ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 10-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.06.08-2026.06.21 Պաշտոնական հրապարակման օրը 12.06.2026
Ընդունող մարմին
Ներքին գործերի նախարար
Ընդունման ամսաթիվ
05.06.2026
Ստորագրող մարմին
Ներքին գործերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
05.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.06.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

«05» հունիսի 2026 թ․

ԹԻՎ 10-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ոստիկանության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 21-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 22-րդ հոդվածի 1-ին մասի 1․1-ին կետերը՝

 

Հրամայում եմ`

 

1. Սահմանել ոստիկանության կողմից իրականացվող սթափության վիճակի ստուգման կարգը` համաձայն հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Ա. Սարգսյան

 

«05» հունիսի 2026 թ.

ք․ Երևան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

ներքին գործերի նախարարի 

2026 թվականի հունիսի 5-ի

թիվ 10-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍԹԱՓՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՍՏՈՒԳՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Ոստիկանության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 21-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 22-րդ հոդվածի 1-ին մասի 1․1-ին կետերի հիման վրա ոստիկանության կողմից սթափության վիճակի ստուգում իրականացնելու (այսուհետ` սթափության վիճակի ստուգում) հետ կապված հարաբերությունները:

2․ Սույն կարգը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 19-ի N 277-Ն որոշմամբ հաստատված՝ ոստիկանության ծառայողի կողմից տեխնիկական միջոցով արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի և նավավարի սթափության վիճակի զննության դեպքերի վրա։

3. Սթափության վիճակի ստուգումն իրականացվում է տեխնիկական միջոցով արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության հետազոտության միջոցով՝ օդի փորձանմուշները վերցնելուց անմիջապես հետո:

4․ Սթափության վիճակի ստուգում իրականացնելու համար նախատեսված տեխնիկական միջոցները պետք է բավարարեն հետևյալ հիմնական պահանջներին՝

1) չափման արդյունքների և մուտքագրված տվյալների արտաբերում սահմանված տեսքի ելքային փաստաթղթի (արձանագրության) տեսքով՝ ինչպես չափումից անմիջապես հետո, այնպես էլ հետագայում՝ տեխնիկական միջոցի հիշողությունից.

2) առանց հոսանքի արտաքին աղբյուրների միացման իրականացվող չափումների քանակը՝

ա. առանց արձանագրություն տպագրելու՝ 500-ից ոչ պակաս,

բ. արձանագրություն տպագրելով՝ 100-ից ոչ պակաս.

3) թույլատրելի սխալանքի սահմանները՝

ա. 0-0,2 մգ/լ միջակայքի համար՝ +-0,02 մգ/լ-ից ոչ ավելի,

բ. 0,2 մգ/լ-ից բարձր միջակայքի համար՝ +-10%-ից ոչ ավելի.

4) նմուշը վերցնելուց հետո չափման ժամանակը՝ 10 վրկ-ից ոչ ավելի.

5) չափումների արդյունքների հիշողությունը՝ վերջին 20000 չափումներից ոչ պակաս.

6) սնուցումն ավտոնոմ «AAA» տիպի մարտկոցներով՝ փոփոխական և հաստատուն հոսանքի արտաքին աղբյուրներից սնուցման (լիցքավորման) հնարավորությամբ.

7) տվիչի շահագործման ժամկետը՝ 2 տարվանից ոչ պակաս.

8) տեխնիկական միջոցի և համակարգչի միջև կապի ապահովում ստանդարտացված միացումներով (USB կամ mini USB).

9) աշխատանքային և պահպանման ռեժիմներում ջերմաստիճանների նվազագույն և առավելագույն թույլատրելի սահմանները՝ -100 C-ից մինչև 500 C:

5. Սթափության վիճակի ստուգում իրականացնելու համար ոստիկանության ծառայողը տեխնիկական միջոց է մուտքագրում ստուգման ենթակա անձի անունը, ազգանունը, տեղադրում նոր ստուգման խողովակ (մունդշտուկ) և առաջարկում ստուգման ենթակա անձին արտաշնչելու միջոցով անցնել սթափության վիճակի ստուգում՝ նրան բացատրելով ստուգում անցնելու (արտաշնչելու) ձևը:

6. Եթե սթափության վիճակի ստուգման արդյունքում հաստատվում է անձի ոչ սթափ վիճակում լինելու կամ ալկոհոլ օգտագործած լինելու հանգամանքը, ապա տեխնիկական միջոցով կազմվում է (տպագրվում է) նաև սթափության վիճակի ստուգման (զննության) արձանագրություն՝ երկու օրինակից, որում պարտադիր նշվում են հետևյալ տվյալները`

1) տեխնիկական միջոցի համարը.

2) տեխնիկական միջոցի վերջին ստուգաչափման օրը, ամիսը, տարեթիվը.

3) սթափության վիճակի ստուգման (զննության) օրը, ամիսը, տարեթիվը, ժամը.

4) ալկոհոլի պարունակությունը.

5) սթափության վիճակի ստուգում (զննություն) անցնող անձի անունը, ազգանունը.

6) սթափության վիճակի ստուգում իրականացնող ոստիկանության ծառայողի ազգանունը, կրծքանշանի համարը:

7. Սթափության վիճակի ստուգման (զննության) արձանագրության մեկ օրինակը ստորագրությամբ տրվում է սթափության վիճակի ստուգում անցնող անձին։

8․ Այն դեպքում, երբ սթափության վիճակի ստուգման արդյունքներն անհրաժեշտ են ձերբակալված անձի կողմից կատարված ենթադրյալ հանցագործության փաստն արձանագրելու համար, ապա սթափության վիճակի ստուգման (զննության) արձանագրության մյուս օրինակը կցվում է առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդմանը։

9․ Այն դեպքում, երբ սթափության վիճակի ստուգման արդյունքում անհրաժեշտ է կազմել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, ապա սթափության վիճակի ստուգման (զննության) արձանագրության մյուս օրինակը կցվում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությանը:

10․ Այն դեպքում երբ սթափության վիճակի ստուգումը իրականացվում է հարբած վիճակում հասարակական վայրերում գտնվող և ինքնուրույն տեղաշարժվելու կամ շրջապատում կողմնորոշվելու ունակությունը կորցրած կամ շրջապատին վնաս պատճառելու վտանգ ներկայացնող անձանց, ինչպես նաև բնակության մշտական վայր չունեցող թափառաշրջիկներին կամ ինքնությունը չպարզված անձանց բժշկական հիմնարկներ կամ ոստիկանության հատուկ ընդունիչ կայաններ հասցնելու և մինչև սթափվելն այնտեղ պահելու նպատակով, ապա սթափության վիճակի ստուգման (զննության) արձանագրության մյուս օրինակը կցվում է բժշկական հիմնարկներ կամ ոստիկանության հատուկ ընդունիչ կայաններ հասցնելու և մինչև սթափվելն այնտեղ պահելու վերաբերյալ արձանագրությանը:

11. Սթափության վիճակի ստուգման արդյունքում հաշվի են առնվում տեխնիկական միջոցի թույլատրելի սխալանքի սահմանները։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հունիսի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան