ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԴ2/30932/02/23 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.06.08-2026.06.21 Պաշտոնական հրապարակման օրը 17.06.2026
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.03.2026
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/30932/02/23

2026 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/30932/02/23

Նախագահող դատավոր՝

Լ Գրիգորյան

Դատավորներ՝

Ժ Ասատրյան

Ս Սահակյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

 

Նախագահող և զեկուցող

Գ. Հակոբյան

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

   

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

   

Ս․ ՄԵՂՐՅԱՆ

Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ

   

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

2026 թվականի մարտի 27-ին 

գրավոր ընթացակարգով քննելով Մարինա և Արամ Զարգարյանների (այսուհետ՝ Համահայցվորներ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30052025 թվականի որոշման դեմ՝ ըստ Համահայցվորների հայցի ընդդեմ Կարեն Հարությունյանի, երրորդ անձ «Բենտոնիտ Տեխնոլոջի» ՍՊԸ-ի (այսուհետ նաև Ընկերություն)՝ Ընկերությունից հեռացնելու ու բաժնեմասն Ընկերությանը փոխանցելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Համահայցվորները պահանջել են Ընկերության 50 տոկոս բաժնեմասի սեփականատեր Կարեն Հարությունյանին հեռացնել Ընկերությունից և վերջինիս պատկանող բաժնեմասը փոխանցել Ընկերությանը:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 29.10.2024 թվականի վճռով հայցը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.05.2025 թվականի որոշմամբ Համահայցվորների վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 29.10.2024 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Համահայցվորները (ներկայացուցիչ Գրիգոր Բեքմեզյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ նաև Օրենք) 22-րդ և 39-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ ու 66-րդ հոդվածները։

Բողոք բերած անձինք նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել են հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է գործում առկա ապացույցները, ինչի արդյունքում հանգել է այնպիսի եզրակացության, որն իրականում կապ չունի գործի փաստերի հետ։ Մասնավորապես՝ Ընկերությունը երկու՝ 07.06.2023 թվականի (ժողովի գումարման որոշման օր, ժողովի օրը 03.07.2024 թվական) և 10.07.2023 թվականի (ժողովի գումարման որոշման օր, ժողովի օրը 04.08.2024 թվական) ժողովների ծանուցումները Կարեն Հարությունյանին ուղարկել է պատվիրված նամակով Ընկերության մասնակիցների գրանցամատյանում նշված հասցեով, ինչը հաստատվում է ոչ միայն գործում առկա ապացույցներով, այլ նաև Դատարանի վճռով ու Վերաքննիչ դատարանի որոշմամբ կատարված եզրահանգումներով։

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Օրենքը, նախատեսելով ընկերության մասնակիցների գրանցամատյան և դրանում մասնակիցների հասցեների նշում, նախատեսում է մասնակիցների բարեխղճության առկայություն ու կորպորատիվ հարաբերությունների կայունություն։ Ո՛չ Ընկերությունը, ո՛չ էլ մյուս մասնակիցները պարտավոր չեն կրել անբարեխիղճ մասնակցի գործողությունների կամ անգործության ողջ բեռը և ձեռնարկել ոչ ողջամիտ գործողություններ վերջինիս գտնվելու վայրի հասցեն հայտնաբերելու ուղղությամբ։ Կորպորատիվ հարաբերությունները, հաշվի առնելով դրանց մասնակիցների բազմաթիվությունը, ենթադրում են դրանց կարգավորման որոշակի սկզբունքներ, որոնք հաստատվում են օրենքով և պարտադիր են բոլորի համար։ Այդ կարգավորումները սահմանում են խաղի կանոնները և դրանցից դուրս ենթադրությունները կարող են ոչ միայն վնասել ընկերությունների բնականոն գործունեությանը, այլև իսպառ տանել ընկերությունները լուծարման։

 Ավելին՝ Օրենքը, սահմանելով ընկերության մասնակիցների ծանուցումը գրանցամատյանում նշված հասցեով ուղարկելու պարտականություն, մասնակցի վրա դնում է բարեխղճության պարտավորություն՝ ընկերությանն ի սկզբանե տրամադրել հասցե, որով ինքը հասանելի է, ինչպես նաև կարող է կրել պատասխանատվություն և ռիսկեր հասցեի փոփոխության արդյունքում իր կորուստների կամ անհարմարությունների համար։ Այն հանգամանքը, որ մասնակիցը կարող է տրամադրել մի հասցե, տեղափոխվել մեկ այլ հասցե, ոչինչ չասել ընկերությանը, չմասնակցել ժողովներին՝ դրանով իսկ բացառելով ժողովների կայացումը, ակնհայտ խոսում է մասնակցի անբարեխղճության՝ գործողությամբ կամ անգործությամբ Ընկերության ժողովներին չմասնակցելու մասին, ինչը հիմք է վերջինիս ընկերությունից հեռացնելու համար։

Վերաքննիչ դատարանը թերի է ուսումնասիրել գործում առկա ապացույցները և անտեսել է, որ «DHL EXPRESS WORLDWIDE»-ի Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչ «Յումակս» ՍՊԸ-ի գրության համաձայն՝ ծանուցագիրը հասցվել է Կարեն Հարությունյանին, սակայն վերջինս հրաժարվել է այն ստանալ։

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ապացուցվել է այն հանգամանքը, որ Կարեն Հարությունյանի՝ ժողովներին չներկայանալը և ծանուցագրերն ստանալուց խուսափելն անմիջականորեն ազդել են ժողովների կայացման վրա, քանի որ, լինելով Ընկերության բաժնեմասի 50 տոկոսի սեփականատեր, Կարեն Հարությունյանի մասնակցությունից է կախված եղել ժողովների կայացումն ու որոշումների ընդունումը, սակայն վերջինիս բացակայությունը բացառել է դրանք։

Սույն գործով ապացուցվել է, որ Ընկերությունը պահպանել է իր մասնակիցների՝ ընդհանուր ժողով գումարելու համար Օրենքով նախատեսված բոլոր ընթացակարգերը։ Մասնավորապես, ժողովների ծանուցագրերն ուղարկվել են մասնակիցների հասցեներին Օրենքով նախատեսված կարգով, այդ թվում նաև Կարեն Հարությունյանի փաստացի գտնվելու վայրի հասցեով, սակայն վերջինս հրաժարվել է ստանալ, որևէ կերպ չի արձագանքել ու չի մասնակցել ժողովներին, ինչի արդյունքում դրսևորել է այնպիսի վարքագիծ, ինչն իսպառ բացառում է որևէ կերպ ժողովների իրավազորությունը և որոշումներ ընդունելու հնարավորությունը, որպիսի գործողություններն անհնար են դարձրել Ընկերության բնականոն գործունեության ապահովումը։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են «Ամբողջությամբ բեկանել և փոփոխել ստորադաս դատարանի ակտը՝ բավարարելով հայցն ամբողջությամբ կամ բեկանել դատական ակտը և գործը ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության»։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրից 30.08.2023 թվականին կատարված էլեկտրոնային քաղվածքի համաձայն՝ Ընկերության մասնակիցներն են Արամ Զարգարյանը, որին պատկանող բաժնեմասի չափը կազմում է 25 տոկոս, Կարեն Հարությունյանը, որին պատկանող բաժնեմասի չափը կազմում է 50 տոկոս, Մարինա Զարգարյանը, որին պատկանող բաժնեմասի չափը կազմում է 25 տոկոս (հատոր 1-ին, գթ. 21).

2) Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանի կողմից 23.04.2021 թվականին Ընկերության տնօրեն Արամ Զարգարյանին հասցեագրված գրությամբ հայտնվել է հետևյալը՝ «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2021 թվականի ապրիլի 23-ի թիվ 570-Ա հրամանի համաձայն՝ «ԲԵՆՏՈՆԻՏ ՏԵԽՆՈԼՈՋԻ» ՍՊԸ-ին տրամադրվել է օգտակար հանածոների արդյունահանման թիվ ՇԱԹ-29/648 թույլտվությունը: Ծանուցումը ստանալուց հետո Ձեզ անհրաժեշտ է ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում վճարել թույլտվության տրման պետական տուրքը (պետական տուրքի հաշվեհամար՝ 900005169181) և 10-օրյա ժամկետում ներկայանալ Ընդերքի վարչություն՝ ընդերքօգտագործման N Պ-648 պայմանագիրը վավերացնելու համար: Հայտնում ենք, որ ՀՀ պետական տուրքի մասին օրենքի 19.4 հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ պետական տուրքը մետաղագործական, քիմիական, թեթև և արդյունաբերության այլ ճյուղերի հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար, կազմում է տարեկան բազային տուրքի 10000-ապատիկի չափը: Սահմանված ժամկետներում պետական տուրքը չվճարելու, պայմանագիրը չվավերացնելու և ընդերքօգտագործման իրավունքի փաթեթը չստանալու դեպքում՝ օգտակար հանածոների արդյունահանման իրավունք հայցելու դիմումը բավարարելու վերաբերյալ սույն հրամանը կճանաչվի ուժը կորցրած» (հատոր 1-ին, գթ. 12).

3) ի պատասխան Ընկերության տնօրեն Արամ Զարգարյանի 24.02.2023 թվականի գրության՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը 07.03.2023 թվականին հայտնել է հետևյալը ««Բենտոնիտ Տեխնոլոջի» ՍՊԸ-ին 23.04.2021 թվականին տրված թույլտվության տրամադրման համար վճարման ենթակա պետական տուրքի դրույքաչափը սահմանված է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.4-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով, հետևաբար՝ մետաղագործական, քիմիական, թեթև և արդյունաբերության այլ ճյուղերի հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվություններ ունեցող ընդերքօգտագործողները կրում են տարեկան բազային տուրքի գումարի 10000-ապատիկի չափով պետական տուրք վճարելու պարտավորություն» (հատոր 1-ին, գթ. 13-14).

4) Ընկերության տնօրեն Արամ Զարգարյանի կողմից ստորագրված և Ընկերության կնիքով կնքված ««Բենտոնիտ Տեխնոլոջի» ՍՊԸ-ի անհրաժեշտ ներդրումների, դրանց չափի և ժամանակահատվածի մասին» վերտառությամբ տեղեկանքի համաձայն՝ 03.07.2023 թվականին մասնակիցների ընդհանուր ժողովում քննարկելու համար նախատեսված է հրատապ ներդրում՝ ա) 10 մլն ՀՀ դրամ ժամկետանց պետական տուրք, որը պետք է վճարվի հնարավորինս շուտ, ընթացիկ ներդրումներ, որոնք անհրաժեշտ է կատարել մինչև 2023 թվականի սեպտեմբերի ամիսը. ա) հանքի շահագործման համար սարքավորումների ներկրում Չինաստանից՝ 700000 ԱՄՆ դոլարի սահմաններում։ բ) Հանքի աշխատանքների սկսման համար աշխատակիցների ներգրավում և պայմանագրերի կնքում։ Աշխատակիցների քանակ՝ մոտավորապես 5, նախատեսվող միջին աշխատավարձ՝ 250000 ՀՀ դրամ ամսական, նախատեսվող ներդրումների գումար՝ 15000000 ՀՀ դրամ տարեկան։ գ) Հորատման աշխատանքներ։ Պայմանագրի կողմ «ՍԻԵՆԵՏ» ՍՊ ընկերություն։ Ներկայացված գնառաջարկ՝ HQ 96մմ տրամաչափով հորատման համար 65.000 (վաթսունհինգ հազար) ՀՀ դրամ, NQ 76մմ տրամաչափով հորատման համար 59.000 (հիսունինը հազար) ՀՀ դրամ, Հորատհաստոցի, էլեկտրակայանի, հորատախողովակների, ջրատար ավազանների և ջրկիր մեքենայի տեղափոխման համար (Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տեղամասեր) 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ, Հորատհաստոցի և էլեկտրակայանի տեղակայում և մոնտաժում 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ, Հորատհաստոցի և էլեկտրակայանի ապամոնտաժում 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ, Հորատհաստոցի և էլեկտրակայանի տեղափոխում հաջորդ հորատհրապարակ 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ, Հորատհաստոցի, էլեկտրակայանի, հորատախողովակների, ջրատար ավազանների և ջրկիր մեքենայի տեղափոխման համար (Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տեղամասերից) 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ։ դ) Այլ անհրաժեշտ ներդրումները ներկայացված են կից փաստաթղթով, որոնց ընդհանուր գումարը կազմում է 18.243.732 ՀՀ դրամ։ Ներդրումներն առաջարկվում է կատարել մասնակիցների կողմից ըստ իրենց ունեցած բաժնեմասերի համամասնության՝ փոխառության կամ կանոնադրական կապիտալի ավելացման միջոցով (հատոր 1-ին, գթ. 23).

5) Ընկերության տնօրեն Արամ Զարգարյանի 07.06.2023 թվականի որոշմամբ նշվել է, որ ժողովն անցկացվելու է 03.07.2023 թվականին ժամը 18:00-ին **** ***1 հասցեում: Որպես ժողովի օրակարգ նշվել է «1. 2020-2022թթ. ընկերության տարեկան հաշվետվությունների և տարեկան հաշվեկշռի հաստատում, 2. Ընկերության շահույթն ընկերության մասնակիցների միջև բաշխելու մասին որոշում, 3. Ընկերության հանքաարդյունաբերության թույլտվության համար նախատեսված պետական վճարումները կատարելու, ինչպես նաև ընկերության բնականոն գործունեությունը ապահովելու համար մասնակիցների կողմից ընկերությանը փոխառություն տալու հարցի որոշում: Որոշվել է ծանուցել ժողովի մասնակիցներին պատվիրված նամակների միջոցով ՀՀ օրենսդրությամբ և Ընկերության կանոնադրությամբ նախատեսված կարգով։ Ժողովում քննարկվող հարցերին վերաբերող տեղեկություններին և նյութերին մասնակիցները կարող են ծանոթանալ **** ****2  հասցեում՝ յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 16:00-ից 17:00»(հատոր 1-ին, գթ. 25).

6) Կարեն Հարությունյանին «**** *** ***3» հասցեով ուղարկված փոստային առաքման հետադարձ ծանուցագրի պատճենի համաձայն՝ («LO109796111AM») առաքանին վերադարձվել է «անհայտ» նշագրումով (հատոր 1-ին, գթ. 26).

7) Ընկերության մասնակիցներ Մարինա և Արամ Զարգարյանների լիազոր ներկայացուցիչ Գրիգոր Բեքմեզյանի կողմից ստորագրված Ընկերության մասնակիցների հերթական ընդհանուր ժողովի չկայանալու մասին արձանագրության համաձայն՝ «(...) Ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են ընկերության մասնակիցների ձայների ընդհանուր թվի մեծամասնությամբ, եթե սույն օրենքով կամ ընկերության կանոնադրությամբ տվյալ որոշման ընդունման համար նախատեսված չէ ձայների ավելի մեծ քանակ, իսկ ժողովին ներկա մասնակիցների ձայները բավարար չեն ժողով գումարելու համար, սույնով արձանագրվում է, որ 2023թ. Հուլիսի 03-ին նշանակված ժողովը չի կարող կայանալ Կարեն Հարությունյանի բացակայության պատճառով: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ առկա է Ընկերության բնականոն գործունեության համար հրատապ որոշումների ընդունման անհրաժեշտություն, ժողովին ներկա մասնակիցները որոշեցին դիմել ընկերության տնօրենին ևս մեկ ընդհանուր ժողով գումարելու համար»(հատոր 1-ին, գթ. 27).

8) Ընկերության տնօրեն Արամ Զարգարյանի 10.07.2023 թվականի ««Բենտոնիտ Տեխնոլոջի» ՍՊԸ մասնակիցների հերթական ընդհանուր ժողով գումարելու մասին» որոշմամբ նշվել է, որ ժողովն անցկացվելու է 04.08.2023 թվականին ժամը 18:00-ին **** ****4 հասցեում (հատոր 1-ին, գթ. 30).

9) Կարեն Հարությունյանին «5 *** ****» հասցեով ուղարկված փոստային առաքման հետադարձ ծանուցագրի պատճենի համաձայն՝ («LO110292516AM») առաքանին վերադարձվել է «չպահանջված» նշագրումով (հատոր 1-ին, գթ. 31).

10) Ընկերության մասնակիցներ Մարինա և Արամ Զարգարյանների ներկայացուցիչ Գրիգոր Բեքմեզյանի կողմից ստորագրված ««Բենտոնիտ Տեխնոլոջի» ՍՊԸ-ի մասնակիցների հերթական ընդհանուր ժողովի չկայանալու մասին» արձանագրության համաձայն՝ «(...) Ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են ընկերության մասնակիցների ձայների ընդհանուր թվի մեծամասնությամբ, եթե սույն օրենքով կամ ընկերության կանոնադրությամբ տվյալ որոշման ընդունման համար նախատեսված չէ ձայների ավելի մեծ քանակ, իսկ ժողովին ներկա մասնակիցների ձայները բավարար չեն ժողով գումարելու համար, սույնով արձանագրվում է, որ 2023թ. օգոստոսի 04-ին նշանակված ժողովը չի կարող կայանալ Կարեն Հարությունյանի բացակայության պատճառով: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ առկա է Ընկերության բնականոն գործունեության համար հրատապ որոշումների ընդունման անհրաժեշտություն, ժողովին ներկա մասնակիցները որոշեցին դիմել ընկերության տնօրենին ևս մեկ ընդհանուր ժողով գումարելու համար»(հատոր 1-ին, գթ. 32).

11) «DHL EXPRESS WORLDWIDE»-ի Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչ «Յումակս» ՍՊԸ տնօրենի 19062023 թվականի թիվ 25 գրության համաձայն՝ «Սույնով «Յումակս» ՍՊԸ-ն «DHL EXPRESS WORLDWIDE»-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, տեղեկանում է, որ 4685847375 ավիաբեռնագրի համարով դեպի *** *** ****6 է ուղարկվել փաստաթղթերի փաթեթ: Որպես ստացող նշվել է Կարեն Հարությունյանը: Վերջինս հրաժարվել է ստանալ առաքանին 12/06/2023 թվականին» (հատոր 1-ին, գթ. 33).

12) Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից տրամադրված թիվ 24115115017 տեղեկանքի համաձայն՝ Կարեն Հարությունյանը 08.09.2016 թվականից հաշվառված է *** *** ***7 հասցեում (հատոր 1-ին, գթ. 99-100):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով։

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը արդյո՞ք սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցի կողմից ընդհանուր ժողովներին պարբերաբար չմասնակցելը, ընդհանուր ժողովի անցկացման վայրի, ժամի և օրակարգի մասին ծանուցումները ստանալուց խուսափելը, ընկերության մասնակիցների գրանցամատյանում նշված հասցեով ծանուցումներն իրականացնելու անհնարինության դեպքում ընկերությանն այլ հասցե չտրամադրելը, եթե դրա հետևանքով անհնար է դարձել ընկերության գործունեության համար անհրաժեշտ որոշումների ընդունումը, կարող է դիտվել որպես Օրենքի 22-րդ հոդվածի իմաստով ընկերության բնականոն գործունեությունը դժվարացնող կամ անհնարին դարձնող անգործություն և հանդիսանալ մասնակցին ընկերությունից հեռացնելու հիմք։

 

Օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ ընկերության մասնակիցները պարտավոր են`

ա) ներդրումներ կատարել ընկերության կանոնադրական կապիտալում ընկերության հիմնադրման մասին պայմանագրով կամ ընկերության մասնակիցների միաձայն որոշմամբ սահմանված կարգով.

բ) չհրապարակել ընկերության գործունեության վերաբերյալ գաղտնիք պարունակող տեղեկություններ, բացի օրենքով սահմանված դեպքերից:

Ընկերության մասնակիցները կրում են նաև օրենքով և ընկերության կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը նշված հոդվածը սահմանում է մասնակցի պարտականությունների ոչ սպառիչ շրջանակ, որի արդյունքում մասնակցի վարքագիծը ենթակա է գնահատման ոչ միայն օրենքով ուղղակիորեն թվարկված պարտականությունների, այլ նաև ընկերության գործունեության բնույթից և կորպորատիվ հարաբերությունների էությունից բխող պարտավորությունների տեսանկյունից։

Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ընկերության մասնակիցը (մասնակիցները), որը (որոնք) գումարային առումով տնօրինում է (են) ընկերության առնվազն 10 տոկոս բաժնեմասը, իրավունք ունի (ունեն) դատական կարգով պահանջել ընկերության այլ մասնակցի հեռացումն ընկերությունից, եթե նա իր գործողություններով կամ անգործությամբ դժվարացնում կամ անհնարին է դարձնում ընկերության բնականոն գործունեությունը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ընկերությունից հեռացված մասնակցի բաժնեմասն անցնում է ընկերությանը: Ընկերությունը պարտավոր է մասնակցին վճարել բաժնեմասի արժեքը, որը որոշվում է նույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով:

Վերը նշված հոդվածի բովանդակությունից հետևում է, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցը, ում հեռացնելու վերաբերյալ պահանջ է ներկայացվել մյուս մասնակիցների կողմից, պետք է դրսևորած լինի այնպիսի վարքագիծ, որով դժվարացրած կամ անհնարին դարձրած լինի ընկերության բնականոն գործունեությունը։ Միաժամանակ` նշված դրույթի կիրառման համար անհրաժեշտ է, որ այն վկայակոչած անձն ապացուցի.

ա) մասնակցի անգործության կամ գործողության առկայության փաստը,

բ) ընկերության բնականոն գործունեությանը խոչընդոտելու փաստը,

գ) պատճառահետևանքային կապը մասնակցի գործունեության (անգործության) և ընկերության բնականոն գործունեությանը խոչընդոտելու փաստերի միջև։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ կարևորել է այն հանգամանքը, որ ընկերությունից մասնակցին հեռացնելու հայցապահանջների լուծման համար էական նշանակություն ունի ընկերության մասնակցի գործողության կամ անգործության հետևանքով ընկերության բնականոն գործունեության դժվարացման կամ անհնարինության փաստի առկայությունը, որը պետք է ապացուցի մասնակցին ընկերությունից հեռացնելու մասին պահանջ ներկայացրած անձը (տե՛ս «Վտառ» ՍՊԸ-ի տնօրեն Մայիս Մեհրաբյանն ընդդեմ Մարիետա Պետրոսյանի թիվ ԵՄԴ/1174/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29102010 թվականի որոշումը):

Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ընկերության բարձրագույն մարմին է հանդիսանում ընդհանուր ժողովը: (…) Ընկերության մասնակիցներն իրավունք ունեն ներկա գտնվել ընդհանուր ժողովին, մասնակցել օրակարգի հարցերի քննարկմանը և քվեարկել որոշումներ ընդունելիս:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում մասնակիցների ընդհանուր ժողովը հանդիսանում է ընկերության բարձրագույն կառավարման մարմինը, որի միջոցով ձևավորվում է ընկերության կամքը և ընդունվում են ընկերության գործունեության համար էական նշանակություն ունեցող որոշումներ։ Հետևաբար, ընկերության կառավարման գործընթացին մասնակցելը հանդիսանում է ոչ միայն մասնակցի իրավունք, այլ նաև բխում է նրա՝ որպես կորպորատիվ հարաբերության սուբյեկտի բարեխիղճ ու համագործակցային վարքագծի պարտականությունից։

Թեև Օրենքի 13-րդ հոդվածն ուղղակիորեն չի նախատեսում ընդհանուր ժողովներին մասնակցելու պարտականություն, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մասնակցի կողմից իր իրավունքների իրականացումը պետք է կատարվի բարեխղճորեն և ողջամտորեն՝ հաշվի առնելով ընկերության ու մյուս մասնակիցների օրինական շահերը։ Մասնակցի կողմից ընդհանուր ժողովներին պարբերաբար չմասնակցելը, հատկապես այն դեպքերում, երբ դրա հետևանքով չի ապահովվում ժողովի քվորումը, և անհնարին է դառնում ընկերության գործունեության համար անհրաժեշտ որոշումների ընդունումը, կարող է գնահատվել որպես ընկերության բնականոն գործունեությանը խոչընդոտող անգործություն։

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունից բխում է, որ ընկերությունից մասնակցի հեռացման հիմք կարող է հանդիսանալ ոչ միայն ակտիվ գործողությունը, այլ նաև անգործությունը՝ պայմանով, որ առկա է պատճառահետևանքային կապ տվյալ վարքագծի և ընկերության գործունեության խաթարման միջև։ Այդպիսի անգործություն կարող է համարվել նաև ընդհանուր ժողովներին մասնակցելուց պարբերաբար խուսափելը, երբ դրա հետևանքով ընկերությունը զրկվում է կառավարման մարմինների միջոցով իր գործունեությունը բնականոն կերպով իրականացնելու հնարավորությունից։

Միաժամանակ, Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ ընկերությունից հեռացված մասնակցի բաժնեմասն անցնում է ընկերությանը, իսկ ընկերությունը պարտավոր է մասնակցին վճարել բաժնեմասի արժեքը՝ Օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով։ Նշված կարգավորումը վկայում է, որ մասնակցի հեռացման ինստիտուտը չի կրում պատժիչ բնույթ, այլ ուղղված է ընկերության բնականոն գործունեության վերականգնմանը և կորպորատիվ կառավարման արդյունավետության ապահովմանը՝ միաժամանակ պահպանելով հեռացվող մասնակցի գույքային իրավունքների պաշտպանությունը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ընկերության մասնակցի կողմից ընդհանուր ժողովներին չմասնակցելը, եթե այն հանգեցնում է ընկերության կառավարման գործընթացի խաթարմանը և անհնարին է դարձնում ընկերության բնականոն գործունեությունը, կարող է գնահատվել որպես Օրենքի 22-րդ հոդվածի իմաստով ընկերության գործունեությունը դժվարացնող կամ անհնարին դարձնող անգործություն ու, համապատասխան պայմանների առկայության դեպքում, հանդիսանալ մասնակցի ընկերությունից հեռացման իրավական հիմք։

Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ընդհանուր ժողով հրավիրող մարմինը կամ անձինք պարտավոր են ժողովի անցկացման oրվանից ամենաուշը քսան oր (եթե ընկերության կանոնադրությամբ այլ ժամկետ սահմանված չէ) առաջ այդ մասին ծանուցել ընկերության մասնակիցներին` պատվիրված նամակն ուղարկելով ընկերության մասնակիցների գրանցամատյանում նշված հասցեով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ծանուցման մեջ պետք է նշված լինեն ընդհանուր ժողովի անցկացման ժամը և տեղը, ինչպես նաև առաջարկվող օրակարգը:

Ընկերության ցանկացած մասնակից իրավասու է առաջարկ ներկայացնել ընդհանուր ժողովի օրակարգում լրացուցիչ հարցերի ընդգրկման մասին ոչ ուշ, քան դրա անցկացումից տասն օր առաջ: Բացառությամբ ընդհանուր ժողովի իրավասությանը չվերաբերող կամ օրենքի պահանջներին չհամապատասխանող հարցերի, լրացուցիչ հարցերն ընդգրկվում են ընդհանուր ժողովի օրակարգում: (…)։

Հիմք ընդունելով վերը նշվածը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրն ամրագրել է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ընդհանուր ժողով հրավիրելու և ժողովի (ժողովների) անցկացման տեղի, ժամի ու նախատեսվող օրակարգի հարցերի վերաբերյալ ընկերության մասնակցին ժողովի անցկացման oրվանից ամենաուշը քսան oր առաջ ընկերության մասնակիցների գրանցամատյանում նշված հասցեով, պատվիրված նամակով ծանուցելու ընկերության գործադիր մարմնի պարտականությունը: Այս նորմը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցի` ընկերության կառավարմանը մասնակցելու իրավունքի իրականացման երաշխիք է հանդիսանում:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ընդհանուր ժողովի հրավիրման կարգի պահպանումը հանդիսանում է մասնակցի վարքագծի հետագա իրավական գնահատման նախապայման։ Այլ կերպ ասած, մասնակցի կողմից ընդհանուր ժողովներին չմասնակցելը կարող է իրավական հետևանքներ առաջացնել միայն այն դեպքում, երբ հաստատվում է, որ ընկերությունը պահպանել է օրենքով սահմանված պատշաճ ծանուցման ընթացակարգը։

Այս համատեքստում Օրենքի 39-րդ հոդվածը կատարում է երկակի գործառույթ մի կողմից՝ երաշխավորում է մասնակցի իրավունքը՝ տեղեկացված լինելու ընկերության կառավարման գործընթացների մասին և մասնակցելու դրանց, մյուս կողմից՝ սահմանում է մասնակցի պատասխանատվության նախադրյալը, քանի որ պատշաճ ծանուցման պայմաններում ժողովին չմասնակցելն այլևս չի կարող հիմնավորվել տեղեկացված չլինելու հանգամանքով։

Վճռաբեկ դատարանը կարևորում է նաև, որ օրակարգի վերաբերյալ տեղեկատվության նախապես տրամադրումը և լրացուցիչ հարցեր առաջարկելու մասնակցի իրավունքը վկայում են, որ մասնակիցը ոչ միայն հրավիրվում է ժողովին, այլև իրական հնարավորություն է ստանում ազդելու ընկերության կառավարման օրակարգի ձևավորման վրա։ Հետևաբար, օրենսդիրը մասնակցին տրամադրել է կառավարման գործընթացում ակտիվ ներգրավվածություն ապահովող բավարար գործիքակազմ։

Այդ պայմաններում ընդհանուր ժողովներին մասնակցությունից խուսափելը, երբ պահպանվել են Օրենքի 39-րդ հոդվածով սահմանված ծանուցման բոլոր պահանջները, կարող է գնահատվել որպես մասնակցի ոչ բարեխիղճ վարքագիծ, եթե դրա հետևանքով խաթարվում է ընկերության կառավարման բնականոն ընթացքը կամ անհնարին է դառնում անհրաժեշտ որոշումների ընդունումը։

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Օրենքի 39-րդ հոդվածով նախատեսված պատշաճ ծանուցման կարգի պահպանումը հանդիսանում է այն անհրաժեշտ իրավական պայմանը, որի առկայության դեպքում ընդհանուր ժողովներին մասնակցությունից անհիմն և պարբերաբար խուսափելը կարող է դիտվել որպես Օրենքի 22-րդ հոդվածի իմաստով ընկերության բնականոն գործունեությունը դժվարացնող կամ անհնարին դարձնող անգործություն ու, համապատասխան պայմանների առկայության դեպքում, հանդիսանալ մասնակցին ընկերությունից հեռացնելու իրավական հիմք։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաբերելի է այն ապացույցը, որն ավելի կամ պակաս հավանական է դարձնում գործը լուծելու համար նշանակություն ունեցող որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր փաստերը, բացառությամբ նույն օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված փաստերի, ենթակա են ապացուցման:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույցները, ինչպես նաև դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունները ներկայացնում են գործին մասնակցող անձինք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ ապացույցի տեսակներն են գրավոր ապացույցները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր ապացույցներ են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի մասին տեղեկություններ պարունակող անհատական կամ ներքին իրավական ակտերը, գործարքները, տեղեկանքները, գործարար և մասնավոր թղթակցությունը և այլ գրավոր նյութերը (փաստաթղթերը)։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:

Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունն ու փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ու բավարարության տեսանկյունից: Ընդ որում` ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: Ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա (տե՛ս «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի ու թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս Սվետլանա Ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու նպատակով պետք է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատի գործում եղած բոլոր ապացույցները՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ու բավարարության տեսանկյունից: Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումները և հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքվում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը կարող է համարվել պատշաճ կերպով պատճառաբանված միայն այն դեպքում, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման օբյեկտիվ հիմքերը (տե՛ս Արման Վարդազարյանն ընդդեմ Կարինե Վարդազարյանի թիվ ԵԱՔԴ/0598/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

Դատարանի կողմից ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությունն առաջնահերթ նշանակություն ունի դրանք առանձին-առանձին ու իրենց համակցության մեջ ճիշտ գնահատելու` դրանց արժանահավատությունը և բավարարությունը ճիշտ որոշելու ու գործի քննության արդյունքում օրինական և հիմնավորված դատական ակտ կայացնելու համար (տե՛ս Տիգրան Հովհաննիսյանն ընդդեմ Անթրանիկ Բողոսսյանի և Հայկ Մարտիրոսյանի թիվ ԵԴ/18039/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.09.2023 թվականի որոշումը)։

Քաղաքացիական դատավարությունում բոլոր ապացույցների հետազոտումից հետո որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի մնալու դեպքում դատարանը կարող է համապատասխան փաստի գոյությունն իրավաչափորեն համարել հերքված (չապացուցված) (տե՛ս «Արսուգրիգ» ՍՊԸ-ն ընդդեմ Ա/Ձ Տիգրան Զալինյանի թիվ ԵԱՔԴ/3111/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.11.2021 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը  սույն գործի  փաստերի նկատմամբ. 

Սույն գործի փաստերի համաձայն՝ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրից 30.08.2023 թվականին կատարված էլեկտրոնային քաղվածքի համաձայն՝ Ընկերության մասնակիցներն են Արամ Զարգարյանը, որին պատկանող բաժնեմասի չափը կազմում է 25 տոկոս, Կարեն Հարությունյանը, որին պատկանող բաժնեմասի չափը կազմում է 50 տոկոս, Մարինա Զարգարյանը, որին պատկանող բաժնեմասի չափը կազմում է 25 տոկոս։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանի կողմից 23.04.2021 թվականին Ընկերության տնօրեն Արամ Զարգարյանին հասցեագրված գրությամբ հայտնվել է հետևյալը՝ «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2021 թվականի ապրիլի 23-ի թիվ 570-Ա հրամանի համաձայն՝ «ԲԵՆՏՈՆԻՏ ՏԵԽՆՈԼՈՋԻ» ՍՊԸ-ին տրամադրվել է օգտակար հանածոների արդյունահանման թիվ ՇԱԹ-29/648 թույլտվությունը: Ծանուցումը ստանալուց հետո Ձեզ անհրաժեշտ է ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում վճարել թույլտվության տրման պետական տուրքը (պետական տուրքի հաշվեհամար՝ 900005169181) և 10-օրյա ժամկետում ներկայանալ Ընդերքի վարչություն՝ ընդերքօգտագործման N Պ-648 պայմանագիրը վավերացնելու համար: Հայտնում ենք, որ ՀՀ պետական տուրքի մասին օրենքի 19.4 հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ պետական տուրքը մետաղագործական, քիմիական, թեթև և արդյունաբերության այլ ճյուղերի հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար, կազմում է տարեկան բազային տուրքի 10000-ապատիկի չափը: Սահմանված ժամկետներում պետական տուրքը չվճարելու, պայմանագիրը չվավերացնելու և ընդերքօգտագործման իրավունքի փաթեթը չստանալու դեպքում՝ օգտակար հանածոների արդյունահանման իրավունք հայցելու դիմումը բավարարելու վերաբերյալ սույն հրամանը կճանաչվի ուժը կորցրած»։

Ի պատասխան Ընկերության տնօրեն Արամ Զարգարյանի 24.02.2023 թվականի գրության՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը 07.03.2023 թվականին հայտնել է, հետևյալը՝ ««Բենտոնիտ Տեխնոլոջի» ՍՊԸ-ին 23.04.2021 թվականին տրված թույլտվության տրամադրման համար վճարման ենթակա պետական տուրքի դրույքաչափը սահմանված է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.4-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով, հետևաբար՝ մետաղագործական, քիմիական, թեթև և արդյունաբերության այլ ճյուղերի հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվություններ ունեցող ընդերքօգտագործողները կրում են տարեկան բազային տուրքի գումարի 10000-ապատիկի չափով պետական տուրք վճարելու պարտավորություն»։

Ընկերության տնօրեն Արամ Զարգարյանի կողմից ստորագրված և Ընկերության կնիքով կնքված ««Բենտոնիտ Տեխնոլոջի» ՍՊԸ-ի անհրաժեշտ ներդրումների, դրանց չափի և ժամանակահատվածի մասին» վերտառությամբ տեղեկանքի համաձայն՝ 03.07.2023 թվականին մասնակիցների ընդհանուր ժողովում քննարկելու համար նախատեսված է հրատապ ներդրում՝ ա) 10 մլն ՀՀ դրամ ժամկետանց պետական տուրք, որը պետք է վճարվի հնարավորինս շուտ, ընթացիկ ներդրումներ, որոնք անհրաժեշտ է կատարել մինչև 2023 թվականի սեպտեմբերի ամիսը. ա) հանքի շահագործման համար սարքավորումների ներկրում Չինաստանից՝ 700000 ԱՄՆ դոլարի սահմաններում։ բ) Հանքի աշխատանքների սկսման համար աշխատակիցների ներգրավում և պայմանագրերի կնքում։ Աշխատակիցների քանակ՝ մոտավորապես 5, նախատեսվող միջին աշխատավարձ՝ 250000 ՀՀ դրամ ամսական, նախատեսվող ներդրումների գումար՝ 15000000 ՀՀ դրամ տարեկան։ գ) Հորատման աշխատանքներ։ Պայմանագրի կողմ «ՍԻԵՆԵՏ» ՍՊ ընկերություն։ Ներկայացված գնառաջարկ՝ HQ 96մմ տրամաչափով հորատման համար 65.000 (վաթսունհինգ հազար) ՀՀ դրամ, NQ 76մմ տրամաչափով հորատման համար 59.000 (հիսունինը հազար) ՀՀ դրամ, Հորատհաստոցի, էլեկտրակայանի, հորատախողովակների, ջրատար ավազանների և ջրկիր մեքենայի տեղափոխման համար (Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տեղամասեր) 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ, Հորատհաստոցի և էլեկտրակայանի տեղակայում և մոնտաժում 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ, Հորատհաստոցի և էլեկտրակայանի ապամոնտաժում 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ, Հորատհաստոցի և էլեկտրակայանի տեղափոխում հաջորդ հորատհրապարակ 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ, Հորատհաստոցի, էլեկտրակայանի, հորատախողովակների, ջրատար ավազանների և ջրկիր մեքենայի տեղափոխման համար (Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տեղամասերից) 600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ։ դ) Այլ անհրաժեշտ ներդրումները ներկայացված են կից փաստաթղթով, որոնց ընդհանուր գումարը կազմում է 18.243.732 ՀՀ դրամ։ Ներդրումներն առաջարկվում է կատարել մասնակիցների կողմից ըստ իրենց ունեցած բաժնեմասերի համամասնության՝ փոխառության կամ կանոնադրական կապիտալի ավելացման միջոցով։

Ընկերության տնօրեն Արամ Զարգարյանի 07.06.2023 թվականի որոշմամբ  նշվել է, որ ժողովն անցկացվելու է 03.07.2023 թվականին ժամը 18:00-ին *** *** **8 հասցեում: Որպես ժողովի օրակարգ նշվել է «1. 2020-2022թթ. ընկերության տարեկան հաշվետվությունների և տարեկան հաշվեկշռի հաստատում, 2. Ընկերության շահույթն ընկերության մասնակիցների միջև բաշխելու մասին որոշում, 3. Ընկերության հանքաարդյունաբերության թույլտվության համար նախատեսված պետական վճարումները կատարելու, ինչպես նաև ընկերության բնականոն գործունեությունը ապահովելու համար մասնակիցների կողմից ընկերությանը փոխառություն տալու հարցի որոշում: Որոշվել է ծանուցել ժողովի մասնակիցներին պատվիրված նամակների միջոցով ՀՀ օրենսդրությամբ և Ընկերության կանոնադրությամբ նախատեսված կարգով։ Ժողովում քննարկվող հարցերին վերաբերող տեղեկություններին և նյութերին մասնակիցները կարող են ծանոթանալ *** *****9 հասցեում՝ յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 16:00-ից 17:00»։

Կարեն Հարությունյանին «*** ****10» հասցեով ուղարկված փոստային առաքման հետադարձ ծանուցագրի պատճենի համաձայն՝ («LO109796111AM») առաքանին վերադարձվել է «անհայտ» նշագրումով։

Ընկերության մասնակիցներ Մարինա և Արամ Զարգարյանների լիազոր ներկայացուցիչ Գրիգոր Բեքմեզյանի կողմից ստորագրված Ընկերության մասնակիցների հերթական ընդհանուր ժողովի չկայանալու մասին արձանագրության համաձայն՝ «(...) Ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են ընկերության մասնակիցների ձայների ընդհանուր թվի մեծամասնությամբ, եթե սույն օրենքով կամ ընկերության կանոնադրությամբ տվյալ որոշման ընդունման համար նախատեսված չէ ձայների ավելի մեծ քանակ, իսկ ժողովին ներկա մասնակիցների ձայները բավարար չեն ժողով գումարելու համար, սույնով արձանագրվում է, որ 2023թ. հուլիսի 03-ին նշանակված ժողովը չի կարող կայանալ Կարեն Հարությունյանի բացակայության պատճառով: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ առկա է Ընկերության բնականոն գործունեության համար հրատապ որոշումների ընդունման անհրաժեշտություն, ժողովին ներկա մասնակիցները որոշեցին դիմել ընկերության տնօրենին ևս մեկ ընդհանուր ժողով գումարելու համար»։

Ընկերության տնօրեն Արամ Զարգարյանի 10.07.2023 թվականի ««Բենտոնիտ Տեխնոլոջի» ՍՊԸ մասնակիցների հերթական ընդհանուր ժողով գումարելու մասին» որոշմամբ նշվել է, որ ժողովն անցկացվելու է 04.08.2023 թվականին ժամը 18:00-ին *** ***11 հասցեում: Որպես ժողովի օրակարգ նշվել է «1. 2020-2022թթ. ընկերության տարեկան հաշվետվությունների և տարեկան հաշվեկշռի հաստատում, 2. Ընկերության շահույթն ընկերության մասնակիցների միջև բաշխելու մասին որոշում, 3. Ընկերության հանքաարդյունաբերության թույլտվության համար նախատեսված պետական վճարումները կատարելու, ինչպես նաև ընկերության բնականոն գործունեությունը ապահովելու համար մասնակիցների կողմից ընկերությանը փոխառություն տալու հարցի որոշում: Որոշվել է ծանուցել ժողովի մասնակիցներին պատվիրված նամակների միջոցով ՀՀ օրենսդրությամբ և Ընկերության կանոնադրությամբ նախատեսված կարգով։ Ժողովում քննարկվող հարցերին վերաբերող տեղեկություններին և նյութերին մասնակիցները կարող են ծանոթանալ *** *****12 հասցեում՝ յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 16:00-ից 17:00»։

Կարեն Հարությունյանին «*** ***13» հասցեով ուղարկված փոստային առաքման հետադարձ ծանուցագրի պատճենի համաձայն՝ («LO110292516AM») առաքանին վերադարձվել է «չպահանջված» նշագրումով։

Ընկերության մասնակիցներ Մարինա և Արամ Զարգարյանների ներկայացուցիչ Գրիգոր Բեքմեզյանի կողմից ստորագրված ««Բենտոնիտ Տեխնոլոջի» ՍՊԸ-ի մասնակիցների հերթական ընդհանուր ժողովի չկայանալու մասին» արձանագրության համաձայն՝ «(...) Ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են ընկերության մասնակիցների ձայների ընդհանուր թվի մեծամասնությամբ, եթե սույն օրենքով կամ ընկերության կանոնադրությամբ տվյալ որոշման ընդունման համար նախատեսված չէ ձայների ավելի մեծ քանակ, իսկ ժողովին ներկա մասնակիցների ձայները բավարար չեն ժողով գումարելու համար, սույնով արձանագրվում է, որ 2023թ. օգոստոսի 04-ին նշանակված ժողովը չի կարող կայանալ Կարեն Հարությունյանի բացակայության պատճառով: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ առկա է Ընկերության բնականոն գործունեության համար հրատապ որոշումների ընդունման անհրաժեշտություն, ժողովին ներկա մասնակիցները որոշեցին դիմել ընկերության տնօրենին ևս մեկ ընդհանուր ժողով գումարելու համար»։

 «DHL EXPRESS WORLDWIDE»-ի Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչ «Յումակս» ՍՊԸ տնօրենի 19062023 թվականի թիվ 25 գրության համաձայն՝ «Սույնով «Յումակս» ՍՊԸ-ն «DHL EXPRESS WORLDWIDE»-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, տեղեկանում է, որ 4685847375 ավիաբեռնագրի համարով դեպի Բուլղարիա (**** *** ***14) է ուղարկվել փաստաթղթերի փաթեթ: Որպես ստացող նշվել է Կարեն Հարությունյանը: Վերջինս հրաժարվել է ստանալ առաքանին 12/06/2023 թվականին»։

Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից տրամադրված թիվ 24115115017 տեղեկանքի համաձայն՝ Կարեն Հարությունյանը 08.09.2016 թվականից հաշվառված է *** *** ****15 հասցեում:

Դատարանը 29.10.2024 թվականի վճռով հայցը մերժել է հետևյալ պատճառաբանությամբ «(...) պատվիրված նամակն ընկերության մասնակցի՝ գրանցամատյանում նշված հասցեով ուղարկելն ինքնին չի կարող վկայել պատշաճ ծանուցման մասին, հատկապես եթե նկատի ունենանք, որ ընկերության տնօրենին առնվազն հայտնի է եղել, որ ընկերության 50% բաժնեմասի սեփականատեր Կարեն Սերյոժայի Հարությունյանը հաշվառված է Բուլղարիայում: Դրա մասին է վկայում հենց հայցվորի կողմից հայցադիմումին կից ներկայացված «Յումակս» ՍՊԸ-ի՝ «DHL EXPRESS WORLDWIDE»-ի պաշտոնական ներկայացուցչի կողմից տրամադրված գրությունը (․․․

(...) ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից տրամադրված թիվ 24115115017 տեղեկանքով դատարանը հաստատված է համարում, որ Կարեն Սերյոժայի Հարությունյանը 08.09.2016 թվականից հաշվառված է *** *** ****16 հասցեում, մինչդեռ 07.06.2023 թվականին և 10.07.2023 թվականին «Բենտոնիտ Տեխնոլոջի» ՍՊԸ-ի տնօրեն Ա.Զարգարյանի կողմից կայացված «Բենտոնիտ Տեխնոլոջի» ՍՊԸ-ի մասնակիցների հերթական ընդհանուր ժողով գումարելու մասին որոշումներն ուղարկվել են *** ****17 հասցեով, որ թեև հանդիսանում է ընկերության մասնակից Կարեն Սերյոժայի Հարությունյանի գրանցամատյանում նշված հասցեն, այդուհանդերձ առնվազն երրորդ հերթական ժողովը գումարելիս «Բենտոնիտ Տեխնոլոջի» ՍՊԸ-ի տնօրեն Ա. Զարգարյանն առնվազն ունեցել է ողջամիտ ենթադրություն առ այն, որ 2023 թվականի օգոստոսի 04-ին հրավիրված ժողովին ևս Կարեն Սերյոժայի Հարությունյանը չի ներկայանա, որից հետո արդեն 2023 թվականի սեպտեմբեր ամսին ներկայացվել է սույն հայցադիմումը:

Նման մոտեցումը դատարանի գնահատմամբ չի կարող գնահատվել բարեխիղճ և ողջամիտ՝ նկատի ունենալով, որ համահայցվորի կողմից չեն ներկայացվել բավարար ապացույցներ առ այն, որ Կարեն Սերյոժայի Հարությունյանի կողմից ժողովներին չներկայանալը հանդիսանում է վերջինիս կամային ակտը, որը նպատակաուղղված է Ընկերության գործունեությունը խոչընդոտելուն կամ անհնարին դարձնելուն:

(․․․) գործով ապացուցված չէ «ԲԵՆՏՈՆԻՏ ՏԵԽՆՈԼՈՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 50% բաժնեմասի սեփականատեր Կարեն Սերյոժայի Հարությունյանի գործողություններով կամ անգործությամբ Ընկերության բնականոն գործունեությունը դժվարացնելու կամ անհնարին դարձնելու փաստը, ուստի առկա չէ վերջինիս «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի ուժով Ընկերությունից հեռացնելու իրավական և փաստական հիմքը»:

Վերաքննիչ դատարանի 30052025 թվականի  որոշմամբ Համահայցվորների բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի վճիռը թողնվել է անփոփոխ այն պատճառաբանությամբ, որ  «Դատարանի կողմից իրավաչափորեն է արձանագրվել այն հանգամանքը, որ ընկերության մասնակցին ընկերությունից հեռացնելու կարգավորումը հանդիսանում է ծայրահեղ միջոց և բովանդակային առումով ենթադրում է սեփականատիրոջ տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավազորությունների դադարում, ուստի հերթական ընդհանուր ժողովներին ծանուցված չլինելու պայմաններում դրանց չներկայանալը չի կարող նման ծայրահեղ միջոցի կիրառման հիմք հանդիսանալ, հատկապես այն հանգամանքի հաշվառմամբ, որ Հայցվորներն իրենք ընդունել են, որ Ընկերության տնօրենը տեղեկացված է եղել Պատասխանողի՝ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող հասցեի վերաբերյալ։

Վերաքննիչ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ բողոք բերած անձի կողմից հայցապահանջի հիմնավորման նպատակով վկայակոչված այն պնդումը, որ 04082023 թվականին հրավիրված Ընկերության ընդհանուր ժողովի վերաբերյալ ծանուցումն ուղարկվել է նաև Պատասխանողի՝ Բուլղարիայի Հանրապետության հայտնի հասցեով, չի կարող Դատարանին որևէ խախտում վերագրելու հիմք հանդիսանալ, քանի որ Հայցվորները ընդունել են և ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից տրամադրված թիվ 24115115017 տեղեկանքով հիմնավորվում է, որ Պատասխանողը 08.09.2016 թվականից հաշվառված է *** *** ***18 հասցեում, մինչդեռ «DHL EXPRESS WORLDWIDE»-ի Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչ «Յումակս» ՍՊԸ տնօրենի կողմից 19062023 թվականին տրված թիվ 25 գրությամբ հիմնավորվել է, որ Ընկերությունը Պատասխանողին առաքանի է ուղարկել այլ՝ Բուլղարիա («** *** ****19») հասցեով, և հետևապես այն չի կարող համարվել պատշաճ կարգով Պատասխանողին ուղարկված և վերջինիս կողմից մերժված։

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքարկվող վճիռը կայացվել է գործում առկա ապացույցների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի հետազոտման և գնահատման վրա հիմնված ներքին համոզմամբ, դրանում պահպանվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ հոդվածների պահանջները, իսկ վերաքննիչ բողոքում ներկայացված պնդումները չեն կարող Դատարանին որևէ խախտում վերագրելու հիմք հանդիսանալ:»:

Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո և սույն գործի փաստերի համադրմամբ գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը նշված փաստական հանգամանքները վկայում են այն մասին, որ Ընկերության գործադիր մարմինը պահպանել է Օրենքի 39-րդ հոդվածով նախատեսված ընդհանուր ժողովի հրավիրման և մասնակիցների ծանուցման կարգը՝ ծանուցումներն ուղարկելով մասնակիցների գրանցամատյանում նշված հասցեով։ Ավելին, Ընկերության կողմից ձեռնարկվել են նաև լրացուցիչ միջոցներ՝ Կարեն Հարությունյանին ծանուցելու նպատակով, որոնք օրենքով ուղղակիորեն պարտադիր չեն եղել։

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Դատարանի այն եզրահանգմանը, որ «բարեխղճությունը պահանջում է հաշվի առնել մյուս կողմի արդարացված շահը, և ենթադրում է տեղեկատվությունը հասցեատիրոջը հասանելի դարձնելու հարցում հատուկ ջանասիրության ցուցաբերում, հատկապես եթե նկատի ունենանք, որ ընկերության տնօրենին հայտնի է եղել, որ ընկերության մասնակից Կարեն Սերյոժայի Հարությունյանի գրանցամատյանում նշված հասցեն չի հանդիսանում վերջինիս որևէ տեղեկատվություն հասու դարձնելու արդյունավետ միջոց», հարկ է համարում նշել, որ Կարեն Հարությունյանի կողմից Ընկերությանը չի ներկայացվել կամ գրանցամատյանում չի նշվել այլ այնպիսի հասցե, որով հնարավոր կլիներ ապահովել Ընկերության կողմից նրան հասցեագրված ծանուցումների ստացումը, ինչի հետևանքով վերջինիս կողմից ծանուցումներ չստանալու հանգամանքը որևէ կերպ չի կարող վերագրվել Ընկերության գործադիր մարմնի վարքագծին։ Ընկերության գործադիր մարմնի պարտականությունը սահմանափակվում է այդ հասցեով ծանուցում ուղարկելով, և Օրենքը չի նախատեսում Ընկերության վրա դրված լրացուցիչ պարտականություն՝ որոնելու կամ օգտագործելու մասնակցի այլ հնարավոր բնակության կամ գտնվելու հասցեներ, եթե դրանք չեն ներկայացվել Ընկերությանը կամ չեն ամրագրվել գրանցամատյանում։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով պատասխանող  Կարեն Հարությունյանն ունեցել է իրական հնարավորություն մասնակցելու Ընկերության ընդհանուր ժողովներին և իրացնելու Ընկերության կառավարման գործընթացին մասնակցելու իր իրավունքը։ Այնուամենայնիվ, հանդիսանալով Ընկերության 50 տոկոս բաժնեմասի սեփականատեր՝ Կարեն Հարությունյանը, ողջամտորեն գիտակցելով նման մասնակցության ուժով Ընկերության ընդհանուր ժողովի բնականոն գործունեության ու որոշումների կայացման վրա իր վճռորոշ ազդեցությունը, քաջատեղյակ լինելով Ընկերության մասնակիցների գրանցամատյանում նշված իր հասցեով իրեն ծանուցելու անհնարինությանը, ոչ միայն չի նախաձեռնել Ընկերության մասնակիցների գրանցամատյանում նշված իր հասցեի փոփոխությանն ուղղված գործողություններ՝ ցուցաբերելով անհրաժեշտ բարեխղճություն և շրջահայացություն, այլ նաև հրաժարվել է ստանալ Ընկերության կողմից իրեն հասցեագրված ծանուցումը՝ դիտավորությամբ խուսափելով մասնակցել ընդհանուր ժողովին, ինչի հետևանքով երկու անգամ չի ապահովվել ժողովի քվորումը և անհնար է դարձրել Ընկերության բնականոն գործունեության համար անհրաժեշտ որոշումների ընդունումը, որպիսի հանգամանքն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև այն հանգամանքին, որ ընդհանուր ժողովի օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են Ընկերության գործունեության համար էական նշանակություն ունեցող հանգամանքների, հետևաբար, ընդհանուր ժողովների չկայանալն անմիջականորեն ազդել է Ընկերության կառավարման գործընթացի և ձեռնարկատիրական գործունեության արդյունավետության վրա։

Վճռաբեկ դատարանն անդրադառնալով ստորադաս դատարանների այն գնահատականին, որ «(…) Ընկերության մասնակցին ընկերությունից հեռացնելու կարգավորումը հանդիսանում են ծայրահեղ միջոց և բովանդակային առումով ենթադրում են սեփականատիրոջ տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավազորությունների դադարում (…)», հարկ է համարում նշել, որ նման միջոցի կիրառումը կարող է արդարացված լինել միայն այն դեպքերում, երբ մասնակցի գործողությունները կամ անգործությունը փաստացիորեն խոչընդոտում են ընկերության բնականոն գործունեությունը կամ այն դարձնում են անհնարին։ Սակայն տվյալ հանգամանքի մատնանշումն ինքնին բավարար չէ հայցապահանջը մերժելու համար. դատարանը պարտավոր է յուրաքանչյուր կոնկրետ դեպքում գնահատել, թե արդյոք տվյալ մասնակցի վարքագիծն իր բնույթով և հետևանքներով հանգեցրել է ընկերության կառավարման գործընթացի խաթարմանը կամ ընկերության գործունեության համար անհրաժեշտ որոշումների ընդունման անհնարինությանը։

Սույն գործի փաստական հանգամանքներից բխում է, որ Կարեն Հարությունյանը հանդիսանում է Ընկերության 50 տոկոս բաժնեմասի սեփականատեր, և նրա մասնակցությունն ընդհանուր ժողովներին էական նշանակություն ունի ժողովի իրավազորության ապահովման համար։ Ուստի նման պայմաններում մասնակցի կողմից ընդհանուր ժողովներին պարբերաբար չմասնակցելը և հաղորդակցության միջոցներից փաստացիորեն խուսափելը չի կարող դիտարկվել որպես պարզապես իր իրավունքների իրացման ձև, այլ պետք է գնահատվի որպես ընկերության կառավարման գործընթացին խոչընդոտող վարքագիծ։

Հետևաբար այն հանգամանքը, որ մասնակցին ընկերությունից հեռացնելը հանդիսանում է ծայրահեղ միջոց, չի բացառում դրա կիրառումն այն դեպքերում, երբ մասնակցի վարքագիծը փաստացիորեն հանգեցնում է ընկերության բնականոն գործունեության խաթարմանը կամ այն դարձնում է անհնարին։ Հակառակ մեկնաբանությունը կստեղծի իրավիճակ, երբ ընկերության մասնակիցը, տիրապետելով ժողովի իրավազորությունն ապահովվող համամասն  բաժնեմասին, կարող է իր անգործությամբ երկարատև կերպով կաթվածահար անել ընկերության կառավարման գործընթացը՝ առանց որևէ իրավական հետևանքի։

Վերոգրյալից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Կարեն Հարությունյանի կողմից ընդհանուր ժողովներին պարբերաբար չմասնակցելը, այն պայմաններում, երբ Ընկերությունը պահպանել է Օրենքով նախատեսված պատշաճ ծանուցման ընթացակարգը և նրան իրական հնարավորություն է ընձեռել մասնակցելու Ընկերության կառավարման գործընթացին, պետք է գնահատել որպես ոչ բարեխիղճ վարքագիծ, քանի որ այդպիսի վարքագիծը հանգեցրել է Ընկերության կառավարման գործընթացի խաթարման՝ անհնարին դարձնելով Ընկերության գործունեության համար անհրաժեշտ որոշումների ընդունումը։ Հետևաբար Օրենքի 22-րդ հոդվածի իմաստով նման վարքագիծը հանդիսանում է Ընկերության բնականոն գործունեությունը դժվարացնող և անհնարին դարձնող անգործություն։ Նման փաստական հանգամանքների անտեսման արդյունքում Վերաքննիչ դատարանը թույլ է տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող նյութական և դատավարական իրավունքների նորմերի խախտում։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի փաստական հանգամանքների համադրումը կիրառելի իրավական կարգավորումների հետ վկայում է, որ պատասխանողի դրսևորած վարքագիծը համապատասխանում է Օրենքի 22-րդ հոդվածով նախատեսված պայմաններին և կարող է հանդիսանալ նրան Ընկերությունից հեռացնելու իրավական հիմք։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում Վերաքննիչ դատարանի կողմից Օրենքի 22-րդ և 39-րդ հոդվածների ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի խախտում թույլ տրված լինելու մասին վճռաբեկ բողոքում նշված փաստարկները, հետևաբար վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի 30052025 թվականի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք (…)։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ եթե հիմնական պահանջից բացի, ներկայացված են ածանցյալ պահանջներ, որոնք հիմնական պահանջի բավարարման դեպքում ենթակա են անվերապահ բավարարման, ապա ածանցյալ պահանջների համար պետական տուրք չի գանձվում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոնների համաձայն։

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետի բովանդակությունից բխում է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացվող հայցադիմումների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝ ոչ դրամական պահանջով բազային տուրքի 20-ապատիկի չափով։

Նույն հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «բ» ենթակետի բովանդակությունից բխում է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով` ոչ դրամական պահանջի գործերով բազային տուրքի 30-ապատիկի չափով։

Նույն հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «բ» ենթակետի բովանդակությունից բխում է, որ պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար՝ ոչ դրամական պահանջի գործերով բազային տուրքի 40-ապատիկի չափով։

Նկատի ունենալով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, որի արդյունքում Վերաքննիչ դատարանի 30.05.2025 թվականի որոշումը ենթակա է բեկանման և փոփոխման` հայցը ենթակա է բավարարման՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքը պետք է բաշխել հետևյալ համամասնությամբ.

- Կարեն Հարությունյանից հօգուտ Համահայցվորների պետք է բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումար,

- Կարեն Հարությունյանից հօգուտ Համահայցվորների պետք է բռնագանձել 30.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի գումար,

- Կարեն Հարությունյանից հօգուտ Համահայցվորների պետք է բռնագանձել 40.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի գումար։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այլ դատական ծախսերի վերաբերյալ պահանջ ներկայացված չլինելու պատճառաբանությամբ այդ դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30052025 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը բավարարել` «Բենտոնիտ Տեխնոլոջի» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժնեմասի սեփականատեր Կարեն Հարությունյանին հեռացնել «Բենտոնիտ Տեխնոլոջի» ՍՊԸ-ից ու Կարեն Հարությունյանին պատկանող բաժնեմասը փոխանցել «Բենտոնիտ Տեխնոլոջի» ՍՊԸ-ին:

2. Կարեն Հարությունյանից հօգուտ Մարինա և Արամ Զարգարյանների  բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի ներկայացման համար, 30.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի ներկայացման համար ու 40.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի ներկայացման համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

_________________________

1 Առկա է անձնական տվյալ։

2 Առկա է անձնական տվյալ։

3 Առկա է անձնական տվյալ։

4 Առկա է անձնական տվյալ։

5 Առկա է անձնական տվյալ։

6 Առկա է անձնական տվյալ։

7 Առկա է անձնական տվյալ։

8 Առկա է անձնական տվյալ։

9 Առկա է անձնական տվյալ։

10 Առկա է անձնական տվյալ։

11 Առկա է անձնական տվյալ։

12 Առկա է անձնական տվյալ։

13 Առկա է անձնական տվյալ։

14 Առկա է անձնական տվյալ։

15 Առկա է անձնական տվյալ։

16 Առկա է անձնական տվյալ։

17 Առկա է անձնական տվյալ։

18 Առկա է անձնական տվյալ։

19 Առկա է անձնական տվյալ։

 

Նախագահող

Զեկուցող

Գ. Հակոբյան

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

Ս․ ՄԵՂՐՅԱՆ

Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ

 

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան