ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ (ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ) ԿՈՄԻՏԵԻ ՎՃԻՌԸ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 9970/19
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 05.06.2026
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
30.04.2026
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.04.2026

Ներմուծեք նկարագրությունը_15382

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(գանգատ թիվ 9970/19)

 

Վ Ճ Ի Ռ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

30 ապրիլի 2026 թ.

 

Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:

 

Մանուչարյանն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝

Անդրեաս Զունդ [Andreas Zünd]՝ Նախագահ,

Միկոլա Գնատովսկի [Mykola Gnatovskyy],

Վահե Գրիգորյան [Vahe Grigoryan]՝ դատավորներ,

և Մարտինա Կելլեր [Martina Keller]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,

հաշվի առնելով՝

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն` Երևանում գործող իրավաբան պրն Մ․ Շուշանյանի կողմից ներկայացված՝ 1991 թվականին ծնված և Վանաձորում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Օնիկ Մանուչարյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի փետրվարի 8-ին ներկայացված գանգատը,

գանգատի մասին Հայաստանի կառավարությանը (Կառավարություն), որին սկզբում ներկայացրել է նախկին ներկայացուցչի տեղակալ պրն Լ․ Դրմեյանը և հետագայում Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ պրն Կ․ Անդրեասյանը, ծանուցելու մասին որոշումը,

կողմերի դիտարկումները,

2026 թվականի մարտի 26-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

 

ԳՈՐԾԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1․ Գործը վերաբերում է զինվորական ծառայության ընթացքում դիմումատուի եղբոր մահվանը, ենթադրաբար՝ ինքնասպանության հետևանքով առաջացած մահվանը և հետագա քննությանը։ Դրանով հարցեր են բարձրացվում՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն։

2․ 2012 թվականի հունիսի 27-ին դիմումատուի որդին՝ Մ․ Մանուչարյանը, զորակոչվել է հայկական բանակ:

3․ 2013 թվականի հուլիսի 31-ին՝ մոտավորապես ժամը 14։40-ին, Մ․ Մանուչարյանին գտել են մահացած՝ գլխին հրազենային վնասվածքով, իր զորամասի ավտոկայանատեղիի մոտ գտնվող դիտաշտարակում։

4․ Միևնույն ամսաթվին Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը քրեական վարույթ է հարուցել ինքնասպանության հասցնելու կապակցությամբ և նշանակել է դիահերձում, ինչպես նաև դատաձգաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ։ Նույն օրն անցկացված դեպքի վայրի զննության ընթացքում, ի թիվս այլնի, հայտնաբերվել են հետևյալ առարկաները՝ զինվորական գլխարկ (անցքով), ինքնաձիգ, թղթի այրված կտոր և երեք կրակված պարկուճ։ Դիտաշտարակի առաստաղին երեք անցք է եղել։

5․ 2013 թվականի օգոստոսի 1-ին քննիչը զննել է Մ․ Մանուչարյանի զինվորական համազգեստը։ Ըստ համապատասխան արձանագրության՝ նրա բաճկոնի վրա կային արյան հետքեր։ Քննիչը նաև արձանագրել է տաբատի ձախ հատվածում արյան հետքերի, աջ հետևի հատվածում (ծնկի ծալքի շրջանում) «արնանման» հետքի և նույն հատվածում այրված եզրերով անցքի առկայությունը։

6․ Դեպքից հետո հարցաքննվել են մի շարք վկաներ, այդ թվում, ի թիվս այլնի, զինծառայողներ և Մ. Մանուչարյանի ծառայակիցները, որոնց մեծ մասը նշել է, որ նա լավ տրամադրություն ուներ, որևէ մեկի հետ խնդիրներ չուներ, և որ նրա նկատմամբ որևէ վատ վերաբերմունք չի ցուցաբերվել։

2013 թվականի օգոստոսին Մ. Մանուչարյանի ծառայակիցները՝ շարքայիններ Լ.Մ.-ն, Ա.Ա.-ն և Ա.Սա.-ն, ցուցմունքներ են տվել առ այն, որ Մ. Մանուչարյանը սերժանտ Ա.Ս.-ի և կրտսեր սերժանտ Բ.Գ.-ի կողմից ենթարկվել է շարունակական խոսքային և ֆիզիկական բռնությունների, այդ թվում՝ դեպքի օրը։

7․ Չհստակեցված ամսաթվին Պաշտպանության նախարարությունը ծառայողական քննություն է նշանակել, ի թիվս այլնի, Մ․ Մանուչարյանի մահվան կապակցությամբ։

2013 թվականի օգոստոսի 17-ին Պաշտպանության նախարարը, հիմք ընդունելով այդ ծառայողական քննության արդյունքները, հրաման է արձակել, որով Մ. Մանուչարյանի զորամասի հրամանատարը և մի շարք բարձրաստիճան զինվորականներ նկատողություն են ստացել, իսկ նրանցից ոմանք տեղափոխվել են պահեստազոր կամ ազատվել զինվորական ծառայությունից։ Հրամանում մասնավորապես նշվում էր, որ տվյալ զորամասի հրամանատարական կազմի գիտությամբ և հսկողությամբ կրտսեր սերժանտ Բ.Գ.-ն հաստատել էր իր իշխանությունը զինծառայողների նկատմամբ, վիրավորել և նվաստացրել էր նրանց, ինչպես նաև մի շարք դեպքերում ծաղրել և նվաստացրել էր Մ. Մանուչարյանին։ 2013 թվականի հուլիսին Մ. Մանուչարյանը խնդրել էր իրեն տեղափոխել, ինչը կարող էր կապված լինել իր նկատմամբ նման վերաբերմունքի հետ։ Կարելի էր եզրակացնել, որ, ի թիվս այլ հանգամանքների, դեպքը եղել է զորամասի պաշտոնատար անձանց կողմից անձնակազմի նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու, առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ ապահովելու իրենց պարտականությունները չկատարելու, ինչպես նաև զինծառայողների փոխհարաբերություններին և նրանց պատվի ու արժանապատվության խախտումներին վերաբերող համապատասխան կանոնադրական նորմերը չպահպանելու հետևանք։

8․ 2013 թվականի սեպտեմբերի 17-ին իրականացված դիահերձման արդյունքներով պարզվել է, որ Մ. Մանուչարյանի մահվան պատճառը եղել է հրազենային վնասվածքը․ գնդակը մտել է կզակի հատվածից և դուրս եկել գլխի վերին հատվածից։ Դիահերձման եզրակացությունում նշվում էր նաև աջ ականջի ստորին հատվածում առկա հրազենային վնասվածքի մասին, սակայն դա որևէ առնչություն չուներ Մ․ Մանուչարյանի մահվան հետ։ Այն նաև արձանագրել է հետևյալ մարմնական վնասվածքները՝ կրծքավանդակի աջ հատվածում էկխիմոզ (կապտուկ) (որը մինչև մահը վրա հասնելը հասցվել էր բութ և կարծր առարկայով), ինչպես նաև գոտկային հատվածում մաշկի բացակայող հատվածներ (որոնք հասցվել էին մահվանից հետո՝ բութ և կարծր առարկաներով)։ Այն վնասվածքները, որոնք ենթադրաբար հասցվել էին մահվանից հետո, գնահատվել էին որպես մահվանից հետո կարճ ժամանակաընթացքում հասցված։

9․ 2013 թվականի հոկտեմբերի 16-ին ներկայացվել է դատաձգաբանական և դատահետքաբանական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն դեպքի վայրում հայտնաբերված փամփուշտի երեք պարկուճներն արձակվել էին Մ. Մանուչարյանին տրամադրված ինքնաձիգից։ Ինքնաձիգի վրա ճանաչելի մատնահետքեր չեն եղել։ Զինվորական գլխարկի վրա առկա անցքը և առաստաղում հայտնաբերված երեք անցքերը (տե՛ս վերևում՝ 4-րդ պարբերությունը) առաջացել էին հրազենային կրակոցների արդյունքում։ Մ. Մանուչարյանի զինվորական համազգեստի զննությամբ պարզվել է, որ նրա տաբատից պակասում էին երկու կոճակներ, որոնցից մեկը պոկվել էր ֆիզիկական ուժի կիրառման հետևանքով։ Մ. Մանուչարյանի տաբատի վրա վնասվածքի այլ նշաններ չեն հայտնաբերվել։

10․ 2013 թվականի դեկտեմբերի 5-ին ներկայացվել է համակցված դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որում, ի թիվս այլնի, նշվում էր, որ Մ. Մանուչարյանի վրա առկա հրազենային վնասվածքները և նրա զինվորական գլխարկի վրայի (կրակոցներից առաջացած) անցքերը կարող էին հասցված լինել թե՛ նրա, թե՛ այլ անձի կողմից։ Այդ եզրակացությունը հաստատվել է դատաբժիշկ փորձագետի կողմից՝ 2014 թվականի հունվարին քննիչի կողմից անցկացված հարցաքննության ընթացքում։

11․ 2014 թվականի հուլիսի 1-ին ներկայացվել է հետմահու դատահոգեբուժական և դատահոգեբանական եզրակացությունը, որի համաձայն Մ. Մանուչարյանը չի տառապել որևէ հոգեկան հիվանդությամբ, սակայն ծառայակիցների, սերժանտ Ա.Ս.-ի և կրտսեր սերժանտ Բ.Գ.-ի կողմից շարունակական բռնությունների և նվաստացումների հետևանքով նրա մոտ զարգացել է սուր դեպրեսիվ ռեակցիա՝ հուսահատության և անելանելիության ձևով, ինչը կարող էր նրան դրդել ինքնասպանության։

12․ 2014 թվականի հոկտեմբերին մեղադրական եզրակացությունը վերջնական տեսքի է բերվել․ հաստատվել է, որ Մ. Մանուչարյանն ինքնասպան է եղել սերժանտ Ա.Ս.-ի և կրտսեր սերժանտ Բ.Գ.-ի կողմից նրա նկատմամբ կիրառված բռնության և նվաստացնող վերաբերմունքի հետևանքով (նրանք մեղադրվել են ենթակային ծեծելու կամ նրա նկատմամբ այլ բռնի գործողություններ կատարելու կամ դրանց սպառնալիքի համար, ինչը ծանր հետևանքների է հանգեցրել)։

13․ Դատաքննության ընթացքում վկաներ Ա.Ա.-ն և Ա.Սա.-ն հրաժարվել են իրենց նախաքննական ցուցմունքներից (տե՛ս վերևում՝ 6-րդ պարբերությունը)՝ նշելով, որ դրանք տրվել են հարկադրանքի, այդ թվում՝ սպառնալիքների ազդեցությամբ, իսկ Ա.Ա.-ի դեպքում՝ նաև ֆիզիկական բռնության արդյունքում։ Հետագայում Ա.Ա.-ն հրաժարվել է այդ կապակցությամբ հաղորդում ներկայացնել, իսկ իրավասու մարմիններն այդ հարցի վերաբերյալ քննություն չիրականացնելու որոշում են կայացրել։

14․ Դատաքննության ընթացքում դիմումատուն, ի թիվս այլնի, վիճարկել է այն հանգամանքը, որ 2013 թվականի օգոստոսի 1-ին քննիչի կողմից արձանագրված (տե՛ս վերևում՝ 5-րդ պարբերությունը) այրված եզրերով անցքը հետագա փորձագիտական եզրակացություններում երբևէ չի հիշատակվել կամ չի քննարկվել։

Դատարանում Մ. Մանուչարյանի տաբատի զննությամբ հայտնաբերվել է այրված եզրերով անցք, ինչը քննիչի կողմից նկարագրվել է համապատասխան արձանագրությունում (նույն տեղում)։ Հետագայում դիմումատուն միջնորդել է նշանակել լրացուցիչ դատական փորձաքննություն՝ պարզելու համար, թե արդյոք տվյալ անցքն առաջացել է հրազենային կրակոցի արդյունքում։ Որպես այլընտրանք՝ դիմումատուն խնդրել է իրականացնել նաև արտաշիրիմում՝ պարզելու, թե արդյոք մարմնի վրա առկա է եղել մեկ այլ հրազենային վնասվածք։ Գործը քննող դատարանը մերժել է այդ միջնորդությունը՝ հղում կատարելով դատաբժշկական փորձաքննությունների եզրակացություններին և համապատասխան դատական փորձագետի հայտարարությանն առ այն, որ նա տաբատի վրա հրազենային հետքեր չի հայտնաբերել։

15․ 2017 թվականի օգոստոսի 30-ի վճռով դատաքննություն իրականացնող դատարանը սերժանտ Ա.Ս.-ին դատապարտել է երեք տարվա ազատազրկման, իսկ կրտսեր սերժանտ Բ.Գ.-ին՝ յոթ տարվա ազատազրկման։ Սերժանտ Ա.Ս.-ն ազատվել է պատիժը կրելուց, քանի որ նշանակված պատժի ամբողջ ընթացքում նա գտնվել է կալանքի տակ։

16․ Դիմումատուն բողոքարկել է՝ պնդելով, որ քննությունը չի ուսումնասիրել սպանության վարկածը և չի պարզաբանել, ի թիվս այլնի, Մ. Մանուչարյանի տաբատի վրա հնարավոր հրազենային վնասվածքի հանգամանքները, մարմնի վրա տարբեր վնասվածքների առկայությունը (այդ թվում՝ մարմնի վրա մաշկի բացակայող հատվածներ, որոնք կարող էին վկայել մարմինը տեղափոխելու մասին) և ինքնաձիգի վրա մատնահետքերի բացակայությունը։

17․ 2018 թվականի փետրվարի 21-ի որոշմամբ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դիմումատուի բողոքը՝ նշելով, որ գործով ձեռք չեն բերվել որևէ «օբյեկտիվ ապացույցներ», որոնք կարող էին հիմք հանդիսանալ նրա այն պնդման համար, թե Մ. Մանուչարյանի տաբատի այրված եզրերով անցքն առաջացել է հրազենային կրակոցի հետևանքով։ Դատարանը նաև նշել է, որ դիմումատուի պնդումն առ այն, որ իր եղբայրն իրականում սպանվել է, և այդ վարկածը պատշաճ չի քննվել, նրա սուբյեկտիվ գնահատականն է և չի հիմնավորվում գործում առկա ապացույցներով։

18․ 2018 թվականի օգոստոսի 7-ին Վճռաբեկ դատարանը դիմումատուի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը հայտարարել է անընդունելի՝ անհիմն լինելու պատճառով։ Այդ որոշումը նրան է ուղարկվել 2018 թվականի օգոստոսի 14-ին։

 

ԴԱՏԱՐԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

19․ Դիմումատուն Կոնվենցիայի 2-րդ հոդվածի հիմքով բողոքարկել է իր եղբոր մահվան և ներպետական մարմինների կողմից իրականացվող հետագա քննության ենթադրյալ անարդյունավետության մասով։

20․ Դատարանը նշում է, որ սույն բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ակնհայտորեն անհիմն չէ կամ անընդունելի չէ որևէ այլ հիմքով։ Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։

21․ Հաշվի առնելով բողոքի նյութաիրավական հայեցակետը՝ պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ժամկետային զինծառայողների պաշտպանության պետության դրական պարտավորության ընդհանուր սկզբունքներն ամփոփվել են Մոսենձն ընդդեմ Ուկրաինայի [Mosendz v. Ukraine] գործում (թիվ 52013/08, §§ 90-95, 2013 թվականի հունվարի 17), Մալիկ Բաբաևն ընդդեմ Ադրբեջանի [Malik Babayev v. Azerbaijan] գործում (թիվ 30500/11,

§§ 64-68, 2017 թվականի հունիսի 1) և Վարյանն ընդդեմ Հայաստանի [Varyan v. Armenia] գործում (թիվ 48998/14, §§ 87-95, 2024 թվականի հունիսի 4)։

22․ Դիմումատուի եղբայր Մ․ Մանուչարյանը ժամկետային զինծառայող էր, որը մահվան դեպքից առաջ իշխանությունների խնամքի և պատասխանատվության ներքո իր պարտադիր զինվորական ծառայությունն էր անցնում (տե՛ս վերևում՝ 2-րդ և 3-րդ պարբերությունները)։

23․ Ներպետական վարույթներում իր ներկայացրած փաստարկներում և բողոքներում, ինչպես նաև Դատարան ներկայացված իր գանգատում, դիմումատուն, ըստ էության, կասկածի տակ էր դնում ներպետական մարմինների այն եզրակացությունը, թե իր եղբայրն ինքնասպան է եղել՝ պնդելով, որ ավելի հավանական է սպանության վարկածը։ Իր դիտարկումներում դիմումատուն պնդում էր այդ փաստարկը և լրացուցիչ պնդում էր, որ նույնիսկ եթե իր եղբայրը ինքնասպանություն էր գործել, իրավասու մարմինները չէին կարող պաշտպանել կյանքի նկատմամբ նրա իրավունքը պարտադիր զինվորական ծառայության ընթացքում՝ խախտելով Կոնվենցիայի 2-րդ հոդվածը։

24․ Դատարանը նշում է, որ քննության իրականացման ընթացքում եղել են լուրջ թերություններ, որոնք հանգեցրել են Մ. Մանուչարյանի մահվան հետ կապված մի շարք կարևոր հանգամանքների չպարզաբանված լինելուն, այդ թվում, ի թիվս այլնի, նրա մարմնի վրա առկա անհայտ ծագման ոչ հրազենային վնասվածքների առկայությունը (տե՛ս վերևում՝ 8-րդ պարբերությունը), այրված եզրերով անցքի շուրջ առկա հակասությունները, որոնք դիմումատուի պնդմամբ կարող են առաջացած լինել մեկ այլ կրակոցից (տե՛ս վերևում՝ 16-րդ պարբերությունը), ինչպես նաև դեպքի վայրում հայտնաբերված ինքնաձիգի վրա մատնահետքերի բացակայությունը (տե՛ս վերևում՝ 9-րդ պարբերությունը, և ստորև՝ 32-37-րդ պարբերությունները)։

25․ Հաշվի առնելով քննության անցկացման անփութությունը՝ կարելի է հասկանալ դիմումատուի՝ պաշտոնական վարկածի առնչությամբ լուրջ կասկածներ ունենալու հանգամանքը, ինչպես նաև նրա այն մտքերը, որ քննությունը, հավանաբար, քողարկում էր իր եղբոր մահվան ավելի չարագուշակ բացատրություն, ինչպիսին է սպանությունը (տե՛ս Բեկերն ընդդեմ Թուրքիայի [Beker v. Turkey], թիվ 27866/03, § 52, 2009 թվականի մարտի 24 և Հովհաննիսյանը և Նազարյանն ընդդեմ Հայաստանի [Hovhannisyan and Nazaryan v. Armenia], թիվ 2169/12 և թիվ 29887/14, § 134, 2022 թվականի նոյեմբերի 8): Այնուամենայնիվ, Դատարան ներկայացված նյութերը թույլ չեն տալիս հաստատել «հիմնավոր կասկածներից վեր» այն վարկածը, որ Մանուչարյանին կյանքից զրկել են դիտավորյալ (տե՛ս որպես համեմատություն՝ վերևում հիշատակված Բեկերի [Beker] գործը, §§ 45-54 և Լապշինն ընդդեմ Ադրբեջանի [Lapshin v. Azerbaijan] գործը, թիվ 13527/18, §§ 110-20, 2021 թվականի մայիսի 20)։ Հետևաբար սույն գործով Դատարանը որևէ համոզիչ պատճառ չի գտնում ներպետական քննությամբ, այդ թվում՝ Պաշտպանության նախարարության կողմից իրականացված ծառայողական քննությամբ հաստատված փաստերի հիման վրա գնահատական չտալու համար (տե՛ս Հովհաննիսյանն ու Կարապետյանն ընդդեմ Հայաստանի [Hovhannisyan and Karapetyan v. Armenia], թիվ 67351/13, § 98, 2023 թվականի հոկտեմբերի 17)։

26․ Ըստ քննությունների եզրակացությունների (քրեական և ծառայողական) և սերժանտ Ա․Ս․-ի և կրտսեր սերժանտ Բ․Գ․-ի նկատմամբ կիրառվող մեղադրանքների (տե՛ս վերևում՝ 7-րդ և 12-րդ պարբերությունները)՝ Մ․ Մանուչարյանն ինքնասպանություն էր գործել իր վերադասների կողմից շարունակական վատ վերաբերմունքի և ոտնձգությունների հետևանքով։ Ավելին, տվյալ գործով ծառայողական քննությունը, ի թիվս այլնի, պարզել է, որ Մ․ Մանուչարյանը ենթարկվել էր այդպիսի վերաբերմունքի «հրամանատարական կազմի գիտությամբ և նրանց վերահսկողության պայմաններում» (տե՛ս վերևում՝ 7-րդ պարբերությունը)։

27․ Դատարանը բանակում տեղի ունեցած ինքնասպանությունների գործերով նախկինում հայտնաբերել է, որ զինվորական ծառայության ընթացքում զոհերին ծաղրուծանակի և վատ վերաբերմունքի հետևանքով ինքնասպանության հասցնելու պատասխանատվությունը կրում է պետությունը (տե՛ս վերևում հիշատակված՝ Վարյանի [Varyan] գործը, §107, և Բոյչենկոն ընդդեմ Ռուսաստանի [Boychenko v. Russia] գործը, թիվ 8663/08, §80, 2021 թվականի հոկտեմբերի 12)։ Դատարանը սույն գործով այլ եզրակացության հանգելու հիմքեր չի տեսնում և հետևաբար գտնում է, որ իրավասու մարմինները չեն կատարել Մ. Մանուչարյանի կյանքի իրավունքը պաշտպանելու իրենց դրական պարտավորությունը, մինչ նա գտնվել է նրանց վերահսկողության ներքո։

28․ Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական հայեցակետի խախտում:

29․ Բողոքի նյութաիրավական հայեցակետի մասով քրեական հետաքննության արդյունավետության վերաբերյալ Կոնվենցիայի 2-րդ հոդվածում սահմանված ընդհանուր սկզբունքներն ամփոփվել են Մուսթաֆա Թունքը և Ֆեջիրե Թունքն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ] [Mustafa Tunç and Fecire Tunç v. Turkey] [GC] գործում, (թիվ 24014/05, §§ 172-81, 2015 թվականի ապրիլի 14․ տե՛ս նաև Նանա Մուրադյանն ընդդեմ Հայաստանի [Nana Muradyan v. Armenia], թիվ 69517/11, §§ 124-27, 2022 թվականի ապրիլի 5, վերևում հիշատակված՝ Հովհաննիսյանի և Նազարյանի [Hovhannisyan and Nazaryan] գործը, §§ 124-30 և վերևում հիշատակված՝ Վարյանի [Varyan] գործը, §§ 96-100)։

30. Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը դեպքի օրը սեփական նախաձեռնությամբ քննություն է սկսել։ Իրավասու մարմինները մի շարք քննչական գործողություններ են ձեռնարկել, որոնցից մի քանիսն իրականացվել են դեպքի օրը՝ ապացույցներ հավաքելու և ապահովելու նպատակով, ներառյալ՝ դիահերձում նշանակելը, դեպքի վայրի զննությունը, մի շարք վկաների հարցաքննությունները և մի շարք դատաբժշկական փորձաքննություններ նշանակելը (տե՛ս վերևում՝ 4-6-րդ և 9-11-րդ պարբերությունները)։

31. Այդպիսով, քննությունը պետք է լինի մանրամասն, ինչը նշանակում է, որ իրավասու մարմինները մշտապես պետք է ջանքեր գործադրեն՝ պարզելու կատարվածը, և չպետք է հիմնվեն շտապողական կամ անհիմն եզրահանգումների վրա՝ քննությունը փակելու համար, կամ չպետք է դրանք որպես հիմք ընդունեն իրենց որոշումների համար (տե՛ս Մոկանուն և այլք ընդդեմ Ռումինիայի [ՄՊ] [Mocanu and Others v. Romania] [GC], թիվ 10865/09 և 2 այլ գործեր, § 325, ՄԻԵԴ 2014 (քաղվածքներ) և Էլ-Մասրին ընդդեմ Մակեդոնիայի նախկին Հարավսլավական Հանրապետության [ՄՊ] [El Masri v. the former Yugoslav Republic of Macedonia] [GC] գործը, թիվ 39630/09, § 183, ՄԻԵԴ 2012)։

32․ Դատարանի կարծիքով և դրանից բխող պատճառներով քննությանը չի հաջողվել պարզել Մ․ Մանուչարյանի մահվան մի քանի կարևոր հանգամանքներ։

33․ Դիահերձման ընթացքում արձանագրված մի շարք ոչ հրազենային վնասվածքների, այդ թվում՝ կրծքավանդակի աջ հատվածում առկա կապտուկի և գոտկատեղի շրջանում մաշկի բացակայող հատվածների բնույթի և առաջացման վերաբերյալ որևէ համարժեք բացատրություն չի տրվել (տե՛ս վերևում՝ 8-րդ պարբերությունը), որոնք դիմումատուի պնդմամբ կարող էին վկայել մահվանից հետո դին տեղափոխելու մասին (տե՛ս վերևում՝ 16-րդ պարբերությունը)։ Դիահերձման եզրակացության մեջ նշված «աջ ականջի ստորին հատվածի հրազենային վնասվածքը» նույնպես ընդհանրապես չի քննվել կամ չի դիտարկվել վիճարկվող վարույթի ընթացքում։

34․ Չնայած այն հանգամանքին, որ քննիչը 2013 թվականի օգոստոսի 1-ին Մ. Մանուչարյանի զինվորական հագուստը զննելիս հստակ արձանագրել էր նրա տաբատի վրա առկա «այրած եզրերով անցքի» առկայությունը (տե՛ս վերևում՝ 5-րդ պարբերությունը), հետագա դատափորձագիտական քննությունների ընթացքում հյուսվածքների համապատասխան վնասվածքները չեն հիշատակվել, առավել ևս չեն ենթարկվել քննության։ Նույնիսկ այն բանից հետո, երբ դատարանում հաստատվել էր «այրած եզրերով անցքի» առկայությունը, առաջին ատյանի դատարանը մերժել էր այդ հարցը քննելու դիմումատուի միջնորդությունները՝ առանց համապատասխան պատճառաբանություն ներկայացնելու (տե՛ս վերևում՝ 14-րդ պարբերությունը)։

35․ 2013 թվականի դեկտեմբերի 5-ին ներկայացված դատաձգաբանական և դատաբժշկական փորձագետների հանձնաժողովի եզրակացության մեջ նշվում էր, որ Մ. Մանուչարյանի և նրա զինվորական գլխարկի վրա առկա հրազենային վնասվածքները կարող էին պատճառված լինել նաև մեկ այլ անձի կողմից (տե՛ս վերևում՝ 10-րդ պարբերությունը)։ Սակայն, ըստ երևույթին, քննության ընթացքում այդ վարկածի վերաբերյալ որևէ տրամաբանական զարգացում կամ որևէ բացատրություն չի տրվել առ այն, որ ինքնաձիգի վրա մատնահետքեր չեն եղել կամ որ առաստաղի վրա առկա են եղել գնդակի երեք անցքեր (տե՛ս վերևում՝ 4-րդ և 9-րդ պարբերությունները)։

36․ Դատավարության ընթացքում գործի երեք հիմնական վկաներից երկուսը հետ են վերցրել իրենց նախկին ցուցմունքները՝ պնդելով, որ դրանք ստացվել են սպառնալիքների և նույնիսկ ֆիզիկական բռնության միջոցով (տե՛ս վերևում՝ 6-րդ և 13-րդ պարբերությունները)։ Այնուամենայնիվ, որևէ բան չի վկայում այն մասին, որ իրավասու մարմինները քննել են վիճարկվող ցուցմունքները ստանալու հանգամանքները։

37․ Վերոնշյալ հարցերը և բազմաթիվ այլ հարցեր դիմումատուի կողմից մանրամասն քննվել են նրա բողոքում (տե՛ս վերևում՝ 16-րդ պարբերությունը), սակայն Վերաքննիչ քրեական դատարանը դրանք համառոտ մերժել է (տե՛ս վերևում՝ 17-րդ պարբերությունը)։

38․ Այս համատեքստում Դատարանը լուրջ կասկածներ ունի ներպետական քրեական քննության համարժեքության վերաբերյալ և գտնում է, որ այն բավարար չափով համակողմանի չի եղել՝ հանգեցնելով Մ. Մանուչարյանի մահվան հանգամանքների լիարժեք պարզաբանման ձախողմանը։

39․ Այս եզրահանգումն անհարկի է դարձնում քննության մնացած հայեցակետերի ուսումնասիրությունը (տե՛ս, համապատասխան փոփոխություններով, Մագնիտսկին և այլք ընդդեմ Ռուսաստանի [Magnitskiy and Others v. Russia] գործը, թիվ 32631/09 և 53799/12, § 272, 2019 թվականի օգոստոսի 27, Անահիտ Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի [Anahit Mkrtchyan v. Armenia] գործը, թիվ 3673/11, § 101, 2020 թվականի մայիսի 7 և վերևում հիշատակված Վարյանի [Varyan] գործը, § 131)։

40․ Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի դատավարական հայեցակետի խախտում:

 

ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ

 

41․ Դիմումատուն պահանջել է 50 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։

42․ Կառավարությունը վիճարկել է այդ պահանջը։

43․ Դատարանը դիմումատուին շնորհում է 30 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ։

44․ Նա որևէ պահանջ չի ներկայացրել ծախսերի և ծախքերի մասով: Այսպիսով, այդ առումով բավարարման պահանջ չկա:

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

 

1․ Հայտարարում է գանգատն ընդունելի.

2․ Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում՝ դրա նյութաիրավական հայեցակետի մասով.

3․ Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում՝ դրա դատավարական հայեցակետի մասով.

4․ Վճռում է, որ՝

ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին ոչ նյութական վնասի դիմաց վճարի 30 000 եվրո (երեսուն հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ, որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով,

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարի նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.

5․ Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2026 թվականի ապրիլի 30-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։

 

Մարտինա Կելլեր՝

Անդրեաս Զունդ՝

Քարտուղարի տեղակալ

Նախագահ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան