ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8511 10 000 1 ԵՎ 8511 10 000 9 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԿԱՅԾԻՑ ԲՈՑԱՎԱՌՈՒՄՈՎ ՎԱՌՔԻ ՄՈՄԵՐԻ՝ ԱՌԱՆՑ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՀՀ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 789-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.05.25-2026.06.07 Պաշտոնական հրապարակման օրը 04.06.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.06.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.06.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.06.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հունիսի 2026 թվականի N 789-Ն

 

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8511 10 000 1 ԵՎ 8511 10 000 9 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԿԱՅԾԻՑ ԲՈՑԱՎԱՌՈՒՄՈՎ ՎԱՌՔԻ ՄՈՄԵՐԻ՝ ԱՌԱՆՑ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 338-րդ հոդվածի 6-րդ մասով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2026 թվականի ապրիլի 7-ի N 46 որոշման 2-րդ կետի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշոմ է.

1. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2026 թվականի ապրիլի 7-ի N 46 որոշման 2-րդ կետով նախատեսված՝ հակագնագցման տուրքի վճարումից ազատվում են Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող (սպառման նպատակով) Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8511 10 000 1 և 8511 10 000 9 ծածկագրերին դասվող կայծից բոցավառումով վառքի մոմերը՝ տարեկան 500 հազար հատ չափաքանակով։

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին լիազոր մարմին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2026 թվականի ապրիլի 7-ի N 46 որոշման կիրարկման իմաստով:

3. Հաստատել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8511 10 000 1 և 8511 10 000 9 ծածկագրերին դասվող կայծից բոցավառումով վառքի մոմերի՝ առանց հակագնագցման տուրքի վճարման Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման ընթացակարգը` համաձայն հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, գործում է 5 տարի ժամկետով և դրա գործողությունը տարածվում է 2026 թվականի մայիսի 10-ից «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով գրանցված մաքսային հայտարարագրերի նկատմամբ։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

04.06.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

հունիսի 4-ի N 789-Ն որոշման

 

Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

 

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8511 10 000 1 ԵՎ 8511 10 000 9 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԿԱՅԾԻՑ ԲՈՑԱՎԱՌՈՒՄՈՎ ՎԱՌՔԻ ՄՈՄԵՐԻ՝ ԱՌԱՆՑ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ

 

1. Սույն ընթացակարգով կարգավորվում են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8511 10 000 1 և 8511 10 000 9 ծածկագրերին դասվող կայծից բոցավառումով վառքի մոմերի (այսուհետ՝ ապրանք)՝ առանց հակագնագցման տուրքի վճարման Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման ժամանակ ծագող հարաբերությունները:

2. Սույն որոշմամբ նախատեսված առանց հակագնագցման տուրքի վճարման ապրանքի ներմուծման նպատակով հայտարարատուն ապրանքի ներմուծումից հետո Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով սահմանված ժամկետում համապատասխան մաքսային մարմին է ներկայացնում մաքսային հայտարարագիրը։

3. Սույն որոշմամբ նախատեսված առանց հակագնագցման տուրքի վճարման լրացված մաքսային հայտարարագրի մաքսային մարմինների հայտարարագրման ավտոմատ համակարգի կողմից գրանցումը դիտվում է որպես լիազոր մարմնի կողմից տրամադրված թույլտվություն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2026 թվականի ապրիլի 7-ի N 46 որոշման կիրարկման իմաստով:

4. Սույն որոշմամբ նախատեսված առանց հակագնագցման տուրքի վճարման ապրանքի ներմուծման նպատակներով նախնական մաքսային հայտարարագրման դեպքում ապրանքի հայտարարագրի գրանցում է համարվում Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 114-րդ հոդվածի 3-րդ կետի 2-րդ պարբերությամբ նախատեսված տեղեկությունների ներկայացման արդյունքում մաքսային մարմինների կողմից նախնական մաքսային հայտարարագրում ճշգրտումների (փոփոխությունների, լրացումների) գրանցումը։

5. Սույն ընթացակարգով նախատեսված առանց հակագնագցման տուրքի վճարման ապրանքի ներմուծման համար լրացված մաքսային հայտարարագրի գրանցումը կամ բացթողումը մերժվում է, եթե սույն որոշմամբ սահմանված առանց հակագնագցման տուրքի վճարման ներմուծվող (ներմուծված) ապրանքների նախատեսված քանակը սպառվել է նշված փաստաթղթերի գրանցման կամ բացթողման պահի դրությամբ:

6. Ապրանքների նկատմամբ առանց հակագնագցման տուրքի վճարման ապրանքի բացթողումը թույլատրվում է մաքսային մարմինների կողմից ժամանակագրական սկզբունքով, հերթականությամբ՝ հիմք ընդունելով մաքսային հայտարարագրերի գրանցման պահը, իսկ դրանց քանակական հաշվառումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ հայտարարագրման ավտոմատ համակարգի կիրառմամբ։ Միաժամանակ գրանցված մաքսային հայտարարագրերի առկայության պարագայում առանց հակագնագցման տուրքի վճարման ապրանքի ներմուծման հնարավորությունը տրամադրվում է առավել վաղ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատած ապրանքներին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Ա. Խաչատրյան

04.06.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 հունիսի 2026 թվական: