ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հունիսի 2020 թվականի N 914-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 731, 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 125 ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1106-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի և 29-րդ հոդված 1-ին մասի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) պետական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքը վարձակալության տրամադրելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքը վարձակալության տրամադրելու կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) պետական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության տրամադրման մրցույթի կազմակերպման և անցկացման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի:
4) (ենթակետն ուժը կորցրել է 27.05.26 N 765-Ն)
(1-ին կետը փոփ. 27.05.26 N 765-Ն)
2. Պետական կառավարման համակարգի մարմինների (այսուհետ՝ պետական մարմիններ) տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքը (բացառությամբ՝ պաշտպանական, սահմանային, քաղաքացիական պաշտպանության ռազմարդյունաբերության, ինչպես նաև ազգային անվտանգության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի տիրապետմանը և օգտագործմանը հանձնված պետական գույքը, որն իր նշանակությամբ նախատեսված է գաղտնի աշխատանքների կատարման համար), ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ կազմակերպություն), պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ ընկերություն) և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքը (այսուհետ՝ պետական գույք) տրամադրվում է վարձակալության՝ հրապարակային սակարկություններով (մրցույթ կամ էլեկտրոնային աճուրդ) կամ ուղղակի եղանակով, եթե՝
1) տվյալ գույքը պետական մարմինների, կազմակերպությունների, ընկերությունների և հիմնադրամների կողմից չի օգտագործվում կամ՝
2) պետական գույքի կառավարման լիազոր մարմինը գտնում է, որ տվյալ գույքի օգտագործումը չի համապատասխանում իրենց կանոնադրական գործառույթներին և առաջարկվել է տրամադրել վարձակալության.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ։
(2-րդ կետը փոփ. 27.05.26 N 765-Ն)
3. Պետական մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքն ուղղակի ձևով, մրցույթով կամ էլեկտրոնային աճուրդով վարձակալության տրամադրման գործընթացը կազմակերպում և անցկացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ՝ կոմիտե)։
(3-րդ կետը լրաց. 27.05.26 N 765-Ն)
4. Սահմանել, որ կազմակերպություններին, ընկերություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքը կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի, իսկ Երևանի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպություններում՝ Երևանի քաղաքապետի, ընկերության բաժնետոմսերի կառավարման պետական մարմնի և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համաձայնությամբ՝ մինչև հինգ տարի ժամկետով վարձակալության է տրամադրվում կոմիտեի նախագահի հրամանով (բացառությամբ սույն որոշման 8․1-ին կետով և N 2 հավելվածի 3-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված դեպքերի), իսկ հինգ տարվանից ավելի ժամկետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ներկայացմամբ։
(4-րդ կետը լրաց. 27.05.26 N 765-Ն)
5․ Սահմանել, որ կոմիտեին են վերապահվում՝
1) պետական գույքի ուղղակի ձևով, մրցույթով և աճուրդով վարձակալության տրամադրումը, ինչպես նաև վարձակալության տրամադրման նպատակով էլեկտրոնային աճուրդների և մրցույթների կազմակերպումն ու անցկացումը (բացառությամբ սույն որոշման 8․1-ին կետով նախատեսված դեպքերի)։ Ընդ որում՝ աճուրդն իրականացվում է բացառապես էլեկտրոնային համակարգի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1667-Ն որոշման համաձայն․
2) պետական գույքի վարձակալության պայմանագրերի կնքումը և պայմանագրային պարտավորությունների կատարման վերահսկումը (բացառությամբ սույն որոշման 8․1-ին կետով նախատեսված դեպքերի)։ Ընդ որում՝ վերահսկումն իրականացվում է պայմանագրով նախատեսված կարգով ու ժամկետներում վարձակալի կողմից ներկայացված հաշվետվությունների կամ պայմանագրային պարտավորությունների կատարումը հիմնավորող փաստաթղթերի, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում տեղում կատարվող ուսումնասիրության արդյունքների հիման վրա.
3) պետական գույքի վարձակալության պայմանագրերի հաշվառումը (բացառությամբ սույն որոշման 8․1-ին կետով նախատեսված դեպքերի).
4) գույքի վարձակալության պայմանագրի պատճենի տրամադրումը պետական մարմնին, որի տիրապետմանը և օգտագործմանն է հանձնված (ամրացված) վարձակալության տրամադրված գույքը, կազմակերպությունների, ընկերությունների, հիմնադրամների դեպքում վարձակալության պայմանագրի պատճենի տրամադրումը վերջիններիս կառավարումն իրականացնող լիազոր պետական մարմնին (բացառությամբ սույն որոշման 8․1-ին կետով նախատեսված դեպքերի).
5) կազմակերպությանը, ընկերությանը և հիմնադրամին անհատույց օգտագործման տրամադրված գույքը մինչև հինգ տարի ժամկետով վարձակալության տրամադրման դեպքում՝ վարձակալության տրամադրվող անշարժ գույքը կազմակերպությունից, ընկերությունից և հիմնադրամից հետ վերցնելու իրավասությունները (բացառությամբ սույն որոշման 8․1․ կետով նախատեսված դեպքերի):
(5-րդ կետը խմբ. 27.05.26 N 765-Ն)
6. (կետն ուժը կորցրել է 27.05.26 N 765-Ն)
7. Պետական մարմինների ղեկավարներին՝ պետական մարմնին ամրացված գույքից չօգտագործվող տարածք առաջանալու դեպքում, եթե այն իր կանոնադրական գործառույթներին համապատասխան չի օգտագործվում, վարձակալության տրամադրման նպատակով 10 աշխատանքային օրվա ընթացքում կոմիտե ներկայացնել տեղեկատվություն, որը պետք է ներառի՝
1) գույքի վարձակալության տրամադրման նպատակահարմարության վերաբերյալ հիմնավորումը, այդ թվում` սահմանափակումները և վարձակալության տրամադրվող տարածքի օգտագործման նպատակը, եթե այդպիսին առկա է, ինչպես նաև տեղեկատվություն նշված տարածքը պետական մարմնի կողմից չօգտագործվելու մասին.
2) վարձակալության տրամադրվող գույքի նկարագիրը՝ ներառյալ գտնվելու վայրը, մակերեսը, հարկը, վիճակը և վարձակալության առաջարկվող ժամկետը, համապատասխան հիմնավորմամբ, ինչպես նաև առկայության դեպքում՝ ամսական վարձավճարի վերաբերյալ գրավոր առաջարկությունը.
3) վարձակալության տրամադրվող անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, ինչպես նաև վարձակալության տրամադրվող անշարժ գույքի (տարածքի) հատակագիծը.
4) չօգտագործվող գույքն իր կանոնադրական գործառույթների իրականացման նպատակով օգտագործելու դեպքում՝ գույքի վերաբերյալ սույն կետում նախատեսված տվյալները և համապատասխան ձևով օգտագործման հիմնավորումը։
8. Սույն որոշմամբ սահմանված ձևերով վարձակալության տրամադրվող գույքի ամսական վարձակալական վճարների մեծությունը որոշվում է շուկայական գնահատմամբ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից՝ իր կանոնադրությամբ սահմանված գործառույթների շրջանակներում և որակավորում ունեցող անկախ գնահատողի կողմից։
Կազմակերպություններում կրթական, մշակութային, սպորտային խմբակների և սովորողների սննդի կազմակերպման համար տարածքներն իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին վարձակալության տրամադրման դեպքում՝ վարձակալական վճարի մեծության նկատմամբ կիրառվում է զեղչ՝ տվյալ տարածքի շուկայական գնահատված արժեքի 50 տոկոսի չափով, իսկ պետական գույքի վարձակալների կողմից ներդրումային պարտավորություն ստանձնված չլինելու, սակայն ներդրումներ կատարված լինելու դեպքում՝ վարձակալության պայմանագրի վերակնքման ժամանակ վերակնքման ամբողջ ժամանակահատվածի վարձավճարի գումարային մեծության նկատմամբ (զեղչվում է վերակնքված պայմանագրի ամսական վարձավճարից համամասնորեն նվազեցվելու եղանակով) կիրառվում է զեղչ՝ կատարված ներդրումների չափով, բայց ոչ ավել, քան տվյալ պահի դրությամբ գնահատված ամսական վարձակալական վճարի 30 տոկոսը, որի կիրառման արդյունքում ամսական վարձավճարի մեծությունը չի կարող պակաս լինել գործող պայմանագրով սահմանված ամսական վարձավճարի մեծությունից։
(8-րդ կետը լրաց. 27.05.26 N 765-Ն)
8․1․ Սահմանել, որ ուսումնական (հանրակրթական, մասնագիտական ուսումնական, արտադպրոցական դաստիարակության, մանկապատանեկան մարզական ուսումնական, բարձրագույն ուսումնական), մարզական, գիտական և մշակութային կազմակերպություններում սննդի կազմակերպման նպատակով առանձնացված տարածքները, ինչպես նաև բանկոմատների, վճարային տերմինալների, սուրճի, հյութի, սննդի և այլ նմանատիպ ապրանքների վաճառքի ավտոմատացված սարքերի տեղադրման նպատակով տարածքները վարձակալության են տրամադրում տվյալ կազմակերպությունը, ընկերությունը և հիմնադրամը՝ ուղղակի եղանակով, իրենց կողմից իրականացված մրցույթի արդյունքում ընտրված տնտեսավարող սուբյեկտ(ներ)ին։ Ընդ որում՝ նշված դեպքում պայմանագիրը կնքվում է կազմակերպության, ընկերության և հիմնադրամի հետ՝ առանց գույքը կազմակերպությունից, ընկերությունից և հիմնադրամից հետ վերցնելու։
(8.1-ին կետը լրաց. 27.05.26 N 765-Ն)
9. (կետն ուժը կորցրել է 27.05.26 N 765-Ն)
10. Սույն որոշման համաձայն վարձակալության հանձնված գույքի վարձակալական վճարներից ստացված դրամական միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
11. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` կազմակերպություններին, ընկերություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված տարածքների վարձակալությունից մուտքագրված միջոցների 20 տոկոսը տվյալ բյուջետային տարվա վերջում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված, Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից լիազոր մարմնի ներկայացմամբ, որպես կազմակերպություններին, ընկերություններին և հիմնադրամներին իրենց կանոնադրական գործառույթների իրականացման համար լրացուցիչ հատկացում, տրամադրել կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնին` համապատասխան կազմակերպությանը, ընկերությանը և հիմնադրամին փոխանցելու համար:
12. Կազմակերպությունների և հիմնադրամների կառավարումն իրականացնող իրավասու մարմինների ղեկավարներին՝ սույն որոշման 10-րդ և 11-րդ կետերով սահմանված դրույթների պահանջներից ելնելով՝ համապատասխան փոփոխություններ կատարել իրենց ենթակայության կազմակերպությունների և հիմնադրամների կանոնադրություններում:
13․ Սույն որոշումը չի կանոնակարգում՝
1) կազմակերպություններին, ընկերություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքը, օգտագործման իրավունքի մասին պայմանագրերին համապատասխան, մինչև 15 օր ժա մավճարով (ընդ որում՝ նշված ժամկետը 1 տարվա մեջ յուրաքանչյուր օգտագործողի (տնտեսավարողի) մասով չի կարող գերազանցել 60 օրացուցային օրը), իսկ արտադպրոցական ծրագրեր իրականացնող պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին՝ առանց ժամկետային սահմանափակման, ինչպես նաև թատերահամերգային գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից երրորդ անձանց կրթամշակութային, թատերահամերգային միջոցառում իրականացնելու համար տրամադրվող տարածքների օգտագործման և ծառայությունների մատուցման գործընթացը։ Ընդ որում՝ նշված գործընթացը կանոնակարգում է տվյալ մարմնի կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի ղեկավարը (Երևանի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպություններում՝ Երևանի քաղաքապետը)․
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի «Պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 385-Ն որոշմամբ հաստատված ցուցակում ընդգրկված հուշարձանների և դրանց զբաղեցրած պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության տրամադրման գործընթացը։
(13-րդ կետը խմբ. 27.05.26 N 765-Ն)
14․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել պետական սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների վարձակալության պայմանագրերի տիպային օրինակելի ձևը՝ դրանցում սահմանելով դրույթ, որի համաձայն սույն որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված վարձավճարի նվազագույն մեծության փոփոխման (ավելացման) դեպքում վարձատուի պահանջով վարձավճարի չափը ենթակա է վերահաշվարկման:
15. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող տարածքների վարձակալության տրամադրման համար կնքված վարձակալության պայմանագրերը գործում են մինչև պայմանագրերի ժամկետների ավարտը, իսկ տվյալ հարաբերությունները կարգավորող նոր պայմանագրերը կնքվում են սույն որոշմամբ սահմանված կարգերով:
16. Կոմիտեն իր իրավասությունների շրջանակներում սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգերին համապատասխանությունը պարզելու նպատակով կարող է իրականացնել կազմակերպություններին, ընկերություններին և հիմնադրամներին ամրացված գույքից վարձակալության տրամադրված գույքի ուսումնասիրություն ու հայտնաբերված թերությունները տեղեկացնել լիազոր մարմնին և իրականացնել օրենսդրությամբ սահմանված քայլեր։
17. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը լիազորություններ տալու մասին» N 731, 2001 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի վարձակալության, ինչպես նաև մինչև մեկ տարի ժամկետով պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքի վարձակալության տրամադրման գործընթացը կանոնակարգելու մասին» N 125 և 2013 թվականի հոկտեմբերի 3-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքը մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալության տրամադրելու կարգը, մրցույթի և աճուրդի կազմակերպման ու անցկացման կարգը հաստատելու մասին» N 1106-Ն որոշումները։
18. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
2020 թ. հունիսի 8 Երևան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ (ԱՄՐԱՑՎԱԾ) ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են պետական կառավարման համակարգի մարմինների (այսուհետ՝ պետական մարմին) տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի վարձակալության տրամադրման հետ կապված հարաբերությունները, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:
2. Պետական մարմիններին ամրացված գույքը, եթե բավարարում է սույն որոշման 2-րդ կետով սահմանված պահանջներին, կարող է վարձակալությամբ տրամադրվել ուղղակի ձևով, մրցույթով կամ էլեկտրոնային աճուրդով:
(2-րդ կետը լրաց. 27.05.26 N 765-Ն)
3. Պետական մարմնին ամրացված գույքը կարող է ուղղակի ձևով վարձակալության տրամադրվել՝
1) տվյալ գույքի վարձակալին (այսուհետ՝ վարձակալ), որը պատշաճ, բարեխիղճ կատարել է վարձակալության պայմանագրով նախատեսված պարտավորությունները և գույքի վարձակալության ժամկետը երկարաձգելու համար վարձակալության պայմանագրի ժամկետը լրանալուց ոչ ուշ քան 1 ամիս առաջ ներկայացրել է վարձակալության պայմանագիրը վերակնքելու հայտ.
1․1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման համաձայն կնքված գույքի անհատույց օգտագործման պայմանագրով տվյալ գույքը զբաղեցրած այն սուբյեկտներին, որոնք իրենց կողմից ներկայացված ծրագրով (նախատեսված լինելու դեպքում) և անհատույց օգտագործման պայմանագրով սահմանված պայմանները կատարել են, հանդիսացել են բարեխիղճ օգտագործող և գույքի անհատույց օգտագործման պայմանագրով սահմանված ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան 1 ամիս առաջ ներկայացրել են իրենց կողմից զբաղեցված գույքը վարձակալության տրամադրելու հայտ․
1․2) պետական մարմիններին ամրացված տարածքներում սննդի կազմակերպման նպատակով տարածքի տնօրինման լիազորությունն իրականացնող համապատասխան պետական մարմնի կողմից կազմակերպված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված տնտեսվարող սուբյեկտներին․
1․3) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած գործունեության կամ ներդրումային ծրագիր ներկայացրած իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։
2) (ենթակետն ուժը կորցրել է 27.05.26 N 765-Ն)
(3-րդ կետը լրաց., փոփ. 27.05.26 N 765-Ն)
4. Պետական մարմիններին ամրացված գույքը սույն կարգի 3-րդ կետով նախատեսված անձանց վարձակալության տրամադրման ժամկետները սահմանվում են՝
1) ներդրումային ծրագիր չներկայացվելու դեպքում՝ մինչև 5 տարի ժամկետով.
2) գույքի բարելավման նպատակով ներդրումային ծրագիր ներկայացնելու կամ վարձակալի կողմից նախկինում ներդրումներ կատարված լինելու դեպքում՝ առավելագույնը 10 տարի ժամկետով:
3) (ենթակետն ուժը կորցրել է 27.05.26 N 765-Ն)
(4-րդ կետը փոփ. 27.05.26 N 765-Ն)
5. Պետական մարմիններին ամրացված գույքի վարձակալության տրամադրման նպատակով՝ սույն կարգի 3-րդ կետով նախատեսված անձինք Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե (այսուհետ՝ կոմիտե) են ներկայացնում հայտ, որը պետք է ներառի՝
1) իրավաբանական անձանց համար՝ գրանցման և հիմնադիր փաստաթղթերի պատճենները.
2) քաղաքացիների համար՝ նույնականացման քարտի պատճենը կամ անձնագրի պատճենը.
3) անհատ ձեռնարկատիրոջ համար՝ անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը.
4) վարձակալության տրամադրվող գույքի օգտագործման նպատակը.
5) առաջարկություն վարձակալության ժամկետի մասին.
6) գույքի բարելավման նպատակով (ցանկության դեպքում) գործարար (ներդրումային) ծրագիր.
7) վարձակալության տրամադրվող գույքի ամսական վարձավճարի շուկայական գնահատված արժեքը՝ ըստ գնահատման մասին հաշվետվության, ընդ որում՝ հաշվետվությունը կազմելիս վարձակալի կողմից ներդրումային պարտավորություն ստանձնված չլինելու, սակայն ներդրումներ կատարված լինելու դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել կատարված ներդրումները՝ դրանց վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնելով նաև առանձնացված․
8) սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված վարձակալի կողմից ներդրումային պարտավորություն ստանձնված չլինելու, սակայն ներդրումներ կատարված լինելու դեպքում կատարված ներդրումների վերաբերյալ տեղեկատվությունը՝ դրանց կատարումը հավաստող փաստաթղթերով․
9) սույն կարգի 3-րդ կետի 1․2-րդ ենթակետով նախատեսված դեպքերում՝ նաև մրցույթի արդյունքների մասին արձանագրությունը․
10) սույն կարգի 3-րդ կետի 1․3-րդ ենթակետով նախատեսված դեպքում՝ գործունեության կամ ներդրումային ծրագիրը։
(5-րդ կետը լրաց. 27.05.26 N 765-Ն)
6. Կոմիտեի նախագահը սույն կարգի 5-րդ կետում նշված հայտը ստանալուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում այն ընդունելու կամ մերժելու մասին և 10 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին ծանուցում է պետական մարմնին, որին ամրացված է տվյալ գույքը և հայտը ներկայացնող անձին:
7. Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված անձանց կողմից սույն կարգի 5-րդ կետով նախատեսված հայտերում թերությունների առկայության դեպքում կոմիտեն 10 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան գրությամբ դրա մասին տեղեկացնում է հայտ ներկայացնող անձանց, որոնք գրությունը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կարող են շտկել հայտում առկա թերությունները:
8. Ներկայացված հայտը կոմիտեի կողմից մերժվում է, եթե՝
1) չեն ապահովվել սույն կարգի 5-րդ կետով նախատեսված պահանջները.
2) 10 տարի ժամկետով ուղղակի ձևով վարձակալության տրամադրման դեպքում՝ գույքի բարելավման համար գործարար (ներդրումային) ծրագիրը կամ վարձակալի կողմից նախկինում ներդրումներ կատարված լինելու մասին հավաստող փաստաթղթեր չեն ներկայացվել.
3) սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետում չեն շտկվել ներկայացված հայտում առկա թերությունները:
9. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված պայմանները բավարարող հայտն ստանալուց հետո կոմիտեն նախկին վարձակալի կամ անհատույց օգտագործողի հետ 30 աշխատանքային օրվա ընթացքում կնքում է գույքի վարձակալության պայմանագիր:
(9-րդ կետը փոփ. 27.05.26 N 765-Ն)
10․ Եթե պետական մարմինների կողմից ներկայացված հայտը պարունակում է ներդրումներ կատարելու պահանջ (բացառությամբ սույն կարգի 3-րդ կետով նախատեսված դեպքերի), ապա գույքը վարձակալության է տրամադրվում մրցույթով՝ որպես մրցույթի պարտադիր պայմաններ սահմանելով գույքի բարելավման համար անբաժանելի ներդրումների ծավալի մեծությունը, տվյալ ներդրումների կատարման ժամկետը և վարձակալական վճարի չափը: Պետական մարմիններին ամրացված գույքը մրցույթով վարձակալության տրամադրման առավելագույն ժամկետը սահմանվում է մինչև 10 տարի:
(10-րդ կետը խմբ. 27.05.26 N 765-Ն)
11․ Եթե պետական մարմինների կողմից ներկայացված հայտով գույքի վարձակալության համար որևէ պարտավորություն չի նախատեսվում բացի վարձավճարի չափից (բացառությամբ սույն կարգի 3-րդ կետով նախատեսված դեպքերի), ապա գույքը վարձակալության է տրամադրվում էլեկտրոնային աճուրդով: Պետական մարմիններին ամրացված գույքն էլեկտրոնային աճուրդով վարձակալության տրամադրման առավելագույն ժամկետը կարող է սահմանվել մինչև 5 տարի:
(11-րդ կետը խմբ. 27.05.26 N 765-Ն)
12. Կոմիտեն, սույն կարգի 10-րդ և 11-րդ կետերով նախատեսված հայտերը ստանալուց հետո, որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն, սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված կարգին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 28-ի N 1667-Ն որոշման համապատասխան, կազմակերպում ու անցկացնում է պետական գույքի վարձակալության տրամադրման մրցույթները և էլեկտրոնային աճուրդները։
(12-րդ կետը խմբ. 27.05.26 N 765-Ն)
13․ Սահմանել, որ՝
1) եթե էլեկտրոնային աճուրդը համարվում է չկայացած, ապա այդ դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարվում է հաջորդ աճուրդը.
2) էլեկտրոնային աճուրդով (մրցույթով) վարձակալության չտրամադրված պետական մարմիններին ամրացված գույքի մեկնարկային (վարձավճարի նվազագույն) գինը երկրորդ էլեկտրոնային աճուրդի (կամ մրցույթի) ժամանակ սահմանվում է առաջին աճուրդի մեկնարկային գնի 85 տոկոսի չափով, վարձակալության չտրամադրվելու դեպքում՝ երրորդ և հերթական էլեկտրոնային աճուրդի (աճուրդների) կամ մրցույթի (մրցույթների) ժամանակ մեկնարկային գինը սահմանվում է առաջին աճուրդի մեկնարկային գնի 70 տոկոսի չափով։
(13-րդ կետը խմբ. 27.05.26 N 765-Ն)
14. Յուրաքանչյուր կազմակերպվող էլեկտրոնային աճուրդից կամ մրցույթից հետո գույքը վարձակալության չտրամադրվելու դեպքում, մինչև հաջորդ էլեկտրոնային աճուրդը կամ մրցույթը կազմակերպելը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով սահմանված ժամկետը լրանալը, գույքի հավանական վարձակալները կարող են դիմել կոմիտե` տվյալ գույքի վարձակալության տրամադրման մասին իրավական ակտի համաձայն կազմակերպված վերջին էլեկտրոնային աճուրդի կամ մրցույթի համար սահմանված պայմաններով գույքը վարձակալելու համար: Ընդ որում՝ մրցույթի համար ներդրումային պայմաններ սահմանված լինելու դեպքում` հավանական վարձակալը պետք է ներկայացնի ներդրումների վերաբերյալ հստակ հիմնավորված թվային առաջարկություն: Հավանական վարձակալը պետք է ներկայացնի սույն կարգի 5-րդ կետով սահմանված հայտերը։
(14-րդ կետը լրաց. 27.05.26 N 765-Ն)
15. Կոմիտեն սույն կարգի 14-րդ կետում նշված պայմաններով գույքի վարձակալության վերաբերյալ հայտարարությունն իր պաշտոնական կայքում տեղադրելուց հետո, եթե ստացել է մեկ դիմում, իսկ մրցույթի դեպքում՝ նաև գործարար (ներդրումային) ծրագիր, ապա դիմումը ստանալուց հետո յոթերորդ աշխատանքային օրը կայացնում է որոշում այն ընդունելու կամ մերժելու մասին և մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է հավանական վարձակալին: Ընդ որում՝ դիմումն ընդունելու դեպքում՝ հավանական վարձակալին ներկայացնում է ուղղակի ձևով գույքը վարձակալելու վերաբերյալ գրավոր առաջարկություն:
16. Եթե սույն կարգի 15-րդ կետով նախատեսված դիմումը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում նույն գույքի վարձակալության համար ստացվել են մեկից ավելի դիմումներ, ապա կոմիտեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում է տվյալ գույքի էլեկտրոնային աճուրդը կամ մրցույթը:
(16-րդ կետը լրաց. 27.05.26 N 765-Ն)
17. Դիմումատուի կողմից սույն կարգի 14-րդ կետով նախատեսված փաստաթղթերը թերություններով ներկայացվելու դեպքում՝ կոմիտեն երեք աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան գրությամբ դրա մասին տեղեկացնում է դիմումատուին, որը գրությունը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում պետք է շտկի փաստաթղթերում առկա թերությունները:
18. Սույն կարգի 15-րդ և 16-րդ կետերի համաձայն ներկայացված դիմումը մերժվում է, եթե՝
1) չեն ներկայացվել սույն կարգի 14-րդ կետով նախատեսված փաստաթղթերը.
2) սույն կարգի 17-րդ կետով սահմանված ժամկետում չեն շտկվել ներկայացված փաստաթղթերում առկա թերությունները:
19. Սույն կարգի 18-րդ կետով նախատեսված հիմքերով դիմումների մերժման դեպքում՝ գործընթացը շարունակվում է սույն կարգի 14-18-րդ կետերով սահմանված պայմաններով:
(հավելվածը լրաց., փոփ., խմբ. 27.05.26 N 765-Ն)
|
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
|
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ կազմակերպություն), պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ ընկերություն) և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքի (այսուհետ՝ գույք) վարձակալության տրամադրման հետ կապված հարաբերությունները, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:
2. Կազմակերպությանը, ընկերությանը և հիմնադրամին ամրացված գույքը (բացառությամբ ուսումնական (հանրակրթական, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն) հաստատություններում կրթական, մշակութային, սպորտային խմբակների և սովորողների սննդի կազմակերպման համար տրամադրվող տարածքների), եթե պետական մարմինների կողմից իրենց կանոնադրական գործառույթներին համապատասխան չի օգտագործվում, ապա կարող է տրամադրվել վարձակալության՝ ուղղակի ձևով, մրցույթով կամ էլեկտրոնային աճուրդով:
(2-րդ կետը լրաց. 27.05.26 N 765-Ն)
3. Կազմակերպություններին, ընկերություններին և հիմնադրամներին ամրացված գույքն ուղղակի ձևով վարձակալության կարող է տրամադրվել՝
1) տվյալ պահին գույքի վարձակալ հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձին (այսուհետ՝ վարձակալ), որի հետ կնքված վարձակալության մասին պայմանագրի գործողության ժամկետը հայտ ներկայացնելու պահին ավարտված չէ, եթե բարեխիղճ վարձակալը կատարել է վարձակալության պայմանագրով նախատեսված պարտավորությունները և գույքի վարձակալության ժամկետը երկարաձգելու համար վարձակալության պայմանագրի ժամկետը լրանալուց ոչ ուշ քան 1 ամիս առաջ դիմել է կազմակերպությանը, ընկերությանը և հիմնադրամին։ Այս դեպքում՝
ա. վարձակալության պայմանագիրը կարող է երկարաձգվել մեկ անգամ՝ առավելագույնը նախկին պայմանագրով սահմանված ժամկետով՝ առանց գույքի բարելավման նպատակով գործարար (ներդրումային) ծրագիր ներկայացնելու,
բ. վարձակալի կողմից գույքի բարելավման նպատակով գործարար (ներդրումային) ծրագիր ներկայացնելու դեպքում վարձակալության առավելագույն ժամկետ սահմանվում է մինչև 10 տարի.
2) այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին (այսուհետ՝ անձ), որոնք տվյալ գույքի բարելավման նպատակով ներկայացրել են գործարար (ներդրումային) ծրագիր և դիմել կազմակերպությանը, ընկերությանը և հիմնադրամին։ Այս դեպքում վարձակալության ժամկետ սահմանվում է մինչև 10 տարի.
3) ուսումնական (հանրակրթական, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն) հաստատություններում կրթական, մշակութային, սպորտային խմբակների և սովորողների սննդի (այսուհետ՝ ոլորտ) կազմակերպման համար տարածքները վարձակալության են տրամադրվում նախապես տվյալ տարածքում նշված ոլորտներում համապատասխան գործունեության կազմակերպման իրավունք ունեցող անձանց.
4) (ենթակետն ուժը կորցրել է 27.05.26 N 765-Ն)
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի N 595-Ն որոշման համաձայն կնքված գույքի անհատույց օգտագործման պայմանագրով տվյալ գույքը զբաղեցրած այն սուբյեկտներին, որոնք իրենց կողմից ներկայացված ծրագրով (նախատեսված լինելու դեպքում) և անհատույց օգտագործման պայմանագրով սահմանված պայմանները կատարել են, հանդիսացել են բարեխիղճ օգտագործող և իրենց կողմից զբաղեցված գույքը վարձակալության տրամադրելու նպատակով գույքի անհատույց օգտագործման պայմանագրով սահմանված ժամկետը լրանալուց ոչ ուշ քան 1 ամիս առաջ դիմել են կազմակերպությանը, ընկերությանը և հիմնադրամին․
6) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած գործունեության կամ ներդրումային ծրագիր ներկայացրած իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։
(3-րդ կետը փոփ., լրաց. 27.05.26 N 765-Ն)
4. Կազմակերպությանը, ընկերությանը և հիմնադրամին անհատույց օգտագործման տրամադրված գույքն ուղղակի ձևով, մրցույթով կամ էլեկտրոնային աճուրդով վարձակալության տրամադրման նպատակով՝ կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի ղեկավարը, իսկ Երևանի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպություններում՝ Երևանի քաղաքապետը, կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի, բաժնետոմսերի կառավարման պետական մարմնի ղեկավարը՝ ընկերության գործադիր տնօրենի, հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հիմնադրամի տնօրենի առաջարկությամբ հայտ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե (այսուհետ՝ կոմիտե), որը պետք է ներառի՝
1) գույքի վարձակալության տրամադրման հիմնավորումը, սահմանափակումները և վարձակալության տրամադրվող գույքի օգտագործման նպատակը.
2) վարձակալության տրամադրվող գույքի նկարագիրը՝ ներառյալ գտնվելու վայրը, մակերեսը, հարկը, վիճակը և վարձակալության առաջարկվող ժամկետը՝ համապատասխան հիմնավորմամբ.
3) վարձակալության տրամադրվող անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը և վարձակալության տրամադրվող տարածքի հատակագիծը.
4) առկայության դեպքում՝ վարձավճարի չափի վերաբերյալ առաջարկությունը.
5) վարձակալության տրամադրվող գույքի ամսական վարձավճարի շուկայական գնահատված արժեքը՝ ըստ գնահատման մասին հաշվետվության, ընդ որում՝ հաշվետվությունը կազմելիս վարձակալի կողմից ներդրումային պարտավորություն ստանձնված չլինելու, սակայն ներդրումներ կատարված լինելու դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել կատարված ներդրումները՝ դրանց վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնելով նաև առանձնացված.
6) առկայության դեպքում՝ դիմումատուի վերաբերյալ տեղեկատվությունը.
7) վարձակալի կողմից ներդրումային պարտավորություն ստանձնված չլինելու, սակայն ներդրումներ կատարված լինելու դեպքում կատարված ներդրումների վերաբերյալ տեղեկատվությունը՝ դրանց կատարումը հավաստող փաստաթղթերով․
8) սույն կարգի 3-րդ կետի 5-րդ ենթակետում նշված դեպքերում՝ անհատույց օգտագործման պայմանագրի, պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենները․
9) սույն կարգի 3-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված դեպքում՝ գործունեության կամ ներդրումային ծրագիրը։
(4-րդ կետը լրաց. 27.05.26 N 765-Ն)
5. Սույն կարգի 4-րդ կետով նախատեսված հայտերում թերությունների առկայության դեպքում՝ կոմիտեն 10 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան գրությամբ դրա մասին տեղեկացնում է հայտ ներկայացնող լիազոր մարմնին, որը գրությունը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կարող է շտկել հայտում առկա թերությունները:
6. Կոմիտեի նախագահը սույն կարգի 4-րդ կետում նշված հայտը ստանալուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում որոշում է կայացնում այն ընդունելու կամ մերժելու մասին և 10 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնին, Երևանի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպություններում Երևանի քաղաքապետին, բաժնետոմսերի կառավարման պետական մարմնին և հիմնադրամների հոգաբարձուների խորհրդին: Ընդ որում՝ ներկայացված հայտը մերժվում է, եթե՝
1) չեն ապահովվել սույն կարգի 4-րդ կետով նախատեսված պահանջները.
2) մինչև 10 տարի ժամկետով ուղղակի ձևով վարձակալության դեպքում չի ներկայացվել գույքի բարելավման համար գործարար (ներդրումային) ծրագիր.
3) պետության կարիքների համար այդ գույքի օգտագործումը համարվել է առավել նպատակահարմար.
4) սույն կարգի 5-րդ կետով սահմանված ժամկետում չեն շտկվել ներկայացված հայտում առկա թերությունները:
7. (կետն ուժը կորցրել է 27.05.26 N 765-Ն)
8. (կետն ուժը կորցրել է 27.05.26 N 765-Ն)
9․ Եթե սույն կարգի 4-րդ կետում նշված հայտում առկա է գույքի բարելավման համար գործարար ներդրումային ծրագիր (բացառությամբ սույն կարգի 3-րդ կետով նախատեսված դեպքերի), ապա տվյալ գույքը վարձակալության է տրամադրվում մրցույթով՝ որպես մրցույթի պարտադիր պայմաններ սահմանելով գույքի բարելավման համար գործարար ներդրումների մեծությունը և վարձակալական վճարի չափը: Գույքի՝ մրցույթով վարձակալության տրամադրման առավելագույն ժամկետը կարող է սահմանվել 10 տարի:
(9-րդ կետը խմբ. 27.05.26 N 765-Ն)
10․ Եթե սույն կարգի 4-րդ կետում նշված հայտում առկա չէ վարձակալի կողմից որևէ պարտավորություն ստանձնելու պահանջ՝ բացի վարձավճարի չափից (բացառությամբ սույն կարգի 3-րդ կետով նախատեսված դեպքերի), ապա գույքը վարձակալության է տրամադրվում աճուրդով: Գույքն աճուրդով վարձակալության տրամադրման առավելագույն ժամկետը կարող է սահմանվել 5 տարի:
(10-րդ կետը խմբ. 27.05.26 N 765-Ն)
11. Կոմիտեն սույն կարգի 4-րդ կետում նշված հայտը ստանալուց հետո, եթե այն բավարարում է սույն կարգի 4-րդ կետով նախատեսված պայմանները, մշակում է գույքը վարձակալության տրամադրման մասին իրավական ակտի նախագիծ, ընդ որում՝ մինչև հինգ տարի ժամկետի դեպքում՝ կոմիտեի նախագահի հրամանի, իսկ հինգ տարվանից ավելի ժամկետի դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ: Մինչև հինգ տարի ժամկետի դեպքում՝ հրամանի նախագիծը ներկայացվում է կոմիտեի նախագահի հաստատմանը, իսկ հինգ տարվանից ավելի ժամկետի դեպքում՝ որոշման նախագիծը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:
12. Սույն կարգի 11-րդ կետով նախատեսված իրավական ակտերի նախագծերը պետք է ներառեն առնվազն հետևյալ տեղեկությունները՝
1) վարձակալության տրամադրման ձևի մասին՝ համապատասխան հիմնավորումներով.
2) գույքն էլեկտրոնային աճուրդով վարձակալության ներկայացնելու դեպքում՝
ա. գույքի ամսական (տարեկան) մեկնարկային վարձակալական վճարի չափը,
բ. վարձակալության տրամադրման ժամկետը,
գ․ էլեկտրոնային աճուրդը չկայանալու դեպքում վարձավճարի մեկնարկային գինը նվազեցնելու վերաբերյալ,
3) գույքը մրցույթով վարձակալության ներկայացնելու դեպքում՝
ա. գույքի նվազագույն (մեկնարկային) ամսական (տարեկան) վարձակալական վճարի չափը,
բ. ներդրումային ծրագիր իրականացնելու անհրաժեշտության մասին,
գ. վարձակալության տրամադրման ժամկետը,
դ․ մրցույթը չկայանալու դեպքում վարձավճարի մեկնարկային գինը նվազեցնելու վերաբերյալ․
4) գույքն ուղղակի ձևով վարձակալության ներկայացնելու դեպքում՝
ա. իրավաբանական անձանց համար՝ գրանցման համարը, իսկ քաղաքացիների համար՝ նույնականացման քարտի կամ անձնագրի համարը,
բ. վարձակալության տրամադրվող գույքի ամսական (տարեկան) վարձակալական վճարը,
գ. ներդրումային ծրագիր իրականացնելու անհրաժեշտության մասին.
5) գույքի օգտագործման վերաբերյալ առկա սահմանափակումների մասին և այլ տեղեկատվություն:
(12-րդ կետը լրաց., խմբ. 27.05.26 N 765-Ն)
13․ Սահմանել, որ՝
1) եթե էլեկտրոնային աճուրդը համարվում է չկայացած, վարձակալության տրամադրման մասին իրավական ակտով նախատեսված լինելու դեպքում, 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, հայտարարվում է հաջորդ աճուրդը.
2) էլեկտրոնային աճուրդով (մրցույթով) վարձակալության չտրամադրված գույքի մեկնարկային (վարձավճարի նվազագույն) գինը երկրորդ էլեկտրոնային աճուրդի (կամ մրցույթի) ժամանակ սահմանվում է առաջին աճուրդի մեկնարկային գնի 85 տոկոսի չափով, վարձակալության չտրամադրվելու դեպքում՝ երրորդ և հերթական էլեկտրոնային աճուրդի (աճուրդների) կամ մրցույթի (մրցույթների) ժամանակ մեկնարկային գինը սահմանվում է առաջին աճուրդի մեկնարկային գնի 70 տոկոսի չափով։
(13-րդ կետը խմբ. 27.05.26 N 765-Ն)
(հավելվածը լրաց., փոփ., խմբ. 27.05.26 N 765-Ն)
|
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
|
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ (ԱՄՐԱՑՎԱԾ) ԳՈՒՅՔԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են պետական կառավարման համակարգի մարմինների (այսուհետ՝ պետական մարմին) տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ կազմակերպություն), պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ ընկերություն) և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքի (այսուհետև` պետական գույք) մրցույթով վարձակալության տրամադրման հետ կապված հարաբերությունները, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:
2. Պետական գույքի վարձակալության տրամադրման մրցույթը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգին համապատասխան իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) նախագահի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովը (այսուհետ` մրցութային հանձնաժողով):
II. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
3. Մրցութային հանձնաժողովը պետք է կազմված լինի առնվազն 5 անձից, որի կազմում ընդգրկվում են կոմիտեի (հանձնաժողովի նախագահ, երկու անդամ), համապատասխան պետական մարմնի (երկու անդամ) ներկայացուցիչներ (ընդ որում՝ կազմակերպությանը, ընկերությանը կամ հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի դեպքում՝ մեկ ներկայացուցիչը պետք է լինի կազմակերպությունից կամ ընկերությունից կամ հիմնադրամից) և հանձնաժողովի քարտուղար, որը հանձնաժողովի անդամ չէ:
4. Պետական մարմինների գույքի վարձակալության մրցույթ կազմակերպելու վերաբերյալ համապատասխան առաջարկություն ստանալուց, իսկ կազմակերպությունների, ընկերությունների և հիմնադրամների անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի դեպքում՝ վարձակալության մրցույթ կազմակերպելու վերաբերյալ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո մրցութային հանձնաժողովը 10 աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է պետական գույքի վարձակալության մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցման տեքստը և ներկայացնում հրապարակման:
5. Սույն կարգի 4-րդ կետում նշված մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ սահմանված ժամկետում մրցութային հանձնաժողովն ընդունում է մրցույթի մասնակցության հայտերը (ըստ սահմանված ձևի), կազմակերպում և անցկացնում է գույքի վարձակալության մրցույթը, ինչպես նաև որոշում գույքի վարձակալության մրցույթի հաղթողին:
6. Մրցութային հանձնաժողովի գործունեությունն իրավազոր է հանձնաժողովի անդամների թվի առնվազն 2/3-ի մասնակցության դեպքում: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
7. Մրցութային հանձնաժողովի գործունեությունը համարվում է դադարած՝ մրցույթի վերջնական արդյունքներն ամփոփելուց և դրա մասին արձանագրություն կազմելուց ու կոմիտեի նախագահին ներկայացնելուց հետո:
III. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ
8. Պետական գույքի վարձակալության մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցումը պետք է հրապարակվի մրցույթի անցկացման օրվանից առնվազն 30 օր առաջ կոմիտեի պաշտոնական և «www.azdarar.am» կայքերում:
9. Պետական գույքի վարձակալության մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցումը պետք է ներառի հետևյալ տեղեկությունները`
1) մրցույթի անցկացման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը.
2) մրցույթի կազմակերպչի անունը (անվանումը).
3) մրցույթի կազմակերպման վայրը (հասցեն).
4) մրցույթի հաղթողին որոշելու կարգը.
5) մրցույթով վարձակալության տրվող գույքի անվանումը, մրցույթի պայմանները և դրանց գնահատման կշռային գործակիցները (այդպիսիք սահմանված լինելու դեպքում).
6) մրցույթի մասնակցության հայտին կից՝ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, մասնավորապես`
ա. գրավոր գնային առաջարկ,
բ. նախավճարի մուծումը հաստատող անդորրագիր,
գ. գործարար (ներդրումային) ծրագիր,
դ. իրավաբանական անձանց համար՝ գրանցման և հիմնադիր փաստաթղթերի պատճենները, իսկ քաղաքացիների համար՝ նույնականացման քարտի կամ անձնագրի պատճենը,
ե. հայտատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիրը (եթե մրցույթին ներկայանում է լիազորված անձը).
7) գույքի վարձակալության մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ կարող են հրապարակվել լրացուցիչ տեղեկություններ.
8) մրցույթի մասնակցության նախավճարների չափը (մասնակցության նախավճարի չափը սահմանվում է սույն որոշման 8-րդ կետի համաձայն՝ հաշվարկված գույքի առնվազն մեկ ամսվա վարձավճարի նվազագույն չափով), ինչպես նաև նախավճարի վճարման կարգը և ժամկետները, մրցույթի հաղթող չճանաչվելու դեպքում՝ նախավճարի հետ վերադարձման կարգը.
9) ծածկագրերը և դրանք կիրառելու կարգը (պետական գույքը մրցույթով վարձակալության տրամադրելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված լինելու դեպքում).
10) մրցույթի հայտերի ընդունման և բացման ժամկետները, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման նիստերի օրերը և ժամերը.
11) մրցույթի կարգին ծանոթանալու և դրա պատճենը տրամադրելու կարգը:
10. Պետական գույքի վարձակալության մրցույթին մասնակցելու հայտերի ընդունման վերջնաժամկետը պետք է սահմանվի մրցույթի անցկացման օրվան նախորդող երրորդ աշխատանքային օրվա ժամը 18։00-ն։
11. Պետական գույքի վարձակալության մրցույթի պայմանների փոփոխման դեպքում՝ հանձնաժողովը պարտավոր է մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ անհապաղ կատարել համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ այն միջոցով, որով հրապարակվել է մրցույթի մասին հրապարակային ծանուցումը: Հրապարակային ծանուցման մեջ թույլատրվում է կատարել փոփոխություններ և (կամ) լրացումներ, եթե դրանցով չեն փոփոխվում մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված էական պայմանները:
12. Պետական գույքի վարձակալության մրցույթի էական պայմանների փոփոխման դեպքում մրցութային հանձնաժողովի կողմից անհրաժեշտ է հրապարակել մրցույթի անցկացման մասին նոր հրապարակային ծանուցում՝ չեղյալ հայտարարելով նախկին ծանուցումը:
IV. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
13. Պետական գույքի վարձակալության մրցույթի մասնակցության հայտերը ներկայացվում են մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցման մեջ նշված հայտերի ընդունման ժամկետում:
14. Պետական գույքի վարձակալության մրցույթի մասնակցության հայտերը՝ մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին, ներկայացվում են սոսնձված և ստորագրված ծրարով՝ անձամբ կամ փոստով: Փոստով ուղարկված հայտերը (ծրարները) ներկայացնելու ժամկետ է համարվում ծրարի` պետական գույքի կառավարման կոմիտե մուտքագրման օրը և ժամը:
15. Սույն կարգի 13-րդ և 14-րդ կետերի պահանջներին չհամապատասխանող հայտերն առանց ծրարը բացելու վերադարձվում են հայտը ներկայացնողին:
16. Պետական գույքի վարձակալության մրցույթի հայտատուները, մինչև մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնական ժամկետի ավարտը, կարող են փոփոխել կամ հետ վերցնել հայտը: Մրցույթի հայտի փոփոխությունը կատարվում է հայտերը ներկայացնելու կարգով՝ ծրարի վրա ավելացնելով «Փոփոխում» բառը: Գույքի վարձակալության մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնական ժամկետի ավարտից հետո ներկայացված հայտի փոփոխության կամ վերադարձման մասին դիմումները ենթակա չեն քննարկման:
17. Պետական գույքի վարձակալության մրցույթի հայտը գրանցվում է հատուկ գրանցամատյանում՝ հայտատուին տալով ստացական մրցույթի մասնակցության հայտն ընդունելու մասին:
18. Պետական գույքի վարձակալության մրցույթի հայտատուները հրապարակային ծանուցմամբ սահմանված կարգով, չափով ու ժամկետներում վճարում են մրցույթի մասնակցության նախավճարը` կոմիտեի անվամբ բացված համապատասխան հաշվին:
19. Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի վճարած նախավճարը ներառվում է մասնակցի առաջարկած գույքի վարձակալական վճարի գնի մեջ: Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի կողմից մրցույթի արդյունքների արձանագրությունը չստորագրվելու, հետագա վճարումները չկատարվելու և (կամ) պայմանագիր չկնքվելու դեպքերում՝ մրցույթը համարվում է չկայացած, իսկ վճարված նախավճարը կոմիտեի կողմից փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշվին։
20. Մրցույթում հաղթող չճանաչված մասնակիցներին, ինչպես նաև մասնակցի կարգավիճակ չստացած հայտատուներին մրցույթի մասնակցության նախավճարը վերադարձվում է հայտատուին մրցութային հանձնաժողովի կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա։
V. ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
21. Գույքի վարձակալության մրցույթի մասնակցության հայտերը բացվում են մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ սահմանված օրը և ժամին՝ մրցույթի մասնակցության հայտերի բացման նիստում:
22. Գույքի վարձակալության մրցույթի հայտատուները և նրանց լիազոր ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի մասնակցության հայտերի բացման, ինչպես նաև մրցութային առաջարկների քննարկման նիստերին և ծանոթանալ նիստերի արձանագրություններին:
23. Եթե հայտատուների կողմից եղել է առաջարկություն, ապա ծրարները կարող են զննվել հանձնաժողովի անդամների, մրցույթի հայտատուի կամ նրա լիազոր ներկայացուցչի կողմից:
24. Պետական գույքի վարձակալության մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանվում է մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ: Մրցութային առաջարկները պետք է արտահայտված լինեն թվային ցուցանիշներով և փոքր չլինեն պետական գույքի վարձակալության տրամադրման մասին համապատասխան իրավական ակտով սահմանված նվազագույն արժեքներից:
25. Հանձնաժողովը մրցույթի հայտերի բացման նիստում բացում է մրցույթի մասնակցության համար ներկայացված փակ ծրարները և հրապարակում`
1) անունը, ազգանունը (անվանումը) և նախատեսված լինելու դեպքում՝ մրցույթի հայտ ներկայացրած յուրաքանչյուր անձի ծածկանունը.
2) մրցույթի մասնակցության հայտերի համապատասխանությունը հրապարակային ծանուցմամբ մրցույթի համար սահմանված պայմաններին.
3) ամփոփ տվյալներ մրցույթի մասնակցության հայտերում փոփոխություն կատարելու մասին:
26. Այն հայտատուներին, որոնց հայտերը համապատասխանում են մրցույթի համար սահմանված պայմաններին, տրվում է մրցույթի մասնակցի կարգավիճակ:
27. Այն հայտերը, որոնք չեն համապատասխանում մրցույթի համար սահմանված պայմաններին, հանձնաժողովի կողմից չեն քննարկվում:
28. Մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որը մրցութային հանձնաժողովի եզրակացությամբ առաջարկել է լավագույն պայմաններ:
29. Հանձնաժողովի անդամները, ներկայացված առաջարկությունների վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով, իրավունք ունեն դիմելու մրցույթի մասնակիցներին կամ նրանց լիազոր ներկայացուցիչներին:
30. Հանձնաժողովը մրցույթի արդյունքների ամփոփման օրը կազմում է մրցույթի արդյունքների մասին արձանագրություն:
31. Հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքը ներկայացվում է գրավոր, որը կցվում է արձանագրությանը և համարվում է դրա անբաժանելի մասը:
32. Հանձնաժողովին մրցույթի մասնակիցների մասին տեղեկությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ենթակա չեն հրապարակման` առանց մրցույթի մասնակիցների համաձայնության:
33. Հանձնաժողովի գործունեությունը համարվում է դադարած` մրցույթի վերջնական արդյունքներն ամփոփվելուց և դրա մասին արձանագրություն կազմվելուց հետո:
VI. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՉԿԱՅԱՑԱԾ ԿԱՄ ԱՆՎԱՎԵՐ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ
34. Պետական գույքի վարձակալության տրամադրման մրցույթը համարվում է չկայացած, եթե՝
1) մրցույթի մասնակցության համար ոչ մի հայտ չի ներկայացվել.
2) մրցույթի հայտատուներից ոչ մեկը մրցույթի մասնակցի կարգավիճակ չի ստացել:
35. Մրցույթի մասնակցության համար միայն մեկ հայտ ներկայացնելը հիմք չէ մրցույթը չկայացած համարելու համար:
36. Մրցույթն անվավեր կարող է ճանաչվել դատական կարգով:
37. Դատական կարգով մրցույթն անվավեր ճանաչելը հանգեցնում է մրցույթի արդյունքների հիման վրա կնքված պայմանագրի անվավերության:
38. Եթե մրցույթը համարվում է չկայացած՝ հաղթող մասնակցի կողմից վճարումները սահմանված ժամկետում չկատարվելու կամ արձանագրությունը չստորագրվելու պատճառով, ապա այդ դեպքում գույքի վարձակալության մրցույթը կազմակերպվում է նույն պայմաններով՝ առանց մեկնարկային գնի նվազման։
|
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
|
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ (ԱՄՐԱՑՎԱԾ) ԳՈՒՅՔԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 27.05.2026, N 765-Ն | 04.06.2020, N 914-Ն |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|