ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/3580/02/23 2026 թ. | ||||||
| Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/3580/02/23 | |||||||
| |||||||
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
|
նախագահող |
Գ. Հակոբյան | |
| զեկուցող |
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ | |
|
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | ||
|
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ |
2026 թվականի մարտի 27-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12․02․2024 թվականի որոշման դեմ՝ ըստ «Ջի Էմ Պրո» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Հիմնադրամի` գնահատող հանձնաժողովի որոշումը մասնակիորեն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը․
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է՝ «1․ Թիվ ԵՊՀ-ԳՀԱՊՁԲ-23/3 ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի 29.12.2022 թվականի որոշումը մասնակիորեն՝ 3-րդ չափաբաժնի մասով (թիվ 3 արձանագրության 9.1.1. կետ) ճանաչել անվավեր /ոչ իրավաչափ/, որպես հետևանք՝ անվավեր /ոչ իրավաչափ/ ճանաչել 23.01.2023 թվականի հրապարակված գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու մասին հայտարարությունը, ինչպես նաև պայմանագիր կնքելու որոշման մասին հայտարարությունը մասնակիորեն՝ 3-րդ չափաբաժնով ընկերության կողմից հրավերի պահանջներին չհամապատասխանող հայտ ճանաչվելու մասով,
2․ «Ջի Էմ Պրո» ՍՊ ընկերությանը ճանաչել ընթացակարգի 3-րդ չափաբաժնի ընտրված /հաղթող/ մասնակից,
3․ հարկադրել պատասխանողին ընթացակարգի 3-րդ չափաբաժնի մասով ընկերության հետ կնքել պայմանագիր»:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 13․03․2023 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է․ «1.1. թիվ ԵՊՀ-ԳՀԱՊՁԲ-23/3 ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի 29.12.2022թ. որոշումը մասնակիորեն՝ 3-րդ չափաբաժնի մասով (թիվ 3 արձանագրության 9.1.1. կետ) ճանաչել անվավեր, որպես հետևանք՝ անվավեր ճանաչել 23.01.2023թ. հրապարակված գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու մասին հայտարարությունը, ինչպես նաև պայմանագիր կնքելու որոշման մասին հայտարարությունը մասնակիորեն՝ 3-րդ չափաբաժնով Ընկերության կողմից հրավերի պահանջներին չհամապատասխանող հայտ ճանաչվելու մասով: 1.2. «Ջի Էմ Պրո» ՍՊ ընկերությանը ճանաչել թիվ ԵՊՀ-ԳՀԱՊՁԲ-23/3 ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի 3-րդ չափաբաժնի ընտրված մասնակից: 1.3. Ընթացակարգի 3-րդ չափաբաժնի մասով Ընկերության հետ պայմանագիր կնքելուն պատասխանողին հարկադրելու պահանջի մասով հայցը մերժել»։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 12․02․2024 թվականի որոշմամբ Հիմնադրամի վերաքննիչ բողոքը մերժվել է՝ Դատարանի 13.03․2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հիմնադրամը (ներկայացուցիչ Էդգար Բադեմյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Արև Հարությունյան)։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը, «Գնումների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասը, 34-րդ հոդվածի 1-ին մասը, Կառավարության 04.05.2017 թվականի թիվ 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգը։
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գնահատող հանձնաժողովի կողմից սույն մրցույթի շրջանակում արձանագրվել է, որ Ընկերության թիվ 1.1 հավելվածով ներկայացված ապրանքի բնութագրի արտատպումը և ապրանքի իրական պարամետրը նույնական չեն եղել, որպիսի պայմաններում գնահատող հանձնաժողովը դիմել է մասնակցին և առաջարկել է շտկել առկա հակասությունները, որից հետո, սակայն, Ընկերությունը ներկայացրել է ոչ թե շտկված տարբերակը՝ թիվ 1.1 հավելվածի տեսքով, այլ ընդամենը գրությամբ հայտնել է․ «XKN-16240A մոդելը արտադրողի կողմից մոդիֆիկացվելու է և համապատասխանեցվելու է տեխնիկական սահմանված պահանջներին:
Այսինքն` Ընկերությունը փաստացի ընդունել է, որ իր կողմից ներկայացված ապրանքը իրականում չի համապատասխանում գնման ընթացակարգի հրավերի թիվ 3 չափաբաժնով նախատեսված ապրանքի տեխնիկական բնութագրով սահմանված պայմանին: Հետևաբար, նման պայմաններում՝ ինչպես կարող էր գնահատող հանձնաժողովը գնահատել մի ապրանքի տեխնիկական պարամետրը, եթե այդ բնութագրով ապրանքը դեռևս գոյություն չունի։ Ուստի, նշված տրամաբանությունից ելնելով՝ գնահատող հանձնաժողովը որոշել է գոյություն չունեցող ապրանք առաջարկած մասնակցի հայտը գնահատել անբավարար:
Այսպիսով, տվյալ դեպքում՝ գնման գործընթացի գնահատող հանձնաժողովի գործողությունները բխել են վերոնշյալ իրավակարգավորումներից և իրականացվել են դրանց խստիվ պահպանմամբ: Այսինքն, հանձնաժողովի, ինչպես նաև Հիմնադրամի գործողությունները, բացարձակ իրավաչափ են, ուստիև՝ գնահատող հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու որևէ հիմք առկա չէ և ըստ այդմ՝ բացակայում է Ընկերության ներկայացրած հայցապահանջը բավարարելու որևէ հիմք, որի կապակցությամբ, սակայն, սխալ եզրահանգման են եկել ստորադաս դատարանները՝ սույն գործով կայացնելով անհիմն և սխալ դատական ակտեր:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.02.2024 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել։
2. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Բողոք բերած անձը նշել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը, սակայն վկայակոչված հոդվածը բաղկացած է չորս մասերից, իսկ թե կոնկրետ ինչ մասով է թույլ տրվել խախտում՝ բողոքաբերի կողմից չի հստակեցվել:
Բողոքաբերի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, քանի որ վերաքննության կարգով չեն վիճարկվել գնահատող հանձնաժողովի 29․12․2022 թվականի որոշումը Դատարանի կողմից մասնակի անվավեր (ոչ իրավաչափ) ճանաչելու և նշվածի հետևանքները կիրառելու պահանջի բավարարմանը հանգեցրած ինքնուրույն հիմքերը։
Խնդրել է վճռաբեկ բողոքը մերժել և Վերաքննիչ դատարանի 12.02.2024 թվականի որոշումը թողնել անփոփոխ։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Հիմնադրամի կողմից 28.11.2022 թվականին «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա նախաձեռնվել է թիվ ԵՊՀ-ԳՀԱՊՁԲ-23/3 ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի նախաձեռնումը 3 (երեք) չափաբաժիններով, որոնցից երրորդ չափաբաժինը վերաբերել է թվով 375 հատ մոնիտորների ձեռքբերմանը՝ հետևյալ տեխնիկական բնութագրերով՝ «Մոնիտոր առնվազն 23.8”-24” (դյույմ): Մատրիցայի տեսակը IPS, HDMI, VGA DVI մուտքերով, 1920×1080, դիտման անկյունը հորիզոնական/ուղղահայաց 178-190 աստիճան, արձագանքման ժամանակը – 4մվ-6մվ, պայծառությունը – 250-270 cd/m2 ներառյալ HDMI մալուխ, նեղ շրջանակով դիսփլեյ, SmartContrast, LowBlue, EasyRead տեխնոլոգիաներ։ Երաշխիքային սպասարկում առնվազն մեկ տարի։ Արտադրողի կողմից լիազորման ձևի առկայություն (MAF), առնվազն մեկ պաշտոնական երաշխիքային սպասարկման կենտրոնի առկայություն ՀՀ-ում» (հիմք՝ տեխնիկական բնութագիր – գնման ժամանակացույցը) (հատոր 1, գ.թ. 14, գ.թ. 26-27)․
2) Ընկերության կողմից Ընթացակարգի թիվ 3 չափաբաժնի մասով 08.12.2022 թվականին ներկայացվել է մասնակցության հայտ, որին կից ներկայացված հավելված 1.1-ով Ընկերությունը տվել է առաջարկվող ապրանքի ամբողջական նկարագիրը՝ հետևյալ տվյալներով․ «Մոդել՝ «XKN16240A», արտադրողի անվանումը՝ «ՔՈՈԼ ԲԻՐԴ», տեխնիկական բնութագրերը՝ «Մոնիտոր առնվազն 23.8”-24” (դյույմ): Մատրիցայի տեսակը IPS, HDMI, VGA DVI մուտքերով, 1920×1080, դիտման անկյունը հորիզոնական/ուղղահայաց 178-190 աստիճան, արձագանքման ժամանակը – 4մվ-6մվ, պայծառությունը – 250-270 cd/m2 ներառյալ HDMI մալուխ, նեղ շրջանակով դիսփլեյ, SmartContrast, LowBlue, EasyRead տեխնոլոգիաներ։ Երաշխիքային սպասարկում առնվազն մեկ տարի։ Արտադրողի կողմից լիազորման ձևի առկայություն (MAF), առնվազն մեկ պաշտոնական երաշխիքային սպասարկման կենտրոնի առկայություն ՀՀ-ում» (հատոր 2, գ.թ. 19)․
3) գնահատող հանձնաժողովի քարտուղարի կողմից 27.12.2022 թվականին Ընկերությանը www@armeps.am համակարգի միջոցով 3-րդ չափաբաժնի մասով տրվել է հետևյալ անհամապատասխանությունների շտկման մասին ծանուցում՝
- բացակայում է իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ պարունակող կայքէջի հղումը, կամ դրա բացակայության դեպքում հավելված 1.3-ը՝ իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի ձևը,
- հավելված 1.1-ում մասնակցի կողմից ներկայացված մոդելի գրառմամբ պաշտոնական արտադրողի կայքում մոդել առկա չէ, ինչով պայմանավորված գնահատող հանձնաժողովը ենթադրում է, որ խոսքը գնում է XKN-16240A մոդելի մասին: Վերջինիս մասով ներկայացված տեխնիկական տվյալները արտադրողի պաշտոնական կայքում տարբերվում են Ընկերության կողմից ներկայացված տեխնիկական տվյալներից և առկա է մրցույթով ներկայացված տեխնիկական պահանջի անհամապատասխանություն մատրիցայի տեսակի մասով,
- անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ-ում առկա երաշխիքային սպասարկման կենտրոնի տվյալները՝ անվանում, հասցե և հեռախոսահամար, ինչպես նաև ապրանքն արտադրողից կամ վերջինիս ներկայացուցչից իրեն տրամադրված երաշխիքային նամակի կամ համապատասխանության սերտիֆիկատի պատճեները (հատոր 2, գ.թ. 27)․
4) Ընկերության 28.12.2022 թվականի գրությամբ արձանագրված վերոնշյալ երկրորդ խախտման մասով հայտնվել է, որ մոնիտորնը արտադրողի կողմից մոդիֆիկացվելու է և համապատասխանեցվելու է տեխնիկական բնութագրով սահմանված պահանջներին (մատրիցայի տեսակը՝ IPS), քանի որ 375 հատ մոնիտորի համար արտադրողը մոդելային շարք չի փոխում, ինչի կապակցությամբ որպես պաշտոնական գործընկեր նա տրամադրել է գրություն, որով դա փաստում և հավաստում է (հատոր 2, գ.թ. 28)․
5) Շենժեն Քսիաոկունիաո Քոմփյութերս Քո. ԼԹԴ վաճառքի գծով տնօրեն Ժասմին Լեունգի 28.12.2022 թվականի գրության՝ անգլերենից հայերեն թարգմանության համաձայն՝ Երևանի պետական համալսարանին հայտնվել է, որ իրենց 23.8 դյույմով մոնիտորի XKN16240A մոդելը, որն առաջարկվել է Ընկերության կողմից, պատրաստվել է IPS պանելներով (...): Հայտնվել է նաև, որ մոնիտորի մոդելը կհամապատասխանեցվի ընթացիկ մրցույթի տեխնիկական պահանջներին և կունենա հետևյալ տեխնիկական առանձնահատկությունները. (...) (հատոր 1, գ.թ. 53-54)․
6) «Արձանագրություն 3» վերտառությամբ փաստաթղթի համաձայն՝ գնահատող հանձնաժողովի 09.12.2022 թվականի նիստով արձանագրվել է, որ մասնակիցների կողմից սահմանված ժամկետում ներկայացվել են արձանագրված շտկման ենթակա փաստաթղթերը, սակայն Ընկերության կողմից ներկայացված ապրանքի տեխնիկական բնութագրերը չեն համապատասխանում հրավերով սահմանված պահանջներին, մասնավորապես, գնման ընթացակարգի հրավերի թիվ 1 հավելվածով սահմանված 3-րդ չափաբաժնի համար նախատեսված ապրանքի տեխնիկական բնութագրով նշվել է «Մատրիցայի տեսակը IPS, HDMI, VGA DVI մուտքերով», սակայն մասնակցի կողմից գնման հայտով ներկայացված թիվ 1.1 հավելվածով՝ առաջարկվող ապրանքի ամբողջական նկարագրով որպես առաջարկվող ապրանքի մոդել նշվել է XKN-16240A մոդելի ապրանքը: Սակայն մասնակցի կողմից ներկայացված ապրանքի պաշտոնական կայքում առկա տեխնիկական բնութագրի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այն մատրիցայի տեսակի մասով չի համապատասխանում ընթացակարգի տեխնիկական բնութագրով սահմանված պահանջներին, ինչով պայմանավորված՝ գնահատող հանձնաժողովը ծանուցել է մասնակցին՝ առաջարկելով շտկել առկա անհամապատասխանությունը: Մասնակցի կողմից որպես անհամապատասխանության շտկում ներկայացվել է գրություն, այլ ոչ թե շտկում՝ թիվ 1.1 հավելվածի տեսքով, որով վերջինս ներկայացրել է պարզաբանում այն մասին, որ XKN-16240A մոդելն արտադրողի կողմից մոդիֆիկացվելու է և համապատասխանեցվելու է տեխնիկական բնութագրով սահմանված պահանջներին։
Գնահատման հանձնաժողովը, ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով և Կառավարության 04.05.2017 թվականի թիվ 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» կարգի 42-րդ կետով, որոշել է Ընկերության կողմից ներկայացված հայտը գնահատել անբավարար և մերժել: (հատոր 2, գ.թ. 20-24)․
7) Արձանագրության 13.2-րդ կետի համաձայն՝ գնահատող հանձնաժողովը, հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որոշել է՝ գնման գործընթացը հայտարարել չկայացած 3-րդ չափաբաժնի մասով, հայտերից որևէ մեկը հրավերի պայմաններին չհամապատասխանելու հիմնավորմամբ (հատոր 2, գ.թ. 20-24):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի ու «Գնումների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի, 30-րդ հոդվածի 1-ին մասի, 34-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, ինչի հետևանքով խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հաստատվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ գնումների հետ կապված վեճերով ապացուցման բեռի բաշխման արդյունքում փաստի հաստատված լինելու հարցը պարզելիս դատարանի կողմից բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գործում առկա բոլոր ապացույցները գնահատելու հարցին, այդ համատեքստում գնումների հետ կապված վեճերով առանձնահատկություններին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փաստերը, որոնք, օրենքի կամ նորմատիվ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշում է դատարանը` գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա` ղեկավարվելով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի իրավական նորմերով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր փաստերը, բացառությամբ նույն օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված փաստերի, ենթակա են ապացուցման:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից և գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույցները, ինչպես նաև դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունները ներկայացնում են գործին մասնակցող անձինք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: (...) ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունը և արժանահավատությունը որոշելու ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակում՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ու բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը՝ որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության և ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին (տե'ս, Ջաջուռի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և մյուսների թիվ ՎԴ5/0029/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ ապացույցների գնահատման արդյունքում դատավորի մոտ ձևավորվող ներքին համոզմունքը պետք է հիմնված լինի ոչ թե հավանական ենթադրությունների վրա, այլ պետք է ունենա օբյեկտիվ հիմքեր (տե՛ս Վալերիկ Հայրապետյանն ընդդեմ ՀՀ կառավարության, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության թիվ ԿԴ/5064/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.09.2022 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234.6.-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայցադիմումը վարույթ ընդունելու հետ միաժամանակ դատարանը կայացնում է որոշում՝ պատասխանողից տվյալ գնման գործընթացի հետ կապված պատասխանողի տիրապետման տակ գտնվող բոլոր ապացույցները պահանջելու մասին:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ապացույցներ պահանջելու վերաբերյալ որոշումը կատարվում է պատասխանողի կողմից որոշումն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում:
Նույն մասով նախատեսված ժամկետում պատասխանողի կողմից ապացույցներ պահանջելու վերաբերյալ որոշման պահանջները չկատարվելու դեպքում գործը քննվում է դրանում առկա ապացույցների հիման վրա, իսկ հայցվորի վկայակոչած այն փաստերը, որոնք ենթակա են հաստատման պատասխանողի տիրապետման տակ գտնվող ապացույցներով, համարվում են հաստատված։
Մինչև 14․03․2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234.7.-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցադիմումի պատասխանը ներկայացվում է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234.10.-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկվող գործողությունների (անգործության) և որոշումների հիմքում ընկած հանգամանքների, ինչպես նաև տվյալ գործողությունների (անգործության) կատարման և որոշման ընդունման օրենքով, այլ իրավական ակտերով սահմանված կարգը պահպանված լինելու փաստերն ապացուցելու պարտականությունը կրում է պատասխանողը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատասխանողը վիճարկվող գործողությունների (անգործության) և որոշումների իրավաչափությունը հիմնավորող ապացույցներ կարող է ներկայացնել միայն ապացույցները պահանջելու որոշման կատարման ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ հիմնավորում է ապացույցի ներկայացման անհնարինությունը իրենից անկախ պատճառներով:
Հիշատակված իրավանորմերի լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կարևորելով առավել սեղմ ժամկետներում գնումների հետ կապված վեճերի լուծման դատավարական գործընթացը՝ օրենսդիրը դատարանի վրա պարտականություն է դրել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշման հետ մեկտեղ պատասխանողից տվյալ գնման գործընթացի հետ կապված՝ պատասխանողի տիրապետման տակ գտնվող բոլոր ապացույցները պահանջելու, որը ենթակա է կատարման նույնպես առավել սեղմ ժամկետում` այդ որոշումն ստանալուց հինգ օրվա ընթացքում: Ընդ որում, պատասխանողը վիճարկվող գործողությունների (անգործության) և որոշումների իրավաչափությունը հիմնավորող ապացույցներ կարող է ներկայացնել միայն ապացույցները պահանջելու որոշման կատարման ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ հիմնավորում է ապացույցի ներկայացման անհնարինությունը իրենից անկախ պատճառներով:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ չնայած օրենսդիրը գնումների հետ կապված վեճերով ապացուցման պարտականությունը բաշխելու վերաբերյալ նախատեսել է հատուկ կարգ, այդուհանդերձ, նշված վեճերով ևս, ընդհանուր կանոնների ուժով, ապացույցները պետք է լինեն թույլատրելի, վերաբերելի ու արժանահավատ, այլապես նշված ապացույցները չեն կարող դրվել գործի համար էական նշանակություն ունեցող փաստերի հաստատման կամ հերքման հիմքում: Ընդ որում, գնումների հետ կապված վեճերով ևս ապացուցման պարտականություն կրող անձը` պատասխանողը, պարտավոր է ապացուցել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը: Հակառակ պարագայում, երբ փաստը մնում է վիճելի, դրա բացասական հետևանքները պետք է կրի դրա ապացուցման պարտականությունը կրող անձը, այն է` պատասխանողը։
«Գնումների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենքը կարգավորում է պատվիրատուների կողմից ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ ձեռք բերելու գործընթացի հետ կապված հարաբերությունները, սահմանում այդ հարաբերությունների կողմերի հիմնական իրավունքները և պարտականությունները:
Օրենքի 2-րդ հոդվածում սահմանվել են նաև հիմնական հասկացությունները, այդ թվում՝
4) պայմանագիր` գնում կատարելու նպատակով կնքվող գրավոր գործարք.
5) մասնակից` պատվիրատուի հետ պայմանագիր կնքելու նպատակով գնումների գործընթացին մասնակցող անձ.
7) հրավեր` պայմանագիր կնքելու նպատակով մասնակցին առաջարկվող պայմաններ.
8) հայտ` հրավերի հիման վրա մասնակցի կողմից ներկայացվող առաջարկ.
16) գնման առարկա` գնվող ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը.
17) գնման առարկայի բնութագիր` գնման առարկայի հատկանիշներ, դրանց ձեռքբերման և վճարման պայմաններ.
23) գնման գործընթաց` գնում կատարելու նպատակով գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի, իրավունքների և պարտականությունների իրագործմանն ուղղված գործողությունների ամբողջություն, ներառյալ՝ գնումների պլանավորումը, գնման առարկայի բնութագրի հաստատումը, պայմանագրի կատարումը և կառավարումը:
Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ նույն օրենքի նպատակի և պահանջների կատարման ապահովման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է գնումների պլանավորման, գնման առարկայի բնութագրերի հաստատման, գնումների նախնական հսկողության, պայմանագրերի կատարման, կառավարման և ֆինանսավորման կարգը: (...):
Նույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ նույն օրենքի նպատակի և պահանջների կատարման ապահովման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է նույն օրենքով նախատեսված գնում կատարելու ընթացակարգերի կիրարկման կարգը և դրանց առանձնահատկությունները:
Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գնման առարկայի բնութագրերը պետք է ամբողջությամբ և հստակ նկարագրեն ձեռք բերվող ապրանքի, աշխատանքի կամ ծառայության հատկանիշները, դրանց ձեռքբերման և վճարման պայմանները` բացառելով տարակերպ մեկնաբանությունը: Գնման առարկայի բնութագրերը, որոնք ներառում են նաև պայմանագրի գինը, ընդգրկվում են պայմանագրում:
Նույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ գնման առարկայի բնութագրերը ներառում են գնման առարկայի մասնագրի, տեխնիկական տվյալների, իսկ աշխատանքների դեպքում` նաև աշխատանքների ծավալաթերթի, ժամանակացույցի և այլ ոչ գնային պայմանների ամբողջական և համարժեք նկարագրությունը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ելնելով գնման առարկայի առանձնահատկությունից՝ դրանց հատկանիշները հնարավորինս ներառում են ձեռք բերվող ապրանքի, աշխատանքի կամ ծառայության որակին, ստանդարտին, անվտանգությանը, պայմանական նշաններին, տերմինաբանությանը, փաթեթավորմանը, բեռնաթափմանը, չափին, նախագծերին, ինչպես նաև գնման առարկայի այլ հատկանիշներին վերաբերող պայմանների հստակ նկարագրությունը` հիմնված միջազգային ստանդարտների և Հայաստանի Հանրապետությունում գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերի, ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում` ժամանակավոր տեխնիկական պայմանների վրա:
Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բաց մրցույթով գնում կատարելու համար մասնակիցներ ներգրավելու նպատակով տեղեկագրում հրապարակվում են գնումների հայտարարություն և հրավեր:
Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ գնումների հայտարարությունը պարունակում է հետևյալ տեղեկությունները՝ պայմանագրի և գնման առարկայի բնութագրերի բովանդակության համառոտ և հստակ շարադրանքը:
Նույն հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետի համաձայն՝ գնումների հայտարարությունը պարունակում է հետևյալ տեղեկությունները՝ անհրաժեշտության դեպքում` այլ տեղեկություններ:
Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ հրավերը պետք է պարունակի գնման առարկայի բնութագրերը:
Նույն հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի համաձայն՝ հրավերը պետք է պարունակի հայտի նախապատրաստման, ներկայացման, բացման և գնահատման, ինչպես նաև գնումների վերաբերյալ անհրաժեշտ այլ տեղեկատվություն:
Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ (...): Մասնակիցը հայտը ներկայացնում է հրավերով սահմանված կարգով: Հայտը ներառում է մասնակցի հաստատած`
(...)․
3) ոչ գնային առաջարկը (տեխնիկական առաջարկ կամ տեխնիկական բնութագիր), եթե հրավերով նախատեսված է.
4) հրավերով նախատեսված այլ փաստաթղթեր (տեղեկություններ):
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի պահանջներին չհամապատասխանող հայտերը գնահատող հանձնաժողովը հայտերի բացման նիստում մերժում է և նույնությամբ վերադարձնում ներկայացնողին:
Օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ հայտերի բացման նիստում հրապարակվում են տեղեկություններ` բացված յուրաքանչյուր ծրարում հրավերով պահանջվող փաստաթղթերի առկայության վերաբերյալ:
Նույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ հայտերի բացման նիստում հրապարակվում են տեղեկություններ` յուրաքանչյուր մասնակցի ներկայացրած փաստաթղթերի` հրավերով սահմանված վավերապայմաններին համապատասխանելու մասին:
Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտերը գնահատվում են հրավերով սահմանված կարգով: Բավարար են գնահատվում հրավերով նախատեսված պայմաններին համապատասխանող հայտերը, հակառակ դեպքում հայտերը գնահատվում են անբավարար և մերժվում են:
Կառավարության 04.05.2017 թվականի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 526 որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատվել է գնումների գործընթացի կազմակերպման կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի (այսուհետ՝ Կարգ):
Կարգի 32-րդ կետի 1-ին ենթակետի «զ» պարբերության համաձայն՝ հրավերով նախատեսվում է նաև, որ մասնակիցը հայտով ներկայացնում է՝ ապրանքների գնման դեպքում իր կողմից առաջարկվող ապրանքի տեխնիկական բնութագրերը, իսկ հրավերով նախատեսված դեպքերում նաև առաջարկվող ապրանքի ապրանքային նշանը, ֆիրմային անվանումը, մակնիշը և արտադրողի անվանումը (այսուհետ՝ ապրանքի ամբողջական նկարագիր)։
Կարգի 40-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն՝ հայտերի բացման և գնահատման նիստում նախագահը (նիստը նախագահողը) նիստը հայտարարում է բացված և հրապարակում է գնման հայտով սահմանված գնման գինը։ Հանձնաժողովի քարտուղարը հաղորդում է տեղեկատվություն գրանցամատյանում կատարված գրառումների մասին և հանձնաժողովի նախագահին է փոխանցում հայտերի գրանցամատյանը, դրա անբաժանելի մասը հանդիսացող մյուս փաստաթղթերը և գրանցված հայտերը։
Նույն կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ նույն կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերը նախագահին (նիստը նախագահողին) փոխանցվելուց հետո հանձնաժողովը գնահատում է`
ա. հայտեր պարունակող ծրարները կազմելու և ներկայացնելու համապատասխանությունը սահմանված կարգին և բացում համապատասխանող գնահատված հայտերը,
բ. բացված յուրաքանչյուր ծրարում պահանջվող (նախատեսված) փաստաթղթերի առկայությունը և դրանց կազմման համապատասխանությունը հրավերով սահմանված վավերապայմաններին։
Նույն կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ հանձնաժողովը մերժում է այն հայտերը, որոնցում բացակայում է գնային առաջարկը և (կամ) հայտի ապահովումը, կամ եթե դրանք ներկայացված են հրավերի պահանջներին անհամապատասխան, բացառությամբ նույն կարգի 41-րդ կետով նախատեսված դեպքի: (...):
Կարգի 41-րդ կետի համաձայն՝ եթե հայտերի բացման և գնահատման նիստի ընթացքում իրականացված գնահատման արդյունքում մասնակցի հայտում արձանագրվում են անհամապատասխանություններ՝ հրավերի պահանջների նկատմամբ, ներառյալ` այն դեպքերը, երբ հայտում ներառված՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող մասնակցի կողմից հաստատված փաստաթղթերը կամ դրանց մի մասը հաստատված չեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ, ապա հանձնաժողովը մեկ աշխատանքային օրով կասեցնում է նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը նույն օրը դրա մասին էլեկտրոնային եղանակով ծանուցում է մասնակցին՝ առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը: Եթե անհամապատասխանությունն արձանագրվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացված տեղեկատվության հիման վրա, ապա մասնակցին ուղարկվող ծանուցմանը կցվում է նաև կոմիտեից ստացված տեղեկատվության բնօրինակից սկանավորված տարբերակը: Մասնակցին ուղարկվող ծանուցման մեջ մանրամասն նկարագրվում են հայտնաբերված անհամապատասխանությունները:
Կարգի 42-րդ կետի համաձայն՝ եթե նույն կարգի 41-րդ կետով սահմանված ժամկետում մասնակիցը շտկում է արձանագրված անհամապատասխանությունը, ապա նրա հայտը գնահատվում է բավարար: Հակառակ դեպքում տվյալ մասնակցի հայտը գնահատվում է անբավարար և մերժվում է, ներառյալ եթե մասնակիցը նույն կարգի 32-րդ կետի 1-ին մասի «ե» պարբերությամբ սահմանված ժամկետում չի ներկայացնում հայտի ապահովման բնօրինակը, իսկ ընտրված մասնակից է ճանաչվում հաջորդող տեղ զբաղեցրած մասնակիցը:
Վկայակոչված իրավակարգավորումներից հետևում է, որ գնման գործընթացը գնում կատարելու նպատակով գնման գործընթացին մասնակցող անձանց կողմից իրականացվող գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի, իրավունքների և պարտականությունների իրագործմանն ուղղված գործողությունների ամբողջություն է:
Գնման գործընթացի վերջնանպատակը գնում կատարելու համար գործարք կնքելն է: Ընդ որում, պայմանագիրը կնքվում է այն մասնակցի հետ, ում հայտը, այսինքն՝ առաջարկը, համապատասխանում է պատվիրատուի հրավերին, այսինքն՝ առաջարկվող պայմաններին: Առաջարկվող պայմաններն ի թիվ այլնի վերաբերում են նաև գնվող ապրանքին (գնման առարկա), ինչպես նաև դրա հատկանիշներին (գնման առարկայի բնութագիր), որը ներառում է նաև ապրանքի տեխնիկական տվյալները (ստանդարտ): Հետևաբար մասնակիցը հայտով պետք է ներկայացնի նաև ապրանքի տեխնիկական բնութագրերը:
Արդյունքում՝ մասնակցի հայտը պետք է համապատասխանի հրավերով սահմանված պահանջներին: Հայտի՝ հրավերով սահմանված պայմաններին համապատասխանության հարցը քննարկում և գնահատում է գնահատող հանձնաժողովը հայտերի բացման նիստում:
Գործադիրը, սահմանելով գնումների գործընթացի կազմակերպման կարգը, դրա շրջանակներում կարգավորել է նաև գնահատող հանձնաժողովի կողմից հայտերի բացման և գնահատման գործընթացը։ Մասնավորապես, եթե հայտերի բացման և գնահատման նիստի ընթացքում իրականացված գնահատման արդյունքում մասնակցի հայտում արձանագրվում է մասնակցի հայտի անհամապատասխանություն հրավերի պահանջներին, ապա գնահատող հանձնաժողովին վերապահված է նիստը մեկ աշխատանքային օրով կասեցնելու և անհամապատասխանությունը շտկելու վերաբերյալ մասնակցին ծանուցելու հնարավորություն (բացառությամբ այն դեպքերի, երբ բացակայում է հայտի ապահովումը կամ եթե այն ներկայացված է հրավերի պահանջներին անհամապատասխան):
Այլ կերպ ասած՝ գնահատման հանձնաժողովը մերժում է այն հայտերը, որոնցում բացակայում են գնային առաջարկը և (կամ) հայտի ապահովումը կամ դրանք ներկայացված են հրավերի պահանջներին անհամապատասխան, իսկ գնային առաջարկից և (կամ) հայտի ապահովումից բացի այլ անհամապատասխանությունների արձանագրման դեպքում մասնակիցներին տրվում են դրանք շտկելու հնարավորություն և ժամկետ: Միաժամանակ սահմանված ժամկետում խախտումը չշտկելու կամ թերի շտկելու դեպքում մասնակցի հայտը գնահատվում է անբավարար և մերժվում է։
Հարկ է նկատի ունենալ, որ օրենսդիրը չի նախատեսել ներկայացված հայտում առկա անհամապատասխանությունը թերի շտկելու ինքնուրույն հետևանք, ինչը կարող է դիտվել որպես անհամապատասխանության չվերացում։ Այսինքն՝ արձանագրված անհամապատասխանությունները վերացված չլինելու մասին կարող է վկայել ինչպես այն իրավիճակը, երբ մասնակիցը սահմանված ժամկետում դրսևորում է անգործություն (չի ներկայացնում նոր կամ շտկված որևէ փաստաթուղթ), այնպես էլ այն իրավիճակը, երբ թեև ձևական առումով դրսևորվում է համապատասխան վարքագիծ (օրինակ՝ ներկայացվում է պահանջվող փաստաթուղթը), սակայն, բովանդակային անհամապատասխանությամբ ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում հրավերի պահանջներին (տե՛ս «Մոսէսքո» ՍՊԸ-ն ընդդեմ Պաշտպանության նախարարության և երրորդ անձ «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն` թիվ ԵԴ/29192/02/21 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 25․06․2024 թվականի որոշումը)։
Նախկինում կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել, որ հրապարակված հրավերի հիման վրա գնումների գործընթացին մասնակցելու հայտ ներկայացնելով՝ անձը ոչ միայն պարզապես ձեռք է բերում գնման գործընթացին մասնակցող անձի կարգավիճակ, այլ նաև, որպես հետևանք՝ գնումների գործընթացի նախապայմանագրային փուլում առնվազն ստանձնում է՝
1) հայտն օրենքով և հրավերով սահմանված կարգով ներկայացնելու պարտավորություն՝ ներառյալ հայտին հրավերով պահանջվող փաստաթղթերը (այդ թվում՝ հայտի ապահովումը հավաստող) կցելու, գնման գործընթացում գնահատող հանձնաժողովին պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու պարտականություն,
2) հրավերով նախատեսված գնումներին մասնակցելու իրավունք ունենալու մասին արժանահավատ հավաստում ներկայացնելու պարտականություն,
3) ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում որակավորման ապահովում ներկայացնելու, պայմանագրի ապահովում ներկայացնելու, պայմանագիրը կնքելու պարտականություն (տե՛ս Պաշտպանության նախարարությունն ընդդեմ «Լիվադ» ՍՊԸ-ի թիվ ԵԴ/54386/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04․04․2025 թվականի որոշումը)։
Վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գնման գործընթացին մասնակցող անձի՝ հայտն օրենքով և հրավերով սահմանված կարգով ներկայացնելու պարտավորությունը ներառում է ոչ միայն գնման գործընթացին մասնակցելու հայտ ներկայացնելիս օրենքով ու հրավերով նախատեսված փաստաթղթերը (տեղեկությունները) ներկայացնելու, այլ նաև իր կողմից ներկայացված հայտում հրավերի պահանջների նկատմամբ արձանագրված անհամապատասխանությունները շտկելու նպատակով հանձնաժողովի կողմից պահանջված փաստաթղթերը սահմանված կարգով, ձևով և ժամկետում ներկայացնելու պարտականությունը։
Գնման գործընթացի մասնակցի կողմից օրենքով և հրավերով սահմանված կարգով հայտը (պահանջվող փաստաթղթերը) ներկայացնելու պարտավորությունը չկատարելու իրավական հետևանքները, նախևառաջ, կախված են գնահատող հանձնաժողովի կողմից հայտերի բացման ու գնահատման նիստում արձանագրված անհամապատասխանությունների բնույթից։ Այսպես՝
1) եթե մասնակցի հայտում բացակայում է գնային առաջարկը կամ հայտի ապահովումը՝ ներառյալ այն դեպքերը, երբ Կարգի 32-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությամբ սահմանված ժամկետում չի ներկայացնում հայտի ապահովման բնօրինակը, ապա մասնակցի ներկայացրած հայտը մերժվում է՝ առանց հայտը ներկայացրած մասնակցին հայտնաբերված անհամապատասխանությունը շտկելու հնարավորություն տալու․
2) եթե մասնակցի հայտում արձանագրվում են հրավերի պահանջների նկատմամբ այլ անհամապատասխանություններ, ապա հանձնաժողովը պարտավոր է մեկ աշխատանքային օրով կասեցնել նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը՝ նույն օրը դրա մասին էլեկտրոնային եղանակով ծանուցել մասնակցին՝ առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել արձանագրված անհամապատասխանությունը: Ընդ որում, եթե մասնակիցը մինչև կասեցման ժամկետի ավարտը չի շտկում կամ թերի է շտկում արձանագրված անհամապատասխանությունը՝ ներառյալ այն դեպքերը, երբ արձանագրված անհամապատասխանությունը շտկելու նպատակով չի ներկայացնում պահանջվող փաստաթղթերը, դրանք ներկայացնում է սահմանված ժամկետի խախտմամբ կամ դրանցում թույլ է տալիս այլ անհամապատասխանություն հրավերի պահանջների նկատմամբ, տվյալ մասնակցի հայտը գնահատվում է անբավարար և մերժվում է:
Բոլոր նշված դեպքերում մասնակցի հայտն անբավարար գնահատելը և մերժելը հանգեցնում է գնման գործընթացին նրա հետագա մասնակցության դադարեցման։
Անդրադառնալով գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտման՝ Կարգի 32-րդ կետի՝ մինչև 14.03.2025 թվականը գործած խմբագրությամբ 19-րդ ենթակետով նախատեսված՝ «մասնակիցը հրավերով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթերը» պայմանին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերջինիս առկայության մասին խոսք կարող է գնալ միայն այն դեպքերում, երբ մասնակիցը գնահատման հանձնաժողովի կողմից արձանագրված անհամապատասխանությունը շտկելու նպատակով սահմանված կարգով ու ժամկետում չի ներկայացնում պահանջվող փաստաթղթերը, այլ կերպ ասած՝ դրսևորում է անգործություն, կամ ներկայացնում է այնպիսի փաստաթղթեր, որոնք ակնհայտորեն վերաբերելի չեն արձանագրված անհամապատասխանությանը, առերևույթ չեն կարող ուղղված լինել արձանագրված անհամապատասխանությունը շտկելուն (տե՛ս «Բեստշին» ՍՊԸ-ն ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ դատական դեպարտամենտի թիվ ԵԴ2/7636/02/23 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08․07․2025 թվականի որոշումը)։
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործը հարուցվել է Ընկերության կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է՝ «1․ Թիվ ԵՊՀ-ԳՀԱՊՁԲ-23/3 ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի 29.12.2022 թվականի որոշումը մասնակիորեն՝ 3-րդ չափաբաժնի մասով (թիվ 3 արձանագրության 9.1.1. կետ) ճանաչել անվավեր /ոչ իրավաչափ/, որպես հետևանք՝ անվավեր /ոչ իրավաչափ/ ճանաչել 23.01.2023 թվականի հրապարակված գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու մասին հայտարարությունը, ինչպես նաև պայմանագիր կնքելու որոշման մասին հայտարարությունը մասնակիորեն՝ 3-րդ չափաբաժնով ընկերության կողմից հրավերի պահանջներին չհամապատասխանող հայտ ճանաչվելու մասով,
2․ «Ջի Էմ Պրո» ՍՊ ընկերությանը ճանաչել ընթացակարգի 3-րդ չափաբաժնի ընտրված /հաղթող/ մասնակից,
3․ հարկադրել պատասխանողին ընթացակարգի 3-րդ չափաբաժնի մասով ընկերության հետ կնքել պայմանագիր»:
Դատարանը 13․03․2023 թվականին վճռով հայցը բավարարել է մասնակիորեն՝ պատճառաբանելով, որ «(...) Դատարանը գտնում է, որ՝ տեխնիկական բնութագիր – գնման ժամանակացույցի և առաջարկվող ապրանքի ամբողջական նկարագիրը բովանդակող Հավելված 1.1.-ի ուսումնասիրությամբ Հայցվորի կողմից ներկայացված հայտում առաջարկվող ապրանքի բնութագրերը ամբողջությամբ համապատասխանում են հրավերով առաջադրված ապրանքի տեխնիկական բնութագրին: (...)Դատարանն արձանագրում է, որ Պատասխանողի միակ դիտարկումը հիմնված է Հայցվորի կողմից շտկման շրջանակներում արված հետևյալ արտահայտության վրա, ըստ որի՝ «XKN-16240A մոդելը արտադրողի կողմից մոդիֆիկացվելու է և համապատասխանեցվելու է տեխնիկական բնութագրով սահմանված պահանջներին», որը սակայն՝ հաշվի առնելով Հայցվորի պարզաբանումն առ այն, որ այն ոչ թե ենթադրել է ի սկզբանե անհամապատասխանություն, այլ ապրանքի մատակարարման շրջանակներում ապրանքի համապատասխանությունը պետք է գնահատվի պայմանագրի պայմաններին, ինչպես նաև Հայցվորի կողմից ներկայացրած արտադրող ընկերության գրությունը Պատասխանողին, որով վերջինս հավաստիացրել է, որ Հայցվորին առաջարկվել է 23.8 դյույմով մոնիտորի XKN16240A մոդելը, որը պատրաստվել է IPS պանելներով, բավարար չէ Պատասխանողի դիրքորոշումը հիմնավոր, իսկ առաջարկված ապրանքի անհամապատասխանությունը հրավերով սահմանված ապրանքի տեխնիկական բնութագրին, ապացուցված գնահատելու համար: (...) Նշված կարգավորումների համակցությունից հետևում է, որ հայտի մերժման հիմքը հրավերի պահանջների նկատմամբ հայտում անհամապատասխանությունների արձանագրումն է, որի առկայության մասով Պատասխանողը բավարար ապացույցների համակցություն չի ներկայացրել և ՔԴՕ 62-րդ հոդվածի 6-րդ մասի ուժով պետք է կրի իր կողմից ապացուցման ենթակա փաստի ապացուցված չլինելու բացասական հետևանքը, այն է՝ հայտի մերժումը նշված հիմքով հանդիսացել է ոչ իրավաչափ: (...)»:
Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի վճիռը թողել է օրինական ուժի մեջ հետևյալ պատճառաբանությամբ՝ «(...) Պատասխանողն իր կողմից որոնվող ապրանքների մասով որևէ իմպերատիվ պահանջ չի սահմանել առ այն, որ պահանջվող ապրանքները չեն կարող հանդիսանալ ապագայում ստեղծվելիք, և պետք է հանդիսանան արդեն իսկ արտադրված և (կամ) սերիական արտադրության՝ առանց մոդիֆիկացիաների կատարման:
Վերաքննիչ դատարանն ըստ էության ընդունում է, որ Պատասխանողի կամքը կարող էր ուղղված լինել բացառապես այնպիսի ապրանքների ձեռքբերմանը, որոնք արդեն իսկ արտադրված /պատրաստի են և որոնվող չափանիշներին բավարարում են սերիական արտադրությամբ, այլ ոչ թե առանձին մոդիֆիկացիաների (ձևափոխությունների) արդյունքում, մինչդեռ ինչպես հրավերի պայմաններով, այնպես էլ պահանջվող ապրանքների տեխնիկական բնութագրերով Պատասխանողը նման չափանիշներ չի ներառել, ինչը ենթադրում է, որ Ընկերությանը չի կարող վերագրվել ոչ իրավաչափ վարքագիծ՝ ապագայում պատրաստվելիք ապրանքները առաջարկելու կապակցությամբ: (․․․) Միաժամանակ՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Պատասխանողը, կրելով վիճարկվող գործողությունների հիմքում ընկած հանգամանքների ապացուցման բեռը, Դատարանի առջև որևէ կերպ չի բացահայտել իր կողմից Ընկերության առաջարկած մոնիտորների տեխնիկական հատկանիշներում առկա անհամապատասխանության մասին եզրահանգումների հիմքերը, (...)»:
Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Սույն գործով Դատարանը 03․02․2023 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու և պատասխանողից ապացույցներ պահանջելու մասին» որոշմամբ Հիմնադրամից պահանջել է ներկայացնել գնման գործընթացի հետ կապված իր տիրապետման տակ գտնվող ապացույցները։
Հիմնադրամն օրենքով սահմանված ժամկետում, այն է՝ 10․02․2023 թվականին ներկայացված հայցադիմումի պատասխանին կից Դատարանին է ներկայացրել հետևյալ փաստաթղթերը․
1․ Հրավերի թիվ 1 հավելվածով սահմանված տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցի պատճեն,
2․ Ընկերության կողմից թիվ 1․1 հավելվածով առաջարկվող ապրանքի ամբողջական նկարագրի պատճեն,
3․ Ընթացակարգի գնահատող հանձնաժողովի 09․12․2022 թվականից 29․12․2022 թվականը տեղի ունեցած նիստի թիվ 3 արձանագրության պատճեն,
4․ Հանձնաժողովի քարտուղարի կողմից 27․12․2022 թվականին Ընկերությանն ուղարկված 3-րդ չափաբաժնի մասով արձանագրված անհամապատասխանությունների շտկման մասին ծանուցման պատճեն,
5․ Ընկերության կողմից ներկայացված գրությունը և Շենժեն Քսիաոկունիաո Քոմփյութերս Քք. ԼԹԴ վաճառքի գծով տնօրեն Ժասմին Լեունգի 28.12.2022 թվականի գրությունը։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ստորադաս դատարանների կողմից պատշաճ գնահատման չեն արժանացել Հիմնադրամի կողմից ներկայացված գնման գործընթացի հետ կապված ապացույցները։ Մասնավորապես, Հիմնադրամի կողմից 28.11.2022 թվականին նախաձեռնված թվով 375 հատ մոնիտորների ձեռքբերման հրավերով հայտարարվել է մոնիտորների գնման գործընթաց՝ հստակ սահմանելով պահանջվող ապրանքի չափանիշները, այն է ՝ «Մոնիտոր առնվազն 23.8”-24” (դյույմ): Մատրիցայի տեսակը IPS, HDMI, VGA DVI մուտքերով, 1920×1080, դիտման անկյունը հորիզոնական/ուղղահայաց 178-190 աստիճան, արձագանքման ժամանակը–4մվ-6մվ, պայծառությունը–250-270 cd/m2 ներառյալ HDMI մալուխ, նեղ շրջանակով դիսփլեյ, SmartContrast, LowBlue, EasyRead տեխնոլոգիաներ։ Երաշխիքային սպասարկում առնվազն մեկ տարի։ Արտադրողի կողմից լիազորման ձևի առկայություն (MAF), առնվազն մեկ պաշտոնական երաշխիքային սպասարկման կենտրոնի առկայություն ՀՀ-ում»։ Ընկերության կողմից 08.12.2022 թվականին ներկայացվել է մասնակցության հայտ, կից ներկայացված հավելված 1.1-ով Ընկերությունը տվել է առաջարկվող ապրանքի նկարագիրը՝ հետևյալ տվյալներով․ «Մոդել՝ «XKN-16240A», արտադրողի անվանումը՝ «ՔՈՈԼ ԲԻՐԴ», տեխնիկական բնութագրերը՝ «Մոնիտոր առնվազն 23.8”-24” (դյույմ): Մատրիցայի տեսակը IPS, HDMI, VGA DVI մուտքերով, 1920×1080, դիտման անկյունը հորիզոնական/ուղղահայաց 178-190 աստիճան, արձագանքման ժամանակը – 4մվ-6մվ, պայծառությունը – 250-270 cd/m2 ներառյալ HDMI մալուխ, նեղ շրջանակով դիսփլեյ, SmartContrast, LowBlue, EasyRead տեխնոլոգիաներ։ Երաշխիքային սպասարկում առնվազն մեկ տարի։ Արտադրողի կողմից լիազորման ձևի առկայություն (MAF), առնվազն մեկ պաշտոնական երաշխիքային սպասարկման կենտրոնի առկայություն ՀՀ-ում»։
Հանձնաժողովի քարտուղարի կողմից 27.12.2022 թվականին Ընկերության www@armeps.am համակարգի միջոցով տրվել է անհամապատասխանությունների շտկման մասին երեք կետերով ծանուցում, որի 2-րդ կետում նշվել է՝ հավելված 1.1-ում մասնակցի կողմից ներկայացված մոդելի գրառմամբ պաշտոնական արտադրողի կայքում մոդել առկա չէ, ինչով պայմանավորված գնահատող հանձնաժողովը ենթադրում է, որ խոսքը գնում է XKN-16240A մոդելի մասին: Վերջինիս մասով, ներկայացված տեխնիկական տվյալները արտադրողի պաշտոնական կայքում տարբերվում են Ընկերության կողմից ներկայացված տեխնիկական տվյալներից և առկա է մրցույթով ներկայացված տեխնիկական պահանջի անհամապատասխանություն մատրիցայի տեսակի մասով: Ընկերության 28.12.2022 թվականի գրությամբ, արձանագրված վերոնշյալ երկրորդ խախտման մասով հայտնվել է, որ մոնիտորն արտադրողի կողմից մոդիֆիկացվելու է և համապատասխանեցվելու է տեխնիկական բնութագրով սահմանված պահանջներին: Նշված գրությանը կից ներկայացվել է Շենժեն Քսիաոկունիաո Քոմփյութերս Քք. ԼԹԴ վաճառքի գծով տնօրեն Ժասմին Լեունգի 28.12.2022 թվականի գրությունը, որով Երևանի պետական համալսարանին հայտնվել է, որ իրենց 23.8 դյույմով մոնիտորի XKN-16240A մոդելը, որն առաջարկվել է Ընկերության կողմից, պատրաստվել է IPS պանելներով (...): Հայտնվել է նաև, որ մոնիտորի մոդելը կհամապատասխանեցվի ընթացիկ մրցույթի տեխնիկական պահանջների համաձայն և կունենա հետևյալ տեխնիկական առանձնահատկությունները. (...):
Գնահատող հանձնաժողովի 29.12.2022 թվականի նիստով արձանագրվել է, որ Ընկերության կողմից ներկայացված ապրանքի տեխնիկական բնութագրերը չեն համապատասխանում հրավերով սահմանված պահանջներին, մասնավորապես, գնման ընթացակարգի հրավերի թիվ 1 հավելվածով սահմանված 3-րդ չափաբաժնի համար նախատեսված ապրանքի տեխնիկական բնութագրով նշվել է «Մատրիցայի տեսակը IPS, HDMI, VGA DVI մուտքերով», սակայն մասնակցի կողմից գնման հայտով ներկայացված թիվ 1.1 հավելվածով՝ առաջարկվող ապրանքի ամբողջական նկարագրով որպես առաջարկվող ապրանքի մոդել նշվել է XKN-16240A մոդելի ապրանքը: Արձանագրված անհամապատասխանությունը շտկելու, այն է՝ թիվ 1.1 հավելվածի շտկված տարբերակը ներկայացնելու փոխարեն մասնակցը գնահատող հանձնաժողովին հասցեագրել է գրություն, որով հայտնել է, որ XKN-16240A մոդելն արտադրողի կողմից մոդիֆիկացվելու է և համապատասխանեցվելու է տեխնիկական բնութագրով սահմանված պահանջներին։ Գնահատող հանձնաժողովը որոշել է՝ Ընկերության կողմից ներկայցված հայտը գնահատել անբավարար և մերժել:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ մրցույթի շրջանակում գնահատող հանձնաժողովի կողմից հստակ արձանագրվել է Ընկերության կողմից թիվ 1.1 հավելվածով ներկայացված ապրանքի բնութագրերի և հայտով պահանջվող ապրանքի իրական չափորոշիչների անհամապատասխանությունը, որպիսի պայմաններում գնահատող հանձնաժողովը Կարգի 41-րդ կետի հիմքով դիմել է մասնակցին և առաջարկել է շտկել առկա հակասությունները, որից հետո, սակայն, Ընկերությունը ներկայացրել է ոչ թե շտկված տարբերակը՝ թիվ 1.1 հավելվածի տեսքով, կամ առնվազն առարկություններ՝ անհամապատասխանություն չլինելու վերաբերյալ, այլ, ընդհակառակը, գրությամբ հայտնել է, որ «XKN-16240A մոդելը արտադրողի կողմից մոդիֆիկացվելու է և համապատասխանեցվելու է տեխնիկական բնութագրով սահմանված պահանջներին»: Այսինքն, Ընկերությունը, ըստ էության, ընդունելով, որ ներկայացված հայտով ապրանքն իրականում չի համապատասխանում գնման ընթացակարգի հրավերի թիվ 3 չափաբաժնով նախատեսված ապրանքի տեխնիկական բնութագրերով սահմանված պայմաններին, ի պատասխան իրեն ուղղված անհամապատասխանության շտկման ծանուցման, ոչ թե շտկել է առկա անհամապատասխանությունը, այլ արձանագրված անհամապատասխանությունները հետագայում վերացնելու պատրաստակամություն է հայտնել: Հետևաբար, գնահատող հանձնաժողովն իրավացիորեն որոշել է նախաձեռնած հրավերին չհամապատասխանող ապրանք առաջարկած մասնակցի հայտը գնահատել անբավարար՝ այն հիմնավորմամբ, որ մասնակցի կողմից որպես անհամապատասխանության շտկում ներկայացվել է գրություն, այլ ոչ թե շտկում:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ գործում առկա ապացույցների սխալ գնահատման արդյունքում ստորադաս դատարանները Հանձնաժողովի արձանագրած անհամապատասխանություններն Ընկերության կողմից վերացված լինելու կապակցությամբ հանգել են ոչ իրավաչափ հետևության այն դեպքում, երբ գործի փաստերից հետևում է, որ Ընկերության կողմից սահմանված ժամկետում չի շտկվել գնահատող հանձնաժողովի 09․12․2022 թվականի նիստի 7․3 կետում արձանագրած անհամապատասխանությունը, ուստի իրավաչափորեն է որոշվել մերժել Ընկերության հայտը՝ հրավերի պահանջներին չհամապատասխանելու հիմքով։ Ստորադաս դատարաններն անտեսել են, որ մասնակցի կողմից որպես անհամապատասխանության շտկում ներկայացված գրությունը, որով վերջինս պարզաբանել է XKN-16240A մոդելի՝ արտադրողի կողմից մոդիֆիկացվելու և տեխնիկական բնութագրով սահմանված պահանջներին համապատասխանեցվելու մասին, չի կարող որակվել որպես անհամապատասխանությունները շտկելու նպատակով հանձնաժողովի կողմից պահանջված փաստաթղթերի ներկայացում (շտկում)։ Տվյալ գրությամբ Ընկերությունը պարզապես վերահաստատել է այն իրողությունը, որ իր կողմից առաջարկվող ապրանքը հայտը ներկայացնելու պահի դրությամբ իրականում չի համապատասխանում գնման ընթացակարգի հրավերի թիվ 3 չափաբաժնով նախատեսված ապրանքի տեխնիկական բնութագրով սահմանված պայմաններին։
Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Հիմնադրամի կողմից համակարգչային տեխնիկայի ձեռքբերման նպատակով 29․11․2022 թվականին հայտարարվել է ԵՊՀ-ԳՀԱՊՁԲ-23/3 ծածկագրով գնանշման հարցման ընթացակարգ որոշակի պահանջների սահմանմամբ, որոնց մասնակիցների կողմից առաջարկվող ապրանքի տեխնիկական տվյալները պետք է համապատասխանեն, իսկ ներկայացված առաջարկների՝ հրավերով սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում առկա է համապատասխան կառուցակարգ, որը գնման գործընթացի մասնակիցներին հնարավորություն է ընձեռում շտկել առաջարկում առկա անհամապատասխանությունները։ Տվյալ դեպքում, Ընկերությունը, համարելով, որ հայտը համապատասխանում է հրավերով սահմանված պահանջներին, չի իրականացրել համապատասխան շտկումը, արձանագրված անհամապատասխանությունները շտկելու նպատակով չի ներկայացրել հանձնաժողովի կողմից պահանջված փաստաթղթերը՝ այդպիսով չպահպանելով հայտին հրավերով պահանջվող փաստաթղթերը կցելու, գնման գործընթացում գնահատող հանձնաժողովին պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու իր պարտականությունը՝ գնման ընթացակարգի շրջանակներում փաստացի առաջարկելով այնպիսի ապրանք, որը չի համապատասխանում պատվիրատու Հիմնադրամի կողմից ի սկզբանե սահմանված և ընթացակարգի հրավերում ներառված գնման առարկայի տեխնիկական բնութագրին։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ գործի ճիշտ լուծումը կախված է գործի համար էական նշանակություն ունեցող փաստերի հաստատման համար ներկայացված ապացույցների բազմակողմանի վերլուծությունից և գնահատումից, մինչդեռ ստորադաս դատարանները լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննության չեն ենթարկել ապացույցները, մասնավորապես՝ Հիմնադրամի առաջադրված Հրավերը, Ընկերության ներկայացրած հայտը, գնահատող հանձնաժողովի քարտուղարի 27․12․2022 թվականի ծանուցումը, Ընկերության և Շենժեն Քսիաոկունիաո Քոմփյութերս Քք. ԼԹԴ վաճառքի գծով տնօրեն Ժասմին Լեունգի 28.12.2022 թվականի գրությունները, հակառակ դեպքում կհանգեին այն եզրահանգման, որ գնահատող հանձնաժողովն Ընկերության կողմից ներկայացված հայտը մերժել է օրենքի պահանջների պահպանմամբ։
Հետևաբար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի, Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի, 34-րդ հոդվածի 1-ին մասիպահանջների խախտման մասին բողոքում բերված փաստարկները հիմնավորված են, ինչը բավարար է Վերաքննիչ դատարանի 12.02.2024 թվականի որոշումը բեկանելու համար, քանի որ ստորադաս դատարանները թույլ են տվել այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Վերը նշված պատճառաբանություններով հերքվում է նաև վճռաբեկ բողոքի պատասխանում ներկայացված փաստարկները։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոնների համաձայն:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9.2-րդ կետի բովանդակությունից բխում է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացվող հայցադիմումների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված գնման գործընթացներին վերաբերող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով՝ գանձվում է բազային տուրքի 100-ապատիկի չափով։
Նույն հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «ժգ» ենթակետի համաձայն՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված գնման գործընթացներին վերաբերող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով` բազային տուրքի 200-ապատիկի չափով։
Նույն հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «ժբ» ենթակետի բովանդակությունից բխում է, որ պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար՝ «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված գնման գործընթացներին վերաբերող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27.2-րդ գլխով նախատեսված վեճերով՝ բազային տուրքի 200-ապատիկի չափով։
Նկատի ունենալով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, որի արդյունքում Վերաքննիչ դատարանի 12․02․2024 թվականի որոշումը ենթակա է բեկանման և փոփոխման` հայցը ենթակա է մերժման՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքը պետք է բաշխել հետևյալ համամասնությամբ.
- Դատարանում Ընկերության կողմից հայցադիմումի համար պետական տուրքի գումարը վճարված լինելու պայմաններում դատական ծախսերրի բաշխման հարցն այդ մասով պետք է համարել լուծված․
- Ընկերությունից հօգուտ Հիմնադրամի պետք է բռնագանձել 200.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի գումար։
- Ընկերությունից հօգուտ Հիմնադրամի պետք է բռնագանձել 200.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի գումար։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այլ դատական ծախսերի վերաբերյալ պահանջ ներկայացված չլինելու պատճառաբանությամբ այդ դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12․02․2024 թվականի որոշումը և այն փոփոխել՝ «Ջի Էմ Պրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայցն ընդդեմ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի` գնահատող հանձնաժողովի որոշումը մասնակիորեն անվավեր ճանաչելու, գնման գործընթացում հաղթող ճանաչելու ու պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջների մասին՝ մերժել:
2. «Ջի Էմ Պրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի բռնագանձել 200.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի գումար։
«Ջի Էմ Պրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի բռնագանձել 200.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի գումար:
Այլ դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Գ. հակոբյան Զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս. Մեղրյան Ա. Մկրտչյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|