ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 օգոստոսի 1994 թ. N 372
Քաղ. Երևան
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԿՈՄԻ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԿՈՄԲԻՆԱՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի ռադիոակտիվ թափոնների վնասազերծման հատուկ կոմբինատի բացառիկ կարևոր նշանակությունը ռադիոակտիվ նյութեր օգտագործող ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների թափոնների տեղափոխման, վնասազերծման ու պահպանման գործում և ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահության 1994 թվականի հունիսի 2-ի հանձնարարականի հիման վրա ստեղծված հանձնախմբի առաջարկությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի ռադիոակտիվ թափոնների վնասազերծման հատուկ կոմբինատը հանձնել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության ենթակայությանը:
2. Պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմին և Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը` մեկամսյա ժամկետում ավարտել ռադիոակտիվ թափոնների վնասազերծման հատուկ կոմբինատի գույքի սահմանված կարգով հաշվեկշռից հաշվեկշիռ հանձնման-ընդունման աշխատանքները:
3. Պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմին` ռադիոակտիվ թափոնների վնասազերծման հատուկ կոմբինատի պահպանման առաջնահերթ ծախսերի համար մեկշաբաթյա ժամկետում հատկացնել նրան 200 հազար դրամ:
4. Ռադիոակտիվ թափոնների վնասազերծման հատուկ կոմբինատի աշխատողների վրա տարածել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մարտի 30-ի «Հայկական ատոմային էլեկտրակայանի վերագործարկման աշխատանքների հետ կապված աշխատողների աշխատանքի վարձատրության համակարգի և սոցիալական ապահովության հարցերի մասին» N 142 որոշման 1-ին, 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերի գործողությունները:
5. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը` մեկամսյա ժամկետում ապահովել ռադիոակտիվ թափոնների վնասազերծման հատուկ կոմբինատի շենքի և կառուցվածքների հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը:
Ռադիոակտիվ թափոնների վնասազերծման հատուկ կոմբինատի շենքի և կառուցվածքների հիմնանորոգման գլխավոր նախագծող սահմանել Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչության «Հայարդնախագիծ» ինստիտուտը:
6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`
ա) լուծել 1994 թվականին ռադիոակտիվ թափոնների վնասազերծման հատուկ կոմբինատի պահպանման ծախսերի ֆինանսավորման հարցը, համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից հաստատված ծախսերի նախահաշվի.
բ) կոմբինատի շենքի հիմնանորոգման նախագծանախահաշվային աշխատանքների իրականացման համար նախնական հաշվարկների համաձայն, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարությանը հատկացնել 480,0 հազար դրամ, 1994 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.
գ) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ, Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչության եզրակացության հիման վրա, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության արդյունաբերության նախարարության ռադիոակտիվ թափոնների վնասազերծման հատուկ կոմբինատի հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար համապատասխան միջոցների հատկացման աղբյուրների վերաբերյալ:
7. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, ֆինանսների նախարարությանը` շահագրգիռ նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների հետ համատեղ, մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ռադիոակտիվ թափոնների վնասազերծման հատուկ կոմբինատի հետագա կարգավիճակի, 1995 թվականից սկսած կոմբինատի պահպանման ծախսերի ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ:
8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչությանը և Հայպետատոմհսկողությանը` շահագրգիռ նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների հետ համատեղ, մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ռադիոակտիվ նյութեր օգտագործող ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների նկատմամբ վերահսկողության իրականացման, հանրապետություն մուտք գործող ռադիոակտիվ նյութերի խստիվ հաշվառման, դրանց հետագա շարժի, ռադիոակտիվ թափոնների վնասազերծման հատուկ կոմբինատի գործունեության նկատմամբ օրենքով սահմանված կարգով սանիտարահիգիենիկ հսկողության իրականացման վերաբերյալ:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կառավարության գործերի կառավարիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 05.10.1994, N 473 | --------- |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|