ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-221-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.05.25-2026.06.07 Պաշտոնական հրապարակման օրը 29.05.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
07.05.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.05.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի մայիսի 7-ին

 

«ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-498-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) ամբողջ տեքստից հանել «կամ քաղաքացիական իրավական պայմանագրով աշխատանքի վարձատրության» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) վարձու աշխատող՝ աշխատանքային պայմանագրին կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտին համապատասխան աշխատանքներ կատարող.».

2) 5-րդ կետը «կամ անհատ ձեռնարկատեր,» բառերից հետո լրացնել «ինչպես նաև օտարերկրյա իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մասնաճյուղ կամ ներկայացուցչություն,» բառերով.

3) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10) նոր աշխատող` մասնագիտական աշխատանք կատարող այն վարձու աշխատողը, որն աշխատանքի ընդունման տարվան նախորդող չորս տարիների ընթացքում բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող գործատուի մոտ վարձու աշխատող չի հանդիսացել, իսկ բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող գործատուի մոտ աշխատանքի է ընդունվել 2024 թվականի դեկտեմբերի 31-ից հետո.»։

 

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 5.  Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության իրականացումը

 

1. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակները, ըստ տնտեսական գործունեության դասակարգիչների, սահմանում է Կառավարությունը:

2. Բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին (այսուհետ նաև՝ տնտեսավարող սուբյեկտ) կամ այլ սուբյեկտների պետական աջակցությունը տրամադրվում է սույն օրենքով: Աջակցության այլ ուղղություններ կարող են սահմանվել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով և այլ օրենսդրական ակտերով:

3. Լիազոր մարմինը, հաշվի առնելով բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գերակայությունները, կարող է մշակել և Կառավարության հաստատմանը ներկայացնել աջակցության տրամադրման այլ կարգեր:

4. Կառավարության սահմանած պետական աջակցության ենթակա տնտեսական գործունեության դասակարգիչներով սահմանված գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին պետական աջակցությունը տրամադրվում է՝

1) նոր աշխատողներ ներգրավելու համար: Սույն կետով սահմանված պետական աջակցությունը տնտեսավարող սուբյեկտին տրամադրվում է նոր աշխատողի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 60 տոկոսի չափով: Նոր աշխատողի կարգավիճակը պահպանվում է նոր աշխատողին սույն օրենքի իմաստով մասնագիտական աշխատանքի ընդունման ամսվա 1-ից սկսած՝ օրացուցային օրերով հաշվարկված երրորդ տարին լրանալու օրը ներառող ամսվա վերջին օրը ներառյալ.

2) Կառավարության սահմանած պետական աջակցության ենթակա տնտեսական գործունեության դասակարգիչներով սահմանված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական աշխատանք կատարող կադրերի պատրաստման և վերապատրաստման (այսուհետ՝ վերապատրաստում) համար: Սույն կետով սահմանված պետական աջակցությունը տնտեսավարող սուբյեկտին տրամադրվում է վերապատրաստում անցած մասնագիտական աշխատանք կատարող վարձու աշխատողի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկված եկամտային հարկի գումարի 50 տոկոսի չափով:

5. Կառավարության սահմանած պետական աջակցության ենթակա տնտեսական գործունեության դասակարգիչներով սահմանված գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների վարձու աշխատող աշխատանքային միգրանտին տրամադրվում է պետական աջակցություն՝ իր աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի 60 տոկոսի չափով: Ընդ որում՝

1) աշխատանքային միգրանտին պետական աջակցության տրամադրման դիմումը ներկայացնում է տնտեսավարող սուբյեկտը, և պետական աջակցության գումարը փոխանցվում է տնտեսավարող սուբյեկտին՝ որպես միջնորդ աշխատանքային միգրանտին փոխանցելու նպատակով.

2) տնտեսավարող սուբյեկտը պետական աջակցության գումարն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, այն փոխանցում է աշխատանքային միգրանտին՝ որպես լիազոր մարմնի կողմից աշխատանքային միգրանտի համար (օգտին) կատարվող վճարում:

6. Սույն հոդվածով սահմանված պետական աջակցության տրամադրման համար հիմք հանդիսացող աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների հաշվարկման, փոփոխության, ինչպես նաև աշխատանքային միգրանտին պետական աջակցության գումարները չփոխանցելու ռիսկը կրում է տնտեսավարող սուբյեկտը:

7. Վերապատրաստումը վարձու աշխատողի մասնագիտական նոր գիտելիքների ձեռքբերումը և շարունակական կատարելագործումն է, որի հիմնավորումներն ուսումնասիրելու և ընդունելու կարգը սահմանում է լիազոր մարմինը:

8. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված պետական աջակցության տրամադրման ժամանակ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածի 1․1-ին մասով հարկային արտոնությունից օգտվող վարձու աշխատողների մասով պետական աջակցության չափի հաշվարկման հիմքում աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկված եկամտային հարկի գումարի փոխարեն կիրառվում է նույն ժամանակաշրջանի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 20 տոկոսին համարժեք մեծությունը:

9. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված պետական աջակցությունը տրամադրվում է հարկման ընդհանուր համակարգում և շրջանառության հարկի համակարգում գործող տնտեսավարող սուբյեկտներին՝ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2031 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար: Ընդ որում, շրջանառության հարկի համակարգում գործող տնտեսավարող սուբյեկտները, ինչպես նաև վերջիններիս աշխատանքային միգրանտները պետական աջակցությունից օգտվելն սկսելու օրացուցային տարվան հաջորդող երրորդ օրացուցային տարին լրանալուց հետո կարող են շարունակել օգտվել պետական աջակցությունից, եթե տվյալ տնտեսավարող սուբյեկտը գործում է հարկման ընդհանուր համակարգում:

10. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված պետական աջակցությունների տրամադրման կարգերը սահմանում է Կառավարությունը:»:

 

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «Հոդված 6. Պետական աջակցության համար դիմող սուբյեկտներին ներկայացվող պահանջները

 

1. Պետական աջակցության համար կարող են դիմել հետևյալ սուբյեկտները.

1) Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած առևտրային կազմակերպությունները, դուստր ընկերությունները, իրավաբանական անձանց մասնաճյուղերը և ներկայացուցչությունները, այդ թվում՝ օտարերկրյա իրավաբանական անձանց՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մասնաճյուղերը և ներկայացուցչությունները.

2) Հայաստանի Հանրապետությունում հաշվառված անհատ ձեռնարկատերերը:

2. Պետական աջակցության համար դիմող տնտեսավարող սուբյեկտների, իսկ աշխատանքային միգրանտի համար դիմելու դեպքում իր գործատու տնտեսավարող սուբյեկտի գործունեության իրականացման ոլորտը պետք է համապատասխանի Կառավարության սահմանած պետական աջակցության ենթակա տնտեսական գործունեության դասակարգիչներով սահմանված գործունեությանը կամ ներառի այն:

3. Սույն օրենքով սահմանված պահանջները բավարարող սուբյեկտները պետական աջակցությունն ստանում են կամավորության սկզբունքով՝ հարթակով դիմելու միջոցով:

4. Հարթակն ինքնաշխատ եղանակով բավարարում կամ մերժում է պետական աջակցության տրամադրումը:

5. Պետական աջակցության տրամադրման բավարարման դեպքում պետական աջակցությունն ստացողի, իսկ աշխատանքային միգրանտի դեպքում միջնորդի և լիազոր մարմնի միջև կնքվում է պայմանագիր, իսկ մերժման դեպքում հարթակով դիմողին է ներկայացվում պետական աջակցության տրամադրման մերժման մասին վարչական ակտը՝ լիազոր մարմնի գրության տեսքով:»:

 

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «4-րդ մասով» բառերը փոխարինել «4-րդ և 5-րդ մասերով» բառերով.

2) 3-րդ մասի «պետական աջակցություն ստացած տնտեսավարող սուբյեկտը» բառերը փոխարինել «տնտեսավարող սուբյեկտը» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Լիազոր մարմինը բնակչության պետական ռեգիստրից անձանց վերաբերյալ տվյալներ է ստանում պետական աջակցության տրամադրման նպատակով:»։

 

Հոդված 7. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում «անձանց» բառը փոխարինել «սուբյեկտներին» բառով:

 

Հոդված 8.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից սկսվող հաշվետու ժամանակաշրջանների վրա:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տնտեսավարող սուբյեկտը կարող է դիմել պետական աջակցության համար 2025 թվականի հունվարի 1-ից հետո բարձր տեխնոլոգիաների ոլորտ մուտք գործած նոր աշխատողի համար, եթե տվյալ նոր աշխատողի նախկին գործատու տնտեսավարող սուբյեկտն իր մասով չի ստացել պետական աջակցություն։

3. Ենթաօրենսդրական ակտերում սույն օրենքից բխող փոփոխությունները կատարվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. մայիսի 29

Երևան

 ՀՕ-221-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 մայիսի 2026 թվական: