ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-600-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (13.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.26-2023.01.08 Պաշտոնական հրապարակման օրը 30.12.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
23.12.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 23-ին

 

ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

1. Սույն օրենքը կարգավորում է արտաքին հետախուզական գործունեության իրականացման բնագավառում ծագող իրավահարաբերությունները, սահմանում արտաքին հետախուզական գործունեության հիմնական սկզբունքները, արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների համակարգը, Արտաքին հետախուզության ծառայության (այսուհետ՝ նաև Ծառայություն) լիազորությունները, կառուցվածքը, կազմավորման, գործունեության, Ծառայությունում ծառայության անցնելու, պաշտոն զբաղեցնելու, Ծառայության ծառայողին պաշտոնից ազատելու, ծառայությունը դադարեցնելու, ծառայությունը կրելու կարգն ու պայմանները, պաշտոնների ու դասային աստիճանների դասակարգումը, ծառայողների պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները, ինչպես նաև ծառայության հետ կապված այլ առանձնահատկություններ:

 (1-ին հոդվածը փոփ. 07.05.26 ՀՕ-223-Ն)

(07.05.26 ՀՕ-223-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 2. Արտաքին հետախուզությունը և արտաքին հետախուզական գործունեությունը

 

1. Արտաքին հետախուզությունը Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման համակարգի բաղկացուցիչ մասն է, որն ուղղված է արտաքին սպառնալիքներից անձի, հասարակության և պետության պաշտպանությանը:

2. Արտաքին հետախուզական գործունեությունն արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից իրականացվող գործունեություն է, որն ուղղված է արտաքին սպառնալիքներից անձի, հասարակության և պետության պաշտպանությանը, Հայաստանի Հանրապետության կենսական շահերին առնչվող տեղեկատվություն ստանալուն և մշակելուն, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության, ռազմաքաղաքական, տնտեսական, գիտատեխնիկական, շրջակա միջավայրի պահպանության և կենսական այլ ոլորտներում պետական քաղաքականության իրականացմանն աջակցելուն:

 

Հոդված 3. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների համակարգը

 

1. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների համակարգը բաղկացած է Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնից՝ Ծառայությունից՝ կենտրոնական, հատուկ նշանակության և այլ կառուցվածքային ստորաբաժանումներից, ինչպես նաև արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող այլ մարմիններից (պետական կառավարման համակարգի մարմիններում արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումներից):

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ՄԵԹՈԴՆԵՐԸ, ՁԵՎԵՐՆ ՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Հոդված 4. Արտաքին հետախուզական գործունեության հիմնական սկզբունքները

 

1. Արտաքին հետախուզական գործունեությունը հիմնված է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները հարգելու և պաշտպանելու, արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների աշխատողների, աշխատանքի ձևերի, մեթոդների, ուժերի և միջոցների գաղտնիության, արտաքին հետախուզական գործունեության աղբյուրների անվտանգության անվերապահ ապահովման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված գործունեության բացահայտ և գաղտնի մեթոդների ու միջոցների համակցության սկզբունքների վրա:

 (4-րդ հոդվածը փոփ. 07.05.26 ՀՕ-223-Ն)

(07.05.26 ՀՕ-223-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 5. Արտաքին հետախուզական գործունեության մեթոդները, ձևերն ու միջոցները

 

1. Արտաքին հետախուզական գործունեության ընթացքում արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները կարող են օգտագործել բացահայտ և գաղտնի մեթոդներ, ձևեր ու միջոցներ:

2. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններն իրավասու են օգտագործելու տեղեկատվական համակարգեր, տեսաձայնագրություններ, լուսանկարահանումներ, բաց և փակ կապի տեխնիկական միջոցներ, տեղեկատվության ստացման հրապարակային և ոչ հրապարակային հասանելի աղբյուրներ, այդ թվում՝ բաց աղբյուրներից, գործակալական, ռադիոտեխնիկական, տեսապատկերային և հետախուզության արդյունքում ստացված այլ տեղեկատվություններ:

3. Արտաքին հետախուզական գործունեության գաղտնի մեթոդների, ձևերի և միջոցների օգտագործման կարգը սահմանվում է օպերատիվ-հետախուզական գործունեությունը կանոնակարգող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների իրավական ակտերով:

4. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից սեփական անվտանգության ապահովումն իրականացվում է վարչապետի սահմանած կարգով:

 

Հոդված 6. Հատուկ տեխնիկական միջոցները

 

1. Արտաքին հետախուզական գործունեության շրջանակներում օգտագործվող հատուկ տեխնիկական միջոցների ցանկը հաստատում է արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարը՝ համաձայնեցնելով վարչապետի հետ:

2. Արգելվում են արտաքին հետախուզական ոլորտում գաղտնի տեղեկություններ ստանալու համար նախատեսված (մշակված, ծրագրված, հարմարեցված) հատուկ տեխնիկական և այլ միջոցների օգտագործումը և արտաքին հետախուզական միջոցառումների անցկացումը սույն օրենքով չլիազորված պետական մարմինների, ստորաբաժանումների կամ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից:

 

Հոդված 7. Արտաքին հետախուզական գործունեության արդյունքում ձեռք բերված տեղեկատվության տրամադրումը

 

1. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից արտաքին հետախուզական գործունեության արդյունքում ձեռք բերված տեղեկատվությունը տրամադրվում է վարչապետին՝ վերջինիս սահմանած կարգով:

2. Վարչապետի սահմանած կարգով արտաքին հետախուզական տեղեկատվությունը կարող է տրամադրվել նաև պետական այլ մարմինների:

3. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների ղեկավարները պատասխանատու են տեղեկատվության ժամանակին տրամադրման, դրա հավաստիության և անաչառության համար:

 

Հոդված 8. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների, հատուկ ծառայությունների, իրավապահ մարմինների ու կազմակերպությունների հետ

 

1. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններն իրենց իրավասությունների շրջանակներում համագործակցում են Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների հետ:

2. Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասությունների սահմաններում աջակցում են արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների և օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների իրավապահ մարմինների և կազմակերպությունների, ինչպես նաև վերպետական միավորումների ու միջազգային կազմակերպությունների միջև համագործակցությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, ոլորտային համագործակցությունը կանոնակարգող փաստաթղթերի, իսկ բացառիկ դեպքերում՝ վարչապետի հանձնարարությամբ կամ համաձայնությամբ՝ փոխադարձության հիման վրա:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

Հոդված 9. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները

 

1. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունեն՝

1) Ծառայությունը.

2) պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի հետախուզության ստորաբաժանումը՝ ռազմական, ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական և ռազմատնտեսական ոլորտներում.

3) (կետն ուժը կորցրել է 07.05.26 ՀՕ-223-Ն)

2. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից:

(9-րդ հոդվածը փոփ. 07.05.26 ՀՕ-223-Ն)

(07.05.26 ՀՕ-223-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 10. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցող անձինք

 

1. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները կարող են հատուցմամբ կամ անհատույց, պայմանագրով կամ առանց դրա համագործակցային հարաբերություններ հաստատել չափահաս գործունակ անձանց հետ, որոնք համաձայնություն են տվել ցուցաբերելու գաղտնի աջակցություն արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին: Սույն մասում նշված անձանց հետ պայմանագրային կամ առանց դրա համագործակցային հարաբերություններ հաստատելու հիմքերն ու կարգը, պայմանագրի կնքման, վերջիններիս իրավունքներն ու պարտականությունները, նրանց կողմից իրականացվող միջոցառումների շրջանակն ու իրականացման կարգը հաստատում է վարչապետը:

2. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններն իրավունք չունեն որպես համագործակցող անձ ներգրավելու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին, Կառավարության անդամներին, Անվտանգության խորհրդի քարտուղարին, Բարձրագույն դատական խորհրդի անդամներին, Հայաստանի Հանրապետության դատարանների դատավորներին, դատախազներին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, ազգային անվտանգության մարմինների, պետական պահպանության մարմնի, ոստիկանության, զինված ուժերի աշխատողներին, քրեակատարողական ծառայողներին, բացառությամբ օրենքով սահմանված կարգով իրականացվող արտաքին հետախուզական գործունեության իրականացման նպատակով ներգրավման, ինչպես նաև քննչական մարմինների և այլ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների օպերատիվ ստորաբաժանումների աշխատողների:

3. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին գաղտնի աջակցություն ցուցաբերող (ցուցաբերած) անձանց և նրանց ընտանիքների անդամների անվտանգությունն ապահովելու նպատակով կարող են անցկացվել նրանց պաշտպանությանն ուղղված հատուկ միջոցառումներ: Սույն մասում նշված միջոցառումների անցկացումը թույլատրվում է արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարի կողմից՝ համաձայնեցնելով վարչապետի հետ:

(10-րդ հոդվածը լրաց. 15.11.24 ՀՕ-456-Ն, փոփ. 07.05.26 ՀՕ-223-Ն)

(07.05.26 ՀՕ-223-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 11. Ծառայությունը

 

1. Ծառայությունը «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքով սահմանված արտաքին հետախուզության ոլորտում գործող՝ վարչապետին ենթակա մարմին է, որն իրականացնում է սույն օրենքով և այլ համապատասխան իրավական ակտերով իրեն վերապահված լիազորություններ:

2. Ծառայությունում ծառայությունը պետական ծառայության տեսակ է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:

3. Ծառայությունը բաղկացած է կենտրոնական, հատուկ և այլ կառուցվածքային ստորաբաժանումներից, ինչպես նաև ուսումնական կենտրոնից:

 

Հոդված 12. Ծառայության լիազորությունները

 

1. Ծառայությունը արտաքին հետախուզական գործունեության շրջանակներում՝

1) վարչապետին է տրամադրում արտաքին քաղաքական, անվտանգային, տնտեսական, պաշտպանական, գիտատեխնիկական, տեխնոլոգիական և շրջակա միջավայրի պահպանության բնագավառներում որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ տեղեկատվություն.

2) բացահայտ կամ գաղտնի մեթոդների, ձևերի ու միջոցների օգտագործմամբ իրականացնում է արտաքին հետախուզական գործունեություն.

3) կամավոր համաձայնություն տված անձանց հետ գաղտնի հիմունքներով հաստատում է համագործակցային հարաբերություններ.

4) իրականացնում է անձնակազմի ծածկագրման և դրա գործունեության կազմակերպմանն ուղղված միջոցառումներ՝ այդ նպատակով այլ մարմինների և կազմակերպությունների հնարավորությունների օգտագործմամբ.

4․1) Ծառայության գործունեության, աշխատողների, աշխատանքի ձևերի, մեթոդների և միջոցների քողարկման նպատակով իրականացնում է միջոցառումներ՝ սույն օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա ընդունված վարչապետի որոշմամբ սահմանված ընթացակարգին համապատասխան Ծառայությունում պաշտոնի նշանակվելուն հավակնող անձանց այլ պետական մարմիններում կամ կազմակերպություններում (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձանց մոտ) պաշտոնների նշանակելու համար, եթե տվյալ անձը համապատասխանում է տվյալ պաշտոնին ներկայացվող պահանջներին.

5) օրենքով սահմանված կարգով իրականացնում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ.

6) պատրաստում է Ծառայության աշխատողներին, Ծառայության հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձանց, ինչպես նաև Ծառայության կողմից ստեղծված կազմակերպությունները, շահագործվող գույքը, հատուկ տեխնիկական և տրանսպորտային միջոցները քողարկող փաստաթղթեր․

7) ներթափանցում է հետախուզական և հատուկ ծառայություններ ու այլ գործունեություն իրականացնող կազմակերպություններ, ինչպես նաև հանցավոր խմբավորումներ, որոնց գործունեությունը կարող է վնասել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը.

7․1) իրավունք ունի ձերբակալելու և համապատասխան մարմիններին հանձնելու Ծառայության՝ սեփական անվտանգության ապահովման գործառույթի իրականացման շրջանակում հանցանք կատարելու մեջ կասկածվող անձանց.

8) հետախուզական տեղեկություններ է հավաքում Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման, նրա տնտեսական, ռազմարդյունաբերական, գիտատեխնիկական և պաշտպանական ներուժի հզորացման՝ պետության անվտանգության ամրապնդման նպատակով.

9) ստանում, մշակում և վերլուծում է Հայաստանի Հանրապետության անվտանգության սպառնալիքների մասին տեղեկատվությունը, կանխատեսում վտանգները, իրականացնում է առկա և հնարավոր սպառնալիքների նախականխմանը և կանխմանն ուղղված միջոցառումներ.

10) ռադիոհաճախականությունների բաշխումը և նշանակումը տնօրինող կազմակերպություններից ստանում է ռադիոհաճախականությունների տիրույթներ, ինչպես նաև վարձակալում է Հայաստանի Հանրապետության համապատասխան կազմակերպություններից կապի գծերն ու կապուղիները՝ Հայաստանի Հանրապետությունում և նրա տարածքից դուրս հատուկ կապի այլ տեսակների օգտագործման համար.

11) արտաքին հետախուզական գործունեության համակարգման և արդյունքների վերլուծության ու ամփոփման համար ստեղծում է կապի, տեղեկատվական և տվյալների փոխանցման համակարգեր, տեղեկատվության պաշտպանության միջոցներ (այդ թվում՝ կրիպտոգրաֆիկական պաշտպանության միջոցներ)` Ծառայության պետի՝ Ծառայության գործունեությանը վերաբերող օպերատիվ, արխիվային և այլ նյութերի հաշվառման, պահպանման ու օգտագործման սահմանված կարգին համապատասխան.

12) ծառայողական պարտականությունների կատարմամբ պայմանավորված՝ օգտագործում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող կապի և դրա հայտնաբերման միջոցները, իսկ անհետաձգելի դեպքերում՝ նաև կազմակերպություններին ու ֆիզիկական անձանց պատկանող կապի և դրա հայտնաբերման միջոցները՝ համարժեք հատուցմամբ.

13) պետական մարմիններ և կազմակերպություններ է ներկայացնում առաջարկություններ կամ միջնորդություններ անվտանգության սպառնալիքների և այն հանցագործությունների կատարմանը նպաստող պատճառների ու պայմանների վերացման մասին, որոնց բացահայտումը, կանխումը, նախականխումն ու խափանումը վերապահված են դրանց իրավասությանը.

14) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից օրենքով սահմանված կարգով ստանում է այնպիսի տեղեկություններ (այդ թվում՝ առցանց), որոնք անհրաժեշտ են արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների վրա դրված պարտականությունների կատարման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տեղեկությունների ստացման հատուկ կարգ է սահմանված.

15) արտաքին հետախուզական գործունեություն իրականացնելու համար կարող է ունենալ տեղեկատվական համակարգեր, տվյալների շտեմարաններ, վերլուծության, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական նպատակներով տեսագրման, ձայնագրման, կինոնկարահանման, լուսանկարահանման և այլ տեխնիկական միջոցառումների կենտրոններ.

16) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, ոլորտային համագործակցությունը կանոնակարգող փաստաթղթերի, իսկ բացառիկ դեպքերում փոխադարձության հիման վրա համագործակցում է օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների հետ, փոխգործակցության հիման վրա նրանց հետ փոխանակում օպերատիվ տեղեկություններ, հատուկ տեխնիկական և այլ միջոցներ.

17) Ծառայության աշխատողների, ստորաբաժանումների, շինությունների և տրանսպորտային միջոցների քողարկման նպատակով օգտագործում է պետական մարմինների, կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի փաստաթղթերը, միջոցները, որոնք անհրաժեշտ են քողարկման համար։ Ընդ որում, համապատասխան պետական մարմինները և կազմակերպությունները (անհատ ձեռնարկատերերը) պատասխանատվություն չեն կրում Ծառայությանը տրամադրված փաստաթղթերի, միջոցների գործածության արդյունքում առաջացած հետևանքների համար․

17․1) Ծառայության գործունեության, աշխատողների, աշխատանքի ձևերի, մեթոդների քողարկման նպատակով Ծառայությանը հատկացված (ամրացված) կամ Ծառայության կողմից ձեռք բերված և գաղտնի աշխատանքների համար նախատեսված գույքի տնօրինումը և դրանց գործավարությունն իրականացնում է Ծառայության պետի հրամանով սահմանված կարգով և եղանակներով․

18) արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող այլ մարմինների համաձայնությամբ կարող է օգտագործել վերջիններիս հատկացված (ամրացված) կամ օգտագործման հանձնված շինությունները, հատուկ և այլ տեխնիկական ու տրանսպորտային միջոցներ.

19) իրականացնում է փաստաթղթերի քողարկում Ծառայության և արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող այլ մարմինների աշխատողների և կամավոր համաձայնություն տված անձանց գործունեությանն առնչվող, շինությունների, տրանսպորտային միջոցների գերատեսչական պատկանելության վերաբերյալ տեղեկատվության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական տեղեկատվական համակարգերում և (կամ) պետական մարմինների տվյալների շտեմարաններում տեղեկատվության ծածկագրման նպատակով.

20) համագործակցում է արտաքին հետախուզական և հակահետախուզական, ազգային անվտանգության ապահովման բնագավառում գործունեություն իրականացնող այլ իրավասու, ինչպես նաև իրավապահ մարմինների հետ.

20․1) իր գործունեության մասով իրականացնում է հակահետախուզական ապահովում հետևյալ դեպքերում.

ա․ Ծառայության կողմից տնօրինվող պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանության ապահովման,

բ․ Ծառայության դեմ ուղղված օտարերկրյա հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական գործունեության մասին տեղեկությունների առկայության,

գ․ Ծառայության հետ գաղտնի հիմունքներով համագործակցող կամ համագործակցած անձանց ուսումնասիրման (ստուգման) անհրաժեշտության,

դ․ Ծառայության ներքին անվտանգության ապահովման դեպքերում.

21) արտաքին հետախուզական գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների հետ կնքում է համապատասխան համաձայնագրեր.

22) ապահովում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող Հայաստանի Հանրապետության հաստատություններում առկա արտաքին հետախուզական գործունեության արդյունքում ձեռք բերված՝ օրենքով պահպանվող գաղտնիք կազմող տեղեկությունների պաշտպանությունը.

23) համագործակցում է այլ պետությունների հետախուզական և հակահետախուզական ծառայությունների հետ.

24) համատեղ ընդունված իրավական ակտերով սահմանված կարգով համագործակցում է պետական մարմինների հետ արտաքին հետախուզական միջոցառումներ անցկացնելիս.

25) իրականացնում է Ծառայության հատուկ կարևորության, հույժ գաղտնի և այլ ծառայողական թղթակցությունների փոխադրումը, դրանց պահպանումը, ինչպես նաև իր աշխատողների, միջոցների (տեխնիկական, տրանսպորտային, կապի և այլ միջոցներ, տեղեկատվական և այլ համակարգեր, շենքեր ու շինություններ) և տեղեկատվության պաշտպանություն հակաիրավական գործողություններից և սպառնալիքներից՝ Ծառայության պետի սահմանած կարգով.

26) Ծառայության գործունեության նպատակների համար ստեղծում է կազմակերպություններ.

27) ստուգում, հսկողություն, վերահսկողություն և հաշվեքննություն իրականացնող մարմիններին տեղեկատվություն տրամադրում է վարչապետի հանձնարարությամբ, սակայն այդ տեղեկատվությունը չի կարող վերաբերել Ծառայությանն աջակցություն ցուցաբերող և ցուցաբերած անձանց, օպերատիվ-հետախուզական գործունեության մեջ ներգրավված ուժերին, միջոցներին և հետախուզական գործունեության մեթոդներին.

28) իր գործունեության իրականացման համար կարող է ձեռք բերել, մշակել, ստեղծել և շահագործել տեղեկատվական, տվյալների փոխանցման և կապի համակարգեր, ինչպես նաև տեղեկատվության պաշտպանության և արտահոսքի կանխման հատուկ միջոցներ.

29) իրավասու է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից անհատույց կերպով ստանալու հասանելիություն իր գործունեության համար անհրաժեշտ տեղեկատվական համակարգերին և (կամ) տվյալների շտեմարաններին, այդ թվում՝ հեռակա հասանելիության ռեժիմում: Տեղեկատվական համակարգերի և տվյալների շտեմարանների ցանկը սահմանում է վարչապետը.

30) Ծառայության կողմից կապի, տեղեկատվական միջոցների անխափան շահագործման, կիբեռպաշտպանության, տեխնիկական հետախուզության միջոցներից պաշտպանության ստանդարտների պահպանության և Ծառայության բնականոն գործունեության ապահովման նպատակով Կառավարության սահմանած կարգով և դեպքերում համաձայնություն կամ եզրակացություն է ներկայացնում Ծառայությանն ամրացված կամ Ծառայության կողմից օգտագործվող անշարժ գույքի (այդ թվում՝ դրանցով ծանրաբեռնված հողամասերի) հարակից տարածքներում քաղաքաշինական գործունեություն իրականացնելու (այդ թվում՝ կառուցապատման թույլտվության տրամադրումը մերժելու) վերաբերյալ։

2. Ծառայությունն ունի ծառայողների մասնագիտական պատրաստության և որակավորման բարձրացման նպատակով համապատասխան ուսումնական կենտրոն, գիտահետազոտական կազմակերպություններ և արխիվներ, հատուկ հրատարակությունների թողարկում:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 4․1-ին կետի հիման վրա այլ պետական մարմիններում կամ կազմակերպություններում (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձանց մոտ) պաշտոն զբաղեցնող Ծառայության աշխատողների ստաժը հաշվարկվում է որպես Ծառայության ստաժ, և տվյալ աշխատողներն օգտվում են սույն օրենքով Ծառայության ծառայողների համար սահմանված իրավունքներից, պարտականություններից և սոցիալական երաշխիքներից, այդ թվում՝ կենսաթոշակային ապահովությունից։

4․ Օտարերկրյա պետություններ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչություններ գործուղված ծառայողները, արտաքին հետախուզական, սեփական անվտանգության ապահովմանն ուղղված գործառույթներից բացի, իրականացնում են նաև արտաքին հակահետախուզական գործառույթներ՝ վարչապետի որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով համագործակցելով Ազգային անվտանգության ծառայության հետ։ Այլ պետական մարմիններ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչություններ գործուղման ընթացքում գործուղված ծառայողների գործունեության իրականացման և պետական մարմինների հետ հարաբերությունների առանձնահատկությունները, տվյալ մարմինների աշխատողների հետ համագործակցության դեպքերը և կարգը սահմանվում են վարչապետի որոշմամբ։

 (12-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 07.05.26 ՀՕ-223-Ն)

(07.05.26 ՀՕ-223-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 13 Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք կիրառելու (գործադրելու) հիմքերը, պայմանները և սահմանները

 (վերնագիրը խմբ. 07.05.26 ՀՕ-223-Ն)

 

1․ Ծառայության ծառայողներին թույլատրվում է կրել և պահել հաշվեցուցակային զենք ու հատուկ միջոցներ։ Նրանք իրավունք ունեն սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք կիրառելու (գործադրելու) այնքանով, որքանով դա անհրաժեշտ է իրենց պարտականությունները կատարելու համար, և եթե այլ միջոցներով այդ պարտականությունների կատարումը հնարավոր չէ ապահովել։

2․ Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի կիրառման (գործադրման) ընտրությունը կատարելիս Ծառայության ծառայողն առաջնորդվում է՝ ելնելով ստեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից ու իրավախախտի անձից։

3․ Ծառայության ծառայողը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք կիրառելուց (գործադրելուց) առաջ պարտավոր է՝

1) նախազգուշացնել դրանք կիրառելու (գործադրելու) մասին՝ անձին բավարար ժամանակ տրամադրելով օրինական պահանջները կատարելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ հապաղումն անմիջական վտանգ է ստեղծում իր կամ Ծառայության այլ աշխատողների համար, կամ երբ ստեղծված իրադրությունում նման նախազգուշացումն անհնար է․

2) դրանք կիրառել (գործադրել) դիմադրության վտանգավորության բնույթին և աստիճանին համաչափ, ձգտել, որ իրավախախտին պատճառվող վնասը հասցվի նվազագույնի։

4․ Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ կամ զենք կիրառելիս (գործադրելիս) Ծառայության ծառայողը պարտավոր է մարմնական վնասվածքներ ստացած անձանց ցույց տալ առաջին օգնություն։

5․ Արգելվում է հատուկ միջոցներ կամ զենք կիրառել (գործադրել) հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, ակնհայտ հաշմանդամություն ունեցող անձանց կամ անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու և Ծառայության աշխատողի կյանքին կամ առողջությանն սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի։

6․ Ծառայության ծառայողները պատասխանատվություն չեն կրում սույն օրենքով նախատեսված դեպքերում գործադրված ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կամ զենքի կիրառման (գործադրման) համար, եթե տվյալ դեպքում չի կատարվել անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության սահմանների անցում։

7․ Լիազորությունների գերազանցմամբ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կամ զենքի կիրառումը (գործադրումը) առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն։

8․ Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ կամ զենք կիրառելու (գործադրելու) հետևանքով վիրավորվածների կամ մահվան բոլոր դեպքերի, ինչպես նաև ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք կիրառելու (գործադրելու) յուրաքանչյուր դեպքի մասին Ծառայության ծառայողը պարտավոր է անհապաղ զեկուցել իր անմիջական ղեկավարին։

9․ Ծառայության սպառազինության մեջ ընդգրկված զենքի, ռազմամթերքի և հատուկ միջոցների ցանկը սահմանում է վարչապետը, իսկ զենքը, ռազմամթերքը և հատուկ միջոցները հաշվառելու, հատկացնելու, կրելու և պահելու կարգը սահմանում է Ծառայության պետը։

 (13-րդ հոդվածը խմբ. 07.05.26 ՀՕ-223-Ն)

(07.05.26 ՀՕ-223-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 13․1. Ֆիզիկական ուժի գործադրումը

 

1․ Ծառայության ծառայողն իրավունք ունի ֆիզիկական ուժ (այդ թվում՝ ձեռնամարտի հնարքներ) գործադրելու Ծառայության ծառայողի օրինական պահանջները չկատարելու կամ պարտականությունների կատարումը խոչընդոտելու յուրաքանչյուր դեպքում, եթե ոչ ուժային միջոցները չեն ապահովում Ծառայության ծառայողի վրա դրված պարտականությունների կատարումը։

 (13.1-ին հոդվածը լրաց. 07.05.26 ՀՕ-223-Ն)

(07.05.26 ՀՕ-223-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 13․2. Հատուկ միջոցների կիրառումը (գործադրումը)

 

1․ Ծառայության ծառայողն իրավունք ունի հատուկ միջոցներ կիրառելու (գործադրելու) հետևյալ դեպքերում․

1) իր կամ Ծառայության այլ աշխատողների կամ Ծառայության տարածքներում (օբյեկտներում) գտնվող երրորդ անձանց վրա հարձակումը կամ հարձակման սպառնալիքը կամ ցույց տրվող դիմադրությունը կանխելիս․

2) Ծառայության շենքերի, շինությունների, տրանսպորտային միջոցների վրա հարձակմանը կամ հարձակման սպառնալիքին դիմակայելիս․

3) անձանց ձերբակալելիս, որոնց հանդեպ անհրաժեշտ հիմքեր կան ենթադրելու, որ նրանք կարող են ցույց տալ դիմադրություն կամ խոչընդոտել Ծառայության ծառայողների պարտականությունների կատարումը։

2․ Սույն օրենքի իմաստով՝ հարձակում կամ հարձակման սպառնալիք է համարվում յուրաքանչյուր գործողություն, որը կարող է առաջացնել մարդու մահ կամ առողջությանը վնաս պատճառել և կատարվել է ինչպես ցանկացած տեսակի զենքի կիրառմամբ կամ այնպիսի առարկաների կիրառմամբ, որոնք կառուցվածքով նման են իսկական զենքի կամ արտաքնապես չեն տարբերվում դրանից, կամ այլ առարկաների (նյութերի) կամ մեխանիզմների կիրառմամբ, այնպես էլ առանց դրանց:

 (13.2-րդ հոդվածը լրաց. 07.05.26 ՀՕ-223-Ն)

(07.05.26 ՀՕ-223-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 13․3. Զենքի կիրառումը (գործադրումը)

 

1․ Ծառայության ծառայողն իրավունք ունի զենք կիրառելու (գործադրելու) հետևյալ դեպքերում․

1) իր կամ Ծառայության այլ աշխատողների կամ Ծառայության տարածքներում (օբյեկտներում) գտնվող երրորդ անձանց կյանքին և առողջությանն իրական վտանգ սպառնացող հարձակումը կամ հարձակման սպառնալիքը կանխելիս․

2) Ծառայության շենքերի, շինությունների, տրանսպորտային միջոցների վրա խմբակային կամ զինված հարձակումը կանխելիս․

3) պատանդներին ազատելիս, ահաբեկչական և այլ հանցավոր ոտնձգություններ կանխելիս․

4) տրանսպորտային միջոցը վնասելով կանգնեցնելիս, եթե վարորդն իրական վտանգ է ստեղծում իր կամ Ծառայության այլ աշխատողների կամ Ծառայության տարածքներում (օբյեկտներում) գտնվող երրորդ անձանց կյանքի կամ առողջության համար և չի ենթարկվում Ծառայության աշխատողի՝ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու ազդանշաններին (հրահանգներին)․

5) իր կամ Ծառայության այլ աշխատողի կամ Ծառայության տարածքներում (օբյեկտներում) գտնվող երրորդ անձանց կյանքին կամ առողջությանն անմիջականորեն սպառնացող կենդանիներին վնասազերծելիս․

6) զենք կիրառելու մտադրության մասին նախազգուշական կրակոց արձակելիս կամ օգնություն կանչելիս։

 (13.3-րդ հոդվածը լրաց. 07.05.26 ՀՕ-223-Ն)

(07.05.26 ՀՕ-223-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

Հոդված 14. Ծառայության կառուցվածքը

 

1. Ծառայության կառուցվածքին վերաբերող հարցերը կարգավորվում են սույն օրենքով և Ծառայության կանոնադրությամբ:

2. Ծառայության կառուցվածքի, անձնակազմի քանակի, հաստիքացուցակի և անվանացանկի վերաբերյալ տեղեկատվությունը հանդիսանում է պետական գաղտնիք:

3. Ծառայության կառուցվածքը սահմանվում է՝ ելնելով սույն օրենքից:

 

Հոդված 15. Ծառայության պետը

 

1. Ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է Ծառայության պետը (այսուհետ՝ Ծառայության պետ): Ծառայության պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է վարչապետին:

2. Ծառայության պետը՝

1) ապահովում է Ծառայության բնականոն գործունեությունը.

2) օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված գործունեության բնագավառին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան՝ առաջարկություններ է ներկայացնում վարչապետին.

3) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է Ծառայության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ, ներկայացնում է առաջարկություններ Ծառայության աշխատողներին պետական պարգևներով պարգևատրելու նպատակով.

4) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում Ծառայության պետին անմիջական հաշվետու անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող իրավական ակտերը և հանձնարարականները.

5) վարչապետին է ներկայացնում Ծառայության գործունեության մասին տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, հաստատում Ծառայության տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

6) վերահսկողություն է իրականացնում Ծառայությանն ամրացված պետական սեփականության պահպանության ու օգտագործման նկատմամբ.

7) վարչապետի հաստատմանն է ներկայացնում Ծառայության աշխատողների թիվը, հաստիքացուցակը, կանոնադրությունը, անվանացանկը, ինչպես նաև Ծառայության կառուցվածքային փոփոխությունների և վերակազմակերպման վերաբերյալ հարցերը.

8) ձևավորում է աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ.

9) ընդունում է անհատական և ներքին իրավական ակտեր, արձակում է հրամաններ, տալիս հանձնարարականներ.

10) ներկայացնում է Ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում.

11) կարող է դիմել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ ու կազմակերպություններ Ծառայության գործունեության ոլորտին առնչվող անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր, գրավոր կամ բանավոր պարզաբանումներ ստանալու նպատակով.

12) սահմանում է Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթները, իրավասության սահմանները.

12․1) վարչապետի հաստատմանն է ներկայացնում այն պայմանները, որոնց համապատասխանող Ծառայության հետ համագործակցող անձինք Ծառայության պետի հրամանով սահմանված կարգով օգտվում են Ծառայության ծառայողների համար սահմանված սոցիալական երաշխիքներից, և որոնց համագործակցության ժամանակահատվածը համարվում է ծառայության ստաժ․

12․2) սահմանում է Ծառայությունում իրականացվող գործավարության կարգը և առանձնահատկությունները․

12․3) սահմանում է Ծառայության կողմից շահագործվող համակարգչային սարքավորումներին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջները, շահագործման կարգը և ժամկետները․

12.4) սահմանում է Ծառայության անցագրային ռեժիմը․

12․5) սահմանում է Ծառայության աշխատողների, ստորաբաժանումների, աշխատանքի ձևերի և միջոցների քողարկման եղանակները և կարգը․

13) իրականացնում է սույն օրենքով, ինչպես նաև օրենքով վարչապետին ենթակա մարմնի ղեկավարին վերապահված այլ լիազորություններ:

 (15-րդ հոդվածը փոփ., լրաց. 07.05.26 ՀՕ-223-Ն)

(07.05.26 ՀՕ-223-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼԸ, ՏԵՂԱՓՈԽԵԼԸ, ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼԸ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐԵԼԸ

 

Հոդված 16. Ծառայության ծառայողների պաշտոնները

 

1. Ծառայության ծառայողների պաշտոնները դասակարգվում են խմբերի՝ ելնելով այդ պաշտոնները զբաղեցնող անձանց՝ աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու իրավասության, գործունեության ազդեցության, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց լուծման, ինչպես նաև մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տեսանկյունից ներկայացվող պահանջներից:

2. Ծառայության ծառայողների պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.

1) ծառայության բարձրագույն պաշտոններ.

2) ծառայության գլխավոր պաշտոններ.

3) ծառայության ավագ պաշտոններ.

4) ծառայության միջին պաշտոններ.

5) ծառայության կրտսեր պաշտոններ:

3. Ծառայության պաշտոնների բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերը բաժանվում են ենթախմբերի, որտեղ առաջին ենթախումբը համարվում է տվյալ պաշտոնների ամենաբարձր ենթախումբը:

3․1․ Ծառայության պետի և Ծառայության պետի տեղակալների պաշտոնները պետական վարչական պաշտոններ են, որոնք չեն ընդգրկվում Ծառայության պաշտոնների անվանացանկում: Ծառայության պետի և Ծառայության պետի տեղակալների պաշտոններ կարող են զբաղեցնել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձինք։

3․2․ Սույն օրենքով Ծառայության ծառայողի համար նախատեսված իրավունքները, պարտականությունները և սոցիալական երաշխիքները, այդ թվում՝ կենսաթոշակային ապահովությունը, տարածվում են Ծառայության պետի, նրա տեղակալների, ինչպես նաև Ծառայությունում այլ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վրա, իսկ սույն օրենքով սահմանված այլ նորմերը նշված անձանց (այդ թվում՝ Ծառայության պետի և տեղակալի) վրա տարածվում են միայն սույն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում։

4. (մասն ուժը կորցրել է 07.05.26 ՀՕ-223-Ն)

5. Ծառայության հաստիքները կարող են համալրվել նաև պայմանագրային հիմունքներով քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց կողմից, որոնք ծառայողներ չեն, և նրանց աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, ինչպես նաև նրանց վրա տարածվում են Ծառայության ծառայողների համար սահմանված իրավունքները, պարտականությունները և սոցիալական երաշխիքները, բացառությամբ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով սահմանված կենսաթոշակային ապահովության:

 (16-րդ հոդվածը լրաց., փոփ. 07.05.26 ՀՕ-223-Ն)

(07.05.26 ՀՕ-223-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 17. Ծառայությունում պաշտոնի նշանակմանը ներկայացվող պահանջները

 

1. Ծառայությունում պաշտոն կարող է զբաղեցնել միայն 18 տարին լրացած, գործունակ՝ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը՝

1) տիրապետում է հայերենին.

2) իր գործնական, անձնական, բարոյական հատկանիշներով, կրթությամբ, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ է կատարելու Ծառայության ծառայողի պարտականությունները:

2. Ծառայությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են ընդունվել նաև ազգային անվտանգության, պետական պահպանության, զինված ուժերի, ոստիկանության, փրկարար ծառայության, քրեակատարողական ծառայության մարմինների, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներ, դատախազներ, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք (այդ թվում՝ նշված մարմիններում և պաշտոններում նախկինում ծառայած կամ աշխատած անձինք), որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար Ծառայության ծառայողներին ներկայացվող պահանջները:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պետական մարմինների և Ծառայության պաշտոնների համապատասխանությունը սահմանում է Կառավարությունը:

4. Ծառայությունում ծառայության անցնելու համար թեկնածուների ընտրության, ուսումնասիրման կարգը, ինչպես նաև նրանց ներկայացվող մասնագիտական (այդ թվում՝ օտար լեզվի իմացության), ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված և այլ պահանջները, ինչպես նաև պաշտոնի նշանակման, Ծառայության ծառայողներին ծառայության նոր վայր տեղափոխման, այլ պետական մարմիններ գործուղման, կադրերի ռեզերվում ընդգրկման պայմաններն ու կարգերը սահմանում է վարչապետը:

5. Քաղաքացին Ծառայությունում ծառայության չի կարող անցնել, եթե՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնին նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել նրա լիազորությունների իրականացումը.

4) դատապարտվել է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.

5) չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին.

6) նրա նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում.

7) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն.

8) միաժամանակ հանդիսանում է այլ պետության քաղաքացի կամ ունի (ունեցել է) այլ պետությունում կացության կարգավիճակ, բացառությամբ ուսման, բուժման, ընտանեկան հանգամանքների բերումով տրամադրված կացության կարգավիճակի:

6․ Ծառայությունում առաջին անգամ պաշտոն զբաղեցնող անձը պաշտոնի նշանակվում է մինչև վեց ամիս փորձաշրջանով։ Փորձաշրջանի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Ծառայության պետի սահմանած հրամանով։

(17-րդ հոդվածը լրաց. 15.11.24 ՀՕ-456-Ն, 07.05.26 ՀՕ-223-Ն)

(07.05.26 ՀՕ-223-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 18. Ծառայությունում ընդգրկված լինելու տարիքային սահմանափակումները

 

1. Ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

2. Ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու դեպքում տվյալ պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ պետական ծառայողի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև երկու տարով, իսկ Ծառայության ուսումնական կենտրոնի դասախոսական կազմինը՝ մինչև հինգ տարով:

 

Հոդված 19. Ծառայության ծառայողներին պաշտոնի նշանակելը

 

1. Ծառայության պետին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը:

2. Ծառայության պետի տեղակալներին Ծառայության պետի առաջարկությամբ պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետը:

3. Ծառայության ծառայողների բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոնի նշանակում ու պաշտոնից ազատում է Ծառայության պետը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

4. (մասն ուժը կորցրել է 07.05.26 ՀՕ-223-Ն)

(19-րդ հոդվածը խմբ., փոփ. 07.05.26 ՀՕ-223-Ն)

(07.05.26 ՀՕ-223-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 19․1․ Ծառայության ծառայողին այլ պաշտոնի նշանակումը և փոխադրումը

 

1․ Ծառայության ծառայողն իր համաձայնությամբ նշանակվում է բարձր պաշտոնի ծառայության մեջ առաջխաղացման կարգով, եթե՝

1) բավարարում է տվյալ թափուր պաշտոնին ներկայացվող պահանջները․

2) վերջին մեկ տարվա ընթացքում չի ենթարկվել կարգապահական տույժի։

2․ Ծառայողը կարող է նշանակվել այլ հավասարազոր պաշտոնի՝

1) ծառայողական անհրաժեշտությունից ելնելով․

2) կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ․

3) ընտանեկան պայմաններից ելնելով․

4) առողջական վիճակով պայմանավորված՝ բժշկական կազմակերպության տված եզրակացության համաձայն։

3․ Այլ հավասարազոր պաշտոնում ծառայողը պաշտոն զբաղեցնում է համաձայնության առկայության դեպքում և եթե բավարարում է տվյալ պաշտոնին ներկայացվող պահանջները։ Ծառայողի համաձայնությունը կարող է չպահանջվել ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Ծառայության պետի հրամանով սահմանված դեպքերում։

4․ Ծառայողը նշանակվում է ցածր պաշտոնի՝

1) կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ, եթե հնարավոր չէ նշանակել հավասարազոր պաշտոնի․

2) ընտանեկան պայմաններից ելնելով՝ իր դիմումի համաձայն, եթե հնարավոր չէ նշանակել հավասարազոր պաշտոնի․

3) առողջական վիճակով պայմանավորված՝ բժշկական կազմակերպության տված եզրակացության համաձայն, եթե հնարավոր չէ նշանակել հավասարազոր պաշտոնի․

4) իր դիմումի համաձայն․

5) «Պաշտոնի իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժ ստանալու դեպքում․

6) ատեստավորման կարգով՝ ավելի ցածր պաշտոնի նշանակվելու դեպքում:

5. Կարգապահական տույժ ստանալու հետևանքով ցածր պաշտոնի նշանակված ծառայողը բարձր պաշտոնի կարող է նշանակվել կարգապահական տույժը կրելու ժամկետը լրացած լինելու կամ կարգապահական տույժը հանված լինելու դեպքում։

6․ Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով՝ ծառայողը կարող է փոխադրվել հավասարազոր կամ բարձր պաշտոնի՝ որպես պարտականությունների ժամանակավոր կատարող հետևյալ դեպքերում․

1) հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող ծառայողի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնելու դեպքում․

2) մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի դեպքում․

3) պարտադիր զինծառայության զորակոչվելու դեպքում․

4) ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության դեպքում։

7․ Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված հիմքերը վերանալու դեպքում ծառայողը փոխադրվում է իր նախկին պաշտոնին։

8․ Ծառայողին պաշտոնեական պարտականությունների ժամանակավոր կատարման փոխադրում և ժամանակավոր կատարումից ազատում է Ծառայության պետը։

9․ Սույն հոդվածով սահմանված այլ պաշտոնի նշանակման կամ փոխադրման դեպքում Ծառայողի հետ վերջնահաշվարկ չի իրականացվում, իսկ այլ պաշտոնի ժամանակավոր փոխադրման դեպքում դասային աստիճանի փոփոխություն տեղի չի ունենում։

10․ Ծառայության ծառայողին բարձր կամ հավասարազոր կամ ցածր պաշտոնի նշանակելու կամ այլ պաշտոնի փոխադրելու կարգը սահմանվում է Ծառայության պետի հրամանով։

(19.1-ին հոդվածը լրաց. 07.05.26 ՀՕ-223-Ն)

(07.05.26 ՀՕ-223-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 20. Ծառայության ծառայողների ատեստավորումը և վերապատրաստումը

 

1. Ծառայության ծառայողների մասնագիտական ունակությունների գնահատման, զբաղեցրած պաշտոնին համապատասխանության և առաջխաղացման հեռանկարը որոշելու նպատակով անցկացվում է ատեստավորում, որի կարգն ու պայմանները սահմանում է վարչապետը:

2. Ատեստավորում անցկացնելու համար Ծառայության պետի հրամանով ստեղծվում է (են) ատեստավորման հանձնաժողով (հանձնաժողովներ):

3․ Արտաքին հետախուզական խնդիրների իրականացման, պլանավորման և վերահսկման, ինչպես նաև հետախուզական տեղեկատվության վերլուծության, օպերատիվ-հետախուզական և հատուկ գործողությունների իրականացման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող Ծառայության ծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման կարգը և արտաքին հետախուզական խնդիրների իրականացման, պլանավորման և վերահսկման, ինչպես նաև հետախուզական տեղեկատվության վերլուծության, օպերատիվ-հետախուզական և հատուկ գործողություններ իրականացնող ստորաբաժանումների ցանկը սահմանում է վարչապետը։

4. Մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների բարելավման նպատակով Ծառայության ծառայողները վարչապետի որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով մասնակցում են վերապատրաստումների:

(20-րդ հոդվածը փոփ., խմբ. 07.05.26 ՀՕ-223-Ն)

(07.05.26 ՀՕ-223-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 21. Ծառայության ծառայողների կադրերի ռեզերվը

 

1. Ծառայության ծառայողներն իրենց դիմումի համաձայն գրանցվում են կադրերի ռեզերվում հաստիքների կրճատման, Ծառայության վերակազմակերպման կամ Ծառայության կառուցվածքային փոփոխության դեպքերում, եթե Ծառայության ծառայողին հավասարազոր պաշտոնի նշանակելը հնարավոր չէ, կամ նա գրավոր հրաժարվում է այլ հավասարազոր կամ ավելի բարձր կամ ավելի ցածր պաշտոնի նշանակվելուց:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պաշտոնները Ծառայության ծառայողին առաջարկվում են ըստ հերթականության:

3. Ծառայության ծառայողների՝ կադրերի ռեզերվում գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է, բայց ոչ ավելի, քան սույն օրենքով սահմանված՝ Ծառայությունում պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքի լրանալը, իսկ ծառայության ժամկետը սույն օրենքով սահմանված կարգով երկարաձգված լինելու դեպքում՝ մինչև երկարաձգված ժամկետի լրանալը:

4․ Ծառայության կադրերի ռեզերվում գրանցված լինելու ժամանակահատվածը համարվում է Ծառայությունում ծառայության ստաժ։

5. Ծառայության ծառայողներին կադրերի ռեզերվում գտնվելու առաջին երեք ամիսների համար վճարվում է նրանց զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը: Ծառայության ծառայողի դիմումի հիման վրա կադրերի ռեզերվից դուրս գալու դեպքում վճարումն իրականացվում է կադրերի ռեզերվում գտնվելու փաստացի ժամանակահատվածին համապատասխան:

6. Սույն օրենքի հիման վրա Ծառայության ծառայողներին կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը հաստատում է վարչապետը:

(21-րդ հոդվածը խմբ., փոփ. 07.05.26 ՀՕ-223-Ն)

(07.05.26 ՀՕ-223-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ

 

Հոդված 22. Ծառայության ուսումնական կենտրոնը

 

1. Ծառայության համակարգում գործում է ուսումնական կենտրոն:

2. Ծառայության ուսումնական կենտրոնի գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, իր կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:

3․ Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում Ծառայության ծառայողների պատրաստման, վերապատրաստման կամ այլ մասնագիտացված դասընթացների և կրթական ծրագրերի իրականացման համար համապատասխան պայմանագիր կնքելու, պատրաստումը կամ վերապատրաստումը կամ մասնագիտացված դասընթացները և կրթական ծրագրերն ավարտելուց հետո հետագա ծառայության նվազագույն ժամկետի և ժամկետից շուտ ծառայությունն ավարտելու դեպքերում Ծառայության ծառայողի կողմից պետական բյուջեի միջոցներից կատարված ծախսերի փոխհատուցման կարգը, դեպքերը և առանձնահատկությունները կարգավորվում են վարչապետի որոշմամբ սահմանված կարգով։»

4. Ուսումնական կենտրոնը, սույն օրենքին և իր կանոնադրության նպատակներին համապատասխան, կազմակերպում է՝

1) Ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց մասնագիտական վերապատրաստումը (այդ թվում՝ առաջխաղացման նպատակով վերապատրաստումը).

2) Ծառայության պաշտոններ զբաղեցնելու նպատակով Ծառայության ծառայողների պատրաստումը.

3) այլ մասնագիտացված դասընթացներ և կրթական ծրագրեր:

5. Ուսումնական կենտրոնը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:

(22-րդ հոդվածը խմբ. 07.05.26 ՀՕ-223-Ն)

(07.05.26 ՀՕ-223-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

 

Գ Լ ՈՒ Խ  8
(գլուխը խմբ. 07.05.26 ՀՕ-223-Ն)

(07.05.26 ՀՕ-223-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Հոդված 23․ Ծառայության դասային աստիճանները

 

1․ Ծառայությունում սահմանվում են հետևյալ դասային աստիճանները․

1) արտաքին հետախուզության առաջին դասի հետախույզ․

2) արտաքին հետախուզության երկրորդ դասի հետախույզ․

3) արտաքին հետախուզության երրորդ դասի հետախույզ․

4) արտաքին հետախուզության չորրորդ դասի հետախույզ․

5) արտաքին հետախուզության հինգերորդ դասի հետախույզ․

6) արտաքին հետախուզության վեցերորդ դասի հետախույզ․

7) արտաքին հետախուզության յոթերորդ դասի հետախույզ․

8) արտաքին հետախուզության ութերորդ դասի հետախույզ․

9) արտաքին հետախուզության իններորդ դասի հետախույզ։

2․ Սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերում նշված դասային աստիճանները հանդիսանում են բարձրագույն դասային աստիճաններ, որոնք շնորհվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով։

3․ Ծառայության գաղտնի հաստիքային ծառայողներին բարձրագույն դասային աստիճան շնորհելու մասին Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտնում տվյալ հրամանագիրը ծառայողին տեղեկացնելու օրվան հաջորդող օրվանից։

4․ Սույն հոդվածի 1-ին մասի 4-9-րդ կետերում նշված դասային աստիճանները շնորհում է Ծառայության պետը։

5․ Ծառայության դասային աստիճանները շնորհվում են անհատական կարգով՝ ցմահ։

6․ Ծառայությունում ժամանակավոր թափուր և թափուր պաշտոնները որոշակի ժամկետով զբաղեցնող անձանց համար չեն սահմանվում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դասային աստիճանները։

7. Ծառայության ծառայողները ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում կարող են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով զրկվել դասային աստիճանից։

8․ Ծառայության դասային աստիճանները սույն օրենքով սահմանված կարգով շնորհվում են նաև Ծառայության պետին և Ծառայության պետի տեղակալներին։

 

Հոդված 23․1. Ծառայության պաշտոններին համապատասխանող դասային աստիճանները

 

1․ Ծառայության պետի պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արտաքին հետախուզության առաջին դասի հետախույզի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ արտաքին հետախուզության երրորդ դասի հետախույզի դասային աստիճանը։

2․ Ծառայության պետի տեղակալի պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արտաքին հետախուզության երկրորդ դասի հետախույզի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ արտաքին հետախուզության չորրորդ դասի հետախույզի դասային աստիճանը։

3․ Ծառայության ծառայողների բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր պաշտոններին համապատասխանող դասային աստիճանների վերին և ստորին սահմանները, դրանց շնորհման կարգը սահմանում է Ծառայության պետը։

4․ Պետական այլ մարմիններում հանրային ծառայության անցած (աշխատած) և զինվորական կամ այլ հատուկ կոչում կամ դասային աստիճան ունեցող անձանց Ծառայությունում պաշտոնի նշանակվելիս շնորհվում է նրանց ունեցած զինվորական կամ հատուկ կոչմանը կամ դասային աստիճանին համապատասխան դասային աստիճան։ Զինվորական կամ այլ հատուկ կոչումների կամ այլ դասային աստիճանների համապատասխանությունը սույն օրենքով սահմանված դասային աստիճաններին սահմանում է Կառավարությունը։

 

Հոդված 23․2. Դասային աստիճանների շնորհումը և դրանց շնորհման ժամկետները

 

1․ Սույն օրենքի 19-րդ հոդվածի հիման վրա Ծառայությունում պաշտոնի նշանակվելիս, իսկ 17-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա փորձաշրջան նշանակված լինելու դեպքում փորձաշրջանը հաղթահարելուց հետո Ծառայողին շնորհվում է տվյալ պաշտոնին համապատասխանող դասային աստիճան՝ սույն օրենքով սահմանված կարգով։

2․ Եթե սույն օրենքի 23․1-ին հոդվածի 4-րդ մասով սահմանված համապատասխան կոչման կամ դասային աստիճանի համապատասխանեցման արդյունքով այն ավելի բարձր է Ծառայությունում համապատասխան պաշտոնի համար սահմանված առավելագույն դասային աստիճանից, ապա շնորհվում է տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն դասային աստիճանից մեկ աստիճան բարձր դասային աստիճան՝ սույն օրենքով սահմանված կարգով։

3․ Ծառայության ծառայողներին դասային աստիճանները շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած պաշտոնի համար սահմանված առավելագույն դասային աստիճանի սահմաններում, նախորդ դասային աստիճանում ծառայության սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքի 33-րդ հոդվածով նախատեսված դեպքի։

4․ Սույն օրենքով սահմանված կարգով հերթական դասային աստիճանի շնորհման համար սահմանվում են ծառայության հետևյալ ժամկետները․

1) արտաքին հետախուզության իններորդ դասի հետախույզ՝ 1 տարի.

2) արտաքին հետախուզության ութերորդ դասի հետախույզ՝ 2 տարի.

3) արտաքին հետախուզության յոթերորդ դասի հետախույզ՝ 3 տարի․

4) արտաքին հետախուզության վեցերորդ դասի հետախույզ՝ 3 տարի.

5) արտաքին հետախուզության հինգերորդ դասի հետախույզ՝ 4 տարի։

5․ Արտաքին հետախուզության չորրորդ դասի հետախույզի դասային աստիճան ունեցողի համար բարձրագույն դասային աստիճանի շնորհման համար պաշտոնավարման ժամկետ չի սահմանվում։

6․ Տվյալ դասային աստիճանով ծառայության ժամկետը հաշվարկվում է դասային աստիճանը շնորհելու օրվանից, իսկ սույն օրենքի 23․1-ին հոդվածի 4-րդ մասով սահմանված դասային աստիճանի համապատասխանեցման արդյունքում՝ զինվորական կամ այլ հատուկ կոչման կամ այլ դասային աստիճանի շնորհման իրավական ակտի ստորագրմանը հաջորդող օրվանից։

7․ Ծառայության ծառայողի հերթական դասային աստիճանի շնորհումը հետաձգվում է, եթե՝

1) Ծառայության ծառայողը ենթարկվել է կարգապահական տույժի, և այն դեռևս մարված չէ, կամ սույն օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերի հիման վրա նշանակված կարգապահական տույժի նշանակման օրվանից չի անցել մեկ տարի․

2) ծառայողի լիազորություններն օրենքով սահմանված կարգով կասեցվել են, կամ կատարվում է ծառայողական քննություն․

3) ծառայողի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում․

4) ատեստավորումը չի հաղթահարվել․

5) վերապատրաստման ընթացքում է։

8․ Ծառայողին դասային աստիճան շնորհվում է սույն հոդվածի 7-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում նշված հիմքերը վերանալուց, ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցվելուց, ատեստավորումը հաղթահարելուց և վերապատրաստման ավարտից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում։

9․ Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը Ծառայության ծառայողների դասային աստիճան կրելու ժամկետում չի հաշվարկվում։ Նշված ժամկետի հաշվարկը վերսկսվում է ծառայողների կողմից ծառայության անցնելուց հետո։

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՍՏԱԺԸ, ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԸ, ՀԱՄԱԶԳԵՍՏԸ, ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԸ ԵՎ ԿՆԻՔԸ

 

Հոդված 24. Արտաքին հետախուզության ծառայության ստաժը

 

1. Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող այլ մարմինների ծառայողներին, ինչպես նաև սույն օրենքի 17-րդ հոդվածի պահանջները բավարարող այլ անձանց Ծառայության համապատասխան ստորաբաժանումներում պաշտոնի նշանակելիս համապատասխան (նախկին) մարմիններում նրանց ունեցած ստաժը հաշվարկվում է Ծառայությունում պաշտոն զբաղեցնելու ստաժում:

 

Հոդված 25. Ծառայության ծառայողի անձնական գործը

 

1. Ծառայության ծառայողի ծառայության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում, որի վարման կարգը սահմանում է Ծառայության պետը:

 

Հոդված 26. Ծառայության ծառայողի համազգեստը և ծառայողական վկայականը

 

1. Ծառայության ծառայողի համար սահմանվում է համազգեստ, որի ձևը և կրելու կարգը սահմանում է վարչապետը, իսկ համազգեստ կրելու պարտականություն ունեցող ծառայողների շրջանակը և դեպքերը՝ Ծառայության պետը։

2. Ծառայությունում հանրային պաշտոն (բացառությամբ վարչական պաշտոնների) և հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրվում է ծառայողական վկայական, որի ձևը, տրամադրելու, ոչնչացնելու, անվավեր ճանաչելու և կրելու կարգը հաստատում է Ծառայության պետը:

(26-րդ հոդվածը խմբ. 07.05.26 ՀՕ-223-Ն)

(07.05.26 ՀՕ-223-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 27. Ծառայության տարբերանշանը և կնիքը

 

1. Ծառայությունն ունի տարբերանշան, որի ձևը հաստատում է վարչապետը:

2. Ծառայությունն ունի իր տարբերանշանի պատկերով կնիք:

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿԸ, ԱՐՁԱԿՈՒՐԴԸ

 

Հոդված 28. Ծառայության ծառայողի արտաժամյա ծառայությունը

 

1. Ծառայության ծառայողը կարող է ներգրավվել արտաժամյա ծառայության՝

1) պետության անվտանգության ապահովման համար.

2) պետության պաշտպանության անհրաժեշտության դեպքում.

3) Ծառայության վրա դրված խնդիրների և գործառույթների իրականացման համար, որոնք, իրենց առանձնահատկություններով պայմանավորված, չեն կարող կասեցվել կամ դադարեցվել.

4) ուսումնավարժական հավաքների կամ միջոցառումների ժամանակ, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:

2. Ծառայության ծառայողին օրական ութ ժամից ավելի արտաժամյա ծառայության ներգրավել չի թույլատրվում:

 

Հոդված 29. Ծառայության ծառայողին ծառայության ներգրավելը հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերին

 

1. Սույն օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում Ծառայության ծառայողը կարող է ծառայության ներգրավվել հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերին:

2. Հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերին ծառայության համար տրվում է հավելում՝ Կառավարության սահմանած կարգով և պայմաններով:

3. Հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական և հիշատակի օրերին, ինչպես նաև արտաժամյա ծառայության հաշվարկման կարգը սահմանում է վարչապետը:

 

Հոդված 30. Հերթապահության ժամանակը

 

1. Հերթապահության ժամանակի հաշվարկման կարգը սահմանում է վարչապետը:

 

Հոդված 31. Ծառայության ծառայողի արձակուրդի տեսակները

 

1. Ծառայության ծառայողին վարձատրության պահպանմամբ տրվում են՝

1) ամենամյա նվազագույն արձակուրդ.

2) ամենամյա լրացուցիչ (կարճաժամկետ) արձակուրդ.

3) ուսումնական արձակուրդ.

4) հիվանդության պատճառով արձակուրդ.

5) հղիության և ծննդաբերության արձակուրդ.

6) հայրության արձակուրդ։

2. Ծառայության ծառայողներին տրվում է նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդ:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 3-6-րդ կետերում և 2-րդ մասում նշված արձակուրդները ծառայողի ամենամյա նվազագույն և ամենամյա լրացուցիչ արձակուրդում չեն հաշվվում:

4. Ծառայության ծառայողին արձակուրդ տրամադրելու կարգը և պայմանները սահմանում է վարչապետը:

(31-րդ հոդվածը լրաց., փոփ. 07.05.26 ՀՕ-223-Ն)

(07.05.26 ՀՕ-223-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 32. Ծառայության ծառայողների արձակուրդը

 

1. Ծառայության ծառայողն ունի ամենամյա նվազագույն և ամենամյա լրացուցիչ (կարճաժամկետ) արձակուրդի իրավունք:

2. Ծառայության ծառայողի ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը 20 աշխատանքային օր է, իսկ ամենամյա լրացուցիչ (կարճաժամկետ) արձակուրդի տևողությունը՝ չորս աշխատանքային օր:

2․1․ Ծառայության ծառայողներին, ըստ ծառայության ստաժի, տրվում է լրացուցիչ արձակուրդ՝

1) 15-ից մինչև 25 տարի օրացուցային հաշվարկով ծառայածներին՝ 10 աշխատանքային օր․

2) 25 և ավելի տարի օրացուցային հաշվարկով ծառայածներին՝ 15 աշխատանքային օր։

Ընդ որում, սույն հոդվածի 2-րդ մասում նշված լրացուցիչ չորս աշխատանքային օրը սույն կետում նշված լրացուցիչ արձակուրդի օրերի մեջ չի հաշվարկվում։

3. Ծառայության ծառայողին ամենամյա նվազագույն և (կամ) ամենամյա լրացուցիչ (կարճաժամկետ) արձակուրդը տրամադրվում է այնպես, որ այն չխոչընդոտի տվյալ կառուցվածքային ստորաբաժանման բնականոն գործունեությունը:

3․1․ Երեխայի ծնվելու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, տղամարդ ծառայողի (նորածնի հոր) ցանկությամբ տրամադրվում է հինգ աշխատանքային օր տևողությամբ վճարովի արձակուրդ։

4. Առանձին դեպքերում, անձնական կամ ընտանեկան հանգամանքներից ելնելով, Ծառայության ծառայողին կարող է մեկ աշխատանքային տարվա ընթացքում տրամադրվել չվճարվող արձակուրդ՝ ոչ ավելի, քան երեսուն օր:

(32-րդ հոդվածը լրաց. 07.05.26 ՀՕ-223-Ն)

(07.05.26 ՀՕ-223-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Գ Լ ՈՒ Խ  11

 

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՈՒՄԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 33. Ծառայության ծառայողների խրախուսումը

 

1. Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և (կամ) սահմանված կարգով տրված հանձնարարականներն ու առաջադրանքները գերազանց կատարելու համար Ծառայության ծառայողների նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները.

1) շնորհակալության հայտարարում.

2) միանվագ դրամական պարգևատրում.

3) հուշանվերով պարգևատրում.

4) լրացուցիչ վճարովի տասնօրյա արձակուրդի տրամադրում.

5) մեդալով կամ կրծքանշանով պարգևատրում.

6) զբաղեցրած պաշտոնին հասանելիք առավելագույն դասային աստիճանից մեկ աստիճան բարձր դասային աստիճանի շնորհում.

7) կարգապահական տույժի հանում։

2. Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված խրախուսանքի տեսակը Ծառայության ծառայողների նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել միայն մեկ անգամ:

2․1․ Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում նշված խրախուսանքի տեսակը կարող է կիրառվել մինչև հերթական դասային աստիճանի շնորհման ժամկետը լրանալը։

3. Ծառայության ծառայողների նկատմամբ խրախուսանք կիրառում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը:

4. Երկարամյա ծառայության և (կամ) ծառայողական պարտականությունները և (կամ) հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն կատարելու համար Ծառայության ծառայողը պարգևատրվում է մեդալով կամ կրծքանշանով:

4․1․ Երկարամյա ծառայության կամ ծառայողական պարտականությունները կամ հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն կատարելու համար Ծառայությունում հանրային պաշտոն և հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց կարող են շնորհվել դասային աստիճաններ, ներառյալ բարձրագույն:

5. Ծառայությունը թողարկում է գերատեսչական մեդալներ և կրծքանշաններ, որոնց տեսակները, ձևերը և շնորհման կարգը սահմանում է Ծառայության պետը:

(33-րդ հոդվածը փոփ., լրաց. 07.05.26 ՀՕ-223-Ն)

(07.05.26 ՀՕ-223-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 34. Ծառայության ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պայմանները և կիրառվող կարգապահական տույժերը

 

1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու կամ ծառայողական լիազորությունները վերազանցելու կամ հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու դեպքում Ծառայության ծառայողի նկատմամբ սահմանված կարգով կիրառվում են սույն օրենքով սահմանված կարգապահական տույժերը:

2. Կարգապահական խախտման ծանրությունից ելնելով՝ Ծառայության ծառայողների նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը.

1) նախազգուշացում.

2) նկատողություն.

3) խիստ նկատողություն.

4) դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով.

5) պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով.

6) ծառայության դադարեցում:

3. Ծառայության ծառայողի նկատմամբ դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով կարգապահական տույժը ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել միայն մեկ անգամ՝ դասային աստիճանը շնորհած պաշտոնատար անձի կողմից:

4. Ծառայողների նկատմամբ կարգապահական տույժ կիրառում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը:

(34-րդ հոդվածը փոփ. 07.05.26 ՀՕ-223-Ն)

(07.05.26 ՀՕ-223-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 35. Ծառայության ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգը

 

1. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե մեկ տարուց ավելի չի անցել կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից՝ չհաշված ժամանակավոր անաշխատունակության պատճառով բացակայության, գործուղման, վերապատրաստման կամ արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները: Ընդ որում, նշանակվող տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման բնույթին:

2. Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:

3. Կարգապահական տույժի մասին Ծառայության ծառայողը տեղեկացվում է դրա նշանակումից հետո՝ հնգօրյա ժամկետում:

4. Եթե կարգապահական տույժ նշանակվելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, Ծառայության ծառայողը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա այն համարվում է մարված: Սույն մասի դրույթները չեն տարածվում սույն օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի 4-6-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերի վրա:

4․1․ Կարգապահական տույժը կարող է հանվել մինչև մեկ տարին լրանալը, եթե աշխատողը թույլ չի տվել նոր կարգապահական խախտում և բարեխղճորեն կատարում է իր աշխատանքային պարտականությունները։

5. Ծառայության ծառայողի նկատմամբ կարգապահական տույժերը կարող են կիրառվել միայն ծառայողական քննության արդյունքների հիման վրա:

6. Ծառայողական քննության ժամանակահատվածում Ծառայության ծառայողի լիազորությունները կարող են ժամանակավորապես կասեցվել, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ, պաշտոնում մնալով, նա կխոչընդոտի ծառայողական քննության անցկացումը: Այդ դեպքում Ծառայության ծառայողի վարձատրությունը պահպանվում է:

7. Ծառայության ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված լինելու դեպքում նրա պաշտոնավարումը կարող է կասեցվել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով:

8. Կարգապահական տույժի ենթարկված Ծառայության ծառայողը չի ազատվում նույն արարքի համար օրենքով սահմանված քաղաքացիական, վարչական կամ քրեական պատասխանատվությունից:

(35-րդ հոդվածը լրաց. 07.05.26 ՀՕ-223-Ն)

(07.05.26 ՀՕ-223-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 36. Ծառայողական քննությունը

 

1. Ծառայության ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը նշանակում է ծառայողական քննություն՝ նշելով ծառայողական քննության անցկացման հիմքերը, պարզաբանման ենթակա հարցերը և անցկացման եղանակը:

2. Ծառայության ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում կարող է կասեցնել Ծառայության ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը՝ պահպանելով Ծառայության ծառայողի վարձատրությունը:

3. Ծառայողական քննություն անցկացնելու կարգը սահմանում է վարչապետը:

 

Գ Լ ՈՒ Խ  12

 

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

Հոդված 37. Ծառայության ծառայողներին պաշտոնից ազատելը

 

1. Ծառայության ծառայողներն զբաղեցրած պաշտոնից ազատվում են՝

1) հաստիքների կրճատման, Ծառայության վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության դեպքերում Ծառայությունում այլ պաշտոնի նշանակվելիս.

1․1) սույն օրենքի 19․1-ին հոդվածի հիման վրա այլ պաշտոնի նշանակվելու դեպքերում․

2) հաստիքների կրճատման, Ծառայության վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխության դեպքերում, եթե ծառայողին համապատասխան պաշտոնի նշանակելը հնարավոր չէ, և հաստիքների կրճատումը պայմանավորված է Ծառայության հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ.

2․1) Ծառայության գործունեությունը դադարեցվելու դեպքում․

3) ատեստավորման արդյունքների հիման վրա այլ պաշտոնի նշանակվելիս.

4) իրենց դիմումի համաձայն.

5) ծառայությունը դադարեցվելու դեպքում.

6) սույն օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու դեպքում։

2. Ծառայողին պաշտոնից ազատում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

(37-րդ հոդվածը խմբ., լրաց. 07.05.26 ՀՕ-223-Ն)

(07.05.26 ՀՕ-223-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 38. Ծառայության ծառայողի ծառայությունը դադարեցնելու հիմքերը

 

1. Ծառայության ծառայողի ծառայությունը դադարեցվում է՝

1) տարիքի կապակցությամբ՝ Ծառայությունում ծառայության մեջ գտնվելու և սահմանային տարիքի հասնելու դեպքում.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիության հետ միաժամանակ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու կամ այլ պետությունում կացության կարգավիճակ ստանալու դեպքերում.

3) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.

4) դատական կարգով հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելու դեպքում.

5) նրա նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում.

6) ծառայողական անհամապատասխանության պատճառով՝ ատեստավորման կարգով.

7) այլ աշխատանքի անցնելու կամ ընտանեկան այնպիսի հանգամանքների պատճառով, որոնք խոչընդոտ են հանդիսանում հետագա ծառայության համար.

8) կադրերի ռեզերվում գտնվելու ժամկետը լրանալու դեպքում.

9) համապատասխան կարգապահական տույժի ենթարկվելու դեպքում.

10) մահվան դեպքում.

11) առողջական վիճակի պատճառով ծառայությանը ոչ պիտանի լինելու դեպքում:

2. Ծառայության ծառայողի ծառայությունը դադարեցնում է նրան համապատասխան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

3. Ծառայությունը դադարեցված ծառայողը ծառայությունը դադարեցվելու օրն ստանում է վերջնահաշվարկ:

 

Գ Լ ՈՒ Խ  13

 

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

Հոդված 39. Ծառայության ծառայողների վարձատրությունը

 

1. Ծառայության ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով:

 

Հոդված 40. Ծառայությունը դադարեցված ծառայողներին տրվող վերջնահաշվարկը և կենսաթոշակի ապահովումը

 

1. Ծառայությունը դադարեցված ծառայողը ծառայությունը դադարեցվելու օրն ստանում է վերջնահաշվարկ: Ծառայությունը դադարեցված ծառայողի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 41․ Ծառայության աշխատողների և նրանց ընտանիքների անդամների պաշտպանությունը

(վերնագիրը խմբ. 07.05.26 ՀՕ-223-Ն)

 

1. Ծառայության աշխատողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանությունը երաշխավորում է պետությունը:

2․ Ծառայության աշխատողի, նրա ընտանիքի անդամների կամ նրա զբաղեցրած բնակելի և ծառայողական տարածքների անձեռնմխելիության նկատմամբ ոչ իրավաչափ ներգործության սպառնալիքի դեպքում Ծառայությունը աշխատողի դիմումի հիման վրա կամ Ծառայության գնահատած ռիսկերի առկայության դեպքում ապահովում է աշխատողի և նրա ընտանիքի անդամների անվտանգությունը։

3. Ծառայողական պարտականությունները կատարելիս ձերբակալված Ծառայության աշխատողին խուզարկելը, անձի, իրերի, անձնական և ծառայողական օգտագործման տրանսպորտային միջոցների զննությունը կատարվում են Ծառայության պաշտոնական ներկայացուցչի ներկայությամբ։ Ընդ որում, տվյալ դեպքում իրականացվող անձնական խուզարկության կամ իրականացվող զննության արդյունքով հայտնաբերված և Ծառայությանը պատկանող տեղեկակիրները կամ տեխնիկական և այլ միջոցներ ենթակա չեն առգրավման ձերբակալումն իրականացրած կամ վարույթն իրականացնող մարմնի կողմից և փոխանցվում են Ծառայության պաշտոնական ներկայացուցչին։

4․ Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված անձանց պաշտպանության տրամադրման շրջանակը, կարգը և պայմանները սահմանվում են Ծառայության պետի հրամանով։

5. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ընտանիքի անդամ են համարվում՝

1) ծառայողի ծնողները, ամուսինը, զավակը․

2) ծառայողի հետ համատեղ բնակվող 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված կամ մինչև 26 տարեկան ուսանող կամ 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող և ծառայողի խնամքի տակ գտնվող քույրը կամ եղբայրը, եթե հաշմանդամություն ունեցող անձ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը։ Քույրը և եղբայրը համարվում են ծառայողի խնամքի տակ գտնվող, եթե օրենքով սահմանված կարգով սահմանվել է խնամակալություն, և նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում։

(41-րդ հոդվածը խմբ. 07.05.26 ՀՕ-223-Ն)

(07.05.26 ՀՕ-223-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 41․1. Ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքները

 

1. Ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար սահմանվում են հետևյալ սոցիալական երաշխիքները․

1) ծառայողին և նրա ընտանիքի անդամներին բժշկական օգնության և սպասարկման ծառայություններից օգտվելու համար վարչապետի որոշմամբ սահմանված չափով և կարգով փոխհատուցման տրամադրումը․

2) ծառայողին կամ նրա ընտանիքի անդամին պատճառված գույքային վնասի հատուցումը՝ պայմանավորված ծառայողական պարտականությունների կատարմամբ․

3) «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի հիման վրա կենսաթոշակի անցնելու կամ Ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու կամ աշխատողի հետ կնքված պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ հաստիքների կրճատման, այդ թվում՝ Ծառայության վերակազմակերպման կամ Ծառայության կառուցվածքային փոփոխության կապակցությամբ Ծառայությունից ազատվելիս ծառայողներին ըստ ծառայության տարիների վճարվում է հետևյալ չափով միանվագ նպաստ․

ա․ 5 տարուց մինչև 10 տարի ծառայության համար՝ պաշտոնային դրույքաչափի չափով,

բ․ 10 տարուց մինչև 20 տարի ծառայության համար՝ օրենքի հիման վրա ծառայողին հատկացվող հավելման և պաշտոնային դրույքաչափի հանրագումարի չափով,

գ․ 20 և ավելի տարի ծառայության համար՝ միջին ամսական աշխատավարձի չափով․

4) օտարերկրյա պետությունում ծառայողի ծառայողական պարտականությունների կատարման բերումով Ծառայության ծառայողին կամ ծառայողի ընտանիքի անդամներին պատճառված նյութական վնասը (իրական վնասը և բաց թողնված օգուտը) լիովին փոխհատուցվում է պետական բյուջեի միջոցներից՝ վարչապետի որոշմամբ սահմանված կարգով և դեպքերում։ Ծառայության ծառայողն իրավունք ունի սույն կետով նախատեսված վնասի հատուցում պահանջելու վնասի առաջացման օրվանից մեկ տարվա ընթացքում։

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված ընտանիքի անդամ են համարվում՝

1) ծառայողի ծնողները, ամուսինը, զավակը․

2) ծառայողի հետ համատեղ բնակվող 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված կամ մինչև 26 տարեկան ուսանող կամ 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող և ծառայողի խնամքի տակ գտնվող քույրը կամ եղբայրը, եթե հաշմանդամություն ունեցող անձ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը։ Քույրը և եղբայրը համարվում են ծառայողի խնամքի տակ գտնվող, եթե օրենքով սահմանված կարգով սահմանվել է խնամակալություն, և նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում։

3. Ծառայության ծառայողների կենսաթոշակային ապահովությունը, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովությունն իրականացվում են «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով սահմանված կարգով։

4. Ծառայության ծառայողներին տրվող դրամական օգնության և սոցիալական երաշխիքների տրամադրման հետ կապված և սույն օրենքով չկարգավորված հարաբերությունները կարգավորվում են այլ օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով։

(41.1-ին հոդվածը լրաց. 07.05.26 ՀՕ-223-Ն)

(07.05.26 ՀՕ-223-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Հոդված 42. Ծառայության ծառայողների նկատմամբ կիրառվող սահմանափակումները

 

1. Ծառայության ծառայողն իրավունք չունի՝

1) կատարելու վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, ինչպես նաև Ծառայության պետի հրամանով սահմանված դեպքերում և պայմաններով (այդ թվում՝ վարձատրության առանձնահատկությունները սահմանող) կատարվող աշխատանքից, որոնք բխում են Ծառայության առջև դրված խնդիրների կատարումից․

2) լինելու Ազգային ժողովի պատգամավոր, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում զբաղեցնելու ընտրովի կամ այլ պաշտոններ.

3) անձամբ զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ, բացառությամբ Ծառայության պետի հրամանով սահմանված այն դեպքերի և պայմանների, որոնք բխում են Ծառայության առջև դրված խնդիրների կատարումից․

4) լինելու երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկելի է իր կողմից.

5) հոնորար ստանալու ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.

6) ոչ ծառայողական նպատակներով օգտագործելու Ծառայության նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը և ծառայողական տեղեկատվությունը.

7) ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալու նվերներ, գումար կամ ծառայություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

8) լինելու որևէ կուսակցության, հասարակական (բացառությամբ գիտական, մշակութային, մարզական, որսորդական և նմանօրինակ շահերի ընդհանրության հիման վրա միավորված կազմակերպությունների), այդ թվում՝ կրոնական, արհեստակցական կազմակերպության անդամ, ստեղծելու կուսակցություններ, մասնակցելու հավաքների.

9) պաշտոնական դիրքն օգտագործելու ի շահ կուսակցությունների, կրոնական, հասարակական միավորումների և դրանց գործունեության օգտին իրականացվող քարոզչության.

10) կազմակերպելու գործադուլներ կամ մասնակցելու դրանց:

2. Ծառայությունում ծառայության անցնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, Ծառայության ծառայողը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պարտավոր է առևտրային կազմակերպությունների կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալում բաժնեմաս (բաժնետոմս, փայ) ունենալու դեպքում այն հանձնել հավատարմագրային կառավարման, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված դեպքի: Ծառայության ծառայողն իրավունք ունի հավատարմագրային կառավարման հանձնված գույքից ստանալու եկամուտ:

3. Արգելվում է համատեղ ծառայել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, ամուսնու ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ և պապ) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ անմիջական վերահսկողության հետ:

4. Ծառայության ծառայողին չի տրվում պաշտոնի նշանակման, այլ պաշտոնի տեղափոխման, ազատման, ծառայությունը դադարեցնելու կամ նրա նկատմամբ կարգապահական տույժ նշանակելու մասին հրամանի պատճենը, եթե հրամանը պարունակում է պետական գաղտնիք կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվություն: Այդ դեպքում նրան տրվում է հրամանի քաղվածք, որից հանվում է պետական գաղտնիքը կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկատվությունը:

5․ Ծառայության աշխատողներին պետական գաղտնիքին առնչվելու թույլտվություն տրվում է «Պետական գաղտնիքի մասին» օրենքով սահմանված կարգով։

6. Ծառայության ծառայողը կարող է սովորել իր մասնագիտությանը մոտ կամ բնույթով իր կատարած աշխատանքի գծով մասնագիտական գիտելիքների խորացմանը նպաստող հեռակա ուսումնական հաստատություններում՝ միայն Ծառայության պետի թույլտվությամբ:

(42-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 07.05.26 ՀՕ-223-Ն)

(07.05.26 ՀՕ-223-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

 

Գ Լ ՈՒ Խ  14

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 43. Օրենքն ուժի մեջ մտնելը և այլ դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են Ծառայության պետի նշանակումից հետո՝ իննամսյա ժամկետում, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում նշված ենթաօրենսդրական իրավական ակտերի: Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերի բացակայության դեպքում Ծառայությունն իր լիազորություններն իրականացնում է միայն օրենքով սահմանված կարգավորումների շրջանակում:

3. Ծառայության պետը պաշտոնի նշանակվելուց հետո՝ եռամսյա ժամկետում, վարչապետի հաստատմանն է ներկայացնում Ծառայության անձնակազմի քանակը, կանոնադրությունը, անվանացանկը, հաստիքացուցակը և կառուցվածքը:

4. Ծառայության պետը սույն հոդվածի 3-րդ մասում նշված ենթաօրենսդրական իրավական ակտերը հաստատվելուց հետո՝ եռամսյա ժամկետում, վարչապետի հաստատմանն է ներկայացնում Ծառայությունում ծառայության անցնելու համար թեկնածուների ընտրության, ուսումնասիրման կարգը, ինչպես նաև նրանց ներկայացվող մասնագիտական (այդ թվում՝ օտար լեզվի իմացության), ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված և այլ պահանջներ:

5. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված մարմնի կողմից արտաքին հետախուզական գործունեության իրականացման իրավասությունը դադարում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց երեք տարի հետո:

6. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված իրավակարգավորումն ուժի մեջ մտնելուց հետո սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված մարմինը շարունակում է իրականացնել հետախուզական գործունեություն բացառապես իր կանոնադրությամբ վերապահված լիազորությունների շրջանակներում:

 

Հոդված 44. Ծառայության ծառայողների առաջին ատեստավորումը 

 

1. Ծառայության ծառայողների առաջին ատեստավորումն անցկացվում է համապատասխան պաշտոնի նշանակվելուց տասներկու ամիս հետո:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2022 թ. դեկտեմբերի 30

Երևան

ՀՕ-600-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2022 թվական: