ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ (ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ) ԿՈՄԻՏԵԻ ՎՃԻՌԸ ՄԻՆԱՍՅԱՆԸ ԵՎ ԳԵՐԱՎԵՏՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 4892/16 և 24052/16
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 05.06.2026
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
30.04.2026
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.2026

Ներմուծեք նկարագրությունը_15382

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ՄԻՆԱՍՅԱՆԸ ԵՎ ԳԵՐԱՎԵՏՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(գանգատներ թիվ 4892/16 և 24052/16)

 

Վ Ճ Ի Ռ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

30 ապրիլի 2026 թ.

 

Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։

 

Մինասյանը և Գերավետյանն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝

Գեորգիոս Ա. Սերղիդես [Georgios A. Serghides]՝ Նախագահ,

Ջիլբերտո Ֆելիչի [Gilberto Felici],

Դիանա Սարկու [Diana Sârcu]՝ դատավորներ,

և Մարտինա Կելլեր [Martina Keller]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,

հաշվի առնելով՝

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ պրն Կիմ Մինասյանի (առաջին դիմումատու) և պրն Վարդան Գերավետյանի (երկրորդ դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ կից աղյուսակում տարբեր օրերի Դատարան ներկայացված գանգատները,

Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի և 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ներկայացված բողոքների մասին Հայաստանի կառավարությանը (Կառավարություն), որին ներկայացրել է լիազոր ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը և հետագայում Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ պրն Կ. Անդրեասյանը, ծանուցելու և գանգատները մնացած մասով անընդունելի հայտարարելու մասին որոշումը,

կողմերի դիտարկումները,

գանգատները Կոմիտեի կողմից քննելու վերաբերյալ Կառավարության առարկությունը մերժելու մասին որոշումը,

Հայաստանի Հանրապետության կողմից ընտրված դատավոր պրն Վահե Գրիգորյանի ինքնաբացարկը (Դատարանի կանոնակարգի 28-րդ կանոն, կետ 3),

2026 թվականի ապրիլի 2-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

 

ԳՈՐԾԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն գործը վերաբերում է ցույցի ընթացքում դիմումատուների ենթադրյալ ապօրինի ձերբակալությանը և ոստիկանության կողմից նրանց ձերբակալության պատճառների մասին անհապաղ տեղեկացնելու պարտականության ենթադրյալ խախտմանը։ Դիմումատուները հիմնվում են Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի վրա։ Երկրորդ դիմումատուն, 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, նաև բողոքել է՝ պնդելով, որ իրեն զրկել են Վճռաբեկ դատարան դիմելու հնարավորությունից։

2. 2013 թվականի օգոստոսի 24-ին մի խումբ ցուցարարներ, այդ թվում՝ դիմումատուները, մոտ 50 րոպեով արգելափակել են Երևանի Կոմիտասի պողոտայի երթևեկությունը։ Այնուհետև երկու դիմումատուներն էլ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (Օրենսգիրք) 258-րդ հոդվածի հիման վրա տարվել են ոստիկանության բաժին՝ «ոստիկանության օրինական կարգադրություններին չենթարկվելու» վերաբերյալ վարչական իրավախախտման արձանագրություններ կազմելու նպատակով, որն Օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն վարչական իրավախախտում է։ Նույն Օրենսգրքի համաձայն՝ այսպիսի ազատազրկումը չի կարող գերազանցել մեկ ժամը։

3. Ըստ ոստիկանության նյութերի՝ առաջին դիմումատուն ոստիկանության բաժին է տարվել մոտավորապես ժամը 17:00-ին։ Այնուհետև նա տեղափոխվել է ոստիկանության մեկ այլ բաժին՝ վարչական իրավախախտման արձանագրություն կազմելու նպատակով, որը, Օրենսգրքի համաձայն, չի կարող գերազանցել երեք ժամը։ Նույն Օրենսգրքի ինչպես 259-րդ, այնպես էլ 258-րդ հոդվածը մասնավորապես թույլ էր տալիս վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով կիրառել վարչական կալանք, եթե դա կազմելն անհրաժեշտ էր և տեղում հնարավոր չէր իրականացնել (տե՛ս Իշխանյանն ընդդեմ Հայաստանի [Ishkhanyan v. Armenia], թիվ 5297/16, §§ 59-60, 2025 թվականի փետրվարի 13)։ Վարչական գործի նյութերի համաձայն՝ առաջին դիմումատուն ձերբակալվել է ցույցի վայրում ժամը 17:45-ին։ Նրան ազատ են արձակել ժամը 19:20-ին։

4. Երկրորդ դիմումատուն ոստիկանության բաժին է տարվել ժամը 16:05-ին։ Բաժնում գտնվելու ընթացքում մասնավորապես կազմվել են նրա վարչական կալանքի և վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Նրան ազատ են արձակել ժամը 19։05-ին։

5․ 2013 թվականի սեպտեմբերի 9-ին և 10-ին ոստիկանությունը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով տուգանք նշանակել դիմումատուի նկատմամբ՝ Oրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն ։

6. Դիմումատուները ոստիկանության դեմ ներկայացրել են հակընդդեմ հայցեր՝ մասնավորապես բողոքելով, որ իրենք կամայականորեն զրկվել են ազատությունից ։

7. Վարչական դատարանը տարբեր ժամանակներում բավարարել է ոստիկանության հայցերը և մերժել դիմումատուների համապատասխան հակընդդեմ հայցերը։ Ուսումնասիրելով դեպքերի տեսագրությունները՝ Վարչական դատարանը պարզել է, որ ցուցարարները, այդ թվում՝ դիմումատուները, փակել են փողոցի երթևեկությունը և չեն ենթարկվել ոստիկանության՝ ճանապարհն ազատելու օրինական կարգադրություններին՝ դրանով իսկ կատարելով վարչական իրավախախտում՝ համաձայն Օրենսգրքի 182-րդ հոդվածի։ Դատարանը յուրաքանչյուր դիմումատուի նկատմամբ կիրառել է 50 000 ՀՀ դրամի չափով տուգանք (տվյալ պահի փոխարժեքով՝ շուրջ 90 եվրո)։ Ինչ վերաբերում է դիմումատուների հակընդդեմ հայցերին, դատարանը գտել է, որ ոստիկանության գործողությունները համապատասխանել են Օրենսգրքի 258-րդ հոդվածին, որը թույլ էր տալիս անձին ոստիկանական կալանքի տակ պահել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով, եթե այն հնարավոր չէր կազմել այն վայրում, որտեղ իրավախախտումը հայտնաբերվել էր։ Հաշվի առնելով, որ ցույցը բազմամարդ և քաոսային է եղել, ոստիկանությունը ստիպված է եղել դիմումատուներին տեղափոխել ոստիկանության բաժին՝ համապատասխան արձանագրությունները կազմելու նպատակով։ Դատարանը դիմումատուների վարչական ձերբակալումն արդարացնելու նպատակով հղում է կատարել նաև Օրենսգրքի 259-րդ հոդվածին։ Առաջին դիմումատուի տեղափոխումը մի ոստիկանության բաժնից մյուսը բացատրվել է այն հանգամանքով, որ առաջին բաժինը ծանրաբեռնված է եղել և ի վիճակի չի եղել իրականացնել անհրաժեշտ վարչական ընթացակարգերը, քանի որ չէր կանխատեսել նման մեծաթիվ ցույց և հերթապահության մեջ բավարար թվով աշխատակիցներ չի ունեցել։ Դատարանը նաև գտել է, որ դիմումատուները վարչական կալանքի համար նախատեսված երեքժամյա առավելագույն ժամկետից ավել չեն պահվել ոստիկանությունում։ Երկու վճիռներն էլ վերաքննության կարգով թողնվել են անփոփոխ։

8. Վճռաբեկ դատարանը մերժել է առաջին դիմումատուի՝ հետագայում ներկայացված բողոքը, և նրան այդ մասին ծանուցել են 2015 թվականի հուլիսի 8-ին։

9. 2015 թվականի հուլիսի 29-ին երկրորդ դիմումատուն վճռաբեկ բողոք է ներկայացրել։ Իր բողոքում նա խնդրել է դատարանին թույլատրել իրեն վերաքննիչ բողոք ներկայացնել, չնայած վերաքննիչ բողոք ներկայացնելու համար նախատեսված մեկամսյա ժամկետը բաց թողնելուն, քանի որ վերաքննիչ դատարանի 2015 թվականի հունիսի 23-ի որոշման պատճենն իրեն հանձնվել էր միայն 2015 թվականի հունիսի 29-ին: Նա պնդել է, որ բողոք ներկայացնելու մեկամսյա ժամկետը պետք է հաշվարկվի այդ օրվանից։ Երկրորդ դիմումատուի վերաքննիչ բողոքին կցված էր ապացույց, որ նա այդ փաստաթղթի պատճենը հանձնել էր հակառակ կողմին և ստորին ատյանի դատարանին՝ օրենքով սահմանված կարգով։

10. Վճռաբեկ դատարանը վերադարձրել է նրա բողոքը՝ պետական տուրքը չվճարելու հիմքով, և սահմանել եռօրյա ժամկետ՝ տուրքը վճարելու և բողոքը կրկին ներկայացնելու համար, ինչը երկրորդ դիմումատուն կատարել է։

11. 2015 թվականի հոկտեմբերի 14-ին Վճռաբեկ դատարանը մերժել է երկրորդ դիմումատուի բողոքը՝ այն մեկամսյա ժամկետի ավարտից հետո ներկայացված լինելու հիմքով։ Դատարանը նշել է, որ ժամկետը պետք է հաշվարկվեր վերաքննիչ դատարանի որոշման կայացման օրվանից (2015 թվականի հունիսի 23), այլ ոչ թե ավելի ուշ՝ 2015 թվականի հունիսի 29-ից, երբ որոշումը հանձնվել էր դիմումատուին։ Դիմումատուն նաև չի կարողացել ապացույցներ ներկայացնել այն մասին, որ իր փոփոխված վերաքննիչ բողոքը հանձնել է ոստիկանությանը և ստորին ատյանի դատարանին․ բողոքին կցված էին միայն ապացույցներ, որ նա ոստիկանությանը և ստորին ատյանի դատարանին ուղարկել էր իր նախնական բողոքի պատճենները (տե՛ս վերևում՝ 9-րդ պարբերությունը)։ Սա ևս հանդիսացել է բողոքը մերժելու լրացուցիչ հիմք։ Մասնավորապես հղում կատարելով բողոքը վերադարձնելու վերաբերյալ իր որոշմանը (տե՛ս վերևում՝ 10-րդ պարբերությունը)՝ Վճռաբեկ դատարանը նշել է, որ արդեն իսկ նույն գործով, բողոքում ներկայացված նույն հիմքերով, կայացրել է որոշում, ինչը Վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն հանդիսանում էր բողոքն անընդունելի ճանաչելու հիմք։ Դիմումատուն այդ որոշման մասին ծանուցվել է 2015 թվականի հոկտեմբերի 21-ին։

12. 2017 թվականի մայիսի 25-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-1370 որոշմամբ, ըստ էության, արձանագրել է, որ վերոնշյալ 160-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը կիրառելի չէ Վճռաբեկ դատարանի այն որոշման նկատմամբ, որով բողոքը վերադարձվում է տեխնիկական կամ դատավարական բնույթի սխալների պատճառով, այլ վերաբերում է բողոքի ըստ էության քննության արդյունքում կայացված որոշմանը։ Եթե բողոք ներկայացնողը բողոքը վերադարձնելու մասին որոշումը կայացվելուց հետո թույլ է տալիս նոր սխալներ, ապա ընթացակարգային պահանջները չկատարելը կարող է հանգեցնել բողոքի կրկին վերադարձմանը՝ սահմանելով թերությունները վերացնելու և այն կրկին ներկայացնելու ժամկետ։ Այն դեպքերում, երբ Վճռաբեկ դատարանը բողոքում հայտնաբերում է թերություններ, որոնք չեն վերաբերում բողոքի բովանդակությանը, փոփոխված բողոքի պատճենը վարույթի կողմերին և ստորին ատյանի դատարանին տրամադրելու վերաբերյալ ապացույց ներկայացնելու պահանջը չի բխում արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից։

 

ԴԱՏԱՐԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

I. ԳԱՆԳԱՏՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄԸ

 

13. Հաշվի առնելով գանգատների առարկաների նույնաբովանդակությունը՝ Դատարանը նպատակահարմար է գտնում դրանք քննել համատեղ՝ մեկ վճռով։

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

14. Հիմնվելով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի վրա՝ դիմումատուները բողոքել են, որ իրենց ազատությունից ապօրինաբար և կամայականորեն են զրկել։

15. Դատարանը նշում է, որ սույն բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ակնհայտ անհիմն չէ և անընդունելի չէ նաև որևէ այլ հիմքով։ Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։

16. Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետին վերաբերող ընդհանուր սկզբունքներն ամփոփվել են Ս.-ն, Վ.-ն և Ա.-ն ընդդեմ Դանիայի [ՄՊ] [S., V. and A. v. Denmark] ([GC], թիվ 35553/12 և ևս 2 այլ գործերում, §§ 73-77, 2018 թվականի հոկտեմբերի 22)։ Ազատությունից զրկումը միայն ներպետական իրավունքին համապատասխան իրականացված լինելը բավարար չէ. այն պետք է նաև անհրաժեշտ լինի տվյալ հանգամանքներում (նույն տեղում, § 77)։

17. Դիմումատուներին ազատազրկելն ունեցել է նրանց համապատասխան իրավասու մարմնի առջև ներկայացնելու նպատակ՝ վարչական իրավախախտում կատարելու կասկածանքի հիմքով, և հետևաբար այն Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի գործողության շրջանակում էր (համեմատե՛ք Բերկմանն ընդդեմ Ռուսաստանի [Berkman v. Russia], թիվ 46712/15, § 36, 2020 թվականի դեկտեմբերի 1, և Մատչավարիանին ընդդեմ Վրաստանի [Matchavariani v. Georgia], թիվ 46852/21, § 61, 2025 թվականի մայիսի 20, գործերը)։

18. Սույն գործով Վարչական դատարանը հաստատել է, որ դիմումատուները հրաժարվել են կատարել ճանապարհը չփակելու վերաբերյալ ոստիկանության կարգադրությունները, և որ ցույցի ընթացքում ստեղծված քաոսային իրավիճակը ոստիկանությանը հնարավորություն չի տվել տեղում կազմելու վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, ինչի հետևանքով դիմումատուներին անհրաժեշտ է եղել տեղափոխել ոստիկանության բաժին։ Սակայն առաջին դիմումատուին ոստիկանության բաժին տեղափոխելուց (258-րդ հոդվածի հիմքով) 45 րոպե անց նրան կրկին զրկել են ազատությունից․ այս անգամ վարչական ձերբակալում է կիրառվել (259-րդ հոդվածի հիմքով)։ Ներպետական դատարանները չեն պարզել, թե այդ 45 րոպեի ընթացքում ինչ միջոցներ են ձեռնարկվել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու համար, ինչը հանդիսանում էր դիմումատուին ոստիկանությունում պահելու պատճառը։ Թեև հետագայում փորձ է արվել արդարացնել դիմումատուի տեղափոխումը մեկ ոստիկանության բաժնից մյուսը՝ առաջին բաժնում աշխատակիցների պակասով և վարչական գործընթացն իրականացնելու անհրաժեշտությամբ, դիմումատուն վարչական ձերբակալման չի ենթարկվել որևէ նոր հիմքով կամ Օրենսգրքի 259-րդ հոդվածի իմաստով որևէ լրացուցիչ իրավական պատճառաբանությամբ։ Իրականում ո՛չ ոստիկանության, ո՛չ էլ դատարանների կողմից որևէ հիմնավորում չի ներկայացվել այդ հոդվածի հիմքով դիմումատուի վարչական ձերբակալման վերաբերյալ։ Ձերբակալման արձանագրությունում որևէ անհրաժեշտության մասին նշված չի եղել, և փոխարենը, արձանագրվել է, որ դիմումատուն ազատությունից զրկվել է ժամը 17:45-ին ցույցի վայրում։ Հետևաբար անտեսվել է այն հանգամանքը, որ մինչ այդ նա արդեն 45 րոպե պահվել էր ոստիկանությունում՝ իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու նպատակով։ Նման հանգամանքներում, նույնիսկ եթե Օրենսգրքի 258-րդ հոդվածի հիմքով դիմումատուին ազատությունից զրկելն իսկապես անհրաժեշտ է եղել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմելու համար, քանի որ դա հնարավոր չէր կազմել տեղում, նրա հետագա վարչական ձերբակալումը եղել է կամայական, քանի որ այն փաստացի հանդիսացել է նրա ազատությունից սկզբնական զրկման ժամկետի երկարաձգում, որը 258-րդ հոդվածի համաձայն չէր կարող տևել մեկ ժամից ավելի։

19. Ինչպես առաջին դիմումատուն, այնպես էլ երկրորդ դիմումատուն սկզբում տարվել են ոստիկանության բաժին՝ Օրենսգրքի 258-րդ հոդվածին համապատասխան, ապա ձերբակալվել՝ 259-րդ հոդվածի համաձայն։ Սակայն նույնիսկ ենթադրելով, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը հնարավոր չի եղել կազմել տեղում, իշխանությունները չեն պարզաբանել, թե ինչու այն չի կազմվել այն մեկ ժամվա ընթացքում, երբ դիմումատուն պահվել է ոստիկանությունում՝ 258-րդ հոդվածի համաձայն։ Նրանք նաև չեն հիմնավորել, թե արդյոք նույն նպատակով իրականացված հետագա վարչական ձերբակալումն առհասարակ անհրաժեշտ էր։

20. Վերոնշյալ նկատառումները բավարար են եզրակացնելու համար, որ երկու դիմումատուների վարչական ձերբակալումը զերծ չի եղել կամայականությունից, քանի որ իշխանությունները չեն կարողացել ապացուցել, որ այն անհրաժեշտ է եղել տվյալ հանգամանքներում:

21. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։

 

III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ (ԹԻՎ 24052/16)

 

22. Երկրորդ դիմումատուն, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, բողոքել է նաև, որ իր բողոքը մերժելով՝ Վճռաբեկ դատարանը խախտել է դատարանի մատչելիության իր իրավունքը։ Սույն բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ակնհայտ անհիմն չէ և անընդունելի չէ նաև որևէ այլ հիմքով։ Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։

23. Վաչիկ Կարապետյանը և այլք ընդդեմ Հայաստանի [Vachik Karapetyan and Others] հիմնական գործով (թիվ 15736/16 և 2 այլ գործեր, 2025 թվականի մայիսի 15) Դատարանն արդեն իսկ արձանագրել է խախտում՝ սույն գործին նման հարցերի առնչությամբ (§§ 94-101)։ Նույն նկատառումները կիրառելի են նաև սույն գանգատի նկատմամբ։

24. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի բողոքն ամեն դեպքում անընդունելի է եղել, քանի որ նա թույլ է տվել ևս մեկ դատավարական սխալ, այն է՝ չի ներկայացրել ապացույցներ, որ իր փոփոխված բողոքի պատճենը տրամադրել է ոստիկանությանը և ստորին ատյանի դատարանին։ Սակայն, ինչպես նշել է դիմումատուն, ներպետական իրավունքի համաձայն նման դատավարական սխալը չպետք է հանգեցներ նրան, որ Վճռաբեկ դատարանը հրաժարվեր քննել բողոքը՝ իր կողմից նշված հիմքերով (տե՛ս վերևում՝ 12-րդ պարբերության վերջում)։

25. Հետևաբար Դատարանը գտնում է, որ դիմումատուի դատավարական իրավունքների սահմանափակումները խաթարել են նրա՝ դատարանի մատչելիության իրավունքի էությունը:

26. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։

 

IV. ՄՅՈՒՍ ԲՈՂՈՔԸ

 

27. Դիմումատուները նաև բողոք են ներկայացրել՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն։

28. Դատարանը քննության է առել գանգատների այդ մասը և գտնում է, որ իր տրամադրության տակ գտնվող բոլոր նյութերը հաշվի առնելով, և որքանով որ բողոքարկվող հարցերը գտնվում են իր իրավազորության շրջանակներում, սույն բողոքը կա՛մ չի համապատասխանում Կոնվենցիայի 34-րդ և 35-րդ հոդվածներով սահմանված ընդունելիության չափանիշներին, կա՛մ չի բացահայտում Կոնվենցիայով կամ դրան կից արձանագրություններով ամրագրված իրավունքների և ազատությունների խախտման որևէ դրսևորում։

Հետևաբար գանգատների այս մասը պետք է մերժվի՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն։

 

ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

29. Դիմումատուներից յուրաքանչյուրը պահանջել է 3 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։ Նրանք նաև առանձին պահանջել են 1 405 000 ՀՀ դրամ՝ որպես հատուցում ներպետական դատարաններում կրած ծախսերի և ծախքերի համար, ինչպես նաև 1 000 000 ՀՀ՝ Դատարանում կրած ծախսերի և ծախքերի համար, ընդ որում, նրանցից յուրաքանչյուրի պահանջած ընդհանուր գումարը համարժեք է 3 798 եվրոյի։ Նյութական վնասի մասով որևէ պահանջ նրանք չեն ներկայացրել։

30. Կառավարությունը վիճարկել է այդ պահանջները։

31. Դատարանն առաջին դիմումատուին շնորհում է 1 600 եվրո, իսկ երկրորդ դիմումատուին՝ 3 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, երկու դեպքում էլ՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկեր։

32. Հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող փաստաթղթերը և իր նախադեպային իրավունքը (տե՛ս Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի [Suren Antonyan v. Armenia], թիվ 20140/23, § 151, 2025 թվականի հունվարի 23, լրացուցիչ հղումներով)՝ Դատարանը ողջամիտ է համարում դիմումատուներին համատեղ շնորհել 2 000 եվրո՝ Դատարանում վարույթի հետ կապված ծախսերի և ծախքերի հատուցման համար, որը պետք է վճարվի դիմումատուների հիմնական փաստաբան պարոն Տ. Եգորյանին, գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ, որը կարող է գանձվել դիմումատուներից, և մերժում է պահանջի մնացած մասը։

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

 

1. Որոշում է միացնել գանգատները.

2. Հայտարարում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ներկայացված՝ դիմումատուների ձերբակալության օրինականությանը վերաբերող բողոքները, ինչպես նաև երկրորդ դիմումատուի՝ 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ներկայացված՝ դատարանի մատչելիության իրավունքի խախտման վերաբերյալ բողոքն ընդունելի, իսկ գանգատների մնացած մասը՝ անընդունելի.

3. Վճռում է, որ երկու դիմումատուների նկատմամբ էլ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում.

4. Վճռում է, որ երկրորդ դիմումատուի նկատմամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում (գանգատ թիվ 24052/16).

5. Վճռում է, որ՝

ա) պատասխանող պետությունը պետք է երեք ամսվա ընթացքում դիմումատուներին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով․

i) առաջին դիմումատուին՝ ոչ նյութական վնասի դիմաց՝ 1 600 եվրո (հազար վեց հարյուր եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,

ii) երկրորդ դիմումատուին՝ ոչ նյութական վնասի դիմաց՝ 3 000 եվրո (երեք հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,

iii) դիմումատուներին միասին՝ ծախսերի և ծախքերի դիմաց՝ 2 000 եվրո (երկու հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ, որը պետք է վճարվի նրանց գլխավոր փաստաբան պարոն Տ. Եգորյանին,

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.

6. Մերժում է դիմումատուների՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2026 թվականի ապրիլի 30-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։

 

Մարտինա Կելլեր՝

Գեորգիոս Ա. Սերղիդես՝

Քարտուղարի տեղակալ

Նախագահ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

Գործերի ցուցակ.

 

Թիվ

Գանգատ թիվ

Գործի անվանումը

Ներկայացվել է

Դիմումատուն

Ծննդյան տարեթիվը

Քաղաքացիությունը

Ներկայացրել է 

1.

4892/16

Մինասյանն ընդդեմ Հայաստանի

08.01.2016 թ.

Կիմ ՄԻՆԱՍՅԱՆ

1991թ.

 Հայաստան

Տիգրան Եգորյան

Լուսինե Հակոբյան

Գենյա Պետրոսյան

2.

24052/16

Գերավետյանն ընդդեմ Հայաստանի

21.04.2016 թ.

Վարդան ԳԵՐԱՎԵՏՅԱՆ

1962թ․,

Հայաստան, Ռուսաստան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան