ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(գանգատ թիվ 18635/16)
Վ Ճ Ի Ռ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
30 ապրիլի 2026թ.
Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։
Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի գործով,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Գեորգիոս Ա. Սերղիդես [Georgios A. Serghides]՝ Նախագահ,
Ջիլբերտո Ֆելիչի [Gilberto Felici],
Դիանա Սարկու [Diana Sârcu]՝ դատավորներ,
և Մարտինա Կելլեր [Martina Keller]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
հաշվի առնելով՝
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն՝ 2016 թվականի մարտի 25-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 18635/16) ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 1968 թվականին ծնված և Սպանդարյան գյուղում բնակվող Հայաստանի քաղաքացի պրն Մովսես Խաչատրյանի (այսուհետ՝ դիմումատու) կողմից, որին ներկայացրել է Երևանում գործող իրավաբան պրն Մ. Շուշանյանը,
Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն), որին ներկայացրել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության նախկին լիազոր ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը, ծանուցելու մասին որոշումը,
Հայաստանի Հանրապետության կողմից ընտրված դատավոր պրն Վահե Գրիգորյանին գործի քննությունից հեռացնելը (Դատարանի կանոնակարգի 28-րդ կանոնի 3-րդ կետ),
կողմերի դիտարկումները,
2026 թվականի ապրիլի 2-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԳՈՐԾԻ ԱՌԱՐԿԱՆ
1. Գործը վերաբերում է պարտադիր զինվորական ծառայության ընթացքում դիմումատուի որդու մահվանը և դրան հաջորդած քննությանը։ Դրանով հիմնականում բարձրացվում են հարցեր Կոնվենցիայի 2-րդ հոդվածի շրջանակներում։
I. ԴԻՄՈՒՄԱՏՈՒԻ ՈՐԴՈՒ ԲՈՒԺՈՒՄՆ ՈՒ ՄԱՀԸ
2. 2011 թվականի հունիսին դիմումատուի որդին՝ Հ. Խաչատրյանը, զորակոչվել է հայկական բանակ։
3. 2011 թվականի դեկտեմբերի 6-ին Հ. Խաչատրյանը նշանակվել է 16-ժամյա անընդմեջ հերթապահության, որի ընթացքում մրսել է և բողոքել դեմքի ցավերից։
4. 2011 թվականի դեկտեմբերի 8-ին Հ. Խաչատրյանը դիմել է իր զորամասի բուժծառայությանը՝ գանգատվելով դեմքի սուր ցավերից։ Նրա մոտ ախտորոշվել է դեմքի նյարդի նևրիտ (նյարդաբորբ), և հաջորդ օրը նա տեղափոխվել է Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ (ԿԿԶՀ)։
5. 2011 թվականի դեկտեմբերի 9-ին Հ. Խաչատրյանն ընդունվել է ԿԿԶՀ-ի նյարդաբանության բաժանմունք՝ «դեմքի նյարդի մոնոնեյրոպաթիա» ախտորոշմամբ։
6. 2011 թվականի դեկտեմբերի 10-26-ի բժշկական փաստաթղթերը վկայում են, որ Հ. Խաչատրյանը հիմնականում գանգատվել է դեմքի ցավերից, ենթարկվել է տարբեր բժշկական հետազոտությունների և ստացել համապատասխան բուժում։
7. 2011 թվականի դեկտեմբերի 28-ի բժշկական փաստաթղթերի համաձայն՝ Հ. Խաչատրյանը գանգատվել է որովայնի ցավերից, որի առնչությամբ հրավիրվել է վիրաբույժ։
8. Նույն օրը վիրաբույժը զննել է Հ. Խաչատրյանին և նշել, որ «տվյալ պահին սուր վիրաբուժական պաթոլոգիա չի հայտնաբերվել»։
9. Նույն օրը (առավոտյան) վարակիչ հիվանդությունների մասնագիտացված բժիշկը Հ. Խաչատրյանի մոտ ախտորոշել է վարիցելլա (ջրծաղիկ) և նշել, որ անհրաժեշտ է ստացիոնար բուժում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում (վարակիչ հիվանդությունների մասնագիտացված կլինիկա՝ «Նորքի հիվանդանոց»)։ Նույն օրը տրվել է Հ. Խաչատրյանին Նորքի հիվանդանոց ուղեգրելու մասին գրություն։
10. 2011 թվականի դեկտեմբերի 29-ին Հ. Խաչատրյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Առավոտյան ժամը 5։40-ին նրա մոտ հանկարծակի սկսվել են ցնցումներ, և նա կորցրել է գիտակցությունը։ Ժամը 7։40-ին նա ունեցել է որովայնի ուժեղ ցավեր։ Նրան բժշկական օգնություն են ցուցաբերել և բժիշկ թերապևտ են հրավիրել։
11. Նույն օրը՝ մոտավորապես ժամը 10։20-ին, Հ. Խաչատրյանի մոտ կրկին սկսվել են ցնցումներ։ Նրա վիճակը կայունացնելուց հետո ԿԿԶՀ-ում իրականացվել են մի շարք բժշկական հետազոտություններ, որից հետո նա մոտավորապես ժամը 11։10-ին տեղափոխվել է Նորքի հիվանդանոց։
12. Նույն օրը՝ մոտավորապես ժամը 11։30-11։40-ի սահմաններում, Հ. Խաչատրյանն ընդունվել է Նորքի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։ Նրա մոտ ախտորոշվել է ներքին օրգանների վրա տարածվող վարիցելլա (ջրծաղիկ), և նրա վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։
13. Վերակենդանացման անհաջող միջոցառումներից հետո 2011 թվականի դեկտեմբերի 30-ին՝ ժամը 22։30-ին, Նորքի հիվանդանոցում հայտնել են Հ. Խաչատրյանի մահվան մասին։
II. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
14. Հ. Խաչատրյանի մահվան առնչությամբ Պաշտպանության նախարարության կողմից իրականացված ծառայողական քննությամբ, ի թիվս այլնի, պարզվել է, որ մինչև ԿԿԶՀ ընդունվելը նյարդաբանության բաժանմունքում արդեն գրանցվել էր ջրծաղիկի երկու դեպք։ Սակայն վիրուսի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումներն անմիջապես չեն իրականացվել։ Իրականացված որոշ միջոցառումներ (ներառյալ՝ սենյակների օդափոխությունն ու ախտահանումը) ակնհայտորեն բավարար չեն եղել, իսկ հիվանդները, այդ թվում՝ Հ. Խաչատրյանը, չեն հետազոտվել վիրուսի վաղ հայտնաբերման նպատակով։ 2011 թվականի դեկտեմբերի 10-ին իրականացված Հ. Խաչատրյանի արյան հետազոտությունը ցույց է տվել մի շարք համապատասխան ցուցանիշների խախտումներ, սակայն պատշաճ հետագա հսկողություն չի իրականացվել։ Չնայած 2011 թվականի դեկտեմբերի 28-ին Հ. Խաչատրյանին մասնագիտացված վարակիչ հիվանդությունների հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ տրված ցուցմանը՝ նա նույն օրը չի տեղափոխվել։ Ծառայողական քննության արդյունքում եզրակացվել է, որ Հ. Խաչատրյանի մահվան ելքը հնարավոր կլիներ կանխել, եթե, ի թիվս այլնի, ժամանակին պատշաճ կերպով ախտորոշվեր ջրծաղիկը և ցուցաբերվեր համապատասխան մասնագիտացված բուժում, ինչպես նաև եթե ԿԿԶՀ-ի նյարդաբանական բաժանմունքում ջրծաղիկի դեպքերի հայտնաբերումից հետո ձեռնարկվեին վիրուսի տարածումը կանխելու համար անհրաժեշտ միջոցառումներ։ Բացի այդ, բացահայտվել են 2011 թվականի դեկտեմբերին պարեկային ծառայության կազմակերպման հետ կապված համապատասխան կանոնների խախտումներ (տե՛ս վերևում՝ 3-րդ պարբերությունը)։
15. Ծառայողական քննության արդյունքների հիման վրա 2012 թվականի փետրվարին Պաշտպանության նախարարը հրաման է արձակել, որով մի շարք ռազմական և ռազմաբժշկական պաշտոնատար անձինք ու ծառայողներ նկատողություն են ստացել։ ԿԿԶՀ-ի նյարդաբանական բաժանմունքի վարիչ Մ.Մ.-ն տեղափոխվել է պահեստազոր։
III. ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՎԱՐՈՒՅԹԸ
16. Միևնույն ժամանակ, 2012 թվականի հունվարի 9-ին Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը հարուցել է քրեական վարույթ։
17. 2012 թվականի հունվարի 11-ից մինչև փետրվարի 2-ը հարցաքննվել են վկաներ, այդ թվում՝ Մ.Մ.-ն (տե՛ս վերևում՝ 15-րդ պարբերությունը) և Վ.Գ.-ն ու Ս.Ս.-ն, համապատասխանաբար ԿԿԶՀ-ի վիրաբուժական բաժանմունքի վարիչը և ավագ օրդինատորը, ինչպես նաև ԿԿԶՀ-ի պետ Մի.Մ.-ն։ ԿԿԶՀ-ից և Նորքի հիվանդանոցից պահանջվել և ուսումնասիրվել են Հ. Խաչատրյանի բժշկական փաստաթղթերը։
18. 2012 թվականի հունվարի 18-ին Մ.Մ.-ին մեղադրանք է առաջադրվել զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, որն առաջացրել է էական հետևանքներ, իսկ 2012 թվականի հունվարի 22-ին՝ ծանրացուցիչ հանգամանքներում բժշկական անփութության համար։
19. 2012 թվականի փետրվարի 2-ին ավարտվել է դիահերձումը։ Համապատասխան եզրակացության համաձայն՝ Հ. Խաչատրյանը մահացել է ջրծաղիկի հետևանքով զարգացած բազմաօրգանային անբավարարությունից։
20. Բժշկական փորձագիտական խմբի կողմից անցկացված դատաբժշկական փորձաքննությունը (որը զեկույց է հրապարակել 2012 թվականի մայիսի 8-ին) հաստատել է, ի թիվս այլնի, որ մոնոնևրոպաթիայի բուժումը բավարար է եղել։ 2011 թվականի դեկտեմբերի 28-ին (առավոտյան) Հ. Խաչատրյանի մոտ ջրծաղիկ ախտորոշվելուց հետո անհրաժեշտ է եղել շտապ կազմակերպել նրա տեղափոխումը Նորքի հիվանդանոց։ Քանի որ Հ. Խաչատրյանի բուժման ընթացքում եղել են թերություններ, և արձանագրվել է բացասական ելք, հնարավոր չէր կանխատեսել, թե ինչպիսին կլիներ արդյունքը, եթե իրականացվեին բոլոր անհրաժեշտ բուժումները:
21. 2012 թվականի հուլիսին Մ.Մ.-ի նկատմամբ առաջադրված ծանրացուցիչ հանգամանքներում բժշկական անփութության մեղադրանքը հանվել է, և վերջինիս և Մի.Մ.-ի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել պաշտոնատար անձի կողմից զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, որը հանգեցրել է էական հետևանքների։ Ըստ մեղադրանքի՝ Հ. Խաչատրյանի մոտ ջրծաղիկ ախտորոշվելուց հետո Մ.Մ.-ն չի ապահովել վարակիչ հիվանդությունների մասնագետ բժշկի ներգրավումը և նրա ժամանակին տեղափոխումը վարակիչ հիվանդությունների հիվանդանոց, որտեղ նա ի վերջո տեղափոխվել է արդեն ծայրահեղ ծանր վիճակում։ Ինչ վերաբերում է Մի.Մ.-ին, ըստ մեղադրանքի՝ նա վարակիչ հիվանդության արձանագրման դեպքում չի պահպանել համապատասխան զինվորական կանոնակարգը, ինչի հետևանքով չեն իրականացվել անհրաժեշտ միջոցառումները ԿԿԶՀ-ում վարակի տարածումը կանխելու համար։
22. Քննությունն ավարտվել է 2012 թվականի հուլիսի 19-ին։ Գործի նյութերին ծանոթանալուց հետո դիմումատուն չի համաձայնել առաջադրված մեղադրանքների հետ՝ պնդելով, որ Մ.Մ.-ն և Մի.Մ.-ն պետք է մեղադրվեին զինվորական ծառայության նկատմամբ ծանրացուցիչ հանգամանքներում անփույթ վերաբերմունքի համար (հաշվի առնելով ծանր հետևանքները), որ Մ.Մ. ին պետք է նաև մեղադրանք առաջադրվեր ծանրացուցիչ հանգամանքներում բժշկական անփութության համար, ինչպես նաև Հ. Խաչատրյանին բուժող բժիշկներն էլ պետք է ենթարկվեին քրեական պատասխանատվության։ Քննիչը մերժել է նրա փաստարկները՝ նշելով, որ Մ.Մ.-ի և Մի.Մ.-ի գործողությունների ու նրա որդու մահվան միջև անմիջական պատճառահետևանքային կապ չկա։
23. 2012 թվականի օգոստոսի 3-ին հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և գործն ուղարկվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանի (Վարչական շրջանների դատարան) քննության։
24. Դատաքննության ընթացքում նշանակվել են բժշկական փորձագետների հանձնաժողովների կողմից իրականացվող ևս երկու դատաբժշկական փորձաքննություններ (տե՛ս վերևում՝ 20-րդ պարբերությունը)։ Առաջին փորձաքննությամբ, որն ավարտվել է 2013 թվականի հոկտեմբերին, ի թիվս այլնի, եզրակացություն են արել, որ հնարավոր չէր կանխատեսել ներքին օրգաններում տարածվող վարիցելլայի ելքը, և ճիշտ կլիներ կազմակերպել լրացուցիչ խորհրդատվություն վարակիչ հիվանդությունների մասնագետի հետ, որը կարող էր հայտնաբերել տվյալ հիվանդությունը։ Երկրորդ փորձաքննությամբ, որն ավարտվել է 2014 թվականի օգոստոսին, ըստ էության եզրակացություն է արվել, որ Հ. Խաչատրյանին Նորքի հիվանդանոց տեղափոխելու հարցում ուշացում չի եղել՝ հաշվի առնելով, որ ԿԿԶՀ-ն բազմապրոֆիլ հիվանդանոց էր, և մահվան ելքն անխուսափելի էր։
25. 2015 թվականի փետրվարի 5-ին Վարչական շրջանների դատարանը դադարեցրել է Մ.Մ.-ի և Մի.Մ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը՝ կիրառելով 2013 թվականի հոկտեմբերի 3-ի «Համաներման մասին» օրենքը (որն Ազգային ժողովն ընդունել էր Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ)։ Դիմումատուն հաջողությամբ բողոքարկել է այդ որոշումը, ինչից հետո գործը վերադարձվել է Վարչական շրջանների դատարան՝ հետագա քննության համար։
26. 2015 թվականի դեկտեմբերին Վարչական շրջանների դատարանը բավարարել է Մ.Մ.-ի և Մի.Մ.-ի միջնորդությունը՝ դադարեցնելով դիմումատուի որդու՝ տուժողի կարգավիճակը, և համապատասխանաբար նաև դիմումատուի՝ որպես տուժողի իրավահաջորդի կարգավիճակը։ Դիմումատուի ներկայացրած բողոքների հիման վրա Վճռաբեկ դատարանը հետագայում բեկանել է այդ որոշումը, և 2016 թվականի նոյեմբերին վերականգնել է դրա դատավարական կարգավիճակը։
27. 2016 թվականի փետրվարին Վարչական շրջանների դատարանը կրկին դադարեցրել է Մ.Մ.-ի և Մի.Մ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը՝ նրանց նկատմամբ կիրառելով համաներում (տե՛ս վերևում՝ 25-րդ պարբերությունը)։ Դիմումատուն ներկայացրել է հերթական բողոքը։
28. 2017 թվականի հուլիսի 11-ին Վերաքննիչ քրեական դատարանը կարճել է վարույթը՝ հիմք ընդունելով, որ Մ.Մ.-ի և Մի.Մ.-ի նկատմամբ քրեական հետապնդման վաղեմության ժամկետը լրացել է: Դիմումատուն բողոքարկել է այդ որոշումը, սակայն այն չի բավարարվել։
ԴԱՏԱՐԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
29. Հիմնվելով Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ և 13-րդ հոդվածների վրա՝ դիմումատուն բողոքել է, որ իր որդին մահացել է զինվորական ծառայության ընթացքում պատշաճ և ժամանակին բժշկական օգնության բացակայության հետևանքով, և որ ներպետական մարմինները չեն իրականացրել արդյունավետ քննություն այդ դեպքի վերաբերյալ։ Դատարանը, լինելով գործի փաստերին իրավական որակավորում տվող մասնագիտացված կառույց (տե՛ս Ռոդամիլյան և այլք ընդդեմ Խորվաթիայի [ՄՊ] [Radomilja and Others v. Croatia [GC]], թիվ 37685/10 և 22768/12, §§ 114, 124 և 126, 2018 թվականի մարտի 20.), նպատակահարմար է գտնում դիմումատուի բողոքները քննել միայն Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ներքո։
30. Կառավարությունը պնդել է, որ գանգատն անընդունելի է վեցամսյա ժամկետը չպահպանելու կամ իրավական պաշտպանության ներպետական միջոցները չսպառելու պատճառով: Դատարանը, հաշվի առնելով իր համապատասխան նախադեպային իրավունքը և գործի հանգամանքները, մերժում է անընդունելիության վերաբերյալ երկու առարկությունները (տե՛ս Նանա Մուրադյանն ընդդեմ Հայաստանի [Nana Muradyan v. Armenia], թիվ 69517/11, §§ 107 11, 2022 թվականի ապրիլի 5, Աշոտ Մալխասյանն ընդդեմ Հայաստանի [Ashot Malkhasyan v. Armenia], թիվ 35814/14, §§ 69-71, 2022 թվականի հոկտեմբերի 11, Հովհաննիսյանը և Նազարյանն ընդդեմ Հայաստանի [Hovhannisyan and Nazaryan v. Armenia], թիվ 2169/12 և 29887/14, §§ 95-99, 2022 թվականի նոյեմբերի 8, և Հովհաննիսյանը և Կարապետյանն ընդդեմ Հայաստանի [Hovhannisyan and Karapetyan v. Armenia], թիվ 67351/13, §§ 67-69, 2023 թվականի հոկտեմբերի 17): Հետևաբար Դատարանը գտնում է որ սույն բողոքն ակնհայտորեն անհիմն չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով և անընդունելի չէ որևէ այլ հիմքով։ Ուստի այն պետք է հայտարարվի ընդունելի։
31. Ինչ վերաբերում է բողոքի նյութաիրավական հայեցակետին, ապա կիրառելի իրավական սկզբունքներն ամփոփ ներկայացված են (Կիլինչը և այլք ընդդեմ Թուրքիայի [Kılınջ and Others v. Turkey], թիվ 40145/98, §§ 40-42, 2005 թվականի հունիսի 7, Պլոխովներն ընդդեմ Ռուսաստանի [Plokhovy v. Russia], թիվ 45024/07, § 78, 2020 թվականի դեկտեմբերի 22, և Դիմաքսյանն ընդդեմ Հայաստանի [Dimaksyan v. Armenia], թիվ 29906/14, §§ 59-62, 2023 թվականի հոկտեմբերի 17) գործերում։
32. Հ. Խաչատրյանը զինվորական ծառայության զորակոչվելու պահին եղել է առողջ։ 2011 թվականի դեկտեմբերի 8-ին նա դիմել է բժշկական օգնության, որից հետո ռազմաբժշկական անձնակազմը զննել է վերջինիս և ուղեգրել ԿԿԶՀ (տե՛ս վերևում՝ 3-րդ և 4-րդ պարբերությունները)։ Այնուհետև նա բուժում է ստացել ԿԿԶՀ-ում մինչև 2011 թվականի դեկտեմբերի 29-ը, որից հետո տեղափոխվել է Նորքի հիվանդանոց, որտեղ մահացել է 2011 թվականի դեկտեմբերի 30-ին (տե՛ս վերևում՝ 5-րդ, 11-րդ և 13-րդ պարբերությունները)։ Հետագա քրեական վարույթի շրջանակներում իրականացված դիահերձման եզրակացությամբ հաստատվել է, որ նրա մահվան պատճառը ջրծաղիկի հետևանքով զարգացած բազմաօրգանային անբավարարությունն է եղել (տե՛ս վերևում՝ 19-րդ պարբերությունը)։
33. Պաշտպանության նախարարության կողմից իրականացված ծառայողական քննությամբ, ի թիվս այլնի, հաստատվել է, որ՝ i) չնայած ԿԿԶՀ-ի նյարդաբանական բաժանմունքում ջրծաղիկի հայտնի դեպքերին, վիրուսի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումներն անմիջապես չեն իրականացվել, ii) Հ. Խաչատրյանի մոտ ջրծաղիկը պատշաճ և ժամանակին չի ախտորոշվել, և iii) նրան վարակիչ հիվանդությունների հիվանդանոց ուղեգրելու վերաբերյալ ցուցումը պատշաճ և ժամանակին չի կատարվել (տե՛ս վերևում՝ 14 րդ պարբերությունը)։ Դատարանը որևէ հիմք չունի իր գնահատման մեջ ծառայողական քննությամբ հաստատված փաստական հանգամանքների վրա չհիմնվելու (տե՛ս վերևում հիշատակված՝ Դիմաքսյանն ընդդեմ Հայաստանի [Dimaksyan v. Armenia], § 73՝ լրացուցիչ հղումներով)։
34. Քրեական վարույթի շրջանակներում նույնպես հաստատվել է, որ՝ i) ԿԿԶՀ-ում Հ. Խաչատրյանի բուժումը եղել է թերի, ii) նրա տեղափոխումը վարակիչ հիվանդությունների հիվանդանոց, որը հրատապ անհրաժեշտություն է եղել, իրականացվել է ուշացումով, և iii) չեն պահպանվել ջրծաղիկի վարակի տարածումը կանխելուն ուղղված համապատասխան կանոնակարգերը (տե՛ս վերևում՝ 20-րդ, 18-րդ և 24-րդ պարբերությունները)։ Թեև հետագայում այլ բժշկական փորձագետներ կասկած են հայտնել, թե արդյոք Հ. Խաչատրյանի տեղափոխման հարցում իսկապես ուշացում եղել է (տե՛ս վերևում՝ 24-րդ պարբերությունը՝ վերջում), նրանք նման եզրահանգման եկել են միայն ընդհանուր հղում կատարելով այն հանգամանքին, որ ԿԿԶՀ-ն «բազմապրոֆիլ» հիվանդանոց էր՝ միաժամանակ չնշելով, թե արդյոք Հ. Խաչատրյանը ԿԿԶՀ-ում ստացել է որևէ մասնագիտացված հակավիրուսային բուժում՝ նրա մոտ ջրծաղիկ ախտորոշվելուց հետո անմիջապես վարակիչ հիվանդությունների հիվանդանոց չտեղափոխելու փոխարեն, ինչպես առաջարկել էր վարակիչ հիվանդությունների բժիշկը (տե՛ս վերևում՝ 9-րդ պարբերությունը)։
35. Թեև Դատարանը չի կարող ենթադրություն անել այն մասին, թե արդյոք դեպքերի ընթացքն այլ կլիներ, եթե ձեռնարկվեին ջրծաղիկի վիրուսի փոխանցումը կանխելու համապատասխան միջոցներ, և եթե Հ. Խաչատրյանի մոտ ջրծաղիկն ավելի շուտ ախտորոշվեր, կամ եթե նա ժամանակին տեղափոխվեր վարակիչ հիվանդությունների հիվանդանոց, սակայն Կոնվենցիայի 2-րդ հոդվածի իմաստով չի պահանջվում ապացուցել, որ իշխանությունների բացթողումների բացակայության դեպքում մահը վրա չէր հասնի։ Որոշիչն այն է, թե արդյոք տվյալ իրավիճակում կյանքի պահպանման համար ձեռնարկվել են բոլոր ողջամիտ միջոցները, ինչը, Դատարանի կարծիքով, տեղի չի ունեցել սույն գործով (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), վերոնշյալ Դիմաքսյանի [Dimaksyan] գործը, § 83, ինչպես նաև, mutatis mutandis, վերոնշյալ Պլոխովների [Plokhovy] գործը, § 81)։
36. Հաշվի առնելով վերոնշյալ նկատառումները` Դատարանը եզրակացնում է, որ սույն գործով իշխանությունները չեն կատարել իրենց դրական պարտավորությունը՝ պաշտպանելու Հ. Խաչատրյանի կյանքի իրավունքը, քանի դեռ նա իրենց վերահսկողության տակ էր գտնվում։
37. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում վերջինիս նյութաիրավական հայեցակետի շրջանակներում։
38. Ինչ վերաբերում է գանգատի դատավարական հայեցակետին, ապա Կոնվենցիայի 2-րդ հոդվածի շրջանակում քրեական գործի արդյունավետությանը վերաբերող ընդհանուր սկզբունքներն ամփոփվել են (Մուստաֆա Թունչը և Ֆեջիրե Թունչն ընդդեմ Թուրքիայի [ՄՊ], Mustafa Tunջ and Fecire Tunջ v. Turkey [GC] գործում, թիվ 24014/05, §§ 172-181, 2015 թվականի ապրիլի 14)։
39. Դատարանը նշում է, որ Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը Հ. Խաչատրյանի մահից մի քանի օր անց՝ 2012 թվականի հունվարի 9-ին, սեփական նախաձեռնությամբ հարուցել է քննություն (տե՛ս վերևում՝ 13-րդ և 16-րդ պարբերությունները) և քննության առաջին օրերից իրականացրել է մի շարք քննչական գործողություններ (նշանակվել է դիահերձում, ուսումնասիրվել են բժշկական փաստաթղթերը, և հարցաքննվել են վկաներ. տե՛ս վերևում՝ 17-րդ և 19-րդ պարբերությունները)։
40. Ավելին, քննությունն ավարտվել է վեց ամսվա ընթացքում, այսինքն՝ 2012 թվականի հուլիսին, և գործը դատաքննության է ուղարկվել 2012 թվականի օգոստոսին (տե՛ս վերևում՝ 22-րդ և 23-րդ պարբերությունները): Հետևաբար վարույթի մինչդատական փուլում ոչ արդարացված ձգձգում տեղի չի ունեցել:
41. Այնուամենայնիվ, դատաքննության փուլը տևել է մի քանի տարի, այդ թվում՝ գործը մի քանի անգամ նոր քննության ուղարկելու հետևանքով (տե՛ս վերևում՝ 25-րդ և 26-րդ պարբերությունները), և ի վերջո ավարտվել է 2017 թվականի հուլիսին, այսինքն՝ քննության ավարտից հինգ տարի անց, քանի որ մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդման վաղեմության ժամկետը լրացել էր (տե՛ս վերևում՝ 22-րդ և 28-րդ պարբերությունները)։ Կառավարությունը չի ներկայացրել համոզիչ և հիմնավոր պատճառներ՝ վարույթի դատաքննության փուլում նման ձգձգումն արդարացնելու համար (տե՛ս Բիլբիյան և Բլաժևիչն ընդդեմ Խորվաթիայի [Bilbija and Blažević v. Croatia], թիվ 62870/13, § 107, 2016 թվականի հունվարի 12, և, mutatis mutandis, Անահիտ Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի [Anahit Mkrtchyan v. Armenia], թիվ 3673/11, § 96, 2020 թվականի մայիսի 7)։ Այս առնչությամբ Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներից բխող դատավարական պարտավորությունները դժվար թե համարվեն կատարված, եթե քննությունը, ինչպես սույն գործով, ավարտվում է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի լրանալու պատճառով, որն իշխանությունների անգործության հետևանք է (տե՛ս վերոնշյալ Աշոտ Մալխասյանի [Ashot Malkhasyan] գործը, §§ 117-118)։
42. Վերոնշյալ հանգամանքները բավարար են Դատարանի համար՝ եզրակացնելու, որ դիմումատուի որդու մահվան առնչությամբ իրականացված քրեական վարույթն արդյունավետ չի եղել։
43. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում՝ դրա դատավարական հայեցակետի շրջանակում։
ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ
44. Դիմումատուն պահանջել է 100 000 եվրո (EUR)՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, և 9 650 եվրո՝ ներպետական վարույթներում և Դատարանում կրած ծախսերի և ծախքերի համար, ներառյալ՝ իրավաբանական ծառայությունները և փոստային ծախսերը։
45. Կառավարությունը վիճարկել է այդ պահանջները։
46. Դատարանը դիմումատուին շնորհում է 30 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ։
47. Հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած փաստաթղթերը՝ Դատարանը ողջամիտ է համարում դիմումատուին շնորհել 2 500 եվրո՝ Դատարանում վարույթի հետ կապված բոլոր ծախսերը փոխհատուցելու համար, գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ:
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝
1. Հայտարարում է գանգատն ընդունելի
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում, ինչպես դրա նյութաիրավական, այնպես էլ դատավարական հայեցակետերի շրջանակում
3. Վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը պետք է երեք ամսվա ընթացքում վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով,
i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 30 000 եվրո (երեսուն հազար եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,
ii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ 2 500 եվրո (երկու հազար հինգ հարյուր եվրո)` գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ.
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
4. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2026 թվականի ապրիլի 30-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։
|
Մարտինա Կելլեր՝ |
Գեորգիոս Ա. Սերղիդես՝ |
|
Բաժանմունքի քարտուղարի տեղակալ |
Նախագահ |