ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԿԻՎԻՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատ թիվ 1593/16)
Վ Ճ Ի Ռ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
30 ապրիլի 2026 թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Կիվիրյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Գեորգիոս Ա. Սերղիդես [Georgios A. Serghides]՝ Նախագահ,
Ջիլբերտո Ֆելիչի [Gilberto Felici],
Դիանա Սարկու [Diana Sârcu]՝ դատավորներ,
և Մարտինա Կելլեր [Martina Keller]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
հաշվի առնելով՝
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն 2015 թվականի դեկտեմբերի 20-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 1593/16) ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 1977 թվականին ծնված, Երևանում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Արգիշտի Կիվիրյանի (դիմումատու) կողմից, որին ներկայացրել են Երևանում գործող իրավաբաններ տկն Լ. Սահակյանը և պրն Ե. Վարոսյանը,
Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի և 11-րդ հոդվածի համաձայն բողոքի մասին Հայաստանի կառավարությանը (Կառավարություն), որը ներկայացրել է լիազոր ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը և հետագայում Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ պրն Կ. Անդրեասյանը, ծանուցելու և գանգատը մնացած մասով անընդունելի հայտարարելու մասին որոշումը,
կողմերի դիտարկումները,
Հայաստանի Հանրապետության կողմից ընտրված դատավոր պրն Վահե Գրիգորյանի ինքնաբացարկը (Դատարանի կանոնակարգի 28-րդ կանոն, կետ 3),
2026 թվականի ապրիլի 2-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԳՈՐԾԻ ԱՌԱՐԿԱՆ
1. Գործը վերաբերում է դիմումատուի ազատության իրավունքի և հավաքների ազատության ենթադրյալ սահմանափակմանը։ Նա հիմնվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի և 11-րդ հոդվածի վրա։
2. Հայաստանի նախագահի կողմից Եվրասիական մաքսային միությանը միանալու մասին հայտարարությունից հետո՝ 2013 թվականի սեպտեմբերի 4-ին, դիմումատուն մասնակցել է նախագահի նստավայրի հակառակ մայթին անցկացված բողոքի ցույցին, որը դրանից բաժանված էր երթևեկության վեց գոտիներով։ Ավելի ուշ ցուցարարները շարժվել են դեպի շենքի մուտքի դարպասներ, ինչի հետևանքով ոստիկանությունը պահանջել է նրանց վերադառնալ հակառակ մայթ և կանգնեցրել է երթևեկությունը՝ նրանց վերադարձը հեշտացնելու համար։ Սակայն երբ ոստիկանությունը փորձել է ցուցարարներին վերադարձնել հակառակ մայթ, դիմումատուն և մյուսները նստել են ճանապարհին՝ ի նշան բողոքի, և հրաժարվել բացել այն՝ չնայած ոստիկանության կարգադրությանը։ Ոստիկանությունն այնուհետև, բացառությամբ դիմումատուի, ձերբակալել է մասնակիցների մեծ մասին։
3. Նույն օրը՝ ավելի ուշ, դիմումատուն գնացել է Ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ մեծ ամբոխ էր հավաքվել՝ ի պաշտպանություն ձերբակալված ցուցարարների։ Դիմումատուն ձերբակալվել է ոստիկանության ավելի վաղ օրինական կարգադրությունները չկատարելու համար, ինչը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (Օրենսգիրք) 182-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտում է։ Ներպետական դատարանների հետագա եզրակացությունների համաձայն՝ դիմումատուի ձերբակալությունը հիմնավորված էր Քրեական օրենսգրքի 258-րդ և 259-րդ հոդվածներով։ Նշված դրույթներով համապատասխանաբար թույլատրվում է սահմանափակել անձի ազատությունը մինչև մեկ ժամ՝ ոստիկանության բաժանմունք բերման ենթարկելու համար, և մինչև երեք ժամ՝ վարչական կալանքի տակ պահելու համար՝ երկուսն էլ, մասնավորապես (inter alia), վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով, եթե այն հնարավոր չէր կազմել իրավախախտման հայտնաբերման վայրում (տե՛ս՝ Իշխանյանն ընդդեմ Հայաստանի [Ishkhanyan v. Armenia], թիվ 5297/16, §§ 59-60, 2025 թվականի փետրվարի 13)։ Դիմումատուն ազատ է արձակվել բոլոր վարչական ձևակերպումներն ավարտվելուց հետո։
4. Ոստիկանությունը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով տուգանք նշանակել դիմումատուի նկատմամբ՝ Օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն։ Դիմումատուն հակընդդեմ հայց է ներկայացրել ոստիկանության դեմ՝ վիճարկելով ինչպես ոստիկանության կարգադրության օրինականությունը, այնպես էլ իր ձերբակալությունը։
5. Վարչական դատարանը պարզել է, որ ոստիկանության օրինական կարգադրություններին հակառակ, դիմումատուն չի ազատել Նախագահի նստավայրի մոտ գտնվող տարածքը և շարունակել է խոչընդոտել ճանապարհը՝ նստելով ճանապարհին՝ այդպիսով խախտելով հասարակական կարգը և կատարելով 182-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն։ Նրա նկատմամբ նշանակվել է 50 000 ՀՀ դրամ տուգանք (տվյալ ժամանակահատվածում՝ մոտ 100 եվրո)։ Տեղաշարժվելու վերաբերյալ ցուցարարներին ուղղված ոստիկանության հրամանը համարվել է օրինական՝ համաձայն «Հավաքների ազատության մասին» օրենքի, քանի որ բողոքի ցույցի՝ նախագահի նստավայրին մոտ գտնվելը կարող էր խաթարել դրա բնականոն գործունեությունը և խոչընդոտել շենք մուտք գործելը։ Ոստիկանությունը ձգտել էր ոչ թե արգելել բողոքի ցույցը, այլ ապահովել, որ այն չխոչընդոտի նախագահի աշխատակազմի գործունեությունը։ Դիմումատուի հակընդդեմ հայցը չի ընդունվել, քանի որ դիմումատուն չի կարողացել հավասարակշռել հավաքների ազատության իր իրավունքը հասարակական կարգի նկատմամբ հարգանքի հետ։ Դեպքի վայրում քաոսային իրավիճակով պայմանավորված՝ անհնար էր տեղում կազմել իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, ուստի այդ նպատակով դիմումատուն բերման էր ենթարկվել ոստիկանության բաժին, ուստի նրան ոստիկանությունում կալանքի տակ պահելը համապատասխանում էր Օրենսգրքի 258-րդ և 259-րդ հոդվածներին։
6. Այդ վճիռը թողնվել է անփոփոխ, իսկ Վճռաբեկ դատարանի վերջնական որոշումը դիմումատուին է հանձնվել 2025 թվականի հունիսի 20-ին։
ԴԱՏԱՐԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
7. Հիմնվելով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի վրա՝ դիմումատուն բողոքել է, որ ոստիկանության բաժանմունքի առջև խախտվել է իր ազատության իրավունքը:
8. Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով բողոքն ակնհայտորեն անհիմն կամ որևէ այլ հիմքով անընդունելի չէ: Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։
9. 5-րդ հոդվածի 1-ին կետին վերաբերող ընդհանուր սկզբունքներն ամփոփվել են Ս.-ն, Վ.-ն և Ա.-ն ընդդեմ Դանիայի [ՄՊ] [S., V. and A. v. Denmark] ([GC], թիվ 35553/12 և 2 այլ գործերում, §§ 73-77, 2018 թվականի հոկտեմբերի 22)։ Բավարար չէ, որ ազատության սահմանափակումն իրականացվի ազգային օրենսդրությանը համապատասխան, այն պետք է նաև անհրաժեշտ լինի տվյալ հանգամանքներում (նույն տեղում, § 77):
10. Դիմումատուն զրկվել է ազատությունից՝ վարչական իրավախախտում կատարելու կասկածանքով նրան համապատասխան իրավապահ մարմին ներկայացնելու նպատակով։ Հետևաբար նրա ազատազրկումը համապատասխանում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով նախատեսված շրջանակին (համեմատե'ք Բերկմանն ընդդեմ Ռուսաստանի [Berkman v. Russia], թիվ 46712/15, § 36, 2020 թվականի դեկտեմբերի 1 և Մատչավարիանին ընդդեմ Վրաստանի [Matchavariani v. Georgia], թիվ 46852/21, § 61, 2025 թվականի մայիսի 20): Ներպետական իրավունքի համաձայն՝ միայն վարչական իրավախախտում կատարելը բավարար չէ նման խափանման միջոց կիրառելու համար․ այն պետք է նաև անհրաժեշտ լինի 258-րդ և 259-րդ հոդվածներին համապատասխան։
11. Նույնիսկ ենթադրելով, որ ոստիկանության կարգադրությունը, որին նա չէր ենթարկվել, օրինական է եղել, իշխանությունները նրա ձերբակալությունը հիմնավորել են՝ մատնանշելով գործնական խոչընդոտը, այսինքն՝ նախորդ ցույցի վայրում քաոսային իրավիճակը, որն այլևս արդիական չէր նույն օրը ոստիկանության բաժանմունքի առջև նրա ձերբակալության ժամանակ։ Ո՛չ ոստիկանությունը, ո՛չ էլ դատարանները որևէ լրացուցիչ հիմք չեն ներկայացրել 258-րդ կամ 259-րդ հոդվածների համաձայն դիմումատուին ոստիկանական կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը հաստատելու համար: Կառավարությունը փորձել է արդարացնել միջոցը՝ պնդելով, որ ոստիկանության բաժանմունքի առջև տեղի ունեցած ցույցի ժամանակ ոստիկանությունը փորձել է դիմումատուին հանձնել ծանուցագիր, և քանի որ նա հրաժարվել է ընդունել այն և այդպիսով չի ենթարկվել ոստիկանության կարգադրությանը, նրա ձերբակալությունը անհրաժեշտ է եղել։ Սակայն այդ հանգամանքները երբեք չեն հիշատակվել ոստիկանության կողմից, առավել ևս, դատարանների կողմից հաշվի չեն առնվել դիմումատուի ձերբակալության իրավական հիմքերը սահմանելիս, և դրանք հետադարձ ուժով ընդունվել չեն կարող։
12. Վերոնշյալ նկատառումները բավարար են եզրակացնելու համար, որ դիմումատուի՝ 2013 թվականի սեպտեմբերի 4-ի ձերբակալությունը կամայական էր, քանի որ իշխանությունները չեն կարողացել ապացուցել, որ այն անհրաժեշտ է եղել տվյալ հանգամանքներում։
13. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-րդ կետի խախտում։
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
14. Դիմումատուն բողոքել է, որ նախագահի նստավայրի շրջակայքում ցույցը ցրելով և այնուհետև իրեն տուգանելով՝ իշխանությունները խախտել են Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածներով նախատեսված իր իրավունքները։
15. Սույն բողոքը պետք է քննվի բացառապես Կոնվենցիայի 11-րդ հոդվածի համաձայն, որը համապատասխան դեպքերում մեկնաբանվում է 10-րդ հոդվածի լույսի ներքո (տե՛ս Կուդրևիչիուսը և այլք ընդդեմ Լիտվայի [ՄՊ] [Kudrevičius and Others v. Lithuania] [GC], թիվ 37553/05, § 91, ՄԻԵԴ 2015]։ Այն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ակնհայտորեն անհիմն չէ կամ որևէ այլ հիմքով անընդունելի չէ: Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։
16. 11-րդ հոդվածին վերաբերող ընդհանուր սկզբունքներն ամփոփվել են Կուդրևիչիուսի և այլոց [Kudrevičius and Others] գործում (վերևում հիշատակված, §§ 100, 102, 108-10 և 142-60 ):
17. Թե՛ բողոքի ցույցի խափանումը, թե՛ դիմումատուին նշանակված տուգանքը նրա՝ հավաքների ազատության իրավունքին միջամտություն էին։ Ապագայում պարզ կլինի՝ արդյոք դա «օրենքով սահմանված», «իրավաչափ նպատակ» էր հետապնդում և արդյոք «ժողովրդավար հասարակությունում անհրաժեշտ» էր։
18. Նույնիսկ ենթադրելով, որ միջամտությունը օրինական էր և հետապնդում էր 11-րդ հոդվածով նախատեսված նպատակներից մեկը, ներպետական դատարանները հաշվի չեն առել մի քանի հիմնական գործոններ, որոնք վերաբերում էին դիմումատուի՝ հավաքների ազատության իրավունքին միջամտության անհրաժեշտությունը գնահատելուն։ Մասնավորապես հաշվի չի առնվել բողոքի ցույցի քաղաքական համատեքստը, որը տեղի էր ունեցել ի պատասխան նախագահի հայտարարության, և հետևաբար վայրի կարևորությունը՝ մասնակիցների համար։ Ցուցարարները, բողոքի ցույց անցկացնելով նախագահական նստավայրի հակառակ մայթին, որը դրանից բաժանված էր երթևեկության վեց գոտիներով, դժվար թե կարողանային հասնել նպատակին՝ նախագահին հայտնել իրենց դժգոհությունը հանրային շահերի հարցի վերաբերյալ։ Դատարանների այն եզրակահանգումը, թե բողոքի ցույցը կարող էր խոչընդոտել աշխատակիցների մուտքը շենք, թվում է ենթադրական, քանի որ նրանք չեն հաստատել շենքի դարպասների մոտ ցուցարարների ներկայության պատճառով առաջացած որևէ իրական խաթարում։ Նրանք նաև չեն հետաքրքրվել ոստիկանության ցուցաբերած հանդուրժողականության աստիճանով։ Ինչ վերաբերում է երթևեկության խոչընդոտմանը, դիմումատուի՝ ճանապարհին հայտնվելու պատճառն այն էր, որ ոստիկանությունը ցուցարարներին այնտեղ էր հրել՝ փորձելով նրանց տեղափոխել։ Հետևաբար տվյալ բողոքի ցույցը նպատակ չի ունեցել խոչընդոտել երթևեկությունը, այլ դա եղել է ոստիկանության գործողությունների, մասնավորապես՝ բողոքի ցույցի անցկացման վայրի սահմանափակման ուղղակի հետևանք։
19. Հաշվի չառնելով վերը նշված ասպեկտները, ինչպես նաև իրադարձությունների ծավալման համատեքստը, դատարանները չեն կատարել իրենց դատավարական պարտականությունը՝ իրականացնել համապատասխան փաստերի պատշաճ գնահատում և ներկայացնել համապատասխան ու բավարար պատճառներ՝ ոստիկանության հայցը բավարարելիս և դիմումատուի նկատմամբ տուգանք նշանակելիս։
20. Վերոնշյալը բավարար է եզրակացնելու համար, որ Դիմումատուի՝ հավաքների ազատության իրավունքին միջամտությունը անհրաժեշտ չի եղել՝ 11-րդ հոդվածի համաձայն։ Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում:
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
21. Դիմումատուն պահանջել է 2 500 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, 1 350 000 հայկական դրամ՝ որպես ներպետական դատարաններում կրած ծախսերի և ծախքերի հատուցում և որպես Դատարանի ծախսերի և ծախքերի հատուցում, որը, ըստ դիմումատուի, համարժեք է 2 500 եվրոյին։ Նա նյութական վնասի փոխհատուցման որևէ բողոք չի ներկայացրել:
22. Կառավարությունը վիճարկել է նշված պահանջները:
23. Դատարանը դիմումատուին շնորհում է 2 500 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ։
24. Հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող փաստաթղթերը՝ Դատարանը ողջամիտ է համարում 1 000 եվրո շնորհել Դատարանում վարույթի ծախսերը ծածկելու համար՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ։
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Հայտարարում է գանգատն ընդունելի.
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում.
3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում.
4. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 2 500 եվրո (երկու հազար հինգ հարյուր եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,
ii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ 1 000 եվրո (մեկ հազար եվրո)՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ,
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ․
5. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2026 թվականի ապրիլի 30-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
|
Մարտինա Կելլեր՝ |
Գեորգիոս Ա. Սերղիդես՝ |
|
Քարտուղարի տեղակալ |
Նախագահ |