ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ2/0077/02/16 2026 թ. |
| Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ2/0077/02/16 | |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
|
Նախագահող և զեկուցող |
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ | |
|
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ | ||
|
Ս․ ՄԵՂՐՅԱՆ | ||
|
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ |
2026 թվականի մարտի 30-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 15.01.2025 թվականի «Դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ Կարինե Բաղդասարյանի բողոքը քաղաքացիական գործով ըստ Սեդրակ Բարսեղյանի հայցի ընդդեմ Գագիկ Բարսեղյանի և Կարինե Բաղդասարյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Սեդրակ Բարսեղյանը պահանջել է Գագիկ Բարսեղյանից և Կարինե Բաղդասարյանից համապարտությամբ բռնագանձել 246.517.000 ՀՀ դրամ, ինչպես նաև այդ գումարի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված տոկոսները՝ սկսած 23.12.2015 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը։
Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 10.09.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 24.01.2019 թվականի որոշմամբ Սեդրակ Բարսեղյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 10.09.2018 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը բավարարվել է մասնակիորեն՝ հետևյալ կերպ․ «Գագիկ Գառնիկի Բարսեղյանից և Կարինե Բաղդասարյանից հօգուտ Սեդրակ Մարտունիկի Բարսեղյանի բռնագանձել 221.864.000 (երկու հարյուր քսանմեկ միլիոն ութ հարյուր վաթսունչորս հազար) ՀՀ դրամ գումար, ինչպես նաև սկսած 23.12.2015 թվականից մինչև պարտավորության փաստացի դադարումը՝ 221.864.000 (երկու հարյուր քսանմեկ միլիոն ութը հարյուր վաթսունչորս հազար) ՀՀ դրամ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվեգրվող տոկոսները: (…)»։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08․04․2022 թվականի որոշմամբ Գագիկ Բարսեղյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Վերաքննիչ դատարանի 24.01.2019 թվականի որոշումը` անհիմն հարստացման գումարի չափի ու դրա նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվեգրվող տոկոսները բռնագանձելու, դատական ծախսերը բաշխելու մասերով, բեկանվել է, և գործն այդ մասերով ուղարկվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության․ Վերաքննիչ դատարանի 24.01.2019 թվականի որոշումը մնացած մասերով թողնվել է օրինական ուժի մեջ:
Դատավոր Գ․ Հակոբյանը հայտնել է հատուկ կարծիք։
Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 21․10․2022 թվականի որոշմամբ սույն գործը հանձնվել է Սնանկության դատարանի քննությանը։
Սնանկության դատարանի 27․07․2023 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է Գագիկ Բարսեղյանից հօգուտ Սեդրակ Բարսեղյանի բռնագանձել 177․491․200 ՀՀ դրամ՝ որպես անհիմն հարստացման գումար․ մնացած մասով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07․02․2024 թվականի որոշմամբ Սեդրակ Բարսեղյանի և վերջինիս սնանկության գործով կառավարիչ Արամ Խաչատրյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Գագիկ Բարսեղյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Սնանկության դատարանի 27․07․2023 թվականի վճիռը բեկանվել է, ու գործը՝ անհիմն հարստացման գումարի չափը որոշելու և դատական ծախսերը բաշխելու մասերով, ուղարկվել է նոր քննության:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 04․11․2024 թվականի որոշմամբ Սեդրակ Բարսեղյանի և վերջինիս սնանկության գործով կառավարիչ Արամ Խաչատրյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ որոշվել է «Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07․02․2024 թվականի որոշումը և փոփոխել այն՝ Սեդրակ Բարսեղյանի հայցն ընդդեմ Գագիկ Բարսեղյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, բավարարել մասնակիորեն՝ Գագիկ Բարսեղյանից հօգուտ Սեդրակ Բարսեղյանի համապարտությամբ բռնագանձել 221․864․000 ՀՀ դրամ՝ որպես անհիմն հարստացման գումար․ մնացած մասով հայցը մերժել: (…)»։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 15.01.2025 թվականի որոշմամբ Կարինե Բաղդասարյանի բերած դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
Սույն գործով նոր հանգամանքի հիմքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոք է ներկայացրել Կարինե Բաղդասարյանը (ներկայացուցիչ Մարտին Խաչիկյան)։
Նոր հանգամանքի հիմքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի պատասխան են ներկայացրել Սեդրակ Բարսեղյանը և վերջինիս սնանկության գործով կառավարիչ Արամ Խաչատրյանը (ներկայացուցիչ Արմինե Ավետիսյան):
2. Նոր հանգամանքի հիմքով դատական ակտը վերանայելու համար հիմք հանդիսացող նոր հանգամանքի շարադրանքը, հիմնավորումը և պահանջը
