր ապացույց լինելու մասին իր հետևությունը, որն իրավաչափ է համարել նաև Վերաքննիչ դատարանը, որպիսի պայմաններում ելակետային է ընդունել գործում որպես այդպիսին առկա միակ փորձագիտական եզրակացությամբ հաստատված տվյալները։
Վճռաբեկ դատարանը միաժամանակ փաստում է, որ Հյուրանոցի վերանորոգման, ինչպես նաև շինարարական այլ աշխատանքների համար Սեդրակ Բարսեղյանի ներդրած գումարները, դրա արդյունքում Հյուրանոցի շուկայական արժեքի ավելացած չափը, այսինքն՝ Սեդրակ Բարսեղյանի կատարած ուղղակի ծախսը, Դատարանը հաշվարկել է հետևյալ կերպ՝ Հյուրանոցի շինության և հողատարածքի ընդհանուր շուկայական արժեքից՝ 233.008.000 ՀՀ դրամից պակասեցրել է Հյուրանոցի շինության ընդհանուր շուկայական արժեքը (առանց առաջին հարկի վերանորոգման հաշվառման, այն ընդունելով մնացած հարկերի կիսաքանդ վիճակում)՝ 81.804.000 ՀՀ դրամը, որին գումարել է հյուրանոցային շենքի ու դրա շրջակայքում կատարված այն աշխատանքների նվազագույն արժեքը, որոնք չեն ներառվել հյուրանոցային շենքի ընդհանուր շուկայական գնի մեջ՝ 70․660․000 ՀՀ դրամ՝ արդյունքում ստանալով 221․864․000 ՀՀ դրամ։ Այսինքն՝ Դատարանը հաշվարկել է այն գումարը, որի չափով ավելացել է Հյուրանոցի շուկայական արժեքը, որն էլ փաստացի այն ուղղակի ծախսն է, որի ավելացումը Գագիկ Բարսեղյանի մոտ պայմանավորված է Սեդրակ Բարսեղյանի մոտ այդ գումարի պակասեցմամբ»,
- «(...) Տվյալ դեպքում Դատարանը հաշվի չի առել, որ «ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետը Հյուրանոցի շուկայական արժեքը որոշելու նպատակով կիրառել է շուկայական արժեքի հաշվարկի համեմատական մեթոդը՝ ինտերնետային կայքերից և «Գինդ» շաբաթաթերթից ստացված՝ Հյուրանոցին համանման ու դրա հետ համադրելի երեք անշարժ գույքերի վաճառքների վերաբերյալ ստացված տեղեկությունները խմբավորելու և աղյուսակներում զետեղելու միջոցով։ Կիրառված մեթոդի և կատարված հետևությունների ճշգրտությունն ապահովելու նպատակով փորձագետը նշել է, որ «Աղյուսակների անշարժ գույքի գնահատման հաշվարկված 1քմ-ի արժեքների միջև առկա հարաբերական շեղումը չի գերազանցում 20%»։ Այսինքն՝ 20 տոկոս հարաբերական շեղման վերաբերյալ փորձագետի նշումը վերաբերում է ոչ թե Հյուրանոցի, այլ շուկայական արժեքը որոշելու համար դրա հետ համադրվող գույքերի 1 քմ արժեքների միջև առկա հարաբերական շեղմանը։ Ուստի հիմնավորված չէ 221.864.000 ՀՀ դրամից 20 տոկոս նվազեցնելու և անհիմն հարստացման գումարը 177.491.200 ՀՀ դրամ հաշվարկելու վերաբերյալ Դատարանի եզրակացությունը՝ առավել ևս, որ պարտավորությունը համապարտ է, իսկ մյուս պարտապան Կարինե Բաղդասարյանի մասով սույն գործով առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2019 թվականի որոշումը, որով վերջինից համապարտությամբ բռնագանձման է ենթակա 221.864.000 ՀՀ դրամ։
Այս պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցը ենթակա է բավարարման մասնակիորեն՝ 221.864.000 ՀՀ դրամի մասով, իսկ այդ գումարին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները հաշվարկելու մասով Դատարանն իրավաչափորեն մերժել է հայցը՝ հիմք ընդունելով այդ կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08.04.2022 թվականի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, որպիսի մասով Դատարանի վճիռը չի բողոքարկվել»։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը, քննելով Գագիկ Բարսեղյանի կողմից նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով դատական ակտը նոր երևան եկած հանգամանքով վերանայելու բողոքը վարույթ ընդունելու հարցը, գտել է, որ
- «Վերլուծելով բողոք բերած անձի կողմից դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքում նշված հիմնավորումները և վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք բավարար չեն եզրահանգելու, որ սույն գործով առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված նոր երևան եկած հանգամանք, և այդ հիմնավորումները բավարար չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքով բողոքը վարույթ ընդունելու հետևության հանգելու համար, քանի որ բողոքում նշված հանգամանքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով չի կարող որակվել որպես «նոր երևան եկած հանգամանք», քանի որ գրավոր կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելու արդյունքում ապօրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելու հանգամանքն օրենսդիրը նախատեսել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով»։
Արդյունքում՝ արձանագրելով, որ - «Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր երևան եկած հանգամանքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման», ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը 15․01․2025 թվականին որոշում է կայացրել դատական ակտի վերանայման բողոքը՝ Գագիկ Բարսեղյանի մասով, վարույթ ընդունելը մերժելու մասին։
Արմեն Ավագյանը դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրել 09․01․2025 թվականին: Սահմանադրական դատարանի 20.05.2025 թվականի թիվ ՍԴՈ-1782 որոշմամբ (որոշումը Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակվել է 23.05.2025 թվականին)՝ Արմեն Ավագյանի դիմումի հիման վրա, արձանագրվել է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով կայացված եզրափակիչ դատավարական ակտերը հիմք են նոր երևան եկած հանգամանքի ուժով դատական ակտերը վերանայելու համար: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով՝ նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը Դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշման մեջ նշված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ»։
Այժմ, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 15.01.2025 թվականի «Դատական ակտի վերանայման բողոքը մասով առանց քննության թողնելու և մասով վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ բողոք է ներկայացրել Գագիկ Բարսեղյանը՝ որպես նոր հանգամանք վկայակոչելով Սահմանադրական դատարանի 20.05.2025 թվականի թիվ ՍԴՈ-1782 որոշումը։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով պատասխանող Գագիկ Բարսեղյանը, օգտվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ (Սահմանադրական դատարանի 29.03.2022 թվականի թիվ ՍԴՈ-1645 որոշմամբ արտահայտված դիրքորոշման համատեքստում) մասերով իրեն վերապահված իրավունքից, ՀՀ վճռաբեկ դատարան է ներկայացրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոք։
Նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքում որպես դատական ակտի վերանայման համար հիմք հանդիսացող նոր հանգամանքի շարադրանքը և հիմնավորումը համադրելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 15.01.2025 թվականի «Դատական ակտի վերանայման բողոքը մասով առանց քննության թողնելու և մասով վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման հետ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի 20.05.2025 թվականի թիվ ՍԴՈ-1782 որոշումը նոր հանգամանք է ու ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 15.01.2025 թվականի «Դատական ակտի վերանայման բողոքը մասով առանց քննության թողնելու և մասով վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը՝ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասով, վերանայելու հիմք:
Այսպիսով, վերանայման բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 15.01.2025 թվականի «Դատական ակտի վերանայման բողոքը մասով առանց քննության թողնելու և մասով վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը՝ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասով, նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 15.01.2025 թվականի «Դատական ակտի վերանայման բողոքը մասով առանց քննության թողնելու և մասով վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը՝ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասով, նոր հանգամանքի հիմքով վերանայելու պարագայում ենթակա է լուծման սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 04.11.2024 թվականի որոշման դեմ Գագիկ Բարսեղյանի բերած բողոքը վարույթ ընդունելու հարցը: Անդրադառնալով նշված բողոքին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոգրյալի հաշվառմամբ, հիմք ընդունելով բողոքում նշված բողոքի հիմքերը և հիմնավորումները, բողոքը վարույթ ընդունելու հիմքերն ու հիմնավորումները, այն համապատասխանում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի պահանջներին, ուստի այն պետք է ընդունել վարույթ:
Դատական ակտի վերանայման բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոգրյալ պատճառաբանություններով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ, 408-րդ, 419-րդ, 426-րդ ու 427-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքը բավարարել։ Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 15.01.2025 թվականի «Դատական ակտի վերանայման բողոքը մասով առանց քննության թողնելու և մասով վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը՝ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասով։
2. Թիվ ԱՐԱԴ2/0077/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 04.11.2024 թվականի որոշումը նոր երևան եկած հանգամանքով վերանայելու վերաբերյալ Գագիկ Բարսեղյանի բերած բողոքն ընդունել Վճռաբեկ դատարանի վարույթ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող և զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս. Մեղրյան
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|