ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՇԴ/3545/02/23 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.06.08-2026.06.21 Պաշտոնական հրապարակման օրը 17.06.2026
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.03.2026
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.03.2026

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/3545/02/23

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/3545/02/23

2026 թ.

Նախագահող դատավոր`

Ս Մատինյան

Դատավորներ`

Ն Կարապետյան

 

Մ Հարթենյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող և զեկուցող

Է. Սեդրակյան

Ն. հովսեփյան

Ս. Մեղրյան

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

 

2026 թվականի մարտի 30-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Ալինա Ոսկանյանի հայցի ընդդեմ Գևորգ Ոսկանյանի՝ ալիմենտ բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14102024 թվականի որոշման դեմ Ալինա Ոսկանյանի բերած վճռաբեկ բողոքները,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ալինա Ոսկանյանը պահանջել է «Գևորգ Սուրենի Ոսկանյանից հօգուտ Ալինա Անդրանիկի Ոսկանյանի բռնագանձել ալիմենտ յուրաքանչյուր ամիս նրա ամսական վաստակի և (կամ) այլ եկամտի 1/4 չափով՝ որպես Ալինա Ոսկանյանի խնամքին գտնվող անչափահաս 01.01.2008 թվականին ծնված Մարիա Գևորգի Ոսկանյանի ապրուստի միջոց՝ մինչև նրա չափահաս դառնալը: Ալիմենտի բռնագանձումը սկսել Գևորգ Ոսկանյանի՝ ալիմենտային պարտավորությունը կատարելուց խուսափելու օրվանից՝ սկսած 2020 թվականի ապրիլի 27-ից:

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան )08042024 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը կարճվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14102024 թվականի որոշմամբ Ալինա Ոսկանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 08042024 թվականի «Քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով վճռաբեկ բողոքներ է ներկայացրել Ալինա Ոսկանյանը (ներկայացուցիչ Կարինե Դանիելյան)։

 

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ մասը, 37-րդ, 61-րդ և 63-րդ հոդվածները, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 68-րդ հոդվածը, «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը։

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական իրավունքի նորմի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։

Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով 10032020 թվականի թիվ 1515 որոշման կիրառելիությանը, փաստել է, որ նշված որոշմամբ Սահմանադրական դատարանը արձանագրել է, որ երեխայի լավագույն շահի և երեխայի համար հոգ տանելու ծնողի շարունակվող պարտավորության կատարման ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ դատարանը պարտավոր է հաշվի առնել հայցից հրաժարվելու հիմքով ալիմենտի պահանջի մասին գործի վարույթի կարճման որոշումից հետո կողմերի վարքագծի, ընտանեկան կամ գույքային դրության փոփոխությունները և նույն կողմերի միջև նոր հայց ներկայացվելու դեպքում այն ըստ էության քննության առնել:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ նշվածից ուղղակիորեն հետևում է, որ Սահմանադրական դատարանի որոշումը վերաբերում է այն դեպքերին, երբ հայցվորը հրաժարվել է ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ հայցից, որի հետևանքով պահանջն առհասարակ չի քննվել, մինչդեռ տվյալ դեպքում առկա է ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած վճիռ:

Վերաքննիչ դատարանը խիստ նեղ է մեկնաբանել Սահմանադրական դատարանի 10032020 թվականի թիվ 1515 որոշմամբ կատարած արձանագրումները և երեխայի լավագույն շահի ապահովման ուղենիշները, հետևապես դրանով իսկ թույլ է տվել նյութական իրավունքի նորմի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։

Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի սխալ կիրառման արդյունքում իրեն զրկել է իր իրավունքների դատական պաշտպանությունից, և այդ առումով անհիմն սահմանափակվել է իր` արդար դատաքննության իրավունքը, ինչպես նաև իր անչափահաս երեխայի՝ Մարիա Ոսկանյանի շահը, որպես առաջնահերթ ուշադրության արժանի, որը սահմանված է թե Սահմանադրությամբ, և թե միջազգային և ներպետական օրենքներով։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14102024 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։

 

3. Վճռաբեկ բողոքների քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը

1) Ալինա Ոսկանյանը հայց է ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ պատասխանող Գևորգ Ոսկանյանի՝ ալիմենտ բռնագանձելու պահանջի մասին։

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ՇԴ/0811/02/12 վճռի համաձայն՝ Ալինա Ոսկանյանի հայցը բավարարվել է` Գևորգ Ոսկանյանից հօգուտ Ալինա Ոսկանյանի բռնագանձվել է ալիմենտ յուրաքանչյուր ամիս նրա ամսական վաստակի և (կամ) այլ եկամտի կեսի չափով` որպես վերջինիս խնամքին գտնվող անչափահասներ` Սուրեն Գևորգի Ոսկանյանի (ծնված 1999թ. ապրիլի 12-ին), Էրիկ Գևորգի Ոսկանյանի (ծնված` 2001թ. հուլիսի 23-ին) և Մարիա Գևորգի Ոսկանյանի (ծնված` 2008թ. հունիսի 1-ին) ապրուստի միջոց` մինչև նրանց չափահաս դառնալը: Ալիմենտի բռնագանձումը սկսվել է 28042012 թվականից (գ.թ. 8-11)

2) Ալինա Ոսկանյանի դիմումի հիման վրա տրամադրվել է կատարողական թերթ (գ.թ. 12)

3) Ալինա Ոսկանյանի կողմից 29.11.2012 թվականին դիմում է ներկայացվել՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Շիրակի մարզային բաժին, որով խնդրել է հարուցել կատարողական վարույթ (գ.թ. 15)

4) համաձայն 29.10.2018 թվականին Ալինա Ոսկանյանի՝ ՀԿԱԾ Շիրակի մարզային բաժնի պետին ուղղված դիմումի՝ Ալինա Ոսկանյանը հայտնել է, որ իր նախկին ամուսնու հետ եկել են փոխադարձ համաձայնության ալիմենտային պարտավորությունների վերաբերյալ, խնդրել է ավարտել կատարողական վարույթը և կատարողական թերթը հետ վերադարձնել իրեն (գ.թ. 14):

5) Ալինա Ոսկանյանը 17052023 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ պատասխանող Գևորգ Ոսկանյանի՝ պահանջելով հօգուտ իրեն բռնագանձել ալիմենտ յուրաքանչյուր ամիս նրա ամսական վաստակի և (կամ )այլ եկամտի 1/4-րդ չափով՝ որպես իր խնամքին գտնվող անչափահաս՝ 01.01.2008 թվականին ծնված Մարիա Գևորգի Ոսկանյանի ապրուստի միջոց՝ մինչև նրա չափահաս դառնալը ալիմենտի բռնագանձումը սկսել Գևորգ Ոսկանյանի՝ ալիմենտային պարտավորությունը կատարելուց խուսափելու օրվանից՝ 27042020 թվականից (հատոր 1-ին, գ.թ. 3-7)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։

 

Նկատի ունենալով, որ Ալինա Ոսկանյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքները նույնաբովանդակ են և բարձրացված հարցերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի կողմից քննարկվող իրավական հարցը նույնն է, ուստի դրա հիմնավորվածությանն անդրադառնում է ստորև շարադրված ընդհանուր պատճառաբանությամբ.

 

Սույն բողոքների քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության հիմքով գործի վարույթը կարճելու իրավական հարցին վերահաստատելով նախկինում արտահայտած իրակավական դիրքորոշումերը։

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ծնողները պարտավոր են պահել իրենց երեխաներին։ Երեխաներին ապրուստի միջոց տրամադրելու կարգն ու պայմանները ծնողները որոշում են ինքնուրույն։ Ծնողները կարող են համաձայնություն կնքել իրենց երեխաներին պահելու մասին (ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնություն)՝ սույն օրենսգրքի 15-րդ գլխին համապատասխան։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե ծնողները ապրուստի միջոց չեն տրամադրում իրենց երեխաներին, ապա վերջիններիս պահելու համար միջոցները (ալիմենտը) ծնողներից բռնագանձվում են դատական կարգով։

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երեխաների համար ալիմենտ վճարելու վերաբերյալ նրա ծնողների միջև համաձայնության բացակայության դեպքում ծնողներից ալիմենտի բռնագանձումը կատարվում է դատական կարգով՝ հետևյալ չափերով ամենամսյա վճարումներ կատարելու միջոցով՝

ա) մեկ երեխայի համար ծնողների վաստակի և (կամ) այլ եկամտի մեկ քառորդը.

բ) երկու երեխաների համար՝ մեկ երրորդը.

գ) երեք և ավելի երեխաների համար՝ կեսը։

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վկայակոչված իրավական նորմերի վերլուծությանը, արձանագրել է, որ ծնողների սահմանադրական պարտականությունն է հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին, ինչն անվերապահորեն ներառում է երեխայի համար ապրուստի միջոց տրամադրելու պարտականությունը: Ալիմենտն անչափահաս երեխայի համար յուրաքանչյուր ամիս վճարվող ապրուստի միջոց է: Այսինքն` պետությունը, երաշխավորելով երեխաների ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունքը, ի ապահովումն նշված իրավունքի երեխայի ծնողների համար սահմանել է իրենց երեխաներին պահելու պարտականություն: Նշվածը ենթադրում է, որ ծնողներն այն սուբյեկտներն են, որոնք անմիջականորեն կրում են իրենց երեխաներին պահելու պարտականություն, այդ թվում նաև` վերջիններիս պահելու համար միջոցներ (ալիմենտ) տրամադրելու միջոցով: Ընդ որում, եթե ծնողները ապրուստի միջոց չեն տրամադրում իրենց երեխաներին, ապա վերջիններիս պահելու համար միջոցները (ալիմենտը) ծնողներից կարող են բռնագանձվել դատական կարգով:

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ալիմենտը, որպես կանոն, բռնագանձվում է դատարան դիմելու պահից, իսկ եթե ալիմենտ հայցողն ապացուցում է, որ մինչև դատարան դիմելը միջոցներ է ձեռնարկել ապրուստի միջոց ստանալու համար, բայց ալիմենտը չի ստացել ալիմենտ վճարելու պարտավոր անձի կողմից դա վճարելուց խուսափելու հետևանքով, ապա միայն այդ պարագայում կարող է դատարանն ալիմենտը բռնագանձել նաև դատարան դիմելու պահին նախորդող երեք տարվա համար:

Ամփոփելով վերոգրյալը` ՀՀ վճռաբեկ դատարանը եզրակացրել է, որ օրենսդիրը, որպես սկզբունք, ալիմենտի բռնագանձման հաշվարկի սկիզբը պայմանավորել է ալիմենտ հայցողի` դատարան դիմելու պահով՝ ղեկավարվելով այն կանխավարկածով, որ ալիմենտի բռնագանձման պահանջ ներկայացված չլինելը վկայում է ալիմենտ վճարելու վերաբերյալ ծնողների միջև առկա համաձայնության մասին, եթե այլ բան ապացուցված չէ:

Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ հնարավոր են դեպքեր, երբ դատարան դիմելու պահից մինչև դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելը երեխան շարունակում է փաստացի բնակվել այն ծնողի հետ, որից ակնկալվում է երեխայի համար ապրուստի միջոց՝ ալիմենտ, բռնագանձել այն դեպքում, երբ դատական կարգով երեխայի բնակության վայր կորոշվի ալիմենտ հայցող ծնողի բնակության վայրը։ Այսինքն՝ ենթադրվում է, որ մինչև համապատասխան դատական ակտ կայացնելը և այն օրինական ուժի մեջ մտնելը, երեխայի հետ փաստացի բնակվող ծնողն ապահովում է երեխայի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմաններ ունենալու իրավունքը, այն է՝ կամովին տրամադրում է երեխայի ապրուստի միջոցը:

Դրանից ելնելով՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ բոլոր այն դեպքերում, երբ երեխայի բնակության վայրը դատական կարգով որոշվում է դատարան դիմելու պահին երեխայի հետ փաստացի չբնակվող ծնողի բնակության վայրը, երեխայի համար վճարվող ալիմենտի՝ ապրուստավճարի գանձման սկիզբ պետք է սահմանել դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը՝ պայմանավորված երեխայի լավագույն շահով և ծնողի՝ երեխայի մասին հոգ տանելու շարունակվող պարտականության կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ (տե՛ս Նաիրա Նարգիզյանն ընդդեմ Լևոն Մեսրոպյանի թիվ ԵԴ/9354/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.04.2021 թվականի որոշումը):

Սահմանադրության 61-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտ, բացառությամբ հայցը (դիմումը) առանց քննության թողնելու մասին որոշման։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) կողմից դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ դատարանի իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս Tolstoy Miloslavsky v. The United Kingdom (18139/91) գործով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, 59-րդ կետ):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով դատարանի մատչելիության իրավունքին ուղղակիորեն հարաբերակցվող՝ հայց հարուցելու իրավունքի նախադրյալներին, արձանագրել է, որ դրանք այն հանգամանքներն են, որոնց առկայության կամ բացակայության հետ օրենսդիրը կապում է կոնկրետ գործով դատարան հայց ներկայացնելու սուբյեկտիվ իրավունքի ծագումը: Հայց ներկայացնելու իրավունքի բացասական նախադրյալ է նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի առկայությունը (տե՛ս «Նորք 5/4» համատիրությունն ընդդեմ Սարգիս Մանուկյանի թիվ ԵԴ/16359/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.12.2020 թվականի որոշումը):

Վերլուծելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ համանման կարգավորում բովանդակել է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետը, որի կապակցությամբ Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնքն ընդդեմ «Գ. Արշակյան» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0407/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանը 25.12.2012 թվականի որոշմամբ դիրքորոշում է հայտնել այն մասին, որ գործի վարույթը կարող է կարճվել միայն այն դեպքում, երբ նույնն են օրինական ուժի մեջ մտած վճռով լուծված և տվյալ քաղաքացիական գործերի կողմերը, այսինքն` քաղաքացիական վարույթում հակադիր շահերով օժտված անձինք, հայցի առարկան, այսինքն` հայցվորի կողմից պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը, հայցի հիմքը, այսինքն` այն հանգամանքները, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները` բացառությամբ հայցը (դիմումը) առանց քննության թողնելու մասին որոշման առկայության դեպքերի, և նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում քաղաքացիական գործի վարույթը կարճվել չի կարող։

«Նորք 5/4» համատիրությունն ընդդեմ Սարգիս Մանուկյանի թիվ ԵԴ/16359/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանը 16.12.2020 թվականի որոշմամբ դիրքորոշում է հայտնել նաև այն մասին, որ օրենսդրի կողմից նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած վճռի պարագայում դատարան դիմելու իրավունքի սահմանափակումն ինքնանպատակ չէ, այլ նպատակաուղղված է դատավարական իրավունքների չարաշահման կանխարգելմանը, ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի, իրավական որոշակիության, դատական խնայողության սկզբունքների ապահովմանը: Շահագրգիռ անձը, դատարան դիմելով, իրացնում է դատական պաշտպանության և արդար դատաքննության իր իրավունքները, որոնք միաժամանակ Սահմանադրությամբ ու միջազգային պայմանագրերով երաշխավորված իրավունքներ են նաև դատավարության մյուս կողմի համար: Չնայած հայց հարուցելը հայցվորի տնօրինչական իրավունքն է, սակայն այդ իրավունքն ուղղակիորեն առնչվում է նաև պատասխանողի դատավարական իրավունքների հետ, ուստի օրենսդիրը նախատեսել է որոշակի երաշխիքներ նաև պատասխանողի համար` դատական պաշտպանության իր իրավունքն իրացնելու հարցում: Մասնավորապես՝ դատական պաշտպանության իրավունքը ենթադրում է նաև իրավական որոշակիություն, կանխատեսելի դատական ակտի առկայություն:

Նույն որոշմամբ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ չնայած այն հանգամանքին, որ գործի վարույթի կարճումը դատավարական մի փուլ է, որի ընթացքում դատարանը գործի ըստ էության քննություն չի իրականացնում, այնուամենայնիվ դատավարական այս փուլում դատարանը պարզում և գնահատում է գործի վարույթի կարճման հիմքում ընկած փաստական հանգամանքների հիմնավորվածությունը՝ արդյունքում կայացնելով համապատասխան դատական ակտ: ՀՀ վճռաբեկ դատարանը, անհրաժեշտ համարելով մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված «միևնույն փաստական հիմքերով» օրենսդրական եզրույթը, արձանագրել է, որ չնայած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքն անմիջականորեն չի սահմանում հայցի փաստական հիմքերի հասկացությունը, այնուամենայնիվ, այն բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերի (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մաս, 121-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ) համակարգային վերլուծությունից, որի համաձայն՝ օրենսդիրը որպես հայցադիմումի ձևին և բովանդակությանը ներկայացվող պարտադիր նշվող պայման սահմանել է այն փաստական հանգամանքները նշելը, որոնց վրա հիմնվում է հայցվորի պահանջը: Հայցադիմումում պարտադիր պետք է ներառվեն հայցապահանջը հիմնավորող փաստական հիմքերը, որոնք, ըստ էության, այն իրավաբանական փաստերն են (հանգամանքները), որոնք դրվել են հայցվորի պահանջի հիմքում և որոնց հետ նյութական իրավունքի նորմը կապում է որոշակի իրավահարաբերությունների առաջացումը, փոփոխումը կամ դադարումը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին և այդ սկզբունքի շրջանակներում՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրության հատկանիշին՝ արձանագրելով, որ արդար դատաքննության իրավունքը պահպանված է այն դեպքում, երբ անձը հնարավորություն ունի ստանալու որոշակի, հաստատուն որոշում` կապված իր իրավունքների և պարտականությունների հետ, ու կարող է համոզված լինել, որ որոշ ժամանակ անց այդ որոշումը չի վերացվի: Իրավական որոշակիության սկզբունքի բովանդակության մեջ, ի թիվս այլնի, ներառվում է նաև դրույթ այն մասին, որ կողմերից ոչ մեկը չի կարող պահանջել վերջնական, այսինքն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայում՝ միայն կրկնակի քննության իրականացման և նոր ակտի կայացման նպատակով (տե'ս, օրինակ, Գայանե Վարդանյանն ընդդեմ Վարդան ու Միշա Վարդանյանների և մյուսների թիվ ԱՐԴ/0062/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ անդրադառնալով հայցի փաստական հիմքի իրավական վերլուծությանը, փաստել է, որ հայցի փաստական հիմքում դրված իրավաբանական փաստերը միայն վերացական հիմք են պահանջ ներկայացնելու համար: Քաղաքացիական դատավարության շրջանակներում դրանք պետք է նաև հիմնավորվեն: Այդ գործընթացը ներառվում է ապացուցման գործընթացում: Օրենսդիրը, բացի հայցի փաստական հիմքերից, նախատեսում է նաև, որ հայցադիմումում նշվում են այն ապացույցները, որոնք հաստատում են հայցի հիմքում դրված փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե որ ապացույցն ինչ փաստի հաստատմանն է ուղղված: Դրանք, ըստ էության, հայցի փաստական հիմքը հիմնավորող ապացույցներն են: ՀՀ քաղաքացիական դատավարության շրջանակներում պետք է տարբերակել հայցի փաստական հիմքը, հայցի հիմքը և պահանջը հիմնավորող ապացույցները: Հայցի հիմքում ընկած փաստական հանգամանքների մատնանշումը հայցադիմումի մեջ համարվում է տվյալ հիմքով հայցի ներկայացում: Հայցի հիմքում դրված փաստերի հիմնավորումը կապված է ապացուցման գործընթացի հետ և չի կարող նույնացվել հայցի հիմքի հետ: Հայցի փաստական հիմքերի ներկայացումը և դրանք հիմնավորող ապացույցները չներկայացնելը տարբեր իրավաբանական նշանակություն ու հետևանքներ ունեն: Հայցի հիմքում դրված փաստերի վերաբերյալ ապացույցներ չներկայացնելը հիմք է հայցը մերժելու համար, իսկ հայցի փաստական հիմքի ներկայացումն անձին զրկում է այդ հիմքով նորից դատարան դիմելու հնարավորությունից (տե՛ս Վիգեն Ուրուշանյանն ընդդեմ Սուրիկ Սեդրակյանի թիվ ԵՇԴ/0473/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանը 11.02.2020 թվականի թիվ ՍԴՈ-1515 որոշմամբ, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 183-րդ հոդվածի 8-րդ մասի, 203-րդ հոդվածի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցին, արձանագրել է, որ «Նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով հայցի՝ դատարանի կողմից կրկնակի քննության արգելքը նպատակ ունի, նախ՝ երաշխավորել իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքի իրացումը՝ ապահովելով դատական որոշումների վերջնականությունը և կանխելով նույն հարցի վերաբերյալ դատարանի կողմից տարաբնույթ որոշումների կայացումը: Երկրորդ՝ նույն հարցի կրկնակի քննության արգելքը կոչված է ապահովելու արդյունավետ արդարադատության իրականացումը՝ թույլ չտալով նույն հարցով դատարանին կրկնակի ծանրաբեռնելը: Ի վերջո, այդ արգելքի նպատակն է նաև բացառել հայցվորի կողմից դատական պաշտպանության իրավունքի չարաշահումը: Արդյունքում որոշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 183-րդ հոդվածի 8-րդ մասը, 203-րդ հոդվածը համապատասխանում են Սահմանադրությանը»:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով քննվող քաղաքացիական գործի վարույթը նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության հիմքով կարճելու ինստիտուտին, արձանագրել է, որ գործի վարույթը կարող է կարճվել միայն այն դեպքում, երբ նույնն են օրինական ուժի մեջ մտած վճռով լուծված և քննվող քաղաքացիական գործերի՝

1. կողմերը, այսինքն` քաղաքացիական վարույթում հակադիր շահերով օժտված անձինք,

2. հայցի առարկան, այսինքն` հայցվորի կողմից պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը,

3. հայցի հիմքը, այսինքն` այն հանգամանքը (հանգամանքները), որի (որոնց) վրա հիմնված է հայցապահանջը:

Հետևաբար վերը նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում քաղաքացիական գործի վարույթը կարճվել չի կարող (տե՛ս ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնքն ընդդեմ «Գ. Արշակյան» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0407/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2012 թվականի որոշումը):

ՀՀ ընտանեկան օրենսգրքի վերը նշված նորմերի վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում զարգացնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված հիմքով գործի վարույթը կարճելու պարտադիր վավերապայմանների առումով արտահայտված իավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը։

ՀՀ ընտանեկան օրենսգրքի վերը նշված նորմերի վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում զարգացնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված հիմքով գործի վարույթը կարճելու պարտադիր վավերապայմանների առումով արտահայտված իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված հիմքով գործի վարույթը կարճելու պարտադիր վավերապայմաններից է օրինական ուժի մեջ մտած վճռով լուծված և տվյալ քաղաքացիական գործով հայցի փաստական հիմքի, այսինքն` այն իրավաբանական փաստերի (հանգամանքների) նույնական լինելը, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները, և որոնք դրվել են հայցվորի պահանջի հիմքում, ու որոնց հետ նյութական իրավունքի նորմը կապում է որոշակի իրավահարաբերությունների առաջացումը, փոփոխումը կամ դադարումը: Իրավական որոշակիության սկզբունքի հաշվառմամբ է, որ օրենսդիրն արգելում է նույն հայցով (նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով) կրկին դատարան դիմելն օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության պայմաններում` օրենքով սահմանված որոշակի բացառություններով հանդերձ: Սակայն իրավական որոշակիության սկզբունքը սույն դեպքում պետք է դիտարկել նաև այն տեսանկյունից, որ դատարանը ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշելու վերաբերյալ գործերով ՀՀ քաղաքացիական դատավարության 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված հիմքով գործի վարույթը կարճելու պարտադիր վավերապայմանների առկայությունը գնահատելիս պետք է հիմք ընդունի Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավակարգավորումը, որի համաձայն՝ երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան:

Դրանից ելնելով՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ յուրաքանչյուր դեպքում, երբ դատարանը քննում է ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշելու վերաբերյալ գործ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված հիմքով գործի վարույթը կարճելիս պետք է պարզի՝ արդյո՞ք նույնական են օրինական ուժի մեջ մտած վճռով լուծված և տվյալ քաղաքացիական գործով հայցի փաստական հիմքերը: Ընդ որում, օրինական ուժի մեջ մտած վճռով լուծված և տվյալ քաղաքացիական գործով հայցի փաստական հիմքերի նույնական լինելը կարող է հաստատվել բացառապես այն դեպքում, երբ ժամանակային գործոնի առումով տեղի չի ունեցել երեխայի լավագույն շահի փոփոխություն, որպիսի գնահատականը կարող է տրվել՝ հիմք ընդունելով երեխայի ներկայիս կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ, երեխայի ներկայիս տարիքը, ծնողների ներկայիս բարոյական և անձնական այլ հատկանիշները, ծնողներից յուրաքանչյուրի ու երեխայի միջև ներկայումս գոյություն ունեցող հարաբերությունները, երեխայի դաստիարակության և զարգացման համար ներկայումս պայմաններ ստեղծելու հնարավորությունը (ծնողների գործունեության (աշխատանքի) բնույթը, նրանց գույքային և ընտանեկան դրությունը, և այլն) (տե՛ս Արթուր Մկրտչյանն ընդդեմ Լուսինե Մ Մանուկյանի թիվ ԼԴ/1411/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.09.2023 թվականի որոշումը։

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն՝ Մարիա Գևորգի Ոսկանյանը ծնվել է 01.06.2008 թվականին, որի մասին ծննդյան վերաբերյալ ակտերի գրանցման գրքում 03.06.2008 թվականին կատարվել է թիվ 757 գրանցումը: Ծնողներն են հայրը՝ Գևորգ Սուրենի Ոսկանյանը, մայրը՝ Ալինա Անդրանիկի Ոսկանյանը։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ՇԴ/0811/02/12 վճռով Գևորգ Ոսկանյանից հօգուտ Ալինա Ոսկանյանի բռնագանձվել է ալիմենտ յուրաքանչյուր ամիս նրա ամսական վաստակի և (կամ) այլ եկամտի կեսի չափով` որպես վերջինիս խնամքին գտնվող անչափահասներ` Սուրեն Գևորգի Ոսկանյանի (ծնված 1999թ. ապրիլի 12-ին), Էրիկ Գևորգի Ոսկանյանի (ծնված` 2001թ. հուլիսի 23-ին) և Մարիա Գևորգի Ոսկանյանի (ծնված` 2008թ. հունիսի 1-ին) ապրուստի միջոց` մինչև նրանց չափահաս դառնալը ալիմենտի բռնագանձումը սկսվել է 28042012 թվականից։ Ալինա Ոսկանյանի դիմումի հիման վրա տրամադրվել է կատարողական թերթ և հարուցվել է կատարողական վարույթ։ Համաձայն 29.10.2018 թվականին Ալինա Ոսկանյանի՝ ՀԿԱԾ Շիրակի մարզային բաժնի պետին ուղղված դիմումի՝ Ալինա Ոսկանյանը հայտնել է, որ իր նախկին ամուսնու հետ եկել են փոխադարձ համաձայնության ալիմենտային պարտավորությունների վերաբերյալ, խնդրել է ավարտել կատարողական վարույթը և կատարողական թերթը հետ վերադարձնել իրեն։

Ալինա Ոսկանյանը 17052023 թվականին հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ պատասխանող Գևորգ Ոսկանյանի՝ պահանջելով հօգուտ իրեն բռնագանձել ալիմենտ յուրաքանչյուր ամիս նրա ամսական վաստակի և (կամ )այլ եկամտի 1/4-րդ չափով՝ որպես իր խնամքին գտնվող անչափահաս՝ 01.01.2008 թվականին ծնված Մարիա Գևորգի Ոսկանյանի ապրուստի միջոց՝ մինչև նրա չափահաս դառնալը ալիմենտի բռնագանձումը սկսել Գևորգ Ոսկանյանի՝ ալիմենտային պարտավորությունը կատարելուց խուսափելու օրվանից՝ 27042020 թվականից։

Դատարանի 08042024 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը կարճվել է այն պատճառաբանությամբ, որ « (․․․) երկու դեպքում էլ հայցի թե փաստական հիմքը և թե իրավական հիմքը նույնական է, բացառությամբ որոշակի փոփոխությունների, որոնք պայմանավորված են օբյեկտիվ հանգամանքներով, մասնավորապես՝ Սուրեն Գևորգի Ոսկանյանը /ծնված 1999թ. ապրիլի 12-ին/, Էրիկ Գևորգի Ոսկանյանը /ծնված՝ 2001թ. հուլիսի 23-ին/ ներկայումս չափահաս են, իսկ Մարիա Գևորգի Ոսկանյանը /ծնված՝ 2008թ. հունիսի 1-ին/ անչափահաս: Թիվ ՇԴ/0811/02/12 քաղաքացիական գործով կայացված վճռով՝ հայցը բավարարվել է՝ Գևորգ Սուրենի Ոսկանյանից հօգուտ Ալինա Անդրանիկի Ոսկանյանի բռնագանձել ալիմենտ յուրաքանչյուր ամիս նրա ամսական վաստակի և (կամ) այլ եկամտի կեսի չափով` որպես վերջինիս խնամքին գտնվող անչափահասներ` Սուրեն Գևորգի Ոսկանյանի (ծնված 1999թ. ապրիլի 12-ին), Էրիկ Գևորգի Ոսկանյանի (ծնված` 2001թ. հուլիսի 23-ին) և Մարիա Գևորգի Ոսկանյանի (ծնված` 2008թ. հունիսի 1-ին) ապրուստի միջոց` մինչև նրանց չափահաս դառնալը: Թիվ ՇԴ/3545/02/23 քաղաքացիական գործով Ալինա Անդրանիկի Ոսկանյանը խնդրել է բռնագանձել ալիմենտ որպես վերջինիս խնամքին գտնվող անչափահաս Մարիա Գևորգի Ոսկանյանի (ծնված` 2008թ. հունիսի 1-ին) ապրուստի միջոց: Վերոշարադրյալից ակնհայտ է, որ հայցվորի դատական պաշտպանության իրավունքի իրացման վերջնական նպատակն ուղղված է ալիմենտի բռնագանձմանը, որի վերաբերյալ անչափահաս Մարիա Գևորգի Ոսկանյանի մասով արդեն իսկ առկա է օրինական ուժ ստացած վճիռ։

Վերաքննիչ դատարանի 14102024 թվականի որոշմամբ Ալինա Ոսկանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 08042024 թվականի «Գործի վարույթը կարճելու մասին որոշումը» թողնվել է օրինական ուժի մեջ այն պատճառաբանությամբ, որ «(․․․ ) ինչպես սույն քաղաքացիական գործով ներկայացված հայցադիմումի, այնպես էլ թիվ ՇԴ/0811/02/12 քաղաքացիական գործով ներկայացված հայցադիմումի փաստական հիմքերն ըստ էության նույնական են, իսկ սույն գործով ներկայացված լրացուցիչ հանգամանքներն ըստ էության հանդիսանում են վեճի վերաբերյալ նախապատմություն, սակայն ոչ ներկայացված պահանջի նոր փաստական հիմքեր: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանի եզրահանգումը հիմնավոր է, բխում է սույն գործի և թիվ ՇԴ/0811/02/12 քաղաքացիական գործի փաստական հիմքերի և ուշադրության արժանի այլ հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությունից, ուստի Վերաքննիչ դատարանի գնահատմամբ սույն քաղաքացիական գործի վարույթը կարճելով Դատարանը խախտում թույլ չի տվել: Ինչ վերաբերում է բողոքաբերի այն փաստարկներին, որոնք վերաբերում են ՀՀ սահմանադրական դատարանի 10․03․2020 թվականի թիվ 1515 որոշման կիրառելիությանը, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նշված որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ երեխայի լավագույն շահի և երեխայի համար հոգ տանելու ծնողի շարունակվող պարտավորության կատարման ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ դատարանը պարտավոր է հաշվի առնել հայցից հրաժարվելու հիմքով ալիմենտի պահանջի մասին գործի վարույթի կարճման որոշումից հետո կողմերի վարքագծի, ընտանեկան կամ գույքային դրության փոփոխությունները և նույն կողմերի միջև նոր հայց ներկայացվելու դեպքում այն ըստ էության քննության առնել: Նշվածից ուղղակիերոն հետևում է, որ Սահմանադրական դատարանի որոշումը վերաբերում է այն դեպքերին, երբ հայցվորը հրաժարվել է ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ հայցից, որի հետևանքով պահանջն առհասարակ չի քննվել, մինչդեռ տվյալ դեպքում առկա է ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած վճիռ»։

 

Վերը նշված դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են՝ հետևյալ պատճառաբանությամբ։

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով սույն գործի փաստերին և ստորադաս դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը ընդգծում է, որ բողոքաբերի կողմից վճռաբեկ բողոքում մեջբերված ՀՀ Սահմանադրական դատարանի 11.02.2020 թվականի թիվ ՍԴՈ-1515 որոշումը, որով անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 183-րդ հոդվածի 8-րդ մասի, 203-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանելու հարցին՝ արձանագրելով, որ «(…) նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով հայցի դատարանի կողմից կրկնակի քննության արգելքը նպատակ ունի նախ երաշխավորել իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքի իրացումը՝ ապահովելով դատական որոշումների վերջնականությունը և կանխելով նույն հարցի վերաբերյալ դատարանի կողմից տարաբնույթ որոշումների կայացումը: Երկրորդ՝ նույն հարցի կրկնակի քննության արգելքը կոչված է ապահովելու արդյունավետ արդարադատության իրականացումը՝ թույլ չտալով նույն հարցով դատարանին կրկնակի ծանրաբեռնելը» վերաբերելի չէ տվյալ գործով նշված փաստական հանգամանքների հետ, քանի որ այն վերաբերվում է հայցից հրաժարվելու դեպքերին»:

Վճռաբեկ դատարանը, անդրադառալով սույն գործով հայցի փաստական և իրավական հիմքերին, ինչպես նաև հայցի առարկային, փատում է, որ թիվ ՇԴ/0811/02/12 քաղաքացիական գործով 28.04.2012 թվականին Ալինա Անդրանիկի Ոսկանյանը դիմել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Գևորգ Սուրենի Ոսկանյանի: Թիվ ՇԴ/3545/02/23 քաղաքացիական գործով 17.05.2023 թվականին Ալինա Անդրանիկի Ոսկանյանը դիմել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Գևորգ Սուրենի Ոսկանյանի: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ երկու քաղաքացիական գործերով էլ հանդես են եկել հակադիր շահերով օժտված նույն անձինք։

Թիվ ՇԴ/0811/02/12 քաղաքացիական գործով կայացված վճռով հայցը բավարարվել է՝ Գևորգ Սուրենի Ոսկանյանից հօգուտ Ալինա Անդրանիկի Ոսկանյանի բռնագանձվել է ալիմենտ յուրաքանչյուր ամիս նրա ամսական վաստակի և (կամ) այլ եկամտի կեսի չափով` որպես վերջինիս խնամքին գտնվող երեք անչափահաս երեխաների ապրուստի միջոց` մինչև նրանց չափահաս դառնալը: Թիվ ՇԴ/3545/02/23 քաղաքացիական գործով Ալինա Անդրանիկի Ոսկանյանը խնդրել է բռնագանձել ալիմենտ յուրաքանչյուր ամիս Գևորգ Սուրենի Ոսկանյանի ամսական վաստակի և (կամ) այլ եկամտի 1/4-ի չափով՝ որպես վերջինիս խնամքին գտնվող մեկ անչափահաս երեխա Մարիա Գևորգի Ոսկանյանի (ծնված` 2008թ. հունիսի 1-ին) ապրուստի միջոց: Հետևաբար Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ թիվ ՇԴ/0811/02/12 քաղաքացիական գործով և թիվ ՇԴ/3545/02/23 քաղաքացիական գործով հայցի առարկան նույնն է:

Սույն գործի փաստական հանգամանքների վերլուծությունից հետևում է, որ թիվ ՇԴ/3545/02/23 և թիվ ՇԴ/0811/02/12 քաղաքացիական գործերով հայցի փաստական հիմքերի բովանդակությունը ըստ էության նույնն է: Առկա որոշակի փոփոխությունները պայմանավորված են օբյեկտիվ հանգամանքներով, մասնավորապես՝ Սուրեն Գևորգի Ոսկանյանը (ծնված 1999թ. ապրիլի 12-ին), Էրիկ Գևորգի Ոսկանյանը (ծնված՝ 2001թ. հուլիսի 23-ին )ներկայումս չափահաս են, իսկ Մարիա Գևորգի Ոսկանյանը (ծնված՝ 2008թ. հունիսի 1-ին )անչափահաս: Թիվ ՇԴ/0811/02/12 քաղաքացիական գործով կայացված վճռով Գևորգ Սուրենի Ոսկանյանից ալիմենտ է բռնագանձվել նրա ամսական վաստակի և (կամ) այլ եկամտի կեսի չափով` որպես անչափահասներ` Սուրեն Գևորգի Ոսկանյանի (ծնված 1999թ. ապրիլի 12-ին), Էրիկ Գևորգի Ոսկանյանի (ծնված` 2001թ. հուլիսի 23-ին) և Մարիա Գևորգի Ոսկանյանի (ծնված` 2008թ. հունիսի 1-ին) ապրուստի միջոց` մինչև նրանց չափահաս դառնալը: Թիվ ՇԴ/3545/02/23 քաղաքացիական գործով Ալինա Անդրանիկի Ոսկանյանը խնդրել է բռնագանձել ալիմենտ որպես անչափահաս Մարիա Գևորգի Ոսկանյանի (ծնված` 2008թ. հունիսի 1-ին) ապրուստի միջոց:

Վերոշարադրյալից ակնհայտ է, որ հայցվորի դատական պաշտպանության իրավունքի իրացման վերջնական նպատակն ուղղված է ալիմենտի բռնագանձմանը, որի վերաբերյալ անչափահաս Մարիա Գևորգի Ոսկանյանի մասով արդեն իսկ առկա է օրինական ուժ ստացած վճիռ:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով սույն գործի իրավական հիմքերին, առձանագրում է, որ թիվ ՇԴ/0811/02/12 քաղաքացիական գործով հայցի առարկան եղել է ալիմենտի բռնագանձման պահանջը, ըստ որի Ալինա Ոսկանյանը դատարանից խնդրել է Գևորգ Սուրենի Ոսկանյանից հօգուտ Ալինա Անդրանիկի Ոսկանյանից բռնագանձել ալիմենտ յուրաքանչյուր ամիս նրա ամսական վաստակի և (կամ) այլ եկամտի կեսի չափով, որի նկատմամբ կիրառելի է եղել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի պահանջը, իսկ թիվ ՇԴ/3545/02/23 քաղաքացիական գործով հայցի առարկան եղել է ալիմենտի բռնագանձման պահանջը, ըստ որի Ալինա Ոսկանյանը դատարանից խնդրել է Գևորգ Սուրենի Ոսկանյանից հօգուտ Ալինա Անդրանիկի Ոսկանյանից բռնագանձել ալիմենտ յուրաքանչյուր ամիս նրա ամսական վաստակի և (կամ) այլ եկամտի 1/4-ի չափով, որի նկատմամբ կիրառելի է եղել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի պահանջ: Նշվածից հետևում է, որ վերոնշյալ գործերով ներկայացված հայցերի իրավական հիմքերը նույնական չեն:

Վերոգրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի վերը նշված պատճառաբանությունը չէր կարող բավարար հիմք հանդիսանալ Դատարանի 08.04.2025 թվականի «Գործի վարույթը կաճելու մասին» որոշումը օրինական ուժի մեջ թողնելու համար։

 

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիմքը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են «Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.10.2024 թվականի որոշումն ու գործն ուղարկել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող և զեկուցող

Է. Սեդրակյան

Ն. հովսեփյան

Ս. Մեղրյան

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2026 թվական: