ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 մարտի 1994 թ. N 105
Քաղ. Երևան
ԳԱՐՆԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել 1994 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման և իրականացման միջոցառումների ցանկը*):
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին գարնան գյուղատնտեսական աշխատանքների իրականացման համար Հայպետագրոբանկի միջոցով տրամադրել արտոնյալ վարկ` տարեկան 180 տոկոս տոկոսադրույքով, մեկ տարի մարման ժամկետով`
ա) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ներկայացմամբ նրա ենթակա ձեռնարկություններին` 50,0 մլն դրամ.
բ) գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին` 1994 թվականի դրամավարկային ծրագրով հաստատված առևտրային բանկերին վերաֆինանսավորման նպատակով տրամադրվող վարկային ներդրումների ընդհանուր ծավալի 15 տոկոսի չափով:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`
ա) սույն որոշման 2-րդ կետով տրամադրված վարկերի տոկոսադրույքի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի տարբերության չափով նվազեցնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պետական բյուջե վճարման ենթակա գումարները.
բ) շրջանառու միջոցների ձևավորման նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը նորաստեղծ սերմնաբուծական տնտեսությունների համար նախատեսել բյուջետային միջոցներից 31 մլն դրամի հատկացում.
գ) մկնանման կրծողների դեմ պայքարի աշխատանքները կենտրոնացված կարգով կատարելու համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության գործառնական ծախսերի հաշվին նախատեսել 2 մլն դրամի հատկացում:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների, գյուղատնտեսական մյուս ձեռնարկությունների կողմից գարնան գյուղատնտեսական աշխատանքների կատարման համար սեղմ ժամկետներում ապահովել`
ա) հանրապետությունում առկա գյուղատնտեսական տեխնիկայի նորոգման աշխատանքներն ու դրա տեսականին անհրաժեշտ պատրաստության հասցնելը և այդ նպատակով պահանջվող պահեստամասերի ու այլ միջոցների ներկրումը և հատկացումը.
բ) գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար ներկրվող և ձեռքբերվող հեղուկ վառելանյութերի նպատակային բաշխումն ու օգտագործումը.
գ) ոռոգման, չորացման և ջրարբիացման համակարգերի, ջրման կայանքների, հիդրոտեխնիկական կառույցների նորոգումն ու նախապատրաստումը, հակահեղեղային և բնապահպան միջոցառումների իրականացումը.
դ) ցանքի համար օգտագործվող մշակաբույսերի սերմերի ու տնկանյութերի որակական հատկանիշների ստուգումը, ախտահանման, զտման աշխատանքների և հսկողական միջոցառումների իրականացումը.
ե) շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ 7,0 հազ. տոննա հացահատիկային, 6,0 տոննա բանջարաբոստանային մշակաբույսերի, 1,0 հազ. տոննա կարտոֆիլի, 1,5 մլն հատ խորդենու և 100 հազ. հատ հալվեի (ալոեի) տնկանյութերի ձեռքբերումը, ներկրումը, ինչպես նաև պետական պահուստի սերմացուների, տնկանյութերի հատկացումը և իրացումը.
զ) 340 մլն հատ սածիլների, այդ թվում` ապահովագրական պահուստի համար ջերմատնային տնտեսություններում 10 մլն հատ սածիլների արտադրությունը, ինչպես նաև սածիլային տնտեսության համար անհրաժեշտ տորֆի, շինանյութերի ու այլ միջոցների մատակարարումը և վաճառքը.
է) 8,5 հազ. տոննա ազոտական, 1000 կգ մանրէակենսաբանական պարարտանյութերի, 1,5 տոննա թունանյութերի ներկրումները, ինչպես նաև առկա հանքային ու օրգանական պարարտանյութերի, հերբիցիդների, բույսերի պաշտպանության և այլ միջոցների առկա ծավալների վաճառքը գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին ու գյուղատնտեսական մյուս ձեռնարկություններին.
ը) գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար նախատեսվող նյութատեխնիկական միջոցների (սերմացու, վառելանյութ, պարարտանյութ, բույսերի պաշտպանության միջոցներ, տեխնիկա, պահեստամասեր և այլն) հատկացման և բաշխման կտրոնային համակարգի կատարելագործումը, բնակավայրերում դրանց իրացման համար բնամթերային վճարումների ձևի կիրառումը.
թ) առկա և նորաստեղծ պետական սերմնաբուծական տնտեսությունների շրջանառու միջոցների համալրումը և դրանց գործունեության բարելավումը:
5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, պատգամավորների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին և Դիլիջանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեին`
ա) ուժեղացնել հսկողությունը գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար նյութատեխնիկական միջոցների հատկացման, բաշխման, նպատակային օգտագործման նկատմամբ.
բ) ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ գարնան գյուղատնտեսական աշխատանքները սահմանված ժամկետներում կատարելու, գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին, պետական գյուղատնտեսական և այլ ձեռնարկություններին աջակցելու, նյութատեխնիկական միջոցների պակասը սեփական հնարավորություններով համալրելու համար.
գ) կիրառել հողի և ջրի օգտագործման, մատակարարումների, ծառայությունների մատուցման համար վճարումների արդյունավետ մեթոդներ, բարձրացնել հողային և ջրային օրենսդրության պահանջները խախտողների նկատմամբ հսկողություն իրականացնող ծառայությունների պատասխանատվությունը.
դ) ապահովել 300 հազ. հեկտար հողատարածքում մկնանման կրծողների դեմ պայքարի աշխատանքները, այդ թվում` 50 հազ. հեկտարը` ավիացիայով.
ե) քննության առնել տեղերում գարնան գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև պահուստային հողերի նպատակային օգտագործման հարցերը:
6. Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարությանը`
ա) սահմանված ժամկետներում ապահովել գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար անհրաժեշտ 4,5 հազ. տոննա հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի սերմացուների ներկրումը Ուկրաինայից և Ռուսաստանի Դաշնությունից: Նշված, ինչպես նաև պետական պահուստի սերմացուի ծավալներն իրացնել ըստ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հայտերի.
բ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և շահագրգիռ այլ նախարարությունների ու կազմակերպությունների հետ համատեղ ձեռնարկել գործուն միջոցներ` գյուղատնտեսական մթերքների ու հումքի գնումների և մթերումների իրականացման համար:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` սահմանված ժամկետներում ապահովել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության պատվերով մկնանման կրծողների դեմ ավիացիայով պայքարի աշխատանքների կատարումը:
8. Օպերատիվ կառավարման հանրապետական շտաբին`
ա) շահագրգիռ նախարարությունների հետ համատեղ լուծել ոռոգման ջրի տրման, նորոգման արհեստանոցների գործարկման և այլ աշխատանքների համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի սահմանաքանակների հատկացման և դրա հետ կապված մյուս հարցերը.
բ) գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար նախատեսել հեղուկ վառելանյութերի սահմանաքանակներ, այդ թվում 40 տոննա ավիաբենզին` մկնանման կրծողների դեմ ավիացիայով պայքարելու համար:
9. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, ֆինանսների նախարարությանը, գյուղատնտեսության նախարարությանը, տրանսպորտի և հաղորդակցության նախարարությանը, հատուկ ծրագրերի պետական վարչությանը` ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար անհրաժեշտ նյութատեխնիկական և ֆինանսական միջոցների հատկացման և տեղափոխման ուղղությամբ:
10. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի մասին պարբերաբար զեկուցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
11. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և պատգամավորների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների վրա:
_______________
*) Ցանկը չի բերվում:
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |