ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/17895/02/20 2026 թ. | ||||||
| Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/17895/02/20 | |||||||
| |||||||
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
|
նախագահող և զեկուցող |
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | |
|
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ Ա. ՄԿՐՏՉՅԱՆ Է. ՍեդրակյանՎ. ՔՈՉԱՐՅԱՆ |
2026 թվականի
ապրիլի 13-ինգրավոր ընթացակարգով քննելով «Նաիրի ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06․03․2025 թվականի որոշման դեմ՝ ըստ Ընկերության և երրորդ անձ Արմեն Ստեփանյանի հայցի ընդդեմ «Պատահարների փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվության ընկերության (այսուհետ՝ Կազմակերպություն), երրորդ անձինք «Լիգա ինշուրանս» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության (Ռոսգոսստրախ Արմենիա ՓԲԸ-ի իրավահաջորդն է) ու «Մելիորացիա» փակ բաժնետիրական ընկերության՝ կրկնակի փորձաքննության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Կազմակերպության 07․06․2020 թվականի թիվ Բ20 0640 ԿՀ փորձագիտական եզրակացությունը։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 04.10.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.04.2022 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 04.10.2021 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 30․04․2024 թվականի վճռով հայցը բավարարվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 06.03.2025 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 30.04.2024 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ հայցը մերժվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կազմակերպությունը (ներկայացուցիչներ Ռուբեն Բալոյան և Զարուհի Վարդանյան)։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 8-րդ, 9-րդ, 12-րդ և 132-րդ հոդվածները, 379-րդ հոդվածի 5-րդ մասը, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասը։
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ընկերությունը փորձագիտական եզրակացությունը վիճարկելու օրենսդրական հնարավորության պայմաններում զրկվել է իր իրավունքների պաշտպանության հնարավորությունից։
Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը հակասում է ձևավորված դատական պրակտիկային և խախտում է Ընկերության՝ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով իրեն վերապահված՝ կրկնակի փորձագիտական եզրակացությունը դատական կարգով վիճարկելու իրավունքը։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գործի ողջ քննության ընթացքում Կազմակերպության կողմից երբեք չի հայտնվել դիրքորոշում, որ կրկնակի փորձաքննության արդյունքների վիճարկման հայցով փորձագիտական ընկերությունները չեն կարող հանդիսանալ պատշաճ պատասխանող՝ զրկված չլինելով նման դիրքորոշում հայտնելու հնարավորությունից։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.03.2025 թվականի որոշումը և փոփոխել այն կամ գործն ուղարկել նոր քննության:
2․1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ։
Կազմակերպության կողմից տրված փորձաքննության եզրակացությունն ապացույցի տեսակ է, որը պետք է գնահատվի դատարանի կողմից այլ ապացույցների հետ համակցության մեջ։
Նմանատիպ քաղաքացիական գործերով վեճի առարկան ապահովագրական ընկերության կողմից ապահովագրական գումարի հատուցման պարտավորության առկայությունը կամ բացակայությունն է, այլ ոչ՝ փորձաքննության եզրակացության անվավեր ճանաչումը: Փորձաքննության եզրակացությունը կողմերի համար որևէ իրավունք կամ պարտավորություն չի առաջացնում, նման իրավական հետևանքներ կողմերի համար առաջացնում է փորձաքննության եզրակացության հիման վրա ապահովագրական ընկերության կողմից կայացված ապահովագրական հատուցումը վճարելու կամ մերժելու որոշումը, որն էլ կարող է հանդիսանալ դատարանում վիճարկման առարկա։
Այն պայմաններում, երբ ապահովագրական ընկերությունը ցանկանում է դատական կարգով վիճարկել փորձաքննության եզրակացությունը՝ ապա տվյալ դեպքում հայցի առարկան պետք է հանդիսանա ապահովագրական հատուցում վճարելու պարտավորության բացակայությունը: Հետևաբար նմանատիպ պահանջներով հակադիր շահերով օժտված են ոչ թե ապահովագրական ընկերությունը և փորձագիտական կազմակերպությունը, այլ՝ ապահովադիրն ու ապահովագրողը: Այսինքն՝ դատարանի կողմից հայցի բավարարումը հետևանքներ է առաջացնում բացառապես ապահովադրի համար, հետևաբար պահանջը պետք է ուղղված լինի ապահովադրի, և ոչ՝ փորձագիտական կազմակերպության դեմ:
«Անիկոմ» ՍՊԸ-ի կողմից տրված թիվ ԱՔ06/20-ԱՏ-77 եզրակացությունն իր ապացուցողական նշանակությամբ չի կարող հավասարազոր լինել դատարանի որոշմամբ նշանակված փորձագետի եզրակացությունը, քանի որ այն ստորագրվել է փորձաքննություն կատարելու իրավասություն չունեցող անձի կողմից։
Կազմակերպության կողմից տրված եզրակացությունը պատշաճ գնահատելու արդյունքում Դատարանը պետք է հանգեր այն հետևության, որ գործով ձեռք չի բերվել որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց այն մասին, որ առկա է վերը նշված եզրակացությունն անվավեր ճանաչելու հիմքեր։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Ընկերության և Արմեն Ստեփանյանի միջև 13.09.2019 թվականին կնքված՝ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին թիվ ********1 վկայագրով ապահովագրվել է **********2 հաշվառման համարանիշով ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվությունը (հատոր 1-ին, գ. թ. 18, 19)․
2) նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի մասին 14․05․2020 թվականի արձանագրությամբ (այսուհետ նաև՝ Արձանագրություն) նշվել է, որ 1-ին տրանսպորտային միջոցի՝ Opel մակնիշի, *********3 հաշվառման համարանիշով, մեքենայի վարորդն է Արմեն Ստեփանյանը, իսկ 2-րդ տրանսպորտային միջոցի՝ UAZ մակնիշի, ********4 հաշվառման համարանիշով, վարորդն է Հրաչյա Մարտիրոսյանը:
Արձանագրության 5.2-րդ և 5.3-րդ կետերի համաձայն՝ 1-ին և 2-րդ տրանսպորտային միջոցները երթևեկել են ուղիղ՝ երկրորդ գոտիով:
Արձանագրության 5.7-րդ կետի համաձայն՝ 1-ին վարորդը համաձայն չլինելով 2-րդ վարորդ կողմից 5.2-րդ կետում երկրորդ գոտի նշման հետ՝ նշել է երրորդ գոտի, իսկ 2-րդ վարորդը համաձայն չլինելով 1-ին վարորդի կողմից 5.2-րդ և 5.3-րդ կետերում երկրորդ գոտիով ուղիղ երթևեկության նշման հետ՝ նշել է աջ վերադասավորում երրորդ գոտիով:
Արձանագրության 5․8-րդ կետի համաձայն՝ վարորդներից որևէ մեկն իր մեղավորությունը չի ընդունել (հատոր 1-ին, գ. թ. 22, 23)․
3) Արմեն Ստեփանյանը 21.05.2020 թվականին Ընկերությանը ներկայացրել է գույքին պատճառված վնասների գծով ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ դիմում (հատոր 1-ին, գ. թ. 20, 21)․
4) «ԴԻԵՔՍ փորձագիտական կենտրոն» ՍՊԸ-ի 26.05.2020 թվականի պատահարի առաջացման պատճառների փորձաքննություն իրականացնող փորձագետի թիվ 0151-20 եզրակացությամբ (առաջնային փորձաքննություն) պատահարում մեղավոր է ճանաչվել UAZ մակնիշի, *********5 հաշվառման համարանիշով ավտոմեքենայի վարորդը։
Մասնավորապես՝ նույն եզրակացության «Հետևություններ» բաժնի համաձայն՝ «1․ առաջադրված պայմաններում «UAZ-451» մակնիշի ավտոմոբիլի վարորդն, աջ կողմից համընթաց ընթացող «Opel Astra 1.6» մակնիշի ավտոմոբիլի առկայության պայմաններում երրորդ երթևեկելի գոտուց կատարելով աջ վերադասավորում և խոչընդոտելով «Opel Astra 1.6» մակնիշի ավտոմոբիլի վարորդի երթևեկությանը, որի արդյունքում տեղի է ունեցել տվյալ պատահարը, տեխնիկական տեսակետից թույլ է տվել ՃԵԿ-ի 36 և 39 կետերի պահանջներին հակասող գործողություններ, դրանցով իսկ պայմանավորել տվյալ պատահարի առաջացումը՝ ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից: Համաձայն Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի RL 1-001 կանոնների թիվ 7 հավելվածի 23 կետի առաջադրված պայմաններում «Opel Astra 1.6» մակնիշի ավտոմոբիլի վարորդի կողմից տվյալ պատահարը կանխելու տեխնիկական հնարավորություններ չեն դիտարկվում:
2․ Առաջադրված պայմաններում «UAZ-451» մակնիշի ավտոմոբիլի վարորդի կողմից նշված այն հանգամանքը, որ պատահարին նախորդող պահին երկրորդ երթևեկելի գոտիով կատարել է ուղիղ երթևեկություն՝ տեխնիկական տեսակետից չի համապատասխանում պատահարի առաջացման մեխանիզմին» (հատոր 1-ին, գ. թ. 26-30)․
5) Կազմակերպության 07.06.2020 թվականի պատահարի առաջացման պատճառների փորձաքննություն իրականացնող փորձագետի թիվ Բ20 0640 ԿՀ եզրակացությամբ (կրկնակի փորձաքննություն) պատահարում մեղավոր է ճանաչվել Opel մակնիշի, ********6 հաշվառման համարանիշով ավտոմեքենայի վարորդը։
Մասնավորապես՝ նույն եզրակացության «Հետևություններ» բաժնի համաձայն՝ «Առաջադրված պայմաններում Opel մակնիշի ավտոմոբիլի վարորդը վերադասավորում կատարելիս ճանապարհը չի զիջել համընթաց ուղղությամբ ընթացող UAZ մակնիշի ավտոմոբիլին, շեղել է ավտոմոբիլի ընթացքի ուղղությունը դեպի UAZ մակնիշի ավտոմոբիլի ընթացքագոտի և իր վարած ավտոմոբիլով խոչընդոտել վերջինիս վարորդի երթևեկությանն, որի արդյունքում տեղի է ունեցել տվյալ պատահարը, տեխնիկական տեսակետից Opel մակնիշի ավտոմոբիլի վարորդը թույլ է տվել ՃԵԿ-ի 36 և 39 կետերի պահանջներին հակասող գործողություններ, դրանցով իսկ պայմանավորել տվյալ պատահարի առաջացումը՝ ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից: Առաջադրված պայմաններում UAZ մակնիշի ավտոմոբիլի վարորդի կողմից տվյալ պատահարը կանխելու տեխնիկական հնարավորություններ չեն դիտարկվում» (հատոր 1-ին, գ. թ. 31-36)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1‑ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի միատեսակ կիրառության համար, քանի որ թիվ ԵԴ/14884/02/20, թիվ ԵԴ/46786/02/21 և թիվ ԵՄԴ/2948/02/16 քաղաքացիական գործերով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերում նշված նորմը կիրառվել է բողոքարկվող դատական ակտում նույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ։
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ավտոտրանսպորտային միջոցի օգտագործման հետևանքով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի իմաստով անձանց պատճառված վնասի չափի որոշման արտադատական ընթացակարգերի շրջանակներում նշանակված՝ կրկնակի փորձաքննության արդյունքները դատական կարգով վիճարկելու իրավական հնարավորությանն ու դրա իրականացման եղանակին, ինչպես նաև այդպիսի եզրակացություն տված փորձագիտական ընկերության՝ սույն նյութաիրավական վեճի կողմ հանդիսանալու հարցին։
Ա) Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հայց հարուցելու իրավունքի իրացման նպատակին՝ դրա համատեքստում բացահայտելով հայցի հասկացությունը, դրա տարրերը, ինչպես նաև հայցի տեսակները․
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) կողմից արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն` արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս Kreuz v. Poland թիվ 28249/95 գանգատով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52):
Սահմանադրության և Կոնվենցիայի վերը շարադրված իրավադրույթները, երաշխավորելով անձի` իր իրավունքների ու ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատական պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ` անձի խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ` իր իրավունքների խախտումների դեպքում ստանալ արդյունավետ իրավական պաշտպանություն: Այստեղից հետևում է այն կարևոր կանոնը, որի համաձայն` դատական պաշտպանություն անձն ստանում է վերջինիս` Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների և (կամ) ազատությունների խախտման դեպքում (տե´ս Կարինե Ջլավյանն ընդդեմ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/6403/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան` Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արդարադատության հիմնական նպատակին՝ իրավունքի սուբյեկտների խախտված կամ վիճարկվող իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը հասնելու համար դատարանը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է պարզի հայցվորի մոտ այն սուբյեկտիվ իրավունքի առկայությունը, որի պաշտպանությունը հայցվում է, ինչպես նաև պատասխանողի մոտ համապատասխան սուբյեկտիվ պարտականության առկայությունը, դրա բովանդակությունը և կատարման պայմանները, այլ կերպ ասած` դատավիճող կողմերի իրական փոխհարաբերությունները։
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ցանկացած դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածով նախատեսված պայմանների առկայությունն է հնարավոր դարձնում քաղաքացիական դատավարության կարգով համապատասխան հայց հարուցելը խախտված իրավունքների պաշտպանության նպատակով (տե՛ս Սահակ Կարապետյանն ընդդեմ «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության թիվ ԼԴ2/0145/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.10.2022 թվականի որոշումը):
Այսպես՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական գործ կարող է հարուցվել, երբ ենթադրաբար խախտված կամ վիճարկվող իրավունքի կրողը (կամ այդպիսի լիազորություն ունեցող սուբյեկտը) դիմում է դատարան սուբյեկտիվ իրավունքների կամ օրինական շահերի պաշտպանության խնդրով՝ հայցով։ Այսինքն՝ հայց հարուցելու հնարավորությունն անմիջականորեն կապված է տվյալ անձի խախտված կամ վիճարկվող իրավունքների առկայության և դրանց պաշտպանության անհրաժեշտության հետ, հակառակ պարագայում, երբ առկա չէ խախտված կամ վիճարկվող իրավունք, իմաստազրկվում է նաև դատարան դիմելու իրավունքի իրացումը։
Իրավունքների պաշտպանությունը պետք է լինի հստակ և որոշակի, մասնավորապես՝ հարուցված հայցի պայմաններում պետք է հասկանալի լինի, թե դիմողն ինչ իրավունքի պաշտպանության խնդրով է դիմել դատարան, ինչ եղանակով է ցանկանում իրացնել իր իրավունքի պաշտպանությունը, ինչ պահանջ է ուղղել պատասխանողին և այլն։ Այսինքն՝ հայցվորի պահանջը պետք է բխի վիճելի իրավահարաբերությունից, ներկայացվի կոնկրետ անձի՝ պատասխանողի դեմ և հիմնված լինի որոշակի փաստերի վրա, որն էլ վերջինս պատշաճ կերպով պետք է հիմնավորած լինի։
Ամփոփելով վերը նշվածը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցը՝ դատարան ներկայացված՝ հայցվորի կողմից պատասխանողին ուղղված որոշակի նյութաիրավական պահանջ է, որը բխում է կոնկրետ վիճելի իրավահարաբերությունից և հիմնվում է որոշակի փաստական հանգամանքների վրա։
Անդրադառնալով հայցի տարրերին՝ հարկ է նշել, որ դրանք հայցի այն բաղկացուցիչ մասերն են, որոնց միջոցով որոշվում է հայցի բովանդակությունը, իրավական բնույթը, մասնավորապես, օրինակ, հնարավոր է լինում որոշել հայցի այն տեսակը, որի միջոցով առավել արդյունավետ և իրագործելի կլինի անձի իրավունքների պաշտպանության պահանջով դատարան դիմելը։
Այսպես՝ հայցի տարրերն են հայցի առարկան, հայցի հիմքը (փաստական, իրավական) և, հաշվի առնելով, որ անձը դատարան դիմելով հետապնդում է կոնկրետ նպատակ, հայցի տարրերի շարքում կարող ենք դիտարկել նաև հայցի նպատակը։ Մասնավորապես՝ հայցի առարկան հայցվորի կողմից պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջն է, որի շրջանակներում քննելով վեճը՝ դատարանը կայացնում է որոշում։ Հայցի հիմքը (փաստական) այն փաստերն են, որոնց հետ իրավունքի նորմը կապում է իրավահարաբերության առաջացումը, փոփոխումը և դադարումը, իսկ իրավական հիմքն այն իրավանորմերն են, որոնց միջոցով կարգավորվում է տվյալ իրավահարաբերությունը (հայցվորը չի կրում հայցում իրավական նորմեր նշելու պարտականություն, սակայն չի բացառվում այդպիսիք նշվելու հանգամանքը)։ Իսկ հայցի նպատակն արդեն խախտված կամ վիճարկվող իրավունքների պաշտպանությունն ու վերականգնումն է։
Վերոշարադրյալի համատեքստում անդրադառնալով դատարան ներկայացվող հայցերի տեսակներին՝ հարկ է նշել, որ դրանց դասակարգման հիմքում որպես կանոն դրվում է անձի սուբյեկտիվ իրավունքի պաշտպանության համար պատասխանողի կողմից որոշակի գործողություններ կատարելու կամ դրանցից ձեռնպահ մնալու պարտականությունը դատարանի կողմից հաստատելու անհրաժեշտությամբ կամ դրա բացակայությամբ։ Այսպես՝
Տեսությունում ավանդաբար հայցերը դասակարգվում են 1․ վճռող (կատարողական), 2․ ճանաչող (հաստատողական) տեսակների։ Որոշ դատավարագետներ առանձնացնում են նաև երրորդ՝ փոխակերպիչ հայցերը։
Վճռող հայցերի պարագայում հայցվորը պատասխանողին ուղղում է այնպիսի նյութաիրավական պահանջ, որը ենթադրում է վերջինիս կողմից որոշակի գործողություններ կատարելու կամ դրանցից ձեռնպահ մնալու պարտականություն։ Այսինքն՝ նշված հայցատեսակի շրջանակներում անձի իրավունքների պաշտպանության հնարավոր է հասնել այն դեպքում, երբ վերջինիս պահանջած գործողությունները պատասխանողի կողմից կատարվում են կամ վերջինս ձեռնպահ է մնում այդպիսիք կատարելուց։
Ճանաչողական հայցերով դիմելով դատարան՝ հայցվորը պահանջում է հաստատել որոշակի իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը։ Այսինքն՝ նշված հայցատեսակի շրջանակներում անձի իրավունքների պաշտպանությունն իրականացվում է դատարանի կողմից հայցվորի ներկայացրած իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը ճանաչելով, որպիսի գործողությամբ դատարանը որոշակիություն է մտցնում նաև տվյալ իրավահարաբերության բովանդակությունը կազմող սուբյեկտիվ իրավունքների և պարտականությունների ծավալում։
Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարան հայց ներկայացնելով անձը հետապնդում է իր խախտված կամ վիճարկվող իրավունքների պաշտպանության նպատակ, որին հասնելու համար որոշիչ նշանակություն ունի նաև ընտրված ճիշտ հայցատեսակը, որի շրջանակներում հայցվորի կողմից բացահայտված պետք է լինի՝ ինչ իրավունքի պաշտպանության խնդրով է վերջինս դիմել դատարան, ինչ եղանակով է այն ցանկանում իրացնել, պատասխանողին (այն անձին, որն ըստ հայցվորի պատասխանատու է իր իրավունքների խախտման համար, և որի հետևանքով առաջացել է վեճ) ուղղված պահանջը, դրա հիմքում դրված փաստերը և այլն։
Բ) Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև բացահայտել՝ ինչ է իրենից ենթադրում նյութաիրավական վեճը և ովքեր են հանդես գալիս որպես այդպիսի վեճի կողմեր։
Այսպես՝ «վեճ» եզրույթը բնորոշվում է որպես «բանավոր կամ գրավոր հակաճառություն, որի ժամանակ յուրաքանչյուրը ձգտում է հաստատել իր կարծիքը՝ իր ճշտությունը», «որևէ բանի առթիվ եղող տարաձայնությունից բխած հակաճառություն՝ վիճաբանություն» և այլն7։
Իրավական դոկտրինայում իրավական վեճը բնորոշվում է որպես կառուցողական կամ ապակառուցողական «կողմերի միջև բանավեճ՝ հակադիր իրավական հայացքների և գաղափարների փոխազդեցության և բախման տեսքով»։ Այն բնորոշվում է նաև որպես «հակամարտության արտաքին և ձևական արտահայտություն, որի դեպքում կողմերը ներկայացնում են փոխադարձ պահանջներ, կամ մեկ կողմը պնդում է իր իրավունքը ու ներկայացնում կոնկրետ պահանջներ, մինչդեռ մյուսը, իր հերթին, մերժում է առաջինի իրավունքը և հրաժարվում է բավարարել պահանջը»:
Այսպես՝ նյութաիրավական վեճը կողմերի միջև առաջացած անհամաձայնությունն է՝ կապված նյութաիրավական հարաբերության որևէ տարրի (օբյեկտ, սուբյեկտ, բովանդակություն) հետ։ Մասնավորապես՝ նյութաիրավական վեճը որոշակի հակասություն կամ տարաձայնություն է, օրինակ, կապված անձի սուբյեկտիվ իրավունքի կամ պարտականության հետ։
Նյութաիրավական վեճի կողմերն այն անձինք են, որոնց միջև առկա է
նյութական իրավահարաբերության որևէ տարրի հետ կապված անհամաձայնություն։ Այսինքն՝ այդ անձանց միջև առաջացած վեճի շրջանակներում է վիճարկվում, օրինակ, սուբյեկտիվ նյութական իրավունքի կամ պարտականության գոյությունը, ծավալը կամ իրացման եղանակը։ Վերջիններս հանդես են գալիս որպես ենթադրյալ նյութական իրավունքի կրող և նյութական իրավունքի ենթադրյալ պարտավոր անձ։
Նյութաիրավական վեճի կողմերն են, որ իրենց միջև առկա անհամաձայնության լուծման և, համապատասխանաբար, իրենց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության նպատակով կարող են իրացնել հայց հարուցելու իրենց իրավունքը։ Տվյալ դեպքում վերջիններս ձեռք են բերում նաև համապատասխան դատավարական կարգավիճակ։ Այսպես՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցվորը գործին մասնակցող այն անձն է, որն իր կամ օրենքով նախատեսված դեպքերում այլ անձի իրավունքների պաշտպանության նպատակով հայցադիմում է ներկայացրել առաջին ատյանի դատարան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի պատասխանողը գործին մասնակցող այն անձն է, որի դեմ հայց է ներկայացվել առաջին ատյանի դատարան:
Այսպես՝ հայցվորը գործին մասնակցող այն անձն է, որն իր կամ օրենքով նախատեսված դեպքերում այլ անձի իրավունքների պաշտպանության նպատակով հայցադիմում է ներկայացրել առաջին ատյանի դատարան, իսկ պատասխանողը գործին մասնակցող այն անձն է, որի դեմ հայց է ներկայացվել առաջին ատյանի դատարան։ Հայցվորը և պատասխանողը քաղաքացիական գործը հարուցելու պահից վիճելի իրավահարաբերության կամ օրենքով պահպանվող շահի ենթադրյալ սուբյեկտներ են ու գործի ելքում ունեն նյութաիրավական հակադիր շահեր, և ըստ այդմ նրանք հանդիսանում են նյութաիրավական վեճի կողմեր կամ վիճող կողմեր: Այսինքն՝ քաղաքացիական դատավարությունում գործում է այն կանխավարկածը, որ հայցվորը և պատասխանողն են հանդիսանում վիճելի իրավահարաբերության սուբյեկտներն ու հենց նրանք են վիճելի իրավունքների և պարտականությունների ենթադրյալ կրողները։
Ամփոփելով վերը նշվածը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նյութաիրավական վեճն իրավահարաբերության սուբյեկտների միջև առաջացած՝ իրավահարաբերության որևէ տարրի հետ կապված անհամաձայնությունը կամ տարաձայնությունն է, որի կողմերը, հանդիսանալով որպես տվյալ վեճի շրջանակներում սուբյեկտիվ իրավունքի կրող կամ պարտավոր անձ, կարող են դիմել դատական պաշտպանության (իրացնել իրենց հայց հարուցելու իրավունքը)՝ ձեռք բերելով համապատասխան դատավարական կարգավիճակ։
Գ) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 983-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապահովագրությունն իրականացվում է ապահովագրողի հետ ապահովադրի կնքած ապահովագրության պայմանագրի և (կամ) ապահովագրական վկայագրով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 996-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապահովագրության պայմանագրով մի կողմը՝ ապահովագրողը, որոշակի միանվագ կամ պարբերական վճարի (ապահովագրավճարի) դիմաց պարտավորվում է մյուս կողմին՝ ապահովադրին կամ նրա մատնանշած անձին (շահառուին), որոշակի ապահովագրական գումարի շրջանակներում հատուցել որոշակի իրադարձության (իրադարձությունների) տեղի ունենալու արդյունքում պատճառված վնասը կամ դրա մի մասը կամ տրամադրել որոշակի գումար (ապահովագրական հատուցում), եթե այդ իրադարձությունների տեղի ունենալը կրում է հավանական և (կամ) պատահական բնույթ և կախված չէ կողմերի կամ ապահովագրված անձի կամ շահառուի կամքից (բացառությամբ կյանքի ապահովագրության այն դեպքերի, երբ հատուցվում է որոշակի հավաստի և ակնկալվող իրադարձության տեղի ունենալը):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 998-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` ապահովագրության պայմանագրի էական պայմաններն են՝ ապահովագրական պատահարը (պատահարները) կամ իրադարձությունը, որի տեղի ունենալու դեպքում տրվում է ապահովագրական հատուցումը։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից: (...):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1072-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ իրավաբանական անձինք և քաղաքացիները, որոնց գործունեությունը կապված է շրջապատի համար առավել վտանգի աղբյուրի հետ (տրանսպորտային միջոցների, մեխանիզմների, բարձր լարվածության էներգիայի, ատոմային էներգիայի, պայթուցիկ նյութերի, ուժեղ ներգործող թույների և այլնի օգտագործում, շինարարական և դրա հետ կապված այլ գործունեության իրականացում), պարտավոր են հատուցել առավել վտանգի աղբյուրով պատճառված վնասը, եթե չեն ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով: (...):
Վնաս հատուցելու պարտականությունը դրվում է առավել վտանգի աղբյուրը սեփականության իրավունքով կամ այլ օրինական հիմքով (վարձակալության իրավունք, լիազորագրով տրանսպորտային միջոցները վարելու իրավունք և այլն) տիրապետող իրավաբանական անձի կամ քաղաքացու վրա:
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 3-րդ հոդվածով սահմանվում են նույն օրենքում, ինչպես նաև դրա հիման վրա ընդունված իրավական այլ ակտերում (եթե դրանցում այլ բան սահմանված չէ) օգտագործվող հիմնական հասկացությունների իմաստները։ Մասնավորապես՝
Օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ տուժողը (տուժած անձ)՝ ավտոտրանսպորտային միջոցի օգտագործման հետևանքով նույն օրենքով նախատեսված անձնական կամ գույքին պատճառված վնասներ կրած ցանկացած անձն է, որը նույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով ունի հատուցման իրավունք: Տուժող են համարվում նաև նույն կետի առաջին նախադասությամբ նախատեսված` անձի մահվան դեպքում օրենքի համաձայն վնասների հատուցման իրավունք ունեցող անձինք։
Նույն հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ ապահովադիրն ապահովագրական ընկերության հետ ԱՊՊԱ պայմանագիր կնքած անձն է։
Նույն հոդվածի 8-րդ կետի համաձայն՝ ապահովագրված անձն ԱՊՊԱ պայմանագրի գործողության ընթացքում ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը, ինչպես նաև օրինական հիմքերով այն տիրապետող այլ անձն է (ներառյալ` վարորդը)։
Նույն հոդվածի 11-րդ կետի համաձայն՝ ապահովագրական պատահարը նույն օրենքով նախատեսված դեպք կամ իրադարձություն է, որի դեպքում ապահովագրական ընկերությունը կամ Բյուրոն պարտավորվում է տուժողին կամ օրենքով և (կամ) ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված դեպքերում այլ անձանց վճարել ապահովագրական հատուցում։
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշմամբ անդրադառնալով վերը նշված իրավանորմերի վերլուծությանը, արձանագրել է, որ սեփականատերը, իր ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվությունն ապահովագրելով, փաստացի հնարավորություն է ստանում ապահովագրավճարի դիմաց ապահովագրողին փոխանցելու վնասը (որը կարող է պատճառված լինել ինչպես սեփականատիրոջ, այնպես էլ ավտոմեքենայի լիազորված տիրապետողի կողմից) հատուցելու իր պարտականությունը (տե՛ս «ՌԵՍՈ» ապահովագրական ՓԲԸ-ն ընդդեմ «ՍՄԱՐՏՍՈՎԹ» ՍՊԸ-ի թիվ ԿԴ1/2015/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկով արձանագրել է, որ քաղաքացիական իրավունքները և պարտականությունները, ի թիվս այլ դեպքերի, կարող են ծագել այլ անձին վնաս պատճառելու հետևանքով: Ընդ որում, օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետով ոչ միայն հստակեցրել է «վնաս» հասկացությունն ու սահմանել դրա շրջանակները, այլ նաև նույն հոդվածի 1-ին կետով ամրագրել է, որ իր իրավունքների խախտման դեպքում անձը կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում: Միաժամանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ և 1058-րդ հոդվածների բովանդակային վերլուծությունից հետևում է, որ վնասի հատուցման համար անհրաժեշտ է, որպեսզի միաժամանակ առկա լինի իրավաբանական փաստերի հետևյալ կազմը.
1. վնասի առկայությունը,
2. պատասխանող կողմի անիրավաչափ գործողությունը,
3. պատճառական կապը:
ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ վերոգրյալ կարգավորումները կիրառելի են նաև ապահովագրության ոլորտում` վնասից ծագած իրավահարաբերությունների նկատմամբ: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 983-րդ հոդվածի 1-ին կետով հստակեցվում է, որ ապահովագրությունն իրականացվում է ապահովագրողի հետ ապահովադրի կնքած ապահովագրության պայմանագրի և (կամ) ապահովագրական վկայագրով, որից ելնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1021-րդ հոդվածի 1-ին կետով հստակեցվում է, որ եթե այլ բան նախատեսված չէ ապահովագրության պայմանագրով, ապա ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում ապահովադրին (ապահովագրված անձին) պատճառված վնասից բխող նրա (կամ շահառուի) պահանջի իրավունքը վնասը պատճառած անձի նկատմամբ անցնում է ապահովագրողին` նրա կողմից հատուցված գումարի մասով: (...): Այսինքն` ապահովագրական հատուցումը պատահարի դեպքում ապահովագրողի կողմից տուժողին վճարման ենթակա գումարն է (տե՛ս «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միությունն ընդդեմ Արամ Խաչունցի թիվ ԵԱՆԴ/2065/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23․02․2021 թվականի որոշումը):
Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ԱՊՊԱ պայմանագրով նույն օրենքով սահմանված պայմաններով ապահովագրվում է տուժած անձանց պատճառված վնասների հատուցման համար ապահովագրված անձանց պատասխանատվությունը:
Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական, քրեական կամ դատական կարգով վարչական գործ հարուցված լինելու դեպքում գույքին պատճառված վնասների չափը գնահատվում է, և դրանում անձի մեղավորության աստիճանը որոշվում է գործն ըստ էության լուծող և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, իսկ այդպիսի գործ հարուցված չլինելու կամ այդպիսի գործն ըստ էության լուծող դատական ակտ չընդունվելու դեպքում` Բյուրոյի որակավորած փորձագետների (այսուհետ՝ փորձագետ) կողմից, բացառությամբ նույն օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի, որոնց համար Բյուրոյի կանոններով կարող է նախատեսվել ապահովագրական ընկերության կողմից մեղավորության որոշման և (կամ) վնասի չափի գնահատման պարզեցված կարգ:
Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) նույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դիմումը ստանալուց հետո` Բյուրոյի կանոններով սահմանված ժամկետում, սակայն ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում, պարտավոր է որոշում ընդունել փորձաքննություն նշանակելու մասին, (…): Փորձաքննության անցկացումը չպետք է տևի 15 աշխատանքային օրվանից ավելի: Բյուրոյի կանոններով կարող են սահմանվել փորձաքննության անցկացման առավել կարճ ժամկետներ: Փորձաքննության ավարտից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) փորձաքննության արդյունքների մասին գրավոր ծանուցում է ապահովադրին, ապահովագրված անձին և տուժողին (նրա իրավահաջորդին): Ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) նույն մասով նախատեսված ծանուցումից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, լրացուցիչ փորձաքննություն չնշանակվելու և կրկնակի փորձաքննության անցկացման պահանջ չներկայացվելու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է գրավոր որոշում՝ ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին` համապատասխան որոշումը 3 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ կերպով ուղարկելով ապահովադրին, ապահովագրված անձին և տուժողին (նրա իրավահաջորդին):
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե ըստ ապահովադրի, ապահովագրված անձի, տուժողի (նրա իրավահաջորդի) և ապահովագրական ընկերության (Բյուրոյի)` փորձագետի եզրակացությունը պարզ կամ ամբողջական չէ, ապա նրանք նույն հոդվածի 1-ին մասով սահմանված ծանուցման օրվանից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, իրավունք ունեն փոխադարձ համաձայնությամբ նշանակելու լրացուցիչ փորձաքննության անցկացում: (…): Լրացուցիչ փորձաքննության նշանակման դեպքում լրացուցիչ փորձաքննության ավարտից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) փորձաքննության արդյունքների մասին գրավոր ձևով ծանուցում է ապահովադրին, ապահովագրված անձին և տուժողին (նրա իրավահաջորդին): Ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) նույն մասով նախատեսված ծանուցումից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, կրկնակի փորձաքննության պահանջ չներկայացվելու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է գրավոր որոշում ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին` համապատասխան որոշումը 3 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ կերպով ուղարկելով ապահովադրին, ապահովագրված անձին և տուժողին (նրա իրավահաջորդին):
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե ապահովադիրը, ապահովագրված անձը, տուժողը (նրա իրավահաջորդը) կամ ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) համաձայն չէ նույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված կարգով անցկացված փորձաքննության արդյունքներին, ապա նա նույն հոդվածի համապատասխանաբար 1-ին կամ 2-րդ մասով սահմանված ծանուցման օրվանից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, իրավունք ունի պահանջելու կրկնակի փորձաքննության անցկացում: (…):
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ կրկնակի փորձաքննության անցկացման պահանջ ներկայացվելու դեպքում կրկնակի փորձաքննություն նշանակելու և փորձագետ նշանակելու մասին որոշումն ընդունում է Բյուրոն` համապատասխան պահանջը ներկայացվելուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում: (…): Կրկնակի փորձաքննության անցկացումից հետո լրացուցիչ փորձաքննություն նշանակվել չի կարող, և կրկնակի փորձաքննության արդյունքները կարող են բողոքարկվել միայն դատական կարգով: Կրկնակի փորձաքննության ավարտից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) ընդունում է գրավոր որոշում ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին` համապատասխան որոշումը 3 աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ կերպով ուղարկելով ապահովադրին, ապահովագրված անձին և տուժողին (նրա իրավահաջորդին):
Անդրադառնալով վերը նշված իրավական նորմերի մեկնաբանությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագրով նույն օրենքով սահմանված պայմաններով ապահովագրվում է ավտոտրանսպորտային միջոցի օգտագործման հետևանքով նույն օրենքով նախատեսված անձնական կամ գույքին պատճառված վնասներ կրած ցանկացած՝ նույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով հատուցման իրավունք ունեցող անձանց պատճառված վնասների հատուցման համար ապահովագրված անձանց պատասխանատվությունը։ Ընդ որում, քաղաքացիական, քրեական կամ դատական կարգով վարչական գործ հարուցված չլինելու կամ տվյալ գործերով գործն ըստ էության լուծող դատական ակտ ընդունված չլինելու դեպքում գույքին պատճառված վնասի չափը գնահատվում է Բյուրոյի որակավորած փորձագետների կողմից։
Միևնույն ժամանակ օրենսդիրը սահմանել է նաև պատճառված վնասի չափի որոշման ընթացակարգը, որի համաձայն՝ ապահովագրական ընկերությունը, տուժողից կամ նրա իրավահաջորդից ստանալով ապահովագրական հատուցում ստանալու մասին դիմումը, Բյուրոյի կանոններով սահմանված ժամկետում, սակայն ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում, պարտավոր է որոշում ընդունել փորձաքննություն նշանակելու մասին: Ապահովագրական ընկերությունը, ստանալով փորձաքննության արդյունքում տրված եզրակացությունը, հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր ծանուցում է ապահովադրին, ապահովագրված անձին և տուժողին (նրա իրավահաջորդին): Եթե ծանուցումից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում չի նշանակվում լրացուցիչ փորձաքննություն կամ չի ներկայացված կրկնակի փորձաքննություն անցկացնելու մասին պահանջ, ապա ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) գրավոր ձևով որոշում է ընդունում ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին։
Բոլոր այն դեպքերում, երբ ըստ ապահովադրի, ապահովագրված անձի, տուժողի (նրա իրավահաջորդի) և ապահովագրական ընկերության (Բյուրոյի) փորձագետի եզրակացությունը պարզ կամ ամբողջական չէ, ապա ծանուցումից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, նշված անձանց փոխադարձ համաձայնությամբ կարող է նշանակվել լրացուցիչ փորձաքննություն, որի արդյունքների մասին ևս ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) պարտավոր է գրավոր ծանուցել ապահովադրին, ապահովագրված անձին ու տուժողին (նրա իրավահաջորդին): Եթե ծանուցումից հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում կրկնակի փորձաքննություն նշանակելու պահանջ չի ներկայացվում, ապա ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) երեք աշխատանքային օրվա ընթացքում որոշում է ընդունում ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին, իսկ այն դեպքում, երբ ապահովադիրը, ապահովագրված անձը, տուժողը (նրա իրավահաջորդը) կամ ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) համաձայն չէ Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով սահմանված կարգով անցկացված փորձաքննության արդյունքներին, ապա նրանք այդ մասերով սահմանված ծանուցման օրվանից հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում իրավունք ունեն պահանջելու կրկնակի փորձաքննության անցկացում, որը նշանակելու մասին Բյուրոն ընդունում է որոշում։
Միևնույն ժամանակ օրենսդիրը սահմանել է, որ կրկնակի փորձաքննության անցկացումից հետո լրացուցիչ փորձաքննություն նշանակվել չի կարող, և կրկնակի փորձաքննության արդյունքները կարող են բողոքարկվել միայն դատական կարգով: Ընդ որում, կրկնակի փորձաքննության ավարտից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) ընդունում է գրավոր որոշում ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին:
ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել նաև արձանագրել, որ տվյալ դեպքում օրենսդիրը որոշակի սահմանափակումներ է կիրառել Օրենքի իմաստով պատճառված վնասի չափը դատական կարգով որոշելու համար՝ դրա որոշման եղանակներն առավելապես նախատեսելով արտադատական կարգով, իսկ այդ վնասի չափի որոշման համար դատական կարգ սահմանել է բացառապես այն դեպքի համար, երբ արտադատական կարգով արդեն իսկ առկա է կրկնակի փորձաքննության եզրակացություն, որի արդյունքների հետ վերը նշված անձանցից որևէ մեկն անհամաձայնություն ունի, և անհրաժեշտ է կրկնակի փորձաքննության արդյունքները բողոքարկել դատական կարգով (տե՛ս Մարտին Վարդանյանն ընդդեմ «Ռեսո» ապահովագրական ՓԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/2014/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 09․10․2023 թվականի որոշումը):
Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ ապահովագրական պատահարի առաջացման հետևանքով վնասի հատուցման պարտավորության շուրջ ծագած նյութաիրավական վեճը, ըստ էության, ծագում է մի կողմից վնաս պատճառողի, մյուս կողմից տուժողի միջև, որի շրջանակներում վնաս պատճառողը պարտավորվում է օրենքով սահմանված կարգով հատուցել պատճառված վնասը։ Այսինքն՝ վերը նշված անձինք են հանդիսանում տվյալ նյութաիրավական վեճի անմիջական կողմերը, մի կողմից՝ որպես վնասը հատուցելու պարտավոր անձ, մյուս կողմից՝ որպես վնասի հատուցում ստանալու իրավունք ունեցող անձ։ Ապահովագրական պայմանագրի կնքմամբ սակայն, սեփականատերը հնարավորություն է ստանում ապահովագրավճարի դիմաց ապահովագրողին փոխանցելու վնասը հատուցելու իր պարտականությունը, և այդ փաստի ուժով ապահովագրական ընկերությունը կամ Բյուրոն է պարտավորվում վնաս պատճառողի փոխարեն տուժողին կամ օրենքով և (կամ) ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված դեպքերում այլ անձանց վճարել ապահովագրական հատուցում։
Մասնավորապես՝ ապահովագրական հատուցում վճարելու դիմումն ստանալուց հետո Օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով որոշում է ընդունվում փորձաքննություն նշանակելու մասին և դրա արդյունքների մասին գրավոր ծանուցվում են ապահովադիրը, ապահովագրված անձը և տուժողը (նրա իրավահաջորդին), և լրացուցիչ փորձաքննություն չնշանակվելու ու կրկնակի փորձաքննության անցկացման պահանջ չներկայացվելու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում ապահովագրական ընկերությունն ընդունում է գրավոր որոշում՝ ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին։ Փորձագետի եզրակացությունը պարզ կամ ամբողջական չլինելու դեպքում ապահովադիրը, ապահովագրված անձը, տուժողը կամ ապահովագրական ընկերությունն իրավունք ունեն փոխադարձ համաձայնությամբ նշանակելու լրացուցիչ փորձաքննության անցկացում, որի արդյունքների մասին ևս ծանուցվում են վերը նշված անձինք և կրկնակի փորձաքննության պահանջ չներկայացվելու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում ապահովագրական ընկերությունն ընդունում է գրավոր որոշում ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին։ Սկզբնապես նշանակված կամ լրացուցիչ փորձաքննության արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում Օրենքի 22-րդ հոդվածը նախատեսում է նաև կրկնակի փորձաքննություն նշանակելու հնարավորություն՝ սահմանելով, որ կրկնակի փորձաքննությունից հետո լրացուցիչ փորձաքննություն չի կարող նշանակվել, դրա արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով և կրկնակի փորձաքննության ավարտից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) ընդունում է գրավոր որոշում ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին` համապատասխան որոշումը 3 աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ կերպով ուղարկելով ապահովադրին, ապահովագրված անձին և տուժողին (նրա իրավահաջորդին):
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապահովագրական պատահարի առաջացման հետևանքով որպես վնասի հատուցման պարտավորության շուրջ ծագած նյութաիրավական վեճի հիմնական կողմեր հանդես են գալիս ապահովագրված անձը, ապահովադիրը, տուժողը, մասնավորապես՝ մի կողմից վնասը հատուցելու պարտավոր անձինք, մյուս կողմից վնասի հատուցման իրավունք ունեցող անձը (անձինք)։ Սակայն, հաշվի առնելով ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվությունն ապահովագրելու արդյունքում ապահովագրողին վնասը հատուցելու պարտականության փոխանցման հանգամանքը՝ տվյալ իրավահարաբերության շրջանակներում ապահովագրական ընկերությունն է կրում փորձաքննության եզրակացության հիման վրա ապահովագրական հատուցում վճարելու կամ այն մերժելու որոշում կայացնելու պարտականությունը։ Նշվածից բխում է, որ վերը նշված անձանց միջև առաջացած նյութաիրավական վեճի շրջանակներում ապահովագրական պայմանագրի առկայությամբ պայմանավորված ապահովագրական ընկերությունը վնաս պատճառողի փոխարեն պարտավոր է տուժողին վճարել ապահովագրական հատուցումը՝ կայացնելով համապատասխան որոշում։ Ավելին՝ թեև վերը նշված որոշումները կայացվում են փորձագիտական ընկերության կողմից կազմված փորձագիտական եզրակացության հիման վրա, այնուամենայնիվ տվյալ ընկերությունը չի կարող հանդիսանալ նշված նյութաիրավական վեճի (վիճելի իրավահարաբերության) մասնակից և կողմ։
Դ) Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասում կիրառված՝ «փորձաքննության արդյունքները դատական կարգով բողոքարկվել» եզրույթին և փորձագետի եզրակացության (դրա արդյունքների)՝ որպես ապացույցի տեսակի վիճարկման հնարավորությանը․ Այսպես՝
Նախ հարկ է նշել, որ «դատական կարգով բողոքարկել» եզրույթը չնայած այն հանգամանքին, որ նախատեսում է դատարան դիմելու իրավունք, այնուամենայնիվ նշվածից դժվար է հետևություն անել, որ այն կոնկրետ պահանջով դատարան դիմելու իրավունք է նախատեսում։ Հետևաբար՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «դատական կարգով բողոքարկել» եզրույթով նախատեսված դատավարական իրավունքն իրացնելիս դատարան դիմող կողմերն իրենց իրավունքից կարող են օգտվել դատավարական նորմերի պահանջներին համապատասխան։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավունքների պաշտպանության դատական եղանակը հնարավորություն է տալիս անձին իր խախտված կամ վիճարկվող իրավունքների պաշտպանության նպատակով դիմել դատարան՝ համապատասխանաբար վիճարկելով (բողոքարկելով) իր իրավունքների իրականացմանը խոչընդոտող կամ այն խախտող իրավական ակտը, որոշումը, գործողությունը և այլն։ Դատական կարգով վիճարկելով, օրինակ, որևէ իրավական ակտ՝ տվյալ անձը նպատակ է հետապնդում դատական քննության, մասնավորապես՝ վեճի առարկա դարձնել նշված ակտի ճշմարտացիությունը։ Այսինքն՝ դատական կարգով վիճարկելով այս կամ այն իրավական ակտը, գործողությունը, որոշումը և այլն, դատարան դիմած անձը հետապնդում է ճշմարտության բացահայտման, իր իրավունքների պաշտպանության նպատակ։ Ընդ որում, «դատական կարգով բողոքարկել» եզրույթը չի սահմանափակվում միայն հայց հարուցելու եղանակով որոշակի հարց վիճարկման առարկա դարձնելու գործողության կատարմամբ, այն կարող է իրացվել նաև արդեն իսկ համապատասխան նյութաիրավական պահանջ ներկայացված լինելու պայմաններում՝ այսինքն հարուցված գործի շրջանակներում (դատական քննության ընթացքում) որոշակի հարցի վիճարկմամբ։
Այսպես՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ «վիճարկել» եզրույթն իրենից ենթադրում է՝ 1․ վիճելով հերքել մեկի հայացքները, տեսակետը, կարծիքը, փաստարկելով ապացուցել մեկի ոչ ճշմարիտ լինելը, 2․ վեճի առարկա դարձնել8։
Եվրոպական դատարանը նշել է, որ, որպեսզի դատարանի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անձը պետք է իր իրավունքների իրականացմանը միջամտող իրավական ակտը վիճարկելու հստակ և իրական հնարավորություն ունենա (տե՛ս Bellet v. France գործով Եվրոպական դատարանի 04.12.1995 թվականի վճիռը, կետ 36, Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով Եվրոպական դատարանի 16.03.2010 թվականի վճիռը, կետ 25):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույցի տեսակներն են (…) փորձագետի եզրակացությունը. (…)։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փորձագետի եզրակացությունը գործի քննության ընթացքում գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի կամ որևէ այլ բնագավառում հատուկ գիտելիքների օգտագործում պահանջող հարցերի բացահայտման և պարզաբանման նպատակով ձեռք բերված գրավոր փաստաթուղթն է, որը տրվում է փորձաքննություն նշանակելու մասին որոշմամբ առաջադրված հարցերին պատասխանելու միջոցով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը, ստանալով փորձագետի եզրակացությունը, այն հնգօրյա ժամկետում ուղարկում է գործին մասնակցող անձանց:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ փորձագետի եզրակացությունը հետազոտվում է դատական նիստում և գնահատվում է մյուս ապացույցների հետ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձը փորձագետի եզրակացության վերաբերյալ գրավոր առարկությունը պարտավոր է առաջին ատյանի դատարան ներկայացնել մինչև նախնական դատական նիստի ավարտը, բացառությամբ այն դեպքերի, երբ առարկելու հիմքերն ի հայտ են եկել դատաքննության ընթացքում, կամ առարկություն ներկայացնողը հիմնավորում է սահմանված ժամկետում այն ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով։
ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է փորձագետի եզրակացության` որպես ապացույցի գնահատման առանձնահատկություններին` առանձնացնելով այն հիմնական չափորոշիչները, որոնք ենթակա են կիրառման վերոնշյալ ապացույցի գնահատումը վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության տեսանկյունից իրականացնելիս: ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես գտել է, որ արժանահավատության տեսանկյունից փորձագետի եզրակացության գնահատում իրականացնելիս պետք է հաշվի առնել փորձաքննության ընթացքում կիրառված մեթոդների գիտական հիմնավորվածության աստիճանը, փորձաքննությանը տրամադրված նյութի որակը և բավարարությունը, ելակետային տվյալների բնույթը, փորձագետի հետևությունների փաստարկվածության աստիճանը, գործին մասնակցող անձանց` փորձաքննությանը ներկա գտնվելու իրական հնարավորությունը, եզրակացության համապատասխանությունը գործում առկա այլ ապացույցներին (տե՛ս «Կանաչապատում» ՊՓԲԸ-ն ընդդեմ Կարեն Ախիկյանի և մյուսների ու Կարեն Ախիկյանը, Արշակ Միլիտոնյանն ընդդեմ սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանի և մյուսների թիվ ԵԷԴ/1284/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ փորձագետի եզրակացությունը վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության տեսանկյունից արդյունավետ գնահատելու համար էական է հենց փորձագետի եզրակացության բովանդակությունը: Փորձագետի եզրակացությունը պետք է բավարարի օրենսդրի կողմից սահմանված պահանջներին՝ պարունակելով առնվազն այն տվյալները, որոնք պարտադիր են համարվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով: Նշված պահանջներից մեկն էլ վերաբերում է կիրառված մեթոդների մասին տեղեկություններ պարունակելուն: Փորձագետի եզրակացությունը պետք է նշում պարունակի կիրառված մեթոդների վերաբերյալ, որպեսզի՝ մասնավորապես կողմերը և դատարանը հնարավորություն ունենան գնահատելու եզրակացությունն արժանահավատության, հիմնավորվածության, ամբողջականության տեսանկյունից՝ անհրաժեշտության դեպքում բարձրացնելով լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն նշանակելու հարցը: Ուստի, եթե փորձագետի եզրակացությունը չի պարունակում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով պարտադիր համարվող պահանջները, այդ թվում՝ չի պարունակում նշում կիրառված մեթոդների մասին, ապա նման եզրակացությունը չի կարող համարվել պատշաճ ապացույց՝ մասնավորապես դրա արժանահավատության տեսանկյունից (տե՛ս Ղուկաս Ավագյանն ընդդեմ Հայկ Մալխասսյանի թիվ ԱՐԴ/0303/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը վերստին արձանագրել է, որ փորձագետի եզրակացության՝ վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության պահանջները համարվում են պահպանված, եթե պահպանված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով փորձագետի եզրակացությանն առաջադրվող պահանջները, մասնավորապես դրանում արտացոլված է կատարված հետազոտությունների մանրամասն նկարագրությունը, ստուգված է փորձագետի որակավորումը և վերջինս նախազգուշացված է ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին (տե՛ս Արմեն Հարությունյանն ընդդեմ Արտաշես Գասպարյանի և մյուսների թիվ ԵԴ/26603/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2021 թվականի որոշումը):
Վերը նշվածի համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը կարևորում է բոլոր ապացույցների՝ այդ թվում փորձագիտական եզրակացության վերաբերյալ դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող անձանց իրավունքը։ Մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածով սահմանվել է նաև փորձագետի եզրակացության դեմ առարկելու գործին մասնակցող անձի իրավունքը, ըստ որի՝ վերջինս մինչև նախնական դատական նիստի ավարտը, բացառությամբ այն դեպքերի, երբ առարկելու հիմքերն ի հայտ են եկել դատաքննության ընթացքում, կամ առարկություն ներկայացնողը հիմնավորում է սահմանված ժամկետում այն ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով, կարող է դատարան ներկայացնել փորձագիտական եզրակացության վերաբերյալ առարկություն։
Այսինքն՝ կողմերը զրկված չեն կոնկրետ նյութաիրավական պահանջով դիմել դատարան՝ գործի քննության շրջանակներում վիճարկելով նաև փորձագետի եզրակացությունը (դրա արդյունքները)՝ հիմնավորվածության, արժանահավատության տեսանկյունից։
Վերոշարադրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փորձագետի եզրակացության արդյունքներն այն փաստերն են, որոնք այդ եզրակացությամբ փորձագետի կողմից հատուկ գիտելիքների կիրառմամբ հաստատվել են։ Այսինքն՝ այդպիսի եզրակացության բողոքարկման պարագայում բողոքարկման օբյեկտ են հանդիսանում այդ եզրակացությամբ հաստատված փաստերը (արդյունքները)։ Ընդ որում, հարկ է նշել, որ փաստի մասին վեճ կարող է գոյություն ունենալ արդեն իսկ իրավունքի մասին վեճի առկայության պայմաններում, այսինքն՝ առանց իրավունքի մասին վեճի համապատասխանաբար չի կարող լինել նաև փաստի մասին վեճ։
Նման պայմաններում ամփոփելով ողջ վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ փորձագետի եզրակացության արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով՝ վիճարկվելով գործի քննության ընթացքում, այսինքն՝ այն պայմաններում, երբ համապատասխան նյութաիրավական վեճի կողմերը, իրացնելով դատարան դիմելու իրենց իրավունքը՝ կոնկրետ իրավունքի պաշտպանության (խախտված իրավունքի պաշտպանությանն ու վերականգնմանն ուղղված նյութաիրավական պահանջով) հայց են հարուցել դատարան, և, համապատասխանաբար, տվյալ գործի շրջանակներում դատավարական կանոնների պահպանմամբ վիճարկման առարկա է դառնում նաև տվյալ ապացույցը՝ դրա հիմնավորվածության, արժանահավատության տեսանկյունից։ Այսինքն՝ նշված ապացույցը (դրա արդյունքները) դատական կարգով կարող է վիճարկման առարկա դառնալ ոչ թե որպես ինքնուրույն հայցի առարկա բողոքարկվելու եղանակով, այլ՝ արդեն իսկ կոնկրետ նյութաիրավական պահանջով հարուցված գործի շրջանակներում այն կարող է վիճարկման առարկա դառնալ՝ արժանահավատության և հիմնավորվածության տեսանկյունից։
Վերը շարադրված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ Ընկերության և Արմեն Ստեփանյանի միջև 13.09.2019 թվականին կնքվել է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին թիվ *********9 վկայագիրը, որով ապահովագրվել է *********10 հաշվառման համարանիշով ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվությունը։ Արձանագրությամբ նշվել է, որ 1-ին տրանսպորտային միջոցի՝ Opel մակնիշի, *********11 հաշվառման համարանիշով, մեքենայի վարորդն է Արմեն Ստեփանյանը, իսկ 2-րդ տրանսպորտային միջոցի՝ UAZ մակնիշի, *********12 հաշվառման համարանիշով, վարորդն է Հրաչյա Մարտիրոսյանը:
Արձանագրության 5.2-րդ և 5.3-րդ կետերի համաձայն՝ 1-ին և 2-րդ տրանսպորտային միջոցները երթևեկել են ուղիղ՝ երկրորդ գոտիով: Արձանագրության 5.7-րդ կետի համաձայն՝ 1-ին վարորդը համաձայն չլինելով 2-րդ վարորդ կողմից 5.2-րդ կետում երկրորդ գոտի նշման հետ՝ նշել է երրորդ գոտի, իսկ 2-րդ վարորդը համաձայն չլինելով 1-ին վարորդի կողմից 5.2-րդ և 5.3-րդ կետերում երկրորդ գոտիով ուղիղ երթևեկության նշման հետ՝ նշել է աջ վերադասավորում երրորդ գոտիով: Արձանագրության 5․8-րդ կետի համաձայն՝ վարորդներից որևէ մեկն իր մեղավորությունը չի ընդունել։
Արմեն Ստեփանյանը 21.05.2020 թվականին Ընկերությանը ներկայացրել է գույքին պատճառված վնասների գծով ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ դիմում։
«ԴԻԵՔՍ փորձագիտական կենտրոն» ՍՊԸ-ի 26.05.2020 թվականի պատահարի առաջացման պատճառների փորձաքննություն իրականացնող փորձագետի թիվ 0151-20 եզրակացությամբ (առաջնային փորձաքննություն) պատահարում մեղավոր է ճանաչվել UAZ մակնիշի, *********13 հաշվառման համարանիշով ավտոմեքենայի վարորդը։
Մասնավորապես՝ նույն եզրակացության «Հետևություններ» բաժնի համաձայն՝ «1․ առաջադրված պայմաններում «UAZ-451» մակնիշի ավտոմոբիլի վարորդն, աջ կողմից համընթաց ընթացող «Opel Astra 1.6» մակնիշի ավտոմոբիլի առկայության պայմաններում երրորդ երթևեկելի գոտուց կատարելով աջ վերադասավորում և խոչընդոտելով «Opel Astra 1.6» մակնիշի ավտոմոբիլի վարորդի երթևեկությանը, որի արդյունքում տեղի է ունեցել տվյալ պատահարը, տեխնիկական տեսակետից թույլ է տվել ՃԵԿ-ի 36 և 39 կետերի պահանջներին հակասող գործողություններ, դրանցով իսկ պայմանավորել տվյալ պատահարի առաջացումը՝ ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից: Համաձայն Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի RL 1-001 կանոնների թիվ 7 հավելվածի 23 կետի առաջադրված պայմաններում «Opel Astra 1.6» մակնիշի ավտոմոբիլի վարորդի կողմից տվյալ պատահարը կանխելու տեխնիկական հնարավորություններ չեն դիտարկվում:
2․ Առաջադրված պայմաններում «UAZ-451» մակնիշի ավտոմոբիլի վարորդի կողմից նշված այն հանգամանքը, որ պատահարին նախորդող պահին երկրորդ երթևեկելի գոտիով կատարել է ուղիղ երթևեկություն՝ տեխնիկական տեսակետից չի համապատասխանում պատահարի առաջացման մեխանիզմին»։
Կազմակերպության 07.06.2020 թվականի պատահարի առաջացման պատճառների փորձաքննություն իրականացնող փորձագետի թիվ Բ20 0640 ԿՀ եզրակացությամբ (կրկնակի փորձաքննություն) պատահարում մեղավոր է ճանաչվել Opel մակնիշի, ********14 հաշվառման համարանիշով ավտոմեքենայի վարորդը։
Մասնավորապես՝ նույն եզրակացության «Հետևություններ» բաժնի համաձայն՝ «Առաջադրված պայմաններում Opel մակնիշի ավտոմոբիլի վարորդը վերադասավորում կատարելիս ճանապարհը չի զիջել համընթաց ուղղությամբ ընթացող UAZ մակնիշի ավտոմոբիլին, շեղել է ավտոմոբիլի ընթացքի ուղղությունը դեպի UAZ մակնիշի ավտոմոբիլի ընթացքագոտի և իր վարած ավտոմոբիլով խոչընդոտել վերջինիս վարորդի երթևեկությանն, որի արդյունքում տեղի է ունեցել տվյալ պատահարը, տեխնիկական տեսակետից Opel մակնիշի ավտոմոբիլի վարորդը թույլ է տվել ՃԵԿ-ի 36 և 39 կետերի պահանջներին հակասող գործողություններ, դրանցով իսկ պայմանավորել տվյալ պատահարի առաջացումը՝ ինքն իրեն զրկելով այն կանխելու տեխնիկական հնարավորությունից: Առաջադրված պայմաններում UAZ մակնիշի ավտոմոբիլի վարորդի կողմից տվյալ պատահարը կանխելու տեխնիկական հնարավորություններ չեն դիտարկվում»։
Այնուհետև՝ դիմելով դատարան Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Կազմակերպության 07․06․2020 թվականի թիվ Բ20 0640 ԿՀ փորձագիտական եզրակացությունը։
Դատարանը 30․04․2024 թվականի վճռով հայցը բավարարել է՝ պատճառաբանելով, որ
- «փորձագետը փորձաքննություն իրականացնում է հիմք ընդունելով պատվիրատուի կողմից տրամադրված և Կանոններով նախատեսված բոլոր նյութերը, ընդ որում նշված նյութերի մեջ է մտնում նաև ցանկացած եղանակով ստացված՝ պատահարի վայրում իրականացված բոլոր լուսանկարների և (կամ) տեսագրության և (կամ) պատահարի տեսաձայնագրության էլեկտրոնային կրիչը (ֆայլերը) կամ դրանց հղումները (առկայության դեպքում), իսկ Եզրակացություն 2-ից բխում է, որ փորձագետին ներկայացված է եղել թվով 17 լուսանկար, մինչդեռ փորձաքննությունն իրականացնելի փորձագետի կողմից հիմք է ընդունվել բացառապես Ելակետ 1-ը և Ելակետ 2-ը, և առկա չէ բովանդակային հիմնավորում (մեխանիկորեն նշվել են միայն Կանոնների որոշ կետերը) այն մասին, թե ինչու թվով 17 լուսանկարները հաշվի չեն առնվել փորձագետի կողմից: Ընդ որում, նշված հանգամանքի՝ էական հանդիսանալը հիմնավորվում է այն հիմքով, որ նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի մասին 14․05․2020 թվականի արձանագրությունում (Ելակետ 1) վարորդները կատարել են մեկը մյուսին հակասող նշումներ, այն է՝ վարորդ 1-ը համաձայն չի եղել վարորդ 2-ի կողմից 5.2 կետում նշված երկրորդ գոտու հետ և նշել է երրորդ գոտի, վարորդ 2-ը համաձայն չի եղել վարորդ 1-ի կողմից 5.2 և 5.3 կետերում նշված երկրորդ գոտիով ուղիղ երթևեկության հետ և նշել է աջ վերադասավորում երրորդ գոտիով, իսկ Կանոններից բխում է, որ այն դեպքում, երբ փաստաթղթերում (նյութերում) արտացոլված տեղեկությունների միջև հակասություն է հայտնաբերվում, ապա առկայության դեպքում փորձագետը պետք է առաջնություն տա պատահարի վայրում կատարված տեսագրությունում կամ լուսանկարներում արտացոլված ելակետային տվյալներին, մինչդեռ սույն Եզրակացություն 2-ից ուղղակիորեն բխում է, որ լուսանկարները հաշվի չեն առնվել: Նշված հանգամանքը էական է նաև այն պատճառաբանությամբ, որ Եզրակացություն 1-ը կազմելիս փորձագետն եկել էր այն եզրահանգման, որ «UAZ-451» մակնիշի ավտոմոբիլի վարորդի կողմից նշված այն հանգամանքը, որ պատահարին նախորդող պահին երկրորդ երթևեկելի գոտիով կատարել է ուղիղ երթևեկություն՝ տեխնիկական տեսակետից չի համապատասխանում պատահարի առաջացման մեխանիզմին, և նաև այդ հանգամանքը հիմք ընդունելով պատահարում մեղավոր էր ճանաչել «UAZ-451» մակնիշի ********15 հ/հ-ի վարորդին: Ավելին, սույն գործով հայցվոր կողմում վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ Արմեն Ստեփանի Ստեփանյանի՝ 11.09.2023 թվականի դատական նիստում վեճի վերաբերյալ որպես վկա տված ցուցմունքից (Արմեն Ստեփանի Ստեփանյանը Դատարանի կողմից նախազգուշացվել է սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության մասին և Դատարանը վերջինից ստորագրություն է վերցրել նախազգուշացման մասին, որը կցվել է դատական նիստի արձանագրությանը) ևս բխում է, որ «UAZ-451» մակնիշի ավտոմոբիլի վարորդն է երրորդ գոտուց կատարել աջ վերադասավորում, ուստի նշվածից կրկին բխում է, որ նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի մասին 14․05․2020 թվականի արձանագրությունում առկա տվյալների հակասության պարագայում, փորձաքննությունը բացառապես Ելակետ 1-ի և Ելակետ 2-ի տվյալները հիմք ընդունելով կատարելը և թվով 17 հատ լուսանկարները հաշվի չառնելն էական ազդեցություն են ունեցել Եզրակացություն 2-ով պատահարում անձի մեղավորության որոշման հարցում:
Վերոգրյալը հիմք ընդունելով, Դատարանը գտնում է, որ սույն գործով հաստատվել է հայցվոր կողմի այն փաստարկը, որ վիճարկվող եզրակացությամբ անտեսվել է տրամադրված ելակետային տվյալները, մասնավորապես՝ լուսանկարներում արտացոլված տվյալները, այսինքն՝ հաստատվել է, որ Եզրակացություն 2-ը կազվել է Կանոններով սահմանված պահանջների խախտմամբ, ուստի հիմք ընդունելով այն հանգամանքը, որ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է նաև օրենքով նախատեսված այլ եղանակներով, իսկ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվել է կրկնակի փորձաքննության արդյունքների բողոքարկման՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակը, հետևաբար Դատարանը գտնում է, որ հայցը հիմնավոր է և ենթակա է բավարարման, ուստի պետք է անվավեր ճանաչել 07.06.2020 թվականին «Պատահարների փորձագիտական կենտրոն» ՍՊԸ-ի կողմից կազմված թիվ Բ20 0640 ԿՀ եզրակացությունը»։
Վերաքննիչ դատարանի 06.03.2025 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 30․04.2024 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ հայցը մերժվել է հետևյալ պատճառաբանությամբ․
- «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 13-րդ կետը սահմանում է, որ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է, ի թիվս այլնի, նաև օրենքով նախատեսված այլ եղանակներով, իսկ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասն ուղղակիորեն սահմանում է կրկնակի փորձաքննության՝ դատական կարգով վիճարկման հնարավորությունը: Այսինքն՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ համակարգային առումով փոխկապակցված՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 13-րդ կետի և Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումներն ուղղակիորեն սահմանում է սույն գործով հայցի առարկան կազմող պահանջով դատարան դիմելու Հայցվորի իրավունքը, ինչն ինքնին հերքում է Բողոքաբերի պատճառաբանությունները՝ գործը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելու և այդ հիմքով՝ գործի վարույթը կարճման ենթակա լինելու վերաբերյալ»,
- «Տվյալ դեպքում վեճի օբյեկտն ապահովագրական հարաբերություններում գործող փորձագիտական ընկերության՝ «Պատահարների փորձագիտական կենտրոն» ՍՊ ընկերության կողմից տրված եզրակացությունն է, որն ապահովագրական ընկերության կողմից դրվում է հատուցում տրամադրելու կամ տրամադրումը մերժելու որոշման հիմքում, և դատարանի կողմից եզրակացության անվավերության հավաստումն անմիջականորեն հետևանք է առաջացնում ոչ թե փորձաքննությունը տված սուբյեկտի, այլ ապահովագրական ընկերության համար։ Այլ կերպ ասած՝ փորձագիտական կազմակերպության կողմից տրված եզրակացության անվավերությունը որևէ պարտականություն, պատասխանատվություն կամ այլ բնույթի բացասական հետևանք չի առաջացնում փորձագիտական ընկերության համար՝ որոշակի հետևանքներ առաջացնելով միայն ապահովագրական ընկերության և հատուցում ստանալու իրավունք ունեցող անձի միջև առաջացած հարաբերություններում՝ հաշվի առնելով, որ փորձագիտական ընկերությունը հայցվորի հետ որևէ նյութաիրավական հարաբերության մեջ չի գտնվում։ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ թեև հայցի օբյեկտը փորձագիտական ընկերության տված եզրակացությունն է, այնուամենայնիվ՝ փորձագիտական ընկերությունը (սույն դեպքում՝ «Պատահարների փորձագիտական կենտրոն» ՍՊ ընկերությունը) չի հանդիսանում առաջացած նյութաիրավական հարաբերությունների անմիջական, ուղղակի մասնակից, վերջինս միայն միջնորդավորված է մասնակցում իրավահարաբերություններին՝ տրամադրելով ապահովագրական ընկերության կողմից որոշման կայացման համար հիմք հանդիսացող մասնագիտական (փորձագիտական) հետազոտության արդյունքը՝ եզրակացությունը, ինչն ինքնին չի առաջացնում ապահովագրական հատուցման շրջանակներում ծագող նյութաիրավական հարաբերություններին փորձագետի կամ փորձագիտական ընկերության լիիրավ մասնակցությանը՝ նկատի ունենալով, որ նշված իրավահարաբերություններում՝ իր կողմից եզրակացություն տալու արդյունքում, փորձագիտական ընկերությունը չի ստանձնում որևէ սուբյեկտիվ քաղաքացիական իրավունք և (կամ) պարտականություն։ Վերոնշյալ պատճառաբանությունների ուժով Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ փորձագիտական եզրակացությունն անվավեր ճանաչելու հայցապահանջով «Պատահարների փորձագիտական կենտրոն» ՍՊ ընկերությունը չի կարող հանդիսանալ պատշաճ պատասխանող և վերջինիս դեմ ներկայացված հայցը պետք է մերժվեր նշված հիմքով, ինչն անտեսվել է Դատարանի կողմից, ինչի արդյունքում Դատարանը թույլ է գործի ըստ էության սխալ լուծմանը հանգեցրած խախտում, ուստի բողոքը՝ նշված մասով, հիմնավոր է և ենթակա է բավարարման»։
Սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը․
Տվյալ դեպքում նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի մասին 14․05․2020 թվականի արձանագրությամբ հաստատվել է, որ ավտոտրանսպորտային պատահար է տեղի ունեցել Opel մակնիշի, *******16 հաշվառման համարանիշով մեքենայի, որի վարորդն է Արմեն Ստեփանյանը, և UAZ մակնիշի, ********17 հաշվառման համարանիշով մեքենայի, որի վարորդն է Հրաչյա Մարտիրոսյանը, միջև: Նշված պատահարի արդյունքում վնասի հատուցման պարտավորության կապակցությամբ նյութաիրավական վեճ է առաջացել վերոնշյալ սուբյեկտների միջև, Արձանագրությամբ հաստատվել է նաև, որ վարորդներից որևէ մեկն իր մեղավորությունը չի ընդունել։ Մեղավորության և վնասի չափի որոշման նպատակով նշանակված՝ «ԴԻԵՔՍ փորձագիտական կենտրոն» ՍՊԸ-ի 26.05.2020 թվականի պատահարի առաջացման պատճառների փորձաքննություն իրականացնող փորձագետի թիվ 0151-20 եզրակացությամբ (առաջնային փորձաքննություն) մեղավոր է ճանաչվել UAZ մակնիշի, *********18 հաշվառման համարանիշով ավտոմեքենայի վարորդը, իսկ Կազմակերպության 07.06.2020 թվականի պատահարի առաջացման պատճառների փորձաքննություն իրականացնող փորձագետի թիվ Բ20 0640 ԿՀ եզրակացությամբ (կրկնակի փորձաքննություն) պատահարում մեղավոր է ճանաչվել Opel մակնիշի, *********19 հաշվառման համարանիշով ավտոմեքենայի վարորդը։ Նշվածի համատեքստում հարկ է փաստել, որ վնաս պատճառելու արդյունքում վնասի հատուցման պարտավորության շուրջ ծագած նյութաիրավական վեճի անմիջական կողմեր են հանդիսանում վնաս պատճառողը և տուժողը, տվյալ դեպքում ավտոտրանսպորտային միջոցի վարորդները, մասնավորապես՝ մեղավոր ճանաչված վարորդը՝ որպես վնաս պատճառած՝ վնասը հատուցելու սուբյեկտիվ պարտականություն կրող, և տուժողը՝ որպես վնասի հատուցում ստանալու սուբյեկտիվ իրավունքի կրող։ Միաժամանակ, հաշվի առնելով Ընկերության և Արմեն Ստեփանյանի միջև 13.09.2019 թվականին կնքված՝ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին թիվ *******20 վկայագիրը, պետք է փաստել, որ ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվությունն ապահովագրելու արդյունքում Ընկերությանն է փոխանցվել վնասը հատուցելու պարտականությունը, այսինքն՝ վերը նշված անձանց միջև առաջացած նյութաիրավական վեճի շրջանակներում ապահովագրական ընկերությունն է կրում փորձաքննության եզրակացության հիման վրա ապահովագրական հատուցում վճարելու կամ այն մերժելու որոշում կայացնելու պարտականությունը։
Մասնավորապես՝ նշված իրավահարաբերության շրջանակներում կրելով վնաս պատճառողի փոխարեն վնասը հատուցելու պարտականություն՝ ապահովագրական ընկերությունը պարտավոր է ընդունել համապատասխան որոշում՝ հատուցումը վճարելու կամ այն մերժելու մասին, որպիսի եզրահանգումը բխում է նաև Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասից, որի համաձայն՝ կրկնակի փորձաքննության ավարտից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) ընդունում է գրավոր որոշում ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին։
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ավտոտրանսպորտային պատահարի առաջացման դեպքում վնասի հատուցման պարտավորության շուրջ ծագած նյութաիրավական վեճի շրջանակներում՝ ապահովագրական պայմանագիր կնքված լինելու պայմաններում, ապահովագրական ընկերությունը, տվյալ դեպքում Ընկերությունն է կրում վնասը տուժողին հատուցելու պարտականությունը, որը պետք է իրականացվի համապատասխան որոշման կայացմամբ։
Անդրադառնալով Կազմակերպության՝ նշված նյութաիրավական վեճի կողմ հանդիսանալու և վերջինիս դեմ հայց հարուցելու իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում, ինչպես արդեն իսկ նշվեց վերը, վնասի հատուցման շուրջ ծագած նյութաիրավական վեճի կողմերն են հանդիսանում վնաս պատճառած կողմը՝ որպես վնասը հատուցելու պարտավոր անձ և տուժողը՝ որպես վնասի հատուցում ստանալու իրավունք ունեցող անձ։ Ընկերությանը կնքված ապահովագրական պայմանագրի ուժով փոխանցվել է վնասը հատուցելու պարտականությունը, որը պետք է իրականացվի համապատասխան փորձագիտական եզրակացության հիման վրա հատուցումը վճարելու կամ այն մերժելու որոշման կայացմամբ։
Անհամաձայնություն ունենալով փորձագիտական եզրակացության հետ՝ Ընկերությունը Կազմակերպության դեմ հայց է հարուցել դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Կազմակերպության 07․06․2020 թվականի թիվ Բ20 0640 ԿՀ փորձագիտական եզրակացությունը, այսինքն՝ հայցվորի կողմից տվյալ դեպքում ներկայացվել է ճանաչման հայց։ Ինչպես արդեն իսկ նշվել է՝ ճանաչման հայցատեսակով դիմելով դատարան՝ հայցվորը պահանջում է ճանաչել իր և պատասխանողի միջև առկա իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը։ Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Ընկերությունը Կազմակերպության հետ չի գտնվում վիճելի իրավահարաբերության մեջ, որի շրջանակներում էլ հնարավոր կլիներ վերը նշված պահանջով հայց հարուցել վերջինիս դեմ։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվորը և պատասխանողը քաղաքացիական գործը հարուցելու պահից վիճելի իրավահարաբերության կամ օրենքով պահպանվող շահի ենթադրյալ սուբյեկտներ են ու գործի ելքում ունեն նյութաիրավական հակադիր շահեր, և ըստ այդմ նրանք հանդիսանում են նյութաիրավական վեճի կողմեր կամ վիճող կողմեր։ Տվյալ դեպքում Կազմակերպությունը չի կարող հանդիսանալ նշված նյութաիրավական վեճի անմիջական մասնակից և կողմ, վերջինս Ընկերության հետ չի գտնվում որևէ նյութաիրավական հարաբերության մեջ, հետևաբար միայն այն փաստը, որ Ընկերության կողմից վիճարկվում է Կազմակերպության կողմից տրված փորձագիտական եզրակացությունը, չի կարող հիմք հանդիսանալ վերջինիս դեմ համապատասխան նյութաիրավական պահանջ ուղղելու համար։
Հետևաբար Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանն իրավաչափորեն է արձանագրել, որ «Փորձագիտական ընկերությունը (սույն դեպքում՝ «Պատահարների փորձագիտական կենտրոն» ՍՊ ընկերությունը) չի հանդիսանում առաջացած նյութաիրավական հարաբերությունների անմիջական, ուղղակի մասնակից, վերջինս միայն միջնորդավորված է մասնակցում իրավահարաբերություններին՝ տրամադրելով ապահովագրական ընկերության կողմից որոշման կայացման համար հիմք հանդիսացող մասնագիտական (փորձագիտական) հետազոտության արդյունքը՝ եզրակացությունը։ (…) նշված իրավահարաբերություններում՝ իր կողմից եզրակացություն տալու արդյունքում, փորձագիտական ընկերությունը չի ստանձնում որևէ սուբյեկտիվ քաղաքացիական իրավունք և (կամ) պարտականություն։ (…) փորձագիտական եզրակացությունն անվավեր ճանաչելու հայցապահանջով «Պատահարների փորձագիտական կենտրոն» ՍՊ ընկերությունը չի կարող հանդիսանալ պատշաճ պատասխանող»:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև անդրադառնալ Ընկերության կողմից իր իրավունքների պաշտպանության նպատակով նշված՝ Կազմակերպության 07․06․2020 թվականի թիվ Բ20 0640 ԿՀ փորձագիտական եզրակացությունն անվավեր ճանաչելու պահանջով հայց հարուցելու իրավաչափությանը։ Այսպես՝
Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ` իր իրավունքների խախտումների դեպքում ստանալ արդյունավետ իրավական պաշտպանություն, այսինքն՝ դատական պաշտպանություն անձն ստանում է վերջինիս` Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով ու այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների և (կամ) ազատությունների խախտման դեպքում։ Դատարանը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է պարզի հայցվորի մոտ այն սուբյեկտիվ իրավունքի առկայությունը, որի պաշտպանությունը հայցվում է։ Դատական պաշտպանության դիմելը չպետք է լինի ինքնանպատակ, մասնավորապես՝ հայց հարուցելու արդյունքում անձն ակնկալում է ստանալ իր իրավունքների արդյունավետ պաշտպանություն և վերականգնում։ Բացի այդ, յուրաքանչյուր դեպքում հայցվորը պետք է հիմնավորի, իսկ դատարանը՝ պարզի, թե հայցվորի որ իրավունքներն են իրականում խախտվել և ինչ անբարենպաստ հետևանքների են հանգեցրել այդ խախտումները, ու ներկայացված հայցի նպատակն արդյոք իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ու վերականգնումն է։
Տվյալ դեպքում Ընկերությունը ներկայացրել է հայցային վարույթի կարգով քննության ենթակա՝ Կազմակերպության 07․06․2020 թվականի թիվ Բ20 0640 ԿՀ փորձագիտական եզրակացությունն անվավեր ճանաչելու մասին պահանջ, որպիսի վարույթին բնորոշ են հետևյալ հատկանիշները․ 1․ առկա է իրավունքի մասին վեճ, 2․ առկա են հակադիր շահեր ունեցող վեճի կողմեր՝ հայցվոր և պատասխանող, 3․ հայցվորը պատասխանողին ուղղում է որոշակի նյութաիրավական պահանջ՝ կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ դրանցից, ճանաչել իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը, 4․ առկա է պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջի լուծման վերաբերյալ դատական ակտ կայացնելու պահանջ՝ հայց։
Վերը նշվածի համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փորձագիտական եզրակացության արդյունքներն առանձին հայցի առարկայի շրջանակներում վիճարկելու պայմաններում առնվազն առկա չէ նշված վարույթին բնորոշ՝ հայցվորի կողմից պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը, քանի որ տվյալ դեպքում առկա չէ նաև իրավունքի մասին վեճ այնքանով, որքանով նման պահանջ ներկայացված լինելու պայմաններում դատական քննության առարկա պետք է դառնան այդ եզրակացությամբ հաստատված փաստերը (արդյունքները), մինչդեռ առանց իրավունքի մասին վեճի առկայության՝ փաստի մասին վեճը չի կարող առանձին հայցի առարկայի շրջանակներում դառնալ վիճարկման առարկա։
Այսինքն՝ տվյալ դեպքում նշված փորձագիտական եզրակացության անվավեր ճանաչումը պարզ չէ, թե Ընկերության սուբյեկտիվ որ իրավունքի պաշտպանությանն է ուղղված և որ խախտված իրավունքի պաշտպանության ակնկալիքով է Ընկերությունը դիմել դատարան։ Ավելին՝ նշված եզրակացության հիման վրա կայացվում է ապահովագրական հատուցումը վճարելու կամ այն վճարելը մերժելու որոշում, որն էլ համապատասխանաբար առաջացնում է որոշակի իրավական հետևանքներ։ Հետևաբար փորձագիտական եզրակացությունն ինքնին չի առաջացնում իրավական հետևանքներ և այն անվավեր ճանաչելու պահանջն առնվազն չի կարող ուղղված լինել Ընկերության իրավունքների պաշտպանությանը։
Ամփոփելով վերոնշյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փորձաքննության եզրակացության անվավեր ճանաչումը հայցվորի համար իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, խախտված իրավունքների վերականգնման տեսանկյունից որևէ հետևանք չի առաջացնում, որպիսի պարագայում իմաստազրկվում է նաև վերջինիս կողմից նման պահանջով դատարան դիմելու նպատակը։
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ «Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումներն ուղղակիորեն սահմանում է սույն գործով հայցի առարկան կազմող պահանջով դատարան դիմելու Հայցվորի իրավունքը, ինչն ինքնին հերքում է Բողոքաբերի պատճառաբանությունները՝ գործը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելու և այդ հիմքով՝ գործի վարույթը կարճման ենթակա լինելու վերաբերյալ»՝ պետք է փաստել, որ տվյալ դեպքում Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված՝ կրկնակի փորձաքննության արդյունքները դատական կարգով բողոքարկելու հնարավորությունը պետք է մեկնաբանել՝ հաշվի առնելով այն, որ նման հնարավորությունը չի սահմանում առանձին՝ որպես ինքնուրույն հայցի առարկա ապահովագրական ընկերության կողմից նշված եզրակացությունը վիճարկելու հնարավորություն, այլ՝ նշվածը վերաբերում է առավելապես այն դեպքերին, երբ նյութաիրավական վեճի անմիջական կողմերը, իրացնելով դատարան դիմելու իրենց իրավունքը, կոնկրետ իրավունքի պաշտպանության հայց են հարուցել դատարան, և, համապատասխանաբար, տվյալ գործի շրջանակներում՝ դատավարական կանոնների պահպանմամբ վիճարկման առարկա է դառնում նաև տվյալ ապացույցը՝ դրա հիմնավորվածության, արժանահավատության տեսանկյունից։
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն նյութաիրավական վեճի շրջանակներում Ընկերությունը կնքված ապահովագրական պայմանագրի ուժով պարտավորվում է ընդունել հատուցումը վճարելու կամ այն մերժելու մասին որոշում, ընդ որում՝ փորձագիտական եզրակացության արդյունքներն անվավեր ճանաչելու նյութաիրավական պահանջով հայց հարուցելը չի կարող ուղղված լինել Ընկերության խախտված կամ վիճարկվող իրավունքների պաշտպանությանը, դրանց վերականգնմանը, քանի որ տվյալ դեպքում բացակայում է իրավունքի մասին վեճը և այդ եզրակացության անվավեր ճանաչումը վերջինիս իրավունքների պաշտպանության տեսանկյունից չի կարող առաջացնել որևէ իրավական հետևանք։ Այսինքն՝ նշված իրավահարաբերության շրջանակներում կազմված կրկնակի փորձագիտական եզրակացության արդյունքները չեն կարող առանձին հայցի առարկայի շրջանակներում բողոքարկվելու արդյունքում դառնալ վիճարկման առարկա, այլ՝ կարող են վիճարկվել արդեն իսկ հարուցված գործի շրջանակներում՝ արժանահավատության, հիմնավորվածության տեսանկյունից։
Անդրադառնալով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394‑րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի հիմնավորվածությանը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Բողոք բերած անձը որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք վկայակոչել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394‑րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ պայմանավորված նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ նշելով, որ թիվ ԵԴ/14884/02/20 քաղաքացիական գործով 16․08․2024 թվականին, թիվ ԵԴ/46786/02/21 քաղաքացիական գործով 17․10․2024 թվականին և թիվ ԵՄԴ/2948/02/16 քաղաքացիական գործով 14․03․2025 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից կայացված դատական ակտերում «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասը կիրառվել է բողոքարկվող որոշման մեջ նույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ։
Մասնավորապես՝ թիվ ԵԴ/14884/02/20 քաղաքացիական գործով 16․08․2024 թվականին կայացրած որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը նշել է, որ
- «դատական կարգով կրկնակի փորձաքննության արդյունքը վիճարկելու իրավունքն ուղղակիորեն նախատեսված է օրենքով, հետևաբար նման պահանջը կարող է քննվել դատական կարգով, իսկ հաշվի առնելով, որ այդ եղանակով ըստ էության վիճարկվում են փորձագիտական եզրակացության արդյունքները, ապա պատասխանող պետք է հանդիսանա հենց նման եզրակացություն տված կողմը»։
Թիվ ԵԴ/46786/02/21 քաղաքացիական գործով 17․10․2024 թվականին կայացրած որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը նշել է, որ
- «հայցվորը դիմել է Դատարան՝ ապահովագրական հատուցում կատարելուն պարտավորեցնելու պահանջով, այնինչ իր հետապնդած իրավական նպատակին հասնելու համար վերջինս պետք է դիմեր դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել Պատահարների փորձագիտական կենտրոնի կողմից 08.07.2021թ. տրված պատահարի առաջացման պատճառների կրկնակի փորձաքննություն իրականացնող փորձագետի թիվ ԲՀ21 0063 ԿՍ եզրակացությունը և որպես պատասխանող կողմ պետք է ներգրավվեր Պատահարների փորձագիտական կենտրոնին»։
Թիվ ԵՄԴ/2948/02/16 քաղաքացիական գործով 14․03․2025 թվականին կայացրած որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը նշել է, որ
- «դատական կարգով կրկնակի փորձաքննության արդյունքը վիճարկելու իրավունքն ուղղակիորեն նախատեսված է օրենքով, հետևաբար նման պահանջը կարող է քննվել դատական կարգով, իսկ հաշվի առնելով, որ այդ եղանակով ըստ էության վիճարկվում են փորձագիտական եզրակացության արդյունքները, ապա պատասխանող պետք է հանդիսանա հենց նման եզրակացություն տված կողմը»։
Սույն գործով Վերաքննիչ դատարանը, բողոքարկվող դատական ակտում պատճառաբանելով, որ՝
- «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 13-րդ կետի և Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումներն ուղղակիորեն սահմանում է սույն գործով հայցի առարկան կազմող պահանջով դատարան դիմելու Հայցվորի իրավունքը»,
- «թեև հայցի օբյեկտը փորձագիտական ընկերության տված եզրակացությունն է, այնուամենայնիվ՝ փորձագիտական ընկերությունը (սույն դեպքում՝ «Պատահարների փորձագիտական կենտրոն» ՍՊ ընկերությունը) չի հանդիսանում առաջացած նյութաիրավական հարաբերությունների անմիջական, ուղղակի մասնակից, վերջինս միայն միջնորդավորված է մասնակցում իրավահարաբերություններին՝ տրամադրելով ապահովագրական ընկերության կողմից որոշման կայացման համար հիմք հանդիսացող մասնագիտական (փորձագիտական) հետազոտության արդյունքը՝ եզրակացությունը, ինչն ինքնին չի առաջացնում ապահովագրական հատուցման շրջանակներում ծագող նյութաիրավական հարաբերություններին փորձագետի կամ փորձագիտական ընկերության լիիրավ մասնակցությանը՝ նկատի ունենալով, որ նշված իրավահարաբերություններում՝ իր կողմից եզրակացություն տալու արդյունքում, փորձագիտական ընկերությունը չի ստանձնում որևէ սուբյեկտիվ քաղաքացիական իրավունք և (կամ) պարտականություն»,
գտել է, որ «փորձագիտական եզրակացությունն անվավեր ճանաչելու հայցապահանջով «Պատահարների փորձագիտական կենտրոն» ՍՊ ընկերությունը չի կարող հանդիսանալ պատշաճ պատասխանող և վերջինիս դեմ ներկայացված հայցը պետք է մերժվեր նշված հիմքով»։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու վերը նշված հիմքի առկայությունը՝ նկատի ունենալով, որ թիվ ԵԴ/14884/02/20 քաղաքացիական գործով 16․08․2024 թվականին, թիվ ԵԴ/46786/02/21 քաղաքացիական գործով 17․10․2024 թվականին և թիվ ԵՄԴ/2948/02/16 քաղաքացիական գործով 14․03․2025 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից կայացված դատական ակտերում «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասը կիրառվել է Վերաքննիչ դատարանի կողմից նույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ։
Վերը նշված փաստերից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը, ապահովելով օրենքի միատեսակ կիրառելիության երաշխավորման իր սահմանադրաիրավական առաքելությունը, փաստում է, որ նմանատիպ փաստական հանգամանքներով գործերի քննության դեպքում վերը նշված իրավական նորմն անհրաժեշտ է կիրառել սույն որոշմամբ տրված մեկնաբանություններով:
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռը բեկանելու և փոփոխելու արդյունքում հայցը մերժելով, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող եզրափակիչ դատական ակտ: Հետևաբար, սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ վճռաբեկ բողոքը մերժելու և ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը: Միաժամանակ նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը մասնակիորեն սխալ է պատճառաբանված` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն պետք է թողնել անփոփոխ՝ սույն որոշման պատճառաբանություններով:
Միաժամանակ, հաշվի առնելով, որ վերոգրյալ իրավական դիրքորոշումների ուժով վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման և Վերաքննիչ դատարանի դատական ակտը թողնվում է օրինական ուժի մեջ՝ սույն որոշման պատճառաբանություններով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի մյուս հիմքերին ու հիմնավորումներին անդրադառնալու անհրաժեշտությունը բացակայում է։
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հիմնավորվում են վերոգրյալ պատճառաբանություններով:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:
Մինչև 30.10.2021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի «բ» ենթակետի բովանդակությունից բխում է, որ դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝ ոչ դրամական պահանջի գործերով՝ բազային տուրքի քսանապատիկի չափով։
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի «ա» կետի համաձայն՝ պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ, եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ։
Ընկերությունը վճռաբեկ բողոք ներկայացնելու համար վճարել է 40․000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար, մինչդեռ վճարման էր ենթակա 20․000 ՀՀ դրամ, հետևաբար ավել վճարված 20․000 ՀՀ դրամը ենթակա է վերադարձման Ընկերությանը՝ որպես ավել վճարված պետական տուրքի գումար։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փաստաթղթերով հիմնավորված այլ դատական ծախսերի վերաբերյալ պահանջ ներկայացված չլինելու պատճառաբանությամբ այդ ծախսերի հարցը պետք է համարել լուծված։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06․03․2025 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ սույն որոշման պատճառաբանություններով։
2. Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
_______________
1 Առկա է անձնական տվյալ։
2 Առկա է անձնական տվյալ։
3 Առկա է անձնական տվյալ։
4 Առկա է անձնական տվյալ։
5 Առկա է անձնական տվյալ։
6 Առկա է անձնական տվյալ։
7 Տե'ս Էդուարդ Բագրատի Աղայան։ «Հայաստան» Հրատարակչություն, Երևան, 1976։ Արդի հայերենի բացատրական բառարան։
8 Տե'ս Էդուարդ Բագրատի Աղայան։ «Հայաստան» Հրատարակչություն, Երևան, 1976։ Արդի հայերենի բացատրական բառարան։
9 Առկա է անձնական տվյալ։
10 Առկա է անձնական տվյալ։
11 Առկա է անձնական տվյալ։
12 Առկա է անձնական տվյալ։
13 Առկա է անձնական տվյալ։
14 Առկա է անձնական տվյալ։
15 Առկա է անձնական տվյալ։
16 Առկա է անձնական տվյալ։
17 Առկա է անձնական տվյալ։
18 Առկա է անձնական տվյալ։
19 Առկա է անձնական տվյալ։
20 Առկա է անձնական տվյալ։
Նախագահող և զեկուցող Գ. հակոբյան Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս. Մեղրյան Ա. Մկրտչյան Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Հատուկ կարծիք
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԵԴ/17895/02/20 քաղաքացիական գործով 13.04.2026 թվականին կայացված որոշման վերաբերյալ
15.04.2026 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2026 թվականի ապրիլի 13-ին գրավոր ընթացակարգով քննելով «Նաիրի ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.03.2025 թվականի որոշման դեմ՝ ըստ Ընկերության և երրորդ անձ Արմեն Ստեփանյանի հայցի ընդդեմ «Պատահարների փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվության ընկերության (այսուհետ՝ Կազմակերպություն), երրորդ անձինք «Լիգա ինշուրանս» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության (Ռոսգոսստրախ Արմենիա ՓԲԸ-ի իրավահաջորդն է) ու «Մելիորացիա» փակ բաժնետիրական ընկերության՝ կրկնակի փորձաքննության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը մերժել, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.03.2025 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ նույն որոշման պատճառաբանություններով։
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Գ. Հակոբյանս, Ա. Աթաբեկյանս և Է. Սեդրակյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքն այդ մասի վերաբերյալ:
Ներկայացված վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ավտոտրանսպորտային միջոցի օգտագործման հետևանքով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի իմաստով անձանց պատճառված վնասի չափի որոշման արտադատական ընթացակարգերի շրջանակներում նշանակված՝ կրկնակի փորձաքննության արդյունքները դատական կարգով վիճարկելու իրավական հնարավորությանն ու դրա իրականացման եղանակին, ինչպես նաև այդպիսի եզրակացություն տված փորձագիտական ընկերության՝ սույն նյութաիրավական վեճի կողմ հանդիսանալու հարցին, և դիրքորոշումներ հայտնելով այն մասին, որ՝
- «ապահովագրական պատահարի առաջացման հետևանքով որպես վնասի հատուցման պարտավորության շուրջ ծագած նյութաիրավական վեճի հիմնական կողմեր հանդես են գալիս ապահովագրված անձը, ապահովադիրը, տուժողը, մասնավորապես՝ մի կողմից վնասը հատուցելու պարտավոր անձինք, մյուս կողմից վնասի հատուցման իրավունք ունեցող անձը (անձինք)։ Սակայն, հաշվի առնելով ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվությունն ապահովագրելու արդյունքում ապահովագրողին վնասը հատուցելու պարտականության փոխանցման հանգամանքը՝ տվյալ իրավահարաբերության շրջանակներում ապահովագրական ընկերությունն է կրում փորձաքննության եզրակացության հիման վրա ապահովագրական հատուցում վճարելու կամ այն մերժելու որոշում կայացնելու պարտականությունը։ Նշվածից բխում է, որ վերը նշված անձանց միջև առաջացած նյութաիրավական վեճի շրջանակներում ապահովագրական պայմանագրի առկայությամբ պայմանավորված ապահովագրական ընկերությունը վնաս պատճառողի փոխարեն պարտավոր է տուժողին վճարել ապահովագրական հատուցումը՝ կայացնելով համապատասխան որոշում։ Ավելին՝ թեև վերը նշված որոշումները կայացվում են փորձագիտական ընկերության կողմից կազմված փորձագիտական եզրակացության հիման վրա, այնուամենայնիվ տվյալ ընկերությունը չի կարող հանդիսանալ նշված նյութաիրավական վեճի (վիճելի իրավահարաբերության) մասնակից և կողմ»,
- ««դատական կարգով բողոքարկել» եզրույթը չնայած այն հանգամանքին, որ նախատեսում է դատարան դիմելու իրավունք, այնուամենայնիվ նշվածից դժվար է հետևություն անել, որ այն կոնկրետ պահանջով դատարան դիմելու իրավունք է նախատեսում։ Հետևաբար՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «դատական կարգով բողոքարկել» եզրույթով նախատեսված դատավարական իրավունքն իրացնելիս դատարան դիմող կողմերն իրենց իրավունքից կարող են օգտվել դատավարական նորմերի պահանջներին համապատասխան։ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավունքների պաշտպանության դատական եղանակը հնարավորություն է տալիս անձին իր խախտված կամ վիճարկվող իրավունքների պաշտպանության նպատակով դիմել դատարան՝ համապատասխանաբար վիճարկելով (բողոքարկելով) իր իրավունքների իրականացմանը խոչընդոտող կամ այն խախտող իրավական ակտը, որոշումը, գործողությունը և այլն։ Դատական կարգով վիճարկելով, օրինակ, որևէ իրավական ակտ՝ տվյալ անձը նպատակ է հետապնդում դատական քննության, մասնավորապես՝ վեճի առարկա դարձնել նշված ակտի ճշմարտացիությունը։ Այսինքն՝ դատական կարգով վիճարկելով այս կամ այն իրավական ակտը, գործողությունը, որոշումը և այլն, դատարան դիմած անձը հետապնդում է ճշմարտության բացահայտման, իր իրավունքների պաշտպանության նպատակ։ Ընդ որում, «դատական կարգով բողոքարկել» եզրույթը չի սահմանափակվում միայն հայց հարուցելու եղանակով որոշակի հարց վիճարկման առարկա դարձնելու գործողության կատարմամբ, այն կարող է իրացվել նաև արդեն իսկ համապատասխան նյութաիրավական պահանջ ներկայացված լինելու պայմաններում՝ այսինքն հարուցված գործի շրջանակներում (դատական քննության ընթացքում) որոշակի հարցի վիճարկմամբ։ (…) «վիճարկել» եզրույթն իրենից ենթադրում է՝ 1․ վիճելով հերքել մեկի հայացքները, տեսակետը, կարծիքը, փաստարկելով ապացուցել մեկի ոչ ճշմարիտ լինելը, 2․ վեճի առարկա դարձնել»,
- «փորձագետի եզրակացության արդյունքներն այն փաստերն են, որոնք այդ եզրակացությամբ փորձագետի կողմից հատուկ գիտելիքների կիրառմամբ հաստատվել են։ Այսինքն՝ այդպիսի եզրակացության բողոքարկման պարագայում բողոքարկման օբյեկտ են հանդիսանում այդ եզրակացությամբ հաստատված փաստերը (արդյունքները)։ Ընդ որում, հարկ է նշել, որ փաստի մասին վեճ կարող է գոյություն ունենալ արդեն իսկ իրավունքի մասին վեճի առկայության պայմաններում, այսինքն՝ առանց իրավունքի մասին վեճի համապատասխանաբար չի կարող լինել նաև փաստի մասին վեճ։
Նման պայմաններում ամփոփելով ողջ վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ փորձագետի եզրակացության արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով՝ վիճարկվելով գործի քննության ընթացքում, այսինքն՝ այն պայմաններում, երբ համապատասխան նյութաիրավական վեճի կողմերը, իրացնելով դատարան դիմելու իրենց իրավունքը՝ կոնկրետ իրավունքի պաշտպանության (խախտված իրավունքի պաշտպանությանն ու վերականգնմանն ուղղված նյութաիրավական պահանջով) հայց են հարուցել դատարան, և, համապատասխանաբար, տվյալ գործի շրջանակներում դատավարական կանոնների պահպանմամբ վիճարկման առարկա է դառնում նաև տվյալ ապացույցը՝ դրա հիմնավորվածության, արժանահավատության տեսանկյունից։ Այսինքն՝ նշված ապացույցը (դրա արդյունքները) դատական կարգով կարող է վիճարկման առարկա դառնալ ոչ թե որպես ինքնուրույն հայցի առարկա բողոքարկվելու եղանակով, այլ՝ արդեն իսկ կոնկրետ նյութաիրավական պահանջով հարուցված գործի շրջանակներում այն կարող է վիճարկման առարկա դառնալ՝ արժանահավատության և հիմնավորվածության տեսանկյունից»,
վերը շարադրված իրավական դիրքորոշումները կիրառելով սույն գործի փաստերի նկատմամբ ու նշելով, որ «տվյալ դեպքում Կազմակերպությունը չի կարող հանդիսանալ նշված նյութաիրավական վեճի անմիջական մասնակից և կողմ, վերջինս Ընկերության հետ չի գտնվում որևէ նյութաիրավական հարաբերության մեջ, հետևաբար միայն այն փաստը, որ Ընկերության կողմից վիճարկվում է Կազմակերպության կողմից տրված փորձագիտական եզրակացությունը, չի կարող հիմք հանդիսանալ վերջինիս դեմ համապատասխան նյութաիրավական պահանջ ուղղելու համար»՝ արդյունքում եզրահանգում կատարելով այն մասին, որ «Վերաքննիչ դատարանն իրավաչափորեն է արձանագրել, որ «Փորձագիտական ընկերությունը (սույն դեպքում՝ «Պատահարների փորձագիտական կենտրոն» ՍՊ ընկերությունը) չի հանդիսանում առաջացած նյութաիրավական հարաբերությունների անմիջական, ուղղակի մասնակից, վերջինս միայն միջնորդավորված է մասնակցում իրավահարաբերություններին՝ տրամադրելով ապահովագրական ընկերության կողմից որոշման կայացման համար հիմք հանդիսացող մասնագիտական (փորձագիտական) հետազոտության արդյունքը՝ եզրակացությունը։ (…) նշված իրավահարաբերություններում՝ իր կողմից եզրակացություն տալու արդյունքում, փորձագիտական ընկերությունը չի ստանձնում որևէ սուբյեկտիվ քաղաքացիական իրավունք և (կամ) պարտականություն։ (…) փորձագիտական եզրակացությունն անվավեր ճանաչելու հայցապահանջով «Պատահարների փորձագիտական կենտրոն» ՍՊ ընկերությունը չի կարող հանդիսանալ պատշաճ պատասխանող»»,
արձանագրելով նաև, որ «փորձագիտական եզրակացության արդյունքներն առանձին հայցի առարկայի շրջանակներում վիճարկելու պայմաններում առնվազն առկա չէ նշված վարույթին բնորոշ՝ հայցվորի կողմից պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը, քանի որ տվյալ դեպքում առկա չէ նաև իրավունքի մասին վեճ այնքանով, որքանով նման պահանջ ներկայացված լինելու պայմաններում դատական քննության առարկա պետք է դառնան այդ եզրակացությամբ հաստատված փաստերը (արդյունքները), մինչդեռ առանց իրավունքի մասին վեճի առկայության՝ փաստի մասին վեճը չի կարող առանձին հայցի առարկայի շրջանակներում դառնալ վիճարկման առարկա։
Այսինքն՝ տվյալ դեպքում նշված փորձագիտական եզրակացության անվավեր ճանաչումը պարզ չէ, թե Ընկերության սուբյեկտիվ որ իրավունքի պաշտպանությանն է ուղղված և որ խախտված իրավունքի պաշտպանության ակնկալիքով է Ընկերությունը դիմել դատարան։ Ավելին՝ նշված եզրակացության հիման վրա կայացվում է ապահովագրական հատուցումը վճարելու կամ այն վճարելը մերժելու որոշում, որն էլ համապատասխանաբար առաջացնում է որոշակի իրավական հետևանքներ։ Հետևաբար փորձագիտական եզրակացությունն ինքնին չի առաջացնում իրավական հետևանքներ և այն անվավեր ճանաչելու պահանջն առնվազն չի կարող ուղղված լինել Ընկերության իրավունքների պաշտպանությանը։
Ամփոփելով վերոնշյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փորձաքննության եզրակացության անվավեր ճանաչումը հայցվորի համար իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, խախտված իրավունքների վերականգնման տեսանկյունից որևէ հետևանք չի առաջացնում, որպիսի պարագայում իմաստազրկվում է նաև վերջինիս կողմից նման պահանջով դատարան դիմելու նպատակը»,
որոշում է կայացրել վճռաբեկ բողոքը մերժելու և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06․03․2025 թվականի որոշումը նույն որոշման պատճառաբանություններով օրինական ուժի մեջ թողնելու մասին։
Վճռաբեկ դատարանի դատավորներ Գ. Հակոբյանս, Ա. Աթաբեկյանս և Է. Սեդրակյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական մասում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը դրա վերաբերյալ:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում հարկ ենք համարում, վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները, անդրադառնալ ապահովագրական հատուցման շրջանակներում արտադատական կարգով ձեռք բերված կրկնակի փորձաքննության եզրակացությունը դատական կարգով անվավեր ճանաչելու պահանջ ներկայացնելու իրավական հնարավորությանը, ինչպես նաև այդ գործերով վիճելի եզրակացությունը տված անձին որպես պատասխանող ներգրավելու իրավական հնարավորության հարցին։
Այսպես՝
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է օրենքով նախատեսված այլ եղանակներով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 983-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապահովագրությունն իրականացվում է ապահովագրողի հետ ապահովադրի կնքած ապահովագրության պայմանագրի և (կամ) ապահովագրական վկայագրով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 996-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապահովագրության պայմանագրով մի կողմը՝ ապահովագրողը, որոշակի միանվագ կամ պարբերական վճարի (ապահովագրավճարի) դիմաց պարտավորվում է մյուս կողմին՝ ապահովադրին կամ նրա մատնանշած անձին (շահառուին), որոշակի ապահովագրական գումարի շրջանակներում հատուցել որոշակի իրադարձության (իրադարձությունների) տեղի ունենալու արդյունքում պատճառված վնասը կամ դրա մի մասը կամ տրամադրել որոշակի գումար (ապահովագրական հատուցում), եթե այդ իրադարձությունների տեղի ունենալը կրում է հավանական և (կամ) պատահական բնույթ և կախված չէ կողմերի կամ ապահովագրված անձի կամ շահառուի կամքից (բացառությամբ կյանքի ապահովագրության այն դեպքերի, երբ հատուցվում է որոշակի հավաստի և ակնկալվող իրադարձության տեղի ունենալը):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 9831-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` ապահովագրական հատուցումն ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում ապահովագրողի կողմից ապահովագրական պայմանագրի հիման վրա ապահովադրին կամ շահառուին վճարման ենթակա գումարն է` դրամական արտահայտությամբ կամ համարժեք գույքով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10001-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ապահովագրական պատահարի առաջացումից հետո ապահովագրական ընկերությունն իրավունք ունի դիմելու անկախ փորձագետների (այդ թվում` արտասահմանյան)` ապահովագրական դեպքի պատճառները բացահայտելու և վնասի չափը ճշտելու համար, ինչպես նաև ապահովագրական հատուցման չափը որոշելիս հիմնվելու վերջիններիս եզրակացությունների վրա:
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի (այուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ԱՊՊԱ պայմանագրով նույն օրենքով սահմանված պայմաններով ապահովագրվում է տուժած անձանց պատճառված վնասների հատուցման համար ապահովագրված անձանց պատասխանատվությունը:
Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական, քրեական կամ դատական կարգով վարչական գործ հարուցված լինելու դեպքում գույքին պատճառված վնասների չափը գնահատվում է, և դրանում անձի մեղավորության աստիճանը որոշվում է գործն ըստ էության լուծող և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, իսկ այդպիսի գործ հարուցված չլինելու կամ այդպիսի գործն ըստ էության լուծող դատական ակտ չընդունվելու դեպքում` Բյուրոյի որակավորած փորձագետների (այսուհետ` փորձագետ) կողմից, բացառությամբ նույն օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի, որոնց համար Բյուրոյի կանոններով կարող է նախատեսվել ապահովագրական ընկերության կողմից մեղավորության որոշման և (կամ) վնասի չափի գնահատման պարզեցված կարգ:
Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) նույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դիմումը ստանալուց հետո` Բյուրոյի կանոններով սահմանված ժամկետում, սակայն ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում, պարտավոր է որոշում ընդունել փորձաքննություն նշանակելու մասին (…): Փորձաքննության ավարտից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) փորձաքննության արդյունքների մասին գրավոր ծանուցում է ապահովադրին, ապահովագրված անձին և տուժողին (նրա իրավահաջորդին): Ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) նույն մասով նախատեսված ծանուցումից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, լրացուցիչ փորձաքննություն չնշանակվելու և կրկնակի փորձաքննության անցկացման պահանջ չներկայացվելու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է գրավոր որոշում՝ ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին` համապատասխան որոշումը 3 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ կերպով ուղարկելով ապահովադրին, ապահովագրված անձին և տուժողին (նրա իրավահաջորդին):
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե ըստ ապահովադրի, ապահովագրված անձի, տուժողի (նրա իրավահաջորդի) և ապահովագրական ընկերության (Բյուրոյի)` փորձագետի եզրակացությունը պարզ կամ ամբողջական չէ, ապա նրանք նույն հոդվածի 1-ին մասով սահմանված ծանուցման օրվանից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, իրավունք ունեն փոխադարձ համաձայնությամբ նշանակելու լրացուցիչ փորձաքննության անցկացում (…): Լրացուցիչ փորձաքննության նշանակման դեպքում լրացուցիչ փորձաքննության ավարտից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) փորձաքննության արդյունքների մասին գրավոր ձևով ծանուցում է ապահովադրին, ապահովագրված անձին և տուժողին (նրա իրավահաջորդին): Ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) նույն մասով նախատեսված ծանուցումից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, կրկնակի փորձաքննության պահանջ չներկայացվելու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է գրավոր որոշում ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին` համապատասխան որոշումը 3 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ կերպով ուղարկելով ապահովադրին, ապահովագրված անձին և տուժողին (նրա իրավահաջորդին):
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե ապահովադիրը, ապահովագրված անձը, տուժողը (նրա իրավահաջորդը) կամ ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) համաձայն չէ նույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված կարգով անցկացված փորձաքննության արդյունքներին, ապա նա նույն հոդվածի համապատասխանաբար 1-ին կամ 2-րդ մասով սահմանված ծանուցման օրվանից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, իրավունք ունի պահանջելու կրկնակի փորձաքննության անցկացում (…):
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ կրկնակի փորձաքննության անցկացման պահանջ ներկայացվելու դեպքում կրկնակի փորձաքննություն նշանակելու և փորձագետ նշանակելու մասին որոշումն ընդունում է Բյուրոն` համապատասխան պահանջը ներկայացվելուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում, նույն մասով նախատեսված փորձագետը չպետք է փոխկապակցված լինի ապահովադրի, ապահովագրված անձի, տուժողի (նրա իրավահաջորդի) և ապահովագրական ընկերության (Բյուրոյի) հետ: Կրկնակի փորձաքննության անցկացումից հետո լրացուցիչ փորձաքննություն նշանակվել չի կարող, և կրկնակի փորձաքննության արդյունքները կարող են բողոքարկվել միայն դատական կարգով: Կրկնակի փորձաքննության ավարտից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) ընդունում է գրավոր որոշում ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին` համապատասխան որոշումը 3 աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ կերպով ուղարկելով ապահովադրին, ապահովագրված անձին և տուժողին (նրա իրավահաջորդին):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ սեփականատերը, իր ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվությունն ապահովագրելով, փաստացի հնարավորություն է ստանում ապահովագրավճարի դիմաց ապահովագրողին փոխանցելու վնասը (որը կարող է պատճառված լինել ինչպես սեփականատիրոջ, այնպես էլ ավտոմեքենայի լիազորված տիրապետողի կողմից) հատուցելու իր պարտականությունը (տե՛ս «ՌԵՍՈ» ապահովագրական ՓԲԸ-ն ընդդեմ «ՍՄԱՐՏՍՈՎԹ» ՍՊԸ-ի թիվ ԿԴ1/2015/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ ամրագրելով ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությունը` օրենսդիրը նախ և առաջ կարևորել է տուժողի շահերը` մասնավորապես նախատեսելով այնպիսի կարգավորումներ, որոնց հիման վրա տուժողն իրեն պատճառված վնասի հատուցումը պահանջում և ստանում է ոչ թե անմիջապես վնասը պատճառող անձից, այլ մասնագիտացված սուբյեկտից` ապահովագրողից, որը, իր գործունեությունն իրականացնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի և այլ իրավական ակտերի հիման վրա, ապահովում է տուժողի կրած վնասների հատուցումը` այդ իսկ կարգավորումներով նախատեսված հիմքերով և կարգով: Միևնույն ժամանակ օրենսդիրը որոշակիություն է մտցրել վնաս պատճառողի հետ հարաբերություններում` վերջինիս հնարավորություն ընձեռելով նախապես կնքված ԱՊՊԱ պայմանագրով որոշակի ապահովագրավճարի դիմաց ապահովագրողին փոխանցել իր ավտոտրանսպորտային միջոցի օգտագործման հետևանքով պատճառված վնասի հատուցման պարտականությունը և այդպիսով` տուժողի հետ անմիջապես չմտնել պատճառված վնասի հատուցման կապակցությամբ առաջացող հարաբերությունների մեջ (տե՛ս «Սիմարքրիս» ՍՊԸ-ն ընդդեմ Նարեկ Ասատրյանի, երրորդ անձինք Աշոտ Հովհաննիսյանի, «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ի թիվ ԵԱԴԴ/4336/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.03.2021 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Օրենքի իմաստով անձանց պատճառված վնասի չափի որոշման արտադատական ընթացակարգերին, ինչպես նաև փորձաքննության արդյունքները դատական կարգով վիճարկելու իրավական հնարավորությանը, փաստել է, որ ապահովագրական ընկերությունը, տուժողից կամ նրա իրավահաջորդից ստանալով ապահովագրական հատուցում ստանալու մասին դիմումը, Բյուրոյի կանոններով սահմանված ժամկետում, սակայն ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում, պարտավոր է որոշում ընդունել փորձաքննություն նշանակելու մասին: Ապահովագրական ընկերությունը, ստանալով փորձաքննության արդյունքում տրված եզրակացությունը, հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր ծանուցում է ապահովադրին, ապահովագրված անձին և տուժողին (նրա իրավահաջորդին): Եթե ծանուցումից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում չի նշանակվում լրացուցիչ փորձաքննություն կամ չի ներկայացված կրկնակի փորձաքննություն անցկացնելու մասին պահանջ, ապա ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) գրավոր ձևով որոշում է ընդունում ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին։
Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ բոլոր այն դեպքերում, երբ ըստ ապահովադրի, ապահովագրված անձի, տուժողի (նրա իրավահաջորդի) և ապահովագրական ընկերության (Բյուրոյի) փորձագետի եզրակացությունը պարզ կամ ամբողջական չէ, ապա ծանուցումից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, նշված անձանց փոխադարձ համաձայնությամբ կարող է նշանակվել լրացուցիչ փորձաքննություն, որի արդյունքների մասին ևս ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) պարտավոր է գրավոր ծանուցել ապահովադրին, ապահովագրված անձին ու տուժողին (նրա իրավահաջորդին): Եթե ծանուցումից հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում կրկնակի փորձաքննություն նշանակելու պահանջ չի ներկայացվում, ապա ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) երեք աշխատանքային օրվա ընթացքում որոշում է ընդունում ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին, իսկ այն դեպքում, երբ ապահովադիրը, ապահովագրված անձը, տուժողը (նրա իրավահաջորդը) կամ ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) համաձայն չէ Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով սահմանված կարգով անցկացված փորձաքննության արդյունքներին, ապա նրանք այդ մասերով սահմանված ծանուցման օրվանից հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում իրավունք ունեն պահանջելու կրկնակի փորձաքննության անցկացում, որը նշանակելու մասին Բյուրոն ընդունում է որոշում։
Միևնույն ժամանակ օրենսդիրը սահմանել է, որ կրկնակի փորձաքննության անցկացումից հետո լրացուցիչ փորձաքննություն նշանակվել չի կարող, և կրկնակի փորձաքննության արդյունքները կարող են բողոքարկվել միայն դատական կարգով: Ընդ որում, կրկնակի փորձաքննության ավարտից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) ընդունում է գրավոր որոշում ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ տվյալ դեպքում օրենսդիրը որոշակի սահմանափակումներ է կիրառել Օրենքի իմաստով պատճառված վնասի չափը դատական կարգով որոշելու համար՝ դրա որոշման եղանակներն առավելապես նախատեսելով արտադատական կարգով, իսկ այդ վնասի չափի որոշման համար դատական կարգ սահմանել է բացառապես այն դեպքի համար, երբ արտադատական կարգով արդեն իսկ առկա է կրկնակի փորձաքննության եզրակացություն, որի արդյունքների հետ վերը նշված անձանցից որևէ մեկն անհամաձայնություն ունի, և անհրաժեշտ է կրկնակի փորձաքննության արդյունքները բողոքարկել դատական կարգով (տե՛ս Մարտին Վարդանյանն ընդդեմ «Ռեսո» ապահովագրական ՓԲԸ-ի և Աշոտ Հակոբյանի թիվ ԵԱՔԴ/2014/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 09.10.2023 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները` գտնում եմ, որ չնայած ապահովագրական հատուցման տրամադրման գործընթացում կրկնակի փորձաքննության եզրակացությունը դատական կարգով վիճարկելու հնարավորությունը՝ որպես քաղաքացիական իրավունքների պաշտպանության առանձին եղանակ ուղղակիորեն նախատեսված (թվարկված) չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածով, սակայն, նկատի ունենալով, որ այդ հոդվածով թվարկված պաշտպանության եղանակների ցանկը սպառիչ չէ, և օրենսդիրը, ղեկավարվելով անձանց՝ դատական պաշտպանության և դրա բաղկացուցիչ տարրը հանդիսացող դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար արդյունավետ կառուցակարգեր նախատեսելու անհրաժեշտությամբ, հնարավոր է համարել խախտված քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացնել նաև օրենքով նախատեսված այլ եղանակներով՝ ուստի այդպիսի եղանակ կարող է հանդիսանալ նաև Օրենքով նախատեսված՝ կրկնակի փորձաքննության արդյունքները դատական կարգով բողոքարկելու հնարավորությունը։ Նման հետևությունս բխում է ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 13-րդ կետի և Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի համակարգային վերլուծությունից, այնպես էլ պայմանավորված է դատարանի մատչելիության իրավունքի անհարկի սահմանափակումներից զերծ մնալու անհրաժեշտությամբ։ Բոլոր այն դեպքերում, երբ ապահովադիրը, ապահովագրված անձը, տուժողը (նրա իրավահաջորդը) կամ ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) համաձայն չեն կրկնակի փորձաքննության արդյունքների հետ, վերջիններս պետք է ունենան իրենց անհամաձայնությունը դատական կարգով հայտնելու հնարավորություն՝ կրկնակի փորձաքննության եզրակացությունն անվավեր ճանաչելու մասին պահանջ ներկայացնելու միջոցով՝ նկատի ունենալով, որ կրկնակի փորձաքննության եզրակացությունը հիմք է ինչպես անձի մեղավորության աստիճանը որոշելու, այնպես էլ գույքին պատճառված վնասների չափը գնահատելու համար, հետևաբար նաև՝ շահագրգիռ անձանց համար առաջացնում է որոշակի իրավական հետևանքներ։ Այլ կերպ ասած՝ կրկնակի փորձաքննության եզրակացությունն անվավեր ճանաչելու մասին պահանջ ներկայացնելու հնարավորությունը հիշատակված անձանց ուղղակիորեն վերապահված է օրենքով, իսկ նման պահանջ ներկայացնելը համապատասխանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 13-րդ կետով սահմանված քաղաքացիական իրավունքների պաշտպանության այլ եղանակների շարքին։ Ընդ որում, դատական կարգով կրկնակի փորձաքննության եզրակացությունն անվավեր ճանաչվելու դեպքում այն այլևս դադարում է որևէ իրավական հետևանք առաջացնելուց, չի կարող այլևս դրվել անձի մեղավորության աստիճանը որոշելու կամ գույքին պատճառված վնասների չափը գնահատելու հիմքում, որպիսի պայմաններում այդ հարցերը պետք է որոշվեն նոր կրկնակի փորձաքննություն իրականացնելու արդյունքում, ինչն էլ հնարավորություն է տալիս շահագրգիռ անձանց հասնելու իրենց խախտված քաղաքացիական իրավունքների վերականգնմանը։
Բացի կրկնակի փորձաքննության եզրակացությունը դատական կարգով անվավեր ճանաչելու պահանջ ներկայացնելու միջոցով այն վիճարկելու հնարավորությունից, շահագրգիռ անձը, բոլոր այն դեպքերում, երբ համաձայն չէ այդ եզրակացության հետ, տնօրինչականության սկզբունքի հիման վրա ազատ լինելով որոշելու իր խախտված իրավունքների պաշտպանության եղանակը, այն կարող է վիճարկել նաև օրենքով չարգելված ցանկացած այլ եղանակներով, այդ թվում՝ համաձայն չլինելով իր գույքին պատճառված վնասի չափի հետ, ապահովագրական ընկերության կամ վնաս պատճառած անձի դեմ գումար բռնագանձելու մասին պահանջ ներկայացնելու միջոցով՝ այդ գործերի շրջանակներում կրկնակի փորձաքննության եզրակացությունը վիճարկելու միջոցով՝ դատարանին միջնորդելով նշանակել նոր փորձաքննություն։
Միևնույն ժամանակ, ցանկանում ենք փաստել, որ թեև կրկնակի փորձաքննության եզրակացությունը հիմք է անձի մեղավորության աստիճանը որոշելու կամ գույքին պատճառված վնասների չափը գնահատելու համար, սակայն այդ գործընթացները չեն սահմանափակվում միայն կրկնակի փորձաքննություն իրականացնելով և դրա արդյունքում փորձագիտական եզրակացություն ստանալով։ Մասնավորապես, կրկնակի փորձաքննության ավարտից հետո ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) գրավոր որոշում է ընդունում ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին, որն էլ հանդիսանում է ապահովագրական հատուցման տրամադրման գործընթացը եզրափակող իրավաբանական փաստը, որի հետ չհամաձայնվելու դեպքում ևս շահագրգիռ անձն ունի համապատասխան հայցապահանջների միջոցով դրա՝ դատական կարգով վիճարկման հնարավորություն։
Ընդ որում, վերը նշված դեպքերում, պայմանավորված ներկայացված հայցի առարկայով, վիճելի նյութական իրավահարաբերության մասնակիցների կազմը կարող է տարբերվել, ինչն էլ, իր հերթին, կանխորոշում է քննարկվող իրավահարաբերությունից բխող վեճի առաջացման դեպքում գործին մասնակցող անձանց շրջանակը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական դատավարության մասնակիցներն են (…)` գործին մասնակցող անձինք, նրանց ներկայացուցիչները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք են` կողմերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարության կողմերն են հայցվորը և պատասխանողը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը գործին մասնակցող այն անձն է, որի դեմ հայց է ներկայացվել առաջին ատյանի դատարան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ հայցադիմումում պարտադիր նշվում են պատասխանողի անունը (անվանումը), (…):
Նույն հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ հայցադիմումում պարտադիր նշվում են պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը (պահանջները), իսկ մի քանի պատասխանողների դեմ հայցադիմում ներկայացնելիս հայցվորի` նրանցից յուրաքանչյուրին ուղղված պահանջը (պահանջները), եթե այն համիրավ չէ:
Վկայակոչված իրավանորմերի վերլուծությունից բխում է, որ քաղաքացիական դատավարության մասնակիցների շարքին է դասվում նաև պատասխանողը՝ այն անձը, որի դեմ հայց է ներկայացվել դատարան։ Այսինքն՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իմաստով անձին որպես պատասխանող գործին ներգրավելու համար պարտադիր պայման է նրա դեմ հայցը ներկայացնելը, այն է՝ նյութաիրավական պահանջ ուղղելը, որն էլ պետք է բխի վիճելի նյութական իրավահարաբերությունից, ուղղված լինի սուբյեկտիվ նյութական իրավունքների կամ օրինական շահերի պաշտպանությանը և ներկայացվի վիճելի իրավահարաբերության հակադիր կողմին։ Այլ կերպ ասած՝ պատասխանողը գործին մասնակցող այն անձն է, որը վիճելի նյութական իրավահարաբերությունում գտնվում է հակադիր շահերով օժտված կողմում, ըստ այդմ՝ որին նաև ուղղված է վիճելի իրավահարաբերությունից բխող պահանջը։
Նախորդ կետում նշված դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով ապահովագրական հատուցման շրջանակներում արտադատական կարգով ձեռք բերված կրկնակի փորձաքննության եզրակացությունը դատական կարգով անվավեր ճանաչելու գործերով համապատասխան եզրակացությունը տված անձին որպես պատասխանող ներգրավելու իրավական հնարավորությանը՝ գտնում ենք, որ բոլոր այն դեպքերում, երբ հայցվորը, իրացնելով իր տնօրինչականության իրավունքը, խախտված իրավունքների պաշտպանությունն իրականացնում է հենց կրկնակի փորձաքննության եզրակացությունն անվավեր ճանաչելու մասին պահանջ ներկայացնելու միջոցով, ապա այդ դեպքերում վիճելի նյութական իրավահարաբերությունում հակադիր կողմը հենց փորձաքննության եզրակացություն տված անձն է, որի տված եզրակացության վերաբերյալ իր անհամաձայնությունն է հայտնում հայցվորը, և, նկատի ունենալով, որ հենց այդ անձին է ուղղված հայցվորի նյութաիրավական պահանջը, ուստի այդ հայցով պատասխանող պետք է հանդիսանա հենց համապատասխան եզրակացությունը տված անձը։
Միևնույն ժամանակ անհրաժեշտ ենք համարում նշել, որ կախված այն հանգամանքից, թե շահագրգիռ անձի կողմից՝ նախորդ կետում նշված տնօրինչականության սկզբունքն իրացնելու արդյունքում, ինչպիսի այլ հայցապահանջ (օրինակ, ապահովագրական ընկերության կամ վնաս պատճառած անձի դեմ գումար բռնագանձելու մասին) է ներկայացվել իր ենթադրյալ խախտված իրավունքները վերականգնելու նպատակով, վիճելի նյութական իրավահարաբերությունում հակադիր կողմը կարող է փոփոխվել, որի դեպքում պատասխանողի կարգավիճակ կարող է ձեռք բերել ապահովագրական ընկերությունը և (կամ) վնաս պատճառած անձը։
Վերոնշյալը կիրառելով սույն գործի փաստերի նկատմամբ՝ գտնում ենք, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները տվյալ դեպքում անհիմն են և չէին կարող բավարար հիմք հանդիսանալ վերաքննիչ բողոքը բավարարելու՝ Դատարանի 30.04.2024 թվականի վճիռը բեկանելու ու փոփոխելու՝ հայցը մերժելու համար, քանի որ հայցվորը, օգտվելով տնօրինչականության սկզբունքից, ընտրել է իր ենթադրյալ խախտված քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը հենց կրկնակի փորձաքննության եզրակացությունն անվավեր ճանաչելու մասին պահանջ ներկայացնելու եղանակը, որի դեպքում վերը նշված դիրքորոշումների համաձայն՝ իրավաչափորեն այդ պահանջն ուղղել է հենց Կազմակերպության դեմ՝ նկատի ունենալով, որ նման պահանջի ներկայացման դեպքում վիճելի նյութական իրավահարաբերությունում հակադիր կողմը հանդիսանում է հենց փորձաքննություն իրականացրած սուբյեկտը։
Նման պայմաններում անհրաժեշտ էր կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և գործը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության ուղարկելու լիազորությունը՝ որպես նոր քննության ծավալ սահմանելով Դատարանի 30.04.2024 թվականի վճռի դեմ Ընկերության բերած վերաքննիչ բողոքում նշված մյուս հիմքերին ու հիմնավորումներին անդրադառնալը։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ հայտնում ենք սույն հատուկ կարծիքը Վճռաբեկ դատարանի որոշման վերաբերյալ։
|
Դատավոր` |
Գ․ ՀԱԿՈԲՅԱՆ |
|
Դատավոր` |
Ա․ ԱԹԱԲԵԿՅԱՆ |
|
Դատավոր` |
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|