ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԳԱՍՊԱՐԻՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատներ թիվ 1606/16 և 19579/16)
Վ Ճ Ի Ռ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
30 ապրիլի 2026 թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Գասպարին ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Գեորգիոս Ա. Սերղիդես [Georgios A. Serghides]՝ Նախագահ,
Ջիլբերտո Ֆելիչի [Gilberto Felici],
Դիանա Սարկու [Diana Sârcu]՝ դատավորներ,
և Մարտինա Կելլեր [Martina Keller]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
հաշվի առնելով՝
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն 2015 թվականի դեկտեմբերի 18-ին և 2016 թվականի ապրիլի 1-ին Դատարան ներկայացված գանգատները (թիվ 1606/19 և 19579/16) ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 1957 թվականին ծնված, Երևանում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն Վարդգես Գասպարիի (դիմումատու) կողմից, որին ներկայացրել են Երևանում գործող իրավաբաններ պրն Տ. Եգորյանը, տկն Լ. Հակոբյանը և տկն Գ. Պետրոսյանը,
Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի և 10-րդ և 11-րդ հոդվածների համաձայն բողոքների մասին Հայաստանի կառավարությանը (Կառավարություն), որին ներկայացրել է պրն Ե. Կիրակոսյանը և հետագայում միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ պրն. Կ. Անդրեասյանը, ծանուցելու և գանգատները մնացած մասով անընդունելի հայտարարելու մասին որոշումը,
կողմերի դիտարկումները,
գանգատները Կոմիտեի կողմից քննելու վերաբերյալ Կառավարության առարկությունը մերժելու մասին որոշումը,
Հայաստանի Հանրապետության կողմից ընտրված դատավոր պրն Վահե Գրիգորյանին գործի քննությունից հեռացնելը (Դատարանի կանոնակարգի 28-րդ կանոնի 3րդ կետ),
2026 թվականի ապրիլի 2-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԳՈՐԾԻ ԱՌԱՐԿԱՆ
1. Գործը վերաբերում է երկու տարբեր ցույցերի ընթացքում դիմումատուի ձերբակալություններին և այդ դեպքերի ընթացքում նրա վարքագծի առնչությամբ հետագայում հարուցված վարչական վարույթին։ Դիմումատուն հիմնվել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի, 10-րդ և 11-րդ հոդվածների վրա։
I. գանգատ թիվ 1606/16
2. 2013 թվականի դեկտեմբերի 20-ին, դիմումատուն մասնակցել է բողոքի ցույցի։ Երբ ցուցարարներից ոմանք փորձել են փակել փողոցը, ոստիկանությունը ստիպել է նրանց վերադառնալ մայթեզր՝ վերջիվերջո պահելով նրանց այնտեղ ոստիկանական շղթայի ետևում։ Իրադարձությունների տեսաձայնագրությունում տեսանելի է, թե ինչպես է դիմումատուն ոստիկանական շղթայի ներսում գտնվելու ընթացքում վիրավորում ոստիկանության ծառայողներին մի քանի նսեմացնող դիտողություններով։ Նա ձերբակալվել է այն բանից հետո, երբ ոստիկանությունը ցուցարարներին թույլ է տվել դուրս գալ շղթայի սահմաններից՝ ոստիկանության ծառայողին (ոմն Դ.Ս.) հասարակական կարգի պահպանության պարտականությունները կատարելիս հրապարակայնորեն վիրավորելու համար (Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (Օրենսգիրք) 172.3 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտում):
3. Ոստիկանության բաժնում արձանագրություններ են կազմվել, inter alia (ի թիվս այլնի)՝ դիմումատուի վարչական ձերբակալման և 172.3 հոդվածի համաձայն իրավախախտում կատարելու վերաբերյալ։ Դիմումատուն վիճարկել է ոստիկանության կողմից արձանագրված իր ձերբակալման և ազատման ժամանակը (համապատասխանաբար 13:50 և 16:35):
4. Ոստիկանությունը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով տուգանք նշանակել դիմումատուի նկատմամբ՝ Օրենսգրքի 172.3 հոդվածին համապատասխան։
5. 2014 թվականի ապրիլի 9-ին դիմումատուն հակընդդեմ հայց է ներկայացրել ոստիկանության դեմ։ Ի թիվս այլնի, նա վիճարկել է իր ձերբակալման օրինականությունն ու անհրաժեշտությունը։
6. Վարչական դատարանը բավարարել է ոստիկանության հայցը և մերժել դիմումատուի հակընդդեմ հայցը։ Այն գտել է, որ դիմումատուն կատարել է իրավախախտում Օրենսգրքի 172.3 հոդվածի համաձայն և վերջինիս նկատմամբ նշանակել տուգանք՝ 50 000 հայկական դրամի չափով (ՀՀ դրամ) (նշված ժամանակահատվածում մոտավորապես 100 եվրոյին համարժեք)։ Ինչ վերաբերում է դիմումատուի հակընդդեմ հայցին, ապա դատարանը հենվել է Օրենսգրքի 258-րդ և 259-րդ հոդվածների վրա։ Այդ դրույթները համապատասխանաբար թույլատրում էին անձին ազատությունից զրկել մինչև մեկ ժամ՝ ոստիկանական բաժանմունք բերման ենթարկելու և մինչև երեք ժամ՝ վարչական ձերբակալման դեպքում՝ երկուսն էլ, inter alia, վարչական իրավախախտման արձանագրություն կազմելու նպատակով, եթե այն հնարավոր չէր կազմել իրավախախտման վայրում (տես՝ Իշխանյանն ընդդեմ Հայաստանի [Ishkhanyan v. Armenia] գործը, թիվ 5297/16, §§ 59-60, 2025 թվականի փետրվարի 13)։ Ոստիկանության գործողությունները համապատասխանել են Օրենսգրքի 258-րդ հոդվածին՝ հաշվի առնելով, որ հնարավոր չի եղել վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմել տեղում՝ այդպիսի քաոսային ցույցի ժամանակ: Նրա վարչական ձերբակալումը չի գերազանցել երեքժամյա սահմանը, քանի որ նա անազատության մեջ է պահվել երկու ժամ, 45 րոպե։
7. Այդ որոշումը անփոփոխ է թողնվել վերաքննիչ դատարանի կողմից։
8. 2016 թվականի դեկտեմբերի 23-ին Վճռաբեկ դատարանը մերժել է դիմումատուի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը։
II. գանգատ թիվ 19579/16
9. 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի նախագահի պետական այցը Երևան բողոքի ալիք էր բարձրացրել Եվրասիական մաքսային միությանը (ԵՄՄ) Հայաստանի անդամակցության դեմ: Բողոքի ցույցին պետք հաջորդեր երթ դեպի նախագահի գրասենյակ։ Դիմումատուն մասնակցում էր բողոքի ցույցին։ Ներպետական դատարանների հետագա դիտարկումների համաձայն՝ ժամը 14։20-ի սահմաններում երթի մասնակիցները՝ այդ թվում դիմումատուն, քայլել են ճանապարհի երկայնքով՝ այդպիսով զգալի ժամանակ խոչընդոտելով Ամիրյան փողոցի երթևեկությունը, ինչպես նաև չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների կողմից փողոցն ազատելու վերաբերյալ հրահանգներին։ Կարճ ժամանակ անց դիմումատուն ձերբակալվել է բողոքի ցույցի խաղաղ և բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ոստիկանության օրինական հրահանգներին չենթարկվելու համար, որը վարչական իրավախախտում է համարվում Օրենսգրքի 180.1 հոդվածի 15-րդ մասին համապատասխան։
10. Առաջին արձանագրությունը, որն առնչվում էր դիմումատուի ձերբակալությանն ու ոստիկանության բաժին բերման ենթարկելուն, կազմվել է ժամը 16։45-ին, և նշվել է, որ վերջինս ձերբակալվել է ժամը 14։30-ին Ամիրյան փողոցում։ Երկրորդ արձանագրությունը, որն առնչվում էր իրավախախտում կատարելուն, կազմվել է ժամը 17։00-ին։ Այնուհետև դիմումատուն հարցաքննվել և ազատ է արձակվել ժամը 17։50-ին։
11. Ոստիկանությունը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով դիմումատուի նկատմամբ տուգանք նշանակել Օրենսգրքի 180.1 հոդվածի 15-րդ մասի համաձայն։
12. Դիմումատուն հակընդդեմ հայց է ներկայացրել ոստիկանության դեմ՝ բողոքելով երթի տապալման և իր ձերբակալության համար, որոնք ամենևին անհրաժեշտ չեն եղել։
13. Վարչական դատարանը բավարարել է ոստիկանության հայցը և մերժել դիմումատուի հակընդդեմ հայցը։ Հիմնվելով քննարկվող իրադարձությունների տեսաձայնագրության և վարչական իրավախախտման գործով նյութերի վրա՝ դատարանը գտել է, որ դիմումատուն չի ենթարկվել ճանապարհն ազատելու մասին ոստիկանության ծառայողի օրինական կարգադրություններին։ Նա չի կարողացել «արդարացի հավասարակշռություն ապահովել հասարակական կարգի պահպանման և հավաքների ազատության իր իրավունքի իրացման միջև»։ Հետևաբար նա կատարել է իրավախախտում Օրենսգրքի 180.1 հոդվածի 15-րդ մասի համաձայն, և նրա նկատմամբ սահմանվել է տուգանք՝ 50 000 ՀՀ դրամի չափով։ Ինչ վերաբերում է հակընդդեմ հայցին, Դատարանը վճռել է, որ հիմնվելով դիմումատուի վարքագծի անօրինականության վերաբերյալ իր եզրահանգումների վրա՝ նրա ձերբակալումը եղել է օրինական և անհրաժեշտ հասարակական կարգի պաշտպանության և վերականգնման համար:
14. Վերաքննիչ դատարանն այդ որոշումը թողել է անփոփոխ, inter alia, նշելով, որ դիմումատուն զրկվել է ազատությունից Օրենսգրքի 258-րդ և 259-րդ հոդվածներին համապատասխան (տե՛ս վերևում՝ 6-րդ պարբերությունը): Կատարված իրավախախտման մասին տեղում արձանագրություն կազմելու անհնարինությունը, ըստ էության, արդարացվել է տվյալ ժամանակահատվածում Ամիրյան փողոցում տիրող քաոսային իրավիճակով։ Այն փաստը, որ բողոքի ցույցն անցկացվել էր, և դիմումատուն մասնակցություն էր ունեցել ցույցին, վկայում էր վերջինիս հավաքների ազատության իրավունքի ապահովման մասին, սակայն այդ իրավունքն անսահմանափակ չէ, և իրավախախտման կատարումը չէր կարող արդարացվել իրավունքով նախատեսված երաշխիքներով: Ինչ վերաբերում է դիմումատուին ոստիկանությունում արգելանքի տակ պահելու տևողությանը, ապա, ըստ ոստիկանության գրանցամատյանի, նա ձերբակալվել է ժամը 14:50-ին և ազատ է արձակվել ժամը 17:50-ին, ինչը համապատասխանում է վարչական կալանքի երեքժամյա ժամկետին:
15. Վճռաբեկ դատարանի վերջնական որոշումը դիմումատուին է ուղարկվել 2015 թվականի հոկտեմբերի 1-ին։
ԴԱՏԱՐԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
I. ԳԱՆԳԱՏՆԵՐԻ ՄԻԱՑՈՒՄԸ եՎ ԲՈՂՈՔՆԵՐԸ ՔՆՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
16. Հաշվի առնելով գանգատների քննության առարկաների համանմանությունը՝ Դատարանը նպատակահարմար է գտնում դրանք քննել համատեղ՝ մեկ վճռով։
17. Դատարանը նպատակահարմար է գտնում դիմումատուի բողոքները քննել այն իրադարձությունների ժամանակագրական հերթականությամբ, որոնք հիմք են հանդիսացել դրանց առաջացման համար։
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
18. Հիմնվելով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի վրա՝ դիմումատուն բողոք է ներկայացրել առ այն, որ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի և 20-ի՝ իրեն ազատությունից զրկելը եղել է անօրինական և կամայական։
19. Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով, բողոքն ակնհայտորեն անհիմն կամ որևէ այլ հիմքով անընդունելի չէ: Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։
20. 5-րդ հոդվածի 1-ին կետին վերաբերող ընդհանուր սկզբունքներն ամփոփվել են Ս.-ն, Վ.-ն և Ա.-ն ընդդեմ Դանիայի [ՄՊ] [S., V. and A. v. Denmark] [GC], թիվ 35553/12 գործում և 2 այլ գործերում, §§ 73-77, 2018 թվականի հոկտեմբերի 22)։ Բավարար չէ, որ ազատությունից զրկելը կիրառվի և իրականացվի ազգային իրավունքին համապատասխան, այն պետք է նաև անհրաժեշտ լինի տվյալ հանգամանքներում (նույն տեղում, § 77):
21. 2013 թվականի դեկտեմբերի 2-ին և 20-ին դիմումատուին ազատությունից զրկելու նպատակն էր նրան վարչական իրավախախտում կատարելու կասկածանքով համապատասխան իրավապահ մարմին ներկայացնելը, և հետևաբար այն համապատասխանում էր Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետին (համեմատել Բերկմանն ընդդեմ Ռուսաստանի [Berkman v. Russia] գործը, թիվ 46712/15, § 36, 2020 թվականի դեկտեմբերի 1 և Մատչավարիանին ընդդեմ Վրաստանի [Matchavariani v. Georgia] գործը, թիվ 46852/21, §61, 2025 թվականի մայիսի 20): Ներպետական իրավունքի համաձայն՝ միայն վարչական իրավախախտում կատարելը բավարար չէր նման միջոց կիրառելու համար. ազատազրկումը պետք է անհրաժեշտ լիներ՝ համաձայն օրենսգրքի 258-րդ և 259-րդ հոդվածների։
22. Ինչ վերաբերում է 2013 թվականի դեկտեմբերի 2-ի նրա ձերբակալությանը, ապա ոստիկանության կազմած նյութերում չկա որևէ նշում՝ տեղում իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու անհնարինության մասին: Նույնիսկ ենթադրելով, որ դա, ինչպես սահմանել է վերաքննիչ դատարանը, պայմանավորված էր նշված ժամանակահատվածի քաոսային իրավիճակով, իշխանությունները չեն կարողացել բացատրել, թե ինչու իրավախախտման մասին արձանագրությունը չի կազմվել այն մեկ ժամվա ընթացքում, երբ դիմումատուն գտնվել է ոստիկանությունում՝ արգելանքի տակ (258-րդ հոդվածին համապատասխան), և արդյո՞ք իր հետագա վարչական ձերբակալումը (259-րդ հոդվածին համապատասխան), որը, ըստ երևույթին, կատարվել է միևնույն նպատակով, այն է՝ իրավախախտման մասին արձանագրություն կազմելը, միանգամայն անհրաժեշտ է եղել։ Փաստորեն, վարչական գործով նյութերը ցույց են տալիս, որ դիմումատուի արգելանքի տակ գնվելու վերաբերյալ արձանագրությունը կազմվել է ոստիկանության կողմից ժամը 16:50-ին, իսկ իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմվել է ժամը 17:00-ին, այսինքն՝ նրա ձերբակալությունից ավելի քան երկու ժամ անց (ժամը 14:30-ին): Սակայն նշված ուշացման վերաբերյալ ոչ մի բացատրություն չի ներկայացվել։ Կառավարությունը հիմնավորել է այն՝ վկայակոչելով դիմումատուի ենթադրյալ ապակառուցողական վարքագիծը. սակայն այդ պնդումը չի հաստատվել ո՛չ վարչական գործով նյութերի, ո՛չ համապատասխան դատական որոշումների միջոցով:
23. Նույնիսկ այն բանից հետո, երբ ժամը 17:00-ին ոստիկանությունը կազմել է իրավախախտման մասին արձանագրությունը՝ այդպիսով հասնելով դիմումատուի վարչական ձերբակալման նպատակի իրագործմանը, դիմումատուն ազատ չի արձակվել: Նա հարցաքննվել և ազատ է արձակվել միայն մոտ մեկ ժամ անց, ինչը նշանակում է, որ նրա վարչական ձերբակալումը գերազանցել է համապատասխան երեքժամյա ժամկետը, քանի որ նա ձերբակալվել է ժամը 14:30-ին (տե՛ս վերևում՝ 10-րդ պարբերությունը):
24. Ինչ վերաբերում է դիմումատուի 2013 թվականի դեկտեմբերի 20-ի ձերբակալությանը, նույնիսկ ենթադրելով, որ հնարավոր չի եղել իրավախախտման մասին արձանագրությունը կազմել տեղում, իշխանությունները չեն կարողացել բացատրել, թե ինչու ոչ մի արձանագրություն չի կազմվել այն մեկ ժամվա ընթացքում, երբ դիմումատուն գտնվել է ոստիկանությունում՝ արգելանքի տակ (258-րդ հոդվածին համապատասխան), և արդյո՞ք իր հետագա վարչական ձերբակալումը (259-րդ հոդվածին համապատասխան), որը, ըստ երևույթին, կատարվել է միևնույն նպատակով, այն է՝ իրավախախտման մասին արձանագրություն կազմելը, միանգամայն անհրաժեշտ է եղել։
25. Վերոնշյալ նկատառումները բավարար են եզրակացնելու համար, որ դիմումատուի երկու վարչական ձերբակալությունները՝ 2013 թվականի դեկտեմբերի 2-ին և 20-ին, զերծ չեն եղել կամայականությունից:
26. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-րդ կետի խախտում։
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ (գանգատ թիվ 19579/16 )
27. Դիմումատուն բողոքել է, որ իրեն ձերբակալելով և իր նկատմամբ տուգանք նշանակելով՝ իշխանությունները խախտել են Կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածներով նախատեսված իր իրավունքները։
28. Սույն բողոքը պետք է քննել բացառապես Կոնվենցիայի 11-րդ հոդվածին համապատասխան, որը մեկնաբանվում է անհրաժեշտության դեպքում 10-րդ հոդվածի լույսի ներքո (տե՛ս Կուդրևիչիուսը և այլք ընդդեմ Լիտվայի [ՄՊ] [Kudrevičius and Others v. Lithuania [GC] թիվ 37553/05 գործը, § 91, ՄԻԵԴ 2015)։ Այն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ակնհայտորեն անհիմն չէ կամ որևէ այլ հիմքով անընդունելի չէ: Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի։
29. 11-րդ հոդվածին վերաբերող ընդհանուր սկզբունքներն ամփոփվել են Կուդրևիչուսը և այլք գործում [Kudrevičius and Others] (վերևում հիշատակված՝ հետագա հղումներով):
30. Դիմումատուի ձերբակալությունն ու նրա նկատմամբ վարչական տուգանքի նշանակումը համարվում էին միջամտություն հավաքների ազատության վերջինիս իրավունքին: Հաշվի առնելով կողմերի փաստարկները և գործի նյութերում առկա տեղեկությունը և նույնիսկ ենթադրելով, որ միջամտությունը «նախատեսված էր օրենքով» և հետապնդում էր «օրինական նպատակներ»՝ պետք է պարզել, թե արդյոք այն «անհրաժեշտ էր ժողովրդավարական հասարակությունում»:
31. Ներպետական դատարանների եզրակացությունների համաձայն՝ դիմումատուն չի կատարել ճանապարհը չփակելու վերաբերյալ ոստիկանության կարգադրությունները՝ կարգադրություններ, որոնք ուղղված էին բողոքի ցույցի խաղաղ և բնականոն ընթացքն ապահովելուն: Այնուամենայնիվ, նրանք քննել են գործը՝ առանց հաշվի առնելու դրա համատեքստը: Մասնավորապես, ըստ երևույթին, ցուցարարները միտումնավոր չեն փակել ճանապարհը՝ կանխամտածված կերպով խաթարումներ առաջացնելու կամ կառավարության վրա ճնշում գործադրելով իրենց պահանջների կատարմանը հասնելու նպատակով։ Ոչ էլ Կառավարությունն է փաստարկ ներկայացրել այդ առնչությամբ։ Նրանց ներկայացրած տեսաձայնագրությունը համարվում է անհամապատասխան. այնտեղ երևում է, թե ինչպես է դիմումատուն ձերբակալվում մայթեզրին և իշխանությունների կողմից նշված վայրից տարբերվող վայրում, ինչը հակասում է վարչական իրավախախտման մասին կազմված արձանագրությանը։
32. Առկա նյութերը վկայում են այն մասին, որ բողոքի ցույցն իրականացվել է երթի տեսքով՝ նպատակ ունենալով բարձրացնել իրազեկվածությունը և արտահայտել ցուցարարների մտահոգությունները՝ ԵՄՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ: Այսպիսով, ճանապարհն ազատելու մասին ոստիկանության կարգադրությունը, ըստ էության, երթը դադարեցնելու կարգադրություն էր, այսինքն՝ ցուցարարների կողմից ցույցի իրականացման ձևի։ Դատարանները, սակայն, չեն կարողացել պատշաճ ձևով բացատրել, թե ինչպես էր խնդրո առարկա հրահանգն ապահովելու առաջին հերթին երթի խաղաղ ընթացքը: Նրանք չեն ուսումնասիրել նաև երթի քաղաքական բնույթը, որը, ամենայն հավանականությամբ, կազմակերպվել էր ի պատասխան Ռուսաստանի նախագահի այցի, կամ թե ինչպես կարելի էր դյուրացնել երթի անցկացումը՝ հաշվի առնելով դրա կարևորությունը ցուցարարների համար: Այսպիսով, դատարանները սահմանափակվել են նրանով, որ անվերապահորեն բավարարել են ոստիկանության հայցը՝ փաստացիորեն երթը որակելով որպես հասարակական կարգի խախտում և բացառելով հավաքների ազատության իրավունքով վերջինիս պաշտպանված լինելու հնարավորությունը: Չնայած նրանք պնդել են, որ ցուցարարները երկար ժամանակ փակել են ճանապարհը, վարչական գործով նյութերը և դրանց եզրակացությունները ցույց են տալիս, որ դիմումատուն ձերբակալվել է երթի մեկնարկից կարճ ժամանակ անց (տե՛ս վերևում՝ 9-10-րդ պարբերությունները): Այսպիսով անհասկանալի էին մնում խաթարումների մասշտաբները և ոստիկանության կողմից ցուցաբերված հանդուրժողականության մակարդակը, որոնք երկուսն էլ միջամտության անհրաժեշտությունը գնահատելու կարևորագույն տարրերն էին: Այսպիսով, Դատարանը գտնում է, որ իշխանությունները, ներառյալ՝ ներպետական դատարանները, չեն ներկայացրել «համապատասխան և բավարար» պատճառներ դիմումատուի՝ հավաքների ազատության իրավունքին միջամտությունն արդարացնելու համար, ինչն այսպիսի պայմաններում չի կարելի համարել անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում:
33. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում։
IV. ՄՆԱՑԱԾ ԲՈՂՈՔՆԵՐԸ
34. Թիվ 1606/16 գանգատում դիմումատուն նաև բողոքել է 10-րդ և 11-րդ հոդվածներին համապատասխան, որ իր ձերբակալությունը և տուգանքի նշանակումը նպատակ են ունեցել պատժել իրեն բողոքի ցույցին մասնակցելու համար։ Դատարանը քննել է թիվ 1606/16 գանգատն այդ մասով և համարում է, որ իր տրամադրության տակ գտնվող բոլոր նյութերն հաշվի առնելով և այնքանով, որքանով բողոքների հիմքում ընկած հարցերի քննությունն իր իրավասության սահմաններում է, կա՛մ դրանք չեն համապատասխանում Կոնվենցիայի 34-րդ և 35-րդ հոդվածներով սահմանված ընդունելիության չափանիշներին, կա՛մ դրանցով չի բացահայտվում Կոնվենցիայով կամ դրան կից Արձանագրություններով ամրագրված իրավունքների և ազատությունների խախտման որևէ հատկանիշ:
35. Այստեղից հետևում է, որ բողոքն այս մասով պետք է մերժվի՝ համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 4-րդ կետի։
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
36. Դիմումատուն իր երկու գանգատների մասով պահանջել է ընդհանուր առմամբ 11 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։ Դիմումատուն նաև պահանջել է 1 850 000 հայկական դրամ (ՀՀ դրամ)՝ որպես ներպետական դատարաններում կրած ծախսերի և ծախքերի փոխհատուցում և 2 000 000 ՀՀ դրամ փոխհատուցում՝ Դատարանում կրած ծախսերի և ծախքերի համար։ Ըստ դիմումատուի՝ ծախսերի և ծախքերի դիմաց պահանջված ընդհանուր գումարը համարժեք է 7 614 եվրոյի: Նա նյութական վնասի փոխհատուցման որևէ բողոք չի ներկայացրել:
37. Կառավարությունը վիճարկել է նշված պահանջները:
38. Դատարանը դիմումատուին շնորհում է 3 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ։
39. Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը և իր նախադեպային իրավունքը (տե՛ս Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի [Suren Antonyan v. Armenia], թիվ 20140/23 գործը, § 151, 2025 թվականի հունվարի 23, հետագա հղումներով)՝ Դատարանը ողջամիտ է համարում դիմումատուին շնորհել 2 000 եվրո՝ Դատարանում վարույթի ծախսերը ծածկելու համար, գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ, և մերժում է պահանջի մնացած մասը:
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Որոշում է միացնել գանգատները․
2. Հայտարարում է 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ներկայացված բողոքները՝ դիմումատուի ձերբակալման օրինականության վերաբերյալ, և 11-րդ հոդվածի համաձայն ներկայացված բողոքը՝ թիվ 19579/16 գանգատի մասով, ընդունելի, իսկ թիվ 1606/16 գանգատի մնացած մասը՝ անընդունելի․
3. Վճռում է, որ երկու գանգատների մասով տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում․
4. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի խախտում՝ թիվ 19579/16 գանգատի մասով․
5. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով․
i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 3 000 եվրո (երեք հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,
ii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ 2 000 եվրո (երկու հազար եվրո)՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ,
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ․
6. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2026 թվականի ապրիլի 30-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
|
Մարտինա Կելլեր՝ |
Գեորգիոս Ա. Սերղիդես՝՝ |
|
Քարտուղարի տեղակալ |
Նախագահ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|