ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 834-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.06.08-2026.06.21 Պաշտոնական հրապարակման օրը 11.06.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.06.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հունիսի 2026 թվականի N 834-Ն

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 3–րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի մարմիններում պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև հոգաբարձուների խորհրդի նախագահի և անդամների շահերի բախման հայտարարման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

Երևան

11.06.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

հունիսի 11-ի N 834-Ն որոշման

ԿԱՐԳ

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՄԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգը կարգավորում է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի (այսուհետ՝ հիմնադրամ) մարմիններում պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև հոգաբարձուների խորհրդի նախագահի և անդամների շահերի բախման դեպքերի հայտարարման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով հիմնադրամի մարմիններում պաշտոն զբաղեցնող անձինք են համարվում հիմնադրամի գլխավոր տնօրենը, առողջության համընդհանուր ապահովագրության գործընթացի ռազմավարական պլանավորման, ռիսկերի կառավարման և վերահսկողությունն իրականացնող գործադիր հանձնաժողովի անդամները:

3. Սույն կարգում կիրառվող հասկացություններն են՝

1) շահերի բախում՝ իրավիճակ, երբ հիմնադրամի մարմիններում պաշտոն զբաղեցնող անձի կամ հոգաբարձուների խորհրդ նախագահի կամ անդամների (այսուհետ՝ անձ) մասնավոր շահերը կամ հանրային իշխանության մարմնում կամ իրավաբանական անձի մարմիններում զբաղեցրած պաշտոնով պայմանավորված շահերն ազդում են կամ կարող են ազդել նրա՝ հիմնադրամի մարմնում զբաղեցրած պաշտոնով կամ կարգավիճակով պայմանավորված լիազորությունների (գործառույթներ) անաչառ և օբյեկտիվ իրականացման վրա.

2) շահերի առերևույթ բախում՝ իրավիճակ, երբ անկողմնակալ դիտորդի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ անձի մասնավոր շահերը կամ հանրային իշխանության մարմնում կամ իրավաբանական անձի մարմիններում զբաղեցրած պաշտոնով պայմանավորված շահերն ազդում են կամ կարող են ազդել նրա՝ հիմնադրամում զբաղեցրած պաշտոնով կամ կարգավիճակով պայմանավորված լիազորությունների (գործառույթներ) անաչառ և օբյեկտիվ իրականացման վրա, նույնիսկ եթե իրականում նման բախում չկա կամ չի կարող լինել․

3) մասնավոր շահ` անձի շահը, որը ենթադրում է արտոնության կամ իրավունքի կամ առավելության ստացում իր կամ իր հետ փոխկապակցված անձանց, ինչպես նաև այն անձանց կամ կազմակերպությունների համար, որոնց հետ անձը կամ նրա հետ փոխկապակցված անձն ունի գործարար, քաղաքական, գործնական կամ անձնական այլ հարաբերություններ.

4) փոխկապակցված անձինք`

ա. անձի ամուսինը, նրա կամ նրա ամուսնու զավակը (այդ թվում՝ որդեգրված, խորթ զավակ), ծնողը (այդ թվում՝ որդեգրողը, խորթ ծնողը), քույրը, եղբայրը,

բ. անձի հետ ազգակցական կամ ոչ ազգակցական սերտ անձնական հարաբերություններ ունեցող անձինք, այդ թվում` համատեղ բնակվող անձինք, փաստացի խնամքի տակ գտնվող անձինք, ընդհանուր տնտեսական շահ ունեցող անձինք,

գ. այն կազմակերպությունը, որին մասնակցության և (կամ) պայմանագրի հիման վրա անձը կամ նրա հետ փոխկապակցված անձը օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի ուղղակի կամ անուղղակի տնօրինելու (այդ թվում՝ առք ու վաճառքի, համատեղ գործունեության պայմանագրի, հանձնարարության, լիազորագրի կամ այլ գործարքների միջոցով) կազմակերպության կանոնադրական կապիտալի կամ փայաբաժնի կեսից ավելին, կանխորոշելու այդ կազմակերպության կողմից ընդունվող որոշումները (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պայմանները) և (կամ) տալու այդ կազմակերպության կողմից իր հիմնական գործունեությանն առնչվող պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ:

2. ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

4. Անձը պարտավոր է բացառել շահերի բախման իրավիճակի առաջացումը, ձեռնպահ մնալ նման իրավիճակում գործողություն (անգործություն) կատարելուց կամ որոշում ընդունելուց, այդ թվում՝ որոշման կայացմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներին (փաստաթղթերի նախագծերի կազմում, քննարկումների կազմակերպում, որոշման վրա ազդեցություն ունեցող հանձնախմբերի ձևավորում և այլն) մասնակցելուց կամ այլ կերպ որոշման կայացման գործընթացին մասնակցելուց՝ նախապես հայտարարելով շահերի բախման մասին: Շահերի բախման յուրաքանչյուր դեպքով անձը ներկայացնում է գրավոր հայտարարություն՝ համաձայն Ձև 1-ի և Ձև 2-ի:

5․ Անձը շահերի բախման յուրաքանչյուր դեպք ի հայտ գալու պահից սկսած 3 աշխատանքային օրվա ընթացքում շահերի բախման գրավոր հայտարարությունը ներկայացնում է հոգաբարձուների խորհրդին։

6. Ներկայացված շահերի բախման հայտարարության քննարկման արդյունքում հոգաբարձուների խորհուրդն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը՝

1) հաստատված համարել շահերի բախման առկայությունը և շահերի բախման հայտարարություն ներկայացրած անձին առաջարկել ձեռնպահ մնալ որոշակի գործողություններ կատարելուց (չկատարելուց) կամ

2) շահերի առերևույթ բախման առկայության գնահատման պարագայում հաստատված համարել շահերի բախման բացակայությունը:

7. Շահերի բախման գրավոր հայտարարությունը քննարկելու, ինչպես նաև ընդունված որոշումների վերաբերյալ տեղեկությունները ենթակա են արձանագրման հոգաբարձուների խորհրդի աշխատակարգով սահմանված կարգով, իսկ գրավոր հայտարարությունները կցվում են արձանագրություններին և պահպանվում ու արխիվացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

8․ Անձի շահերի առերևույթ բախման չհայտարարված փաստի հայտնի դառնալու դեպքում այն ենթակա է քննության՝ հոգաբարձուների խորհրդի աշխատակարգին համապատասխան։ Շահերի առերևույթ բախման չհայտարարված փաստը հոգաբարձուների խորհրդին կարող է հայտնի դառնալ՝

1) քաղաքացիների կամ իրավաբանական անձանց կամ զանգվածային լրատվության միջոցների հաղորդումներից կամ

2) հիմնադրամի աշխատանքների իրականացման արդյունքում կամ

3) հիմնադրամում աուդիտի իրականացման արդյունքներով կամ

4) օրենքով հիմնադրամի գործունեության վերահսկողության արդյունքներով։

9․ Հոգաբարձուների խորհրդում շահերի բախման փաստը հաստատվելու, ինչպես և չհաստատվելու դեպքում հոգաբարձուների խորհուրդը որոշում է ընդունում հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված կարգով։

ՁԵՎ 1

ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

(հոգաբարձուների խորհրդի նախագահի, հոգաբարձուների խորհրդի անդամի առողջության համընդհանուր ապահովագրության գործընթացի ռազմավարական պլանավորման, ռիսկերի կառավարման և վերահսկողությունն իրականացնող գործադիր հանձնաժողովի անդամնի կողմից ներկայացվող)

Ես՝ ---------------------------------------------------------------------------- (նշվում են անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հիմնադրամում զբաղեցրած պաշտոնը կամ կարգավիճակը), հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված լիազորությունների իրականացման ընթացքում ծագել է շահերի բախման հետևյալ իրավիճակը. -------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------

---, որի պատճառով չեմ կարող մասնակցել ---------------------------------------------------------

-------------------(հարցի վերնագիրը) քննարկմանը և քվեարկությանը:

Խնդրում եմ շահերի բախման իրավիճակի մասով ընդունել համապատասխան որոշում:

Անուն, ազգանուն, ստորագրություն

------------------------------------------------------------

Հայտարարության ներկայացման օր, ամիս, տարի

-------------------------------------------------------------

ՁԵՎ 2

ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

(գլխավոր տնօրենի կողմից)

Ես՝ --------------------------------------------------------------------------- (նշվում են անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հիմնադրամում զբաղեցրած պաշտոնը), հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և պաշտոնի անձնագրով վերապահված գործառույթների իրականացման ընթացքում ծագել է շահերի բախման հետևյալ իրավիճակը. -------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------------------------------------------------------------------------------------------------------

---------------------:

Խնդրում եմ շահերի բախման իրավիճակի մասով ընդունել համապատասխան որոշում:

Անուն, ազգանուն, ստորագրություն

------------------------------------------------------------

Հայտարարության ներկայացման օր, ամիս, տարի

-------------------------------------------------------------

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

11.06.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հունիսի 2026 թվական: