ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ (ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ) ԿՈՄԻՏԵԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՈՒՄՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 47577/17
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 15.06.2026
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
28.05.2026
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.05.2026

Ներմուծեք նկարագրությունը_15382

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Գանգատ թիվ 47577/17

 

Արթուր ՄԿՐՏՈՒՄՅԱՆՆ ընդդեմ Հայաստանի

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), 2026 թվականի մայիսի 7-ին հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝

Ջիլբերտո Ֆելիչի [Gilberto Felici]՝ Նախագահ,

Միկոլա Գնատովսկի [Mykola Gnatovskyy],

Վահե Գրիգորյան [Vahe Grigoryan]՝ դատավորներ,

և Մարտինա Կելլեր [Martina Keller]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,

հաշվի առնելով՝

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն՝ 1974 թվականին ծնված, Բերդ քաղաքում կալանավորված և իրավական օգնություն ստացած Հայաստանի քաղաքացի պրն Արթուր Մկրտումյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2017 թվականի հունիսի 27-ին Դատարան ներկայացված (թիվ 47577/17) գանգատը, որին ներկայացրել է Երևանում գործող իրավաբան տկն Ս. Հարությունյանը,

գործնական և գործուն իրավական օգնության բացակայության առնչությամբ բողոքի մասին Հայաստանի կառավարությանը (Կառավարություն), որի ներկայացուցիչն է միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը, ծանուցելու և գանգատը մնացած մասով անընդունելի հայտարարելու մասին որոշումը,

կողմերի դիտարկումները,

անցկացնելով խորհրդակցություն, որոշեց հետևյալը.

 

ԳՈՐԾԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Գործը վերաբերում է դիմումատուի փաստաբանի կողմից նրան գործնական և գործուն իրավական օգնություն չտրամադրելու հիմքով դիմումատուի դեմ հարուցված քրեական գործով վարույթի ենթադրյալ անարդարացիությանը, որը խնդիր է առաջացրել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «գ» ենթակետի համաձայն։

2. 2016 թվականի հունիսի 23-ին Տավուշի մարզի մարզային դատարանը դիմումատուին մեղավոր է ճանաչել սպանության մեջ և դատապարտել 11 տարվա ազատազրկման։

3. Տավուշի մարզի մարզային դատարանում ընթացող վարույթի ժամանակ նրան ներկայացրել է Հանրային պաշտպանի գրասենյակի կողմից նշանակված իրավաբան Ա.Մ-ն։

4. Դիմումատուն և տուժողի օրինական իրավահաջորդը՝ յուրաքանչյուրն առանձին ներկայացրել են վերաքննիչ բողոք դատավճռի դեմ։

5. Վերաքննիչ քրեական դատարանի վարույթի շրջանակում դիմումատուին ներկայացրել է Հանրայն պաշտպանի գրասենյակի կողմից նշանակված մեկ այլ իրավաբան Գ.Մ.-ն։

6. 2016 թվականի սեպտեմբերի 14-ին Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է տուժողի օրինական իրավահաջորդի ներկայացրած վերաքննիչ բողոքը և մերժել է դիմումատուի վերաքննիչ բողոքը։ Դատարանը դիմումատուի պատժի ժամկետը երկարաձգել է՝ սահմանելով մինչև 14 տարի ժամկետով ազատազրկում։ Որոշման մեջ նշվել է, որ այն կարող է բողոքարկվել հրապարակման օրվանից հետո մեկ ամսվա ընթացքում։

7. 2016 թվականի սեպտեմբերի 27-ին որոշումը հանձնվել է Գ.Մ.-ին։

8. 2016 թվականի հոկտեմբերի 19-ին Վճռաբեկ դատարան ներկայացվել է դիմումատուի և Գ.Մ.-ի կողմից ստորագրված վճռաբեկ բողոք: Բողոքի տեքստում նշվել է, որ այն ներկայացվել է սահմանված ժամկետում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բողոքարկվող որոշումը դիմումատուին է հանձնվել միայն 2016 թվականի սեպտեմբերի 27-ին. բողոքի տեքստում նաև կատարվել է մեջբերում բողոքարկման ժամկետներին վերաբերող՝ Սահմանադրական դատարանի երկու որոշումներից: Վճռաբեկ բողոքին կից ներկայացվել է բողոքարկվող որոշումը հանձնելու ամսաթվով ապացույցը (ծրարը)։

9. 2016 թվականի նոյեմբերի 28-ին Վճռաբեկ դատարանը որոշել է վճռաբեկ բողոքը ճանաչել անընդունելի այն հիմքով, որ դիմումատուն բաց է թողել բողոքը ներկայացնելու մեկամսյա ժամկետը (հաշվարկվել է վճիռը հրապարակելու օրվանից) և չի ներկայացրել այդ ժամկետը վերականգնելու մասին պահանջ: Վճռաբեկ դատարանը նոր ժամկետ չի սահմանել վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:

10. 2016 թվականի դեկտեմբերի 9-ին Գ. Մ.-ն կրկին Վճռաբեկ դատարան է ներկայացրել վճռաբեկ բողոք և հստակ պահանջել է վերականգնել բաց թողնված ժամկետը։

11. 2016 թվականի դեկտեմբերի 28-ին Վճռաբեկ դատարանը մերժել է բողոքը և այն ճանաչել է անընդունելի՝ ժամկետների խախտմամբ ներկայացնելու պատճառով:

 

ԴԱՏԱՐԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

12. Դիմումատուն բողոքել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «գ» ենթակետի համաձայն, որ իրեն զրկել են գործուն իրավական օգնության իր իրավունքից՝ Հանրային պաշտպանի գրասենյակի կողմից նշանակված իր փաստաբանի կողմից վճռաբեկ բողոքը ներկայացնելու պաշտոնապես սահմանված համապատասխան պահանջները ենթադրաբար չկատարելու հիմքով։

13. Դատարանն արդեն սահմանել է պաշտոնապես նշանակված փաստաբանների կողմից թերությունների, այդ թվում՝ իրավական հարցերով բողոք ներկայացնելիս պաշտոնապես սահմանված պահանջները չկատարելու համար պետության պատասխանատվությանը վերաբերող համապատասխան սկզբունքները: Դատարանը վերահաստատել է, որ պետությունը չի կարող պատասխանատվություն կրել իրավական օգնություն տրամադրելու համար նշանակված փաստաբանի կողմից թույլ տրված բոլոր թերությունների համար: Հաշվի առնելով պետությունից փաստաբանի մասնագիտության անկախության սկզբունքը՝ պաշտպանություն վարելը, ըստ էության, մեղադրյալի և նրա պաշտպանի միջև հարաբերությունների շրջանակի հարց է (անկախ նրանից, թե այդ պաշտպանը նշանակվել է իրավական օգնության ծրագրի շրջանակներում, թե ֆինանսավորվել է մասնավոր միջոցների հաշվին): 6-րդ հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետի համաձայն իրավասու ազգային մարմիններից պահանջվում է միջամտել միայն այն դեպքում, երբ իրավական օգնություն ցուցաբերող պաշտպանի կողմից արդյունավետ ներկայացուցչության ապահովումն ակնհայտորեն ձախողվել է, կամ եթե նրանց բավարար հիմնավորմամբ հաղորդվել է այդ մասին որևէ այլ եղանակով (տե՛ս Կամասինսկին ընդդեմ Ավստրիայի [Kamasinski v. Austria], 1989 թվականի դեկտեմբերի 19, § 65, շարք Ա, թիվ 168, Դոդն ընդդեմ Պորտուգալիայի [Daud v. Portugal], 1998 թվականի ապրիլի 21, § 38, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ, 1998-II, և Չեկալլան ընդդեմ Պորտուգալիայի [Czekalla v. Portugal], թիվ 38830/97, §§ 60 և 65-71, ՄԻԵԴ 2002-VIII)։

14. Դիմումատուի բողոքի առանցքային կետն այն է, որ Հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով նշանակված նրա փաստաբանը ենթադրաբար բաց է թողել բողոքարկման համար օրենքով սահմանված ժամկետը և չի ներկայացրել այդ ժամկետը վերականգնելու պահանջ:

15. Դատարանը նշում է, որ նախկին (գործի քննության պահին գործող) Քրեական դատավարության օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռաբեկ բողոք բերելու մեկամսյա ժամկետը հաշվարկվել է 2016 թվականի սեպտեմբերի 14-ից (այն օրը, երբ Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակել է իր որոշումը): Սակայն այս որոշումը դիմումատուի փաստաբանին հանձնվել է միայն 2016 թվականի սեպտեմբերի 27-ին, այսինքն՝ որոշումը հրապարակելուց գրեթե երկու շաբաթ անց: Այս որոշման դեմ վճռաբեկ բողոքը ներկայացվել է 2016 թվականի հոկտեմբերի 19-ին, այսինքն՝ վճիռը հրապարակելու օրվանից մեկ ամիսը լրանալուց հետո, սակայն որոշումը հանձնելու օրվանից հետո մեկ ամսվա ընթացքում:

16. Դատարանը հնարավորություն է ունեցել քննելու նման իրավիճակներ Հայաստանի դեմ այլ գանգատների շրջանակում։ Հաշվի առնելով համապատասխան ներպետական իրավունքը և Սահմանադրական դատարանի որոշումները՝ Դատարանը յուրաքանչյուր նման գործով հանգել է այն եզրակացության, որ այն դեպքերում, երբ վիճարկվող որոշումը հանձնվել է ուշացումով, համապատասխան դիմումատուները կարող էին ողջամտորեն ակնկալել, որ վճռաբեկ բողոքի բաց թողնված ժամկետը կվերականգնվի, և վճռաբեկ բողոքները կներկայացվեն իրենց կողմից որոշումը կայացնելու օրվանից հետո մեկ ամսվա ընթացքում (տե՛ս Վաչիկ Կարապետյանը և այլք ընդդեմ Հայաստանի [Vachik Karapetyan and Others v. Armenia], թիվ 15736/16, §§ 94-101, 2025 թվականի մայիսի 15): Բացի այդ, Դատարանը վճռել է, որ նման հանգամանքներում բավարար է, որ համապատասխան դիմումատուն իր վճռաբեկ բողոքում հստակ նշի Վերաքննիչ դատարանի որոշումը հանձնելու ամսաթիվը և ներկայացնի դրա ապացույցները՝ այդպիսով Վճռաբեկ դատարանի ուշադրությունը հրավիրելով այդ ուշացման վրա, ինչը հիմնավոր հիմք է հանդիսանում ժամկետն օրենքի ուժով վերականգնելու համար, նույնիսկ այն դեպքում, երբ դրա վերաբերյալ հստակ պահանջ չի ներկայացվել (տե՛ս Մինասյանն ընդդեմ Հայաստանի [Կոմիտե] [Minasyan v. Armenia [Committee]], թիվ 54620/16, §§ 11-12, 2025 թվականի նոյեմբերի 6): Դատարանը գտնում է, որ չի կարելի համարել, որ այս մոտեցման համաձայն գործող փաստաբանը չի կատարել պաշտոնապես սահմանված համապատասխան պահանջները։

17. Սույն գործով Վերաքննիչ դատարանի որոշումը հանձնվել է ուշացումով, և Հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով նշանակված՝ դիմումատուի փաստաբանի կողմից պատրաստված բողոքում հստակ նշվել է այդ որոշումը հանձնելու ամսաթիվը, և ներկայացվել է ուշացումը հիմնավորող ապացույցը (տե՛ս վերևում՝ 8-րդ պարբերությունը)։ Հետևաբար Հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով նշանակված՝ դիմումատուի փաստաբանի գործողությունները չեն կարող բնութագրվել որպես արդյունավետ ներկայացուցչություն ապահովելու ձախողում: Ավելին, չկա որևէ այլ նշում դիմումատուի փաստաբանի կողմից ցուցաբերած թերությունները հիմնավորող այլ հանգամանքների մասին: Չկա նաև որևէ նշում այն մասին, որ նրա դեմ հարուցվել է կարգապահական վարույթ, կամ ներկայացվել է որևէ բողոք համապատասխան իրավասու կարգապահական մարմին (մասնավորապես՝ Փաստաբանների պալատ): Հաշվի առնելով այս հանգամանքները՝ դիմումատուի գանգատը, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «գ» ենթակետի համաձայն, արդյունավետ իրավական օգնության ենթադրյալ բացակայության վերաբերյալ ակնհայտ անհիմն է:

18. Դատարանը նշում է, որ դիմումատուի դժգոհությունը (նրա դիմումում նշված ձևակերպման համաձայն) սահմանափակվել է բացառապես Հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով նշանակված իր փաստաբանի կողմից տրամադրված իրավական օգնության ենթադրյալ անարդյունավետությամբ. այն ոչ ուղղակիորեն, ոչ էլ ըստ էության չի վերաբերել Վճռաբեկ դատարանի կողմից ժամկետի հաշվարկին կամ ժամկետը վերականգնելու պահանջ չներկայացնելու վերաբերյալ վերջինիս եզրակացությանը։ Դատարանը վերահաստատում է, որ իր քննության շրջանակը միանշանակ սահմանափակվում է իրեն ներկայացված կոնկրետ բողոքների բնույթով։ Բացի այդ, բավարար չէ, որ Կոնվենցիայի խախտումն «ակնհայտ է» տվյալ գործի փաստերից կամ դիմումատուի ներկայացված փաստարկներից։ Փոխարենը, դիմումատուն պետք է ներկայացնի բողոքը (այն մասին, որ կոնկրետ գործողություն կամ անգործություն հանդիսանում է Կոնվենցիայում կամ դրան կից արձանագրություններում ամրագրված իրավունքների խախտում) այնպես, որ Դատարանի մոտ չլինեն կասկածներ այն մասին, թե արդյոք կոնկրետ բողոք ներկայացվել է, թե՝ ոչ: Դատարանը չունի դիմումատուին փոխարինելու և ուղղակի ներկայացված փաստարկների և փաստերի հիման վրա նոր բողոքներ ձևակերպելու իրավասություն (տե՛ս Գրոսամն ընդդեմ Չեխիայի Հանրապետության [ՄՊ] [Grosam v. the Czech Republic [GC]], թիվ 19750/13, §§ 89-91, 2023 թվականի հունիսի 1):

19. Հետևաբար 2024 թվականի հունվարի 24-ին ներկայացված իր դիտարկումներում դիմումատուն հստակ պնդել է, որ ինքը չի փաստել, որ Վճռաբեկ դատարանի որոշումներով խախտվել են իր իրավունքները, այլ պնդել է, որ Հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով նշանակված իր փաստաբանը չի ապահովել իր արդյունավետ պաշտպանությունը։ Միևնույն ժամանակ, դիմումատուն պնդել է, որ երբ ներկայացվել են բողոքարկվող որոշումը ժամանակին չստանալու ապացույցներ, ժամկետը վերականգնելու պահանջ ներկայացնելու կարգավորումը կրել է ձևական բնույթ և եղել է չհիմնավորված։ Դատարանը համարում է, որ այս վերջին փաստարկն առաջ քաշելով՝ դիմումատուն ներկայացրել է նոր և հստակ ձևակերպված բողոք, որը վերաբերում է դատավորների վարքագծին, այլ ոչ թե պաշտպանի աշխատանքին: Թեև ոչինչ չի խանգարում դիմումատուին նոր բողոք ներկայացնել դատարանում ընթացող դատավարության ընթացքում, նման բողոքը, ինչպես ցանկացած այլ բողոք, պետք է ներկայացվի ընդունելիության պահանջներին համապատասխան (տե՛ս Ռոդամիլյան և այլք ընդդեմ Խորվաթիայի [ՄՊ] [Radomilja and Others v. Croatia [GC]], թիվ 37685/10 և 22768/12, § 135, 2018 թվականի մարտի 20): Քանի որ վերջնական ներպետական որոշումը կայացվել է 2016 թվականի դեկտեմբերի 28-ին (տե՛ս վերևում՝ 110-րդ պարբերությունը), սույն բողոքն անընդունելի է Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն (որը գործել է համապատասխան պահին)՝ սահմանված վեցամսյա ժամկետի կանոնը չպահպանելու պատճառով:

20. Հետևաբար գանգատը պետք է մերժվի՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի և 4-րդ կետի համաձայն։

 

Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝

 

Հայտարարում է գանգատն անընդունելի:

 

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2026 թվականի մայիսի 28-ին։

 

Մարտինա Կելլեր`

Ջիլբերտո Ֆելիչի՝

Քարտուղարի տեղակալ

Նախագահ