ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2903-Ա |
«09» հունիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ Կարապետ Առաքելյանի լիազորված անձ՝ Արմեն Հայրապետյանի 2026 թվականի մայիսի 12 թիվ Դ-48155-26 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն` իրականացվել է վարչարարություն:
Վարչարարության շրջանակներում 2026 թվականի հունիսի 2-ին հրավիրվել է լսումներ, որին մասնակցել է Կարապետ Առաքելյանի լիազորված անձ՝ Արմեն Հայրապետյանը, իսկ 2026 թվականի հունիսի 8-ին հետաձգված լսումներին վերջինս չի ներկայացել՝ չնայած պատշաճ ծանուցված լինելու հանգամանքին:
Ուսումնասիրելով Կարապետ Առաքելյանի լիազորված անձ՝ Արմեն Հայրապետյանի 2026 թվականի մայիսի 12 թիվ Դ-48155-26 դիմումը, գնահատելով նշված դիմումին կից և վարույթի շրջանակներում ստացված ապացույցները, վարչարարության շրջանակներում իրականացված լսումների վերաբերյալ 2026 թվականի հունիսի 2-ի արձանագրությունը, ինչպես նաև գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.
2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված 2026 թվականի մայիսի 12 թիվ Դ-48155-26 դիմումով (այսուհետ՝ նաև Դիմում) Կարապետ Առաքելյանի լիազորված անձ՝ Արմեն Հայրապետյանը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/5315/05/26 վարչական գործով 2026 թվականի ապրիլի 3-ին կայացված՝ հայցի ապահովման միջոց ձեռնարկելու միջնորդությունը բավարարելու մասին որոշումը, խնդրել է փոխհատուցել Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի թիվ 32 հասցեի հողամասի հարևանությամբ Կարապետ Առաքելյանի կողմից ինքնակամ կառուցված շինությունը (ինքնակամ կառույց) Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից ապամոնտաժելու արդյունքում Կարապետ Առաքելյանին պատճառված վնասը:
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/5315/05/26 վարչական գործով 2026 թվականի ապրիլի 3-ին կայացված որոշմամբ Կարապետ Առաքելյանի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին, բավարարվել է: Նույն որոշմամբ ժամանակավոր բավարարվել է Կարապետ Առաքելյանի պահանջը, այն է՝ պարտավորեցվել է Երևանի քաղաքապետարանին ձեռնպահ մնալ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի թիվ 32 հասցեի հողամասի հարևանությամբ Կարապետ Առաքելյանի կողմից կառուցված շինությունը քանդելուն ուղղված գործողություններից:
Դիմումի ուսումնասիրության արդյունքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 2026 թվականի մայիսի 19-ի թիվ Դ-48155-26 գրությամբ տեղեկացվել է, որ Երևանի քաղաքապետի կողմից 2026 թվականի ապրիլի 2-ին կայացվել է «երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի թիվ 32 հասցեի հարևանությամբ գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող քարե շարվածքով շինությունը ապամոնտաժելու, պետական սեփականություն հանդիսացող հողամասն ազատելու մասին» N 1679-Ա որոշումը:
Երևանի քաղաքապետի 2026 թվականի ապրիլի 2-ի N 1679-Ա որոշման 1-ին կետով որոշվել է չօրինականացնել Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի թիվ 32 հասցեի հարևանությամբ գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում, առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվության, ապօրինի տեղադրված քարե շարվածքով շինությունը:
Երևանի քաղաքապետի 2026 թվականի ապրիլի 2-ի N 1679-Ա որոշման 2-րդ կետով որոշվել է հանձնարարել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ու հասարակական կարգի պահպանության ծառայության օժանդակությամբ ապամոնտաժել Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի թիվ 32 հասցեի հարևանությամբ գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում, առանց հողօգտագործման իրավունքիապօրինի տեղադրված քարե շարվածքով շինությունը և անօրինական տիրապետումից ազատել հողամասը։
Դիմումին կից, ինչպես նաև վարչարարության ընթացքում Կարապետ Առաքելյանի լիազորված անձ՝ Արմեն Հայրապետյանի կողմից չեն ներկայացվել վնասի փոխհատուցման պահանջը Երևանի քաղաքապետարանի կողմից հատուցման ենթակա լինելու հանգամանքը հիմնավորող ապացույցներ:
3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է վնասներ հատուցելով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինների կողմից իրականացվող վարչարարության հետևանքով անձանց պատճառված վնասը ենթակա է հատուցման՝ նույն օրենքի յոթերորդ բաժնի դրույթներին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նաև ոչ նյութական վնասը:
Քննարկվող պարագայում, ելնելով Դիմումով ներկայացված պահանջի բովանդակությունից և դրա հիմքում դրված փաստական հանգամանքներից, ենթակա է պարզման, թե արդյո՞ք դիմումատուի կողմից ներկայացված ապացույցներով հիմնավորվում է, թե.
1) արդյո՞ք Երևանի քաղաքապետի 2026 թվականի ապրիլի 2-ի N 1679-Ա որոշման հետևանքով Կարապետ Առաքելյանը կրել է վնաս,
2) որքա՞ն է կազմում Կարապետ Առաքելյանի կրած ենթադրյալ վնասը թվային արտահայտությամբ,
3) արդյո՞ք Կարապետ Առաքելյանի կրած ենթադրյալ վնասը հանդիսանում է Երևանի քաղաքապետի 2026 թվականի ապրիլի 2-ի N 1679-Ա որոշման կամ Երևանի քաղաքապետարանի գործողությունների անմիջական, ուղղակի և անխուսափելի հետևանքը,
4) արդյո՞ք Երևանի քաղաքապետի 2026 թվականի ապրիլի 2-ի N 1679-Ա որոշման կամ Երևանի քաղաքապետարանի գործողությունների և Կարապետ Առաքելյանի կրած ենթադրյալ միջև առկա է պատճառահետևանքային կապ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գույքի նկատմամբ պետական գրանցման ենթակա իրավունքները ծագում են դրանց գրանցման պահից:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման: Գրանցման ենթակա են` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, օգտագործման իրավունքը, հիփոթեքը, սերվիտուտները, ինչպես նաև սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում` այլ իրավունքները:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն՝ օրենքի և այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ` անձի կողմից իր համար պատրաստած կամ ստեղծած նոր գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք է բերում այդ անձը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն՝ նոր ստեղծված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ծագում է պետական գրանցման պահից:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 188-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված կամ տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:
Օրենսգրքի 188-րդ հոդվածի 1.1-րդ կետի համաձայն՝ ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական և ենթակա է քանդման (ապամոնտաժման): Նման կառույցի քանդման (ապամոնտաժման) կարգը և ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
Օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հողամասի սեփականատերը, այդ թվում՝ ինքնակամ կառույցի առկայությամբ հողամասը ձեռք բերողը, կրում է դրա վրա գտնվող ինքնակամ կառույցի օգտագործման ու ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) հետ կապված ռիսկերը:
Օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը՝ առանց դատարան դիմելու: Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշում կայացնում են օրենքով սահմանված իրավասու մարմինները:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96-րդ հոդվածի համաձայն` վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ նույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին, մասնավորապես` արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման (տե՛ս, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն, անդրադառնալով վնասի հատուցման օրենսդրական կարգավորումներին, ընդգծել է հետևյալը. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածից հետևում է, որ վնասը կարող է արտահայտվել չնախատեսված լրացուցիչ ծախսեր կատարելով կամ այդպիսի ծախսերի կատարման անհրաժեշտությամբ, գույքի կորստով կամ վնասվածքով, եկամուտների չստացմամբ (բաց թողնված օգուտ): Հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծն այն գործողությունը կամ անգործությունն է, որը խախտում է օրենքի, այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նաև անձի սուբյեկտիվ իրավունքը: Գործողությունն անձի նպատակաուղղված, կամային արարքն է, իսկ անգործությունն արտահայտվում է անհրաժեշտ և պարտադիր վարքագիծ դրսևորելուց ձեռնպահ մնալով: Ոչ օրինաչափ վարքագծի և վնասի միջև պատճառահետևանքային կապը ենթադրում է, որ վնասը պետք է հանդիսանա ոչ օրինաչափ վարքագծի ուղղակի, անմիջական հետևանք: Այն դեպքում, երբ վնասն անհրաժեշտաբար թելադրված չէ ոչ օրինաչափ գործողությամբ (անգործությամբ), կամ գործողության (անգործության) և վնասի միջև կապն անուղղակի է, վնասի հատուցման համար անհրաժեշտ պատճառահետևանքային կապի պայմանն առկա չէ: (տես՝ Նելլի Մկրտչյանի ընդդեմ «Երևան հյուրանոց» ԲԲԸ-ի թիվ ԵԿԴ/2600/02/10 գործով 04․10․2013 թվականի որոշումը)։»:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման խնդրին, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին ոչ իրավաչափ ճանաչված լինի անձին վնաս հասցրած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որից հետո միայն անձը պարտավոր է նախ դիմել վնասը պատճառած վարչական մարմին, որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկել վերադասության կամ դատական կարգով (տե՛ս, թիվ ՎԴ/3280/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը):
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/1761/05/14 վարչական գործով 2016 թվականի դեկտեմբերի 26-ին կայացված որոշմամբ տվել է հետևյալ պարզաբանումը.
«Այսպիսով, ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պետության պատասխանատվության պայմաններն են վնասի առկայությունը և դրա վրա հասնելը (պատճառվելը) ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով: Այսինքն` վարչական մարմինների պարտականությունների խախտման և վնասի պատճառման միջև պետք է առկա լինի իրավական նշանակություն ունեցող պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած` վարչարարությունն ոչ իրավաչափ ճանաչելը դեռևս չի նշանակում, որ անձը վնասը կրել է հենց վարչարարության հետևանքով. անհրաժեշտ է, որ վարչարարության և պատճառված վնասի միջև առկա լինի անմիջական պատճառահետևանքային կապ:
Պատճառահետևանքային կապի հարցը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առանձին գնահատման առարկա պետք է դառնա, և դրա առկայությունը որոշելիս առանցքային պետք է համարվի այն գաղափարը, որ պատճառահետևանքային կապի առկայության մասին կարող է խոսք լինել միայն այն դեպքում, երբ վնասի առաջացումը ոչ իրավաչափ վարչարարության անխուսափելի և անմիջական արդյունքն է: Հետևաբար ոչ իրավաչափ վարչարարության և առաջացած վնասների միջև պատճառահետևանքային կապ կարող է առկա լինել, եթե վնասի առաջացումը հանդիսանում է իրականացված վարչարարության օբյեկտիվորեն անհրաժեշտ և ուղղակի արդյունքը: Եթե բացասական հետևանքները կարող էին առաջանալ նաև առանց ոչ իրավաչափ վարչարարության (իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև իրավաչափ վարչարարության), ուրեմն դրանց միջև պատճառահետևանքային կապը բացակայում է:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ նշված պայմաններից թեկուզ մեկի բացակայությունը բացառում է վնասի հատուցման պահանջի բավարարման հնարավորությունը:»:
Դիմումում նկարագրված փաստարկներից պարզվում է, որ Կարապետ Առաքելյանի կողմից, որպես վնասված կամ կորսված (քանդված) գույք ներկայացվել է առանց քաղաքաշինական փաստաթղթերի, այն է՝ ինքնակամ կառուցված շինությունը, ինչը թույլ է տալիս փաստելու, որ այն չի համապատասխանել նոր անշարժ գույք ստեղծելու, դրա նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու և այն պետական գրանցման ենթարկելու, այն է՝ անշարժ գույքի կարգավիճակն ու պատկանելությունը որոշելու հետ կապված իրավահարաբերությունները կարգավորող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի, 135-րդ հոդվածի 1-ին մասի և 173-րդ հոդվածի պահանջներին, հետևաբար վարույթով ապացուցված չէ այն հանգամանքը, որ դրա ապամոնտաժման գործողությունների արդյունքում Կարապետ Առաքելյանը նույն օրենսգրքի 17-րդ հոդվածի իմաստով ունեցել է գույքի կորուստ կամ վնասվածք (իրական վնաս):
Դիմումի բովանդակությունից հետևում է, որ պահանջի հիմքում դրված ընդհանրական դիրքորոշումը հանգում է նրան, որ ենթադրյալ վնասն առաջացել է Կարապետ Առաքելյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում օրենքի խախտմամբ, այն է՝ առանց հողօգտագործման և քաղաքաշինական փաստաթղթերի իրականացված ինքնակամ շինությունը հողամասի սեփականատիրոջ կողմից ապամոնտաժելու (քանդելու) արդյունքում, մինչդեռ գործելով օրենքի խախտմամբ, այդ թվում՝ խախտելով հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը, Կարապետ Առաքելյանի մոտ չէր կարող առաջանալ ողջամիտ համոզմունք, որ իր կողմից ստեղծվում է օրինական նոր գույք, որի նկատմամբ ձեռք է բերվելու սեփականության իրավունք:
Կարապետ Առաքելյանը, թույլ տալով համայնքի՝ հողամասի սեփականության իրավունքը սահմանող և քաղաքաշինական գործունեություն իրականացնելուն առաջադրված իրավանորմերի խախտումներ, գիտակցել է կամ կարող էր (պարտավոր էր) գիտակցել իր կողմից կատարվող ծախսերի կորստի ռիսկը, որպիսին վնասի առաջացման և փոխհատուցման իրավական հետևանքի չի կարող հանգեցնել:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը՝ բացահայտելով գործի բոլոր, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Դիմումով ներկայացված պահանջի հիմնավորվածության ապացուցման նկատմամբ կիրառվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի դրույթը:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ Դիմումին կից, ինչպես նաև լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու համար սահմանված ժամկետում չեն ներկայացվել պահանջը հիմնավորող ապացույցներ և վարչարարությամբ չեն ապացուցվել Երևանի քաղաքապետի 2026 թվականի ապրիլի 2-ի N 1679-Ա որոշման կամ դրա պահանջի կատարմանն ուղղված Երևանի քաղաքապետարանի գործողությունների արդյունքում Կարապետ Առաքելյանին վնաս պատճառած լինելու, Երևանի քաղաքապետարանի գործողությունների և ենթադրյալ վնասի միջև պատճառահետևանքային կապ առկա լինելու, ինչպես նաև վնասի չափը գնահատված լինելու հանգամանքները, չի ապացուցվել ենթադրյալ վնասը Երևանի քաղաքապետի 2026 թվականի ապրիլի 2-ի N 1679-Ա որոշման կամ դրա կատարմանն ուղղված գործողությունների ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը հանդիսանալու հանգամանքը, ուստի ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի, 17-րդ հոդվածի, 135-րդ հոդվածի, 172-րդ հոդվածի 1-ին մասի, 173-րդ հոդվածի, 188-րդ հոդվածի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ, 42-րդ, 43-րդ, 95-րդ, 96-րդ հոդվածների դրույթներով.
ՈՐՈՇԵՑԻ
1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ Կարապետ Առաքելյանի լիազորված անձ՝ Արմեն Հայրապետյանի` վնասի փոխհատուցման պահանջի մասին 2026 թվականի մայիսի 12-ի թիվ Դ-48155-25 դիմումը մերժել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|