ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/1372/02/23 2026 թ. | ||||||
| Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/1372/02/23 | |||||||
| |||||||
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
|
նախագահող և զեկուցող |
Գ. Հակոբյան | |
|
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ | ||
|
Ս․ ՄԵՂՐՅԱՆ Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ | ||
|
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ |
2026 թվականի մարտի 27-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Մ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.12.2024 թվականի որոշման դեմ` ըստ «ԲԱՅԱԶ ԷՆԵՐԳՈՇԻՆ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ «Մ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն)՝ գումար բռնագանձելու պահանջի մասին
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից բռնագանձել 100.089.750 ՀՀ դրամ` որպես պարտավորության ընդհանուր գումար, նախապես վճարված պետական տուրքի գումարն ու 3.000.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը (այսուհետ՝ Դատարան) 02.04.2024 թվականին վճռել է. «1. «Բայազ Էներգոշին» ՍՊ ընկերության ընդդեմ «Մ-Գրուպ» ՍՊ ընկերության՝ գումարի բռնագանձման պահանջի մասին հայցը բավարարել: 2. «Մ-Գրուպ» ՍՊ ընկերությունից հօգուտ «Բայազ Էներգոշին» ՍՊ ընկերության բռնագանձել 100.089.750 ՀՀ դրամ՝ որպես պարտավորության ընդհանուր գումար, ինչպես նաև 3.004.236 ՀՀ դրամ՝ նախապես վճարված պետական տուրքի և 200.000 ՀՀ դրամ՝ փաստաբանի խելամիտ վարձատրության գումարներ: 3. «Բայազ Էներգոշին» ՍՊ ընկերության՝ մնացած՝ 2.800.000 ՀՀ դրամ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության պահանջը մերժել»:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.12.2024 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 02.04.2024 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Արթուր Արմենակյան)։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 303-րդ, 304-րդ, 346-րդ, 375-րդ, 411-րդ, 430-րդ, 446-րդ, 887-րդ, 888-րդ և 1058-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ ու 9-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանի կողմից չի իրականացվել գործում առկա բոլոր ապացույցների և հանգամանքների օբյեկտիվ, բազմակողմանի ու լրիվ քննություն:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ կողմերի միջև գոյություն ունեցող սկզբնական պարտավորությունը չի փոխարինվել մեկ այլ պարտավորությամբ, այլ ընդամենը կատարման ժամանակացույց է սահմանվել։
Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը, որով բավարարվել է Ընկերության պահանջը՝ կապված 16.06.2022 թվականի համաձայնագրի 10-րդ կետում նշված 5.757.000 ՀՀ դրամն իրենից բռնագանձելու հետ, հաշվի չի առել, որ համաձայնագրի 10-րդ կետով արձանագրվել է համաձայնագրի կողմ չհանդիսացած սուբյեկտների՝ «Մ-ԳՐՈՒՊ ԷՆԵՐԳՈՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի և «Գրիգոր Հակոբյան» ԱՁ-ի միջև ենթադրյալ պարտավորական իրավահարաբերություն։ Ավելին՝ գործում առկա չէ ապացույց այն մասին, որ «Գրիգոր Հակոբյան» ԱՁ-ն իր ենթադրյալ իրավունքները զիջել է Ընկերությանը, որի պայմաններում անհասկանալի է, թե ի՞նչ իրավական հիմքով է Ընկերությունն իրեն դիտարկում որպես ենթադրյալ պարտատեր։ Համաձայնագրում չկա նշում այն մասին, որ ենթադրյալ պարտավորությունը պետք է կատարվեր Ընկերության, այլ ոչ թե «Գրիգոր Հակոբյան» ԱՁ-ի օգտին։
Դատարանը, 19.475.742 ՀՀ դրամի չափով բավարարելով հայցապահանջը, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը, անտեսել են, որ գործի նյութերում առկա չէ որևէ թույլատրելի ապացույց Ընկերության կողմից վարկային պարտավորություններ ստանձնած լինելու վերաբերյալ։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ համաձայնագրով որևէ կերպ ինքը չի ստանձնել վարկային պարտավորություններ մարելու պարտավորություն։
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ փաստաբան Ս. Մարաբյանը, որի մատուցած ծառայությունների համար Ընկերությունը խնդրել է բռնագանձել փաստաբանի խելամիտ վարձատրության վճար, դատական նիստերին չի մասնակցել, փաստացի կազմել է միայն հայցադիմումը և հայցադիմումի լրացում թույլատրելու միջնորդություններ․ Ընկերության շահերի պաշտպանությունը դատարանում իրականացրել է վերջինիս աշխատակիցը: Նշված հանգամանքը Դատարանն առանձին քննարկման առարկա է դարձրել դատական նիստի ընթացքում, որի ընթացքում և Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ հանդիսանում է վերջինիս աշխատակիցը: Նման պայմաններում 200.000 ՀՀ դրամ փաստաբանի խելամիտ վարձատրության գումար սահմանելը Դատարանի կողմից որևէ կերպ չի հիմնավորվում, պարզ չէ, թե ո՞ր ծավալի փաստաբանական աշխատանքն է հիմք ընդունել Դատարանը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.12.2024 թվականի որոշումը և հայցն ամբողջությամբ մերժել, կամ գործն ուղարկել նոր քննության:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Ներկայացված բողոքն անհիմն է, դրանում վկայակոչված փաստերը ներկայացվել են աղավաղված տեսքով, որոշ փաստեր էլ ուղղակի անտեսվել են և չեն ներկայացվել, իսկ իրավական նորմերին տրվել է կամայական մեկնաբանություն:
Բողոք բերող անձն անտեսել է իրենց միջև կնքված համաձայնագրի համապատասխան կետերը, որոնք հիմք են հանդիսացել արդարացի վճռի և որոշման կայացման համար: Եթե բողոքաբերը ունեցել է որևէ առարկություն՝ կապված համաձայնագրի վավերականության հետ, ապա պետք է ի սկզբանե չկնքեր այն, կամ օգտվելով իր դատավարական իրավունքներից` նախնական դատաքննության ընթացքում առարկեր կամ պատշաճ կարգով ներկայացներ հակընդդեմ հայց:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Կազմակերպությունը և Ընկերությունը չեն վիճարկել, որ իրենց միջև 17.03.2020 թվականին կնքվել է կապալի պայմանագիր։ Դրանից հետո՝ 16.06.2022 թվականին, նրանց միջև կնքվել է համաձայնագիր (այսուհետ՝ Համաձայնագիր), որի՝
- 1-ին կետով հավաստել են, որ կողմերի միջև 17.03.2020 թվականին կնքված պայմանագրի ընդհանուր գինը կազմում է 124.299.883,34 ՀՀ դրամ,
- 2-րդ կետով հավաստել են, որ պայմանագրին կից կողմերի միջև կազմվել է ծառայությունների դիմաց վճարման ժամանակացույց, որով սահմանվել է պատվիրատուի կողմից 2020 թվականի մայիս ամսին 124.299.883,34 ՀՀ դրամի վճարման պարտավորություն,
- 3-րդ կետով հավաստել են, որ Համաձայնագիրը կնքելու պահին Կազմակերպության չմարած պարտավորությունը կազմում է 60.768.400,2 ՀՀ դրամ,
- 4-րդ կետով հավաստել են, որ Համաձայնագիրը կնքելու պահին Կազմակերպության կողմից աշխատանքների գծով չկատարված պարտավորության արժեքը կազմում է 29.227.054,49 ՀՀ դրամ,
- 5-րդ կետով Կազմակերպությունն ընդունել է, որ վերը նշված 2-րդ կետում նշված կետանցմամբ Ընկերությանը պատճառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ և 411-րդ հոդվածներով նախատեսված գույքային վնաս,
- 5.1-րդ կետում նշվել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածով նախատեսված՝ Ընկերության կրած վնասը կայանում է նրանում, որ ձեռնարկատիրական գործունեությունը շարունակելու համար վերջինս ստիպված է եղել ծանրաբեռնվել անհարկի լրացուցիչ վարկային պարտավորությամբ, որի արդյունքում ստիպված է լինելու վճարել 12,75 տոկոսի չափով բանկային տոկոսը. փոխհատուցվող գումարը 08.06.2022 թվականի դրությամբ կազմում է 19.475.742 ՀՀ դրամ,
- 5.2-րդ կետով հավաստել են, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված Ընկերության օրինական պահանջը կայանում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված տարեկան 12 տոկոս դրույքաչափով փոխհատուցման ենթակա գումարի մեջ, որը 08.06.2022 թվականի դրությամբ կազմում է 18.206.152 ՀՀ դրամ,
- 8-րդ կետով եկել են համաձայնության այն մասին, որ Կազմակերպությունն իր պայմանագրային պարտավորությունները կատարելու է մինչև 2022 թվականի նոյեմբեր ամսվա վերջը` նույն համաձայնագրով սահմանված ժամկետներում և գումարների չափով,
- 10-րդ կետով կողմերն արձանագրել են, որ «Գրիգոր Հակոբյան» ԱՁ-ի և «Մ-ԳՐՈՒՊ ԷՆԵՐԳՈՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի հիմքով «Մ-ԳՐՈՒՊ ԷՆԵՐԳՈՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ն «Գրիգոր Հակոբյան» ԱՁ-ի կողմից կատարված աշխատանքների դիմաց վերջինիս նկատմամբ ունի 5.757.000 ՀՀ դրամի չափով չմարված պարտավորություն,
- 11-րդ կետով կողմերն արձանագրել են, որ Ընկերության և «Մ-ԳՐՈՒՊ ԷՆԵՐԳՈՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի հիմքով «Մ-ԳՐՈՒՊ ԷՆԵՐԳՈՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ն Ընկերության կողմից կատարված աշխատանքների դիմաց վերջինիս նկատմամբ ունի 5.882.460 ՀՀ դրամի չափով չմարված պարտավորություն,
- 12-րդ կետով կողմերն արձանագրել են, որ «Մ-ԳՐՈՒՊ ԷՆԵՐԳՈՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ն 10-րդ և 11-րդ կետերով սահմանված գումարները մարելու է Համաձայնագրի կնքման օրվանից 2 ամսվա ընթացքում,
- 13-րդ կետով կողմերն արձանագրել են, որ Կազմակերպությունն իր գույքով երաշխավորում է վերը նշված 12-րդ կետով ստանձնած պարտավորությունը, և եթե «Մ-ԳՐՈՒՊ ԷՆԵՐԳՈՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ն 2 ամսվա ընթացքում չմարի վերը նշված 10-րդ ու 11-րդ կետերով ստանձնած պարտավորությունները, ապա Կազմակերպությունը «Մ-ԳՐՈՒՊ ԷՆԵՐԳՈՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի փոխարեն մարելու է ամբողջ գումարը վերը նշված 13-րդ կետով սահմանված «գումարը լրանալուց» հետո 5 բանկային օրվա ընթացքում,
- 14-րդ կետով կողմերն արձանագրել են, որ նույն համաձայնագրով նախատեսված պարտավորությունները կողմերի համար անվիճելի են,
- 15-րդ կետով կողմերը նախատեսել են, որ Կազմակերպության կողմից Համաձայնագրով նշված պարտավորությունը պատշաճ չկատարելու` չվճարելու կամ կետանցելու դեպքում, Ընկերությունը ստանում է իրավունք ամբողջ, այդ թվում` վերը նշված 5.1-րդ, 5.2-րդ և 13-րդ կետերում նշված գումարների բռնագանձման պահանջով դիմել ընդհանուր իրավասության դատարան և արագացված դատաքննության վարույթի շրջանակներում դատարանից պահանջել և ստանալ կատարողական թերթ (հատոր 2-րդ, գ. թ. 88-90)․
2) 06.07.2022 թվականին Կազմակերպությունն Ընկերությանը փոխանցել է Համաձայնագրի վերը նշված 3-րդ կետում նշված՝ որպես Կազմակերպության կողմից չմարված 60.768.400,2 ՀՀ դրամ գումարից 10.000.000 ՀՀ դրամ գումարը (հատոր 2-րդ, գ. թ. 87)․
3) «Արխիստրատեգ Նարսես» խորհրդատվական կենտրոն ՍՊԸ-ի և Ընկերության միջև 27.12.2021 թվականին կնքվել է «Դատական գործով փաստաբանական ծառայությունների մատուցման վերաբերյալ» պայմանագիր, որի 3.1-րդ կետի համաձայն՝ ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցման արժեքը կողմերի փոխադարձ համաձայնությամբ սահմանվել է 3.000.000 ՀՀ դրամի չափով, իսկ կանխավճարի չափը՝ 1.000.000 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ. թ. 18-20)․
4) Ընկերությունը 27.12.2021 թվականին (3 տարի ժամկետով) լիազորագիր է տվել փաստաբան Սևակ Մարաբյանին (փաստաբանական գործունեության թիվ 1478 արտոնագիր)՝ վերջինիս լիազորելով իրականացնել իր դատական շահերի պաշտպանությունը ՀՀ դատական բոլոր ատյաններում:
Միաժամանակ «Արխիստրատեգ Նարսես» խորհրդատվական կենտրոն ՍՊԸ-ի և փաստաբան Սևակ Մարաբյանի միջև 16.01.2022 թվականին կնքվել է թիվ 01 աշխատանքային պայմանագիրը (այսուհետ` Աշխատանքային պայմանագիր), որի համաձայն` վերջինս նշանակվել է «Արխիստրատեգ Նարսես» խորհրդատվական կենտրոն ՍՊԸ-ի իրավաբանի պաշտոնում (հատոր 1-ին, գ. թ. 21-24)․
5) Ընկերության և Արթուր Արմենակյանի միջև 01.04.2023 թվականին կնքվել է թիվ 01 աշխատանքային պայմանագիրը, որի համաձայն` վերջինս նշանակվել է Ընկերության իրավաբանի պաշտոնում: Նույն օրը Ընկերության կողմից տրված լիազորագրով Արթուր Արմենակյանը լիազորվել է ներկայացնել Ընկերությունը ՀՀ դատական բոլոր ատյաններում (հատոր 2-րդ, գ. թ. 31-33):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 346-րդ ու 446-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ՝
- պարտավոր անձի կողմից պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները պատշաճ կատարելուն,
- անձի՝ դատարան դիմելու իրավունքին,
- փաստաբանի խելամիտ վարձատրությանը:
1․ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 346-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտավորությունում որպես կողմ` պարտատեր կամ պարտապան, կարող է մասնակցել մեկ կամ միաժամանակ մի քանի անձ:
(…)։
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ եթե կողմերից յուրաքանչյուրը պայմանագրով պարտականություն է կրում հօգուտ մյուս կողմի, ապա նա մյուս կողմի պարտապանն է այն բանում, ինչը պարտավոր է անել հօգուտ նրա և միաժամանակ նրա պարտատերն է այն բանով, ինչն իրավունք ունի նրանից պահանջել:
(…)։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 348-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտավորությունը կատարելուց միակողմ հրաժարվել և դրա պայմանները միակողմ փոփոխել չի թույլատրվում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պարտավորությունը կատարելուց միակողմ հրաժարվելը` կապված դրա կողմերի ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ, և նման պարտավորության պայմանների միակողմ փոփոխելը թույլատրվում է նաև պայմանագրով նախատեսված դեպքերում, եթե այլ բան չի բխում օրենքից կամ պարտավորության էությունից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ եթե պարտավորությունը նախատեսում է կամ հնարավորություն է ընձեռում որոշել դրա օրը կամ ժամանակահատվածը, ապա պարտավորությունը պետք է կատարվի այդ օրը կամ այդ ժամանակահատվածի ցանկացած պահին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտատիրոջը պարտավորության հիման վրա պատկանող իրավունքը (պահանջը) կարող է նրա կողմից այլ անձի փոխանցվել գործարքով (պահանջի զիջում) կամ անցնել այլ անձի` օրենքի հիման վրա:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 400-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտապանն իրավունք ունի չկատարել պարտավորությունը նոր պարտատիրոջ օգտին, մինչև պահանջն այդ անձին անցնելու վերաբերյալ նրան ապացույցներ ներկայացնելը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 404-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հասարակ գրավոր կամ նոտարական ձևով կնքված գործարքի վրա հիմնված պահանջը պետք է զիջվի նույն ձևով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն` պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը:
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ պարտավորության ուժով, որը կարող է ծագել նաև պայմանագրից, անձը (պարտապանը) պարտավոր է այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն, այդ թվում նաև՝ վճարել դրամ, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը: Պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան: Ընդ որում, պարտավորությունը կատարելուց միակողմ հրաժարվել և դրա պայմանները միակողմ փոփոխել չի թույլատրվում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Օրենսդիրը, անդրադառնալով պարտավորության կատարման ժամկետներին, սահմանել է, որ եթե պարտավորությունը նախատեսում է կամ հնարավորություն է ընձեռում որոշել դրա օրը կամ ժամանակահատվածը, ապա պարտավորությունը պետք է կատարվի այդ օրը կամ այդ ժամանակահատվածի ցանկացած պահին: Ընդ որում, պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը:
Օրենսդիրը համապատասխան իրավակարգավորումներ է նախատեսել նաև պարտատիրոջ իրավունքներն այլ անձի անցնելու հիմքերի և կարգի վերաբերյալ՝ նշելով, որ պարտատիրոջը պարտավորության հիման վրա պատկանող իրավունքը (պահանջը) կարող է նրա կողմից այլ անձի փոխանցվել գործարքով (պահանջի զիջում) կամ անցնել այլ անձի` օրենքի հիման վրա: Պարտապանն իրավունք ունի չկատարել պարտավորությունը նոր պարտատիրոջ օգտին, մինչև պահանջն այդ անձին անցնելու վերաբերյալ նրան ապացույցներ ներկայացնելը։ Ընդ որում, հասարակ գրավոր կամ նոտարական ձևով կնքված գործարքի վրա հիմնված պահանջը պետք է զիջվի նույն ձևով:
2․ Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ինչպես սույն գործի փաստերը, այնպես էլ՝ վճռաբեկ բողոքի և այն վարույթ ընդունելու հիմքերն ու հիմնավորումները, անհրաժեշտ է համարում անդրադառնալ անձի՝ դատարան դիմելու իրավունքին։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր անձ իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան` Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ շահագրգռվածությունը դատարան ներկայացված որևէ պահանջի քննության նախապայման է, ուստի դատարանը պետք է պարզի բոլոր քննվող գործերով հայցվորի շահագրգռվածության հարցը: Դատարան դիմելով` հայցվորը պետք է հիմնավորի, իսկ դատարանը` պարզի՝
1. հայցվորի ո՞ր իրավունքներն են իրականում խախտվել և ինչ անբարենպաստ հետևանքների են հանգեցրել այդ խախտումները,
2. ներկայացված հայցի նպատակը արդյո՞ք իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ու վերականգնումն է, և հնարավո՞ր է արդյոք ընտրված միջոցով պաշտպանել կամ վերականգնել հայցվորի իրավունքները (կամ, համապատասխան դեպքերում, նրան պատճառված վնասը փոխհատուցել):
Հայցվորն իրավունք ունի դատարան դիմելու իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության և վերականգման համար (տե՛ս Ստիխտինգ Ադմինիստրատենկանտոր Ֆայնենշլ Փերֆորմանս Հոլդինգս հիմնադրամը, «Լուքսթոնա Լիմիթեդ» ընկերությունը, «Յուկոս Ինթերնեյշնլ UK B.V.» ընկերությունն ու Արմեն Միքայելյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Արաբկիրի տարածքային բաժնի և «Նեֆտեննայա կոմպանիա «Ռոսնեֆտ»» ԲԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/1494/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.10.2011 թվականի որոշումը):
Սահմանադրական դատարանը, 04.04.2008 թվականի թիվ ՍԴՈ-747 որոշմամբ անդրադառնալով մինչև 22.12.2015 թվականը գործած խմբագրությամբ Սահմանադրության 19-րդ հոդվածին, արձանագրել է, որ սահմանադրական այս դրույթի հիմքում ընկած է այն տրամաբանությունը, որ յուրաքանչյուր դեպքում անձն իր՝ դատարան դիմելու իրավունքը կարող է իրացնել միայն այն դեպքում, երբ տվյալ գործի առնչությամբ ունի իրավական շահագրգռվածություն: Սահմանադրական այս դրույթին համահունչ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի վիճարկվող 2-րդ հոդվածի 1-ին մասը (ներկայումս գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդված) դատարան դիմելու իրավունքը վերապահել է շահագրգիռ անձին, այն է՝ անձին, ում իրավունքները ենթադրաբար խախտվել են: «Շահագրգիռ անձ» հասկացությունը գնահատման ենթակա հասկացություն է, և յուրաքանչյուր կոնկրետ գործով, ելնելով տվյալ գործի կոնկրետ հանգամանքներից, գործը քննող դատարանն է իրավասու գնահատելու այս հասկացությունը և պարզելու, թե արդյո՞ք տվյալ անձը գործի ելքում ունի իրավական շահագրգռվածություն:
Սահմանադրական դատարանը, վերահաստատելով վերոնշված դիրքորոշումը, 07.09.2010 թվականի թիվ ՍԴՈ-906 որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ օրենսդրությունը հիմնված է այն տրամաբանության վրա, որ խախտված իրավունքների պաշտպանության արդյունավետությունը, ի թիվս այլոց, ներառում է անմիջականորեն դատարան դիմելու իրավունքն այն անձանց կողմից, որոնց իրավունքները խախտվել են: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 2-րդ հոդվածը դատարան դիմելու իրավունք է վերապահում շահագրգիռ անձանց: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերլուծությունը ցույց է տալիս, որ շահագրգիռ անձանց ներքո հանդես են գալիս նախ և առաջ այն անձինք, որոնց իրավունքները խախտվել են կամ կարող են խախտվել: Միևնույն ժամանակ, մի շարք դեպքերում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանել է նաև ուրիշի խախտված իրավունքների պաշտպանության նկատառումներով դատարան դիմելու իրավունքը` որպես շահագրգիռ անձի իրավունք: Ուրիշի փոխարեն դատարան դիմելու իրավունքը գործում է սահմանափակ դեպքերում, նախատեսված է այն իրավիճակների համար, երբ այն անձը, որի իրավունքները խախտվել են կամ կարող են խախտվել, օբյեկտիվ պատճառներով չի կարող անմիջականորեն դիմել դատարան (օրինակ` անգործունակ կամ սահմանափակ գործունակ լինելը), կամ օրենսդիրը, հետապնդելով իրավաչափ նպատակ, այլ անձի կամ անձանց, հանրության խախտված իրավունքների պաշտպանությունը կանոնակարգում է հանրային գործառույթի և հանրային շահերի համատեքստում (օրինակ` հանցագործությունների կամ համայնքի սեփականության իրավունքի խախտման դեպքում): Բոլոր դեպքերում, ընդհանուր կանոնն այն է, որ դատարան դիմելու իրավունքը վերապահված է կոնկրետ այն անձին, ում իրավունքները խախտվել են կամ առկա է նրա իրավունքների խախտման վտանգ: Բացառիկ կանոն է ուրիշի խախտված իրավունքների համար դատարան դիմելու իրավունքը, որի իրացման դեպքերի և կարգի սահմանումը բացառապես օրենսդիր մարմնի իրավասության հարց է:
3․ Վճռաբեկ դատարանը անհրաժեշտ է համարում նաև անդրադառնալ փաստաբանի խելամիտ վարձատրությանը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` գործի քննության հետ կապված այլ ծախսերն են` գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության գումարները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության ծախսեր են համարվում նաև փաստաբանական կազմակերպություններին վճարված կամ վճարման ենթակա գումարները:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` նույն հոդվածով նախատեսված ծախսերի փոխհատուցման չափը որոշելիս դատարանը հիմք է ընդունում ծախսերի ողջամիտ չափը, որը որոշվում է՝ ելնելով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալից, գործի բարդությունից, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի կողմից սահմանված փաստաբանական գործունեության վճարների միջին գնացուցակից, ինչպես նաև դատական ակտով բռնագանձման ենթակա գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափերի հարաբերակցությունից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 108-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձանց կրած, ինչպես նաև վճարման ենթակա դատական ծախսերի փոխհատուցման հարցը լուծելիս դատարանը հիմք է ընդունում միայն գործում առկա փաստաթղթերով հիմնավորված ծախսերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է (…) դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է նաև, որ դատական ծախսերը կազմված են նաև գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության գումարներից: Այդ ծախսերն են համարվում ինչպես փաստաբանական կազմակերպություններին վճարված, այնպես էլ՝ վճարման ենթակա գումարները, որոնց չափը որոշելիս դատարանը հիմք է ընդունում նաև կատարված աշխատանքի ծավալը, գործի բարդությունը, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի կողմից սահմանված փաստաբանական գործունեության վճարների միջին գնացուցակը, ինչպես նաև դատական ակտով բռնագանձման ենթակա գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափերի հարաբերակցությունը։ Ընդ որում, գործին մասնակցող անձանց կրած կամ վճարման ենթակա դատական ծախսերի փոխհատուցման հարցը լուծելիս դատարանը հիմք է ընդունում միայն գործում առկա փաստաթղթերով հիմնավորված ծախսերը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ դատական ծախսերը կազմված են նաև գործի քննության հետ կապված այլ ծախսերից։ Նման ծախս են հանդիսանում նաև գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության գումարները, որոնց չափը որոշելիս դատարանը հիմք է ընդունում ծախսերի ողջամիտ չափը՝ այն որոշելիս հիմք ընդունելով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը, գործի բարդությունը, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի կողմից սահմանված փաստաբանական գործունեության վճարների միջին գնացուցակը, ինչպես նաև դատական ակտով բռնագանձման ենթակա գումարի և պահանջվող փաստաբանական վճարի չափերի հարաբերակցությունը: Ընդ որում, գործին մասնակցող անձանց կրած՝ գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության գումարների փոխհատուցման հարցը լուծելիս դատարանը հիմք է ընդունում միայն գործում առկա փաստաթղթերով հիմնավորված ծախսերը՝ դրանք գործին մասնակցող անձանց միջև բաշխելով բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն (տե՛ս ըստ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի դիմումի թիվ ՍնԴ/3572/04/22 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.09.2024 թվականի որոշումը)։
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն` Կազմակերպությունը և Ընկերությունը չեն վիճարկել, որ իրենց միջև 17.03.2020 թվականին կնքվել է կապալի պայմանագիր։ Դրանից հետո՝ 16.06.2022 թվականին, նրանց միջև կնքվել է Համաձայնագիրը, որով նաև արձանագրվել է, որ՝
- Համաձայնագիրը կնքելու պահին Ընկերության հանդեպ Կազմակերպության չմարած պարտավորությունը կազմում է 60.768.400,2 ՀՀ դրամ,
- Կազմակերպությունն ընդունում է, որ կետանցմամբ Ընկերությանը պատճառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ և 411-րդ հոդվածներով նախատեսված գույքային վնաս, որը կայանում է նրանում, որ ձեռնարկատիրական գործունեությունը շարունակելու համար Ընկերությունն ստիպված է եղել ծանրաբեռնվել անհարկի լրացուցիչ վարկային պարտավորությամբ, որի արդյունքում ստիպված է լինելու վճարել 12,75 տոկոսի չափով բանկային տոկոսը. փոխհատուցվող գումարը 08.06.2022 թվականի դրությամբ կազմում է 19.475.742 ՀՀ դրամ,
- ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված Ընկերության օրինական պահանջը կայանում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված տարեկան 12 տոկոս դրույքաչափով փոխհատուցման ենթակա գումարի մեջ, որը 08.06.2022 թվականի դրությամբ կազմում է 18.206.152 ՀՀ դրամ,
- Կազմակերպությունն իր պայմանագրային պարտավորությունները կատարելու է մինչև 2022 թվականի նոյեմբեր ամսվա վերջը` նույն համաձայնագրով սահմանված ժամկետներում և գումարների չափով։
Միևնույն ժամանակ նույն համաձայնագրում արձանագրվել է նաև, որ «Գրիգոր Հակոբյան» ԱՁ-ի և «Մ-ԳՐՈՒՊ ԷՆԵՐԳՈՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի հիմքով «Մ-ԳՐՈՒՊ ԷՆԵՐԳՈՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ն «Գրիգոր Հակոբյան» ԱՁ-ի կողմից կատարված աշխատանքների դիմաց վերջինիս նկատմամբ ունի 5.757.000 ՀՀ դրամի չափով չմարված պարտավորություն, իսկ Ընկերության և «Մ-ԳՐՈՒՊ ԷՆԵՐԳՈՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի հիմքով «Մ-ԳՐՈՒՊ ԷՆԵՐԳՈՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ն Ընկերության կողմից կատարված աշխատանքների դիմաց վերջինիս նկատմամբ ունի 5.882.460 ՀՀ դրամի չափով չմարված պարտավորություն, որպիսի պարտավորությունները «Մ-ԳՐՈՒՊ ԷՆԵՐԳՈՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ն պարտավորվել է կատարել Համաձայնագրի կնքման օրվանից 2 ամսվա ընթացքում։ Ընդ որում, Կազմակերպությունն իր գույքով երաշխավորել է «Մ-ԳՐՈՒՊ ԷՆԵՐԳՈՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի կողմից այդ պարտավորությունների կատարումը։
Նույն համաձայնագրով դրա կողմերը հաստատել են, որ դրանում նշված պարտավորությունները կողմերի համար անվիճելի են։
Համաձայնագիրը ստորագրել և կնքել են միայն Ընկերությունը և Կազմակերպությունը:
06.07.2022 թվականին Կազմակերպությունը վերը նշված 60.768.400,2 ՀՀ դրամ գումարից Ընկերությանն է փոխանցել միայն 10.000.000 ՀՀ դրամ գումարը:
Այժմ Ընկերությունը հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Կազմակերպության՝ խնդրելով վերջինիցս բռնագանձել պարտք մնացած վերը նշված գումարները՝ ընդհանուր 100.089.750 ՀՀ դրամ, ինչպես նաև նախապես վճարված պետական տուրքի գումարն ու 3.000.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։
Դատարանը, պատճառաբանելով, որ՝
- «պատասխանող ընկերությունը, խախտել է կողմերի միջև կնքված պայմանագրով, իսկ հետագայում և նաև համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, ինչը հաստատվում է նաև համաձայնագրի 14-րդ կետով, ըստ որի՝ կողմերն արձանագրել են, որ սույն համաձայնագրով նշված պարտավորություններն կողմերի համար դիտվում են որպես անվիճելի պարտավորություն: Ըստ այդմ, համաձայնագրի 9-րդ կետի համաձայն՝ հայցվոր ընկերության նկատմամբ պատասխանող ընկերության կողմից վճարման ենթակա հիմնական պահանջը կազմում է 60.768.400 ՀՀ դրամ: Բացի այդ, պատասխանող ընկերության կողմից վճարման են ենթակա նաև համաձայնագրի 10-րդ կետով սահմանված՝ 5.757.000 ՀՀ դրամ և համաձայնագրի 11-րդ կետով սահմանված՝ 5.882.456 ՀՀ դրամ գումարները: Ըստ հայցվոր կողմի դիրքորոշումների և հայտարարությունների, պատասխանող ընկերությունը Համաձայնագիրը կնքելուց հետո մինչ օրս կատարած փոխանցման գումար կազմում է 10.000.000 ՀՀ դրամ: Արդյունքում, պատասխանող ընկերության ընդհանուր պարտավորության հանրագումարը կազմում է 62.407.856 ՀՀ դրամ (60.768.400 - 10.000.000) + 5.757.000 + 5.882.456 = 62.407.856 ՀՀ դրամ: Այսպես` գործով ձեռք բերված փաստերի համաձայն` դատարանը հաստատված է համարում, որ պատասխանող ընկերությունն իր ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքով հայցվոր ընկերության առջև կրում է պատասխանատվություն, և վերջինիս մոտ ծագել է պարտքի գումարը պահանջելու իրավունք, որպիսի պարտքը՝ 62.407.856 ՀՀ դրամ գումարի չափով ենթակա է վերադարձման»,
- «պատասխանող ընկերության կողմից պարտավորության խախտման դեպքում, համաձայնագրի 15-րդ կետի համաձայն՝ հայցվոր ընկերությանն է վերապահվել իրավունք նաև համաձայնագրի 5.1-րդ (19.475.742 ՀՀ դրամի չափով) և 5.2-րդ (18.206.152 ՀՀ դրամի չափով) կետերով սահմանված գումարների բռնագանձման վերաբերյալ»,
- «հայցվոր ընկերության պահանջը՝ 19.475.742 ՀՀ դրամ + 18.206.152 ՀՀ դրամ բռնագանձելու մասով ևս հիմնավոր է և պատասխանող ընկերությունից հօգուտ հայցվոր ընկերության պետք է բռնագանձել նշված գումարները, այն է՝ 37 681 894 ՀՀ դրամ (19.475.742 ՀՀ դրամ + 18.206.152 ՀՀ դրամ)»,
- «կողմերի միջև 16.06.2022թ. կնքված համաձայնագրի 15-րդ կետի համաձայն՝ հայցվոր «Բայազ էներգոշին» ՍՊ ընկերության դրամական պահանջի հանրագումարի արդյունքում պատասխանող «Մ-Գրուպ» ՍՊ ընկերության նկատմամբ կազմում է 100.089.750 ՀՀ դրամ /62.407.856 ՀՀ դրամ + 19.475.742 ՀՀ դրամ + 18.206.152 ՀՀ դրամ/, և այս առումով, դատարանը գտնում է, որ հայցվորի պահանջն ամբողջությամբ հիմնավոր է և ենթակա է բավարարման»,
- «հայցվորի կողմից պահանջվող՝ 3.000.000 ՀՀ դրամ վարձատրությունը որպես այդպիսին խելամիտ չէ, քանի որ համադրելով գործով կատարված աշխատանքի ծավալը և գործի բարդությունը, դատարանը հաստատված չի համարում որ փաստաբանի կողմից պահանջվող գումարի չափով ծախսերն արվել են փաստացի՝ իրականում, արվել են անհրաժեշտաբար, և առավել ևս ողջամիտ են իրենց ծավալով՝ խելամիտ են»,
- «պայմանագրային կողմ հանդիսացող ներկայացուցիչ Սևակ Մարաբյանի կողմից կազմվել և դատարան են ներկայացվել միայն հայցադիմումը և հայցի առարկան փոփոխելու մասին միջնորդությունները և դրանց կից փաստաթղթերը, այն էլ՝ այդ փաստաթղթերը ներկայացուցչին տրամադրվել են հենց հայցվոր ընկերության կողմից: Իսկ հրավիրված դատական նիստերին մասնակցել է հայցվոր ընկերության աշխատակից ներկայացուցիչը: Արդյունքում, համադրելով գործի փաստերը, բարդությունը և ըստ էության գնահատելով փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը, դատարանը խելամիտ է համարում պահանջվածից ավելի քիչ գումար։ Դատարանը գտնում է, որ հայցվորի ներկայացուցչի կողմից տվյալ գործով իրականացրած աշխատանքի ծավալի արդյունքում, որպես խելամիտ գումար պատասխանող ընկերությունից հօգուտ հայցվոր ընկերության պետք է բռնագանձել 200000 ՀՀ դրամ, որպես դատական ծախս՝ փաստաբանի խելամիտ վարձատրություն»,
02.04.2024 թվականին վճիռ է կայացրել հայցը մասնակիորեն բավարարելու՝ Կազմակերպությունից հօգուտ Ընկերության 100.089.750 ՀՀ դրամ՝ որպես պարտավորության ընդհանուր գումար, 3.004.236 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար և 200.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար բռնագանձելու մասին։
Նշված վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը։
Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ՝
- «կողմերի միջև կնքված Համաձայնագրի վերոշարադրյալ դրույթները իրենցից ենթադրում են պարտավորության նորացում՝ կողմերի միջև նախկինում տարբեր հիմքերից ծագած պարտավորությունների փոխակերպում փոխառությամբ, որպիսի պարագայում, ի հավաստումն Պատասխանողի մոտ Հայցվորի հանդեպ 88.450.294,2 ՀՀ դրամի վճարային պարտավորության առկայության, չի պահանջվում նորացմամբ դադարեցված հին պարտավորությունների ծագման հիմքերի վերաբերյալ ապացույցների ներկայացում, քանի որ կողմերը, ստորագրելով Համաձայնագիրն, սեփական կամահայտնությամբ արդեն իսկ ճանաչել են նման հիմքերից նախկինում պարտավորությունների ծագման փաստը, ինչպես նաև դրանց չափը: Վերաքննիչ դատարանը հարկ է համարում հավելել նաև, որ թեև Համաձայնագիր ուղղակիորեն դրույթ չի բովանդակում դրանով պարտավորությունների նորացում կատարելու մասին, սակայն կողմերի նման կամահայտնությունը բացահայտվում է Համաձայնագրի բոլոր դրույթների վերոնշյալ համադրված գնահատման արդյունքում: Ըստ այդմ՝ Վերաքննիչ դատարանն անհիմն է համարում Բողոքաբերի փաստարկներն այն մասով, որ Հայցվորի կողմից չէին ներկայացվել նախկինում գոյություն ունեցած պարտավորությունների ծագման հիմքերը (կապալի պայմանագիրը, Հայցվորի կողմից իր պարտավորության կատարման փաստը հավաստող ապացույցները, Հայցվորի կողմից վարկային պարտավորություններ ստանձնելու փաստը հավաստող ապացույցները, վնասի հատուցման համար անհրաժեշտ բոլոր պայմանների առկայությունը հավաստող ապացույցները, ինչպես նաև պահանջվող տոկոսների հիմքերը, հաշվարկը և այլն), քանի որ սույն դեպքում Համաձայնագրի առկայությունն ինքնին բավարար է Պատասխանողի նորացված վճարային պարտավորության առկայությունը հաստատված համարելու համար»,
- «Համաձայնագիրը, բացի կողմերի միջև նախկինում ծագած պարտավորությունների նորացումից, բովանդակում է նաև նոր պարտավորություններ սահմանող դրույթներ»,
- «թեև Համաձայնագրի 10-13-րդ կետերով Պատասխանողի պարտավորությունների ծագման համար անհրաժեշտ իրավաբանական փաստերը փոխկապակցված են Համաձայնագրի կողմ չհանդիսացող սուբյեկտների միջև այլ պարտավորաիրավական հարաբերություններում ցուցաբերվելիք վարքագծից, Համաձայնագրով Պատասխանողի համար սահմանված պարտավորությունն իր բնույթով հանդիսանում է դրանցից անկախ՝ ինքնուրույն պարտավորություն»,
- «Բողոքաբերն իր հերթին չի վիճարկել Համաձայնագիրը (դրա անվավերության կամ առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման պահանջ չի ներկայացրել), որպիսի պարագայում Համաձայնագիրը կողմերի միջև իրավահարաբերությունները կարգավորող և ուժի մեջ գտնվող գործարք է, և առկա չեն հիմքեր դրանով սահմանված դրույթները չկիրառելու համար»,
- «հիմք ընդունելով Հայցվորի փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը, գործի քննության տևողությունը՝ մոտ մեկ տարի երեք ամիս, վիճելի իրավահարաբերության բնույթը (պարտավորաիրավական), գործի բարդությունը (գործն, իր բնույթով, կարելի է դասել թեթև բարդության գործերի շարքին, քանի որ հայցապահանջը հիմնված է թվով մեկ գրավոր գործարքի հիման վրա, որը ի սկզբանե գտնվել է Հայցվորի տիրապետման ներքո և պահանջի հիմնավորման նպատակով ծավալուն դատավարական գործողությունների կատարում չի պահանջվել), ինչպես նաև նմանատիպ վեճերով փաստաբանի վարձատրության միջին չափը (ըստ Գնացուցակի՝ այն կազմում է բռնագանձման ենթակա գումարի 5%-ը, որը սույն դեպքում կկազմի՝ 500.448,75 ՀՀ դրամ), և փաստաբանի վարձատրության գումարի ու հայցագնի միջև հարաբերակցությունը (հայցագինը կազմում է՝ 100.089.750 ՀՀ դրամ, իսկ Դատարանի սահմանած վարձատրության չափը՝ 200.000 ՀՀ դրամ), ու գտնելով, որ Դատարանի կողմից որոշված փաստաբանի վարձատրության գումարը խելամիտ է, քանի որ ծախսերն այդ չափով կատարվել էին փաստացիորեն և անհրաժեշտաբար, և դրանց քանակը ողջամիտ է»,
10.12.2024 թվականին որոշում է կայացրել Կազմակերպության վերաքննիչ բողոքը մերժելու և Դատարանի 02.04.2024 թվականի վճիռն անփոփոխ թողնելու մասին։
Վերը նշված դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
16.06.2022 թվականին կնքված Համաձայնագրի հիմքով Ընկերության և Կազմակերպության միջև առաջացել են պարտավորական իրավահարաբերություններ, որոնց շրջանակներում Կազմակերպությունը ստանձնել է Համաձայնագրի նաև 3-րդ (60.768.400,2 ՀՀ դրամ), 5.1-րդ (19.475.742 ՀՀ դրամ), 5.2-րդ (18.206.152 ՀՀ դրամ) և 11-րդ (5.882.460 ՀՀ դրամ) կետերով նախատեսված պարտավորությունները որոշակի ժամկետներում կատարելու պարտականություն։
Այդ պարտավորությունները, մի դեպքում, ընդհանրապես չեն կատարվել, իսկ, մյուս դեպքում, կատարվել են մասնակիորեն՝ 10.000.000 ՀՀ դրամի չափով՝ Համաձայնագրում նախատեսված ժամկետների խախտմամբ։ Ավելին՝ Համաձայնագրում առկա չէ որևէ պայման այն մասին, որ կողմերից որևէ մեկը կարող է պարտավորության կատարումից միակողմանի հրաժարվել` կապված ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ, ինչպիսի հնարավորություն նախատեսում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 348-րդ հոդվածի 2-րդ կետը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության պահանջը՝ կապված Կազմակերպությունից 94.332.750 ՀՀ դրամ բռնագանձելու հետ, հիմնավոր է և ենթակա բավարարման, քանի որ բխում է ինչպես Ընկերության և Կազմակերպության միջև 16.06.2022 թվականին կնքված համաձայնագրի դրույթներից, այնպես էլ՝ վերը հիշատակված օրենսդրական նորմերի պահանջներից։
Միևնույն ժամանակ անդրադառնալով սույն գործով որոշված՝ փաստաբանի խելամիտ վարձատրության գումարի ողջամիտ չափին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը որպես այդպիսի չափ 200․000 ՀՀ դրամը որոշելիս հաշվի է առել «Արխիստրատեգ Նարսես» ԽԿ ՍՊԸ-ի և Ընկերության միջև կնքված փաստաբանական ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագիրը, որի համաձայն՝ Դատարանում պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցման արժեքը կողմերի փոխադարձ համաձայնությամբ սահմանվել է 3․000․000 ՀՀ դրամ, 1․000․000 ՀՀ դրամի չափով կատարված կանխավճարը, այդ պայմանագրին կից ներկայացված՝ «Արխիստրատեգ Նարսես» ԽԿ ՍՊԸ-ի և փաստաբան Սևակ Մարաբյանի միջև 16.01.2022 թվականին կնքված աշխատանքային թիվ 01 պայմանագիրը՝ միաժամանակ նշելով, որ հայցվորի կողմից պահանջվող՝ 3․000․000 ՀՀ դրամի չափով վարձատրության գումարը խելամիտ է 200․000 ՀՀ դրամի չափով:
Իր հերթին Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով փաստաբանի խելամիտ վարձատրության գումարի ողջամիտ չափի մասին վերաքննիչ բողոքում նշված հիմքերին և հիմնավորումներին, հիմք ընդունելով հայցվորի փաստաբանի կատարած աշխատանքի ծավալը, գործի քննության տևողությունը, վիճելի իրավահարաբերության բնույթը, գործի բարդությունը, նմանատիպ վեճերով փաստաբանի վարձատրության միջին չափը, փաստաբանի վարձատրության գումարի ու հայցագնի միջև հարաբերակցությունը՝ գտել է, որ Դատարանի կողմից որոշված փաստաբանի վարձատրության գումարի չափը խելամիտ է, քանի որ ծախսերն այդ չափով կատարվել են փաստացի և անհրաժեշտաբար։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ինչպես Դատարանի, այնպես էլ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները՝ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության գումարի ողջամիտ չափի հետ, արձանագրում է, որ այդ առումով Վերաքննիչ դատարանը հանգել է իրավաչափ հետևության, քանի որ դատական ակտում նշված պատճառաբանությունները հիմնավոր են և բխում են ինչպես վերը նշված իրավական նորմերից, այնպես էլ դրանց վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումներից։
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը վերը նշված մասերով Դատարանի 02.04.2024 թվականի վճիռը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը, այդ մասերով անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող եզրափակիչ դատական ակտ, որի պայմաններում անհրաժեշտ է այդ մասերով կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ վճռաբեկ բողոքը մերժելու և ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը:
Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Ընկերության պահանջին՝ կապված Կազմակերպությունից Համաձայնագրի 10-րդ կետում նշված 5.757.000 ՀՀ դրամը բռնագանձելու հետ, արձանագրում է, որ այն անհիմն է և այդ մասով հայցը ենթակա է մերժման, քանի որ, հիմք ընդունելով նույն համաձայնագրի 10-րդ կետի բովանդակությունը՝ դրանով փաստվել է Կազմակերպության պարտավորությունը «Գրիգոր Հակոբյան» ԱՁ-ի հանդեպ. ավելին՝ վերջինս ինչպես մասնակից չի դարձվել Համաձայնագրի կնքմանը, այնպես էլ սույն գործով հայցվոր Ընկերությանը չի զիջել Կազմակերպության հանդեպ իր ունեցած ենթադրյալ պահանջի իրավունքը (նման փաստ Ընկերության կողմից չի վկայակոչվել, ինչպես նաև Դատարան չի ներկայացվել պահանջի զիջման վերաբերյալ գրավոր կնքված պայմանագիր), միայն որի պայմաններում Ընկերության մոտ կարող էր ծագել Կազմակերպության դեմ նման պահանջով հայց ներկայացնելու իրավունքը: Գործում առկա չէ ապացույց նաև այն մասին, որ Ընկերությունն ունի «Գրիգոր Հակոբյան» ԱՁ-ի փոխարեն դատարան դիմելու իրավունք։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը վերը նշված մասով վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 10.12.2024 թվականի որոշումը մասնակիորեն՝ Դատարանի 02.04.2024 թվականի վճիռը՝ Կազմակերպությունից հօգուտ Ընկերության 5.757.000 ՀՀ դրամը բռնագանձելու մասով անփոփոխ թողնելու մասով, բեկանելու համար՝ կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-րդ մասի 3-րդ կետով սահմանված՝ դատարանի ակտը մասնակիորեն բեկանելու և փոփոխելու լիազորությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները մասնակիորեն հիմնավորվում են վերոգրյալ պատճառաբանություններով:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոնների համաձայն:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետի բովանդակությունից բխում է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացվող հայցադիմումների համար՝ դրամական պահանջով պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝ հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 6-ապատիկից և ոչ ավելի բազային տուրքի 25 000-ապատիկից:
Նույն հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «ա» ենթակետի բովանդակությունից բխում է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝ դրամական պահանջի գործերով՝ վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 4 տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ, ապա հայցագնի 4 տոկոսի չափով, սակայն բոլոր դեպքերում ոչ պակաս բազային տուրքի 15-ապատիկից և ոչ ավելի բազային տուրքի 15 000-ապատիկից:
Նույն հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «ա» ենթակետի բովանդակությունից բխում է, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝ դրամական պահանջի գործերով՝ վճռաբեկ բողոքում նշված վիճարկվող գումարի 5 տոկոսի չափով, իսկ եթե վերաքննիչ դատարանում վիճարկվել են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ, և վերաքննիչ դատարանը կայացրել է բողոքն ամբողջությամբ բավարարելու կամ մերժելու մասին որոշում, ապա հայցագնի 5 տոկոսի չափով, սակայն բոլոր դեպքերում ոչ պակաս բազային տուրքի 30-ապատիկից և ոչ ավելի բազային տուրքի 10 000-ապատիկից:
Նկատի ունենալով, որ սույն գործով վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման մասնակիորեն, որի արդյունքում Վերաքննիչ դատարանի 10.12.2024 թվականի որոշումը ենթակա է բեկանման և փոփոխման մասնակիորեն, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքը պետք է բաշխել հետևյալ համամասնությամբ.
- Կազմակերպությունից հօգուտ Ընկերության ենթակա է բռնագանձման 2.829.982,5 ՀՀ դրամ (94.332.750×3%)` որպես բավարարված հայցապահանջի չափին համամասն հայցադիմումը դատարան ներկայացնելու համար Ընկերության կողմից վճարված պետական տուրքի գումար։ Միաժամանակ նկատի ունենալով այն, որ Ընկերությունը վճարել է նաև 5.757.000 ՀՀ դրամ բռնագանձելու մասին հայցադիմումը դատարան ներկայացնելու համար պետական տուրքի գումարը, ուստի այդ պահանջը մերժելիս պետական տուրքի բաշխման հարցը Վճռաբեկ դատարանը համարվում է լուծված,
- Կազմակերպությունից հօգուտ ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 3.773.310 ՀՀ դրամ (94.332.750×4%)` որպես բավարարված հայցապահանջի չափին համամասն Դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոքի համար վճարման ենթակա (Վերաքննիչ դատարանի 29․07․2024 թվականի որոշմամբ՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելիս պետական տուրքի վճարումը հետաձգվել է) պետական տուրքի գումար, իսկ Ընկերությունից հօգուտ ՀՀ պետական բյուջե ենթակա է գանձման 230.280 ՀՀ դրամ (5.757.000×4%)՝ որպես մերժված հայցապահանջի չափին համամասն Դատարանի վճռի դեմ վերաքննիչ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումար,
- Կազմակերպությունից հօգուտ ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 4.716.637,5 ՀՀ դրամ (94.332.750×5%)` որպես բավարարված հայցապահանջի չափին համամասն Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա (Վճռաբեկ դատարանի 09.07.2025 թվականի որոշմամբ՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելիս պետական տուրքի վճարումը հետաձգվել է) պետական տուրքի գումար, իսկ Ընկերությունից հօգուտ ՀՀ պետական բյուջե ենթակա է գանձման 287.850 ՀՀ դրամ (5.757.000×5%)՝ որպես մերժված հայցապահանջի չափին համամասն Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումար։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այլ դատական ծախսերի վերաբերյալ պահանջ ներկայացված չլինելու պատճառաբանությամբ այդ ծախսերի հարցը պետք է համարել լուծված։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.12.2024 թվականի որոշումը մասնակիորեն՝ «Մ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ից հօգուտ «ԲԱՅԱԶ ԷՆԵՐԳՈՇԻՆ» ՍՊԸ-ի` 5.757.000 ՀՀ դրամ բռնագանձելու մասին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 02.04.2024 թվականի վճիռն անփոփոխ թողնելու մասով, բեկանել և փոփոխել՝ այդ մասով հայցը մերժել. մնացած մասով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.12.2024 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ։
2. «Մ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ից հօգուտ «ԲԱՅԱԶ ԷՆԵՐԳՈՇԻՆ» ՍՊԸ-ի բռնագանձել 2.829.982,5 ՀՀ դրամ` որպես բավարարված հայցապահանջի չափին համամասն հայցադիմումը դատարան ներկայացնելու համար «ԲԱՅԱԶ ԷՆԵՐԳՈՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից վճարված պետական տուրքի գումար։
«Մ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ պետական բյուջե բռնագանձել 3.773.310 ՀՀ դրամ` որպես բավարարված հայցապահանջի չափին համամասն Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 02.04.2024 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումար, 4.716.637,5 ՀՀ դրամ` որպես բավարարված հայցապահանջի չափին համամասն ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.12.2024 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումար։
«ԲԱՅԱԶ ԷՆԵՐԳՈՇԻՆ» ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ պետական բյուջե բռնագանձել 230.280 ՀՀ դրամ՝ որպես մերժված հայցապահանջի չափին համամասն Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 02.04.2024 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումար, 287.850 ՀՀ դրամ՝ որպես մերժված հայցապահանջի չափին համամասն ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.12.2024 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի գումար։
Այլ դատական ծախսերի հատուցման հարցը համարել լուծված։
3․ Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող և զեկուցող Գ. հակոբյան Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս. Մեղրյան Ա. Մկրտչյան Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|