ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/24298/02/22 2026 թ. | ||
| Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/24298/02/22 | |||
| |||
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
|
նախագահող |
Գ. Հակոբյան | |
| զեկուցող |
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ | |
|
Ա․ ԱԹԱԲԵԿՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ | ||
|
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ |
2026 թվականի մարտի 13-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ «ՕՍՏ-ՇԻՆ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ «ՄՈՒՇ ԹԱՈՒԵՐՍ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն)՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, և ըստ Կազմակերպության հակընդդեմ հայցի ընդդեմ Ընկերության՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21․02․2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Կազմակերպության բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից բռնագանձել 89․165․717 ՀՀ դրամ։
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Կազմակերպությունը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 88․578․125 ՀՀ դրամ և 88․578․125 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 03․12․2024 թվականի որոշմամբ Կազմակերպության միջնորդությունը՝ հակընդդեմ ապահովում կիրառելու մասին, մերժվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29․01․2025 թվականի որոշմամբ Կազմակերպության բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Վերաքննիչ դատարանի 21․02․2025 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
ՀՀ վճռաբեկ դատարանի 26․09․2025 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 29․01․2025 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերացվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը (ներկայացուցիչ Էմանուել Անանյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 9-րդ, 55-րդ, 56-րդ, 66-րդ, 368-րդ, 370-րդ և 372-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել, որ Էմանուել Անանյանը սույն գործով գրեթե սկզբնական փուլից հանդիսանում է Կազմակերպության ներկայացուցիչը, ով մշտապես մասնակցել է գործով դատական նիստերին, ներկայացրել է գրավոր առարկություններ, միջնորդություններ, վերաքննիչ բողոքներ, որոնք մշտապես քննության են ենթարկվել և երբևէ կասկածի տակ չեն դրվել նրա լիազորությունները։
Բողոքաբերի համար անընդունել է Վերաքննիչ դատարանի այն վերլուծությունը, որ վերաքննիչ բողոքին կից ներկայացված լիազորագրով Է․ Անանյանը չունի դատական ակտը բողոքարկելու լիազորություն։
Վերաքննիչ դատարանի՝ «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը ստանալուց հետո Էմանուել Անանյանի կողմից փոստային ծառայության միջոցով կրկին ներկայացվել է վերաքննիչ բողոք, որին կից ներկայացված լիազորագրում նշված է ներկայացուցչի՝ դատական ակտը բողոքարկելու լիազորությունը, որն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 21․02․2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ, 56-րդ, 372-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, (...) ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը (տե՛ս Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57, Տոլստոյ Միլոսլավսկին ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 18139/91 գանգատով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, կետ 59): Բացի այդ, սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն` գործնական ու արդյունավետ իրավունքների երաշխավորման ապահովմամբ (տե՛ս Ալ‑Ադսանին ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 35763/97 գանգատով Եվրոպական դատարանի 21.11.2001 թվականի վճիռը, կետ 53, Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, կետ 35-36, Ռապոն ընդդեմ Ֆրանսիայի թիվ 4210/00 գանգատով Եվրոպական դատարանի 25.07.2002 թվականի վճիռը, կետ 90, «Պայքար և հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի թիվ 21638/03 գանգատով Եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի վճիռը, կետ 44):
Եվրոպական դատարանը մեկ այլ վճռով նշել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «...պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե´ս, թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):
Եվրոպական դատարանը նշել է նաև, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1995 թվականի փետրվարի 7-ի թիվ R (95) 5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարանի) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` այն դեպքում, երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանների կողմից չեն կարող ստեղծվել այնպիսի ձևական խոչընդոտներ, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե՛ս, ի թիվս այլնի, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):
Ըստ Եվրոպական դատարանի՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված իրավունքը չի ներառում վերաքննության իրավունքը։ Միևնույն ժամանակ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում հետևողականորեն արտահայտվում է այն սկզբունքային իրավական դիրքորոշումը, որի համաձայն՝ Եվրոպական կոնվենցիան պայմանավորվող պետություններին չի պարտադրում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ, այնուամենայնիվ, եթե ստեղծվել են, ապա պետք է ապահովվի, որ շահագրգիռ անձինք այդ դատարաններում ևս օգտվեն 6-րդ հոդվածի երաշխիքներից (…) (տե՛ս Ստարոշչկն ընդդեմ Լեհաստանի թիվ 59519/00 գանգատով Եվրոպական դատարանի 22․03․2007 թվականի վճիռը, կետ 125)։
Դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի բաղադրատարր հանդիսացող` դատական ակտի բողոքարկման իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացումն ապահովելու խնդիրներին անդրադարձ է կատարել նաև Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում՝ այդ կապակցությամբ հայտնելով որոշ սկզբունքային իրավական դիրքորոշումներ: Մասնավորապես, անդրադառնալով սահմանադրորեն երաշխավորված անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման իրավական խնդրին` Սահմանադրական դատարանն իր 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. անձի` դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը` ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառ գործունեություն իրականացնելիս: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը և պայմանները սահմանում է օրենսդիրը: Օրենսդիրն այս գործընթացում օժտված է գնահատման որոշակի ազատությամբ, սակայն սա չի նշանակում, որ օրենսդիրն իրավասու է սահմանելու դատարան դիմելու իրավունքի իրացմանը վերաբերող ցանկացած իրավակարգավորում: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված այս հիմնարար իրավունքի իրացման կարգը և պայմանները նախատեսող իրավակարգավորումները պետք է նպատակ հետապնդեն ապահովելու դատական պաշտպանության միջոցների գործնականում արդյունավետ երաշխավորումը, այլ խոսքով` արդարադատության պատշաճ իրականացումը և անձանց իրավունքների և ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանությունը:
Մեկ այլ, այն է՝ 25.11.2008 թվականի թիվ ՍԴՈ-780 որոշմամբ Սահմանադրական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է:
Ըստ Սահմանադրական դատարանի 18.07.2012 թվականի թիվ ՍԴՈ-1037 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման՝ դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի նպատակը ոչ միայն ներկայացված պահանջի մերժման կամ բավարարման իրավաչափության ստուգումն է։ Այս ինստիտուտն այն հիմնական և էական իրավական երաշխիքն է, որի միջոցով ապահովվում է ստորադաս դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքի հիմնական բաղադրատարրերի, մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասով և Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դատավարական երաշխիքների պահպանումը։ Բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը չի պահպանել հիշյալ դատավարական երաշխիքները, քաղաքացին չունենալով վերաքննության իրավունք, ըստ էության զրկվում է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից։
Բացի այդ, Սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե´ս, ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ‑1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) կարևորելով իրավակարգավորման մի շարք սկզբունքներ, նաև արձանագրել է, որ`
- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,
- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
-դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,
-դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,
-իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:
Բողոքարկման իրավունքի և այդ համատեքստում նաև դատարանի մատչելիության վերաբերյալ վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով կիրառման ենթակա իրավակարգավորումներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան` Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական դատավարության մասնակիցներն են գործին մասնակցող անձինք, նրանց ներկայացուցիչները։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձի ներկայացուցիչը օրենքով նախատեսված դեպքում գործին մասնակցող անձի անունից դատարանում հանդես գալու իրավունք ունեցող անձն է:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձը կարող է դատարանում իր գործը վարել անձամբ կամ մեկ կամ մի քանի ներկայացուցչի միջոցով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածում նշված փաստաթղթերի բնօրինակները դատարանի ստուգելուց հետո կարող են վերադարձվել այն ներկայացրած անձին՝ դատարանի հաստատած պատճենները կցելով գործի նյութերին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ դատարանում գործը վարելու լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարելու ցանկացած դատավարական գործողություն, բացառությամբ` դատական ակտը բողոքարկելու։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասում թվարկված գործողություններից յուրաքանչյուրի կատարման համար ներկայացվողի տված լիազորագրում պետք է ուղղակիորեն նախատեսված լինի ներկայացուցչի այդ լիազորությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը։
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ (…) ներկայացուցչի ստորագրած բողոքին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե գործում բացակայում է լիազորագիրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե` չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե` նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը բողոքը կրկին ներկայացնելու դեպքում թույլ է տվել նոր խախտումներ։
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմելու դատարան` իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար: Դրանում ի նկատի ունենալով նաև բողոքարկման իրավունքը՝ օրենսդիրը սահմանել է, որ գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք: Անդրադառնալով քաղաքացիական դատավարությունում ներկայացուցչի կարգավիճակին՝ օրենսդիրը նշել է, որ քաղաքացիական դատավարության մասնակիցներ են գործին մասնակցող անձանց ներկայացուցիչները և վերջիններս գործին մասնակցող անձի անունից դատարանում հանդես գալու իրավունք ունեցող անձինք են։
Միևնույն ժամանակ օրենսդիրն անդրադարձել է քաղաքացիական դատավարության շրջանակներում ներկայացուցչի միջոցով գործին մասնակցող անձի հանդես գալու կարգին՝ նշելով, որ գործին մասնակցող անձը կարող է դատարանում իր գործը վարել ներկայացուցչի միջոցով և այդ դեպքում՝ ներկայացուցչի լիազորությունները հավաստող փաստաթղթի բնօրինակը դատարանի ստուգելուց հետո կարող է վերադարձվել այն ներկայացրած անձին՝ դատարանի հաստատած պատճենը կցելով գործի նյութերին։
Վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը, միաժամանակ ներկայացուցչի ստորագրած բողոքին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե գործում բացակայում է լիազորագիրը, և նման պայմանների չպահպանման դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է։ Այն դեպքում, երբ բողոք ներկայացրած անձը բողոքը կրկին ներկայացնելու դեպքում թույլ է տվել նոր խախտում, նման բողոքի ընդունումը մերժվում է։
Օրենսդիրը նշել է, որ դատարանում գործը վարելու լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարելու ցանկացած դատավարական գործողություն, բացառությամբ` դատական ակտը բողոքարկելու, որի կատարման համար լիազորագրում պետք է ուղղակիորեն նախատեսված լինի ներկայացուցչի այդ լիազորությունը։
Նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական ակտերի բողոքարկման իրավունքը անձի՝ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում, անդրադառնալով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին, փաստել է, որ որպեսզի դատարանի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անձը պետք է իր իրավունքների իրականացմանը միջամտող իրավական ակտը վիճարկելու հստակ և իրական հնարավորություն ունենա (տե՛ս, Bellet v. France, 04.12.1995 թվականի վճիռը, կետ 36, Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի 16.03.2010 թվականի վճիռը, կետ 25), (տե՛ս, «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊ ընկերությունն ընդդեմ Մհեր Մուրադյանի թիվ ԿԴ1/2503/03/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.05.2019 թվականի որոշումը):
Ըստ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշման՝ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը կարևորելով դատավարական ներկայացուցչությունը, որպես դատական պաշտպանության արդյունավետ միջոց, սահմանել է վերաքննիչ բողոքին պարտադիր կցել ներկայացուցչի լիազորությունները հաստատող ապացույցը (լիազորագիրը), եթե վերաքննիչ բողոքը բերվել է (ստորագրվել է) ներկայացուցչի կողմից (տե՛ս, Հարություն Բետխեմյանն ընդդեմ Հայկ Բետխեմյանի, Գրիգոր Բետխեմյանի, Ալվարդ Բետխեմյանի թիվ ԵԴ/33311/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20․04․2021 թվականի որոշումը)։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանի 03․12․2024 թվականի որոշմամբ Կազմակերպության հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է (գործի հավելվածի հատոր 1-ին, գ․թ․ 150-154)։
Դատարանի նշված որոշման դեմ Կազմակերպության ներկայացուցիչ Էմանուել Անանյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք (գործի հավելվածի հատոր 2-րդ, գ․թ․ 6-13)։
Վերաքննիչ դատարանի 29.01.2025 թվականի որոշմամբ Կազմակերպության ներկայացուցչի վերաքննիչ բողոքը վերադարձվել է հետևյալ պատճառաբանությամբ․ «(․․․) վերաքննիչ բողոքը «Մուշ թաուերս» ՍՊԸ-ի անունից ստորագրել է Էմանուել Անանյանը, մինչդեռ և՛ սույն գործի նյութերում, և՛ վերաքննիչ բողոքին կից ներկայացված փաստաթղթերի ցանկում բացակայում է «Մուշ թաուերս» ՍՊԸ-ի կողմից վերաքննիչ բողոքը ստորագրած անձ՝ Էմանուել Անանյանին տրված բնօրինակ լիազորագիր, որը հիմք կհանդիսանար վերաքննիչ բողոքը ստորագրած անձի լիազորությունները հավաստելու համար։
Ինչ վերաբերում է սույն քաղաքացիական գործի նյութերում առկա «Մուշ թաուերս» ՍՊԸ-ի կողմից Էմանուել Անանյանին 30․06․2022թ․ տրված լիազորագրին, ապա Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ նշված լիազորագիրը հիմք չի հանդիսանում սույն վերաքննիչ բողոքը ստորագրած անձ Էմանուել Անանյանի լիազորությունները հաստատելու համար, քանի որ այն պատճենի տեսքով է։ (…)»։ (գործի հավելվածի հատոր 2-րդ, գ․թ․ 18)։
Վերաքննիչ դատարանը 21․02․2025 թվականին կայացրել է «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշում հետևյալ պատճառաբանությամբ՝ «(…) բողոք բերող անձի կողմից 12․02․2025թ․ և 13․02․2025թ․ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքներում բողոք բերող անձի կողմից թույլ է տրվել նոր խախտում, այն է՝ վերաքննիչ բողոքը ստորագրած փաստաբան Էմանուել Անանյանին դատական ակտը բողոքարկելու լիազորություն չի վերապահվել, մասնավորապես, կրկին ներկայացված վերաքննիչ բողոքներին կցված «Մուշ թաուերս» ՍՊԸ-ի կողմից վերաքննիչ բողոքը ստորագրած անձ՝ Էմանուել Անանյանին 02․09․2024թ․ տրված լիազորագրերով փաստաբան Էմանուել Անանյանին չի վերապահվել դատական ակտը բողոքարկելու լիազորություն: (…)»: (գործի հավելվածի հատոր 2-րդ, գ․թ․ 85)։
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով վերը նշված հիմքով վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու կապակցությամբ Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը․
Վերաքննիչ դատարանի 29․01․2025 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո Կազմակերպության ներկայացուցիչ Էմանուել Անանյանը Դատարանի 03․12․2024 թվականի որոշման դեմ կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ դրան կից ներկայացնելով Կազմակերպության տնօրենի կողմից 02․09․2024 թվականին երեք տարի ժամկետով տրված լիազորագիր, որով Էմանուել Անանյանը լիազորվել է Կազմակերպության և վերջինիս տնօրենի անունից հանդես գալու (…) ՀՀ դատական բոլոր ատյաններում՝ (…) վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում՝ կատարելով մի շարք դատավարական գործողություններ, այդ թվում՝ ստորագրել և /կամ/ ներկայացնել վերաքննիչ, վճռաբեկ բողոքներ։
Քննարկվող պարագայում, Դատարանի 03․12․2024 թվականի «Հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի ներածական մասում նշված է «Բողոք բերող՝ թիվ ԵԴ/24298/02/22 քաղաքացիական գործով պատասխանող «Մուշ Թաուերս» ՍՊ ընկերություն», իսկ հաջորդ տողում առանձին նշված է «Պատասխանողի ներկայացուցիչ, փաստաբան Էմանուել Սերգեյի Անանյան», ավելին՝ վերաքննիչ բողոքը ստորագրել է Էմանուել Անանյանը, ով հանդես է գալիս Կազմակերպության տնօրենի կողմից 02․09․2024 թվականին տրված լիազորագրի հիման վրա։ Նշված լիազորագիրը ներկայացվել է վերաքննիչ բողոքին կից։ Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կազմակերպությունը Դատարանի 03․12․2024 թվականի «Հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշումը բողոքարկելու իր իրավունքը նպատակ է ունեցել իրացնել ներկայացուցչի, տվյալ դեպքում՝ Էմանուել Անանյանի միջոցով, որպիսի հանգամանքով պայմանավորված էլ Էմանուել Անանյանը Կազմակերպության անունից՝ վերջինիս կողմից 02․09․2024 թվականին տրված լիազորագրի հիման վրա, ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ բողոքի ներածական մասում նշելով իր անունը՝ որպես Կազմակերպության ներկայացուցիչ։ Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ լիազորագրում առկա «ստորագրել և /կամ/ ներկայացնել վերաքննիչ, վճռաբեկ բողոքներ» ձևակերպումը իր բովանդակությամբ համընկնում է դատական ակտի բողոքարկման լիազորության էությանը և տվյալ իրավիճակում չի կարող մեկնաբանվել այլ կերպ։
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ սույն գործով Դատարանի 03․12․2024 թվականի «Հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշման դեմ վերաքննիչ բողոքը ներկայացվել է նշված որոշումը Կազմակերպության անունից բողոքարկելու իրավունք ունեցող անձի՝ Էմանուել Անանյանի կողմից, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Վերաքննիչ դատարանը սխալ եզրահանգման է եկել առ այն, որ սույն գործով վերաքննիչ բողոքը ներկայացվել է դրա իրավունքը չունեցող անձի կողմից, որպիսի պատճառաբանությամբ էլ անհիմն կերպով մերժել է վերաքննիչ բողոքի ընդունումը։
Ինչ վերաբերում է լիազորագրի բնօրինակի հետ կապված վճռաբեկ բողոքում բերված փաստարկներին, ապա այս մասով Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ քննարկվող որոշմամբ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է ոչ թե այն հիմքով, որ բողոքին կից ներկայացված լիազորագիրը բնօրինակի տեսքով չի ներկայացվել, այլ այն հիմքով, որ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին կցված Կազմակերպության կողմից վերաքննիչ բողոքը ստորագրած անձ՝ Էմանուել Անանյանին 02․09․2024 թվականին տրված լիազորագրով վերջինիս չի վերապահվել դատական ակտը բողոքարկելու լիազորություն, ուստի վճռաբեկ բողոքով բարձրացված այդ հարցին չի անդրադառնում։
Վերոգրյալի հիման վրա՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, 21․02․2025 թվականին կայացնելով «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշում, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ և 372-րդ հոդվածները՝ միաժամանակ սահմանափակելով Կազմակերպության` Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով ու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված՝ դատական պաշտպանության իրավունքը, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 21․02․2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար։ Ընդ որում նշված որոշումը վերացնելու դեպքում Կազմակերպության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն ենթակա է վարույթ ընդունման, եթե բացակայեն վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու այլ հիմքեր, կամ վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքեր։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կազմակերպության կողմից վերաքննիչ բողոքին կից ներկայացված է եղել նաև վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն, որին Վերաքննիչ դատարանն իր 21․02.2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ անդրադարձ չի կատարել՝ պատճառաբանելով, որ «Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով նախատեսված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ բողոք բերող անձի կողմից ներկայացված միջնորդությանը, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վերը նշված պատճառաբանությամբ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու պայմաններում Վերաքննիչ դատարանը չի անդրադառնում նշված միջնորդությանը»:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21․02.2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Գ. հակոբյան Զեկուցող Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ա․ ԱԹԱԲԵԿՅԱՆ Ս. Մեղրյան Ա. Մկրտչյան Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|