Նոր հանգամանքի հիմքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Սույն գործով առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված նոր հանգամանք:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Սահմանադրական դատարանի 20.05.2025 թվականի թիվ ՍԴՈ-1782 որոշումը սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 15․01․2025 թվականի «Դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վերանայելու հիմք է, քանի որ վերը նշված որոշմամբ Սահմանադրական դատարանը գտել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով կայացված եզրափակիչ դատավարական ակտերը հիմք են նոր երևան եկած հանգամանքի ուժով դատական ակտերը վերանայելու համար:
Մասնավորապես՝ Սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ մինչդատական վարույթում քննիչի, իրավասու դատախազի համապատասխան որոշումը (համապատասխանաբար՝ քրեական վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու և այլն), որում ամրագրված են քաղաքացիական (սնանկության) գործի լուծման համար էական նշանակություն ունեցող և օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայացման հիմքում ընկած իրականությանը չհամապատասխանող գրավոր կամ իրեղեն ապացույցների առկայությունը վկայող հանգամանքները, որոնք գոյություն են ունեցել տվյալ գործի լուծման պահին, հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել բողոք բերած գործին մասնակցող անձին ու դատարանին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով պետք է դիտարկվեն որպես նոր երևան եկած հանգամանք, եթե որպես այդպիսին ստուգվել և գնահատվել են իրավասու դատարանի կողմից։
Մինչդեռ սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը մերժել է բողոքը վարույթ ընդունելը՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին տալով Սահմանադրական դատարանի կողմից վերը նշված որոշմամբ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանություն։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի՝ թիվ ԱՐԱԴ2/0077/02/16 քաղաքացիական գործով 2025 թվականի հունվարի 15-ին կայացրած «Դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, Ամբողջությամբ վերացնել ՀՀ վճռաբեկ դատարանի՝ թիվ ԱՐԱԴ2/0077/02/16 քաղաքացիական գործով 2025 թվականի հունվարի 15-ին կայացրած «Դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ, այն է՝ Կարինե Բաղդասարյանի կողմից ՀՀ վճռաբեկ դատարանի 2024 թվականի նոյեմբերի 4-ի որոշման վերանայման նպատակով ներկայացված վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ։
2.1 Սեդրակ Բարսեղյանի և վերջինիս սնանկության գործով կառավարիչ Արամ Խաչատրյանի կողմից ներկայացված բողոքի պատասխանի հիմքերը և հիմնավորումները
Սահմանադրական դատարանի 20.05.2025 թվականի թիվ ՍԴՈ-1782 որոշմամբ քննարկվում է բացառապես մինչդատական վարույթում քննիչի, իրավասու դատախազի համապատասխան որոշումը (համապատասխանաբար` քրեական վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու և այլն), որում ամրագրված են քաղաքացիական (սնանկության) գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ու օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայացման հիմքում ընկած իրականությանը չհամապատասխանող գրավոր կամ իրեղեն ապացույցների առկայությունը վկայող հանգամանքները և դրանք՝ որպես նոր երևան եկած հանգամանք քննարկելու հարցը, մինչդեռ փորձագետի եզրակացությունը հանդիսանում է ապացույցի առանձին տեսակ և չի նույնանում ոչ գրավոր, ոչ էլ իրեղեն ապացույցների հետ։
Կարինե Բաղդասարյանը չի կարող համարվել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասի իմաստով Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող անձ, հետևաբար Սահմանադրական դատարանի վերը նշված որոշումը չի կարող հիմք լինել Կարինե Բաղդասարյանի կողմից վերանայման բողոք ներկայացնելու համար։
Կարինե Բաղդասարյանի կողմից վերանայման բողոքում ներկայացված պահանջից բխում է, որ վերջինս նոր երևան եկած հանգամանքի հիմքով բողոքարկել է ոչ թե Վերաքննիչ դատարանի 24․01․2019 թվականի որոշումը, այլ՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից կայացված որոշումը, որը չի կարող հանգեցնել Վերաքննիչ դատարանի 24․01․2019 թվականի որոշման փոփոխման։
3. Նոր հանգամանքի հիմքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Նոր հանգամանքի հիմքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Սեդրակ Բարսեղյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Գագիկ Բարսեղյանի և Կարինե Բաղդասարյանի` պահանջելով վերջիններից համապարտությամբ բռնագանձել 246.517.000 ՀՀ դրամ, ինչպես նաև այդ գումարի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված տոկոսները՝ սկսած 23.12.2015 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը (հատոր 1-ին, գ.թ. 4-10, հատոր 2-րդ, գ․թ․ 74-78).
2) Դատարանի 10.09.2018 թվականի վճռով հայցը մերժվել է (հատոր 5-րդ, գ.թ. 61-66).
3) Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ
- «(...) պատասխանողի անհիմն հարստացումը տվյալ դեպքում պայմանավորված է 2004 թվականի դեկտեմբերի 12-ից /երբ հայցվորի և պատասխանողի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի ուժով հայցվոր Սեդրակ Բարսեղյանը Հյուրանոցի նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք/ մինչև 2015 թվականի դեկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում Հյուրանոցի նկատմամբ հայցվորի կատարած ծախսերի և բարելավումների արժեքի արդյունքում պատասխանողի մոտ գրանցված գույքի ավելացմամբ, իսկ հայցվորի մոտ՝ գույքի պակասեցմամբ: Ընդ որում, հայցվոր Սեդրակ Բարսեղյանի կողմից կատարված ծախսերն ու Հյուրանոցի շուրջ կատարված բարելավումների արժեքը պատասխանողները խնայել են առանց որևէ օրինական հիմքի»,
- «(…) Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքի պատասխանում պատասխանող Գագիկ Բարսեղյանի արտահայտած այն դիրքորոշմանը, թե «Վարմօն Ռիելթի» ՍՊ ընկերության կողմից տրված թիվ 315-01/Վ-016 եզրակացությամբ չի կարող հիմնավորվել հայցվորի կողմից ներդրումներ կատարելու հանգամանքը, քանի որ նրանում ամրագրված տվյալները իրականությանը չեն համապատասխանում, ինչպես նաև անդրադառնալով պատասխանողի կողմից ներկայացված «Դատաէքսպերտ» ՍՊ ընկերության եզրակացությանը, Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ հայցվորի կողմից գործով դատաապրանքագիտական փորձաքննություն նշանակելու միջնորդությունը քննարկվել է դատական նիստում, որին մասնակցել է նաև պատասխանողի ներկայացուցիչը, որը թե դատաապրանքագիտական փորձաքննություն նշանակելու և թե այդ փորձաքննության կատարումը ՀՀ «Վարմօն Ռիելթի» ՍՊ ընկերության փորձագետներին հանձնարարելու վերաբերյալ չի առարկել: Բացի այդ, դատաապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին որոշմամբ Առաջին ատյանի դատարանը «Վարմօն Ռիելթի» ՍՊ ընկերության փորձագետներին միաժամանակ նախազգուշացրել է ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ավելին՝ պատասխանող կողմը ներկա է գտնվել փորձաքննության կատարմանը: Ի դեպ, Վերաքննիչ դատարանը ցանկանում է հավելել, որ «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի կողմից տրամադրված եզրակացության հիմնավորվածության և արժանահավատության վերաբերյալ կասկածներ ունենալիս անգամ պատասխանող կողմը զրկված չէր այդ կապակցությամբ գործի քննության ընթացքում կրկնակի կամ լրացուցիչ փորձաքննություն նշանակելու վերաբերյալ համապատասխան միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից, ինչը չի արել, ուստի «Վարմօն Ռիելթի» ՍՊ ընկերության կողմից տրամադրված եզրակացության հիմնավորվածության և արժանահավատության վերաբերյալ պատասխանողի կասկածները առարկայազուրկ չեն», 24․01․2019 թվականի որոշմամբ Սեդրակ Բարսեղյանի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն` Դատարանի 10.09.2018 թվականի վճիռը բեկանել և փոփոխել է` հայցը բավարարել է մասնակիորեն՝ հետևյալ կերպ․ «Գագիկ Գառնիկի Բարսեղյանից և Կարինե Բաղդասարյանից հօգուտ Սեդրակ Մարտունիկի Բարսեղյանի բռնագանձել 221.864.000 (երկու հարյուր քսանմեկ միլիոն ութ հարյուր վաթսունչորս հազար) ՀՀ դրամ գումար, ինչպես նաև սկսած 23.12.2015 թվականից մինչև պարտավորության փաստացի դադարումը՝ 221.864.000 (երկու հարյուր քսանմեկ միլիոն ութը հարյուր վաթսունչորս հազար) ՀՀ դրամ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվեգրվող տոկոսները: (…)» (հատոր 5-րդ, գ.թ. 131-149).
4) Կարինե Բաղդասարյանը Վերաքննիչ դատարանի 24․01․2019 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոք չի ներկայացրել և Վերաքննիչ դատարանի 24.01.2019 թվականի որոշումն իր մասով մտել է օրինական ուժ մեջ.
5) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը, քննելով Կարինե Բաղդասարյանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով դատական ակտը նոր երևան եկած հանգամանքով վերանայելու բողոքը վարույթ ընդունելու հարցը, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 15.01.2025 թվականի «Դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշմամբ արձանագրել է, որ
- «Տվյալ դեպքում Կարինե Բաղդասարյանի կողմից նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով դատական ակտը նոր երևան եկած հանգամանքով վերանայելու բողոք է ներկայացվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2019 թվականի որոշման դեմ, որը վերանայելու լիազորությունը բացառապես վերապահված է Վճռաբեկ դատարանին:
Դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքում որպես ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2019 թվականի որոշումը վերը նշված հիմքով վերանայելու համար նոր երևան եկած հանգամանք վկայակոչվել է թիվ 29-0715-24 քրեական վարույթի շրջանակներում 02.10.2024 թվականի «Հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին» որոշմամբ հաստատված հանգամանքը՝ կեղծ փորձագիտական եզրակացություն կազմված լինելը:
Վերլուծելով բողոք բերած անձի կողմից դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքում նշված հիմնավորումները և վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք բավարար չեն եզրահանգելու, որ սույն գործով առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված նոր երևան եկած հանգամանք, և այդ հիմնավորումները բավարար չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքով բողոքը վարույթ ընդունելու հետևության հանգելու համար, քանի որ բողոքում նշված հանգամանքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով չի կարող որակվել որպես «նոր երևան եկած հանգամանք», քանի որ գրավոր կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելու արդյունքում ապօրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելու հանգամանքն օրենսդիրը նախատեսել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (տե´ս ըստ Կարեն Սավզյանի դիմումի՝ թիվ ԵԱՔԴ/0231/04/16 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04․07․2024 թվականի որոշումը)։
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի որոշումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով վերանայելու վերաբերյալ բողոքին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված` վկայի սուտ ցուցմունքները, փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացությունը, թարգմանչի ակնհայտ սխալ թարգմանությունը, գրավոր կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելը հանգեցրել են ապօրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելուն։
Տվյալ դեպքում դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքում որպես ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2019 թվականի որոշումը վերը նշված հիմքով վերանայելու համար նոր երևան եկած հանգամանք կրկին վկայակոչվել է թիվ 29-0715-24 քրեական վարույթի շրջանակներում 02.10.2024 թվականի «Հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին» որոշմամբ հաստատված հանգամանքը՝ կեղծ փորձագիտական եզրակացություն կազմված լինելը:
Վերլուծելով բողոք բերած անձի կողմից նոր երևան եկած հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքում նշված հիմնավորումները և վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը։
ՀՀ վճռաբեկ դատարանը դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված հիմքով դատական ակտը վերանայելու համար անհրաժեշտ պայման է դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով գրավոր կամ իրեղեն ապացույցի կեղծված լինելու հանգամանքը հաստատված լինելը։ Նախաքննական մարմնի որոշումը հանդիսանում է ինքնուրույն դատավարական փաստաթուղթ, հետևաբար չի կարող նույնացվել անձի մեղավորությունը հաստատող մեկ այլ դատավարական փաստաթղթի` դատավճռի հետ (տե´ս ըստ Կարեն Սավզյանի դիմումի՝ թիվ ԵԱՔԴ/0231/04/16 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.07.2024 թվականի որոշումը)։
Վերլուծելով բողոք բերած անձի կողմից նոր երևան եկած հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքում նշված հիմնավորումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք բավարար չեն եզրահանգելու, որ սույն գործով առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին 2-րդ կետով սահմանված նոր երևան եկած հանգամանք, և այդ հիմնավորումները բավարար չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքով բողոքը վարույթ ընդունելու հետևության հանգելու համար, քանի որ տվյալ դեպքում առկա է բացառապես նախաքննական մարմնի 02.10.2024 թվականի «Հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին» որոշում, որը, հանդիսանալով ինքնուրույն դատավարական փաստաթուղթ, չի կարող նույնացվել անձի մեղավորությունը հաստատող դատավարական փաստաթղթի` դատավճռի հետ։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր երևան եկած հանգամանքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման» (հատոր 13-րդ, գ.թ. 114-122).
6) Արմեն Ավագյանը դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրել 09․01․2025 թվականին: Սահմանադրական դատարանի 20.05.2025 թվականի թիվ ՍԴՈ-1782 որոշմամբ (որոշումը Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակվել է 23.05.2025 թվականին)՝ Արմեն Ավագյանի դիմումի հիման վրա, արձանագրվել է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով կայացված եզրափակիչ դատավարական ակտերը հիմք են նոր երևան եկած հանգամանքի ուժով դատական ակտերը վերանայելու համար: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով՝ նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը Դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշման մեջ նշված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ» (ներկայացվել է դատական ակտի վերանայման բողոքին կից).
8) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 15.01.2025 թվականի «Դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումն օրինական ուժի մեջ է մտել կայացման պահից։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ պայմանավորված նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով կարող են վերանայվել (...) Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին և վճռաբեկ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք և նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Սահմանադրական դատարանը տվյալ կամ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված դեպքերում այլ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք կարող է բերվել երեք ամսվա ընթացքում, որի հաշվարկը սկսվում է՝ նույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում՝ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու օրվանից։
Վերը նշված իրավական նորմերի վերլուծությունից բխում է, որ նոր հանգամանքով կարող են վերանայվել նաև Վճռաբեկ դատարանի որոշումները: Ընդ որում, Վճռաբեկ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը նոր հանգամանքներով վերանայում է Վճռաբեկ դատարանը՝ ինչպես գործին մասնակցող անձանց, այնպես էլ՝ նրանց իրավահաջորդների բողոքի հիման վրա, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն։
Օրենսդիրը որպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված նոր հանգամանքի հիմքով դատական ակտը վերանայելու համար անհրաժեշտ պայման է նախատեսել Սահմանադրական դատարանի կողմից տվյալ կամ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված դեպքերում այլ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելը, կամ այդ դրույթը թեկուզև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելն այն դեպքում, երբ բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը՝ որոշման եզրափակիչ մասում Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:
Միևնույն ժամանակ վերը նշված հիմքով դատական ակտը վերանայելու համար օրենսդիրը նախատեսել է եռամսյա ժամկետ՝ դրա հաշվարկի սկիզբը համարելով Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու օրը։
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործին մասնակցող անձինք, ինչպես նաև նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն, տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում`
- գործին մասնակցող անձի նկատմամբ կայացված դատական ակտը վերջնական է,
- տվյալ դատական ակտով դիմողի նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանն ընդունել է որոշում, որով օրենքի այդ դրույթը ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և անվավեր, կամ Սահմանադրական դատարանը, օրենքի այդ դրույթը ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող ու միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, համարել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ,
- համապատասխան հիմքն ի հայտ գալուց հետո նոր հանգամանքով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու դրությամբ 3 ամսվա ժամկետը չի լրացել:
Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (մասնավորապես` 11.05.2007 թվականի թիվ ՍԴՈ-701, 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114) անդրադարձել է նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի իրավակարգավորումներին առնչվող հիմնախնդիրներին` առաջադրելով այն հայեցակարգային դիրքորոշումը, որ Սահմանադրական դատարան դիմելու` անձի իրավունքի արդյունավետ իրացումը պահանջում է Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման այնպիսի լիարժեք օրենսդրական կարգավորում, որը հնարավորություն կտա անձին վերականգնելու Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմատիվ ակտի կիրառման արդյունքում խախտված իր սահմանադրական իրավունքը: Սահմանադրական դատարանը գտել է նաև, որ նոր հանգամանքների հիման վրա դատական ակտի վերանայման հետ կապված իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորման նպատակը պետք է լինի ինչպես արդարադատության մատչելիությունը, այնպես էլ անձանց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության արդյունավետության ապահովումը, որոնց օրենսդրորեն հստակեցումը կմեծացնի վստահությունն արդարադատության նկատմամբ, մարդկանց հնարավորություն կտա առավել երաշխավորված ու արդյունավետ իրացնել դատական պաշտպանության իրենց սահմանադրական իրավունքը:
Սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 և 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական ու (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն՝ խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, Սահմանադրական դատարանը նշել է նաև, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:
Հիմք ընդունելով վերը նշվածը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի ցանկացած վերանայում դրանց կայունության և անփոփոխելիության, կամ որ այն է՝ իրավական որոշակիության (res judicata) սկզբունքի խախտում է: Մինչդեռ օրենքով սահմանված բացառիկ դեպքերում, երբ առկա են res judicata սկզբունքի հանդեպ գերակա հանգամանքներ, այդ սկզբունքից շեղվելը և օրինական ուժի մեջ մտած ակտերը վերանայելն արդարացված է՝ պայմանով, որ այդ վերանայումը հետապնդի դատական էական սխալներն ուղղելու, արդարադատության չարաշահումները վերացնելու նպատակ։
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն հոդվածում նշված գործերով դիմում (այսուհետ` անհատական դիմում) կարող է ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց՝ վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո:
Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն` նույն հոդվածում նշված գործերով՝ նորմատիվ իրավական ակտի՝ դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով:
Նույն հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 10-րդ մասը տարածվում է նաև այն անձանց վրա, որոնք Սահմանադրական դատարանում դիմումը մուտքագրվելու օրվա դրությամբ դեռևս պահպանել էին նույն հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրենց իրավունքը, սակայն չէին դիմել Սահմանադրական դատարան։
Սահմանադրական դատարանն իր 29.03.2022 թվականի թիվ ՍԴՈ-1645 որոշմամբ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասն այն մասով, որ չի նախատեսում այն անձանց նկատմամբ կայացված վերջնական դատական ակտերի՝ նոր հանգամանքի հիմքով վերանայում, որոնք դատական պաշտպանության միջոցներն սպառել են Սահմանադրական դատարանում այլ անձի դիմումը մուտքագրվելուց հետո, սակայն նրանց նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ այլ անձի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն սկսելու օրվա կամ այդ հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման օրվա դրությամբ լրացած չի եղել նրանց կողմից Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու համար սահմանված վեցամսյա ժամկետը, ճանաչել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող ու անվավեր։ Նշված որոշմամբ Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ այն ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնց նկատմամբ կայացված վերջնական դատական ակտն ուժի մեջ է մտել (դատական պաշտպանության միջոցներն սպառվել են) Սահմանադրական դատարանում այլ անձի դիմումը մուտքագրվելու ու այդ գործի քննության արդյունքում Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման միջև ընկած ժամանակահատվածում, և վերջիններս Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ու 4-րդ կետերով նախատեսված՝ Սահմանադրական դատարանի կողմից գործի քննությունը մերժելու հիմքերի առկայության պայմաններում զրկված են եղել Սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունից, պետք է ունենան վերջնական դատական ակտի վերանայման հավասար հնարավորություն։
Սահմանադրական դատարանը 20․05․2025 թվականի թիվ ՍԴՈ-1782 որոշմամբ գտել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ մինչդատական վարույթում քննիչի, իրավասու դատախազի համապատասխան որոշումը (համապատասխանաբար՝ քրեական վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու և այլն), որում ամրագրված են քաղաքացիական/սնանկության գործի լուծման համար էական նշանակություն ունեցող և օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայացման հիմքում ընկած իրականությանը չհամապատասխանող գրավոր կամ իրեղեն ապացույցների առկայությունը վկայող հանգամանքները, որոնք գոյություն են ունեցել տվյալ գործի լուծման պահին, հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել բողոք բերած գործին մասնակցող անձին ու դատարանին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով պետք է դիտարկվեն որպես նոր երևան եկած հանգամանք, եթե որպես այդպիսին ստուգվել և գնահատվել են իրավասու դատարանի կողմից և եզրափակիչ մասի 1-ին կետով արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով կայացված եզրափակիչ դատավարական ակտերը հիմք են նոր երևան եկած հանգամանքի ուժով դատական ակտերը վերանայելու համար։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ Սեդրակ Բարսեղյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Գագիկ Բարսեղյանի և Կարինե Բաղդասարյանի՝ պահանջելով նրանցից համապարտությամբ բռնագանձել 246.517.000 ՀՀ դրամ, ինչպես նաև այդ գումարի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված տոկոսները՝ սկսած 23.12.2015 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը։
Դատարանի 10.09.2018 թվականի վճռով հայցը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ
- «Տվյալ դեպքում պետք է հիմնավորվեր, որ պատասխանողը Հայցվորի հաշվին առանց օրենքի կամ իրավական հիմքի ձեռք էր բերել կամ խնայել էր գույք: Սակայն դատարանը փաստում է, որ վիճելի գույքի՝ Հյուրանոցի նկատմամբ վերականգնվել է Պատասխանողների սեփականությունը օրենքով սահմանված կարգով ընդունված և օրինական ուժ ստացած իրավական ակտով՝ վերաքննիչ դատարանի որոշմամբ: Կողմերի ներկայացված ապացույցներից այդ փաստի հիմնավորմանն է վերաբերվում միայն դատական ակտերը, իսկ մյուս ապացույցները վերաբերվում են շինարարական աշխատանքներին և ներդրված գումարներին: Հետևաբար Հայցվոր կողմի առարկություններն առ այն, որ վերաքննիչ դատարանը անվավեր չի ճանաչել Ս.Բարսեղյանի սեփականության իրավունքը, անհիմն է, քանի որ դատարանը փաստում է, որ կիրառվել է գործարքի առոչինչության հետևանքներ և այդ հիմքով վերականգնվել է Գ.Բարսեղյանի սեփականության իրավունքը: Պատասխանողի սեփականության իրավունքի վերականգնումը կատարվել է օրենքով: Ինչը հիմք է տալիս դատարանին փաստելու, որ Հյուրանոցը Պատասխանողի սեփականությանն է անցել օրենքով և/կամ իրավական հիմքով: Հայցվոր կողմը չի ներկայացրել որևէ վերաբերելի կամ թույլատրելի ապացույց այն մասին, որ Հյուրանոցը պատասխանողի սեփականույանն է անցել առանց օրենքի կամ իրավական ակտի: Հետևաբար անհիմն հարստացումը բացակայում է»,
- «Անդրադառնալով կատարված ներդրումներին, դատարանը փաստում է, որ Հայցվորը կարողացել է հիմնավորել, որ Հյուրանոցի նկատմամբ կատարել է վերանորոգման աշխատանքներ: Վկաներով հիմնավորվում է, որ նրանք կատարել են շինարարական աշխատանքներ, չնայած երբեմն վկաները կասկածելով են նշել գումարի կոնկրետ չափը, սակայն հիմնավորվել է, որ նրանք կատարել են շինարարական և վերանորոգման աշխատանքներ: Հայցվորը նույնպես ցուցմունք է տվել , որ Բելգիայից գնել է ապրանքներ և դրանք տեղադրել է Հյուրանոցում: Բացի այդ դատարանի որոշմամբ նշանակված փորձաքննության եզրակացության համաձայն նույնպես հիմնավորվել է, թե հյուրանոցի արժեքը, թե նրա վրա կատարված աշխատանքների և ներդրումների չափը: Սակայն տվյալ դեպքում ինչպես վերը նշվեց Հայցվորը իրավունք ձեռք չի բերել որպես անհիմն հարստացման գումար հետ պահանջելու իր կողմից կատարված ներդրումների համար, քանի որ չի կարողացել հիմնավորել որ պատասխանողն իր հաշվին անհիմն հարստացել է: Ուստի դատարանը գտնում է, որ հայցը ենթակա է մերժման»:
Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ
- «(...) պատասխանողի անհիմն հարստացումը տվյալ դեպքում պայմանավորված է 2004 թվականի դեկտեմբերի 12-ից /երբ հայցվորի և պատասխանողի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի ուժով հայցվոր Սեդրակ Բարսեղյանը Հյուրանոցի նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք/ մինչև 2015 թվականի դեկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում Հյուրանոցի նկատմամբ հայցվորի կատարած ծախսերի և բարելավումների արժեքի արդյունքում պատասխանողի մոտ գրանցված գույքի ավելացմամբ, իսկ հայցվորի մոտ՝ գույքի պակասեցմամբ: Ընդ որում, հայցվոր Սեդրակ Բարսեղյանի կողմից կատարված ծախսերն ու Հյուրանոցի շուրջ կատարված բարելավումների արժեքը պատասխանողները խնայել են առանց որևէ օրինական հիմքի»,
- «(…) Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքի պատասխանում պատասխանող Գագիկ Բարսեղյանի արտահայտած այն դիրքորոշմանը, թե «Վարմօն Ռիելթի» ՍՊ ընկերության կողմից տրված թիվ 315-01/Վ-016 եզրակացությամբ չի կարող հիմնավորվել հայցվորի կողմից ներդրումներ կատարելու հանգամանքը, քանի որ նրանում ամրագրված տվյալները իրականությանը չեն համապատասխանում, ինչպես նաև անդրադառնալով պատասխանողի կողմից ներկայացված «Դատաէքսպերտ» ՍՊ ընկերության եզրակացությանը, Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ հայցվորի կողմից գործով դատաապրանքագիտական փորձաքննություն նշանակելու միջնորդությունը քննարկվել է դատական նիստում, որին մասնակցել է նաև պատասխանողի ներկայացուցիչը, որը թե դատաապրանքագիտական փորձաքննություն նշանակելու և թե այդ փորձաքննության կատարումը ՀՀ «Վարմօն Ռիելթի» ՍՊ ընկերության փորձագետներին հանձնարարելու վերաբերյալ չի առարկել: Բացի այդ, դատաապրանքագիտական փորձաքննություն նշանակելու մասին որոշմամբ Առաջին ատյանի դատարանը «Վարմօն Ռիելթի» ՍՊ ընկերության փորձագետներին միաժամանակ նախազգուշացրել է ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ավելին՝ պատասխանող կողմը ներկա է գտնվել փորձաքննության կատարմանը: Ի դեպ, Վերաքննիչ դատարանը ցանկանում է հավելել, որ «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի կողմից տրամադրված եզրակացության հիմնավորվածության և արժանահավատության վերաբերյալ կասկածներ ունենալիս անգամ պատասխանող կողմը զրկված չէր այդ կապակցությամբ գործի քննության ընթացքում կրկնակի կամ լրացուցիչ փորձաքննություն նշանակելու վերաբերյալ համապատասխան միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից, ինչը չի արել, ուստի «Վարմօն Ռիելթի» ՍՊ ընկերության կողմից տրամադրված եզրակացության հիմնավորվածության և արժանահավատության վերաբերյալ պատասխանողի կասկածները առարկայազուրկ չեն», 24․01․2019 թվականի որոշմամբ Սեդրակ Բարսեղյանի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն` Դատարանի 10.09.2018 թվականի վճիռը բեկանել և փոփոխել է` հայցը բավարարել է մասնակիորեն՝ հետևյալ կերպ․ «Գագիկ Գառնիկի Բարսեղյանից և Կարինե Բաղդասարյանից հօգուտ Սեդրակ Մարտունիկի Բարսեղյանի բռնագանձել 221.864.000 (երկու հարյուր քսանմեկ միլիոն ութ հարյուր վաթսունչորս հազար) ՀՀ դրամ գումար, ինչպես նաև սկսած 23.12.2015 թվականից մինչև պարտավորության փաստացի դադարումը՝ 221.864.000 (երկու հարյուր քսանմեկ միլիոն ութը հարյուր վաթսունչորս հազար) ՀՀ դրամ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով հաշվեգրվող տոկոսները: (…)»։
Կարինե Բաղդասարյանը Վերաքննիչ դատարանի 24.01.2019 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոք չի ներկայացրել, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի 24.01.2019 թվականի որոշումն իր մասով մտել է օրինական ուժ մեջ։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը, քննելով Կարինե Բաղդասարյանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով դատական ակտը նոր երևան եկած հանգամանքով վերանայելու բողոքը վարույթ ընդունելու հարցը, գտել է, որ
- «Վերլուծելով բողոք բերած անձի կողմից դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքում նշված հիմնավորումները և վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք բավարար չեն եզրահանգելու, որ սույն գործով առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված նոր երևան եկած հանգամանք, և այդ հիմնավորումները բավարար չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքով բողոքը վարույթ ընդունելու հետևության հանգելու համար, քանի որ բողոքում նշված հանգամանքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով չի կարող որակվել որպես «նոր երևան եկած հանգամանք», քանի որ գրավոր կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելու արդյունքում ապօրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելու հանգամանքն օրենսդիրը նախատեսել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով»։
Արդյունքում՝ արձանագրելով, որ «Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր երևան եկած հանգամանքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման», ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը 15․01․2025 թվականին որոշում է կայացրել Կարինե Բաղդասարյանի բերած դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին։ Նշված որոշումը օրինական ուժի մեջ է մտել կայացման պահից։
Արմեն Ավագյանը դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրել 09․01․2025 թվականին: Սահմանադրական դատարանի 20.05.2025 թվականի թիվ ՍԴՈ-1782 որոշմամբ (որոշումը Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակվել է 23.05.2025 թվականին)՝ Արմեն Ավագյանի դիմումի հիման վրա, արձանագրվել է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով կայացված եզրափակիչ դատավարական ակտերը հիմք են նոր երևան եկած հանգամանքի ուժով դատական ակտերը վերանայելու համար: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով՝ նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը Դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշման մեջ նշված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ»։
Այժմ, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 15.01.2025 թվականի «Դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ բողոք է ներկայացրել Կարինե Բաղդասարյանը՝ որպես նոր հանգամանք վկայակոչելով Սահմանադրական դատարանի 20.05.2025 թվականի թիվ ՍԴՈ-1782 որոշումը։
Վճռաբեկ դատարանը, նախ, ցանկանում է անդրադառնալ Կարինե Բաղդասարյանի՝ սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 15.01.2025 թվականի «Դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկելու իրավական հնարավորության հարցին։
Այսպես՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն` 1) գործին մասնակցող անձինք և նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն, 2) գլխավոր դատախազը և նրա տեղակալը՝ օրենքով նախատեսված դեպքերում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք են կողմերը, երրորդ անձինք, դիմողները և դիմումի քննության ելքով շահագրգռված այլ անձինք` նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված գործերով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի համաձայն՝ դատավարության կողմերն են հայցվորը և պատասխանողը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը գործին մասնակցող այն անձն է, որի դեմ հայց է ներկայացվել առաջին ատյանի դատարան:
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը Վճռաբեկ դատարանին իրավունք է վերապահել նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայել վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը։ Օրենսդիրը սահմանել է նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձանց կազմը՝ դրա մեջ ներառելով գործին մասնակցող անձանց և նրանց իրավահաջորդներին, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն, գլխավոր դատախազին և նրա տեղակալին՝ օրենքով նախատեսված դեպքերում: Այսինքն՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածը, որը սահմանում է նույն օրենսգրքում կիրառվող «գործին մասնակցող անձինք» հասկացությունը, հստակեցրել է այդ անձանց շրջանակը՝ նշելով, որ դրանց մեջ ներառվում են հայցվորը և այն պատասխանողը, որի դեմ հայց է ներկայացվել առաջին ատյանի դատարան։ Վերոնշյալ կարգավորումից բխում է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ գլխով նախատեսված դատական ակտերը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով բողոքարկման համապատասխան կարգը, այդ թվում տվյալ վարույթի գործերով վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձանց շրջանակը։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կարինե Բաղդասարյանը, ով սույն քաղաքացիական գործով հանդիսանում է գործին մասնակցող անձ՝ պատասխանող, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2019 թվականի որոշման դեմ նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայման բողոք է ներկայացրել, որի ընդունումը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 15.01.2025 թվականի «Դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշմամբ մերժվել է։ Ներկայումս վերջինս օգտվելով իրեն որպես գործին մասնակցող անձ վերապահված բողոքարկման իրավունքից, արդեն նոր հանգամանքի հիմքով ներկայացրել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 15.01.2025 թվականի «Դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վերանայելու բողոք։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ չնայած այն հանգամանքին, որ Կարինե Բաղդասարյանի կողմից ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2019 թվականի որոշումը մինչև օրինական ուժի մեջ մտնելը ընդհանուր կարգով չի բողոքարկվել, սակայն վերջինս՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, նոր երևան եկած կամ նոր հանգամանքով այն բողոքարկելու իրավունքից զրկված չէ։
Անդրադառնալով Կարինե Բաղդասարյանի ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 15.01.2025 թվականի «Դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վճռաբեկության կարգով նոր հանգամանքով բողոքարկելու հնարավորությանը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն ևս հիմնավոր է, քանի որ բողոքում որպես նոր երևան եկած հանգամանք վկայակոչված թիվ 29-0715-24 քրեական վարույթի շրջանակներում 02.10.2024 թվականի «Հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին» որոշումը Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1782 որոշմամբ արտահայտված դիրքորոշումների համատեքստում՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով, հիմք է նոր երևան եկած հանգամանքով Վերաքննիչ դատարանի 24.01.2019 թվականի որոշումը վերանայելու համար։
Նման պայմաններում Կարինե Բաղդասարյանը, օգտվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ (Սահմանադրական դատարանի 29.03.2022 թվականի թիվ ՍԴՈ-1645 որոշմամբ արտահայտված դիրքորոշման համատեքստում) մասերով իրեն վերապահված իրավունքից, ՀՀ վճռաբեկ դատարան է ներկայացրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոք։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թիվ ԵԱՔԴ/0231/04/16 սնանկության գործով պարտապան Արմեն Ավագյանը 09.01.2025 թվականին դիմում է մուտքագրել Սահմանադրական դատարան, որի հիման վրա Սահմանադրական դատարանը 20.05.2025 թվականի թիվ ՍԴՈ-1782 որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով կայացված եզրափակիչ դատավարական ակտերը հիմք են նոր երևան եկած հանգամանքի ուժով դատական ակտերը վերանայելու համար։
Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ մինչդատական վարույթում քննիչի, իրավասու դատախազի համապատասխան որոշումը (համապատասխանաբար՝ քրեական վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու և այլն), որում ամրագրված են քաղաքացիական/սնանկության գործի լուծման համար էական նշանակություն ունեցող և օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայացման հիմքում ընկած իրականությանը չհամապատասխանող գրավոր կամ իրեղեն ապացույցների առկայությունը վկայող հանգամանքները, որոնք գոյություն են ունեցել տվյալ գործի լուծման պահին, հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել բողոք բերած գործին մասնակցող անձին ու դատարանին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով պետք է դիտարկվեն որպես նոր երևան եկած հանգամանք, եթե որպես այդպիսին ստուգվել և գնահատվել են իրավասու դատարանի կողմից։
Նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքում որպես դատական ակտի վերանայման համար հիմք հանդիսացող նոր հանգամանքի շարադրանքը և հիմնավորումը համադրելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 15.01.2025 թվականի «Դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման հետ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի 20.05.2025 թվականի թիվ ՍԴՈ-1782 որոշումը նոր հանգամանք է ու ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 15.01.2025 թվականի «Դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վերանայելու հիմք:
Այսպիսով, վերանայման բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 15.01.2025 թվականի «Դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 15.01.2025 թվականի «Դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու պարագայում ենթակա է լուծման սույն գործով Վերաքննիչ դատարանի 24.01.2019 թվականի որոշման դեմ Կարինե Բաղդասարյանի բերած բողոքը վարույթ ընդունելու հարցը: Անդրադառնալով նշված բողոքին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոգրյալի հաշվառմամբ, հիմք ընդունելով բողոքում նշված բողոքի հիմքերը և հիմնավորումները, բողոքը վարույթ ընդունելու հիմքերն ու հիմնավորումները, այն համապատասխանում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի պահանջներին, ուստի այն պետք է ընդունել վարույթ:
Դատական ակտի վերանայման բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոգրյալ պատճառաբանություններով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ, 408-րդ, 419-րդ, 426-րդ ու 427-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքը բավարարել։ Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 15.01.2025 թվականի «Դատական ակտի վերանայման բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը։
2. Թիվ ԱՐԱԴ2/0077/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2019 թվականի որոշումը նոր երևան եկած հանգամանքով վերանայելու վերաբերյալ Կարինե Բաղդասարյանի բերած բողոքն ընդունել Վճռաբեկ դատարանի վարույթ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող և զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս. Մեղրյան
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|