ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՌՈԲԵՐՏ ՊԱՊՈՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-36-Ո-Կ-20
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.05.25-2026.06.07 Պաշտոնական հրապարակման օրը 02.06.2026
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
25.05.2026
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2026

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 

ԲԴԽ-36-Ո-Կ-20

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՌՈԲԵՐՏ ՊԱՊՈՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ՝

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

 

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ

Ա. Աթաբեկյանի


մասնակցությամբ՝

անդամներ

Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ

Ա․ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Կ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

Ե. ԹՈՒՄԱՆՅԱՆՑԻ

Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ
Ա. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ
Ա. Հարությունյանի

Էդ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
Ք. ՄԿՈՅԱՆԻ

Արդարադատության նախարարի տեղակալ

Օ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ

Արդարադատության նախարարի ներկայացուցիչ

Ն. ԶԵՅՆԱԼՅԱՆԻ

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր

 

Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի ներկայացուցիչ

 

Ռ. ՊԱՊՈՅԱՆԻ

 

Գ ՄՈՒՂՆԵՑՅԱՆԻ

քարտուղարությամբ՝

Մ. ԹԵԼՈՅԱՆԻ

 

25 մայիսի 2026 թվական

 ք. Երևան

 

դռնբաց նիստում, քննարկելով Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի՝ «Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2026 թվականի ապրիլի 8-ի թիվ 33-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը.

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի նախապատմությունը

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Արդարադատության նախարարությունում 2026 թվականի հունվարի 29-ին ստացված Էդգար Ղազարյանի հաղորդումը՝ (այսուհետ՝ Հաղորդում) Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանի (այսուհետ նաև՝ Դատավոր կամ Դատարան) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի (այսուհետ նաև՝ Լիազոր մարմին կամ Նախարար) 2026 թվականի փետրվարի 18-ի թիվ 12-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։

Նախարարի 2026 թվականի ապրիլի 8-ի թիվ 33-Ա որոշմամբ միջնորդություն (այսուհետ նաև՝ Միջնորդություն) է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև՝ Խորհուրդ)՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Խորհրդի 20.04.2026 թվականի որոշմամբ նշանակվել է դատական նիստ:

Խորհրդի 11.05.2026 թվականի արձանագրային որոշմամբ վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի պաշտպանության նպատակով Դատավորի միջնորդությամբ գործի մի մասը քննվել է դռնփակ դատական նիստում։

11.05.2026 թվականին կայացած նիստում գործի քննությունն ավարտվել է և դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 25.05.2026 թվականին:

 

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը

Նախարարը, վկայակոչելով Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 8-րդ հոդվածի 1-ին մասը, 66-րդ հոդվածի 1-ին մասը, 67-րդ հոդվածի 1-ին մասը, 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, 71-րդ հոդվածի 1-ին մասը, 71-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, նույն հոդվածի 4-րդ մասը, նշել է, որ վերոնշյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ ինքնաբացարկի ինստիտուտը կոչված է երաշխավորելու դատական իշխանության գործունեության անկախությունը, արդարադատության արդյունավետությունը, տվյալ գործը քննող դատավորի անկողմնակալությունը՝ նպաստելով արդարադատության բնագավառում անձանց նկատմամբ օբյեկտիվ և անաչառ որոշումների կայացմանը։

Ինքնաբացարկի ինստիտուտին՝ որպես դատարանի անաչառության ապահովման իրավական կարևորագույն երաշխիքներից մեկի, Նախարարը հարկ է համարել անդրադառնալ անձի արդար դատաքննության իրավունքի ապահովման համատեքստում։ Մասնավորապես, անձի արդար դատաքննության իրավունքի բաղադրատարր է համարվում անկախ և անաչառ դատարանի կողմից գործի քննության իրականացումը։ Դատարանի անաչառությունը ենթադրում է կանխակալ վերաբերմունքի և/կամ կողմնակալության բացակայություն, ինչը հանրության ընկալումներում ձևավորում է դատարանի կողմից գործն արդարացի լուծելու և իրավաչափ դատական ակտ կայացնելու համոզմունք։ Միևնույն ժամանակ, Նախարարը նշել է, որ դատարանը պետք է գործի այնպես, որ հնարավորինս բացառի գործի քննությանը չմասնակցելուց և ինքնաբացարկ հայտնի միայն այն դեպքերում, երբ որոշ հանգամանքների բերումով անհնար է իր կողմից տվյալ գործի քննության իրականացումը կամ այն դեպքում, երբ որոշ օբյեկտիվ, հանրահայտ փաստերի, բարեկամական և ընկերական կապերի առկայությունը կարող են ողջամիտ կասկած հարուցել վերջինիս անաչառության մեջ՝ անկախ այն հանգամանքից, որ վերջինս կարող է տվյալ դեպքում լինել անաչառ։ Այսինքն՝ դատավորը պետք է ձգտի հնարավորինս նվազեցնել ինքնաբացարկի հիմքերը և ինքնաբացարկ հայտնի միայն խիստ ակնառու և բացահայտ դեպքերում, որպեսզի դատավորի կողմից նման որոշման կայացումը դատավարության մասնակիցների մոտ որևէ կերպ չընկալվի որպես արդարադատության իրականացումից հրաժարում։

Վերոգրյալից բացի, Նախարարը նշել է, որ Օրենսգրքի 71-րդ հոդվածի 4-րդ մասը դատավորին հնարավորություն է տալիս տվյալ գործով իր անաչառ լինելու մասին համոզմունք ունենալու դեպքում դիմել կողմերին՝ առաջարկելով իր բացակայությամբ քննարկելու ինքնաբացարկի անտեսման հարցը, և եթե կողմերը դատավորի բացակայությամբ որոշում են կայացնում դատավորի ինքնաբացարկն անտեսելու մասին, ապա այդ որոշումն արձանագրելուց հետո դատավորն իրականացնում է գործի քննությունը։ Այսինքն՝ կոնկրետ գործի քննության համար կարևոր նշանակություն ունի դատարանի անաչառության վերաբերյալ դատավարության մասնակիցների մոտ ձևավորված համոզմունքի առկայությունը, որպիսի պարագայում դատարանի կողմից իրականացված արդարադատությունը կարող է ընկալելի դառնալ դատավարության մասնակիցների համար։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) իր որոշումներում անդրադարձել է անկախ և անաչառ դատարանի կողմից անձի՝ իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունքի երաշխավորման իրավաչափության խնդիրներին՝ դրանք դիտարկելով որպես արդար դատաքննության իրավունքի անհրաժեշտ բաղադրատարրեր։

Եվրոպական դատարանն արձանագրել է, որ երբ քննարկվում է դատարանի «կողմնակալություն» եզրույթը, ապա ուսումնասիրման առարկա է լինում դատարանի անկախությունը vis-a-vis կոնկրետ գործով կողմերի հետ հարաբերություններում (Սանդերն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով 21.09.2010թ. վճռի 41-րդ կետ)։

Մեկ այլ գործի շրջանակներում Եվրոպական դատարանը նշել է, որ դատարանի անկողմնակալության հարցը քննարկելիս էական են այն փաստերը, որոնք հիմք են հանդիսանում անկողմնակալության մասին կասկածի առաջացման համար։ Երբ քննության առարկա է այն հարցը, թե կա արդյոք բավարար հիմք դատարանի անկողմնակալության մասին կասկածի համար, նման կասկածի մասին բարձրաձայնող կողմի դիրքորոշումը կարևոր է, բայց ոչ որոշիչ։ Որոշիչ է այն, թե արդյոք նման կասկածը կարող է դիտվել որպես օբյեկտիվորեն արդարացի, թե՝ ոչ (Գաուտրին ընդդեմ Ֆրանսիայի գործով 20.05.1998թ. վճռի 58-րդ կետ)։

Եվրոպական դատարանն իր որոշումներում նաև բացահայտել է դատարանի անկողմնակալության գնահատման չափանիշները։ Մասնավորապես, Եվրոպական դատարանն ընդգծել է, որ դատարանի անաչառությունը ենթադրում է գործը քննող դատավորի մոտ կանխակալ կարծիքի բացակայություն, իսկ ցանկացած դատավոր, որի անաչառության վերաբերյալ ողջամիտ կասկածներ կան, պետք է դուրս գա դատարանի կազմից։ Նշված կասկածները պետք է ստուգվեն տարբեր ճանապարհներով։

Առաջինը սուբյեկտիվ չափանիշն է, որը վերաբերում է քննվող գործի կապակցությամբ տվյալ դատավորի անձնական համոզմունքներին և վարքագծին, իսկ երկրորդը՝ օբյեկտիվ չափանիշը, վերաբերում է առաջարկվող այն երաշխիքներին, որոնք պետք է բավարար լինեն դատավորի անաչառության կապակցությամբ առաջացած ցանկացած ողջամիտ կասկած բացառելու համար։ Սուբյեկտիվ չափանիշի համաձայն՝ դատարանի կամ դատավորի անկողմնակալությունը հանդես է գալիս որպես կանխավարկած, հետևաբար, քանի դեռ հակառակն ապացուցված չէ, դատավորը համարվում է սուբյեկտիվորեն անկողմնակալ։

Հակառակ դրան՝ օբյեկտիվ անկողմնակալությունը կախված է արտաքին գործոններից, և այս դեպքում դատավորի վարքագիծը երկրորդական նշանակություն է ստանում։ Մասնավորեցնելով օբյեկտիվ չափանիշը՝ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ այն հիմնականում վերաբերում է դատավորի և վարույթի մյուս մասնակիցների միջև աստիճանակարգային կամ մյուս կապերին կամ դատական գործընթացի շրջանակներում միևնույն անձի կողմից տարբեր գործառույթների իրականացմանը։ Հետևաբար յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է որոշել՝ արդյոք տվյալ հարաբերությունների բնույթը և սերտության աստիճանը վկայում են այն մասին, որ դատարանն անկողմնակալ չէ (Պյերսակն ընդդեմ Բելգիայի գործով 01.10.1982թ. վճիռ (կետ 30), Գրիվսն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով 16.12.2003թ. վճիռ (կետ 69), Կիպրիանուն ընդդեմ Կիպրոսի գործով 15.12.2005թ. վճիռ (կետեր 118, 121), Նիկոլասն ընդդեմ Կիպրոսի գործով 09.01.2018թ. վճիռ (կետեր 49, 53), Ղուլյանն ընդդեմ Հայաստանի գործով 24.01.2019թ. վճիռ (կետ 45)):

Եվրոպական դատարանն անդրադարձել է նաև «անկողմնակալության» հարցին, մասնավորապես նշելով, որ այս պահանջի մասով գոյություն ունի երկու ասպեկտ։

Նախ, դատարանը պետք է սուբյեկտիվորեն ազատ լինի անձնական նախապաշարմունքից կամ կանխակալությունից։ Երկրորդ, այն պետք է նաև օբյեկտիվորեն անկողմնակալ լինի, այն է՝ պետք է ապահովի բավարար երաշխիքներ՝ բացառելու ցանկացած օրինաչափ կասկած այդ առումով։ Անկախության և օբյեկտիվ անկողմնակալության հասկացությունները սերտորեն կապված են, և դատարանը դրանք հաճախ միասին է դիտարկում (տես Ֆինդլեյն ընդդեմ Միացյալ Թագավորության [Findlay v. the United Kingdom] 25 փետրվարի 1997 թվական, § 73, Վճիռների և որոշումների վերաբերյալ զեկույցներ 1997-I, Բրուդնիկան և այլոք ընդդեմ Լեհաստանի [Brudnicka and Others v. Poland], գանգատ թիվ 54723/00, § 38, ՄԻԵԴ 2005-II)։»։

Դատավորի վարքագծի Բանգալորյան սկզբունքների 2.5-րդ կետի համաձայն՝ դատավորը պարտավոր Է ինքնաբացարկ հայտնել բոլոր այն դեպքերում, երբ նա չի կարող գործով անաչառ որոշում կայացնել կամ երբ անկողմնակալ դիտորդին թվում Է, թե նա ի վիճակի չէ տվյալ գործով անաչառ որոշում կայացնել։ Նույն սկզբունքների 4֊րդ կետի համաձայն՝ վարքագծի կանոնների պահպանումը և դրա դրսևորումը դատավորի ողջ գործունեության կարևորագույն մասն է։

Լիազոր մարմինն ուշադրության արժանի է համարել այն, որ Խորհուրդը 17.09.2024 թվականի թիվ ԲԴԽ-81-Ո-Կ-10 որոշմամբ մերժել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը, որի փաստական հիմքն է կազմել այն, որ տվյալ գործով դատավորը և պաշտպանն ուսանողական տարիների ընկերներ են եղել, միմյանց ճանաչել են վաղուց, գործը քննած դատավորը նախկինում բազմիցս մասնակցել է տվյալ գործով պաշտպանի՝ ծննդյան, ամուսնության առիթներով կազմակերպված միջոցառումներին, դատավորին է ուղարկել նվեր։ Այս կապակցությամբ Խորհուրդն արձանագրել է, որ դատավորի կողմից վարույթ ընդունված քրեական գործով դատավորը կանխակալ վերաբերմունք չի ունեցել որպես դատավարության կողմ հանդիսացող ամբաստանյալի պաշտպանի նկատմամբ, քանի որ դատավորի և պաշտպանի՝ ուսանողական տարիների ընկերներ լինելու, ինչպես նաև պաշտպանի կազմակերպած՝ 5-10 տարի վաղեմություն ունեցող ընտանեկան միջոցառումներին Դատավորի կողմից ուսանողական տարիների մյուս ընկերների հետ միասին մասնակցելու հանգամանքներն ինքնին չեն կարող վկայել պաշտպանի մասնակցությամբ գործերով դատավորի անաչառ չլինելու մասին։

Մեկ այլ՝ 03.10.2025 թվականի թիվ ԲԴԽ-52-Ո-Կ-11 որոշմամբ Խորհուրդը կրկին մերժել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը, որի փաստական հիմքն է կազմել այն, որ տվյալ գործով դատավորը չի բացահայտել դատավորի պաշտոնում նշանակվելուն նախորդող ժամանակահատվածում՝ շուրջ 10-11 տարի, իր վարույթում գտնված գործով պատասխանողի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնված լինելու հանգամանքը, միևնույն ժամանակ, գործով անաչառ լինելու վերաբերյալ համոզմունք ունենալու դեպքում, չի դիմել կողմերին՝ առաջարկելով իր բացակայությամբ քննարկելու ինքնաբացարկի անտեսման հարցը։ Այս կապակցությամբ Խորհուրդն արձանագրել է, որ թեև դատավորը տևական ժամանակ՝ 2009-09.06.2020թթ., համատեղությամբ զբաղեցրել է տվյալ գործով պատասխանողի մոտ իրավաբանի պաշտոնը, սակայն այդ փաստն ինքնին չի կարող Օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի 1-ին կետի իմաստով ինքնաբացարկի հիմք հանդիսանալ։

 Նախարարը նշել է, որ վերոնշյալ որոշումներով արտահայտված դիրքորոշումների համադրված վերլուծությունից հետևում է, որ Խորհրդի տեսանկյունից՝ դատավորի կողմից ինքնաբացարկ կարող է հայտնվել բացառիկ դեպքերում, և դատավորի և դատավարության մասնակիցների միջև առկա՝ միմյանց ծանոթ լինելու, միմյանց հետ որոշակի փոխհարաբերություններ ունենալու, նույնիսկ՝ ոչ միայն միմյանց հետ, այլև միմյանց կազմակերպած միջոցառումներին մասնակցելու փաստերն ինքնին չեն կարող վկայել դատավորի անաչառ չլինելու կամ անկողմնակալ դիտորդի մոտ նման տպավորություն ստեղծելու մասին։ Մեկ այլ դեպքում՝ նույնիսկ տվյալ գործատուի մոտ դատավորի աշխատած լինելու հանգամանքը չի կարող անվերապահորեն հանգեցնել դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելուն, թեև նման փաստակազմի առկայությունն ի համեմատ մյուս դեպքերի՝ ավելի շատ կարող է անկողմնակալ դիտորդի մոտ ստեղծել տպավորություն դատավորի անաչառ չլինելու մասին։

Քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՔԴՕ) 391-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հատուկ վերանայման բողոքը, համապատասխան թերությունները մատնանշելով և երեքից վեց օր ժամկետ տրամադրելով, վերադարձվում է, եթե այն չի համապատասխանում սույն օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված պահանջներին։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հատուկ վերանայման բողոքը թողնվում է առանց քննության, եթե՝ (...)

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ 1-ին և 2-րդ մասերում նշված հիմքերի բացակայության դեպքում բողոքն ընդունվում է վարույթ՝ որոշման մեջ նշելով այն գրավոր, իսկ սույն օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ բանավոր ընթացակարգով իրականացնելու մասին։ Բանավոր ընթացակարգով վարույթ իրականացնելու դեպքում որոշման մեջ նշվում են դատական նիստն անցկացնելու վայրը, տարին, ամիսը, օրը և ժամը։

ՔԴՕ 264-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ դատարանը սեփական նախաձեռնությամբ իրավասու է սույն հոդվածի 3-րդ մասում նշված վարույթներն իրականացնելու բանավոր ընթացակարգով կամ գրավոր ընթացակարգով իրականացվող վարույթն իր որոշմամբ փոխակերպելու բանավոր ընթացակարգով վարույթի, որի մասին սույն օրենսգրքով սահմանված կարգով ծանուցում է վարույթի վերաբերելի մասնակիցներին։

Նախարարը նշել է, որ վերոնշյալ նորմերի համադրությունից հետևում է, որ ՔԴՕ 391-րդ հոդվածով օրենսդիրը սահմանել է հատուկ վերանայման բողոքների նախնական ստուգման և վարույթ ընդունելու հստակ ընթացակարգ՝ նախատեսելով, որ բողոքը կարող է վերադարձվել կամ առանց քննության թողնվել միայն օրենքով սպառիչ թվարկված հիմքերի առկայության դեպքում, իսկ դրանց բացակայության պարագայում դատարանը պարտավոր է այն ընդունել վարույթ և իրականացնել գործի քննությունը։ Միաժամանակ, Նախարարը նշել է, որ ՔԴՕ 391-րդ հոդվածի 3-րդ մասի և 264-րդ հոդվածի 5-րդ մասի համադրությունից ակնհայտ է, որ օրենսդիրը նախատեսել է գործի քննության ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր ընթացակարգեր՝ գրավոր ընթացակարգով գործի քննության ընթացքում դատարանին չկաշկանդելով անհրաժեշտության դեպքում անցնել գործի քննության բանավոր ընթացակարգի։

Նախարարը նշել է, որ տվյալ դեպքում թիվ ԵԴ1/0469/11/25 և թիվ ԵԴ1/0570/11/25 դատական գործերով Դատավորը համապատասխանաբար 17.11.2025 թվականին և 22.01.2026 թվականին կայացրել է «Ինքնաբացարկ հայտնելու մասին» որոշումներ, և որպես իրավական հիմքեր է նշել ՔԴՕ 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, Օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը։ Քննարկվող որոշումներում, մասնավորապես, նշված է հետևյալը՝ «Նկատի ունենալով, որ դիմող Էդգար Ղազարյանի հետ գտնվում ենք մտերիմ փոխհարաբերությունների մեջ (վերջինիս հետ սովորել ենք նույն դպրոցում, ավելին՝ քրոջս հետ հանդիսացել են համադասարանցիներ), որպիսի հանգամանքն անկողմնակալ դիտորդի մոտ կարող է կասկած հարուցել սույն գործով իմ անաչառության վերաբերյալ, ուստի ելնելով արդարադատության շահից՝ առավել նպատակահարմար ու իրավաչափ եմ համարում սույն դատական գործով հայտնել ինքնաբացարկ։»։ Հիշյալ որոշումների բովանդակությունից և դրանցում նշված իրավական հիմքերից հետևում է, որ Դատավորն ինքնաբացարկ է հայտնել և տվյալ փաստի վերաբերյալ անկողմնակալ դիտորդի մոտ իր անաչառության մասով կասկած չառաջացնելու և իր կողմից դիմողի նկատմամբ կանխակալ վերաբերմունք ունենալու հանգամանքով պայմանավորված։

Հատկանշական է, որ Հաղորդում ներկայացրած անձը Հաղորդմամբ նշել է, որ ինքը Դատավորի հետ մտերիմ հարաբերությունների մեջ չի գտնվում և երբևէ չի գտնվել։ Վերջինիս նաև նշել է, որ նույն դպրոցի տարբեր դասարաններում իր հետ, և նույն դասարանում՝ իր քրոջ հետ մի քանի տարվա համատեղ ուսումնառությունը հիմք չի հանդիսացել և չի կարող հանդիսանալ մտերիմ հարաբերությունների հաստատման համար, առավել ևս, որ դա վերջին անգամ տեղի է ունեցել 33 տարի առաջ։ Ավելին, Հաղորդում ներկայացրած անձը նշել է, որ ուսումնառության ավարտից հետո ողջ ժամանակահատվածում մինչ օրս ինչպես Դատավորի, այնպես էլ նրա քրոջ հետ Հաղորդում ներկայացրած անձը չի ունեցել որևէ բարեկամական, սոցիալական, ընկերական, ընտանեկան մտերմություն և հարաբերություններ։ Այսինքն՝ Հաղորդում ներկայացրած անձի կողմից լիարժեքորեն ժխտվել է Դատավորի հետ ներկայումս որևիցե տեսակի կապ ունենալու, այդ թվում՝ ընկերական հարաբերություններ ունենալու հանգամանքի առկայությունը՝ վերջին 33 տարվա ընթացքում։

Ինչպես արդեն նշվել է, Դատավորի կողմից տրամադրված Բացատրությամբ նշված և կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող փաստերի շուրջ նշված հանգամանքների վերաբերյալ դիրքորոշում հայտնելու կապակցությամբ Հաղորդում ներկայացրած անձ Էդգար Ղազարյանի կողմից 17.03.2026 թվականին Արդարադատության նախարարությունում ստացվել է դիրքորոշում, որում, մասնավորապես, նշվել է հետևյալը (հակիրճ).

08.08.2025 թվականի հարսանյաց արարողությանը Հաղորդում ներկայացրած անձը Դատավորին չի հանդիպել, նրա հետ որևէ շփում կամ հաղորդակցություն չի ունեցել, որևէ խոսք չի փոխանակել, տեղեկացված չէ վերջինիս մասնակցության կարգավիճակի և հրավերի աղբյուրի վերաբերյալ, ինչպես նաև ընդգծել է, որ բազմամարդ միջոցառմանը մասնակցելը չի կարող վկայել ընտանեկան կամ ընկերական հարաբերությունների առկայության մասին, առավել ևս, երբ ինքը որևէ դերակատարում չի ունեցել Դատավորին հրավիրելու հարցում։

Դատավորի՝ իր հոր՝ Ֆերդինանդ Ղազարյանի 80-ամյակին մասնակցության վերաբերյալ ներկայացված դիրքորոշմամբ նշվել է, որ միջոցառումը տեղի է ունեցել 16.12.2018 թվականին, կրել է հանրային, ոչ թե ընտանեկան բնույթ, և Դատավորի մասնակցությունը չի կրել անձնավորված բնույթ։ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղ Դատավորի հնարավոր այցելությունների վերաբերյալ ներկայացված դիրքորոշմամբ նշվել է, որ նման այցելությունները, եթե տեղի են ունեցել, պայմանավորված են եղել բացառապես պաշտոնական հարաբերություններով՝ Հաղորդում ներկայացրած անձի կողմից 2008-2011 թվականներին տնօրենի պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում, երբ որպես մարզում գործող միակ պետական բուհ կազմակերպվել են ոչ միայն կրթական և գիտական, այլև հանրային միջոցառումներ, որոնց հրավիրվել են տարբեր պետական մարմինների ներկայացուցիչներ։

Վայոց ձորի մարզպետ նշանակվելու կապակցությամբ Դատավորի կողմից կազմակերպված ճաշկերույթին մասնակցության վերաբերյալ ներկայացված դիրքորոշմամբ նշվել է, որ նման հատուկ ճաշկերույթի վերաբերյալ որևէ հիշողություն չունի, սակայն չի բացառել, որ պաշտոնավարման ընթացքում ունեցել է աշխատանքային ճաշի ձևաչափով բազմաթիվ հանդիպումներ տարբեր պաշտոնատար անձանց հետ, և հաշվի առնելով, որ տվյալ ժամանակահատվածում Դատավորը զբաղեցրել է մարզի դատախազի տեղակալի պաշտոնը, հնարավոր են եղել հազվադեպ և ոչ պարբերական շփումներ՝ պայմանավորված բացառապես պաշտոնական կարգավիճակով, միաժամանակ ընդգծվել է, որ հետագա ժամանակահատվածում Դատավորը ոչ միայն չի նախաձեռնել որևէ ճաշկերույթ, այլև անգամ շնորհավորական խոսքեր չի հղել։

Սոցիալական ցանցերով հաղորդակցությունների վերաբերյալ ներկայացված դիրքորոշմամբ նշվել է, որ շփումները սահմանափակվել են միայն Facebook հարթակով, որտեղ առկա է եղել կապ, իսկ վերջին հաղորդակցությունը գրանցվել է 15.04.2021 թվականին՝ ծննդյան օրվա առթիվ շնորհավորանքի և դրա կարճ պատասխան արձագանքի ձևով։ Մինչ այդ հաղորդագրությունները կրել են բացառապես տոնական բնույթ՝ կապված Ամանորի, Սուրբ Ծննդյան, Սուրբ Հարության և ծննդյան օրերի շնորհավորանքների հետ, ընդ որում՝ նույնաբովանդակ շնորհավորական բացիկները ուղարկվել են նաև բազմաթիվ այլ օգտատերերի, ուստի դրանք չեն կարող վկայել որևէ առանձնահատուկ վերաբերմունքի կամ սերտ հարաբերությունների առկայության մասին։

Հաղորդում ներկայացրած անձը, ի թիվս այլնի, նշել է, որ դատավոր Ռ. Պապոյանի կողմից ինքնաբացարկ հայտնելուց հետո՝ 24.01.2026 թվականին, թիվ ԵԴ1/0586/11/25 վարույթով ներկայացրել է բացարկի մասին միջնորդություն Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանին։

Միջնորդությունը հիմնավորվել է այն հանգամանքով, որ Հաղորդում ներկայացրած անձը և դատավոր Լուսինե Ալավերդյանը հայրենակիցներ են՝ երկուսն էլ ծնվել են ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում, ունեն ընդհանուր բարեկամներ և ծանոթներ։ Բացի այդ, նշվել է, որ ինքը 2012-2014 թվականներին զբաղեցրել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնը, իսկ դատավոր Լուսինե Ալավերդյանը 2013-2020 թվականներին աշխատել է Սահմանադրական դատարանի աշխատակազմում, այդ թվում՝ այն ժամանակահատվածում, երբ ինքը՝ 2019-2020 թվականներին, հանդիսացել է աշխատակազմի ղեկավար, ինչի արդյունքում վերջինս գտնվել է իր անմիջական ենթակայության ներքո։

Հաղորդում ներկայացրած անձը նշել է նաև, որ դատավոր Լուսինե Ալավերդյանը թիվ ԵԴ1/0586/11/25 վարույթով 02.02.2026 թվականին կայացված որոշմամբ մերժել է բացարկի մասին միջնորդությունը՝ վկայակոչված հանգամանքները գնահատելով որպես անհիմն։

Ամբողջացնելով Հաղորդում ներկայացրած անձի կողմից Լիազոր մարմնին ներկայացված՝ Դատավորի և Հաղորդում ներկայացրած անձի միջև առկա փոխհարաբերությունների շրջանակը՝ կարելի է նշել, որ.

1. Դատավորը և Հաղորդում ներկայացրած անձը թեև միմյանց ճանաչում են մոտ 33 տարի, սակայն վերջին ժամանակներում՝ առնվազն 5 և ավել տարի վերջիններիս միջև առկա չեն եղել շփումներ,

2. Դատավորը և Հաղորդում ներկայացրած անձը թեև վաղ անցյալում միասին մասնակցել են որոշ միջոցառումների, այդուհանդերձ նրանց միջև միջոցառումների ընթացքում չեն եղել շփումներ,

3. թեև Դատավորը մասնակցել է Հաղորդում ներկայացրած անձի հոր 80 ամյակի միջոցառմանը, այդուհանդերձ այն կրել է հանրային, այլ ոչ թե ընտանեկան բնույթ,

4. Դատավորի և Հաղորդում ներկայացրած անձի միջև նախկինում տեղի ունեցած հանդիպումները բխել են վերջիններիս պաշտոնեական գործունեությունից և չեն կրել մտերիմ-ընկերական բնույթ,

5. Դատավորի և Հաղորդում ներկայացրած անձի միջև էլեկտրոնային հարթակներում հաղորդակցությունը սահմանափակվել է միայն սոցիալական կայքում ընկերներ հանդիսանալով, ստանդարտ բնույթի շնորհավորանք ուղարկելով և շնորհակալական բնույթի համառոտ արձագանք ստանալով, ընդ որում՝ վերջին գրառումը, որն առկա է messenger համակարգում՝ 2021 թվականի ապրիլի 15-ի գրառումներ են եղել։

Նշվածի համատեքստում կարևոր փաստ է հանդիսանում այն, որ Հաղորդում ներկայացրած անձը, Հաղորդում ներկայացնելով Լիազոր մարմնին, ակնկալել է Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցում, ինչը, բնականաբար, դրական ելքի արդյունքում բացասական հետևանքներ էր առաջացնելու հենց Դատավորի նկատմամբ։ Այսինքն՝ անհերքելի փաստ է, որ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձինք չեն կարող պարզապես ցանկություն ունենալ միմյանց նկատմամբ առաջացնել բացասական հետևանքներ, առավել ևս, եթե այն չի բխում տվյալ անձի պաշտոնեական պարտականությունների կատարումից կամ տվյալ անձը հարկադրված չէ օրենքով կատարելու այն։

Արդյունքում, ի հակառակ Հաղորդում ներկայացրած անձի կողմից ներկայացված տեղեկությունների և հերքումների՝ ստացվում է, որ Դատավորն ինքնաբացարկ հայտնելու որոշումների կայացման հիմքում դրել է՝ 1. հաղորդում ներկայացրած անձի հետ ընկերական հարաբերություններ ունենալու, 2. նրա հետ միևնույն դպրոցում սովորած լինելու, 3. Դատավորի քրոջ՝ Հաղորդում ներկայացրած անձի հետ համադասարանցիներ հանդիսանալու հանգամանքները՝ հայտնելով ինքնաբացարկներ։ Այսինքն՝ Դատավորը, հաշվի առնելով նշված հանգամանքները, գտել է, որ դրանց առկայությունը կարող են երրորդ անձանց մոտ կասկած առաջացնել վերջինիս կողմից արդարադատություն իրականացնելիս անաչառ գործելու կասկածի տեսանկյունից և բացի այդ, Դատավորը կանխակալ վերաբերմունք ունի դատավարության կողմի նկատմամբ։

Միջնորդությամբ Լիազոր մարմինը փաստել է, որ Դատավորը չէր կարող կանխակալ վերաբերմունք ունենալ Հաղորդում ներկայացրած անձի նկատմամբ, քանի որ նշված հանգամանքներով պայմանավորված՝ հերքվում է վերջիններիս միջև մտերիմ հարաբերությունների առկայությունը։ Լիազոր մարմինը նման եզրահանգման է եկել Հաղորդում ներկայացրած անձի և Դատավորի կողմից ներկայացրած փաստերի և փաստարկների համադրմամբ և կարգապահական վարույթի ընթացքում ձեռքբերած՝ դրանք հիմնավորող կամ հերքող ապացույցներով։ Այսպիսով, նշված պատճառաբանություններով հերքվում է Դատավորի կողմից Գործերով ինքնաբացարկ հայտնելու՝ սուբյեկտիվ չափանիշով հիմքի առկայությունը։

Հատկանշական է, որ ստացված նյութերի և տեղեկությունների ուսումնասիրությունից երևում է, որ նույն դատարանի մեկ այլ դատավորի կողմից մերժվել է Հաղորդում ներկայացրած անձի կողմից դատավորին ներկայացված բացարկի միջնորդությունը, որի հիմքում ընկած է եղել նույնանման փաստական հանգամանքներ, մասնավորապես, միևնույն մարզում ծնված լինելու, ընդհանուր բարեկամներ և ծանոթներ ունենալու, և նույնիսկ ավելին՝ միմյանց նկատմամբ վերադաս-ենթակայական հարաբերությունների մեջ գտնված լինելու մասին հանգամանքները։

Անդրադառնալով Դատավորի կողմից օբյեկտիվ չափանիշի հիմքով ինքնաբացարկ հայտնելուն, այսինքն՝ անկողմնակալ դիտորդի մոտ դատավորի անաչառության շուրջ ողջամիտ կասկած հարուցելուն՝ հարկ է նշել, որ վերը նշված պատճառաբանություններով սուբյեկտիվ չափանիշով ինքնաբացարկ հայտնելու հիմքերի բացակայության դեպքում Դատավորը չի օգտվել Օրենսգրքի 71-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ ինքնաբացարկի անտեսման հնարավորությունից, որպիսի պայմաններում Դատավորը զրկված չէր գործերի քննությունն իրականացնել բանավոր ընթացակարգով և օգտագործել օրենսդրությամբ նախատեսված համապատասխան գործիքակազմը։ Բացի այդ, հատկանշական է, որ տվյալ գործերի քննությունը՝ պայմանավորված դրանց առանձնահատկությամբ, չի իրականացվում հրապարակային կարգով՝ կայացվող դատական ակտը չի տեղադրվում «Datalex» դատական տեղեկատվական կայքում, այսինքն՝ իրականացվում է երրորդ անձանց համար ոչ հրապարակային եղանակով և հետևաբար չէր կարող որևէ անձ, բացառությամբ դատավարության մասնակիցներից, տեղեկանալ դրանց ընթացքի մասին և դիցուք, նման մտերիմ հարաբերությունների պայմաններում անկողմնակալ դիտորդի մոտ կասկած առաջանար Դատավորի անաչառության վերաբերյալ։

Արդյունքում, Լիազոր մարմնի գնահատմամբ, Դատավորը, հիմնվելով սուբյեկտիվ դատողությունների վրա, հրաժարվել է իր իրավասությանը վերապահված հարցի քննությունից, ինչն անկողմնակալ դիտորդի տեսանկյունից կարող է ընկալվել հակառակը՝ Դատավորի կողմից որպես արդարադատության իրականացումից խուսափում, հրաժարում, քանի որ Դատավորը հրաժարվել է իր իրավասությանը վերապահված հարցի քննությունից՝ հիմնվելով այնպիսի պատճառաբանությունների վրա, որոնք չեն բխում գործող իրավակարգավորումներից։ Այսինքն՝ Գործերով Դատավորի կողմից թույլ են տրվել Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 71-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասի 1-ին կետով և 4-րդ մասով սահմանված դատավորի վարքագծի կանոնների խախտումներ։

Անդրադառնալով մեղքի ձևին՝ Լիազոր մարմինն անհրաժեշտ է համարել նշել հետևյալը.

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝ դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, բացառությամբ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ։

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել։

Գործի փաստական հանգամանքների ուսումնասիրության և կատարված իրավական վերլուծության համադրման արդյունքում Նախարարը գտել է, որ Դատավորի կողմից դատավորի վարքագծի կանոնների խախտումները կատարվել են մեղավորությամբ, որոնք դրսևորվել են կոպիտ անփութությամբ։ Հաշվի է առնվել նաև հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորի կողմից իրեն վերագրվող խախտման հանգամանքների և պատճառների, խախտման իրավական գնահատականի վերաբերյալ Բացատրությամբ ներկայացված փաստարկները, ինչպես նաև վարույթ հարուցած մարմնի կողմից խախտումները դիտավորությամբ կատարելու մասով ապացուցված չլինելու հանգամանքը։ Այսպիսով՝ կարելի է եզրակացնել, որ Դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը՝ վերագրվող դատավորի վարքագծի կանոնների խախտումների առնչությամբ, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել։

Անդրադառնալով Բացատրությանը՝ Լիազոր մարմինը հարկ է համարել նշել հետևյալը.

Բացատրությամբ Դատավորը ներկայացրել է որոշ իրադարձություններից և միջոցառումներից օրինակներ, որոնց մասնակից է եղել Հաղորդում ներկայացրած անձը, կամ միջոցառում, որին մասնակցել է Դատավորը և կազմակերպված է եղել Հաղորդում ներկայացրած անձի հոր ծննդյան կապակցությամբ։ Ինչպես արդեն նշվել է, Դատավորը, նշված փաստերը մեջբերելով, պատճառաբանել է, որ Հաղորդում ներկայացրած անձի հետ գտնվում է մտերիմ փոխհարաբերությունների մեջ, սակայն ըստ Հաղորդում ներկայացրած անձի՝ տվյալ միջոցառումներին, հանդիպումներին նրանք երկուսն էլ ունեցել են մասնակցություն, այդուհանդերձ՝ նրանց միջև չի եղել որևէ փոխադարձ կապ, իսկ Հաղորդում ներկայացրած անձի հոր ծննդյան կապակցությամբ տեղի ունեցած միջոցառումը՝ համապատասխան հանգամանքներով պայմանավորված, կրել է հանրային բնույթ։ Այսինքն՝ ստացվում է, որ թեև Դատավորը Հաղորդում ներկայացրած անձին համարում է մտերիմ անձ և դրանով պայմանավորված՝ հայտնել է ինքնաբացարկ, սակայն իրականում, փաստացի Լիազոր մարմնին տրամադրված տեղեկություններից երևում է, որ այն չի համապատասխանում իրականությանը։ Մասնավորապես, Հաղորդում ներկայացրած անձը ժխտել է նման կապի առկայությունը, իսկ Դատավորը պնդել է մտերմության առկայության փաստը, սակայն չի ներկայացրել որևէ ապացույց այն մասին, որ առկա է եղել մտերմություն և առնվազն այն վերջին տարիներին կրել է շարունակական բնույթ։ Ավելին, ինչպես արդեն նշվել է, նման հարաբերությունների առկայության պայմաններում պարզապես կբացառվեր Հաղորդում ներկայացրած անձի կողմից Դատավորի վերաբերյալ հաղորդման ներկայացումը, որը կարող էր միայն բացասական կերպով ազդեցություն ունենալ Դատավորի համար։ Ինչ վերաբերում է Հաղորդում ներկայացրած անձի կողմից Դատավորին տարբեր միջոցառումներին հրավիրելուն, ապա նրանց երկուսի կողմից հայտնած տեղեկություններից երևում է, որ որոշ ժամանակահատվածում վերջիններիս աշխատանքը կապված է եղել Վայոց ձորի մարզի հետ և այդ միջոցառումների մասնակցության մեծ մասը պայմանավորված է եղել նրանց պաշտոնավարման հետ և տեղի են ունեցել բավականին երկար տարիներ առաջ։ Ինչ վերաբերում է Դատավորի քրոջ և Հաղորդում ներկայացրած անձի՝ համադասարանցիներ հանդիսանալու և նույնիսկ վերջիններիս միջև մտերմության առկայությանը, ապա այն չի կարող որևէ կերպ հիմք հանդիսանալ Դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու տեսանկյունից, քանի որ ինքնաբացարկ հայտնելու համար առավելապես կարող է հիմք ծառայել կոնկրետ Դատավորի հետ անձնական մտերմությունը, իսկ տվյալ պարագայում վարույթի ընթացքում չի ստացվել նաև այնպիսի տվյալ, հիմնավոր ապացույց այն մասին, որ Հաղորդում ներկայացրած անձը և Դատավորի քույրը գտնվում են սերտ ընկերական հարաբերությունների մեջ։ Ավելին, նույնիսկ այն դեպքում, երբ Հաղորդում ներկայացրած անձը և դիցուք, Դատավորը հանդիսանային մտերիմ համադասարանցիներ, այդ փաստն ինքնին չէր կարող հիմք հանդիսանալ Դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու տեսանկյունից։

Ինչ վերաբերում է այն ենթադրյալ հանգամանքին, որ Դատավորը Հաղորդում ներկայացրած անձին՝ Վայոց ձորի մարզպետ նշանակվելու կապակցությամբ հրավիրել է ճաշկերույթի, և վերջինս սիրով ընդունել է հրավերը, մասնակցել դրան, ապա դրա վերաբերյալ հայտնել է միայն Դատավորը՝ առանց որևէ հիմնավորման կամ ապացույցի, որը, սակայն, ժխտվել է Հաղորդում ներկայացրած անձի կողմից, որպիսի պայմաններում վկայակոչված փաստը համարվում է չապացուցված։

Անդրադառնալով այն հանգամանքին, որ ըստ Դատավորի՝ էլեկտրոնային հավելվածներում իրենց ընդհանուր էջերում պահպանվել են նաև Հաղորդում ներկայացրած անձի հետ ունեցած հաղորդագրությունները, մասնավորապես՝ փոխադարձ շնորհավորանքներ ծննդյան տարեդարձի, այլ առիթների և տոների կապակցությամբ, ինչպես նաև այլ թեմաներով գրագրություններ, ապա հարկ է նշել, որ Դատավորը դրանց կապակցությամբ և առհասարակ՝ Բացատրությանը կից, որպես իրենց «մտերմությունը» հիմնավորող ապացույց ներկայացրել է ընդամենը երկու հաղորդագրություն, որոնց ուսումնասիրությունից երևում է, որ դրանք պարզապես ձևանմուշային բնույթի են և կարող են նույն կերպ ուղարկվել տարբեր անձանց՝ առանց բովանդակության փոփոխության։

Այսպիսով, վերոգրյալից հետևում է, որ Դատավորի և Հաղորդում ներկայացրած անձի միջև առկա չեն մտերմիկ հարաբերություններ կամ առնվազն վերջին մի քանի տարվա ընթացքում չի կարող առհասարակ խոսք գնալ դրանց շարունակականության մասին։ Հետևաբար՝ նշված հիմնավորումներով բացակայել է սուբյեկտիվ չափանիշի հիմքով Դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու պարտականությունը կամ անհրաժեշտությունը։

Ինչպես արդեն նշվել է, կարևոր է փաստել այն հանգամանքը, որ Հաղորդում ներկայացրած անձի կողմից մեկ այլ գործով բացարկ է հայտնվել նույն դատարանի մեկ այլ դատավորի, այն հիմքով, որ վերջինիս հետ ունեն ընդհանուր բարեկամներ և ծանոթներ, ավելին՝ աշխատել են միմյանց հետ վերադաս-ենթակայական հարաբերություններում, սակայն դատավորը մերժել է Հաղորդում ներկայացրած անձի միջնորդությունը։ Այս համատեքստում կարելի է ենթադրել, որ ինչպես նշում է Դատավորը, հնարավոր է իր պարագայում Հաղորդում ներկայացրած անձն ունեցել է աջակցության ակնկալիք, չի կարող որևէ կերպ համարվել իրական, քանի որ նմանաբնույթ ենթադրյալ ակնկալիք կարող էր ձևավորվել նաև մյուս դատավորի նկատմամբ, սակայն այդ պարագայում Հաղորդում ներկայացրած անձը նրա մասով նույնպես չէր հայտնի բացարկ։ Անդրադառնալով ինքնաբացարկի անտեսման ինստիտուտին՝ Դատավորը նշել է, որ դա նախատեսված է այն դեպքերի համար, երբ առկա է բացարկի օբյեկտիվ հիմք, սակայն կողմերը, գիտակցելով այդ հիմքի առկայությունը, միաժամանակ վստահում են դատավորի անաչառությանը և ցանկանում, որ նա շարունակի գործի քննությունը։ Սույն դեպքում Դատավորը նշել է, որ իր կողմից ինքնաբացարկ հայտնելու հիմքում դրված հանգամանքներն եղել են այնպիսին, որ իր գնահատմամբ, եթե անգամ կողմերը հրաժարվեին իրենց՝ բացարկ հայտնելու իրավունքից, միևնույն է ինքը կաշկանդված էր։ Այս կապակցությամբ հարկ է նշել, որ Դատավորի կողմից թիվ ԵԴ1/0469/11/25 և թիվ ԵԴ1/0570/11/25 դատական գործերով համապատասխանաբար 17.11.2025 թվականին և 22.01.2026 թվականին կայացված որոշումների ուսումնասիրությունից ուղղակիորեն երևում է, որ դրանցում Օրենսգրքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետից բացի, որը վերաբերում է սուբյեկտիվ չափանիշին, հղում է կատարված նաև Օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասին և ՔԴՕ 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, որոնք վերաբերում են բացառապես ինքնաբացարկ հայտնելու օբյեկտիվ չափանիշին։ Այսինքն՝ ստացվում է, որ Դատավորը կայացրած որոշումներով հաշվի է առել ինքնաբացարկ հայտնելու ինչպես սուբյեկտիվ, այնպես էլ օբյեկտիվ չափանիշը, իսկ սուբյեկտիվ չափանիշի մասով արդեն իսկ ներկայացված փաստերը հերքված լինելու պայմաններում Դատարանը կարող էր քննարկման առարկա դարձնել միայն օբյեկտիվ չափանիշի հիմքով ինքնաբացարկ հայտնելու հնարավորությունը, որպիսի պայմաններում պարտավոր էր արդեն քննարկման դարձնել Օրենսգրքի 71-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ ինքնաբացարկի անտեսման հարցը։ Ուստի նման պայմաններում Դատավորի կողմից կատարված գործողությունները կարող են համարվել միայն որպես արդարադատության իրականացումից խուսափում, հրաժարում։

Այսպիսով, Լիազոր մարմնի գնահատմամբ վերոնշյալը վկայում է, որ Դատավորի կողմից Բացատրությամբ ներկայացված փաստարկները հիմնավոր չեն։

Այդուհանդերձ, 11.05.2026 թվականին տեղի ունեցած նիստի ընթացքում Նախարարի ներկայացուցիչը, վկայակոչելով Օրենսգրքի 151-րդ հոդվածի 2-րդ մասը, հայտարարել է, որ նույն օրվա նիստի ընթացքում ստացված ապացույցներում ներառված տեղեկությունները Լիազոր մարմինը գնահատում է որպես Դատավորի պատասխանատվությունը բացառող հանգամանքներ: Մասնավորապես՝ նշել է հետևյալը «Միջնորդություն ներկայացնելու ժամանակ ներկայացված փաստակազմը, թե ինչն է մեր միջնորդության հիմքում դրված, մասնավորապես այն էր, որ դատավորը կայացրել է ինքնաբացարկ հայտնելու մասին որոշում՝ պատճառաբանելով, որ հաղորդում տված անձի հետ գտնվում են մտերիմ փոխհարաբերության մեջ, նրա հետ սովորել են նույն դպրոցում, ավելին՝ նրա քրոջ հետ հանդիսացել են համադասարանցիներ, որպիսի հանգամանքն անկողմնակալ դիտորդի մոտ կարող է կասկած հարուցել գործով դատավորի անաչառության վերաբերյալ։ Հարգելի խորհուրդ (...) մեր միջնորդության փաստակազմը հանգում է հետևյալ 5 կետերին

1. Դատավորը և Հաղորդում ներկայացրած անձը թեև միմյանց ճանաչում են մոտ 33 տարի, սակայն վերջին ժամանակներում առնվազն 5 և ավելի տարիներ վերջինների միջև առկա չեն եղել շփումներ,

2. Դատավորը և Հաղորդում ներկայացրած անձը թեև վաղ անցյալում մասնակցել են որոշ միջոցառումների, այդուհանդերձ նրանց միջև միջոցառման ընթացքում չեն եղել շփումներ,

3. թեև Դատավորը մասնակցել է հաղորդում ներկայացրած անձի հոր 80 ամյակի միջոցառմանը, այդուհանդերձ այն կրել է հանրային, այլ ոչ թե ընտանեկան բնույթ,

4. Դատավորը և Հաղորդում ներկայացրած անձի միջև նախկինում տեղի ունեցած հանդիպումները բխել են վերջիններիս պաշտոնեական գործունեությունից և չեն կրել մտերմիկ ընկերական բնույթ,

5. Դատավորը և Հաղորդում ներկայացրած անձի միջև էլեկտրոնային հարթակներում հաղորդակցությունը սահմանափակվել է միայն սոցիալական կայքում ընկերներ հանդիսանալով, ստանդարտ բնույթի շնորհավորանքներ ուղարկելով և շնորհակալական բնույթի համառոտ արձագանք ստանալով։ Ընդ որում, վերջին գրառումը, որն առկա է մեսենջեր համակարգում, 2021 թվականի ապրիլի 15-ի գրառումներն են եղել։

Հարգելի խորհուրդ, այս փաստական հանգամանքները միջնորդությունից բարձրաձայնեցի, որպեսզի առավել հստակ լինի, թե ինչ փաստական տվյալներ, ինչ փաստակազմի հետ է գործ ունեցել Լիազոր մարմինը գնահատելու համար Դատավորի կողմից վարքագծի կանոնների խախտման առկայությունը կամ բացակայությունը, և կարգապահական վարույթի ընթացքում բացառապես մենք սահմանափակված ենք եղել նախորդիվ նշված տվյալներով և գնահատել ենք բացառապես նշված տվյալները՝ հիմքում ունենալով Դատավորի բացատրությունը, դրանում նշված տվյալները, Հաղորդում տված անձի լրացուցիչ դիրքորոշումը, ինչպես նաև հետագայում Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված դատավորի կրկին դիրքորոշումը։

Ցանկանում եմ արձանագրել, որ Լիազոր մարմինը ստացել է Դատավորի կողմից ներկայացված լրացուցիչ ապացույցներ, որոնք որ մասնավոր կյանքի վերաբերյալ տեղեկություններ էին հանդիսանում, ուստի դրա վերաբերյալ բովանդակային չեմ բարձրաձայնի ներկայումս, դա դռնփակ նիստի ընթացքում քննության առարկա դառավ, և դատավորը, քանի որ ասացի, որ այդ ապացույցներն ըստ ներկայացման մենք գնահատական կտանք դրանց վերաբերյալ։

Ցանկանում եմ հայտարարել, որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այն դեպքում, երբ կարգապահական վարույթի նյութերը Բարձրագույն դատական խորհուրդ ուղարկելուց հետո վարույթ հարուցած մարմնին հայտնի են դարձել հանգամանքներ, որոնք բարելավում են դատավորի վիճակը կամ բացառում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելը, վարույթ հարուցած մարմինը պարտավոր է այդ մասին հայտնել Բարձրագույն դատական խորհրդին։

Հարգելի խորհուրդ, ունենալով ուղիղ պարտականություն այդ մասին ձեզ հայտնելու, հայտնում եմ խորհրդին, որ ստացված ապացույցներում ներառված տեղեկությունները Լիազոր մարմինը գնահատում է որպես դատավորի պատասխանատվությունը բացառող հանգամանքներ»։

(…) «քննության առնելով Նախարարի 2026 թվականի ապրիլի 8-ի միջնորդությունը՝ խնդրում եմ ընդունել ի գիտություն, որ միջնորդությունը և դրան կից նյութերը լիազոր մարմնի կողմից Բարձրագույն դատական խորհուրդին ներկայացվելուց հետո Լիազոր մարմնին հայտնի են դարձել այնպիսի հանգամանքներ, որոնք որ ըստ Լիազոր մարմնի, բացառում են Դատավորի կարգապահական պատասխանատվությունը»։

 

3 Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ

Դատավորը Նախարարին ներկայացրած (համառոտագրված) բացատրությամբ միջնորդել է կարճել կարգապահական վարույթը՝ հետևյալ հիմնավորմամբ

Դատավորը նշել է, որ թեև իր և Էդգար Ղազարյանի հարաբերությունների բնույթի վերաբերյալ ամբողջական բացահայտում չի իրականացվել՝ նկատի ունենալով մասնավոր կյանքի և այլ հանգամանքների պաշտպանությունը, այդուհանդերձ ընդհանուր բնութագրումը ևս բավարար է ինքնաբացարկ հայտնելու անհրաժեշտությունը հիմնավորելու համար։ Անդրադառնալով այն հարցին՝ արդյոք առկա են եղել Դատավորի և Հաղորդում ներկայացրած անձի միջև այնպիսի փոխհարաբերություններ, որոնք հանդիսացել են Դատավորի ինքնաբացարկի հիմք, Դատավորը նշել է, որ իր կողմից ինքնաբացարկ հայտնելը պայմանավորված է եղել ինչպես դատական իշխանության հեղինակությունը չվտանգելու և հանրային վստահությունը չնվազեցնելու հանգամանքով, այնպես էլ Հաղորդում ներկայացրած անձի իրավունքներին առնչվող հարցերով բողոքը քննելիս անաչառ որոշում կայացնելու ներքին անկարողության գիտակցմամբ։ Ավելին, Դատավորը նշել է, որ որոշումը հիմնավորվել է ոչ միայն հարաբերությունների բնույթով պայմանավորված էական հոգեբանական խոչընդոտի առկայությամբ, այլև այն հանգամանքով, որ նույնիսկ անաչառության վերաբերյալ ողջամիտ կասկածի հնարավորությունը բավարար է ինքնաբացարկի պարտադիր կիրառման համար։ Այս մոտեցումը, ըստ Դատավորի, համահունչ է արդար դատաքննության և դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության ապահովման սահմանադրական սկզբունքներին։ Անդրադառնալով Հաղորդում ներկայացրած անձի հետ մտերիմ փոխհարաբերությունների մեջ գտնվելու փաստարկին՝ Դատավորը հայտնել է, որ ոչ միայն չէր կարող պատկերացնել, որ Հաղորդում ներկայացնող անձը հնարավոր է բացառի դա, այլ նաև համոզված է եղել, որ վերը նշված դատական գործերն իրեն մակագրված լինելու մասին տեղեկացվելու դեպքում նա պետք է սպասեր ինքնաբացարկ հայտնելու մասին որոշումների կայացմանը։ Հետևաբար, Հաղորդում ներկայացրած անձի հետ մտերիմ փոխհարաբերությունների մեջ լինելու վերաբերյալ հարկ չի համարել ներկայացնել ծավալուն հիմնավորումներ և բավարար է համարել փաստել, որ նրա հետ սովորել են նույն դպրոցում, և որ իր քրոջ՝ Վարդուհի Պապոյանի հետ հանդիսացել են համադասարանցիներ։

Դատավորը պնդել է նաև, որ իր կողմից արձանագրված 33 տարիների ընթացքում Էդգար Ղազարյանի հետ մտերմիկ շփումները չեն դադարել ոչ իր և ոչ էլ իր քրոջ՝ Վարդուհի Պապոյանի հետ։ Ունեն ընդհանուր ընկերներ, բարեկամներ։ Ավելորդ չի համարել հայտնել, որ նրա հետ մասնակցել են տարբեր միջոցառումների, խնջույքների, ճաշկերույթների՝ վերջին անգամ՝ իր բարեկամի և նրա ընկերոջ դստեր հարսանյաց արարողությանը՝ 08.08.2025 թվականին։ Դատավորը նաև հայտնել է, որ Հաղորդում ներկայացրած անձի հրավերով եղել է ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում, որի տնօրենն է հանդիսացել նա այդ պահին։ Ավելին՝ Հաղորդում ներկայացրած անձը Վայոց ձորի մարզպետ նշանակվելու կապակցությամբ Դատավորին հրավիրել է ճաշկերույթի, վերջինս սիրով ընդունել է հրավերը, մասնակցել դրան։

Դատավորը նաև փաստել է, որ Էդգար Ղազարյանի հրավերով (հրավիրատոմսն ստացել է «messenger» հավելվածով) մասնակցել է նրա հոր՝ Ֆերդինանդ Ղազարյանի ծննդյան 80–ամյակի հոբելյանական միջոցառումներին, որը, ըստ Դատավորի, միայն բավարար է հաստատված համարելու Հաղորդում ներկայացրած անձի հետ ձևավորված և ժամանակի ընթացքում պահպանված մտերիմ փոխհարաբերությունների մասին հանգամանքը (Բացատրությանը կից Դատավորը ուղարկել է «messenger» հավելվածի իրենց ընդհանուր էջից արտատպված հրավիրատոմսը)։

Դատավորը հարկ է համարել նաև նշել, որ էլեկտրոնային հավելվածներում իրենց ընդհանուր էջերում պահպանվել են նաև Հաղորդում ներկայացրած անձի հետ ունեցած հաղորդագրությունները, մասնավորապես՝ փոխադարձ շնորհավորանքներ ծննդյան տարեդարձի, այլ առիթների և տոների կապակցությամբ, ինչպես նաև այլ թեմաներով գրագրություններ։ Դատավորը հայտնել է նաև, որ տեղեկացված է, որ հաղորդագրություններ են պահպանվել Հաղորդում ներկայացրած անձի և իր քրոջ՝ Վարդուհի Պապոյանի անձնական էջում, որոնք փաստում են փոխադարձ մտերիմ հարաբերությունների մասին, և Հաղորդում ներկայացրած անձի համաձայնության դեպքում նշված հաղորդագրությունները կարող է ներկայացնել Լիազոր մարմնին։

Դատավորը նաև նշել է, որ Հաղորդում ներկայացրած անձի կողմից նշված հանգամանքների հերքման և Հաղորդում ներկայացնելու շարժառիթների գնահատումը դուրս է բուն ինքնաբացարկի իրավական հիմքերի շրջանակից։ Միևնույն ժամանակ, ըստ Դատավորի, փաստական համադրությունը թույլ է տալիս ենթադրել, որ Հաղորդման ներկայացումը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ տվյալ անձի կողմից առկա է եղել որոշակի ակնկալիք՝ իրենց նախկին փոխհարաբերությունների հիմքով իր գործերով ստանալու բարենպաստ վերաբերմունք կամ «աջակցություն»։ Այդ ակնկալիքը, սակայն, ըստ Դատավորի, չի կարող և չէր կարող համադրվել դատավորի անկախության և անաչառության սահմանադրական պահանջների հետ, ուստի Դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու որոշումը նպատակ է հետապնդել բացառելու ցանկացած նման ընկալում և ապահովելու դատական իշխանության նկատմամբ հանրային վստահությունը։

Դատավորը նշել է, որ բացարկի անտեսման ինստիտուտը նախատեսված է այն դեպքերի համար, երբ առկա է բացարկի օբյեկտիվ հիմք, սակայն կողմերը, գիտակցելով այդ հիմքի առկայությունը, միաժամանակ վստահում են դատավորի անաչառությանը և ցանկանում, որ նա շարունակի գործի քննությունը։ Այս ինստիտուտը, ըստ դատավորի, ծառայում է գործի արագ և արդյունավետ քննությանը՝ խուսափելով դատավորի փոխարինման հետ կապված ձգձգումներից։ Միաժամանակ Դատավորն ընդգծել է, որ բացարկի անտեսման ինստիտուտի կիրառումը պարտադիր չէ և կիրառվում է միայն հետևյալ պայմանների առկայության դեպքում՝ առկա է օրենքով նախատեսված բացարկի հիմքը, կողմերը տվել են իրենց համաձայնությունը, դատավորն ինքը համաձայն է շարունակել գործի քննությունը։ Ըստ Դատավորի՝ վերջին պայմանն առանցքային նշանակություն ունի, քանի որ եթե դատավորն ինքն է գտնում, որ չի կարող ապահովել անաչառ քննություն, ապա նա պարտավոր է հրաժարվել գործի քննությունից՝ անկախ կողմերի համաձայնությունից։ Դատավորին չի կարող պարտադրվել քննել գործը, եթե նա ներքին համոզմունք ունի, որ չի կարող լինել անաչառ։ Նշվել է, որ սա բխում է անկախ դատական իշխանության սկզբունքից և դատավորի անձնական պատասխանատվությունից։ Դատավորն ընդգծել է նաև, որ օրենսդրությունը չի պարտավորեցնում դատավորին նախապես հայտնել բոլոր անձնական կապերի մասին, որոնք կարող են առնչվել գործի մասնակիցներին։ Դատավորն ինքն է որոշում, թե որ հանգամանքներն են այնքան էական, որ կարող են ազդել իր անաչառության վրա։ Եթե նա գտնում է, որ անգամ աննշան թվացող կապը կարող է խոչընդոտել օբյեկտիվ որոշում կայացնելուն, ապա իրավունք ունի ինքնաբացարկ հայտնել՝ առանց կողմերի հետ այդ հարցը քննարկելու պարտավորության։ Սույն դեպքում Դատավորը նշել է, որ իր կողմից ինքնաբացարկ հայտնելու հիմքում դրված հանգամանքներն եղել են այնպիսին, որ իր գնահատմամբ, եթե անգամ կողմերը հրաժարվեին իրենց՝ բացարկ հայտնելու իրավունքից, միևնույն է ինքը կաշկանդված էր։

Դատավորը, անդրադառնալով կարգապահական վարույթ հարուցելու որոշման մեջ նշված այն հանգամանքին, որ ինքը չի օգտվել բացարկի անտեսման հնարավորությունից և չի ճշտել կողմերի դիրքորոշումը, նշել է, որ այդ ինստիտուտի կիրառման առումով ունի տարբերվող մոտեցում։ Նախ՝ բացարկի անտեսման ինստիտուտը կիրառելի է միայն այն դեպքում, երբ առկա է բացարկի օբյեկտիվ հիմք, և դատավորը համաձայն է շարունակել գործի քննությունը։ Տվյալ դեպքում Դատավորը գտել է, որ չի կարող ապահովել անաչառ քննություն, հետևաբար չէր կարող համաձայնել շարունակել Գործի քննությունը՝ անկախ կողմերի դիրքորոշումից։

Երկրորդ՝ Գործի քննությունը չի իրականացվում հրապարակային կարգով՝ այն գրավոր է, որի դեպքում հնարավոր չէր կողմերին պարզաբանել բացարկի հիմքերի առկայության և անտեսման հարցը։ Ավելին, որպեսզի Դատավորի կողմից քննարկվեր անտեսման հարցը, պետք է առնվազն բանավոր լսումներ նշանակվեր, մինչդեռ ելնելով այն հանգամանքից, որ անկախ կողմերի դիրքորոշումից առկա է եղել բացարկի հիմքը, որը Դատավորը չէր կարող հաղթահարել, ապա նպատակահարմար չի գտել փոխակերպել վարույթը ձևական ճշտումներ անելու համար։ Սույն դեպքում իր կողմից հայտնված ինքնաբացարկը ոչ թե արդարադատությունից հրաժարում է, այլ արդարադատության պատշաճ իրականացման երաշխիք։ Գիտակցելով, որ չի կարող լինել անաչառ, օրենքով սահմանված կարգով «զիջել է» բողոքի քննությունն այլ դատավորի, որը կկարողանա ապահովել օբյեկտիվ քննություն։ Սա, ըստ Դատավորի, ծառայում է ինչպես կողմերի, այնպես էլ հանրության շահերին։

Դատավորն ընդգծել է, որ նշվածի համատեքստում ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ կոնկրետ դեպքում հատուկ վերանայման բողոքը ներկայացրել է դատախազը, ով որևէ կերպ չի վիճարկել իր կողմից ինքնաբացարկ հայտնելու հանգամանքը, իսկ ինքնաբացարկը հայտնել է դատավարության կողմի նկատմամբ կանխակալ վերաբերմունք ունենալու հանգամանքով պայմանավորված, և դատավորի ինքնաբացարկ հայտնելու ընդհանուր կանոն առավել չի մասնավորեցվել, քանի որ պատկերացում չի ունեցել, որ Հաղորդում ներկայացրած անձն արդեն իսկ նշված դրդապատճառներով կարող է կասկածի տակ դնել Դատավորի և Հաղորդում ներկայացրած անձի հարաբերությունները։

Դատավորը նշել է, որ համոզված է եղել և այժմ էլ շարունակում է համոզված լինել, որ իր կողմից կայացվել է իրավաչափ որոշում, քանի որ այն հարաբերությունը, որը գոյություն է ունեցել իր և Հաղորդում ներկայացրած անձի միջև, չի եղել հեռակա, օտարացած, այլ ունեցել է մտերմիկ բնույթ, որն արտահայտվել է ընտանեկան միջոցառումներին հրավիրելու և մասնակցելու, ինչպես նաև փոխադարձ ծննդյան կամ այլ առիթով շնորհավորելու ձևով, ինչն էականորեն փոխում է իր որոշման հիմնավորվածության և ինքնաբացարկ հայտնելու հանգամանքի էությունը։ Հնարավոր է, որ իրականության մեջ իր ընկալումն այլ է եղել Հաղորդում ներկայացնողի հետ իրենց հարաբերությունների բնույթի մասով, ինչն ունի էական նշանակություն նաև մեղքի հարցի գնահատման համատեքստում։

Ըստ Դատավորի՝ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է ոչ թե արդարադատությունից գիտակցված կամ դիտավորությամբ հրաժարվելուն, այլ որոշման հիմնավորման ձևական անբավարարությանը՝ այն պայմաններում, երբ ինքնաբացարկի հիմքում դրված են եղել իրական, օբյեկտիվորեն գոյություն ունեցող հարաբերություններ, որոնք կարող էին ընկալվել որպես անաչառության վերաբերյալ ողջամիտ կասկած հարուցող։ Նման իրավիճակում, նույնիսկ եթե ենթադրվի, որ որոշման ձևակերպումները չեն եղել բավարար չափով ամբողջական, այդ հանգամանքը չի վկայում Դատավորի մասնագիտական անբարեխղճության, պաշտոնեական պարտականություններից հրաժարվելու կամ դատական իշխանությունը հեղինակազրկելու մասին։ Ընդհակառակը, նրա վարքագիծը ուղղված է եղել հնարավոր կասկածների կանխարգելմանը և արդարադատության նկատմամբ վստահության պահպանմանը։ Որոշման ձևական թերությունները, եթե այդպիսին գնահատվեն, կասկածի տակ չեն դնում նրա համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իրենց էությամբ չեն կարող հեղինակազրկել դատական իշխանությունը։

Նշված հիմնավորումներով Դատավորը գտել է, որ հարուցված կարգապահական վարույթը ենթակա է կարճման։

Դատավորը 27.04.2026 թվականին Խորհրդին ներկայացված պատասխանով, մասնավորապես, նշել է. «ՀՀ արդարադատության նախարարը (այսուհետ` նաև Նախարար)՝ 2026 թվականի ապրիլի 8-ի՝ թիվ 33-Ա որոշմամբ (այսուհետ` նաև Որոշում) ինձ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել է Բարձրագույն դատական խորհրդին (այսուհետ` նաև Խորհուրդ):

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 148-րդ հոդվածի 8-րդ մասի կարգավորումների պահպանմամբ ներկայացնում եմ պատասխան Որոշման վերաբերյալ։

Պնդելով կարգապահական վարույթի շրջանակներում Նախարարին ներկայացված բացատրությունս՝ հայտնում եմ, որ ուշադրության է արժանի փոխադարձ հարաբերությունների մասին հաղորդում ներկայացրած անձի հայտնած հակասական տեղեկությունները։ Մասնավորապես՝ վերջինս հաղորդմամբ հայտնել է, որ վերջին անգամ շփումներ իմ և քրոջս հետ ունեցել է 33 տարի առաջ։ Նախարարին ներկայացրած իմ բացատրությամբ հայտնել եմ փաստեր նշված 33 տարիների ընթացքում ունեցած բազմաթիվ շփումների մասին, որի հիման վրա Նախարարի կողմից գրավոր պարզաբանումներ է պահանջվել հաղորդում ներկայացրած անձից։ Վերջինս, չհերքելով իմ կողմից ներկայացված որևէ հանդիպման, շփման փաստը, խուսափողական պատասխաններ է ներկայացրել, մասնավորապես՝ թե չի մտաբերում այդ հանդիպումները, սակայն արդեն հնարավոր է համարել հազվագյուտ և ոչ պարբերաբար շփումների եղելությունը, նաև՝ վերացական տեղեկություններ ներկայացնելով, թե իբր հանդիպումներ հնարավոր է տեղի են ունեցել պաշտոնական կարգավիճակով։ Այդ առումով հարկ եմ համարում նշել, որ 2008-2011թթ ընթացքում, երբ Էդգար Ղազարյանը եղել է ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրենը, ես զբաղեցրել եմ Վայոց ձորի մարզի դատախազի տեղակալի պաշտոնը, իսկ դատախազի տեղակալի և ԲՈՒՀ-ի տնօրենի միջև պաշտոնական հանդիպումերի կայացումը ողջամիտ տրամաբանության մեջ չի կարող տեղավորվել, ինչպես նաև՝ 2012-2013թթ ընթացքում պաշտոնական կարգավիճակով հանդիպումները դատավորի և մարզպետի միջև։ Ինչ վերաբերում է Նախարարին ներկայացրած պատասխանում առկա այն պնդմանը, որ հոր 80-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառմանն ինձ ուղարկված հրավերն ուղղված է եղել ընտանիքիս, ապա այդ դեպքում Էդգար Ղազարյանը հրավերը կուղարկեր ոչ թե իմ, այլ՝ ծնողներիցս որևէ մեկի հեռախոսահամարի հավելվածին։ Փաստն այն է, որ այդ միջոցառմանը ես եմ մասնակցել, իսկ ծնողներս դրա վերաբերյալ առհասարակ տեղեկացված չեն եղել։ Հաղորդում ներկայացրած անձի և Դատավորի միջև էլեկտրոնային հարթակներում, մասնավորապես սոցիալական ցանցերի միջոցով հաղորդագրությունների առկայության և բնույթի վերաբերյալ Նախարարի կողմից բարձրացված հարցին նույն պատասխան գրությամբ հաղորդում ներկայացրած անձն արդեն մտաբերել է այդպիսի շփումների մասին, և նշել է, թե դա վերաբերելի է միայն Facebook սոցիալական հարթակին, որտեղ առկա բոլոր հաղորդագրությունները վերաբերելի են ծննդյան օրվա, Ամանորի, Սուրբ Ծննդյան կամ Սուրբ Հարության տոների առթիվ շնորհավորանքներին, որոնք նաև ստանդարտ բնույթ են կրում և կիրառվում են հազարավոր օգտատերերի պարագայում։ Այդ առումով հայտնում եմ, որ նախ՝ շնորհավորանքներն ստանդարտ բնույթի չեն և չեն կարող այդպիսիք համարվել, քանի որ դրանք հանրային տիրույթում չեն եղել, այլ՝ messenger համակարգի մեր անձնական էջում, և ոչ միայն բացիկների տեսքով են, այլ՝ գրավոր մաղթանքներով։ Բացի այդ, նույն էջում պահպանվել են նաև այլ հաղորդագրություններ, որոնցով փաստվում է իմ և հաղորդում ներկայացրած անձի միջև ձևավորված մտերիմ հարաբերությունների մասին։ Ավելին, հաղորդագրություններ են պահպանվել նաև սոցիալական այլ հարթակներում, որի մասին չի նշել հաղորդում ներկայացրած անձը, ավելին, հաղորդագրություններ են առկա նաև սուցիալական ցանցի հարթակներում վերջինիս և քրոջս միջև։ Նշված հաղորդագրությունները Խորհրդին կներկայացնեմ նիստի ժամանակ։

Սույն բացատրությամբ կրկին պնդում եմ Նախարարին ներկայացված բացատրությանս մեջ նշված՝ Էդգար Ղազարյանի կողմից հաղորդում ներկայացնելու հնարավոր պատճառը։ Այդ առումով հարկ եմ համարում անդրադառնալ Նախարարին հասցեագրված պատասխանում նշված հանգամանքը հաղորդում ներկայացրած անձի կողմից հերքելու փորձերին՝ նրա այն հիմնավորումներին, որ նման հիմքով ինքնաբացարկ է հայտնել նաև թիվ ԵԴ1/0586/11/25 վարույթով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանին։ Մասնավորապես, Լուսինե Ալավերդյանին ինքնաբացարկ հայտնելու համար հիմք հադիսացած այն հանգամանքները, որոնք հաղորդում ներկայացրած անձը նշել է գրավոր պատասխանում, որևէ կերպ չեն նույնացվում իմ ու նրա միջև առկա հարաբերությունների հետ, բացի այդ, հաղորդում ներկայացրած անձն իր գրավոր պատասխանում մոռացել է տեղեկացնել, որ Լուսինե Ալավերդյանի նախագահությամբ, նրա՝ Էդգար Ղազարյանի բողոքների կապակցությամբ նախկինում քննվել են երեք այլ դատական վարույթներ, որոնցից և ոչ մեկով հաղորդում ներկայացրած անձը նախագահող դատավոր Լուսինե Ալավերդյանին չի բացարկել։ Դրա վերաբերյալ տեղեկացվել եմ դատավոր Լուսինե Ալավերդյանից, ով նաև այդ հանգամանքի մասին փաստել է ԵԴ1/0586/11/25 վարույթով Էդգար Ղազարյանի կողմից ներկայացված՝ ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու մասին որոշմամբ՝ հիմքում դնելով նշված փաստը։

Կրկին անգամ խնդրում եմ հիմք ընդունել կարգապահական վարույթի շրջանակներում Նախարարին ներկայացված բացատրությունս, իսկ թիվ ԵԴ1/0469/11/25 և ԵԴ1/0570/11/25 գործերով սուբյեկտիվ չափանիշի հիմքով ինքնաբացարկ հայտնելու հիմնավորումները, մասնավորապես, այդ հանգամանքը հաստատող փաստերը կներկայացնեմ Խորհրդի նիստի ժամանակ»։

11.05.2026 թվականին տեղի ունեցած նիստի ընթացքում Դատավորը պնդեց Լիազոր մարմնին և Խորհրդին ներկայացված դիրքորոշումները: Ընդ որում, Դատավորի կարգապահական պատասխանատվությունը բացառող հանգամանքի առկայության մասին Նախարարի ներկայացուցչի հայտարարությունից հետո Դատավորի ներկայացուցիչը նշել է հետևյալը «խնդիրը զուտ ֆորմալ կարգավորումների մեջ է, բայց քանի որ այս վարույթներով խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան և եթե ըստ էության միջնորդությամբ դիմած անձը հայտնում է, որ հօգուտ դատավորի ի հայտ են եկել հանգամանքներ և եթե այդ հանգամանքները լինեին, ապա այդ վարույթը համապատասխան փուլում մինչ Խորհուրդ դիմելը կդադարեցվեր համապատասխան նշումով, ես ենթադրում եմ, որ ըստ էության այստեղ Խորհուրդը, եթե հանդես է գալիս դատարան, ըստ էության արդեն վեճը չկա և եթե հանդեսա գալիս Խորհուրդը որպես դատարան, ապա դատարանը քննումա բացառապես վեճը դրա լինելիության պայմաններում, և ես գտնում եմ, որ դա միանշանակ հիմքա այս վարույթը կարճելու, թեև ես հասկանում եմ, որ նաև պոզիտիվ կարգավորման տեսանկյունից զուտ ֆորմալ պոզիտիվացման տեսանկյունից խնդիրներ կան, բայց այս պահի դրությամբ ես ուզում եմ ֆիքսել, որ ըստ էության վեճ չկա և վեճի բացակայության պայմաններում վարույթային գործողությունների իրականացումը նույնպես գնահատման առարկա դարձնեք, էս տրամաբանությունը նույնպես, բայց ինչևէ ես գտնում եմ, որ նաև էս պարագայում, եթե ի հայտ են եկել նաև հօգուտ դատավորի հանգամանքներ, որը նաև միջնորդությամբ դիմած անձնա բարձրաձայնում, դա ես գտնում եմ, որ վեճն ըստ էության արդեն սպառված կամ բացակայության պայմաններում մերժման լիազորության իրացման հիմքա։»։

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները

4.1 Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) 15.10.2025 թվականի՝ «Մինչդատական ակտի դեմ բողոքը քննության առնելու մասին» թիվ ԵԴ1/0469/11/25 որոշմամբ վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցվել է վերացնել բողոքաբեր Էդգար Ղազարյանի իրավունքների խախտումը, այն է՝ Էդգար Ղազարյանի հաղորդման հիման վրա նախաձեռնել քրեական վարույթ։

4.2 Արաբկիր և Քանաքեռ֊Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազը նշված որոշման դեմ 06.11.2025 թվականին ներկայացրել է հատուկ վերանայման բողոք, որը մակագրվել է Դատավորին։

4.3 Դատավորը 17.11.2025 թվականին տվյալ գործով կայացրել է «Ինքնաբացարկ հայտնելու մասին» որոշում (այսուհետ նաև՝ Որոշում)։

Որոշմամբ, ի թիվս այլնի, նշված է հետևյալը.

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն՝

«1. Դատավորը, ի թիվս «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերի, չի կարող մասնակցել վարույթին, եթե`

(…)

3) առկա են այլ հանգամանքներ, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ վարույթի հետ կապված նրա անկողմնակալության մեջ: (…)»:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի համաձայն՝

1. Դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ:

2. Ինքնաբացարկի հիմքերը ներառում են, ի թիվս այլնի, այն դեպքերը, երբ`

1) դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, փաստաբանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ. (…)»:

Նկատի ունենալով, որ դիմող Էդգար Ղազարյանի հետ գտնվում ենք մտերիմ փոխհարաբերությունների մեջ (վերջինիս հետ սովորել ենք նույն դպրոցում, ավելին՝ քրոջս հետ հանդիսացել են համադասարանցիներ), որպիսի հանգամանքն անկողմնակալ դիտորդի մոտ կարող է կասկած հարուցել սույն գործով իմ անաչառության վերաբերյալ, ուստի ելնելով արդարադատության շահից՝ առավել նպատակահարմար ու իրավաչափ եմ համարում սույն դատական գործով հայտնել ինքնաբացարկ»։

4.4 Մեկ այլ՝ թիվ ԵԴ1/0570/11/25 դատական գործով Դատավորը 22.01.2026 թվականին կայացրել է «Ինքնաբացարկ հայտնելու մասին» որոշում՝ հիմքում դնելով թիվ ԵԴ1/0469/11/25 դատական գործով նույնաբովանդակ պատճառաբանությունները։

4.5. Խորհրդում 11.05.2026 թվականի դատական նիստի՝ դռնփակ մասի ընթացքում Դատավորը ներկայացրել է իր և Էդգար Ղազարյանի, ինչպես նաև իր քրոջ և Էդգար Ղազարյանի միջև բջջային հավելվածի միջոցով տեղի ունեցած գրագրությունների արտատպվածքներ, որոնց ուսումնասիրությունից հետո Նախարարի ներկայացուցիչը հայտարարել է, որ ստացված ապացույցներում ներառված տեղեկությունները Լիազոր մարմինը գնահատում է, որպես Դատավորի պատասխանատվությունը բացառող հանգամանքներ:

Մասնավորապես՝ նշել է հետևյալը «Միջնորդություն ներկայացնելու ժամանակ ներկայացված փաստակազմը, թե ինչն է մեր միջնորդության հիմքում դրված, մասնավորապես այն էր, որ դատավորը կայացրել է ինքնաբացարկ հայտնելու մասին որոշում՝ պատճառաբանելով, որ հաղորդում տված անձի հետ գտնվում են մտերիմ փոխհարաբերության մեջ, նրա հետ սովորել են նույն դպրոցում, ավելին՝ նրա քրոջ հետ հանդիսացել են համադասարանցիներ, որպիսի հանգամանքն անկողմնակալ դիտորդի մոտ կարող է կասկած հարուցել գործով դատավորի անաչառության վերաբերյալ։ Հարգելի խորհուրդ (...) մեր միջնորդության փաստակազմը հանգում է հետևյալ 5 կետերին

1. Դատավորը և Հաղորդում ներկայացրած անձը թեև միմյանց ճանաչում են մոտ 33 տարի, սակայն վերջին ժամանակներում առնվազն 5 և ավելի տարիներ վերջինների միջև առկա չեն եղել շփումներ,

2. Դատավորը և Հաղորդում ներկայացրած անձը թեև վաղ անցյալում մասնակցել են որոշ միջոցառումների, այդուհանդերձ նրանց միջև միջոցառման ընթացքում չեն եղել շփումներ,

3. թեև Դատավորը մասնակցել է հաղորդում ներկայացրած անձի հոր 80 ամյակի միջոցառմանը, այդուհանդերձ այն կրել է հանրային, այլ ոչ թե ընտանեկան բնույթ,

4. Դատավորը և Հաղորդում ներկայացրած անձի միջև նախկինում տեղի ունեցած հանդիպումները բխել են վերջիններիս պաշտոնեական գործունեությունից և չեն կրել մտերմիկ ընկերական բնույթ,

5. Դատավորը և Հաղորդում ներկայացրած անձի միջև էլեկտրոնային հարթակներում հաղորդակցությունը սահմանափակվել է միայն սոցիալական կայքում ընկերներ հանդիսանալով, ստանդարտ բնույթի շնորհավորանքներ ուղարկելով և շնորհակալական բնույթի համառոտ արձագանք ստանալով։ Ընդ որում, վերջին գրառումը, որն առկա է մեսենջեր համակարգում, 2021 թվականի ապրիլի 15-ի գրառումներն են եղել։

Հարգելի խորհուրդ, այս փաստական հանգամանքները միջնորդությունից բարձրաձայնեցի, որպեսզի առավել հստակ լինի, թե ինչ փաստական տվյալներ, ինչ փաստակազմի հետ է գործ ունեցել Լիազոր մարմինը գնահատելու համար Դատավորի կողմից վարքագծի կանոնների խախտման առկայությունը կամ բացակայությունը, և կարգապահական վարույթի ընթացքում բացառապես մենք սահմանափակված ենք եղել նախորդիվ նշված տվյալներով և գնահատել ենք բացառապես նշված տվյալները՝ հիմքում ունենալով Դատավորի բացատրությունը, դրանում նշված տվյալները, Հաղորդում տված անձի լրացուցիչ դիրքորոշումը, ինչպես նաև հետագայում Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված դատավորի կրկին դիրքորոշումը։

Ցանկանում եմ արձանագրել, որ Լիազոր մարմինը ստացել է Դատավորի կողմից ներկայացված լրացուցիչ ապացույցներ, որոնք որ մասնավոր կյանքի վերաբերյալ տեղեկություններ էին հանդիսանում, ուստի դրա վերաբերյալ բովանդակային չեմ բարձրաձայնի ներկայումս, դա դռնփակ նիստի ընթացքում քննության առարկա դառավ, և դատավորը, քանի որ ասացի, որ այդ ապացույցներն ըստ ներկայացման մենք գնահատական կտանք դրանց վերաբերյալ։

Ցանկանում եմ հայտարարել, որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այն դեպքում, երբ կարգապահական վարույթի նյութերը Բարձրագույն դատական խորհուրդ ուղարկելուց հետո վարույթ հարուցած մարմնին հայտնի են դարձել հանգամանքներ, որոնք բարելավում են դատավորի վիճակը կամ բացառում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելը, վարույթ հարուցած մարմինը պարտավոր է այդ մասին հայտնել Բարձրագույն դատական խորհրդին։

Հարգելի խորհուրդ, ունենալով ուղիղ պարտականություն այդ մասին ձեզ հայտնելու, հայտնում եմ խորհրդին, որ ստացված ապացույցներում ներառված տեղեկությունները Լիազոր մարմինը գնահատում է որպես դատավորի պատասխանատվությունը բացառող հանգամանքներ»։

(…) «քննության առնելով Նախարարի 2026 թվականի ապրիլի 8-ի միջնորդությունը՝ խնդրում եմ ընդունել ի գիտություն, որ միջնորդությունը և դրան կից նյութերը լիազոր մարմնի կողմից Բարձրագույն դատական խորհուրդին ներկայացվելուց հետո Լիազոր մարմնին հայտնի են դարձել այնպիսի հանգամանքներ, որոնք որ ըստ Լիազոր մարմնի, բացառում են Դատավորի կարգապահական պատասխանատվությունը»։

 

5. Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումը

Խորհուրդը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը.

րդյո՞ք կարող է իրականացվել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության ըստ էության քննություն այն դեպքում, երբ վարույթ հարուցած մարմինը Օրենսգրքի 151-րդ հոդվածի 2-րդ մասի վկայակոչմամբ հայտարարում է կարգապահական վարույթի նյութերը Խորհուրդ ուղարկելուց հետո դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելը բացառող հանգամանքի (հանգամանքների) մասին։

 

6. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Լիազոր մարմնի ներկայացուցիչների և Դատավորի ու նրա ներկայացուցչի դիրքորոշումները, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը՝ Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:

Օրենսգրքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաև իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու վերաբերյալ հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

Օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության է ենթարկում Բարձրագույն դատական խորհուրդը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կարգապահական վարույթը իրականացվում է օրինականության, դատական գործունեությանը չմիջամտելու, դատավորի և դատարանի անկախությունը հարգելու և հեղինակությունը բարձր պահելու, կատարված կարգապահական խախտման համար նշանակվող կարգապահական տույժի համաչափության, կամայականության ու խտրականության արգելքի սկզբունքների հիման վրա:

Օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության ապացուցման պարտականությունը կրում է կարգապահական վարույթը հարուցած մարմինը:

Օրենսգրքի 148-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության դեպքում վարույթ հարուցող մարմինը որոշում է կայացնում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդություն ներկայացնելու մասին:

Օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում:

Օրենսգրքի 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այն դեպքում, երբ կարգապահական վարույթի նյութերը Բարձրագույն դատական խորհուրդ ուղարկելուց հետո վարույթ հարուցած մարմնին հայտնի են դարձել հանգամանքներ, որոնք բարելավում են դատավորի վիճակը կամ բացառում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելը, վարույթ հարուցած մարմինը պարտավոր է այդ մասին հայտնել Բարձրագույն դատական խորհրդին:

Նախ, սույն գործով քննարկման ենթակա հարցի կապակցությամբ Խորհուրդը հարկ է համարում վկայակոչել Խորհրդի 07062021 թվականի թիվ ԲԴԽ-16-Ո-Կ-06 որոշումը, որով Խորհուրդը, հանդես գալով որպես դատարան, անդրադարձել է վարույթ հարուցած մարմնի կողմից իր ներկայացրած միջնորդությունը չպնդելու դեպքում այն ըստ էության քննելու իրավական հնարավորության հարցին՝ արձանագրելով, որ՝

- «(…) վարույթ հարուցող մարմինը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ պաշտոնապես ներկայացնում է նրա կողմից այս կամ այն իրավախախտումն առերևույթ կատարելու վերաբերյալ իր հիմնավորումները և, բնականաբար, դրանից բխող պահանջը: Վերը նշված հոդվածի հիմքով դատավորի վիճակը բարելավող կամ նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելը բացառող հանգամանքների ի հայտ գալու մասին վարույթ հարուցող մարմնի կողմից բարձրաձայնելու օրենսդրական պահանջն ինքնանպատակ չէ, այլ միտված է կարգապահական վարույթն իրականացնելիս առավելապես երաշխավորելու օրինականության, դատավորի և դատարանի անկախությունը հարգելու և հեղինակությունը բարձր պահելու օրենսդրական սկզբունքները»,

- «(…) իրավասու մարմնին է վերապահված դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության ապացուցման պարտականությունը և դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն իրավասու մարմնի որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»,

- «Օրենսդիրն ի թիվս այլ մարմինների Արդարադատության նախարարին օժտել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորությամբ, և կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին նրա ներկայացրած միջնորդության քննությունը հնարավոր է այնքանով, որքանով վարույթ հարուցող մարմինը պնդում է այդ միջնորդությունը` դրանում ներկայացված հիմքի առկայությունն ապացուցող հիմնավորումներով: Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ չի կարող իրականացնել պատասխանատվության ենթարկելու հարցի ըստ էության քննություն այն պարագայում, երբ վարույթ հարուցող մարմինը չի պնդում իր միջնորդությունը»,

Խորհուրդը, իրացնելով դատավորների անկախության երաշխավորի իր սահմանադրաիրավական առաքելությունը, գտել է, որ «(…) Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին վարույթ հարուցող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը չպնդելու պայմաններում վերանում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից այդ միջնորդությամբ ներկայացված հիմքերին և հիմնավորումներին անդրադառնալու անհրաժեշտությունը»:

Ընդ որում, համանման դիրքորոշումներ Խորհուրդն արտահայտել է նաև 08072021 թվականի թիվ ԲԴԽ-36-Ո-Կ-13 և թիվ ԲԴԽ-36-Ո-Կ-14 որոշումներով։

Վերը վկայակոչված որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշման լույսի ներքո Խորհուրդն արձանագրում է հետևյալը

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (…):

Օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը պարտադիր են դրանց հասցեատերերի համար:

Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի» (այսուհետ՝ Վենետիկի հանձնաժողով) 18032016 թվականին ընդունած «Իրավունքի գերակայության հսկիչ ցանկ»-ում Եվրոպայի խորհրդի մասնակից պետություններում որպես իրավունքի գերակայության գնահատման չափանիշ դիտարկվում է նաև իրավական որոշակիությունը, որի դրսևորումներից է res judicata սկզբունքը: Այս սկզբունքը ենթադրում է, որ պետք է հարգել վերջնական դատողությունները, եթե առկա չեն դրանք վերանայելու հիմնավոր պատճառներ (կետ 63):

Վենետիկի հանձնաժողովի «Իրավունքի գերակայության մասին զեկույցի» (ընդունված 2011 թվականի մարտի 25-26) 46-րդ կետը սահմանում է, որ իրավական որոշակիությունը պահանջում է հարգել res judicata սկզբունքը, համաձայն որի՝ ներպետական դատարանների վերջնական դատական ակտերը չպետք է կասկածի տակ դրվեն:

Սահմանադրական դատարանը, նախկինում կայացված որոշումներում անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքի բովանդակությանը, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները

- «Իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլոց, պահանջում է նաև իրավական օրենքի առկայություն: Վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու՝ թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում: Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձևակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական և ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը. նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը» (Սահմանադրական դատարանի 13.05.2008 թվականի թիվ ՍԴՈ-753 որոշում)։

- «Իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաև, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ» (Սահմանադրական դատարանի 09.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1213 որոշում):

- «Իրավական որոշակիությունը չպետք է բացարձականացնել, և անորոշության որոշակի տարրեր պարունակող իրավակարգավորումն ինքնին խնդրահարույց չէ, որպիսի պայմաններում անհրաժեշտ որոշակիության ծավալը լրացնելու ու իրավական կարգավորման կիրառման համար անհրաժեշտ ու բավարար բովանդակություն հաղորդելու առաքելությունը վերապահված է իրավակիրառին» (Սահմանադրական դատարանի 22.11.2022 թվականի թիվ ՍԴՈ-1669 որոշում):

- «իրավական որոշակիությունն իրավական անվտանգության կարևոր բաղադրիչ է, որով, ի թիվս այլնի, ապահովվում է նաև վստահությունը հանրային իշխանության և նրա հաստատությունների նկատմամբ» (Սահմանադրական դատարանի 26.03.2021 թվականի թիվ ՍԴՈ-1586 որոշում)։

- «Սահմանադրական դատարանը դատական ակտերի վերջնականության սկզբունքը դիտարկում է որպես իրավական որոշակիության ապահովման առանցքային երաշխիքներից մեկը, որի բովանդակությունը օրինական ուժի մեջ մտած դատական ակտի՝ հանրային իշխանության և մասնավոր անձանց կողմից անվիճարկելիության մասին ընդհանուր կանոնն է։ (...) օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերջնականության սկզբունքից ցանկացած բացառություն պետք է ունենա այնպիսի ծանրակշիռ հիմնավորումներ, որոնց առկայությունն անհատական իրավունքի կամ ազատության պաշտպանության և արդարադատության համակարգի կայունության մրցակցող շահերի պայմաններում բացառում է որևէ կասկածի հնարավորությունն առ այն, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերջնականության սկզբունքից նահանջը կարող է արդարացված լինել» (Սահմանադրական դատարանի 11.02.2025 թվականի թիվ ՍԴՈ-1769 որոշում)։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորվող՝ դատարանի առջև արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանել Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որով ամրագրված է, ի թիվս այլնի, որ իրավունքի գերակայությունը պայմանավորվող պետությունների ընդհանուր ժառանգության մի մասն է: Իրավունքի գերակայության հիմնարար կողմերից մեկն իրավական որոշակիության սկզբունքն է, որով պահանջվում է, inter alia, որ երբ դատարանները որևէ հարցի վերաբերյալ կայացնում են վերջնական որոշում, այդ որոշումը չպետք է կասկածի տակ դրվի: Իրավական որոշակիությունը ենթադրում է res judicata սկզբունքի, այն է՝ վճիռները վերջնական լինելու սկզբունքի պահպանում (տե՛ս նաև Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի թիվ 22343/08 գանգատով Եվրոպական դատարանի 03122015 թվականի վճիռը, Իրինա Ֆեդոտովան ընդդեմ Ռուսաստանի թիվ 1752/02 գանգատով Եվրոպական դատարանի 19012007 թվականի վճիռը, կետ 21, Նեդջեթ Շահինը և Պերիհան Շահինն ընդդեմ Թուրքիայի թիվ 13279/05 գանգատով Եվրոպական դատարանի 20112011 թվականի վճիռը, կետ 57, Fundatia Bucovina MIission inc.-ն ու Fundatia Bucovina Bucuresti-ն ընդդեմ Ռումինիայի թիվ 1231/04 Եվրոպական դատարանի 25092012 թվականի վճիռը, կետ 11)։

Եվրոպական դատարանն արձանագրել է նաև, որ դատական ակտերի պարտադիրությունը և վերջնականությունը ենթադրում է res judicata սկզբունքի հարգում, որը, երաշխավորելով վճիռների վերջնականությունը, նպաստում է ներպետական դատավարության կողմերի կայունության ապահովումը (տե՛ս Գվուդմունդուր Անդրի Ավստաուսոն ընդդեմ Իսլանդիայի թիվ 26374/18 գանգատով եվրոպական դատարանի 01122020 թվականի վճիռը, կետ 238)։

Եվրոպական դատարանն իրավական որոշակիության սկզբունքի համատեքստում նշել է, որ մրցակցող դատական որոշումների առկայությունը կարող է առաջացնել իրավական անորոշության վիճակ, որը կարող է նվազեցնել հասարակության վստահությունը դատական համակարգի նկատմամբ, մինչդեռ այդ վստահությունը հստակորեն իրավունքի գերակայության վրա հիմնված պետության էական տարրերից մեկն է (տե՛ս օրինակ՝ Sine Tsaggarakis A.E.E.-ն ընդդեմ Հունաստանի թիվ 17257/13 գանգատով Եվրոպական դատարանի 23052019 թվականի վճիռը)։ Իրավական որոշակիության սկզբունքը ենթադրում է, որ կողմը, հիմնվելով դատարանի կողմից նախորդ գործով բարձրացված հարցով արված գնահատականի վրա, որը բարձրացվում է նաև տվյալ գործով, կարող է օրինական սպասում ունենա առ այն, որ դատարանը կհետևի իր նախորդ կարգավորմանը, եթե միայն չկան հիմնավոր հանգամանքներ այդ կարգավորումից շեղվելու համար (տե՛ս Siegle-ն ընդդեմ Ռումինիայի գործով 16072013 թվականի վճիռը, կետ 38, Rozalia Avram-ն ընդդեմ Ռումինիայի գործով 16122014 թվականի վճիռը, կետ 42)։

Սահմանադրական դատարանի և Եվրոպական դատարանի վերը վկայակոչված դիրքորոշումների համատեքստում Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ անձանց՝ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրացումը եզրափակվում է հանրային իշխանության իրավասու մարմնի պետաիշխանական հրահանգներն ամրագրող ակտով, որն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում անձանց համար ստեղծում է բավարար հիմքեր՝ համապատասխանեցնելու իրենց վարքագիծը սահմանված իրավունքների և պարտականությունների ծավալին՝ դրանով իսկ ապահովելով որոշակիությունը կողմերի միջև առկա հարաբերություններում։ Նշված արժեքների պաշտպանությանն ուղղված են դատական ակտերի օրինական ուժի պարտադիրության և վերջնականության (անհերքելիության) հատկանիշները, որոնք, ի թիվս այլնի, միտված են դատարանների նկատմամբ հանրային վստահության, դատական ակտերի կայունության, իսկ վերջնարդյունքում՝ իրավական որոշակիության սկզբունքի լիարժեք իրացման հրամայականին։ Ընդ որում, դատական ակտերի օրինական ուժի պարտադիրության և վերջնականության (անհերքելիության) հատկանիշները Եվրոպական դատարանի վկայակոչված որոշումների լույսի ներքո ենթադրում են ոչ միայն կոնկրետ գործով կայացված դատական ակտերը կասկածի տակ չդնելու արգելքը դրա հասցեատերերի և այն կայացրած դատարանի կողմից, այլև մրցակցող դատական ակտերի առկայության բացառումը, քանի որ դատավարության մասնակիցը կարող է օրինական սպասում ունենալ, որ դատարանը կհետևի իր նախորդ դիրքորոշմանը, քանի դեռ ծանրակշիռ հանգամանքների մատնանշմամբ չի հիմնավորվել դրանցից շեղվելը։ Հետևաբար, Խորհուրդը, յուրաքանչյուր դեպքում դատավորի կարգապահական պատասխանատվության հարցը լուծելիս հանդես գալով որպես դատարան, հաշվի է առնում համանման փաստական հանգամանքներում նախկինում կայացված որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները՝ բացառելու համար իր իսկ կողմից կայացված մրցակցող դատական ակտերի առկայության հնարավորությունը՝ ապահովելով իրավական որոշակիության սկզբունքի լիարժեք իրացման հրամայականը, քանի դեռ ծանրակշիռ հանգամանքների մատնանշմամբ չի հիմնավորվել դրանցից շեղվելը։

Օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը մերժում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը, եթե՝

1) առկա է նույն օրենսգրքի 146-րդ հոդվածի 6-րդ մասով և 147-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված որևէ հիմք (...):

Օրենսգրքի 146-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ կարգապահական վարույթ չի հարուցվում, եթե՝ (...)

4) դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն առերևույթ բացակայում են (...):

Օրենսգրքի 147-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ վարույթ հարուցած մարմինը կարճում է կարգապահական վարույթը, եթե՝

1) առկա չէ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք։

Սույն գործի փաստերի համաձայն՝ Միջնորդության հիմքում Նախարարը դրել է թվով 5 հիմք փաստական հանգամանքներ, իսկ Խորհրդում 11.05.2026 թվականի դատական նիստի՝ դռնփակ հատվածի ընթացքում Դատավորի ներկայացրած՝ իր և հաղորդում ներկայացրած անձ Էդգար Ղազարյանի, ինչպես նաև իր քրոջ և Էդգար Ղազարյանի միջև բջջային հավելվածի միջոցով տեղի ունեցած գրագրությունների արտատպվածքների ուսումնասիրությունից հետո Նախարարի ներկայացուցիչը հայտարարել է, որ ստացված ապացույցներում ներառված տեղեկությունները Լիազոր մարմինը գնահատում է որպես Դատավորի պատասխանատվությունը բացառող հանգամանքներ (տե՛ս, հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները):

Շարադրված իրավական վերլուծությունների և վկայակոչված փաստերի համադրման արդյունքում Խորհուրդն արձանագրում է, որ Միջնորդության հիմքում վարույթ հարուցած մարմնի կողմից դրված թվով հինգ փաստական հանգամանքները, որոնք, ըստ վերջինիս նախնական դիրքորոշման, հիմք են հանդիսացել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, այլևս հերքված են հենց վարույթ հարուցող և Միջնորդություն ներկայացնող մարմնի կողմից։ Մասնավորապես, վերջինիս ներկայացուցիչը, ծանոթանալով Դատավորի կողմից ներկայացված լրացուցիչ ապացույցներին, Օրենսգրքի 151-րդ հոդվածի 2-րդ մասի վկայակոչմամբ, ըստ էության չպնդելով Միջնորդությամբ ներկայացված հիմքերը, Խորհրդին հայտնել է դատավորի կարգապահական պատասխանատվությունը բացառող համապատասխան հանգամանքի առկայության մասին՝ ապացույցներում ներառված տեղեկությունները գնահատելով որպես ներկայացված միջնորդության հիմքում դրված փաստական հանգամանքները հերքող և դատավորի կարգապահական պատասխանատվությունը բացառող հանգամանք։

Նման պայմաններում հաշվի առնելով վերը շարադրված, ինչպես նաև Խորհրդի 07․06․2021 թվականի թիվ ԲԴԽ-16-Ո-Կ-06, 08․07․2021 թվականի թիվ ԲԴԽ-36-Ո-Կ-13 և թիվ ԲԴԽ-36-Ո-Կ-14 որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումներն ու մեկնաբանությունները, դրանցից շեղվելու համար ծանրակշիռ հանգամանքների բացակայությունը և դրանք դիտարկելով վկայակոչված փաստական հանգամանքների լույսի ներքո, Խորհուրդն արձանագրում է, որ տվյալ դեպքում բացակայում է Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքը, հետևաբար Միջնորդությունը ենթակա է մերժման։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 155-րդ, 156-րդ հոդվածներով՝ Խորհուրդը,

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1․ ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, մերժել:

2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

 

Բարձրագույն դատական

խորհրդի նախագահ

Ա. Աթաբեկյան

Անդամներ`

 

 

դեմ (hատուկ կարծիք)

դեմ (hատուկ կարծիք)

դեմ (hատուկ կարծիք)

դեմ (hատուկ կարծիք)

 

 

 

 

Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կ. ԹՈՒՄԱՆՅԱՆ
Ե. ԹՈՒՄԱՆՅԱՆՑ
Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Ա. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Ա. Հարությունյան
Էդ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հունիսի 2026 թվական:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

25 մայիսի 2026 թվական

 ք. Երևան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի (այսուհետ նաև՝ Խորհուրդ) կողմից 2026 թվականի մայիսի 25-ին կայացված թիվ

ԲԴԽ-36-Ո-Կ-20 որոշման վերաբերյալ.

1. Հարուցված կարգապահական վարույթի ընթացքը և միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքները

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Արդարադատության նախարարությունում 2026 թվականի հունվարի 29-ին ստացված Էդգար Ղազարյանի հաղորդումը՝ (այսուհետ՝ Հաղորդում) Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանի (այսուհետ նաև՝ Դատավոր կամ Դատարան) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի (այսուհետ նաև՝ Լիազոր մարմին կամ Նախարար) 2026 թվականի փետրվարի 18-ի թիվ 12-Ա որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։

Նախարարի 2026 թվականի ապրիլի 8-ի թիվ 33-Ա որոշմամբ միջնորդություն (այսուհետ նաև՝ Միջնորդություն) է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Խորհրդի 20.04.2026 թվականի որոշմամբ նշանակվել է դատական նիստ:

Խորհրդի 11.05.2026 թվականի արձանագրային որոշմամբ վարույթի մասնակիցների մասնավոր կյանքի պաշտպանության նպատակով Դատավորի միջնորդությամբ գործի մի մասը քննվել է դռնփակ դատական նիստում։

11.05.2026 թվականին կայացած նիստում գործի քննությունն ավարտվել է և դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 25.05.2026 թվականին:

1.1․ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան) 15.10.2025 թվականի՝ «Մինչդատական ակտի դեմ բողոքը քննության առնելու մասին» թիվ ԵԴ1/0469/11/25 որոշմամբ վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցվել է վերացնել բողոքաբեր Էդգար Ղազարյանի իրավունքների խախտումը, այն է՝ Էդգար Ղազարյանի հաղորդման հիման վրա նախաձեռնել քրեական վարույթ։

1.2 Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազը նշված որոշման դեմ 06.11.2025 թվականին ներկայացրել է հատուկ վերանայման բողոք, որը մակագրվել է Դատավորին։

1.3․ Դատավորը 17.11.2025 թվականին տվյալ գործով կայացրել է «Ինքնաբացարկ հայտնելու մասին» որոշում։ Որոշմամբ, ի թիվս այլնի, նշված է հետևյալը.

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն՝

«1. Դատավորը, ի թիվս «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերի, չի կարող մասնակցել վարույթին, եթե`

(…)

3) առկա են այլ հանգամանքներ, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ վարույթի հետ կապված նրա անկողմնակալության մեջ: (…)»:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի համաձայն՝

1. Դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ:

2. Ինքնաբացարկի հիմքերը ներառում են, ի թիվս այլնի, այն դեպքերը, երբ`

1) դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, փաստաբանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ. (…)»:

Նկատի ունենալով, որ դիմող Էդգար Ղազարյանի հետ գտնվում ենք մտերիմ փոխհարաբերությունների մեջ (վերջինիս հետ սովորել ենք նույն դպրոցում, ավելին՝ քրոջս հետ հանդիսացել են համադասարանցիներ), որպիսի հանգամանքն անկողմնակալ դիտորդի մոտ կարող է կասկած հարուցել սույն գործով իմ անաչառության վերաբերյալ, ուստի ելնելով արդարադատության շահից՝ առավել նպատակահարմար ու իրավաչափ եմ համարում սույն դատական գործով հայտնել ինքնաբացարկ»։

1.4․ Մեկ այլ՝ թիվ ԵԴ1/0570/11/25 դատական գործով Դատավորը 22.01.2026 թվականին կայացրել է «Ինքնաբացարկ հայտնելու մասին» որոշում՝ հիմքում դնելով թիվ ԵԴ1/0469/11/25 դատական գործով նույնաբովանդակ պատճառաբանությունները։

1.5. Խորհրդում 11.05.2026 թվականի դատական նիստի՝ դռնփակ մասի ընթացքում Դատավորը ներկայացրել է իր և Էդգար Ղազարյանի, ինչպես նաև իր քրոջ և Էդգար Ղազարյանի միջև բջջային հավելվածի միջոցով տեղի ունեցած գրագրությունների արտատպվածքներ, որոնց ուսումնասիրությունից հետո Նախարարի ներկայացուցիչը հայտարարել է, որ ստացված ապացույցներում ներառված տեղեկությունները Լիազոր մարմինը գնահատում է, որպես Դատավորի պատասխանատվությունը բացառող հանգամանքներ:

Մասնավորապես՝ նշել է հետևյալը․ «Միջնորդություն ներկայացնելու ժամանակ ներկայացված փաստակազմը, թե ինչն է մեր միջնորդության հիմքում դրված, մասնավորապես այն էր, որ դատավորը կայացրել է ինքնաբացարկ հայտնելու մասին որոշում՝ պատճառաբանելով, որ հաղորդում տված անձի հետ գտնվում են մտերիմ փոխհարաբերության մեջ, նրա հետ սովորել են նույն դպրոցում, ավելին՝ նրա քրոջ հետ հանդիսացել են համադասարանցիներ, որպիսի հանգամանքն անկողմնակալ դիտորդի մոտ կարող է կասկած հարուցել գործով դատավորի անաչառության վերաբերյալ։ Հարգելի Խորհուրդ (...) մեր միջնորդության փաստակազմը հանգում է հետևյալ 5 կետերին․

1. Դատավորը և Հաղորդում ներկայացրած անձը թեև միմյանց ճանաչում են մոտ 33 տարի, սակայն վերջին ժամանակներում առնվազն 5 և ավելի տարիներ վերջինների միջև առկա չեն եղել շփումներ,

2. Դատավորը և Հաղորդում ներկայացրած անձը թեև վաղ անցյալում մասնակցել են որոշ միջոցառումների, այդուհանդերձ նրանց միջև միջոցառման ընթացքում չեն եղել շփումներ,

3. թեև Դատավորը մասնակցել է հաղորդում ներկայացրած անձի հոր 80 ամյակի միջոցառմանը, այդուհանդերձ այն կրել է հանրային, այլ ոչ թե ընտանեկան բնույթ,

4. Դատավորը և Հաղորդում ներկայացրած անձի միջև նախկինում տեղի ունեցած հանդիպումները բխել են վերջիններիս պաշտոնեական գործունեությունից և չեն կրել մտերմիկ ընկերական բնույթ,

5. Դատավորը և Հաղորդում ներկայացրած անձի միջև էլեկտրոնային հարթակներում հաղորդակցությունը սահմանափակվել է միայն սոցիալական կայքում ընկերներ հանդիսանալով, ստանդարտ բնույթի շնորհավորանքներ ուղարկելով և շնորհակալական բնույթի համառոտ արձագանք ստանալով։ Ընդ որում, վերջին գրառումը, որն առկա է մեսենջեր համակարգում, 2021 թվականի ապրիլի 15-ի գրառումներն են եղել։

Հարգելի Խորհուրդ, այս փաստական հանգամանքները միջնորդությունից բարձրաձայնեցի, որպեսզի առավել հստակ լինի, թե ինչ փաստական տվյալներ, ինչ փաստակազմի հետ է գործ ունեցել Լիազոր մարմինը գնահատելու համար Դատավորի կողմից վարքագծի կանոնների խախտման առկայությունը կամ բացակայությունը, և կարգապահական վարույթի ընթացքում բացառապես մենք սահմանափակված ենք եղել նախորդիվ նշված տվյալներով և գնահատել ենք բացառապես նշված տվյալները՝ հիմքում ունենալով Դատավորի բացատրությունը, դրանում նշված տվյալները, Հաղորդում տված անձի լրացուցիչ դիրքորոշումը, ինչպես նաև հետագայում Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված դատավորի կրկին դիրքորոշումը։

Ցանկանում եմ արձանագրել, որ Լիազոր մարմինը ստացել է Դատավորի կողմից ներկայացված լրացուցիչ ապացույցներ, որոնք որ մասնավոր կյանքի վերաբերյալ տեղեկություններ էին հանդիսանում, ուստի դրա վերաբերյալ բովանդակային չեմ բարձրաձայնի ներկայումս, դա դռնփակ նիստի ընթացքում քննության առարկա դառավ, և դատավորը, քանի որ ասացի, որ այդ ապացույցներն ըստ ներկայացման մենք գնահատական կտանք դրանց վերաբերյալ։

Ցանկանում եմ հայտարարել, որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այն դեպքում, երբ կարգապահական վարույթի նյութերը Բարձրագույն դատական խորհուրդ ուղարկելուց հետո վարույթ հարուցած մարմնին հայտնի են դարձել հանգամանքներ, որոնք բարելավում են դատավորի վիճակը կամ բացառում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելը, վարույթ հարուցած մարմինը պարտավոր է այդ մասին հայտնել Բարձրագույն դատական խորհրդին։

Հարգելի Խորհուրդ, ունենալով ուղիղ պարտականություն այդ մասին Ձեզ հայտնելու, հայտնում եմ Խորհրդին, որ ստացված ապացույցներում ներառված տեղեկությունները Լիազոր մարմինը գնահատում է որպես դատավորի պատասխանատվությունը բացառող հանգամանքներ։ (…) քննության առնելով Նախարարի 2026 թվականի ապրիլի 8-ի միջնորդությունը՝ խնդրում եմ ընդունել ի գիտություն, որ միջնորդությունը և դրան կից նյութերը Լիազոր մարմնի կողմից Բարձրագույն դատական խորհրդին ներկայացվելուց հետո Լիազոր մարմնին հայտնի են դարձել այնպիսի հանգամանքներ, որոնք որ ըստ Լիազոր մարմնի, բացառում են Դատավորի կարգապահական պատասխանատվությունը»։

2. Բարձրագույն դատական խորհրդի անդամներ՝ Ա. Հայրապետյանի, Ե. Թումանյանցի, Կ. Թումանյանի և Մ. Համբարձումյանի հատուկ կարծիքի իրավական վերլուծությունները և եզրահանգումը

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 94-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «(…) Բարձրագույն դատական խորհրդի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատարանի ընդունած որոշման պատճառաբանական կամ եզրափակիչ մասի վերաբերյալ: Եթե Բարձրագույն դատական խորհրդի անդամն ունի հատուկ կարծիք, ապա այդ մասին նրա ստորագրությամբ նշում է արվում Բարձրագույն դատական խորհրդի որոշման մեջ, և հատուկ կարծիքը նրա ստորագրությամբ կցվում է որոշմանը»:

Բարձրագույն դատական խորհրդի 27.11.2020 թվականի թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշմամբ հաստատված ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգի 96-րդ կետի համաձայն՝ «Խորհրդի՝ որպես դատարանի ընդունած որոշումները ստորագրում են նիստին ներկա բոլոր անդամները: Դեմ քվեարկած Խորհրդի անդամի անվան դիմաց նշվում է «Դեմ» բառը։ Խորհրդի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք Խորհրդի՝ որպես դատարանի ընդունած որոշման պատճառաբանական կամ եզրափակիչ մասի վերաբերյալ: Եթե Խորհրդի անդամն ունի հատուկ կարծիք, ապա այդ մասին նա հայտարարում է խորհրդակցական սենյակում, նրա ստորագրությամբ նշում է արվում Խորհրդի որոշման մեջ, և ամբողջական որոշումը հրապարակվելուց հետո 8-օրյա ժամկետում հատուկ կարծիքը նրա ստորագրությամբ հանձնվում է Խորհրդի նախագահին՝ որոշմանը կցելու համար»:

Ուսումնասիրելով Արդարադատության նախարարի կողմից Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին որոշումը, ծանոթանալով այդ որոշմանը կից ներկայացված նյութերին, հիմք ընդունելով նշված կարգապահական վարույթի վերաբերյալ կայացած նիստում կողմերի ներկայացրած դիրքորոշումները, միաժամանակ արժևորելով ստորև քննարկվող հարցի շուրջ Խորհրդի անդամներ Ա. Աթաբեկյանի (նախագահող), Ա. Աբրահամյանի, Ա. Դանիելյանի, Ա. Հարությունյանի, Էդ. Հովհաննիսյանի և Ք. Մկոյանի ներքին համոզմունքը՝ այնուամենայնիվ, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարի միջնորդությունը մերժելու մասին Խորհրդի՝ 2026 թվականի մայիսի 25-ի որոշման (այսուհետ՝ նաև Որոշում) պատճառաբանական և եզրափակիչ մասի առնչությամբ մնում ենք հատուկ կարծիքի (այսուհետ՝ Կարծիք)՝ հետևյալ փաստարկներով և հիմնավորումներով:

Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:

Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

Օրենսգրքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաև իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու վերաբերյալ հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

Օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության է ենթարկում Բարձրագույն դատական խորհուրդը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կարգապահական վարույթը իրականացվում է օրինականության, դատական գործունեությանը չմիջամտելու, դատավորի և դատարանի անկախությունը հարգելու և հեղինակությունը բարձր պահելու, կատարված կարգապահական խախտման համար նշանակվող կարգապահական տույժի համաչափության, կամայականության ու խտրականության արգելքի սկզբունքների հիման վրա:

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝

1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.

2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, բացառությամբ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

Օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության ապացուցման պարտականությունը կրում է կարգապահական վարույթը հարուցած մարմինը:

Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեն`

1) Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը.

2) Լիազոր մարմինը.

3) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ սույն հոդվածի 1.1-ին և 1.3-րդ մասերով նախատեսված դեպքերում։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կարգապահական խախտման համար դատավորը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ Բարձրագույն դատական խորհրդի՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշմամբ: Դատավորի կողմից կատարված կարգապահական խախտման վերաբերյալ չփարատված կասկածները մեկնաբանվում են դատավորի օգտին:

Օրենսգրքի 146-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ կարգապահական վարույթ չի հարուցվում, եթե՝

1) նույն դատավորի նկատմամբ նույն արարքի համար առկա է վարույթ հարուցող նույն մարմնի կողմից հարուցված կարգապահական վարույթ.

2) նույն դատավորի նկատմամբ նույն արարքի համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ առկա է նույն մարմնի կարգապահական վարույթ չհարուցելու կամ վարույթը կարճելու վերաբերյալ որոշում.

3) նույն դատավորի նկատմամբ նույն արարքի համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ առկա է Բարձրագույն դատական խորհրդի որոշում.

4) դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն առերևույթ բացակայում են: (․․․)

Օրենսգրքի 147-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ վարույթ հարուցած մարմինը կարճում է կարգապահական վարույթը, եթե՝

1) առկա չէ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք.

2) վարույթ հարուցած նույն մարմինը նախկինում նույն արարքի համար նույն անձի նկատմամբ չի հարուցել կարգապահական վարույթ կամ կարճել է հարուցված կարգապահական վարույթը.

3) նույն արարքի համար նույն անձին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին նախկինում միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ.

4) առկա է նույն կարգապահական խախտման հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշում.

5) դադարեցվել կամ դադարել են դատավորի լիազորությունները.

6) առկա է սույն օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմք:

Օրենսգրքի 148-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության դեպքում վարույթ հարուցող մարմինը որոշում է կայացնում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդություն ներկայացնելու մասին:

Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշումը Բարձրագույն դատական խորհուրդ ուղարկելու պահից կարգապահական վարույթ հարուցող մարմինը այն չի կարող հետ վերցնել:

Օրենսգրքի 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այն դեպքում, երբ կարգապահական վարույթի նյութերը Բարձրագույն դատական խորհուրդ ուղարկելուց հետո վարույթ հարուցած մարմնին հայտնի են դարձել հանգամանքներ, որոնք բարելավում են դատավորի վիճակը կամ բացառում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելը, վարույթ հարուցած մարմինը պարտավոր է այդ մասին հայտնել Բարձրագույն դատական խորհրդին:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարույթ հարուցած մարմնի զեկուցումից հետո Բարձրագույն դատական խորհուրդը լսում է այն դատավորին, որի նկատմամբ վարույթ է հարուցվել, կամ նրա փաստաբանին: Բարձրագույն դատական խորհրդի անդամները և վարույթը հարուցած մարմնի ներկայացուցիչը կարող են հարցեր ուղղել դատավորին, որոնց դատավորը կարող է պատասխանել կամ հրաժարվել դրանց պատասխանելուց: Դատավորին կամ նրա փաստաբանին լսելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդն անցնում է վարույթի նյութերի հետազոտմանը:

Նույն հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ վարույթի նյութերի հետազոտումից հետո Բարձրագույն դատական խորհուրդը լսում է նիստին մասնակցող անձանց ամփոփիչ ելույթները, որից հետո հարցի քննությունը հայտարարվում է ավարտված: Հարցի քննությունն ավարտված հայտարարելուց հետո Բարձրագույն դատական խորհրդի նիստը նախագահողը հայտարարում է որոշման հրապարակման օրը, վայրը և ժամը:

Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ հարցի քննությունն ավարտված հայտարարվելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդը հեռանում է որոշում կայացնելու:

Օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում:

Օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին Բարձրագույն դատական խորհուրդը կարող է կայացնել հետևյալ որոշումներից մեկը.

1) դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

2) դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ:

Օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը մերժում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը, եթե՝

1) առկա է սույն օրենսգրքի 146-րդ հոդվածի 6-րդ մասով և 147-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված որևէ հիմք.

2) վարույթը հարուցած մարմինը խախտել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները, և դատավորը համաձայն է այդ հիմքով վարույթի կարճմանը:

Վերոգրյալ նորմերի լույսի ներքո նախ անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ դատավորի կարգապահական պատասխանատվության ինստիտուտի իրավական բնույթին և նշանակությանը, քանի որ կարգապահական վարույթի ընթացքում ծագող ընթացակարգային հարցերի լուծումը պայմանավորված է հենց այդ ինստիտուտի նպատակներով և սահմանադրաիրավական գործառույթներով։

Դատավորի կարգապահական պատասխանատվության ինստիտուտը հանդիսանում է դատական իշխանության անկախության, հեղինակության և հանրային վստահության ապահովման կարևորագույն իրավական մեխանիզմերից մեկը։ Այն ուղղված է դատավորի վարքագծին և պաշտոնեական պարտականությունների կատարմանը ներկայացվող իրավական պահանջների պահպանման ապահովմանը՝ միաժամանակ բացառելով կարգապահական վարույթի օգտագործումը որպես դատական իշխանության կամ դատավորի անկախության նկատմամբ ազդեցության միջոց։ Այս առումով, դատավորի կարգապահական պատասխանատվության ինստիտուտը նպատակ ունի ապահովելու դատավորի պատասխանատվության և դատական իշխանության անկախության միջև անհրաժեշտ հավասարակշռությունը։

Այլ կերպ ասած՝ թեև կարգապահական վարույթի անմիջական առարկան դատավորի վարքագծի գնահատումն է, սակայն կարգապահական վարույթի նշանակությունը չի սահմանափակվում միայն կոնկրետ դատավորի պատասխանատվության հարցով. դրա նպատակը նաև դատական իշխանության անկախության, հեղինակության և հասարակության վստահության ապահովումն է։ Ուստի կարգապահական վարույթը չի կարող դիտարկվել որպես վարույթ հարուցած մարմնի և դատավորի միջև ծագած իրավական վեճ։ Կարգապահական վարույթն իր բնույթով հանրային-իրավական վարույթ է, քանի որ դրա նպատակը ոչ թե մասնավոր շահերի պաշտպանությունն է, այլ դատական իշխանության պատշաճ գործունեության, անկախության և հեղինակության ապահովումը։

Վերոնշյալով պայմանավորված՝ Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդություն ներկայացվելուց հետո դրա հետագա ճակատագիրն այլևս կախված չէ վարույթ հարուցած մարմնի կամքից, քանի որ այդ փուլից սկսած դատավորի կարգապահական պատասխանատվության հարցի վերաբերյալ վերջնական իրավական գնահատական տալու լիազորությունը պատկանում է բացառապես Բարձրագույն դատական խորհրդին, որը տվյալ հարցը քննելիս հանդես է գալիս որպես դատարան։ Մասնավորապես, Օրենսգրքի 148-րդ հոդվածի 7-րդ մասով օրենսդիրը հստակ սահմանել է, որ Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված միջնորդությունը չի կարող հետ վերցվել։ Դատավորի կարգապահական պատասխանատվության հարցի վերջնական լուծումը վերապահված է Խորհրդի իրավասությանը, ինչը ենթադրում է գործի փաստական հանգամանքների և ապացույցների ինքնուրույն գնահատում։ Այդ իսկ պատճառով, սահմանադիրը ստեղծել է նշված գործառույթն իրականացնող բարձրագույն ատյան, սահմանել վերջինիս համար սահմանադրական մարմնի կարգավիճակ, օժտել անկախության անհրաժեշտ երաշխիքներով և որպես սահմանադրական հիմնական առաքելություն սահմանել դատարանների և դատավորների անկախության երաշխավորումը:

Եթե օրենսդիրը նպատակ ունենար միջնորդության ճակատագիրը թողնել վարույթ հարուցած մարմնի հայեցողությանը, ապա կսահմաներ նաև միջնորդությունից հրաժարվելու կամ այն հետ վերցնելու հնարավորություն։ Սակայն նման լիազորության բացակայությունը վկայում է այն մասին, որ միջնորդությունը Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացվելուց հետո դրա հետագա ընթացքն այլևս կախված չէ վարույթ հարուցած մարմնի կամարտահայտությունից։

Միաժամանակ օրենսդիրը Օրենսգրքի 151-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսել է, որ այն դեպքում, երբ կարգապահական վարույթի նյութերը Բարձրագույն դատական խորհուրդ ուղարկելուց հետո վարույթ հարուցած մարմնին հայտնի են դարձել հանգամանքներ, որոնք բարելավում են դատավորի վիճակը կամ բացառում նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելը, վարույթ հարուցած մարմինը պարտավոր է այդ մասին հայտնել Բարձրագույն դատական խորհրդին:

Նշված նորմի բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը տարբերակել է միջնորդությունը հետ վերցնելու իրավասությունը և նոր հանգամանքների մասին Խորհրդին տեղեկացնելու պարտականությունը։ Այսինքն՝ վարույթ հարուցած մարմինը չի կարող որոշել միջնորդության ճակատագիրը, սակայն պարտավոր է Խորհրդին ներկայացնել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ գնահատման համար անհրաժեշտ բոլոր տվյալները, այդ թվում՝ դատավորի պատասխանատվությունը բացառող կամ վիճակը բարելավող հանգամանքները։

Ընդ որում, «դատավորի պատասխանատվությունը բացառող հանգամանք»-ի մասին Խորհրդին հայտնելու վերաբերյալ իրավակարգավորումն օրենսդիրը սահմանել է ոչ թե որպես փաստի ուղղակի արձանագրման կառուցակարգ, այլ որպես նշված տեղեկատվությունը Խորհրդին հայտնելու պարտականություն՝ այն Խորհրդի կողմից քննարկման առարկա դարձնելու և դրան իրավական գնահատական տալու նպատակով: Հակառակ պարագայում, օրենդիրը պետք է սահմաներ նաև այդպիսի հանգամանքների բարձրաձայնման հիմքով կարգապահական վարույթը կարճելու կամ միջնորդությունը մերժելու իրավական կառուցակարգեր, որոնք բացակայում են: Ավելին, նշվածն ակնհայտ է դառնում նաև Օրենսգրքի 151-րդ հոդվածով սահմանված Բարձրագույն դատական խորհրդում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ընթացքի վերաբերյալ օրենսդրի կողմից նախանշված գործողությունների հերթականության տրամաբանությունից (վարույթ հարուցած մարմնի զեկուցում, դատավորի կամ նրա փաստաբանի ելույթներ, հարց ու պատասխան, նյութերի հետազոտում և այլն), ինչպես նաև Օրենսգրքի 148-րդ հոդվածի 7-րդ մասի իրավակարգավորումից, այն է՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշումը Բարձրագույն դատական խորհուրդ ուղարկելու պահից կարգապահական վարույթ հարուցող մարմինը այն չի կարող հետ վերցնել:

Տվյալ դեպքում Խորհրդում 11.05.2026 թվականի դատական նիստի՝ դռնփակ մասի ընթացքում Դատավորը ներկայացրել է իր և Էդգար Ղազարյանի, ինչպես նաև իր քրոջ և Էդգար Ղազարյանի միջև բջջային հավելվածի միջոցով տեղի ունեցած գրագրությունների արտատպվածքներ, որոնց ուսումնասիրությունից հետո Նախարարի ներկայացուցիչը հայտարարել է, որ ստացված ապացույցներում ներառված տեղեկությունները Լիազոր մարմինը գնահատում է, որպես Դատավորի պատասխանատվությունը բացառող հանգամանքներ:

Քննության առնելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը՝ Խորհուրդը որոշել է ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, մերժել՝ արձանագրելով հետևյալը․ «Սույն գործի փաստերի համաձայն՝ Միջնորդության հիմքում Նախարարը դրել է թվով 5 հիմք փաստական հանգամանքներ, իսկ Խորհրդում 11.05.2026 թվականի դատական նիստի՝ դռնփակ հատվածի ընթացքում Դատավորի ներկայացրած՝ իր և հաղորդում ներկայացրած անձ Էդգար Ղազարյանի, ինչպես նաև իր քրոջ և Էդգար Ղազարյանի միջև բջջային հավելվածի միջոցով տեղի ունեցած գրագրությունների արտատպվածքների ուսումնասիրությունից հետո Նախարարի ներկայացուցիչը հայտարարել է, որ ստացված ապացույցներում ներառված տեղեկությունները Լիազոր մարմինը գնահատում է որպես Դատավորի պատասխանատվությունը բացառող հանգամանքներ (տե՛ս, հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները):

Շարադրված իրավական վերլուծությունների և վկայակոչված փաստերի համադրման արդյունքում Խորհուրդն արձանագրում է, որ Միջնորդության հիմքում վարույթ հարուցած մարմնի կողմից դրված թվով հինգ փաստական հանգամանքները, որոնք, ըստ վերջինիս նախնական դիրքորոշման, հիմք են հանդիսացել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, այլևս հերքված են հենց վարույթ հարուցող և Միջնորդություն ներկայացնող մարմնի կողմից։ Մասնավորապես, վերջինիս ներկայացուցիչը, ծանոթանալով Դատավորի կողմից ներկայացված լրացուցիչ ապացույցներին, Օրենսգրքի 151-րդ հոդվածի 2-րդ մասի վկայակոչմամբ, ըստ էության չպնդելով ներկայացված Միջնորդության հիմքերը, Խորհրդին հայտնել է դատավորի կարգապահական պատասխանատվությունը բացառող համապատասխան հանգամանքի առկայության մասին՝ ապացույցներում ներառված տեղեկությունները գնահատելով որպես ներկայացված միջնորդության հիմքում դրված փաստական հանգամանքները հերքող և դատավորի կարգապահական պատասխանատվությունը բացառող հանգամանք։

Նման պայմաններում հաշվի առնելով վերը շարադրված, ինչպես նաև Խորհրդի 07062021 թվականի թիվ ԲԴԽ-16-Ո-Կ-06, 08072021 թվականի թիվ ԲԴԽ-36-Ո-Կ-13 և թիվ ԲԴԽ-36-Ո-Կ-14 որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումներն ու մեկնաբանությունները, դրանցից շեղվելու համար ծանրակշիռ հանգամանքների բացակայությունը և դրանք դիտարկելով վկայակոչված փաստական հանգամանքների լույսի ներքո, Խորհուրդն արձանագրում է, որ տվյալ դեպքում բացակայում է Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքը, հետևաբար Միջնորդությունը ենթակա է մերժման։»։

Խորհրդի որոշման բովանդակությունից հետևում է, որ Խորհուրդը փաստացի վճռորոշ նշանակություն է տվել ոչ թե ներկայացված ապացույցների ինքնուրույն գնահատմանը, այլ վարույթ հարուցած մարմնի ներկայացուցչի կողմից դրանց տրված գնահատականին։ Խորհուրդը սահմանափակվել է արձանագրելով, որ Լիազոր մարմնի ներկայացուցիչը ներկայացված նոր տեղեկությունները գնահատել է որպես դատավորի պատասխանատվությունը բացառող հանգամանք, և այդ հանգամանքը դիտարկել է որպես Միջնորդության մերժման միակ հիմք։ Սակայն նման մոտեցումը չի բխում ո՛չ Օրենսգրքի 151-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից, ո՛չ Օրենսգրքում առկա այլ իրավակարգավորումների համակարգային վերլուծությունից, ո՛չ էլ Խորհրդի՝ որպես դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը քննող դատարանի գործառույթից, քանի որ պատասխանատվությունը բացառող հանգամանքի առկայության վերաբերյալ վերջնական իրավական գնահատականը պետք է տրվի հենց Խորհրդի կողմից՝ անկախ վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումից։ Այդ գնահատումը պետք է իրականացվի կարգապահական վարույթի նյութերի, Խորհրդում գործի քննության ընթացքում ձեռք բերված տվյալների, ներկայացված ապացույցների, ինչպես նաև վարույթի մասնակիցների դիրքորոշումների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա։ Ընդ որում, վարույթ հարուցած մարմնի ներկայացուցչի դիրքորոշումը կարող է հաշվի առնվել որպես վարույթի ընթացքում արտահայտված դիրքորոշում, սակայն ինքնին չի կարող կանխորոշել Խորհրդի իրավական գնահատականը, քանի որ հակառակ պարագայում, Լիազոր մարմինը կստանձնի «դատարանի» գործառույթ և այսուհետ վարույթ հարուցող մարմնի գործառույթներից բացի, կիրականացնի նաև կարգապահական պատասխանատվությունից «ազատող» մարմնի գործառույթ, ինչն ուղղակիորեն հակասում է սահմանադրի կամքին և դատավորների կարգապահական պատասխանատվության վերաբերյալ ընդունված բազմաթիվ միջազգային չափանիշներին: Այսպես, Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի թիվ 3 (2002) կարծիքից հետևում է, որ մի կողմից՝ դատավորի դեմ ներկայացված բողոքներն ստանալու, կարգապահական վարույթ հարուցելու իրավասությունը, մյուս կողմից՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու իրավասությունը պետք է իրականացվեն առանձին մարմինների կողմից (դատավորների խորհրդի տարբեր ստորաբաժանումների կամ տարբեր մարմինների կողմից)1: Արևելյան Եվրոպայում, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում դատական անկախության վերաբերյալ կիևյան հանձնարարականներից (Կիևյան հանձնարարականներ) հետևում է, որ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցող և դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վերջնական որոշում կայացնող մարմինները չպետք է նույնը լինեն, որպեսզի երաշխավորվի վերջիններիս անկախությունը2։

Տվյալ դեպքում, վարույթ հարուցած մարմինը կարող է միայն ներկայացնել իր գնահատմամբ դատավորի համար բարենպաստ հանգամանքները և դրանցից ելնելով հայտնել իր փոփոխված դիրքորոշման մասին։ Սակայն այդ հանգամանքների իրավական նշանակության, դրանց արժանահավատության և ապացուցողական արժեքի վերջնական գնահատումը վերապահված է բացառապես Բարձրագույն դատական խորհրդին։

Ինչպես արդեն նշվեց, Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված միջնորդությունը հետ վերցնելու կամ դրա հիմքերը չպնդելու լիազորություն օրենսդիրը վարույթ հարուցած մարմնին չի վերապահել, ավելին՝ սահմանել է ուղղակի արգելք կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշումը Բարձրագույն դատական խորհուրդ ուղարկելու պահից այն հետ վերցնելու վերաբերյալ: Նշված իրավակարգավորումը նպատակ է հետապնդում ապահովել դատավորների անկախությունը վարույթ հարուցող մարմինների կողմից անհարկի «ազդեցություններից», ինչպես նաև ստեղծել կառուցակարգեր այդ «ազդեցություններից» սահմանադրի կողմից ստեղծված «անկախության երաշխավոր հանդիսացող» բարձրագույն մարմնում պաշտպանվելու հնարավորությամբ: Միևնույն ժամանակ, դատավորի վիճակը բարելավող կամ նրա պատասխանատվությունը բացառող հանգամանքների մասին Բարձրագույն դատական խորհրդին տեղեկացնելը ինքնին չի կանխորոշում միջնորդության հիմքում դրված փաստական հանգամանքների իրավական գնահատականը և չի կարող փոխարինել Բարձրագույն դատական խորհրդի կողմից տրվելիք վերջնական իրավական գնահատականին։

Բարձրագույն դատական խորհուրդը, հանդես գալով որպես դատարան, պարտավոր էր վարույթ հարուցած մարմնի ներկայացրած նոր դիրքորոշումն ու լրացուցիչ տեղեկությունները դիտարկել որպես գործի քննության ընթացքում ներկայացված տվյալներ և գնահատել դրանք գործի փաստական հանգամանքների, առկա ապացույցների, դատավորի բացատրությունների և վարույթի ընթացքում ձեռք բերված այլ տեղեկությունների համակցությամբ։ Այլ կերպ ասած՝ ներկայացված տեղեկությունները և վարույթ հարուցած մարմնի նոր դիրքորոշումը կարող էին հաշվի առնվել Խորհրդի վերջնական իրավական գնահատականի ձևավորման ընթացքում, սակայն չէին կարող կանխորոշել Խորհրդի վերջնական եզրահանգումը կամ փոխարինել ապացույցների և գործի հանգամանքների վերաբերյալ Խորհրդի ինքնուրույն գնահատմանը։

Հետևաբար, տվյալ դեպքում Խորհուրդը պետք է ոչ թե սահմանափակվեր արձանագրելով, որ վարույթ հարուցած մարմինը վերագնահատել է Միջնորդության հիմքում դրված փաստական հանգամանքների իրավական նշանակությունը, այլ իրականացներ գործում առկա ապացույցների, ներկայացված բացատրությունների և վարույթի ընթացքում ձեռք բերված այլ տվյալների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ու գնահատում։ Միայն այդպիսի գնահատման արդյունքում Խորհուրդը կարող էր հանգել կարգապահական պատասխանատվության հիմքի առկայության կամ բացակայության վերաբերյալ սեփական և ինքնուրույն եզրահանգման։

Միայն նման մոտեցման պայմաններում հնարավոր կլիներ պատշաճ կերպով իրականացնել Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատարանի գործառույթը և պահպանել օրենսդրի կողմից սահմանված այն կառուցակարգը, որի համաձայն՝ դատավորի կարգապահական պատասխանատվության հարցի վերջնական լուծումը վերապահված է ոչ թե վարույթ հարուցած մարմնին, այլ բացառապես Բարձրագույն դատական խորհրդին։ Հետևաբար, միջնորդության մերժումը կամ բավարարումը պետք է հիմնված լիներ ոչ թե վարույթ հարուցած մարմնի ներկայացրած գնահատականի վրա, այլ գործում առկա բոլոր ապացույցների, փաստական տվյալների և վարույթի ընթացքում ձեռք բերված տեղեկությունների համադրման և ինքնուրույն գնահատման արդյունքում Խորհրդի կողմից ձևավորված իրավական եզրահանգման վրա։

Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով սույն Կարծիքում տեղ գտած վերլուծությունները, գտնում ենք, որ Արդարադատության նախարարի 2026 թվականի ապրիլի 8-ի թիվ 33-Ա որոշմամբ ներկայացված միջնորդությունը պետք է քննվեր ըստ էության, որը հնարավորություն կտար բովանդակային քննարկման առարկա դարձել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանի արարքում խախտման փաստի առկայության կամ բացակայության հարցը, և համապատասխանաբար կայացնել Միջնորդությունը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ որոշում:

 

____________________

1 Մանրամասն տես՝ https://rm.coe.int/488022c2b0:

Խորհրդի անդամներ`

 

 

 

Ա. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Ե. ԹՈՒՄԱՆՅԱՆՑ

Կ. ԹՈՒՄԱՆՅԱՆ

Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հունիսի 2026 թվական: