ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ-Ի ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԱՌԵՎՏՐԻ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԱՊԱՀՈՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 272
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.06.1994-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1994/5-6, մայիս, հունիս 1994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.06.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.06.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 հունիսի 1994 թ. N 272

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԱՌԵՎՏՐԻ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԱՊԱՀՈՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև սահմանամերձ առևտրի կազմակերպման մասին համաձայնագրից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը`

ա) սահմանել, որ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև սահմանամերձ առևտրի տարածքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ապրանքների ներմուծումը և արտահանումն իրականացվում է անմաքս այն դեպքում, երբ ներմուծվող և արտահանվող ապրանքների գումարային արժեքը չի գերազանցում 1000 ԱՄՆ-ի դոլարը.

բ) սահմանամերձ առևտրի տարածքում, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից արտահանվող կամ ներմուծվող ապրանքների գումարային արժեքը գերազանցում է 1000 ԱՄՆ-ի դոլարը, մաքսատուրքերի գանձումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.

գ) սահմանամերձ առևտրի տարածքում թույլատրել ապրանքափոխանակման գործարքներ, այդ տարածքում կատարվող գործարքների վրա չտարածել Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1993 թվականի հոկտեմբերի 13-ի N 519 որոշման 2-րդ կետի գործողությունը` կանխավճարի պահանջի մասով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հոկտեմբերի 13-ի N 520 որոշման 13-րդ և 15-րդ կետերի գործողությունը` մրցույթ (տենդեր) և սերտիֆիկատ պահանջելու մասով:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության, Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության և շահագրգիռ մյուս կազմակերպությունների հետ համատեղ ուսումնասիրել սահմանամերձ առևտրի տարածքում առևտրի ընթացքը և մինչև 1994 թվականի սեպտեմբերի 1-ը ներկայացնել առաջարկություն սույն որոշման մեջ անհրաժեշտության դեպքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կառավարության գործերի

կառավարիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