ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2824-Ա |
«02» հունիսի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված Գևորգ Եգորյանի 2026 թվականի մայիսի 11-ի թիվ Դ-47174-26 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան՝ իրականացվել է վարչարարություն:
2026 թվականի մայիսի 11-ի թիվ Դ-47174-26 դիմումի քննության կապակցությամբ 2026 թվականի մայիսի 29-ին, ժամը 11:00-ին հրավիրվել են լսումներ, որին ներկայացել և մասնակցել է դիմումատու Գևորգ Եգորյանը:
Ուսումնասիրելով 2026 թվականի մայիսի 11-ի թիվ Դ-47174-26 դիմումը, դիմումին կից ներկայացված ապացույցները, 2026 թվականի մայիսի 29-ին կազմված՝ վարչարարության շրջանակներում իրականացված լսումների վերաբերյալ արձանագրությունը, գնահատելով դիմումի առարկային առնչվող բոլոր փաստական հանգամանքները՝ պարզվել է հետևյալը.
2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված 2026 թվականի մայիսի 11-ի թիվ Դ-47174-26 դիմումով, ինչպես նաև լսումների ընթացքում ներկայացված փաստարկներով Գևորգ Եգորյանը խնդրել է փոխհատուցել 2026 թվականի ապրիլի 1-ին ժամը 13:34-ին Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ կամրջի տակ գտնվող դիտահորի՝ կոտրված, հորիզոնական ձևով կանգնեցված երկաթե կափարիչին բախվելու արդյունքում «Hongqi E-QM5» մակնիշի «37 OJ 956» հաշվառման համարանիշի ավտոմեքենային պատճառված վնասը 763.000 (յոթ հարյուր վաթսուներեք հազար) ՀՀ դրամի չափով, ինչպես նաև փորձաքննության իրականացման նպատակով կատարված ծախսը 162.000 (մեկ հարյուր վաթսուներկու հազար) ՀՀ դրամի չափով:
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակից Արթուր Կարապետյանի կողմից 2026 թվականի ապրիլի 1-ին կազմվել է նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի մասին արձանագրություն, պատահարի վայրի սխեմա, որտեղ ուրվագծված են ավտոմեքենայի ընթացքի ուղղությունը և բացված դիտահորը կամ ջրատարը:
2026 թվականի հունվարի 12-ին տրված տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ AB633185 վկայագրի համաձայն՝ «Hongqi E-QM5» մակնիշի «37 OJ 956» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում է Գևորգ Եգորյանի սեփականությունը:
«Խաչատուրով» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետների կողմից 2026 թվականի ապրիլի 10-ին տրված թիվ 26-2233 ավտոտեխնիկական և ապրանքագիտական եզրակացության համաձայն՝ փորձագետը, հետազոտելով փորձաքննությանն առաջադրված ելակետային տվյալները, հանգել է այն հետևության, որ տվյալ պատահարի առաջացման պատճառ է հանդիսացել «Hongqi E-QM5» մակնիշի «37 OJ 956» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի երթևեկելի մասում առկա հորիզոնական բացված դիտահորի կափարիչը, վարորդը չի ունեցել տվյալ պատահարը կանխելու տեխնիկական հնարավորություն և առաջադրված պայմաններում ճանապարհի և դրա ինժեներական կառույցների պահպանման համար պատասխանատու պաշտոնատար և այլ անձինք տեխնիկական տեսակետից թույլ են տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին հակասող գործողություններ, դրանցով իսկ պայմանավորել տվյալ պատահարի առաջացումը: Նույն եզրակացությամբ փորձագետը եզրահանգել է, որ փորձաքննությանը տրամադրված «Hongqi E-QM5» մակնիշի «37 OJ 956» հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցի վնասի չափը արժեքային արտահայտությամբ փորձաքննության իրականացման ժամանակահատվածի դրությամբ կազմում է 763.000 (յոթ հարյուր վաթսուներեք հազար) ՀՀ դրամ:
2017 թվականի հունվարի 1-ից մեկնարկել է ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ծառայությունների մատուցման վարձակալության պայմանագիր, որի կողմերն են հանդիսանում Ջրային կոմիտեն՝ որպես վարձատու և «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը՝ որպես վարձակալ, բացի այդ՝ Երևան քաղաքի վարչական տարածքում առկա դիտահորերը չեն գտնվում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում, հետևաբար չեն սպասարկվում Երևանի քաղաքապետարանի կողմից:
3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառներում քաղաքապետը, որպես պատվիրակված լիազորություն, կառավարում է իր կառավարմանը հանձնված պետական սեփականություն համարվող ներհամայնքային հաղորդակցության ուղիների, ջրմուղի, կոյուղու, գազի, ոռոգման ու ջեռուցման ցանցերի և ճարտարագիտական այլ կառույցների շահագործումը:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի «Երևան քաղաքին սեփականության իրավունքով փոխանցվող անհրաժեշտ գույքի ցանկը սահմանելու մասին» N 604-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանվել է, որ Երևանի ավագանու առաջին ընտրությունից հետո սեփականության իրավունքով անհատույց, Երևան քաղաքին են համարվում փոխանցված Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող` նույն կետի 1-ին ենթակետում չներառված` պետական սեփականություն հանդիսացող փողոցները, հրապարակները, տրանսպորտային հանգույցները, հետիոտնի անցումները, այգիները, պուրակները, հուշարձանները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 385-Ն որոշմամբ սահմանված հուշարձանների), արձանները, կիսանդրիները, ջրավազանները, արտաքին լուսավորության ցանցը (այդ թվում` հենասյուները), կամուրջները և այլ ենթակառուցվածքներ:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 28-ի N 1228-Ա որոշմամբ սահմանվել են ջրահեռացման համակարգերի օգտագործման և հեռացվող ջրերի մաքրման կանոնները (այսուհետ՝ Կանոններ):
Կանոնների 8-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ ջրահեռացման համակարգի արդյունավետ և անխափան աշխատանքներն ապահովելու համար ջրահեռացման համակարգը շահագործող կազմակերպությունը կազմակերպում է ցանցերի և կառուցվածքների աշխատանքի խախտումների ու վթարների պատճառների վերլուծությունը և մշակում միջոցառումներ՝ դրանք կանխելու և վերացնելու համար:
Կանոնների 68-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ ցանցի ստուգայցի և զննման ժամանակ ստուգվում են դիտահորերի արտաքին վիճակը, կափարիչների տեղակայվածությունը, կիպությունը:
Կանոնների 72-րդ կետի համաձայն՝ շահագործման ընթացքում առաջացած թերությունները հայտնաբերելու նպատակով ստուգվում են դիտահորերի պատերի, կոկորդային մասի, ճարմանդների, աստիճանների, մտոցի կափարիչների, առվակների մուտքի և ելքի խողովակների վիճակները, մաքրվում առաջացած նստվածքները, միաժամանակ ստուգվում դիտահորին կից տեղամասերի ուղղագիծ լինելը:
Վերը մեջբերված իրավանորմերից հետևում է, որ Երևան քաղաքի վարչական տարածքում առկա դիտահորերը Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի N 604-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով չեն փոխանցվել Երևան համայնքի սեփականությանը, իսկ 2017 թվականի հունվարի 1-ից գտնվում են «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության օգտագործման ներքո, հետևաբար դրա արտաքին տեսքի և կափարիչը փակ վիճակում շահագործումն ապահովելը գտնվում է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության պատասխանատվության ներքո և չի առնչվում Երևանի քաղաքապետարանի գործառույթներին, քանի որ այդ մասով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործառույթները պետության կողմից Երևանի քաղաքապետին չեն վերապահվել:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ նույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առաջացող հարաբերությունները, սահմանում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի պետական քաղաքականության սկզբունքները և ուղղությունները, ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման իրավական հիմքերը, ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման բնագավառի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, ինչպես նաև ճանապարհային երթևեկության մասնակիցների իրավունքները և պարտականությունները։
Օրենքի 9.1-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի համաձայն՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ՝ ներքին գործերի լիազոր մարմին) վերահսկողություն է իրականացնում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ և ձեռնարկում օրենքով նախատեսված միջոցներ, իսկ նույն հոդվածի 1-ին մասի «է» հսկողություն է իրականացնում ճանապարհները և դրանց ինժեներական կառույցները, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները տեխնիկական նորմերի, կանոնների և ստանդարտների պահանջներին համապատասխանեցնելու նկատմամբ, ներկայացնում հայտնաբերված խախտումների վերացման պահանջներ:
Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» կետի համաձայն՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը կազմակերպում և անցկացնում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ կանխարգելիչ միջոցառումներ:
Օրենքի 1-ին, 9.1-րդ և 10-րդ հոդվածներով նախատեսված՝ վերը մեջբերված իրավանորմերից հետևում է, որ անվտանգ երթևեկություն ապահովելու գործառույթն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից, հետևաբար քննարկվող պատահարի պատճառ դիտահորի կափարիչը բաց լինելու վիճակով պայմանավորված ենթադրաբար անվտանգ երթևեկություն ապահովված չլինելու պատճառով ինքնավթար տեղի ունենալու արդյունքում առաջացած վնասի փոխհատուցման հարցում ևս Երևանի քաղաքապետը չի հանդիսանում իրավասու պատասխանատու վարչական մարմին:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 164-րդ հոդվածի համաձայն՝ սեփականատերը կրում է իրեն պատկանող գույքի պահպանման հոգսը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի համաձայն` քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը որպես փոխհատուցման ենթակա վնաս դիտել է այն վնասը, որը պատճառվել է տեղական ինքնակառավարման մարմնի ապօրինի գործողություններով (անգործությամբ), որպիսի հանգամանքը վարույթով ապացուցված չէ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96–րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ նույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
2026 թվականի մայիսի 11-ի թիվ Դ-47174-26 դիմումում նկարագրված պատահարում վարչական մարմնի պայմանական մեղավորության դիտարկումը ենթադրում է վերջինիս կողմից ենթադրաբար իր սեփականությունը հանդիսացող գույքը պատշաճ վիճակում չշահագործելու փաստի քննարկում, ինչը տվյալ պարագայում բացառվում է դիտահորը համայնքային սեփականություն չհանդիսանալու փաստի ուժով, ինչի շրջանակներում առանցքային նշանակություն ունի այն հարցերի պարզումը, թե արդյո՞ք Երևանի քաղաքապետարանի կողմից դրսևորված է եղել քննարկվող պատահարին հանգեցրած ապօրինի գործողություն կամ անգործություն, թե՞ ոչ, արդյո՞ք այն օրենքով սահմանված կարգով ճանաչվել է ոչ իրավաչափ, թե՞ ոչ և արդյո՞ք պահանջված վնասը հանդիսանում է վարչական մարմնի ոչ իրավաչափ գործողության կամ անգործության ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին, մասնավորապես` արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման (տե՛ս, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
Դատական պրակտիկայում հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծը բնորոշվում է որպես գործողություն կամ անգործություն, որը խախտում է օրենքի, այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նաև անձի սուբյեկտիվ իրավունքը: Գործողությունն անձի նպատակաուղղված, կամային արարքն է, իսկ անգործությունն արտահայտվում է անհրաժեշտ և պարտադիր վարքագիծ դրսևորելուց ձեռնպահ մնալով:
Ոչ օրինաչափ վարքագծի և վնասի միջև պատճառահետևանքային կապը ենթադրում է, որ վնասը պետք է հանդիսանա ոչ օրինաչափ վարքագծի ուղղակի, անմիջական հետևանք: Այն դեպքում, երբ վնասն անհրաժեշտաբար թելադրված չէ ոչ օրինաչափ գործողությամբ (անգործությամբ), կամ գործողության (անգործության) և վնասի միջև կապն անուղղակի է, վնասի հատուցման համար անհրաժեշտ պատճառահետևանքային կապի պայմանն առկա չէ:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման խնդրին, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին ոչ իրավաչափ ճանաչված լինի անձին վնաս հասցրած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որից հետո միայն անձը պարտավոր է նախ դիմել վնասը պատճառած վարչական մարմին, որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկել վերադասության կամ դատական կարգով (տե՛ս, թիվ ՎԴ/3280/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը):
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/1761/05/14 վարչական գործով 2016 թվականի դեկտեմբերի 26-ին կայացված որոշմամբ տվել է հետևյալ պարզաբանումը.
«Այսպիսով, ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պետության պատասխանատվության պայմաններն են վնասի առկայությունը և դրա վրա հասնելը (պատճառվելը) ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով: Այսինքն` վարչական մարմինների պարտականությունների խախտման և վնասի պատճառման միջև պետք է առկա լինի իրավական նշանակություն ունեցող պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած` վարչարարությունն ոչ իրավաչափ ճանաչելը դեռևս չի նշանակում, որ անձը վնասը կրել է հենց վարչարարության հետևանքով. անհրաժեշտ է, որ վարչարարության և պատճառված վնասի միջև առկա լինի անմիջական պատճառահետևանքային կապ:
Պատճառահետևանքային կապի հարցը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առանձին գնահատման առարկա պետք է դառնա, և դրա առկայությունը որոշելիս առանցքային պետք է համարվի այն գաղափարը, որ պատճառահետևանքային կապի առկայության մասին կարող է խոսք լինել միայն այն դեպքում, երբ վնասի առաջացումը ոչ իրավաչափ վարչարարության անխուսափելի և անմիջական արդյունքն է: Հետևաբար ոչ իրավաչափ վարչարարության և առաջացած վնասների միջև պատճառահետևանքային կապ կարող է առկա լինել, եթե վնասի առաջացումը հանդիսանում է իրականացված վարչարարության օբյեկտիվորեն անհրաժեշտ և ուղղակի արդյունքը: Եթե բացասական հետևանքները կարող էին առաջանալ նաև առանց ոչ իրավաչափ վարչարարության (իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև իրավաչափ վարչարարության), ուրեմն դրանց միջև պատճառահետևանքային կապը բացակայում է:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ նշված պայմաններից թեկուզ մեկի բացակայությունը բացառում է վնասի հատուցման պահանջի բավարարման հնարավորությունը:»:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ 2026 թվականի մայիսի 11-ի թիվ Դ-47174-26 դիմումի հիման վրա իրականացված վարչարարությամբ չի ապացուցվել 2026 թվականի ապրիլի 1-ին «Hongqi E-QM5» մակնիշի «37 OJ 956» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մասնակցությամբ ինքնավթարը Երևանի քաղաքապետարանի մեղքով տեղի ունենալու հանգամանքը, այն է՝ չի ներկայացվել պատահարի վայրում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, դիտահորի կափարիչը կոտրված, հորիզոնական ձևով կանգնեցված վիճակում գտնվելու հանգամանքով պայմանավորված Երևանի քաղաքապետարանի ենթադրյալ գործողությունը կամ անգործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, չի հիմնավորվել պահանջված վնասը Երևանի քաղաքապետարանի՝ ենթադրյալ ոչ իրավաչափ գործողության կամ անգործության ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը հանդիսանալու հանգամանքը, հաշվի առնելով, որ դիտահորը չի հանդիսանում համայնքային սեփականություն և չի գտնվում վերջինիս տնօրինման ու սպասարկման ներքո, ուստի հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 164-րդ, 1058-րդ, 1063-րդ, 1071.1-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 28-ի N 1228-Ա որոշման դրույթները և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ, 43-րդ և 96-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇԵՑԻ
1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ Գևորգ Եգորյանի 2026 թվականի մայիսի 11-ի թիվ Դ-47174-26 դիմումով ներկայացված՝ վնասի հատուցման պահանջը մերժել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |