ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 29-Ի ԹԻՎ 3-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 8-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.06.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.05.25-2026.06.07 Պաշտոնական հրապարակման օրը 02.06.2026
Ընդունող մարմին
Ներքին գործերի նախարար
Ընդունման ամսաթիվ
29.05.2026
Ստորագրող մարմին
Ներքին գործերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
29.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.06.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

«29» մայիսի 2026 թ․

ԹԻՎ 8-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 29-Ի ԹԻՎ 3-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2024 թվականի փետրվարի 29-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը սահմանելու մասին» թիվ 3-Ն հրամանի (այսուհետ՝ hրաման) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ղեկավարվելով «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի 44-րդ հոդվածի 7-րդ մասով և «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի 85.34-րդ հոդվածի 7-րդ մասով՝»։

2. Հրամանով սահմանված N 2 հավելվածի՝

1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«2․ Նախարարության կարգապահական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) Նախարարությունում մշտապես գործող մարմին է, որը՝

1) քննում է ոստիկանության և փրկարարական ծառայողների (այսուհետ՝ ծառայող) կողմից կատարված կոպիտ խախտումների վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների նյութերը, գնահատում է ծառայողների գործողությունների իրավաչափությունը և դրանց վերաբերյալ ընդունում է համապատասխան որոշումներ․

2) իրականացնում է Նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության (այսուհետ՝ Վարչություն) ծառայողների կողմից ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ ծառայողական լիազորություններն անցնելու կամ կարգապահական խախտումների դեպքերով ծառայողական քննություն։»․

2) 2-րդ կետից հետո լրացնել նոր 2․1-ին կետ հետևյալ խմբագրությամբ․

«2․1․ Սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված ծառայողական քննության նկատմամբ վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառվում են «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի 6-11-րդ գլուխների կարգավորումները։»․

3) 5-րդ կետում «Նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունն է (այսուհետ` Վարչություն)» բառերը փոխարինել «Վարչությունն է» բառերով․

4) ողջ տեքստից հանել «ոստիկանության» բառը․

5) 55-րդ կետում՝

ա․ 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«2) միջնորդել ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձին՝ ծառայողին ազատել կարգապահական պատասխանատվությունից կամ կիրառել ավելի մեղմ կարգապահական տույժ, եթե՝

ա․ ծառայողն ընդունել է իր մեղավորությունը և ներողություն է խնդրել կարգապահական խախտման հետևանքով տուժած անձից կամ աշխատանքային գործընկերներց կամ կամավոր հատուցել է խախտմամբ պատճառված վնասը,

բ. ծառայողը նպաստել է առավել ծանր խախտումների հայտնաբերմանն ու բացահայտմանը։»․

բ․ 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«3) միջնորդել ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձին՝ դադարեցնել ծառայողական քննությունը, եթե՝ կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ծառայողի արարքում բացակայում են կարգապահական խախտման հատկանիշները,»․

գ․ 4-րդ ենթակետի «։» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով և լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր 5-րդ ենթակետ․

«5) հետաձգել ծառայողական քննության նյութերի և դրա արդյունքներով կազմված եզրակացության քննարկումը, եթե անհրաժեշտ է՝

ա. ձեռք բերել լրացուցիչ փաստական տվյալներ,

բ. հետազոտել կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող ծառայողի լրացուցիչ ներկայացրած փաստական տվյալները,

գ. լսել այլ անձանց կամ ծառայողական քննության մասնակիցներին։»․

 6) 59-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 «59. Հանձնաժողովի կողմից կայացվող որոշումները հրապարակվում են լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում:»։

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Ա. Սարգսյան

 

«29» մայիսի 2026 թ.

ք․ Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հունիսի 2026 թվական: