ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ (ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ) ԿՈՄԻՏԵԻ ՎՃԻՌԸ ԷԼԻԶԱ ՍԱՄՎԵԼՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 30374/17
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 05.06.2026
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
30.04.2026
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.2026

Ներմուծեք նկարագրությունը_15382

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

Գանգատ թիվ 30374/17

 

Էլիզա ՍԱՄՎԵԼՅԱՆՆ

ընդդեմ Հայաստանի

 

Վ Ճ Ի Ռ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), 2026 թվականի ապրիլի 2-ին հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝

Գեորգիոս Ա. Սերղիդես [Georgios A. Serghides]՝ Նախագահ,

Ջիլբերտո Ֆելիչի [Gilberto Felici],

Դիանա Սարկու [Diana Sârcu]՝ դատավորներ,

և Մարտինա Կելլեր [Martina Keller]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,

հաշվի առնելով՝

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն 2017 թվականի մարտի 29-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 30374/17) ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 1973 թվականին ծնված, Գյումրիում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի տիկին Էլիզա Սամվելյանի (դիմումատու) կողմից, որին ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Տ. Եգորյանը,

Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն գանգատի մասով Հայաստանի կառավարությանը (Կառավարություն), որը ներկայացրել է նախկին լիազոր ներկայացուցիչ, Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը, ծանուցելու մասին որոշումը,

Հայաստանի կողմից ընտրված դատավոր պրն Վահե Գրիգորյանի բացարկը (Դատարանի կանոնակարգի 28-րդ կանոնի 3-րդ կետ),

կողմերի դիտարկումները,

անցկացնելով խորհրդակցություն, կայացրեց հետևյալ որոշումը.

 

ԳՈՐԾԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Գործը վերաբերում է դիմումատուի որդու մահվանը՝ պարտադիր զինվորական ծառայության ընթացքում։ Դիմումատուն բողոք է ներկայացրել՝ համաձայն Կոնվենցիայի 3-րդ ու 13-րդ հոդվածների։

2. 2011 թվականի դեկտեմբերին դիմումատուի որդին՝ Ս. Սամվելյանը, զորակոչվել է Հայաստանի Հանրապետության բանակ: Դրանից հետո նա ծառայության է նշանակվել Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի զորամասում (զորամաս)՝ տեղակայված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում»։

3. 2012 թվականի հունիսի 1-ին Ս. Սամվելյանը ստորգետնյա ապաստարանում հայտնաբերվել է մահացած` գլխի շրջանում հրազենային վնասվածքով։

4. Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել ինքնասպանության դրդելու կասկածանքով։

5. Ի վերջո, քննությամբ պարզվել է, որ Ս. Սամվելյանն ինքնասպան է եղել կրտսեր սերժանտի (Ս.Կ.) և շարքայինի (Ա.Ա.) կողմից նվաստացման և բռնության ենթարկվելու հետևանքով։ Քննությունը նաև եզրակացրել է, որ ավագ լեյտենանտը (Ռ.Կ.), ի թիվս այլնի, պարբերաբար չի կատարել իր պարտականությունները և դեպքի վայրում փոփոխություններ է կատարել։ Գործը վերաբերում է զինծառայողների, որոնք մեղադրվել են զինվորական կարգապահության դեմ ուղղված տարբեր հանցագործություններ կատարելու մեջ։

6. 2014 թվականի սեպտեմբերի 30-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ս.Կ.-ին մեղավոր է ճանաչել լիազորությունները չարաշահելու և գերազանցելու, մարտական հերթապահության կանոնները խախտելու, ինչպես նաև ենթակայի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեջ և դատապարտել նրան հինգուկես տարվա ազատազրկման։ Այնուհետև այն Ա.Ա.-ին մեղավոր է ճանաչել մարտական հերթապահության կանոնները և զինծառայողների միջև հարաբերությունները կարգավորող օրենսդրական կանոնները խախտելու մեջ՝ ենթակա չհանդիսացող ծառայողի նկատմամբ հետապնդում և բռնություն գործադրելով՝ նրան դատապարտելով չորսուկես տարվա ազատազրկման: Վերջապես, Ռ.Կ.-ն մեղավոր է ճանաչվել մարտական հերթապահության կանոնները խախտելու, իր ծառայողական պարտականությունները չկատարելու և լիազորությունները գերազանցելու մեջ։ Նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման և ազատվել է պատժի կրումից 2013 թվականի հոկտեմբերի 3-ի «Համաներման մասին» օրենքի կիրառմամբ (ընդունվել է Ազգային ժողովի կողմից Հայաստանի Հանրապետության անկախության քսաներկուերորդ տարեդարձի կապակցությամբ):

7. 2015 թվականի հուլիսի 20-ին Վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ է թողել այդ դատավճիռը՝ մերժելով դիմումատուի, մեղադրյալների և մեղադրող կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքները։

8. 2015 թվականի օգոստոսի 28-ին դիմումատուն վճռաբեկ բողոք է ներկայացրել։

9. 2015 թվականի դեկտեմբերի 28-ին Վճռաբեկ դատարանը դիմումատուի բողոքը հայտարարել է անընդունելի՝ հիմքերի բացակայության պատճառով։

10. 2015 թվականի դեկտեմբերի 29-ին այդ որոշման երկու օրինակները գրանցված փոստով ուղարկվել են ներպետական դատավարություններում դիմումատուի ներկայացուցչին՝ բողոքում նշված հասցեին։

11. 2015 թվականի դեկտեմբերի 28-ի որոշումը (տե՛ս վերոնշյալ 9-րդ պարբերությունը) հրապարակվել է 2015 թվականի դեկտեմբերի 30-ին հանրությանը հասանելի առցանց դատական տվյալների բազայում՝ Datalex-ում (տե՛ս Ա.Պ.-ն ընդդեմ Հայաստանի [A.P. v. Armenia], թիվ 58737/14, § 44, 2024 թվականի հունիսի 18):

12. 2016 թվականի հունվարի 25-ին 2015 թվականի դեկտեմբերի 29-ին ուղարկված նամակագրությունը (տե՛ս վերևում 10-րդ պարբերությունը) վերադարձվել է Վճռաբեկ դատարան՝ «ուղարկված» և «չպահանջված» մակնշմամբ։

13. Նույն օրը Վճռաբեկ դատարանը նույն նամակագրությունն ուղարկել է դիմումատուի ներկայացուցչի մեկ այլ հասցեով, որը գտնվել էր գործի նյութերում: Այդ նամակագրությունը երբեք չի վերադարձվել Վճռաբեկ դատարան։

14. 2016 թվականի սեպտեմբերի 14-ին դիմումատուն գրավոր դիմում է ներկայացրել Վճռաբեկ դատարան՝ խնդրելով դատարանի 2015 թվականի դեկտեմբերի 28-ի որոշման պատճենը։ Ի պատասխան՝ նա ստացել է այդ որոշման պատճենը 2016 թվականի սեպտեմբերի 30-ին։

 

ԴԱՏԱՐԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

15. Հիմք ընդունելով Կոնվենցիայի 2-րդ հոդվածը՝ դիմումատուն բողոքել է, որ պետությունը չի կարողացել պաշտպանել իր որդու կյանքը նրա պարտադիր զինվորական ծառայության ընթացքում, և որ գործի քննությունն արդյունավետ չի եղել։ Նա նաև հիմնվել է Կոնվենցիայի 3-րդ ու 13-րդ հոդվածների վրա։

16. Կառավարությունը նշել է, որ Հայաստանն իրավազորություն չունի դիմումատուի կողմից 2-րդ հոդվածի նյութական կողմի համաձայն բարձրացված բողոքի նկատմամբ։ Միևնույն ժամանակ Կառավարությունն ընդունում է, որ առկա է հիմնավոր ապացույց այն մասին, որ Հայաստանն իրավազորություն է ունեցել 2-րդ հոդվածի ընթացակարգային կողմով բարձրացված բողոքի նկատմամբ:

17. Դիմումատուն նշել է, որ իր որդին ծառայել է Հայաստանի իրավազորության ներքո գտնվող տարածքում տեղակայված զորամասում։

18. Դատարանն արդեն քննել է Հայաստանի իրավազորության հարցը Լեռնային Ղարաբաղում զինվորական ծառայության ընթացքում մահացությունների վերաբերյալ այլ գործերով (ներառյալ՝ Կառավարության կողմից բարձրացված նմանատիպ փաստարկները). այն պարզել էր, որ Կոնվենցիայի 1-ին հոդվածի նպատակների համար գոյություն ունի իրավազորության կապ Հայաստանի և այն անձանց միջև, որոնք տվյալ տարածքում զինվորական ծառայության ընթացքում մահացել են մինչև 2020 թվականի նոյեմբերի 10-ը՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ավարտը (տե՛ս մասնավորապես Նանա Մուրադյանն ընդդեմ Հայաստանի [Nana Muradyan v. Armenia], թիվ 69517/11, §§ 86-92, 2022 թվականի ապրիլի 5 և Հովհաննիսյանը և Կարապետյանն ընդդեմ Հայաստանի [Hovhannisyan and Karapetyan v. Armenia], թիվ 67351/13, §§ 57-63, 2023 թվականի հոկտեմբերի 17): Դատարանը սույն գործում չի գտել որևէ հատուկ հանգամանք, որը կստիպեր նրան հրաժարվել այդ գործերով իր եզրակացություններից։ Հետևաբար այն համարում է, որ Հայաստանի և դիմումատուի հանգուցյալ որդու միջև գոյություն ուներ իրավազորության կապ՝ Կոնվենցիայի 1-ին հոդվածի նպատակների համար։

19. Կառավարությունն այնուհետև նշել է, որ դիմումատուն չի հետևել վեց ամսվա կանոնին։ Հղում կատարելով այն փաստին, որ Վճռաբեկ դատարանի 2015 թվականի դեկտեմբերի 28-ի որոշումը (տե՛ս վերոնշյալ 9-րդ պարբերությունը) հրապարակվել էր Datalex-ում 2015 թվականի դեկտեմբերի 30-ին (տե՛ս վերևում՝ 11-րդ պարբերությունը)՝ Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն, հետևաբար, հնարավորություն է ունեցել տեղեկանալ որոշման մասին 2016 թվականի սեպտեմբերից շատ ավելի վաղ (տե՛ս վերոնշյալ 14-րդ պարբերությունը): Ավելին, Վճռաբեկ դատարանը չի կարողացել տվյալ որոշումը հանձնել դիմումատուին՝ դիմումատուի ներկայացուցչի կողմից դատարանին իր (այսինքն՝ ներկայացուցչի) հասցեի փոփոխության մասին չտեղեկացնելու պատճառով: Նույնիսկ այդ դեպքում Վճռաբեկ դատարանը փորձել էր որոշումը կրկին հանձնել՝ դրա պատճենը ուղարկելով այլ հասցեով։ Կառավարության պնդման համաձայն՝ այն փաստը, որ 2016 թվականի հունվարի 25-ին ուղարկված նամակագրությունը չի վերադարձվել, ցույց է տալիս, որ այն ստացվել է այդ ամսաթվից մի քանի օր անց (տե՛ս վերոնշյալ 13-րդ պարբերությունը). հետևաբար վեցամսյա ժամկետը պետք է սկսեր հաշվարկվել այդ պահից։

20. Ի պատասխան՝ դիմումատուն նշել է, որ իրեն պատշաճ կերպով և ժամանակին չեն տեղեկացրել Վճռաբեկ դատարանի 2015 թվականի դեկտեմբերի 28-ի որոշման մասին (տե՛ս վերոնշյալ 9-րդ պարբերությունը): Նա դրա գրավոր պատճենը չի ստացել մինչև 2016 թվականի սեպտեմբերի 30-ը (տե՛ս վերոնշյալ 14-րդ պարբերությունը). նա պնդել է, որ այդ ամսաթիվը, հետևաբար, պետք է համարվի վեցամսյա ժամկետի հաշվարկման մեկնարկային կետ։ Բացի այդ, 2015 թվականին Datalex-ում դատական որոշման հրապարակումը չի համարվել պատշաճ ծանուցում (այդ ժամանակ իրավական պահանջ է եղել, որ տվյալ կողմին պաշտոնապես հանձնվի Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշումը): Որոշակի պահի գիտակցելով, որ Վճռաբեկ դատարանի որոշման ստացումը հետաձգվում է, դիմումատուն դիմել է այդ դատարան և ի վերջո, ստացել է տվյալ որոշման պատճենը 2016 թվականի սեպտեմբերի 30-ին։

21. Երբ դիմումատուն իրավունք ունի ex officio ստանալու վերջնական ներպետական որոշման գրավոր պատճենը, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի առարկան և նպատակը լավագույնս ապահովվում են՝ վեցամսյա ժամկետը հաշվելով գրավոր վճռի հանձնման օրվանից (տե՛ս Ուորմն ընդդեմ Ավստրիայի [Worm v. Austria], 1997 թվականի օգոստոսի 29, § 33, Դատավճիռների և որոշումների մասին զեկույցներ 1997 թվական-V): Միևնույն ժամանակ, դիմումատուների պարտականությունն է պատշաճ ջանասիրությամբ հետևել ներպետական դատավարություններին (տե՛ս Իպեկն ընդդեմ Թուրքիայի (որոշում) [Ipek v. Turkey] (dec.), թիվ 39706/98, 2000 թվականի նոյեմբերի 7):

22. 2015 թվականի հուլիսի 20-ի իր որոշմամբ Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի 2014 թվականի սեպտեմբերի 30-ի վճիռը (տե՛ս վերոնշյալ 6-7-րդ պարբերությունը)։ Դիմումատուն 2015 թվականի օգոստոսի 28-ին վճռաբեկ բողոք է ներկայացրել այդ որոշման դեմ, և Վճռաբեկ դատարանը նրա բողոքի վերաբերյալ որոշում է կայացրել 2015 թվականի դեկտեմբերի 28-ին (տե՛ս վերոնշյալ 8-րդ և 9-րդ պարբերությունները): Սույն գանգատը Դատարան է ներկայացվել 2017 թվականի մարտի 29-ին, այսինքն՝ 2015 թվականի դեկտեմբերի 28-ից ավելի քան վեց ամիս անց։ Դիմումատուն պնդում է, որ վեցամսյա ժամկետը պետք է սկսվեր 2016 թվականի սեպտեմբերի 30-ից (այն օրը, երբ իրեն տրամադրվել է 2015 թվականի դեկտեմբերի 28-ի որոշման պատճենը՝ 2016 թվականի սեպտեմբերի 14-ի իր հարցման համաձայն, տե՛ս վերոնշյալ 14-րդ և 20-րդ պարբերությունները):

23. Դատարանը հաշվի է առնում դիմումատուի այն փաստարկը, որ տվյալ ժամանակահատվածում գործող օրենքի համաձայն նա իրավունք ուներ ստանալու Վճռաբեկ դատարանի որոշման պատճենը, և դրա հրապարակումը Datalex-ում չի կարող համարվել այդ որոշման պատշաճ հանձնում (տե՛ս վերոնշյալ 11, 19 և 20 պարբերությունները):

24. Այնուամենայնիվ, Դատարանը գտնում է, որ Վճռաբեկ դատարանը չի կարողացել իր որոշումը ուղարկել դիմումատուին՝ նրա ներկայացուցչի կողմից դատարանին հասցեի փոփոխության մասին չտեղեկացնելու պատճառով (տե՛ս վերոնշյալ 10-րդ և 12-րդ պարբերությունները):

25. Այնուհետև Վճռաբեկ դատարանը իր որոշումը դիմումատուին հանձնելու ևս մեկ փորձ է արել՝ այն ուղարկելով նրա ներկայացուցչի մեկ այլ հասցեով (որը տարբեր է եղել դիմումատուի ներկայացուցչի կողմից բողոքում նշված հասցեից, տե՛ս վերոնշյալ 13-րդ պարբերությունը): Կողմերը համաձայնության չեն եկել այն հարցում, թե արդյոք այդ նամակագրության՝ Վճռաբեկ դատարան չվերադարձնելու փաստը կարող է մեկնաբանվել որպես այն բանի ցուցիչ, որ դիմումատուի ներկայացուցիչը ստացել է այն (տե՛ս վերոնշյալ 19-րդ և 20-րդ պարբերությունները):

26. Այնուամենայնիվ, դիմումատուն որևէ կոնկրետ պատճառ չի նշել, թե ինչու չի կարողացել 2016 թվականի սեպտեմբերից շուտ հարցում կատարել 2015 թվականի օգոստոսին ներկայացված իր բողոքի արդյունքի մասին: Դատարանը նշում է, որ դիմումատուի 2016 թվականի սեպտեմբերի 14-ի հարցմանը բավականին արագ ընթացք է տրվել, և նրան տրամադրվել է տվյալ որոշման պատճենը երեք շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում

(տե՛ս վերոնշյալ 14-րդ պարբերությունը):

27. Հաշվի առնելով հանգամանքները՝ Դատարանը գտնում է, որ դիմումատուի կողմից իր վճռաբեկ բողոքի արդյունքի մասին մեկ տարուց ավելի անհասկանալի պատճառներով հարցում չկատարելը (տե՛ս, որպես օրինակ, Գրիգորյանը և Գալստյանն ընդդեմ Հայաստանի [Կոմիտե] (որոշում) [Grigoryan and Galstyan v. Armenia] [Committee] (dec.), թիվ 27885/06, §§ 72 և 73, 2017 թվականի մարտի 28, որտեղ դիմումատուն իր վճռաբեկ բողոքի արդյունքի մասին հարցում էր կատարել այն ներկայացնելուց յոթ ամիս անց) հակասել է Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն վեցամսյա կանոնի հիմնական նպատակին (տե՛ս, համապատասխան փոփոխություններով, Ակիֆ Հասանովն ընդդեմ Ադրբեջանի (որոշում) [Akif Hasanov v. Azerbaijan] (dec.), թիվ 7268/10, § 33, 2019 թվականի սեպտեմբերի 19):

28. Հետևաբար գանգատը ներկայացվել է վեցամսյա ժամկետից հետո և պետք է մերժվի՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերի համաձայն։

Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝

Հայտարարում է գանգատն անընդունելի:

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2026 թվականի ապրիլի 30-ին։

 

Մարտինա Կելլեր՝

Գեորգիոս Ա. Սերղիդես՝

Քարտուղարի տեղակալ

Նախագահ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան