ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 օգոստոսի 2018 թվականի N 954-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման կարգը՝ համաձայն հավելվածի:
1.1. Սահմանել, որ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում (այսուհետ՝ հաստատություն) դասարանների կազմավորման փոփոխությունը կիրականացվի փուլային եղանակով` յուրաքանչյուր հաջորդ ուսումնական տարում նվազեցված կազմով ձևավորված դասարանների՝ հաջորդ դասարան փոխադրմամբ, և կներդրվի 2027 թվականի սեպտեմբերի 1-ից՝ առաջին դասարաններում՝ յուրաքանչյուր դասարանում սահմանելով առավելագույնը 26, անհնարինության դեպքում՝ մինչև 30 սովորող:
(1.1-ին կետը լրաց. 11.06.26 N 821-Ն)
1.2. Ելնելով դպրոցի կազմակերպական, կադրային և ֆիզիկական պայմանների անհնարինությունից՝ դպրոցը կարող է իր հայեցողությամբ նվազեցնել դասարանների կոմպլեկտավորումը՝ սահմանելով մինչև 26 սովորող մեկ դասարանում, անհրաժեշտության դեպքում ուսուցումը կազմակերպելով երկրորդ հերթով:
(1.2-րդ կետը լրաց. 11.06.26 N 821-Ն)
1.3. Սահմանել, որ հաստատությունում մինչև սույն որոշման 1.2-րդ կետով սահմանված՝ դասարանների կազմի նվազեցման փուլային եղանակով ներդրվելը, կրթության 1-ին և 2-րդ աստիճաններում (տարրական և հիմնական) յուրաքանչյուր դասարանում սովորողների առավելագույն թիվը 35 է, իսկ կրթության 3-րդ աստիճանում (ավագ դպրոց)՝ 30:
(1.3-րդ կետը լրաց. 11.06.26 N 821-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
2018 թ. օգոստոսի 31 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 30-ի N 954-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են հաստատության դասարանների կազմավորման հետ կապված իրավահարաբերությունները:
2. Միջնակարգ կրթության առաջին և երկրորդ աստիճաններում դասարանը միևնույն առարկայացանկով սահմանված առարկաները նույն ծրագրերով ուսումնասիրող սովորողներից կազմված ուսումնական խումբն է:
3. Միջնակարգ կրթության երրորդ աստիճանում դասարաններ չեն կազմավորվում:
4. Միջնակարգ կրթության երրորդ աստիճանում տվյալ առարկան հիմնական կամ նպատակային ծրագրով ուսումնասիրող սովորողներից կազմավորվում են ուսումնական խմբեր:
5. Հիմնական դպրոցում դասարանները՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա համար, իսկ ավագ դպրոցում՝ ուսումնական խմբերը յուրաքանչյուր կիսամյակի համար կազմավորվում են դպրոցի մանկավարժական խորհրդի որոշման հիման վրա՝ դպրոցի տնօրենի հրամանով՝ պահպանելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2017 թվականի մարտի 28-ի N 12-Ն հրամանով հաստատված՝ Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջների N 2.2.4-016-17 սանիտարական կանոնները և նորմերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի ապրիլի 9-ի N 103-Ն հրամանով հաստատված՝ ՀՀՇՆ 31-03.01-2014 «Հանրակրթական նշանակության շենքեր» շինարարական նորմերի պահանջները:
6. Հաստատությունում յուրաքանչյուր հաջորդ դասարանը և ուսումնական խումբը կազմավորվում են, եթե սովորողների թիվը գերազանցում է՝ սույն որոշմամբ դասարանների և ուսումնական խմբերի համար սահմանված սովորողների թվին: Մեկից ավելի դասարանների կազմավորման դեպքում սովորողները դասարաններում բաշխվում են համաչափ:
7. Դասարանները կազմավորվում են յուրաքանչյուր ուսումնական տարվա, իսկ ուսումնական խմբերը՝ յուրաքանչյուր կիսամյակի սկզբում:
8. Դասարանների կազմավորումից հետո ուսումնական տարվա ընթացքում դասարաններում սովորողների թիվը կարող է գերազանցել առավելագույնը 2 սովորողով՝ հաստատությունում լիցենզիայով սահմանված տեղերի առկայության դեպքում:
9. Ուսումնական խմբերում սովորողների նվազագույն թիվը սահմանվում է 1 սովորող:
10. Ավագ դպրոցում՝
1) հիմնական ծրագրերով ուսուցում իրականացնող ուսումնական խմբերում սովորողների առավելագույն թիվը սահմանվում է 26-30 սովորող.
2) նպատակային ծրագրերով ուսուցում իրականացնող ուսումնական խմբերում սովորողների առավելագույն թիվը սահմանվում է 20-25 սովորող։
11. Բազմահամակազմ դասարան կարող է ձևավորվել, եթե հաստատության յուրաքանչյուր դասարանում սովորողների թիվը դասարանի սովորողների առավելագույն թվի կեսից պակաս է:
12. Հաստատությունում միևնույն առարկան ուսումնասիրող բազմահամակազմ դասարաններ կարող են ձևավորվել հետևյալ բնագավառներով՝
1) արհեստ և արվեստ.
2) ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն:
13. Բազմահամակազմ դասարան կարող է ձևավորվել իրար հաջորդող առավելագույնը երեք դասարանների սովորողներից։
14. Հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի, հատուկ դպրոցի դասարաններում (ուսումնական խմբերում) սովորողների թիվը սահմանվում է՝
1) առավելագույնը 15 սովորող.
2) կրթության առանձնահատուկ պայմանների՝ մանկավարժահոգեբանական 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող երեխաներով համալրված դասարաններում (ուսումնական խմբերում)՝ առավելագույնը 6 սովորող:
15. Դպրոցում միևնույն տարիքային խմբի մեկից ավելի դասարաններ ունենալու պարագայում՝ կրթության առանձնահատուկ կարիք ունեցող սովորողները դասարաններում բաշխվում են համաչափ: Դասարանում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների թիվը չի կարող գերազանցել դասարանի սովորողների թվի 10%-ը, բացառությամբ այն դեպքերի, երբ դպրոցի՝ տվյալ տարիքային խմբի միակ դասարանն է կամ համայնքի (բնակավայրի) միակ դպրոցն է:
16. Մասնագիտացված հանրակրթական դպրոցներում դասարանները կազմավորվում են հաստատության կանոնադրությանը համապատասխան։
(հավելվածը խմբ. 31.08.23 N 1484-Ն, 11.06.26 N 821-Ն)
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 11.06.2026, N 821-Ն | 30.08.2018, N 954-Ն | |
| 31.08.2023, N 1484-Ն | 30.08.2018, N 954-Ն |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|