ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԴ/6739/02/23 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.03.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.06.08-2026.06.21 Պաշտոնական հրապարակման օրը 17.06.2026
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.03.2026
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.03.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/6739/02/23

2026 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/6739/02/23

Նախագահող դատավոր`

 Հ Ենոքյան

Դատավորներ`

 Ն Մարգարյան

 Կ Համբարձումյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Գ. Հակոբյան

զեկուցող

Ս․ ՄԵՂՐՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

2026 թվականի մարտի 27-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ «Երվադա» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Պաշտպանության նախարարության (այսուհետ՝ Նախարարություն)՝ պայմանագիրը միակողմանի լուծելն անվավեր ճանաչելու և որոշակի գործողություն կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.05.2025 թվականի որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել իր և Նախարարության միջև 31102022 թվականին կնքված թիվ «ԲՄԱՊՁԲ-22-4/5-1» ծածկագրով պայմանագրի 16022023 թվականի թիվ ՊՆՏ/2-218 միակողմանի լուծումը, ինչպես նաև Նախարարությանը պարտավորեցնել կատարել 31102022 թվականին կնքված թիվ «ԲՄԱՊՁԲ-22-4/5-1» ծածկագրով պետական գնման պայմանագրով սահմանված իր պարտավորությունները, այն է՝ ընդունել ապրանքները՝ դրանք պայմանագրին կից հավելվածներով սահմանված տեխնիկական պայմաններին համապատասխանելու դեպքում:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 24.03.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.11.2023 թվականի որոշմամբ Նախարարության բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 24032023 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է ամբողջ ծավալով նոր քննության։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 04072024 թվականի վճռով հայցը բավարարվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.05.2025 թվականի որոշմամբ Նախարարության բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 04072024 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել է՝ հայցը մերժվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Լևոն Օհանյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Նախարարությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 7-րդ, 296-րդ, 347-րդ, 352-րդ, 408-րդ, 454-րդ, 466-րդ և 468-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 7-րդ, 8‑րդ ու 9-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն քաղաքացիական գործի քննության ընթացքում Ընկերության ներկայացուցիչը պնդել է, իսկ Նախարարության ներկայացուցիչներն ընդունել են, որ կողմերի միջև ձեռք է բերվել փոխադարձ համաձայնություն առ այն, որ թվով 2 բարձր անցողունակությամբ մեքենաները (ձնագնաց) պետք է մատակարարվեն մինչև 15022023 թվականը։ Մինչդեռ պայմանագրի միակողմանի լուծումն իրականացվել է հաջորդ օրը, այն է՝ 16.02.2023 թվականին: Նման պայմանավորվածության մասին վկայում է ոչ միայն այն փաստը, որ Նախարարության կողմից 03022023 թվականին պայմանագիրը միակողմանի լուծելուց անմիջապես հետո Ընկերության առարկությունների հիման վրա նույն օրը պայմանագիրը լուծելու վերաբերյալ հրապարակված գրությունը համարվել է անվավեր այն հիմնավորմամբ, որ պայմանագրի լուծման գործընթացը դեռ գտնվում է քննարկման փուլում, այլ նաև այն, որ Նախարարությունը պայմանագիրը երկրորդ անգամ լուծել է 16022023 թվականին, այսինքն՝ մատակարարման համաձայնեցված նոր ժամկետի ավարտին հաջորդող օրը:

Սույն գործի փաստական հանգամանքներն ամբողջության մեջ դիտարկելու դեպքում Վերաքննիչ դատարանը կարձանագրեր, որ լուծելով պայմանագիրը մատակարարման համաձայնեցված նոր ժամկետի ավարտին հաջորդող օրը՝ 16022023 թվականին՝ Նախարարությունը թույլ է տվել պայմանագրի 2.1.71-ին կետով սահմանված պայմանի խախտում, քանի որ մատակարարման ժամկետների 10 օրից ավելի խախտման փաստը չէր կարող օբյեկտիվորեն գոյություն ունենալ մատակարարման համաձայնեցված նոր ժամկետի ավարտին հաջորդող օրը՝ 16.02.2023 թվականին, իսկ նման իրավունքը կարող էր ծագել 27.02.2023 թվականից սկսած:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ընկերության՝ պայմանագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ Նախարարությանն ուղղված 03022023 թվականի գրության կապակցությամբ վերջինիս ցուցաբերված լռությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 454‑րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված կարգավորումների ուժով սույն գործի հանգամանքների հաշվառմամբ պետք է նաև դիտարկվի որպես գործարար շրջանառությունից բխող պայմանագրի ժամկետի փոփոխման կապակցությամբ համաձայնություն (ակցեպտ), առավել ևս այն պարագայում, երբ Նախարարությունը որևէ կերպ չի հիմնավորել ապրանքի շահագործման պահանջի վերացման հանգամանքը։ Մինչդեռ կողմերի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ դրա ժամկետը 30 օրացուցային օրով երկարաձգելու վերաբերյալ Ընկերության առաջարկը Նախարարությունը կարող էր մերժել միայն այն պարագայում, եթե հիմնավորեր, որ իր մոտ վերացել է ապրանքը շահագործելու պահանջը, որպիսի փաստ, սակայն, սույն գործով ո՛չ վկայակոչվել է և ո՛չ էլ ապացուցվել։

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ www.procurement.am (www.gnumner.minfin.am) կայքում սահմանված կարգով հրապարակված պայմանագրերը միակողմանի լուծելու մասին ծանուցումն ստորագրված է մեխանիկական կամ պատճենահանման այլ միջոցներով ֆաքսիմիլ վերարտադրության օգտագործմամբ, որպիսի հնարավորությունը նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ կողմերի համաձայնությամբ: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը պետք է արձանագրեր, որ պայմանագրի միակողմանի լուծման վերաբերյալ ծանուցումը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին, որպիսի պայմաններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի իմաստով անվավեր է՝ օրենքի պահանջներին չհամապատասխանելու հիմքով:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.05.2025 թվականի որոշումն ու օրինական ուժ տալ Դատարանի 04072024 թվականի վճռին։

 

2.1 Նախարարության կողմից բերված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքը և հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

Իր և Ընկերության միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում համաձայնագիր չի ստորագրվել, ու ապրանքի մատակարարման ժամկետը չի երկարաձգվել։ Այդ ընթացքում վրա է հասել Ընկերության առաջարկած՝ ապրանքի մատակարարման նոր ժամկետը՝ 15022023 թվականը, սակայն ապրանքն այդ ժամկետում ևս չի մատակարարվել։

15022023 թվականը որպես ապրանքի մատակարարման նոր ժամկետ սահմանելը և այդ պահից տասնօրյա ժամկետ հաշվարկելն իրավաչափ չէ, քանի որ դրա համար հիմք, համաձայնագիր կամ որևէ այլ փաստաթուղթ առկա չի եղել։

 

 3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Նախարարության կարիքների համար բարձր անցողունակությամբ մեքենաների ձեռքբերման նպատակով 25.08.2022 թվականին հայտարարվել է թիվ «ՀՀ ՊՆ-ԲՄԱՊՁԲ-22-4/5» ծածկագրով գնման ընթացակարգ (անվիճելի փաստ).

2) Գնահատող հանձնաժողովի թիվ 4 արձանագրության համաձայն՝ հայտերի բացման և գնահատման նիստի ավարտի օրը՝ 10.10.2022 թվականին «ՀՀ ՊՆ-ԲՄԱՊՁԲ-22-4/5» ծածկագրով գնման ընթացակարգում՝ 1-ին չափաբաժնի մասով ընտրված մասնակից է ճանաչվել Ընկերությունը (հատոր 1-ին, գթ 19).

3) Նախարարության (այսուհետ նաև՝ Գնորդ) և Ընկերության (այսուհետ նաև՝ Վաճառող) միջև 31102022 թվականին կնքվել է «ԲՄԱՊՁԲ-22-4/5-1» ծածկագրով պետական գնման պայմանագիր (այսուհետ նաև՝ Պայմանագիր) (հատոր 1-ին, գթ 20-24).

Պայմանագրի 11 կետի համաձայն՝ «Վաճառողը պարտավորվում է սույն պայմանագրով սահմանված կարգով, ծավալներով, ժամկետներում և հասցեով Գնորդին մատակարարել պայմանագրի N1 հավելվածով` Տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցով նախատեսված ապրանքը (այսուհետ` ապրանք), իսկ Գնորդը պարտավորվում է ընդունել ապրանքը և վճարել դրա համար»։

Պայմանագրի N1 հավելվածի համաձայն՝ Տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցով նախատեսված ապրանքը (բարձր անցողիկությամբ մեքենաներ (ձնագնաց) թվով 2 հատ) պետք է մատակարարվի 2022 թվականի 4-րդ եռամսյակում, բայց ոչ ուշ քան 10.12.2022 թվականը։

Պայմանագրի 211 կետի համաձայն՝ «Գնորդն իրավունք ունի ապրանքը պայմանագրով սահմանված ժամկետում Վաճառողի կողմից չմատակարարվելու դեպքում հրաժարվել ապրանքից, եթե մատակարարման ժամկետները խախտվել են 10 օրից ավելի»։

Պայմանագրի 215 կետի համաձայն՝ «Գնորդն իրավունք ունի Վաճառողի կողմից մատակարարման ժամկետների խախտման դեպքում իր հայեցողությամբ սահմանել ապրանքի մատակարարման նոր ժամկետ և պահանջել Վաճառողից վճարելու պայմանագրի 62 կետով նախատեսված տույժը»։

Պայմանագրի 217 կետի համաձայն՝ «Գնորդն իրավունք ունի միակողմանի լուծել պայմանագիրը (լրիվ կամ մասնակի), եթե Վաճառողը էականորեն խախտել է պայմանագիրը»։

Պայմանագրի 2171 կետի համաձայն՝ «Վաճառողի կողմից պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե ապարանքի մատակարարման ժամկետները խախտվել են 10 օրից ավելի»։

Պայմանագրի 6.2 կետի համաձայն՝ «Վաճառողի կողմից պայմանագրով նախատեսված ապրանքի մատակարարման ժամկետների խախտման դեպքում Վաճառողից յուրաքանչյուր ուշացված աշխատանքային օրվա համար գանձվում է տույժ` մատակարարման ենթակա, սակայն չմատակարարված ապրանքի գնի 005 (զրո ամբողջ հինգ հարյուրերորդական) տոկոսի չափով»։

Պայմանագրի 6.4 կետի համաձայն՝ «Պայմանագրի 6.2 և 6.3 կետերով նախատեսված տույժը և տուգանքը հաշվարկվում և հաշվանցվում են Վաճառողին վճարման ենթակա գումարների հետ»։

Պայմանագրի 8.5 կետի համաձայն՝ «Պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել միայն Կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ համաձայնագիր կնքելու միջոցով, որը կհանդիսանա պայմանագրի անբաժանելի մասը (…)»:

Պայմանագրի 8.6 կետի համաձայն՝ «Ապրանքի մատակարարման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև պայմանագրով այդ ժամկետը լրանալը՝ Վաճառողի առաջարկության դեպքում, պայմանով, որ Գնորդի մոտ չի վերացել ապրանքի օգտագործման պահանջը, իսկ Վաճառողի առաջարկությունը ներկայացվել է ոչ ուշ, քան պայմանագրով ի սկզբանե մատակարարման համար սահմանված ժամկետը լրանալուց առնվազն 5 օրացուցային օր առաջ: Ընդ որում, սույն կետով սահմանված դեպքում ապրանքի մատակարարման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ մինչև 30 օրացուցային օրով, բայց ոչ ավելի քան պայմանագրով սահմանված ժամկետն է» (հատոր 1-ին, գթ 20-24).

4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Կ. Բրուտյանի կողմից 03.02.2023 թվականին Ընկերությանը հասցեագրված թիվ ՊՆՏ/2-155 գրության պատճենի համաձայն՝ «(․․․) Հիմք ընդունելով Պայմանագրի 2171 կետի «բ» ենթակետը (ապարանքի մատակարարման ժամկետները խախտվել են 10 օրից ավելի) ՀՀ պաշտպանության նախարարությունը 2023թ փետրվարի 3-ին միակողմանի ամբողջությամբ լուծել է Պայմանագիրը։ (․․․(հատոր 1-ին, գթ 25).

Պայմանագիրը միակողմանի լուծելու վերաբերյալ հայտարարությունը հրապարակվել է ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգի www.gnumner.minfin.am կայքի «Պայմանագրերը միակողմանի լուծելու մասին ծանուցումներ» բաժնում 03022023 թվականին ժամը 12:33-ին (հատոր 1‑ին, գթ 41).

5) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Կ. Բրուտյանին Ընկերության կողմից 03.02.2023 թվականին հասցեագրվել է հետևյալ բովանդակության թիվ 2023/04 գրությունը

«(․․․) Հայտնում ենք, որ ԵՐՎԱԴԱ ՍՊԸ-ն ներկայացրել է հայտ ՀՀ ՊՆ ԲՄԱՊՁԲ-22-4/5 ծածկագրով մրցույթին 26092022թ-ին՝ տալով նախահաշվային արժեքից (430.999.584 ՀՀ դրամ) բարձր գնային առաջարկ 519.600.000 ՀՀ դրամ 2 հատի համար և որպես միակ մասնակից գնահատող հանձնաժողովի կողմից հրավիրվել է գների նվազեցման նպատակով հրավիրված բանակցության 05.10.2022թ.-ին ժամը 11:00: Ընդ որում մինչ 05.10.2023թ.-ը PRINOTH GMBH գործարանից տեղեկացրել են, որ չեն կարողանա թվով 2 հատ ձյունագնացները մատակարարել 2022թ.-ի դեկտեմբեր ամսին։ Կարող են մատակարարել 2023թ.-ի հունվար ամսին: Որից հետո 05.10.2022թ.-ին ընկերության ներկայացուցիչը ներկայացել է բանակցության և հանձնաժողովի անդամներից խնդրել է հավելյալ ժամանակ, որպեսզի ՀՀ ՊՆ շահագործող և պատասխանատու ստորաբաժանումների հետ համաձայնեցնի ձյունագնացների 2023թ.-ի փետրվար ամսին մատակարարման նպատակահարմարությունը:

Մինչև գների նվազեցման նպատակով հրավիրված հաջորդ բանակցության օրը (10.10.2022թ.-ը) հանդիպել ենք ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության ղեկավար աշխատակցի հետ, հայտնել որ մինչև 10.12.2022թ.-ը, որը ապրանքի մատակարարման վերջնաժամկետն է պայմանագրի ժամանակացույցով նախատեսված, ԵՐՎԱԴԱ ՍՊԸ-ն չի հասցնելու մատակարարել թվով 2 հատ ձյունագնացները և հարցրել, թե ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչությունը համաձայն կլինի, որ ԵՐՎԱԴԱ ՍՊԸ-ն մատակարարի վերոնշյալ ձյունագնացները 2023թ.-ի փետրվար ամսին, պայմանագրով նախատեսված ուշացման օրերի համար նախատեսված բոլոր տույժերը վճարելու պայմանով: Հայտնել ենք նաև, որ եթե ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչությունը չի ընդունելու փետրվար ամսին ձյունագնացները և մինչ այդ խզելու է պայմանագիր, ԵՐՎԱԴԱ ՍՊԸ-ն 10.10.2022թ.-ին հրավիրված բանակցությանը չի նվազեցնի գնային առաջարկը 519.600.000 ՀՀ դրամից 430.999.584 ՀՀ դրամ, որի արդյունքում Գնումների գործընթացի կազմակերպման մասին կարգի համաձայն հանձնաժողովի կողմից չեղյալ կհամարվի մրցույթը և չի կնքվի պայմանագիր ԵՐՎԱԴԱ ՍՊԸ-ի հետ: ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության ղեկավար աշխատակիցը հստակ հայտնեց, որ նշված ձյունագնացները շատ են պետք ՀՀ պաշտպանության նախարարությանը, որ իրենք կընդունեն նշված թվով 2 հատ ձյունագնացները, եթե ՀՀ ՊՆ ՆՏԱ գլխավոր վարչությունը դեմ չլինի, հայտնի որ պայմանագրի կնքման դեպքում դեկտեմբերի փոխարեն 2023 թվականի փետրվար ամսին մատակարարելը չի խախտում օրենքը: Այսպիսով նա հայտնեց, որ եթե ՀՀ ՊՆ ՆՏԱ գլխավոր վարչությունը տա համաձայնություն, որ ԵՐՎԱԴԱ ՍՊԸ-ն կարող է մատակարարել ապրանքը 2023 թվականի փետրվար ամսին, իրենք դեմ չեն լինի, չեն լուծի պայմանագիրը և կընդունեն տեխնիկական բնութագրին համապատասխանության դեպքում և խորհուրդ տվեց դիմել ՀՀ ՊՆ ՆՏԱ գլխավոր վարչություն:

Այնուհետև դիմել ենք ՀՀ ՊՆ ՆՏԱ գլխավոր վարչության աշխատակցին վերոնշյալ հարցով, տեղեկացնելով, որ արդեն իսկ դիմել ենք ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչություն, նրանք դեմ չեն ձյունագնացների 2023թ.-ի փետրվար ամսին ԵՐՎԱԴԱ ՍՊԸ-ի կողմից մատակարարմանը, եթե ՀՀ ՊՆ ՆՏԱ գլխավոր վարչությունը գտնի, որ այն չի հակասում ՀՀ գնումների մասին օրենքին: ՀՀ ՊՆ ՆՏԱ գլխավոր վարչության աշխատակիցը հայտնեց, որ եթե ձյունագնացները շահագործող ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչությանը ապրանքը պետք է, օրենքը թույլ է տալիս և ԵՐՎԱԴԱ ՍՊԸ-ն կարող է ձյունագնացները մատակարարել 2023թ.-ի փետրվար ամսին, պայմանագրով նախատեսված ուշացման օրերի դիմաց նախատեսված բոլոր տույժերը վճարելու պայմանով: Այդ պահին երկրորդ անգամ հարցրել ենք, որ եթե ՀՀ ՊՆ կողմից ձյունագնացները 2023թ.-ի փետրվար ամսին չեն ընդունվելու և ԵՐՎԱԴԱ ՍՊԸ-ի կողմից կնքվելիք պայմանագիրը միակողմանի լուծվելու է՝ կիրառվելով պայմանագրի միակողմանի լուծման դեպքում նախատեսված տույժերն ու տուգանքները, ԵՐՎԱԴԱ ՍՊԸ-ն ուղղակի 10.10.2022թ.-ին հրավիրված բանակցությանը չի նվազեցնի գնային առաջարկը 519.600.000 ՀՀ դրամից 430.999.584 ՀՀ դրամ և արդյունքում չի ունենա ոչ մի պարտավորվածություն ՀՀ ՊՆ հանդեպ: Սակայն ՀՀ ՊՆ ՆՏԱ գլխավոր վարչության աշխատակիցը կրկին հայտնեց, որ կարող ենք նշված ձյունագնացները մատակարարել 2023թ.-ի փետրվար ամսին, տույժ-տուգանքների վճարելու պայմանով:

Հիմք ընդունելով ՀՀ ՊՆ ՆՏԱ գլխավոր վարչության և ՀՀ ԶՈՒ սպառազինության վարչության աշխատակիցների հետ քննարկումները, 10.10.2022թ.-ին ներկայացել ենք բանակցության, նվազեցրել ենք գնային առաջարկը 519.600.000 ՀՀ դրամից 430.999.584 ՀՀ դրամ, որից հետո կնքել ենք N «ԲՄԱՊՁԲ-22-4/5-1» առ 31102022թ պայմանագիր: Պայմանագրի կնքելուց հետո ԵՐՎԱԴԱ ՍՊԸ-ի կողմից ՀՀ ՊՆ է ուղարկվել N 2022/80 առ 10.11.2022թ. գրություն շարադրելով ամբողջ խնդիրը, խնդրելով թույլ տալ մատակարարել ձյունագնացները մինչև 15.02.2023թ-ը ներառյալ: Նշեմ նաև, որ նամակի գրելուց հետո, մի քանի անգամ բանավոր տեղեկացրել ենք ձյունագնացների արտադրման պրոցեսի և փետրվար ամսի մատակարարման մասին, որին ի պատասխան ստացել ենք դրական արձագանքներ:

Պայմանագիրը կնքելու օրը PRINOTH GMBH գործարանին վճարել ենք թվով 2 հատ ձյունագնացների համար գումարը: Անընդմեջ զանգահարել ենք և գրավոր նամակներ գրել PRINOTH GMBH գործարանին՝ խնդրելով արագացնել ձյունագնացների մատակարարումը:

Սակայն ի զարմանս մեր ընկերության, հունվար ամսի վերջին շաբաթվա ընթացքում, տեղեկանում ենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ընթանում է N«ԲՄԱՊՁԲ-22-4/5-1» պայմանագրի միակողմանի լուծման գործընթաց:

Տեղեկացնում եմ Ձեզ, որ ԵՐՎԱԴԱ ՍՊԸ-ն կանգնած է լուրջ խնդրի առջև. ԵՐՎԱԴԱ ՍՊԸ-ն վճարել է PRINOTH GMBH գործարանին ձյունագնացների ամբողջ գումարը, համոզված լինելով, որ նախապես համաձայնեցված ժամկետում՝ մինչև 15.02.2023թ., մեր կողմից մատակարարվելիք ձյունագնացները կընդունվեն: ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պայմանագրի լուծման դեպքում ԵՐՎԱԴԱ ՍՊ ընկերությունը կսնանկանա, վճարելով ահռելի տույժեր չմատակարարված ապրանքի համար, որի արդյունքում կկրճատվի 1 խոշոր հարկատու և մոտ 50 աշխատակիցներ կմնան գործազուրկ:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև ՀՀ ՊՆ-ի հետ մեր ընկերության շուրջ 15 տարվա համագործակցությունը, խնդրում եմ միակողմանի չլուծել N «ԲՄԱՊՁԲ-22-4/5-1» առ 31102022թ.-ին կնքված պայմանագիրը և տալ մեզ հնարավորություն, համաձայն նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների, մինչև ս.թ. փետրվարի 15-ը մատակարարել ձյունագնացները: Պայմանագիրը Ձեր կողմից չլուծելու դեպքում, ԵՐՎԱԴԱ ՍՊԸ-ն պարտավորվում է բացի պայմանագրով նախատեսված ուշացված օրերի դիմաց (մոտ 10.000.000 ՀՀ դրամ) վճարելը, նաև ՀՀ պաշտպանության նախարարությանը նվիրաբերել ԵՐՎԱԴԱ ՍՊԸ-ի կողմից N «ԲՄԱՊՁԲ-22-4/5-1-1» պայմանագրի կատարման արդյունքում ակնկալվող մնացած 20.000.000 ՀՀ դրամ եկամուտը՝ ընդհանուր մոտ 30.000.000 ՀՀ դրամի չափով (․․․) (հատոր 1-ին, գթ 27-28).

6) ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգի www.gnumner.minfin.am կայքի «Պայմանագրերը միակողմանի լուծելու մասին ծանուցումներ» բաժնում 03022023 թվականին ժամը 14:44-ին հրապարակվել է թիվ ԲՄԱՊՁԲ-22-4/5-1 ծածկագրով պայմանագիրն ամբողջությամբ լուծելու մասին հայտարարությունն անվավեր ճանաչելու մասին հայտարարություն (հատոր 1-ին, գթ 41).

7) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Կ. Բրուտյանի կողմից 16.02.2023 թվականին Ընկերությանը հասցեագրված թիվ ՊՆՏ/2-218 գրության պատճենի համաձայն՝ (...) Հիմք ընդունելով պայմանագրի 2.1.7.1 կետի «բ» ենթակետը՝ (ապրանքի մատակարարման ժամկետները խախտվել են 10 օրից ավելի) ՀՀ պաշտպանության նախարարությունը 2023 թվականի փետրվարի 16-ին միակողմանի ամբողջությամբ լուծել է պայմանագիրը» (հատոր 1-ին, գթ 29).

Թիվ ԲՄԱՊՁԲ-22-4/5-1 ծածկագրով պայմանագիրն ամբողջությամբ լուծելու վերաբերյալ հայտարարությունը հրապարակվել է ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգի www.gnumner.minfin.am կայքի «Պայմանագրերը միակողմանի լուծելու մասին ծանուցումներ» բաժնում 16022023 թվականին ժամը 17:34‑ին։ Նույն ծանուցումը կրկնակի հրապարակվել է նույն օրը՝ ժամը 17։49-ին (հատոր 1‑ին, գթ 41).

8) Սույն գործով 01032023 թվականին Դատարան ներկայացված հայցադիմումի պատասխանով Նախարարությունը, ի թիվս այլի, հայտնել է «Պայմանագրում փոփոխություններ և լրացումներ չեն կատարվել, չկա կնքված որևէ համաձայնագիր, Պայմանագրի 86 կետով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացվել առաջարկություն, սակայն փաստացի 86 կետով նախատեսված ժամկետի երկարաձգումն իրականացվել է, քանի որ Հայցվորին տրամադրվել է Պայմանագրով նախատեսված՝ 30 օր ժամկետից ավելի երկար ժամկետ (․․․), այնքան, որքան հայցվել է ներկայացված գրություններով, այն է՝ 15022023 թվականը» (հատոր 1-ին, գթ 72-83).

9) 03032023 թվականին կայացած նախնական դատական նիստում պատասխանողի ներկայացուցիչը հաստատել է, որ մատակարարման ժամկետի վերաբերյալ կողմերի միջև եղել են բանակցություններ, դրանց հիման վրա Նախարարությունն ընդառաջել է Ընկերությանն այնքան ժամկետով, որքան խնդրել է Ընկերությունը։ Ի պատասխան Դատարանի ճշտող հարցին՝ նույն ներկայացուցիչը հաստատել է, որ տրամադրվել է ժամկետ մինչև 15022023 թվականը։ Նախարարության մյուս ներկայացուցիչը, իր հերթին, նշել է, որ ժամկետի տրամադրումն արվել է բանավոր պայմանավորվածությամբ (հատոր 1‑ին, գթ 180, էլեկտրոնային սկավառակում ներբեռնված ձայնագրություն, ֆայլ 2 08 2023_03_03 16-10-46, րոպե՝ 00։03։15-ից)։

 

4 Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1‑ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1‑ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ ու 468-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նաև նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները, անհրաժեշտ է համարում անդրադառնալ պայմանագիրը փոփոխելու և լուծելու համաձայնության օրենքով կամ պայմանագրով նախատեսված ձևական պահանջների խախտման իրավական հետևանքներին, ինչպես նաև ապացուցման պարտականություն կրող գործին մասնակցող անձի վկայակոչած փաստը գործի քննության ընթացքում գործին մասնակցող մյուս անձի կամ նրա ներկայացուցչի կողմից ընդունելու արդյունքում անվիճելի դառնալու առանձնահատկություններին։

 

(1) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների` առաջացնում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ:

Դրան համապատասխան, քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով նախատեսված պայմանագրերից և այլ գործարքներից (

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն՝ գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքները կարող են լինել երկկողմ կամ բազմակողմ (պայմանագիր), ինչպես նաև` միակողմ:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է երկու կողմի (երկկողմ գործարք) կամ երեք ու ավելի կողմերի (բազմակողմ գործարք) համաձայնեցված կամքի արտահայտությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքները կնքվում են բանավոր կամ գրավոր (հասարակ կամ նոտարական) ձևով:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ օրենքով կամ կողմերի համաձայնությամբ նախատեսված դեպքերում լռությունը համարվում է գործարք կնքելու կամքի արտահայտություն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավոր գործարքը պետք է կնքվի փաստաթուղթ կազմելու միջոցով, որն արտահայտում է գործարքի բովանդակությունը և ստորագրված է գործարք կնքող անձի կամ անձանց կամ նրանց կողմից պատշաճ ձևով լիազորված անձանց կողմից: Երկկողմ (բազմակողմ) գործարքները կարող են կնքվել նույն օրենսգրքի 450-րդ հոդվածի 3-4-րդ կետերով նախատեսված եղանակներով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը վեճի դեպքում կողմերին զրկում է ի հաստատումն գործարքի ու նրա պայմանների` վկաների ցուցմունքներ վկայակոչելու, սակայն նրանց չի զրկում գրավոր և այլ ապացույցներ ներկայացնելու իրավունքից:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ օրենքում կամ կողմերի համաձայնությունում ուղղակի նշված դեպքերում գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ արտաքին տնտեսական գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքն անվավեր է նույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝ օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր է, եթե օրենքը չի սահմանում, որ նման գործարքն առոչինչ է կամ չի նախատեսում խախտման այլ հետևանքներ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ցանկացած քաղաքացիաիրավական գործարք կարող է դրա մասնակիցների համար առաջացնել ցանկալի իրավական հետևանքներ, եթե այն վավեր է, այսինքն՝ համապատասխանում է օրենքից բխող որոշակի պահանջների ու պայմանների: Այն դեպքում, երբ գործարքը չի համապատասխանում այդ պահանջներին, ապա այն համարվում է անվավեր կա՛մ օրենքով սահմանված հիմքերով դատարանի կողմից անվավեր ճանաչվելու դեպքում (վիճահարույց գործարք), կա՛մ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք) (տե՛ս Վահագն Կապլանյանն ընդդեմ Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Ֆինանսների նախարարության թիվ ԼԴ/0435/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը)։

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածը նախատեսում է գործարքների անվավերության երկու տեսակ` վիճահարույց (հարաբերական անվավեր) և առոչինչ (բացարձակ անվավեր) (տե՛ս Սեդրակ Բարսեղյանն ընդդեմ Գագիկ Բարսեղյանի և Կարինե Բաղդասարյանի թիվ ԱՐԱԴ2/0077/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.04.2022 թվականի որոշումը)։

ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ առոչինչ (բացարձակ անվավեր) են այն գործարքները, որոնք գործարքի սուբյեկտին, նրա կամքին և կամահայտնությանը, գործարքի ձևին կամ բովանդակությանը ներկայացվող պահանջներին համապատասխանելու առումով օրենքով հստակ կանխորոշված արատն ունենալու պատճառով օրենքի ուժով ակնկալվող իրավական հետևանքները չեն առաջացնում՝ անկախ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված հիմքերից որևէ մեկով դատական կարգով անվավեր ճանաչվելուց։ Վիճահարույց (հարաբերական անվավեր) են այն գործարքները, որոնք, թեև պարունակում են գործարքի վավերության պահանջներին համապատասխանելու առումով որոշակի արատ, այդուհանդերձ վավեր են (առաջացնում են ակնկալվող իրավական հետևանքներ) այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված իրավասու անձի հայցով համապատասխան հիմքով անվավեր չեն ճանաչվել դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով (տե՛ս Արմեն Դալլաքյանն ընդդեմ Աշոտ Գալստյանի և Մխիթար Մաթևոսյանի թիվ ԼԴ1/1286/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.04.2025 թվականի որոշումը)։

Վերը շարադրված իրավական նորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև օրենսդիրը գործարքի՝ օրենքով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված ձևը պահպանելը դիտարկել է որպես կողմերի համար պարտադիր պահանջ, այդուհանդերձ, հասարակ գրավոր ձևով կնքման ենթակա գործարքների վերաբերյալ սահմանել է ընդհանուր կանոն, համաձայն որի՝ գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը չի հանգեցնում դրա անվավերության, պարզապես նման ենթադրյալ (ապացուցման ենթակա) գործարքից բխող վեճերի քննության ընթացքում կողմերը զրկվում են ի հավաստումն գործարքի կնքման փաստի ու այդ գործարքի առանձին պայմանների վկաների ցուցմունքներ վկայակոչելու դատավարական իրավունքից՝ պահպանելով նշված փաստերն ապացուցման այլ միջոցներով հաստատելու իրավական հնարավորությունը։ Տվյալ դեպ­քում թեև գործարքի հասարակ գրավոր ձևը պահպանված չլինելը հիմք է այդպիսի գործարքն օրենքի պահանջներին չհամապատասխանող դիտարկելու համար, այդուհանդերձ նշված ընդհանուր կանոնի ուժով քննարկվող արատը գործարքի անվավերության չի հանգեցնում, փոխարենն այն առաջացնում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305‑րդ հոդվածի իմաստով օրենքով սահմանված «խախտման այլ հետևանքներ», այն է՝ ո­րոշ տե­սա­կի ապացույցների (վկա­նե­րի ցուց­մունք­նե­րի) օգ­տա­գործ­ման անթույլատրելիություն։

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշված ընդհանուր կանոնից կատարված են որոշ բացառություններ, որոնք հանգում են հետևյալին

1) եթե օրենքով ուղղակիորեն սահմանված է, որ տվյալ տեսակի գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելու դեպքում գործարքն առոչինչ է1, նման գործարքն օրենքի ուժով ակնկալվող իրավական հետևանքները չի առաջացնում՝ անկախ դատարանի կողմից այն անվավեր ճանաչելուց

2) եթե գործարքն իր բնույթով արտաքին տնտեսական է կամ կողմերի համաձայնությամբ ուղղակիորեն սահմանված է, որ ի կատարումն կողմերի համաձայնության կնքվող գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության, նման գործարքի վավերությունը կարող է վիճարկվել դատական կարգով՝ օրենքի պահանջներին չհամապատասխանելու հիմքով։

Ընդ որում, նշված բոլոր դեպքերում գործարքի՝ օրենքով սահմանված ձևի խախտմամբ կնքված լինելուց զատ որևէ այլ փաստական հանգամանք (այդ թվում՝ գործարքի առանձին պայմանները) հարցի լուծման համար որևէ նշանակություն ունենալ չի կարող։

Վերը շարադրվածից բխում է, որ եթե օրենքով կամ կողմերի համաձայնությամբ ուղղակիորեն նախատեսված չէ, որ գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության, գործարքի կողմերը զրկված չեն գործարքի կնքման վիճելի փաստը թույլատրելի ապացուցման միջոցներով հաստատելու հնարավորությունից, իսկ դատարանը, իր հերթին, իրավասու է գործում առկա թույլատրելի ու բավարար ապացուցողական նյութի հիման վրա հաստատված համարել ինչպես գործարքի կնքման, այնպես էլ այն որոշակի պայմաններով կնքված լինելու փաստը՝ թեկուզև կողմերը թույլ է տվել գործարքը հասարակ գրավոր ձևով կնքելու օրենսդրական կամ պայմանագրային պահանջի խախտում: Համապատասխանաբար, նշված դեպքերում, եթե գործով հաստատվում է գործարքի կնքման փաստը և դրա վիճելի պայմանը, այն առաջացնում է ակնկալվող իրավական հետևանքները՝ քաղաքացիական իրավունքների ու պարտականությունների ծագումը, փոփոխումը կամ դադարեցումը։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 348-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտավորությունը կատարելուց միակողմ հրաժարվել և դրա պայմանները միակողմ փոփոխել չի թույլատրվում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պարտավորությունը կատարելուց միակողմ հրաժարվելը` կապված դրա կողմերի ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ, և նման պարտավորության պայմանների միակողմ փոփոխելը թույլատրվում է նաև պայմանագրով նախատեսված դեպքերում, եթե այլ բան չի բխում օրենքից կամ պարտավորության էությունից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պայմանագրերի նկատմամբ կիրառվում են նույն օրենսգրքի 18 գլխում [«ԳՈՐԾԱՐՔՆԵՐ»] նախատեսված երկկողմ և բազմակողմ գործարքների մասին կանոնները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագիրը կարող է կնքվել գործարքները կնքելու համար նախատեսված ցանկացած ձևով, եթե տվյալ տեսակի պայմանագիր կնքելու համար օրենքով որոշակի ձև սահմանված չէ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագրի փոփոխումը և լուծումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պայմանագիրը, կողմերից մեկի պահանջով, կարող է փոփոխվել կամ լուծվել դատարանի վճռով միայն մյուս կողմի թույլ տված` պայմանագրի էական խախտման կամ օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում: (․․․

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ պայմանագիրը լրիվ կամ մասնակի կատարելուց միակողմանի հրաժարվելու դեպքում, երբ պայմանագրից հրաժարվելը թույլատրվում է օրենքով կամ կողմերի համաձայնությամբ, պայմանագիրը համապատասխանաբար համարվում է լուծված կամ փոփոխված:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագրի փոփոխման կամ լուծման համաձայնությունը կնքվում է այն ձևով, ինչով պայմանագիրը, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պայմանագրից կամ գործարար շրջանառության սովորույթներից:

Վերոգրյալ իրավական նորմերից բխում է, որ ցանկացած պայմանագիր կարող է փոփոխվել կամ լուծվել, նախևառաջ, կողմերի համաձայնությամբ։ Պայմանագիրը փոփոխելու կամ լուծելու վերաբերյալ համաձայնությունը երկկողմ կամ բազմակողմ գործարք է՝ պայմանագրի կողմերի գործողություն, որն ուղղված է համապատասխանաբար նոր քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ (պայմանագրի պայմաններ) սահմանելուն, պայմանագրով նախատեսված քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (պայմանագրի պայմանները) փոփոխելուն, ընդհանուր առմամբ պայմանագիրը կամ դրա առանձին պայմանները դադարելուն: Այդպիսի համաձայնության վրա տարածվում են երկկողմ կամ բազմակողմ գործարքների մասին կանոնները, այդ թվում՝ նրանք, որոնք վերաբերում են գործարքի ձևին և այն չպահպանելու իրավական հետևանքներին։

Նախկինում կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ընդհանուր կանոնի համաձայն՝ պայմանագիրը կարող է փոփոխվել կամ լուծվել միայն այն ձևով, ինչ ձևով կնքվել է պայմանագիրը: Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ որևէ օրենքով կամ պայմանագրով կամ գործարար շրջանառության սովորույթներով նախատեսված է պայմանագրի կնքման ձևից տարբերվող ձևով այն փոփոխելու կամ լուծելու իրավական հնարավորություն:

ՀՀ վճռաբեկ դատարանը նաև նշել է, որ պայմանագրով սահմանված պարտավորությունները փոփոխված կամ դադարած կարող են համարվել միայն օրենքով նախատեսված կարգով փոփոխման կամ լուծման մասին կողմերի համաձայնության կայացման պահին, եթե այլ բան չի բխում համաձայնությունից կամ պայմանագրի փոփոխության բնույթից, իսկ դատական կարգով պայմանագիրը փոփոխելիս կամ լուծելիս՝ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից (տե՛ս Երևան համայնքն ընդդեմ Տիգրան Ղալումյանի և մյուսների թիվ ԵԿԴ/2654/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.10.2022 թվականի որոշումը):

Վերահաստատելով արտահայտված իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ընդհանուր կանոնի ուժով՝ պայմանագրի փոփոխման կամ լուծման համաձայնությունը պետք է կնքվի այն ձևով, որն օրենքով, այլ իրավական ակտերով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված է հիմնական (փոփոխվող կամ լուծվող) պայմանագրի համար։ Այլ կերպ ասած՝ եթե հիմնական պայմանագրի համար սահմանված է, օրինակ, հասարակ գրավոր ձևով կնքելու պահանջ, այդպիսի պայմանագիրը փոփոխելու կամ լուծելու վերաբերյալ կողմերի համաձայնությունը ևս պետք է կնքվի այդ պահանջի պահպանմամբ, որի խախտումն առաջացնում է օրենքով սահմանված անբարենպաստ հետևանքները՝ գործարքի առոչնչություն, անվավերություն (վիճարկելիություն), ռեստիտուցիա կամ «այլ հետևանքներ»։ Բացառություն են այն դեպքերը, երբ օրենքով, այլ իրավական ակտերով, պայմանագրով ուղղակիորեն սահմանված է կամ գործարար շրջանառության սովորույթներից բխում է, որ պայմանագրի փոփոխումը կամ լուծումը կարող է կատարվել այլ ձևով (բանավոր):

Սույն որոշմամբ վերն արտահայտված իրավական դիրքորոշման համատեքստում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պայմանագիրը փոփոխելու կամ լուծելու համաձայնության հասարակ գրավոր ձևը չպահպանելը ևս ընդհանուր կանոնի ուժով այդ համաձայնության անվավերության (առոչնչության կամ վիճարկելիության) չի հանգեցնում, եթե օրենքով կամ կողմերի համաձայնությամբ (հիմնական պայմանագրով) ուղղակիորեն նախատեսված չէ նման հետևանք։ Համապատասխանաբար, եթե թույլատրելի ապացուցման միջոցներով գործով հաստատվում է թեկուզև օրենքի կամ հիմնական պայմանագրի ձևական պահանջների խախտմամբ պայմանագիրը փոփոխելու կամ լուծելու վերաբերյալ կողմերի միջև համաձայնության կայացման փաստը, վերջինս առաջացնում է այն իրավական հետևանքները, որոնք կողմերն ակնկալել են պայմանագիրը փոփոխելիս կամ լուծելիս հիմնական պայմանագիրը (դրա պայմանը) համապատասխանաբար պետք է համարվի փոփոխված կամ լուծված (դադարած) կողմերի համաձայնության կայացման պահից։

(2) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձն ազատվում է գործի լուծման համար նշանակություն ունեցող այն փաստերն ապացուցելու պարտականությունից, որոնք գործին մասնակցող մյուս անձինք ընդունում են առաջին ատյանի դատարան ներկայացված դատավարական փաստաթղթով, դատական նիստի ընթացքում արված հայտարարությամբ, դիրքորոշում հայտնելու կամ ցուցմունք տալու ընթացքում (անվիճելի փաստեր), բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը գտնում է, որ`

1) առկա են ողջամիտ կասկածներ, որ փաստն ընդունվում է խաբեության, բռնության, սպառնալիքի, մոլորության ազդեցության տակ, մեկ կողմի ներկայացուցչի հետ մյուս կողմի չարամիտ համաձայնության հետևանքով, ճշմարտությունը թաքցնելու կամ ոչ իրավաչափ գործողություններ քողարկելու նպատակով.

2) այդ փաստը կարող է հաստատվել միայն օրենքով կամ այլ իրավական ակտով սահմանված որոշակի ապացույցով.

3) այդ փաստի հաստատումն անխուսափելիորեն ազդում է գործին չմասնակցող անձի՝ գործին մասնակցող անձանցից որևէ մեկի նկատմամբ ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա:

Նախկինում կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացուցման պարտականությունից ազատվելու հիմքերին և անվիճելի փաստերի ապացուցման անհրաժեշտությանը, նշել է, որ քաղաքացիական գործի քննության արդյունավետությունը մեծապես կախված է այն բանից, թե որքանով է պարզ և հստակ ապացուցման գործընթացը: Այդ գործընթացը հնարավորինս պարզեցնելու, գործին մասնակցող անձանց և դատարանին անհարկի չծանրաբեռնելու նպատակով օրենսդիրը սահմանել է դեպքեր, երբ գործի քննության ընթացքում որոշակի փաստեր որոշակի հանգամանքներում անհրաժեշտ չէ ապացուցել: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարաններն իրավացիորեն ապացուցման կարիք չունեցող փաստերի շարքին են դասում նաև այսպես կոչված «անվիճելի փաստերը»: Դրանք գործին մասնակցող անձանց կողմից վկայակոչված, գործի լուծման համար նշանակություն ունեցող այն փաստերն են, որոնք գործին մասնակցող մյուս անձինք ընդունում են դատարան ներկայացված դատավարական փաստաթղթերով, դատական նիստի ընթացքում արված հայտարարությամբ, դիրքորոշում հայտնելու կամ ցուցմունք տալու ընթացքում: Գործին մասնակցող անձանց կողմից գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի ընդունումը կրճատում է ապացուցման ենթակա փաստերի շրջանակը և դատարանին հնարավորություն է տալիս կենտրոնանալու վիճելի փաստերի ապացուցման գործընթացի վրա։

ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ բոլոր դեպքերում գործի փաստերն անվիճելիների շարքին դասելու, դրանք ապացուցման առարկայից հանելու և, ի վերջո, հաստատված համարելու և գնահատելու գործառույթները բացառապես վերապահված են դատարանին, որը դրանք պետք է իրականացնի սահմանված դատավարական իրավակարգավորումներին համապատասխան: Արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վերոշարադրյալ դատավարական կանոնների պահպանմամբ դատարանը գործին մասնակցող անձանց կարող է ազատել գործին մասնակցող մյուս անձանց կողմից չվիճարկվող փաստերն ապացուցելու պարտականությունից և այդ փաստերը համարել ապացուցված (տե՛ս Արա Բաղդասարյանն ընդդեմ Նարինե Հակոբյանի և մյուսների թիվ ԵԷԴ/0985/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2017 թվականի որոշումը):

Վերահաստատելով իր իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ գործին մասնակցող անձինք ազատվում են իրենց պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերն ապացուցելու՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պարտականությունից նույն օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված դեպքերում։ Գործին մասնակցող անձանց կողմից գործի լուծման համար նշանակություն ունեցող որևէ փաստ գրավոր կամ բանավոր ձևով ընդունելը փաստական այդ հանգամանքը դարձնում է անվիճելի՝ ապացուցման կարիք չունեցող, ինչի արդյունքում այդ փաստերը դատարանը համարում է հաստատված և հանում ապացուցման առարկայից՝ պայմանով, որ առկա չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված բացառությունները (տե՛ս Աննա Պողոսյանն ընդդեմ Գևորգ և Մխիթար Սարգսյանների ու Ալվարդ Սաֆարյանի թիվ ԱՐԱԴ/2261/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17072023 թվականի որոշումը

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրվել է այն ընդհանուր սկզբունքը, որ փաստ վկայակոչող կողմն ինքը պետք է ապացուցի դրա գոյությունը, որը բխում է մրցակցային բնույթ ունեցող մասնավոր-իրավական հարաբերությունների էությունից: Ապացուցման պարտականությունը բաշխելու ընդհանուր կանոնը ենթադրում է հայցի հիմքի և առարկությունների հիմքի փաստերի բացակայության մասին ենթադրություն, որի ուժով փաստը համարվում է գոյություն չունեցող, քանի դեռ այն ապացուցված չէ օրենքով սահմանված միջոցներով և կանոններով։ Եթե պատասխանողը չի ընդունում հայցի հիմքում ընկած փաստերն ու դրանք հերքելու նպատակով վկայակոչում է որոշակի փաստեր, ապա նա պարտավորվում է ապացուցել իր առարկությունների հիմքում ընկած փաստերը։ Գործին մասնակցող անձն ազատվում է իր վկայակոչած փաստն ապացուցելու պարտականությունից այն դեպքում, եթե մյուս անձը դատավարական փաստաթղթով, դատական նիստի ընթացքում արված հայտարարությամբ, դիրքորոշում հայտնելու կամ ցուցմունք տալու ընթացքում ընդունում է այդ փաստը: Այսինքն՝ գործին մասնակցող անձի վկայակոչած փաստն անվիճելի համարելու համար անհրաժեշտ և պարտադիր է, որ մյուս անձն ակտիվ վարքագիծ դրսևորի ու այդ փաստն ընդունի կա՛մ գրավոր, կա՛մ բանավոր ձևով (տե՛ս «Վեոլիա Ջուր» ՓԲԸ ընդդեմ Սուրեն Հայրապետյանի թիվ ՍԴ2/0881/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20022024 թվականի որոշումը):

Վերահաստատելով արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ փաստի ընդունումը դատավարական խնայողության միջոց է, որը հիմնվում է կողմի՝ իր նյութական և դատավարական իրավունքները տնօրինելու իրավունքի (տնօրինչականության սկզբունքի) վրա։ Այս առումով փաստի (փաստերի) ընդունումը հարկ է դիտարկել որպես գործին մասնակցող անձի տնօրինչական բնույթի դատավարական գործողություն, քանի որ այն անմիջականորեն ազդում է վարույթի ուղղվածության և բովանդակության վրա՝ տվյալ փաստն ապացուցելու պարտականություն կրող գործին մասնակցող մյուս անձին ազատելով տվյալ փաստն ապացուցելու պարտականությունից, իսկ դատարանին՝ տվյալ փաստի ապացուցման գործընթացը կազմակերպելու անհրաժեշտությունից։ Ու թեև օրենսդիրը դատարանից չի պահանջում ընդունված փաստն անվերապահորեն ճանաչել հաստատված (անվիճելի)՝ փաստի ընդունումը դիտարկելով որպես ապացուցման պարտականությունից ազատելու հարաբերական և ոչ բացարձակ հիմք, համապատասխանաբար դատարանին վերապահելով ընդունված փաստը չհաստատված համարելու լիազորություն, այդուհանդերձ հարկ է նկատի ունենալ, որ նշված լիազորությունը հստակ սահմանափակված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 5-րդ մասում թվարկված դեպքերով, մասնավորապես՝ ընդունված փաստը դատարանն իրավասու է չհանել ապացուցման ենթակա փաստերի կազմից ու այն ապացուցելու բեռը դնել ապացուցման պարտականություն կրող անձի վրա բացառապես այն դեպքերում, երբ՝

1) գործը քննող դատարանի մոտ առկա են ողջամիտ կասկածներ, որ փաստն ընդունվում է խաբեության, բռնության, սպառնալիքի, մոլորության ազդեցության տակ, մեկ կողմի ներկայացուցչի հետ մյուս կողմի չարամիտ համաձայնության հետևանքով, ճշմարտությունը թաքցնելու կամ ոչ իրավաչափ գործողություններ քողարկելու նպատակով.

2) այդ փաստը կարող է հաստատվել միայն օրենքով կամ այլ իրավական ակտով սահմանված որոշակի ապացույցով (փաստի ընդունումը թույլատրելի ապացուցման միջոց չէ).

3) այդ փաստի հաստատումն անխուսափելիորեն ազդում է գործին չմասնակցող անձի՝ գործին մասնակցող անձանցից որևէ մեկի նկատմամբ ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ գործին մասնակցող անձի կողմից առաջին ատյանի դատարան ներկայացված դատավարական փաստաթղթով, դատական նիստի ընթացքում արված հայտարարությամբ, դիրքորոշում հայտնելու կամ ցուցմունք տալու ընթացքում ընդունված փաստն անվիճելի չճանաչելու այլ հիմքեր օրենքով նախատեսված չեն։ Հետևաբար, դատարանն իրավասու չէ ընդունված փաստը ներառել ապացուցման ենթակա փաստերի կազմում այլ՝ օրենքով չնախատեսված հիմքերով՝ ներառյալ այն դեպքերում, երբ վարույթի հետագա ընթացքում, այդ թվում՝ դատաքննության փուլում կամ գործով կայացված եզրափակիչ դատական ակտի դեմ բողոք ներկայացնելիս փաստն ընդունած գործին մասնակցող անձը հրաժարվում է նման ընդունումից՝ պնդելով հակառակը։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ հենց դրանում է դրսևորվում փաստի ընդունման տնօրինչական բնույթը։

Հաշվի առնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 4‑րդ մասում ձևակերպված իրավական նորմը, համաձայն որի՝ ներկայացուցչի կատարած դատավարական գործողությունները գործին մասնակցող անձի համար նույնքան պարտադիր են, որքան այն դեպքերում, երբ գործին մասնակցող անձն ինքը դրանք կատարեր, ինչպես նաև այն, որ փաստի ընդունումը, ի տարբերություն հայցապահանջներն ամբողջովին կամ մասնակիորեն ընդունելու, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված չէ որպես ներկայացուցչի հատուկ լիազորություն, որի կատարման համար ներկայացվողի տված լիազորագրում պետք է ուղղակիորեն նախատեսված լինի ներկայացուցչի այդ լիազորությունը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ փաստն ընդունելու դատավարական հետևանքները կիրառելի են նաև այն դեպքերում, երբ այն տեղի է ունենում նաև գործին մասնակցող անձի՝ դրա համար հատուկ չլիազորված ներկայացուցչի գործողությունների արդյունքում։

Ամփոփելով նշվածը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ փաստն անվիճելի ճանաչելու հիմքը գործին մասնակցող անձի կամ նրա ներկայացուցչի կողմից դրա լրիվ և անվերապահ ընդունումն է՝ պայմանով, որ առկա չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված բացառությունները։ Վերջիններիս բացակայության պայմաններում նման ընդունումը՝ որպես տնօրինչական դատավարական գործողություն, առաջացնում է անդառնալի դատավարական-իրավական հետևանքներ՝ փաստը համարվում է ապացուցման կարիք չունեցող՝ հաստատված։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն՝ Նախարարության կարիքների համար բարձր անցողունակությամբ մեքենաների ձեռքբերման նպատակով 25.08.2022 թվականին հայտարարված է թիվ «ՀՀ ՊՆ-ԲՄԱՊՁԲ-22-4/5» ծածկագրով գնման ընթացակարգում Ընկերությունը ճանաչվել է ընտրված մասնակից, որի հետ 31102022 թվականին կնքվել է Պայմանագիրը։ Պայմանագրի 8.5 կետի համաձայն՝ «Պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել միայն Կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ համաձայնագիր կնքելու միջոցով, որը կհանդիսանա պայմանագրի անբաժանելի մասը»: Պայմանագրի 217 կետի համաձայն՝ «Գնորդն իրավունք ունի միակողմանի լուծել պայմանագիրը (լրիվ կամ մասնակի), եթե Վաճառողը էականորեն խախտել է պայմանագիրը»։ Պայմանագրի 2171 կետի համաձայն՝ «Վաճառողի կողմից պայմանագիրը խախտելը էական է համարվում, եթե ապարանքի մատակարարման ժամկետները խախտվել են 10 օրից ավելի»։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Կ. Բրուտյանի կողմից 03.02.2023 թվականին Ընկերությանը հասցեագրված թիվ ՊՆՏ/2-155 գրության պատճենի համաձայն՝ «(․․․) Հիմք ընդունելով Պայմանագրի 2171 կետի «բ» ենթակետը (ապարանքի մատակարարման ժամկետները խախտվել են 10 օրից ավելի) ՀՀ պաշտպանության նախարարությունը 2023 թ փետրվարի 3-ին միակողմանի ամբողջությամբ լուծել է Պայմանագիրը։ (․․․:

Պայմանագիրը միակողմանի լուծելու վերաբերյալ հայտարարությունը հրապարակվել է ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգի www.gnumner.minfin.am կայքի «Պայմանագրերը միակողմանի լուծելու մասին ծանուցումներ» բաժնում 03022023 թվականին ժամը 12:33-ին:

Նույն օրը՝ 03.02.2023 թվականին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Կ. Բրուտյանին Ընկերության կողմից հասցեագրված թիվ 2023/04 գրությամբ Ընկերությունը, հիշեցնելով իր և Նախարարության պատասխանատու ստորաբաժանումների միջև դեռևս իր կողմից ներկայացված հայտի քննարկման փուլից սկսված բանակցությունների ընթացքը և դրանց արդյունքում մատակարարման ժամկետի կապակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները, առարկել է Պայմանագիրը միակողմանի լուծելու դեմ և խնդրել է տալ հնարավորություն, համաձայն նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների, մինչև ս.թ. փետրվարի 15-ը մատակարարել ձյունագնացները՝ վերահաստատելով իր պարտավորությունը՝ վճարելու ուշացված օրերի դիմաց պայմանագրով նախատեսված տույժերը (մոտ 10.000.000 ՀՀ դրամ), ինչպես նաև նաև Նախարարությանը նվիրաբերելու պայմանագրի կատարման արդյունքում ակնկալվող մնացած 20.000.000 ՀՀ դրամ եկամուտը՝ ընդհանուր մոտ 30.000.000 ՀՀ դրամի չափով (տե՛ս փաստ 5-ը):

Նույն օրը՝ 03022023 թվականին՝ ժամը 14:44-ին ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգի www.gnumner.minfin.am կայքի «Պայմանագրերը միակողմանի լուծելու մասին ծանուցումներ» բաժնում հրապարակվել է թիվ ԲՄԱՊՁԲ-22-4/5-1 ծածկագրով պայմանագիրն ամբողջությամբ լուծելու մասին հայտարարությունն անվավեր ճանաչելու մասին հայտարարություն:

Նախարարությունը 16.02.2023 թվականին միակողմանի ամբողջությամբ լուծել է պայմանագիրը՝ հիմք ընդունելով պայմանագրի 2.1.7.1 կետի «բ» ենթակետը։

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Պայմանագրի միակողմանի լուծումը, ինչպես նաև Նախարարությանը պարտավորեցնել կատարել Պայմանագրով սահմանված իր պարտավորությունները, այն է՝ ընդունել ապրանքները՝ դրանք պայմանագրին կից հավելվածներով սահմանված տեխնիկական պայմաններին համապատասխանելու դեպքում՝ հայցի հիմքում, ի թիվս այլնի, դնելով նաև այն, որ կողմերի միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում համաձայնեցվել է մատակարարման նոր ժամկետ՝ 15022023 թվականը, որպիսի պայմաններում 16022023 թվականի դրությամբ ապրանքի մատակարարման ժամկետների 10 օրից ավելի խախտում է արձանագրվել և այդ հիմքով պայմանագիրը միակողմանի լուծվել չէր կարող:

Սույն գործով 01032023 թվականին Դատարան ներկայացված հայցադիմումի պատասխանով Նախարարությունը, ի թիվս այլի, հայտնել է «Պայմանագրում փոփոխություններ և լրացումներ չեն կատարվել, չկա կնքված որևէ համաձայնագիր, Պայմանագրի 86 կետով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացվել առաջարկություն, սակայն փաստացի 86 կետով նախատեսված ժամկետի երկարաձգումն իրականացվել է, քանի որ Հայցվորին տրամադրվել է Պայմանագրով նախատեսված՝ 30 օր ժամկետից ավելի երկար ժամկետ (․․․), այնքան, որքան հայցվել է ներկայացված գրություններով, այն է՝ 15022023 թվականը» (տե՛ս փաստ 8)։

03032023 թվականին կայացած նախնական դատական նիստում պատասխանողի ներկայացուցիչը հաստատել է, որ մատակարարման ժամկետի վերաբերյալ կողմերի միջև եղել են բանակցություններ, դրանց հիման վրա Նախարարությունն ընդառաջել է Ընկերությանն այնքան ժամկետով, որքան խնդրել է Ընկերությունը։ Ի պատասխան Դատարանի ճշտող հարցին՝ նույն ներկայացուցիչը հաստատել է, որ տրամադրվել է ժամկետ մինչև 15022023 թվականը։ Նախարարության մյուս ներկայացուցիչը, իր հերթին, նշել է, որ ժամկետի տրամադրումն արվել է բանավոր պայմանավորվածությամբ (տե՛ս փաստ 9)։

Դատարանն արձանագրելով, որ ««Երվադա» սահմանափակ պատասխանատվու­թյամբ ընկերության ներկայացուցիչը պնդել է, իսկ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն ընդունել են փաստն առայն, որ կողմերի միջև ձեռք է բերվել փոխադարձ համաձայնություն (․․․), որ թվով 2 բարձր անցողունակությամբ մեքենաները (ձնագնաց) մատակարարվեն մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը, մինչդեռ պայմանագրի միակողմանի լուծումն իրականացվել է հաջորդ օրը, այն է՝ 16.02.2023թ.-ին», «Փաստական հանգամանքների նման դասավորվածության պայմաններում (․․․) առկա չի եղել կողմերի միջև կնքված պայմանագրով սահմանված պայմանագրի պայմանի էական խախտումը, այն է՝ ապրանքի մատակարարումը 10 օր և ավելի ուշ իրականացնելու հանգամանքը», «պայմանագրի միակողմանի լուծումը ոչ իրավաչափ ճանաչելու դեպքում, պետք է պարտավորեցնել պատասխանողին կատարելու 31.10.2022 թվականին կնքված թիվ «ԲՄԱՊՁԲ-22-4/5-1» ծածկագրով պետական գնման պայմանագրով սահմանված իր պարտավորությունները՝ մատակարարված ապրանքների՝ թիվ «ԲՄԱՊՁԲ-22-4/5-1» ծածկագրով պայմանագրին կից հավելվածով սահմանված տեխնիկական պայմաններին համապատասխանելու պայմաններում», 04072024 թվականի վճռով հայցը բավարարվել է։

Վերաքննիչ դատարանը 08.05.2025 թվականի որոշմամբ Նախարարության բերած վերաքննիչ բողոքը բավարարել է, Դատարանի 04072024 թվականի վճիռը բեկանել է և փոփոխել է՝ Ընկերության հայցը մերժել է հետևյալ պատճառաբանությամբ

- «Պայմանագիրը միակողմանի լուծելու որոշումը չեղարկելու և բանակցություններ վարելու հանգամանքը, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, ինքնին չի կարող դիտարկվել որպես կողմերի միջև կնքված՝ պայմանագրի փոփոխման վերաբերյալ համաձայնություն, քանի որ պայմանագրի 8.5 կետով ուղղակիորեն սահմանվել է, որ պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել բացառապես կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ համաձայնագիր կնքելու միջոցով, մինչդեռ նման համաձայնագիր կամ այդպիսի այլ՝ երկուստեք ստորագրված փաստաթուղթ գործում առկա չէ: Հետևաբար, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ կողմերն օրենքով և պայմանագրով սահմանված կարգով չեն փոփոխել պայմանագրի կատարման ժամկետները և դրա վերաբերյալ համաձայնագիր չեն ներկայացրել Դատարանին: Այսինքն` կողմերի բանակցությունները չեն ավարտվել պայմանագրում համապատասխան փոփոխություններ կատարելու և մատակարարման ժամկետը երկարաձգելու վերաբերյալ համաձայնագիր կնքելով, և հընթացս վրա է հասել նաև հայցվորի առաջարկած` ապրանքի մատակարարման նոր ժամկետը 15.02.2023 թվականը, որի ընթացքում ևս ապրանքը չի մատակարարվել, ինչից հետո 16.02.2023 թվականին, պատասխանողը, հավանաբար հաշվի առնելով, որ ապրանքը չի մատակարարվել նաև հայցվորի կողմից առաջարկված նոր մատակարարման ժամկետում, լուծել է պայմանագիրը: Նման պայմաններում 15.02.2023 թվականը որպես ապրանքի մատակարարման փոփոխված` կատարման նոր ժամկետ ֆիքսելը և այդ պահից տասնօրյա ժամկետ հաշվարկելն իրավաչափ չէ, քանի որ, ինչպես արդեն պարզաբանվեց, դրա համար հիմքեր՝ համաձայնագիր կամ նման այլ փաստաթուղթ, առկա չեն եղել: Ուստի, պայմանագրի 2.1.7.1. կետի բ) ենթակետով նախատեսված` 10-օրյա ժամկետը չէր կարող կրկին մեկնարկել, քանի որ այն արդեն իսկ հոսել էր 10.12.2022 թվականից, երբ հայցվորը խախտել էր պարտավորության կատարման վերջնաժամկետը»։

Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը, թե տվյալ դեպքում պայմանագիրը փոփոխելու վերաբերյալ երկուստեք ստորագրված փաստաթղթի բացակայության պայմաններում 15.02.2023 թվականը որպես ապրանքի մատակարարման նոր ժամկետ համարելը և Պայմանագրի 2171 կետի «բ» ենթակետով նախատեսված տասնօրյա ժամկետն այդ օրվանից հաշվարկելն իրավաչափ չէ։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ տվյալ դեպքում ո՛չ օրենքով և ո՛չ էլ Պայմանագրով ուղղակիորեն նախատեսված չէ, որ պայմանագիրը փոփոխելու վերաբերյալ համաձայնության հասարակ գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության, ու այդ համաձայնության կողմերը զրկված չեն նման համաձայնության կնքման վիճելի փաստը թույլատրելի ապացուցման միջոցներով հաստատելու հնարավորությունից՝ թեկուզև կողմերը թույլ են տվել քննարկվող գործարքը հասարակ գրավոր ձևով կնքելու օրենսդրական և պայմանագրային պահանջի խախտում: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ եթե օրենքով կամ կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չլինելու պայմաններում գործով հաստատվում է գործարքի (տվյալ դեպքում պայմանագիրը փոփոխելու համաձայնության) կնքման փաստը, այն առաջացնում է ակնկալվող իրավական հետևանքները՝ քաղաքացիական իրավունքների և պարտականությունների ծագումը, փոփոխումը կամ դադարեցումը։

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վերաքննիչ դատարանը, ի տարբերություն Դատարանի, ոչ իրավաչափորեն որևէ գնահատական չի տվել Նախարարության կողմից դատարան ներկայացված հայցադիմումի պատասխանով, ինչպես նաև նախնական դատական նիստում Նախարարության ներկայացուցիչների կողմից դիրքորոշում հայտնելիս և դատարանի հարցերին պատասխանելիս կատարված հայտարարությանը, որ բանավոր համաձայնությամբ Ընկերությանը տրամադրվել է վերջինիս կողմից հայցվող ժամկետը, այն է՝ մինչև 15022023 թվականը։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում, հաշվի առնելով տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված բացառությունների բացակայության, ինչպես նաև մատակարարման ժամկետը բանավոր համաձայնությամբ երկարաձգելու (նոր ժամկետ տրամադրելու) փաստը Նախարարության ներկայացուցիչների կողմից անվերապահորեն ընդունելու հանգամանքը, Վերաքննիչ դատարանը ևս պետք է գար եզրահանգման, որ հայցի հիմքում դրված՝ մատակարարման ժամկետը մինչև 15022023 թվականը երկարաձգված լինելու փաստն անվիճելի է՝ ապացուցման կարիք չունեցող, հետևաբար նաև՝ գործով հաստատված։ Ավելին, ոչ իրավաչափորեն որպես ելակետ ընդունելով «չկա գրավոր փաստաթուղթ, ուստի չկա պայմանագիրը փոփոխելու վերաբերյալ համաձայնություն» բանաձևը՝ Վերաքննիչ դատարանը չի արժևորել ոչ միայն բանավոր համաձայնությամբ մատակարարման նոր ժամկետ սահմանելու փաստի ընդունումը, այլ նաև պատշաճ գնահատական չի տվել Նախարարության՝ նման համաձայնության մասին անուղղակիորեն վկայող վարքագծին, որն իրավացիորեն որպես այդպիսին է գնահատվել գործը քննած Դատարանի վճռով։

Շարադրվածի համատեքստում Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում վճռաբեկ բողոքի փաստարկը, որ սույն գործի փաստական հանգամանքներն ամբողջության մեջ դիտարկելու դեպքում Վերաքննիչ դատարանը կարձանագրեր, որ լուծելով պայմանագիրը մատակարարման համաձայնեցված նոր ժամկետի ավարտին հաջորդող օրը՝ 16022023 թվականին՝ Նախարարությունը թույլ է տվել պայմանագրի 2.1.71-ին կետով սահմանված պայմանի խախտում, քանի որ մատակարարման ժամկետների 10 օրից ավելի խախտման փաստը չէր կարող օբյեկտիվորեն գոյություն ունենալ մատակարարման համաձայնեցված նոր ժամկետի ավարտին հաջորդող օրը՝ 16.02.2023 թվականին, իսկ նման իրավունքը կարող էր ծագել 27.02.2023 թվականից սկսած:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների խախտում թույլ տրված լինելու մասին վճռաբեկ բողոքում նշված փաստարկները, հետևաբար վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 08.05.2025 թվականի որոշումը բեկանելու համար:

Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանի կողմից վերը նշված նորմերի խախտում թույլ տված լինելու փաստն ինքնին բավարար է Նախարարության 16022023 թվականի՝ թիվ «ԲՄԱՊՁԲ-22-4/5-1» ծածկագրով պայմանագրի թիվ ՊՆՏ/2-218 միակողմանի լուծումն անվավեր ճանաչելու համար, ուստի Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի գտնում անդրադառնալ վճռաբեկ բողոքում նշված նյութական և դատավարական իրավունքի նորմերի մյուս խախտումներին։

 

Վերոգրյալ պատճառաբանությամբ միաժամանակ հերքվում են նաև վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7‑րդ կետով սահմանված՝ վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է (․․․) գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:

 «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9.5-րդ կետի բովանդակությունից բխում է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացվող հայցադիմումների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝ գնման պայմանագրի միակողմանի լուծման հետ կապված վեճերով՝ բազային տուրքի 30-ապատիկի չափով։

Նույն հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «ժզ» ենթակետի բովանդակությունից բխում է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝ գնման պայմանագրի միակողմանի լուծման հետ կապված վեճերով՝ բազային տուրքի 60‑ապատիկի չափով։

Նույն հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «ժե» ենթակետի համաձայն՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝ գնման պայմանագրի միակողմանի լուծման հետ կապված վեճերով՝ բազային տուրքի 60‑ապատիկի չափով

Վճռաբեկ բողոքը բավարարելու՝ Վերաքննիչ դատարանի 08.05.2025 թվականի որոշումը բեկանելու և Դատարանի 04072024 թվականի վճռին ամբողջությամբ օրինական ուժ տալու պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքը պետք է բաշխել հետևյալ համամասնությամբ

- Դատարանի 04072024 թվականի վճռով դատական ծախսերի բաշխման հարցը լուծված լինելու պայմաններում դատական ծախսերի բաշխման հարցն այդ մասով պետք է համարել լուծված.

- Վերաքննիչ դատարանում Նախարարության կողմից վերաքննիչ բողոքի համար պետական տուրքի գումարը վճարված լինելու պայմաններում դատական ծախսերի բաշխման հարցն այդ մասով պետք է համարել լուծված.

- Նախարարությունից հօգուտ Ընկերության ենթակա է բռնագանձման 60.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար սահմանված և Ընկերության կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար։ Միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ Ընկերության կողմից վճռաբեկ բողոք ներկայացնելու համար նախապես վճարվել է 120000 ՀՀ դրամի չափով պետական տուրք, որից 60.000 ՀՀ դրամն է կազմում վճռաբեկ բողոքի համար օրենքով սահմանված պետական տուրքի չափը, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ավել վճարված 60.000 ՀՀ դրամն անհրաժեշտ է վերադարձնել վերջինիս։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այլ դատական ծախսերի վերաբերյալ պահանջ ներկայացված չլինելու պատճառաբանությամբ այդ ծախսերի հարցը պետք է համարել լուծված։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.05.2025 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 04072024 թվականի վճռին՝ սույն որոշման պատճառաբանություններով։

2. Պաշտպանության նախարարությունից հօգուտ «Երվադա» ՍՊԸ-ի բռնագանձել 60.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի գումար։

Այլ դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:

3 Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

________________________________

1 Տե՛ս, օրինակ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 234-րդ հոդվածի 4-րդ կետը, 878-րդ հոդվածի 3-րդ կետը, 888-րդ հոդվածը, 904-րդ հոդվածի 2-րդ կետը, 913-րդ հոդվածի 2-րդ կետը, 970-րդ հոդվածի 1-ին կետը, և այլն։

 

Նախագահող

Գ. հակոբյան 

Զեկուցող

Ս. Մեղրյան

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ա. Մկրտչյան

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2026 թվական: