ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԴ/54054/02/22 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.06.08-2026.06.21 Պաշտոնական հրապարակման օրը 17.06.2026
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
26.03.2026
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
26.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/54054/02/22

2026 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/54054/02/22

Նախագահող դատավոր`

 Լ. Գրիգորյան

Դատավորներ`

 Մ. Հարթենյան

 Ս. Սահակյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող և զեկուցող

Գ. Հակոբյան

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս․ ՄԵՂՐՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

2026 թվականի մարտի 26-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ «Հայլեվել» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ Պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) և «Վի Առ Էյչ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն)` արձանագրությունն ու մրցույթը մասնակիորեն անվավեր ճանաչելու և որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.10.2023 որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը հայցի առարկայի և հիմքի փոփոխության արդյունքում պահանջել է «անվավեր ճանաչել Պետական գույքի կառավարման կոմիտեի՝ «Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրակցված ***1 հասցեում գտնվող 5051,8 քմ մակերեսով շենք շինությունները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0,42 քմ մակերեսով հողամասի՝ մրցույթով օտարման արդյունքի ամփոփման» 06.10.2022 թվականի թիվ 2 արձանագրությունը «Հայլեվել» ՍՊԸ-ի հայտը մերժելու և մրցույթի մասնակցի կարգավիճակ չտալու մասով, պարտավորեցնել «ՀԱՅԼԵՎԵԼ» ՍՊԸ-ի հայտը բավարարել և տալ մասնակցի կարգավիճակ, ինչպես նաև անվավեր ճանաչել Պետական գույքի կառավարման կոմիտեի՝ «Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրակցված ***2 հասցեում գտնվող 5051,8 քմ մակերեսով շենք-շինությունները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0,42 քմ մակերեսով հողամասի մրցույթը` «ՎԻ ԱՌ ԷՅՉ» ՍՊԸ-ին հաղթող ճանաչելու մասով»։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 29.05.2023 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.10.2023 թվականի որոշմամբ Ընկերության բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 29.05.2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 21.02.2024 թվականի որոշմամբ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Էդ. Սեդրակյանը հայտնել է հատուկ կարծիք:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 21.01.2026 թվականի որոշմամբ նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ Ընկերության բերած բողոքը բավարարվել է՝ նոր հանգամանքի հիմքով վերանայվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 21.02.2024 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումն ու թիվ ԵԴ/54054/02/22 քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանի 06.10.2023 թվականի որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքն ընդունվել է Վճռաբեկ դատարանի վարույթ:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կազմակերպությունը (ներկայացուցիչ Արսեն Հարությունյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 73-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը, Կառավարության 15.04.2021 թվականի թիվ 587-Ն որոշման թիվ 3 հավելվածով սահմանված կարգի (այսուհետ նաև՝ Կարգ) 18-րդ, 28-րդ և 29-րդ կետերը, մինչև 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին, 6-րդ, 7-րդ, 63-րդ, 64-րդ, 304-րդ ու 306-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայցադիմումը ներկայացնելու պահին գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում արագացված դատաքննություն կիրառելու հիմքերի մեջ բացակայել է հայցն ակնհայտ անհիմն լինելու հիմքով ընթացակարգի կիրառումը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտումների արդյունքում ինքը զրկվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված իր իրավունքներից լիարժեք օգտվելու գործիքակազմից՝ ապացույցներ ձեռք բերելուն և ներկայացնելուն ուղղված դատավարական գործողություններ կատարելու հնարավորությունից:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ նվազագույն գնի թիվ ամրագրված լինելու դեպքում դրանից ցածր թիվ նշելն ակնհայտ է, որ պետք է դիտվեր որպես թերություն, այլ ոչ թե պայման, և այդ մասին պետք է տեղյակ պահվեր հայտ ներկայացնողը, որպեսզի վերջինս կարողանար իր առաջարկը համապատասխանեցնել մրցույթի պարտադիր պայմաններին։ Մրցույթի հայտարարության մեջ էական է եղել ոչ միայն պայմանագրի առաջարկվող գինը, այլև ներդրումային ծրագրի արժեքի համակցությունը պայմանագրի գնի հետ, հետևաբար պայմանագրի գինը չէր կարող դիտարկվել այն պայմանը, որը համապատասխան Կարգի 29-րդ կետով արգելվում է ուղղել, որովհետև մրցույթի կազմակերպչի կողմից ամրագրված նվազագույն շեմը նշելու դեպքում մրցութային հանձնաժողովն այլևս պարտավոր կլիներ գնահատել մրցութային հաջորդ առավել էական պայմանը՝ ներդրումային ծրագիրը։

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ իրեն մրցույթի մասնակցի կարգավիճակ չտալը և իր իրավունքի ակնհայտ խախտումներն ինքնին խոսում են իր շահագրգռվածության մասին։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.10.2023 թվականի որոշումը, և գործն ուղարկել նոր քննության։

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքը բերվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հիմքով՝ բողոք բերողը գտել է, որ Դատարանի կիրառած դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։ Այսինքն՝ Վճռաբեկ դատարանի քննությանն է ներկայացվել բացառապես նշված դատավարական խնդիրը, իսկ թվաբանական վրիպակ թույլ տալու մասով՝ նյութական իրավունքի նորմի խախտման հիմքով, վճռաբեկ բողոք չի ներկայացվել:

Բողոքաբերը, վկայակոչելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը, փորձ է կատարում տարանջատել «օրենք» և «օրենսգիրք» հասկացությունները՝ պնդելով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 3-րդ մասը չի վերաբերում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի, քանի որ այն «օրենք» չէ:

Քաղաքացիական դատավարությունում գործում է դատավարական գործողության կատարման պահին գործող օրենքի կիրառման սկզբունքը, իսկ սույն գործով արագացված դատաքննություն կիրառելու պահին նախատեսված է եղել ստորադաս դատարանի այդ լիազորությունը:

Թեև Սահմանադրական դատարանի որոշմամբ հնարավորություն է տրվել շտկելու թվաբանական սխալները, սակայն սույն գործով առկա փաստական հանգամանքները դուրս են այդ իրավակարգավորման շրջանակներից, քանի որ Ընկերության կողմից մրցույթի գնային առաջարկի սյունակում նշվել է 432.129,6 ՀՀ դրամ, մինչդեռ գույքի մեկնարկային գինը եղել է 2.207.670.000 ՀՀ դրամ: Տվյալ դեպքում գործ ունենք ոչ թե թվի մեխանիկական սխալի, այլ գնային առաջարկի՝ որպես մրցույթի էական պայմանի փաստացի բացակայության կամ ակնհայտ անհամապատասխանության հետ:

Սույն գործով Ընկերության հայտում և դրան կից ներկայացված փաստաթղթերում բացակայում է գույքի վաճառքի գնի «ճիշտ» թվաբանական ցուցանիշն արտացոլող նվազագույն փաստական տվյալը, առավել ևս՝ այն հաստատող ապացույցը, որպիսի բացը չի կարող լրացվել ենթադրությամբ:

Դատարանները կարող են գնահատել հանձնաժողովի վարքագծի իրավաչափությունը միայն այն դեպքում, երբ վերջինս քննության առարկա դարձրած և դիրքորոշում արտահայտած լինի «ակնհայտ վրիպակի» վերաբերյալ:

Վճռաբեկ դատարանի կողմից Ընկերության բերած բողոքը բավարարելու և գործը նոր քննության ուղարկելու դեպքում որոշումը կրելու է ձևական բնույթ՝ խախտելով մրցույթի մեկ այլ մասնակցի՝ իր սեփականության հիմնարար իրավունքը։

Վճռաբեկ բողոքում նշված այն հիմքը, որ Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված գործիքակազմից օգտվելու իրավունքները՝ անհիմն է ու չունի որևէ էական նշանակություն:

Ինքը բարեխիղճ մասնակից է և, ճանաչվելով հաղթող, ստանձնել ու բարեխղճորեն կատարել է ֆինանսական ծախսեր և պարտավորություններ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) մրցույթի անցկացման մասին թիվ 1132-Ա ծածկագրով հրապարակային ծանուցման (այսուհետ՝ Ծանուցում) «Ընդհանուր տեղեկություններ օտարվող գույքի մասին» վերտառությամբ բաժնում առկա են նաև հետևյալ տեղեկությունները՝

- գույքի հասցեն ***3,

- մրցույթով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը՝ 2.207.670.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 23-29).

2) նշված մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև Ընկերությունը՝ որպես գին առաջարկելով 432.129,6 ՀՀ դրամը՝ միաժամանակ պարտավորվելով կատարել 20.000.000.000 ՀՀ դրամի չափով ներդրում և 47.000.000 ՀՀ դրամի ու շուրջ 280.000.000 ՀՀ դրամի չափերով առանձին պարտավորություններ, ինչպես նաև Կազմակերպությունը՝ որպես գին առաջարկելով 2.208.000.000 ՀՀ դրամը՝ միաժամանակ պարտավորվելով կատարել 1.000.000.000 ՀՀ դրամի չափով ներդրում և 47.000.000 ՀՀ դրամի ու շուրջ 280.000.000 ՀՀ դրամի չափերով առանձին պարտավորություններ (հատոր 1-ին, գ.թ. 30‑33).

3) մրցույթի օտարման արդյունքների ամփոփման կապակցությամբ կազմված թիվ 2 արձանագրությամբ փաստվել է, որ Ընկերության կողմից որպես գույքի օտարման գին առաջարկվել է 432.129,6 ՀՀ դրամը, ինչպես նաև հայտին կից ներկայացված փաստաթղթերում բացակայել են Ընկերության կանոնադրության պատճենը և համապատասխան խորհրդի ընդհանուր ժողովի արձանագրությունը (քաղվածքը):

Նույն արձանագրության մեջ նշվել է, որ՝

- «Հաշվի առնելով գույքի օտարման մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցման 4.4 կետի պահանջը՝ օտարվող գույքի համար առաջարկվող գինը չպետք է փոքր լինի ՀՀ կառավարության կողմից սահմանված նվազագույն արժեքից։ Սույն պայմանին չհամապատասխանող հայտերը ենթակա են մերժման (...) հանձնաժողովը 4 կողմ 0 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշեց Ընկերության հայտը մերժել՝ վերջինիս չտալով մրցույթի մասնակցի կարգավիճակ»,

- «մրցույթի հաղթող ճանաչել «ՎԻ ԱՌ ԷՅՉ» ՍՊԸ-ին» (հատոր 1-ին, գ.թ. 15-19).

4) Ընկերությունը հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Կոմիտեի և Կազմակերպության՝ պահանջելով «անվավեր ճանաչել Պետական գույքի կառավարման կոմիտեի՝ «Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրակցված ***4 հասցեում գտնվող 5051,8 քմ մակերեսով շենք շինությունները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0,42 քմ մակերեսով հողամասի՝ մրցույթով օտարման արդյունքի ամփոփման» 06.10.2022 թվականի թիվ 2 արձանագրությունը «Հայլեվել» ՍՊԸ-ի հայտը մերժելու և մրցույթի մասնակցի կարգավիճակ չտալու մասով, պարտավորեցնել «ՀԱՅԼԵՎԵԼ» ՍՊԸ-ի հայտը բավարարել և տալ մասնակցի կարգավիճակ, ինչպես նաև անվավեր ճանաչել Պետական գույքի կառավարման կոմիտեի՝ «Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրակցված ***5 հասցեում գտնվող 5051,8 քմ մակերեսով շենք-շինությունները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0,42 քմ մակերեսով հողամասի մրցույթը` «ՎԻ ԱՌ ԷՅՉ» ՍՊԸ-ին հաղթող ճանաչելու մասով» (հատոր 2-րդ, գ.թ. 63-65).

5) Դատարանը, նշելով նաև, որ «քննության ենթակա իրավահարաբերությունը հանդիսանում է պետության սեփականությանը պատկանող գույքի՝ մրցույթի եղանակով օտարման իրավահարաբերություն, որի նկատմամբ կիրառելի են հանդիսանում (...) ՀՀ կառավարության 15 ապրիլի 2021թ. «Պետական սեփականություն հանդիսացող և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի օտարման (վաճառքի), օտարման (վաճառքի) մրցույթի և աճուրդի կազմակերպման ու անցկացման կարգերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 587-Ն որոշման (այսուհետ՝ նաև Որոշում) և դրա թիվ 3 հավելվածի (այսուհետ՝ նաև Հավելված) կարգավորումները», «Անդրադառնալով Հայցվորի կողմից վկայակոչված մյուս հիմքերին՝ կապված գնային առաջարկի և փաստաթղթերի ներկայացման պահանջի, հետ, Դատարանը գտնում է, որ հիմնական կարգավորումներ են հանդիսանում՝ (...) - Հավելվածի 29-րդ կետը, որի համաձայն՝ եթե հայտերի գնահատման արդյունքում մասնակցի հայտում արձանագրվում են անհամապատասխանություններ՝ մրցույթի համար սահմանված պայմանների նկատմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ անհամապատասխանությունները վերաբերում են գնային առաջարկին կամ գործարար (ներդրումային) ծրագրով առաջարկվող հաշվելի ցուցանիշներին, ապա հանձնաժողովը 1 աշխատանքային օրով կասեցնում է նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը նույն օրը դրա մասին էլեկտրոնային եղանակով ծանուցում է մասնակցին՝ առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը: Մասնակցին ուղարկվող ծանուցման մեջ մանրամասն նկարագրվում են հայտնաբերված անհամապատասխանությունները: Եթե մասնակիցը սահմանված ժամկետում շտկում է արձանագրված անհամապատասխանությունը, ապա նրա հայտը գնահատվում է բավարար: Հակառակ դեպքում տվյալ մասնակցի հայտը գնահատվում է անբավարար և մերժվում է» և արձանագրելով, որ «հաշվի առնելով գնային առաջարկի մասով փաստի վերաբերյալ իրավակարգավորումները, որի պարագայում հնարավորություն չի ընձեռվում շտկել անհմապատասխանությունը, քննարկվող փաստը չի կարող հանգեցնել Հավելվածի 29-րդ կետով սահմանված խախտման», եզրահանգել է, որ «ներկայացված է ակնհայտ անհիմն հայց, (...) որից ելնելով Դատարանը որոշել է գործը քննել արագացված դատաքննության կարգով՝ ՔԴՕ 303-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով։ (...) արագացված դատաքննության որոշումից հետո ի հայտ չեն եկել ՔԴՕ 306-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արագացված դատաքննության կիրառումը դադարեցնելու հիմքերը: Հաշվի առնելով նշված փաստական հիմքերը, Դատարանը գտնում է, որ դրանք բավարար են արձանագրելու ակնհայտ անհիմն հայց ներկայացված լինելու հանգամանքը, այն է՝ Հայցվորի կողմից վկայակոչված փաստական հիմքերը՝ անկախ դրանց ապացուցված լինելու հանգամանքից, չեն հանգեցնում հայցապահանջի բավարարման, այսինքն՝ հայցն անհիմն է և ենթակա է մերժման» (հատոր 2-րդ, գ.թ. 96-107).

6) Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով նաև Կառավարության 15.04.2021 թվականի «Պետական սեփականություն հանդիսացող և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի օտարման (վաճառքի), օտարման (վաճառքի) մրցույթի և աճուրդի կազմակերպման ու անցկացման կարգերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 587-Ն որոշման թիվ 3 հավելվածով սահմանված՝ պետական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված), պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին, հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթի կազմակերպման և անցկացման կարգի 29-րդ կետը, արձանագրել է, որ «գնային առաջարկով կամ գործարար (ներդրումային) ծրագրով առաջարկվող հաշվելի ցուցանիշները վերջնական են, դրանց վերաբերյալ անհամապատասխանությունները շտկման ենթակա չեն, իսկ հայտատուներին մրցույթի մասնակցի կարգավիճակ է տրվում միայն այն դեպքում, երբ ներկայացված հայտերը համապատասխանում են մրցույթի համար սահմանված պայմաններին», «գույքի վաճառքի գնի սյունակում Հայցվորի կողմից առաջարկվել է Կառավարության որոշմամբ սահմանված նվազագույն գնից՝ 2.207.670.000 ՀՀ դրամից պակաս չափով գումար, ինչը հանգեցնում է Հավելվածի 29-րդ կետի իմպերատիվ պահանջի կիրառմանը, այն է՝ եթե անհամապատասխանությունները վերաբերում են գնային առաջարկին կամ գործարար (ներդրումային) ծրագրով առաջարկվող հաշվելի ցուցանիշներին, ապա նշված թերությունը վերացնելու հնարավորություն հայտը ներկայացնող կողմին չի տրամադրվում», «Վերոգրյալը հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման N 3 hավելվածով հաստատված կարգի 29-րդ կետի հիման վրա Հայցվորի հայտը մերժելու, նրան մրցույթի մասնակցի կարգավիճակ չտալու և Պատասխանողին հաղթող ճանաչելու համար», «Նշված փաստերը հերքող ապացույցներ Հայցվորի կողմից չեն ներկայացվել, ինչն ակնհայտ անհիմն է դարձնում ներկայացված հայցը և հետևապես այդ հիմքով հայցը մերժելու կապակցությամբ Դատարանին որևէ խախտում վերագրվել չի կարող» (հատոր 3-րդ, գ.թ. 50-56).

7) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 21022024 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 06.10.2023 թվականի որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է (հատոր 4-րդ, գ.թ. 15-20).

8) Սահմանադրական դատարանը 01.07.2025 թվականի թիվ ՍԴՈ-1790 որոշմամբ Ընկերության դիմումի հիման վրա ստորադաս դատարանների կողմից կիրառված Կարգի 29-րդ կետն այնքանով, որքանով բացառում է պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած անձի կողմից գնային առաջարկի մասով թույլ տրված ձևական անհամապատաս­խանու­թյունը (վրիպակը) շտկելու հնարավորությունը, ճանաչել է Սահմանադրության 59 և 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր՝ միաժամանակ նշելով, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման oրենքով uահմանված կարգով.

9) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 21.01.2026 թվականի որոշմամբ նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ Ընկերության բերած բողոքը բավարարվել է՝ նոր հանգամանքի հիմքով վերանայվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 21.02.2024 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումն ու թիվ ԵԴ/54054/02/22 քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանի 06.10.2023 թվականի որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքն ընդունվել է Վճռաբեկ դատարանի վարույթ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը տվյալ դեպքում պայմանավորված է բացառապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Կարգի 29-րդ կետի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքում նշված՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մյուս հիմքին և հիմնավորումներին, ապա տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը դրանց կրկին չի անդրադառնում՝ նկատի ունենալով, որ Վճռաբեկ դատարանի 21.02.2024 թվականի որոշմամբ դրանց արդեն իսկ անդրադարձել է։

 

«Գնումների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ (…): Մասնակիցը հայտը ներկայացնում է հրավերով սահմանված կարգով: Հայտը ներառում է մասնակցի հաստատած`

(…)

2) գնային առաջարկը.

(…)։

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի պահանջներին չհամապատասխանող հայտերը գնահատող հանձնաժողովը հայտերի բացման նիստում մերժում է և նույնությամբ վերադարձնում ներկայացնողին:

Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտերը գնահատվում են հրավերով սահմանված կարգով: Բավարար են գնահատվում հրավերով նախատեսված պայմաններին համապատասխանող հայտերը, հակառակ դեպքում հայտերը գնահատվում են անբավարար և մերժվում են:

Կարգի 1-ին հոդվածի համաձայն՝ նույն կարգով կարգավորվում են պետական կառավարման համակարգի մարմինների (այսուհետ՝ պետական մարմին) տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված), պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ կազմակերպություն), պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ ընկերություն), հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող և կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի (այսուհետ` պետական գույք) մրցութային եղանակով վաճառքի հետ կապված հարաբերությունները:

Մինչև 13.12.2025 թվականը գործած խմբագրությամբ Կարգի 29-րդ կետի համաձայն՝ եթե հայտերի գնահատման արդյունքում մասնակցի հայտում արձանագրվում են անհամապատասխանություններ՝ մրցույթի համար սահմանված պայմանների նկատմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ անհամապատասխանությունները վերաբերում են գնային առաջարկին կամ գործարար (ներդրումային) ծրագրով առաջարկվող հաշվելի ցուցանիշներին, ապա հանձնաժողովը 1 աշխատանքային օրով կասեցնում է նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը նույն օրը դրա մասին էլեկտրոնային եղանակով ծանուցում է մասնակցին՝ առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը: Մասնակցին ուղարկվող ծանուցման մեջ մանրամասն նկարագրվում են հայտնաբերված անհամապատասխանությունները: Եթե մասնակիցը սահմանված ժամկետում շտկում է արձանագրված անհամապատասխանությունը, ապա նրա հայտը գնահատվում է բավարար: Հակառակ դեպքում տվյալ մասնակցի հայտը գնահատվում է անբավարար և մերժվում է:

Կարգի 30-րդ հոդվածի համաձայն՝ մրցույթում հաղթող է ճանաչվում հանձնաժողովի եզրակացությամբ լավագույն պայմաններ առաջարկած և ըստ կշռային գործակիցների առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը:

Սահմանադրական դատարանը 01.07.2025 թվականի թիվ ՍԴՈ-1790 որոշմամբ Ընկերության դիմումի հիման վրա ստորադաս դատարանների կողմից կիրառված Կարգի 29-րդ կետն այնքանով, որքանով բացառում է պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած անձի կողմից գնային առաջարկի մասով թույլ տրված ձևական անհամապատաս­խանու­թյունը (վրիպակը) շտկելու հնարավորությունը, ճանաչել է Սահմանադրության 59 և 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր՝ միաժամանակ նշելով, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման oրենքով uահմանված կարգով:

Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է նաև, որ պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթին մասնակցելու համար որոշակի պայմաններ սահմանելը և ներկայացված հայտերում անհամապատասխանության արձանագրման դեպքում դրանք անբավարար գնահատելն ու մերժելն ինքնին խնդրահարույց չեն, եթե սահմանված են գործուն կառուցակարգեր ձևական անհամապատասխանությունները շտկելու համար։ Անհամապատասխանությունները շտկելու կառուցակարգ նախատեսելը բխում է մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած անձանց տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքի իրացումն ապահովելու հրամայականից։ Մինչդեռ վիճարկվող դրույթի բովանդակությունից հետևում է, որ թեև որոշմամբ [Կառավարության 15.04.2021 թվականի թիվ 587-Ն որոշում] նախատեսվել է մրցույթի հայտերում արձանագրված անհամապատասխանությունները շտկելու կառուցակարգ, սակայն այն լիովին չի ապահովում անձանց կողմից իրենց իրավունքների արդյունավետ իրականացումը։ Մասնավորապես՝ կարող են հանդիպել նաև այնպիսի բովանդակային պայմանների խախտումներ, որոնք իրենց էությամբ ձևական են։ Նման խախտման օրինակ է պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթի մասնակցության հայտ ներկայացրած անձի կողմից գնային առաջարկի մասով թույլ տրված ձևական անհամապատասխանությունը։ Մինչդեռ վիճարկվող դրույթով բացառվում է պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթի մասնակցության հայտ ներկայացրած անձի կողմից գնային առաջարկի մասով թույլ տրված ձևական անհամապատասխանությունը շտկելու հնարավորությունը, որն էլ հիմք է մրցույթին մասնակցելու համար ներկայացված հայտն անբավարար գնահատելու և մերժելու համար։ Իսկ նշված հնարավորության բացառումն ինքնին հանգեցնում է տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքի խախտման։

Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ եթե հայտի և դրան կից ներկայացված փաստաթղթերի համակողմանի հետազոտման արդյունքում պարզ է դառնում, որ գնային առաջարկի մասով թույլ տրված անհամապատասխանությունը ձևական բնույթ է կրում, այսինքն՝ եթե առկա են այնպիսի փաստեր, որոնք ակնհայտորեն վկայում են, որ հայտատուի կամքը ոչ թե ուղղված է եղել հայտում նշված չափով գին առաջարկելուն, այլ առաջարկված գինն ընդամենը հայտատուի կողմից թույլ տրված վրիպակի արդյունք է, ապա նշված դեպքում ևս վերջինիս պետք է ընձեռվի թույլ տրված անհամա­պատաս­խանությունը շտկելու հնարավորություն։ Կարգի 29-րդ կետին իրավակիրառ պրակտիկայում տրվել է այնպիսի մեկնաբանություն, որ գնային առաջարկով կամ գործարար (ներդրումային) ծրագրով առաջարկվող հաշվելի ցուցանիշները վերջնական են, դրանց վերաբերյալ որևէ տեսակի անհամապատասխանությունները շտկման ենթակա չեն, և ինքնին փաստի հայտարարումն առ այն, որ գույքի վաճառքի գնի սյունակում առաջարկվել է նույն որոշմամբ սահմանված նվազագույն գնից պակաս չափով գումար, հանգեցնում է Կարգի 29-րդ կետի իմպերատիվ պահանջի կիրառմանը, այն է՝ եթե անհամապատասխանությունները վերա­բերում են գնային առաջարկին, ապա նշված թերությունը վերացնելու հնարավորություն հայտը ներկայացնող կողմին չի տրամադրվում։ Վիճարկվող դրույթով սահման­ված կարգավորման պայմաններում կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, երբ մրցույթին մասնակցելու նախավճարը վճարած, լավագույն գործարար (ներդրումային) ծրագիր ներկայացրած և գնային առաջարկի նվազագույն շեմ սահմանված լինելու պայ­մաններում գնային առաջարկի մասով ձևական անհամապատասխանություն թույլ տված հայտատուները զրկվեն մրցույթին մասնակցելու և հաղթող ճանաչվելու հնարավորությունից, անկախ այն հանգամանքից՝ առկա անհամապատասխանությունը վրիպակի արդյունք է, թե հայտատուի կամքն ուղղված է հայտում նշված չափով գին առաջարկելուն։ Մինչդեռ եթե հայտում նշված գինը վրիպակի արդյունք է, հայտատուն պետք է օգտվի անհամապատասխանությունը շտկելու՝ Կարգի 29-րդ կետով նախատեսված հնարավորությունից, հակառակ դեպքում նման անհամապատասխանությունը շտկելու հնարավորություն չընձեռելն անհամաչափ միջամտություն է մրցույթի մասնակցության հայտ ներկայացրած անձանց իրավունքներին և օրինական շահերին: Կարգի 29-րդ կետով սահմանված կարգավորումը հանգեցնում է մրցույթի մասնակցու­թյան հայտ ներկայացրած անձի՝ տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրավունքի սահմանափակման: Ընդ որում՝ թեև այդպիսի սահմանափակումը հետապնդում է իրավաչափ նպատակ, այն է՝ մրցույթի մյուս հայտատուների իրավունքների պաշտպանությունը և հանրային շահի սպասարկումը, բայցևայնպես սահմանափակման համար ընտրված միջոցն անհարկի ծանր հետևանքներ է առաջացնում վրիպակ թույլ տված հայտատուի համար՝ բացառելով վերջինիս հետագա մասնակցությունը մրցույթին:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն՝ Ծանուցման «Ընդհանուր տեղեկություններ օտարվող գույքի մասին» վերտառությամբ բաժնում առկա են նաև հետևյալ տեղեկությունները՝

- գույքի հասցեն՝ ***6,

- մրցույթով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը՝ 2.207.670.000 ՀՀ դրամ։

Նշված մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև Ընկերությունը՝ որպես գին առաջարկելով 432.129,6 ՀՀ դրամը՝ միաժամանակ պարտավորվելով կատարել 20.000.000.000 ՀՀ դրամի չափով ներդրում և 47.000.000 ՀՀ դրամի ու շուրջ 280.000.000 ՀՀ դրամի չափերով առանձին պարտավորություններ, ինչպես նաև Կազմակերպությունը՝ որպես գին առաջարկելով 2.208.000.000 ՀՀ դրամը՝ միաժամանակ պարտավորվելով կատարել 1.000.000.000 ՀՀ դրամի չափով ներդրում և 47.000.000 ՀՀ դրամի ու շուրջ 280.000.000 ՀՀ դրամի չափերով առանձին պարտավորություններ։

Մրցույթի օտարման արդյունքների ամփոփման կապակցությամբ կազմված թիվ 2 արձանագրությամբ փաստվել է, որ Ընկերության կողմից որպես գույքի օտարման գին առաջարկվել է 432.129,6 ՀՀ դրամը, ինչպես նաև հայտին կից ներկայացված փաստաթղթերում բացակայել են Ընկերության կանոնադրության պատճենը և համապատասխան խորհրդի ընդհանուր ժողովի արձանագրությունը (քաղվածքը):

Նույն արձանագրության մեջ նշվել է, որ՝

- «Հաշվի առնելով գույքի օտարման մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցման 4.4 կետի պահանջը՝ օտարվող գույքի համար առաջարկվող գինը չպետք է փոքր լինի ՀՀ կառավարության կողմից սահմանված նվազագույն արժեքից։ Սույն պայմանին չհամապատասխանող հայտերը ենթակա են մերժման (...) հանձնաժողովը 4 կողմ 0 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշեց Ընկերության հայտը մերժել՝ վերջինիս չտալով մրցույթի մասնակցի կարգավիճակ»,

- «մրցույթի հաղթող ճանաչել «ՎԻ ԱՌ ԷՅՉ» ՍՊԸ-ին»։

Ընկերությունը հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Կոմիտեի և Կազմակերպության՝ պահանջելով «անվավեր ճանաչել Պետական գույքի կառավարման կոմիտեի՝ «Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրակցված ***7 հասցեում գտնվող 5051,8 քմ մակերեսով շենք շինությունները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0,42 քմ մակերեսով հողամասի՝ մրցույթով օտարման արդյունքի ամփոփման» 06.10.2022 թվականի թիվ 2 արձանագրությունը «Հայլեվել» ՍՊԸ-ի հայտը մերժելու և մրցույթի մասնակցի կարգավիճակ չտալու մասով, պարտավորեցնել «ՀԱՅԼԵՎԵԼ» ՍՊԸ-ի հայտը բավարարել և տալ մասնակցի կարգավիճակ, ինչպես նաև անվավեր ճանաչել Պետական գույքի կառավարման կոմիտեի՝ «Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրակցված ***8 հասցեում գտնվող 5051,8 քմ մակերեսով շենք-շինությունները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0,42 քմ մակերեսով հողամասի մրցույթը` «ՎԻ ԱՌ ԷՅՉ» ՍՊԸ-ին հաղթող ճանաչելու մասով»։

Դատարանը, նշելով նաև, որ «քննության ենթակա իրավահարաբերությունը հանդիսանում է պետության սեփականությանը պատկանող գույքի՝ մրցույթի եղանակով օտարման իրավահարաբերություն, որի նկատմամբ կիրառելի են հանդիսանում (...) ՀՀ կառավարության 15 ապրիլի 2021թ. «Պետական սեփականություն հանդիսացող և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի օտարման (վաճառքի), օտարման (վաճառքի) մրցույթի և աճուրդի կազմակերպման ու անցկացման կարգերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 587-Ն որոշման (այսուհետ՝ նաև Որոշում) և դրա թիվ 3 հավելվածի (այսուհետ՝ նաև Հավելված) կարգավորումները», «Անդրադառնալով Հայցվորի կողմից վկայակոչված մյուս հիմքերին՝ կապված գնային առաջարկի և փաստաթղթերի ներկայացման պահանջի, հետ, Դատարանը գտնում է, որ հիմնական կարգավորումներ են հանդիսանում՝ (...) - Հավելվածի 29-րդ կետը, որի համաձայն՝ եթե հայտերի գնահատման արդյունքում մասնակցի հայտում արձանագրվում են անհամապատասխանություններ՝ մրցույթի համար սահմանված պայմանների նկատմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ անհամապատասխանությունները վերաբերում են գնային առաջարկին կամ գործարար (ներդրումային) ծրագրով առաջարկվող հաշվելի ցուցանիշներին, ապա հանձնաժողովը 1 աշխատանքային օրով կասեցնում է նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը նույն օրը դրա մասին էլեկտրոնային եղանակով ծանուցում է մասնակցին՝ առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը: Մասնակցին ուղարկվող ծանուցման մեջ մանրամասն նկարագրվում են հայտնաբերված անհամապատասխանությունները: Եթե մասնակիցը սահմանված ժամկետում շտկում է արձանագրված անհամապատասխանությունը, ապա նրա հայտը գնահատվում է բավարար: Հակառակ դեպքում տվյալ մասնակցի հայտը գնահատվում է անբավարար և մերժվում է» և արձանագրելով, որ «հաշվի առնելով գնային առաջարկի մասով փաստի վերաբերյալ իրավակարգավորումները, որի պարագայում հնարավորություն չի ընձեռվում շտկել անհմապատասխանությունը, քննարկվող փաստը չի կարող հանգեցնել Հավելվածի 29-րդ կետով սահմանված խախտման», եզրահանգել է, որ «ներկայացված է ակնհայտ անհիմն հայց, (...) որից ելնելով Դատարանը որոշել է գործը քննել արագացված դատաքննության կարգով՝ ՔԴՕ 303-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով։ (...) արագացված դատաքննության որոշումից հետո ի հայտ չեն եկել ՔԴՕ 306-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արագացված դատաքննության կիրառումը դադարեցնելու հիմքերը: Հաշվի առնելով նշված փաստական հիմքերը, Դատարանը գտնում է, որ դրանք բավարար են արձանագրելու ակնհայտ անհիմն հայց ներկայացված լինելու հանգամանքը, այն է՝ Հայցվորի կողմից վկայակոչված փաստական հիմքերը՝ անկախ դրանց ապացուցված լինելու հանգամանքից, չեն հանգեցնում հայցապահանջի բավարարման, այսինքն՝ հայցն անհիմն է և ենթակա է մերժման»։

Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով նաև Կառավարության 15.04.2021 թվականի «Պետական սեփականություն հանդիսացող և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի օտարման (վաճառքի), օտարման (վաճառքի) մրցույթի և աճուրդի կազմակերպման ու անցկացման կարգերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 587-Ն որոշման թիվ 3 հավելվածով սահմանված՝ պետական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված), պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին, հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող և պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթի կազմակերպման և անցկացման կարգի 29-րդ կետը, արձանագրել է, որ «գնային առաջարկով կամ գործարար (ներդրումային) ծրագրով առաջարկվող հաշվելի ցուցանիշները վերջնական են, դրանց վերաբերյալ անհամապատասխանությունները շտկման ենթակա չեն, իսկ հայտատուներին մրցույթի մասնակցի կարգավիճակ է տրվում միայն այն դեպքում, երբ ներկայացված հայտերը համապատասխանում են մրցույթի համար սահմանված պայմաններին», «գույքի վաճառքի գնի սյունակում Հայցվորի կողմից առաջարկվել է Կառավարության որոշմամբ սահմանված նվազագույն գնից՝ 2.207.670.000 ՀՀ դրամից պակաս չափով գումար, ինչը հանգեցնում է Հավելվածի 29-րդ կետի իմպերատիվ պահանջի կիրառմանը, այն է՝ եթե անհամապատասխանությունները վերաբերում են գնային առաջարկին կամ գործարար (ներդրումային) ծրագրով առաջարկվող հաշվելի ցուցանիշներին, ապա նշված թերությունը վերացնելու հնարավորություն հայտը ներկայացնող կողմին չի տրամադրվում», «Վերոգրյալը հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման N 3 hավելվածով հաստատված կարգի 29-րդ կետի հիման վրա Հայցվորի հայտը մերժելու, նրան մրցույթի մասնակցի կարգավիճակ չտալու և Պատասխանողին հաղթող ճանաչելու համար», «Նշված փաստերը հերքող ապացույցներ Հայցվորի կողմից չեն ներկայացվել, ինչն ակնհայտ անհիմն է դարձնում ներկայացված հայցը և հետևապես այդ հիմքով հայցը մերժելու կապակցությամբ Դատարանին որևէ խախտում վերագրվել չի կարող»։

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 21.02.2024 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 06.10.2023 թվականի որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է։

Սահմանադրական դատարանը 01.07.2025 թվականի թիվ ՍԴՈ-1790 որոշմամբ Ընկերության դիմումի հիման վրա ստորադաս դատարանների կողմից կիրառված Կարգի 29-րդ կետն այնքանով, որքանով բացառում է պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարման (վաճառքի) մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած անձի կողմից գնային առաջարկի մասով թույլ տրված ձևական անհամապատաս­խանու­թյունը (վրիպակը) շտկելու հնարավորությունը, ճանաչել է Սահմանադրության 59 և 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր՝ միաժամանակ նշելով, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման oրենքով uահմանված կարգով։

Սույն գործի փաստերը հիմք ընդունելու պայմաններում Սահմանադրական դատարանի կողմից արտահայտված դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի վերը նշված պատճառաբանությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք անհիմն են և չեն բխում Սահմանադրական դատարանի կողմից արտահայտված դիրքորոշումներից, որի պայմաններում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 06.10.2023 թվականի որոշումը ենթակա է բեկանման, իսկ գործը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան ըստ էության նոր քննության ուղարկման՝ նաև Սահմանադրական դատարանի կողմից արտահայտված դիրքորոշումների հիման վրա հայցն ըստ էության քննելու համար։

Հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի կողմից արտահայտված դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները չեն կարող բավարար հիմք հանդիսանալ վճռաբեկ բողոքը մերժելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.10.2023 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:

2. Դատական ծախսերի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

_________________________

1 Առկա է անձական տվյալ:

2 Առկա է անձական տվյալ:

3 Առկա է անձական տվյալ:

4 Առկա է անձական տվյալ:

5 Առկա է անձական տվյալ:

6 Առկա է անձական տվյալ:

7 Առկա է անձական տվյալ:

8 Առկա է անձական տվյալ:

 

Նախագահող և զեկուցող

Գ. հակոբյան 

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. Մեղրյան

Ա. Մկրտչյան

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2026 թվական: