ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2726-Ա «26» մայիսի 2026 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված Հենրիկ Քեռյանի 2026 թվականի ապրիլի 29-ի թիվ Դ-43578-26 դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան իրականացվել է վարչարարություն:
2026 թվականի ապրիլի 29-ի թիվ Դ-43578-26 դիմումի քննության կապակցությամբ 2026 թվականի մայիսի 21-ին, ժամը 11:00-ին հրավիրվել են լսումներ, որին ներկայացել և մասնակցել է դիմումատու Հենրիկ Քեռյանը:
Ուսումնասիրելով 2026 թվականի ապրիլի 29-ի թիվ Դ-43578-26 դիմումը, դիմումին կից ներկայացված լուսանկարները, 2026 թվականի մայիսի 21-ին կազմված՝ վարչարարության շրջանակներում իրականացված լսումների վերաբերյալ արձանագրությունը, գնահատելով դիմումի առարկային առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.
2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված 2026 թվականի ապրիլի 29-ի թիվ Դ-43578-26 դիմումով, ինչպես նաև լսումների ընթացքում ներկայացված փաստարկներով Հենրիկ Քեռյանը խնդրել է փոխհատուցել 2026 թվականի ապրիլի 29-ին ժամը 03:20-ի մոտակայքում Երևան քաղաքի Ազատության պողոտայի և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում իրականացվող ջրամատակարարման խողովակաշարի փոխարինման աշխատանքներով պայմանավորված՝ ճանապարհի երկայնքով գտնվող փոսի մեջ ընկնելու արդյունքում իր սեփականությունը հանդիսացող՝ «Honda CB 600 F Hornet» մոդելի «AH 972» հաշվառման համարանիշի մոտոցիկլը վնասվելու արդյունքում առաջացած վնասը, որը կազմում է 2.000.000 ՀՀ դրամ:
2026 թվականի մարտի 9-ին տրված տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ AB718900 վկայագրի համաձայն՝ «Honda CB 600 F Hornet» մոդելի «AH 972» մոտոցիկլը հանդիսանում է Հենրիկ Քեռյանի սեփականությունը:
2026 թվականի ապրիլի 29-ի թիվ Դ-43578-26 դիմումի ուսումնասիրության արդյունքում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից տրամադրվել է տեղեկատվություն այն մասին, որ պատահարի տարածքում, Երևանի քաղաքապետի կողմից 2025 թվականի դեկտեմբերի 26-ին տրված թիվ ՀՇԹ/3/3947-2025 շինարարության թույլտվության համաձայն իրականացվում են ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներ (կառուցապատող՝ «Արտ պլաս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն):
2026 թվականի ապրիլի 29-ի թիվ Դ-43578-26 դիմումով, ինչպես նաև վարույթի լսումների ընթացքում Հենրիկ Քեռյանի կողմից չեն ներկայացվել «Honda CB 600 F Hornet» մոդելի «AH 972» հաշվառման համարանիշի մոտոցիկլի վնասվածքներն առաջանալու պատճառների, ենթադրյալ վնասին հանգեցրած պատահարի հանգամանքները հետազոտելու արդյունքում կազմված, ինչպես նաև պատահարի հետևանքով առաջացած վնասվածքների հետքաբանական ու ապրանքագիտական փորձաքննության, պատահարի ու վնասի միջև պատճառահետևանքային կապը հիմնավորող և պատահարը Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշման պահանջներին համապատասխան կանխելու անհնարինության վերաբերյալ փորձագիտական եզրակացություններ, ինչպես նաև առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով հաստատված է ենթադրյալ վնասը Երևանի քաղաքապետարանի ոչ իրավաչափ գործողության կամ անգործության ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը հանդիսանալու հանգամանքը:
3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Քննարկվող պարագայում, ելնելով 2026 թվականի ապրիլի 29-ի թիվ Դ-43578-26 ներկայացված պահանջի հիմքում դրված փաստական հանգամանքներից, ենթակա է պարզման, թե.
1) արդյո՞ք ներկայացված լուսանկարներով հիմնավորվում է 2026 թվականի ապրիլի 29-ին «Honda CB 600 F Hornet» մոդելի «AH 972» հաշվառման համարանիշի մոտոցիկլի մասնակցությամբ ինքնավթարը ճանապարհին առկա անհարթության (փոս) պատճառով տեղի ունենալու հանգամանքը և արդյո՞ք վարորդն ունեցել է պատահարը տեխնիկապես կանխելու հնարավորություն,
2) արդյո՞ք ներկայացված լուսանկարներով հիմնավորվում է 2026 թվականի ապրիլի 29-ին «Honda CB 600 F Hornet» մոդելի «AH 972» հաշվառման համարանիշի մոտոցիկլի մասնակցությամբ տեղի ունեցած ինքնավթարում Երևանի քաղաքապետարանի մեղավորության առկայությունը,
3) արդյո՞ք ներկայացված լուսանկարներով հիմնավորվում է 2026 թվականի ապրիլի 29-ին «Honda CB 600 F Hornet» մոդելի «AH 972» հաշվառման համարանիշի մոտոցիկլի մասնակցությամբ տեղի ունեցած ինքնավթարը Երևանի քաղաքապետարանի ոչ իրավաչափ վարչարարության (անգործության) ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը հանդիսանալու հանգամանքը (վարչական մարմնի ենթադրյալ՝ ոչ իրավաչափ անգործության և վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայություն),
4) արդյո՞ք ներկայացված լուսանկարներով հիմնավորվում են 2026 թվականի ապրիլի 29-ին «Honda CB 600 F Hornet» մոդելի «AH 972» հաշվառման համարանիշի մոտոցիկլի մասնակցությամբ տեղի ունեցած ինքնավթարի արդյունքում առաջացած վնասը 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ կազմելու և այդ գումարի չափով վնասը Երևանի քաղաքապետարանի կողմից հատուցման ենթակա լինելու հանգամանքները:
Նշված փաստական հանգամանքների ապացուցման նկատմամբ կիրառվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի դրույթը, որով սահմանված է, որ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է անձը՝ նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96–րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ նույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման խնդրին, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին ոչ իրավաչափ ճանաչված լինի անձին վնաս հասցրած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որից հետո միայն անձը պարտավոր է նախ դիմել վնասը պատճառած վարչական մարմին, որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկել վերադասության կամ դատական կարգով (տե՛ս, թիվ ՎԴ/3280/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը):
Քննարկվող պահանջը ներկայացվել է Երևանի քաղաքապետարանին այն պատճառաբանությամբ, որ «Honda CB 600 F Hornet» մոդելի «AH 972» հաշվառման համարանիշի մոտոցիկլը վնասվել է պատահարի տարածքում գտնվող անհարթության (փոս) մեջ ընկնելու պատճառով, ինչում վարչական մարմնի մեղավորությունը դիտարկելը ենթադրում է վերջինիս կողմից ճանապարհի տվյալ հատվածի՝ սահմանված կարգին համապատասխանող վիճակը չապահովելու ձևով դրսևորված ենթադրյալ անգործության հարցի քննարկում, ինչի շրջանակներում առանցքային նշանակություն ունի այն հարցերի պարզումը, թե արդյո՞ք Երևանի քաղաքապետարանի կողմից դրսևորված է եղել քննարկվող պատահարին հանգեցրած ապօրինի անգործություն, թե՞ ոչ, արդյո՞ք այն օրենքով սահմանված կարգով ճանաչվել է ոչ իրավաչափ, թե՞ ոչ և արդյո՞ք ենթադրյալ վնասը հանդիսանում է վարչական մարմնի ոչ իրավաչափ գործողության կամ անգործության ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին, մասնավորապես` արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման (տե՛ս, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
Դատական պրակտիկայում հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծը բնորոշվում է որպես գործողություն կամ անգործություն, որը խախտում է օրենքի, այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նաև անձի սուբյեկտիվ իրավունքը: Գործողությունն անձի նպատակաուղղված, կամային արարքն է, իսկ անգործությունն արտահայտվում է անհրաժեշտ և պարտադիր վարքագիծ դրսևորելուց ձեռնպահ մնալով:
Ոչ օրինաչափ վարքագծի և վնասի միջև պատճառահետևանքային կապը ենթադրում է, որ վնասը պետք է հանդիսանա ոչ օրինաչափ վարքագծի ուղղակի, անմիջական հետևանք: Այն դեպքում, երբ վնասն անհրաժեշտաբար թելադրված չէ ոչ օրինաչափ գործողությամբ (անգործությամբ), կամ գործողության (անգործության) և վնասի միջև կապն անուղղակի է, վնասի հատուցման համար անհրաժեշտ պատճառահետևանքային կապի պայմանն առկա չէ:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշմամբ հաստատված կանոնների 65-րդ կետով սահմանված է, որ վարորդը տրանսպորտային միջոցը պետք է վարի սահմանված արագությունը չգերազանցող արագությամբ` հաշվի առնելով երթևեկության ինտենսիվությունն ու տրանսպորտային միջոցի և բեռի վիճակն ու առանձնահատկությունները, ճանապարհային և օդերևութաբանական պայմանները, մասնավորապես, ճանապարհային ծածկույթի վիճակն ու տեսանելիությունը երթևեկության ուղղությամբ: Նույն կանոնների 67-րդ կետով սահմանված է, որ երթևեկության համար խոչընդոտ կամ վտանգ առաջանալու դեպքում, որը վարորդն ի վիճակի էր հայտնաբերել, նա պետք է միջոցներ ձեռնարկի արագությունն իջեցնելու` ընդհուպ մինչև տրանսպորտային միջոցը կանգնեցնելը: Այդ դեպքում կողանցումն ու շրջանցումը թույլատրելի է, եթե վարորդը համոզված է, որ դա անվտանգ է երթևեկության մյուս մասնակիցների համար:
«Քաղաքաշինության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի «բ» կետի համաձայն՝ կառուցապատողները պարտավոր են մինչև շինարարություն սկսելը, ինչպես նաև շինարարության ընթացքում համաձայնության գալ կառուցապատման հետևանքով վնասներ կրող սուբյեկտների հետ` հասցվելիք վնասների փոխհատուցման վերաբերյալ:
2026 թվականի ապրիլի 29-ի թիվ Դ-43578-26 դիմումով ներկայացված՝ վնասի փոխհատուցման պահանջի հիմնավորման նպատակով Հենրիկ Քեռյանի կողմից չեն ներկայացվել 2026 թվականի ապրիլի 29-ին «Honda CB 600 F Hornet» մոդելի «AH 972» հաշվառման համարանիշի մոտոցիկլի մասնակցությամբ ինքնավթարի հանգամանքների հետազոտման, պատահարը կանխելու անհնարինության, մոտոցիկլի հետքաբանական, ավտոտեխնիկական, ապրանքագիտական փորձաքննությունների վերաբերյալ՝ ոլորտում համապատասխան որակավորում ունեցող փորձագետների կողմից կազմված եզրակացություններ, ինչպես նաև չի ներկայացվել (առկա չէ) օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով ոչ իրավաչափ է ճանաչվել Երևանի քաղաքապետարանի՝ նշված վթարի պատճառ հանդիսացած գործոններում դրսևորած ենթադրյալ անգործությունը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:
Որպես պահանջը հիմնավորող ապացույցներ՝ Հենրիկ Քեռյանի կողմից ներկայացվել են վնասված մոտոցիկլի առանձին հատվածները պատկերող լուսանկարներ, որոնք հնարավորություն չեն տալիս կատարել դրանցում պատկերված մոտոցիկլի և «Honda CB 600 F Hornet» մոդելի «AH 972» հաշվառման համարանիշի մոտոցիկլի նույնականացում: Ներկայացված լուսանկարները չեն հանդիսանում վնասի փոխհատուցման հարցի քննության շրջանակներում ապացուցման ենթակա փաստական հանգամանքները հիմնավորող ապացույցներ, հետևաբար, վարույթով ապացուցման ենթակա փաստերի հաստատման կամ հերքման իմաստով, ապացուցողական ուժ չունեն: Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ 2026 թվականի ապրիլի 29-ի թիվ Դ-43578-26 դիմումի հիման վրա իրականացված վարչարարությամբ չի ապացուցվել 2026 թվականի ապրիլի 29-ին «Honda CB 600 F Hornet» մոդելի «AH 972» հաշվառման համարանիշի մոտոցիկլի մասնակցությամբ ինքնավթարը Երևանի քաղաքապետարանի մեղքով տեղի ունենալու հանգամանքը, այն է՝ չի ներկայացվել պատահարի վայրում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում անհարթության (փոսի) գոյությամբ պայմանավորված Երևանի քաղաքապետարանի ենթադրյալ անգործողությունը կամ գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, չի հիմնավորվել պահանջված 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով վնասը Երևանի քաղաքապետարանի՝ ենթադրյալ ոչ իրավաչափ գործողության կամ անգործության ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը հանդիսանալու հանգամանքը, ինչպես նաև նկատի ունենալով, որ չեն ներկայացվել վնասված մոտոցիկլի հետքաբանական, ավտոտեխնիկական, ապրանքագիտական, պատահարի հանգամանքների, պատահարը կանխելու անհնարինության վերաբերյալ փորձագիտական եզրակացություններ, ուստի հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, 1063-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշմամբ հաստատված կանոնների 65-րդ և 67-րդ կետերի դրույթները և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ, 42-րդ, 43-րդ և 96-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇԵՑԻ
1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված Հենրիկ Քեռյանի 2026 թվականի ապրիլի 29-ի թիվ Դ-43578-26 դիմումով ներկայացված՝ վնասի փոխհատուցման պահանջը մերժել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|